23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս տարի կառավարությունը որոշել է ուսուցչի տոնը նշել առանձահատուկ ձևով: Նախ այն դարձվեց հատուկ տոն, դրա համար առանձնացվեց հատուկ ամսաթիվ` հոկտեմբերի 5-ը: Այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին` փոփոխություն մտցնել բյուջեում և գումար հատկացնել` ուսուցչի տոնը հավուր պատշաճի կազմակերպելու համար. «որոշվեց 9195,7 հազար դրամ հատկացնել «Ուսուցչի օր» տոնի կապակցությամբ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու և 7.300.0 հազար դրամ` «Տարվա լավագույն դաստիարակ» և «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթների հաղթողներին ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով»։
Այս հարցի քննարկումը կառավարության միապաղաղ նիստում մի փոքր աշխուժություն մտցրեց: Նախ երիտասարդ նախարար Արմեն Աշոտյանը իր` ժամանակակից տղամարդ լինելը ապացուցեց նրանով, որ առաջարկեց շեղվել ընդունված ավանդույթներից և ամեն տարի ընծայվող «Ժիգուլու» փոխարեն գոնե այս տարի առանձնանալ և նվիրել արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա. քանի որ գնվում են ընդամենը երկուսը, նախատեսվող գումարի սահմաններում կարելի է նաև այլ մակնիշի ավտոմեքենա ձեռք բերել: Ֆինանսների նախարարը փորձեց խնայողություն անել` ասելով, թե այդ գնով արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա հնարավոր չէ ձեռք բերել, Աշոտյանը` թե կարելի է «Հյունդայի» մակնիշի փոքր չափերի ավտոմեքենա վերցնել: Այստեղից նախարարներն աշխուժացան, սկսեցին իրենց իմացած մակնիշների ավտոմեքենաները թվել, իսկ ներքևում` մամուլի սրահում աշխատող լրագրողները` իրենց իմացածը կամ սիրածը` սկսած «Bently»-ից, մինչև վարչապետը վերջ դրեց խոսակցությանը և հայտարարեց հարցի լուծված լինելու մասին`ասելով` «ուսուցիչների վրա չի կարելի տնտեսել»:
Ուսուցչի տոնին իր ներդրումը ձգտեց ունենալ նաև սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա առաջարկեց ոչ թե պարզապես ուսուցչի տոն անել, այլ դա դարձնել «համահայկական», որ ուսուցչի տոնը լինի ոչ միայն Հայաստանի Հանրապետության ուսուցչի, այլև սփյուռքահայ ուսուցչի տոն: Դարձյալ միջամտեց վարչապետը, սակայն այս անգամ Հրանուշ Հակոբյանի անկեղծ ցանկության վրա սառը ջուր լցրեց` բացատրելով, որ այդ դեպքում մենք մյուս տոների նկատմամբ ևս պետք է այս մոտեցումը կիրառենք. չէ՞ որ մենք ունենք նաև ֆինանսական աշխատողի օր, փրկարարի օր…
Այդպես, Հրանուշ Հակոբյանի կոնստրուկտիվ առաջարկը` ուսուցչի տոնը վերափոխել «Հայաստանի Հանրապետության և սփյուռքահայ ուսուցիչների համահայկական տոն»-ի, ջրվեց:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
2010 թվականի հունիսի 24-ին ես ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ հանցագործության մասին հայտարարություն` ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու քննչական բաժնի կողմից 11.02.2009 թվականին հարուցված թիվ 12105809 քրեական գործի շրջանակում իմ նկատմամբ անօրինական գործողություններ կատարելու մասին: ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված հայտարարությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Չնայած նրան, որ Երևան քաղաքի դատախազ Հրաչյա Բադալյանը հայտնեց, թե Էրեբունու քննչական բաժնում Մարիամ Սուխուդյանի գործով նախաքննությունը կատարվել էր ՈՉ ՕԲՅԵԿՏԻՎ` ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննիչ Վ.Ռ.Հարությունյանի կողմից 2010 թվականի սեպտեմբերի 04-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` ՀՀ Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի նախկին քննիչ Վիգեն Մեսրոպյանի գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Իմ կարծիքով քննիչի կողմից նյութերը նախապատրաստվել են թերի, չեն ստուգվել գործի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, Էրեբունու քննչական բաժնի աշխատակիցների գործողությունները չեն արժանացել համապատասխան իրավական գնահատականի, հետևապես քրեական գործի հարուցումը մերժելումասին որոշումն անօրինական է:
Նշեմ նաև, որ քննիչի կողմից ինձանից ընդհանրապես բացատրություն չի վերցվել և չեն պահանջվել համապատասխան փաստաթղթեր գործի վերաբերյալ, ինչը նշանակում է, որ ի սկզբանե նպատակ է եղել մերժել քրեական գործի հարուցումը:
Ի դեպ որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու մասին կայացվել է օրենքով սահմանված 10 օրվա փոխարեն մոտ 2.5 ամիս հետո:
Չկա մարդկային կյանքի մեջ ավելի խոսուն պատկեր, ավելի համոզիչ փաստ, ավելի ազդեցիկ միջոց դաստիարակության, կրթության, հոգևոր զարգացման համար, քան կյանքի օրինակը։ Սովորել ճշմարտությունը կյանքի մասին` կյանքի իսկ լեզվով` մարդկային կերպարների օրինակի ուժով ահա ամենամեծ դպրոցը, ամենաազդու կրթական մեթոդը:
«Վարք Սրբոցի» բաղձանքն է, որ մեր ժամանակներում ապրող հայ մարդը գիտենա ի վերուստ իրեն տրված կյանքը հավասարակշռել. տալու «Կայսրինը` կայսեր և Աստծունը` Աստծուն»:
Կրթական ոլորտի պատասխանատուները կարծես թե հասկացել են, որ մենք բուհական կրթության որակի ապահովման հետ կապված լուրջ խնդիրներ ունենք։ Հասկացել են, սակայն մի բան է հասկանալը, մի բան` որակ ապահովելը։ Բայց քանի որ ներկայացնելու բան պիտի ունենա սեպտեմբերի 22-23-ը անցկացվող համաժողովի ընթացքում, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը մշակել է մասնագիտական կրթության որակի ապահովման ուղենիշներ, չափանիշներ ու չափորոշիչներ։
ԿԳ նախարար Արմեն Աշոտյան էլ է համոզված, որ մենք այսօր կանգնած ենք շատ կարեւոր խնդրի առջեւ, այն է` կտրուկ եւ հետեւողական քայլեր ձեռնարկել Հայաստանում մասնագիտական կրթության որակի ապահովման համար, այլապես մեր ինտեգրումը եվրոպական կրթական ընտանիք կդրվի կասկածի տակ։ Ու երևի թե հիմնական խթանն էլ այդ է. «Կրթության որակը պետք է ապահովի տնտեսության ակնկալիքները, հասարակության ակնկալիքները եւ տվյալ մարդու ակնկալիքները,- ասում է ԿԳ նախարարը։- Որակի ապահովման շատ չափանիշներ կան։ Որակի ապահովման ազգային կենտրոնն աշխատել է` համակարգելով բազմաթիվ փաստաթղթեր։ Մենք այսօր խնդիր ունենք` ի մի բերելու տեսական քննարկումներից քաղված օգտակար մոտեցումները, որ կարող են կիրառելի լինել Հայաստանում եւ անցնել կոնկրետ գործողությունների»։
«Իսկ որո՞նք են լինելու այդ կոնկրետ գործողությունները» հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Դրանք են` հավատարմագրման նոր կարգի հաստատումը, բուհերի ներսում կրթության որակի ապահովման ներքին մեխանզմների զարգացումը, ուսանողների` որպես կրթական ծառայությունների հիմնական սպառողների ներգրավումը որակի հսկողության մեջ, հասարակակական սեկտորի եւ գործատուների ներգրավումը կրթական ոլորտի որակի չափագրման մեջ»։
Նկատեք, որ թվարկածների մեծ մասը ոչ թե կոնկրետ գործողություններ, քայլեր են, այլ` նպատակներ, որոնց ապահովմանն է ուղղված կրթության նախարարության գործունեությունը։ Եվ երբ չի հաջողվում ապահովել խոստացված արդյունքը, իրենց անգործությունը մեր պաշտոնյաները հիմնավորում են ֆինանսների կամ այլ ռեսուրսների բացակայությամբ։
ԿԳ նախարարն ասում է, որ մենք բավարար ռեսուրսներ ունենք. «Ես այսօր խնդիրը դիտարկում եմ ոչ թե ֆինանսական հարթության մեջ, այլ` մտածելակերպի։ Եթե ցանկանանք բոլորս միասին մի քայլ ձեռնարկել, ապա մեծ գումարներ պետք չեն։ Մենք վերջերս ավելի շատ ժամանակ ենք վատնում պրոբլեմների անարդյունավետ քննարկումների վրա, քան գումար հայթայթելու վրա։ Լավ նախաձեռնությունները կառավարության կողմից ֆինանսավորվել են եւ ֆինանսավորվելու են»։
ՀՀ Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը առկա խնդիրների մասին նախընտրում է խոսել իր մասնագիտության տեսանկյունից։ Իսկ դրանք, ըստ ռեկտորի, երկուսն են` մասնագիտական եւ այլ ռեսուրսների պակասը եւ ուսանողների գիտակցության ցածր մակարդակը։ «Խնդիրներից մեկը պրոֆեսիոնալ դասախոսական կադրերով բուհի համալրումն է, որի համար պետք է լավ պայմաններ ստեղծվեն բուհում։ 1990-ական թվականներին մասնագետների մեծ արտահոսք եղավ ոչ միայն երկրից, այլեւ շատերը թողեցին գիտությունը, որովհետեւ հրապուրիչ չէր։ Մյուս խնդիրը բուհերի վերազինումն է`լսարանային եւ լաբորատոր բազայի համալրումը։ Լուրջ անելիքներ կան կոռուպցիոն ռիսկերի հետ կապված։ Ես կարծում եմ` միայն պատժիչ միջոցներ կիրառելը քիչ է, պետք է ուսանողների ինքնագիտակցությունը բարձրանա, պետք է գիտելիք պահանջեն եւ պայքարեն կոռումպացված դասախոսների դեմ։ Կրթությունը, մեծ հաշվով, ինքնակրթություն է, բուհն ընդամենը ուղղորդում է ուսանողին, բայց դասախոսություններով մասնագետ չեն դառնում, ամեն անհատ պետք է իր վրա աշխատի։ Ուրեմն խնդիրը նաեւ ուսանողների մեջ է։ Շատ քիչ են մասնագիտական գրքեր կարդում, չեն տիրապետում օտար լեզուների, ռուսական գրականությունից անգամ չեն կարողանում օգտվել»։
Իսկ Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը կարծում է, որ առաջին խնդիրը հենց «կրթության որակ» հասկացության սահմանման մեջ է.«Մենք պետք է կարողանանք հստակեցնել, թե մեր բարձրագույն կրթությունը ինչպիսին պետք է լինի, ինչ նպատակների պետք է ծառայի։ Մեր խնդիրն այն է, որ սահմանենք «որակ» հասկացությունը, որը տարբեր շահառուների մոտ տարբեր բնորոշում ունի։ Որպեսզի մենք կարողանանք որոշել, թե որ բուհն է որակ ապահովում, եւ որը` ոչ, պետք է ունենանք որակի գնահատման չափորոշիչներ։ Մենք պետք է կարողանանք մշակել այնպիսի չափորոշիչներ, որ բոլորի կողմից ընդունելի կլինեն»։
Սկսեմ նրանից, որ Հայաստանում արդեն 10 տարի ապրելով` ես երբևիցե մասնակից չեմ եղել որևէ քաղաքացիական կամ քաղաքական ակցիայի, միտինգների և այլն: Հասարակական-քաղաքացիական ակտիվությունս արթնացավ Արա Նեդոլյանի հետ մի զրույցի ընթացքում (Իշխանությունն ի´մն է և քո´նը ): Ես տեսա, որ կան մարդիկ, ովքեր ինձ նման են մտածում՝ առանց մշակութային հեղափոխության ցանկացած իշխանափոխություն ընդամենը տիրակալի փոփոխություն է, ու ժողովուրդը մնում է դիտող-սպառողի դերում: Պետք է մարդը գիտակցականորեն հասունանա, որ նրա մասնակցությամբ քաղաքականությունը դադարի լինել ռեպրեզենտատիվ՝ ներկայացուցչական:
Ինչևէ, 88-ից հետո իմ առաջին միտինգը սեպտեմբերի 17-ի միտինգն էր, որտեղ «սյուրպրիզ» պիտի լիներ: Ճիշտն ասած, 88-ից հետո էդ միտինգը ինձ «վերջին զանգ» էր հիշեցնում: Մարդիկ իրար հետ զրուցում էին, կարոտած համբուրում, քեֆ-հալ հարցնում: Տպավորություն էր, որ դա ընտանիքի պես մի բան է, ուր մարդիկ հանդիպում են միտինգից միտինգ: Լևոն Տեր-Պետրոսյանին լսում էին բոլորը` ի տարբերություն մնացյալ հռետորների, որոնց խոսքը ժողովուրդն ընկալում էր որպես ֆոն՝ բողոքելով, որ առաջնորդի ելույթն ուշանում է:
Ես չեմ վերապատմի Լևոնի ելույթը. ժամանակավրեպ է ու անիմաստ. բոլորն էլ գիտեն` ինչ է խոսել: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, ՀԱԿ-ի «Փոքր խորհրդի» նիստն էր, որի անդամները մտավորականներ են՝ լրագրողներ, արվեստագետներ, քաղաքագետներ, ընդհանրապես մտածող մարդիկ, ովքեր պատասխանատվություն են զգում երկրում տիրող իրավիճակի համար ու փորձում են ինչ-որ բան անել, որպեսզի ժողովուրդը դառնա գիտակից ու վերջապես լինի իր երկրի իրական տերը:
Նիստը վարում էր Զարա Հովհաննիսյանը: Օրակարգում երկու հարց կար՝ ուրբաթ օրվա միտինգի վերլուծությունն ու մշակութային քաղաքականության ծրագրի քննարկումը. քննարկվեց միայն մեկը՝ միտինգը: Մեզ միացավ նաև ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Լալա Պողոսյանն ասաց. «Ժողովուրդը վերջին երկու-երեք տարին առհասարակ հիասթափված է միտինգներից: Ես միշտ ներքեւում եմ կանգնում, գուցե ավելի վերեւում՝ լիդերներին մոտ, ժողովուրդն այլ է, բայց ներքեւում կանգնում է հասարակ ժողովուրդը, չնայած երեւի թե հասարակ մարդիկ միտինգների չեն գալիս. այնտեղ շատ թե քիչ քաղաքականացված ժողովուրդն է:
Երեւի դա սովետական տոտալիտար ռեժիմի ժառանգությունն է՝ մարդիկ սպասում են, որ իրենց կասեն` ուր գնան, նրանց անպայման պետք է գնալ մեկի հետեւից: Կոնգրեսն էլ իր առջեւ խնդիր է դնում տանել այդ մարդկանց, ինքն է ստեղծում սպասողական մթնոլորտ, հետո էլ բողոքում են (ինչպես Լևոն Զուրաբյանը), որ ժողովուրդն ակտիվ չէ: Իրենք փաստորեն առաջարկում են ժամանց, վախենում են «հոգնեցնել» և այլն:
Իհարկե, պետք է ավելի էսթետիկ դարձնել միջոցառումները, ինչպես առաջարկում է Արան, թե չէ ուղարկում են տնեը և առաջարկում սպասել հաջորդ միջոցառմանը: Ժողովուրդը պետք է տեսնի, որ ինչ-որ բան է արվում. կգտնվեն իրազեկ մարդիկ, ու առողջ բանավեճ կառաջանա, դա էլ է ժողովրդին համամասնակից դարձնելու ճանապարհ:
Մասնակից դարձնել քաղաքական-ստեղծագործական պրոցեսին, դարձնել համահեղինակը սեփական վաղվա օրվա կերտման: Անհրաժեշտ է ձեւավորել գիտակցում, որ իշխանության եկողները միայն չինովնիկներ են, որ պետք է ծառայեն մեզ, իսկ իրական իշխանությունը պետք է լինի ժողովրդինը: Նրանք բոլորը պետք է հաշվետու լինեն մեր առջև:
Մենք ուղղակի սովոր չենք էս տիպի հարցադրմանը՝ չի կարելի հավատալ ոչ մի իշխանության, նույնիսկ եթե ինքդ իշխանական ես: Բրգաձեւ, ուղղահայաց իշխանական կառուցվածքն անմեղսունակ է: Բայց հարց է` ինչպես կազմակերպել երկրի կառավարումը մարդկանց մեծ քանակության կողմից: Դրա համար էլ քննարկվում են ցանցային կառույցները: Փոխանակ «մամա-պապա» լիդեր ման գալու` ուղղակի պետք է գիտակցել, որ իշխանությունը մերն է հենց հիմա, այսօր արդեն…»:
Ժողովուրդը միտինգից ուներ ավելի մեծ ակնկալիքներ և հուսախաբ եղավ: Մի աղջիկ, որը Տեր-Պետրոսյանի նախկին աշխատակազմից էր, սպասում էր սյուրպիզին, չնայած ես ասում էի, որ չսպասի հրաշքի, կհիասթափվի, չլսեց: Հետո լացում էր հուսահատությունից, որ էլի առաջնորդը ճամփա ցույց չի տալիս, չի ասում` ուր գնա, ինչ անի…
Խոսեց Արա Նեդոլյանը.«Ընդհանուր տրամադրությունը միտինգի սկզբում ու վերջում բոլորովին տարբեր էր: Երբ խոսում էին Լևոնից առաջ, մարդիկ զբաղված էին տարբեր բաներով, իսկ երբ սկսեց խոսել Լևոնը, միանգամից բոլորը լռեցին ու լսում էին: Լևոնը Լևոն, բայց դե մնացյալ հռետորները նույնպես պետք է ունենան մշակված նոր մտքեր, որոնք էլ պիտի ծագեն հանձնախմբերի ու հանձնաժողովների քննարկումներում ու ապա մատուցվեն, որպեսզի մենք ունենանք բանական ելույթ ունեցողներ` միտք ասող, բան ասող: Հույս ունեմ, որ «Փոքր խորհրդի» աշխատանքի հետևանքում նույնպես կառաջանան պրակտիկ մտքեր, ոչ շատ վերլուծական, որոնք հնարավոր կլինի հնչեցնել:
88-ին, 90-ին ՀՀՇ-ն կարողանում էր մթնոլորտ ստեղծել, այսինքն լավ ճաշակ կար այդ դաշտում, այդ նույն դաշտում կատարվում էին նաև գեղագիտական զանազան գործողություններ, ուշադրություն էր դարձվում էսթետիկային, ոճին ու մթնոլորտին… Նստացույցն էլ ուներ էսթետիկա… Հիմա այդ սահմանները չոր ու ցամաք են, զուրկ էսթետիկայից: Մթնոլորտ չկա: Ովքեր 60-ականներին Սունդուկյանի թատրոն էին գնում, էդ տարիներին գալիս էին ՀՀՇ-ի դաշտ: Հիմա ՀԱԿ-ի դաշտն այդպիսին չէ…
Բայց քանի որ հենց ՀԱԿ-ն է այսօր իրական Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե այն կառույցները որ նստած են պետական շենքերում, ապա ՀԱԿ-ը պետք է իր վրա վերցնի նաև պետական մարմինների, մասնավորապես իրական հասարակական Խորհրդարանի կազմակերպումը, ստեղծումը, այսինքն՝ ձգտի ոչ այնքան իշխանափոխության, որքան երկիշխանության հաստատմանը, ինչպես ժամանակին արել էին Կոմիտեն ու ՀՀՇ-ն. Հենց այդ ճանապարհով էլ եկան իշխանափոխության»:
Լևոն Զուրաբյանն ասաց.«Չի ստացվի, որովհետև հիմա շատ ավելի լավ են ահաբեկում մարդկանց, քան թե սովետական ժամանակներում, միկրոմակարդակի վրա են կարողանում` ամեն մեկին առանձին, գործի տեղը, տանը, ամենուր… Ու ինչքան կոնգրեսին մոտ են էդ մարդիկ, էնքան իրականում ապահով են ու պաշտպանված, քանի որ մենք տեղեկանում ու գործը հասցնում ենք մինչև եվրոդատարան: Իսկ որքան մարդ կա, որ անմիջական շփում չունի մեզ հետ։ Շարքային ընդդիմադիր քաղաքացուն կարող են հալածել ու կյանքը դարձնել անտանելի»:
Առաքել Սեմիրջյանը միտինգի վերաբերյալ ասաց.«Էն ժամանակ միտք էին արտահայտում, և դա բավական էր, էն ժամանակ մարդկանց ուղեղները քաղաքականապես դատարկ էին: Հիմա մարդկային պահանջներն այլ են դարձել: Ուրիշ բան են մարդիկ ուզում լսել, նոր միտք են ուզում: Իսկ էսօր նոր միտք ասելու համար կամ պիտի շատ խոր լինել, կամ սուպեր-օրիգինալ, կամ…»:
Զարա Հովհաննիսյանն ասաց. «Պետք է խթանել հանրության մասնակցությունը և չբավարարվել դասախոսություն–հանրահավաքներով։ Դեռ դասախոսությունը լավագույնն է, այն էլ ստացվում է միայն Լևոն Տեր–Պետրոսյանի մոտ. մյուսները միայն ներկայացնում են փաստերը հպանցիկ կերպով, պաթետիկ տոնով: Այդ տոնը կարող է ներազդել ընտրությունների ժամանակ, երբ ձայն ես ուզում վաստակել, կամ էլ երբ մղում ես հանրությանը գործողության կատարման։ Այս երկու տարբերակներն էլ դեռևս ակտուալ չեն, ուրեմն այլ մեթոդաբանությամբ պետք է հանրային մասնակցությունը մեծացնել. դեպքում կոնգրեսի ազդեցությունը կմեծանա, ու սպասելիքներն էլ միայն միտինգից միտինգ չեն արդարացվի կամ էլ հակառակը, որն առավել հաճախ է պատահում»:
Նազարեթ Կարոյանը, խոսելով խոստացված սյուրպրիզի մասին, ասաց. «Մի ժամանակ սյուրպրիզը 10 «Զապարոժեց»-ներն էին. մարդը գալիս էր ստադիոն ու գիտեր, որ կա 10 մեքենա: Հիմա մարդիկ եկել են ու սպասում են նոր բանի, որ «Զապարոժեց» չէ, ու ոչինչ էլ չկա: Տեր-Պետրոսյանի՝ իր ասածին վերաանդրադառնալու արարքը փչացած ձայնապնակի աշխատանք է հիշեցնում, երբ նվագարկիչի ասեղը սահում է և անընդհատ նույն հատվածի վրա է ընկնում։ ՀԱԿ գործունեությունը միայն քաղաքական խնդիրներով սահմանափակելը, միայն միտինգի ֆորմատը գործածելը հանգեցնում է իր համակիրների շարքերի նոսրացման: Պետք չէ գովել ՀԱԿ-ի գործունեությունը. այդպես ԶԼՄ-ներն են գովում իշխանության գործունեությունը։ Դա վնասում է ընդհանուր գործին»:
Արման Գրիգորյանը մեջբերեց իր` «Լրագրին» տված հարցազրույցից. « Իմ կարծիքով նորություն կար: Համենայն դեպս, ես կարևորում եմ պատմական փորձի`կոնկրետ Մայիսյան ապստամբության վերաիմաստավորումը, իշխանությունների` Արևմուտքում և Ռուսաստանում տարածված ստերեոտիպերի վրա խաղալու հետադեմ ու վնասակար (մեր ներքին կյանքի համար վնասակար) քաղաքականության քննադատությունը և Կոնգրեսի օրակարգը, քայլերի ակտիվացումը, նաև դրանց սինխրոնիզացիան իրավունքների ու ազատություների համար պայքարող միջազգային ակտիվության հետ: Պետք է պարզ հասկանալ, որ այսօր Սահմանադրության և օրենքների պաշտպանը միայն ընդդիմությունն է»:
Ըստ Արման Գրիգորյանի` պետք է ձևավորել քաղաքական մշակույթ ու յուրաքանչյուրին հասանելի լեզվով տեղ հասցնել ասելիքը: Եթե ռոք են սիրում, ռոքի միջոցով, եթե` «ռաբիս», ապա կարելի է երգիչների խումբ գտնել, որը քաղաքական տեքստերով երգեր երգի: Դա շատ լավ կլիներ ու լավ արդյունք կտար:
Լևոն Զուրաբյանն առաջարկեց փոքր խորհրդին ամենաակտուալ հարցերի բաց քննարկումներ անցկացնել, ընդգրկել ՀԱԿ-ի երիտասարդներին:
Ես առաջարկեցի օգտագործել մեր ողջ պոտենցիալը ու համագործակցել ՀԱԿ-ի հետ: Ժողովրդին ասելիքը հասցնելու համար, օրինակ, «100 քայլը» ներկայացնել բեմադրությունների, ինչո՞ւ չէ, նաև սերիալի ֆորմատով, քանի որ մեր ժողովուրդը «նստած» է դրանց վրա: Իմ կարծիքով կուսակցությունների ծրագրերը, նույիսկ եթե դրանք շատ տարբեր են բովանդակությամբ ու ասելիքով, շարադրված են ժողովրդին ոչ այդքան հասկանալի՝ ակադեմիական լեզվով, ինչը տեքստը դարձնում է դժվարըմբռնելի: Ամենակարևոր բանն էն էր, որ մտածում էինք, թե ոնց ենք շարունակելու Փոքր խորհրդի քննարկումները, ի՞նչ ենք անելու, որ օգնենք ժողովրդին ու պետականությանը, որ գործեն օրենքն ու սահմանադրությունը, վերանա «բեսպրեդելը», որ մարդն իրեն պաշտպանված զգա: Կլինի դա իշխանափոխությա՞ն միջոցով, թե՞ ոնց. ինձ համար մեկ է: Իմ և ընկերներիս նպատակը իշխանափոխությունը չէ, այլ աշխատող համակարգի հասնելը:
Մոտակա նիստերին սպասվում է Արա Նեդոլյանի զեկուցումը մշակութային քաղաքականության մասին և Նազարեթ Կարոյանի «Խաղաղության տնտեսություն/Պատերազմի տնտեսություն»-ը:
Լուսինե Վայաչյան
Բուլղարական ИА “Фокус” – ը հայտարարել է, որ Բուլղարիայի և Հունաստանի իշխանությունների համատեղ օպերատիվ գործողությունների արդյունքում անօրինական ձևով դոնորական ձվաբջիջ վաճառելու կասկածանքով ձերբակալվել է յոթ մարդ: Կասկածներ կան, որ հանցախումբը զբաղվում է նաև մարդկանց թրաֆիքինգով և հարկադիր մարմնավաճառությամբ:
47 -ամյա հույն վիրաբույժը ձերբակալվել է հենց հիվանդանոցում, որտեղ նա պատրաստվում է ձվաբջիջ պատվաստել 23-ամյա ռումինացի կնոջը: Բացի նրանից ձերբակալվել են նաև Բուլղարիայի հինգ քաղաքացիներ և 37-ամյա ռումինուհի, որը միաժամանակ եղել է ձվաբջջի անօրինական դոնոր և հետագայում խաբեությամբ իր տրամադրության տակ է վերցրել իր 6 հայրենակիցների:
Հետաքննությունը ցույց է տվել, որ հանցախմբի գործունեությունը շարունակվել է առնվազն ութ ամիս:Այդ ընթացքում նրանք Ռումինիայից, Բուլղարիայից և Հունաստանից խաբեությամբ դուրս են բերել կանանց, սպառնացել և հարկադրաբար ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ, ինչպես նաև դառնալ ձվաբջջի դոնոր`խոստանալով տալ 2 հազար եվրո, իսկ անպտուղ զույգերին ձվաբջիջները վաճառել են 25.000 եվրոյով:
Հանցագործների ընդհանուր շահույթը կազմել է հարյուր հազարավոր եվրոներ: Տեղեկություններ չեն հաղորդվում, թե որ երկրներ են մատակարարվել անօրինական ձվաբջիջները: Հանցագործներին մեղավոր ճանաչելու դեպքում նրանց կազատազրկեն 10-20 տարով:
Քաղաքացու համար քաղաքական ազատությունը հոգեկան հանգստություն է, որը հենվում է իր անվտանգության մեջ համոզված լինելու վրա։
Շ.Մոնտեսքյո
Ինձ համար, իմ արժեքային համակարգում բարձրագույն արժեքն ազատությունն է՝ իր բանական դրսևորումներով: Փոքրուց միշտ ցանկացել եմ լինել ազատ ու անկախ: 88-ի զարթոնքին 20 տարեկան էի, հույսով ու հավատով գնում էի միտինգների ու նստացույցերի. ուզում էի` իմ փոքրիկ, տանջահար Հայաստան երկիրն անկախանա, ու ես լինեմ աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրների քաղաքացիների նման՝ ազատ ու անկախ:
Ես հասկանում եմ, որ կոմունիստական հասարակարգը չէր կարող առողջ լինել ու ինքնուրույն գոյատևել առանց բռնատիրության, բայց, համենայն դեպս, ես այդ երկրում ինձ ավելի ապահով ու պաշտպանված էի զգում, քան այսօր՝ անկախ Հայաստանում: Անկախության հռչակագիրն ընդունվեց, երբ ես ռուսաստաններում փոքր երեխա պահող ջահել կին էի, «պերեստրոյկան» եկել ու դատարկել էր խանութները, ու իմ առօրյան, ինչպես բոլորինը, կազմված էր հիմնականում հերթեր կանգնելուց ու մթերք հայթայթելուց: Ու երբ ռուսներն ինձ ասում էին, որ սովետի քանդման մեջ մենք ենք մեղավոր մեր ցույցերով, ես հպարտություն էի զգում ու ամեն կերպ փորձում էի հասանելի դարձնել մեր՝ Ղարաբաղի հայկականացման հարցը: Չնայած նրան, որ անկախությունը հռչակվեց առանց ինձ, երկիրն էլ 10 տարի ապրեց առանց ինձ, էդ հռչակագիրը ջնջեց տարավ իմ բոլոր երազանքները, որոնք կապված էին ստաբիլ «սովետի» հետ` ես բուհից հետո պետք է աշխատեի ինչ-որ հաշվողական ինստիտուտում, հետո դիսերտացիա պաշտպանեի, բնակարան հերթագրվեի ու մի 10 տարի հետո ստանայի: Այսինքն՝ 2000 թվականին ես տնատեր պետք է լինեի:
Բայց ես կենցաղային մուկ-տիկնիկ չէի, որ միայն նյութական ու սոցիալական խայծեր կուլ տալով բավարարվեի: Ես հավատում էի: Ես հույսեր էի կապում իմ երկրի «անկախ» բնորոշման հետ: Մտածում էի, որ ազատ երկրի քաղաքացին պետք է հարգանք ունենա այլ երկրների սահմաններն անցելիս, նրան պետք է արժանապատիվ ընդունեին մյուս անկախները….
Իրականում պարզվեց, որ բոլոր հույսերս փուչ են…
Պարզվեց, որ իմ երկրի անկախությունը ոչ միայն ձևական է, որը պիտի ոչ մի կերպ չազդեր իմ անհատականության ընկալման վրա, որպես երկրի քաղաքացի, այլև վնասակար ու ապականիչ: Երբ ես մտնում եմ եվրոպական երկրներից մեկի դեսպանատուն հայցվորի կարգավիճակով, անցնում եմ հարցազրույցներ, ներկայացնում զանազան փաստաթղթեր իմ` վստահելի անձ լինելու մասին, որ ես ԱՐԺԱՆԻ ԵՄ նրանց երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալու, ես հասկանում եմ, որ իմ երկիրը, նրա քաղաքացին հավատ չեն ներշնչում, որ ամեն երկիր վախենում է, թե մենք կմտնենք իր տարածքն ու չենք ցանկանա վերադառնալ հայրենիք, ու շատ էլ ճիշտ է անում, որ վախենում է, որովհետև դա այդպես է:
Անկապ Անկախություն…
Ի՞նչ է տվել մեզ անկախությունը: Մի պատերազմ, որը կյանքեր է տարել, հողեր է նվաճել, որոնք չգիտես ինչու չենք օգտագործում. Ղարաբաղում մնացել է սովետի ժամանակների բնակչության լավագույն դեպքում 20 տոկոսը: Ղարաբաղցիք դուրս հոսեցին «ազատագրված» տարածքներից անկախանալուն պես, ցրվեցին աշխարհով ու գերբնակեցրին Երևանը: Ղարաբաղցիք, որ դարեր ի վեր անուն են հանել որպես խիզախ, չհանձնվող ու տոկուն տեսակ, լքել են իրենց անկախ հողերը:
Ղարաբաղը առանց Հայաստան չի կարող լինել: Ղարաբաղը Հայաստանի ծուռ հայելին է: Այսօր Ղարաբաղի հարցը սառեցված է. լուծումը ոչ մի կերպ չի երևում:
Մարդիկ շարունակում են դուրս գնալ:
Հայաստանը ևս անկախանալուց հետո մեծ արտահոսք ունեցավ: Բայց լավ է, գուցե բարին դա էր, թե չէ ո՞նց էինք էդքան մարդ կերակրելու: Մեր հիվանդ հայությունը, որը սնվում է դրսից, ո՞նց էր ապրելու, եթե ամեն ընտանիք չուենանար գոնե մեկը դրսում: Հիմա ի՞նչ, էդ ընտանիքներն անկա՞խ են: Հայաստանը դարձել է «գրանտակեր», միջազգային կազմակերպություններին խաբող ու ստախոս երկիր:
Մի երկիր չի կարող լինել ազատ ու անկախ, քանի դեռ նրա քաղաքացին ձեռքը մեկնած է պահում` մուրալու համար:
Քաղաքացին չի կարող լինել ազատ ու անկախ, քանի դեռ նրա պետությունը չի հոգում նրա առողջության մասին, ու մարդկային կյանքը չի գնահատվում ամեն ինչից թանկ: Մի երկիր չի կարող լինել անկախ, որը մարիոնետի պես շարժվում է ռուսի կամ էլ հետո ում բաժին կհասնի թելիկներով:
Ընդդիմությունը չի կարող լինել անկախ, քանի դեռ կախված է մոնիտորինգի համար արված անիմաստ միտինգների մարդաքանակից ու չի ընդունում մի ճշմարտություն, որ հեղափոխությունն առաջին հերթին պետք է տեղի ունենա մարդկանց գիտակցության մեջ, հետո դուրս գա փողոցներ, թե չէ կմնանք նույն ղեկավարելի, գայլից վախեցող ոչխարի հոտը:
Ընտրությունը չի կարող լինել ազատ ու լեգիտիմ մի երկրում, որտեղ Աստվածը փողն ու ծանոթն են, սրբությունները՝ սեփական փակ տարածքը՝ ընտանիք, ընկերներ:
Մարդը չի կարող լինել ազատ ու անկախ իր երկրում, քանի դեռ այդ երկիրը կախված է իշխանական կլանների ներիշխանական «ռազբոռկեքից» ու ամենաշատը 10 մարդու քմահաճույքից: Ու իրականում նույնիսկ նրանք անկախ ու ազատ չեն:
Մարդը չի կարող իրեն համարել ազատ, քանի դեռ կառչած է կեղծ ավանդապաշտությունից, կուսության ինստիտուտից, եվրոպական ու ամերիկյան հովանավորչությունից…
Պետականությունը չի կարող լինել ազատ ու անկախ, քանի դեռ մարդը կախված է ճղճիմ կենցաղային հարցերից, քանի դեռ նա վախ ունի իր ընտանիքի համար, չի կարող քաղաքացիական դիրքորոշում արտահայտել։
Պաթետիկ թեմաներն ինձ մոտ միշտ լավ չեն ստացվել, ես դասական հայրենասեր չեմ: Ինձ համար մեծ հաշվով միևնույն է` անկա՞խ է իմ պետությունը, թե՞ ոչ: Ինչպես շատ-շատերի համար:
Միայն գիտակից ու առողջ բանականություն ունեցող մարդը կարող է հասկանալ ազատության ու անկախության իմաստը, գնահատել ու պահպանել, պայքարել նրա համար: Միայն այդպիսի անհատականությունները կարող են ունենալ անկախ միավորումներ, պետականություն: Ի՞նչ անկախություն կարող է լինել մի երկրում, ուր մարդը ներքուստ ազատագրված չէ գոնե ինքն իրենից ու թմրամոլի պես պետք ունի հասարակական կարծիքի: Ամեն ինչ արվեց, որ իրական կապը կտրվի մարդկանց միջև։
Մեր հասարակությունը մասսաներն են: Այն կազմված չէ ինչ-որ գաղափարի շուրջ ինքնաբուխ ծագած բազմություններից: Այն չունի այլ հասարակական միավոր, քան ամբոխը, ժողովուրդը, մասսան՝ ընտրազանգվածը: Եւ ոչ հասուն անհատների միությունը:
Անկախություն ու ազատություն եք ուզում՝ ազատագրեք առաջին հերթին ինքներդ ձեզ, ձեր նախապաշարմունքներից, կարծրատիպերից, ուրիշի կարծիքը թող չլինի կարևոր ձեր ներքին՝ մարդկային արժեքային համակարգից բխող, եթե ունեք այդպիսին, դիրքորոշումից:
Ինչևէ, եթե կա սենց անկապ Անկախության մի օր, ապա պետք է շնորհավորել:
Շնորհավորում եմ բոլորիս Անկապ անկախության օրվա առթիվ:
Ու թող գալիք տարի գոնե անկախությունը անկապության չվերածվի մեր կյանքում:
Փառք ու պատիվ անկախության համար զոհվածներին, նրանք հո չգիտեի՞ն…
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Մի քանի օր առաջ տարածքում ինչ-որ վթար էր տեղի ունեցել, շրջակայքում ջուր չկար: Դույլերով շրջում էի մոտերքում, հոսող ջրի ձայն էի փնտրում: Տեսնեմ՝ մարդիկ գնում են ջրի .գնացի հետևներից: 55-60 տարեկան մի մարդ, որը հավանաբար մարզից եկել էր Երևան գոյատևելու, այնպես էր հայհոյում էս անկախությունը, էս երկրին, ղեկավարներին… Նա դժգոհ էր, որ անկախության օրը տոնական է, ու ինքը չի կարող այդ օրն աշխատել: Ասում էր. «Ի՞նչիս ա պետք էդ անկախությունը, հանգիստ չունեմ, չգիտեմ` երբ ա օրը սկսում, երբ մթնում: Սովետի վախտ ես ինձ մարդ էի զգում, ամառները ծով էի գնում, ես ազատ էի, հիմա ես ազատ չեմ, ես իմ օրվա հացի ստրուկն եմ»:
Նկարը՝ ocean-ի
Օրերս ֆեյսբուքյան հանրությունը յութուբում հայտնաբերել էր մի տեսանյութ, որտեղ բանակի սպան ստորացնում էր զինվորին։ Սա առիթ էր տվել, որ մարդիկ տարածեն տեսանյութը` բանակում տիրող բարքերը մեկ անգամ ևս առավել լայն շրջաններին հասու դարձնելու նպատակով։ Ինչքան էլ դա արվի սրտացավորեն կամ բանակում ինչ- որ բան շտկելու ակնկալքով, ի ցույց ամենքին և առաջին հերթին ՊՆ-ին, հարկ էր դա անելուց առաջ մի լավ մտածել։
Պն –ն մեկնաբանել է տեսանյութը.
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել Youtube ցանցում շրջանառվող այդ տեսանյութի վերաբերյալ: Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է. «Սեպտեմբերի 11-ին, «youtube» ցանցում շրջանառվում էր մի տեսանյութ, որտեղ ճնշումների, ծեծի և ստորության են ենթարկվում ՀՀ ԶՈւ համազգեստով երիտասարդներ: Տեսանյութի ցածր որակը թույլ չի տալիս պարզորոշ տեսնել դեմքեր, հստակ լսել հայերեն խոսքեր կամ արտահայտություններ:
Սակայն, քանի որ շրջանառվող տեսանյութում պատկերվածները Հայկական բանակի համազգեստով են, այն մեծ վրդովմունք է առաջացրել հասարակության շրջանում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու և հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու ուղղությամբ»:
Երևի թե պետք չկար նախ առհասարակ մեկնաբանելու, ապա չի բացառվում, որ դա ընդամենը սադրանք է` ստուգելու ՊՆ-ի և առհասարակ մեր հանրության ռեակցիան, իսկ այսուհետ համացանցը ողողել նմանօրինակ նյութերով. դա է վկայում ադրբեջանական մամուլում հայտնված հոդվածը, որն ամբողջությամբ այսպիսի տեսք ունի.
Հայկական բանակում տեղի ունեցող ճնշման ցնցող փաստերը
Ինտերնետից օգտվող հայերը ակտիվորեն քննարկում են հայկական բանակում տեղի ունեցող ճնշումների հերթական փաստերը: Այս անգամ քննարկումների առարկա է դարձել տեսահոլովակը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են տարիքով մեծ ու պաշտոնով բարձր զինծառայողները ճնշում ու ստորացնում հայ զինվորներին: Զարմանք է առաջացնում այն փաստը, որ հայ զինվորներին վնասել են ուզում, այլ ոչ թե ծեծել:
Ինտերնետից օգտվող հայերի խոսքերով այս դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի ազատագրված տարածքներում, որն ավելի շատ է ցնցում երևանցիներին: Հատկանշական է, որ սկանդալային տեսահոլովակի ի հայտ գալուց անմիջապես հետո այն ջնջել են YouTube-ից, այնուհետև վերականգնել այլ աքաունթով:
Բնականաբար, սկանդալային տեսահոլովակները ջնջելով` չի կարելի վերացնել հայկական բանակում տեղի ունեցող ճնշումները: Նման հարցերը պետք է լուծի Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որը սովորաբար փորձում է շրջանցել նման փաստերը կամ Սեյրան Օհանյանի նման փախչել վրդովված ծնողներից, որոնց զավակները զոհվել են հայկական բանակում տեղի ունեցող պատահարների ժամանակ:
Այս տեսահոլովակը պետք է ստիպի Սեյրան Օհանյանին վերանայել սեփական խոսքերը այն մասին, թե հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Հայկական բանակում տեղի ունեցող ճնշումները, ստորացումները, անդադար կրակոցները, առեղծվածային սպանություներն ու Ադրբեջան փախչող հայ զինվորները պետք է հարց առաջացնեն, թե արդյոք այն ամենամարտունակն է:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Նարիմանի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Նազարի Կարապետյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Զինված ուժերի հրթիռային զորքերի եւ հրետանու պետ-վարչության պետ, գնդապետ Ալբերտ Գուրգենի Մարդոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
Զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության եւ անձնական խիզախության համար Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով է պարգեւատրվել թիվ 14746 զորամասի հրամանատար, գնդապետ Կարապետ Հրաչիկի Մարգարյանը:
«Վարդան Մամիկոնյան» շքանշանով են պարգեւատրվել` ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Պապիկի Բաղմանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Զավենի Փայտյանը, թիվ 11556 զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Մաթեւոսի Դավթյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգեւատրվել թիվ 41783 զորամասի հրամանատար, գնդապետ Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգեւատրվել ՀՀ ՊՆ աշխատակազմի վարչության պետ Աշոտ Աղվանի Բարսեղյանը, թիվ 51054 զորամասի հրամանատար Աշոտ Բենիկի Գրիգորյանը, թիվ 60913 զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ժիրայր Հայրապետի Ամիրջանյանը, ազատամարտիկներ Աշոտ Սարգսի Հովհաննիսյանը, Մխիթար Սերյոժայի Մելքոնյանը:
Արիության մեդալով են պարգեւատրվել թիվ 15361 զորամասի ավագ սպա, փոխգնդապետ Արմեն Արթուրի Ավագյանը, թիվ 54574 զորամասի հրամանատար, գնդապետ Գագիկ Պապինի Խաչատրյանը, ազատամարտիկ Աիդա Սերգեյի Սերոբյանը:
Մարտական ծառայության մեդալով են պարգեւատրվել մի շարք զորամասերի հրամանատարներ, սպաներ, շարքային զինվորներ, ազատամարտիկներ:
Հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.