23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2000թ. Հայաստանը հարկադրաբար լքած Արկադի Վարդանյանը արդեն չորս տարի է, Հայաստանում է և մասնակցում է Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին: Բայց Արկադի Վարդանյանին ամեն ինչ չէ, որ դուր է գալիս այդ հանրահավաքներում: Երեկ «168 ժամի» թղթակցի հետ ունեցած զրույցում Վարդանյանը մասնավորապես նշել է մի քանի բացթողումներ և սխալներ, որոնց արդյունքում Ազատության հրապարակը դատարկվում է: Վարդանյանին հատկապես անընդունելի է Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: «Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի թվաց նրա հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ: Դա Գագիկ Ծառուկյանին հնարավորություն տվեց իր համար սովորական դարձած խորհրդավոր դիրքն ընդունել: Նրա խոսքերը, որ ինքը միշտ ժողովրդի կողքին է եղել, բավական միանշանակ են: Ի՞նչ է նշանակում` ժողովրդի կողքին լինել, կամ դու ժողովրդի հետ ես և ժողովրդի մեջ ես, կամ դու ժողովրդի կողքին ես: Ծառուկյանն ամբողջ կյանքը ժողովրդի կողքին է եղել այն իմաստով, որ կողքից կճմթել է մեր ժողովրդին, տարբեր ձևերով, այդ թվում և մարտի 1-ին: Հովհաննիսյանը Ծառուկյանին պետք է հարց տար իսկ 2008թ. մարտի 1-ին դու էլի՞ ժողովրդի կողքին էիր, և եթե այո, ապա ի՞նչ էիր անում ժողովրդի կողքին լինելով: Պետք է հարցներ այսօր է՞լ ես նույն կերպ պատրաստվում լինել ժողովրդի կողքին»,- ասել Է Արկադի Վարդանյանը:
168 ժամ
Չնայած կառավարությունն արդեն իսկ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ձեռնամուխ է եղել կառուցվածքային փոփոխություններին, այնուհանդերձ, «Հրապարակի» աղբյուրները տեղեկացնում են, որ ապրիլի 9-ի ինագուրացիայից հետո հիմնական, եթե ոչ միակ կադրային նշանակումը լինելու է վարչապետի նշանակումը, թերևս վերանշանակումը: Սերժ Սարգսյանը նեղ միջավայրում արձանագրել է, որ փոփոխությունները լինելու են արմատական, սակայն սպասում են քաղաքապետի ընտրությունների ավարտին, երբ քաղաքական դաշտը վերջնական կհստակվի, իսկ բուն «բարեփոխումներն» ու կադրային շարժերը կսկսվեն աշնանը` սեպտեմբերից: «Թեժ է լինելու սեպտեմբերը»,- ասել է թերթի զրուցակիցը:
Հրապարակ
Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համար ամենամեծ ինտրիգն այն է, թե ով է քաղաքապետի պահուստային նստարանին նստած անձը: «Սերժ Սարգսյանին ճանաչողները գիտեն, որ նա երբեք մեկքայլանի բաներ չի անում, թե անցած անգամ, թե հիմա առաջին հնգյակի մեջ պետք է լինի մարդ, որը ֆորսմաժորային իրավիճակում կփոխարինի բուն խաղացողին` քաղաքապետին, ինչպես եղավ նախորդ անգամ. «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի հայտնությունը ցուցակում բոլորիս էր զարմացրել, մանավանդ որ Կարենը բացարձակապես չէր ուզում ընդգրկվել ցուցակում, այս մասին նա բարձրաձայնում էր բոլորիս մոտ: Սակայն, ինչպես տեսաք, հինգերորդ համարում գտնվող մարդը փոխարինեց Գագիկ Բեգլարյանին, ընդ որում, նույն այդ մարդը հնարավոր է և չիմանա, որ ինքն է լինելու փոխարինողը»,-ասել է «Հրապարակի» աղբյուրը: Նույն վիճակն է նաև հիմա. ՀՀԿ-ում, բացի Սերժ Սարգսյանից, ոչ ոք չգիտի, թե «մետկան» ում վրա է դրված: Ցուցակի հաջորդ ինտրիգը վերաբերում է քաղաքապետի առաջին տեղակալի խնդրին. տևական ժամանակ է, ինչ Երևանի քաղաքապետը չունի առաջին տեղակալ, կանոնակարգը սահմանում է, որ վերջինս պետք է համամասնական ցուցակից լինի, ՀՀԿ համամասնական ցուցակում չկար տեղական ինքնակառավարումից լրջորեն հասկացող մեկը, գործող տեղակալներին էլ օրենքը չէր թույլատրում նշանակել: Հիմա այս բացը ևս փորձում են լրացնել պրոֆեսիոնալների ընդգրկմամբ: Նուրբ է խնդիրը նաև վարչական շրջանների ղեկավարների մասով, վերջիններս փորձում են ցուցակում ունենալ սեփական ներկայացուցիչները հինգ-վեց մարդ, որպեսզի իրենց հարցերը հեշտությամբ լուծեն: Թերթի տեղեկություններով` յուրաքանչյուր վարչական շրջանին հատկացվելու է երեք տեղից ոչ ավելի:
ՀՀԿ-ում տեղի ունեցող գրեթե յուրաքանչյուր նիստի ժամանակ այս կամ այն կերպ քննարկվում է ԲՀԿ-ի պահվածքը: Ու թեև իշխանական կուսակցության ներսում դեռ կան մարդիկ, որոնք հակված են ԲՀԿ-ին տեսնել իշխանական կոալիցիայի կազմում, այնուամենայնիվ ՀՀԿ-ի մեծ մասն այդպես չի կարծում: «ԲՀԿ-ն երբեք մեզ չի օգնել, ավելին, նույնիսկ փետրվարի 18-ին շատերն աշխատել են Րաֆֆու օգտին, հետևաբար իշխանության պտուղներից չպետք է օգտվեն: Թող դառնան ընդդիմություն». «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտավորապես այսպիսի հիմնավորմամբ են իրենց տեսակետը մատուցում «հակաբհկականները»: Այս առիթով «Ժողովուրդը» զրուցել է Աժ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ, որը, ավանդույթի համաձայն, հերքել է. «Ոչ, նման քննարկումներ չկան, երկրորդն էլ` կոալիցիա կազմելը ինքնանպատակ չէ, և իմ կարծիքով` ոչ էլ նման առաջարկ ենք ստացել: Կոալիցիա կազմվում է, երբ որ առաջադրված ծրագրի հետ համամիտ են լինում, կոալիցիային մենք դեմ չենք, անկախ նրանից` դա ԲՀԿ-ն կլինի, թե ուրիշ մեկը»:
Ժողովուրդ
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Սիրելի Շուշան,
Նամակիս վրա չզարմանաս. Հայաստանում էպիստոլյար ժանրը ծաղկում է ապրում`բաց նամակներ հղելու տեսքով:
Ես ստեղծում եմ մեկ այլ նախադեպ` բաց եմ գրում իմ կուսակցին և իմ ընկերոջը, որպեսզի կարդան բոլորը:
Շուշան ջան, վերջին օրերի ընթացքում ականատես եմ լինում քեզ և քո առիթով` ՀՀԿ-ի վրա լայնածավալ հրապարակային լեզվահարձակումների:
Տարբեր տրամաչափի գործիչներ փորձում են շահարկել քո որոշ արտահայտությունները:
Խոստովանեմ, Շուշան, ինձ համար դու երգչուհի ես և ընկեր, այո, նաև կուսակից:
Խոստովանեմ նաև, որ գուցե քո ոչ բոլոր արտահայտություններն են, որ քաղաքական լեքսիկոնում ընդունված ձևակերպումներով կլորավուն և սահուն են:
Դու հաճախ անմիջական ես և շիտակ, միաժամանակ` միամիտ:
Քաղաքական և լրագրողական դաշտը, ցավոք, սովոր չէ այդպիսի կերպարների:
Հոգեվերլուծաբաններին եմ թողնում «խիարացավով» տառապող մարդկանց ներաշխարհի բժշկահոգեբանական վերլուծությունը:
Ցավով եմ նշում նաև, որ Հայաստանում մտքի ճգնաժամ է առհասարակ:
Հիշու՞մ ես, Շուշան, մեր մանկության սիրած մուլտֆիլմերից մեկը` Քիփլինգի հեքիաթի մոտիվներով. չնեղանաս, քույր, այս ամենը ես նմանեցնում եմ մի դրվագի այդ ֆիլմից, երբ շեկ շների ոհմակը հարձակվում էր մի խումբ ուժեղ և բարի հերոսների վրա: Տեսնելով, թե ինչ թաթալոշներ ես տալիս աջ ու ձախ քեզ վրա հարձակվող էակներին, ակամայից քեզ համեմատում եմ այդ հեքիաթի հերոսների հետ` նույնքան բարի և ուժեղ, ազնիվ և նվիրված:
Խորհրդային միության ժամանակ մշակույթի գործիչներին հաճախ էին «травля»-ի ենթարկում: Զավեշտալի է, չէ՞, երբ մեր օրերի «ժողովրդավարները» գործում են սովետական քարոզչամեքենայի ոճով:
Ֆիզիկայից հայտնի է, որ էլեկտրական հոսանքը գերադասում է ուղղվել փոքր դիմադրության ճանապարհով: Ցավում եմ, որ որոշ լրատվանմիջոցներ, փոխանակ ամոքեն` ենթադրվում է խոցված ինքնասիրությունը` «շաշ-անտերների» մասով, գերադասում են ինքնադրսևորման և ինքնակայացման անհաջող փորձեր կատարել` կասկածելի միավորներ հավաքելով քո` նորից կրկնեմ գուցե ոչ այնքան հաջող ձևակերպումների առիթով:
Շուշ ջան, պինդ կաց. բոլորս անցել ենք այդ ճանապարհով, սա էլ է քաղաքական գործչի համար: Դու ազնիվ ես, ուժեղ և տոկուն, ինչպես յուրաքանչյուր մարդ, ով հոգում լույս ունի:
Շուշան, դու անսահման սիրված ես, քեզ և քո երգը սիրում է նաև հայ զինվորը, մեր սահմանների ամուր լինելու մեջ դու էլ ունես քո համեստ, բայց կարևոր լուման:
Մնացած ամեն ինչ, Շուշան, անցողիկ է:
Համբուրում եմ:
Հարգանքով և սիրով` քո ընկեր Արմեն:
Հ.Գ. Օգտվելով առիթից` նաև հիշեցնեմ քեզ, որ մեր փոխադարձ խոստումը մնաց անկատար: Հուսամ` մոտ ապագայում առիթ կունենանք միասին աշխատել երաժշտական ստուդիայում: Հիշու՞մ ես` ես քեզ երգ եմ խոստացել:
Նախագահական ընտրությունների հետ կապված հետընտրական պրոցեսները դանդաղ, բայց անկասելիորեն վերածվում են Երևանի ավագանու նախընտրական պրոցեսների: Դա բնական է` ցանկացած նորմալ երկրում գրեթե անընդհատ պետք է տեղի ունենան ընտրությունների և հանրաքվեների հետ կապված գործընթացներ: Մասնավորապես, տարբեր համայնքներում շարունակվելու են ՏԻՄ ընտրությունները, որոնց նշանակությունը պետք չէ թերագնահատել, քանի որ համապետական ընտրություններում կեղծիքներն իրականացվում են հիմնականում հենց գյուղապետարանների, քաղաքապետարանների, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների աշխատակիցների ջաներով: Ի դեպ, միանգամայն իրատեսական է, որ մենք մոտակա 1-2 տարում կունենանք նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, եթե, իհարկե, ընդդիմադիր ուժերը դրսևորեն մտքի որոշակի ճկունություն:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանդես է եկել Երևանի ավագանու ընտրություններում 4 կուսակցությունների` ՀԱԿ-ի (որն, ըստ երևույթին, կհասցնի դառնալ կուսակցություն), ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության»` ընտրություններում միասնաբար հանդես գալու միանգամայն կառուցողական առաջարկով: Այս առումով իրավիճակն իսկապես նպաստավոր է մի քանի պատճառներով: 1/ Երևանի ընտրական բոլոր տեղամասերում այդ կուսակցությունները կարող են նշանակել հանձնաժողովների հուսալի անդամների և վստահված անձանց` չկա հեռավոր գյուղեր հասնելու և այնտեղ վերահսկելու խնդիրը: 2/ Չորս կուսակցություններից երկուսը, ըստ էության, ունեն հեռուստաընկերություններ, որոնց առջև իշխանությունը, որքան հասկանում եմ, լուրջ սահմանափակումներ չի դնում: Մնացած հեռուստաընկերությունները, մասնավորապես` Հանրայինը, ընդդիմության դեմ հակաքարոզչություն չեն իրականացնում, ինչպես որ դա եղել է 2008 թվականին: 3/ Հավաքների և ընդհանրապես ընդդիմադիր գործունեության ազատության առումով Հայաստանի այսօրվա վիճակը անհամեմատելի է նախորդ ընտրական ցիկլերի հետ: Գիտեմ, որ հարգարժան ընդդիմադիրներն այս հարցում ինձ հետ համաձայն չեն լինի, բայց պարզապես արձանագրեմ, որ այս ընթացքում ես չեմ հանդիպել հաղորդագրություններ այն մասին, որ ընդդիմադիր հանրահավաքների մասնակիցներին տանում են ոստիկանություն «զրույցի» կամ ենթարկում են վարչական կալանքի, ինչը որ չափազանց տարածված էր 2003-2004 թվականներին: 4/ Համացանցը, կայքերը, սոցիալական ցանցերը դարձել են բարոզչության գործուն միջոց և որևէ ձևով չեն վերահսկվում իշխանության կողմից, իսկ Երևանում դրանք միանգամայն մատչելի են: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է արձանագրել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի գաղափարը միանգամայն իրագործելի է` նաև այն պատճառով, որ խոսքն այստեղ մայրաքաղաքը ղեկավարելու մասին է, և կուսակցությունների միջև զուտ գաղափարական տարաձայնությունները նահանջում են երկրորդ պլան: Եթե գաղափարը չիրագործվի, ապա մեղավորը հաստատ իշխանությունը չի լինելու:
Առավոտ
Էպոսագետ Վարդան Սեդրակյանի անունը շրջանառվել է տարբեր պատմությունների համատեքստում. ժամանակին նրան որպես վկա հարցաքննել են հոկտեմբերի 27-ի գործով: Ինչպես պատմում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սեդրակյանին ու իր «Սասնա ծռեր» կազմակերպության ևս մի քանի անդամի հարցաքննել էին այն բանից հետո, երբ նրանք հոկտեմբերի 27-ից հետո հանդես էին եկել հայտարարություններով, որոնցում համեմատականներ էին անցկացրել «Սասնա Ծռեր» էպոսի ու կատարված ոճրագործության մեջ, ընդհանրացումներ արել, ինչ-որ եզրակացությունների հանգել` շեշտելով որ իրենք վաղուց էին կանխատեսել դա: Սեդրակյանի անունը շրջանառվել է նաև Տիգրան Նաղդալյանի սպանության գործով: Սեդրակյանն իր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ժամանակին ինքն է հեղինակել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի նախընտրական ծրագրի որոշ հատվածներ: Ասել է թե` նա ժամանակին բավական լայն կապեր է ունեցել իշխանական վերնախավի շատ ներկայացուցիչների հետ: Սեդրակյանը, այնուամենայնիվ պատահական մարդ չէ:
Եվ որքան էլ շատերը նրան համարեն անլուրջ, պետք է խոստովանել` այս անձնավորությունը հետաքրքիր անցյալ ունի: Ընդ որում, նաև լուրջ կարողությունների տեր է: Առաջիններից «Ժողովուրդ»-ը բացահայտել է, որ Սեդրակյանը բավական մեծ կարողությունների տեր է` ունի շքեղ առանձնատուն ու թանկարժեք մեքենաներ, այդ հանգամանքը չի թաքցրել անձամբ ինքը` էպոսագետը: Ու տեսակետ կա, որ Սեդրակյանն այսօր ԱԱԾ տեսադաշտում է հայտնվել հենց իր հարստության պատճառով, քանի որ չունենալով կոնկրետ աշխատանք, չունենալով բիզնես` հարստացել է միանգամից: Իսկ դա Հայաստանում առնվազն տարօրինակ երևույթ է: Իրավապահ համակարգին մոտ կանգնած թերթի աղբյուրները երեկ կարծիք էին հայտնում, որ եթե անգամ չապացուցվի Սեդրակյանի մասնակցությունը Հայրիկյանի մահափորձին, այնուամենայնիվ նա ԱԱԾ-ից հեշտությամբ չի պրծնի, միգուցե առաջիկայում էպոսագետին մեղադրանք ներկայացվի նաև փողերի լվացման համար, համենայնդեպս, լուրեր կան, որ ԱԱԾ-ն նաև նրա դրամական կարողությունների վերաբերյալ է փորձում ուսումնասիրություններ անել: Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ ինքը բողոքարկելու է էպոսագետին կալանավորելու վերաբերյալ որոշումը: Մինչ այդ Սեդրակյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց և չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Ժողովուրդ
Հայաստանը ցնցվում է հավաքական մտքից, այն է՝ մեր ընդհանուր քվեն կեղծվել է, այլևս այս վիճակը հանդուրժել չի կարելի: Բայց չէ՞ որ այս վիճակը շարունակվում է արդեն քսան տարի, և ոչ մի ընտրություն այդ ընթացքում արդար արդյունք չի ունեցել: Արդեն քսան տարի է, ինչ մենք ապրում ենք կեղծիքի, ստի և անարդարության միջավայրում, ասել է թե անաստվածության մեջ: Ուրեմն ո՞րն է այսօրվա առանձնահատկությունը:
Ցանկանում ենք մեր կարծիքը ներկայացնել Սյունիքի մարզում առկա վիճակի վերաբերյալ: Սյունիքի ռազմավարական դերը մեր երկրի պատմության մեջ նույնիսկ ընդունում է ՀՀԿ-ն և նրա ներկայիս նախագահը, ՀՀ նախագահը: Սյունյաց նժդեհյան ոգին կարծես թե թևածում է Հայաստան աշխարհում, հերոսապատումների, կոչերի և նորագույն պատմության կենդանի կերպարների միջոցով: Ահավասիկ, ամենակենդանի օրինակը մարզպետների մարզպետ, կարկառուն հանրապետական, Սյունյաց թագավոր Սուրիկ Խաչատրյանն է, նույն ինքը՝ Լիսկան:
Ո՞վ էր Լիսկան հեղափոխությունից առաջ: Այդ շրջանում նրա մասին առավել տեղեկացված էին իրավապահ մարմինները: Առնվազն յոթ դեպքում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, մեկը՝ առանձնահատուկ, թրքուհուն բռնաբարելու համար, սակայն իր հանցանքների համար անպատիժ մնալու հարցում Լիսկան մեծամասամբ պարտական է իր մորը, որի խնդրանքները խորհրդային իրավապահները չեն մերժել, և սակայն, որի համար ներկայում բոլորս մեծ գին ենք վճարում: Արցախյան ազատամարտը մարտի դաշտ տարավ բազմաթիվ երկրապահների, և մեր ժամանակների հերոսը որոշեց մաքրվել իր քրեական անցյալից ու կերտել իր հերոսական ապագան: Իշխանության մոտ կանգնած պատմաբանները հավաստում են, որ Սուրիկը խորապես տանջվում էր իր հանցավոր անցյալի համար, ապաշխարում և աղոթում էր աստծուն, խոստանում էր արժանավոր ծառա լինել: Սակայն ազատամարտի մասնակիցները նրա դերը և մասնակցությունը առավելապես տեսան ազատագրված տարածքների նյութական միջոցների տարհանման մեջ: Սա՝ մեղմ ասած, իսկ այ, Ղարաբաղի հերոս Սամվել Բաբայանն այնքան էր զայրացած Լիսկայի և նրա ազգականների վրա, որ պարբերաբար դասեր էր տալիս ծեծի միջոցով:
Սակայն Սուրիկը հասկանում էր, որ պատերազմի ժամանակ ավելի լավ է գրոհել, և 1992թ. նա գրոհեց Գորիսի քաղաքապետարանը, աթոռի հետ մեկտեղ դուրս շպրտեց քաղաքապետին և գրավեց այն: Այդ պահը ճակատագրական էր Գորիսի համար, որովհետև երբեմնի մշակութային և մտավոր քաղաքն ընկղմվեց նախնադարյան մղձավանջի մեջ: Գորիսեցիները ամոթով և նույնիսկ ժպիտով են խոսում Լիսկայի մասին. է, մեր ծնունդն է, մեր չարիքը,-ասում են նրանք: Այդ հետագայում նա դարձավ գորիսեցիների պարծանքը, որովհետև արշավանքը շարունակվեց: 1999թ., գործող մարզպետի ներկայությամբ, Սյունիքում մի խնջույքի ժամանակ, Սուրիկը պատմական քայլ կատարեց, խնդրեց վարչապետ Վազգեն Սարգսյանին, որ իրեն կարգի Սյունիքի մարզպետ: Վ. Սարգսյանը, լավ իմանալով Լիսկայի «աստվածային շնորհները», պատասխանեց. «Երբ ես աստված դառնամ, դու էլ կդառնաս մարզպետ»: Բայց Լիսկայի պատմական արշավն անկասելի էր, և Ռոբերտ Քոչարյանը 2002թ. նրան կարգեց Սյունիքի մարզպետ: Լիսկայի «քաջագործությունների» մասին շատ է գրվել, սակայն վերին իշխանությունները կոծկել են նրա բոլոր հանցագործությունները: Հարց է ծագում՝ ինչո՞ւ: Սյունեցիները մշտապես զարմացել են, թե այդ ինչ մոգական ուժ է պաշտպանում նրան: Իշխանություններին միշտ ներշնչել են, որ Լիսկան վերահսկում է իրավիճակը Սյունիքում և վախի ու սարսափի մթնոլորտում ապահովում է գործող իշխանության քվեները: Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը մի առիթով Կապանում ասաց. «Սուրիկը հայրենասեր տղա է, եթե ասեմ՝ կինքնահրկիզվի Կապանի հրապարակում»: Այս գնահատականը ՀՀ բոլոր քաղաքացիների ցավն է, վստահ ենք, որ բոլոր համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացիները և հատկապես սյունեցիները մերժել են Լիսկային և նրա աջակցությունը վայելող թեկնածուին:
Բազմաչարչար Հայաստանը ցնցվում է սիրո, բարության և բարևի առատությունից և մատաղ է ուզում: Սյունյաց աշխարհը նորընտիր նախագահին ընդամենը մեկ խնդրանք ունի՝ «հայրենասեր» Սուրիկին ասեք, որ ինքնահրկիզվի, որովհետև Նոր Հայաստանում նրա տեսակի քոքը պետք է կտրվի:
Հրապարակ
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից հետաքրքրվել է արդյո՞ք Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» պատրաստվում են` մայիսի 5-ին տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել մեկ միասնական ցուցակով: «Քննարկումները ընթացքի մեջ են, իմ կարծիքով, ճիշտ կլինի` միասնական մասնակցել: Այս ստեղծված իրավիճակում ճիշտը դա է ոչ իշխանական ուժերը միավորվեն և մասնակցեն»,- պատասխանել է Ռուստամյանը: Հարցին` իսկ եթե չլինի միասնական ցուցակ, ՀՅԴ-ն առանձին կմասնակցի՞ ավագանու ընտրություններին, ԳՄ ներկայացուցիչը պատասխանել է. «Կորոշենք, կարծում եմ, դա սխալ կլինի այս պարագայում»: Ռուստամյանն ասել է, թե ինքը հնարավոր է համարում, որ միասնական ցուցակում ընդգրկվեն բոլոր ոչ իշխանական ուժերը:
Հայկական ժամանակ
Նյու Յորքում գործող «Սփյուռքի ձայնը» հեռուստաընկերությունը (VOATV NY), մարտի 2-ին իր երկրորդ ամենամյա դրամահավաք ճաշկերույթն անցկացրեց Նյու Ջերսիի Քլիֆսայդ պարկի «Փալիսադիում» սրահում: Այդ հանդիսության առիթով, հեռուստաընկերության տնօրենների խորհուրդը մեծարեց՝ գրող և Սրբոց Նահատակաց հայկական վարժարանի տնօրեն Զարմինե Պողոսյանին, դրամատուրգ, ռեժիսոր և դերասան դոկտ. Հրանտ Մարգարյանին և «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանին:
Միջոցառման հանդիսավար Հայկ Քոչարյանի բացման խոսքից և «Սփյուռքի ձայնը» հեռուստաընկերության նախագահ դոկտ. Արամ Գազազյանի ողջույնի խոսքից հետո, դափնեկիրներին ներկայացրեցին ՀԲԸՄ-ի Այլընտրանքային կրթության տնօրեն Նատալի Գաբրիելյանը, մանկավարժ և ինժեներ Հարություն Միսերլյանը և «ԱՄՆ հայ կյանք» պարբերականի հրատարակիչ Աբո Ջաբարյանը: Շնորհավորական ուղերձով հանդես եկան արվեստագետ Վիկի Շողակ Հովհաննիսյանը և «Սփյուռքի ձայնը» հեռուստաընկերության գործադիր տնօրեն և հանդիսավար Կարինե Քոչարյանը:
Հարութ Սասունյանն իր շնորհակալական ելույթում, ներկա գտնվող 300 հյուրերի հետ կիսեց իր խորապես արմատավորված համոզմունքները՝ հիմնված 40 տարիների քաղաքական գործունեության և համայնքային ներգրավվածության վրա: Նա հույս հայտնեց, որ ստորև ներկայացված խորհուրդները կամրապնդեն և կհզորացնեն աշխարհասփյուռ հայությանը.
1.Խրախուսել կանանց մասնակցությունը համայնքային գործունեության բոլոր ոլորտներում: Քանի որ կանայք կազմում են հայ ժողովրդի կեսը, երբ հնացած խոչընդոտներն հաղթահարվեն, հայերը կարող են արագորեն կրկնապատկել իրենց ընդհանուր ռեսուրսներն ու հնարավորությունները:
2. Ներգրավել երիտասարդությանը հասարակական գործունեության բոլոր միջոցառումներում՝ հանձնարարելով նրանց հատուկ պարտականություններ, քանի որ նրանք են կերտելու հայ ժողովրդի ապագան: Եթե այսօր հայերին չհաջողվի իրենց ձեռքբերումներն ու գործունեությունը փոխանցել գալիք սերունդներին, ապա նրանց բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն:
3.Յուրաքանչյուր հայի վերաբերվել որպես ընտանիքի անդամի՝ անկախ անձնական տարաձայնություններից կամ սոցիալական, քաղաքական և կրոնական պատկանելության կամ ծագման երկրի տարբերություններից: Հայերը միմյանց հետ պետք է վարվեն ինչպես հավասարը հավասարի հետ: Ոչ մի խտրություն չպետք է դրվի սփյուռքահայի և հայաստանցու միջև:
4.Հրաժարվել որոշ հայերի կողմից ժառանգված օսմանյան և սովետական մտածելակերպից: Թեև նրանք վաղուց լքել են Օսմանյան կայսրությունը, և վերջերս էլ՝ Խորհրդային Միությունը, կարծես թե այդ մտածելակերպերի հետադիմական ազդեցությունը դեռ չի լքել նրանց:
5. Oգնության ձեռք մեկնել Հայաստանի և Արցախի ժողովրդին, անկախ նրանց ղեկավարության վերաբերյալ տեսակետների տարբերությունից: Նախագահներն ու վարչապետները ժամանակավոր են, մինչդեռ Հայրենիքը հավերժ է:
6. Միշտ ձգտեք համախմբում կազմել և ոչ թե տարաձայնություն առաջացնել: Եղեք միավորող, այլ ոչ թե բաժանող: Հիշեք հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մէջ է»: Իդեալական կլինի, եթե սփյուռքն ունենա ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցչություն՝ հայերին հավաքելով մեկ հովանու ներքո:
7. Աջակցել համայնքի բոլոր կազմակերպություններին, լինեն դրանք սոցիալական, մշակութային, կրոնական թե քաղաքական բնույթի, ապահովելու համար Սփյուռքի գոյատևումը: Հզոր Սփյուռքը՝ ուժեղ և ապահով Հայաստանի ողնաշարն է:
8. Մերժել անկարողության և ստորակայության զգացումները և վերացնել բոլոր պարտվողական դիրքորոշումները: Անհատապես և հավաքականորեն, հայերը կարող են իրականացնել իրենց արդարացի ձգտումները, եթե միասնաբար աշխատեն հանուն իրենց համընդհանուր նպատակների: Միայն միասնական և ուժեղ մնալով նրանք կարող են հաղթահարել բոլոր հակառակորդներին և դժվարությունները: Եթե հայերը կարողանան կարգի բերել իրենց հարազատ տունը, ապա նրանք կարող են հեշտությամբ դիմակայել արտաքին բոլոր սպառնալիքները:
9. Վերջապես, Հայոց ցեղասպանության գալիք հարյուրամյա տարելիցի կապակցությամբ աշխարհասփյուռ հայությունը՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, ինչպես նաև Սփյուռքը, պետք է համախմբվեն մեկ ընդհանուր ուղերձի շուրջ՝ Թուրքիայից իրենց պահանջների առումով: Հայաստանը և Սփյուռքի համայնքները չպետք է առանձին և տարբեր պահանջներ ներկայացնեն՝ շփոթության մեջ գցելով իրենց համակիրներին ու հակառակորդներին: Միակ բառը, որն ընդգրկում է համահայկական պահանջը Թուրքիայից՝ «Արդարությունն» է, որը ներառում է Հայ ժողովրդի բարոյական, ֆինանսական և տարածքային հատուցումը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.