23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս տարվա հուլիսին webometrics.info կայքէջի հրապարակած վարկանիշային աղյուսակում Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է, հաղորդում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Աշխարհի շուրջ 20 հազար 700 համալսարանների վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն մտել է լավագույն 10 տոկոսի մեջ` գրավելով 2050-րդ տեղը: Հայաստանում գործող բուհերից տվյալ ցանկում երկրորդը Ամերիկյան համալսարանն է` գրավելով 2827-րդ տեղը: Արևելյան եւ Կենտրոնական Եվրոպայի համալսարանների վարկանիշային առանձին ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 175-րդ տեղը:
Վրաստանի առաջատար բուհը Ճավճավաձեի անվան լեզուների և մշակույթի պետական համալսարանն է, որը գրավել է 2537-րդ տեղը, Ադրբեջանի լավագույն համալսարանը` «Կովկաս»-ը, որը զբաղեցնում է 5814-րդ տեղը:
Հունգարիայից Ադրբեջանին մարդասպան Ռ. Սաֆարովի արտահանձնման և նրա ներման կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ռուսաստանի հայերի միությունը վրդովմունքով ընդունեց այն ցնցող լուրը, որ Ռամիլ Սաֆարովը Հունգարիայից, որտեղ նա ցմահ բանտարկության էր դատապարտված հայ սպա Գուրգեն Մարգարյանի չարանենգ սպանության համար արտահանձնվել է Ադրբեջանին, որի իշխանությունները ցինիկորեն ներում են շնորհել և հերոսացրել են ոճրագործին:
Միջազգային իրավունքի և համամարդկային բարոյականության սկզբունքները ոտնահարող այդ գործողություններով Ադրբեջանի ղեկավարությունը ողջ աշխարհին ցուցադրեց իր հանցավոր էությունը, որը ներհակ է հիմնարար մարդասիրական սկզբունքներին, որոնք գործունեության հիմքն են ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է այդ երկիրը:
Ռուսաստանի հայերի միությունը լոիվին պաշտպանում է տվյալ հարցի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահի դիրքորոշումը, որը նա շարադրեց օտար պետությունների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես՝ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցմանն առնչվող նրա հայտարարությունը:
Այս ամենը մեկ անգամ ևս ակներևորեն ցույց տվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ընտրության արդարացիությունը, որն անհնար է համարում սեփական ճակատագիրը կապել մի երկրի հետ, որը ոչ միայն պետական մակարդակով աջակցում է մարդասպանին, այլև սպանության համար ցմահ դատապարտված չզղջացող ոճրագործին դարձնում է ընդօրինակման արժանի ազգային հերոս:
Այս կապակցությամբ Ռուսաստանի հայերի միությունն անհրաժեշտ է համարում.
1. Ռուսաստանի Դաշնության՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակցի ղեկավարությանը կոչ անել արտահայտելու սեփական դիրքորոշումը Հունգարիայի իշխանությունների որոշումների նկատմամբ և դատապարտելու Ադրբեջանի ղեկավարության անօրինական ու ցինիկ գործողությունները, որոնք սպառնալիքի տակ են դնում Հարավային Կովկասում հաշտության ու համաձայնության հասնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմամյա ջանքերը:
2. Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռ. Սաֆարովի հանցավոր արարքների հերոսականացումը նման ոճիրների ընդհանուր տարածման իրական վտանգ է պարունակում, ուստի Ռուսաստանում գործող քաղաքական, հասարակական, իրավապաշտպանական, կրոնական և մյուս կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչներին կոչ ենք անում հրապարակավ բարոյական և իրավաքաղաքական գնահատական տալ Ադրբեջանի ղեկավարության գործողություններին:
3. Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքներին և Ռուսաստանի Դաշնությունում ապրող մեր բոլոր հայրենակիցներին հորդորել ստեղծված պայմաններում հանդես բերել զսպվածություն, համախմբվածություն, չենթարկվել ամեն տեսակ սադրանքներին և բոլոր հանգամանքներում իրենց մեջ պահպանել այն բարձր բարոյական ոգին, որը միշտ ներհատուկ է եղել մեր ժողովրդին»:
Այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Այն հարցին, թե ի՞նչ զարգացումներ կան ադրբեջանցի մարդասպանի ազատ արձակման վերաբերյալ Հայաստանի կտրուկ արձագանքի շուրջ, նախագահը պատասխանել է.
«Աշխատանքները շարունակվում են: Եվ այդ աշխատանքները լինելու են հետևողական, հաշվենկատ, սթափ: Ցանկացած քայլ մենք կատարելու ենք տեղին` ինչպես մեր գործընկերների հետ հարաբերություններում, այնպես էլ միջազգային ատյաններում: Եվ մեր հասարակությունը պարբերաբար տեղեկացվելու է կատարված աշխատանքների մասին: Բայց օգտվելով առիթից՝ ես ուզում եմ դիմել մեր հասարակությանն ու հատկապես երիտասարդներին և խնդրել, որպեսզի նրանք չայրեն Հունգարիայի դրոշը, որովհետև Հունգարիայի դրոշը Հունգարիայի իշխող կուսակցության դրոշը չէ, Հունգարիայի դրոշը Հունգարիայի վարչապետի խորհրդանիշը չէ: Մենք հարյուրավոր տարիներ շատ լավ, բարի հարաբերություններ ենք ունեցել հունգարացիների հետ: Բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը տվել են Հունգարիայի ազատության, անկախության համար, հասել են բարձր դիրքերի, մեծ նվաճումներ են ունեցել, և մեկ մարդու կամ մի կուսակցության, մի կառավարության տմարդի արարքը չպետք է հիմք դառնա, որպեսզի մենք թշնամանանք հունգարացիների հետ: Սա է իմ խնդրանքը մեր հանրությանը, մեր երիտասարդներին: Իհարկե, կարելի է բողոք արտահայտել, բայց այդ ընթացքում մենք չպետք է դավաճանենք ինքներս մեզ ու մեր արժեքները»:
Սոցիալական ծառայություններ դիմող Երևանի բնակիչների կողմից ներկայացված որևէ դիմում անպատասխան չպետք է մնա: Սա հստակ պահանջ է, որով պետք է առաջնորդվեն բոլոր սոցիալական ծառայությունները: Այդ մասին ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` ոլորտի պատասխանատուներին հանձնարարելով այս հարցում լինել խիստ հետևողական: Սոցիալական ծառայություններում լիարժեք ու կանոնակարգված աշխատանք ապահովելու նպատակով քաղաքապետը հորդորել է մանրակրկիտ ուսումնասիրել ներկայացված բոլոր դիմումները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, անդրադառնալով բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր գոհունակությունն է հայտնել վարչական շրջանների ղեկավարների և վարչության համատեղ աշխատանքի արդյունքներից, շեշտելով, որ իրավիճակն այսօր մայրաքաղաքում արմատապես փոխվել է: Քաղաքապետը հանձնարարել է լինել հետևողական և շարունակել այս ուղղությամբ ամենօրյա հսկողությունը:
Մայրաքաղաքում կառուցապատում իրականացնող ընկերությունները պարտավոր են պահպանել անհրաժեշտ նորմերն ու շինհրապարկներից դուրս եկող բեռնատար մեքենաների պահանջվող մաքրության ապահովումը: Քաղաքապետը հանձնարարել է խստորեն հետևել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված չափորոշիչների պահպանման պարտավորության ապահովմանը:
Սեպտեմբերից դպրոցներում և ԲՈՒՀ-երում դասերի վերսկսման հետ կապված մայրաքաղաքում կանոնակարգված երթևեկություն ապահովելու նպատակով, հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ և կանգառներում բացառել կուտակումները:
«Ինչպես քաղաքապետարանի ենթակայության տրանսպորտային ձեռնարկությունների, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից իրականացվող ուղևորափոխադրումների նկատմամբ սահմանեք խիստ վերահսկողություն: Հատուկ ուշադրություն դարձրեք երթուղի դուրս բերվող մեքենաքանակին և խստորեն վերահսկեք, որ հատկապես առավոտյան և երեկոյան առավել ծանրաբեռնված ժամերին դրանք աշխատեն սահմանված ժամանակացույցի համաձայն, առանց ուշացումների», — ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի կողմից խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրվել նաև մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման և որակի ապահովման ուղղությամբ մշտական հսկողություն սահմանելու նպատակով:
Զեկուցվել է, որ բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում հայտարարությունների և բազմաթիվ այլ պաստառների զետեղումը բացառելու նպատակով, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի որոշակի հատվածներում արդեն տեղադրվել է հայտարարությունների համար նախատեսված հատուկ ցուցատախտակների առաջին խմբաքանակը:
Մայրաքաղաքի շինբարեկարգման գծով տարեկան ծրագրերի շրջանակում զեկուցվել է, որ ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ` ընթացքի մեջ է նաև մայրաքաղաքի փողոցների մաշված բետոնային և բազալտե եզրաքարերը նորերով փոխարինելու գործընթացը:
Անդրադառնալով քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին, զեկուցվել է, որ նախատեսված 1083 շքամուտքերից արդեն վերանորոգվել են 986-ը: Կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով պարբերաբար կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:
Խորհրդակցության ընթացքում համապատասխան կառույցներին հանձնարարվել է նաև ուժեղացնել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում կրծողների դեմ պայքարը:
Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչները:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սիրիահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով քննարկվել է Երևանի դպրոցներից մեկում, Սիրիայի կրթական ծրագրերին համապատասխան, նոր դպրոց հիմնելու հարցը: Քննարկվել են մի քանի տարբերակ դպրոցի տարածքի հետ կապված:
Կրթական գործընթացի վերահսկողությունը կիրականացվի ՀՀ ԿԳՆ-ի կողմից նշանակված պատասխանատուի կողմից, ով նախարարի առաջարկով պետք է լինի սիրիահայ համայնքի ներկայացուցիչ: Դասագրքերի ու կրթական ծրագրերի խնդիրն առաջիկայում կլուծվի համայնքի կողմից. դրանք պետք է բերվեն Սիրիայից, իսկ սիրիահայ երեխաներին կդասավանդեն այնտեղից եկած ուսուցիչները:
Սիրիահայերի դպրոցին ֆինանսապես աջակցելու խնդիրը կստանձնի Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը: Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանին զեկուցել են, որ այս պահին Հայաստանի դպրոցներում սովորելու հայտ են ներկայացրել սիրիահայ 210 երեխաներ, որոնցից 107-ը՝ հիմնական, 103-ը՝ ավագ դպրոցում ընդգրկվելու համար: Նկատի ունենալով, որ շատ երեխաներ Հայաստան են եկել առանց անձնական գործերի, ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է՝ անկախ հանգամանքներից՝ երեխաներին ընդունել դպրոց: «Իրենց ցանկությամբ և ընտրությամբ՝ սիրիահայ երեխաները կարող են հաճախել նաև սովորական հայկական դպրոց և կրթություն ստանալ հայկական ծրագրերով»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերում սովորող սիրիահայ ուսանողների կրթության կազմակերպման խնդիրներին:
Սեպտեմբերի 1-ը բոլորի տոնն է: Ե՛վ առաջին անգամ դպրոց մտնող աշակերտի, և՛ ծնողների, և՛ ուսուցիչների: Ու բոլորն են ուզում մասնակցել տոնին` գործով, խոսքով, պարզապես հուզմունքով: Եվ այդ ամենի մեջ իր մեծ մասնաբաժինն ունի նաև ոստիկանությունը, որի կարգախմբերն այսօր, ոստիկանության պետի հրահանգի համաձայն, ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում:
Երեխաների անվտանգության ապահովման միամսյակի շրջանակում իրականացվող միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 1-ին չեն արձանագրվել պատահարներ, դժբախտ դեպքեր, հանցադեպեր: Ծառայությունն իսկապես անհրաժեշտ է ու պարտադիր, որովհետև, ցավոք սրտի, պարզվեց` այս տոնականության մեջ էլ կան մարդիկ, որ առաջնորդվում են ոչ թե սրտով ու բանականությամբ, այլ` նախնական բնազդներով:
Հանրապետության բոլոր դպրոցների պես սեպտեմբերմեկի առավոտը տոնական էր նաև մայրաքաղաքի Էրեբունի համայնքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող թիվ 53 միջնակարգ դպրոցում: Ենթադրվում է, թե տոնը պիտի համակեր նաև որդուն առաջին անգամ դասի բերած 29-ամյա Սասուն Սաֆարյանին, բայց ըստ երևույթին մարդը լրիվ ուրիշ բանի մեջ էր տեսել օրվա խորհուրդը (Սաֆարյանը հաշվառված է «Նորք» հոգեբուժական կլինիկայում):
Դպրոցի բակում հանդիպելով կնոջը, որը նույնպես եկել էր տղայի Գիտելիքի օրվան մասնակցելու, նրան քաշել-տարել էր հարևան շենքի բակը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել, և տոնը վերածել հաշվեհարդարի` քաշքշուկ, ի վերջո, դանակահարություն…
Իսկապե՛ս տեղին ու ժամանակին էր ուժեղացված ծառայության վերաբերյալ ոստիկանության պետի հրահանգը: Բարեբախտությո՛ւն էր, որ ոստիկանները տեղում էին և աչալուրջ: Նրանց հստակ գործողությունների շնորհիվ ոչ միայն կասեցվեց Սաֆարյանի հետագա հնարավոր վայրագությունը, այլև հանդիսության մասնակիցները չիմացան էլ ինչ կատարվեց, միջոցառումը չընդհատվեց, տոնը չմթագնվեց…
Կրկին կոչ ենք անում բոլոր մեծահասակներին. եկեք խնդիրները լուծելու քաղաքակիրթ միջոցներ գտնենք, եկեք մեր մեծական հոգսերը չբարդենք մանուկների վրա, եկեք կատարենք մեր ծնողական առաքելությունը: Անբնական է, երբ մեր երեխաների տոնը ոստիկանն է պաշտպանում մեզնից:
Տուժած կինը ճանապարհային ոստիկանների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Սասուն Սաֆարյանը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ
Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Դեպի գիտելիքի աշխարհ մուտքն ազդարարող այս օրը բոլորիս տոնն է: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ իմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում բոլոր դպրոցականներին և հատկապես մեր առաջին դասարանցիներին:
Ցանկանում եմ, որ գիտելիք ստանալու խանդավառությունն ու բարձր տրամադրությունը նրանց ուղեկցի ուսումնառության բոլոր տարիներին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մեր հրաշալի երիտասարդներին, ովքեր ուսանողական տարիներին ձեռք բերած հարուստ գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ և նոր մտածողությամբ գտնելու են իրենց արժանի տեղը մեր հասարակական և քաղաքական կյանքում` դառնալու են հինավուրց պատմություն և մշակութային բարձր արժեքներ ունեցող մեր երկրի ու ժողովրդի արժանի հետնորդները:
Շնորհավորում եմ կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին` մանկավարժներին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ցանկանալով աշխատանքային նոր լիցքեր և եռանդ, որովհետև նրանց ամենօրյա և հետևողական աշխատանքով է պայմանավորված մեր պետության հիմնական ներուժի` մարդկային ռեսուրսի զարգացումը:
Սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես Գիտելիքի տոն: Պետականորեն արժևորելով գիտելիքն ու գիտելիքներով հարուստ անհատին` մենք առավել հզորացնում ենք մեր պետության հիմքերը, միաժամանակ մրցունակ դարձնելով նրան համաշխարհային ժամանակակից զարգացումների համատեքստում: Լիահույս եմ, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները, լինելու է կրթության ու գիտելիքի վերաարժևորման տարի:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու Գիտելիքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և նվաճումներ»:
Նախօրեին դաժան ծեծի ենթարկվելուց հետո մարմնական վնասվածքներ ստացած Ախթալայի լեռնահարստացացիչ կոմբինատի անվտանգության ծառայության պետ «Բոդոլ»-ի հարազատները հիվանդանոցից դուրս են գրվել ոստիկանների պահանջով:
Այս մասին երեկ «ՀԺ»-ի թղթակցին պատմել է Ախթալայի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկազ Խաչիկյանի հարազատների կողմից դաժան ծեծի ենթարկված Անուշ Չիթչյանը` «Բոդոլի» քույրը: «Մամայիս, տատիկիս սրսկումներ արեցին, հետո մեզ ուղեկցեցին հիվանդասենյակ: Մենք բուժումից չենք հրաժարվել, պետք է մնայինք հիվանդանոցում, բայց ոստիկանները եկան՝ մեզ հիվանդանոցից տարան քաղմաս»,- երեկ պատմել է Անուշը ու պնդել, որ իր ընտանիքի անդամները լուրջ վնասվածքներ ունեն և այժմ բուժումը շարունակում են տանը: Թերթը նշում է, որ Չիթչյաններին դաժան ծեծի ենթարկելու փաստի առթիվ ոստիկանությունը, երեկվա դրությամբ, քրեական գործ չէր հարուցել:
Հայկական ժամանակ
Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և տեղեկացրել, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը, տեղեկացնում է ԿԳՆ կայքը։
Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ երկարամյա և արգասաբեր համագործակցության համար:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Բոլոր հարցերով ուսանողները կարող են դիմել ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն՝ հեռ. 52-56-62:
Ամեն անգամ սեպտեմբերի 1-ից առաջ տարբեր հասարակական գործիչներ և մանկավարժներ սկսում են խոսել այն մասին, թե պետք է փոխել կրթական ծրագրերը և դրանք համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին: Այդ` ընդհանուր առմամբ ճիշտ խոսակցությունները ընթանում են նոստալգիկ տրամադրությունների ֆոնի վրա. իբր, այն երանելի սովետական ժամանակաշրջանում երիտասարդներին տրվում էր համապարփակ, լայն մտահորիզոն ապահովող կրթություն, իսկ հիմա` «սխալ» Արևմուտքից ետ չմնալու համար փորձ է արվում ավելի կոնկրետ գիտելիքներ տալ: Իսկապես, ժամանակին ես ճանաչում էի ամերիկացի մի հոգեբանի, որը Ֆրոյդից ոչ մի տող չէր կարդացել` դա իրեն պետք չէր, որովհետև հեոու էր իր գործունեության ոլորտից:
Եթե հարցը վերացական դնենք, ի՞նչն է ավելի լավ` խորհրդային «լայն, բազմակողմանի», թե՞ արևմտյան «նեղ, մասնագիտական» կրթությունը, ապա հնարավոր կլինի գտնել մի քանի տասնյակ «կողմ» և «դեմ» փաստարկներ: Բայց փորձենք հարցը քննարկել կոնկրետ այսօրվա իրավիճակի հարթության մեջ: Եթե հարաբերությունները շուկայական են, եթե գործատուն ստիպված է մրցակցության մեջ մտնել այլ գործատուների հետ, ապա նրա վարձու աշխատողը պետք է կարողանա անել կոնկրետ բաներ՝ այնպիսի բաներ, որոնք մրցակցի վարձու աշխատողը չի անում: Բերեմ կոնկրետ իմ` որպես գործատուի օրինակը, եթե ինձ մոտ գալիս է կարմիր դիպլոմով մի շրջանավարտ, դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի` նա պիտի լուսաբանի այնպիսի ոլորտ, որն ինձ մոտ չի լուսաբանվում կամ վատ է լուսաբանվում, ներկայացնի այնպիսի նախագիծ, որն ինձ` սեփականատիրոջս, եկամուտ կբերի: Դրա համար երբ ինձ հարցնում են՝ «ձեզ մոտ կա՞ն թափուր տեղեր», դա հնացած մոտեցում է, դրան ես պատասխանում եմ` ինձ մոտ կան անսահմանափակ թափուր տեղեր նրանց համար, ովքեր ինձ կօգնեն փող աշխատել:
Կոմունիստների ժամանակ պլանային տնտեսություն էր: Ենթադրենք, գործարանները զեկուցում էին Պետպլանին, որ կա այսքան ինժեներների պահանջարկ, Պետպլանն այդ պահանջարկը հասցնում էր բուհերին: Այդ համակարգը, համենայնդեպս, 70-80-ականներին այնքան էլ լավ չէր աշխատում, որովհետև թվերի մասին զեկույցները հաճախ չէին համապատասխանում իրականությանը` դրա համար էլ հազարավոր գործազուրկ ինժեներներ կային: Բայց եթե նույնիսկ պլանային մոտեցումն անխոցելի լիներ, այսօր այն կիրառելի չէ: Ես պիտի ինժեներություն սովորեմ երկու հնարավոր մոտիվացիաներով. 1. Ես չեմ ուզում ոչ մի գործարանում աշխատել, պարզապես ցանկանում եմ ստանալ գիտելիքներ, ընդլայնել իմ մտահորիզոնը: 2. Ես ուզում եմ այնպիսի ինժեներ դառնալ, որ տվյալ գործարանի սեփականատերը շահ ունենա ինձ վարձելու մեջ: Բայց մեզ մոտ այդ առողջ մոտիվացիաները գրեթե բացակայում են: Փոխարենը կան կեղծ մոտիվացիաներ՝ մարդիկ բուհ են ընդունվում, որպեսզի ևս 5 տարի ինչ-որ մի բանով զբաղվեն, և որովհետև այդպես է ընդունված, մարդը «պետք է» բարձրագույն կրթություն ունենա: Պատահական չէ, որ նույնիսկ մեր անգրագետ գործարար պատգամավորները 40-45 տարեկանում ինչ-որ բուհի դիպլոմ են գնել: Այնպես որ` կրթական ծրագրերն, այո, պետք է փոխել, բայց դրանից առաջ պետք է փոխել կրթվելու մոտիվացիան:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.