23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով հաստատվել են Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2010թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունները և անկախ աուդիտորական եզրակացությունը:
Հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը ներկայացրել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2011-2015թթ. ռազմավարական զարգացման ծրագրի նախագիծը: Ծրագրով սահմանվում են առաջիկա հինգ տարվա ընթացքում FREDA-ի գործունեության հիմնական մոտեցումներն ու սկզբունքները, որոնց նպատակը գյուղական շրջաններում ձեռնարկություններին, դրանց աշխատակիցներին և մատակարարներին օժանդակելն է: Նա տեղեկացրել է, որ 2011թ. հիմնադրամի ներդրումային պորտֆելի ընդհանուր ծավալը կազմում է 1,6 մլրդ ՀՀ դրամ, որի շրջանակում նախատեսվում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ոլորտում ծրագրեր իրականացնել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կաթնամթերքի արտադրության, մրգերի և բանջարեղենի պահածոյացման, գինու արտադրության, թռչնաբուծության, ձկնաբուծության և վերամշակման, ինչպես նաև սառը պահեստավորման հարմարությունների և ջերմոցների ստեղծման ուղղությամբ ներդրումային ծրագրերի իրականացմանը: Ներկայացված փաստաթուղթը հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կողմից:
Մեկ այլ հարցով խորհուրդը որոշել է FREDA-ի Ներդրումային կոմիտեի կազմում ընդգրկել նոր այլընտրանքային անդամի և համապատասխան փոփոխություններ կատարել Ներդրումային կոմիտեի կանոնակարգում: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է խորհրդի անդամներին ներկայացնել առաջարկություններ հնարավոր թեկնածուի վերաբերյալ: Արծարծվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում փոփոխություններ կատարելու հարցը:
Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց` հետաքրքիր զարգացումներ են նկատվում Շիրակի մարզում: Հայաստանի քաղաքական դաշտի լուսանցքում հայտնվելու վտանգի տակ հայտնված ԲՀԿ-ն իր արձանագրած խոշոր պարտությունները կարծես փորձում է կոմպենսացնել Շիրակի մարզում մեծածավալ գրոհ կազմակերպելով: Դատելով վերջին շրջանում ծավալված աշխատանքներից, դա այս կուսակցության մոտ ահագին լավ է ստացվում: Դրանում, իհարկե, քիչ դեր չի խաղում մարզի մեծահարուստների բարգավաճացումն այս մարզում, ինչը նկատելիորեն թուլացրեց ՀՀԿ-ի դիրքերը:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործոնը ևս այստեղ քիչ դեր չխաղաց: Ինչպես հայտնի է, այս տարածքի ամենահզոր երկու հանրապետականների` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ջրերը նույն առվով չեն հոսում: Հանրապետական կուսակցությունը Գյումրիում 4 տեղական կազմակերպություն ունի` Գյումրի 1, Գյումրի 2, Գյումրի 3, Գյումրի 4, որոնցից վերջինը դուրս է եկել Ղուկասյանի վերահսկողությունից և ամբողջովին ենթարկվում է Աղաբաբյանին, ու հայտնի չէ, թե ընտրությունների ժամանակ ինչ կարելի է սպասել սրանից: Փոխարենը, բհկականները բավական միասնական են` գոնե կուսակցության ու նրա ղեկավարի շահերի պաշտպանության հարցում:
Այս օրերին Շիրակում, հատկապես Գյումրիում, բհկականների գրոհը անցնում է հիմնականում «Այսքան ուրախ կյանքը մեր ո՞վ է արդյոք մեզ տվել` այոոոոո~, պարոն Ծառուկյանը» կարգախոսով: Օրինակ` դպրոցների բհկական տնօրենները աշակերտներին տանում են էքսկուրսիա և ջանասիրաբար բացատրում` եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, իրենք այս էքսկուրսիան չէին տեսնի: ԱԺ պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի քրոջ տնօրինությամբ գործող դպրոցի աշակերտները այս տարի մի քանի անգամ արտասանեցին «պարոն Ծառուկյան» անունը, որպեսզի բհկական եղբոր բհկական քրոջ դպրոցի սաները հստակ հասկանան, որ հենց ԲՀԿ առաջնորդի շնորհիվ էր, որ կարողացան էքսկուրսիա գնալ:
Հանցագործ աշխարհի վառ ներկայացուցիչ Մարտունիկ Գրիգորյանը, սակայն, միայն քրոջ դպրոցով չի բավարարվում և բհկական գաղափարներն ու նրա առաջնորդի անփոխարինելության առասպելը հանգամանալից լուսաբանում է նաև իրեն պատկանող «Տրանս-ակնթարթ» ընկերությունում, որն իրականացնում է Երևան-Գյումրի ուղևորափոխադրումները:
Մեղմ ասած` յուրօրինակ ձևով է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարները փորձում տարածել բարգավաճացած, հանուն բարգավաճացման ճակատի գիրը փոխած Սամվել Բալասանյանը: Պարոն Բալասանյանը վերջերս գլխի է ընկել, որ բավական է` գյումրեցիները տեսնեն իր մեծադիր լուսանկարները «Դե ֆակտո» կոչվող ամսագրի շապիկին, որտեղ բազմելու համար, ըստ շշուկների, 20 հազար դոլար գումար է պահանջվում մուծել, կհասկանան, որ հենց ԲՀԿ-ն է այն կուսակցությունը, ում հարկավոր է ձայն տալ գալիք ընտրություններին: Իսկ քանի որ նա չի խնայել ու վճարել է այդ գումարը, ամսագրի նկարն էլ` որպես Մենուայի կազմած էլիտարների ցուցակի անդամ, որոշել է փակցնել տալ գովազդային վահանակների վրա: Գյումրեցիները նրա մեծացրած լուսանկարներին հանդիպում են Սայաթ-Նովա պողոտայում, Անկախության հրապարակում, Խաղաղության օղակում, Բոշի սադի մոտ, Արվեստների ակադեմիայի, գուլպեղենի ֆաբրիկայի, Անանիա Շիրակացի համալսարանի դիմաց. մի խոսքով` Հաղթանակի պողոտայից մինչև Նժդեհի փողոց, որտեղ հարկ է համարել իր մեծադիր լուսանկարը կախել տալ ԱԺ փոխնախագահը:
Ի դեպ, ուշագրավ է, որ անգամ գուլպեղենի ֆաբրիկայի դիմաց է Բալասանյանն իր պատկերը փակցրել` այն դեպքում, երբ այդ նույն տեղում կարող էր իր մեծադիր պատկերը փակցնել դրա սեփականատերը` Բալասանյանից էլ ավելի շուտ բարգավաճացած, դեռ Բալասանյանից էլ ավելի ուժեղ բարգավաճացած Ռոբերտ Զաքարյանը (Զաքարյանը ոչ միայն պարզապես ԱԺ բհկական պատգամավոր է, այլև Գագիկ Ծառուկյանը նրա որդու քավորն է): Հաշվի առնելով, որ Գարեջրի գործարանի վրա Սամվել Բալասանյանն անգամ իր պատկերն է քանդակել տվել, պետք է որ արդարացի նկատվեր Զաքարյանի` իր լուսանկարի տեղադրման ցանկությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, ԲՀԿ-ն որոշել է այս ընտրությունների քարոզարշավը Գյումրիում` գոնե նախընտրական այս փուլում ծավալել Սամվել Բալասանյանի պատկերով:
Բայց եթե գուլպեղենի ֆաբրիկայի տնօրենը համեստություն է անում և իր պատկերի փոխարեն գործընկերոջ պատկերն է կախում իր աշխատողների աչքի առաջ, դա դեռ չի նշանակում, որ նա գոնե վերբալ մակարդակով չի փորձելու քարոզարշավ իրականացնել: Մինչ Ռոբերտ Զաքարյանը բարգավաճեցնում է իր աշխատողներին, Գյումրու Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը` Ապարիկը, իր հերթին է քարոզարշավ իրականացնում ուսանողների շրջանում: Հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրական գործընթացներում վճռորոշ դերակատարություն ունեցողը փողն է, այսօրվանից իսկ կարելի է ենթադրել, որ Հանրապետականին այստեղ մեծ հիասթափություն է սպասվում. մարզի` հատկապես Գյումրու մեծահարուստները հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմս ունեն: Այս կուսակցությունից են նաև Արտաշես Սարգսյանը` «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրի տերը, որի որդու հետ հրաձգության պատճառով Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը հանցագործի խարան վաստակեց: ԲՀԿ-ական է նաև «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանը: Մի խոսքով, եթե նկատի ունենանք, որ ով վճարում է, նա էլ հաղթող է դուրս գալիս, և հաշվի առնելով, թե այժմվանից սկսած բարեգործության ինչ արշավ են կազմակերպել բարգավաճականները, կարելի է վստահ ասել, որ նրանք մարտական են տրամադրված` նվաճելու հանրապետության երկրորդ քաղաքը, որն էլ կասկածելի է դարձնում Շիրակում կայանալիք ընտրություններում հանրապետականի արդյունքները: Հատկապես որ` Վարդանիկից հոգնել են գյումրեցիները, իսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ շարունակում է ապրել Երևանում և Գյումրի է հասնում հարևանի տուն շտապող հյուրի կարգավիճակով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 27-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթե Վոլանդերին: Քննարկվել են երկու երկների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությանն առընչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հյուսիս-Ատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) շրջանակներում:
Կարևորելով միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը` Սելեսթե Վոլանդերը բարձր է գնահատել հայ խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաև աֆղանական անվտանգության ուժերի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը: ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել խաղաղապահության, ռազմակրթության, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին:
Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Սելեսթե Վոլանդերին` Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներում ԱՄՆ-ի ցուցաբերած փորձագիտական օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների և մասնավորապես Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Հայաստանը, հանդես գալով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքերից, խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը և որևէ շահագրգռվածություն չունի հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը սրելու համար: Միաժամանակ, Սեյրան Օհանյանը մտահոգություն է հայտնել առ այն, որ ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման հարցում չի դրսևորում նույնքան պատրաստակամություն, ինչի արդյունքում պարբերաբար արձանագրվում են հրադադարի խախտման դեպքեր:
Այսօր հրապարակվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԿԳՆ-ի հայտարարած դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքները։ Մրցույթը կազմակերպվել էր կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ներկայացմամբ, նախապես հայտարարված 10 անվանակարգերից բարձրագույն կրթության բնագավառում ոչ մի հայտ չի ներկայացվել, և այս ոլորտին նախատեսված գումարը կուղղորդվի երիտասարդ գիտնականների ստեղծած` «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» շարժման կողմից իրականացվելիք ծրագրերին։
Մրցույթին մասնակցելու համար ընդունվել է 26 հայտ, հաղթող է ճանաչվել 8 կազմակերպություն։ Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունները կստանան առավելագույնը 500 հազար դրամի չափով դրամաշնորհ՝ հանրակրթության, նախադպրոցական կրթության, միջին մասնագիտական կրթության, գիտության, լրացուցիչ կրթության բնագավառներում և գիտելիքի արժեվորմանն ուղղված ծրագրեր իրականացնելու համար։
Ըստ Կարեն Ավագյանի, ծրագրի շրջանակներում հիմնական ուշադրությունը դարձվել է մարզային հասարակական կազմակերպությունների վրա՝ փորձելով նրանց ակտիվացնել կրթական համակարգում։ Հասարակական կազմակերպությունների կողմից ծրագրերի հիմնական մասը կիրականացվի ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում։
Օրերս Հանրային հեռուստաընկերության լրագրող, «Բանաձև» ստեղծագործական խմբի ղեկավար Արտակ Ալեքսանյանն իր ամբողջ թիմով տեղափոխվել է Հ-1-ի մրցակից՝ «Արմենիա» հեռուստատեսությանը պատկանող «Արմնյուզ»։ Հավանաբար, այստեղ Ալեքսանյանին ավելի մեծ գումար ու նաև պաշտոն են խոստացել։ Չնայած, Հանրայինում էլ նրա գործերը վատ չէին։ Նա ամենաիշխանական և նախագահականին մոտ կանգնած լրագրողների խմբից է և Հ-1-ում էլ էր մեծ գումարներ ստանում։
Մոտ երեք օր առաջ Երևանի քաղաքաշինական խորհուրդը հաստատեց ՀՀ կառավարության բակում «թմբուկ» կոչվող կառույցի նախագիծը: «Թմբուկի» պատճառով հրաժարական տվեց Կարեն Կարապետյանի քաղաքապետարան բերած Երևանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Ըստ երևույթին, պարտադրանք չընդունեց Հասրաթյանը, չցանկացավ իր անունն արատավորել «թմբուկով» և հրաժարական տվեց: Արդյունքում Երևանի գլխավոր ճարտարապետ նստեց նման կառույցներ իրացնելու հետ որևէ խնդիր չունեցող Նարեկ Սարգսյանը, և մեկ ամիս անց գործը գլուխ եկավ. փողը կա, շինության ի կատար ածումն էլ խոստանում է էլ ավելի մեծ եկամուտներ բերել: Մնացել է շինարարությունը:
Նախատեսված է այս նորակառույց տեղափոխել Սփյուռքի նախարարությունը (Հրանուշ Հակոբյանի համար նախարարություն բացեցին` քիչ էր, հիմա էլ հատուկ շենք են կառուցում` Հանրապետության հրապարակի տեսքը գցելու հաշվին), Էկոնոմիկայի նախարարությունը, էլի ինչ-որ գերատեսչություններ, որոնց շենքերը կառավարությունը պատրաստվում է վաճառել: Բնականաբար, այդ շենքերի վաճառքից սպասվող եկամուտը չի կարող չգայթակղել` գումարած շինարարության համար նախատեսված միլիոններից ակնկալվող ատկատները: Սա նախ մի փոքր տարօրինակ է, քանի որ, ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, Սամվել Կարապետյանին` Կալուգայի Սամոյին, տարածք են հատկացրել Վերնիսաժ կոչվող տարածքում, որտեղ նա պետք է բարձրակարկ շենք կառուցեր մի շարք վարչական հիմնարկներ տեղավորելու պայմանով. փոխարենը նրան տվել են Շահումյանի հրապարակում արդարադատության նախարարության նախկին տարածքը իր շրջակայքով: Ճիշտ է, այս պահին շինության ավարտը դեռ չի երևում, բայց դա այլ թեմա է:
Դատելով այն ամենից, ինչ լսեցինք քաղաքապետարանում, թմբուկը կառուցվելու է անկախ ամեն ինչից, ու դա կապ չունի ոչ անհրաժեշտության, ոչ էլ Թամանյանի նախագծի հետ:
Երևանի ավագանու խորհրդի նիստի ավարտից հետո, մասնագիտությամբ ճարտարապետ Լևոն Իգիթյանը և ռեժիսոր Միքայել Դովլաթյանը կանգնած զրուցում էին: Հետաքրքիր էր իմանալ ավագանու այս անդամների կարծիքը հիշյալ թմբուկի վերաբերյալ: Զրույցից մի երկու րոպե անց մեզ միացավ նաև Արա Երնջակյանը, մի երկու րոպեով` նաև ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը, թեև վերջինս որևէ կարծիք չհայտնեց: Հարցս ուղղեցի նախ Իգիթյանին.
— Ձեզ թմբուկ կոչվածը, որ պետք է կառուցվի, դու՞ր է եկել:
— Դուր գալը ո՞րն է: Ճարտարապետության մեջ չեն ասում դուր գալ կամ չգալ,- միանգամից փորձեց հակագրոհի անցնել Լևոն Իգիթյանը:
— Դե, հարցնում եմ որպես ճարտարապետի, Ձեր ճաշակո՞վ է:
— Դուք թեթև տեղեկություններով կարծիք եք կազմում, ճարտարապետական խնդիրները այլ կերպ են գնահատվում:
— Դուք իմ կարծիքն եք ուզում` հա՞, իմ դուրը գալիս ա, չգիտեմ` Լևոն Իգիթյանի դուրը գալիս ա, թե չէ,- սա մասնագիտությամբ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի պատասխանն էր:
— Ասում են` հրապարակի տեսքը կարող է փոխվել:
— Ի՞նչ եք խոսում…
— Դե, ճարտարապետներն են ասում, մի քանիսը, իհարկե վախվորած, արդեն դեմ են արտահայտվել, Ճարտարապետների միության նախագահը` Մկրտիչ Մինասյանն էլ է ոչ դրական կարծիք արտահայտել:
— Իսկ երբ որ Մկրտիչ Մինասյանը նման կարծիքներ է հայտնում` մեր միության նախագահը, Դուք իրան հարցրեք` Ամիրյանի վրա էն ահավոր յաշիկը որ դրել ա, դա ճարտարապետության հետ կապ ունի՞,- սա էլ մասնագիտությամբ ճարտարապետ Իգիթյանն էր:
— Ամիրյանի կողքի ահավոր յաշի՞կը :
— Գրադարանի շենքի ճակատն է մնացել ընդամենը, հետևում մի հատ մոնստր ա բուսնել, իսկ նրա կողքի ա՛յ էդ յաշիկի հեղինակը…
— Ձեր ասելով` ինքն իրավունք չունի նման բան ասելու, որովհետև յաշիկի հարցում մեղավո՞ր է:
— Այո, որովհետև սա Թամանյանի նախագծածն է և ոչ թե Մինասյանի:
— Թամանյանի գործերն անքննելի՞ են, Թամանյանը կարող է խմած է եղել այդ օրը ու… Ի՞նչ է, օպերայի շենքը ամբողջությամբ Թամանյանի գծագրածով կառուցեցի՞ք, որ հիմա թամանյանական ամեն ինչը պետք է ի կատար ածվի:
— Դե, փող չունեինք, դրա համար չենք արել:
-Ինչու՞ եք Թամանյանին հարմարեցնում Ձեր գրպանին:
— Ինչքան էլ խմած լիներ, էսօրվա շատ օյաղներից ավելի լավը գծած կլիներ հաստատ,- միջամտեց Արա Երնջակյանը:- Իր ասածը գիտե՞ք որն ա. Տոլստոյը ժամանակին մի հատ խելոք միտք էր արտահայտել: Ինքը Շեքսպիրին դեմ էր, չէր ընդունում Շեքսպիրին… բայց դրա համար առնվազն պետք է Տոլստոյ լինես: Կարելի է էդ գմբեթը չընդունել, բայց էդ գմբեթը չընդունելուց առաջ պետք է էնքան բագաժ ունենաս, էնքան պատկերացում ունենաս, որ ասես` ա´յ, սա, էս հարցը պետք չէ:
Դե, քանի որ մենք տոլստոյներ չենք, հարցնում ենք մասնագետից, ի վերջո հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե ինչ են մոգոնել հերթական անգամ:
Որ Թամանյանն իսկապես անգամ ամենահարբած ժամանակ էսօրվա օյաղներից շատ ավելի լավ նախագիծ կաներ, ժխտել չի կարելի: Իսկ Թամանյանով քողարկվողներին կարելի է ընդամենը խորհուրդ տալ` բացել հենց Թամանյանի գծագրած թմբուկը և տեսնել, թե իրականում ինչ է նախագծել մեծ ճարտարապետը, իսկ փոխարենը` ինչ են կապում մեր գլխին այսօր:
Այսօր Երևանում մեկնարկել է ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը:
Վաղուց հասարակության մի ստվար մասը սպասելիքներ չունի այս կուսակցության հրապարակային և ծպտյալ ժողովներից:
ՀՅԴ-ն երկու տարի առաջ լքեց իշխանությունը, սակայն այդպես էլ չի կարողանում ադապտացվել ընդդիմադիր կարգավիճակին: Այս ժողովում դարձյալ մի կուշտ կքննադատեն իշխանությանը, նույնիսկ վերջնագրային ելույթներ կհնչեն նրանց հասցեին` արտաքին քաղաքականության ձախողումների վերաբերյալ, բայց իշխանությանն անվստահության չի հայտնվի, նրա հրաժարականը չի պահանջվի: Գուցե դաշնակցական համարձակության նշաձողը մի փոքր բարձրանա, և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի փոխարեն` պահանջվի ամբողջ կառավարության պաշտոնանկությունը: Բայց սոցիալիստական շարքերում հանգրվանած փողատեր ընկերները հենց նրա համար են, որ բանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին չհասնի:
Ի դեպ, անկեղծորեն կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ դաշնակցականներին ձեռնտու չէ իշխանափոխությունը` գոնե այս պահին: «Մի ուրիշ բանում էլ են մեզ մեղադրում, ինչո՞ւ ընդդիմությունը միասնական չէ, ինչո՞ւ միասնական ճակատ չի ձևավորվում: Միանանք, որ ի՞նչ լինի: Միանանք, Սերժ Սարգսյանին փոխարինենք Լևոն Տեր-Պետրոսյանո՞վ: Որ վերադառնան ներազգային անհանդուրժողականության, ցինիզմի, ազգային հարցերում զիջելու պատրաստ մթնոլորտն ու տարինե՞րը: Որ ընդամենը անձը անձով փոխարինվի՞: Ուզում են պարտադրել` Սերժ Սարգսյան կամ Լևոն Տեր-Պետրոսյան: Ո՞րն է նրանց տարբերությունը, իսկ եթե կա տարբերություն, որ կա` ո՞ւմ օգտին է այն: Եւ վերջապես ինչո՞ւ ենք հարկադրված ընտրություն կատարել այս համեմատության մեջ: Այնուամենայնիվ` այստեղ տեղին եմ համարում հայտարարել, որ ցանկացած հարցով պատրաստ ենք գործակցելու ցանկացած ուժի հետ, եթե հստակ է նպատակը, օրակարգը, գործելաոճը և ղեկավարման բնույթը»,-այսօր Ընդհանուր ժողովի բացմանն ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Ընկեր Մարգարյանը երբեք այսք ան շիտակ ու անկեղծ չէր եղել: Դաշնակցականները Սերժ Սարգսյանին չեն սիրում, որովհետև նրա պաշտոնավարման տարիներին զրկվեցին նախարարական եկամտաբեր պորտֆելներից: Սակայն այս պահին դաշնակցականները նաև իշխանափոխություն չեն ուզում, որովհետև գործող նախագահին կարող է փոխարինել Լևոն Տեր-Պետրոսյանը, որի անունը շատ դաշնակցականներ նույնացնում են ոչ թե պաշտոնաթողության, այլ` բանտի հետ:
Բայց իշխանափոխությունը մի օր կարող է ՀՅԴ-ի համար օրակարգային դառնալ, եթե, ասենք, այդ պրոցեսը նույնանա Ռոբերտ Քոչարյանի հետ: Ընկեր Հրանտն ու մյուս ընկերները երանությամբ են հիշում նրա կառավարման «ոսկետասնամյակը»:
Թե որ արժանիքների համար Արման Սահակյանը նշանակվեց Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնում, այդպես էլ մնաց անհայտ: Արմանի միակ` հանրությանը հայտնի արժանիքը Գալուստ Սահակյանի որդի լինելն է, գումարած` Աշոտ Աղաբաբյան անունով քեռի ունենալը:
Երբ փորձեցինք հենց իրենից` Արման Գալուստիչից ճշտել նրա նշանակման դրդապատճառները, պարզվեց, որ անգամ ինքը դեռ չի հասկացել, թե որ արժանիքների համար են իրեն տվել այդ պաշտոնը: Պարզվեց` Գալուստիչին հարկավոր է 100 օր հասունանալու համար, որպեսզի կարողանա պատրաստել այդ հարցի պատասխանը: Իսկ մինչ այդ նա մեր հարցերին արձագանքեց ինչպես զտարյուն չինովնիկ:
— Պարո´ն Սահակյան, ինչո՞վ կբացատրեք Ձեր նշանակումը: Ձեր պատգամավորական արդյունավետ գործունեությո՞ւնը հիմք հանդիսացավ նման նշանակման, թե՞ սա Հայաստանի` որպես կլանային համակարգ ունեցող երկրի, ևս մեկ հաստատումն էր:
— Սովորաբար կա այդպիսի ավանդույթ, որ նոր պաշտոնատար անձը շփվում է լրատվամիջոցների հետ 100 օր անց. ես խնդրում եմ, որպեսզի սպասեք այդ 100 օրվան, նոր շփվենք:
Սակայն Արմանի բախտը այս առումով բերել է. նրա նշանակումներից հարյուր օր էլ չանցած, հանրությունը մոռանում է նրա մասին:
Ի տարբերություն Արմանի, պարզվեց նրա խարիզմատիկ քեռին ավելի քան կողմնորոշված է և մտքով չէր էլ անցնում, թե որևէ մեկը կարող էր կասկածի տակ առնել իր Արմանին պաշտոն տալու արժանավորության հարցը: «Արմանիս բան չասես, հա~»,- նախազգուշացրեց Բուռնաշը:
— Պարոն Աղաբաբյան, ինչո՞վ էր պայմանավորված այս նշանակումը:
— Ոնց` ինչո՞վ, շատ լավ կադր ա:
— Բայց առերևույթ տպավորություն է ստեղծվում, թե կլան է ստեղծված ինչ որ… միայն Ձեր երեխաներն են առաջ գնում` քեռի, պապա ունեցողները:
— Ի՞նչ կլան, ա´յ քեզ բան, վաստակ ունենք, ա´յ բալա ջան:
— Ուրիշները վաստակ չունե՞ն, թե դուք յոթ պորտի համար եք վաստակել:
— Կան, ո՞վ ա բան ասում, հերթով կտան, ամենքը իրա վաստակով պիտի լինի, հո: Օրինակ՝ ո՞ր լավերին, խի մենք վատն ե՞նք: Դե գնա` էնքա~ն վատ կա` վատին հարցրա, մեր լավին խի՞ ես հարցնում:
— Բայց ինքը «անգույն» սուսուփուս պատգամավոր էր:
— Ո՞վ ա սուսուփուս, Արմանն ա՞ սուսուփուս: Տես ինչ եմ ասում` ամեն պաշտոն էշի բեռ ա, մենք մեր վրա էշի բեռ ենք վերցնում, ոչ թե եսիմ ինչ ա:
Հետաքրքիր է, ստացվում է, որ մեր պաշտոնատարները էշի բեռ են տանում, մեր երկրում օլիգարխները, նրանց մտերիմները բեռնակիր կենդանիներ են, իսկ հասարակ մահկանացուները պարզապես վայելում են կյանքը:
Հիսուսն ասում է` իրար բեռներ կրեք: Մեր խաչ ու Քրիստոս հարգող բեռնակիրներին կոչ ենք անում իրենց բեռներից մի քիչ էլ մյուսներին բաժին հանեն, համ իրենց բեռը կթեթևանա, համ էլ արմանսահակյանները քիչ կլինեն:
Ազգային ժողովի մեկ տասնյակից ավելի պատգամավորներ ապրիլ և մայիս ամիսների իրենց բացակայության համար աշխատավարձի որոշակի մասից զրկվել են: Նրանցից, ովքեր բյուլետեններ չեն բերել, պահումներ են արվել բացակա օրերի համար: Եթե բժշկից հիվանդության մասին տեղեկանք բերվի` կհամարվի հարգելի, և աշխատավարձերի պահումները կվերադարձվեն բացակայած պատգամավորներին:
Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությունը կարծես հաջողությամբ չի պսակվում: Նա էր, որ մշտապես բացակայող պատգամավորների «սանձերը ձգելու», թե խայտառակ բացակայությունները արդարացնելու համար հայտարարեց. «Ես ասել եմ, որ այն պատգամավորները, ովքեր անհարգելի բացակայում են ԱԺ նիստերից, իրենք աշխատավարձից բացակա օրերի համար զրկվելու են: Դե հիմա, եթե բժշկի թուղթ են բերում, ես չեմ կարող ստուգել` դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ: Ես հակված եմ հավատալու, որ ճիշտ, օբյեկտիվ թուղթ է»:
Բայց դե` օրենսդիրի նախագահն էլ լավ գիտի իր «հոտի» հնարավորությունները. ո՞ր մի «ազգընտիրի» համար է բժշկի թուղթ բերելը պրոբլեմ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման Եվրոպական Միության ծրագրի տարածաշրջանային ղեկավարի տեղակալ Րիշառ Մարտինեսի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանում է գտնվում վերոնշյալ ծրագրի իրականացման արդյունքների գնահատման առաքելությամբ:
Րիշառ Մարտինեսը ընդգծել է սահմանային անվտանգության ապահովման հարցերում ծրագրի շրջանակներում Հայաստանում արձանագրված զգալի առաջընթացը, կարևորել ԱԱԽ կողմից ոլորտը կանոնակարգող հիմնարար փաստաթղթերի ընդունումը և ոլորտում իրականացվող գործընթացների համակողմանի համակարգումը:
Անդրադառնալով ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքին, փորձագետները կարևորել են սահմանային անվտանգությանն առնչվող պետական մարմինների գործունեության համակարգման հետագա ինստիտուցիոնալիզացման անհրաժեշտությունը, սահմանային խնդիրներում ներգրավված պետական մարմինների գործունեության վերանայումը և գործառույթների հստակեցումը, պետական սահմանի միասնական և ինտեգրված կառավարման մեխանիզմների ներդրումը և այլն:
Պատվիրակության գնահատմամբ, ոլորտում գրանցված բարեփոխումները թույլ են տալիս Հայաստանը համարել առաջատար երկիր այս ոլորտում գրանցված արդյունքների հիման վրա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.