Բագրատաշենի մաքսակետում ծեծկռտուք է տեղի ունեցել նախաբացթողումային հսկողության տարածքային բաժնի աշխատողի և մաքսանենգության դեմ պայքարի տարածքային բաժնի աշխատողների միջև: Ըստ մեր տվյալների՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի մի քանի աշխատող ծեծի են ենթարկել նախաբացթողումային հսկողության աշխատողի: Վերջինս զանգահարել է իր ընկերներին և նրանք եկել են օգնության և, այսպես ասած, իրենց հերթին, ծեծի են ենթարկել իրենց ընկերոջը ծեծողներին: Բայց ամենը այսքանով չի ավարտվել: Մաքսանենգության դեմ պայքարի տարածքային բաժնի՝ ծեծկռտուքին մասնակցած աշխատակիցներին և ծեծված նախաբացթողումային հսկողության տարածքային բաժնի աշխատակցին կանչել են ՊԵԿ կենտրոնական մարմին «ռազբորկայի»:
«Բազարի» արդյունքում՝ ճիշտ ու սխալ անելու միջոցով աշխատանքից ազատվել են ծեծկռտուքին մասնակցած՝ մաքսանենգության տարածքային բաժնի երեք աշխատակից: ՊԵԿ ղեկավարությունը նաև նկատողություն է տվել ծեծվածին, թե իբր «ինչու՞ է նա կանչել իր ընկերներին Բագրատաշենի մաքսակետ հարցեր պարզելու համար, ավելի լավ էր քեզ ծեծողներին դրսում (մաքսակետից հեռու) տեսնեիր և հարցերդ պարզեիր», — եզրափակել են «ծառայողական ռազբորկայի» արդյունքում: