23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 18-ին լրանում է հայաստանյան բուհերի ռեկտորների թափուր պաշտոնների համար դիմումների ներկայացման վերջնաժամկետը:
Հայտարարված մրցույթին ԿԳՆ դիմումներ են ստացվել միայն ռեկտորների ներկայիս պաշտոնակատարներից:
Վաղը լրանում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը, սակայն դեռ ոչ ոք չի դիմել: ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնի համար մրցույթը կկայանա ապրիլի 30-ին: Այստեղ երկու տարբերակ կա. կամ՝ ներկայիս պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը այնքան վստահ է, որ ինքն է զբաղեցնելու այդ պաշտոնը և մտածում է՝ դիմում է էլի, վերջին պահին էլ գրվի՝ բան չի փոխվի, կամ՝ դեռ չի կողմնորոշվել (սա, իհարկե, քիչ հավանական է):
Մյուս ԲՈՒՀ-երում ևս, կարծես, հարաբերական անդորր է տիրում. Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Գավառի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդը ևս մեկն է` ներկայիս պաշտոնակատար Ռուզան Հակոբյանը: Այս բուհում այլ բան չէր էլ կարելի սպասել. հավակնորդը բուհի հիմնադիր Հրանտ Հակոբյանի թոռնուհին է`Հրանուշ Հակոբյանի եղբոր դուստրը… Այնպես որ՝ սա ընտանեկան բիզնես է:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր դառնալու ցանկություն է հայտնել միայն ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Կորյուն Աթոյանը:
Իր տեղում վստահ է զգում նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Մրցույթին մասնակցելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է, սակայն կարծես այստեղ էլ նոր թեկնածուներ չկան:
ԿԳՆ- ից հայտնում են, որ եթե սահմանված ժամկետներում դիմումներ չներկայացվեն, նոր մրցույթ կհայտարարվի:
— Պարո´ն վարչապետ, տնտեսության անմխիթար վիճակի մասին ի՞նչ կասեք:
— Իսկ երբվանի՞ց եք Դուք դա արձանագրել` էդ անմխիթար վիճակը: Այսինքն, 5 տարի առաջ ընենց բարգավաճող վիճակում էինք, հետո դառավ անմխիթա՞ր:
— Հիմա ի՞նչ վիճակում է մեր տնտեսությունը: Օր օրի լավանու՞մ է, թե՞ վատանում:
— Ես հիշում եմ Արշակ Սադոյանի ելույթները. որ մենք կանգնած ենք կործանման եզրին, որ վաղը, մյուս օրը մեր վերջակետն է, մենք կործանվելու ենք: Մենք ձեզ հետ միասին հետճգնաժամային փուլում ենք գտնվում, երբ որ դուք էլ եք տեսնում, որ աշխարհում շատ բան է փոխվել, աշխարհում զարգացման մոդելն է փոխվել: Այսինքն` լրջագույն փորձություններ են սպասվում մեզ առջևում, և ես կարծում եմ՝ մենք ունենք համապատասխան գործիքներ` մեր նավը համաշխարհային տնտեսության մեջ առանց ռիսկերի կառավարելու:
— Նախագահը ձեզ երկու ամիս ժամանակ է տվել կառավարության հետ միասին` տնտեսության մեջ դրական շարժեր կատարելու:
— Առաջին անգամ եմ լսում: Ես կարծում եմ, որ որոշ լրատվական միջոցներ փորձում են նախագահի խոսքերը աղավաղել: Այդպիսի վերջնաժամկետներ կառավարության առջև ոչ մեկը չի դրել, այդ թվում նաև՝ հանրապետության նախագահը: Նախագահը ձևակերպել է կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրներ, ընդ որում, մինչև մայիս ամսվա ընթացքում մենք ինքներս արձանագրել ենք, որ լինելու են դրական տեղաշարժեր, մենք բոլորս տեսնելու ենք, միջնաժամկետ առումով էլ ա դա լինելու, տարվա վերջում մենք ակնկալում ենք, որ գնաճն էլ կկարողանանք զսպել, կտրուկ կնվազի: Այնպես որ, պետք է խոսել մինչև մայիս, մինչև սեպտեմբեր, մինչև տարվա վերջ, ինչպես նաև մինչև մյուս ընտրություններ, որին մենք պետք է պատշաճ նախապատրաստված լինենք:
— Մինչև մայիս նախապատրաստվա՞ծ եք:
— Այո´, քանի որ այն միտումները, որ մենք արձանագրում ենք արդյունաբերության մեջ, գյուղատնտեսությունում, վկայում են այն մասին, որ դրական տենդենցները առկա են: Մեր պարտքն է` պահպանել այդ դրական միտումները մինչև տարվա վերջ:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հանդիպել է բլոգերների հետ: Անդրադառնալով «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախագահ, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանի հետ կոնֆլիկտին, Հրանուշ Հակոբյանը չի թաքցրել, որ պատրաստված է ներկայացել: Նա ցույց է տվել մի փաստաթուղթ, որտեղ 2010 թվականին Թամար Պողոսյանը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անցկացնելու համար իրեն գրել է
6 միլիոն 631 հազար դրամ աշխատավարձ:
Ընդ որում, փառատոնի տևողությունը 1 շաբաթ էր, շեշտել է Սփյուռքի նախարարը՝ հավելելով. «Թե ինչու է այդքան բարձր Թամար Պողոսյանի աշխատանքային ինքնագնահատականը, թերևս պետք է պարզեն համապատասխան պետական կառույցները: Նաև պետք է պարզել, թե ուրիշ ինչ աշխատավարձեր են բաշխվել այդ փառատոնի շրջանակում»:
Մենք այսօր փորձեցինք լսել նաև տիկին Պողոսյանի կարծիքը՝ իրեն «շանտաժիստ», «զրպարտիչ» և «օրինախախտ» անվանող նախարարության աշխատակիցների մասին: Նա խոստացավ պարզաբանել, սակայն պահը հարմար չէինք ընտրել. տիկին Թամարը ավտոմեքենայի մեջ էր:
Հայաստանում սրտի վիրահատության արժեքը տատանվում է 7-20 հազար դոլարի սահմաններում: Այն հարցին, թե` եթե հիվանդը ֆինանսապես անապահով է, կարո՞ղ է դիմել սրտի վիրահատության և փրկվել, Պրոֆիլակտիկ կարդիոլոգիայի կենտրոնի տնօրեն, Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զավելյանը պատասխանեց. «Հավանաբար՝ ոչ»:
«Գարնանը և աշնանը սրտանոթային հիվանդություններն ավելանում են, քանի որ, ինչպես բնությունն է զարթոնք ապրում, այնպես էլ՝ օրգանիզմը, ինչը ազդում է ախտորոշված հիվանդությունների վրա: Իսկ աշխարհում մահացությունների հիմնական տոկոսը սրտանոթային հիվանդությունների պատճառով է արձանագրվում, հետևաբար ժամանակն է, որ սրտանոթային հիվանդությունների վրա մեծ ուշադրություն սևեռվի»,- ասաց սրտաբանը:
Խոսելով կանխարգելիչ միջոցառումների մասին՝ գլխավոր սրտաբանը նշեց , որ օրգանիզմը շատ խելացի է, եթե մարդու գլուխը ցավում է, ապա օրգանիզմը դրա միջոցով ազդակ է հնչեցնում, որպեսզի հիվանդը պարզի, թե դա ինչով է պայմանավորված: Հետևաբար, նման խնդիրներ ունեցող մարդիկ պետք է պարտադիր դիմեն բժիշկի և չսպասեն՝ մինչև դանակը հասնի ոսկորին:
Ըստ սրտաբանի Հայաստանի բնակչության մեկ երրորդը տառապում է արտերիալ ճնշման խախտմամբ: Այդ ցուցակի 17-20 տոկոսը մինչև 30 տարեկան երիտասարդներ են։
Շուշան Գալստյան
Որքան մոտենում են բուհերի պետական քննությունները, այնքան Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններում կրքերը թեժանում են: Ընդ որում, կրքերի թեժացման աստիճանը հիմնականում պայմանավորված է կրթական հաստատության և տեղի ղեկավարության բարոյականության աստիճանով:
Հայաստանում արդեն վաղուց հաստատված բարի ավանդույթով անհնար է գտնել մի բուհ, որը զերծ լինի կոռուպցիայից: Բայց եթե համապատասխան կաշառքի դիմաց անհրաժեշտ գնահատական ստանալը պետական բուհերի դեպքում ինչ-որ տեղ հասկանալի է, ապա նույնը չի կարելի ասել ոչ պետական բուհերի մասին, որոնք առանց դրա էլ խոցելի դիրքում են պետականների նկատմամբ:
Սակայն ոչ պետական բուհերի մեջ էլ կարելի է տարբերություններ հայտնաբերել: Սա ևս կախված է սրանց ղեկավարների` կաշառակերության հանդեպ ունեցած թուլության աստիճանից: Այս բուհերի ղեկավարները սիրում են համեմատվել պետականների հետ, կրկնել, թե իրենք չեն զիջում պետականներին, որ թեև իրենց դիպլոմը պետական դիպլոմին համարժեք չի համարվում, սակայն իրենց ուսանողները գոնե իրենց գիտելիքներով չեն զիջում պետականներին: Նման պնդման իրական լինելու դեպքում բնական է, որ այս բուհերի շրջանավարտները պետք է որևէ դժվարության չբախվեին պետական քննություններ հանձնելիս, գոնե այս բուհերի դեպքում քննակաշառքը պետք է որ իսպառ բացառվեր, հատկապես որ՝ դրանք ամբողջությամբ աշխատում են փողի սկզբունքի հիման վրա. ոչ պետական բուհերում կրթությունը հարյուր տոկոսով ստանում են միայն վարձավճարի դիմաց, անկախ նրանից` տվյալ անձնավորությունը դասի ներկայանում է, թե ոչ:
Եվ ահա թե ինչ հետաքրքիր սկզբունքներով են աշխատում որոշ բուհեր:
Կրթական օբյեկտի բոլոր հատկանիշներով սկզբնավորված և գործունեություն ծավալած «Հայբուսակ» անհասկանալի վերտառությամբ բուհ կոչվածում այս տարի պետական քննություն ստանալու հետաքրքիր նորամուծություն է ի հայտ եկել: Այստեղ, ըստ երևույթին, այս բուհի ռեկտոր Անահիտ Հարությունյանի գործարար հատկանիշների (այս կինը, ինչպես հայտնի է, այս ասպարեզի ամենաճարպիկ ձեռներեցներից է և կրթական հաստատությանը վերաբերվում է զուտ որպես կրթական բիզնեսի, որի առաջին՝ կրթական բաղադրիչը, դատելով այս բուհի շատ ու շատ շրջանավարտների կրթական մակարդակից, պարզապես արհամարհված է) շնորհիվ գործի է դրվել քննություն ստանալու նորագույն, առաջադիմական մոտեցում: Այս տարի այստեղ արդեն ահագին ժամանակ կիրառվում է պետական քննություններ ստանալու «բիրիքային» տարբերակը. այսպես, պետական երկու քննություն ստանալու համար այստեղ հաստատվել է 80 հազար դրամանոց սակագին: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ տարբերություն չի դրվում առարկաների միջև: Սակագինը նույնն է, անգամ չի էլ խոսվում այն մասին, թե որ քննությունն ինչ արժե. ենթադրենք՝ մեկը լինի 50 հազար, մյուսը` 30 հազար դրամ. քննություններն այստեղ սղղացվում է «բիրիքով»` առանց ավելորդությունների:
Քանի որ քննական պրոցեսը դեռ առջևում է, անհնար է ճշտել, թե մոտավորապես որքան է կազմելու այս քննաշրջանից ռեկտորի հասույթը, քանի որ դա ևս խիստ գաղտնի է պահվում, այնպես որ՝ դժվար է ասել, թե հիշյալ գումարից որքանն է ռեկտորինը, որքանը` շարքային դասախոսներինը: Թեև, նկատի առնելով հիշյալ կնոջ մեծ հռչակ վայելող գործարար հատկանիշները, դժվար թե նա թույլ տա, որ իր դասախոսներն իրենից շատ փող աշխատեն: Բավական է հիշել ՀՀ վերահսկիչ պալատի 2009 թ. բացահայտումները, երբ հիշյալ բուհը` Երևանի Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտից 25 մլն դրամով պետք է գներ շենքի 675 քմ տարածքը, սակայն մինչև օտարումը նույն ինստիտուտի հետ պայմանագիր է կնքում 20 մլն դրամով՝ նշված տարածքը վերանորոգելու համար: Արդյունքում, իրականում համալսարանը ինստիտուտի 675 քմ տարածքը գնում է ընդամենը 5 մլն դրամով: Նման գործարք, բնականաբար, կարող էր «կպցնել» միայն Անահիտ Հարությունյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այսօր կայացած հակակոռուպցիոն համաժողովում նշեց այն հիմնական պատճառները, որոնք հանգեցնում են կրթական համակարգի կոռուպցիոն երևույթներին: Ըստ Աշոտյանի, կոռուպցիայի պատճառներից մեկը պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքի առկայությունն է: Նրա պնդմամբ, այս հանգամանքով պայմանավորված՝ թե՛ ներբուհական քննությունների, թե՛ ընդունելության քննությունների ժամանակ ընդգծվում են կոռուպցիոն երևույթները: Աշոտյանը տեղեկացրեց, որ այդ երևույթները կանխելու համար, դեռևս անցյալ տարի, նախարարությունը նվազեցրել է պետպատվերի շրջանակում տարկետման իրավունքով տեղերի քանակը և պետական բուհերին զրկել վճարովի տարկետման իրավունքից:
Նախարարի գնահատմամբ, այդ քայլերն արդյունավետ են, բայց բավարար չեն կոռուպցիոն երևույթները վերջնականապես վերացնելու համար: Կոռուպցիան ուժգնանում է մասնավորապես մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունվելու ժամանակահատվածում: Նա նաև խոստվանեց, որ կոռուպցիայի աճին նպաստում է կրթության ցածրորակությունը:
Հիշեցնենք, որ 2010 թ. դեկտեմբերի 30-ին ԿԳՆ-ն ընդունել է «Կրթական համակարգում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի 2010-11 թթ. միջոցառումների համալիր ծրագիրը», որում արձանագրված է, որ բուհերի ռեկտորներն իրենց տարեկան հաշվետվությունների մեջ պետք է նաև ներկայացնեն հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում իրականացված գործողությունները:
Նախարարը մասնավորապես ընդգծեց կրթության ոլորտի թերֆինանսավորումը, որը, ըստ նրա, մեծ խնդիր է: Կրթության ոլորտի բյուջեի 30 տոկոսը տրամադրում է պետությունը, իսկ 70 տոկոսը կազմվում է ուսանողական վարձավճարների միջոցով, իսկ, օրինակ, եվրոպական և ամերիկյան բուհերի բյուջեն հիմնականում գոյանում է մասնավոր ոլորտի ներդրումների արդյունքում:
Իսկ վերջում պարոն Աշոտյանը երևի պիտի ասեր, որ այդտեղ է թաղված շան գլուխը: Չասաց:
Երբ երկրի նախագահին ասել են` Սամվել Ալեքսանյանը չարաշահում է իր վստահությունը (խոսքը հենց օղուն է վերաբերել), հակադարձել է. «Ի՞նչ անեմ, բանակ է պահում»: Երբ անցյալ տարի Ծաղկաձորում`«Հայկական Դավոսի» շրջանակներում, վարչապետ Տիգրան Սարգսյանին, եթե չեմ սխալվում, հենց Ուկրաինայի ներկայացուցիչը ցույց տվեց գործարարի արտադրած օղին, որը շատ նման էր մեկ այլ` Հայաստանից դուրս արտադրվող բրենդի (հիմա չեմ հիշում անունը), ամոթից գլուխները կախած քննարկման մասնակիցներն ասելիք չգտան, ընդամենը լրագրողներին սրահից դուրս հրավիրեցին:
Իսկ երեկ գործարար Ալեքսանյանը հայտարարել է. «Մենք ուկրաինական արաղների նման արաղներ չենք արտադրում»:
Մինչդեռ անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար, ասել է թե՝ այլ ընկերության պատկանող ապրանքային նշանին շփոթության աստիճան նման արտադրատեսակներ շուկա հանելու համար 2010 թ. «Ալեքս Գրիգ» ընկերության հանդեպ հարուցվել է 7 վարչական վարույթ և կիրառվել, ընդհանուր առմամբ, 3,5 մլն դրամ տուգանք. սա ասված է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում:
Երեկ, այս թեմային անդրադառնալով, մենք նշել էինք, որ ՏՄՊՊՀ-ն մասնավորապես հիշեցնում է ուկրաինական մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած որոշ օղիներ շփոթության աստիճան նման են ուկրաինական գրեթե համանուն օղիներին:
«Հանձնաժողովը մշտապես անդրադառնում է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքերին: Հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությանը հանձնարարվել է դադարեցնել և հետագայում ևս բացառել կեղծված ապրանքային նշանների օգտագործմամբ օղու իրացումը և հանել այդ ապրանքները շրջանառությունից: Սակայն ընկերության կողմից դատական կարգով բողոքարկվել են Հանձնաժողովի բոլոր 7 որոշումները, և այս պահի դրությամբ դրանք գտնվում են դատարանի վարույթում»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրությունում։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքով, անբարեխիղճ մրցակցության դրսևորման համար տուգանքի առավելագույն չափ է սահմանված 500 հազար դրամը: Սակայն, նոր օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է զգալիորեն խստացնել անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները:
ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ հանձնաժողովը մշտապես հետևողական է նաև այս դաշտում առկա խնդիրների և իր կողմից կայացված որոշումների հանդեպ:
Տեսնենք, թե երկրի բարձրաստիճանների շրջանում հոպարներ ու թագավորներ ունեցող գործարարը ինչ քայլեր է ձեռնարկելու կամ ձեռնարկելու՞ է արդյոք՝ ոչ միայն գումարները խնայելու, այլև իր վարկաբեկվող անունը փրկելու համար:
Երևանի պետական համալսարանի բարձր վարկանիշի մասին տեսակետին երևի թե հակաճառող չկա: Բոլորն էլ գիտեն, որ սա Հայաստանի ամենագոլդ ֆակուլտետն է, որտեղ սովորում են Հայաստանի «գոլդերի» ժառանգները:
Պարզվում է, սրա մասին գիտեն նաև մուրացկանները, ու ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի աստիճաններն ունի նույն համարումը, ինչ եկեղեցիներինը:
Ժամանակին ուսանողությունն ապրում էր թոշակով, առավել բարեկեցիկ համարվում էին նրանք, ովքեր սովորում էին գերազանցությամբ և ավելի բարձր թոշակ էին ստանում: Այդ ժամանակները վաղուց են անցել: Հիմա արդեն նրանք խիստ դասակարգված են. կամ՝ անասելի աղքատ են, կամ՝ այնքան հարուստ են, որ կարող են օրվա ապրուստով ապահովել մուրացկանությամբ զբաղվողներին:
Իրավաբանական ֆակուլտետի աստիճաններին միշտ բազմում է մի տիկին, որը կարծես պարտադիր աշխատանքի ներկայանա առավոտից մինչև ժամը 16:40: Ընդ որում, տիկինը միայնակ չէր, նրա հետ էր նաև նրա «գործընկեր»-ամուսինը, որ այդ օրը հորդորում էր կնոջը. «Արի´, արի´ գնանք, հերիք ա»: Սակայն կինը շարունակում էր մնալ` նոր «որսի» ակնկալիքով:
Ինչպես երևում է, կնոջ ինֆորմացիայի հասցեականությունը ճիշտ էր, սակայն թերի. կինը գիտեր, որ իրավանաբական ֆակուլտետն այն վայրն է, որտեղ կարելի է «բռնացնել» Հայաստանի օլիգարխների և պաշտոնյաների զավակներին: Սակայն այս կնոջը թերացել են ասել, որ պապաների բալեքը դժվար թե մինչև ժամը հինգը դասի նստեն. նրանք գալիս են իրենց ավտոմեքենաները ցուցադրելու, նոր ձեռքբերումներով գլուխ գովելու համար, և ինչպես անսպասելի հայտնվում են, նույնքան անսպասելի էլ անհետանում են:
Մնում է միայն հույսը դնել հերթական ստուգարքի կամ քննության վրա, որից գլուխները պրծացնելու համար ուսանողները «չաղ մաղարիչ» են անում:
Երեկ մոսկովյան Կրեմլի դահլիճում ավարտվեց «Տաշիր-2011» համահայկական երաժշտական մրցանակաբաշխությունը: «Տաշիր գրուպի» հիմնադրած այս մրցանակաբաշխությունն արդեն 6-րդ տարին է անցկացվում: Ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաալիքից տեղափոխվել էր «Արմենիա TV»:
Բացի խայտառակ ուղիղ եթերից, որի ընթացքում երևաց հեռուստաալիքի վախվորածությունը «հանկարծ մի բան էն չլինի» հողի վրա, երբ Գարիկ Մարտիրոսյանի` Սարգսյան-Մեդվեդև զույգի հեռախոսազրույցի մասին հումորային ելույթի ժամանակ եթերն ընդհատվեց, ինչ է թե՝ նրանց թվաց, որ Գարիկը «հակա բան ա ասում», մտցրին կարճ գովազդ: «Արմենիա TV»-ն, իհարկե, հիմա էլ պնդում է, թե տեխնիկական պրոբլեմներ են եղել: Հետո Գարիկ Մարտիրոսյանն ասաց, որ եթերն ընդհատվել է տեխնիկական պատճառներով ու նորից կրկնեց իր պատմությունն այն մասին, թե ոնց են Մեդվեդևի հետ զանգահարել Սերժ Ազատիչին, որպեսզի հարցնեն, թե ում հետ լավ կլինի, որ Գարիկը վարի, Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ լավ կլինի վարի Սոբչակի հետ:
Մրցանակաբաշխությունը վարում էին նաև Մարկ Սաղաթելյանն ու Վերա Բրեժնևան, Նիկոլայ Բասկովն ու Օքսանա Ֆեոդորովան:
Մրցանակներն ավելին քան շքեղ էին՝ բնակարաններ Երևանում ու Մոսկվայում և ավտոմեքենաներ: Սկզբում թվարկեմ բնակարանները:
Նունե Եսայան — Հայկական ժողովրդական երգը հանրահայտ դարձնելու համար
Ջիվան Գասպարյան — Հայկական երաժշտությունն աշխարհում ճանաչելի դարձնելու գործում ներդրման համար
Կամո Սեյրանյան — Լավագույն գործիքային ստեղծագործութան համար
Սիրուշո — Հայկական երաժշտությունը Եվրոպայում հայտնի դարձնելու համար
Թաթա Սիմոնյան — վերջին 10 տարվա ընթացքում ամենաշատ համերգներ տալու ու ամենավաճառվող լազերային ձայներիզներ թողարկելու համար
Արման Հովհաննիսյան & Լուսինա — «Տարվա լավագույն դուետ»
Գարիկ Մարտիրոսյան — Վերջին տասնամյակի «Լավագույն շոումեն»
Քսենյա Սոբչակ – Քսենյա Սոբչակ լինելու համար
Գագիկ Ծառուկյանն էլ բնակարանի սերտիֆիկատ հանձնեց «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանին:
«Տաշիր» խմբի ընկերություններն ավտոմեքենաներ նվիրեցին՝
Էմմիին — «Լավագույն երգչուհի» անվանակարգում
Ռազմիկ Ամյանին — «Լավագույն երգիչ» անվանակարգում:
Այս տարի «Հայաստանի ընկերներ» ճանաչվեցին ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լիտվինովը և ռեժիսոր Նիկիտա Միխալկովը:
«Տարվա առաջընթաց» անվանակարգում հեռուստադիտողների օնլայն sms քվեարկությամբ ընտրվեց Մարտին Մկրտչյանը: Նրան հանձնվեց ՌԴ անվանի մեդիա արտադրող ընկերություններից մեկի՝ մեկ տեսահոլովակ նկարահանելու պայմանագիր:
«Տաշիր-2011»-ի պատվավոր հյուրերն էին Լարա Ֆաբիանը, Տոտո Կուտունիոն, «Gipsygitanes»-ը և այլք:
Անճաշակ, նոր տարվա տոնածառ հիշեցնող խայտաբղետ եթերի ողջ ընթացքում Ֆեյսբուքն ալեկոծվում էր «Տաշիր-2011»-ի «Пир во время чумы» վիճակից: Ինձ ասացին. «Արմենիայով բնակարաններ են բաժանում, նայի», ես էլ նայեցի: Ուղիղ եթերի ինտերակտիվ «ցենզուրան» ջախջախիչ էր իհարկե, բայց ժողովուրդը ավելի շատ ցնցված էր բնակարաններով պարգևատրելու զավեշտից՝ այն դեպքում, երբ աղետի գոտու հազարավոր բնակիչներ մինչ այսօր ապրում են ժամանակավոր կացարաններում, կան այլ ընտանիքներ ևս, որոնք ունեն բնակարանի կարիք: Այսկերպ շոու բիզնեսի հայ ներկայացուցիչներին խրախուսելու միջոցը ճիշտ չէր ընտրված, ժողովուրդը սա ընկալեց այնպես, թե իրեն ձեռ են առնում:
Արձագանքը չհապաղեց. աղետի գոտու բնակիչների անունից Հ. Մարտիրոսյանը Վանաձորից կոչ հնչեցրեց՝ Ֆեյսբուքում բացելով «Կոչ «Տաշիր-2011»-ի աստղերին» միջոցառման հրավերքի էջ.
«Առաջարկում ենք մեր աստղերին (ով տան կարիք չունի) «Տաշիր-2011»-ից նվեր ստացած բնակարանները նվիրաբերել անտուն ընտանիքներին:
Արդյունքը կախված է մեր ակտիվ մասնակցությունից:
Մեր աստղերին խնդրում ենք վերաբերվել հարգանքով:
Մենք առաջարկում ենք և ոչ թե պահանջում» կարգախոսով:
Ողջունելով նախաձեռնությունը, հարցեր ուղղեցի Հ. Մարտիրոսյանին:
— Ինչո՞ւ եք մտածում, որ աստղերը պարտավոր են էդ բնակարանները նվիրել անտուն մարդկանց: Ի՞նչ եք մտածել էսպիսի բան նախաձեռնելով, ինչի՞՚ եք հավակնում, որ իրենք չեն մտածել դրա մասին, մտքներով չի անցել, ու հիմա որ իմացան նախաձեռնության մասին՝ կվերցնեն ու կտա՞ն:
— Դա իր ձևի մեջ նաև աշխատանքի արդյունք է՝ գնահատում, ու ինչու չէ՝ փող: Էսօր ժողովուրդը մի լավ օրի չէ, անտուններն էլ շատ են, իսկ իրենցից շատերին էդ մեկ սենյականոց տները պետք չեն, դա ճիշտ կլինի, բարոյական կլինի:
— Ու ի՞նչ պրոգնոզներ ունեք, կարձագանքե՞ն, ու ավելի հավանական է՝ ովքե՞ր կարձագանքեն, ձեր կարծիքով:
— Ես հույս ունեմ որ Նունեն , Սիրուշոն, Էմմին, ու Ջիվան Գասպարյանը կնվիրեն: Հետո, շատ են խոսում թե FB-ի միջոցով կարելի է ինչ-որ գործեր անել, թող ռեալ բարեգործական նախաձեռնության առաջին օրինակը լինի: Ինձ նաև հետաքրքրում է, թե այստեղ հավաքված մարդիկ ինչքանո՞վ են կազմակերպված ու ինչի՞ են ընդունակ… Մենք առաջարկում ենք և ոչ թե պահանջում: Եկեք ավելի հանդուրժող լինենք, աստղերը մեղավոր չեն, որ իրենց բնակարաններ են նվիրել, եկեք այս միջոցառումը չարժեզրկենք. չէ՞ որ բոլորով կարող ենք թեկուզ մեկ ընտանիքի երջանկություն պատճառել…
Նախաձեռնության էջում հնչում են տարբեր կարծիքներ, սկսած՝ «Դրանք տվողը չեն», «Հուսամ, հերթական PR-ը չի», «Շատ կներեք, իսկ խի՞ պետք է նվիրեն, որ իրանք իրանց կայանալու մեջ էնքան փող են ներդրել, հիմա գոնե մի քանի տոկոս հետ են ստացել իրանց աշխատանքի շնորհիվ: Անիմաստ բան եք անում», «Եթե հայ «աստղերից» (չնայած էս արտահայտությունը իրանց համար չի, բայց դե) ինչ-որ մեկն ուզենար տուն նվիրել… հիմա վաղուց նվիրած կլիներ… շատ կողմ եմ, բայց իմանալով նրանց, հույս չունեմ, որ ինչ-որ մեկը կարձագանքի ու ինչ-որ բան կձեռնարկի… էլ չեմ ասում նվիրելու մասին», մինչև՝ «Պետք է ՀԱՏՈՒԿ ԸՆԴԳԾԵԼ, որ այս կոչը չի վերաբերում ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ում իր բնակարանը թող ՀԱԼԱԼ ԼԻՆԻ», «Սոբչակին հաստատ բնակարան պետք չի»:
Քսենյա Սոբչակը Անատոլի Սոբչակի դուստրն է: Նրա հայրն իր կենդանության օրոք հայ ժողովրդի մեծ բարեկամն է եղել Գալինա Ստարովոյտովայի ու Անդրեյ Սախարովի հետ միասին: Ես հիշում եմ, որ նրանք իրենց ԽՍՀՄ պատգամավորական մանդատները վայր են դրել հօգուտ ԼՂՀ պատգամավորների: Քսենիան ռոսւաստանյան շոու բիզնեսի վառ գլամուրային դեմքերից է, լավ ընտանիքի զավակ, մնում է պարզել՝ ինչպիսի մարդ է նա, ինչպիսիք են մեր աստղերի մարդկային որակները:
Ես միանում եմ կոչին, ու եթե մեր աստղերը արձագանքեն, ապա ես կհավատամ, որ էս ժողովուրդը կարող է մի բանի հասնել: Նաև կոչ եմ անում միանալ բոլորին, ովքեր համաձայն են: Միասին մենք կարող ենք շատ բան անել:
Լուսինե Վայաչյան
Տարբեր լրատվամիջոցներով հանրությանն էր ներկայացվել մի լուր, ըստ որի` ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարական է տվել, սակայն նախագահականում չեն ընդունել հրաժարականը:
Հայտնի է, որ գլխավոր դատախազն ուզում է հասնել ՀՀ ոստիկանապետի պաշտոնանկությանը և մի քանի անգամ գնացել է նախագահի մոտ հատուկ առաքելությամբ` բացահայտելու իրավապահ այդ կառույցի ղեկավարի, իր կարծիքով, բազմաթիվ մասնագիտական թերացումները: Ոստիկանապետի հնարավոր պաշտոնանկության մասին չդադարող լուրերը հենց այս համատեքստում են: Եթե Ալիկ Սարգսյանը հրաժարական տվեց կամ տեղափոխվեց այլ պաշտոնի, նշանակում է` Աղվան Հովսեփյանը հաղթանակ տարավ, և դրանից հետո իրավապահ ոլորտում, կարելի է ասել, վերջնականապես կհաստատվի Աղվան Հովսեփյանի միանձնյա իշխանությունը: Եթե` ոչ, ուրեմն` նախագահը կարողացավ դիմադրել և չի ցանկանում ամեն ինչ հանձնել գլխավոր դատախազի վերահսկողությանը:
Միաժամանակ, եվրոպամետ և առաջադեմ համարվող Դավիթ Հարությունյանի թևը փորձում է ձերբազատվել գլխավոր դատախազի իշխանությունից կամ զրկել նրան իրավապահ-մոնոպոլիստի կարգավիճակից: Այս համատեքստում էին դիտարկվում Կոստանյանի նշանակումը զինդատախազի պաշտոնում, արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկությունը, որը գլխավոր դատախազի դրածոն էր: Ասում են, Դանիելյանին դարձյալ պաշտոն են տալու, նշանակում է` չանցած մեկ-երկու ամիս, Հովսեփյանը նորից փորձում է վերականգնել դիրքերը:
Եվ ուրեմն, որքանո՞վ էր իրական Աղվան Հովսեփյանի հրաժարականի մասին լուրը: Գլխավոր դատախազության լրատվական ծառայության ղեկավար Շահեն Տոնոյանը, մեր հարցմանն ի պատասխան, բացահայտեց այդ լուրի տարածման ակունքը. տարածողը եղել է «Slaq.am» կայքը, և լուրը տարածվել է որպես ապրիլմեկյան կատակ:
«Ապրիլի 1-ի օրը հայ հասարակության մեջ ընդունված է որպես կատակի և հումորի օր, և յուրաքանչյուր ոք իր հասկացողության և դաստիարակության չափով է հումոր անում: Սակայն, թե որքանով է գլխավոր դատախազի վերաբերյալ արված հումորը կոռեկտ, կարող է որոշել յուրաքանչյուր ոք: Մենուա Հարությունյանի կերպարը իր տեղով ոչ միայն ապրիլմեկյան կատակ է, այլև ամենօրյա կատակների թեմա է»,- ասաց Տոնոյանը:
Իսկ թե ինչպես կդասավորվի իրավապահ համակարգի ղեկավարների միջև բորբոքված պայքարը, և ո՞վ կգրի հերթական հրաժարականը, կերևա առաջիկայում:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.