23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 10-ի քաղաքական թիվ մեկ նորությունը, բնականաբար, կարելի է համարել ԱՄՆ դեսպանի հանդիպումը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երրորդ տարեդարձի օրը տեղի ունեցած այդ իրադարձությունը, իհարկե, չի կարող իր նշանակալիությամբ համեմատվել եռամյա վաղեմության անցուդարձի հետ, սակայն անկասկած դժվար է դեսպանի ու Ծառուկյանի հանդիպումը որակել որպես սովորական դիվանագիտական առօրյա:
Ծառուկյանի հետ հանդիպումից ժամեր առաջ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր վիդեոբլոգում հանդես էր եկել Վարդան Օսկանյանի գործի վերաբերյալ հայտարարությամբ, որտեղ խոսել էր այն մասին, որ նախկին արտգործնախարարի դեմ գործը մտահոգում է ԱՄՆ-ին, և իր երկիրը դա համարում է շեղում արդարադատությունից: Այդ բավական կոշտ և ուղղակի գնահատականից հետո դեսպան Հեֆերնը հանդիպել է Գագիկ Ծառուկյանին և նրա հետ քննարկել տնտեսական ու քաղաքական հարցերի լայն շրջանակ: Հանդիպումը ուշագրավ է դառնում նաև այն հանգամանքով, որ «Բարգավաճ Հայաստանը» ներկայումս հանդիսանում է Հայաստանի երևի թե ամենառուսամետ քաղաքական ուժը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից, օրինակ, մինչև օրս որևէ մտահոգություն կամ ուշադրություն չի ցուցաբերվել Օսկանյանի գործի հանդեպ:
Բոլոր դեպքերում, ԱՄՆ դեսպանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը կարող է նախանշել նախագահական ընտրությունների նախընտրական գործընթացի նոր ու հետաքրքիր զարգացումներ: Ընդ որում, մեկ այլ ուշագրավ հանգամանք կարող է դիտվել նաև այն, որ դեսպանը Ծառուկյանին է հանդիպել Երևանում հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի՝ նոր կազմով հանձնաժողովի անդրանիկ նիստի նախօրեին: Դժվար է ասել՝ դեսպանի քայլը խորքային առումով աջակցությո՞ւն է «Բարգավաճ Հայաստան»-ին, թե՞ պարզապես ստեղծված իրավիճակում ամերիկյան քաղաքականության համար ցանկալի դիվիդենտներ քաղելու փորձ: Սակայն այս ամենն, անշուշտ, շարքային իրադարձություն չէ, և, ըստ երևույթին, այս իրադարձության արդյունքին հասարակական-քաղաքական շրջանակները առաջիկայում դեռ ականատես կլինեն:
Հավանաբար, մոտ ապագայում ավելի պարզ կլինի՝ ի՞նչ է ուզում Միացյալ Նահանգները «Բարգավաճ Հայաստան»-ից, և արդյոք ԲՀԿ-ն պատրա՞ստ է Նահանգներին ընդառաջ գնալ: Այստեղ պետք չէ բացառել նաև այն, որ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումով Միացյալ Նահանգները նաև Սերժ Սարգսյանին է փորձում ցույց տալ, որ ամենևին կաշկանդված չէ Հայաստանում միայն նրա հետ գործընկերությամբ, որպեսզի Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում չփորձի, այսպես ասած, խաղարկել Հայաստանում միակ «ամերիկամետ» ուժը լինելու գործոնն ու այդպիսով շանտաժել ԱՄՆ-ին: Այսինքն՝ դեսպանի և Ծառուկյանի հանդիպումը կարող է նաև որոշակիորեն նեղացնել Սերժ Սարգսյանի նախընտրական մանևրի հնարավորությունը: Մյուս կողմից, իհարկե, նույնքան հավանական է, որ ԱՄՆ քայլը խաղում է Սերժ Սարգսյանի օգտին և միտված է թուլացնելու այն ճնշումը, որ նրա վրա գալիս է «Բարգավաճ Հայաստան»-ից:
Այսօր քաղաքական ապահարզան է սպասվում: Իրարից բաժանվելու են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Ինչպես արդեն տեղեկացրել էր թերթը, երեկ պետք է տեղի ունենար «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը: Հովհաննիսյանը, հիշեցնում է թերթը, օրեր առաջ իր ասուլիսում հայտարարել էր, թե Քոքոբելւանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ինքը վայր է դնելու պատգամավորական մանդատը, որից հետո մանդատից պետք է հրաժարվի նաև Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել: Այդ օրերին Քոքոբելյանը Հայաստանում չէր, ԱՄՆ էր մեկնել, և «Ժառանգության» անդամներն ու լքւսսգրողներն անհամբեր սպասում էին, թե ինչ է ասելու ԱԴ նախագահը` վերադարձից հետո: Մինչ այդ ԱԴ մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց, որտեղ հերքում էր, թե նման պայմանավորվածություն է եղել: Նախօրեին Խաչատուր Քոքոբելւանը վերադարձել էր ԱՄՆ-ից, և երեկ երեկոյան նա հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ուշագրավ է, սակայն, որ սույն հանդիպումից հետո երկու կողմերն էլ խորհրդավոր լռություն էին պահպանում: «ՀԺ»-ի տեղեկություններով, «Ժառանգությունում» սպասում են, թե ինչ է ասելու Քոքոբելյանը: Իսկ վերջինս, ինչպես թերթին է հաջողվել պարզել, ամենայն հավանականությամբ, այսօր հանդես կգա հայտարարությամբ: Հայտարարությունը կլինի ապահարզանի մասին: Այսինքն, նախագահական ընտրություններից առաջ այս երկու կուսակցությունների միջև հետագա համագործակցությունը կդադարեցվի: Թե ինչպես այդ ամենը կձևակերպվի, դեռ հստակ չէ: Չի բացառվում, որ ձևակերպումը մեղմ ներկայացվի հանրությանը: Թերթին նաև հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցությունը` որպես այդպիսին, կպահպանվի: Այսինքն, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով Աժ անցած Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը խմբակցությունից դուրս չեն գա, «Ժառանգությունն» էլ, ըստ գործող օրենսդրության, չի կարող նրանց հեռացնել: «Օրերս մենք գրել էինք, որ այս կուսակցությունների միջև հակասություններն այնքան են սրվել, որ հնարավոր է` առաջիկա նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատները» չպաշտպանեն Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի: Երեկ ներքին տեղեկություն տարածվեց, որ առաջիկա ընտրություններում «Ազատ դեմոկրատները», հավանաբար, հանդես կգան նախագահի սեփական թեկնածուով: Ենթադրվում է, որ այսօր Քոքոբելյանի հայտարարության մեջ դրա մասին էլ կնշվի: Հայտնի չէ միայն, թե ով կլինի նրանց թեկնածուն»,- եզրափակել է թերթը:
«Հայկական ժամանակ».
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 10-ի կառավարության նիօստում հայտարարեց, որ մինչ այժմ բավարարվում էին գերատեսչություններին հանձնարարականներ տալով: Սակայն այսուհետ պետական պաշտոնյաները անձնական պատասխանատվության են ենթարկվելու, զգուշացրեց ՀՀ վարաչպետը`ավելացնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչության հաշվետվություններում ներկայացվում են ըստ ոլորտների թերություններ՝ կապված բյոջետային միջոցների ծախսման հետ:
Նա կառավարության անդամներին հանձնարարեց զգուշացնել համապատասխան վարչության պետերին ու մյուս պատասխանատու անձանց՝բյուջեին վնաս հասցնելու դեպքում անձնական պատասխանատվություն կրելու մասին:
Վհուկների որսը շարունակվում է, սակայն հանրությունը գոհունակություն հայտնելու փոխարեն տարակուսած է, քանի որ այդպես էլ չի հասկանում, թե ինչ չափանիշներով են ընտրվում վհուկները:
Հոգեկան հիվանդների խնդիրները, որոնց թիվը մեր երկրում գնալով ավելանում է, մնում են չլուծված: Շատ է խոսվում, որ վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցվել, սակայն դա միայն պատկան մարմինների հաշվետվություններում: Հոգեբուժարանները բավականին լուրջ ֆինանսավորում ունեն, դրամաշնորհների առումով էլ առաջնային պլանում են, սակայն դա չի խանգարում, որ ոլորտում պարբերաբար չարաշահումներ կատարվեն: Իսկ ակտակտների առումով այս ոլորտը չի զիջում խոշորներին: Ավելին՝ ֆինանսավորման բարձրացմանը զուգահեռ հիվանդների վիճակը մնում է նույնը. նրանք ենթարկվում են թրաֆիկինգի, բռնության և այլ բազում խնդիրներ ունեն, որոնք հնարավոր չէ ներկայացնել մեկ նյութի շրջանակում:
Օրերս ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում միանգամից երկու քրեական գործ է հարուցվել. պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը նախ՝ ս/թ. ապրիլից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացրել է կազմակերպությանը հատկացված 3.100 լիտր բենզինը` նշված ՊՈԱԿ-ին պատճառելով 1.302.000 դրամի նյութական վնաս: Եվ երկրորդ՝ ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետևանքով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ. մայիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, աշխատանքային թերապիայի անվան ներքո, նրանց տեղափոխել է Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա գյուղի տարածք և ստիպել զբաղվել անասնապահությամբ՝ խնամելով տուն-ինտերնատի և իր բարեկամների խոշոր և մանր եղջերավոր անասուններին: Նվեր Հովհաննիսյանը ձերբակալված է:
Հոգեբուժարաններում միշտ էլ եղել են նման դեպքեր: Նույն հաջողությամբ տնօրենը կարող է արդարանալ թե՝ հիվանդները աշխատել են աշխատանքային թերապիայի շրջանակներում և այլն, բացի այդ աշխատել են ոչ միայն Վարդենիսի հոգեբուժարանում և ոչ միայն իր օրոք ու նա չի ստի:
Ի՞նչ ենք ուզում ապացուցել հանրությանը և ի՞նչու հենց այսօր. բոլորի համար պարզ է, որ քաղաքական ներկայիս իրավիճակը զոհեր է պահանջում:Վերլուծելով՝ թե ինչ ինտենսիվությամբ են վերջին շրջանում կատարվում բացահայտումները, կարելի է միանշանակ ասել՝ կիրառվում է «հավատում ենք, որ փոխվելու ենք» օպերացիան:
Սակայն ինչպե՞ս հավատալ, երբ նույն Վարդենիսում քաղաքապետ է վերընտրվում ՀՀկ-ական կառույցի ղեկավար Վալոդյա Խլոյանը, որը լինելով քաղաքապետ, երեք տարի շարունակ կանգնեցրել է իր էլեկտրականության հաշվիչը, պետությանը պատճառելով ոչ նվազ չափի ( 3միլիոն 600 հազար դրամի) վնաս: Վարդենիսի ՀՀԿ –ական քաղաքապետը 3 տարի շարունակ կանգնեցրել է գազի հաշվիչը | Arm Version:
Սա ավելին է, քան ասենք հոգեբուժարանի տնօրենի կատարած յուրացումը, բայց նա ոչ միայն չի ձերբակալվել, այլև ավելին՝ վերընտրվել քաղաքապետի պաշտոնում:
ՀՅԴ-ն շատ դժվար է կողմնորոշվում առաջիկա նախագահական ընտրությունների թե մասնակցության, թե ինչ-որ մեկին սատարելու խնդրում: Վահան Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելու հարցն այստեղ համարում են փակված: Լուրեր են շրջում, թե ինքը` Հովհաննիսյանն ասել է. հասարակական այս անբարենպաստ պայմաններում էդ էր ինձ պակաս: Սակայն առավել հավանական է այն տեղեկությունը, որ ՀՅԴ վերնախավը նրան այլևս չի տեսնում թեկնածուի կարգավիճակում: ՀՅԴ-ում քննարկվել է նաև Հրանտ Մարգարյանի թեկնածության հարցը: Վերջինս հրաժարվել է` ասելով, որ ՀՅԴ բյուրոյի ղեկավարի կարգավիճակն ավելի բարձր է, քան ՀՀ նախագահինը, այն պարզ պատճառով, որ բյուրոն միջազգային կառույց է: ՀՅԴ-ում կոնսենսուս չկա նաև ինչ-որ մեկին սատարելու հարցում: Սերժ Սարգսյանին չեն պաշտպանի, Քոչարյանը չի առաջադրվում, Օսկանյանի առաջադրումը մեծ հարցականի տակ է: Ծառուկյանին նույնպես չեն պաշտպանի, քաղաքական կուսակցությանը վայել չէ օլիգարխին պաշտպանելը: Այդ իսկ պատճառով չի բացառվում, որ ՀՅԴ-ն այս ընտրություններում առաջադրի Արծվիկ Մինասյանի և կամ Արտյուշա Շահբազյանի թեկնածությունը` զուտ օլիմպիական մասնակցության սկզբունքից ելնելով: Թեև սա էլ դեռ մեծ հարցականի տակ է:
Հրապարակ
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, Facebook-ի իր էջում անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, գրել է. «Նախագահական ընտրությունները սարերի ետևում չեն: Հայաստանում «քաղաքական» բանավեճը միշտ եղել է անձերի, ոչ թե քաղաքական բովանդակության շուրջ։ Անկախ այն բանից, թե ովքեր կլինեն գլխավոր թեկնածուները, կարծում եմ, որ այսօրվանից արդեն պետք է սկսել քննարկել և բանավիճել մեր երկրի և ժողովրդի համար ամենաճակատագրական խնդիրների շուրջև սկսել այլընտրանքներ որոնել՝ հաշվի առնելով համարյա բոլոր ուղղություններով մեր ժողովրդի առջև ծառացած բարդ իրավիճակը: Վերջիվերջո, այս ամենը պետք է ունենա մեկ գլխավոր նպատակ՝ ամենակարճ ժամկետում էական փոփոխություն բերել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում՝ բարոյական, սոցիալական, տնտեսական և այլ ուղղություններում: Ես հինգ այդպիսի ուղղություն եմ տեսնում.
1. Երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Այստեղ հիմնական քննարկումը պետք է լինի այն բանի շուրջ, թե ինչպիսի անել, որ հանդուրժողականությունն ու արդարությունը դառնան գերիշխող, որ պետական ինստիտուտները դառնան համապարփակ, ծառայեն ժողովրդի շահերին և երբեք չլինեն լծակ քաղաքական խնդիրներ լուծելու համար:
2. Քաղաքական դաշտի առողջացում: Այստեղ հիմնական քննարկումները պետք է լինեն պետական կառավարման համակարգի ձևի և բովանդակության շուրջ: Այսօր հաճախ խոսվում է ամբողջապես խորհրդարանական համակարգի անցնելու մասին: Սա կարող է այս ընտրարշավի հիմնական թեմաներից մեկը լինել: Բայց զուգահեռաբար պետք է քննարկել քաղաքական հակակշիռների խնդիրը և դրան հասնելու ճանապարհները՝ որպես երկրում ժողովրդավարության ամրապնդման կարևոր գրավական:
3. Տնտեսական քաղաքականություն: Այստեղ հիմնական քննարկումը պետք է լինի առայսօր ակնհայտորեն անարդյունավետ քաղաքականությանը փոխարինող տնտեսական նոր մոտեցումների շուրջ, որոնց հիմքում պետք է լինի բարեփոխումների ճանապարհով հնարավորինս արագ արհեստական մենաշորհների վերացումը, ազատ մրցակցության հաստատումը և սեփականության անձեռնմխելիության երաշխավորումը: Տնտեսական քաղաքականության հիմնական թիրախը պետք է լինի տնտեսական աճը և աշխատատեղերի ստեղծումը: Դրա համար կառավարությունն իր վրա առավել մեծ պատասխանատվություն վերցնելով՝ ամենակարճ ժամկետում պետք է իրականացնի տնտեսական աճին միտված հարկային բարեփոխումներ, որոնք կթեթևացնեն փոքր և միջին բիզնեսի բեռը՝ միաժամանակ հարկային դաշտ բերելով խոշորների հարկային շրջանցումները և ընդլայնելով հարկային բազան:
4. Արտաքին քաղաքականություն: Այստեղ միանշանակորեն անհրաժեշտ է վերաբեռնավորում բոլոր ուղղություններով: Նախ պետք է ձևավորել արտաքին քաղաքականության գաղափարական հենքը, արտաքին քաղաքականությունը որպես նպատակ դիտարկելուց անցնել այն որպես միջոց օգտագործելուն և իսկական նախաձեռնողականություն դրսևորել, օգտագործել տարածաշրջանում և դրանից դուրս ստեղծված նոր իրավիճակը՝ մեզ հուզող հարցերում դիվանագիտական առավելության և դրական արդյունքների հասնելու համար:
5. Հայաստանի ինտեգրացիոն դաշտի ընտրություն: Բաց և ազնիվ, զուտ ազգային շահերի հիման վրա պետք է քննարկում սկսել, թե վերջիվերջո Հայաստանն ինտեգրացիոն ինչ ուղղությամբ է ընթանալու: Եթե չգիտես ուր ես գնում, չես կարող կորչել: Այսօր արհեստականորեն մեզ մոտ ստեղծվել է այն զգացումը, որ մենք մոլորված չենք, ինչը գալիս է հիմնականում նրանից, որ չգիտենք, թե ուր ենք գնում: Բայց այս անորոշությունն ունի իր թաքնված կորուստները:
Նախագահական այս ընտրությունները ակնհայտորեն արդեն անձերի ընտրություն չէ, այլ Հայաստանի ապագայի»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով քաղաքական դաշտի մասին, ասել է. «Քաղաքական աշունը մտնում է իր իրավունքների մեջ , որին հաջորդելու է նախագահական ընտրությունները: Իսկ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ ամենազդեցիկ, վարկանիշային ուժը, և դա այն պայմաններում, երբ մրցակցությունը մեծ էր»:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական մարտահրավերներին, Շարմազանովը նշել է, թե նախագահ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում երեք կարևոր ազդակ է հնչեցրել. «Ադրբեջանը զինվում է և դա ապակայունացնող և վտանգավոր է տարծաշրջանային խաղաղության համար: Ազդակ երկու, Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է և երրորդ, ԼՂ-ի ինքնորշումը այլընտրանք չունի, բայց միջազգային հանրությունը պետք է զսպի Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները»,- ավելացրել է Էդուարդ Շարմազանովը:
Նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, հայտարարում է, որ կուսակցություն է ստեղծում: Այսպես կոչված`գործարարների կուսակցություն, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեությամբ զբաղվող անձինք: Նախաձեռնող խումբը նույնպես կազմված է լինելու գործարարներից, որոնց մեջ, ըստ Հայրապետյանի, ընդգրկված կլինեն նաև հայտնի մարդիկ, որոնց անունները դեռ չի ուզում հրապարակել: Իսկ կուսակցության նախագահը կլինի նախաձեռնող խմբից, կաշխատի մեկ տարով եւ ռոտացիոն կարգով կփոխվի: «Չի լինի Արայիկ Հայրապետյանի կուսակցությունը, այլ կլինի բոլորինը»,- ասում է Հայրապետյանը:
Հրապարակ
Քանի որ նախագահական ընտրություններում պաշտոնական առաջադրումներին մնացել է երեք ամսից պակաս, հիմնական քաղաքական ուժերը պարտավոր են գոնե ինչ-որ ակնարկներով պատրաստել հասարակությանը, թե ով է մոտ ժամանակներս մասնակցելու նախագահական մրցավազքին: Օրինակ` այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Ա1+» ի P.S. հաղորդաշարին տված հարցազրույցում, արտահայտելով իր անձնական տեսակետը, կարծիք հայտնեց, որ Կոնգրեսի հանրահավաք իմաստ կունենա անցկացնել այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմնորոշվի իր թեկնածությունը առաջադրելու կամ չառաջադրելու հարցում, որովհետև հանրահավաքի մասնակիցները, բացի քննադատություն լսելուց, կցանկանան իմանալ, թե ինչպիսին կլինի ՀԱԿ-ի մարտավարությունը նախագահական ընտրություններում: Այդ մոտեցումն ինձ տրամաբանական է թվում` չնայած կա նաև այլ տեսություն, համաձայն որի` որքան շատ պահես գաղտնիության մշուշը, այնքան լավ: Բոլոր դեպքերում, որքան էլ առաջին նախագահը ցանկանա օր առաջ վերադառնալ իր գրքերին, նա չառաջադրվելու, ինչպես ասում են, տարբերակ չունի, քանի որ հակառակ դեպքում Կոնգրեսը, որպես միասնական ուժ, այլևս գոյություն չի ունենա: Պարզ է, որ ՀԱԿ-ի բոլոր լիդերներն իրենցից բարձր են դասում միայն Տեր-Պետրոսյանին, իսկ երկրորդ տեղում տեսնում են հենց իրենց, իսկ դա նշանակում է, որ ոչ մի այլ թեկնածություն նրանք չեն ընդունի: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն թեմայով հանդես եկավ ԲՀԿ առանցքային դեմքերից մեկը` Վարդան Օսկանյանը, որը կարծիք հայտնեց, թե իր կուսակցությունը պետք է հանդես գա իր սեփական թեկնածուով, և ցանկալի է, որ այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, բայց եթե վերջինս չհամաձայնի, ապա ինքը` Օսկանյանը, նույնպես պատրաստ է մասնակցել ընտրություններին: Դա նույնպես միանգամայն ճիշտ մոտեցում է. որոշակի ընտրազանգվածային և նյութական ռեսուրս ունեցող կուսակցությունը պետք է առաջ քաշի իր լիդերին, ոչ թե օգնի այլ գործիչների, այդ թվում` նախկին կամ ներկա նախագահներին: Ստացվում է, որ ՀՀԿ-ի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է [դա ակնհայտ է առանց որևէ վերլուծության], ՀԱԿ-ինը` Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ-ինը` Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Եթե մոտակա երեք ամիսներին որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա նախագահի հիմնական թեկնածուները կլինեն այս չորս գործիչները: Եթե այդպես լինի, ապա, ինձ թվում է, նրանց մրցակցությունը կլինի ավելի խաղաղ, հանդարտ և, կարելի է ասել, «դասական», քան երբևէ եղել է նախորդ բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ: Արդեն ասել եմ, որ այդ չորս գործիչներից ոչ մեկից ես վտանգ չեմ զգում: Որովհետև նրանք, շատ տարբեր լինելով, ադեկվատ, հոգեկան լուրջ շեղումներ չունեցող մարդիկ են:
Առավոտ
Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը մի շարք հարցերում պարզություն մտցրեց և նպաստեց բաժանարար գծերի հաստատմանը: Շատերը այլևս հնարավորություն չունեցան «լղոզված» դիրքորոշում պահպանել, ստիպված եղան արտահայտվել: Դա վերաբերում է նախևառաջ Ռոբերտ Քոչարյանին:
Թեև ամեն ինչ իմացող Գալուստ Սահակյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության ոգին ու ձեռագիրը չի համապատասխանում վերջինիս նկարագրին, այնուամենայնիվ, ՀՀ երկրորդ նախագահի հայտարարության տեքստն ամրագրում է շատ կարևոր իրողություններ:
ԱՌԱՋԻՆԸ` Ռոբերտ Քոչարյանն ասաց «տեր եմ» Վարդան Օսկանյանին ու դրանով հաստատեց, որ Օսկանյանն իր «կոմիսարն» է ԲՀԿ-ում: Այլ «կոմիսարներ» էլ նա ունի այնտեղ` օրինակ Գուրգեն Արսենյանը, մեկ «կոմիսար» էլ կար, որին չկարողացավ պահել` ոսկեզօծ կրակող «Վերտու» հեռախոսից վախեցած Հմայակ Հովհաննիսյանը, բայց Օսկանյանը գլխավոր «կոմիսարն» է: Եվ Օսկանյանի նկատմամբ իրականացրած օպերացիան հուժկու հարված էր հենց Քոչարյանի դիրքերին:
ԵՐԿՐՈՐԴԸ` Ռոբերտ Քոչարյանը շատ դժգոհ է ԱԺ-ում ունեցած իր ազդեցությունից: «Ազգային ժողովի ինքնավարկաբեկման» մասին նրա խոսքը հենց այդ իրողության վկայությունն է: Նա դժգոհ է ԲՀԿ-ից, որ շատ թույլ պաշտպանեց Օսկանյանին, սահմանափակվելով ընդամենը բոյկոտով, և նույնիսկ ԲՀԿ առաջնորդը շտապ ճարեց արտերկրյա ուղևորություն, որը կարևորեց ավելին, քան ԲՀԿ-ի թիվ 2 Օսկանյանի անձեռնմխելիության հարցը: Ու նա ահավոր դժգոհ է ՀՀԿ խմբակցությունում ունեցած «յուրային» կադրերից, որոնք ճակատագրական պահին չաջակցեցին իրեն: Նրանց համարձակությունը չհերիքեց միանալ ԲՀԿ-ի հայտարարած բոյկոտին ու փորձել ապահովել քվորումի բացակայությունը: Չէ՞ որ բավարար էր ընդամենը 6 ՀՀԿ-ականներ «թռնեին» քվեարկությունից, և քվորում չէր լինի, ու Օսկանյանի մասին «փուռը տալու» որոշում չէր կայացվի:
Քոչարյանն, անշուտ, ուներ 6-ից ավելին յուրայիններ ՀՀԿ խմբակցությունում, սակայն դրանք բոլորը սահմանափակվեցին պատի տակ դժգոհություն հայտնելով, իսկ հետո սուսուփուս քվեարկեցին: Կարևոր չի, կողմ թե դեմ, կարևորը` քվեարկեցին ու ապահովեցին քվորումը:
Ու այժմ ինչքան էլ աղմուկը շարունակվի, թե Օսկանյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, այդ ամենը, ինչպես կասեր ռուսը, «разговоры в пользу бедных». Փաստը մնում է փաստ, որ Սերժ Սարգսյանի թիմին հաջողվեց չեզոքացնել ինչպես ԲՀԿ-ում Քոչարյանի «կոմիսար» Վարդան Օսկանյանին, այնպես էլ ՀՀԿ-ում առկա քոչարյանական կադրերին:
Էլ ի՞նչ ռեսուրսով պիտի փորձի ապահովել սեփական վերադարձը իշխանության:Դաշնակներո՞վ, ԲՀԿ-ում ունեցած կադրերով: Ախր ԲՀԿ-ի զանգվածի վրա հույս դնել չի կարող. թեև ԲՀԿ-ն Քոչարյանի ստեղծած կուսակցությունն է, բայց մեծամասնությունն այնտեղ են իշխանությանը մոտ լինելու և օգտվելու համար, այլ ոչ թե իշխանությանը հակադրվելու:
Անգամ եթե Գագիկ Ծառուկյանը որոշի մասնակցել նախագահական մրցավազքին, դա չի անի Քոչարյանի ազիզ խաթեր: Դա կանի իր համար, ու «կոմիսար» Օսկանյանի վնասազերծմանը թերևս այդ պատճառով պատասխանեց լռությամբ: Հետաքրքիր էր, որ նույնիսկ Օսկանյանի հարցում ԲՀԿ առաջնորդը փորձ չարեց պրոբլեմներ ստեղծել, իսկ նրան հարվածելը կարող է նպաստել ՀՀԿ-ԲՀԿ լարվածության աճին, ինչը ՀՀԿ-ին հաստատ պետք չէ…
Ի՞նչ է խաղարկվում ԲՀԿ առաջնորդի շուրջ, ինչին նա պատասխանեց, որ «քաղաքական բումերանգը» կարող է վերադառնալ: «Կոմպրոմատները» մեյդան բերողը կարծես թե ձգտում է այրել կամուրջները ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև: Նույն շրջանակները միաժամանակ հրապարակ են նետում մի գաղափար, թե Քոչարյանն ու Սարգսյանը կարող են համաձայնության գալ` զոհաբերելով ՀՀԿ-ն… Այսինքն` ոմանք ձգտում են նրան, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն գնան փոխադարձ առճակատման ու փոխադարձ ոչնչացման:
Անշուշտ, այդպիսի ինտրիգը ի նպաստ է «հիասթափության պահ» ապրող Ռոբերտ Քոչարյանի: Բայց ավելի երկար հեռանկարի տեսանկյունից դա սպասարկում է այն նոր-նոր թափ հավաքող մի խավի` ներկայիս էլիտաներին ձգտում են փոխարինելու գալ եվրոպական կրթություն ստացած, ապազգային «եվրաարժեքներով» տոգորված նոր երիտասարդ կարիերիստների խմբավորումներ: Նրանք, ում Չարենցի հերոս խմբապետ Շավարշը զզվանքով կոչել էր «օսլայած տղերք», իսկ ԲՀԿ-ական Ծաղիկ Ռուբոն ոչ պակաս զզվանքով կնքել էր «ժելեած մազերով երիտասարդներ»: Ու այդ «օսլայած» և «ժելեած» գեներացիայի ներկայացուցիչները կան և Սարգսյանի, և Քոչարյանի մերձավոր շրջապատներում: Այսօր նրանք իբր թե հակառակորդ ճամբարներում են, բայց իրականում շատ ավելի խորթ են սեփական ճամբարներին, քան զմիմյանս: Դա արդեն ՏԵՍԱԿԻ ու տեսակների պայքարի խնդիր է, և ըստ իս, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի «քյառթուները» մեր ազգին ավելի հոգեհարազատ են, քան «օսլայած տղերքը»:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.