23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր «Վարկած» ակումբի հյուրն էր էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը երեկ արդեն իր թեկնածությունն է ներկայացրել առաջիկա նախագահական ընտրություններում:
Նախ Վարդան Սեդրակյանն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին իր կատարած իմաստուն քայլի համար՝ հավելելով, թե մյուս թեկնածուների գոռոզությունը թույլ չի տալիս շնորհակալություն հայտնել նրան:
Նրա խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը չեն առաջադրվել, ուստի խոչընդոտ չեն ստեղծի իր քարոզարշավի ընթացքում:
«Ռոբերտ Սեդրակովիչին ևս շնորհակալ եմ, որ չառաջադրվեց: Ինձ համար մեծ պատիվ կլինի ընտրություններից և իմ հաղթանակից հետո աշխատել նախորդ նախագահների հետ: Երբ նախագահ դառնամ, նախկին բոլոր երեք նախագահները կդառնան իմ խորհրդականները»:
Վարդան Սեդրակյանը նույնիսկ մեր էպոսում նրանց համապատասխան կերպարներ է ընտրել. Ձենով Հովանի կերպարը համեմատելով Լևոն Տեր- Պետրոսյանի հետ, իսկ քեռի Թորոսի կերպարի մեջ՝ Քոչարյան, Սարգսյան,Ծառուկյան, ընդգրկել է բլոկով:
էպոսագետը վստահ էր, որ ինքն է նախագահ ընտրվելու.
« Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա քաղաքակիրթ պայքարից հետո, նա կպարտվի և նույնպես կդառնա իմ ավագ խորհրդատուն», — ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանից շնորհակալություն չի հայտնում չառաջադրվելու համար, Սեդրակյանը պատասխանեց, թե՝ Ծառուկյանից շնորհակալություն հայտնելու իմաստ չի տեսնում, քանի որ քաղաքականության մեջ իրեն հետաքրքրում են վերը նշված երեք մարդիկ: Ինչպես նաև ավելացրեց, որ ԲՀԿ-ն իր համար ոչ թե քաղաքական կուսակցություն է, այլ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն:
Իսկ հարցին, թե ի՞նչ կապ ունի էպոսագետը Նաիրի Հունանյանի հետ, Վարդան Սեդրակյանն այսպես պատասխանեց.
«Նաիրի Հունանյանի հետ ես առհասարակ կապ չունեմ:1998 թ-ին այդ հարցը բարձրացվել և փակվել է: Համապատասխան կառույցները գիտեն, որ ես Նաիրի Հունանյանի հետ կապ չունեմ: Նաիրի Հունանյանը ասել է, որ 1998թ.-ին դիտել է իմ հաղորդումը: Եթե իմ հաղորդումը նայելով որևէ մեկը, որևէ վատ բան է անում, ես ի՞նչ կապ ունեմ»:
Թերթը զրուցել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի հետ, ում հետ զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Թորոսյան, ինչպե՞ս եք գնահատում 2013 թվականի ընտրությունները` մասնավորապես ընդդիմադիր թեկնածու չունենալու առումով: Սպասելի՞ էր արմատական ընդդիմության նահանջը այս նախագահական ընտրություններին, եթե հիշենք, թե որքան խոստումնալից էր Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն, և ինչքան հույսեր էին կապում նրա հետ:
-Կարելի էր կանխատեսել, որովհետև լուրջ խնդիրներ կան բազմակուսակցական համակարգում, ցավոք սրտի, բազմակուսակցական համակարգը Հայաստանում դեռևս չկայացած` սկսեց այլասերվել: Մնացածը դրա հետևանքներն են: Այն, ինչ կապված է Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձի հետ, չուներ անհրաժեշտ կազմակերպչական նախապատրաստություն և ուղղակի տարբեր կուսակցությունների ու մարդկանց նախընտրությունների վրա էր կառուցված, մինչդեռ իրական քաղաքական կյանքը կառուցված է լինում կուսակցությունների գործունեության վրա: Եվ քանի որ մինչ այդ վերադարձը անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքները չկային, ուղղակի մեխանիկական հանրագումար ստացվեց, տարբեր քաղաքական ուժերի և այլն, որոնք ևս կայացած չէին: Ստացվեց այն, ինչ պիտի ստացվեր: Դրանից ավելի մեծ արդյունք պարզապես հնարավոր չէր ունենալ:
-Սերժ Սարգսյանն առանց մրցակցի է գնում ընտրությունների, ի՞նչ կարգավիճակում է նա հայտնվել: Սա դյուրի՞ն ճանապարհ է, թե՞ հակառակը` ավելի մեծ պատասխանատվության առջև է նա կանգնած:
-Միգուցե դյուրին ճանապարհ` առաջիկա ընտրությունների տեսակետից, կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ մրցակից չի ունենալու: Բայց մյուս կողմից վստահ եմ, որ երկրի առջև ծառացած են լուրջ խնդիրներ, մասնավորապես, բազմակուսակցական համակարգի կայացման առումով, և ակնհայտ է, որ այսօր, որպես նախագահ և որպես թեկնածու, որը, ցավոք սրտի, լուրջ մրցակից չի ունենալու առաջիկա ընտրություններում, գրեթե հաստատապես ապագա նախագահ` իրեն հուզելու են այս հարցերը: Եվ գլխավոր խնդիրներից մեկը, որը պիտի լուծի առաջիկայում, այստեղ լուծումներ որոնելն է:
Հրապարակ
Վերջին մի քանի համապետական ընտրությունների արդյունքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում էլեկտորատը ունի մոտավորապես հետևյալ կառուցվածքը`
Մոտ 40 % իշխանական ձայներ են, որոնք միշտ քվեարկում են հօգուտ գործող ղեկավարության:
Մոտ 35% ընդդիմադիր ձայներ են, որոնք երբեք ձայն չեն տալիս գործողներին և քվեարկում եմ հակաիշխանական ուժերի համար՝ անկախ այդ ուժերի իրական քաղաքական կշռից և տրամաչափից:
Մնացյալ շուրջ 25% այն ձայներն են, որոնց ընտրական կողմնորոշումը մեծապես կախված է հենց քարոզարշավի ընթացքում թեկնածուներից ստացած տպավորությունից:
Հետևաբար գալիք նախագահական ընտրություններին.
1. Գործող նախագահը կարող է հավաքել շուրջ 60-65% ձայն՝ կախված քարոզարշավի ընթացքից:
2. Ընդդիմադիր էլեկտորատի լիարժեք մոբիլիզացման համար ոչ իշխանական թեկնածուները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն և հանեն իրեն «հետլևոնական» նիրհից:
3. Ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կարող են դառնալ Հայաստանում 2-3-րդ ձայն ու կշիռ ունեցող քաղաքական դերակատարները և հետընտրական ժամանակահատվածում իրենց շուրջը վերաձևավորեն ընդդիմադիր դաշտը` ազգայինից մինչև լիբերալ:
Եզրափակելով հավելեմ, որ ակնհայտ հաղթողի պարագայում գալիք ընտրությունները կարող են դառնալ Հայաստանում նոր ընդդիմադիր կոնֆիգուրացիայի սկիզբ:
Նոր որակի, նոր գործելաոճի, նոր մտածելակերպի ընդդիմության, ինչի կարիքն ունենք ԲՈԼՈՐՍ:
Երեկ ՀԱԿ գրասենյակում ապատիկ տրամադրություն էր տիրում, չնայած Տեր-Պետրոսյանի որոշումը ՀԱԿ անդամների համար անսպասելի չէր, այնուհանդերձ, այնտեղ, ինչպես բնորոշեց ՀԱԿ անդամներից մեկը` խոր «տրաուր» էր. ամենամեծ «տրաուրն» ապրում էին Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիա Սարգսյանը: Եվ չնայած ՀԱԿ գրասենյակի եռուզեռին, դեռ չէին կողմնորոշվել թե ինչ ֆորմատով են մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին, և արդյո՞ք սատարելու են Հրանտ Բագրատյանին: Ժամը 3-ին հրավիրվել էր ՀԱԿ քաղխորհրդի նիստ, որից հետո ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե ՀԱԿ-ի` նախագահական ընտրություններում մասնակցության ձևաչափի մասին քննարկումները կշարունակվեն, և որոշումը, ամենայն հավանականությամբ, կկայացվի մինչև տարեվերջ:
Ըստ ՀԱԿ թերթի աղբյուրների` ամենայն հավանականությամբ, որոշում կկայացնեն, որ չեն սատարում: Սակայն ՀԱԿ-ից կառանձնանան որոշ կուսակցություններ, որոնք, այնուհանդերձ, կսատարեն նախկին վարչապետին: Ըստ ամենայնի, դրանք կլինեն Սոս Գիմիշյանի, Պետրոս Մակեյանի ղեկավարած կուսակցությունները. վերջինս երեկ կուսակցության քաղխորհրդի նիստ է արել, սակայն դեռ որոշում չունեն, որոշումը կկայացվի հաջորդ նիստին, որը, ըստ Պետրոս Մակեյանի, տեղի կունենա հունվարի երկրորդ տասնօրյակին` սպասում են Բագրատյանն առաջադրվի, հասկանան` ինչ է կատարվում, նոր: Ըստ ամենայնի, Բագրատյանին կպաշտպանի նաև Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը: Չի բացառվում, որ որոշակի քննարկումներից հետո, երբ կճշգրտվեն խաղի բոլոր բաղկացուցիչները, «Ազատ դեմոկրատները» ևս որոշում կայացնեն նրան պաշտպանելու: Բոլորին հասկանալի է, որ Բագրատյանը, բոլոր դեպքերում, պայքարելու է երկրորդ տեղի համար, ու նրանց բոլորին անչափ հետաքրքիր է` շնորհավորելո՞ւ է Բագրատյանը Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ:
Հրապարակ
Դեկտեմբերի 14-ին՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, ՀԱԿ-ի քաղխորհուրդը նիստում քննարկեց ստեղծված իրավիճակը: Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է՝ ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը, և այսպիսով Հայաստանի իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Այսինքն՝ տեղի ունեցավ դրական մի երևույթ (ենթադրաբար, ՀԱԿ-ի իմաստուն մարտավարության շնորհիվ), մահացու հարված հասցվեց ռեժիմին, որից հետո մնում էր մի հատ փչել, և ռեժիմը կընկներ: Դրան հաջորդած 10 օրերի ընթացքում ՀԱԿ-ի գործիչները բազմիցս վստահություն են հայտնել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի և կիրականացնի իշխանափոխություն: Ավելին՝ դեռևս շաբաթ օրը՝ ՀՀՇ համագումարից հետո, այդ կուսակցության ղեկավարը լրագրողներին ասաց, թե հակված է մտածել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Իսկ Աժ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ավելի կտրուկ էր. «Եթե դուք Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթից հետո էլ գլխի չեք ընկել՝ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, թե ոչ, վատ է: Կասկած չունեմ, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի»: Վերը թվարկած մարդիկ չեն պատկանում «ներ-ՀԱԿ-ական այլախոհների», «դավաճանների» և, այսպես ասած, «գծից դուրս» գտնվողների շարքին: Նրանք առաջին նախագահի մոտիկ շրջապատից են, նրա հավատարիմ զինակիցները: Բայց նրանց էլ Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր պահել իր ծրագրերի մասին և առանձնապես մտահոգված չէր, թե որքանով ծանրակշիռ կլինեն այդ գործիչների կանխատեսումները:
Հետևաբար, վիճահարույցը ոչ թե չառաջադրվելն էր՝ դա իսկապես ճիշտ և ազնիվ որոշում էր: Վիճահարույցը timeing-ն էր, ժամանակացույցը և դրան նախորդած խորհրդավոր լռությունը: Իմ ընկալմամբ՝ Կոնգրեսի, նրա լիդերների, նրա ակտիվիստների, համակիրների համար շատ ավելի օգտակար կլիներ այս տարվա սեպտեմբերի 1-ին հավաքել այդ նույն զինակիցներին և ասել. «Սիրելի ընկերներ, 2013 թվականի հունվարի 9-ին ես դառնում եմ 68 տարեկան, այդ տարիքում հնարավոր չէ զբաղվել քաղաքականությամբ նույն եռանդով, ինչ 45-60 տարեկանում: Ես առաջարկում եմ Ձեզ՝ գնալ շրջաններ, հանդիպել ժողովրդի և ՀԱԿ-ի կողմնակիցների հետ ու տեսնել՝ Ձեր 7 հոգուց ով կարող է կայանալ որպես ընդդիմության առաջնորդ, որից հետո էլ ես նույն հարցով կասեմ իմ կարծիքը»: Այդպիսով ընդդիմությունը կլիներ ավելի կենսունակ, քան այսօր: Փոխարենը ընտրվեց ԲՀԿ-ի հետ գաղտնի բանակցությունների և «գորգի տակ» իրար կծելու ճանապարիը:
Հիմա էլ ուշ չէ: ՀԱԿ-ը պետք է կամ սատարի Բագրատյանին, կամ առաջ քաշի որևէ այլ թեկնածու: Եվ առաջին նախագահն էլ իր հեղինակությամբ պետք է պաշտպանի այդ մարդուն: Որպեսզի Կոնգրեսի երիտասարդ կողմնակիցները քվեաթերթիկներում «Տեր-Պետրոսյան» չգրեն: Պետք չէ անվավեր քվեաթերթիկներով հեշտացնել իշխանությունների գործը:
Առավոտ
Աղասին (խոսքը՝ Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ անդամ, Աղասի Հակոբջանյանի մասին է) չի կարող ապրել առանց քցելու, բայց որ կքցեր նաև…Ծառուկյան Գագիկին… մարդը պրոֆեսիոնալ գցող է:
Նա քցել է գեներալ Մանվելին, նա քցել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նա քցել է իր թիմին, մի խոսքով՝ նա քցել է բոլորին՝ ում հետ առնչվել է: Մարդն, ուղղակի, առանց քցելու չի կարող:
Բայց որ կքցեր նաև…Ծառուկյանի՜ն…
Դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ 7-8 սիսիանցի է վերցրել-բերել շեֆի մոտ, ներկայացրել գյուղական համայնքների ղեկավարների «Բարգավաճ»-ի թեկնածուներ և նրանց ընտրվելու համար հսկայական գումարներ ստացել, բայց… «բարգավաճով» ընտրվել է միայն ինքը:
Շաքիի գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Վաղինակին, որը հազվադեպ նվիրված բարգավաճական է, չի պաշտպանել, որպեսզի ընտրվի Սիսիանի ՀՀԿ գրասենյակի գործավար Վահանը:
Ույծի «Բարգավաճ»-ի թեկնածու Երվանդին չի պաշտպանել, որ ընտրվի գործող ՀՀԿ-ական Արտակը:
Որոտանի՝ իբր թե, «Բարգավաճ»-ի Սերգեյին չի պաշտպանել, որը ընտրվելուց հետո մարզպետին ուրախ-ուրախ ցույց է տվել հանրապետականի իր անդամատոմսը: «Բարգավաճ»-ից Սիսիանի տարածքում ընտրվել է միայն ինքը՝ 7-8 «Բարգավաճ» թեկնածուի համար տրված մոտ 55 մլն դրամով:
Տեսնես՝ նախագահական ընտրություններում ո՞ւմ է քցելու «քցոցիի» մեծ մասնագետ Աղասին:
Ավետիս Գրիգորյան
Կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը:
Դե, աստղը աստղ է մնում, անգամ երբ մարում է և փորձում է ընկնել արժանապատվորեն:
Նա փորձել է միանգամից պատասխանել բոլոր հնարավոր քննադատական հարցերին:
Մեկ հարց է ուղղակի մնում անպատասխան:
Արդյո՞ք ամբողջ ՀԱԿ-ը և իր առաջնորդը չէին կանխատեսում «տարիքային» հանգամանքը նախորդ հնգամյա գործունեության ընթացքում, և արդյո՞ք անձնագրի մասին նրանք հիշել են միան նախագահական ընտրություններից 2 ամիս առաջ…
-Պարոն նախագահ, գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ նախագահական ընտրությունների հետ կապված գլխավոր, եթե ոչ միակ, ինտրիգը Ձեր առաջադրվելու կամ չառաջադրվելու խնդիրն է, ինչի վկայությունն են գրեթե ամեն օր լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններն ու կանխատեսումները: Ինչպե՞ս եք վերաբերվում դրանց:
-Զարմանքով:
-Ի՞նչը նկատի ունեք:
-Նկատի ունեմ այն, որ իմ առաջադրմանը թեր և դեմ արտահայտվողների կողմից բերվում են հիմնավոր թվացող տասնյակ փաստարկներ, բայց շրջանցվում է փաստարկներից ամենահիմնականը: Որքան ինձ հայտնի է, դեռևս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում:
-Բացառություններ չկա՞ն:
-Իհարկե, կան: Բայց դրանք, որպես կանոն, ի հայտ են գալիս արտակարգ իրադրություններում, երբ արտաքին վտանգների կամ երկրում տիրող քաոսային վիճակի ու կառավարելիության բացակայության պատճառով քաղաքական ընտրանին, հասարակության հավանությամբ, և երբեմն նույնիսկ սահմանադրության շրջանցմամբ, պետության ղեկը ստանձնելու է հրավիրում թեկուզ մեծահասակ, բայց հեղինակություն վայելող և կոնսոլիդացիոն կարողություններ ունեցող քաղաքական գործիչների: Այդպիսին է, օրինակ, Չերչիլի, Ադենաուերի, Դը Գոլի, Շևարդնաձեի, Հեյդար Ալիևի և Մարիո Մոնտիի պարագան: Միակ իրական բացառությունը, թերևս, Ռեյգանն է, որի ընտրությունը չի տեղավորվում այս սխեմայում: Բայց, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան բացառություն է, դա ինքնին հաստատում է օրինաչափության գոյությունը:
-Իսկ մի՞թե Հայաստանի իրադրությունն արտակարգ չէ:
-Ամենևին ոչ, համենայն դեպս, ո´չ իմ նշած առումով: Հայաստանում ո´չ քաոսային վիճակ, ոչ էլ կառավարելիության պակաս գոյություն չունի: Ընդհակառակը, խնդիրը գերկառավարելիության առկայությունն է, երբ ամեն ինչ կենտրոնացած է իշխանությունը զավթած մի բուռ հանցագործների ձեռքում: Հետևաբար, քաոսից ազատվելու և երկիրը կառավարելի դարձնելու պահանջարկ այս պահին չկա, և եթե լիներ էլ, դա դեռևս չէր նշանակի, թե այդ պահանջարկի բավարարողն անպայման ես էի լինելու:
-Ուրեմն ի՞նչ, Դուք չեք առաջադրվելու:
-Ո´չ, քանի որ, ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 40-60 տարեկանը, որը, թերևս, նախագահի պաշտոնին հավակնող քաղաքական գործիչների օպտիմալ տարիքն է: Հետևաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները:
— Ձեր հիմնավորումն, անշուշտ, բավականին համոզիչ է թվում, բայց մտավախություն չունե՞ք, որ շատերի կողմից դա կարող է ընդամենը պատրվակ համարվել:
-Պատասխանեմ նախ հումորով. տարիքը պատրվակ չի կարող լինել, որովհետև այն, ինչպես ասում են, օբյեկտիվ իրականություն է: Իսկ այժմ’ ավելի լուրջ, դուք երևի մոռացել եք, որ նույնիսկ նախորդ նախագահական ընտրություններից առաջ, 2007թ. նոյեմբերի 16-ի իմ ելույթում, ես պաշտոնապես հայտարարել եմ, որ «ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ուղիղ երեք տարի հետո ես պատրաստ եմ ընդմիշտ հեռանալ քաղաքականությունից’ ձեզ հնարավորություն տալով լիովին ազատ և օրինական ընտրությունների միջոցով երկրի նոր նախագահ ընտրել»:
-Այնուամենայնիվ, խնդրում եմ, անկեղծորեն ասեք’ տարիքային հանգամանքից բացի Ձեր չառաջադրման ուրիշ պատճառ չկա՞:
-Ցանկության դեպքում գուցե շատ պատճառներ կարելի է գտնել, բայց երբ գոյություն ունի մեկ հիմնական պատճառ, մյուսների մասին անիմաստ ու ավելորդ է խոսել, ինչպես չղողանջող զանգի վերաբերյալ միջնադարյան անեկդոտում: Այնուամենայնիվ, քանի որ շատ եք պնդում, ասեմ, կա ևս մեկ, թեև աննշան, զուտ տեխնիկական պատճառ, որը գրեթե անհնար է դարձնում իմ առաջադրումը: Բայց այն չեմ ուզում բացահայտել, որովհետև մեր ցինիկ իրականության մեջ դրան քչերը միայն կհավատան:
-Իսկ չե՞ք կարծում, որ Ձեր որոշումը միանշանակ չի գնահատվի, և կլինեե դժգոհողներ ու քննադատներ:
-Ինձ ցույց տվեք քաղաքական գործիչների որևէ քայլ, որը միանշանակ է գնահատվում: Այո, իհարկե, կլինեն դժգոհողներ ու քննադատներ, բայց կլինեն նաև հրճվողներ ու մեծաբանողներ:
-Բայց դժգոհողներն ու քննադատները լինելու են Ձեր համակիրները, իսկ հրճվողներն ու մեծաբանողները’ Ձեր հակառակորդները:
-Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել: Չբացառենք նաև, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաև իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով’ իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական ղաշտը, ինչի հետևանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում: Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում նման լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա´ Աստված:
-Այլ բան չե՞ք ուզում ավելացնել:
-Առայժմ ոչ, բայց խոստանում եմ, հարմար մի պահի, նախընտրական թոհուբոհի հանդարտումից հետո, հանգամանորեն անդրադառնալ հասարակությանը հուզող բոլոր կարևոր հարցերին:
-Հարցերը կարող են շատ լինել իսկ Ձեր մնկնաբանությունները վիճելի դիտվել:
-Ես չեմ խուսափի քաղաքական բանավեճից, պայմանով, սակայն, որ այն հիմնված լինի հստակ ելակետերի ու փաստարկների, այլ ոչ թե 18-րդ դարի մի հայտնի անեկդոտի «երկաթյա տրամաբանության» վրա. «Մի հավատավորի հարցնում են. — Որտեղի՞ց գիտեք, որ ձեր քահանան խոսում է Աստծու հետ: — Ինչպե՞ս թե որտեղից, ինքն է ասում: -Իսկ ի՞նչ գիտեք, թե ճիշտ է ասում: — Լսեք, ինչպե՞ս կարող է Աստված խոսել ստախոսի հետ»:
-Անշուշտ, սրամիտ անեկդոտ է, բայց դառն իրականությունն այն է, որ նախ Ծառուկյանի, իսկ այժմ նաև Ձեր չառաջադրվելու պարագայում Սերժ Սարգսյանն, ըստ էության լուրջ մրցակից չի ունենալու և հաղթելու է 80-90 տոկոսով’ հռչակվելով առավել քան լեգիտիմ, կամ ինչպես Դուք եք նախընտրում ասել օրինակարգ նախագահ:
-Նախ’ ինչո՞վ է Սերժ Սարգսյանը պակաս Իլհամ Ալիևից, և երկրորդ’ նույնիսկ 100 տոկոս հավաքելու պարագայում Սերժ Սարգսյանի օրինակարգությունը լինելու է այնքան, որքան Սադամ Հուսեյնի, Կադաֆիի կամ բռնապետական որևէ այլ երկրի ղեկավարի օրինակարգությունը:
-Նման պարագայում ի՞նչ ապագա է սպասում մեր երկրին ու ժողովրդին:
-Նախընտրական շրջանում տրամադրությունների վրա չազդելու համար ապագայի մասին խոսակցությունը թողնենք ապագային: Առանց այդ էլ մեր զրույցը երկար ստացվեց:
«Չորրորդ ինքնիշխանություն»
ԱՄՆ-ի սենատոր Ջոն Քերիի առաջադրումը` պետքարտուղարի պաշտոնին ի շարս այլ լուսարձակների գրավել է նաև հայկականը, թուրքականն ու ադրբեջանականը։ Անմիջապես ասենք, որ ռուսական մակարդակի վրա տեղեկատվական անդրադարձը մինչ այժմ դրական կարող է արձանագրվել, եթե նկատի ունենանք ռուսական մամուլի արձագանգումը` ամերիկյան այն տեսակետներին, որոնք լավատեսական նախանիշեր են ուզում տեսնել Քերիի պաշտոնամուտի մեջ:
Հայկականի դեպքում նախ, իհարկե, տեղի քաղաքական կազմակերպությունների` Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի կատարած շատ արագ արձագանգումն է, որ աչքի է ընկնում դրական շեշտով, լավատեսությամբ: Մինչ, հայաստանյան քաղաքական և քաղաքագիտական շրջանակներն ավելի զսպվածություն են ցուցաբերում հետագա ակնկալիքներ բարձրաձայնելու ուղղությամբ:
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի հրապարակած հաղորդագրությունը սակայն գերխանդավառություն ցուցադրելու և լավատեսական մթնոլորտ տարածելու միտում չունի, բնականաբար: Ակնկալիքի և պահանջի խնդիրն է, որ առկա է լավատեսական կանխատեսման հրապարակման հետևում: Ակնկալելու` հետևողականություն, Ջոն Քերիի շարունակ ցուցաբերած ճիշտ դիրքորոշումները Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Տարբեր հանգրվաններին դրսևորված դիրքորոշման արդարացիությունը վերաբերում է բազմաթիվ բանաձևերի համաառաջադրմամբ, Արցախի խնդրի լուծման աջակցությամբ, ԱՄՆ-ի նկատմամբ առաջարկված Թուրքիային չաջակցելու պահանջներով, Հայաստանի Հանրապետության ապաշրջափակման հրամայականի շեշտմամբ և Սաֆարովի հերոսացման դատապարտումներով:
Ա ՛յս վարքագծի հետևողականության և պահպանման պահանջն է, որ արծարծվում է՝ հիշեցման և ողջույնի կարգով: Այլապես, քաղաքական տրամաբանությամբ պարզ է, որ տարբերություններ պիտի երևան սենատոր Քերիի և պետքարտուղար Քերիի հայկական հարցերի (և ոչ միայն հայկական) հայտարարածների և հայտարարելիքների միջև` թե՛ բովանդակային, թե՛ շեշտադրումների և թե՛ հաճախակիության առումներով: Պետքարտուղարը կիրականացնի պաշտոնական Վաշինգտոնի քաղաքական գիծը, որ մերթ կզուգահեռվի, մերթ կխաչվի ներկայացուցչականների կամ սենատորների գծերին:
Հիմա փորձենք դիտարկել մեր հակառակորդների հակազդեցությունները: Ադրբեջանական «Քոնթաք.ազ»-ն ու «Թուրան»ը մտահոգություն են հայտնում՝ Քերիի նախկին հայտարարությունները մեջբերելով և հայ-ադրբեջանական տարբեր թղթածրարների վերաբերյալ Քերիի առնվազն ոչ ադրբեջանպաստ, չասելու համար ուղղակի հակա-ադրբեջանական փաստերը մտաբերելով: Ադրբեջանական կողմը այս դեպքում սահմանափակվել է այսքանով: Հասկանալի է, որ այժմ Բաքուն ավելիին դիմելու անհրաժեշտությունը չի զգում:
Եթե արցախյան հարցով հակա-ադրբեջանական հայտարարությունները մտահոգություն են առաջացրել Բաքվի շրջանակների մոտ, ապա Ցեղասպանության ճանաչման համար բացահայտ և հետևողական կեցվածքները խնամքով անուշադրության են մատնվում Անկարայի կողմից: «Թուտեյ Զաման»ը հաղորդում էր, որ Անկարան գոհունակություն է հայտնում Քերիի առաջադրման համար: Այստեղ նշում անգամ չկա հայկական հարցերին և հատկապես Ցեղասպանության մասին ամերիկացի սենատորի որդեգրած դիրքորոշման մասին:
Այս հանգամանքները նկատի ունենալով ավելի քան օրինաչափ է և ընկալելի Հայ Դատի Ամերիկայի գրասենյակի հրապարակած հաղորդագրությունը: Մոսկվան անուղղակի դրական ուղերձ է փոխանցել, Բաքուն զուսպ մտահոգություն է հայտնել, Անկարան պետքարտուղարի պաշտոնի թեկնածուին գործնապաշտ որակումով անուշադրության է մատնել Ցեղասպանության հարցը. իսկ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը ողջույնի տեսքով հիշեցնում է և պահանջում:
Համենայնդեպս, հայկական կողմը սկզբից բացասական նախատրամադրվելու պատճառներ չունի։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Նախագահական ընտրություններում ԲՀԿ հայտարությունից հետո, ինչպես կասեր հայտնի «վոյինը»` Ռոբերտ Քոչարյանը, հայոց քաղաքական դաշտում «տյունինգ» է սկսվել, իսկ ընդդիմադիր դաշտում յուղ էր վառվում. մինչև Բագրատյանի առաջադրումը:
Վերջինս առաջադրումն էական մի շարք խնդիրներ լուծեց:
ա.Փսորեց Ռուսաստանի, հետևաբար Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի, ինչու` ոչ, նաև Ծառուկյանի իդեա-ֆիքսը` ընտրությունների համար բոյկոտի պասաժ ապահովելուն միտված: Փսորեց նաև հարկավոր դեպքում (եթե Սերժ Սարգսյանը չապահովի Մայր-Ռուսաստանի եվրասիական նկրտումները) ընտրությունները կլոունադայի վերածելու հանգամանքը, երբ Սերժ Սարգսյանը կթողնվեր Հովիկ Աբրահամյանի համաերկրացիների` սուրենավանցիների հույսին, որոնք, փաստորեն, ստատուսով Սերժ Սարգսյանին հավասար «տղերք» էին լինելու՝ որպես նախագահ թեկնածուներ:
բ. Բագրատյանի առաջադրումը բավականին հետաքրքիր է դարձնելու նաև նախընտրական գաղափարական պայքարը: Նա ընդդիմադիր դաշտում մնացած այն քչերից է, որ երբեք չենթարկվեց քաղաքական կոնյուկտորային, չշեղվեց լիբերալ սկզբունքերից, փաստական և բանավիճային հիմքերով, առաջ տարավ իր տեսակետները, որոնց հետ հաշվի նստել իշխանությունները պարտավոր էին, և դեռ` ե′ն:
գ.Ավելորդ է նաև ֆիքսումը, որ Բագրատյանն ավելի արժանապատիվ հակառակորդ է, քան` կարող էր լինել ԲՀԿ առաջնորդը` միջազգային հանության աչքին, և այս առումով նախընտրական պայքարը խիստ ցիվիլ դառնալու բոլոր շանսերն ունի:
դ.Բագրատյանը հեռանկարային է նաև պարտվելու դեպքում՝ որպես պատվավոր երկրորդ տեղը զբաղեցրած գործիչ, եթե նա չշնորհավորի էլ Սերժ Սարգսյանին (եթե, իհարկե, որևէ ֆորս-մաժոր չլինի. չնայած` Ռուսաստանի և «ողնաշարից վիրավոր» Պուտին Վլադիմիրիի դեպքում երբեք չի կարելի ասել` երբեք), ապա Բագրատյանի ներուժը, որպես տնտեսագետ, ժամանակակից գլոբալ տնտեսական տենդեցներին լավագույնս տիրապետող անհատ, հնարավոր է այս կամ այն կերպ կիրառել հայաստանյան կառավարման համակարգում, ինչն էլ կլինի դասական այն մոդելի կիրառում, որի համար ասվում է` և կույս մնալ, և հաճույք ստանալ: Ասել է` և Հայաստանի համար դա օգտակար կլինի, և «միջազգայինների» աչքի համար` հաճելի:
Ընդ որում, բոլոր ուժային կենտրոնների պարագայում էլ, քանզի նույն Բագրատյանը, որը համարվում է Գայդարի դպրոցի «տղաներից» (իսկ Պուտինը ողջ գիտակցական կյանքում, քանի ողջ էր Գայդարը, բացառապես օգտվում էր նրա տնտեսական խորհուրդներից, և իր ողջ գործունեությունը կառուցում ըստ այդմ), մյուս կողմից էլ, մինչև վերջերս, երբ Բագրատյանը մեկնում էր Ռուսաստան, գիշերում էր Չուբայսների ամառանոցում:
Իսկ թե ո՞վ է պարոն Չուբայսը Ռուսաստանի (ինչու` միայն) համար, չարժե ևս մեկ անգամ հիշեցնել, այնպես որ ի դեմս Բագրատյանի, խաղադաշտ է մտնում, ճիշտ է, մասամբ իմպուլսիվ, սակայն բավականին հետաքրքիր «իգրոկ»:
Որը կարող է հակակշռել ոչ միայն ԲՀԿ առաջնորդ Գագաիկ Ծառուկյանին, այլև որքան էլ ցավալի Տեր-Պետրոսյանի համար, նաև` Տեր-Պետրոսյանին:
Նամանավանդ որ` համ էլ երիտասարդ է:
Դե`ռ:
Վահե Հովսեփյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.