23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիական լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակին դատելու են հանրային միջոցները ծախսելու, ինչպես նաև կաշառակերության համար:
РИА Новости-ի տեղեկությունների համաձայն` Նանտեր քաղաքի քննիչ Ժակ Գազոն ստորագրել է կաշառակերության մեղադրանքի հրամանագիրը:
Հետաքննության տվյալներով` Շիրակը, ով նախագահ լինելուց առաջ 18 տարի Փարիզի քաղաքապետն է եղել, իր վարչակազմում 7 անօրինական աշխատատեղ է բացել, ինչի օգնությամբ ֆինանսավորել է իր կուսակցությանը:
Սարքն աշխատում է ի դժբախտություն առողջապահական համակարգի, ոլորտը ղեկավարվում է զուտ բիզնեսի տեսանկյունից. ուշադրության կենտրոնում են գտնվում միայն այն հաստատությունները, որոնց տերերը մոտ են իշխանական կլանին, իսկ մյուս հիմնարկները կա´մ անտերության են մատնված, կա´մ ղեկավարվում են իրենց բաժին հասած տերերի հայեցողությամբ, իսկ որ այս համակարգում իսկապես բժշկի կոչմանը հավատարիմ մնացածները եզակիներ են, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ: Այդպես, շատ հաստատություններ, շատ ու շատ ծառայություններ թողնվում են լուսանցքում:
Մի պարզ օրինակ:
Գոյություն ունի կրունկի ոսկորի հավելաճի մի հիվանդություն, որն ուղեկցվում է կրունկի սուր ցավերով։ Այն կարող է հանգեցնել մարդու շարժունակության կորստի: Հիվանդությունը բժշկության մեջ անվանում են «шпор», հայերեն դրա համարժեքը «խութն» է: Սրա բուժման մի քանի մեթոդներ կան, որոնք կիրառելի են հիվանդության զարգացման տարբեր փուլերում: Դրանք են` հատուկ քսուքներով մերսումները, տոկերը, լազերային բուժումը, սրսկումը անմիջապես կրունկին և Ճառագայթային բուժումը։
Առաջին երեք ձևերն այդքան էլ արդյունավետ չեն և էական օգուտ չեն տալիս: Լավագույն դեպքում դրանք կարճ ժամանակով ցավերը մեղմացնում են` ոչ ավելին: Չորրորդ ձևը` սրսկումը, նկատելի արդյունք է տալիս: Սրսկումից հետո ամբողջովին դադարում են ցավերը, սակայն սա ևս ժամանակավոր երևույթ է, ազդում է ընդամենը 5-6 ամիս, որից հետո նորից անհրաժեշտություն է առաջանում սրսկվելու: Սրսկման մեկ ասեղն արժե 5000 դրամ, և դրան զուգահեռ հարկ է օգտագործել նաև 4000 և 2000 դրամ արժեցող հաբեր (դեղորայքի գների թանկացումները հնարավոր է սրանց վրա էլ ազդած լինեն):
Հինգերորդ ձևը ճառագայթային բուժումն է, որն իրականացվում է Քանաքեռի ռենտգեն ինստիտուտի ճառագայթային բաժանմունքում: Այն իր մեջ ներառում է հատուկ ճառագայթային սարքի միջոցով երկու-երեք օրը մեկ անգամ մեկ րոպե տևողությամբ կրունկին ուղղված ճառագայթի ընդունում: Հիվանդը 5 անգամ ընդունում է այդ ճառագայթները: Յուրաքանչյուր ճառագայթի ընդունումն արժե 7000 դրամ: Ամբողջ կուրսի արժեքը 35000 դրամ է:
Ճառագայթների ամբողջական կուրսի ընդունումից ամենաշատը մեկ ու կես ամիս անց հիվանդի ցավերն իսպառ վերանում են: Ցավերը հնարավոր է, որ նորից ի հայտ գան մի 4 տարի հետո, ու անհրաժեշտ լինի ճառագայթային հերթական կուրսն ընդունել:
Այսինքն` միանշանակ կարելի է ասել, որ հանրապետությունում այդ հիվանդությամբ տառապողների համար ճառագայթային բուժում ապահովող այս սարքը պարզապես փրկություն է: Սակայն արդեն երկու տարի է, որ Ռենտգեն ինստիտուտում այդ սարքը չի աշխատում և դա այն դեպքում, երբ սա միակն է հանրապետությունում: Այն բավականին թանկարժեք է, այսինքն` նման սարքավորում կարելի է ձեռքբերել միայն պետական հովանավորությամբ: Հիվանդները պատմում էին, որ տարիներ շարունակ սարքը գործել է գրեթե անսարք վիճակում։ Քաղցկեղով հիվանդներին ստիպել են ճառագայթներ ընդունել ոչ լիարժեք գործող սարքով։ Եթե հիվանդին անհրաժեշտ է եղել ընդամենը հինգ րոպեանոց ճառագայթային դոզա ստանալ, սարքի անսարքության հետևանքով նրան ստիպել են ամենաանհարմար դիրքում ցավերը մի կերպ զսպելով մնալ ավելի քան մեկ ժամ` ապահովելու համար ճառագայթի անհրաժեշտ չափաբաժինը:
Լուսինե Կեսոյան
Հ.Գ. Մենք փորձեցինք տեղեկություն ստանալ վերը նշված սարքի վիճակի մասին։ Այսօր Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ այն գտնվում է սարքին վիճակում։
ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը դեռևս անտերության է մատնված։ Սայաթ Շիրինյանին ոստիկանությունը դեռ փոխարինող չի գտել, իսկ լրագրողների հարցերին պատասխանողը, ինչպես հայտնի է, հիմնականում գլխավոր պատասխանատուն էր, այլ կերպ ասած՝ լրագրողները ևս ծանր կացության մեջ են հայտնվել:
Նախորդ օրը հերթական կրակոցներն են արձանագրվել Երևանում` Հարավ-Արևմտյան Բ1 թաղամասում։ Այս անգամ «զոհը» պատգամավոր, Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Սամվել Ալեքսանյանի թիկնապահներից Սևակ Ղազարյանն է եղել, ով, սակայն , միայն թեթև հրազենային վնասվածք է ստացել: Դեպքն, անշուշտ, թեթևներից չէ, ինչով պայմանավորված` ոստիկանական աշխատանքները գլխավորել է անձամբ Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Հայտնի չէ` մահափորձը կոնկրետ թիկնապահի՞ն է հասցեագրված եղել, թե՞ նրա շեֆին, ամեն դեպքում, դեպքի վայրում հայտնաբերվել են բազմաթիվ պարկուճներ: Կրակոցները հնչել են նոյեմբերի 7-ի գիշերը, սակայն ոստիկանության կայքում առ օրս դատարկություն է` ոչ մի տեղեկություն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի վրա հնարավոր հարձակման վերաբերյալ, կամ եթե նման բան չկա, ապա գոնե իրականության պարզաբանում։ Այնտեղ, հավանաբար, դեռ Սայաթ Շիրինյանի «սուգն» է և, ենթադրելով այն բանից, որ ՀՀ ոստիկանապետը հատուկ պատվիրակությամբ թռել է Մոսկվա, «սուգը» կշարունակվի ևս մի քանի օր:
Նոյեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մասնակցելու է ՀԱՊԿ անդամ-երկրների ՆԳ նախարարների խորհրդակցությանը, իսկ նոյեմբերի 10-ին՝ ՌԴ Միլիցիայի օրվան նվիրված տոնակատարություններին: Եվ մինչ ՀՀ ոստիկանապետը կոլեգաների հետ ՌԴ մայրաքաղաքում տոնական եռուզեռի մեջ կլինի, ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչություննը ընկղմված կլինի անորոշության և տագնապային սպասման հոգեվիճակում` փորձելով գուշակել, թե այս անգամ ում կբերի իրենց գլխին Ալիկ Սերգեյիչը` պրոֆեսիոնալ կա՞դր, թե՞ դարձյալ իր բարեկամներից որևէ մեկին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դժվարանում է պատախանել, թե քանի հաշվառված անօթևան, երևանյան բառապաշարով ասած` բոմժ կա հանրապետությունում: Անօթևանների համար նախատեսված միակ պետական կացարանը գտնվում է Հաղթանակ գյուղում, որը կարող է տեղավորել միայ 80 մարդ` այն էլ 60-օրյա պայմանագրով: Կենտրոնը տարեկան ընդունում է 600 մարդ: Կենտրոնի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանի տվյալներով` 60 օրից մարդիկ դուրս են գալիս ու վերադառնում փողոց: Երբեմն էլ մեկ-երկու օրից վերադառնում են` նոր պայմանագիր կնքելու համար:
Դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամը, որն արդեն ութ տարի է, ինչ գործում է Հայաստանում, կացարան է կառուցել Վարդաշենում և ութ տարի սպասում է իր ներկայացրած ծրագրի հավանության արժանանալուն: «Կառավարությունը հավանություն տվել է ծրագրին, պարզապես բյուջետային հատկացումներ չեն եղել։ Մենք այս տարի նույնպես դիմել ենք կառավարությանը, որպեսզի ծրագրի իրականացման համար 10 մլն 200 հազար դրամ հատկացնի: Սակայն դեռ չգիտենք` հատկացումներ կլինե՞ն, թե՞ ոչ»,- ասում է Սոցապ նախարարության` տարեցների և հաշմանդամների վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքն այն վայրն է, ուր երկրի բարձրագույն ղեկավարությունը տարվա մեջ գոնե մի քանի անգամ այցելում է:
Եվ արդեն տևական ժամանակ է, որ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը շրջապատված է այլանդակությամբ: Քաղաքական,կամ ինչպես ներկայացվում է, ընդամենը մի քանի կոպեկ ավելի աշխատելու դրդապատճառներով Ազատության հրապարակը լցվեց տարաբնույթ ու խայտաբղետ ատրակցիոններով, որոնց գույներն ու ձևերը օպերայի սև շենքի հետ խայտառակ հակադրություն են կազմում: Դա դեռ քիչ էր, մյուս կողմից էլ՝ թամանյանական գլուխգործոցի տանիքին արդեն որերորդ տարին սպառնալից տնկվել են «ԱրմենՏելի», «Վիվա Սելի» և «Օրանժի» ալեհավաքները:
Ո՞րն է պատճառը, որ մայրաքաղաքի ամենագեղեցիկ շենքերից մեկը նման փորձության է ենթարկվել: Ի՞նչն է ստիպել օպերային թատրոնի ղեկավարությանը գնալ նման քայլի, համաձայնվել տեղադրել նման ալեհավաքներ, հատկապես որ, դա, ինչպես որոշ մասնագետներ են ասում, նաև որոշակի վտանգ է պարունակում այնտեղ գտնվող մարդկանց առողջության համար (առողջության համար վտանգավորության փաստարկն, իհարկե, ամենավերջին տեղում է, քանի որ արդեն վաղուց ի վեր Հայաստանում մարդու առողջության մասին ոչ ոք չի մտահոգվում):
Պարզվում է, որ Հայաստանի մայրաքաղաքի սիրտը կարելի է այլանդակել` վճարելով ընդամենը 500 հազար դրամ։ Հենց այդքան են վճարում բջջային կապի օպերատորները` օպերայի տանիքին ալեհավաք տեղադրելու համար:
Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը պատմեց, թե տարիներ առաջ իրենց դիմել է «ԱրմենՏել» ընկերությունը, համոզել, բերել այն փաստարկը, թե կենտրոնում բջջային կապը նորմալ չի ապահովվում, թե հարկավոր է ալեհավաքը տեղադրել համապատասխան բարձրություն ունեցող շենքի վրա և որ այդ շենքը հենց 47 մետր բարձրություն ունեցող Օպերային թատրոնինն է, և օպերայի ղեկավարությունն էլ, հաշվի առնելով կենտրոնում բջջային կապից օգտվողների շահերը, բացի դրանից, նաև անհարմարություն զգալով անձամբ, քանի որ անգամ շենքի ներսում իբր կապը նորմալ չէր ապահովվում, տրվել է շենքի տանիքին ալեհավաք տեղադրելու թույլտվություն:
Անցնում են տարիներ, բջջային կապի մենաշնորհն ավարտվում է, Հայաստանում հայտնվում է «Վիվա Սել» ընկերությունը և Կամո Հովհաննիսյանը համաձայնվում է ևս 500 հազար դրամ ստանալ ամսական` «էն մեկին որ տվել ես, ո՞նց կլինի մյուսին չտաս»-ի սկզբունքը հաշվի առնելով: Այդպես, օպերային թատրոնի ղեկավարության` ժողովրդավարական չափանիշներին հավատարիմ մնալու, հավասարության սկզբունքը հարգելու սկզբունքով, օպերային թատրոնի շենքի տանիքը, որոշ ժամանակ անց համալրվում է «Օրանժ» ընկերության ալեհավաքներով: Հիմա արդեն օպերային շենքին նայողը հասկանում է, որ այն դարձել է ծաղր` ուղղված թե´ Թամանյանին, թե´ ընդհանրապես ճարտարապետական բոլոր նորմերին և գեղագիտությանն առհասարակ:
Նրանք, ովքեր ցանկանում են ճանաչել կյանքի անբացատրելի երևույթները, իրենց ուսումնասիրությունները պետք է սկսեն սեփական անձի ներքին ապրումների և անսովոր զգացումների վերլուծությունից: Այո, գլխավոր գաղտնիքը հենց ինքը` մարդն է…
Ասում են՝ խելոքը նա է, ով ուրիշների սխալների վրա է սովորում: Այդպիսի մոտեցումը հոգեբանական տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ: Դատեք ինքներդ. քանի՞ սիրահարված մարդ գիտեք, ովքեր կարողացել են խուսափել այլ սիրահարվածների սխալները կրկնելուց: Իրական կյանքում մարդիկ ավելի շատ սեփական սխալների վրա են սովորում, եթե սովորում են: Հոգեբանորեն շատ կարևոր է սխալների հետևանքները սեփական մաշկի վրա զգալը: Այդ դեպքում սխալի կրկնման հնարավորությունն իսկապես էականորեն նվազում է: Ասենք` միևնույն ժամանակ բազմաթիվ հարցեր էլ կան, որոնց լուծման ժամանակ ուրիշների սխալները հաշվի չառնելը պարզապես կուրություն է նշանակում: Քաղաքական գործչի համար, օրինակ, աններելի է իր նախորդների կամ մրցակիցների սխալները կրկնելը: Մանավանդ այն սխալները, որոնց պատճառով այդ գործիչների կարիերային վերջակետ է դրվել: Ինչևէ, ուրիշների կամ սեփական սխալներից դասեր քաղելու ունակությունը չափազանց կարևոր նշանակություն ունի կյանքում: Մարդիկ այս առումով շատ են տարբերվում միմյանցից: Իսկ դո՞ւք: Կարողանո՞ւմ եք, արդյոք, խուսափել ձեր կյանքի սխալները կրկնելուց: Առաջարկվող թեստը կոչված է օգնել պատասխանելու այդ կարևոր հարցին:
Առաջադրված հարցերին կարելի է պատասխանել «այո», «ոչ» , «չգիտեմ»:
1. Պատահե՞լ է, որ դու երբևէ այնպիսի կենսական սխալ գործած լինես, որի հետևանքները զգում էիր հետագա մի քանի ամիսների ընթացքում:
2. Կարելի՞ էր ,արդյոք, խուսափել այդ սխալից:
3. Պատահո՞ւմ է, որ դու պնդես քո սեփական տեսակետը, թեև 100%-ով վստահ չես նրա ճշմարիտ լինելու մեջ:
4. Քո ամենամոտ մարդկանցից որևէ մեկին պատմե՞լ ես, արդյոք, քո կյանքի ամենամեծ սխալի մասին:
5. Գտնո՞ւմ ես, արդյոք, որ որոշակի տարիքում մարդու բնավորությունն այլևս փոխվել չի կարող:
6. Եթե որևէ մեկը ոչ մեծ դառնություն կամ վիշտ է պատճառել քեզ, կարո՞ղ ես արագորեն մոռանալ այդ մասին և անցնել քո սովորական գործերին:
7. Երբեմն քեզ անհաջողակ մարդ համարո՞ւմ ես:
8. Քեզ հումորի մեծ զգացում ունեցող մարդ համարո՞ւմ ես:
9. Եթե կարողանայիր ազդել քո անցյալում եղած կարևորագույն իրադարձությունների վրա, կյանքդ այլ ձևով կկառուցեի՞ր:
10. Ի՞նչն է առաջնորդում քեզ ամենօրյա անձնական որոշումներ կայացնելիս, բանականությո՞ւնը , թե՞ հույզերը:
11. Դժվարությա՞մբ ես որոշումներ կայացնում այն մանր հարցերի շուրջ, որոնք ամեն օր առաջադրում է կյանքը:
12. Կենսաբանական կարևոր որոշումներ ընդունելիս օգտվե՞լ ես այն մարդկանց խորհրդից կամ օգնությունից, որոնք չեն պատկանում քեզ ամենամոտ մարդկանց թվին:
13. Քո հիշողություններում հաճա՞խ ես վերադառնում րոպեներին, որոնք տհաճ են եղել քեզ համար:
14. Քեզ դուր գալի՞ս է քո անձը:
15. Պատահե՞լ է , որ ներողություն խնդրես որևէ մեկից, թեև քեզ մեղավոր չէիր համարում:
Արդյունքների հաշվումը
N 1,3,5,7,9,11,13 հարցերին «այո» պատասխանելիս ամեն անգամ ստանում ես 10 միավոր:N 2,4,6,8,10,12,14,15 հարցերին ՙոչ՚ պատասխանելու դեպքում ևս ամեն անգամ ստանում ես 10 միավոր:
Յուրաքանչյուր «չգիտեմ» պատասխանի համար տրվում է 5 միավոր: Հաշվեք հավաքած միավորների գումարը:
100-150 միավոր
Դու սեփական կյանքը բարդացնելու բացառիկ ընդունակություն ունես: Հնարավոր է` դու արդեն այն փուլում ես, երբ սեփական սխալները գնահատում ես որպես հաջողություններ: Դու կյանքի հերթական սխալը գործելու ճանապարհին ես գտնվում: Անհապաղ քեզ համար խորհրդատու գտիր. դա արա, քանի դեռ հերթական սխալ որոշումը չես կայացրել, որից դարձյալ գոհ չեն լինի ոչ դու, ոչ էլ քեզ շրջապատողները:
50-99 միավոր
Շատ հնարավոր է, որ այն, ինչը դու մեծագույն սխալ ես կոչում և ժամանակին թույլ ես տվել կյանքում,այսօր կապված է քեզ և քո անցյալին այլ հայացքով նայելու հետ: Քո զգուշությունը միշտ չէ, որ լիակատար կենսական հաջողության հասնելու երաշխիք է ծառայում: Քո քննադատական միտքը երբեմն չի՞ փակում քո խորքային ցանկությունների ճանապարհը: Դրա մասին ևս մտածիր, երբ կենսական կարևոր որևէ հարցի շուրջ որոշում կայացնելու լինես:
0-49 միավոր
Մոտակա ապագայում կենսական սխալ գործելու վտանգը քեզ չի սպառնում: Հասկանալի է,որ դրա երաշխիքը դու ինքդ ես: Դու շատ հատկանիշներ ունես, որոնք բնորոշ են սեփական ապագան լավ պլանավորելու և կանխատեսելու մեծ ընդունակություններով օժտված մարդկանց: Ըստ երևույթին, զգում ես, որ ինքդ ես լիովին տնօրինում և արարում քո կյանքը: Քեզ կարելի է ամբողջ սրտով շնորհավորել:
Ամուսնացած, ընտանիքավոր կանայք հոգսեր ունեն, որոնք դու չունես, նրանց կյանքն ուրիշ է: Չէ, դա ամենևին էլ չի նշանակում, որ նրանք քո ընկերուհիները չեն, ուղղակի ոչ մի ընտանիքի մայր ի վիճակի չի լինի տրամադրել քեզ այն ժամանակը, որ քեզ պետք է միայնակ չզգալու համար, այդ պատճառով էլ քեզ շրջապատում են չամուսնացած կամ բաժանված կանայք: Կան հատուկենտ տղամարդիկ, ովքեր, չգիտես ինչու, չեն վերածվում սիրեկանների, այսինքն` ինչո՞ւ չգիտես, լավ էլ գիտես, որովհետև նրանք քո ընկերներն են, իսկ ընկերների հետ անկողին չեն կիսում:
Օրերն անցնում են միապաղաղ կենցաղային ճշտապահությամբ: Առավոտյան արթնանում ես, և միակ միտքը, որը ստիպում է քեզ անկողնուց վեր կենալ, դա առավոտվա սուրճն է, լուծվող «պելե», կամ` «նեսկաֆե», կամ` «յակոբս», կամ` «սովորական», նայած` ինչ ես գերադասում: Եթե ծխող ես` սիգարետով, եթե ոչ` ցավակցում եմ, սիգարետ ծխելով ավելի է իմաստնանում զարթոնքդ, որովհետև ծխելով` մտածելով ես սկսում օրդ: Ծխելը դա մի ծես է, որով միանում ես աշխարհի բոլոր ծխողներին, որտեղ գործում է մի ընդհանուր էներգետիկ դաշտ, և բոլոր ծխողները մտածում են, ու նրանց մտքերը միանում են քո մտքերին, ու դու դառնում ես ընդհանուրի` ծխողների բանակի մասնիկը: Ասում են՝ ծխելը վնաս է առողջությանը, սկսել են սիգարետի տուփերի վրա գրել զանազան սահմռկեցուցիչ բաներ, այդ նույն հաջողությամբ ջրմուղ վարչությունը, եթե խիղճ ունենար, կզգուշացներ, որ ծորակից ջուր խմելը վտանգավոր է առողջությանը, պարունակում է քլոր, և թվարկել այն բոլոր հնարավոր հիվանդությունները, որ առաջացնում է քլորը: Կամ փողոցի գովազդային պաստառներից մեզ կնայեր ահաբեկող, այլայլված մի դեմք, և ավտոմեքենաների տերերին կհաղորդեր, որ նրանք աղտոտում են շրջակա միջավայրը: Ու մտածում ես, որ ապրելն էլ է վնաս, դրանից մահանում են, ու շարունակում ես ծխել սիգարետդ ու ապրել: Հետո մանր-մունր տնային գործեր, հեռախոսազանգեր` ընկերներիդ ու հավանական գործատուներիդ, ընկերներիդ հետ խոսում ես նորություններից, քաղաքականությունից, երեկվա ֆիլմից կամ, պարզապես, դատարկաբանում ես: Գործատուներիդ հետ հնարավորինս հմայիչ ես խոսում, ինչը չի օգնում` իմացությանդ համապատասխան, օֆիսային աշխատանքների համար հարմար չես, քանի որ չունես երկար ոտքեր ու բարակ իրան, ու տասնութից քսանհինգի միջև տարիք, նեղ մասնագիտացում էլ չունես:
Սերնդիդ ողբերգությունն է: Սովետը անպատեհ փլուզվեց, այն նախապատրաստել էր քեզ գիտահետազոտական ինստիտուտներում կամ հաշվիչ կենտրոններում աշխատելու՝ 120, հետո` 150, իսկ եթե ինչ- որ ծառայողական բարձունքների հասնես` 200-250 ռուբլի աշխատավարձով ու անձիդ կարևորությունն ապահովող պետական պատվերով, որի հանձնումը պսակվում էր «պրեմիաներով»: «Պերեստրոյկան» բերեց ղարաբաղյան շարժմանը, որը գերտերության հոգևարքի հիմքը դրեց: Հետո, ինչպես բոլորը, նոր ժամանակներին ու նոր հասարակությանը ինտեգրվելու փորձեր, հիմնականում` ապարդյուն: Ով՝ ամուսնացավ, երեխա ունեցավ, ով՝ գերադասեց չունենալ, կամ չստացվեց:
Հետո, կեսօրին մոտ` կոմպյուտեր (եթե ունես), ինտերնետ, զանազան խաղեր, ինչ-որ բաներ ես կարդում, ֆորումներ հաճախում, զրուցում: Գրում ես երևի, շատերն են հիմա գրում: Հեռուստացույցն անպայման միացնում ես, նույնիսկ եթե չես նայում: Մի խոսքով, ժամանակ ես սպանում, մինչև աշխատանք ունեցող ընկերուհիներդ ու ընկերներդ ազատվեն ու հյուր գան : Ճաշեր ես եփում, տորթեր թխում երբեմն: Պետքական լինելու զգացողություն է տալիս, թե չէ հնարավոր չի ապրել միայն քեզ համար, անպայման պետք է հոգ տանես մեկի մասին:
Հետո կգան՝ կնստեք, կխոսեք, կծիծաղեք, կբամբասեք անպայման, թե չէ` ի՞նչ օր առանց բամբասանքի: Համ էլ ասում են՝ կանխարգելում է սրտանոթային հիվանդությունները, ուրեմն օգտակար է: Հավաքվում եք միշտ նույն խմբով, երեք-չորս-հինգ կին-արմատ, ու եթե բախտը ժպտա` մի երկու ընկեր: Ու էդ բոլորդ զանազան ինտերպրետացիաներով մարդկային փնջեր եք կազմում իրար շուրջ: Նստում եք մինչև ուշ երեկո, էդ ընթացքում որոշները գնում են, որոշները գալիս… Գիշերվա մոտ տաքսի են զանգում ու գնում: Եթե մեկը մնում է գիշերելու, կամ դու ես մնում, եթե հյուր ես գնացել` հաջողություն է, մի քանի օր մենակ չես լինի: Եվ այդպես շարունակ, քանի-քանի տարիներ:
Օրերից մի օր հայտնաբերում ես, որ վաղուց ամենահեռու երթուղիդ տնից շենքիդ տակի և մոտակա երկու-երեք խանութները գնալն է: Ճանապարհին մտածում ես՝ վատ է, երբ մոտակայքում սուպերմարկետ չկա, որ ստիպված ես մրգերն ու բանջարեղենն առնել մի տեղից, մսեղենը մի քիչ ավելի հեռու, հացը լավ է` թխում են անմիջապես շենքի տակ, համով հաց է, բայց ինչ -որ փչող-փքող հատկություն ունի, գիրանում ես, պետք է անցնել սև հացի, բայց դրա համար պիտի մի քիչ ավելի հեռու գնալ, իսկ եղանակը ցուրտ է, և դու էլ տնային շորերով ես ու նույնիսկ հողաթափերով: Բայց գնում ես, մրսելով ու սայթաքելով, գնում ես սև հացի ու զուգարանի թղթի համար այդ հեռու խանութը:
Քայլել չես սիրում, կամ հարթաթաթություն ունես, կամ` ռևմատիզմ, կամ` անպայման մի այլ տկարություն:
Տանն օգտագործվող զուգարանի թղթի որակն, ավելին քան սպառողական զամբյուղի մյուս ապրանքները, ցույց է տալիս սպառողի սոցիալական վիճակը: Բարգավաճողները, հարուստները օգտագործում են գունավոր, ծաղկավոր, հոտավետ ու թանկ թուղթ, առնում են բլոկներով: Փողը քիչ թե շատ գնահատողները` սպիտակ, եռաշերտ, որի մետրաժը ծաղկավորից մեծ է ու այնքան արագ չի սպառվում, ինչպես նախորդը: Միջին բարեկեցության ընտանիքները` տեղական արտադրության սպիտակ, բայց կասկածելի հումք ունեցող, կամ` «Կիևսկի»:
«Օբուխովո-կիևսկին» ուկրաինական արտադրության Հայաստան ներկրվող երևի թե ամենալայն սպառվող ապրանքանիշն է: Այս թուղթը բոլորիս ծանոթ է, սրանից գերադասում են օգտվել «սովետի» հոգեբանության մարդիկ նույնպես, ինչպիսիք են եթե ոչ մեր ծնողները, ապա տատիկ-պապիկներն անպայման, և նրանց տներում, ինչքան էլ փող տաս, թղթի այդ տեսակն է լինում: Նաև` միջին կարգի սրճարանների, շատ վճարովիների (օրինակ՝ «Տաշիրի»), «պրեստիժի» մասին չհոգացող օֆիսների զուգարաններում: Մի խոսքով, այս թղթից են առնում զուգարանի թղթի վրա չսևեռված բոլոր մարդիկ: «Կիեվսկին» ամենալայն սպառումն ունեցող թուղթն է: Հաջորդ խումբը տեղական 50 դրամանոց առնողներն են, սրանք կամ շատ վատ են ապրում, կամ էլ ժլատ են: Կա նույնիսկ 30 դրամանոց, ամենաաղքատներն են դա առնում, բայց աղքատների այն տեսակը, որն ամենօրյա սպառման ամենաանհրաժեշտ, բայց աննկատ այս ապրանքատեսակից կառչում է սոցիումի մեջ իր «մարդահաշիվը» տալու համար:
Գյուղերում, ասում են, թերթերն ու ժուռնալներն են հարգի, նախընտրական ծրագրերն ու բուկլետները լավ սպառում ունեն այնտեղ, երևի դրա համար էլ թեկնածուները միտինգներին մարդիկ են կարողանում հավաքել, մարդաքանակ ապահովել: Գալիս են, պլակատները տալիս են ձեռքը, ասում են` ինչ գոռալ, ու երբ բաժանում են ծրագրերը, վերցնում են, որքան կարողանում են ձեռք գցել: Սիրում է գյուղի մարդը նախընտրական եռուզեռը. բոլոր թեկնածուների միտինգներին գնա` ընտանիքը երկար ժամանակ ապահովված կլինի զուգարանի թղթով:
Դու, ամենայն հավանականությամբ, թվարկած խմբերից ոչ մեկին չես պատկանում, ավելի ճիշտ՝ չես կարող վերագրել պատկանելությունդ և ոչ մեկին, բայց վատ ես սովորել ծնողներիդ տանը, կամ էլ սևեռված ես թղթի վրա, առնում ես սպիտակ եռաշերտից, ու այդ պատճառով ստիպված ես քայլել:
Գնում ես, առևտուրդ անում ու վերադառնում մի կերպ տաքացրած բնակարանդ, որը կարող է լինել ուր ասես, և ամենևին էլ պարտադիր չէ, որ այն լինի քոնը, որովհետև դու միայնակ չես քո հայտնագործության մեջ: Հազարավոր չաշխատող ու միայնակ կանայք են դա մի օր հայտնաբերում, ովքեր հիմնականում շփվում են իրենց նման կանանց հետ։
Մի օր էլ, արդեն բոլորդ միասին, հայտնաբերում եք, որ հայտնվել եք մի փակ շրջանում, ուր միայն դուք եք, ուր գործող անձինք երբեք չեն փոփոխվում: Ձեր կյանքի պիեսի հեղինակը չկա, կորել է ինչ-որ տեղ, մահացել է, կամ` փախել երկրից, կարևոր չէ: Կարևորն այն է, որ հիմա մնացել եք առանց հեղինակի, և չգիտեք ինչ անել: Այդ հեղինակը չքվել է առանց ձեզ համար սյուժետային զարգացումներ գրելու, թողել է կյանքի քմահաճույքին: Դուք էլ չեք կարողանում առանց հեղինակի այլ կերպ ապրել, քան այս կյանքն է: Ու շարունակում եք ապրել…
Մի օր էլ հայտնաբերում ես, որ դուռդ թակում է փոստատարը և թոշակդ է բերում…
Լուսինե Վայաչյան
Հայաստանյան բենզինի շուկայում բավականին հետաքրքիր զարգացումներ են…: Նավթի միջազգային գներն աճում են, այնինչ Հայաստանում, որքան էլ տարօրինակ է, բենզինի գների նվազում է դիտվում: Երեկ ամերիկյան թեթև տեսակի նավթի մեկ բարելը գնահատվեց ռեկորդային` 86:53 դոլար, իսկ Brent տեսակի նավթի գինը 88:02 դոլար է և դարձյալ Հայաստանի բենզինի գներն իջան:
Հայաստանյան ներկրողների համար համաշխարհային ապրանքային շուկայի տատանումները մշտապես օգտագործվում են հերթական գերշահույթներն ապահովելու համար. բավական է այս կամ այն ապրանքի գինը մի փոքր բարձրանա, թեկուզև այդ գինը շատ ավելի ցածր լինի հայաստանյան գնից, ներկրողն իր սրբազան պարտքն է համարում ներկրած ապրանքի գինը միանգամից զգալիորեն բարձրացնել` հղում կատարելով համաշխարհային գնին: Բայց ահա բենզինի շուկայում արդեն երկու շաբաթ է ուղղակի արկածախնդրություն է այս առումով. բենզինի գինն իջնում է:
Երկու շաբաթ առաջ «Ֆլեշ» ընկերությունն իր բոլոր լցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը միանգամից իջեցրեց 20 դրամով: Հաշվի առնելով, որ մեր օլիգարխ-բիզնեսմենները որևէ առնչություն չունեն բարեգործության և «խղճի դավթարների» հետ, միանշանակ կարելի է ասել, որ Բարսեղ Բեգլարյանի այս մանյովրը ընդամենը CPS ընկերությունից օգտվողների բազմությանը հրապուրելն էր: Պատասխանը չուշացավ. CPS -ում ընկալեցին իրենց նետված մարտահրավերը և հաջորդ օրը բենզինի գինը իջեցրին 10 դրամով:
CPS ընկերությունը, ինչպես հայտնի է, պատկանում է Ռոբերտ Քոչարյանին, այն դեպքում, երբ Բարսեղ Բեգլարյանը համարվում է Սերժ Սարգսյանի մտերիմ-գործարարը, այլ կերպ ասած` բենզինի շուկայում սկսված մրցակցությունը, փաստորեն, ներկա և նախորդ նախագահների տնտեսական շահերին էր առնչվում: Սակայն Ֆլեշ Բարսեղի առաջին մարտահրավերն այնքան էլ արդյունավետ դուրս չեկավ. 10 դրամի տարբերությունը, պարզվեց, բենզին սպառողների հսկայական բանակի համար այդքան էլ հրապուրիչ չէր, հատկապես որ, CPS-ի լցակայանները քանակապես գերազանցում են «Ֆլեշ» ընկերության պոտենցիալը: Եվ ահա երեկ «Ֆլեշ» ընկերությունը հերթական ձեռնոցը նետեց CPS-ին` ևս 10 դրամով իջեցնելով բենզինի գինը: Սա շղթայական ռեակցիա առաջացրեց և բոլոր բենզալցակայաններում բենզինի գները միանգամից իջան 10 դրամով` հաստատելով բենզինի գնի հետևյալ մակարդակը` «Ֆլեշում»` 340 դրամ, իսկ մյուսներում` 350. 10 դրամի տարբերությունը, այնուամենայնիվ, «Ֆլեշը» պահեց իր դաշտում: Ի դեպ, տատանումները բացառապես բենզինի շուկայում են, դիզելային վառելիքի վրա դրանք չեն անդրադարձել:
Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ Հայաստանի վառելիքի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնում է «Ֆլեշ» ընկերությունը: Անցյալ տարի այս ընկերությունն իրականացրել է բենզինի՝ 42,24 և դիզելային վառելիքի՝ 51,4 տոկոս ներկրումներ: Վերջին օրերին դրսևորվող գնային քաղաքականությունը խոսում է այն մասին, որ Բարսեղ Բեգլարյանը որոշել է չբավարարվել այս ցուցանիշներով և կարդինալ քայլերով բենզինի շուկայից դուրս մղել նախկին նախագահին: Կհաջողվի՞ ներկա նախագահի հովանավորությունը վայելող գործարարին հասնել իր նկրտումներին` դեռ հարց է, բայց որ Բարսեղ Բեգլարյանի քայլերը խոսում են հենց դրա մասին, կասկածի ենթակա չէ: Բենզինի գնի՝ 10 դրամ տարբերությամբ մենաշնորհ հաստատելու փորձը, որքան էլ խոսուն, այնուամենայնիվ իր մեջ նաև որոշ հակասական գործոններ է պարունակում։ Ռոբերտ Քոչարյանին պատկանող CPS բենզալցակայանները հայտնի են որպես թալանչիներ։ Այստեղ 10 լիտր բենզինը ոչ մի դեպքում 10 լիտր չէ (ի դեպ, ասում են, որ բենզալցակայաններին հարկադիր խաբեբաների կարգավիճակում դնողը հիմնական սեփականատերն է. բենզալցակայաններին ի սկզբանե տալիս են 100լ բենզին, սակայն պահանջում դրա դիմաց վճարել որպես 110 լիտրի, արդյունքում՝ բենզալցակայանը ստիպված իր հավելյալ վճարը կորզում է ավտոմեքենա ունեցողից), սակայն փոխարենը «Ֆլեշ» ընկերության մատուցած բենզինի որակը զիջում է CPS-ին, այնպես որ, ասել, թե իր անորակ բենզինը 10 դրամ էժան վաճառելով Բարսեղ Բեգլարյանը կարող է իսկապես Ռոբերտ Քոչարյանին մեծ վնաս հասցնել, այնքան էլ այդպես չէ:
ԼՈՒՍԻՆԵ ԵՍԱՅԱՆ
Այսօր «Վարկած» մամուլի ակումբում փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացրեց մի քանի աղմկահարույց գործեր, հնչեցրեց նաև մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ, որոնք առնչվել են մարտի 1-ի գործով կալանավորված անձանց հետ, կատարել խոշտանգումներ և ոչ միայն:
Քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Ֆելիքս Գևորգյանին ձերբակալել են՝ ամենայն հավանականությամբ նրա հոր՝ Աջափնյակի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարի վրա ճնշում գործադրելու համար. «Նրան ոչ միայն խոշտանգել են բերման ենթարկելիս, այլև բաժնում, և ստիպել են, որ իր վրա վերցնի Մարտի մեկի սպանություններից որևէ մեկը, սակայն երբ Ֆելիքս Գևորգյանը հրաժարվել է՝ նշելով, որ այդ գործով քաբանտարկյալ է եղել, նրան ստպել են իր վրա վերցնել մի շարք գողությունների մեղադրանք, որը խոշտանգումներից հետո նա ընդունել է»: Փաստաբանը պատմեց, որ սեպտեմբերի 22-ին Զովունի գյուղի իր բնակարանից Ֆելիքս Գևորգյանին ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Արթուր Գևորգյանը, տեղակալ Արկադի Սահակյանը և ևս հինգ աշխատակիցներ ծեծով ու խոշտանգումներով բաժին են տեղափոխել նրան, առգրավել են տան բանալին, անձնագիրը, մինչև հիմա անգամ պարզ չէ՝ ունեցե՞լ են արդյոք դրա համար օրինական հիմք, թե ոչ: Փաստաբանը պատմեց, որ իր պաշտպանյալին բանտում կտտանքների են ենթարկել. «Ֆելիքսի ոտքերն այրել են շիկացած երկաթով, նրա ոտքի մի եղունգը չկա, նա նույնիսկ չէր կարողանում քայլել, այդ հետքերը ես տեսել եմ, և միջնորդություն եմ ներկայացրել փորձաքննություն իրականացնելու համար: Երեք օր առաջ փորձագետը եղել է մեկուսարանում, մի քանի օրից կստանանք փորձաքննության պատասխանները, և հուսով ենք, որ մեղավորները կպատժվեն »,- նշեց նա: Ոսկանյանն անհիմն համարեց այն մեղադրանքները, որոնք ընդունել է Գևորգյանը՝ ֆիզիկական և հոգեբանական ճնշումների ազդեցությամբ: «Ելնելով մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք շինծու են: Ոչ կոնկրետ օրեր են նշված ոչ էլ գողությունների կոնկրետ վայրեր կան: Օրինակ, ինչ-որ շենքի հարևանությամբ գտնվող այգուց էլեկտրական շարժիչ է գողացվել, Երևանի ինչ-որ խանութի հարևանությամբ գտնվող շինությունից, բայց կոնկրետ շինությունը չի նշվում, ինչ-որ նկուղից, տասնհինգ թաղամասի ինչ որ կատյոլից…»,- նշեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նրա պնդմամբ՝ Ֆելիքս Գևորգյանն ընդունել է իր մեղքը միայն ծեծի և խոշտանգումներ արդյունքում, և միայն հետո պաշտպանի ներգրավումից հետո նա հրաժարվել է իր ցուցմունքներից: Ստեփան Ոսկանյանը անդրադարձավ նաև մարտի 17-ին Ասկերանում զոհված զինծառայող Ահարոն Հայրապետյանի գործին, որի նախնական վարկածով զինվորը մահացել էր ադրբեջանցու կողմից արձակված գնդակից, այնուհետ մեղքն ընդունել էր Աշոտ Կոստանյանը՝ սպանվածի մտերիմ ընկերն ու ծառայակիցը: «Տվյալ գործով իմ պաշտպանյալը ընդունել էր, որ իր կողմից անզգույշ կրակոցով է սպանել իր ընկերոջը, սակայն հետագայում՝ կարճ ժամանակ անց, հրաժարվել է իր ցուցմունքից և ասել, որ մեղքն ընդունել է ծեծի ու սպառնալիքների ազդեցությամբ,- ասաց փաստաբանը:- Այն բանից հետո, երբ մեր վերջին այցելության ժամանակ նա ծնողներին հասկացրել էր, որ իրեն բռնության են ենթարկում, երկրորդ անգամ ինձ չթույլատրեցին տեսակցել նրան, մտնել՝ պատճառաբանելով, թե իմ պահանջագիրը կնքված չէ: Անկեղծ ասած՝ ես առաջին անգամ Շուշիի բանտում իմացա, որ փաստաբանը պետք է կնիք ունենա»: Նա պատմեց, որ հաջորդ օրը, այնուամենայնիվ, կարողացել է տեսակցել իր պաշտպանյալին ու իմացել է, որ նրան սպառնում են Շուշիի բանտի աշխատողները, իսկ քննչական բաժնի պետը, օգտագործելով իր լծակները, բանտի աշխատակիցների միջոցով ստիպել է Աշոտ Կոստանյանին ընդունել, թե ինքն է կրակոցն արձակել: «Այս գործում էլ շատ անհասկանալի բաներ կան, օրինակ այն, թե ինչպես է զենքը հայտնվել Կոստանյանի մոտ, եթե կրակոցի ժամանակ հեռու է եղել»,- նշեց փատաբանն, ավելացնելով, որ իր պաշտպանյալն այսօր էլ պնդում է, որ որևէ կապ չունի այդ կրակոցի հետ: |
Հատուկ քննչական ծառայության վարույթում ամռանը հայտնվեց մի գործ, որի շուրջ բավականին մութ խոսակցություններ էին պտտվում:
Մասնավորապես ասվում էր, թե խնդիր է դրած այդ գործը «ջրել», հատկապես որ, մեղավոր նշվող մի քանի անձանցից ընդամենը մեկն էր ձերբակալվել, և, որ աստիճանաբար ամեն ինչ արվելու է այդ գործը կոծկելու համար:
Մենք հարցում ուղարկեցինք ՀՔԾ` պարզելու, թե ի՞նչ ընթացքի մեջ է հիշյալ քրեական գործը և արդյո՞ք հատուկ գործեր քննող մարմինը նախանձախնդիր է գործի լիարժեք բացահայտման հարցում։ ՀՔԾ –ից երկու օր անց ստացվեց պատասխան, որը ներկայացնում ենք ստորև:
«Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչներ Եղիազար Գևորգյանի և Արմեն Մելքոնյանի հայտարարությունների հիման վրա հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նույն գյուղի բնակիչներ Հարություն և Վարդան Թադևոսյանները 2010թ. հունիսի 2-ին` ժամը 14-ի սահմաններում, Արզական գյուղի կենտրոնական հատվածում վիճաբանել են Եղիազար և Գևորգ Գևորգյանների հետ, իսկ այնուհետև` Արմեն Մելքոնյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը. բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` բազմաթիվ անձանց ներկայությամբ տվել են հայհոյանքներ և ծեծի ենթարկել վերջիններիս` Եղիազար Գևորգյանի և Արմեն Մելքոնյանի առողջությանը պատճառելով միջին, Գևորգ Գևորգյանի առողջությանը` թեթև վնաս:
Վարդան և Հարություն Թադևոսյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
2010թ. հոկտեմբերի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»:
Թադևոսյանները տարիներ շարունակ այնպիսի վարք էին դրսևորել, որ ողջ գյուղը, մեղմ ասած, հոգնել էր նրանցից: Հենց դրանով էր պայմանավորված այն, որ երբ գործը մի փոքր հնչեղություն ստացավ, գյուղացիների շրջանում հույս արթնացավ, թե հնարավորություն կստեղծվի, ի վերջո, թոթափել գյուղի «տեռորիստների» լուծը։ Սակայն երբ սկսվեցին քրեական գործը «ջրելուն» վերաբերող շշուկները, եղած հույսն էլ մարեց. մարդիկ խոսում էին, որ Հայաստանում արդարության հասնել հնարավոր չէ, որ սանձարձակներից ազատում չկա:
Հարություն Թադևոսյանը Արզական գյուղում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիայի պանսիոնատի վերակացուն էր, ինչի շնորհիվ վայելում էր Ռադիկ Մարտիրոսյանի հովանավորությունը: Վարդան Թադևոսյանը` նրա եղբայրը` գյուղի նախկին ավագանին, վերջին ընտրություններին տապալվեց և դրանից հատկապես չարացավ: Թադևոսյանների մյուս հովանավորը, ասում են, հիշյալ ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Թովմասյանն է: Հենց այդ հովանավորչությունն էլ, դարձյալ ըստ լուրերի` դարձել էր Թադևոսյանների սանձարձակ վարքի և անպատժելիության գլխավոր երաշխիքը:
Եթե այդ օրը արձանագրված խուլիգանությունը հնչեղություն ստացավ, ապա բոլորովին չի նշանակում, թե նրանց նկատմամբ գյուղում տիրող բացասական վերաբերմունքը, այդ օրերին էր առաջացել .
Հաջորդ ուշագրավ պահը հովանավորներից առավել հզորի բացահայտումն էր: Հաշվի առնելով, որ ՀՀ-ում պատգամավորներն ավելի մեծ «պրախոդ» ունեն, քան գիտնականները, որոշեցինք «հովանավորչության» իրական հիմքերը փնտրել Ռոբերտ Թովմասյանի մոտ: Մեր հարցերին պատգամավորը բավականին անկեղծ և, որոշ դեպքերում, ինչ-որ տեղ նաև հետաքրքիր պատասխաններ ուներ:
— Պարո´ն Թովմասյան, Արզական գյուղում Թադևոսյանների նկատմամբ հարուցված քրեական գործի հետագա ճակատագրի հարցում նաև Ձեր անունն էր շոշափվում, ասվում էր, որ նրանց լկտի պահվածքի մեջ նաև Դուք մեղքի որոշակի բաժին ունեք, քանի որ հովանավորներից մեկն եք: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, Դուք հովանավորու՞մ էիք նրանց, թե՞:
— Ես Արզականի իմ ընտրատարածքում բոլորին էլ հովանավորում եմ:
— Այսինքն` հովանավորում եք հանցագործների՞ն:
— Չէ, ոչ թե հովանավորում եմ, այլ ընկերական հարաբերություններ ունեմ իրենց հետ:
— Իսկ որ իրենց այնպես էին պահել, որ ամբողջ գյուղը, այսպես ասած, «յախա» է թափ տալիս:
— Ես չեմ կարող ասել նման բան, թե ամբողջ գյուղը. պահվածք է եղել, սխալ է եղել, էնպես չի, որ ես արդարացնում եմ, չեմ արդարացնում նման պահվածքը:
— Օրինակ, չարժե՞ր, որ դուք` որպես հեղինակավոր մարդ, ա´յ, էդպիսին լիներ պատգամավորը, կանչեիք ու ինչ պետք է ասեիք, կարգի հրավիրեիք:
— Արվել ա, արդեն արվել ա, ասվել է ընկերական, շատ շտապ կերպով էդ բոլորը արվել ա, հաշտեցրել ենք:
— Իսկ որ խոսակցություններ կային, թե քրեական գործը փորձում են «ջրե՞լ»:
— Ես չեմ կարծում, թե նման բան հնարավոր է: Հետո, գիտե՞ք, չեմ կարող ասել, թե միակողմանի է եղել, հասցրել են պարզապես, հասցրել են: Էս պահին ավելի լավ էր, որ վեճ էր եղել, ո´չ մարդ էր վնասվել, կարելի էր հաշտեցնել և գնար, իսկ եթե դնենք օրենքի ուժով… Հետո էլ պատահական չի, որ բոլորն են զարմանում, թե ես էդ ոնց ստացվեց, որ 18 հազար ձեն տարա, երկրորդ թեկնածուն, որ մեծ ուժեր պաշտպանում էին, երեք անգամ քիչ հավաքեց, ոչ էլ փող եմ բաժանել, որովհետև այ էս ձևի հարաբերություններ են եղել, հարգել են, ես էլ իրանց եմ հարգել: Ես էլ կարայի փող բաժանեի: Ես բոլորին էլ լավ եմ նայել:
Լուսինե Կեսոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.