23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս օրերին շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչու, թողած ռուս սահմանապահների հետ կապված միջադեպը, Հայաստանից մեկուկես միլիոն հայերի արտագաղթի թեման կամ այլ՝ ավելի սուր հարցեր, Ջարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնից հնչեցրեց հենց Սերժ Աարգսյանի՝ խաղատանը լինելու մասին հարցը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սա ոչ թե Փոստանջյանի կողմից առավելագույնս մեծ սկանդալ ապահովելու ցանկության արդյունք է, այլ մանրակրկիտ մշակված ծրագիր, և Փոստանջյանի հնչեցրած հարցը դրա ընդամենը առաջին քայլն էր: Բանն այն է, որ Պուտին-Սարգսյան վերջին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի կողմից իմիջիայլոց ակնարկ է արվել Ս. Սարգսյանի՝ խաղատների հանդեպ ունեցած սիրո մասին, ինչից հետո էլ, ըստ թերթի տեղեկությունների, վերջինս կայացրել է ՄՄ-ին անդամակցելու որոշումը:
Այս մասին տեղեկացած եվրոպացիներն էլ որոշել են դաս տալ իրենց «քցած» Ս. Սարգսյանին՝ԵԽԽՎ-ում Փոստանջյանի միշոցով և, ի դեպ, Դավիթ Հարությունյանի թողտվությամբ բարձրաձայնելով «կազինոների» թեման:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Երեկվա դրությամբ՝ «ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի շուրջ ծագած սկանդալի զարգացումների ընթացքը հուշում էր, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այդպես էլ նամակով չի դիմի «ժառանգություն» խմբակցությանը, և Փոստանջյանը չի հեռացվի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից՝ Սերժ Սարգսյանին ԵԽԽՎ-ում ուղղած հարցի պատճառով: Համենայնդեպս, Փոստանջյանին հեռացնելու մասին նախօրեին ԱԺ ամբիոնից արած հայտարարությունից հետո, երեկվա դրությամբ, Աբրահամյանը դեռ նամակ չէր ուղարկել «ժառանգությանը», ինչպես պահանջվում է ԱԺ կանոնակարգ օրենքով: Թե ինչպես հետո նա կբացատրի իր քայլը, դժվար է ասել:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Լուսինե Կեսոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սյունիքի մարզի 38-րդ ընտրատարածքի ընտրություններով ևս մեկ «կոճակ» գործուղվեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողով՝ իր լրջագույն ներդրումն ունենալու երկրի խորհրդարանի վերջնական դեգրադացման գործում:
Այն, որ Չորրորդ գումարման Ազգային ժողովը Հայաստանի Երրորդ Հանրապետության խորհրդարանի պատմության մեջ արդեն իսկ վաստակել էր ամենախայտառակ ու խայտաբղետ կազմով հավաքածուի համբավը, որտեղից հազիվ 10 կամ առավելագույնը 20 հոգու կարելի էր թողնել պոստում, իսկ մյուսներին խորհուրդ էր տրվում պարզապես վառել` վարակի տարածումը կանխարգելելու համար, փաստ էր: Երբ նման խորհրդարանից իբրև թե դասեր քաղած՝ ձևավորվում էր Հինգերորդ գումարման ցուցակը, սկզբնական շրջանում ոմանք ինչ-ինչ հույսեր դեռ փայփայում էին: Սակայն կենսագործունեության մի քանի ամիսների ընթացքում այս խորհրդարանը ցույց տվեց, որ խայտառակ համբավով բոլորովին էլ չի պատրասվում զիջել նախորդին, ավելին՝ ամեն ինչ արվում է Չորրորդ գումարման համբավը համեմատության մեջ բարեփոխելու ուղղությամբ:
Արմեն Կարապետյան անուն-ազգանունը կրող Լիսկայի դրածոն եկավ ընդամենը համալրելու այս խորհրդարանում արդեն իսկ որակական մեծամասնություն դարձող դրածոների, «ֆուտլյարների», կամ, ինչպես սիրում է արտահայտվել «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը, «պոլիփետերի» ու «թթվի քարերի» շարքերը: Չորրորդ գումարման խորհրդարանից Հինգերորդ գումարման տարբերությունը հենց նման «ֆուտլյարների» ու «թթվի քարերի» դոմինանտության և քանակական գերակշռման ֆոնին նախորդ գումարման նմանատիպ պերսոնաների համեմատությամբ՝ որոշակի առանձնահատկությունների մեջ է: Տեսնենք, թե որոնք են դրանք:
Ի տարբերություն նախորդ խորհրդարանի՝ այս գումարման «ֆուտլյարներն» առանց բացառության մի յուրահատկություն ունեն. բոլորը` սկզբից մինչև վերջ, անդեմ են: Հասկանալի է, որ անդեմությունը գալիս է հենց ի սկզբանե դրածո լինելու հանգամանքից. բնական է, որ չի կարող հայաստանյան իրականության մեջ խորհրդարանում պատգամավոր գործուղելու քվոտա ունեցողներին շողոքորթությամբ կամ համանման այլ եղանակներով ծառայելու միջոցով մանդատ ձեռք գցածը դեռ մի բան էլ դեմք ունենա: Իհարկե, սա մյուս կողմից խոսում է նաև քվոտա ունեցողների անլիարժեքության բարդույթի կամ ինչ-ինչ այլ դրդապատճառների մասին առ այն, որ նրանք նախընտրում են իրենց հասանելիք մանդատների տեղապահներ նշանակել հենց նման որակ ունեցողներին, ծառայամիտներին, հակառակ պարագայում՝ գոնե որպես բացառություն, կարելի կլիներ մեկ-երկու խարիզմատիկ ուղեղ հայտնաբերել դիմազուրկ «հոտի» մեջ:
Մի առանձնահատկություն ևս, որ ակնառու կերպով տարանջատում է երկու գումարումներն իրենց որակներով: Մի բան, որ անգամ անզեն աչքով տեսանելի է այս խորհրդարանում, դա «ֆուտլյարների»` այս անգամ արդեն մեծամասնական ընտրակարգով խորհրդարան ներմուծվելն է: Եթե նախորդ գումարումների ժամանակ մեծամասնական մանդատները տեղական արտադրության իշխանների կամ իշխանիկների առանձնաշնորհն էր, և գոնե այս առումով մեծամասնական պատգամավորների անգործությունն ինչ-որ տեղ «ներվում էր»՝ հաշվի առնելով այն մեղմացուցիչ փաստարկը, որ ինչ-ինչ, բայց գոնե իր ընտրատարածքում տեղական իշխանիկը ֆինանսական կամ ավտարիտետային ներդրում պահանջող հարցերն ի զորու էր ինքնուրույնաբար լուծել, ապա իշխանիկների քվոտաներին տեղապահ նշանակված նորահայտ «ֆուտլյարների» հաշվով այս առումով որևէ հույս փայփայելն անհույս զբաղմունք է, քանի որ սրանցից շատերն անգամ իրենց տան մեջ չեն կարողանա հարց լուծել: Ըստ այդմ, եթե նախկինում դիմազուրկ և ոչինչ չասող ու ոչինչ չանող պերսոնաները խորհրդարան էին սողոսկում համամասնական ցուցակներով՝ մեծամասնականում տեղերը զիջելով օլիգարխներին, ապա 2012-ից սկսած Հայաստանի հզորները երևի թե այլևս զահլա չանելով հանուն ինչ-որ թվացյալ անձեռնմխելիության պատգամավորի բեռ վերցնել իրենց վրա, նախընտրում են իրենց փոխարեն խորհրդարան գործուղել իրենց վսեմաշուք պերսոնային հավատարմության երդում տվածներին: Իսկ սա հայաստանյան իրականության պայմաններում ավելի քան վտանգավոր երևույթ է, քանի որ համամասնական ցուցակներից նման վարակի տեղափոխումը նաև մեծամասնական դաշտ, սպառնում է հիմնովին արժեզրկել մեծամասնական ընտրակարգ հասկացությունը: Մինչդեռ մեծամասնական պատգամավորը երկրի խորհրդարանում իր ընտրատարածքի ներկայացուցիչն էր, իր ընտրատարածքի խնդիրները կա՛մ անձնապես, կա՛մ՝ հարցի լրջության դեպքում իր լիազորությունների շրջանակում ավելի բարձր մակարդակով ներկայացնելով, լուծողն էր: Ընտրելով մեծամասնակաան պատգամավոր՝ ընտրողը ինչ-որ տեղ ելնում էր նաև այն հանգամանքից, որ տարաբնույթ օրենսդրական նախաձեռնությունների շարքում իր ընտրյալը կթեթևացնի նաև կոնկրետ իր հոգսերը: Հինգերորդ գումարման ցուցակի սանիտարական մաքրման հետևանքով տեղական արտադրության օլիգարխների օքսիդացումն ու նրանց փոխարեն դիմազուրկ կամակատարների ներմուծումը նաև մեծամասնական դաշտ շարքային ընտրողներին, կարելի է ասել, զրկեց անգամ տրիվիալ հարցերը պատգամավորների միջոցով լուծելու հնարավորությունից:
Եթե պետական մակարդակով երկրի խորհրդարանում թույլ է տրվում օրինաստեղծ գործունեության հետ կապ չունեցողների ելումուտը, ապա երևի թե շատ ավելի նախընտրելի է խորհրդանում ունենալ, ասենք, բրենդային հագուկապից մինչև ցուցադրաբար ձեռքին պահած պլատինե ու ոսկե հեռախոսը գեղցի, բայց գոնե քյավառցու համուհոտով ու գոնե դրանով իր տարածաշրջանը ներկայացնող Տիգրան Արզաքանցյան, ով հաստատ իր դուռը ծեծող քյավառցուն առանց օգնության չի թողնի, կամ խարիզմայից զուրկ, բայց պապայի փողերով էլի հարցեր լուծող ու «հարց չկա»-ներ բաշխող Վահե Հակոբյան, Ռուբեն Հայրապետյան (Նեմեց Ռուբո), Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյով) ու Սաշիկ Սարգսյան…, քան նրանց փոխարինելու եկած դիմազուրկ «ֆուտլյարների» հավաքածուն (պատահական չէ, որ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանն իր՝ Հինգերորդ գումարման Ազգային ժողովում չլինելը բացատրում է առաջին հերթին խորհրդարանի մակարդակի անկմամբ. «գայի ԱԺ, որ ըտենցների հետ ի՞նչ անեի» տրամաբանությամբ):
Ի՞նչ կարող են տալ կամ ի՞նչ են տալիս Հինգերորդ գումարման խորհրդարանի մանդատները զավթած պնակալեզները: Պատասխանը մեկն է՝ ոչինչ:
Արմեն Կարապետյան’ հաստատ ո՛չ օրենք գրելու ու ճառ ասելու հետ գործ կունենա, ո՛չ էլ գոնե իր նախորդի նման հարց կլուծի. ամենաշատը, որ կարող է սույն անձնավորությունն անել, Լիսկային՝ իր երբեմնի հզորության հիշողությունները վառ պահելու հնարավորություն տալն է մշտական խոնարհումների ու երախտագիտության ցույցերի միջոցով’ թե ի~նչ տղա էր Սուրիկ Խաչատրյանը մինչև վերջին մարդասպանությունը, որ մեկի փոխարեն միանգամից երկու մանդատ կարողացավ ձեռք գցել:
Ստյոպա Սաֆարյանի հետ համեմատության որևէ եզր չունեցող, բայց նրան կրած տղա Ռոբերտ Սարգսյան, ում անուն-ազգանունը որևէ մեկին որևէ բան ասել չի կարող, եթե դրա կողքին չհնչի «Տարոն Մարգարյանի աներձագ» կախարդական պարոլը : Ինչո՞վ է աչքի ընկնում աներձագը երկրի խորհրդարանում: Բնականաբար, ոչ մի բանով, բացի «թթվի քարի» նման իր տեղը վեր ընկնելուց: Ի դեպ, նույն հատկությունը’ տվյալ դեպքում հենց «թթվի քար» աշխատելն է երկրի խորհրդարան բերել նաև աներձագի հետ նույն օրը պատգամավորի մանդատ ձեռք գցած Արման Սահակյան անուն-ազգանունով հաջորդ անդեմ մեծամասնականին, ինչն արդեն խոսում է այն մասին, որ բոլորովին կապ չունի, թե ով է այս կամ այն «ֆուտլյարին» խորհրդարանական ուղեգիր տվողը’ անգրագետ ու հանցագործ Լիսկան, թե՞ գրագետ Միքայել Մինասյանը: Հատկապես, որ դատելով Մինասյանի կողմից Ազգային ժողով ներմուծված մեկ-երկու այլ պատգամավոր կոչվողների, ֆուտլյարությունն այստեղ արդեն համախտանիշի պես մի բան է:
«Ֆուտլյարների» շարքն ավելի քան երկար է’ Կարեն Սարիբեկյան, Նահապետ Գևորգյան, Հայկ Գրիգորյան, Հրանտ Գրիգորյան, Արմեն Ավետիսյան, Արմեն Բաբայան, Կարեն Բոթոյան, Հրանտ Դավթյան, Ստեփան Դեմիրճյան, Սամվել Ֆարմանյան, Հայկ Խաչատրյան, Կարո Կարապետյան, Մուշեղ Պետոյան, Ռուբեն Սադոյան, Տիգրան Ստեփանյան, Նաիրա Կարապետյան, Մարինե Մարաբյան, Դավիթ Քոչարյան, Ռուբեն Հովսեփյան, Վրեժ Մարկոսյան, Արագած Ախոյան, Արայիկ Աղաբաբյան, Բազմասեր Առաքելյան, Աշոտ Արսենյան, Արկադի Համբարձումյան, Աբրահամ Մանուկյան, Մելիք Մանուկյան,Սպարտակ Մելիքյան, Արշակ Մխիթարյան, Արմեն Մխիթարյան, Մնացական Մնացականյան, Առաքել Մովսիսյան, Ռուզաննա Մուրադյան, Կարինե Պողոսյան, Արտակ Սարգսյան, Մերուժան Սիմոնյան, Հովհաննես Սոֆոյան, Արթուր Ստեփանյան … , որոնց մեջ, հնարավոր է, մեկ-երկու բացառություններ գոնե գտնվեն: Օրինակ, նույն «ֆուտլյարի» կատեգորիայի ներկայացուցիչ է նաև թիվ 8 ընտրատարածքից գործուղված պատգամավորը: Երբ Կորյուն Նահապետյանը դարձավ պատգամավոր, բոլորի համար էլ պարզ էր. մեծամասնական մանդատ ստացողը Սամվել Ալեքսանյանն է. քանի՞ ձայն կարող էր այս տարածքից տանել Նահապետյանը կամ քանի՞ հոգու հարց կարող էր լուծել, եթե չլիներ հայաթից հայաթ անցնող, նարդի խաղացողներով թաղերը կաշառող ու խաթր շահող Լֆիկ Սամոն: Բայց, ի տարբերություն խորհրդարան գործուղված մյուս «ֆուտլյաների», Նահապետյանը կարողացավ անգամ խարիզմայի բացակայության, շողոքորթության նրբերանգներ պարունակող մեղրածոր ելույթների, ակտիվության ու աշխատանքի միջոցով սևերես չանել առանց այն էլ երեսի վրա մաքուր տեղ չունեցող իր բարերարին:
Իսկ հիմա փորձենք մի փոքր ընդհանրացնել և հասկանալ, թե ինչու՞ է ամենաբարձր մակարդակով (համամասնական և մեծամասնական ցուցակները’ որպես աքսիոմա, ձևավորվում են ոչ թե համապետական փակ գաղտնի քվեարկությամբ, այլ համապատասխան կաբինետներում) և հետևողականորեն ոտի տակ տրվում օրենսդիր իշխանության հեղինակությունը: Ինչու՞ են քաղաքական դաշտ թողնվում գեղցիները, շողոքորթները, դիմազուրկները, նրանք, ովքեր անկարող են անգամ հանապազօրյա հարցերի հետ կապված ինքնուրույն միտք արտադրել, ուր մնաց թե՝ պետության օրենսդրություն մշակեն: Սեփական ուղեղ ու դիրքորոշում ունեցող և, բնականաբար, քծնանքի նկատմամբ նողկանք զգացողները, որ գոնե մի քիչ խարիզմա ունենան, չկա՞ն’ մեռե՞լ են, արտագաղթե՞լ, հնարավոր չէ՞ ներկրել, թե՞ պարզապես այս կատեգորիան կարող է չհամակերպվել գորշության հետ և որոշ ճշմարտություններ արտաբերել, որոնք կարող են շախմատ խաղացողների պլանների մեջ չմտնել: Եվ նման իրողությունների պայմաններում մարդիկ դեռ վրդովվում են, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը’ ՀՀ-ի իրական խազեինը, ում զեկուցվում է իր գուբերնիայի, բնականաբար, իրական վիճակը (խազեիններին ոչ ոք չի համարձակվի ստել և կեղծ տվյալներ ներկայացնել), կարող է քամահրանքով արտահայտվել Հայաստան պետության վերաբերյալ այն դեպքում, երբ նույն Ռուսաստանի Դաշնությունում թույլ է տրվում որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ հանդես գալ տասնյակ տարիներ Մոսկվայում ապրելով ականջներն այդպես էլ գոնե թերխաշ չեղած գեղցու, որ անկարող է ոչ միայն հոդաբաշխ երկու նախադասություն արտաբերել, իր կերպարով հարգանք ներշնչել իր ներկայացրած ազգաբնակչության հանդեպ, այլև հենց ինքն իրենով արդեն իսկ առիթ է տալիս քմծիծաղով վերաբերվել թե՛ ինքն իրեն և թե՛ իր ներկայացրած ժողովրդին: Ինչու՞: Որովհետև Արա Աբրահամյանի պարագայում դարձյալ նույն սկզբունքն է գործել. ռուսական շրջանակներ մուտքի ուղեգիր վերջինս ստացել է դարձյալ դիմազրկության, իր անգրագիտությամբ մեծավորներին զվարճություն պատճառելու շնորհիվ:
Իսկ ինչու՞ է ՀՀ անկախ պետությունը հանդուրժում, որ իր միլիոնանոց համայնքը շարունակի ներկայացնել գեղցին’ իր վրա ռուսների փռթկոցն անխափան դարձնելու նպատակո՞վ, թե՞ ներքին բովանդակություն ունեցող ու ռուսերենին փոքրիշատե տիրապետող մեկին գտնելը կամ գոնե իրենից բան ներկայացնողին ռուսերեն սովորեցնելն է անհնարին մի բան… Պատասխանը մեկն է՝ պետությունը, որը խայտառակություններ է հանդուրժում իր օրենսդիր կամ գործադիր մարմիններում, անկարող է այլ իրողություն հաստատել իրենից դուրս գտնվող հարթությունում: Իսկ թե խորքային ի՞նչ նկատառումներից ելնելով է նման հանդուժողականություն թույլ տրվում, արդեն մնում է ընդամենը ենթադրություններ անել, որոնցից շատերը ավելի քան վտանգավոր իրողություններ կարող են պարունակել»:
«Ես կարծում եմ՝ մենք դեռ չենք գերազանցել նրա ասածները, այլ բան է՝ ամբողջ ազգի ինքնությունը վիրավորել, այլ՝ «թուրքի տակը պառկելը». Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի Ստրասբուրգում կատարած հայտարարությանը, նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նրա կարծիքով, եթե կա վիրավորանք, կարող են համաչափ վիրավորել նաև մյուսները։
Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, հարցը պարզապես շահարկվում է, այն չի կարող հավերժ թեմա լինել, մանավանդ որ ցանկացած պատգամավոր ցանկացած ամբիոնից կարող է առաջարկություններ, հայտարարություններ անել:
«Յուրաքանչյուր երկրում էլ կա կեղտոտ սպիտակեղեն, այն անընդհատ կեղտոտվում և լվացվում է. թեման քաղաքական չէ»,-ասել է Գալուստ Սահակյանը՝ հավելելով, որ եթե ԵԽԽՎ պատգամավորները ճանաչեին Զարուհուն, այսպիսի աղմուկ չէր բարձրանա:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀԿ երիտասարդական թևի՝ Փոստանջյանին պոմիդորներով դիմավորելու որոշմանը, Սահակյանը, նշելով, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հայտարարել է, որ դեմ է նման «մեծարանքների»:
«Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը «Առավոտ»–ի հետ զրույցում անդրադառնալով ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարության դրդապատճառներին՝ նշեց, որ «զարմանալի է Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի լռությունը»։ «Ինչպե՞ս բացատրել այդ լռությունը… Դուք որպես լրագրողներ՝ հարցրեք նրանց՝ ի՞նչ են մտածում այս ամենի մասին, ո՞րն է նրանց դիրքորոշումը։ Եթե ստորագրվի ՄՄ-ին անդամակցեի փաստաթղթերը, արդյոք վարչապետը պետք է փոխվի՞, և պետք է վերադառնա Ռոբերտ Քոչարյա՞նը… Սա՞ է տարբերակը։
Արդյոք Պուտինի նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունը թուլացնելը չէ՞ր… Քոչարյանը, որը փորձում է արդեն մի քանի տարի վերադառնալ քաղաքական ասպարեզ, ինչո՞ւ չի խոսում որպես նախկին նախագահ»,– հարցրեց փորձագետը։ Մեր ճշտող հարցին՝ Քոչարյանի վերադարձի համար ճանապա՞րհ Է բացվել, նա ասաց. «Չգիտեմ, դեռ վաղ է խոսել, սակայն ՀՀ-ում ամեն ինչ հնարավոր է։ Եթե ՀՀ-ն անդամակցի ՄՄ-ին, և Վիլնյուսում որևէ նոր փաստաթուղթ չստորագրվի, հավանական է, որ իշխանության ներսում փոփոխություններ լինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Երեկ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանին տված՝ խաղատանը 70 մլն եվրո տանուլ տալու մասին հարցը բարձրացնելու հնարավորությունը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին տվել է ՀՀԿ-ական պատգամավորը: Բանն այն է, որ Փոստանջյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոխարինող անդամ է, իսկ հարցի իրավունք ունեն միայն հիմնական անդամները: «Ժողովուրդ»-ին Ստրասբուրգից հայտնեել են, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր հարց տալու իրավունքը զիջել է Փոստանջյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի անմիջական ցուցումով: Ուշագրավն այստեղ այն է, որ և՛ Դ. Հարությունյանը, և՛ Ա. Հովհաննիսյանը համարվում են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մերձավորները: Իսկ թե ինչն է եղել Եվրոպայում Ս. Սարգսյանին խայտառակելու իրական դրդապատճառը, դժվար է միանշանակ ասել:
Տեսակետ կա, որ իշխանություններն իրենք են կազմակերպել այդ հարցադրումը, քանի որ տեղեկություն են ունեցել, որ նման հարց պետք է տային եվրոպացիները: Այս առնչությամբ ո՛չ Ա. Հովհաննիսյանից և ո՛չ էլ Զ. Փոստանջյանից մեկնաբանություն ստանալ չի հաջողվել: Երեկ՝ ուշ երեկոյան, Դ. Հարությունյանը Ստրասբուրգից «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ իրենք հայկական պատվիրակության փոխարինող ընդդիմադիր անդամներին միշտ էլ ընձեռում են ձայնի իրավունք: Սակայն, ըստ նրա, Փոստանջյանի հարցի բովանդակությունը եղել է անակնկալ. «Ցավում եմ, որ նա այդպես վարվեց և ընդդիմության դերն այդ աստիճան նսեմացրեց: Ցավում եմ, որ նա այդ ամենը չգիտակցեց»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին շատ դժվար է «բռնացնել» իր աշխատավայրում։ Ասում են նախարարը սկսել է աշխատանքի գալ ստեպ-ստեպ։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ նախարարը վատառողջ է, և հենց դրանով էլ պայմանավորված են նրա բացակայությունները։ Մինչդեռ այս օրերին Ավանեսյանին տեսնողներ են եղել տարբեր միջոցառումներին, ասում են՝ օրերս նա հարսանիքի է մասնակցել, որտեղ անգամ պարել է։ Այսինքն՝ նախարարի վատառողջ լինելու փաստը դեռ ապացուցված չէ։
Փոխարենը «ՉԻ» աղբյուրների տեղեկացմամբ՝ նախարարը խորը դեպրեսիայի մեջ է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ կապված։ Բանն այն է, որ Ավանեսյանը հայտնի է իր արևմտյան կողմնորոշումներով, և նրան նշանակել են նախարար հենց այն բանի համար, որ վերջինս պատրաստի Եվրոպական ասոցացման համաձայնագրի հետ կապված հայաստանյան փաստաթղթերը։ Սակայն կտրուկ շրջադարձից հետո Ավանեսյանը կանգնել է փաստի առաջ, և հիմա նա ոչ միայն չի ուզում աշխատանքի գալ, այլև պարզապես երես չունի իր ենթակաների հետ շփվելու, և նրանց ասելու, որ այսքան ժամանակ իզուր են աշխատել ինչ-ինչ փաստաթղթերի վրա:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում
«Վիկիլիքս»-ի գաղտնազերծած հերթական փաստաթուղթը վերաբերում է ՀՀ ամենաերիտաասրդ թոշակառու Ռոբերտ Քոչարյանին: ԱՄՆ Պետդեպին ուղարկված հաղորդման հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիագոր դեսպան Մարի Յովանովիչն է, որը փոխանցում է նախկին նախագահի հետ հանդիպման մանրամասները և տեղ-տեղ հանդես գալիս սեփական մեկնաբանություններով: Վերոհիշյալ երկու անձանց հանդիպումը տեղի է ունեցել 2009թ. մայիսի 8- ին, որի ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Կողմերը մասնավորապես անդրադարձել են ամերիկյան քաղաքականությանը և դրանով պայմանավորված «Հազարամյակի մարտահրավերներ» (ՀՄ) ծրագրին:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
ԱՍՆ-ը դադարեցրել էր այդ ծրագրի իրականացումը՝ կապված 2008թ. հետընտրական ողբերգական իրադարձությունների հետ: Այդ, ծրագրի նշանակությունը քննելիս Ռ. Քոչարյանը ծաղրական տոնով այն անվանել է «երբևէ եղած ամենամեծ բլեֆներից մեկը»:
Նա պնդել է, թե ծրագրի մեկնարկի ժամանակ բազմիցս քննարկվել է դրա օգտակարության հարցը, այնուամենայնիվ «ի վերջո, այն մեզ ոչինչ չի տվել, մենք չպետք է ստենք այդ հարցում»:
Դժգոհելով ծրագրի օգտակարությունից և արտահայտելով իր բացասական վերաբերմունքը՝ Քոչարյանը հավելել է, թե ՀՄ-ի հատկացրած միջոցները իր նախագահության օրոք ոչ մի ցենտ չի ծախսվել: Հատկանշական է, որ Քոչարայնի տվյալ մեկնաբանությունը նկատելիորեն ազդել Է Մ. Յովանովիչի վրա, որը փաստաթղթի շրջանակներում հնչեցրած իր մեկնաբանության մեջ արձանագրել Է. «Քոչարյանի պնդումը կեղծիք Է: Ծրագրի ականացման շուրջ պայմանագիրը կնքվել է 2006թ., վերջին և առաջին ֆինանսավորումը եղել Է, ու գումարները տրվել են արդեն 2008թ. Ապրիլին՝ Քոչրյանի՝ պաշտոնից հեռանալու ժամանակ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման ավարտին Հայաստանի Նախագահը և ԵԽ գլխավոր քարտուղարը հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով և պատասխանել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մասնակցել է ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել վեհաժողովի անդամներին հետաքրքրող հարցերին:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Եվրոպայի խորհրդի
խորհրդարանական վեհաժողովում
Պարո՛ն նախագահ,
Պարո՛ն Գլխավոր քարտուղար,
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,
Ուրախ եմ 800 միլիոն եվրոպացիների ներկայացնող մեր կառույցի` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին դիմելու այս հնարավորության համար:
Մեր երկրի համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է առաջին անգամ նախագահել Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեում: Մեր ձգտումն է այս վեցամսյա նախագահության շրջանում մեր ներդրումը բերել եվրոպական արժեքային համակարգի ամրապնդման գործին, և դրանով իսկ ևս մեկ անգամ վերահաստատել, որ Եվրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժեքներին հանձնառու պետությունների ընտանիք:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մի քանի օր առաջ Հայաստանը նշեց իր անկախության 22-րդ ամյակը: Հեշտ չի եղել ազատ ժողովրդավարական երկիր կառուցելու մեր 22-ամյա ուղին: Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքի պարտադրումը Ադրբեջանի կողմից և Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրենքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու և ժամանակակից պետություն կառուցելու համար: Գործելով այլ պետությունների համեմատ անհամադրելի բարդ պայմաններում՝ մեր երկրի բոլոր իշխանություններն ու մեր ժողովուրդը մշտապես առաջնային տեղ են հատկացրել երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Անկախության հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը եվրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելության վերահաստատումն էր: Եվրոպական արժեքների` ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հստակ է եղել մեր հասարակության շրջանում: Մենք դիտարկում ենք Եվրոպայի Խորհրդին մեր անդամակցությունը և եվրոպական մյուս կառույցների հետ փոխգործակցությունը որպես Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն:
Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են և անշրջելի: Հայաստանն այսօր ազատ խոսքի ու ազատ մամուլի երկիր է, մենք ունենք հավաքների ազատություն, կայացած քաղաքացիական հասարակություն, որը գիտի, թե ինչ իրավունքներ ունի և ինչպես կարող է պայքարել իր իրավունքների համար: Սրանք և բազմաթիվ այլ ձեռքբերումներ ես համարում եմ ավելի քան կարևոր մեր ապագայի համար:
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,
Վերջին մեկ և կես տարվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել երեք խոշոր ընտրական գործընթաց: 2012թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մեր երկրի քաղաքական դաշտի բոլոր խոշոր քաղաքական ուժերը խորհրդարանի մաս կազմեցին՝ խորհրդարանը դարձնելով ուժեղ ու գործուն քաղաքական մարմին: 2013թ. նախագահական ընտրություններն անցան մրցակցային պայմաններում: Մայիսին կայացան Երևանի ավագանու ընտրությունները:
Բոլոր երեք ընտրություններին Եվրոպայի խորհուրդը մասնակցել է դիտորդական առաքելություններով. առաջին երկուսի դեպքում Վեհաժողովի, իսկ Երևանի ավագանու ընտրություններին Եվրոպայի Խորհրդի տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունները հնարավորություն են ունեցել դիտարկել ընտրությունների ընթացքը և պատրաստել զեկույցներ՝ համապատասխան առաջարկություններով: Ես այդ զեկույցները գնահատում եմ որպես Հայաստանի ապագայով հետաքրքրված գործընկերների անկեղծ կարծիք: Այս առումով նշեմ, որ ազատ և արդար ընտրությունների կազմակերպման վերաբերյալ ինչպես Խորհրդարանական վեհաժողովի, այնպես էլ մեր միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն անարձագանք չեն մնացել, դրանք ամենայն ուշադրությամբ դիտարկվում են ընտրական գործընթացների կատարելագործման հարցով ստեղծված աշխատանքային խմբի կողմից և համապատասխան ընթացք են ստանում: Առաջիկա օրերին կայանալու են համապատասխան առաջարկություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների լայն հանրային քննարկումներ` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և միջազգային կառույցների աջակցությամբ:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մենք ունենք բազմաթիվ լուրջ խնդիրներ, ինչպիսիք են գործազրկությունն ու աղքատությունը, կոռուպցիան, որոնց հաղթահարման համար մեր կառավարությունը համալիր ծրագրեր է իրականացնում:
Մյուս առաջնահերթությունը իրավունքի գերակայությունն է: Հավասարությունը օրենքի առջև պարտադիր պայման է մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական զարգացման համար: Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները դիտվում են որպես բարձրագույն նպատակ: Իր հերթին՝ պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք: Սրանք նաև մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված դրույթներ են, որոնք կանխորոշում են անհատի ու պետական իշխանության վարքագիծն իրավական պետության ու քաղաքացիական հասարակության կայացման գործում:
Համոզված եմ, որ ժողովրդավարական բոլոր երկրներում սահմանադրական մակարդակում այս կամ այն կերպ ամրագրված է իրավունքի գերակայության սկզբունքի էությունը: Սակայն գլխավոր խնդիրն այն կյանքի կոչելն է, իրավունքով իշխանության սահմանափակումը կյանքի կանոն դարձնելը: Հատկապես երիտասարդ ժողովրդավարությամբ երկրների դեպքում դա պահանջում է համակարգված ու հետևողական աշխատանք: Պահանջում է անկախ դատական համակարգի առկայություն և անաչառ արդարադատության իրականացում: Այս առումով, կարծում եմ՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում այս տարվա հուլիսին անցկացված՝ իրավունքի գերակայության և իշխանությունների հայեցողության սահմաններին նվիրված խորհրդաժողովը համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող իրադարձություն էր՝ շարունակելով Մեծ Բրիտանիայի նախագահության նախաձեռնությամբ սկսված գործընթացը:
Մեր երկիրն այս ոլորտներում համակարգային բարեփոխումների նոր փուլ է թևակոխել և իրականացնում է հեռանկարային ծրագրեր: Դրանց բոլորի առանցքը մարդն է, նրա իրավունքների ու ազատությունների երաշխավորումը, երկրում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որտեղ կգերակայեն հանդուրժողականությունը, բազմակարծությունը, խտրականության բացառումը, արդարությունն ու փոխադարձ վստահությունը:
Հաջորդ առաջնահերթությունը, որն ամենաուղղակի կերպով կապված է նախորդի, այսինքն՝ իրավունքի գերակայության հետ, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության խորացումն է: Ձեռքբերումների թվում նշեմ դատական օրենսգրքում կատարված մի շարք էական փոփոխություններ, որոնք ավելի թափանցիկ ու արդար են դարձնում դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը: Դատավորների լիարժեք անկախության ապահովման տեսանկյունից շարունակվում են ուշադրության կենտրոնում մնալ նաև նրանց նշանակման հետ կապված իրավական հարցերը: Արդիականացվում են քրեակատարողական հիմնարկները, ստեղծվելու է պրոբացիոն ծառայություն: Մենք մշակել և իրականացնում ենք Հայաստանի իրավական ու դատական բարեփոխումների 2012-2016թթ. Ռազմավարական ծրագիրը, որի արդյունքում, վստահ եմ, կունենանք ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող դատաիրավական համակարգ: Այս առումով, շատ կարևոր եմ համարում Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014թթ. Գործողությունների ծրագրի լիարժեք իրականացումը, որում ընդգրկված են այս ոլորտին վերաբերող մի շարք կարևոր ձեռնարկումներ:
Մենք ունենք հաջողություններ, սակայն եղածով չենք բավարարվելու: Ես նախաձեռնել եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների գործընթաց, որի նպատակը մեր երկրում իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը առավել կատարելագործելն է, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելը և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելը: Մենք երախտապարտ կլինենք, եթե Եվրոպայի խորհուրդը, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովն իր աջակցությունը բերի այս գործընթացին:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Եվրոպական միությունը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է: Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում լայնածավալ բարեփոխումները Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների առանցքն են: Կարևոր նախաձեռնություն եմ համարում ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ ստեղծված «Արևելյան գործընկերության գործիք» համատեղ ծրագիրը և դրա շրջանակներում մասնակից երկրներում իրականացված աշխատանքները՝ ընտրական չափանիշների, դատաիրավական բարեփոխումների, արդյունավետ կառավարման, կոռուպցիայի և կիբեռհանցավորության դեմ պայքարի ուղղություններով:
Այս օրերին հաճախ է խոսվում Եվրոպական միության Արևելյան գործընկերության պետությունների քաղաքակրթական ընտրության մասին: Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթության մեջ դիտարկել: Հայաստանը նպատակադրված է շարունակելու համակողմանի փոխշահավետ գործակցությունը Եվրոպական միության հետ։ Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել և շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարավորինս սերտ և ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանը: Այս քաղաքականությունը չի ընդհատվելու:
Հայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կառուցել նոր հարաբերություններ ի հաշիվ իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների: Ճիշտ այնպես, ինչպես մենք մերժում ենք որևէ գործընկերոջ հետ հարաբերությունների կառուցում, որոնք միտված լինեն որևէ այլ գործընկերոջ դեմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ հարաբերությունների և շահերի համադրումը:
Վեհաժողովի հարգարժա՛ն անդամներ,
Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է և կմնա մեր առաջնահերթությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել համապարփակ կարգավորման: Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունության ապահովմանը, բայց նաև գիտենք, որ պարտավոր ենք առաջին հերթին ապավինել մեր ուժերին՝ հնարավոր բացասական զարգացումների դեպքում հակառակորդին զսպելու և խաղաղությունը պահպանելու համար: Առավել ևս, որ մեր հարևան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելույթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիվ մեկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով և սպառազինությունների կուտակմամբ:
Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատվածը իրականում չի կիսում նման տրամադրությունները: Պարզապես, ովքեր Ադրբեջանում փորձում են իրենց անկեղծ հիշողությունները պատմել հայ ժողովրդի հետ համատեղ անցյալից՝ նրանց ենթարկում են հրապարակային պարսավանքի, սպառնում են ականջը կտրել և արտաքսել երկրից: Այս պատճառով է, որ Ադրբեջանի ժողովրդի իրական տրամադրությունները չեն հնչում, և լսվում է այն, ինչ պահանջում է քարոզչամեքենան: Հենց այդ պատճառով են անարդյունավետ վստահության վերականգնման բոլոր միջոցառումների փորձերը:
Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին ավելի լավ ապագա է սպասվում, քան նախատեսում են պատերազմի և ատելության քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպես ես առիթ եմ ունեցել հրապարակավ ասելու՝ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զորու ենք արժանապատվորեն լուծելու մեր տարակարծությունները և խաղաղությամբ գոյակցելու որպես հարևաններ:
2 օր առաջ իմ ժողովուրդը մեծագույն ցավով հողին հանձնեց իր հանճարեղ դերասաններից մեկին` ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Վարպետի վերջին հրապարակային խոսքը Ադրբեջանի մտավորականներին ուղղված նրա բաց նամակն էր, որն իրականում խաղաղության, արդարության ու սթափության կոչ էր. «Դուք ինչ է, լրջորեն պատրաստվում եք պատերա՞զմ սկսել։ Թանկագին իմ հարևաններ, ոչինչ չի՛ ստացվի, բացի անմեղ զոհերից։ Ինչո՞ւ։ Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք»,- իր նամակում պնդում է մեծ մտավորականը։ Այո՛, մենք մշտապես սթափվելու կոչերով ենք հանդես գալիս ու հաստատապես պնդում, որ այլատյացության մոլագար քարոզը, ուժի կիրառման չընդհատվող սպառնալիքներն ու սպառազինությունների մրցավազքը ոչ մի լավ տեղ չեն տանում: Միայն խաղաղությամբ ու համագործակցությամբ է հնարավոր կառուցել տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցիկ ապագան, և սա աքսիոմ է, որն ապացուցման կարիք էլ չունի:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման համար առավել նպաստավոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակությունները։ Լեռնային Ղարաբաղում անցած 20 տարիների ընթացքում ձևավորվել և շարունակական զարգանում են ժողովրդավարական կառույցները։ Ըստ միջազգային հանրաճանաչ կազմակերպությունների, օրինակ՝ «Ֆրիդըմ Հաուսի», ժողովրդավարության առումով Լեռնային Ղարաբաղը նկատելիորեն առաջ է իր որոշ հարևաններից։
Ղարաբաղը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիորեն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ` իր իսկ գործառույթների շրջանակներում, առավել ևս, երբ Եվրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտությունների գոտիներում:
Հարգելի՛ բարեկամներ,
Մեր՝ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանության դեմ պայքարի առաջամարտիկ: Ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ ոճիր է, այլև ֆաշիզմի և անհանդուրժողականության ցայտուն դրսևորում, կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում: Հիրավի, այդ արհավիրքը վերապրած ժողովուրդները յուրահատուկ առաքելություն ունեն նման ողբերգությունների կրկնությունը բացառելու գործում: Մարդկության դեմ ոճիրների կանխարգելման լավագույն բանաձևը մարդկային պատմության սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժեքների լույսի ներքո անցյալի գնահատումն է: Հավասարապես կարևոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրյալների դեմ պայքարը:
Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում ցեղասպանության հանցագործությունները կանխարգելելու և դրանք սնուցող երևույթների դեմ պայքարելու նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելու ուղղությամբ: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևեր ընդունելու նախաձեռնություններով: Նաև մեր ջանքերով՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունվել են ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրության մշտական ուշադրության կենտրոնում պահել «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան և հիշեցնել մարդկության դեմ ոճիրների վերացմանն ուղղված՝ պետությունների հանձնառությունների մասին:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանն իր նախագահության գերակայություն է հռչակել պայքարը անհանդուրժողականության, խտրականություն և ատելություն սերմանող քարոզչության դեմ: Մենք ամոթալի ենք համարում, որ մերօրյա աշխարհում նման երևույթները շարունակում են գոյություն ունենալ և որոշ երկրներում անգամ խրախուսվում են պետական մակարդակով: Մենք պետք է վճռական լինենք աշխարհի ցանկացած անկյունում նման դրսևորումներն արմատախիլ անելու հարցում:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Մեր հասարակություններն այսօր լուրջ փոխակերպումներ են ապրում և բազմաթիվ մարտահրավերների առաջ են կանգնած: Որո՞նք են մեր արժեքները 21-րդ դարում, ո՞ր արժեքներն են այսօր տարածում գտնում առավել, քան մյուսները, ինչու են թափ առնում ծայրահեղական քաղաքական հոսանքներն ու դրսևորումները, ինչո՞ւ է տեղի տալիս սոցիալական համերաշխությունը, ինչո՞ւ անհրաժեշտ եղավ, որ Եվրոպայի խորհուրդը ձեռնարկի համացանցում ատելության խոսքի ու դրսևորումների դեմ պայքարի երիտասարդական արշավը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դժվար է ձևակերպել մի քանի նախադասությամբ: Սրանք մերժելի երևույթներ են, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ժամանակաշրջանում վայրկյանական տարածում են գտնում միլիոնավոր մարդկանց շրջանում, ուստի պետք է ստանան արագ և համարժեք պատասխաններ: Մենք պարտավոր ենք ամրապնդել կամուրջները ազգերի միջև, մեր քաղաքացիների, հասարակությունների, մշակույթների և կրոնների միջև, որպեսզի մեզանից հետո եկողներին թողնենք շատ ավելի խաղաղ և անվտանգ մոլորակ:
Այս օրերին մեր հայացքները հառած են Սիրիային: Մենք խորապես մտահոգ ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձություններով, որոնց արդյունքում զոհվում են անմեղ մարդիկ: Սիրիայում ունենալով բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում, Հայաստանը միանշանակ ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և օրեր առաջ ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:
Մեր բոլորիս պարտքն է միավորել մեր ուժերը հանուն ապագայի: Եվ, հատկապես, մեր երիտասարդ սերունդներին պետք է ներգրավենք մեր ապագայի կերտման գործում: Նրանք երիտասարդ են, համարձակ, ավյունով լի, եթե մենք նրանց ճիշտ գաղափարներով սնենք, ճշմարիտ արժեքներով դաստիարակենք, ազատության ու ժողովրդավարության բերկրանքը հրամցնենք, ձերբազատենք նախապաշարումներից՝ մեր հասարակությունները կունենան լավ ապագա:
Եվրոպայի խորհուրդը՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ոլորտներում նորմեր ստեղծող և տարածող բացառիկ կառույց, կարևորագույն դերակատարություն ունի այս գործում, և այն պետք է առավելագույն դերակատարում ունենա մեր համընդհանուր նպատակներին հասնելու գործում:
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի դեսպան նշանակելու փաստը խիստ մտահոգություն է առաջացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմում։
Ընդամենը մեկ ամիս առաջ էր «ՉԻ»–ն տեղեկացրել, որ Արմեն Սարգսյանը պատրաստվում է ավելի ակտիվ դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում և 2018թ. դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը։ Եվ նշել էինք, որ նա նշանակվելու է Հայաստանի դեսպան Մեծ Բրիտանիայում։
Մեր կանխատեսումներն իրականացան։ Այժմ Արմեն Սարգսյանը դեսպան է։ ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Տիգրան Սարգսյանը այդ նշանակումը համարում է հենց իր շահերին հարվածող քայլ և մտադիր է առաջիկայում իրեն սպասարկող լրատվամիջոցներով լայնածավալ քարոզչական արշավ սկսել ընդդեմ Արմեն Սարգսյանի։ Այդ ուղղությամբ արդեն կա «առաջին ծիծեռնակը»։ Օրերս լրատվամիջոցներից մեկը նախկին վարչապետի վերաբերյալ ծավալուն հոդված էր հրապարակել, որտեղ Արմեն Սարգսյանը ներկայացված էր գրեթե որպես հրեշ։ Նման հոդվածներ շուտով ավելի հաճախ կլինեն։
Մեր տեղեկություններով, Արմեն Սարգսյանն էլ չի պատրաստվում լուռ մնալ և մտադիր է իր լծակներն օգտագործել ընդդեմ Տիգրան Սարգսյանի։ Թե ինչպես է դա արտահայտվելու շուտով պարզ կդառնա։ Ամենահավանականը կոմպրոմատների նոր շարքի հրապարակումն է։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.