23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Կարագանդա քաղաքում հայերին պատկանող «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Հիշեցնենք, որ տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության արդյունքում կա մեկ զոհ, երկու վիրավոր: Ըստ որոշ տեղեկությունների, վիճաբանությանը մասնակցել են նաև ռեստորանի սեփականատիրոջ որդիները.
«Մենք խորապես ցավում ենք տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար, ինչը մարդկային կյանք խլեց և ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին:
Մենք վստահ ենք, որ հետաքննությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն և կպատժվեն օրենքի ուժով:
Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ առկա է միջմշակութային ներդաշնակություն և բացառիկ հանդուրժողականություն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Հուսով ենք, որ ԶԼՄ-ները կվկայակոչեն պաշտոնական աղբյուրները և սոցիալական ցանցերում չեն տարածի չհաստատված տեղեկություն, ինչը կարող է ազդել հանրային կարծիքի վրա, և այս ողբերգությունը դարձնել ազգամիջյան հակամարտության պատճառ»,-ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման շուրջ աշխատանքները շարունակվում են։ «Ազատության» հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը փոխանցեց, որ արտահանձնման թղթերն արդեն ուղարկել են Պրահա։
«Դեկտեմբերի 26-ին հանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այս պահին այլ մանրամասներ չեմ կարող ասել», – հավելեց Խաչատրյանը:
Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այլ երկրի պահանջով ձերբակալված անձը նախնական կալանքի տակ կարող է մնալ առավելագույնը 40 օր, և եթե այս դեպքում Հայաստանը արտահանձնման դիմում չներկայացնի, Պրահայի իշխանությունները կարող են նրան ազատ արձակել։ Արտահանձնման ժամկետը լրանում է հունվարի կեսին։
Պրահայում հայտնաբերման պահին Նարեկ Սարգսյանը ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։
Ալեքսանդր Սարգսյանի 37-ամյա որդին գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է Պրահա 5 թաղամասում գտնվող բնակարաններից մեկում Պրահայի տարածքային ոստիկանության քրեական հետախուզման բաժնի աշխատակիցների կողմից: Նա հիմա գտնվում է նախնական կալանքի տակ:
Նյութի այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, Պյոտր Ցիգանկովի մասով, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղում վտանգավոր բռնություն գործադրելու, այն է՝ պայթյուն իրականացնելու վերաբերյալ գրավոր ներկայացրած սպառնալիքով, մասնաճյուղի կառավարչից Պ.Ցիգանկովը պահանջել և հափշտակել էր առանձնապես խոշոր չափերով գումար։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնություն են ձեռք բերել՝ «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից ավազակությամբ առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարելու շուրջ, կատարել դերաբաշխում:
Ըստ դերաբաշխման՝ խմբի անդամներից մեկը, օժանդակելով Պ.Ցիգանկովին, բանկի մասնաճյուղում գումարի առկայության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, 2017թ. հոկտեմբերի 5-ին գնացել է բանկի նշված մասնաճյուղ, հանդես եկել որպես «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի կողմից ուղղորդված հաճախորդ, կառավարչին հայտնել 60.000 Եվրո գումարը ԱՄՆ դոլարով փոխանակելու մտադրության մասին և ձեռք բերել նախնական համաձայնություն։ Միաժամանակ մասնաճյուղ այցելած անձը կառավարչին հայտնել էր, որ վատառողջ լինելու պատճառով ինքն անձամբ չի կարող կատարել գործարքը և պայմանավորվածություն է ձեռք բերել, որ բանկ կայցելի եղբայրը:
2017թ. հոկտեմբերի 9-ին Պ.Ցիգանկովը մասնաճյուղի կառավարչի մոտ էր գնացել և հայտնել, որ հանդիսանում է 60 000 Եվրո գումարի փոխանակման հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերած անձի եղբայրը և առաջարկել գործարքը կատարել գանձապահի աշխատասենյակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչին կառավարիչը համաձայնել էր: Կառավարիչը, գործարքը կատարելու նպատակով, բացել էր չհրկիզվող պահարանը, որից հետո Ցիգանկովը գրավոր սպառնացել էր պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում։
Մասնաճյուղի կառավարիչը, սպառնալիքների ազդեցության ներքո, կատարել էր գրավոր ներկայացված պահանջը, և Պ.Ցիգանկովը, հափշտակելով չհրկիզվող պահարանում առկա առանձնապես խոշոր չափերի գումարը՝ 42.709.000 ՀՀ դրամ, 105.223 ԱՄՆ դոլար, 27.325 եվրո, 439.800 ՌԴ ռուբլի և 205 ֆունտ ստերլինգ, դիմել էր փախուստի՝ հափշտակելով «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 112 215 171 ՀՀ դրամ գումարները։
Պ.Ցիգանկովի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով։ Վերջինս հայտնաբերվել էր Վրաստանի Հանրապետությունում և, օրենքով սահմանված կարգով, 2018 թվականի հուլիսին տեղափոխվել Հայաստան ու ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Դատարանը վերահաստատել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Պ.Ցիգանկովին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ մեղադրյալ Պ.Ցիգանկովի վերաբերյալ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, նրա վերաբերյալ դրվագը քրեական գործից անջատվել է առանձին վարույթ և հայտարարվել նախաքննության ավարտի մասին։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ այսօր ընթանում էր Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նիստից մոտ երկու ժամ անց լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է.
«Պարզվում է, որ մեր քննչական մարմինները շատ խիստ զբաղված են և աշխատանքային ժամերից դուրս երբեք նիստերին չեն մասնակցում, այսինքն՝ քննիչը խնդրեց, որ քանի որ աշխատանքային ժամն ավարտվել է և քանի որ ինքը անձնական լիքը գործեր ունի, և պարոն Քոչարյանը կարող է ևս 10 օր կալանքի տակ մնալ ու չքննարկենք գրավի միջնորդությունը, նա պետք է գնա, և դատարանը նիստը հետաձգեց մինչև հունվարի 9-ը։
Ընդհանրապես հարց չքննարկվեց, մոռացան, որ միջնորդություններն ըստ Քրեական դատավարության օրենսգրքի՝ քննվում են անհապաղ, մինչև ավարտ, կալանքի գործերը քննվում են գիշերը։ Եվ ոնց որ թե ստացվում է, որ սրանից հետո ընդհանրապես կարելի է գիշերը կալանքի գործերին չգալ, որովհետև դրանք աշխատանքային ժամեր չեն»։
Ըստ նրա՝ քննիչ Հրաչ Մուշեղյանը արհեստականորեն ժամանակ է ձգել. «Ասում էր, որ ինքնաբացարկի միջնորություն ունի դատավորի նկատմամբ, մինչև քննարկվեց՝ ինքնաբացարկի միջնորության համար իրեն ինչքան ժամանակ է պետք… քննիչը բոլոր դատավորներին համարում է ոչ պրոֆեսիոնալ և միակ պրոֆեսիոնալն ինքն է։ Ամեն դեպքում նիստը կշարունակվի հունվարի 9-ին։ Կարծում եմ՝ ինքնաբացարկի միջնորդությունից հետո կքննարկենք արդեն գրավի միջնորդությունը»։
Փաստաբանն ասաց, որ Քոչարյանը նիստին չի մասնակցել, որովհետև գրավի գործի քննությունը տեխնիկական է։ «Երբ դատարանները վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունները քննում են գիշերը, երբ կեսգիշերին մենք ասում ենք՝ տվեք մեզ գոնե մինչև առավոտ ժամանակ, տալիս են մինչև 2 ժամ ժամանակ, Վերաքննիչ դատարանը դրանից հետո ասում է՝ 2 ժամն ավելի, քան բավարար է, դուք 4 հոգով եք, կարող եք կարդալ, իսկ քննիչն ասում է՝ ինձ պետք է երկար ժամանակ՝ ինքնաբացարկի միջնորդություն գրելու համար, և դատարանն ասում է՝ լավ, ձեզ կտամ երկար ժամանակ, երբ քննիչը իրեն գուցե լավ զգում, գուցե՝ ոչ, կարծում եմ՝ դա հիմք չէ, որպեսզի այդ միջնորդությունը չքննվեր։ Դատարանի նիստը նշանակել ժամը 17։00-ին, եթե 18։00-ից հետո չէր շարունակվելու, իմաստ չկար»։
Արամ Օրբելյանն ընդգծեց՝ քննիչն ասել է, թե պետք է գնա՝ թղթերն ուսումնասիրի, որովհետև գուցե ինքնաբացարկի հիմք ունի. «Մարտի 1-ի էպիզոդներից մեկով քննիչը դատավորին ինքնաբացարկ է հայտնել, այդ գործը Ռ. Քոչարյանի գործի հետ կապ չունի, այդ գործով ինչ-որ որոշում կար, որը քննիչը դեռ չէր ստացել, ժամանակ խնդրեց, որ դատարանի որոշմանը ծանոթանա։ Մենք որևէ ինքնաբացարկի հիմք չենք տեսնում, որովհետև այդ գործով դատարանն ինքնաբացարկ էր հայտնել՝ զուտ իր անձնական կապը հաշվի առնելով։ Դրա համար քննիչը խնդրեց ինքնաբացարկ հայտնել, այստեղ քննիչի կողմից կլասիկ իրավունքի չարաշահում էր»։
Հաշվի առնելով, որ վերջին օրերի ընթացքում զանգվածային լրատվության որոշ միջոցների, ինչպես նաև հասարակության մի շարք անդամների կողմից համացանցում և հրապարակային միջոցառումների շրջանակներում հնչում են դատավորների պատիվն ու արժանապատվությունն արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության դատավորների միություն են դիմել միության անդամ հանդիսացող դատավորներ Զ. Նախշքարյանը և Դ. Բալայանը, Հայաստանի Հանրապետության դատավորների միությունը հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
Դատավորների միությունը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ինչպես նաև բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն իրողության վրա, որ դատավորների անկախությունն ու անաչառությունը, արդարադատության իրականացմանը ցանկացած միջամտության և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի բացարձակ արգելքն ինչպես իրավունքի գերակայության վրա հիմնված բոլոր պետություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ունեն անկյունաքարային նշանակություն և որպես սահմանադրաիրավական սկզբունքներ՝ երաշխավորվում ու պաշտպանվում են պետության կողմից: Այլ խոսքով՝ հնարավոր չէ խոսել իրավական, ժողովրդավարական պետության մասին, եթե չի ապահովվում դատական իշխանության անկախությունն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ազդեցությունից:
Դատավորների միությունը հարկ է համարում նշել, որ դատավորների անկախության վրա արտաքին ազդեցության դրսևորում է համարվում նաև հասարակության կողմից դատական իշխանության վրա ճնշումներ գործադրելը տարբեր գործերի կապակցությամբ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Այլ կերպ ասած՝ իրավական պետությունում դատավորներն առաջնորդվում են միայն Սահմանադրությամբ և օրենքներով: Ստանձնելով պաշտոնը՝ դատավորները գիտակցում են, որ գտնվելու են հասարակության քննադատության թիրախում, հետևաբար յուրաքանչյուր քննադատություն, առավել ևս վիրավորական արտահայտություններ հնչեցնելու ժամանակ պետք է գիտակցել, որ դրանով ուղղակիորեն վնաս է հասցվում Հայաստանի Հանրապետությանը՝ որպես իրավական պետություն:
Դատավորների միությունն անառարկելի ճշմարտություն է համարում այն, որ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքը ժողովրդավարական հասարակության կարևորագույն արժեքներից մեկն է: Սակայն այս իրավունքն ունի իր իրացման սահմանները և կարող է ենթարկվել սահմանափակման, որի հիմքերից է նաև դատական համակարգի հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու անհրաժեշտությունը: Սա նշանակում է, որ ցանկացած անձ պետք է զգուշավորություն ու նրբանկատություն ցուցաբերի իր այն հրապարակային ելույթներում, որոնք վերաբերում են դատավորներին, քանի որ իրենց ստանձնած պաշտոնից բխող կարգավիճակով պայմանավորված՝ դատավորները բավականին խոցելի են հասարակական քննադատությունների նկատմամբ:
Դատավորների միությունն ընդգծում է, որ բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերով կարևորվում է դատական իշխանության անկախությունն ապահովելը:
Այսպես, Դատական իշխանության անկախության ապահովման կարևորության մասին բազմիցս արտահայտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան): Մասնավորապես կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի համատեքստում անդրադառնալով դատավորների նկատմամբ քննադատության թույլատրելի սահմաններին՝ Եվրոպական դատարանը գտել է, որ զանգվածային լրատվական միջոցներն իրավունք ունեն լուսաբանելու ընթացիկ դատավարությունները և քննադատողական մեկնաբանություններ կատարելու դրանց վերաբերյալ այնքանով, որքանով նրանք տեղեկատվություն են տրամադրում հատուկ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ և չեն խախտում դատավարության մասնակիցների արդար դատաքննության երաշխիքները (տե՛ս DUPUIS AND OTHERS v. FRANCE գործով Եվրոպական դատարանի 07.06.2007 թվականի վճիռը): Այսինքն՝ քննադատությունը թույլատրելի է, եթե այն չի սահմանափակում արդար դատաքննության իրավունքը, որի կարևորագույն տարրերից է նաև արտաքին ազդեցությունից անկախ դատարան ունենալը:
Եվրոպական դատարանը նաև կարևորել է, որ բոլոր հանրային պաշտոնատար անձանց շարքում դատավորներին տրված է իրենց հեղինակության ամենաբարձր պաշտպանությունը, իսկ նրանց հասցեին հնչող քննադատության ընդունելի շրջանակները պետք է ունենան ամենանեղ սահմանները: Նշվածը բացատրվում է դատավորների՝ որպես արդարադատության երաշխավորների, յուրահատուկ դերով. դատավորները պետք է վստահություն ներշնչեն թե՛ գործի մասնակիցներին, թե՛ ընդհանրապես հանրությանը (տե՛ս SKAŁKA v. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը): Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ դատավորներն ի պաշտոնե չունեն անհրաժեշտ գործիքակազմ` իրենց հանդեպ հնչող անհիմն մեղադրանքներին ու վիրավորանքներին պատասխանելու համար: Այսինքն՝ դատավորներն այնպիսի պաշտոնատար անձինք են, ովքեր իրավասու չեն պատասխանելու իրենց հանդեպ հնչեցվող քննադատություններին (տե՛ս PRAGER AND OBERSCHLICK v. AUSTRIA գործով Եվրոպական դատարանի 26.04.1995 թվականի վճիռը):
Այս համատեքստում հիշատակման է արժանի նաև Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի «Արդարադատության և հասարակության մասին» թիվ 7(2005) կարծիքի 55-րդ կետով ամրագրված հետևյալ դրույթը. «Երբ դատավորը կամ դատարանն արդարադատության իրականացման առնչությամբ քննադատվում կամ հարձակման է ենթարկվում լրատվամիջոցների կողմից (կամ վերջիններիս միջոցով՝ քաղաքական կամ հասարակական այլ գործիչների կողմից), ապա դատական ինքնատիրապետման պարտականության համաձայն՝ տվյալ դատավորը չպետք է արձագանքի նույն ճանապարհով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանները կարող են ուղղել մամուլի կողմից տարածված ոչ ճիշտ տեղեկությունները, ցանկալի է, որ ազգային դատական մարմիններին օժանդակություն ցուցաբերեն անձինք կամ մարմիններ (օրինակ՝ դատական իշխանության բարձրագույն խորհուրդը կամ դատավորների միությունը), որոնք կարող և պատրաստակամ են համապատասխան դեպքերում արագ և արդյունավետ կերպով արձագանքելու նման մարտահրավերներին կամ հարձակումներին»:
Հետևաբար, եթե դատավորները, ովքեր ի պաշտոնե չեն կարող պատասխանել հնչեցվող քննադատություններին, անընդհատ գտնվեն անառողջ և հանիրավի քննադատության ազդեցության տակ, ապա մենք գործ ենք ունենալու դատական իշխանության արտաքին անկախությունը խարխլող իրավիճակի հետ, ինչն անմիջականորեն վտանգում է իրավական պետություն ունենալու և զարգացնելու հեռանկարը:
Դատավորների միությանը հայտնի է դարձել, որ վերջին օրերին հասարակության որոշ անդամներ կոպտորեն ոտնահարում են դատավորների անկախության սկզբունքը՝ իրենց թույլ տալով դատավորների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակային արտահայտություններ: Ոմանք անգամ սոցիալական կայքերի կամ կապի այլ միջոցներով դատավորներին անմիջականորեն հասցեագրում են սպառնալիքներ ու վիրավորանքներ, դատավորներից պահանջում են պարզաբանումներ ներկայացնել կայացված դատական ակտերի վերաբերյալ: Վերջին շրջանում դատավորների հասցեին հնչող ատելության խոսքը հատել է միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված թույլատրելիության սահմանները, ինչի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել անգամ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (տե՛ս ըստ հետևյալ կայքէջի՝ «http://www.ombuds.am/media/65489.html»):
Վերջին շրջանում հասարակության մի հատվածի կողմից դատավորներին վիրավորելու (հայհոյելու) վարքագիծը, ինչպես նաև դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները խստորեն դատապարտել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդն իր 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 23-Ա որոշմամբ՝ մեջբերելով 1985 թվականին Միլանում կազմակերպված՝ Հանցավորության կանխման և դատապարտյալների նկատմամբ վերաբերմունքի մասին ՄԱԿ-ի 7-րդ կոնգրեսի կողմից ընդունված՝ «Դատարանների անկախության հիմնական սկզբունքների» 2-րդ կետը, որի համաձայն՝ դատարանները պետք է գործով որոշումներն ընդունեն անաչառ կերպով, փաստերի հիման վրա և օրենքին համապատասխան, առանց որևէ սահմանափակման, անհարկի ազդեցության, դրդապատճառների, ճնշումների, սպառնալիքների կամ միջամտությունների, որոնք ի հայտ են գալիս ցանկացած կողմից կամ ցանկացած պատճառով (տե՛ս ըստ հետևյալ կայքէջի՝ «http://www.advocates.am/news/view/2267.html»):
Վերոհիշյալի առնչությամբ Դատավորների միությունը տեղին է համարում հիշատակել Եվրոպական դատարանի կողմից արտահայտված հետևյալ սկզբունքային իրավական դիրքորոշումները.
Դատավորի հեղինակությունը պետք է պաշտպանված լինի ցանկացած հայհոյանքից կամ վիրավորական խոսքից անգամ գործի թեժ քննարկումների ժամանակ: Նման արտահայտությունները կարող են նսեմացնել դատավորի արժանապատվությունը՝ խաթարելով անվտանգությունն արդար դատաքննության պատշաճ իրականացման ոլորտում (տե՛ս ŽUGIĆ v. CROATIA գործով Եվրոպական դատարանի 31.05.2011 թվականի վճիռը):
Դատավորի մասին զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված արտահայտությունները պետք է գնահատվեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ ելնելով տվյալ գործի առանձնահատուկ հանգամանքներից և հաշվի առնելով դատավորի կողմից քննվող գործի վերաբերյալ հանրային հետաքրքրության աստիճանը (տե՛ս DE HAAS AND GIJSELS v. BELGIUM գործով Եվրոպական դատարանի 24.02.1997 թվականի վճիռը):
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է տարբերակել քննադատությունը վիրավորանքից: Եթե կարծիքի արտահայտման միակ նպատակը դատարանին կամ դատավորներին վիրավորելն է, ապա այդպիսի քննադատողական խոսքն անթույլատրելի է և չի կարող պաշտպանության արժանանալ կարծիքի ազատ արտահայտման հիմնարար իրավունքի շրջանակներում: Ավելին՝ դատարանին կամ դատավորին վիրավորելը կարող է իրավաչափորեն դիտարկվել որպես պատժելի արարք (տե՛ս SKAŁKA v. POLAND գործով Եվրոպական դատարանի 27.05.2003 թվականի վճիռը):
Միևնույն ժամանակ, Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված «Դատավորների համընդհանուր խարտիայի» 2.5-րդ կետում նշված է, որ դատավորը պետք է օգտվի իր ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իրեն հասցեագրված ցանկացած տեսակի սպառնալիքների և հարձակումների դեմ օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից: Պետք է խուսափել դատական ակտերի այնպիսի քննադատություններից, որոնք կարող են խաթարել դատական համակարգի անկախությունը կամ վնասել դատարանների հանդեպ հասարակության վստահությանը: Նման դեպքերում պետք է գործեն այնպիսի կառուցակարգեր, որոնք հնարավորություն կտան դատական հայցեր հարուցելու միջոցով պատշաճ կերպով պաշտպանել տվյալ դատավորին:
Իսկ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (կամ Վենետիկի հանձնաժողով) 2010 թվականի մարտի 16-ի «Դատական համակարգի անկախության մասին» թիվ CDL-AD(2010)004 զեկույցի 64-րդ կետում նշել է, որ արդարադատական գործընթացը ոչ իրավաչափ ճնշումներից պաշտպանելու համար անհրաժեշտ է հաշվի առնել sub judice սկզբունքը, որը ենթադրում է մի կողմից դատական գործընթացի պաշտպանության անհրաժեշտություն, իսկ մյուս կողմից՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների բաց քննարկման և մամուլի ազատության միջև համապատասխան հավասարակշռության հաստատում:
Վերոգրյալի համատեքստում` Դատավորների միությունն անհրաժեշտ է համարում հանրության ուշադրությունը սևեռել նաև «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն իրավադրույթի վրա, որի համաձայն՝ արդարադատություն և որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։
Փաստորեն, դատավորների անկախության երաշխիքների շարքում ներառվում են նաև արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից որևէ մեկի առջև հաշվետու չլինելու և որևէ մեկին բացատրություն տալու պարտականություն չունենալու սկզբունքները:
Դատավորների միությունը դարձյալ ընդգծում է, որ արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր չէ հաշվետու լինել ինչպես որևէ հանրային իշխանական մարմնի կամ պաշտոնատար անձի, այնպես էլ հասարակության կամ դրա առանձին անդամների առջև: Դատավորն արդարադատությունն իրականացնում է՝ հիմնվելով բացառապես Սահմանադրության և օրենքների վրա՝ առանց կաշկանդվելու այս կամ այն հնչեղ գործի կապակցությամբ հասարակական վերաբերմունքով: Հասարակության անդամներն էլ իրենց հերթին պարտավոր են հարգել դատավորի անկախության սկզբունքը և դատավորի կամ վերջինիս կայացրած դատական ակտերի վերաբերյալ իրենց քննադատությունը կառուցել այնպես, որ այն չվերածվի դատավորի նկատմամբ քողարկված ճնշումներ կատարելու, արդարադատության իրականացմանը միջամտելու, դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցի: Դատավորներն իրավունք չունեն և պարտավոր չեն որևէ մեկին բացատրություններ տալ իրենց կողմից ընդունված որոշումների բովանդակության, հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ կամ հանրության առաջ ապացուցել դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը, հասարակությունն էլ իր հերթին չի կարող դատավորից նման վարքագիծ ակնկալել:
Դատավորների միությունը հարկ է համարում շեշտադրել, որ այս կամ այն գործով դատավարության մասնակիցները կայացված դատական ակտերի նկատմամբ իրենց անհամաձայնությունը կարող են արտահայտել տվյալ դատական ակտի բողոքարկման միջոցով. սա անհամաձայնություն արտահայտելու, թերևս, միակ օրինական ճանապարհն է: Դատական ակտերի բողոքարկման իրավունքը հանդիսանում է մարդու՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների բաղադրիչներից մեկը. այդ իրավունքի պատշաճ իրացումը Հայաստանի Հանրապետությունում գործող եռաստիճան դատական համակարգի պայմաններում կարող է արդյունավետ կերպով ապահովել հնարավոր դատական սխալների վերացումն ու մարդու խախտված իրավունքների վերականգնումը: Իսկ եթե շահագրգիռ անձինք կարծում են, որ որևէ դատական ակտ կայացնելիս դատավորը թույլ է տվել իրավախախտում, ապա տվյալ դատավորին իրավաբանական պատասխանատվության կանչելու համար վերջիններս կարող են դիմել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմի օգնությանը: Դատավորի արարքում ենթադրյալ իրավախախտման առկայության փաստը կարող է հաստատվել բացառապես իրավասու մարմինների կողմից և օրենքով սահմանված պատշաճ ընթացակարգերի պահպանման դեպքում:
Դատավորների միությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմիններին, պաշտոնատար անձանց, հասարակական և քաղաքական կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին դրսևորել իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքներից բխող վարքագիծ և ձեռնպահ մնալ դատավորներից հրապարակային պարզաբանումներ պահանջելուց, նրանց վրա ցանկացած եղանակով ճնշում գործադրելուց, դատավորների հեղինակությունն արատավորող, դատավորներին վիրավորող ու հանրության առջև նրանց անաչառությունը կասկածի տակ դնող հրապարակային արտահայտություններ անելուց՝ նկատի ունենալով, որ նշված վարքագիծը վնաս է պատճառում ոչ միայն տվյալ դատավորի հեղինակությանը, կոնկրետ գործի արդար դատաքննությանը, այլ ընդհանրապես ողջ դատական իշխանության անկախությանն ու իրավական պետության հետագա գոյությանը:
ՀՀ դատավորների միության խորհուրդ
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ. համապատասխան որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային ֆոնդի հողերից շուրջ 60 հեկտար փոխադրվել է բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար, և անհատույց սեփականության իրավունքով փոխանցվել համայնքին, իսկ 14.0 հեկտար՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի կազմակերպման համար: Հետագայում նշված հողամասերը աճուրդային եղանակով օտարվել են մի շարք քաղաքացիների:
Պարզվել է, որ փոխադրված հողերը ոչ միայն հանդիսացել են անտառային ֆոնդի հողեր, այլև արբանյակային լուսանկարների համաձայն՝ եղել են միատարր անտառածածկ տարածքներ: Մինչդեռ, հողերի փոխադրման գործընթացում իրավասու պաշտոնատար անձինք, անտեսելով, որ անտառային ֆոնդի հողերը չեն կարող ընդգրկվել խառը կառուցապատման հողերի կատեգորիայում, փոխել են դրանց նպատակային նշանակությունը և որպես խառը կառուցապատման հողեր, հանձնել համայնքին, ինչն էլ հնարավոր է դարձրել դրանց հետագա օտարումը:
Պաշտոնատար անձանց կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում հնարավոր խախտումները պարզելու, նրանց կատարած արարքներին իրավական գնահատական տալու, պատճառված վնասի առկայությունը և դրա չափը պարզելու, վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար ստացված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին
Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Նրա խոսքով` բացի գործով կարևոր ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանն արդեն մեղադրվում է նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հատկանիշներով:
«Դատախազության այսօրվա որոշումը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ այսօր ՀՔԾ քննիչը որոշում է կայացրել Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացնելու մասին, որի վերաբերյալ տեղեկացվել է նաև հսկող դատախազին»,- նշեց Օհանջանյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ. այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը: Պաշտպանները դատարանին խնդրել են ներկայացված միջնորդությունը քննել օրենքով նախատեսված հնարավոր սեղմ ժամկետում:
Միջնորդությունը ներկայացնելու հիմքում դրվել է այն, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին դատարանի՝ 27.07.2018թ․ որոշումից անցել է ավելի քան չորս ամիս և այդ ընթացքում որևէ կերպ գործին խոչընդոտելու գործողություն նրա կողմից չի կատարվել, ինչը չեն հերքում ո՛չ վարույթն իրականացնող մարմինը, ո՛չ էլ՝ Գլխավոր դատախազությունը: Ուստի, պաշտպանական կողմը գտնում է, որ որևէ հիմք չկա Ռոբերտ Քոչարյանին այս պահին կալանքի տակ պահելու համար:
Բացի այդ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է նաև այն, որ ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանի ազատությունն սահմանափակվել է ապօրինի և գրավի կիրառումն այս պահին միակ միջոցն է որով ազգային դատարանը կարող է նվազագույնի հասցնել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը: Ինչ վերաբերում է գրավի չափին, ապա պաշտպանների կողմից գրավի չափ չի նշվել և սահմանվող գրավի չափը որոշել խնդրել են դատարանին:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, դրանց կատարմանը հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 7-ի թիվ 83-Ա որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008թ. փետրվարի 13-ին կնքվել է «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիրը՝ ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքը 30 տարի ժամկետով օգտագործելու իրավունքով։ Նույն ժամանակ կնքված մեկ այլ պայմանագրով՝ շուրջ 849մլն. ՀՀ դրամով, Կոնցեսիոների սեփականությանն է փոխանցվել 2447 միավոր շարժակազմը՝ պայմանագրի ավարտի պահին Կոնցեդետի կողմից հետգնման նախապատվության պայմանով:
Համաձայն կոնցեսիոն պայմանագրի՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքի և շարժակազմի բարելավման համար՝ պայմանագրով սահմանված կարգով և չափերով՝ 122,3 մլրդ. դրամ ենթակառուցվածքի և 52,2 մլրդ. դրամ շարժակազմի բարելավման համար (ընդհանուրը 174,5 մլրդ դրամ՝ համարժեք 575 մլն. ԱՄՆ դոլարին, որը ներկայիս փոխարժեքով կազմում է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլար):
Քրեական գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումային գործընթացում չարաշահումներ կատարելու մասին, որի իրական ծավալները, ներդրումային միջոցների օգտագործման արդյունավետությունը, կոնցեսիոն ակտիվների և շարժակազմերի տնօրինման արդյունքում ստացված ֆինանսական միջոցների օգտագործման օրինականությունը և գործի համար հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հանգամանքները պարզելու համար քննիչի որոշմամբ նշանակվել է ստուգում՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության մասնագետներին հանձնարարելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում իրականացնել ստուգում՝ 2008-2018թթ. համար:
Բացի այդ, բազմակողմանի քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ առերևույթ հանցավոր այլ դրսևորումների վերաբերյալ ևս։
Մասնավորապես՝ նախնական տվյալներով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայաններում առկա ուժային տրանսֆորմատորներից հափշտակվել են մետաղյա փաթույթներ: Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարվել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցների կողմից։ Ավելին՝ պարզվել է, որ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի կողմից հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել և ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ:
Նախաքննությունը շարունակվում է, քրեական գործը բազմադրվագ է և մեծածավալ. քննության առարկա է հանդիսանում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության 10 տարվա գործունեությունը, ստուգվում է շուրջ 110 մլրդ. ՀՀ դրամի ներդրումների արդյունավետությունը և իրավաչափությունը, որի շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկվում են մեծածավալ քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ առերևույթ չարաշահումներ թույլ տված անձանց գործողություններին կտրվեն համարժեք քրեաիրավական գնահատականներ, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու վերաբերյալ, ինչի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և այն ուղարկվել ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացնում է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.