23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Զանգահարի´ր քո ուսուցչին ու շնորհավորիր, թող նա իմանա, որ հիշում ես իրեն։
Ես խոնարհվում եմ բոլոր իսկական ուսուցիչների անձնվիրության առջև, ցավոք, նրանք հին սերնդից են ու վատառողջ: Առողջություն եմ ցանկանում, ու որ աշակերտները նրանց հիշեն գոնե էս օրը:
Ուսուցիչն ինձ համար սրբություն է եղել, ինձ տատս է էդպես դաստիարակել, նա համարում է, որ ուսուցիչն ու բժիշկը ամենաանձնվեր մարդիկ են, լավ մարդիկ են: Տատս ամեն տարի ուսուցչի օրվա նախօրեին շերտավոր գաթա էր թխում, էն, նրանցից, որ քառակուսի խաչուփաչվում էին խաչապուրու պես, բայց փոքր ավելի: Կարագով թխված, հալալ, տնական շերտավոր գաթա: Ու ես դեղձի երեք լիտրանոց կոմպոտների հետ տանում էի դպրոց` ուսուցիչներիս հյուրասիրելու:
Մենք` աշակերտներով, առանց որևէ մեկի պարտադրանքի, տոն էինք կազմակերպում նրանց համար, որովհետև սիրում էինք նրանց, ու նրանք էլ մեզ էին սիրում: Երբ փոքր էի, տատս պատմում էր նախապատերազմյան ու հետպատերազմյան ուսուցիչների մասին, թե ինչպես էին նրանք ձմռանը հեռու գյուղերի աշակերտներին պահում իրենց տներում, միայն թե նրանք դպրոց հաճախեն, կրթություն ստանան: Էդ տարիներին ուսուցիչներն իրոք հրաշք են եղել… Տատս ասում է, որ էնքան էին նրանք պաշտված, որ նույնիսկ մեր մտքով էլ չէր անցնի, որ նրանք կարող են զուգարան գնալ, ուտել, քնել…
Նրանց ասած ամեն խոսքը ճշմարտություն էր աշակերտների համար: Ու եթե միայն սովետական կեղծ արժեքային համակարգը չխցկվեր դպրոց, մենք հիմա կունենայինք շատ լավ հասարակություն, որովհետև ուսուցչի խոսքը ուժ ուներ, ցանկացած PR-ից էլ լավ էր ներազդում, ու էդ խոսքը շատ ժամանակ բարբառում էր կոմունիստական զիրթուզիբիլ, որից ազդված մարդը զոմբիանում էր: Բայց դա, միևնույն է, չէր խանգարում ուսուցչի վեհ կերպարի ընկալմանը, չի խանգարում նաև այսօր, քանի որ ուսուցիչն ինքն էր էդ տարիներին հավատում կոմունիզմի արդարությանն ու հաղթանակին: Կար գաղափարական կորիզ, ինչը չկա այսօր մեր դպրոցների ուսուցիչների մոտ: Որտեղի՞ց լինի:
«Երկիրը չգիտես ինչ է, ով է ղեկավարում, անպատժելիությունը ոմանց դեգրադացնում է, ոմանց խեղճացնում ու ստրկացնում, չգիտես ի՞նչ սովորեցնես աշակերտին, ո՞րն է այսօրվա գաղափարախոսությունը, ո՞րն է մարդկային արժեքը համարվում մեր օրերում, ո՞ւր ենք գնում մենք ի վերջո…»: Էսպես մտածում են մտածող ու գիտակցաբար էդ մասնագիտությունն ընտրած ուսուցիչները: Մյուսները, որ ուղղակի դիպլոմ ունեն ու իրենց գործն են անիծում, ովքեր ատում են աշակերտին` որպես տհաճ զգացողություններ առաջացնող օբյեկտի, ներվայնացնում են, հունից հանում, իրենք էլ են հունից դուրս գալիս, մտածում են. «Ի՞նչ փող են տալիս յանի ինձ, որ ես դեռ մի բան էլ սովորեցնեմ: Ավելի լավ է ինձ ու ինձ ուսուցիչ խաղամ՝ ճնշեմ, ստորացնեմ, թեմայից շեղեմ, անարդար գնահատեմ, ամեն ինչ անեմ, որ ամեն օր ձեզնից ինչքան հնարավոր է քչերը ներկա լինեն դասերին, որովհետև դուք իմ չկայացած երազանքների վկաներն եք, ու ես չեմ ուզում ձեզ տեսնել»:
Վաղուց մեր մանկավարժական բուհերում մանկավարժներ չեն պատրաստում, լավագույն դեպքում՝ միայն առարկաների մասնագետներ: Վաղուց ժամանակն է մանկավարժական, ինչպես նաև բժշկական (սրանք իրոք էն ոլորտներն են, որ չի լինի առանց գործը սիրելու ու նվիրումի աշխատել, այլապես գռդոն է ստացվելու) բուհերում մտցնել պսիխո-հոգեբանական փորձաքննություն, ես կասեի` նույնիսկ ստեղծել ինչ-որ թեսթեր, որոնց միջոցով հնարավոր լինի պարզել մարդու գոնե տեսակը՝ կարո՞ղ է նա լինել բժիշկ կամ ուսուցիչ: Ու նոր հետո թույլատվություն տալ` քննություններին մասնակցելու:
Ու էս փսիխոն պետք է մասնագիտական քննություններից կարևոր լինի: Բայց դե համ ասում եմ, համ էլ մտածում` էդ քանի՞ անաչառ էքսպերտ կգտնվի մեր ապականված բարքերով երկրում, ուր ամեն 5-րդը, իմ անձնական հետազոտության արդյունքներով համ կաշառք է տալիս, համ վերցնում:
Ուսուցիչներ են պատրաստում պետք եկածից շատ ավելին: Ո՞ւմ է դա պետք: Չի՞ նպաստում արդյոք ուսուցիչների շուկայի էդ գերհագեցածությունը դպրոցներում աշխատանքի ընդունելու կոռուպցիայի զարգացմանը: Նպաստում է, էն էլ ոնց:
Իսկ համընդհանուր կրճատումները, որով օրեցօր սպառնում են մեր ուսուցիչներին, դրանք ի՞նչ է, նորմա՞լ են, արդյո՞ք կրճատման թիրախի տակ վերցրված ուսուցիչը մի քանի հազար դրամ չի տա տնօրենին՝ կտա:
Բա էդ գումարը ո՞րտեղից ունենա, որ տա: Աշակերտից պիտի կորզի, դասին դաս չսովորեցնի, էնենց անի, որ գնան մոտը պարապելու, հետո էլ տարբեր անմիտ- անիմաստ միջոցառումների համար որպես դասղեկ փող հավաքի, որ տնօրենին տալիք դզի: Բա սենց ուսուցի՞չ կլինի: Բա է՚դ ուսուցիչը պիտի մեր երեխեքին մարդկություն սովորեցնի՞: Բա ի՞նչ անենք:
Կազմենք քաղաքացիական հսկողության կառույցներ ու հսկենք ուսուցիչների, բժիշկների աշխատանքը` նաև ապահովելով նրանց իրավունքների պաշտպանությունը: Բայց լավ կլինի, որ դա անեն հենց իրենք` իրոք կոչումով ու նախախնամությամբ ուղարկված ուսուցիչները, ստեղծեն արհմիություններ ու պաշտպանեն իրենց մասնագիտական պատիվը, վտարեն իրենց շարքերից անարժաններին ու ուսուցչի անունն արատավորողներին: Այդ արհմիությունները նաև կաշխատեն ուսուցիչների աշխատավարձերը պատվաբեր դարձնել, որ ուսուցիչը ստիպված չլինի զանազան պատրվակներով աշակերտներից փող կորզել գոյատևելու համար:
Օրենսդրական դաշտում տեղի ունեցավ ևս մեկ հստակեցում, որն էականորեն կօժանդակի թոշակառուներին։
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ պաշտպանի դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը ընդունեց օրենքի վերաբերյալ իրավական դիրքորոշում, ըստ որի կենսաթոշակ ստանալու համար այլևս պարտադիր չէ տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, և բանկին ներկայացնել կենսաթոշակառուի ողջ լինելու մասին ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից հաստատած փաստաթուղթը կամ անձամբ ներկայանալ բանկ և հայտարարություն տալ ողջ լինելու մասին։ Ըստ ՍԴ-ի ընդունած որոշման կենսաթոշակը լիազորագրով ստանալու համար այլևս պարտադիր չէ, որ լիազորագիրը հաստատված լինի ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից։ Քաղաքացին լիազորագիր կարող է ստանալ նաև՝ դիմելով իր փաստացի բնակության երկրի համապատասխան նոտարական գրասենյակին: Այսինքն, լիազորագրով կենսաթոշակ ստանալու համար բավարար է նաև օտարերկրյա պետության նոտարի կողմից տրված լիազորագիրը և պարտադիր չէ Հայաստանի Հանրապետություն տարեկան առնվազն մեկ անգամ վերադառնալը:
Հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած տարբեր արձագանքները` նշենք, որ Պաշտպանը դիմում է ՀՀ Սահմանադրական դատարան ոչ միայն նորմերը հակասահմանադրական ճանաչելու, այլ նաև նորմերի կիրառման վերաբերյալ իրավական դիրքորոշում ստանալու համար: ՀՀ Սահմանադրական դատարանը տվյալ գործով հերթական անգամ ընդունել է Պաշտպանի իրավական դիրքորոշումները, որի արդյունքում հետագայում կբացառվի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթների ոչ իրավաչափ կիրառումը:
Տարոն Մարգարյանը Երևանի վերջին չորս քաղաքապետերից միակ կենդանասեր քաղաքապետն է: Այսօր` կենդանիների պաշտպանության միջազգային օրը, ասել է «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական համագործակցության ներկայացուցիչ Նանե Արամյանը:
Ըստ Արամյանի՝ Տարոն Մարգարյանը Երևանի վերջին չորս քաղաքապետերից միակն է, որ սկսել է ուշադրություն դարձնել կենդանիների խնդիրներին, քանի որ համաձայնել է համագործակցել իրենց հետ և կառավարությանը միջնորդագիր ներկայացրել:
Ինչ խոսք, տրամաբանական է Արամյանի մոտեցումը:
Սակայն ուզում եմ հասկանալ, ինչ ասել է, կենդանասեր քաղաքապետ:
Թող ների ինձ պրն Մարգարյանը, որի` կենդանիների նկատմամբ սերը չեմ ուզում կասկածի տակ առնել, բայց նրա սերը որպես մարդու պետք չէ խառնել քաղաքապետի պարտավորությունների հետ:
Իսկ ո՞վ ասաց, որ մյուսները չեն սիրում կենդանիներ. օրինակ՝ ասենք Գագիկ Բեգլարյանը սիրում էր դելֆիններ և նրա օրոք դելֆինարիում կառուցվեց: Բնապահպանները գուցե այլ կարծիքի էին, բայց Բեգլարյանը պնդում էր, որ դելֆիններին սիրում է ու մտադիր չէ վնասել նրանց, ու հիմա, կարծես, համոզել է խնդրի ջատագովներին, քանի որ այլևս ոչ ոք չի խոսում դրա մասին:
Կարևորն այն է, որ Տարոն Մարգարյանի` որպես քաղաքապետի սերն արդյունք տա, գործ արվի այնպես, որ վերջնականապես լուծվի տարիներ շարունակ ոսկորի պես քաղաքապետարանի կոկորդին մնացած կենդանիների հարցը, որոնց վերացնելն արգելվեց: Պահել չեն կարողանում, բազմացման դիմացն առնելն էլ տարիներ շարունակ չի հաջողվում: Իսկ միգուցե՞ այդ ոսկորը հաճելի է մեր չինովնիկների քիմքին, քանի որ ոսկորի վրա մեղուների տեսքով լիքը գրանտներ են գալիս:
Փաստն այն է, որ թափառող կենդանիների հարցը չի լուծվում. շենքերի բակերում վխտում են կատուները, քաղաքի կենտրոնից դուրս բնակավայրերում՝ թափառող շները:
Այս հարցը լուծված է գրեթե բոլոր քաղաքներում: Մոսկվայի նման հսկա քաղաքում նվազագույնի է հասցված թափառող կենդանիների քանակը:
Վերջերս Եվրոպայում էի. փոքրիկ քաղաքում շներ ու կատուներ առհասարակ չկային, դրա փոխարեն աղավնիներ էին ու կանաչապատ հատվածում` վայրի նապաստակներ:
Աղավնիներ Երևանում էլ կային, սակայն չգիտես ուր անհետացան:
Մեզ մոտ երևի սերը դրսևորվում է միայն շների ու կատուների նկատմամբ, որոնք փող են բերում քաղաքի տերերին. աղավնիները մեր ինչի՞ն են պետք. դրանցից օգուտ չկա: Դե նապաստակների մասին խոսելը հեքիաթի ժանրից է, նախ կանաչ թուփ պիտի լինի, որ նապաստակ լինի:
Ռուզան Ավոյան
Ես քիթ ունեմ, դու քիթ ունես, նա քիթ ունի, մենք բոլորս քիթ ունենք,- այսպես է ընկերներիցս մեկը հեգնում, երբ անհարկի անալոգներով լղոզում են թեման: Նման մի բան է անում Մհեր Արշակյանն իր տեքստում (http://www.ejournal.am/news/internal-affairs/2012-09-13/827/), որտեղ գրում է. «Ես Սաֆարովին տեսնում եմ այստեղ՝ Հայաստանում։ Այսինքն, ես տեսել եմ սաֆարովներ, որոնք կացինը ձեռքներին շրջում են Հայաստանի Հանրապետության տարածքով։ Այդ կացինը ամեն օր իջնում է որևէ հայորդու գլխին, ասենք, ինքնասպանության դրդելու տեսքով»։
Կոնկրետ հանցագործության նման «խոհափիլիսոփայական» ընդհանրացումը իշխանական դիսկուրս է, որը բազմապատկում է մեղավորներին ու դրանով էլ մեղքն ու պատասխանատվությունը հեռացնում կոնկրետ ոճրագործից` տարածելով դա բոլորեքյան ու ենթատեքստում հասնելով մինչև Mea Culpa: Նման օրինակ կարող ենք տեսնել Վահե Ավետյանի սպանության իշխանական արձագանքներում, որին անդրադարձել է Վահան Իշխանյանը (http://www.tert.am/blog/?p=3490#more-3490):
Երբ Ալի բաբան էր իրեն փնտրող ու իր դուռը խաչով նշած 40 ավազակներին մոլորեցնում` խաչանշելով բոլոր հարևանների դռները, իր կաշին էր փրկում, բայց երբ Սաֆարովի զոհի հայրենակիցներն են սաֆարովյան նշան դաջում իրենց շուրջբոլորը, ո՞ւմ կաշին են փրկում:
«Քթերի» նման անալոգն իրականում ոչ թե քննադատում է Հայաստանի իշխանություններին, այլ ընդամենը լեգիտիմացնում է Սաֆարովի ոճիրն ու դա պետականորեն հովանավորելու փաստը` հանելով դրա ռասիստական բնույթը, ապաքաղաքականացնելով ու տեղավորելով դա «անարդար աշխարհի» մասին առօրյա, կենցաղային «խոհափիլիսոփայական» ու բարոյախոսական «օբշի վագոնում», դարձնելով դա Ալի Բաբայի հեքիաթ:
Ու եթե նկատի ունենանք, որ այս վերաբերմունքը ոչ միայն Մհերի գրածում է, այլ բավական տարածված է մեզանում, պիտի արձանագրենք, որ Հայաստանում ռասիզմի հանդեպ կա նկատելի անընկալունակություն: Եվ դա այդպես է անգամ թուրք ու ադրբեջանցի հայհոյողների առատության պայմաններում, քանի որ հայհոյողներից շատերը նույնպես սաֆարովյան թեմային արձագանքում են որպես հայ-թուրք հավերժական, ի բնե-ի ծնե հակամարտության, այսինքն` էլի ապաքաղաքականացնում են:
Ռասիզմն ընկալելու համար շատ օգտակար կլինի նայել ամերիկյան «Սպանելու ժամանակը» (A Time to Kill) ֆիլմը, որ իրական դեպքերի հիման վրա գրված վեպի էկրանավորումն է 1996 թ.: Ուրեմն, Միսսիսիփիի քաղաքներից մեկում երկու սպիտակ տղամարդ ճամփին բռնում են տասնամյա սևամորթ Թոնյային, դաժանորեն բռնաբարում, ծեծում, խոշտանգում, ապա նրան կախելու անհաջող փորձից հետո գետն են գցում, որ խեղդվի: Աղջիկը հրաշքով փրկվում է, իսկ բարում իրենց արարքով գլուխ գովացող երկու տղամարդկանց ձերբակալում են: Բայց աղջկա հայրը, հասկանալով, որ նրանց արդարացնելու է Միսսիսիփիի «սպիտակ» դատարանը, ինչպես նախորդ տարվա չորս սպիտակամորթներին, որ էլի մի սև աղջկա էին բռնաբարել, հրացանը վերցնում ու գնում-սպանում է իր աղջկան խոշտանգողներին:
Աղջկա հորը ձերբակալում են, ու սկսվում է դատը: Տարածքում ոտքի է ելնում Կու Կլուքս Կլանն ու ռասիստ համայնքը, կրակոցներով ու ռումբով սպառնում, ապա այրում են Թոնյայի հոր դատապաշտպանի տունը, որ հրաժարվի սպիտակներին սպանած սևի պաշտպանությունից: Դատախազի ու երդվյալ ատենակալների տրամադրվածությունից ու ողջ մթնոլորտից պարզ է, որ Թոնյայի հոր մահապատիժն անխուսափելի է:
Համառ դատապաշտպանը, սակայն, չի նահանջում ու դատարանի իր վերջին ելույթին, մոտենալով ատենակալներին, ասում է` փակեք ձեր աչքերը, ու սկսում է մանրամասնորեն պատմել տասը տարեկան աղջկա հետ պատահածը, թե ինչպես են նրան առևանգել, բռնաբարել, ծեծել ու նվաստացրել, ծաղրի ենթարկել, կախել ու գետը գցել: Հետո միանգամից ասում է` հիմա բացեք ձեր աչքերը ու պատկերացրեք, որ նա… սպիտակ է:
Ատենակալների աչքերն իսկապես բացվում են, նրանք հասկանում են` եթե նույն հանցանքը կատարվեր սպիտակ երեխայի հանդեպ, իրենք ներելու էին նրա հոր` սպիտակ մարդու վրեժը:
Ֆիլմում սևերի ու սպիտակների բախումներ են լինում, ու պատահում է, որ մի սև տղա սպանում է Կու Կլուքս Կլանի սպիտակներից մեկին, բայց նույնիսկ այդ դեպքում ֆիլմը չի ասում, թե սպիտակն էլ քիթ ունի, սևն էլ, քանի որ արդարադատությունը պիտի տարբերակի ռասիստական ագրեսիան ու սպանությունը` զոհի, տուժածի ինքնապաշտպանական քայլից:
Բայց եթե Մհեր Արշակյանի ու նրա պես մտածողների նման, նույնիսկ ոչ թե ինքնասպանությունները, այլ բոլոր սպանությունները «օբշի վագոն» գցելով նայեինք ֆիլմերը, ուրեմն այս ֆիլմը պիտի նույնացվեր հազարավոր այն ֆիլմերի հետ, ուր կա սպանություն՝ «Սարոյան եղբայրներից», «Դաժան սիրավեպից» մինչև «Կնքահայր» ու «Ռեմբո»:
Բայց այս ֆիլմի զուգահեռն ինձ համար «Կնքահայրն» ու «Ռեմբոն» չեն, այլ 93 թ. Ամերիկայի` կրկին իրական դեպքերի հիման վրա նկարված «Տղաները չեն լացում» (Boys Don’t Cry, 1999) կինոն, որտեղ երկու տղա դաժանորեն բռնաբարում ու սպանում են 21 տարեկան մի աղջկա միայն նրա համար, որ միասեռական է:
Ու եթե Մհերին չի հաջողվում սաֆարովյան թեմայով նմանեցնել Հայաստանն ու Ադրբեջանը, ապա դա հաջողվում է Էդուարդ Շարմազանովին՝ ըստ միասեռականների հանդեպ վերաբերմունքի:
Ու երբ Շարմազանովը, ի պատասխան Ալիևի հայտարարության, թե Ադրբեջանի ու Հայաստանի միջև անդունդ կա, փորձում է այդ անդունդն ու տարբերությունը նկարագրել իբրև թե՝ «Այսօր Հայաստանում խրախուսվում են ժողովրդավարական արժեքները, իսկ Ադրբեջանում՝ ռասիզմն ու ֆաշիզմը», պիտի հիշեցնել նրան, որ ով` ով, բայց ինքը Հայաստանի այն պետական պաշտոնյաներից էր, որ DIY վառելն ու վառողներին պաշտպանելը համարում էր ազգային արժեքներին հավատարմություն, այսինքն` խրախուսում էր ֆաշիզմը (http://www.aravot.am/2012/05/17/71465/):
Խտրականության հողի վրա հանցագործությունները` լինեն ազգային, կրոնական, թե սեռական, Շարմազանովի վկայակոչած ժողովրդավարությամբ շատ երկրներում դատապարտվում են նույն հոդվածով ու փոքրամասնությունների միացյալ ջանքերով: Եվ եթե Շարմազանովն ու իր նման մտածողները ոչ թե խրախուսեին միասեռականների հանդեպ գործված հանցանքը, այլ դատապարտեին, Հունգարիայի դեսպանատան դեմ էթնիկ ատելության ու ռասիզմի դեմ բողոքող ցուցարարները մի քանիպատիկ շատ կլինեին, քանի որ նրանց կմիանային Հայաստանի այն ակտիվիստները, ովքեր դեմ են ֆաշիզմին ընդհանրապես` լինի սեռական, թե ազգայնական խտրականության: Կմիանային նաև սեռական փոքրամասնությունները, որոնց ներկայացուցիչներից շատերը Սաֆարովին հերոսացնելու դեմ իրենց բողոքն արտահայտում էին սոցցանցերում, բայց ամենայն հավանականությամբ զգուշացան միանալ այն խմբին, որոնց մեջ կային DIY-ը վառելը արդարացնողներ ու բազմազանության ցույցի վրա հարձակվողներ:
Այնպես որ, բացեք ձեր աչքերը, մհերներ ու շարմազանովներ, մի լղոզեք ու մի խրախուսեք հանցագործությունները, դրանով մի կողմից վիրավորում եք զոհերին, տուժածներին ու նրանց մերձավորներին, մյուս կողմից` խոչընդոտում եք, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական արժեքների շուրջ համախմբված քաղաքացիների երկիր:
Հ.Գ. Մի քանի օր առաջ սոցցանցերով մեկ մարդիկ վրդովված դատապարտում էին մի քանի պատանիների, որ Չարենցի նոր արձանի հետ նկարվելուց քանդակի գլխին էին խփել: Ավելի վրդովվածներն ասում էին` տեսեք, սաֆարովները մեր մեջ են: Ու եթե հիշենք, թե ինչպես են դպրոցականներն իրենց դասագրքերում ծաղրական քիթ ու ականջ խզբզում մեր դասականների նկարների վրա, ուրեմն պիտի ասենք՝ մենք բոլորս Սաֆարով ենք: Մինչդեռ Թուրքիայում գոնե մի քանի հազար հոգի հասկացան, թե ում հետ պիտի նույնանալ` «մենք բոլորս Հրանտ Դինք ենք», «մենք բոլորս հայ ենք», քանի որ, ի տարբերություն մհերների, գիտեն, որ ինչքան էլ բոլոր մարդիկ քիթ ունենան, ու նրանց արյունը նույն կարմիրը լինի, բայց զոհի արյունը կարող է լինել սև, հայի կամ համասեռականի, եթե նրան սպանել են հենց միայն դրա համար, քանի որ ֆաշիզմն ինքն է որոշում արյան գույնը:
Վիոլետ Գրիգորյան
ejournal. am
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համայն եզդիների հոգևոր առաջնորդ, Նորին սուրբ մեծություն Միրե–Միրա Թախսին Բեգի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ՀՀ Արմավիր մարզի Ակնալիճ գյուղում տեղի ունեցած «Եզդիների սրբատեղի» տաճարի բացման արարողությանը մասնակցելու առիթով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարագրյանը շնորհավորել է հյուրերին՝ սրբատեղի-տաճարի բացման կապակցությամբ: «Վստահ եմ, որ սրբատեղին կդառնա հայաստանաբնակ եզդիական համայնքի հավաքատեղիներից մեկը։ Եզդիների համայնքը առանձնահատուկ դեր ունի Երևանի հասարակական կյանքում: Երևանի քաղաքապետարանը կարևորում է ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը մեր մեծ համայնքում և պատրաստ է իր լիազորությունների շրջանակներում համագործակցել ու աջակցել նրանց։ Եզդիների համայնքը, ինչպես նաև երևանաբնակ բոլոր ազգային փոքրամասնությունները, Երևանի տարբեր մշակութային կենտրոններում միջոցառումներ իրականացնելու հնարավորություն ունի, այդուհանդերձ, բոլորովին վերջերս մենք առաջարկել ենք եզդիական համայնքին Երևանում մշակութային կենտրոն ունենալ»,- հյուրերին ներկայացրել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Համայն եզդիների հոգևոր առաջնորդ, Նորին սուրբ մեծություն Միրե–Միրա Թախսին Բեգը հիշատակել է հայերի և եզդիների պատմական անցյալում ձևավորված բարեկամությունը և համոզմունք հայտնել, որ այն շարունակվելու ու առավել սերտանալու հիմքեր ունի, ինչի ապացույցը նաև Հայաստանում տեսած ջերմ հյուրընկալությունն է:
Երևանաբնակ եզդիների համայնքի ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են Երևայնում եզդիների կեցության և գործունեության պայմանները և գոհունակություն հայտնել քաղաքապետարանի կողմից ցուցաբերված աջակցության և մշտական ուշադրության համար:
Օրերս «Հայկական Վարկած»- ի խմբագրությունը դիմում-բողոք էր ստացել Տիգրան Մեծ 36 շենքի բնակիչներից` իրենց բակի բարեկարգման վերաբերյալ: Նրանք, մեր միջոցով, խնդրում էին քաղաքապետին ավելի նպատակային լուծում գտնել իրենց բակի «բարեկարգման» համար և վերանայել շինաշխատանքները:
Ըստ բնակիչների, թիվ 36 շենքը (նախկին «Գայանե» ունիվերմագի շենքը) շատ մեծ է, իսկ բակը` փոքր: Եվ բարեկարգում կոչվածի արդյունքում բակում երեխաների խաղահրապարակը սահմանափակվել է: Տարածքի մի մասը ցանկապատվել է, ներառելով կանաչ զանգվածը, մի մասն էլ, որ կարելի էր սալիկապատել կամ ասֆալտապատել լցրել են ավազով, որը երևանյան փոշիների պարագայում, շատ արագ կլցվի տները, իսկ անձրևների ժամանակ հողն ու ավազը` կդառնա ցեխ: Բացի դա, հող կամ ավազ լցված երկու մեծ հատվածները, ոչ բոլոր տարիքային խմբի երեխաների համար է, իսկ սալիկապատ հատվածը չափազանց նեղ է: Շատ մոտ է փողոցը, որտեղ մեքենաները առատ են քանի, որ խանութների հետնաբակն է:
« Նախկինում մեր երեխաները խաղալու տեղ ունեին, իսկ այժմ հսկայական շենքի բակը վերածվել է պոդիումի և ավազով լցված փոսերի, որտեղ չկա խաղալու ոչ մի հնարավորություն: Հետաքրքիր է, ո՞վ է այս ամենը նախագծել: Մտածե՞լ են, անելուց առաջ», -իրենց մտահոգությունը մեզ հետ կիսեցին շենքի բնակիչները:
Այս նամակին ի պատասխան` քաղաքապետարանը «Հայկական Վարկած»-ին է ուղղարկել հետևյալ գրությունը.
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից տեղեկացնում են, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի հանձնարաությամբ բակում կատարվում են ուսումնասիրություններ, բակի վերանորոգման, վերափոխման հնարավոր տարբերակները հստակեցնելու համար: Ուսումնասիրությունների ավարտից հետո հնարավոր տարբերակների մասին կներկայացվի հավելյալ տեղեկատվություն»:
Ի՞նչ է ստացվում. Բակը վերնորգում էին առա՞նց ուսումնասիրություններ կատարելու, երբ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, նո՞ր պետք է վերափոխման հնարավոր տարբերակները հստակեցնեն:
Այնուամենայնիվ, հույս ունենք, որ վերափոխման հնարավոր տարբերակները հստակեցնելիս հաշվի կառնվի նաև բնակիչների կարծիքը:
Նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները բուռն թափով շարունակվում են: Իսկ ինչպե՞ս է դա արվում ներկա պահին, ամենատարբեր կազմակերպություններ տարբեր պատճառներով ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները հավաքում են: Կլինեն դրանք ինչ-որ բլանկներ լրացնելու տեսքով, թե այլ` կարևոր չէ. Կարևորն այն է, որ թղթի վրա գրվեն քաղաքացու անձնագրի համարը, բնակության հասցեն և ամենակարևորը` թեկուզ դատարկ մի բլանկի վրա նշեն, թե ո՞ր կուսակցությանն են նրանք առավել վստահում և հավատում: Իսկ բոլորովին վերջերս էլ ՀՀԿ-ական ու ՕԵԿ-ական շրջանակներին մոտ կանգնած մարդիկ սկսել են ներխուժել տարբեր համայնքներ, ներկայացրել են ինչ-ինչ անհասկանալի անձնական թերթիկներ`խնդրելով դրանք լրացնել: Այստեղ կարևորը ոչ թե այն է, որ ՀՀԿ-ական կամ ՕԵԿ-ական ակտիվիստները փորձում են ապացուցել, որ իրենք կուսակցական նվիրյայներ են ու պատրաստ են ցանկացած անձնազոհության այս կամ այն թիմի հետագա հաղթանակի համար, այլ այն, որ կուսակցական, մասնավորապես` ՀՀԿ-ի «դոզայի» տակ թաղի «ջահել-ջուհուլները» փորձում են ձևականի մեջ նկարել և ի ցույց դնել ՀՀԿ-ի շանսերն ու հնարավորությունները: Թեպետ Նոր Նորք համայնքում տեղի ունեցած նմանատիպ մի հանդիպման ժամանակ Նորքի ուս. ավանի բնակիչներից մեկը ներկայացված բլանկի դիմաց գրել է. «Ոչ մի կուսակցության ոչ հավատում եմ, ոչ փոխվում ու երևի այս տարիների ընթացքում միայն ՕԵԿ-ն է հավատացել ու ամբողջությամբ փոխվել: Հնից բան չի մնացել»:
Չորրորդ ինքնիշխանություն
Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների հավաստագրման քննությունների հերթական փուլը:
ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դպրոցի տնօրենների այս փուլի հավակնորդներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը, շնորհավորելով գալիք ուսուցչի տոնը և դիմելով քննությանը մասնակից հավակնորդներին, հորդորել է նրանց՝ իրենց տնօրեն դառնալու իրավունքի իրացումը Երևանից տեղափոխել նաև դեպի մարզեր և հատկապես հեռավոր գյուղեր, որտեղ երբեմն տնօրենների մրցույթները չեն կայանում՝ հավակնորդ չլինելու պատճառով:
Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշել է, որ ընթացիկ տարվա համար սա հավաստագրման քննությունների վերջին փուլն է:
Մինչ քննությունները հավակնորդները մասնակցել են մրցութային կարգով ընտրված լինցենզավորված 7 կազմակերպությունների վերապատրաստման դասընթացներին:
Նախարարը նշել է, որ մյուս տարվանից հավաստագրման քննությունների պահանջները խստացվելու են: Որպես պահանջ կներառվի նաև համակարգչային գիտելիքների տիրապետման հմտությունը: Այս փուլում գրավոր փուլի հարցաշարն անփոփոխ է, իսկ բանավոր փուլի հարցերում որոշակի փոփոխություն կատարվել է: «Բոլոր դեպքերում, երկու տարվա արդյունքներն ամփոփելով՝ կարելի է արձանագրել, որ այս եղանակն արդարացրել է իրեն՝ նպաստելով դպրոցի տնօրենների պրոֆեսիոնալ կարողությունների բարձրացմանը»,- գնահատել է նախարարը և հավելել, որ գործընթացի մեկնարկից սկսած մինչ այս պահը մոտ 2000 հավակնորդ մասնակցել է հավաստագրման քննություններին, որոնց մեկ երրորդին չի հաջողվել հավաստագիր ստանալ:
Նախարարի խոսքով՝ գործող տնօրեններից մոտ 200-ին չի հաջողվել հաղաթահարել հավաստագրման քննությունների պատնեշը, նրանցից ոմանք ուժերը փորձել են մի քանի անգամ, իսկ որոշները եկել են այն համոզման, որ իրենք այլևս չեն կարող շարունակել աշխատանքը:
Ընթացիկ փուլում hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների թիվը նվազել է՝ հոկտեմբերի 2-ի քննությանն ընդամենը 20 մասնակից կար:
Ըստ կրթության և գիտության նախարարի՝ պատճառն այն է, որ հանրապետության դպրոցների մեծ մասում տնօրենների մրցույթներն արդեն կայացել են, և թափուր տեղեր և հնարավոր մրցույթներ շատ քիչ կան:
«Բացի այդ, հանրային հետաքրքրությունը մի տեսակ արդեն նվազեց, քանի որ շատերը հասկացան, որ հավաստագրման քննությունների հետ կապված իրենց պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը: Մենք այսօր մի կողմից ունենք կադրերի հագեցվածություն մայրաքաղաքում և միաժամանակ կադրային խնդիր մարզերում և հեռավոր գյուղերում, որտեղ հավաստագրված մասնագետներ չլինելու պատճառով տնօրենների մրցույթները երբեմն չեն կայանում: Իսկ գործող տնօրենը հավաստագրման քննություններում մի քանի անգամ անհաջողության է մատնվում և վերջում մի կերպ ստանում է քննությունը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ հորդորել հավաստագրված բոլոր հավակնորդներին իրենց մասնագիտական գործունեության առաջընթացը կապել ոչ միայն Երևանի, այլև մարզերի և հեռավոր գյուղերի հետ և ակտիվորեն մասնակցել նաև մարզային դպրոցների մրցույթներին»,-նշել է նախարարը:
Անդրադառնալով դպրոցական դրամահավաքի խնդրին՝ Ա. Աշոտյանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՀՀ ԿԳՆ-ի ենթակայությամբ գործող դպրոցներում արգելվել է աշխատանքային տետրերի և ուսումնաօժանադակ նյութերի վաճառքը: «Դպրոցին աջակցելու նպատակով իրականացվող դրամահավաքների հարցում ծնողական խորհուրդները պետք է առավել աչալուրջ լինեն: Ծնողական խորհրդի որոշումը բոլոր ծնղների համար չի կարող պարտադիր լինել: Եթե ծնողը հրաժարվում է մասնակցել դրամահավաքին, ապա նա կամ նրա երեխան չի կարող դրա համար խարազանվել: Բոլոր տնօրեններն այս հարցում պետք է հետևողական լինեն»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ «Թեժ գիծ» հեռախոսակապով ստացված բոլոր ահազանգերը ենթարկվելու են տեսչական ստուգման:
Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ «Թեժ գծի» բողոքների ստուգման արդյունքում, եթե դրանք փաստարկված լինեն, ապա ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենները խստագույնս կպատժվեն, իսկ այլ դպրոցների պարագայում համապատասխան առաջարկություն կներկայացվի մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին:
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Հարություն Քուշկյանը նախընտրում է որևէ կերպ չմեկնաբանել Սերժ Սարգսյանի հնչեցրած վերջին գնահատականները, որոնք վերաբերում էին նրա ղեկավարած ոլորտին: Քուշկյանն այդ առնչությամբ ոչ համաձայնություն, ոչ էլ անհամաձայնություն է հայտնում: «ՀԺ»-ն նշում է, որ շաբաթ օրը հրավիրած խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը խոսել էր առողջապահության ոլորտում արմատացած խնդիրների մասին և տիրող իրավիճակը որակել բացարձակ խայտառակություն: Երեկ, երբ թերթի թղթակիցը փորձել է այս ամենի առնչությամբ ստանալ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի մեկնաբանությունը, նա հայտարարել է, որ ոչինչ չի ուզում մեկնաբանել: Նախկին նախարարն, ի դեպ, դասական ու խիստ ոճի կոստյումն արդեն փոխարինել է բժշկի արտահագուստով, ինչով էլ երեկ` «Էրեբունի» բժշկական կենտրոնում հանդիպել է թերթի թղթակցի հետ:
Հայկական ժամանակ
«Հայկական Վարկած»-ի տեղեկություններով, ՀՀ մարզերում ակտիվ ստորագրահավաք է սկսվել՝ ի նշան Վարդան Օսկանյանի պաշտպանության:
Հասարակական շերտերը իրենց բողոքի ձայնն են բարձրացրել իշխանությունների կողմից Օսկանյանի նկատմամբ «օպերացիա» իրականացնելու և նրա կողմը մեղադրանքներ ուղղելու առիթով, պաստառների վրա նշելով, որ Օսկանյանը բանիմաց ու կիրթ քաղաքական գործիչ է՝ ի տարբերություն այսօրվա որոշ տգետների ու հաստավզերի :
Նույն լուրերի համաձայն, սկսված ստորագրահավաքի մասնակիցների թիվը ժամ առ ժամ եռապատկվում է, իսկ մարզի բնակիչներից մի զգալի շրջանակներ էլ պատրաստվում են ժամանել Երևան՝ իշխանություններից արդարացի պատասխան պահանջելու՝ նման անարդարացի գործընթացի հետ կապված:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.