23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր տեղի ունեցավ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից հայտարարված գիտական լրագրության և միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող գիտնականների մրցույթների հաղթողների մրցանակաբաշխությունը:
Պարգևատրվեցին 110 մարդ. 11 լրագրող, (գումարը ըստ հոդվածների քանակի` 100 հազարից 600 հազար դրամ) և 95 գիտնական: Այդ թվում նաև <Հայկական Վարկած> էլեկտրոնային օրաթերթի լրագրողներ Լուսինե Վայաչյանը և Շուշան Գալստյանը:
Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Տաշիր բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանները մեծ ուշադրություն են դարձնում կրթության և գիտության ոլորտին` հիշեցնելով, որ արդեն մի քանի ծրագիր իրենք իրականացրել են. «Սամվել և Կարեն Կարապետյանների համար գլխավոր կրեդո է հնարավորինս աջակցել մտավոր ներուժի ակտիվացմանը, անել ամեն բան, որ ՀՀ-ն չդառնա մտավոր ներուժն արտահանող երկիր»,- ասաց Ճաղարյանը, շեշտելով, որ իրենք պետք է անեն հնարավոր ամենը, որ մտավոր ներուժը մնա Հայաստանում:
Իսկ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս, «Արմակադ» ցանցի հիմնադիր, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության համակարգող Խաչիկ Գևորգյանն ասաց, որ նախաձեռնությունը սկիզբ է առել 2011-ին, նպատակ ունենալով օգնել ՀՀ-ում օրհասական վիճակում գտնվող գիտության ոլորտին. «Նոր կադրերն, այստեղ սովորելով, հեռանում են երկրից, քանի որ չնչին աշխատավարձի պատճառով գիտության դաշտը գրավիչ չէ երիտասարդների համար»: Գևորգյանն ասաց, որ նպատակ ունեն Հայաստանում ֆինանսավորումը հասցնել 1 տոկոսի:Գիտության ֆինանսավորումը ՀՀ-ում ՀՆԱ 0.24 տոկոս է, իսկ ողջ աշխարհում այն կազմում է ՀՆԱ 1 տոկոս:
Կազմակերպիչները տեղեկացրեցին, որ ծրագրերը շարունակական են լինելու:
<Հայկական Վարկածը> շնորհավորում է բոլոր մրցանակակիրներին:
Քանդակագործ Արա Ալեքյանի հետ իմ զրույցը ծավալվեց արդեն ավանդական դարձած հարցերի շուրջ.
-Մտավորական մարդու Ձեր բնորոշումը
-Առաջին հերթին պարզ ու մաքուր մարդ պիտի լինի: Իսկ էդ պարզությունը մտավորականի մոտ ստեղծվում է իր աշխատանքի շնորհիվ, իր կյանքի, իր ապրած տարիների շնորհիվ: Մարդ, որ գնում է դեպի մտավորը և ձգտում է դեպի լույսը:
— Մենք ունե՞նք մտավորականություն:
-Ունենք, ուղղակի մեր մտավորականությունը մի բռունցք չի դարձել: Այսօր ցրված է, տարանջատված: Մտավորականը չի կարողանում գործող ուժ լինել, որովհետև պետությունը չի հովանավորում մտավորականներին: Ավելին` մտավորականությանը անկյուն են կանգնեցրել և ստիպում են սպասել ու լռել: Մտավորական մարդիկ իրենց տանը ոսկիներ չունեն, որ դրանով ստեղծեն իրենց մշակույթը, նստում և սպասում են` պետությունը օգնի, որ իրենց գաղափարները, եղածը շաղ տան ժողովրդի մեջ, լուսավորեն: Ով մեծ հզորություն կամ ուժ ունի, կռվում է մենակ, ինչպես Փարաջանովը, Վիսոցկին, որ գնում էին հոսանքին հակառակ: Բայց ինչքա՞ն կարելի է կռվել:
-Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:
-Թվում է միություններ են ստեղծվել, բայց ես դրանց չեմ հավատում: Միավորվելը, ըստ իս, ժամանակի հետ է կապված: Հիմա վատ ժամանակներ են: Ամեն ինչ ունի իր ժամանակը, և երբ կգա ճիշտ ժամանակը` մտավորականները դուրս կգան ու կմիավորվեն: Մտավորականությունը քնած չի: Երբ ծայրահեղ վիճակներ են լինում երկրի համար մտավորականները միավորվում են, արթնանում են: Ցավոք, հիմա պասիվ վիճակում են, քաշվել են մի կողմ և դիտում են, թե ինչպե՞ս են մեր երկիրը քանդում: Ոմանք էլ գրում, հայհոյում են, բայց մնում են անպատասխան: Անուժ են, որովհետև միասնական չեն, իսկ մեր միասնությունը կոտրեցին այն ժամանակ, երբ միասին գոռում էինք Միացու’մ: Այն ժամանակ մտավորականը կար, նրա կողքին ժողովուրդն էր կանգնած:
-Ին՞չը կոտրեց միասնականությունը:
-Մեր միջից դուրս եկավ չակերտավոր մտավորականների մի խումբ, ստեղծեց միապետություն և սկսեց թալանել երկիրը: Էն մտավորականները, որոնք մաքուր ու ազնիվ էին, էդ պահին հետ կանգնեցին, որովհետև թալանել չէին կարող: Բայց շատ – շատերը այդ շարժման հետ դարձան լիդերներ, ու այնպիսի բաներ արեցին, որ ալան – թալանը դարձավ սովորական բան: Ու այդ մարդիկ այսօր ուզում են նախկին ղեկավարությանը հետ բերել: Ոչինչ չի փոխվում, որովհետև չկա պատժելիություն:
-Ին՞չն է տարանջատում մտավորականությանը
-Ես դա կապում եմ քաղաքականության հետ: Այսօր երևի շատ մարդիկ հատուկ նստած աշխատում են դրա վրա, որ հենց մտավորականները չհամախմբվեն, ուժ չդառնան, որովհետև լավ գիտեն, թէ մտավորականությունը ինչ կարող է անել: Ոմանց կաշառում են, ոմանց ներառում են իրենց շարքերը, իրենց կուսակցությունների մեջ, միայն թե` լռեն: Եթե մտավորականները համախմբվեին, կլինեին զորեղ ուժ:
-Հավատու՞մ եք, որ կգա համախմբման ժամանակները:
-Ինչքան էլ ուզենան խանգարել, չեն կարող: Թեև մեր սերունդը կոտրված է, ես հավատում եմ, որ ներկա սերունդը, որը նոր միս ու արյունով է, մեծ ներուժով, դուրս է գալու, պայքարելու է: Երբ դուրս գա, մենք էլ կմիանանք: Ժամանակ է պետք:
-Ին՞չ հասարակական պահանջ է դրված մտավորական մարդու առջև:
-Մեր հասարակությունը հիմա քնած վիճակում է: Սովորական քաղաքացու, մեծ մասսաների սոցիալական վիճակը այնքան վատ է, որ ժամանակ չունի մտածելու ոնց անի, որ երկիրը փոխվի: Չի կարողանում, որովհետև ամեն մեկը յուրովի իրեն մենակ է զգում: Չկա միասնության գաղափարը: Դա է պատճառը, որ մտավորականությունը մեն- մենակ քայլում է օպերայի հրապարակում: Թերթերում գրում է` բանի տեղ չեն դնում, գոռում է` բանի տեղ չեն դնում, որովհետև հասարակությունը հուսահատված է: Ոչ միայն չի հավատում, այլև համոզված է, որ մեր ներկա ղեկավարության վրա ոչինչ չի ազդելու, և ոչ էլ նոր եկողներների վրա է ազդելու:
-Ո՞րն է մտավորականի տեղը:
-Մեր մտավորականությունը մասնատված է, տարբեր թևերի, կուսակցությունների մեջ: Մեզ պետք չեն հեղաշրջումներ, որովհետև հասկացել ենք, որ ժողովրդին դրանք օգուտ չեն, միայն նպաստում են պաշտոնափոխությանը, օգուտ են այն մարդկանց, ովքեր դրա մեջ շահ ունեն: Այսօր պարզ երևում է, թե մեր քաղաքականությունը մեզ ուր է տանում: Ժողովուրդը պետք է ուշքի գա, պիտի հասկանա, որ չի կարելի այդքան համբերել: Մեզ միշտ ասում են, որ հայերից համբերատար ժողովուրդ չկա, բայց համբերությունն էլ պիտի ոչխարի համբերություն չլինի:
-Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
-Շատ բաներ կան խանգարող: Երբ միացնում եմ Հ 2-ն ու լսում ռաբիսների կլկլոցը, միացնում եմ Հ1-ը և այսպես կոչված աստղերի կլկլոցները, նյարդայնանում եմ: Այդ պահերին ես ինձ դժբախտ եմ զգում, մտածում եմ, որ լսողները շատ են: Եթե այդպես է, ես մեխանիկորեն մենակ մարդ եմ դառնում, ու ինձ իմ տեղում չեմ զգում: Իմ ուզածը մեծ բան չէ` մաքուր երաժշտություն, մաքուր արվեստ, բայց դա չկա: Մարդկանց դաստիարակող ֆիլմեր չկան, ամենուրեք շոուներ են: Հոգնել ենք սերիալից: Մեղք է մեր ժողովուրդը: Ասում են, թե դա ժողովուրդն է ուզում, բայց դա այդպես չէ, որովհետև ինչ տալիս են ժողովրդին, այն էլ ուտում է: Ինձ անհանգստացնում է, որ կործանման ենք գնում: Գնում ենք ոչ թէ առաջ, այլ հետ: Նույնիսկ տեղում էլ չենք դոփում: Անգամ ռաբիսի մեջ էլ առաջ չէնք գնում, որովհետև առաջվա ռաբիսը գոնե լսվում էր, հոգով էին երգում: Այնքան ենք հետ գնացել, որ էլ տեղ չկա: Ժողովուրդը կարոտ է լավ ստեղծագործության, բայց ամեն ժամ անճաշակությունն են առաջարկում: Ես էլ եմ հոգնել սպասելուց, ժողովրդի համբերատարությունից: Սպասում եմ, որ ինչ որ բան փոխվի: Թեև պատմությունը ցույց է տալիս, որ փոխվելուց էլ ավելի վատն է գալիս: Նույնիսկ փոփոխությունից ենք վախենում: Հիասթափվում ենք:
-Մի՞թե Արա Ալեքյանը հիասթափված է:
-Ոչ, ես հիասթափված չեմ: Ես ստեղծել եմ իմ մաքուր աշխարհը և թույլ չեմ տա որևէ մեկին այն կեղտոտել: Ես կուզեյի ամեն մարդ իր մաքուր աշխարհը ստեղծեր: Ոչ թէ պարփակվելու, այլ իրար հետ շփվելու, իրար տեղ տալու նպատակով: Կուզեյի յուրաքանչյուրը հասկանար, որ ինքը էս կյանքում անտեղի չի ծնվել, այլ ինչ որ նպատակով է աշխարհ եկել: Եթե մարդը դա հասկանա, կանի իր սիրած աշխատանքը, մի մաքուր գործ կանի այս աշխարհում, նոր կհեռանա: Գոնե մի փոքր մաքուր բան անելով էս աշխարհը հրաշալի կդարձնի:
-Ին՞չ երազանքներ ունի Արա Ալեքյանը:
-Ուզում եմ ամեն մեկս յուրովի սիրենք մեր երկիրը: Հասարակ բաներ եմ երազում` տարրական կուլտուրա` թուղթ չթափենք գետնին, սիգարետ չգցենք: Դրանք պրիմիտիվ բաներ են, որոնք, չգիտես ինչու, դրսում` ուրիշի երկրում, պահպանում ենք: Պիտի գիտակցենք, որ տան , երբ դուռը բացում ենք, դուրսն էլ է մերը: Չունենք մեր հողի, տիրոջ զգացում: Պետք չէ հողը կտրտել, այն բոլորինս է, ամբողջ Հայաստանը մերն է: Կուզեյի ժողովրդի հոգեբանությունը փոխվեր: Միշտ հիշում ենք մեր հին մշակույթը, Մատենադարանը, բայց չենք մտածում, թե ին±չ ենք այսօր անում, ինչո±վ ենք ապրում: Ավելի լավ է դաստիարակենք մեր երեխաներին, ուշադրություն դարձնենք դպրոցներին, ոչ թէ «կարգին տղերքով» դաստիարակվեն: Այսպես որ շարունակ ամեն բան աղավաղվի, վախենամ թէ մեր լեզուն էլ կորցնենք: Եթե 7 տարեկան երեխան նմանակում է հեռուստատեսային «շոլուխչիներին» ձայնագրում և նույնիսկ դպրոցում կրկնօրինակում է, կարծում եք այդ երեխան 20 տարի հետո լա±վն է լինելու: Կասկածում եմ, որ մեր երեխաները, որոնք առավոտից երեկո «կարգին» ֆիլմեր, «կարգին» երաժշտություն են լսում, վաղը մյուս օրը բարձր ինտելեկտով կարգին բան կստեղծեն: Որովհետև այն ինչ լսում են, բոլորովին էլ կարգին չեն, ավելին` մեզ օտար են:
-Ո՞ր քանդակներն են Երևանում Ձեզ դուր գալիս:
— Ինձ դուր է գալիս Թամանյանի արձանը, Քոչարի գործերը, որոնք մեծ արժեքներ են մեր ազգի համար, նաև Արա Հարությունյանի գործերը:
— Իսկ ո՞րը դուր չի գալիս:
— Այնքան կան: Կարող է մեկինը ասեմ, մյուսը նեղանա: Երևանը, Գյումրին գերեզմանոցի է նմանվում, ահավոր վատ քանդակներ կան: Քանդակը պիտի բավականություն պարգևի: Քանդակը հուշարձան չէ, գերեզմանաքար չէ:
— Ու՞մ քանդակը կուզեյիք կանգնեցնել:
— Ես Փարաջանովի փոքր քանդակն եմ արել, բայց ուզում եմ մեծը քանդակել:
— Իսկ Հանրապետության հրապարակը թափուր մնաց…
— Ոչ: Բավական է ասենք մենք պատմա-մշակույթային ազգ ենք: Պետք է պատմությունը հանգիստ թողնել: Այսօր ժամանակակից տեխնիկայի դար է և պետք չէ, որ պարփակվենք, բավարարվենք միայն մեր արմատներով ու նահապետներով: Մարդիկ հոգնել են հուշահամալիրներից:
— Իսկ մեր ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք:
— Ավանդույթներ կան, որ պետք է պահպանել, որովհետև դրանք մեր ազգի գույնն են, բայց պետք է ներկայացնել նոր ձևերի մեջ, նոր ֆորմաներով: Հնի վրա պետք է նորը ստեղծել:
— Խոսք ուղղված մեր հայ մտավորականներին:
— Տեղեր կան, որտեղ մեր մտավորականները` ելնելով սոցիալական վիճակից, դրամ վաստակելու համար լռում են, կուլ են գնում: Խնդրում եմ, եթե գնում եք այդ քայլին, նստեք ու մտածեք, որ վերջին հաշվով դուք սովորական մահկանացու չեք, Ձեր ամեն մի քայլը հաշված է, ամեն ինչը Ձեր ճակատին գրված է, վաղը մարդիկ տեսնելու և կարդալու են: Ուզում եմ, որքան հնարավոր է մտավորականը իրեն մաքուր պահի, հանուն փողի կուլ չգնա ինտրիգների: Ցավոք, շատերը կուլ են գնում, հրաշալի դերասաններ խաղում են ցածորակ ֆիլմերում:
— Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
-Չեմ ընդունում անազնվությունը, անտարբերությունը: Ինձ զայրացնում է քաղաքի աղտոտությունը, ժողովրդի ցածր կուլտուրան: Ինչու± պիտի մեր հին ազգը, որն այդպիսի հզոր մշակույթ է ունեցել, այսօր զուրկ լինի տարրական կուլտուրայից: Ուրեմն ինչ որ տեղ, ինչ որ մի հատվածում ճիշտ չենք ապրել, որ հասել ենք այս օրվան: Ուզում եմ, որ մեր ժողովուրդը շուտ ուշքի գա, նայի իր գնացած ճանապարհին ու դուրս գա էդ ծուռ ճամփից: Մենք ճանապարհ ենք գնում, որը մերը չէ:
-Արա Ալեքյանի խրատը այսօրվա հուսալի երիտասարդներին:
-Մեր արյան մեջ նստած է ազնվությունը, փոթորկուն արյան բուռն խառնվածքը։ Կուզենայի, որ այդ բնական էներգիան մեր երիտասարդները օգտագործեն ի բարին, դրական լիցքեր տային, դրականը վերցնեյին: Շատ հաճախ այդ էներգիան բացասաբար են օգտագործում: Ի վերջո, ով ինչ ցանում է, այն էլ հնձում է:
Կարինե Ջանջուղազյան
Հ.Գ.Երեկ Աշոտ Մանուչարյանը ասուլիսում ասաց, թե մեր մտավորականները փնտրտուքի մեջ են: Հարցազրույցների շարքը, որ մոտ մեկ տարի առաջ «Հայկական Վարկածում» արել է դերասանուհի, ճշմարիտ մտավորական Կարինե Ջանջուղազյանը, փորձ է հստակեցնելու մտավորականի դերը, տեղը, պահանջն ու պարտավորությունը երկրի հանդեպ:
Ֆեյսբուքում մի նախաձեռնության էջ կա` «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում», որտեղ գիտնականներն ու բոլոր այն մարդիկ, ովքեր կարևորում են գիտությունը, գնահատում են գիտնականի վաստակը մեր երկրի համար, քննարկում են ոլորտը, անում են աննախադեպ առաջարկներ՝ մինչ այսօր գիտության ֆինանսավորման վերաբերալ:
Ընտրություններին էս երկրում ով գրել-կարդալ գիտի, կամ ֆոտոշոփ անել` փող են աշխատել: Ես չեմ աշխատել, որովհետեւ չեմ ուզում կեղտոտվել, ուզում եմ մարդ մնալ, դրա համար գրում եմ գիտնականների համար: Համ էլ` մրցույթ են հայտարարել, գիտության հինախնդիրները լուսաբանող, գիտության կարեւորությունը հիմնավորող, ոլորտի ֆինանսավորումը խթանող հոդվածների, մի խոսքով` պատասխանատու պետական մարմինների, կառավարության, ընտրություններին ընդառաջ` պատգամավորության թեկնածուների, կուսակցությունների, օլիգարխների (հասկանալ` արտոնյալ գործարար) լոբբի: Գտնում եմ` որ լավ գործ եմ անում, ու սրտանց եմ անում:
Ամեն շնչին բաժին ընկնող մեր գիտական արտադրանքն աշխարհում առաջատարներից է, ու մեր ամեն մի գիտնականը, ընդհանուր առմամբ, մոտ 5 անգամ գերազանցում է վրացի և ադրբեջանցի գիտնականին, այսինքն՝ մեր գիտնականը մարգարիտ է: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ գիտելիքին հենված տնտեսությունը կառավարության կողմից պետք է դիտարկվի ու թղթի վրա դիտարկվում էլ է որպես ռազմավարական ուղղություն, գիտության ֆինանսավորումը դառնում է պետական անվտանգության հարց:
Մեկ այլ կարեւոր պահ. Գիտնականի միջին տարիքն այսօր 67 է հանրապետությունում, բայց մարդը հավերժ չի, ու երբ խախտվում է սերնդափոխության ռիթմը, շատ բարդ է լինում վերականգնելը… Մենք կանգնած ենք գիտության դեմոգրաֆիական ճգնաժամի առջև, մեր երիտասարդները չեն ուզում գիտնական դառնալ, քանի որ գիտնականը շատ քիչ է վարձատրվում, միջին գիտաշխատողի միջին աշխատավարձը 40 — 45 հազար դրամ է, այսինքն՝ օրական 1500 դրամ գոյատևելու ու ընտանիք պահելու համար: Համեմատության համար ասեմ, որ նույնքան վաստակում է 8-ամյան չավարտած կրպակավաճառը: Ո՞վ է փոխարինելու մեզ անուն ու համբավ բերած գիտնականներին, ո՞վ կուզի դառնալ գիտնական այլևս: Ով էլ ուզում է դառնալ, էստեղ սկսում ու գնում է դուրս, դրա մասին են վկայում ողջ աշխարհով սփռված մեր երիտասարդ գիտաշխատողները: Ախր լավն են մեր երիտասարդները, էդքան բա՞րդ է ինչ-որ կերպ աջակցել նրանց, խրախուսել նրանց գործունեությունը…
Մի խոսքով` վատ վիճակում է գիտությունը, դրա համար էլ ես գրում եմ գիտնականների ու գիտության համար:
Անցնեմ բուն նյութին ու նամակին:
Մենք յուրահատուկ երկրում ենք ապրում: Ուրիշ ոչ մի տեղ ասֆալտակաշառք չկա:
Բոլոր տեղերն ասֆալտ արեցին, բացի մեր բակից, դե արի ու հասկացի տրամաբանությունը ասֆալտակաշառքի: Հիմա պետք է, որ մեր շենքը էդ տրամաբանությամբ ասֆալտակաշառքի գոտուց դուրս համարվի ու մեր ձայները գնային ընդդիմությանը:
Ուրիշ ոչ մի տեղ իմ ապրած երկրներից սենց քավարանոտ իրավիճակ չկա, ոնց որ մեզ մոտ` Հայաստանում: Մենք բացառիկ կյանք ենք ապրում, բացառիկ պայմաններում: Մենք խնդիր ունենք բոլորս, էս հողի վրա ապրողներս, ապրել սահմռկեցուցիչ կոնտրաստների մեջ, էդ ամենի մեջ կարողանալ մարդ մնալ:
Միշտ մտածել եմ, թե ինչի՞ ենք ծովից-ծով Հայաստանից մնացել էս մի թիզ հողի վրա, ինչի՞ ենք մենք սփռված աշխարհով մեկ, ինչի՞ է ի վերջո եղել ցեղասպանություն, ո՞վ է մեղավոր, Թուրքիա՞ն, Ռուսաստանը, Ամերիկան ու Եւրոպան, հրեաները, եւ ի՞նչ հրեաներ, Իսրայել չկար էդ ժամանակ, որքա՞ն է այն տարիներին Թուրքիայում ազդեցիկ դեր ունեցող հայ մեծամեծների մեղքն այդ ամենի մեջ, ինչո՞ւ, ինչպե՞ս հնարավոր եղավ պլանավորել ու իրականացնել մի ողջ ժողովրդի հալալ կեսի տեղահանում ու ոչնչացում: Ես ուզում եմ իմանալ այդ մասին միջազգային հեղինակավոր պարբերականներից: Հարցեր, որոնք ես ինձ տալիս եմ ոչ միայն Ապրիլի 24-ին, տուրքը տալով համազգային հիսթերիային ու «հերթապահ» քայլքին Ծիծեռնակաբերդ, որ տարեց-տարի վեր է ածվում անշնորհք ու տգեղ, շրջակա միջավայրի աղտոտմամբ ու պատանյոց սեռարբունքի անզսպության տեսարաններով ուղղորդվող դպրոցական էսքկուրսիայի:
Դա հարցեր են, որ պետք է հուզեն բոլորին ու միշտ, ամեն հայ մարդու, մանավանդ նրանց, ովքեր պետական վերին ատյաններում են ու պատասխանատու են ցեղասպանության հարցի միջազգային ներկայացման համար: Իսկ այդ ինպե՞ս ստացվեց, որ ցեղասպանության ընդունումը հանդիսանում է մեր պետության արտաքին քաղաքականության ուղղություններից եւ առաջնահերթություններից մեկը, ու այսօր աշխարհում գոյություն ունեցող ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային 3 պարբերականներից` Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies և Genocide Studies and Prevention եւ ոչ մեկում Հայաստանի ոչ մի հեղինակ տպագրած գիտական հոդված չունի:
Էդ ի՞նչ մի կեղծ հայրենասիրություն է՝ լաց լինել ապրիլի 24-ին, ճոռո-ճոռո խոսալ պատեհ-անպատեհ, ցեղասպանություն շահարկել, ճանաչում պահանջել, չունենալով միջազգային հեղինակություն ունեցող եւ ոչ մի տպագրություն: «Իմպակտ ֆակտոր»-ը գիտական շրջանակներում խոսում է տպագրության, լուսաբանման հավաստիության ու կարեւորության, ճշգրտության ու արժեւորման մասին միջազգային մակարդակով:
Այս խնդրի կարևորությունը բարձրացվել էր դեռ վաղուց` «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնության կողմից եւ ընդգրկվել 30 առաջարկների ցանկում։ Իսկ ու՞ր էր այսքան ժամանակ պետությունը, ո՞ւր է հիմա:
Ծառուկյա՞նն է պետությունը, որ արձագանքել է, թող մատուցման ֆորմատն իմ սրտով չի, բայց դե էլի` ոնց սիրում են մեզ մոտ ասել. կարում ա` անում ա: Լավ ա անում, թող անի, ու անելուց էլ ցանկալի է համակարգված անի ու հեռագնա, ասենք` վերցնի գիտության ոլորտն իր հովանու տակ: Մեկ էլ` մի քիչ եվրոպականացնի պարգեւների հանձնման ձեւը, ասենք` կոկտեյլային-ֆուրշեթային, ավելի մարդամոտ մթնոլորտում:
Ընտրություններին ընդառաջ գիտության էջում երեւաց գործարար Գարեգին Նուշիկյանը, Երեւանի գովազդ բռնող սյուներին որ գրված է` «Նուշիկյան ասոցիացիա», այ ինքը, ասել էր, որ կպարգեւատրի 500 000 դրամի չափով ցեղասպանագիտության թեմայով հոդվածների տպագրության համար միջազգային պարբերականներում: Նուշիկյանի նախընտրական գովազդային վահանակները իմ աչքով 60/20/20 հարաբերակցությամբ ցույց էին տալիս` 60-ՀՀԿ-ԲՀԿ նախընտրական գովազդ, 20- բոլոր մնացածի նախընտրական գովազդ, 20-մշտական գովազդ` ծամոն-օղի-պրովայդեր-կազինո: Էլ չեմ խոսում Նուշիկյանի մյուս նախընտրական շահույթների մասին` բուկլետներ` անկախ որ կուսակցությանն է, ծրագրեր… Ու իմ աչքով` բավականին անճաշակ, չնայած չեմ կարծում, որ դիզայնն էլ են իրենք արել:
Նուշիկյանի մեկ գովազդային վահանակին գովազդ տեղադրելը կարծում եմ արժե ավելի շատ, քան նա որոշել է հատկացնել ցեղասպանագիտության թեմայով ԻՖ ունեցող տպագրության խրախուսմանը: Դա իմ ուղեղը չի կարողանում ընկալել: Ոչ միայն իմ. գիտնականներն են շվարած: Որոշեցի նամակ գրել, ստորեւ` ներկայացնում եմ, հղումով Գարեգին Նուշիկյանի պաշտոնական էջին, ակնկալելով պատասխան:
«Բաց նամակ Գ. Նուշիկյանին քաղաքացի Վայաչյանից քավարանից
Հարգելի պարոն Նուշիկյան, մենք ծանոթ չենք, ես էլ ամեն ինչ ամեն մեկի մասին իմացող «շուստրի» լրագրող չեմ, որ զանգեի ու նախընտրական թոհուբոհի մեջ հարցնեի, թե` չե՞ք կարծում, որ ձեր առաջարկածը ոչ մի բանով չի տարբերվում 5000 դրամ ընտրակաշառքից կամ ձեթից, կամ էլ` ասֆալտից: Ես գերադասում եմ նամակ գրել: Դուք օլիգարխ եք (հասկանալ` արտոնյալ գործարար) մի Հայաստանում, որտեղ հազարավոր անօթևաններ կան, միլիոնավոր անապահովներ կան… Դուք մեղավոր չե՞ք, դուք բիզնեսմեն եք, դուք պատասխանատու չե՞ք, սոցա՞պն է պատասխանատու, դուք միայն հարկատո՞ւ եք: Կարա լինի: Էդ դեպքում ինչո՞ւ հանկարծ ընտրությունների շեմին որոշեցիք խրախուսել ցեղասպանության մասին տպագրությունը: Դուք նոր իմացա՞ք որ չունենք: Արդյո՞ք նորմալ չի լինի իմ անունից, հազարավոր գիտակից քաղաքացիների անունից, իսկ գիտնականներն անշուշտ գիտակից են, կարծում եմ` կասկածներ չպետք է որ լինեն, հարցնել. արդյո՞ք Ձեր կողմից սա ընդամենը քաղաքական PR չէր ընտրություններից ընդառաջ: Դուք փաստացի արդեն պատգամավոր եք:
Գիտեք, ես միշտ ուրախանում եմ, երբ որակյալ հայկական մի բան եմ գտնում, լինի դա մարդ, թե արտադրանք, թե հաղթանակ, թե գյուտ: Ես ուրախանում եմ ավելին, երբ գործարար եմ գտնում որակյալ, նկատի ունեմ` մարդկային որակները: Ձեր անունն իմ մեջ տպավորվել է սյուներին գրվածներից, տեղյակ չլինելով ով ով է, մտածել եմ` տեսնես ո՞վ է Նուշիկյանը: Հետո Ձեր իսկ վահանակի վրա տեսա նկարն ու Ձեր դեմքը վիզուալ հավանեցի: Կուզեմ հավանել մարդուն էդ նկարի, ուրախանալ հետագայում կարդալով «Նուշիկյան ասոցացիա», ու հիշելով ինչ-որ առավել լուրջ մարդասիրական ներդրում, քան 500 000 դրամն է այդ հոդվածի համար: Քիչ է, ներող` ամոթի հասնող քիչ է:
Պարոն Նուշիկյան, ես շատ եմ ուզում, որ մի 100 տարի հետո ասեն Նուշիկյան այնպես, ինչպես այսօր ասում ենք Մանթաշով: Սրտանց եմ ուզում: Եվ ուզում եմ, որ Դուք էլ սրտանց ուզեք անել էն ամենն, ինչ անում եք: Դուք դրա համար ունեք թե՛ ֆինանսական հնարավորություններ, թե՛ մտավոր ունակություններ, վստահ եմ, տնտեսագիտության թեկնածու եք, հասկանալու, թե որքան կարեւոր է այսօր հայապահպանման ու պետականության, ազգային արժանապատվության միջազգային հեղինակության, ապագայի մեր գոյի հարցում գիտությունը, ու ոչ միայն: Մենք այսօր կանգնած ենք գիտության դեմոգրաֆիական կրիզիսի վտանգի առջեւ: Մենք 10 տարի հետո չենք ունենա գիտնական այլեւս, որովհետեւ հները կգնան, նորերն էլ չեն մնա երկրում: Էդ ամենի ֆոնի վրա Ձեր կողմից խոստացված 500 000 դրամը նման է մեծ ընտանիքի Նոր Տարվա դատարկ սեղանին դրված քացախի շշի…
Չեմ ուզում, որ նամակս ընկալվի որպես «փիս բան», ուղղակի հաշվի առնելով ներկայիս քավարանը, ուզում եմ խնդրել պինդ մնալ:
Հարգանքներով`
Լուսինե Վայաչյան»
Համլետ Աբրահամյանն իմ ֆեյսընկերն է,գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է ԱՄՆ-ում: Անցյալ ձմեռ շատ էի հազում, Համլետը դեղ խորհուրդ տվեց, խմեցի` հազս անցավ, մենք էլ դարձանք լավ ընկերներ: Համլետ Աբրահամյանն ու Արա Հարությունյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Համլետ Աբրահամյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
Սովետական Միության փլուզումից հետո բավականաչափ բարդացավ նախկին հանրապետություններում գործող գիտական հիմնարկների վիճակը կապված կենտրոնացված ֆինանսավորման դադարեցման հետ: Հսկա Սովետական երկիրը լուրջ միջոցներ էր ներդնում գիտության մեջ հույս ունենալով դառնալ գիտական հետազոտությունների ասպարեզում համաշխարհային մասշտաբներով առաջատար: Սովետական անհաջող տնտեսակարգը ինչպես մյուս բոլոր ասպարեզներում, այնպես էլ գիտության ոլորտում թույլ չտվեց որպեսզի երկիրը իր գիտական հնարավորություններով հասներ զարգացած կապիտալիստական երկրների մակարդակին: Երկրի հետ միասին սովետական գիտական ողջ համակարգը սկսեց փլուզվել ու տրոհվել վերածվելով առաջացած անկախ երկրների գիտական միավորումների: Նման մի միավոր էլ դարձավ Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիան վերանվանվելով Գիտությունների Ազգային Աակադեմիայի իր ենթակայության տակ ունենալով երեսունից ավել գիտական ինստիտուտներ: Սովետական Միության տրոհման ժամանակ արդեն գիտա-տեխնիկական սարքավորումներով մեր գիտական հիմնարկների հագեցվածությունը էապես ետ էր մնում միջազգային միջին մակարդակից: Հետագա քսան տարիների ընթացքում այդ սարքավորումները ֆիզիկապես և բարոյապես այնքան հնացան որ այսօր արդեն վեր են ածվել ուղղակի մետաղակույտերի: Ասածիս լավագույն ապացույցներից մեկը Հայկական Արագացուցիչն է, որի ապամոնտաժման մասին վաղուց արդեն խոսվում է: Գիտական բազայի այդ անմխիթար վիճակին գումարվում է նաև եղած իսնտիտուտների աղքատիկ՝ ես կասեի ծիծաղելիության աստիճանի աննշան, ֆինանսավորումը այդպիսով գիտական աշխատանքների բարեհաջող կազմակերպումը գիտաշխատողների համար վերածելով տանջալի մի երևույթի: Ի պատիվ մեր գիտաշխատողների պետք է ասել որ նրանք հերոսական ջանքեր են գործադրում գոյատևելու և աշխատելու համար: Նույնիսկ ունենք լուրջ հաջողություններ մեր նախկին եղբայրական հանրապետությունների համեմատ: Սակայն այս կերպ շարունակել այլևս անհնարին է որովհետև դադարում է գիտական կադրերի հերթափոխը պայմանավորված երիտասարդների համար գիտական միջավայրի անհրապույր լինելու հանգամանքով:
Մեր երկրի անկախացման և դրան հաջորդած տարիների դժվարություններին չդիմանալով բազմաթիվ բարձր որակավորում ունեցող գիտաշխատողներ հեռացան երկրից: Այս ուղղությամբ պաշտոնական վիճակագրությունը բացակայում է, սակայն ես մոտավոր պատկերացում ունեմ հարցի վերաբերյալ Բյուրականի աստղադիտարանի օրինակով որտեղից գիտաշխատողների շուրջ մեկ երրորդը արտագաղթեցին արտասահմանյան տարբեր երկրներ: Նրանց մի մասին հաջողվեց մասնագիտությամբ աշխատանք ստանալ, մի մասն էլ սկսեց աշխատել հարակից ասպարեզներում: Երկրից հեռացած մասնագետները միջինում բարձր մասնագիտական որակավորումներ ունեին: Դա ակնհայտ է, որովհետև զարգացած երկրներում մրցակցությունը աշխատաշուկայում շատ բարձր է իսկ մերոնք դիմացան այդ մրցակցությանը և նույնիսկ բարձր դիրքեր գրավեցին գիտական հիմնարկներում: Հիշենք օրինակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին ով աշխատելով Կանարյան կղզիներում գերժամանակակից հագեցվածությամբ աստղադիտակներով կարողացավ կատարել լուրջ հայտնագործություններ և արժանանալ Վ.Համբարձույանի անվան միջազգային մրցանակին: Այլ ասպարազներից կարող եմ բերել տարրական մասնիկների ճանաչված մասնագետ Ֆ. Ահարոնյանի օրինակը, ով լուրջ հաջողությունների հասավ Գերմանիայում գամմա աստղագիտության ասպարեզում ղեկավարելով միջազգային գիտական խումբը: Օրինակները բազմաթիվ են: Մեր արտագաղթած հայրենակիցները այժմ արտասահմանում աշխատում են գիտության համարյա բոլոր ասպարեզներում: Չեմ կարող չնշել օրինակ տաղանդաշատ լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանին ով Լեյդենի համալսարանում հաջողությամբ զարգացնում է հայագիտությունը:
Այսօր Հայաստանում տարածված կարծիք է որ գիտնականների արտագաղթը բացասական երևույթ է: Սակայն պետք է ասեմ որ դա այնքան էլ այդպես չէ որովհետև արտագաղթը ստեղծված դժվարին դրությունից մի հաջողված ելք է արտագաղթողների համար, իհարկե մեր երկրի գիտության համար որոշ բացասական հետևանքներով հանդերձ: Մենք՝ արտագաղթածներիցս յուրաքանչյուրը մեծագույն երջանկություն կհամարեր եթե հայրենիքում ինքը հնարավորություն ունենար շարունակելու իր կյանքն ու գործը: Սակայն հաճախ հանգամանքները աշխսատում են ի վնաս մեզ և մեզանից ավելի զորեղ լինելով ստիպում են մեզ թողնել հարազատ վայրերն ու գնալ պանդխտության:
Կարծում եմ արտագաղթը մեր գիտական մտքի արտահանման ձևորից մեկը պետք է համարել և անհրաժեշտ է փնտրել հնարավորություններ այն Հայաստանի համար նպաստավոր ձևով օգտագործելու ուղղությամբ: Մենք այս եզակի հնարավորությունից չենք էլ փորձում օգտվել: Արտասահմանյան գիտական հիմնարկներում աշխատող մեր արտագաղթած գիտնականներին պետք է համարել մեր երկրի դեսպանները այդ գիտական հիմնարկներում և համակարգված ձևերով փորձել օգուտներ ստանալ այդ եզակի հնարավորությունից: Այս ուղղությամբ լուրջ զբաղվելու դեպքում օգուտները կարող են նույնիսկ շատ ավելի մեծ լինել այն օգուտներից որ կարող էր բերել տվյալ աշխատակիցը աշխատելով Հայաստանի որևէ գիտական հիմնարկում: Ասածս մի հնարավորություն է որից տասնամյակներ շարունակ օգտվում են հրեաները Իսրայելը վերածելով ժամանակակից գիտության ու տեխնոլոգիաների համաշխարհային մասշտաբի առաջատարի: Ես համոզված եմ ար այս խնդիրը համատեղ պետք է սկսեին իրականացնել մեր Սխյուռքի և Կրթության ու գիտության նախարարությունները:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Վերջերս շատ լուրջ նախաձեռնություն ցուցաբերեցին Հայաստանի մի խումբ գիտաշխատողներ հիմնելով ֆեյսբուկյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խումբը: Այն արդեն ունի շուրջ 4500 մասնակիցներ: Այս խումբը որոշակի շրջանակի քաղաքացիների պահանջները պետությանը քաղաքակիրթ ներկայացնելու լավագույն ու եզակի օրինակներից մեկն է Հայաստանում: Խումբը համակարգված լուրջ աշխատանք է կատարում գիտության վիճակը Հայաստանում բարելավելու ուղղությամբ օգտագործելով բոլորին պարզ ու հասկանալի տարրական մի պահանջ՝ ավելացնել գիտության ֆինանսավորումը: Ցավոք դեռևս հաջողվել է շատ քիչ արդյունքների հասնել գործադրված ահռելի ջանքերի դեպքում: Սակայն հուսով եմ որ խմբի հետագա գործունեության շարունակման դեպքում հաջողությունները շատ ավելի ակնառու կլինեն: Խմբի ակտիվ ջանքերով որոշ բարերարներ նշանակալի ֆինանսական օժանդակություն ցուցաբերեցին երիտասարդ և խոստումնալից երիտասարդներին:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե…
Ցավոք` բարեգործությամբ շատ բանի չես հասնի գիտական ոլորտում: Իհարկե բարեգործությունն էլ է կարևոր, սակայն այն չի կարող փոխարինել պետական կենտրոնացված ֆինանսավորմանը: Գիտությունը մարդկային գործունեության թանկ արժեցող ոլորտներից է ու այն լիարժեք պետք է ֆինանսավորվի պետական միջոցներից: Հակառակ դեպքում ուղղակի գիտությունը կդադարի գոյություն ունենալուց:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Գիտության այսօրվա վիճակը այդպես էլ պիտի լիներ և այդ վիճակի համար մեղավորներ փնտրելը անիմաստ զբաղմունք կլինի: Հսկա երկիրը տրոհվեց ու այդ երկրի բոլոր ոլորտներն էլ տուժեցին այդ տրոհումից: Մարդիկ լավ չեն պատկերացնում այդ տրոհման ամբողջ բարդությունը: Պետք է փառք տանք Աստծուն որ տրոհումը հենց այս՝ ամենաանվտանգ եղանակով տեղի ունեցավ: Կարող էր շատ ավելի մեծ վնասներ պատճառել նախկին Սովետական տարածքում ապրող ժողովուրդներին: Բարեբախտաբար դա տեղի չունեցավ: Շատ ոլորտներ կամաց-կամաց սկսեցին վերականգնվել լրիվ նոր ու մինչ այդ չտեսնված բովանդակությամբ: Ասենք` օրինակ առևտուրը, բանկային ասպարեզը, ազգային բանակները, ազգային դրամական միավորները և այլն: Գիտության բնագավառը շատ ավելի բարդ ու նուրբ ասպարեզ է դրա համար էլ այն մեծ դժվարությամբ է նորացվում: Սակայն չնայած այդ դժվարություններին, ես վստահ եմ որ որոշ ժամանակ անց գիտական հետազոտություններն էլ կկարգավորվեն և կունենանք նաև այդ ասպարեզում առաջընթացներ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Գիտական հիմնարկներում իրավիճակը բարվոքելու շուտափույթ դեղատոմսեր իրականում գոյություն չունեն և դրանց փնտրտուքները իզուր ժամանակի կորուստ կարող են լինել առանց որևէ էական արյունքների: Գիտական հետազոտությունների կազմակերպումը շատ բարդ ու աշխատատար պրոցես է, պահանջվում են ժամանակի, ռեսուրսների հսկայածավալ ներդրումներ: Այն ինչ գիտական ասպարեզում գոյություն ունի այսօր Հայաստանում, պետք է ամեն կերպ պահպանել` մինչև կգան լավ ու բարի ժամանակները, երբ երկիրը բավարար չափով հարուստ կլինի ու կկարողանա լիարժեք ֆինանսավորել գիտությունը: Վստահ եմ որ մոտակա տարիները ևս լինելու են մեր գիտության համար դժվարին տարիներ և գիտաշխատողը շարունակելու է մնալ գոյատևման ռեժիմում: Այս ասածներս չպիտի մեր գիտաշխատողներին թևաթափ անեն, այլ պետք է նրանց մղեն եղած անմխիթար իրավիճակից ելքեր փնտրելուն: Այդպիսի մի ելք իմ կարծիքով կարող է հանդիսանալ գիտության և կրթության համակարգերի ինտեգրումը: Հայաստանում դեռևս պահպանվում է գիտության կազմակերպման սովետական արատավոր համակարգը երբ առանձին-առանձին էին աշխատում գիտական և կրթական համակարգերը: Ճիշտ է ստեղծվեց Գիտության և կրթության նախարարությունը, սակայն դա միայն չինովնիկական ապարատների մեխանիկական համատեղում էր առանց էական փոփոխությունների գիտության և կրթության կազմակերպություններում: Օգտագործելով արտասահմանայան առաջատար երկրների փորձը անհրաժեշտ է մեր երկրում գիտական հիմնարկները ինտեգրել համալսարանների և կրթական այլ հաստատությունների կազմում: Դա հնարավորություն կտա կրթության համար հատկացվող ֆինանսական միջոցները օգտագործել նաև գիտական նպատակներով: Մյուս կողմից էլ հնարավոր կդառնա գիտական աշխատանքների անմիջական ներդրումը կրթության ասպարեզում: Երկրորդ կարևոր միջոցառումը կարող է համարվել գիտական հիմնարկների և նրանցում ընդգրկված կադրային կազմի խելամիտ օպտիմալացումը եղած ֆինանսական միջոցների առավել նպատակահարմար օգտագործման նպատակով:
Կոնկրետ առաջարկներ` եթե կան:
Մեր երկիրը բնական ռեսուրսներով այքնան էլ հարուստ չէ որպեսզի մենք զարգացնենք երկրում բնական ռեսուրսների հենքի վրա աշխատող արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Մենք հարուստ ենք մտավոր բավարար կարողություն ունեցող մարդկանցով որոնց հնարավորությունները լիովին չեն օգտագործվում երկրի կարիքների համար: Անհրաժեշտ է երկրում ծավալել գիտելիքատար ժամանակակից ատրադրության ներդրումը: Դրա համար կարևոր ձեռնարկ կարող է հանդիսանալ հարկային ամնիստիան ժամնակակից գիտատար արդյունաբերական ձեռնարկությունների համար: Արտասահմանյան երկրներից ներդրողներին պետք է ազատ տնտեսական գոտիներով գրավել դեպի Հայաստան եթե նրանք պատրաստ են ներդրումներ կատարել գիտատար ձեռնարկություններում:
Մեր գիտական հիմնարկները գիտական աշխատանքների կազմակերպման տեսակետից շարունակում են մնալ նախկին սովետական արատավոր կաղապարների շջանակներում չփորձելով կիրառել կառավարման ժամանակակից մեթեդները: Գիտության կառավարման մեր երկրում կիրառվող ակդեմիական համակարգը վաղուց իրեն սպառել է ու ժամանակավրեպ է: Այն լուրջ բարեփոխումների կարիք ունի: Գիտությունների Ազգային Ակադեմիան պետք է վերածել հասարակական կազմակերպության և նրանից պետք է հանել գիտական հիմնարկների վերադասը լինելու կարգավիճակը: Ավելի նախընտրելի ձև է գիտական ինստիտուտների ինտեգրումը կրթական հաստատությունների հետ պահելով մեկ երկու կարևորագույն ինստիտուտները միայն որպես առանձին միավորներ կառավարության անմիջական ենթակայությամբ:
Գիտական թեմատիկաները պետք են արդիականացվեն: Հայաստանը էներգակիրներից աղքատ երկիր է, սակայն լիուբոլ ունենք արևային օրեր: Պետք ե երկրում զարկ տալ երկընտրանքային էներգետիկայի զարգացմանը ծավալելով այդ ուղղությամբ լուրջ հետազոտություններ: Հատկապես կարևոր են արևային էներգետիկայի և քամու էներգիայի օգտագործման ուղղությունները: Ինֆորմացիոն տեխնոլոգիաները քիչ նյութատար ու էներգոտար են և պահանջում են մարդկային որկյալ կադրերի առատություն ինչից հարուստ է մեր երկիրը: Պետք է զարկ տալ նաև այդ ուղղությանը: Մյուս կարևորագույն ուղղությունը պինդ մարմնի ֆիզիկան է կապված նանոտեխնոլոգիաների հետ: Կարևոր ու ժամանակակից ուղղություներ են նաև կենսատեխնոլոգիաների հետազոտությունները զուգակցված ժամանակակից նորագույն դեղամիջոցների ստեղծման հետ:
Արա Հարությունյանն իմ ֆեյսընկերն է,, գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է Տեխասում: Զբաղվում է այգեգործությամբ, ինքն իրեն անվանում է «բոստանչի», համատեղությամբ կես դրույքով Ջորջ Վաշինգտոն համալսարանում խորհրդական է: Մենք համակարծիք ենք առանցքային համամարդկային արժեհամակարգային հարցերում, մենք տարբեր ենք մտածում շատ ու շատ բաների շուրջ, մենք նորմալ բարեկամներ ենք: Արան մեկուկես տարի առաջ խորհուրդ տվեց կտավատ խմել` կտավատն ինձ օգնեց, իսկ մենք դարձանք լավ ընկերներ Արան ու Համլետ Աբրահամյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Արա Հարությունյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
1999-ին իմ հեռանալը 3 գործոնների արդյունք էր: Մեկը դա գիտական աշխատանքով՝ այսինքն իմ մասնագիտությամբ զբաղվելու այլևս անհնարին լինելն էր: Հաջորդը հանրային – քաղաքական մթնոլորտի համատարած բեսպրեդելն էր, զուգորդված անասելի կեղծիքի, տգիտության, գաճաճության ու հեռանկարի բացակայության հետ: Եվ վերջին, բայց գուցե և ամենկարևոր պատճառը դա այն էր, որ հրավերք ստացա արտերկրում աշխատելու, այսինքն իմ ուժերը օրինական ձևով փորձելու «ազատ» աշխարհում:
Միգուցե կարևոր է, որ պատմեմ առաջին տպավորություններիս մասին:
Տեղ հասա արդեն ուշ երեկո էր, ձմեռ: Ինձ դիմավորեցին ամառային հագուստով: 3 րոպեից վերցրինք ճամպրուկս և ուղևորվեցինք դեպի մեքենան, որի կանգառը մոտ 50 մետրի վրա էր: Ինձ զարմացրեց բազմաթիվ մեծ, բայց բացարձակապես անձայն ու անծուխ մեքենաների առատությունը:
Հաջորդ առավոտյան գնացինք իմ բնակարանի թղթերը ձևակերպելու: Խոսում էին իհարկե անգլերեն, բայց բառ անգամ չէի հասկանում: Ապշած էի, իմ իմացած կիսատ- պռատ անգլերենը որևէ կապ չուներ լսածիս հետ:
Հաջորդ զարմանալին, դա մեր գիտահետազոտական-բժշկական կենտրոնական շենքի վերելակներն էին ու համալսարանի բյուջեն:
6 հարկանի բավական մեծ շենքում կային 27 հատ 10 մարդ տեղավորող վերալակներ: Ամբողջ համալսարանի բյուջեն /մոտ 50 մեծ շենքեր, 30000 ուսանող, մոտ $1 միլիարդ էր (ներկայումս $1,4 միլիարդ, 43000 ուսանող):
Հաջորդ տարօրինակը՝ դա փողոցներում էլեկտրական սյուների ամենավերևում տեղադրված տրանսֆորմատորներն էին: Երբեմն մեկ սյունին 3-4 հատ, ամ,են մեկը մոտ 50-100 կիլոյանոց: ԱՄՆ-ում 110 վոլտ լարումը փոխակերպվում է ամեն տանը հնարավորին չափ մոտ: Քամիներն ահավոր ուժեղ են, բայց այդ զարմանալի սյուները, երևի որոշ տեղերում նույնիսկ 50 տարեկան, դեռ կանգում են:
Պետք է զբաղվեի իմ համար բոլորովին նոր ասպարեզում, կենսաֆիզիկոս լինելով հանդերձ, պետք է զբաղվեի ֆիզիոլոգիայով:
Գիտական աշխատանքը ներքին ցանցով կապված — կոմպյուտերացված էր: Այն ինչ տեսնում էի, ինձ համար բացարձակ նորույթ էր, չնայած ես ավարտել էի Մոսկովյան լավագույն ինստիտուտներից մեկի ասպիրանտուրան, կապեր ունեի նրանց հետ և կարծում էի, թե մոտավորապես տեղյակ եմ ժամանակակից մեթոդաբանություններին:
Ինչևէ, աշխատանքները քիչ թե շատ հաջող էին, մեր խումբն այս տարիներին ստացավ 2 փոքր և 4 մեծ գրանտ, 2-ը մոտ 1,5 միլիոն, 2-ը 300000 գումարի:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Տեղյակ եմ այս նախաձեռնությանը երևի ակունքներից: Աշխատել եմ հեռու մնալ քննարկումներից, քանի որ տեղյակ չեմ հայաստանյան գիտության ներկա վիճակի մանրամասներին:
Բացի այդ չեմ կարծում, որ ներկայումս մասնակի լուծումներ են հնարավոր: Էքսպերիմենտալ ասպարեզներում համաշխարհային մակարդակի գործ անելու համար, գիտնականը պետք է միջազգայինին մոտ աշխատավարձ ստանա և սարքավորոմներն ու նյութերն ունենա:
Մի այսպիսի օրինակ- 2000-ին մեր խումբ այցելեցին 2 հնդկուհի երիտասարդ պրոֆեսսորներ: Ես հարց ու փորձ արեցի նրանց աշխատանքի պայմանների, տեխնիկական հագեցվածության ու աշխատավարձերի մասին: Պատասխանը դժվարամարս էր: Նրանք ստանում էին ամսեկան մոտ $1500. Մոտավորապես 2004-ից սկսած, սկսեց նկատվել նաև չինացի գիտնականների ետ հոսքը դեպի Չինաստան: Աշխատավարձերը ընդհուպ մոտեցել են միջազգայինին /ուսանողությունը շարունակում է գալ, նույնիսկ առավել տեմպերով:
Մեզ մոտ այդպիսի աշխատավարձը կարծում եմ անհնար է, իսկ գործիքային ապահովման մասին երևի խոսելն է ավելորդ:
Հումանիտարները և տեսական գիտնականները հիմա մի գուցե կարող են ինտերնետի շնորհիվ լիարժեք տեղեկանալ միջազգային ձեռքբերումներիկն և հաղորդակցվել աշխարհի հետ: Բայց լեզվի հարցը կրիտիկական է: Ավագ սերունդը չի տիրապետում, երիտասարդների մասով տեղյակ չեմ, մի գուցե արդեն ունեն բավարար գիտելիք, ինքնուրույն կարդալու և որ առավել կարևոր է՝ գրելու: Գիտնականը, ով չի գրում անգլերենով, իրավունք չունի զբաղվել գիոտւթյամբ:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե….
Բարեգործությունը, եթե այն իսկապես բարեգործություն է, այլ ոչ սեփական անձի առաջ մղում, ինձ համար ընդունելի է: Օրինակ ես կողմ եմ եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ որևէ այլ մեծահարուստ, աներևույթ օգնի գիտնականներին: Բայց այն ինչ նա արեց, պախարակելի էր ու ծայրաստիճան տգեղ:
Բացի այդ, այս դեպքում գիտնականները ինչ որ առումով քանակական տրամաբանություն մտցնելով մրցակցության մեխանիզմների մեջ, և արժանիներին գնահատելու հարցում, օբյեկտիվորեն չեն դիտարկում Հայաստանում զարգացման արժանի գիտական և անհրաժեշտ տեխնիկական ճյուղերի հեռանկարի հարցը: Հարցը դիտարկվում է հիմնականում եղածը փրկելու տեսանկյունից, անտեսելով ակտիվ առաջընթաց, մրցունակ, զարգացման հեռանկար ապահովելու հարցը:
Լավ, ենթադրենք թե մի քանի մասնավոր ուղղություններով դեռ կան մի քանի մարդիկ, որոնք իրենց շուրջը գիտական դպրոցի, միջավայրի ինչ որ տարրեր են ստեղծել: Նրանք փորձում են իրենց սանիկներին փրկել:
Ինչից՞: Միթե պարզ չէ, որ այդ հաջողակ սանիկը հրավերք է ստանալու և հեռանալու է արտասահման, իր նմանների մեջ աշխատելու և ապրելու: Նա չի կարող հայրենասիրությունից, կամ մի օլիգարխի փշրանքներից դրդված իր կյանքը խորտակել՝ այն դեպքում, երբ շրջապատում անթափանց տգիտություն է տիրում, թե գիտական, թե հանրային ու քաղաքական:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Ես որպես այդպիսին եմ համարում առաջին նախագահին: Լինելով գիտնական, ինքը պետք է հասկանար, պատկերացներ Հայաստանյան բոլոր պոտենցիալների իրական արժեքը և ձև ու ճանապարհ գտներ սուղ պայմաններում ինչ որ բան պահելու, ինչ որ բան ձևափոխելու, նորացնելու, ինչ որ բան հիմնավին մերժելու: Փոխարենը ինքը գերադասեց ոչինչ չանելը:
Ամերիկյան իմ լաբորատոր սենյակին կից կար մի վերապատրաստման կուրսերի սենյակ: Ամեն օր այդ սենյակն էին լցվում 15-20 մարդ, որոնք վերապատրսատվում էին այլ աշխատանքի համար:
Հայաստանը սոցիալիզմից կապիտալիզմի էր անցնում: Սա հոգեբանական, աշխատաձևերի և տնտեսվարման մի անհայտ ու բարդ վերափոխում էր, որը պետք է անցնեինք ոչ թե ջերմուկ ծախելու, կամ սերգոջան գոհացնելու շնորհիվ, այլ իրապես հոգածությամբ հանդեպ մարդը:
Մեզ մոտ ամեն ինչ արվեց հակառակը: 93-94-ին, մեր մարդն արդեն ամենաանարգված ու անպիտան բանն էր երկրում, որին սկսեցին հալածել ով ինչպես կարողացավ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Ոչ մի ռեալ ելք չկա: Բոլոր լուծումները բարդ ու զուտ քաղաքական-հանրային են:
Բոլորը՝ օլիգարխից սկսած, մինչև մուրացկանը պետք է հասկանան, որ այլևս այսպես շարունակել չի կարելի: Մենք գենոցիդից մազապուրծ եղած ժողովուրդ ու այսօր արդեն և ազգ և հայրենիք ենք կորցնում:
Գիտությունը այն օղակն է, որի պոտենցիալն իբր դեռ կենդանի է, բայց մենք մոռացել ենք, որ հայկական գիտություն ասածի մի մեծ մասը դա կիրառական ճյուղային ուղղություններն էին, ինժեներական մասնագիտությունները: Վերցնենք գործարանների ցանկը, որոնք կային Հայաստանում, ու կտեսնենք, որ դրանց մեծ մասը մի ամբողջական արտադրական ցիկլի մասեր էին: Օրինակ հանքերից կորզվող պղինձը, մոլիբդենը մաքրվում էին տեղում, Էլեկտրոլիզի վաննաներում մաքուր պղնձին զուգահեռ ստացվում էր ոսկի, որը համարյա թե փակում էր արտադրական ծախսերը և մտնում ոսկերչական գործարան: Պղինձը գնում էր կաբելի գործարան, դառնում կաբել և անցնում էլեկտրոտեխնիկական, հայէլեկտրո, հաստոցաշինական ու այլ գործարաններ՝ էլեկտրաշարժիչ, գեներատոր, հաստոց դառնալու համար:
Նաիրիտը միայն Հայաստանում սնում էր 150 արտադրություն, ու 5 էդքան էլ՝ սովետով մեկ: Հայաստանը 11 միլիարդ ռուբլու արտադրանք էր տալիս, Ներկայիս թվերով շատ-շատ ավելի է, քան այդքան դոլարը:
15 միլիարդ կվտ էլեկտրոէներգիա էր արտադրվում, հիմիկվանից 3 անգամ ավել: Այդ բոլոր ճյուղերում և ինչ որ չափով գրագետ մասնագետներ էին աշխատում և գիտական առաջընթացին ծանոթ ճարտարագետներ:
Մենք այդ ամենը խորտակեցինք առանց մեկին պատասխանատվության կանչելու: Մերձբալթյան երկրները, Բելառուսը, Ուկրաինան մեծ չափով կարողացան պահպանել իրենց արտադրական պոտենցիալները, մոդեռնացնել և շատ ավելի նորմալ պայմաններ են ստեղծել իրենց ժողովուրդների համար: Հայաստանյան այն տեսակետները, թե մենք համեմատության մեջ բոլորից լավն էինք, կամ մոտ՝այդպիսին լինելուն, բացարձակ կեղծիք էր և է: Հիմա էլ որևէ նորմալ միտք չկա մեր հետագա տնտեսական ու որևէ այլ ասպարեզի ապագայի մասին:
Ի՞նչ պետք է արվի, որպեսզի մենք օգտագործենք մեր գենոֆոնդը, ինչի մասին գոռում-գոչում ենք, թե` հատուկ ենք, աննման ենք եւ այլն, եթե իհարկե բան է մնացել: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, մենք չե՞նք ընդունում ցանկալին որպես իրական:
Գենոֆոնդի առավելություններ չունենք, բայց դեռ փոքր շանս կա, որ կարող ենք փորձ անել ուղղվելու: Դրա համար ոչ թե գիտության ֆինանսավորման ավելացում է պետք պահանջել (երկիրը անվճարունակ է բոլոր առումներով), այլ հաշիվ պահանջել: Հաշիվ պահանջել բոլոր պատասխանատուներից՝ թե ինչու այս որոշումը կատարվեց, այլ ոչ մեկ ուրիշը:
Հենց հիմա կան ամեն տեսակի պաշտոնատարներ ամենատարբեր հարցերով: Հենց իրենց է պետք հարց տալ, թե դուք անձնապես ինչ եք հասկանում և մտածում օրինակ ասենք շաքարի գործարան կառուցելու առումով, չէ որ 25 տարի առաջ մի քանի շրջան հեկտարից 500 ցենտներ ճակընդեղ էր ստանում, համ ինքը լավ ապրում, համ Հայաստանին օգնում դրանով: Եվ հարցն էլ պետք է ձևակերպվի այսպես. Հասկանում ենք, որ դուք լիբերալ տնտեսաձևի կողմնակից եք, չնայած դրանից ոչ մի բան չեք հասկանում: Բացատրեք ինչպես է հնարովոր ձեր պատկերացրած լիբերալիզմը մի շրջափակված փոքր երկրում, օլիգարխիկ պայմաններում, երբ ամեն ինչ քվոտավորված է, վերահսկվող և վերից վար կարգավորվո՞ղ:
Նման հարցեր կարելի է ձևակերպել այլ 100-ավոր եղած ու վերացված գործարանների մասով: Հանրության վրա մակաբուժող պաշտոնյան պետք է վերանա առաջին հերթին, որ որևէ հարց հնարավոր լինի լուծել: Քանի կա անպատասխանատու, տանիքի տակ ծվարած այդ տեսակը, մենք դատապարտված ենք գնալու կործանման:
Ես կարծում եմ որ Հայաստանով մեկ պետք է տարածվի Մաշտոցի պուրակի սկզբունքներով ձևակերպված քաղաքացիական պահանջատերերի շարժում, ուղղված բոլոր հին ու նոր պատասխանատուներին:Վիճակը պետք է պարզվի՝ ով ինչ է արել, որ չպետք է արվեր, և ինչ չի արել, որ պետք է արվեր: Այլ ելք ես չեմ տեսնում: Դրության տեր դառածները անհաղորդ են Հայաստանյան որևէ դժբախտության: Նրանց համոզել հնարովոր չէ: Միակ ելքը պարտադրելն է: Իսկ թե արդյոք դեռ պոտենցիալ կոնկրետ կա դա անելու, ես լավատես չեմ:
Ամիսներ առաջ, երբ գիտության ֆինանսավորման հետ կապված շարժումը սկսվեց ու այն նախաձեռնողների կողմից սեմինար կազմակերպվեց Ծաղկաձորում, շա՜տ պատահաբար գիտնականներին ու սեմինարի մասնակիցներին հյուր եկավ երկրի նախագահը:
Դա կարծես ոգևորեց ներկաներին,սակայն, բոլոր այն գիտնականներին՝ ովքեր փորձեցին «պրիտենզիաներ» ներկայացնել, Սերժ Սարգսյանը ցույց տվեց իրենց տեղը. Նա շատ պարզ ասաց. մինչ այժմ երկրի սուղ միջոցներից որոշակի գումար տրամադրվել է, ուրեմն պետք է նախ տեսնել` որքանո՞վ է ճիշտ բաշխվել այդ գումարները, գիտական հաստատություններից քանի՞սն են արդյունավետ աշխատում, և միայն այս հաշվարկներից հետո խոսել ֆինանսավորման ավելացումից:
Ստացվում է, որ գիտությանը հատկացված գումարները, այսքան տարիների ընթացքում, որ ճիշտ է, շատ չի եղել, բայց քիչ էլ չէ, դեռ չեն էլ հաշվարկել ծառայե՞լ է իր նպատակին, թե՞ փոշիացել: Այսինքն՝ սա մեկ անգամ ևս ապացուցում է այն վերաբերմունքը, որ կա մեր երկրում գիտնականի ու գիտության հանդեպ:
Սակայն պետք է արդարացի լինել. Նախագահի խոսքի մեջ չի կարելի ճշմարտություն չնկատել: Միանգամայն տեղին դիտարկում. Այդ փողերի մի մասը, որ հատկացվում է գիտությանը, հոսում են անպետք ճանապարհով, այո, այսօր կան գիտական հիմնարկներ, որոնք անգործության են մատնված, այնտեղ գիտականները, կամ գիտաշխատողները, (որ չես հասկանում թե ինչո՞ւ, անհարկի ընդհանրացվում են) վատը չեն, սակայն համակերպվել են իրենց անգործությանն ու մի քանի գրոշ աշխատավարձին ու այդպես էլ տարիներ ու տասնյակ տարիներ, ապրում են, իրենք էլ չհասկանալով, թե ո՞րն է իրենց գործի իմաստը: Իսկ գիտական հիմնակները դե ֆակտո անգործության են մատնվել:
Խնդիրն այն է, որ նրանք պատվեր և ֆինանսավորում չեն ստանում: Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում կան գիտական հիմնակներ, որոնք անգործության են մատնված, որովհետև նախարարությունը համապատասխան պատվերներ չի իրականացնում, նույնը բնապահպանության ոլորտում և այլն: Այդ հիմնարկները դեռևս ունեն կադրեր, և համապատասխան ֆինանսավորման, պատվերների դեպքում կարող են լծվել աշխատանքի:
Բացի դա՝ համարվում է, որմեր երկրում ընդհանուր առմամբ կա 6500-7000 գիտնական, որոնցից 4500 ակտիվորեն զբաղվում են գիտությամբ:
Իրականում սա շատ փոքր ցուցանիշ է:
Մինչ անկախացումը Հայաստանում գիտնականների քանակի, կամ տեսակարար կշռի հետ համեմատելիս, պարզվում է, որ այսօր նրանց թիվը շուրջ երկու անգամ ավելի քիչ է, քան աշխարհի միջինը:
Եվ սա ոչ թե այն եվրոպական երկրների, որոնց կառավարությունները հայտարարում են` թե մենք պետք է ունենանք գիտելիքահեն տնտեսություն, այլ աշխարհի միջինի:
Այսինքն՝ մեզանում գիտնականների քանակը`4500-ը, ոչ թե շատ է, այլ չափազանց քիչ է, և պետք է միջոցներ ձեռնարկել այդ քանակն ավելացնելու համար:
Գիտնականի աշխատավարձի, նրա դերի ու վաստակի նկատմամաբ վերաբերմունքի հարցում մենք ևս կաղում ենք.
Ըստ The New York Times-ի Բարձրագույն կրթության միջազգային կենտրոնի փորձագետ Ֆիլիպ Ալտբախի վերջերս հրատարակված գրքում տարբեր երկրների համալսարանների դասախոսների աշխատավարձի չափերի վերաբերյալ ներկայացված տվյալներով, որտեղ նախկին ԽՍՀՄ երկրներից ցուցակում են հայտնվել Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Լատվիան, Հայաստանը վերջին տեղում է:
Հետազոտության արդյունքներով, դասախոսի միջին աշխատվարձը կազմել է 405 դոլար: Ցուցակում Հայաստանից առաջ է Եթովպիան, որտեղ միջին աշխատավարձը կազմում է 864 դոլար:
Դասախոսների բարձր դրույքաչափով առաջին եռյակում են Կանադան (9485 դոլար), Իտալիան (9118 դոլար), Հարավային Աֆրիկան (9330 դոլար):
Հետազոտության մեջ նաև հարց է եղել, թե արդյո՞ք բավարար է պրոֆեսորական աշխատավարձը միջին խավին վայել կենսամակարդակ ապահովելու համար:
Իր հերթին, գիտնականի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն անհրաժեշտ է. «եթե գիտնական է, ուրեմն սոված է», մոտցումը սխալ է, այստեղ ոչ միայն ֆինանսական կամ գնահատանքի մոտեցման հարցն է, այլ արժեհամակարգի խնդիր է դրված:
Չի կարելի համաձայնվել այն մտքին թե՝ գիտնական լինելը ըստ էության մոդայից դուրս է եկել: Մարդիկ չեն ուզում դառնալ գիտնական, որովհետև, ավելի շուտ, չեն կարող գումար աշխատել: Բանն այն է, որ ովքեր այնուամենայնիվ, այս վատ պայմաններում զբաղվում են գիտությամբ, համապատասխան հարգանք չեն զգում իրենց նկատմամբ:
Նմանատիպ մի հարց ուղղեց գիտնական Արեգ Միքայելյանը նախագահին, այցի օրը: Մեր կարծիքով, դա այդքան էլ այդպես չէ, ճիշտ է գիտնականի տեսակը դուրս է մնացել ակտիվ կյանքից, քանի որ նրանց հանրության մեջ ներկայացնելու խնդիրը չափազանց վատ է կազմակերպված, սակայն հարգանք նրանք վայելում են, հանրությունը իր գիտնականին հարգում է, սակայն հաշվի չի նստում նրա հետ: Եթե հոգևորականներին կամ մշակույթի գործիչներին պարբերաբար հանդիպում ենք, ապա գիտնականներ չկան մեր շուրջը: Նրանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց տեսակի իմիջի բարձրացման հարցն է, որ պետք է բարձրացվի: Իսկ ֆինանսական հարցերը, որ բնավ անկարևոր չէ, կարելի է ռեալ պահանջներով կարգավորել:
Հ.Գ. Ի դեպ այս նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք որ «Նուշիկյան ասոցիացիա»-ն հայտարարություն է տարածել.
«Այսօր աշխարհում գոյություն ունի ցեղասպանագիտական հարցերին նվիրված ինդեքսավորվող և գրախոսվող միջազգային 3 պարբերականներ: Դրանք են` Journal of Genocide Research, Holocaust and Genocide Studies և Genocide Studies and Prevention: Հայաստանի և ոչ մի ներկայացուցիչ այս պարբերականներում տպագրած գիտական հոդված չունի: Սակայն Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար մեծ նշանակություն ունի հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելը: Որոշ չափով իրավիճակը շտկելու և միջազգային պարբերականներում ՀՀ քաղաքացիների կողմից տպագրությունների առկայությունը ապահովելու նպատակով «Նուշիկյան ասոցիացիա»-ն կտրամադրի 500,000 ՀՀ դրամի խրախուսավճար ՀՀ քաղաքացի այն գիտնականներին, ովքեր նշյալ միջազգային ցեղասպանագիտական պարբերականներից որևէ մեկում կտպագրեն առնվազն 5000 բառ պարունակող համապատասխան հոդվածներ»:
Շուշան Գալստյան
Այսօր, քաղաքական զարգացումների այս բուռն ժամանակահատվածում, ձայներ կորզելու Ճանապարհին շահարկվում է այն ամենը, ինչ հնարավոր է: Հարց է առաջանում, թե որքանո՞վ են խորհրդարան գնացող քաղաքական ուժերը իրականում կարևորում գիտության ֆինանսավորումը և ոլորտի զարգացման ինչ հեռանկարներ են տեսնում:
Գաղտնիք չէ, որ գիտնականները ֆինանսավորման ավելացում ակնկալելիս բազմաթիվ դռներ ծեծեցին և բացի խոստումներից որևէ ռեալ ծրագիր չառաջարկվեց նրանց: Իսկ այսօր կուսակցություններից յուրաքանչյուրը փորձում է ավելի ընդգրկուն ձևակերպել գիտնականների պահանջը:
Շահարկո՞ւմ են նրանց գործոնը, իհարկե՜: Այսօր ընտրությունների գնացող բոլոր ուժերը խոստումներ են տալիս, նրանց պահանջները ներառում նախընտրական ծրագրի մեջ: Սակայն գիտնականները, կամ նրանց ղեկավար կորիզը շատ լավ գիտի, թե ինչ է սպասվում իրենց, երբ վերջանան ընտրություններն ու դարձյալ ֆինանսավորման հարցը մտնի բանակցությունների փուլ:
Հշեցնենք ,որ դեռ կուսակցությունների ծրագրերը կազմվելու փուլում երիտասարդ գիտնակաների մի խումբ հանդես եկավ կոչով, որով հորդորում էին բոլոր քաղաքական կուսակցություններին, կարևորել իրենց նախընտրական ծրագրերում գիտության ֆինանսավորման ավելացման հարցը:
Եվ չնայած նրան, որ հասարակությունը, կարծես թե վաղուց դադարել է հավատալ սևով սպիտակի վրա գրված կուսակցությունների ծրագրերին, այնուհանդերձ վերը նշված խնդրով անհագստացողները սպասում են, թե ինչպիսի մոտեցումներ ու նոր լուծումներ կառաջարկվեն գիտությանն ու գիտականին:
Նրանցից ՀՅԴ–ն աննխադեպ առաջարկով հանդես եկավ.
Խոստանում են տասն անգամ ավելացնել գիտության ոլորտի
պետական ֆինանսավորումը՝ հասցնելով ՀՆԱ-ի 1-2%-ին:
Ընդ որում, գիտության բնագավառի յուրաքանչյուր տարվա ծախսերը նվազագույնը կաճեն տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող աճից ոչ ցածր։
Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագիրը կթարգմանվի և կներդրվի ՀՀ կրթական համակարգում։
Կստեղծվեն թվանշանային տեխնոլոգիաների հայացման համապատասխան կարելիություններ, կհիմնվի մշակութային հիմնադրամ՝ երիտասարդ տաղանդներին խրախուսելու, դեբյուտային ծրագրեր ֆինանսավորելու, արտերկրի մշակութային բարձրագույն հաստատություններում կրթությունը շարունակելու համար։ ծախսերը նվազագույնը կաճեն տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող աճից ոչ ցածր։
«ԲՀԿ» կուսակցության նախընտրական ծրագրում հանդիպում ենք այսպիսի դրույթների. «Առաջնահերթ ենք համարում գիտության համար համապատասխան պայմանների ապահովումը և ենթակառուցվածքների զարգացումը, գիտության ոլորտում ներգրավվելու իրական մոտիվացիայի ձևավորումը, տնտեսության հետ գիտության կապիխորացումը, ոլորտի բյուջետային հատկացումների ավելացումը և գիտության ֆինանսավորման մեխանիզմների կատարելագործումը:
Կուսակցությունը կարևորում է անապահով ուսանողներին, ծնողազուրկ երեխաներին սոցիալական հասցեական աջակցության ցուցաբերումը՝ ներառյալ ուսման վարձերի ամբողջական կամ մասնակի փոխհատուցումը։ Այս շարքը համալրում է նաև անտոկոս ուսումնական վարկերի տրամադրումը։ ԲՀԿ–ն հանդես է գալիս կրթաթոշակների շարունակական բարձրացման օգտին»։
Նախընտրական ծրագրում «Ժառանգություն» կուսակցությունը խոստանում է, որ առաջին քայլերը լինելու են՝ 2013 թվականի բյուջեյում գիտությանը հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսը, որը, հաշվի առնելով տնտեսական աճը, կկազմի շուրջ 50 միլիարդ դրամ: Գիտության ֆինանսավորումը հիմնականում կհատկացվի թեմատիկ ձևով, որի օբյեկտիվության համար կընդունվի «Գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքը, որը ներկայիս իշխանությունները, ի հեճուկս խոստումների, արդեն տարիներ շարունակ չեն ընդունում:
Իսկ հետագայում, սկսած 2014 թվականից, գիտության ֆինանսավորումը յուրաքանչուր տարի կաճի ՀՆԱ-ի 0.2 տոկոսի չափով, մինչև չհասնի ՀՆԱ-ի 3 տոկոսի: «Ժառանգության համոզմամաբ, դա է գիտության ֆինանսավորման այն չափը, որն ընդունված է զարգացած գիտություն ունեցող, այսինքն, ընդհանրապես, զարգացած երկրներում, ինչպիսին, , կլինի նաև Հայաստանը ապագայում:
Հայ Ազգային Կոնգրեսը վստահեցնում է, որ պետության կողմից հանրակրթության ֆինանսավորումը կհասցվի ՀՆԱ—ի 2,2%—ի, աճման միտումով, 10 տարվա ընթացքում հասցնելով մինչեւ 3—4%։
Ծայրամասերում, հեռավոր գյուղերում, ծնողների ցանկության դեպքում, կխրախուսվեն փոքրաթիվ աշակերտներով դասարանները կամ անհատական ուսուցման համակարգերը՝անկախ ուսուցման ինքնարժեքից։ Կվերակառուցվեն 12 տարի նորմատիվային ժամկետով գործող հանրակրթական հիմնական ծրագրերը համապատասխանաբար վերասահմանելով կրտսեր, միջին եւ ավագ դպրոցներում ուսման տեւողությունը՝ ելնելով սովորողների տարիքային ֆիզիոլոգիական զարգացման առանձնահատկություններից եւ հաշվի առնելով համաշխարհային առաջատար կրթական համակարգերի փորձը։ Միջնակարգ (կրտսեր եւ միջին) դպրոցներում ուսուցանվող ծրագրերի ծավալներից կախված, ուսման տեւողությունը կլինի կրտսեր դպրոցում՝ 6 տարի, միջին դպրոցում՝ 3 տարի, իսկ ավագ մասնագիտական դպրոցներում՝ 3 տարի։
Արհեստների ուսուցումը ավագ դպրոցներում կլինի պետության եւ հասարակության հատուկ հոգածության առարկա՝ կազմելով ուսումնառության զարգացած համակարգի կարեւոր բաղադրիչ։ Կտարվի դպրոցների մասնագիտացման հետեւողական քաղաքականություն այս կամ այն ուղղություններով։
Կվերացվի «ավագ դպրոց– բուհ» անցման ընթացքում տարատեսակ քննությունների (միասնական, կենտրոնացված և այլն) ներկայումս գործող համակարգը։
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունն անհրաժեշտ է համարում ստեղծել գիտական հաստատությունների, արտադրական ձեռնարկությունների և բուհերի հիմքի վրագիտակրթաարտադրական համալիրներ, որոշակի գիտական հիմնահարցերի լուծմանն ուղղված մշտական եւ ժամանակավոր գործող գիտական կենտրոններ, որոնք կոոպերացման սկզբունքով կհամախմբեն գերատեսչություններում աշխատող գիտնականներին և մասնագետներին։
Նրանք գտնում են, որ պետք է հնարավորինս նպաստել միջազգային գիտական կապերի ուժեղացմանն ու ընդլայնմանը, համատեղ ծրագրերի, լաբորատորիաների, ամբիոնների ստեղծմանը, պետության հովանավորության տակ վերցնել միջազգային լայն ճանաչման արժանացած գիտական դպրոցների պահպանումը և հետագա զարգացումը, նոր ուղղությունների գիտական դպրոցների ձևավորումը, ինչը ենթադրում է համակարգային փոփոխություններ գիտության ֆինանսավորման, հատկապես՝ գիտաշխատողների վարձատրության հարցում։
Ըստ կուսակցության՝ Հայաստանի գիտությունը կանգնած է երիտասարդ կադրերով համալրելու անհրաժեշտության առջև։
«Այդ նպատակով անհրաժեշտ ենք համարում կրթական ծրագրերի վերանայումը՝ վերադարձնելով լավագույնը նախկին խորհրդային դպրոցից և ներմուծելով ամենաժամանակակից ուսումնական տեխնոլոգիաները։ Պետք է հետևողականորեն և էապես բարձրացնել ուսուցիչների ու դասախոսների աշխատավարձերը, կտրուկ ավելացնել պետական աջակցությունը ուսումնական ծրագրերի իրականացման, ուսուցողական բնույթի գիտահանրամատչելի և ուսումնական օժանդակ գրականության հրապարակման ոլորտներում»:
Շուշան Գալստյան
Գիտնականները Հայաստանում իրենց իրական տեղը գտնելուն ուղղված քայլեր են անում, փորձում գտնել ֆինանսական միջոցներ ու հենման կետեր` իրենց աշխատանքի գնահատականը ստանալու հարցում, սակայն նրանց աշխատանքը ջուրն է լցվում` ոլորտի անկազմակերպ ու անձնավորված մոտեցման պատճառով:Ստորև բերվող դեպքը, ցավոք, միակը չէ. գիտական աշխարհում խմորումներ են տեղի ունենում, որոնք պատիվ չեն բերում մեր երկրին:
Վերջին շրջանում կրթական ոլորտի առաջին դեմքի և հայտնի լեզվագետի միջև տգեղ ու անթույլատրելի հրապարակային բախումն ու դրան հետևող իրավիճակը, դրա խոսուն ապացույցն է: Ավելին՝ ստացվում է, որ դրսի գիտնականները, այս դեպքում ի դեմս ռուս պրոֆեսորի, արժևորում են մեր գիտնականի վաստակը, մինչդեռ մենք, մի բան էլ կրթության նախարարի միջոցով, հակադարձում ենք, թե եղածը «Կազմակերպված տարաբնույթ միջամտություններ» են: Առանց մտածելու, որ դրանով վիրավորում ենք հայերի բարեկամ վաստակաշատ գիտնականին:
Խոսքը Աշոտյան – Զոլյան խայտառակ հակամարտության մասին է, որին արձագանքելով, Արցախի պետհամալսարանի պատվավոր դոկտոր, Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսոր, Համառուսաստանյան Լերմոնտովյան մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի գրողների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը բաց նամակ է հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին` անդրադառնալով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի աշխատանքից ազատվելու հարցին:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ցավով տեղեկացա Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում իրավիճակի մասին` կապված ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետ: Նման ամոթալի գործելակերպը վկայում է Կրթության և գիտության նախարարի կողմից ոչ միայն այս ուսումնական հաստատությունում, այլև կրթությունում իրավիճակը չընկալելու մասին: Ի՞նչպես կարելի է այդպես հեշտությամբ աշխատանքից հեռացնել գիտնականի, ես չեմ քաշվում ասել` միջազգային համարում ունեցող մարդու: Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ես, ինչպես և Ռուսաստանում շատ գիտնականներ, չէինք կարող նման արձագանք սպասել Կրթության և գիտության նախարարի կողմից: Մի՞թե Ձեզ մոտ այնքան շատ են բարձր որակավորում ունեցող կադրերը, որոնք ունակ են Ձեր հանրապետությունը ներկայացնել քաղաքակիրթ աշխարհի առջև, ինչպես դա անում էր Սուրեն Զոլյանը: Ինչպես եվրոպական, այնպես էլ հետխորհրդային տարածքի գիտական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ Ձեզնից արդար և միակ ճշգրիտ լուծումն են ակնկալում` վերականգնել միջազգային համբավ ունեցող գիտնական Զոլյանին ռեկտորի պաշտոնում»:
Շուշան Գալստյան
Գիտության ֆինանսավորման նոր հայեցակարգը առաջնային նշանակություն ունի մեր երկրի կայացման համար: Նախընտրական շրջանում կուսակցությունները, իրար հերթ չտալով, շահարկում են այդ խնդիրը: Սակայն համոզված ենք, որ նրանք ամբողջական պատկերացում չունեն, թե ինչի մասին է խոսքը: Գիտության ֆինանսավորման նշված հիմնախնդրի շուրջ զրուցեցինք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ:
— Պրն. Ասատրյան, նկատի ունենալով, որ Դուք անմիջական առնչություն ունեք քննարկվող հիմնահարցին, կխնդրեինք Ձեր տեսակետը Գիտության ֆինանսավորման ավելացման հարցի վերաբերյալ:
— Իհարկե, լավ կլիներ, որ գիտության ֆինասավորումն ավելացվեր, այսինքն՝ պետական բյուջեից տրամադրվող միջոցները կրկնապատկվեին, նույնիսկ եռապատկվեին: Սակայն, իմ կարծիքով, դրանց բախշման այսօրվա կարգը թույլ չի տալիս այն նպատակային օգտագործել: Դա կլինի այնպես, ոնց որ ավազի մեջ լցնես: Ինչու՞ ավազի, քանի որ այդ ֆինանսների նպատակայնությունը ճշգրտված չէ: Մենք ռեգիստր չունենք, թե գիտության ո՞ր ճյուղերում կարող ենք մրցունակ դառնալ, կամ ո՞ր ճյուղերում է այդ միջոցների ներդնումը հեռանկարային: Այսինքն` գիտության ո՞ր բնագավառում զարգացման ինչ ներուժ ունենք: Սա պետք է որոշակիացվի: Հստակ չափանիշներ մշակվեն, և այդ չափանիշներով մարդիկ, հիմնարկները, ինստիտուտներն աշխատեն: Դրանից հետո միայն պետք է մտածել ֆինասավորման մասին, գտնել դրանց հայթայթման այլընտրանքային աղբյուրներ: Այդպես պետք է լինի: Այժմ հախուռն տարփողվող ֆինանսավորման կարգախոսը գիտականորեն հիմնավորված չէ, և այդ գումարները գնալու են ի տնօրինություն այն մարդկանց, ովքեր ավելի քան մոտավոր պատկերացում ունեն մեր հանրապետության գիտական բազայի և վերջինիս զարգացման ոլորտների հեռանկարայնության մասին: Այս պարագայում նոր հատկացումները ոչինչ չեն փոխի:
— Իսկ հնարավո՞ր չէր այդ ամենը անել մինչ օրս:
— Պետք է կազմվի հանձնախումբ՝ ներառելով միջազգային որոշակի շրջաններ, ոչ թե սփյուռքի (խնդրում եմ չշփոթել), որովհետև սփյուռքում մենք, ցավոք, առանձնապես գիտական մեծ ներուժ չունենք, այլ միջազգային ճանաչված մասնագետների՝ նրանց փորձագիտական կարծիքը ստանալու համար: Պետք է ճշգրտել մեր գիտական ներուժը (բուհ, ակադեմիա, գիտական և ճյուղային հիմնարկներ), և դրա հիման վրա և այդ մեկնակետից էլ կատարել ֆինանսավորումները:
Հայտնի իրողություն է, որ այն մարդիկ, ովքեր գիտության բնագավառում գործ են անում, ղեկավար դիրքերում չեն, հետևաբար նրանց այդ գումարը չի հասնի: Այսինքն` ամեն ինչ պետք է կոնկրետացվի: Ասենք, օրինակի համար, ֆիզիկայի որևէ ճյուղում, օրինակ՝ օպտիկայում, մենք ի՞նչ ունենք, ովքեր ի՞նչ կարողություն ունեն՝ միջազգային նորմերին համապատասխանության առումով: Նույնը նաև հասարակական և գիտության մյուս ոլորտներում:
— Ինչպե՞ս կբնորոշեք ազգային գիտությունը, ու կա՞ նման հասկացություն մեզանում: Ո՞ր ճյուղն է առաջագնա:
— Չկա ազգային կամ միջազգային գիտություն, չկա հայկական կամ ամերիկայն գիտություն: Այն կամ կա, կամ չկա:
— Հայաստանում գիտության համարումը ընկել է, և նախկինի պես չի կարևորվում գիտնականի վաստակը:
— Ես բնագետ չեմ, սակայն գիտեմ, որ բնական գիտություններում, մասնավորապես ֆիզիկայի, կենսաբանության, մաթեմատիկայի ոլորտներում զգալի ձեռքբերումներ կան: Համենայն դեպս, ժամանակակից հասարակական գիտությունների ոլորտից կարող եմ փաստել, որ հայ իրանագիտությունը կամ, մեծ իմաստով, կովկասագիտությունը միջազգային լուրջ ճանաչում ունի, որ, ըստ ամենայնի, ջանում ենք զարգացնել: Բայց հասարակական գիտություններում, գրեթե բոլոր բնագավառներում, հետընթաց է նկատվում: Սա մտահոգիչ է, քանի որ, գաղտնիք չէ, Թուրքիան և Ադրբեջանը լրջորեն զբաղվում են միջազգային գիտա-ուսումնական կենտրոններում երիտասարդ մասնագետներ պատրաստելու խնդրով: Այստեղ մենք թերանում ենք:
-Իսկ ի՞նչ է պետք դրա համար, ի՞նչն է, որ մենք չենք կարողանում անել:
— Դրա համար նախ պետք է մշակել չափանիշներ և այնպիսի համակարգ, որ գիտնականը վարձատրվի իր աշխատանքին համահունչ: Պետք է մշակել գիտնակաների գործունեության գնահատման չափանիշներ: Շատերն ասում են` կադրեր ուղարկենք արտասահման՝ սովորեն, գան: Եթե ես մեկին ուղարկեմ Հարվարդում սովորի, այնուհետև Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր գիտական հոդվածներ գրի, գրքեր հրատարակի և վերադառնա Հայաստան, այստեղ նա չի կարողանա արժանապատիվ գոյություն ապահովել: Նա չի կարող կարիերիայի զարգացում ապրել, քանի որ հաշվի չի առնվում նրա գործունեության չափանիշները. ոչ ոքի չի հետաքրքրում նրա գիտական պատրաստվածությունը և զարգացման ներուժը: Այսինքն`այս բացասական «ընտրության» և արժևորման խնդիրն այն է, որ մարդ մտածում է՝ ինչու վերադառնալ: Իսկ եթե չափանիշները գործեն, բնական է, որ մարդիկ շահագրգռված կլինեն գնալ արտասահման սովորելու: Այսինքն՝ արժանիին արժանին մատուցելու խնդիրն է: Դրանով էլ գիտությունը կզարգանա, պետությունը կզարգանա: Մենք ուրիշ ճանապարհ չունենք. ինչքան էլ միլիոներ ներդրես, որևէ արդյունք չի տա:
— Ուզում եք ասել, որ գիտությամբ զբաղվելը խթանող մեխանիզմնե՞ր է հարկավոր մշակել:
— Այո, անցել են ժամանակները, երբ գիտության մշակի համարումը գոհացնում էր մարդկանց: Այսօր գիտությանը նվիրվող երիտասարդը պետք է իմանա, որ կարող է ապահովել իր ընտանիքը, հոգալ իր դիրքին հարիր կարիքները, արժանապատիվ ապրել: Նա պետք է վստահ լինի իր զարգացման հեռանկարում, հեռանկար, որ որոշարկված կլինի ազնիվ մրցակցությամբ:
Շուշան Գալստյան
Երբ նայում եմ օրեցոր ամայացող իմ երկրին, երբ ինքս եմ աղջկաս ուղարկում դուրս սովորելու, հույսը մտքումս պահելով, որ կմնա, հետ չի գա, երբ քնելուց առաջ մտքումս հաշվարկներ անում` ո՞նց գնամ, ո՞ւր, որտե՞ղ բուժվեմ, որ ապահով լինի, էստեղ չեմ վստահում` բժիշկների կատարելագրործման համար գումարներ չեն ծախսվում, երբ հեպատոլոգն ինձնից քիչ գիտի իմ հիվանդության մասին, երբ տիրող անարդարություններն ու համատարած անտարբերությունը տեսնելով անուժ լինելուց կատաղությունից նեղացնում եմ մտերիմներիս, սկսում եմ ատել ինձ, ու ինձ ծնող երկիրը, որ միայն ծնել ու վատ մոր պես թողել է անտեր ու ինքնահոսի, էն էլ գայլերի ոհմակում….
Ամեն մեկը Մաուգլի չի, իսկ մեր գայլերն էլ Մաուգլիի գայլերը չեն… Կարծեմ գայլեր էլ չեն, գայլերը թասիբ ունեն ու «դուխ»: Մեր գայլերը ախքերն են: Մեր գայլերը դհոլներն են: Մեր գայլերը աղվեսներն են: Մեր գայլերը առյուծներն են: Մեր գայլերը մկներն են: Մեր գայլերը միայն ոհմակով են գայլ, միայնակ դառնում են ճամբարափոխ արագ-արագ էսկողմ-էնկողմ վազող ռախիտ նապաստակներ ու խառնվում Մաշտոցի այգու խրախճանքին մաքսիմում` առավել ծորակները փակ են նրանց համար, ժողովուրդը չի հավատում:
Գիտությունը ամեն մեկի խելքի բանը չի: Գիտության կարեւորությունը ամեն մեկը ի զորու չի ըմբռնել` շոշափելի նյութական արժեքի բացակայության պատճառով, իսկ ազգիս գերակշիռ մասը նյութապաշտ ու մատերիալիստ սուտի հայքրիստոնյա է: Գիտությունը պետք է փրկել, որ վաղը կարողանանք ապրել: Մենք ունենք բնական պաշարներ, որոնք անվերջ չեն: Մենք այլեւս ոչինչ չենք ունենա, երբ էդ պաշարները սպառվեն: ՈՉԻՆՉ: Մենք ունենք միայն մեր գենոֆոնդը:
Ու էլի ասեմ. ամեն շնչին բաժին ընկնող մեր գիտական արտադրանքն աշխարհում առաջատարներից է, ու մեր ամեն մի գիտնականը, ընդհանուր առմամբ, մոտ 5 անգամ գերազանցում է վրացի և ադրբեջանցի գիտնականին: Այսօր աշխարհի հեղինակավոր գիտական պարբերականներում մեր երիտասարդ գիտնականների աշխատություններն են տալիս ազդեցության բարձր գործակից:
Իսկ մեր պետությունը չգիտես ինչու հայտնվել է Ռուսաստանյան հեղինակավոր բուհերում ուսանողների տեղերի հատկացման թվով աուտսայդերների մեջ, կարծում եմ` իր երկրի վարկանիշին համապատասխան` ամբողջ ԱՊՀ երկրներից ամենաքիչ թվով հայասատանցի ուսանողներ է վերցնում:
Գիտելիքահեն տնտեսությունը կառավարության կողմից պետք է դիտարկվի ու թղթի վրա էլ դիտարկվում է որպես ռազմավարական ուղղություն, գիտության ֆինանսավորումը դառնում է պետական անվտանգության հարց, բայց իրականում գիտնականների էնտուզիազմի շնորհիվ է, որ մենք դեռ սեւերես չենք լինում միջազգային գիտական միջավայրում, իսկ էդ գիտական ներուժը շահարկվում է միայն ընտրություններից առաջ:
Մեր գիտնականի միջին տարիքն այսօր 67 է, բայց մարդը հավերժ չի, ու երբ խախտվում է սերնդափոխության ռիթմը, շատ բարդ է լինում վերականգնելը… Մենք կանգնած ենք գիտության դեմոգրաֆիական ճգնաժամի առջև, մեր երիտասարդները չեն ուզում գիտնական դառնալ, քանի որ գիտնականը շատ քիչ է վարձատրվում:
Ո՞վ է փոխարինելու մեզ, հայերիս աշխարհով մեկ ինտելեկտուալ ազգի անուն ու համբավ բերած գիտնականներին, ո՞վ կուզի դառնալ գիտնական այլևս: Ով էլ ուզում է դառնալ, էստեղ սկսում ու գնում է դուրս, դրա մասին են վկայում ողջ աշխարհով սփռված մեր երիտասարդ գիտաշխատողները, ու դրսում նրանց պահանջարկի ավելացման տենդենցը:
Մասնավոր սեկտորի հագարժան բիզնեսմեններ, ներդրումներ արեք գիտության պահպանման ու զագացման համար, դա ավելի եկամտաբեր է, քան հանքերն ու «լիֆչիկները», Բիլլ Գեյթսը վկա, Դոն Ջոբսը վկա, Վեբերը վկա, Էյնշտեյնն էլ` դե էլ չասեմ…
Երբ նայում եմ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներին, ուզում եմ տեսնել այնտեղ երիտասարդ գիտնականների, կամ ուզում եմ տեսնել գոնե մի գիտնական թեկնածուի, որ ունի եռանդ, ունի պատկերացում, թե ի՞նչ է իրականում գիտությունը, ինչի՞ համար: Որ էդ դահլիճում նստածները, որոնք մտածում են, թե գիտությունը «զիզբիզի» բան է, «ինժեներ բալա», «գիոլոգ բալա», «աչկարիկ» ու այլ որակումներ տվողներ են հիմնականում, ունենաք գոնե մեկը կողքներին, որն իրենց «թայֆից» չի, այլ գիտնականների: Գիտնականներն ինչո՞ւ չեն առաջադրել իրենց թեկնածուին: Կամ գուցե՞ ժամանակն է նոր կուսակցություն ստեղծել ու հաջորդ ընտրւթյուններին գնալ «Գենոֆոնդիս տեր եմ» կարգախոսով, մտքում պահելով` տեր եղիր այսօր, որ վաղն ապրելու երկիր ունենաս, շնչելու օդ ու խմելու ջուր … Ինժեներ բալան է փրկելու մոլորակը, չիմացեալ արքայութեան ջատագովներ ջան:
Հարգարժան Պետություն, ձեզնից ի՞նչ է գնում, որ ստիպեք մասնավոր սեկտորին գիտության մեջ ներդրումներ անել: Վայ, կներեք, մոռացա, որ հեռագնա ներդրումներ անում են միայն հեռագնա ծրագրերի մեջ, մի պետություն, որն իր վրա 25 տարվա մաքսիմում «գրանտ» ունի, ինչի՞ պետք է մտածի հեռուն: Իրա գրանտակերությունը կանի, կուտի ընդերքը, կխմի հողի արյունն ու կվերանա աշխարհի երեսից… Մայա քաղաքակրթությունն էլ երեւի հայեր են եղել, որովհետեւ Մայան էլ է ընկել բնական ռեսուրսների անխնա օգտագործման հետեւանքով:
Երկրագնդի բնական ռեսուրսները կհատեն 2030 թ.-ին մոտ, մարդիկ այսօր արդեն պարտքով են ապրում երկրագնդին` գերածախս ենք տալիս, մենք 9 ամսում սպառում ենք էն, ինչ արտադրում ենք 12 ամսում: 2050 թվականին մոտ կփակվի մեր վերջին հանքը, ու մենք, հայերս մեր մեծ լուման կունենանք երկրագնդի ոչնչացման գործում: Մենք կարող ենք փրկել մոլորակը խնայողաբար ծախսելով բնական պաշարները, չաղտոտելով շրջակա միջավայրը, վերականգնելով սպառվածը, որը կարող ենք անել միայն գիտության օգնությամբ, գթասրտության ու խնայողության, փոխօգնության ու համաձայնության մթնոլորտում: Մենք դեռ 10 տարի ունենք փրկելու… Հայաստանը չէ, գլոբալ նայեք` մոլորակը, իսկ մոլորակի օդն ու ջուրը բոլորիս համար նույնն է` իմ, գիտնականի ու օլիգարխի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.