29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ որոշում է կայացվել մերժել VH music ՍՊԸ-ի տնօրեն Վահե Հարությունյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ոստիկանության Կենտրոնական բաժին VH music-ի տնօրեն Վահե Հարությունյանի կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ նախապատրաստական նյութեր էին ստացվել՝ հաշվի առնելով մի շարք քաղաքացիների դիմումներն առ այն, որ իրենք Սառա Քոնորի մասնակցությամբ երևանյան համերգի տոմսեր են գնել, սակայն համերգը չկայանալու հետևանքով այդ գումարն իրենց չի վերադարձվել։
Վահե Հարությունյանն ավելի ուշ հայտարարել էր, որ տոմս գնած քաղաքացիներին վերադարձվել է շուրջ 1 մլն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կվերադարձվի մինչև այս տարվա սեպտեմբեր։
Ի դեպ, Սառա Քոնորի մասնակցությամբ համերգը հետաձգվել է 3 անգամ: Սկզբում նախատեսված էր փետրվարի 14-ին, այնուհետև՝ փետրվարի 19-ին, իսկ վերջում՝ մարտի 8-ին, սակայն պարզվեց՝ ընդհանրապես չի կայանալու:
Այսինքն, այս պահին առկա է ընդամենը Վահե Հարությունյանի բանավոր խոստումը, որ կվերադարձնի քաղաքացիների գումարը:
Ոստիկանների, դատախազների, դատավորների մեղքով ապօրինի կալանավորվելուց և 5 տարի անազատության մեջ մնալուց հետո արդարացված Արմեն Պողոսյանն այսօր չի կարողանում գտնել ընտանեկան իր լիարժեք երջանկությունը. ծեծի, խոշտանգումների, նվաստացումների, հոգեբանական ճնշումների ազդեցությունից, ապրած վախից ու նյարդային ցնցումներից հնարավոր է, որ Արմենն այլևս հայր չդառնա, թեև հույսը դեռ չի կորցնում` բուժվում է:
Նա նաև սպասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը և այն պահին, երբ կպատժվեն իր ճակատագրի հետ խաղացած բոլոր մեղավորները: Կրած նյութական և բարոյական վնասների համար պետության փոխհատուցումը եղավ 7,5 մլն դրամի չափով գումարը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներողությունը և նվերը` «Կոմս Մոնտե Քրիստո» գիրքը:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի Սարատովկա գյուղի 22-ամյա բնակիչ, հովիվ Արմեն Պողոսյանը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման` 1999-ին կատարված մի հանցագործության` 12-ամյա Գեղեցիկ Ղանդիլյանին բռնաբարելու և սպանելու համար: Այդ դատավճիռը ուժի մեջ էին թողել նաև վերաքննիչ և վճռաբեկ դատարանները` ապացուցված համարելով Արմենի մեղքը: Անազատության մեջ մնալուց, դատապարտվելուց միայն 5 տարի անց էին իրավապահները պատահականորեն բացահայտել այդ հանցագործության իրական մեղավորին` ոմն Խոսրոևի: Բայց մինչ հանցագործին մեկուսացնելը Խոսրոևը հասցրել էր մեկ այլ հանցագործություն էլ կատարել` մի անչափահաս աղջնակի էլ բռնաբարել և սպանել: Եվ քանի որ հանցագործության կատարման ձևը, եղանակը և մյուս հանգամանքները համընկել էին, Խոսրոևը խոստովանել էր, որ Գեղեցիկ Ղանդիլյանին ևս ինքն է բռնաբարել ու կյանքից զրկել:
Իսկ ի՞նչ էին արել իրավապահները չբացահայտված այդ քրեական գործն «իրենց վրա» չթողնելու համար: Այն, ինչ սովորաբար և շատ դեպքերում անում են` «կոտրել էին» խեղճ նախրապանի գլխին: Տաշիրի ոստիկանությունում և դատախազությունում մանրամասներով ներկայացրել էին դեպքը` իրենց որոշած սցենարով, հետո դաժան բռնության և նվաստացումների միջոցով ինքնազրպարտչական գրավոր ցուցմունքներ էին կորզել և ստիպել, որ տեսախցիկի առջև էլ Արմենը նույն բանը ցույց տա արդեն դեպքի վայրում: Դատաբժշկական, մատնահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններն էլ այնպես էին գրվել, որ չհակասեին իրավապահների որոշած ու իրականացրած սցենարին: Եվ մարդուն, «բարեբախտաբար», դատապարտել էին 15 տարվա ազատազրկման, ոչ մահապատժի (1999-ին մահապատիժը դեռ հանված չէր): Ավելի ուշ դատարանն արդարացրեց Արմեն Պողոսյանին, և նրան խոստացան, որ կպատժվեն բոլոր մեղավորները: Սակայն այդպես էլ չբարձրաձայնեցին, թե այդ ոստիկաններից, քննիչներից, դատախազներից քանի՞սն են պատժվել, դատական երեք ատյանների քանի՞ դատավոր է հրաժեշտ տվել իր պատմուճանին ու աթոռին: Համենայնդեպս, դատավորներից եթե ոչ բոլորը, ապա մեծ մասն այսօր դեռ նույն գործով է զբաղված, և Աստված գիտի, թե այս ընթացքում քանի ընտանիքի ճակատագիր են խեղել ու քանիսին դժբախտացրել: Մեկ անգամ ևս հիշենք նրանց անունները` Գուրգեն Գագիկյան, Ռազմիկ Ազարյան, Գրիշա Մելիք-Սարգսյան, Մհեր Խաչատրյան, Տիգրան Սարգսյան: Նրանք պաշտոնավարում են, իսկ Արմեն Պողոսյանը նույնիսկ արդարացվելուց հետո իր տեղը չի գտնում. հեռացել է ծննդավայրից, սակայն ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Երևանում և ո՛չ էլ Արարատի մարզում, որտեղ այժմ ամուսնացել ու ապրում է կնոջ հետ, չի կարողանում հարմարվել իրականության հետ. չի ուզում վերհիշել ապրածը, բայց նաև չի կարողանում ձերբազատվել այդ դառը, դաժան, տեսիլքային հիշողություններից:
Պետությունն, իհարկե, ընդունեց իր հանցանքը և 7,5 մլն դրամի փոխհատուցում տվեց տուժողի կարգավիճակ ստացած նախկին ամբաստանյալին, որից 3 մլն-ը` Արմեն Պողոսյանին, 3 մլն-ը` նրա մորը` հանձնուքների համար ծախսված միջոցների դիմաց, իսկ մնացյալը` այլ ծախսերի:
Արդեն երկու տարի է, որ Արմեն Պողոսյանի բողոքը Եվրադատարանի վարույթում է: Նրա պաշտպան Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ, Եվրադատարան ներկայացված դիմումում մատնանշել են, որ առկա են Կոնվենցիայով նախատեսված մի քանի հոդվածների խախտումներ` ապօրինի կալանքի, խոշտանգման, նվաստացման (ինչին ենթարկվել էին Արմեն Պողոսյանը և նրա եղբայրը` օպերատիվ ծառայության աշխատակիցների` ոստիկանների կողմից), արդար դատաքննության իրավունքի: Պաշտպանական կողմը այդ ամենի դիմաց Հայաստանի Հանրապետությունից պահանջում է 120.000 եվրոյին համարժեք գումար` որպես նյութական և բարոյական վնասների փոխհատուցում: Արդեն ավարտվել է Եվրադատարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև հարցուպատասխանը: Սպասում են Եվրադատարանի որոշմանը, քանի որ հայրենի կառավարությունը Եվրադատարան ուղարկած պատասխանում բավարար էր համարել գլխավոր դատախազի ներողությունը, «Կոմս Մոնտե Քրիստոյի» գիրքը նվիրելը և 7,5 միլիոն դրամ փոխհատուցումը: Բայց եթե նույնիսկ Եվրադատարանը բարձրացնի փոխհատուցման շեմը, միևնույն է, դրանով Արմենը չի վերագտնի իր կորսված երջանկությունը…
1-in.am Էլմիրա Մարտիրոսյան
Այսօր Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները անդրադարձան անչափահաս տղաների՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գիշերային ժամերին մարմնավաճառությամբ զբաղվելու խնդրին՝ նշելով, որ հանրությունը լրջորեն մտահոգված է: Նելլի Դուրյանը ասել է. «Հրապարակումից հետո այդ մասում լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում: Ինչպես՝ մեր ստորաբաժանումը, այնպես էլ՝ ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան վարչությունը: Վերջնական արդյունքների մասին ձեզ անպայման տեղյակ կպահենք: Ներկա պահին ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»: Նախ՝ ինչպես է պատահում, որ ոստիկանությունը բացառապես իրեն ամրագրված գործառույթների մասին տեղեկանում է լրատվամիջոցներից: Երկրորդ՝ անչափահաս տղա մարմնավաճառների մասին մի քանի տարի առաջ հրապարակում է եղել, որտեղ տողերիս հեղինակը մանրամասնել է նույնիսկ, թե ովքեր էին վերահսկում տղաների խումբը, նշել նրանց կեղծանունները, թե որտեղից էին գալիս այդ տղաները, նրանցից ով՝ ինչ ընտանեկան, սոցիալական պայմաններ ուներ: Թե ինչպես էին նրանք հավաքվում կինո «Ռոսիայի» հետնամասում, որտեղից ավտոբուսներ են մեկնում մարզեր: 14-15-ամյա տղաներից մեկը նույնիսկ հիվանդ պապ ուներ, որը տեղյակ էր, թե իրեն ինչ գնով է դեղ ու հաց հասցնում իր թոռը: Այն ժամանակ էլ ոստիկանությունը խոստացավ զբաղվել այդ հարցով…
Այսօր ոստիկանության աշխատակիցը ասել է, թե խնդրին պետք է շատ նուրբ մոտենալ, որովհետեւ այդ տարածքում երեխաներ կան, որոնք նորմալ ընտանիքից են: Ո՞վ է խանգարում նուրբ մոտենալ կամ առհասարակ մոտենալ մարմնավաճառության խնդրին: Դեռ տարիներ առաջ ոստիկանության աշխատակից իմ ծանոթներից մեկն ասաց, թե համակարգում բոլորն էլ քաջ գիտեն ամեն բան: Գրեթե նույն տարածքում են կանգնում, այսպես կոչված, առևտրի տան գույնզգույն էժանագին մարմնավաճառները, որոնց ոստիկանությունը հաստատ հայտնաբերելու խնդիր չունի: Նրանք աշխատում են բաց ու թափանցիկ, սակայն սա այլ խոսակցության թեմա է:
Քանի դեռ մեր երկրում «ծառայության» այս ոլորտը «դուրս է մնացել» ուշադրությունից, այս թեման միշտ էլ ակտուալ է լինելու:
2011 թ. մարտի 10-ի նիստում գործադիրն ի գիտություն էր ընդունել 2010 թ. ընթացքում ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքի հաշվետվությունը, որը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը: Մենք հարցում էինք ուղղել թրաֆիքինգի հարցերով խորհրդի նախագահ, համատեղության կարգով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին` փորձելով հասկանալ, թե ի՞նչ պատկեր է այս ասպարեզում: Ի պատասխան կոնկրետ տրված հարցերի՝ ստացանք նախորդ տարվա հիշյալ հաշվետվությունը: Հաշվետվության 25 էջերի ուսումնասիրությունից պարզվեց, որ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարը բավականին գրավիչ բան է:
Թրաֆիքինգի դեմ պայքար ասելով՝ այստեղ հիմնականում հասկանում են ճանապարհորդությունների մեկնելը, նորանոր երկրներում սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելը, ձեռքի հետ էլ` Հայաստանում մի երկու կլոր կամ քառակուսի սեղան կազմակերպելը: Իհարկե, մանկատների սաների համար թրաֆիքինգ կոչվածի լուսաբանմանն ուղղված աշխատանքները կարևոր են, իհարկե՝ կարևոր են սովորական դպրոցականների համար կազմակերպված լուսաբանումները, իհարկե՝ թրաֆիքինգի ենթարկվելուց խուսափելու համար գուցեև օգնեն բրոշյուրները: Բայց դատելով հաշվետվությունից և այն ամենից՝ ինչ կատարվում է Հայաստանում, թրաֆիքինգի դեմ պայքար ասելով՝ այստեղ հիմնականում հենց դա են հասկանում:
ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում Հայաստանը դասվել է 2-րդ խմբի երկրների շարքը. սրանք այն երկրներն են, որտեղ իշխանությունները որոշ միջոցառումներ ձեռնարկում են թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ, սակայն այդ պայքարը լիարժեք չի համարվում: Որպես պայքարի ցուցանիշ՝ նաև ոստիկանության վրա է պատվեր դրված` տարվա կտրվածքով այս հանցագործության գծով որոշ գլխաքանակ ապահովել: 2010 թ. զեկույցի համաձայն, անցյալ տարի ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 1321-րդ հոդվածների հատկանիշներով (հենց թրաֆիքինգով) հարուցվել են 15 քրեական գործեր: «2010 թ.-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով (սա արդեն պոռնկությանն է վերաբերում- Լ.Կ.) հարուցվել են քրեական 31 գործեր, որոնցով բացահայտվել են հանցագործության 43 դեպքեր: Դեպքերից 1-ը վերաբերել է Թուրքիա փոխադրելով անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն, 20-ը` մահճակալներով սննդի օբյեկտների` «հյուրանոցային համալիրների» աշխատակիցների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, որից 1-ը՝ անչափահասի օգտագործմամբ, 9 դեպքերը տաքսու վարորդների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, իսկ մնացած 13-ը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ներգրավելու այլ դեպքերի, որոնցից 1-ը՝ անչափահասի օգտագործմամբ»:
Հաշվի առնելով, որ Երևանի փողոցները ուղղակի բացօթյա հասարակական տներ են, պարզ է, որ ոստիկանությունը չէր կարող գոնե նման կարգի ցուցանիշ չապահովել: Որքան էլ հայտնի է այն պարզ իրողությունը, որ նման հանցագործությամբ զբաղվողները չեն կարող որևէ բան անել առանց համապատասխան մարմինների աջակցության, այնուամենայնիվ, պարզ է նաև, որ տարվա մեջ կարող են պատահել նաև ոստիկանների «գլխից թռնողներ», որոնց` իրենց տեղը ցույց տալը ավելի քան հարմար առիթ կծառայի ոստիկանների համար` միջազգային ատյանների կողմից իջեցված թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտ արդյունք նկարելու համար:
Քանի որ հիշյալ հաշվետվության մեջ միայն չոր թվաբանություն է, թրաֆիքինգի դեպքի մեկ օրինակ մենք ներկայացնենք: Այս տարվա մարտ ամսին հայրենի իրավապահները բացահայտեցին նման հանցագործության մի զարհուրելի դեպք. հանցագործը Հայաստանի քաղաքական շրջանակներում ոչ անհայտ Սուսաննա Հարությունյանն էր: Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով մեղադրվող (անձնագրերի, դիպլոմների կեղծում, շորթում, գողություն…) այս կինը Արմավիրի մարզի սոցիալապես անապահով բազմանդամ ընտանիքների երեխաներին որդեգրության անվան տակ տեղափոխել էր եվրոպական երկրներ, որտեղ այդ երեխաներին մորթել էին, հետո օրգանները վաճառել: Սուսաննա Հարությունյանը նախկինում Էջմիածնի քաղաքապետարանում հանրակրթության վարչության պետն էր (հավանաբար, գյուղացիները հենց դրա համար էին հավատացել այս կնոջն ու վստահել իրենց երեխաներին նրան` մտածելով, թե որդեգրվելով եվրոպական ընտանիքի կողմից, երեխաները ավելի լավ կապրեին), այնուհետև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գլխավորած «Անհնազանդություն» շարժման բետեէռի կարգավիճակում մտավ քաղաքական կյանքի հորձանուտ, տևական ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հավատարիմ զինակիցն էր, նրա ցեմենտի գործարանը տնօրենը, որտեղ զբաղված էր թալանով, ինչի բացահայտումից հետո էլ Հակոբյանը նրա հետ կապերը խզեց, հետո էլի ներեց, հետո էլի խզեց, և այդպես դեռ երևի էլի շատ ու շատ զինակիցներ կփոխեր այս հազվագյուտ գործարար ջիղ ունեցող կինը, բայց հայրենի իրավապահները որոշեցին կասեցնել «բաշարող» տիկնոջ գործունեությունը և նա այժմ «Աբովյանում» է:
Թրաֆիքինգի դեմ պայքարի համար միլիոնների հատկացումներ ստացող, միջազգային կառույցների կողմից ևս ֆինանսավորվող պետական կառույցներին ամենամեծ օգնությունը ապահովում են նաև այս գործում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները. նախ, այդ ասպարեզում պատահական հկ-ները չեն կարող որևէ դրամաշնորհի հավակնել. դրամաշնորհներ տրվում են միայն յուրայիններին, որից հետո, արդարացնելու համար ֆինանսավորումը, հիշյալ կազմակերպությունները լծվում են թրաֆիքինգի դեմ պայքարի իմիտիացիայի ստեղծմանն ու ամրապնդմանը: Հարկավոր է հավատացնել բոլորին, թե Հայաստանում հզոր պայքար են մղում այս գործով զբաղվող մութ ուժերի դեմ, որոնք, բնականաբար, դրսից են: Իսկ իմիտացիայից այն կողմ իրական Հայաստանն է, որտեղ ավելի ու ավելի հաճախ են հանդիպում մարդկանց շահագործման ենթարկելու դեպքերը: Այդ գործով զբաղվողները անհրաժեշտ նյութեր կարող են հավաքել թեկուզ որոշ ֆերմերային տնտեսություններ դիտարկման ենթարկելով: Հայաստանյան թրաֆիքինգի հեղինակները անհայտ մարդիկ չեն, նրանք ամեն ինչ անում են օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, սակայն Հայաստանում թրաֆիքինգը հենց նրանով է յուրահատուկ, որ այստեղ մեղադրանքները «լողացող» են, և չի բացառվում, որ փաստեր բացահայտողն ընկնի քաշքշուկի մեջ, և ինքը մեղադրվի անհիմն լուրեր տարածելու համար:
Մի հետաքրքիր մանրամասն ևս՝ վերը հիշատակված հաշվետվությունից: Թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մեջ իր հատուկ տեղն ունի նաև «Օգնության հեռախոս» կոչված ծառայությունը: Եվ ահա, ըստ հաշվետվության, անցյալ տարի այս թեժ գիծն ընդունել է 394 զանգ, որոնցից 9-ն են եղել թրաֆիքինգի ահազանգեր. երևի մնացյալ 385-ը համարը սխալ էին հավաքել…
Lenta.ru կայքը տեղեկացնում է, որ Ռուսական «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին այս պահին գտնվում է Ռուսաստանի Վոլոգդայի մարզի ուղղիչ հիմնարկներից մեկում և իր պատիժը կրելու է այնտեղ։
Վերոնշյալ տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել։ Իսկ «Ռիա նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում Խոդորկովսկու կինը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե որ գաղութ է տեղափոխվել իր ամուսինը։
12,5 տարվա ազատազրկման դատապարտված Խոդորկովսկին Մոսկվայի «Матросская тишина» քննչական մեկուսարանից հունիսի 10-ին տեղափոխվել էր այլ բանտ, իսկ թե որ բանտ՝ նրա հարազատները և փաստաբանները տեղեկություն չունեն։
Հայտնի չէ նաև Խոդորկովսկու ընկերոջ՝ Պլատոն Լեբեդևի գտնվելու վայրը։ Նա նույնպես տեղափոխվել է հունիսի 10-ին։
Հիշեցնենք, որ Մոսկվայի Խամովնիչևյան դատարանը 2010 թ. դեկտեմբերի վերջին Խոդորկովսկուն ու Լեբեդևին 14 տարվա ազատազրկման էր դատապարտել՝ «ՅՈՒԿՕՍ»-ի դուստր ձեռնարկություններից նավթի յուրացման և գողացված նավթային միջոցների վաճառքից ստացված գումարների մի մասն օրինականացնելու մեղադրանքով։
Վերջերս Մոսկվայի քաղաքային դատարանը քննեց Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի 2010 թ. դատավճռի վճռաբեկ բողոքը և որոշեց մեղմացնել նրանց պատիժը. դատարանի որոշմամբ՝ 14 տարվա փոխարեն նրանք բանտում պետք է անցկացնեն 13 տարի։ Այսպիսով, Խոդորկովսկին և Լեբեդևը ոչ թե 2017-ին բանտից դուրս կգան, այլ՝ 2016-ին:
Առնվազն 15 աշխատակիցներ օրերս վերջնագիր են ներկայացրել հիմնարկի ղեկավարությանը։ Նրանք զգուշացրել են, որ «Հայփոստի» տնօրինությունը եթե չդադարեցնի ապօրինի գործելակերպը, ապա կոլեկտիվն իր իրավունքները կպաշտպանի դատական կարգով։ «Հայփոստի» աշխատողների դատական հայցերը, բողոքները վատ վերաբերմունքի, ցածր աշխատավարձի և աշխատանքային վատ պայմանների պատճառով՝ նորություն չեն։ Այս հիմնարկի աշխատողները բաժանված են երկու խմբի։ Առաջինը «սևամորթ ճորտերի» խումբն է, որը մեծամասնություն է կազմում։ Նրանք են ծանրագույն աշխատանքի դիմաց ստանում, օրինակ, 50-60 հազար դրամ։ Մարզերում շատ ավելի ցածր ստացող օպերատորներ կան։ Նրանց աշխատանքային պայմաններն անհամեմատ ավելի վատ են, քան Երևանում։ Իսկ «սպիտակամորթ» փոքրաթիվ պարոնների աշխատավարձը սկսվում է 600 հազարից։ Կան 800 հազար, մեկ և մեկուկես մլն դրամ ստացողներ։ Հնարավոր էր այս գումարներն արդարացված համարել, եթե ղեկավարությունը կատարեր իր խոստումները։ Արդեն մի քանի տարի է, ինչ «փոստային» չինովնիկները «լոլոներ» են պատմում ՀՀ քաղաքացիներին սուրհանդակային և այլ ծառայությունների աննկարագրելի թռիչքների մասին՝ արդիականացում, առաջատար դիրք ողջ տարածաշրջանում և այլն, բայց դրանցից ավելի շուտ հնացած PR-ի հոտ է փչում։ Կոլեկտիվի ներսում լուրեր են պտտվում, որ, օրինակ, «Հայփոստի» տնօրենը մոտ 7 մլն դրամ աշխատավարձ է ստանում։ Այդքան էր փոստից ամեն ամիս տանում անգրագիտությամբ և անդաստիարակությամբ, աշխատակիցների նկատմամբ վատ վերաբերմունքով աչքի ընկնորղ «ջահել» Խուան Պաբլո Գեչիջյանը, որը հայտնի էր որպես «Էռնեկյանի ձեռք»։ Այն բանից հետո, երբ հավատարմագրային կառավարիչ, մութ ֆինանսական անցյալ ունեցող արգենտինացի Էռնեկյանը եկավ Հայաստան և, տեսնելով, որ բանը բանից անցել է, դժգոհեց «Հայփոստից», ու «ջահելին» հեռացրեցին «լուրջ» հիմնարկի կառավարումից։ Սակայն աշխատակիցները վստահեցնում են, որ Խուանը շարունակում է ինչ-որ «անտեսանելի» ազդեցություն ունենալ և հարցեր լուծել։ Հիմա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել, որը խոստացել է շտկել իրավիճակը։ Կոլեկտիվում այս փոփոխությունները կապում են ՀՀ նախագահի ցանկության հետ՝ վերջ տալ հոլանդացիների թալանին և ապաշնորհ կառավարմանը։ Միաժամանակ կադրային ջարդի նոր ալիք են սպասում, ինչպիսին եղավ հոլադացիների տխրահռչակ տիրապետության սկզբում։ Մարդիկ որոշել են, որ այս անգամ չեն հանձնվելու և ապօրինությունների դեմ պայքարելու են միահամուռ։
Հովհաննես Իշխանյանը գիրք է հրատարակել՝ «Ուվալյնատի օրը», հիմնականում բանակային պատմությունների ժողովածու: Բոլորս էլ գիտենք, թե ինչ բարքեր են տիրում մեր բանակում, և ինչ բառապաշար է օգտագործվում այնտեղ: Հեղինակը գրում է բանակային պատմություններ՝ բանակային լեզվով: Նա չի րաֆինացնում, ցենզուրայի չի ենթարկում լեզուն, որով գրում է: Նա այլ խնդիր ունի: Բանակի կյանքն ու աբսուրդն իրական գույներով փոխանցող այլ գիրք ես չեմ հանդիպել դեռ: Հետևաբար՝ ոչ նորմատիվ բառապաշարն արդարացված է այս պարագայում, քանի որ հեղինակն ուզում է տեղ հասցնել իր «մեսիջը» ու հասցնում է, և այդ «ականջ ծակող» ու «բարոյականությունը վիրավորող» բանակային լեքսիկոնը դրան միայն նպաստում է:
Բայց էստեղ հարցն էդքան էլ բառապաշարը չի կամ ինչպես գրելը:
Տարիներ առաջ էր, երբ Երևանի երկու գրախանութներում Կարեն Ղարսլյանի վեպը հանեցին վաճառքից: Դրա մասին գրեցին, խոսեցին, բայց ոչ ոք չպայքարեց, հարցը չդարձավ գլոբալ, դուրս չեկավ կոնկրետ այդ գրքի հետ կապված կոնտեքստից, և դրա հետևանքով այսօր մենք ունենք այն, ինչ ունենք՝ Հովհաննես Իշխանյանի «Ուվալյնատի օրը» գիրքը «Բուկինիստ» գրախանութում հանել են վաճառքից ոչ նորմատիվ բառապաշարի առկայության պատճառաբանությամբ: Այսինքն՝ ենթարկել են գրաքննության:
«Չեն ասել նախապես, որ հանում են: Ընկերուհիներիցս գնացին, որ առնեն գիրքը, ասեցին՝ հանված ա վաճառքից ու վերադարձ արված հեղինակին: Ես զանգեցի, տնօրենն ասեց, որ հանել ենք, հա, մենք հակապետական ու պոռնոգրաֆիկ գրքեր չենք վաճառում: Ասեցի՝ բայց դուք ինձ չե՛ք զգուշացրել (պայմանագրի մեջ նշված է, որ գրավաճառն իրավունք ունի հանել գիրքը վաճառքից, սակայն երկու օր առաջ պետք է զգուշացնի մյուս կողմին ու վերադարձնի գրքերը), ասեց՝ դե՛ հիմա եմ զգուշացնում, ու անջատեց հեռախոսը: Եթե ես չզանգեի, ու ասենք՝ մարդ չգնար ու չհարցներ գիրքը, ես կարող է չիմանայի, որ հանել են: Անհատ տնտեսվարողն իրավունք ունի ընտրելու իր վաճառքի տեսականին, ես դեմ չեմ բիզնես վարելու էդ ոճին, ես դեմ եմ էն վերաբերմունքին, որ իրենք ցենզուրայի միջոցով անձնավորում են գրողին ու թքած ունեն, թե ինչ ճակատագիր կունենա գիրքը», — ասում է Հովհաննես Իշխանյանը:
Հովհաննեսի ընթերցողները Ֆեյսբուքում խումբ են բացել՝ Արգելված գրքերի աշխարհ:
«Խմբի նպատակն է պայքարել ՀԱՅ ԳՐՔԻ նկատմամբ անհանդուրժողականության, գրաշուկայում տիրող կամայականության, անհարգալից վերաբերմունքի բոլոր դրսևորումների դեմ` պաշտպանելով ԳՐՔԻ խոսքի և արտահայտվելու ազատությունը:
Հայաստանում հրատարակվող յուրաքանչյուր ԳԻՐՔ պետք է գտնի իր ընթերցողին, և նրանք, ովքեր խոչընդոտում են գիրք-ընթերցող կապի կայացմանը, միայն դատապարտման են արժանի: Գրավաճառը, որ գիրքն ընթերցողին հասցնելու իր բուն պարտականության փոխարեն ինքնակամ ստանձնել է գրաքննիչի և գրքի վաճառքն արգելողի անփառունակ դերը, ոչնչով չի տարբերվում հանցագործին չբռնող ոստիկանից, օրենքն անարգող պատգամավորից ու մեզ քաջածանոթ հայկական աբսուրդի թատրոնի մյուս գործող անձանցից: Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ լուծում ունի. թող ամեն մեկն զբաղվի իր գործով, գրողը` գրի, գրավաճառողը` վաճառի, ընթերցողն էլ որոշի` գնել, թե չգնել»:
Խմբի նախաձեռնողներից մեկը`Արմեն Օհանյանը, իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում պատմում է.
«Երբ իմացանք, որ Հովոյի գիրքը հանել են վաճառքից, գնացինք «Բուկինիստ»՝ «արգելված գրականություն» գնելու: Արգելվածն էլ Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն էր, որ գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանին դուր չէր եկել և որոշել էր իր գրախանութում չվաճառել՝ խախտելով իր և մատակարարի միջև առկա պայմանագրի առնվազն մեկ կետ. վաճառքից գիրքը հանելուց առաջ մյուս կողմին զլացել էր իրազեկել: Պարոն Վարդանյանին հայտնեցին, որ մենք պատրաստ ենք գնել վաճառքից հանված, բայց դեռևս ետդարձ չարված ողջ տպաքանակը, և նա, բնականաբար, հետաքրքրություն դրսևորեց ու բարեհաճեց զրուցել մեզ հետ: Շատ շուտով նա համոզվեց, որ ոչ ֆորմալ լեքսիկայի նկատմամբ իր բարեպաշտական վախը մենք չենք կիսում և հանդես ենք գալիս որպես գրքի սպառող՝ ոտնահարված իրավունքներով: Իրավական դաշտում իր կամայականության հիմնավորումը չգտնելով՝ պարոն Վարդանյանը փորձեց մեզ համոզել, որ իր գրախանութում նման բառերով գրքեր չեն վաճառվում, ինչին ի պատասխան ընկերուհիս բերեց Բուկովսկու ռուսերեն թարգմանություններից մեկը և դրեց պարոն տնօրենի քթի տակ: Նա դժկամությամբ կարդաց «трахнуть» և «жопа» բառերը և հայտարարեց, որ դրանք ամեն օր լսում ենք հեռուստաեթերից, իսկ Հովհաննեսի գործածածները՝ ոչ, և ընդհանրապես մեր մենթալիտետն ուրիշ է: Մենք էլի երկար զրուցեցինք ամենատարբեր հետաքրքրական թեմաներով, և, երբ պարոն Վարդանյանի բարեպաշտ համբերության փխրուն բաժակը վերջնականապես լցվեց, նա աղաղակեց. «Ստեղ իմ ուզածով ա, ինչ կուզեմ՝ կանեմ», ինչին ի պատասխան ես հիշատակեցի, որ Ստալինն էլ էր մտածում, որ ամեն ինչ իր ուզածով պիտի լինի:
Ներքևում ժամանակակից հայ գրողների դարակում աչքովս ընկավ ընկերոջս՝ Արամ Պաչյանի առաջին գիրքը, որտեղ շատ չէ, բայց մի քֆուր հաստատ հիշում եմ, որ կա. (Էջ 117, «Վայ ձեր տիրոջ մերը…, էս ի՞նչ գիշերանոց եք հագցրել»), և մտածեցի, որ Արամը հենց Արցախից վերադառնա, անպայման կգնանք միասին պարոն Վ.-ին տեսակցության այդ առիթով: Եւ մնացած բոլոր ծանոթ-անծանոթ-ընկեր-չընկեր գրողներին էլ, ովքեր իրենց տեքստերում գեթ մեկ անգամ անպարկեշտ բառ գործածելու հանդգնություն են ունեցել, խնդրում եմ ներկայանալ «Բուկինիստ» և զրուցել պարոն Վարդանյանի հետ»:
Ազատ շուկայի պայմաններում կարող է լինել ամեն ինչ, այդ թվում նաև ցենզուրա: Բայց սա ազատ շուկայի հետ ոչ մի կապ չունի. ազատ շուկան ձևավորվում է առաջարկ-պահանջարկի հիման վրա: Հիմա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում գրախանութից ոչ նորմատիվ լեքսիկայի պատճառով գիրքը վաճառքից հանելն առնվազն անհեթեթություն է: Եթե մտածում ենք մեր երեխաների «հայեցիության ու բարոյականության» մասին, ապա առաջին հերթին պետք է ցենզուրայի ենթարկվեն հեռուստատեսային այլանդակ ու անճաշակ հաղորդումներն ու սերիալները, որոնք ոչ մի լավ բան մեր նոր սերնդին չեն սովորեցնում: Իսկ գիրքը վաճառքից հանելն այն պատճառաբանությամբ, որ իբր սերունդը «չփչանա», նման է այն իրավիճակին, երբ 16-ը նոր բոլորած տղային «բոզի» են տանում փարաջայով պոռնիկի մոտ: Այսինքն՝ «Բուկինիստ»-ը դժվար թե կարողանա այսօր ինչ-որ գրքի մատչելիությանը խոչընդոտել:
Ապագա սերնդի մեջ մարդկայնություն է պետք մտցնել, հայությունը բոլ-բոլ կա, ու եթե դրա համար պետք է բանակի անասուն վիճակը նկարագրել ոչ նորմատիվ լեքսիկոնով, ուրեմն՝ պետք է, եթե գրողը մի բան է փոխում, առավել ևս՝ եթե գրում է մի թեմայով, որ չի էլ գրվել, ու ներկայացնում է իրականությունը, լիքը բան ասում ու տալիս, ինձ համար մեկ է, թե ինչ բառապաշար է օգտագործվել…
Ու հարցն էստեղ կոնկրետ գրքի գրելաոճը չի, այլ որ՝ ցենզուրան կիրառվում է մի գրքի հանդեպ, իսկ մյուսների հանդեպ՝ ոչ, և որ ընդհանրապես ցենզուրա կա: Հիմա էլ սովետ չկա, գլավլիտ չկա, որ գրաքննի: Հարցը նաև սպառողի իրավունքների խախտումն է. բարոյական վերահսկողության ժողովրդական կոմիտեներն ու գլավլիտի ցենզուրան չկան, դրանց վրա չեն կարող բարդել, ուրեմն ի՞նչ է ստացվում՝ տնտեսվարողի կամայականություն:
Մի տղա, որը դեմ էր խոսում ոչ նորմատիվ բառապաշարով գրականությանը, որին հնարավոր եղավ հասկացնել, որ կռիվն ուրիշ բան է, ոչ միայն՝ ցենզուրան, գրել էր.
«Մի անգամ նույն «Բուկինիստ» գրախանութում փնտրում էի Տիգրան Մեծի ռազմավարության մասին գիրքը, պատահաբար ձեռքիս տակ ընկավ մի գիրք՝ հեղինակ Ջեննա Ջեմսոն՝ պոռնո աստղ: Գրքի անվանումը՝ «Ինչպես են սեքսով զբաղվում պոռնո աստղերը», ու այս գիրքը դրված էր պատմության և կինոարվեստի բաժնում»:
Դե իհարկե, ծախվում է՝ դրել են: Հովոն ո՞վ է որ, գրածն ի՞նչ է, իսկ էստեղ՝ սեքս կա, աստղեր են, սա կարելի է ծախել, իսկ Հովոյինը՝ ոչ, որովհետև Հովոն շահութաբեր չի, համ էլ Հովոն «քֆուր»-ով է գրում, համ էլ կարող է մեր թայֆից չի, համ էլ հայ է, ամոթ է, մեզ սազական չի…
Ցանկացած ցենզուրա, ցանկացած արգելք խանգարում է առաջընթացին ու խթանում սանձարձակությունը, երբ փակած պահում են, հետո՝ բաց թողնում: Ազատությունը լկտիություն եթե ծնում էլ է, ապա տարիքային՝ անցողիկ, այնինչ ցենզուրան ծնում է շարունակական արգելքներ, հետևաբար՝ գայթակղություններ, հետևաբար՝ մնացածը, ինչ ունենք, կեղծ բարոյականությամբ ներծծված հասարակություն:
Իհարկե, ոչ նորմատիվ լեքսիկայով գրականությունը կարող է շոկ առաջացնել, կան հեղինակներ անշուշտ, որոնց թվում է՝ հայհոյանք կգրեն ու իրենց մասին կասեն՝ «ժամանակակից ա»: Բայց Հովհաննես Իշխանյանը դրանց մեջ չի: Նա ուղղակի գրում է ապրելու լեզվով: Բանակային կյանքն էր էդպիսին, ու ոչ միայն բանակայինը…
Ինչ մնայուն է՝ մնում է, ինչ արժեք չի, մոդա է՝ անցնում գնում է: Բայց մի կողմ դնենք նախասիրություններն ու, էսպես ասած, բարոյախոսությունները, ու եկեք կողմնորոշվենք. մենք չենք ուզում ցենզուրա` ինչի՞, որովհետև մենք անամոթ ենք ու ուզում ենք ազգը դառնա անամոթ ու կործանվի՞: Չէ, բոլորովին, մենք ցենզուրա չենք ուզում, որովհետև ուզում ենք ընտրելու իրավունք ունենանք: Կան բաներ, որոնք քրեական օրենսգրքով արգելվում են… Լեքսիկայի մասով օրենքում բան չկա:
Երևի մեր օրերում չկա կենդանի մեկ այլ լեզու, որում խոսակցականը գրականից այդ աստիճան տարբեր լինի:
Ոչ ոք ոչ մեկին չի կարող պարտադրել կարդալ ինչ-որ բան, որ չի ուզում: Բայց պարտադրելը ուրիշ է՝ տվյալ դեպքում մարդն ինքն է ընտրում էդ գիրքը, ու գրավաճառը չի, որ պետք է որոշի իր փոխարեն՝ ինքն էդ գիրքը կարդա, թե չէ:
Գրականության դերը նաև այն է, որ բացահայտի հասարակության մեջ տեղ գտած արատները, եթե կեղտ կա՝ խոսել դրա մասին. կեղտը պետք է մաքրել, ոչ թե կոծկել անկյուններում` վատ տանտիրուհու պես:
Արգելված կարող են լինել, այն էլ՝ օրենքով, միայն ֆաշիստական և ագրեսիա առաջացնող գրքերը, Հովհաննես Իշխանյանի գրքից հաստատ ոչ մեկի հոտն է գալիս, ոչ էլ՝ մյուսի: Թե չէ աուտոդաֆե են սարքել 21-րդ դարում…
«Այս մեկ-երկու օրն արդեն կանցնի աշխատանքի»,- այսօր կառավարությունում «բացվեց» արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Խոսքը Նորայր Փանոսյանի՝ Ազգային ժողովում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի ավագ օգնականի մասին է: «Հայկական վարկածը» արդեն գրել է դրա մասին: Կառուցվածքային բարեփոխումների հետևանքով նոտարական բաժինը լուծարելուց հետո այս նախարարությունում ստեղծվում է, այսպես կոչված, Օրինականության վերահսկողության տեսչություն, որը պետք է ղեկավարի Փանոսյանը: Կառավարության որոշմամբ տեսչությունն արդեն իսկ ստեղծված է, ամեն ինչ պատրաստ է, մնում է անցնել աշխատանքի:
Ըստ մեր տեղեկությունների, նախարարությունն իր դիրքերն ամրապնդում է նոր վերահսկող կառույցներ ստեղծելով, որոնք եթե իրոք ծառայեն նպատակին, կարող են իսկապես օգուտ բերել կոռուպցիայի մեջ թաղված համակարգին: Նույնատիպ մի վերահսկողական ծառայություն է ստեղծվել ՀԿ-ների և հիմնադրամների համար, որը ղեկավարելու է ՔԿՀ-ից հեռացած Արսեն Բաբայանը:
Իսկ այս կառույցը վերահսկելու է ոչ միայն նոտարիատի աշխատանքը, այլև հետևելու է ԶԱԳՍ-երի, ԴԱՀԿ-ի, պետական ռեգիստրի, քաղաքացիներին ծառայություններ մատուցող մյուս նմանատիպ կառույցների աշխատանքին: Իսկ որ նման ծառայությունները մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են առանց պահպանելու օրինականության պահանջները, փաստ է:
Արդեն իսկ կարելի է կանխատեսել, որ տեսչության գործունեության մեկնարկը կարող է ուղեկցվել մի քանի աղմկահարույց պաշտոնանկություններով: Մնում է հուսալ, որ այս դեպքում նույնպես թացը չորին չի խառնվի, և զուտ հայկական տարբերակով աշխատանքից չեն ազատվի անցանկալիները: Տեսչությունն ունենալու է առանձին ուղղություններով մասնագիտացված բաժիններ, որոնց միջոցով էլ կիրականացվի վերահսկողությունը:
Ճիշտ է, Փանոսյանի նշանակման պարագայում առաջին պլան է մղվում նրա` «Գլաձոր» համալսարանի շրջանավարտ լինելու գործոնը, այսինքն՝ այն, որ Հրայր Թովմասյանի հետ եղել են գրեթե կուրսեցիներ (Թովմասյանը սովորել Միջազգային իրավունքի ֆակուլտետում, Փանոսյանը` իրավագիտության): Ասել, թե նախարարը պաշտոններից ազատում է ոչ յուրայիններին` փոխարենը համակարգը լցնելով իր մարդկանցով, այնքան էլ արդարացի չէ. դատելով Փանոսյանի կենսագրությունից, նա նոր մարդ չէ համակարգում: Ճիշտ է, ուսանելու առումով նրա կենսագրությունն այդքան էլ խոստումնալից չէ, բայց այսօր ոչ պետական բուհերի որոշ շրջանավարտներ նույնիսկ դատավորի պաշտոն են զբաղեցնում, դրանից բացի՝ վաղուց անցել են այն ժամանակները, երբ պետական բուհը կրթության որակի չափանիշ էր: Ավելին, բացի «Գլաձոր»-ից, Փանոսյանը սովորել է նաև Ռուսաստանի Դաշնության Էմանուել Կանտի անվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, ասպիրանտուրան անցել է ՀՀ ԳԱԱ-ում, բայց թեկնածուական թեզը պաշտպանել է Մոսկվայում: Փանոսյանը մի քանի տարի աշխատել է արդարադատության նախարարությունում՝ որպես իրավախորհրդատու, հետո՝ բաժնի վարիչ, կադրերի վերապատրաստման գծով դասախոս, որից հետո տեղափոխվել է դատական համակարգ` ստանձնելով Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնականի պաշտոնը, միաժամանակ եղել է նաև արդարադատության նախարարության կադրերի վերապատրաստման ամբիոնի վարիչ, դասավանդել է ոստիկանական ակադեմիայում: Փանոսյանի հաջորդ և մինչ օրս վերջին անցումը ՀՀ նախագահի աշխատակազմն էր, որտեղ և աշխատում է մինչ օրս` որպես Գառնիկ Իսագուլյանի ավագ օգնական: Ի դեպ, նա իր ուղին անցել է ինքնուրույն` առանց քեռիների, դուրս գալով սովորական բանվորական ընտանիքից:
Անօգուտ տեսչություններ ստեղծելուց մեր իշխանությունները չհագեցան ու չխրատվեցին. իրականում նրանց գործը բարդ է ու դժվարին, սակայն մեզանում դա ասոցացվում է փողեր լվանալու կամ կոռուպցիայի հետ և՝ ոչ անարդարացիորեն: Ամեն դեպքում Փանոսյանը կարծես վճռական է տրամադրված: Վճռականությունը՝ վճռականություն, բայց երևի թե լավ կլինի սպասել և տեսնել, թե ինչ կստացվի տարիներ շարունակ իրենց հանձնված «բոստաններում» իրենց ուզածը անել սովոր պաշտոնյաներին վերահսկելուց, և նոր միայն եզրակացություններ անել:
Թեև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրըª Տիգրան Փոստանջյանը, ազատ արձակվեց դատարանի դահլիճիցª համաներմամբ, սակայն այդ ձևակերպումը չի գոհացնում պաշտպանական կողմին£ Ինչպես հունիսի 9-ի ասուլիսում հայտարարեց Տ.Փոստանջյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը, իրենք մտադիր են հասնել արդարացման դատավճռի, ինչպես նաև պարզել, թե ովքեր էին կանգնած այդ գործի ետևում: Պաշտպանական կողմը համոզված է, որ պատվիրատուն Գլխավոր դատախազությունն է կամ պարզապես պատվերը նրան է իջեցված£
Ըստ պաշտպանի, երկու բողոք է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան£ Մասնավորապես, հայցադիմում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազության դեմ Տ.Փոստանջյանի նկատմամբ անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելու փաստով£ Վիճարկվում է նաև գործը Ազգային անվտանգության քննչական մարմնի քննությանն ուղարկելու ՀՀ գլխավոր դատախազի ցուցումը£
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի հայցը: Հայցը վերաբերվում էր 2010 թվականի հոկտեմբերի 14-ի մի հոդվածում հրապարակված տեղեկություններին, որտեղ գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Լևոն Սարգսյանը և Ռուբեն Հայրապետյանն իրենց պատիվն ու գործարար համբավը արատավորող էին համարել, և օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից պահանջել շուրջ 6 մլն. դրամ:
Այս Հայցը առաջին ատյանի դատարանը բավարարել էր:
Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում 30 օրվա ընթացքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.