23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«The Guardian» գործակալությունը հայտնում է, որ Անգլիայի և Ուելսի կաթոլիկ եկեղեցին Մեծ Բրիտանիայի կառավարությանը 10 մլն ֆունտ է պարտք: Այդ գումարը եկեղեցին օգտագործել է Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի` Անգլիա կատարած այցը կազմակերպելու համար: Հռոմի Պապը 2010թ. սեպտեմբերին 4 օր անցկացրեց Անգլիայում:
Գործակալության տեղեկությունների համաձայն, գումարը պետք է վերադարձվի մինչև 2011թ. ապրիլը: Իսկ ներկայումս եկեղեցին ընդամենը 6,5 մլն ֆունտ ունի:
Մնացած 3,5 մլն-ը նախատեսվում է նվիրատվությունների միջոցով հավաքել: Այդ 6,5 մլն ֆունտի մեկ քառորդը հենց նման միջոցով է հավաքվել:
Տիգրան Սարգսյանի կառավարությունն այսօր մի որոշում է ընդունել, որով Հայաստանն էլ ավելի է գլորվելու դեպի ֆեոդալիզմ:
«Արոտավայրի և խոտհարքի օգտագործման մասին» ընդունված որոշմամբ` այսուհետ Հայաստանի սարերը, ձորերը, դաշտերը տրվելու են միայն վարձակալության իրավունքով:
Եւ այլևս լինելու են ոչ թե Հայաստանի սարերը, ձորերը, դաշտերը, ուր կարելի կլինի ազատ ման գալ, վազել, սիրել, հանգստանալ, այլ լինելու են ընդամենը այսինչի սարերը, ձորերը, դաշտերը և այդ տարածքում արածել կարող են միայն այսինչի անասունները, միայն այնինչի հարազատները, մտերիմները, նրա դաբրոյին արժանացածները կարող են մտնել այնտեղ և, ասենք, սունկ հավաքել, կամ մոշ ու մորի, իսկ մյուսները` այդ սարերի, ձորերի, դաշտերի կողքի գյուղում ապրողները, նրանց երեխաները այլևս զրկված կլինեն անգամ վայրի մանկության` սունկ կամ մոշ հավաքելու հիշողություններից, որովհետև նրանք ի սկզբանե կիմանան, որ այդ տարածքները մտնել չի կարելի, որովհետև դրանք այսինչի կամ այնինչի տարածքներն են:
Բայց Տիգրան Սարգսյանի կառավարության հզորությունը նրանում է, որ կարողանում է ակնհայտ ֆեոդալականացում տանող որոշումը ներկայացնել իբրև բարեգործություն, իբրև բնակչությանը մատուցվող ծառայությունը մատչելի դարձնելու, կոռուպցիոն ռիսկերից զերծ պահելու փորձ:
Անգամ վարչապետն անձամբ է որոշման գովերգման պարտավորությունը վերցրել իր վրա: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է ասել, որ սա իսկապես առաջադիմական քայլ է այն առումով, որ խոտհարք-արոտավայրերի վարձակալողներին ձերբազատել է մի շարք անհարմարություններից:
Վարչապետն այսօր անգամ չզլացավ և մեկ առ մեկ թվարկեց, թե ինչ վճարներից է կառավարությունն ազատել վարձակալողներին. նախկինում վարձակալը պարտավոր էր «վճարել 10-20 հազար դրամ, հիմա նա ազատվում է դրանից, նաև տուրքից, որը 7-10 հազար դրամ է, ազատվում է նոտարական վճարից, որը կարող է 5-20 հազար դրամ լինել և ազատվում է հատակագծի կազմման անհրաժեշտությունից, որը 150-200 հազար դրամ էր: Այս որոշումով մենք այս 4 վճարներից ազատում ենք գյուղացիներին և նրանք հնարավորություն են ստանում պարզեցված կարգով պայմանագիր կնքել և օգտագործել արոտները: Համայնքների բյուջեներն էլ մուտք կստանան. ուղղակի կլինի պայմանագիր առանց բարդույթների»:
Այս ամենը ճիշտ է, իհարկե, սակայն ճշմարտությունը կիսատ չի կարող լինել, իսկ ճշմարտության պատկերն ամբողջական է դառնում, երբ հասկանում ենք, թե կոնկրետ ովքեր կարող են դառնալ Հայաստանի սարերի, ձորերի ու դաշտերի վարձակալներ: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դրանք տրվելու են մրցույթային կարգով, իսկ թե ովքեր են հաղթում նման մրցույթներում, երևի հարկ չկա մանրամասնելու:
Այդպես, սովորական, արտաքուստ շարքային թվացող «Արոտավայրի և խոտհարքի օգտագործման մասին» որոշմամբ, կառավարությունը կարող է ոչ միայն ֆինանսական լուրջ մուտքեր ապահովել` երկրի ողջ տարածքը վարձակալության տալով, այլև, և, որն ավելի էական է, կարող է անգամ լուրջ քաղաքական ազդեցություն ապահովել:
Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն ասում է, թե սա իր նախարարության նախաձեռնությունն է, նման հզոր գաղափար հղացվել է հենց Արդարադատության նախարարությունում: Ինչպես հայտնի է, քաղաքական կուսակցությունների գրանցումը ևս այս նախարարության իրավասության տակ է: Եվ սա այդքան էլ պատահական համարել չի կարելի, որովհետև Հայաստանում խոտհարքից մինչև քաղաքականություն ընդամենը մեկ քայլ է:
Այդպես, ցանկացած խոտհարքի վարձակալ կարող է ամբողջ գյուղը դարձնել իր կամակատարը` եթե որոշման դիտարկումը կատարում ենք փոքր մասշտաբներով: Եթե գյուղի խոտհարքը վարձակալությամբ վերցնում է տվյալ գյուղում 100 գլուխ անասուն ունեցողը, ապա մնացած գյուղացիները, որոնք ավելի քիչ չորքոտանի ունեն, հայտնվում են վարձակալից կախվածության տակ: Վարձակալը ստանում է բոլոր իրավասությունները օտարներին թույլ չտալու մտնել իր տարածք, կամ, կարող է մտնելու թույլտվությունը վաճառել ցանկացած գնով:
Եթե կառավարության որոշումը դիտարկում ենք ավելի լայն մասշտաբներով, ինչը և հարկավոր է սպասել, ապա չի բացառվում, որ հաջորդ գարունը Հայաստանի սարերը, ձորերն ու դաշտերը դիմավորեն որպես ընդամենը մի քանի ֆեոդալի ունեցվաք:
Այդպես, գեներալ Մանվելը միանշանակ կվարձակալի Արմավիրի խոտհարքերը, Վարդան Ղուկասյանը` Շիրակի, Սուրեն Խաչատրյանը` Սյունիքի, Աշոտ Արսենյանը` Վայոց Ձորի և այդպես շարունակ. յուրաքանչյուր մարզի խոտհարք իր ֆեոդալի վարձակալությունն է նշանաբանով կարելի կլինի ընդամենը մի քանի հոգու միջոցով վերահսկել ամբողջ մարզի բնակչությանը:
Այդպես քաղաքական բոլոր խաղերը կարելի է շատ սահուն կերպով տեղափոխել խոտհարքի հարթություն: Այս դեպքում արդեն անգամ օլիգարխները չեն համարձակվի որևէ բանում հակառակվել. բավական է մի հրահանգ և նրա ու նրա մտերիմների ֆերմաները կարող են հայտնվել ծանր կացության մեջ. անասունները կդադարեն օգտվել Հայաստանի արոտավայրերի հիմնական վարձակալների բարեհաճությունից:
Ի դեպ, հարկ է արժանին մատուցել նաև Արդարադատության նախարարությանն ու նախարար Դանիելյանին` նման որոշումն ամենայն մանրամասնությամբ մշակելու համար. այդպես, վերահսկողությունը բավական լավ է մտածված նաև անցանկալի երևույթներից խուսափելու առումով. վարձակալության պայմանագրերը կնքվելու են 3 տարի ժամկետով, այսինքն` վերահսկելի են լինելու նաև վարձակալ-ֆեոդալները. ովքեր կարադարացնեն իրենց, կշարունակեն լինել Հայաստանի Հանրապետության արտավայրերի տիրակալ նաև հաջորդ ժամկետում, ովքեր ոչ` հրաժեշտ կտան հիերարխիայում տեղ զբաղեցնելու պատվին:
ԼՈՒՍԻՆԵ ԵՍԱՅԱՆ
Հ.Գ.Իսկ դեմոկրատիայի մասին հուզառատ ճառեր ասող ու ժողովրդից յոթ շապիկ քերթող մեր կառավարությանը չի էլ մտահոգում, թե ազատ մարդուն բատրակ ու ստրուկ դարձնող իր քաղաքականությամբ, ինչպիսի արժեքային համակարգ է ձևավորում, ու մեկ էլ` էսպես որ շարունակեն երկրում շուտով հոտաղ ու խաշնարած էլ չի մնա:
Մարդիկ միշտ համախմբվել են իրենց սպառնացող վտանգից առաջ, ուղղորդվելով ամենապրիմիտիվ՝ ինքապաշտպանության ու ինքնապահպանման բնազդից: Ես գիտեի միայն իրական, պարզվում է՝ նաև երևակայական:
Օրերս «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանի հետ հարցազրույց էի անցկացնում Թեքալիի բնակավայրի մասին: Թեքալին դա գյուղ է Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների հատման եռանկյունում։ Գյուղը բնակեցված է ադրբեջանցիներով ու շատ հարմար է մշակութային միջոցառումներ, սամմեթներ, խաղաղասիրական հանդիպումներ անցկացնելու, նաև երեք ժողովուրդների համար ինչ- որ ընդհանրություններ, շփման եզրեր գտնելու համար։ Մի խոսքով, պետական լեզվով ասած, խնդրի խաղաղ կարգավորման հարց լուծելու համար, իհարկե այլ մասշտաբով։
Վանյանը պատմում էր Թեքալիից, իր հայացքներն էր ներկայացնում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման վերաբերյալ: Հետո ասաց, որ ադրբեջանական ֆիլմեր են թարգմանել, բայց ոչ մի դահլիճ համաձայնություն չի տվել ֆիլմերը ցուցադրելու համար, միայն «Մեդիակենտրոնը» չի մերժել։
Վանյանը խնդրեց տեղեկացնել իմ ընկերներին, ես էլ մտածեցի, որ ամենահարմար տարբերակը Ֆեյսբուքով միջոցառման էջ սարքելն է ու իմ 900 ընկերներին միանգամից տեղեկացնելը: Վանյանը ինձ չի խնդրել կոնկրետ միջոցառման էջ սարքել, ես ինքս եմ էդպես որոշել, որ ավելի շատ մարդու տեղեկացնեմ, հետևաբար, մտածել որ Վանյանն ինձ օգտագործել է՝ չեմ կարող:
Էջը բացեցի, որոշ ժամանակ ինտերնետում չէի: Հետո մտա ու հայտնաբերեցի մի ահավոր արշավ իմ դեմ՝ որպես կազմակերպչի: Ես հիմա կարծում եմ, որ իզուր տեղեկացրեցի բոլորին, որ կազմակերպիչ չեմ,այլ ընդամենը լոգիստիկ քայլ եմ արել՝ ինֆորմացիա եմ փոխանցել մարդկանց, իմ հասցեին շարունակում էին սպառնալիքներով լի նամակներ ու հաղորդագրություններ գալ:
Էդ ամենը շարունակվում էր, երբ նույնիսկ Վանյանը խոսեց այդ մասին թե այդ միջոցառման խմբում, թե մամուլում, տեղեկացրեց, որ մարդիկ թյուրիմացության մեջ են։ «Արշավը» դադարեց որոշ չափով միայն Տիգրան Քոչարյանի գրառումից հետո, որտեղ նա պահանջում է չվիրավորել ինձ, նաև Հրաչյա Բարխուդարյանի անձնական զրույցներից հետո վիրավորողներից ամեն մեկի հետ:
Այս ամենն ինչքան ծիծաղելի, նույնքան զավեշտալի ու ահավոր է։ Պարզվում է` մեր ժողովրդի մեջ՝ մասնավորապես որոշակի տարիքի ջահելներից ոմանք սահմանափակ են ու մաքսիմալիստ: Մեկումեջ երևում են ուղեղն օգտագործողներ։ Նրանք էլ, որպես կանոն, չեն անցնում նեղ անձնական վիրավորանքների ու սպառնալիքների մակարդակից: Գիտե՞ք, ես էլի միջոցառումների էջեր եմ բացել իմ բարեկամների համար, իսկ Գեորգի Վանյանը նույնպես իմ բարեկամն է: Ես բացել եմ Արփի Ոսկանյանի շնորհանդեսի էջը, բացել եմ Վարդան Ֆերեշեթյանի շնորհանդեսի էջը, էլի ինչ-որ էջեր եմ բացել, չթվարկեմ էլ:
Մի խոսքով, ես հասկացա վերջապես, որ ազգս դեգրադացվում է, որպես որակ, որպես մարդու տեսակ, որպես բանական ու մտածող, հանդուրժող ու հասկացող, կարեկցող ու օգնող: Ո՞րն է հայրենիքը, իմ ընդդիմախոսները չեն ասում: Միթե՞ դա միայն էն հողն է։ Երևի իրենք էլ չգիտեն, այլապես էս սուրբ հողի վրա էսքան փախչողներ, էսքան դասալիքներ ու երեսպաշտներ չէինք ունենա։ Դրա համար մեր արժեքային համակարգում կեղծ հայրենասիրությունը լավ տնավորվել է:
Հայրենիքն ինձ համար դա իմ տատն ա, իմ ընկերներն են, ծնողներս ու աղջիկս: Ու նաև՝ իմ ընկերների ընկերները, նրանց ընկերները, ու էդպես շարունակ: Ու ես ուզում եմ, որ իմ էդ հայրենիքը՝ էդ մարդիկ, լավ ապրեն ու շենացնեն Հայաստանը: Ու չեմ հավատում, որ ֆիլմը կարա ազգին վնասի, եթե չօգնի, իհարկե, որովհետև հակառակորդիդ մշակույթին ծանոթանալով, ծանոթանում ես նրա լեզվամտածողությանը, հետևաբար՝ կարող ես կանխագուշակել քայլերը: Հակառակորդ եմ ասում, որովհետև մեծանուն զորավարները նույնիսկ պատերազմները մեկնաբանելիս հակառակորդ են ասում, որովհետև չկա թշնամի ազգ հասկացողությունը քաղաքակիրթ աշխարհում, կան հակառակորդներ պատերազմի ժամանակ, պատերազմից դուրս թշնամի չկա:
Մի խոսքով, ես չեմ հավատում, որ ղարաբաղցիք էդքան վատ են ապրել Ղարաբաղում, բաքվեցիք` Բաքվում, ադրբեջանցիք` Սյունիքում կամ Նոյեմբերյանում, ուր իրանք սիրում էին Հայաստանում ապրել, Երևանում էդքան շատ չեն եղել, հիմնականում գյուղերից են եղել ու գյուղեր են հիմնել նույնիսկ: Չեմ հիշում՝ ընկերներից էն ով էր ասաց. «Դու պատկերացնո՞ւմ ես, եթե 1991-ին լինեինք Հարավ-կովկասյան հարապետություն: Սովետը կփլուզվեր, իսկ մեզ հիմա Եվրամիությունը կխնդրեր, որ անդամակցենք»: Ես համաձայն եմ, հարավ-կովկասյան երեք հանրապետությունները գտնվում են ստրատեգիական ու աշխարհագրական էնպիսի դիրքում, որ աշխարհն անտեսել մեզ չի կարա: Եթե ատելությունը թույլ տա ձեզ պատկերացնել դա, թե ինչ ուժ կտա մեզ որպես կառույց, դուք անպայման կցանկանաք ապրել էդպիսի երկրում: Բայց ատելությունը թույլ չի տա առայժմ, ո´չ մեզ մոտ, ո´չ ադրբեջանցիների:
Չգիտեմ, ինձ համար մարդու ազգությունն առաջնայնության իմ ցուցակում 4, թե 5 տեղում է: Սկզբում մարդը մարդ է՝ բանականը նկատի ունեմ, զանազան մարդու կերպարանքով թյուրիմացությունների մասին չի խոսքս, որոնք «լոքշ են սպանում» ինտերնետում: Հետո՝ սեռը, ուղղակի ինձ համար բնորոշելու նպատակով, հետո՝ ով է կյանքում, ու հետո նոր՝ ազգությունը: Ու դրա համար մեղադրել մարդուն դավաճանության մեջ ապուշություն է: Իսկ հիմքը դա է՝ ցանկությունս՝ ծանոթանալ մարդկանց կյանքին, Ադրբեջանի մարդկանց, իմ, քո, նրա, շատերիս նման ապրող, իրենց տիրակալներին հայհոյող, պատերազմը անիծող, սովորական ադրբեջանցիների մասին: Էսքան բան:
Իսկ էս քանի օրվա Ֆեյսբուքից ես հասկացա, որ ֆաշիզմի հոտ եմ առնում, ոչ թե իսկական ազգայնականի, այլ պրիմիտիվ ֆաշիզմի, որը միայն գործիք է լինելու, դատելով իմ նախաձեռնության մասին ակտիվ գրող ջահելների քաղաքական հայացքներից (ես ուսումնասիրել եմ դրանք, էսպիսի առիթ էլի հետազոտություն անելու չի լինի), դրանք բազեյական, սյունյաց արծիվական, ազգայնամոլական, որոնք ազգայնական են ներկացնում իրենց, բայց վարքը մոլի է, կան նաև լևոնականներ, սեռական կողմնորոշվածությունն էլ հանդուրժողականություն չի բարձրացնում պարզվում է, որովհետև «ընդվզող» նույնասեռականներ էլ կան, մի խոսքով, ամեն տեղի պարապ էն ջահելները, որոնք չունեն զբաղմունք ու գտել են դա ֆեյսբուքում՝ ատելության շուրջ համախմբվածները, որոնց մեջ ընդամենը հաշվված գիտակից մարդիկ կան, ինձ թվում է՝ հատուկենտ են 35-ից բարձր IQ ունեցողները:
Վերջում մեջբերեմ իմ մեկնաբանությունը միջոցառման էջում ուղղված Հրաչյա Բարխուդարյանին, դուք հասկացեք բոլորին: Ինչո՞ւ նրան, որովհետև երիտասարդը գաղափարապես դեմ լինելով փառատոնին, կարողացավ կարգի հրավիրել անուղեղ բազառչիներին:
«Մի հատ նայեք ձեր կողքի մարդկանց անկետաները, նրանց հավանածները, նայեք էլի: Ընկերներին, ի տարբերություն ծնողների, ընտրում ենք, ու պիտի լավին ընտրենք:
Կա շփվելու կուլտուրա, իսկ ստեղ չաթի են վերածել, ու մեծատառերով լատինատառ իրանց ողորմելի ներաշխարհն են մերկացնում, որի հիմքն ատելությունն ա, նույնիսկ… իր տեսակի, հայի հանդեպ, որը այլախոհ ա, հասկանո՞ւմ ես: Ազգայնականն ու ազգայնամոլը նույն բանը չեն, նենց չի, ոնց որ համասեռամոլն ու նույնասեռականը, որտեղ վիրավորականը բառն ա ինքը, իսկ ստեղ տեսակն ա արդեն, որին դու չես պատկանում, դու ազգայնական ես, ունես ինչ-որ գաղափարական հիմք, գրագետ ես ու պահպանում ես էթիկա, որը չեն անում կուրացած կամ անուղեղ, լիշ բը ինչ-որ բանով ադրենալին ստանալու համար, մեկ ա՝ մայլի բազառ ըլնի, թե ինչ-որ խնդիր, որը նրանք չեն էլ կարա հասկանան, չեն տեսել, տենց մեծացել են 20 տարվա ատելության մթնոլորտում: Ու եթե մի երկրում սերը, հավատարմությունը, գաղափարական նվիրվածությունը վեհ բաների մոմենտով չեն կարողանում համախմբել, ապա ինչ-որ բանի հանդեպ ատելություն մոմենտով համախմբում են, ու տենց ձևավորվում են ուժեր, ղեկավարելի ատելության նորանոր պորցիաներով, տվյալ դեպքում ազգայնամեջ կոնֆլիկտների, ու տենց, մարդկանց օգտագործում են: Իսկ կոնֆլիկտի վերաբերյալ, թե մեր ընդհանուր պատերազմում ո՞վ է ագրեսորը՝մենք նրանց ենք ասելու ագրեսորներ, նրանք՝ մեզ, իրականում ագրեսորը գերտերությունների շահերն են»:
Լուսինե Վայաչյան
Լուրեր են պտտվում, որ զանգվածային հացադուլ է պատրաստվում Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող ցմահ ազատազրկման դատապարտված 80-ից ավելի դատապարտյալների կողմից: Նրանք դեմ են քր.օր-ում նախատեսվող այն փոփոխություններին, որոնք միտված են պատժի ավելացմանը: Հետաքրքիրն այն է, որ մոտ 80 հոգանոց խմբի հացադուլի նպատակը չի շեշտվում։Մենք փորձեցինք ճշտել, թե ինչն է բուն պահանջը, քանի որ ցմահ դատապարտվածներն արդեն պատժված են օրենքի ողջ խստությամբ:Այլ բան է, որ դա վերաբերվի գործերի վերանայմանը, կամ այլ պահանջի։
Իրակա՞ն են հացադուլի մասին տեղեկությունները, ի՞նչ պահանջներ են ներկայացվել, այս հարցերը փորձեցինք պարզել ՔԿՀ մամլո պատասխանատու Արսեն Բաբայանից։ Նա ասաց, որ մինչ մեր զրույցի պահը դատապարտյալներից որևէ դիմում չեն ստացել ` հացադուլ կազմակերպելու վերաբերյալ:
Մենք փորձեցինք պարզել նաև՝ պարզվե՞լ է հոկտեմբերի 24-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում հանկարծամահ եղած, նախնական կալանքի տակ գտնվող, նախկինում 3 անգամ դատապարտված 33- ամյա Սլավիկ Ժորժիկի Ոսկանյանի մահվան իրական պատճառը: Քանի որ, ըստ նախնական ախտորոշման, մահվան պատճառ է հանդիսացել թուք ներարկվելու հետևանքով առաջացած ձախ ստորին վերջույթի գազային գանգրենան: Հիշեցնենք ,որ դատապարտյալի մահը կասկածներ էր առաջացրել։ Ոսկանյանը Վանաձորում ոստիկանի մորը սպանած անձն է, և չի բացառվում, որ նրա մահը լինի վրեժխնդրության հետևանք։ Արսեն Բաբայանը հայտնեց , որ դեռ չեն ստացել դատաբժշկական փորձաքննության պատասխանը։
Ազգային ժողովն այսօր իր աշխատանքները սկսեց Հոկտեմբերի 27-ի հիշատակի հարգանքի տուրքով: Պատգամավորները նախ ծաղիկներ դրեցին խորհրդարանի բակում դրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Արարողությանը ներկա էին նաև զոհերի հարազատները, եկել էին Վազգեն Սարգսյանի մայրը` Գրետա Սարգսյանը, հայրը` Զավեն Սարգսյանը և եղբայրը` Արմեն Սարգսյանը: Խորհրդարան էր եկել նաև ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը: Այստեղ էին նաև մյուս զոհերի հարազատները: Հուշարձանին ծաղիկներ դնելուց հետո հարազատները մտան նաև խորհրդարանի նիստերի նորակառույց դահլիճ, պատգամավորների հետ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հոտընկայս հարգեցին հարազատների հիշատակն ու հեռացան:
1999 թվականից ի վեր երկրորդ անգամ է,որ հոկտեմբերի 27-ը չորեքշաբթի օր է: Նախորդ` 2004թ. hոկտեմբերի 27-ին պատգամավորները հարց ու պատասխանի համար խորհրդարան եկած նախարարներին դիմավորեցին այն նույն դահլիճում, որտեղ տեղի էր ունեցել ողբերգություն — ոճրագործությունը:
2010-ի հոկտեմբերի 27-ը համընկավ 1999թ. նույն օրվան` դարձյալ չորեքշաբթի և դարձյալ հարց ու պատասխանի օր, սակայն վաղը խորհրդարանն առաջին անգամ գործադիրի ներկայացուցիչներին կընդունի միանգամայն այլ տեսքով. Ազգային ժողովի դահլիճն այնպես է վերափոխվել, որ այլևս ոչ մի բան չի կարող պատգամավորներին հիշեցնել 27- ի եղերական օրը:
Բայց անկախ դահլիճի պատերի, դիրքի, ձևի, աթոռների փոփոխությունից, անկախ պատգամավորական ցուցակում այս տարիների ընթացքում արձանագրված շարժերից, 11 տարի առաջվա աշնան երկրորդ ամսվա չորրորդ չորեքշաբթին չի մոռացվում:
Ի՞նչ էր Հոկտեմբերի 27-ը` լոկ ահաբեկչությու՞ն, թե՞ շատ ավելին: Մինչև հիմա էլ այս հարցի վերաբերյալ կարծիքներն ու ընկալումները հակասական են. սա մի թեմա է, որի մասին հիմնականում իմացողները նախընտրում են լռել, չիմացողները տարաբնույթ կարծիքներ հայտնել: Գնահատականները հիմնականում երկու մասի են բաժանվում. մի մասի համար Նաիրի Հունանյանն ու նրա խումբը պարզապես ոճրագործներ էին, որ փորձեցին տեռորի միջոցով ինչ-որ բան փոխել, մյուս մասն այդ մարդկանց ընկալում է մի փոքր այլ. նրանք պարզապես ռոմանտիկներ էին, որոնց համբերության բաժակը լցվեց և նրանք հավատացին, որ կարելի է նաև այդ կերպ ինչ-որ բան փոխել: Երկու դեպքում էլ խոսվում է ուղղորդող ուժերի առկայության մասին, խոսվում է, սակայն մինչ օրս հանցագործության բացահայտումը որևէ մեկին չի բավարարում։ Տեռորը, որպես այդպիսին, արդարացում ունենալ չի կարող, սակայն ցանկացած` անգամ ամենադաժան տեռորիստական ակտի հետևում պատմություններ են, որոնց հավաստիությունը 100 տոկոսանոց չէ։
Հոկտեմբերի 27-ով Վազգեն Սարգսյանը սրբացվեց: Այլևս որևէ մեկը չհամարձակվեց բարձրաձայն ասել այն, ինչ խոսվում էր նրա մասին մինչև սպարապետի սպանությունը: Այլ կարծիք արտահայտողները միանգամից դասվում էին «պերսոնա նոն-գրատա»-ների շարքը, իսկ բարեպաշտ երևալ ձգտողները, որոնցից շատերը նույնիսկ ճշմարտության 1տոկոսը չգիտեին, իրենց պարտքն էին համարում հարձակում սկսել համարձակների վրա:
Հոկտեմբերի 27-ը գնալով ավելի ու ավելի է վերածվում պաշտոնական տաբուի, դրա վերաբերյալ թույլատրելի են համարվում միայն ափսոսանքի, զոհերի վերաբերյալ դրական գնահատականի խոսքերը: Բայց 27-ը հայ հասարակության մեջ այն եզակի դեպքն էր, որ ցույց տվեց, որ այդքան էլ ճիշտ չէ ամեն ինչ չտեսնելու տալը, ճիշտ չէ իրականությանը դեմ գնալը, անպատժելիության հարյուրտոկոսանոց համոզվածությունը:
Մինչև Հոկտեմբերի 27-ը անարդարությանի իր բազում դրսևորումներով, ուղղակի թքում էր պատերազմ ու դառնություններ հաղթահարած ժողովրդի ճակատին: Հոկտեմբերի 27-ից հետո ժողովուրդն է թքում արդարության ճակատին, բայց ով է հաշվի առնողը:
Հոկտեմբերի 27-ի գործը դարձել է անձեռնմխելի. Նաիրի և Կարեն Հունանյաններն իրենց հետ ցմահ ազատազրկման քարշ տվեցին խմբի ողջ անդամներին: Կատարվածի ողբերգությունը թույլ չտվեց արդարադատությանը վեր կանգնել և ավելի սթափ նայել փաստերին: Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկվածների շարքում է նաև այն երթուղայինի վարորդը, որին պարզապես փողոցից բռնել և խնդրել էին հասցնել խորհրդարանի շենք. Կնյազյանը ոչինչ չկարողացավ ապացուցել: Մոռացությունից դուրս գալու մի քանի ճիգ գործադրեց նաև բժիշկ Էդիկ Գրիգորյանը, որ անգամ գործ էր պատրաստում` ներկայացնելու Հաագայի միջազգային դատարան` առ այն, որ հուզական ֆոնի վրա կայացվել է ոչ համարժեք դատավճիռ: ՀՀ Քրեական օրենսգրքի` հանցագործության համակատարողներին հանցագործների հետ նույն հարթության վրա դնելը Էդիկ Գրիգորյանի և նախկին ազատամարտիկ Դերենիկ Բեջանյանի համար ևս կյանք արժեցավ. առանց մի փամփուշտ կրակած լինելու նրանք ևս դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Իր իրավունքների ոտնահարման համար դատարան դիմեց Նաիրի Բադալյանը։
Հոկտեմբերի 27-ի գործը պատվիրատուներն այդպես էլ փնտրել -չգտնելով փակեցին: Փակեցին նաև քիչ թե շատ վտանգավոր մարդկանց բերանը կամ հենց իրենց, վերածելով անվտանգ խելագարների։ Իսկ գլխավոր ոճրագործը, որքան էլ զարմանալի է, լռության ուխտ է արել, հորը պահ տալով ծերանոցում,իսկ մորը հոգեբուժարանում։ Նա նույնիսկ նրանց հանդիպելու ցանկություն չի ցուցաբերում։ Սակայն մանրամասներին այժմ այլևս անդրադառնում են միայն հազվագյուտ դեպքերում, այն էլ` տաբուի թելադրած բոլոր կանոններով։
Ո՞րն էր Հոկտեմբերի 27-ի դասը, կամ նման դաս կա՞ր, ընդհնարապես։Տեռորի գնացողները կարծում էին, թե իրենց արածը հենց դաս է` իշխանություններին սթափության դաս տալու փորձ: Ժամանակը և շարունակվող անարդարությունն ու դրանից բխող հետևանքները լռության մատնելը, ցույց է տալիս, որ Հոկտեմբերի 27-ը բոլորովին էլ դաս չէր կամ այն դասը չէր, ինչի ձգտում էին հասնել «ռոմանտիկ-տեռորիստները»: Այսօր Ազգային ժողովի պատգամավորները սովորական օրվա նման գալու են խորհրդարան: Սակայն, ովքեր 1999թ. ևս ընտրյալների շարքում էին, մի այլ զգացողություն ունեն. երեկ Ռուբեն Գևորգյանը մի հատուկ պաթոսով շնորհակալություն հայտնեց ԱԺ ներկա նախագահին, որի նախաձեռնած վերանորոգման շնորհիվ «վերջապես կորցրեցինք 1999թ. հոկտեմբերի 27-ին կատարված զազրելի հանցագործությունն անընդմեջ հիշեցնող և իրագործված այդ դավաճանական ակտի հիշողություններն իր մեջ պահող այս չորս պատերը»:
Դահլիճը փոխվեց, սակայն հիշողությունը փոփոխության ենթակա չէ: Ինչպե՞ս են պատգամավորներն այս օրվա խորհրդարան գալու, ի՞նչ դաս տվեց Հոկտեմբերի 27-ը, ի՞նչ է փոխվել այսօր…
Գալուստ Սահակյան. ՀՀԿ խմբակցության ղեկավար
— Լարվածություն, իհարկե կա, որովհետև նախ ականատեսների մոտ դա մի այլ բնույթ է կրում, կարծեք թե տարիների ժապավենը նորից պտտվում է և դա ոչ թե այսօրվա գնահատման խնդիր է, այլ դա մեծ ներազդեցություն ունեցավ մեր պետական իրողությունների, ազգային ընկալումների վրա և, կարծում եմ, որ ժամանակակիցները, կամ ովքեր եղել են այդ պահին, մշտապես գիտակցում են, որ մենք պիտի ունենանք այն երկիրը, որի մասին մտածում էին մեր գործընկերները և սա է միայն ամոքիչը, առավել ևս, որպես հռետորական մոտեցում ասեմ հետևյալը, որ մենք մեր կարծիքը չենք փոխել, դա ոճրագործություն էր արտաքին ուժերի կողմից և փորձում էին մեր նորաստեղծ պետականությանը հարված հասցնել: Քավ լիցի, մեր քաղաքական ուժերը` մասնավորապես Հանրապետականը կարողացավ իրենց մեջ ուժ գտնել և փորձել ոչ թե իրողությունների ցավով տառապել, այլ այն մտածումները, որոնք ունեինք մենք, որոնցով առաջնորդվում էին մեր գործընկերները, կյանքի կոչել:
— Ասում եք արտաքին ուժերի ձեռքի գործն էր, և, փաստորեն, այդպես էլ այդ արտաքին ուժերը չբացահայտվեցի՞ն:
— Բնականաբար, հնարավոր չի նման բացահայտումներ անել, նման գործընթացներում դա կախված կլինի, ինձ թվում է, նորից հռետորական մտածողություն, մեր երկրի հետագա ուժեղացման և ամրացման պարագայում:
— Իսկ որպես ֆրակցիայի ղեկավարի, պատգամավորներից լսե՞լ եք մտավախություններ կոնկրետ այս օրվա հետ կապված, ինչպե՞ս են գալու խորհրդարան, հատկապես որ, այս տարի համընկել է չորեքշաբթին:
— Բոլորի մոտ էլ մեծ ցնցում է առաջացրել, սթրեսներ են տարել և բավականին երկար տարիներ հետո կամաց-կամաց այդ ցնցումային ուժն իր տեղը զիջեց, ավելի վճռականության և ավելի պարտադրված աշխատանքի:
Սամվել Նիկոյան — ԱԺ փոխնախագահ (Նիկոյանը 1999թ. պատգամավոր չէր, սակայն…)
— Իմ ընկերներն այդ ժամանակ պատգամավորներ էին: Տարաբնույթ ինֆորմացիա էր դահլիճից գալիս, անկեղծ ասած, հեռվից երբ փորձում ենք այդ ամենը վերապրել, հասկանալ, կրկնում եմ, տեռորիզմի դաժանությունը կայանում է նրանում, որ նա միևնույն է` թողնում է կասկածի ժանգը: Եվ ասում են, կգա ժամանակը, երբ կբացահայտվեն պատվիրատուները: Ինչքա՞ն պետք է ժամանակ անցնի, որ կարողանանք դա և ի՞նչը պետք է փոխվի, որ դա բացահայտեն: Անկեղծ ասած, երբ ասում են ինչ- որ կազմակերպիչները չեն բացահայտվել, ուղղորդիչները չեն բացահայտվել, ես փոքր-ինչ, ուղիղ կազմակերպիչների գոյության մասին այդ բանը ավելի շուտ իմ մեջ մարվեց, քանի որ եթե կային այդպիսիները, պատկերացրե´ք, անցել է 11 տարի և այդ մարդիկ ցմահ դատապարտված են և նրանցից հարազատը, թե եղբայրը ինքնասպանություն գործեցին, եթե կա այդ գաղտնիքը, ո՞ր օրվա համար է, ինչի՞ համար է: Եթե սկզբից ասում էին, թե նրանք չեն ասում, քանի որ նրանց տվել են երաշխիք, եթե անցել է 11 տարի և նրանք տեսնում են, որ փտելու են այնտեղ, էդ ո՞ր երաշխիքն ա, որի համաձայն նրանք չեն ասում, գիտեն, որ իրենք դատապարտված են չգոյության, գիտեն, որ որպես անձ չկան, ոչնչացված են որպես էություն և էդ ո՞ր օրվա համար են նրանք գաղտնիքի տիրապետում և չեն ասում:
— Վերանայման խնդիրն էլ կարծես արդեն չի շոշափվում, Հոկտեմբերի 27-ի գործի մեջ, ինչպես գիտեք, բավականին վիճարկելի տեղեր կան, օրինակ` վարորդին դատապարտել են ցմահ բանտարկության, երբ նա գաղափար էլ չի ունեցել, թե ինչի համար են ուղևորները գնում Ազգային ժողով:
— Գիտե՞ք ինչ, ես չեմ կարծում, որ կարող են կապ չունեցողին դատապարտել, չեմ ուզում հավատալ դրան և, պատկերացրեք, որ որևիցե մեկը փորձեր այն ժամանակ մեղմ մոտենալ որևէ մեկին: Պատկերացնու՞մ եք հասարակական կարծիքը ինչ կաներ նրան:
— Արդյո՞ք հենց այդ հասարակական ընդվզման, այդ մթնոլորտի ազդեցությամբ չկայացվեց սխալ դատավճիռ: Մի փոքր էսպես բոլորին համահարթեցման սկզբունքով դատապարտելը արդյո՞ք ճիշտ էր:
— Դժվարանում եմ պատասխանել, որովհետև, գիտե´ք, ողբերգությունը, ոճիրը այնքան մեծ էր, որ հիմա փորձել դրա մեջ որևէ մեկին, որը մասնակցություն է ունեցել և իմացել է ինչի է գնում և փորձես մեղմել նրա դատավճիռը, կարծում եմ, այդ արարքն այդքան էլ ճիշտ չի լինի, որովհետև յուրաքանչյուր մարդ, որ գիտի, որ ինքը փոքր մասն է, բայց ինչպիսի գործի է ինքը մասնակից, երևի ճիշտ չի նման հարցադրում անել:
— Դուք որպես փոխնախագահ, ի՞նչ զգացողություններ ունեք այս օրվա հետ կապված, վաղն էլ նիստ եք վարելու…
— Եվ հետաքրքիրն այն է, որ վաղը ևս կառավարության հետ հարց ու պատասխանի օր է: Եվ այդ ցիկլը համընկել է և պատգամավորների մեջ արդեն այդպիսի խոսակցությունները…
— Կարո՞ղ է վաղը մարդ չգա:
— Չէ´, գիտե՞ք ինչ, ընդհանուր առմամբ, սա պետականություն չունեցող ժողովրդի միջից ծնված մարդկանց հարաբերությունները լուծելու ձև է: Եթե մենք ունենայինք դարավոր պետականության մշակույթ, քաղաքացիների մոտ այդ հարցերը լուծելու այլ մեթոդներ, այլ եղանակներ գենետիկորեն նստած կլինեին: Բայց քանի որ չենք ունեցել, և հիմա այդ պրոցեսի մեջ ենք, դրա համար էլ բոլորի մեջ կա այդ ցանկությունը, թե նա ով է, մի տաս, քսան կամ մի քանի տարի առաջ ես իրանից լավ էի խոսում, հիմա ինքը դառել ա եսիմ ինչ…
— Դե, Հոկտեմբերի 27-ի հանդեպ մոտեցումներն էլ, կարծես թե, երկու մասի են բաժանվում. մի մասն ասում է` ոճրագործներ են, մի մասը` ռոմանտիկներ: Եվ կարծես հիմքեր կային երկուսի համար էլ:
— Այո´, անկեղծ ասած, ես հենց այդ ժամանակ դիմացի մայթին կանգնած էի և շատ մարդիկ հավաքվել էին այնտեղ և ընդհանուր ցավի, տագնապի ու մտատանջության զգացողություն կար, բայց արի ու տես, որ կային նաև մարդիկ, որոնք ասում էին, որ այո´, դրանց տեղն է: Եվ նման մոտեցումները շատ ավելի քիչ է, փոքր է հիմա, բայց ո՞վ է ասում, թե հիմա էլ չկա:
— Ա´յ, հենց նշանակետին խփեցիք, որքանո՞վ է ճիշտ խնդիրներին լուծում չտալը, քնեցնելը, անտեսման մատնելը: Դա հենց քաղաքական ղեկավարության որոշելիքն է, և Դուք էլ դրա ներկայացուցիչն եք, նույն հոկտեմբերի 27-ն էլ դաս է չէ՞ կարծես, որ չի կարելի նման ձևով մոտենալ հարցերին, ժողովրդին արհամարհել և կարծել, թե ամեն ինչ կարող է շարունակվել իշխողների ուզածի պես:
— Դաս է, այո´, Հայաստանի Հանրապետությունում կամ մեր նման երկրներում կարող են խնդիրներ կուտակվել, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, այն, որ կարելի է ավելին անել իշխանության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար, ես դրան հավատում եմ, որ ավելին կարող ենք անել և պարտավոր ենք անել, և այն, ինչ անում էին 5 տարի առաջ, հիմա ավելին ենք անում, բայց կան շատ սուբյեկտիվ պատճառներ: Իշխանության մեջ յուրաքանչյուր մարդ պարտավոր է հասկանալ, որ ինքը վարձու աշխատող է, պարտականություններ ունի, իշխանությունը ոչ թե որպես արտոնություն ընկալի, այլ որպես պարտականություն:
— Բա ինչի՞ չեն հասկանում:
— Գիտե՞ք, մի´ ասեք ինչի չեն հասկանում, եկեք ձեզ մարդիկ ցույց տամ, որոնք էդպես ապրել են, էդպես ապրում են, էդպես էլ կապրեն:
Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում էր նաև Վիկտոր Դալլաքյանը:
— Լարվածություն չկա։՞
— Ճիշտն ասած, կա ափսոսանք, կա հիշողություն, քանի որ ես այդ օրը եղել եմ դահլիճում, ընդ որում, ես ասեմ, հարց ու պատասխանը վերջացրել էի, Ֆրունզե Խառատյանը հարցը տվել էր Բարխուդարյանին, այսինքն` իմ հարցի պատասխանից հետո ա եղել դա: Եվ ես շատ լավ հիշում եմ, որ դահլիճ մտան, ես նստած էի Վազգեն Սարգսյանից չորս շարք հետ և նաև հիշում եմ Վազգեն Սարգսյանի բառերը, երբ որ մտավ Հունանյանը, Վազգեն Սարգսյանը փորձեց կանգնել ու սենց ձեռքը դեպի ավտոմատը տարավ, դե, տարածությունը շատ փոքր էր և հարմար չէր և ասեց` «էս ո՞վ ա», ա´յ, իրա վերջին բառերն են դրանք և այն մարդիկ, ովքեր էդ օրը դահլիճում են եղել, չեն կարող, անկախ նրանից, դա նիստերի օր կլինի, թե չի լինի, չեն կարող այդ ամենը չվերապրել, ես էդ ամեն ինչը վերապրել եմ, և պետք է ուղղակի այդ ամեն ինչից դասեր քաղել և նաև ասեմ, որ Վազգեն Սարգսյանի մարմինը տեղափոխողներից մեկը ես եմ եղել: Մենք ջարդեցինք առաջին շարքի նստարանը, նաև հիշում եմ ովքեր` Վարդան Խաչատրյանը` ֆինանսների նախկին նախարարը, Մյասնիկ Մալխասյանը, Ռազմիկ Մարտիրոսյանը և ես, չորսով տեղափոխեցինք: Վազգեն Սարգսյանի գոգին, դե, թեքված էր, պարկուճներ էին, ես երկու հատ գրպանս դրեցի և հաջորդ օրը, երբ որ Արարատ էինք գնացել, մորն եմ հանձնել, նաև ամբողջ կոստյումը կարծես ջրի մեջ մտցրած-հանած`արնաքամ էր եղել, իմ ձեռքերը ամբողջությամբ արյունոտված էր, օրենքների նախագծի թուղթն էր, էդ թուղթն էլ եմ տիկին Գրետային տվել, իսկ բեմի վրա Կարեն Դեմիրճյանն էր` կոստյումը գլխին գցած, քանի որ նրան կոնտրոլնի խփել էին` փակ էր գլուխը և ակնոցը ընկած էր, ես ակնոցը գրպանս եմ դրել ու մի քանի օր հետո տիկին Ռիմային եմ հանձնել: Ծանր է, դե, օրինակ, ես վաղվա համար գրավոր հարցում եմ արել կառավարությանը, բայց վաղը ես էդ ամեն ինչը վերապրելու եմ, նույնիսկ չնայած իմ 15 տարվա պատգամավորական փորձին, որը փոքր ժամկետ չի, անկեղծ ասեմ, որ հաստատ կհուզվեմ վաղը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
«AskMen.com» տղամարդկանց օնլայն ամսագրի համաձայն, ԱՄՆ-ի 2010թ. ամենաազդեցիկ տղամարդն է համարվել սիրված երգիծաբան և հեռուստահաղորդավար Ջոն Ստյուրատը:
Ստյուրատը վարում է «The Daily Show» երգիծական ծրագիրը, որը հիմնականում քաղաքականության մասին է և ցուցադրվում է «Comedy Central» ալիքով: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:
Երրորդ տեղում է հայտնվել Մարկ Ցուկերբերգը, ով «Facebook» սոցիալական ցանցով այս տարի 6,9 մլրդ դոլար է վաստակել: «Apple» ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը չորրորդ տեղում է հայտնվել:
Հարցման կազմակերպիչները ընդգծել են, որ հիմնականում ընտրել են այն տղամարդկանց, ովքեր կարողացել են գործունեությամբ առանձնանալ մնացածից:
Վերջերս livejournal.com- ում ahousekeeper-ի մոտ հանդիպեցի մի էսպիսի գրառման.
«Ամիս-ամիսուկես առաջ անցնում եմ նախկին կինո «Երևանի» մոտով, մեկ էլ լսում եմ. «Sir, do you speak English?»: Գլուխս բարձրացնում եմ. ասիացի է, ձեռքին՝ հովանոց, չնայած արդեն մթնում էր ու անձրև էլ չկար։ «Yes», — պատասխանում եմ, սա էլ թե՝ «I’m from Philippines…» ու պատմում է, որ փողը վերջացել է, ինքն էլ պիտի զանգի մորը, որ մաման փող ուղարկի, բայց զանգելու միջոց էլ չունի։ Առաջարկեցի գա գրասենյակ, Սքայփով կապվի տնեցիքի հետ։ Չեմուչում արեց, մտածեցի գուցե վախենում է անծանոթ մարդու հետ գնա եսիմ ուր։ Նաև կասկած կար, որ ուղղակի քցոցի է, բայց մյուս կողմից էլ մտածում ես «գոստ ստալիցի», չարժի միանգամից չորել և այլն… Վերջը, սա ինձ ցույց տվեց «Էրեբունի» հյուրանոցի դիմաց միջազգային հեռախոսակապի կետը, թե ցանկանում է այդտեղից զանգել:
Մտանք, հարցրեցի աշխատողից՝ ինչքան արժե Ֆիլիպիններ զանգելը, տվեցի 1000 դրամ, էս ֆիլիպինցուն էլ հրաժեշտ տվեցի ու դուրս եկա: Մտքումս էլ նշան արեցի, որ ուշադիր լինեմ, եթե սրան էս կողմերում նույն գործի վրա տեսնեմ, ուրեմն հաստատ ժուլիկ է… Երկու-երեք շաբաթ անց, ցերեկ է, քայլում եմ Հրապարակով։ Մեկ էլ հետևիցս. «Sir, do you speak English?»: Հետ դառնամ՝ ծանոթս։ «I am from Philippines, I need to call my lawyer…» Խնդում եմ, սա չի հասկանում, իր հեքիաթն է պատմում։ «I know you. How’s your mom?» — հարցնում եմ։ Սա էլի ինչ-որ անկապ բաներ է դուրս տալիս, տեղը չի բերում։ Տեսնեմ խորացել է իր հեքիաթների մեջ, ժամանակ էլ չունեի առանձնապես հետը գլուխ դնելու, շուռ եկա թե գնամ, սա էլ հետևիցս հրապարակով մեկ ղժղժոցը դրեց. «You are the most selfish Armenian I ever met!!!»: Ստիպված միջազգայնորեն ճանաչված երեք մատի կոմբինացիա ցույց տվեցի ու շարունակեցի ճանապարհս:
Առակս ինչ կուսուցանե… Նախ՝ արտասահմանցիների թվում քիչ չեն նրանք, ովքեր մեր ազգային կարծրատիպերը լավ հավեսով շահագործում են։ Ասենք՝ հյուրընկալ հայի կարծրատիպը։ Ավելի լավ էր այդ 1000 դրամը տեղացի մի մակաբույծի տայի, քան դրան։ Բայց տեղացի մակաբույծին երբեք 1000 դրամ չեմ տա, իսկ սրան թեպետև ի սկզբանե կասկածելով, բայց տվեցի:
Երկրորդը. հավանական է, որ սա հեռախոսակապի կետի աշխատողի հետ «օրթախ» գործ է անում։ Չեմ կարծում, որ լավություն անողները գալիս, կողքը կանգնում են ու սպասում, որ զանգահարի, խոսի (միևնույն է, չես կարող իմանալ, իսկապես խոսում է, թե ձևեր է թափում):
Երրորդը. հոգեբանության մեջ ճանաչված մի երևույթ կա, երբ մարդն այլ ռասսայի ներկայացուցիչների դիմագծերը շատ ավելի վատ է տարբերում, քան իր ռասսայի ներկայացուցչի դիմագծերը։ Հավանաբար մեր հյուրը հենց այդ պատճառով էլ ինձ այդպես էլ չճանաչեց»:
Սրա մասին գրել էին նաև khlurd և 517design օգտվողները, պարզվում է ընկերներիցս ոմանք էլ են հանդիպել այդ ֆիլիպինցուն: Զանգեցի Ֆիլիպինների Թագավորության հյուպատոսարան, որի աշխատակից Պետրոս Կարապետյանն էլ պատմեց ինձ 40-ամյա Լորենզո Լուի Կանլասի հայաստանյան ոդիսականը, ես էլ ներկայացնում եմ ձեզ: Լորենզոն Հայաստան է ընկել, իր պատմելով, ընտանեկան «վենդետտա»-յի նպատակով` իբր քրոջը բռնաբարել են, ինչպես հետո պարզվել է Բաքվում։ Նա եղել է Դուբայում, Իրանում, Վրաստանում, Ադրբեջանում, ու չգիտես ի՞նչ տրամաբանական շղթայով վերջում ընկել է Հայաստան: Երևի Հայաստանում են եղել ամենանպաստավոր պայմանները մուրացկանության, ավելի շուտ դրամաշորթության համար, որովհետև էստեղ է նա «լռվել»:
«Նա մեզ համար գլխացավանք է դառել: Անընդհատ զանգում են էստեղից-էնտեղից, թե եկեք ձեր ֆիլիպինցուն տիրություն արեք: Ես էլ գնում եմ, օգնում եմ ինչով կարողանում եմ: Բայց դա իմ կոմպետենցիան չի, միգրացիոն ծառայությունները պետք է նրանով զբաղվեն»:
-Իսկ ոստիկանությունը չի՞ զբաղվում նրանով: -Զբաղվում է, 3-4 քրեական գործ կա նրա նկատմամբ հարուցված: Անձնագիրն էին վերցրել, գնացել եմ հետ ուզել, տվել իրեն: Նա հոգեկան շեղումներ էլ ունի: Մի անգամ ես նրան ինքնաթիռի տոմս առա ու ուղարկեցի: Հետ եկավ, պատճառաբանելով, թե ինչ-որ սահմանի վրա իրեն չեն թողել անցնի, վիզա չուներ: Անձնագրի մեջ նայեցի՝ ամեն ինչ նորմալ էր: Էդ մարդը որ չի ուզում գնա, ես ի՞նչ անեմ: Իրեն դուր է գալիս էսպիսի կյանքը: Ոստիկաններն ասում են, որ իբր նա վտանգավոր չի, չեն կարող որպես խափանման միջոց կիրառել ձերբակալությունը ու մանավանդ պահանջել արտաքսում:
Նա իրոք անվնաս է, բայց նայած որ տեսանկյունից: Եվ ականատեսները, և Պետրոսը ասում են, որ նա «գործ է շինում», այսինքն՝ մոտենում է մարդկանց, փող ուզում, հետո՝ տալիս են, թե չեն տալիս, նայած ոնց կստացվի, գոռում է անգլերեն, թե՝ ինձ թալանում են: Մարդուն բռնում են, հավատում են, իհարկե, արտասահմանցուն: Երբեմն, երբ Պետրոսը իմանում է, գնում է ոստիկանություն ու ասում, որ մարդն անմեղ է, իսկ տուժողը հեչ էլ տուժող չի, տուժողը հոյակապ մեխանիզմ է մշակել: Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչպե՞ս է էդպես ստացվում, որ օրը ցերեկով մարդկանց վրա «շառ անող», խաբող մեկը ոնց է հաստատվել Հայաստանում ու ոչ ոք նրան չի կարողանում արտաքսել: Ես պատկերացնում եմ, եթե որևէ մի այլ երկրում հայը նման մի բան աներ: Նրան միանգամից կարտաքսեին:
— Ես երեք անգամ նոտա եմ ներկայացրել Արտգործնախարարություն նրա մասին, բայց ոչ մի արձագանք չեմ ստացել: Չգիտեմ, ո՞վ պետք է նրանով զբաղվի: Նա արդեն սպառել է բոլոր իրեն հայտնի «տոմսի փող պոկելու» միջոցները միջազգային կազմակերպություններից, էնքան է աչքներից ընկել, որ էլ ոչ մի տեղ չի կարողանում դիմել, ոչ ոք իրեն չի հավատում:
— Իսկ որտե՞ղ է նա ապրում հիմա, ի՞նչ է անում: -Փողոցում, իմ իմանալով, նա Կոմայգու սիրահարներից է: Մի անգամ մի պատանու էր փորձել «ձեռ գցել», պատանին պոկվել էր որ փախնի, նա գոռգոռացել էր իրեն սովոր ձևերով ու ոստիկանությունը ձերբակալել էր պատանուն: Ես գնացի ու ասացի, որ պատանուն անմիջապես բաց թողնեն, որ ես գիտեմ իմ «կլիենտին»:
— Բա որտե՞ղ եք տեսնում ելքը, ի՞նչ, և ո՞վ կարող է նպաստել, որ էդ մարդուն երկրից դուրս ուղարկեն:
— Դատախազությունում գործ կա նրա վրա: Պետք է դատեն երևի, որոշեն պատժաչափը, որոշեն որտե՞ղ է նա պատիժը կրելու՝ այստեղ, թե՚՞ Ֆիլիպիններում: Եվ այդ ժամանակ արդեն կարող են նրան ուղարկել հայրենիք: Այլ ելք ես չեմ տեսնում: Հիմա հենց ցրտերն ընկան, չգիտեմ թե ինքն ինչ է անելու: Նրա հոգեկան վիճակը նորմալ չի: Նա չի կարող գոյատևել, չնայած արկածախնդիր սովորական «ժուլիկ» է, բայց մարդ է, մեղք է: Նա հիմա էլ Իսրայելի տոմս է ուզում, չգիտեմ ինչի համար:
— Բայց միթե՞ տվյալ երկրի հյուպատոսարանը չի զբաղվում իր երկրի քաղաքացիներով:
— Մենք զբաղվում ենք միջառևտրային ու մշակութային կապերով Հայաստանի ու Ֆիլիպինների միջև, մենք չենք զբաղվում դեպորտացիա կազմակերպելով: Եթե մեր քաղաքացին խնդիր ունի ու դիմում է մեզ, մենք, անշուշտ, օգնում ենք նրան հնարավորության սահմաններում: Բայց ես չեմ կարող խնդրել «Արմավիա» ընկերությանը, որը թռիչքներ է իրականացնում դեպի Ֆիլիպիններ, նրան անվճար տեղափոխել, դա պետք է կատարվի պետական մակարդակով, ու ՀՀ միգրացիոն ծառայությունները պետք է դրանով զբաղվեն:
Զարմանում եմ՝ մի՞թե Հայաստանն էդքան գրավիչ է մուրացիկների համար, մենք մեր մուրացիկներին չգիտենք ինչ անենք, ուր մնաց թե՝ օտարերկրյա «ժուլիկներին» պահենք: Իսկ նրան, որ էստեղ վաղուց աջ ձեռքը չգիտի ձախն ինչ է անում, ով ինչի՞ համար է պատասխանատու, արդեն սովորել ենք: Ու զարմանալով սկսում եմ կասկածել, Էդքան դժվա՞ր է լուծել միակ մուրացիկի հարցը, էդքան բա՞րդ է գտնել պատասխանատու մարմին, ով դրա համար պատասխանատու է: Հյուպատոսարանում չգիտեն… Ֆիլիպինցի դրամաշորթն էլ շարունակում է իր հիմնական գործը, որը աչքիս ըսկի դրամաշորթություն էլ չի, այլ «գործ տալն » է: Ոստիկանությունում վաղուց արդեն կարող էին հասկանալ, որ էդ մարդուն հավատալ չի կարելի: Էդ ո՞նց է, որ շարունակում է նրանց հավատացնել, իբրև թե իրեն ուզել են թալանել: Ու ձեռքի հետ էլ անմեղ մարդկանց քաշ տալիս ոստիկանություն։ Կասկածում եմ, որ ոստիկանները լավ էլ գիտեն նրան ու համագործակցում են։ Ուրիշ հարցերում լուն ուղտ շինող ոստիկաններն ու անմեղ –մեղավոր չհարցնող ու կալանքի սանկցիա տվող դատախազությունը հանկարծ չի նկատում օրինախախտ ժուլիկին։ Մի քիչ հավատս չի գալիս:
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկություններով,ֆիլիպինցի մուրացկանը ցերեկները զբաղվում է ժուլիկությամբ, իսկ երեկոները Կոմայգում տրանսների հետ՝ պոռնկությամբ, սակայն կենտրոնի ոստիկանները, հատկապես Երևանի այդ մասում, որպես կանոն լինում են լայն բացված փակ աչքերով։
Ազգային ժողովի նիստերի նոր դահլիճի բացման արարողությանը մանրամասներին տեղեկացանք տարբեր մարդկանցից։ Նախ` ԱԺ-ի դահլիճում ելույթներ են ունեցել Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց կարթողիկոսը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդ որում, այն հերթականությամբ, ինչպես նշված է, ապա ցուցադրվել է ԱԺ դահլիճի վերանորոգմանը նվիրված 2-3 րոպեանոց ֆիլմ, որից հետո ներկաները գնացել են ԱԺ այգի` ֆուրշեթի, իսկ այնտեղ մատուցված կերակրատեսակների ցանկում նույնիսկ “գարյաչի” բլյուդ է եղել:
Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Արթուր Բաղդասարյանի սեղանին մոտեցել է Գագիկ Ծառուկլյանը /նա այս անգամ եղել է դասական կոստյումով/ , ապա պատգամավորներ Շմայսը, Վիկտոր Դալլաքյանը և այլոք: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, նախքան բուն արարողությունը, լուրեր են շրջանառվել, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսելու է, որ իր և Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան տանդեմի մեջ որևէ տարաձայնություններ և հակասություններ չկան, ինչը, սակայն, չեղավ: Դատելով մանրամասներից, ողջ արարողությունն անցել է Հայաստանում և միջազգային պրակտիկայում ընդունված պրոտոկոլի մի քանի կուրյոզներով ու “չեպեներով”:
Նախ` արարողակարգային տեսանկյունից ճիշտ չէ, որ նախագահի կամ նրա ներկայացուցչի տեղը լինի նույն գծի վրա։ ԱԺ նախագահինը և փոխնախագահներինը, աշխարհում ընդունված պրակտիկայի համաձայն, պետք է լինի առանձին` մի փոքր հեռավորության վրա: Կան երկրներ, որտեղ նախագահի տեղը օթյակի նման է։ Իսկ այսօր դահլիճից նայելիս Սերժ Սարգսյանը, կաթողիկոսն ու Հովիկ Աբրահամյանը նստած են եղել մի շարքով. Աժ նախագահը մեջտեղում, Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ-ն նրա աջ ու ձախ կողմերում: Նաև արդեն հայաստանյան ավանդույթներով ավելի ընդունելի կլիներ, որ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի ու Ամենայն Կաթողիկոսի օրհնությունը լինեին ոչ այն հերթականությամբ ինչպես եղել է` նախ ԱԺ նախագահը, հետո` Կաթողիկոսը, ապա` Սերժ Սարգսյանը:
Եթե ԱԺ նախագահի ելույթը, որպես տանտիրոջ, իրոք պետք է նախորդեր Սերժ Սարգսյանի ելույթին, ապա Կաթողիկոսի օրհնությունը պետք է լիներ առաջինը: Ճիշտ չէր ընտրված կլիպ հիշեցնող 3-4 րոպեանոց ֆիլմը, որտեղ Հովիկ Աբրահամյանը տարբեր կոստյումներով / կա նման քարոզչական հնարք` տպավորություն թողնելու համար / ցուցումներ է տալիս շինարարներին, և ՀՀ նախագահը, և ամբողջ դահլիճը նստած դա ակնդրում և ունկնդրում են: Իսկ ամենակուրյոզը Հովիկ Աբրահամյանի ելույթն էր, որը մեկ հիմնական նպատակի էր միտված` ընդգծել, որ նոր ձևի մեջ նոր բովանդակություն պետք է լինի: Օրինակ` “Այսուհետ մեր խորհրդարանը կաշխատի Ազգային ժողովի նիստերի նոր դահլիճում:
Դահլիճի օվալաձև կառուցվածքը խորհուրդ ունի. այն Ազգային ժողովի նիստերը կլոր սեղանի շուրջն անցկացվող քննարկումներ է հիշեցնում: Այդ կառուցվածքի ընտրությունը պատահական չէ: Վաղուց ի վեր կլոր սեղանը համարվում է համագործակցության, նպատակամետ քննարկումների խորհրդանիշ, քանի որ տրամաբանորեն կլոր սեղանի շուրջ զրուցակիցները շարժվում են ոչ թե ճակատային ու միմյանց հանդեպ անձնավորված գրոհների, այլ հիմնախնդրի լուծման արդյունավետ ուղիների փնտրտուքի ճանապարհով:
Համաձայն առասպելի` կլոր սեղանի գաղափարը ծնվել է 12-րդ դարում, թեև այն շատ ավելի հին է և հատուկ է եղել նաև հայ իրականությանը: Ըստ ավանդույթի` Արթուր թագավորն այդ ձևով իր ասպետներին զրկեց սեղանի գլխին ավելի մոտ նստելու վիճահարույց հարցի հնարավորությունից: Կլոր սեղանը չունի անկյուններ, ուստի կլոր սեղանի շուրջը նստածները հավասարապես իրավազոր և պատասխանատու են ընդունված որոշումների համար”: Կամ` “Այն, ինչի ձգտում էր Արթուր թագավորը, արդիական է նաև այսօր: Վստահ եմ, որ այս դահլիճում միշտ տիրապետող կլինի ասպետական ոգին, որն առաջին հերթին կարտահայտվի փոխադարձ հարգանքով ու այլոց կարծիքների հանդեպ հանդուրժողականությամբ: Դա ամենևին չի նշանակում, որ այս դահլիճում պիտի բացակայի մրցակցությունը, բանավեճը, քննադատությունը: Ոչ, իհարկե: Դրանք քաղաքական կյանքի անբաժանելի տարրերն են, բայց չպետք է դառնան մեր անցուդարձի ու կյանքի ինքնանպատակ դրսևորումները”:
Ակնհայտ է, որ այս ամենը կարելի էր ասել պարզ և ոչ այդ դահլիճին միանգամայն օտար մշակութային ու մենթալիտետային անկապ օրինակներով: Նաև նշենք, որ չգիտենք եռանկյունաչափության մեջ ինչպես, բայց բնության մեջ, կլորն ու օվալաձևը տարբեր բաներ են, և այս իմաստով էլ էին բերված համեմատությունները անհաջող: Բայց ԱԺ պատգամավորներից ոմանք դրանց բուն ենթատեքստը բոլորովին այլ կերպ էին մեկնաբանում. Սերժ Սարգսյանին և դահլիճին հասցնել հավասարության գաղափարը, նա գործադիր մարմնի ղեկավարն է, ինքը` օրենսդիր: Որևէ մեկը շեֆ չի, կամ ինքը Սերժ Սարգսյանի ենթական չէ: Նրանց կարծիքով, այս միտքը տեղ հասցնելուն էր միտված Աժ նախագահի ելույթի` իշխանության տարբեր թևերի միջև զսպումների ու հավասարակշռումների մասին հատվածը: Մյուս կողմից` ակնհայտ էր, որ Հովիկ Աբրահամյանը փորձում էր սիրաշահել Սերժ Սարգսյանին` շնորհակալություն հայտնելով դահլիճի վերանորոգման աջակցության համար: Բայց շատերին անհասկանլի մնաց, թե ինչու մի շնորհակալություն էլ բաժին չընկավ Տիգրան Սարգսյանի կառավարությանը, եթե դահլիճի փողը տվել էր Վարչապետը:
Հասմիկ Օհանյան
«ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը թույլատրել է «Երևանշին ԳԱՄ» ՍՊԸ-ի հետ կնքել շինարարական կապալի պայմանագրեր «ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված Մհեր Մկրտչյան 5 հասցեում գտնվող շենքին ամրացված հարթակի տակ և նկուղում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիի շինաշխատանքներն իրականացնելու համար, նախատեսելով, որ դրանք կատարվելու են ընկերության միջոցների հաշվին` առնվազն 120.000.000 ՀՀ դրամի չափով, կատարվելիք շինաշխատանքի դիմաց որպես հանդիպական կատարում ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով մինչև 25 տարի ժամկետով տրամադրվելու է ոչ ավելի, քան 10 ավտոկայանատեղի։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարարներին և մյուս գերատեսչությունների ղեկավարներին հորդորեց շինարարական կազմակերպությունների, մասնագետների հետ քննարկել պետական նշանակության այլ շենքերին հարակից ստորգետնյա տարածքներում ևս ավտոկայանատեղիներ կառուցելու հարցը, որը կնպաստի մայրաքաղաքի կենտրոնն ազատել դրանց կուտակումից»:
Ինչպես երևում է, Ազատության հրապարակի ավտոկայանատեղին գրգռել է մեր ղեկավարների ախորժակը, և շուտով մայրաքաղաքին մի նոր փորձություն է սպասվում. Բացի այդ, փող լվանալու մի նոր ճամփա է բացվել։ Չի բացառվում, որ վարչապետի այս հորդորից հետո պետական հիմնարկներում նկուղների քանդման ինտենսիվ աշխատանքներ սկսվեն և բացառել չի կարելի, որ ավտոկայանատեղիից հնարավորինս մեծ օգուտ ստանալու մոլուցքով տարվածները սկսեն քանդել անգամ շենքերի հիմքերը` թուլացնելով դրանք:
Ի դեպ, նույն Ազատության հրապարակի ավտոկայանատեղին ապշեցնում է իր անհարմարությամբ. տրամադրված տարածքը հնարավորինս խնայողաբար օգտագործելու ձգտումը շինարարներին պարտադրել է ավտոմեքենաների` դուրս գալու և ներս մտնելու երթուղիները չափից ավելի նեղ կառուցել այնպես, որ բավական է մի փոքր անզգուշություն և վթարը պատրաստ է: Շենքերի սահմանափակ տարածքը հաշվի առնելով, կարելի է հստակ կանխատեսել, որ դրանց տակ կառուցվելիք ավտոկայանատեղիներին ևս նույն ճակատագիրն է սպասում, եթե ոչ ավելի վատթար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.