29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...1. Հայ Ազգային Կոնգրեսը, թերևս, Հայաստանի միակ քաղաքական ուժն է, որը հատուկ նախընտրական ծրագրով հանդես գալու կարիք չունի։ Քառամյա հետևողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը թե՛ տեսական, թե՛ գործնական առումով հասարակությանը ներկայացել է որպես իշխանության իրական հակակշիռ հանդիսացող քաղաքական գործոն, որն իր առջև դրել ու հաջողությամբ լուծել է երկու գլխավոր խնդիր. առաջին՝ ավազակապետական վարչախմբի արատների ու հանցավորության լիակատար բացահայտումը, և երկրորդ՝ սահմանադրական կարգի վերականգնմանն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հիմնավոր այլընտրանքների առաջադրումը։
2. Վերջին չորս տարիներին (2008–2011 թթ.) վարչախմբի ապիկար ու հանցավոր գործունեության հետևանքով՝
* Ի դերև են ելել իշխող կուսակցության և գործող նախագահի նախընտրական բոլոր խոստումները.
* Հայաստանի համախառն ներքին արդյունքը և պետական բյուջեն նվազել են համապատասխանաբար 11.54 և 10.9 տոկոսով.
* Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը աշխարհում զբաղեցրած 89 րդ տեղից նահանջել է 114-րդ տեղը.
* Երկրի արտաքին պարտքը 1.5 մլրդ դոլարից հասել է 3.8 մլրդ դոլարի.
* Գումարային գնաճը կազմել է 37.1%, իսկ պարենային ապրանքների ու կոմունալ ծառայությունների գներն աճել են 45.7%-ով.
* Դրամն արժեզրկվել է շուրջ 25%-ով. դրամի փոխարժեքի արհեստական պահպանման նպատակով երկրի միջազգային պահուստներից ծախսվել է ավելի քան 1 մլրդ դոլար.
* Կապիտալի արտահոսքը կազմել է շուրջ 5 մլրդ դոլար. մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանման տարեկան ծավալով (493 դոլար) Հայաստանը հավասարվել է աշխարհի ամենազարգացած երկրներին.
* Կոռուպցիայի ինդեքսով Հայաստանն աշխարհի երկրների շարքում 99-րդ տեղից տեղափոխվել է 129-րդ տեղը.
* Խորացել է տնտեսության մենաշնորհացման գործընթացը, և մանր ու միջին գործարարությունը հայտնվել է վերացման եզրին.
* Աղքատության վիճակագրական ցուցանիշը բարձրացել է 12%-ով, հասնելով 35%-ի.
* Պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է 120.000 մարդ (մեկնողների և վերադարձողների թվի տարբերությունը).
* Հանցագործությունների և ծանր իրավախախտումների թիվը 8428-ից հասել է 16.572-ի.
* Գնդակահարվել է 10 անմեղ քաղաքացի, շուրջ 80 խաղաղ ցուցարարներ կրել են հրազենային և բեկորային վնասվածքներ, իսկ 100-ից ավելի քաղաքացիներ քաղաքական դրդապատճառներով հայտնվել են բանտերում.
* Խաղաղ պայմաններում զոհվել է ավելի քան 200 զինծառայող, որոնց մեծ մասը՝ բանակում տիրող արատավոր բարքերի և ոչ-կանոնադրային հարաբերությունների պատճառով.
* Քաղաքացիական օրենսգրքում 2010թ. կատարված փոփոխություններից հետո լրատվամիջոցների և անհատ լրագրողների նկատմամբ հարուցվել է մոտ մեկ տասնյակ դատական գործ.
* Պատգամավորների 58%-ը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ.
* Բյուջետային հիմնարկների հարյուրավոր աշխատակիցներ, ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, հեռացվել են աշխատանքից.
* Ավելի քան 100 անգամ Երևանի քաղաքային իշխանությունները ապօրինաբար մերժել են հանրահավաքների իրազեկման՝ ընդդիմության ներկայացրած դիմումները.
* Արտոնված հանրահավաքների օրերին իշխանությունները սիստեմատիկաբար փակել են Երևան մտնող մայրուղիները և խափանել հանրային տրանսպորտի աշխատանքը.
* և վերջապես, արտաքին քաղաքականության բնագավառում փակուղի են մտել Հայաստանի համար գերկենսական նշանակություն ունեցող խնդիրները՝ հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները։
Քիչ թե շատ ժողովրդավարական որևէ երկրում նման խայտառակ ցուցանիշներ արձանագրած իշխանությունը ոչ միայն չէր համարձակվի մասնակցել ընտրությունների ու կրկին հայցել ժողովրդի վստահությունը, այլև վաղուց տապալված կլիներ, ինչպես, շատ ավելի անմեղ թերացումների համար համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով տապալվեցին տասնյակ ևրոպական կառավարություններ։ Այսպիսի ավազակաբարո իշխանություն և դաժան լուծ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում չի տեսել։ Եթե հասարակությունը չգիտակցի այս ցնցող ճշմարտությունը, և գայթակղվելով ընտրակաշառքով, իր ձայնը տա իշխող կուսակցությանը, ապա կամա թե ակամա մասնակիցը կդառնա սեփական երկրի վերջնական կործանման, ու դրա համար իրենից բացի որևէ մեկին մեղադրելու իրավունք չի ունենա։
3. Երկրում տիրող իրական վիճակի բացահայտումն ու վարչախմբի մերկացումը համարելով իր գործունեության գլխավոր խնդիրներից մեկը, Կոնգրեսն, ինչպես արդեն նշվեց, դրան զուգահեռ, հսկայական աշխատանք է կատարել քաղաքական ու սոցիալ-տնտեսական բարեփոխումների այլընտրանքային ծրագրեր մշակելու և դրանք հասարակության սեփականությունը դարձնելու ուղղությամբ։ Քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական և կրթա-մշակութային բնագավառներում Հայ Ազգային Կոնգրեսի որդեգրած ռազմավարությունն արտացոլված է հետևյալ բովանդակալից մասնագիտական փաստաթղթերում (փակագծերում նշված է յուրաքանչյուր փաստաթղթի հրապարակման թվականը).
* «100 քայլ». Սոցիալ-տնտեսական քաղաքականության համակարգային վերափոխման ծրագիր (22.02.2010).
* Առողջության պահպանման քաղաքականության հիմնադրույթներ (01.07.2010).
* Կենսաթոշակային բարեփոխման ծրագիր (02.09.2010).
* ՀՀ հանրակրթության հեռանկարային զարգացման ծրագիր (15.04.2011).
* Մշակութային մանիֆեստ (27.12.2011).
* Ընտրական գործընթացի բարեփոխման պլատֆորմ (22.01.2012).
* Ազգային էկոլոգիական անվտանգության հայեցակարգ (21.02.2012).
* ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման հեռանկարային ծրագիր (21.03.2012)
* Դատա-իրավական բարեփոխումների հայեցակարգ (21.03.2012).
* Արդյունաբերության զարգացման ծրագիր (28.03.2012).
* Գյուղատնտեսության խթանմանն ուղղված հրատապ միջոցառումներ (29.03.2012).
Նշված փաստաթղթերում քայլ առ քայլ ներկայացված են իշխանության գալու պարագայում Հայ Ազգային Կոնգրեսի կոնկրետ անելիքները, բարեփոխումների ժամանակացույցը և նոր, ժողովրդավարական Հայաստանի կերտման իրատեսական հեռանկարը։ Հասկանալի լինելով, որ որևէ նախընտրական ծրագրում անհնար ու, թերևս, նաև ավելորդ է վերարծարծել վերոհիշյալ ծավալուն փաստաթղթերի ողջ բովանդակությունը, Հայ Ազգային Կոնգրեսը նպատակահարմար է համարում, դրա փոխարեն հասարակությանը հստակորեն ներկայացնել այն կոնկրետ քաղաքական ու օրենսդրական նախաձեռնությունները, որոնցով, սեփական ծանրակշիռ պատգամավորական խմբակցություն ձևավորելու պարագայում, պատրաստվում է հանդես գալ հաջորդ գումարման Ազգային Ժողովի առաջին իսկ նստաշրջաններում՝ այն է.
4. Հիմք ընդունելով այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի աթոռը զավթել է «Ընտրական օրենսգրքի» կոպտագույն խախտման, համատարած ընտրակեղծիքների, զանգվածային բռնությունների և խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած սպանդի հետևանքով, անմիջապես բարձրացնել նրա պաշտոնանկության և քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։
5. Ստեղծել լայն լիազորություններով օժտված անկողմնակալ պատգամավորական հանձնաժողովներ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունների ուսումնասիրման և իրավական հետևանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով։
6. Ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով լուծել մարտի 1-ի զոհերի ընտանիքների և հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, ապա գոնե մաս առ մաս, առաջիկա երկու տարվա կտրվածքով։
7. Հիմնավորապես վերանայել պաշտոնեական պարտավորություններում սիստեմատիկորեն թերացած, հետևողական անսկզբունքայնություն դրսևորած և հասարակության աչքում լիովին վարկաբեկված Սահմանադրական դատարանի կազմը, որն արդարադատության գերագույն ատյանի կոչմանը հակառակ, դարձել է ավազակապետության հլուհնազանդ կամակատարը կամ պարզ կցորդը։
8. ԽՍՀՄ խնայբանկերի ավանդները ձևակերպել որպես պետական պարտատոմսեր՝ դրանք աստիճանաբար մարելով համապատասխան ժամանակացույցով, այն էլ՝ կրկնակի ավելի մեծ չափով և կրկնակի ավելի արագ, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով։
9. Արտագաղթի վնասները նվազեցնելու և ժողովրդագրական վիճակը քիչ թե շատ բարելավելու նպատակով երեխաների ծննդյան միանվագ նպաստը սահմանել 500.000 դրամ, երրորդ երեխայից սկսած՝ մայրերին վճարել 1 մլն, իսկ հինգերորդից սկսած՝ 1.5 մլն դրամ, ինչպես նաև 30%-ով երկարաձգել մայրերի վճարովի արձակուրդի տևողությունը։
10. Անցնել պետության կողմից առողջապահության հավաստագրային ֆինանսավորման, այսինքն՝ ֆինանսավորել ոչ թե առողջապահական հիմնարկները, այլ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներին, իսկ առողջապահության պետական ֆինանսավորումը նախատեսել ՀՆԱ-ի առնվազն 3%-ի չափով, ներկայիս 1.6%-ի փոխարեն։
11. Օրենքով սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի առնվազն 1%-ի չափով։ 2013 թվականին ՀՆԱ-ի 1%-ին հասցնել նաև գիտության պետական ֆինանսավորումը, իսկ դրանից հետո յուրաքանչյուր տարի այն ավելացնել 0.25%-ով։
12. Արմատական փոփոխությունների ենթարկել «Ընտրական օրենսգիրքը», նրանում մասնավորապես ամրագրելով հետևյալ դրույթները. ընտրացուցակների բեռնաթափումը երկրից մշտապես բացակա շուրջ 500.000 քաղաքացիների անուններից, բազմակուսակցական ընտրական հանձնաժողովների փոխարինումը պետության կողմից ձևավորված հանձնաժողովներով, խորհրդարանական ընտրություններում ամբողջովին համամասնական ընտրակարգի կիրառումը, քվեարկության մասնակիցների մատների թանաքոտումը, ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը, ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակայնության ապահովումը և այլն։
13. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքից հանել բանակի մասնակցությանը վերաբերող հակասահմանադրական դրույթը, երկրի ներքին կյանքում զինված ուժերի օգտագործումը սահմանափակելով բացառապես բնական աղետների հետևանքների վերացման ոլորտով։
14. «Հավաքների մասին» օրենքում վերացնել բյուրոկրատական կամայականությունների դուռ բացող երկիմաստ արտահայտություններն ու անհստակ ձևակերպումները, և խիստ պատասխանատվություն սահմանել հավաքների ազատության իրավունքը ոտնահարող պետական պաշտոնյաների նկատմամբ։
15. Գյուղատնտեսության խթանման և գյուղացիության վիճակի թեթևացման նպատակով ընդունել միջոցառումների համալիր փաթեթ, որը մասնավորապես կընդգրկի հետևյալ մոտեցումները. գյուղատնտեսության վարկավորման տարբերակված նորմատիվների սահմանում, պետության կողմից առ 01.04.2012թ. գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքի և գյուղմթերքների արտադրության սուբսիդավորում, փոքր գյուղացիական տնտեսությունների խրախուսում, մեծածախ գյուղատնտեսական շուկաների ստեղծում, գյուղացիական տնտեսությունների կողմից մանրածախ շուկաների հիմնում, սերմացուի, թունաքիմիկատների, պարարտանյութերի նկատմամբ տարբերակված ԱԱՀ-ի կիրառում, գյուղացիների համար մասնագիտական պետական դասընթացների կազմակերպում և այլն։
16. Հրատապ միջոցառումների նույնպիսի մի փաթեթ անհրաժեշտ է ընդունել նաև արդյունաբերության զարգացման և արտադրության խթանման համար, նկատի ունենալով, մասնավորապես, նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկությունների համար հարկային արտոնությունների սահմանումը, հիմնական կապիտալում ներդրվող միջոցների հաշվառումը արտադրանքի ինքնարժեքի կազմում և դրանց ազատումը շահութահարկից, ինչպես նաև շահութահարկից կանխավճարներ կատարելու պրակտիկայի դադարեցումը և ներքին արտադրողի շահերի հավասարեցումը ներմուծողի նկատմամբ։
17. Հակամենաշնորհային օրենսդրության մեջ սահմանել դրույթ, որի համաձայն տնտեսական գործունեության ցանկացած ոլորտում որևէ ընկերության մասնաբաժինը, բացառությամբ բնական մենաշնորհներին վերաբերող դեպքերի, չի կարող գերազանցել շուկայի 33.33%-ը։
18. ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Պետական եկամուտների կոմիտեն հանել ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ցանկից և վերականգնել որպես նախարարություններ կառավարության կազմում նրանց նախկինում ունեցած կարգավիճակը։
19. Օրենսդրական փոփոխությունների միջոցով վերացնել ավելորդ վարչական օղակները և էապես կրճատել վերջին 14 տարիների ընթացքում անհարկի ուռճացած պետական ապարատը՝ մասնավորապես ՀՀ Նախագահի, կառավարության, ճյուղային նախարարությունների, մարզպետարանների և Ազգային Ժողովի աշխատակազմերը, սակայն ոչ թե նշված մարմինների շարքային աշխատողների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների թվի հաշվին, իսկ կրճատումների հետևանքով խնայված միջոցներն ուղղել կրթության, գիտության և մշակույթի ոլորտներ։
20. Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական գործունեությունն, անշուշտ, չի սահմանափակվելու թվարկված նախաձեռնություններով. թեկուզ առաջնահերթ, դրանք ընդամենն ընդգրկում են նրա ծրագրերի միայն մի մասը։ Ազգային Ժողովում քաղաքական ուժերի բարեհաջող դասավորության պարագայում Կոնգրեսը մտադիր է հասնել իր ծրագրային փաստաթղթերում տեղ գտած բոլոր խնդիրների իրականացմանը։ Իսկ որպես զգուշացում. լինելով սկզբունքային ընդդիմություն, Կոնգրեսը դեմ է քվեարկելու այն բոլոր օրինագծերին, որոնցում հաշվի չեն առնվի իր առաջարկներն ու առարկությունները։
Հարկ եմ համարում նաև շեշտել, որ իմ ելույթի բոլոր դրույթները համաձայնեցված են «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքին մաս կազմող կուսակցությունների հետ, հետևաբար այն հանդիսանում է նրանց միասնական տեսակետը։
Իրանի քաղաքացիները ողողել են մայրաքաղաքը: Այս օրերն նրանք Հայաստան են գալիս մեծ խմբերով: «Հայկական Վարկածին» նրանց հյուրընկալած օբյեկտներից մեկի պատասխանատուն պատմեց որ, իրանցիները գալիս են խառը խմբով`կանայք ու տղամարդիկ և այստեղ վայելում են իրենց երկրում արգելված ազատությունը: Մայրաքաղաքից հեռու ընկած օբյեկտներում տեղավորվում են խմբեր համեմատաբար ոչ ունևոր խավից: Սակայն այսօրվա հյուրանոցային առատության պայմաններում նրանց «որսալն» այդքան էլ հեշտ չէ:
Իրանցիներն ամենուր են` խանութներում շուկաներում, զվարճանքի վայրերում, թե ինչքան կտևի այցելության այս բուռն տեմպը դժվար է ասել, սակայն մի բան պարզ է, իրանցիները, ըստ նրանց հետ առնչվող մարդկանց, գնալով ավելի ու ավելի շատ են ձգտում գալ Հայաստան, չնայած անընդհատ դժգոհում են, որ գները մեզ մոտ շատ թանկ են:
Այսօր Երևանում մեկնարկեց Հայ հեղափոխական Դաշնակցության Հայ Դատի հանձնախմբերի գումարած թվով 4-րդ եռօրյա խորհրդաժողովը:
Հայ Դատի ավելի քան 25 հանձնախմբերի անդամներ աշխարհի տարբեր երկրներից, իրենց մասնակցությունն էին բերել խորհրդաժողովին:
Օրակարգում 6 հարց էր. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրական պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները, հայ-թուրքական հարաբերությունները, Արցախի միջազգային իրավական ճանաչման և բանակցային գործընթացի, Ադրբեջանի հակահայ քաղաքականության դեմ պայքարի հիմնախնդիրները, ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները, Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախաձեռնությունները:
Հայ Դատի Բյուրոյի անդամ, ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանն իր զեկույցում խոսելով խորհրդարանական դիվանագիտությունից, նկատեց, որ այսօր, ընդհանուր առմամբ, թե՛ հայկական և թե՛ ընդհանրապես մյուս երկրների հանձնաժողովների ներկայացուցիչները պատրաստ չեն դիվանագիտական աշխատանքների՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով: Նրա համոզմամբ, հանձնաժողովները կազմված են թեմաներին լավ չտիրապետող մարդկանցից: Խորհրդարանական դիվանագիտությունը, կարևոր միջոց է ներկայացնելու հայկական շահերը:
«Թուրքական և արդրբեջանական լոբբին աշխատում են այլ միջոցներով՝ հիմքում ունենալով նյութականը: Այս առումով մենք պետք է հասկանանք, որ չենք կարող մրցել նրանց դաշտում, նվերների, նյութական շահերի ասպարեզում։ Մեր աշխատանքը հիմնված է բարոյական, գաղափարական հենքի վրա»,-ասաց նա:
Վահան Հովհաննիսյանի կարծիքով այն հարցը,թե` արդյո՞ք Հայ Դատի աշխատանքներն այսօր արդիական են, և արդյո՞ք ժամանակը չէ աշխատել միայն ներքին հարցերով, ունի շատ հստակ պատասխան, «Մենք այսօր չունենք ավելի ակտուալ հարց, քան հայ դատի աշխատանքն է, քանի որ հենց ներքին, սոցիալական հարցերը, ի վերջո, ածանցյալ են այն հսկայական ողբերգությանը, ինչպիսին ցեղասպանության հարցն է»:
Հովհաննիսյանը որպես Հայ Դատի կարևոր խնդիրներ, առանձնացրեց երեքը` Ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Պետք է գտնել բանաձևեր, ճշգրիտ ձևով ապահովելով դրանց բալանսը՝ ճշգրիտ լուծումեր գտնել: Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչքանո՞վ է նպաստում դրան։ Ցավոք միշտ չէ: Հայ Դատի գրասենյակները պետք է աշխատեն ճիշտ, իդեալական դիվանագիտությամբ, այդ սայթաքումները շտկելով»,-կարծում է նա:
Արմեն Ռուստամյանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության մարտահրավերները. «Ռուսաստանը նկատեց այն մարտավարությունը և այն կաշկանդվածությունը, որն առկա է պաշտոնական դիվանագիտության մեջ: Հայ Դատի գաղափարախոսության հիմքում դրված է պահանջատիրությունը: Պետք է արտաքին քաղաքականության օրակարգի հիմքում դրված Հայոց Ցեղասպանության հարցում անքատելի մաս համարվի ոչ միայն ճանաչման , այլ հատուցման խնդիրները։ Դրանից չպետք է վախենալ, քանի որ մենք պետք է հասկանանք, որ մենք անխոցելի ենք, քանի որ արդարացի ենք»:
Հայ-թուրքական և Ղարաբաղյան հարցում, Ռուստամյանը գտնում է, որ պետք է գործել միասնական. «Մենք չպետք է կատարենք քայլեր, որ մեր ձեռքից բաց թողնենք մեր հնարավորությունները, և այդ քայլերով չփակենք ճանապարհները»,-ասաց նա և որպես կարգախոս նշեց, որ Հայաստանը պետք է զարգանա՝ չզիջելով:
Հանձնաժողովը առաձին ուղղությամբ քննարկման կդնի նաև «Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները, Թուրքիայի դերակատարությունը և Հայ Դատի աշխատանքների նոր մարտահրավերները» թեմաները:
Ֆրանսիայի Նիս քաղաքի Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված թնջուկը Գարեգին Բ կաթողիկոսը փորձել է լուծել. Ֆրանսիայում հայկական թեմի առաջնորդարանը, Նորվան Զաքարյանը և Թեմական խորհրդի նախագահ Պարտրիս Ջոլոլյանը Ֆրանսիայի հայկական համայնքին տեղեկացրել են Նիսում նոր հայկական եկեղեցական համայնքի ստեղծման մասին, որը կոչվում է «Ալպ-Մարիտիմի, Վարի և Մոնակոյի հայկական առաքելական եկեղեցու և եկեղեցական համայնքի մշակութային ասոցիացիա», տեղեկացնում է Nouvelles d’Armenie-ն:
Այս նոր մշակութային ասոցիացիան ստեղծվել է, քանի որ հայտարարվել է, թե «Կոթ դ’Ազուրի հայկական առաքելական եկեղեցու եկեղեցական համայնք» կոչված մշակութային ասոցիացիան առնչություն չի ունեցել Հայ Առաքելական եկեղեցու հետ:
Ըստ էջմիածնի միավորման բոլոր փորձերն ապարդյուն են եղել: Այդ պատճառով Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Հայաստանի Գերագույն հոգևոր խորհուրդը 2012 թ.-ի հունվարի 26-ին միաձայն որոշում են կայացրել հին եկեղեցական համայնքից հետ վերցնել Հայկական Առաքելական եկեղեցի կոչվելու իրավունքը:
Իսկ նոր եկեղեցական համայնքը, որը շուտով կդառնա Թեմի անդամ, իր հերթին արդեն Նիսի հայկական համայնքի ներսում կազմակերպում է ծիսական արարողություններ:
«Հրապարակ». Այս ընտրությունները ևս հավակնում են վերածվել փողի մրցավազքի: Երեկ թերթը ուշագրավ մանրամասներ է իմացել ընտրությունների ֆինանսական կողմի մասին: Պարզվում է` թեկնածուներից ոմանք հսկայական վարկեր են վերցրել նախընտրական ծախսերն անելու համար: Այս ընտրություններում մեկ թեկնածուի ծախսած գումարի չափը 500 հազար դոլարից մինչև 2 միլիոն դոլարի է հասնելու: Ասենք, «Դերժավա» ընկերության սեփականատեր Արկադի Համբարձումյանն ամենաբարձր պլանկան է դրել: Թեկնածուներից մեկը թերթին պատմել է, որ երբեմն իրենց ցանկությունից էլ չի կախված ծախսվող գումարի չափը` երբ տեսնում են, որ մրցակիցն իրենցից շատ է ծախսում, կամ տեսնում են, որ մրցակցի շանսերը մեծ են, արդեն ծախսած գումարը չկորցնելու համար ստիպված են լինում մի քանի հարյուր հազար ևս դնել սեղանին: Այս շրջանում բոլոր կուսակցություններում «փողի բազարներ» են գնում: Ասենք, ԲՀԿ-ում այսպիսի համաձայնության են եկել. Գագիկ Ծւսռուկյանը մեկական միլիոն դոլար է հատկացնում յուրաքանչյուր մեծամասնական թեկնածուի: Պայմանն այսպիսին է. Հաղթեցիր`քեզ նվեր, պարտվեցիր` վերադարձնում ես: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն զրկվում ես պատգամավորի մանդատից, այլև ընկնում ես մեծ պարտքի տակ: Բայց, թերթին հասած տեղեկություններով, ԲՀԿ-ին չեն թողնելու անսահմանափակ ու անարգել փող ծախսի, իրավապահ մարմիններին հրահանգված է ընտրակաշառք տվողներին էլ, վերցնողներին էլ բռնել: Երբ մի քանի ցուցադրական ձերբակալություններ կլինեն, շատերը ետ կկանգնեն փողով պատգամավոր դառնալու մտադրությունից:
Այսօր Կոտայքի մարզում անցկացված կառավարության արտագնա նիստի վերջում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարության բոլոր անդամները, ովքեր մասնակցելու են առաջիկա ընտրություններին և քարոզարշավին, պետք է ապրիլի 1-ին արձակուրդի դիմում գրեն:
Նա պարզաբանել է.«Դա արվում է նրա համար, որ պաշտոնատար անձինք իրենց պաշտոնական դիրքը չօգտագործեն քարոզարշավի ժամանակ: Նրանք ովքեր կցանկանան արձակուրդ չգնալ և պաշտոնավարել, պետք է կուսակցությունների համամասնական ցուցակներից դուրս գան»:
Վարչապետ նշել է, որ դա նախարարներին չի վերաբերվում.նախարարների պաշտոնը քաղաքական պաշտոն է:
Հ.Գ.Հայաստանում մայիսի 6-ին տեղի կունենա ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ: Ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ից:
«Օրինաց երկիր» կուսակցությունը 4-րդ անգամ է, որ մասնակցում է խորհրդարանական ընտրություններին և ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը համոզված է որ իրենց մոտ ոչինչ չի փոխվել:
Նա՝ այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց. «1999-ին մենք սկսնակ կուսակցություն էինք և մեծ փորձ չունեինք: Այսօր մենք բոլոր առումներով մարտունակ ենք և մեծ հնարավորություն ունենք հաղթանակ տանելու»:Սակայն Տիկին Բիշարյանը այնքան անկեղծ չեղավ հիշելու, որ նախորդ ընտրություններին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, որպես երիտասարդ ու խոստումնալից լիդեր հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից և մարդիկ հույս էին կապում նրա հետ: Սակայն վերջինս, ոչ միայն չարդարացրեց իր ընտրողների հույսերը այլև դավաճանեց իր իսկ գաղափարախոսությանը, դառնալով ԱԽՔ և քաղաքական դիակ:
Տիկին Բիշարյանը հայտարարեց, որ նախընտրական պայքարը սկսելու են հանրահավաքով, որը տեղի կունենա Ազատության հրապարակում ապրիլի 7-ին: Այդ օրը կուսակցությունը նախատեսել է ներկայացնել ՕԵԿ նախընտրական ծրագիրը, որից հետո՝ հենց հաջորդ օրվանից կսկսեն քարոզարշավը: Բիշարյանը չբացառեց, որ քարոզարշավի ընթացքում քիչ չեն լինի այն քաղաքական ուժերը, որոնք կզբաղվեն սև PR-ով: Երևի այդ է պատճառը, որ ՕԵԿ-ը որոշել է դրանից առաջ քաղցրացնել ընտրողների բերանը:
«Արդեն ունենք հստակ ծրագրեր, պլանավորված է այցելությունները դեպի մարզեր: Պետք է նշեմ, որ այսօր մենք չունենք ավելի քիչ հնարավորոթյուններ խորհրդարանում հայտնվելու, քան այսօր կանք այնտեղ»,- տեղեկացրեց ՕԵԿ-ական տիկինը:
Նա հույս հայտնեց, որ քարոզարշավը կլինի ոչ թե իրար վրա ցեխ շպրտելու առիթ, այլ` գաղափարների պայքար. «Բոլոր այն կուսակցությունները, որոնք եղել են քաղաքական դաշտում, պետք է ներկայացնեն հանրությանը, թե իրենք ինչ են արել, ինչ օրենսդրական ծրագրեր են մշակել, ինչ փոփոխություններ են իրականացրել: Եվ պետք է անդրադառնան տնտեսական խնդիրներին»,-ասաց նա՝ ավելացնելով, որ միայն դրանից հետո հանրությունը կկարողանա որոշել, թե ում իր ձայնը տալ, իսկ միմյանց վրա ցեխ շպրտելը, ըստ նրա, ՕԵԿ-ի աշխատելաոճի մեջ չի եղել և չի էլ լինի»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակել է իր գնահատականը` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011թ. գործունեության վերաբերյալ:
Օմբուդսմենի գնահատականում նշվում է.
«2011 թվականին Հանձնաժողովի պատասխանատվության ոլորտում հայտնաբերված խնդիրները և գրանցած ձեռքբերումները ներկայացված են ստորև, սակայն ոչ սպառիչ։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000թ., իսկ Հանձնաժողովը ՀՀ-ում ստեղծվել է 2001թ. հունվարի 13-ին: 2011թ.-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ վերանայվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը և արդյունքում այն մեծ չափով համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Օրենքի նոր տարբերակն ավելի լայն հնարավորություններ է տվել Հանձնաժողովին առավել արդյունավետ աշխատելու առումով:
Թեև այս ամենին, տնտեսական մրցակցության ապահովման մակարդակը Հայաստանի Հանրապետությունում դեռևս բավարար չէ: Համաշխարհային տնտեսական ֆորումի ցուցանիշներով, թեև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության գործակցով ՀՀ-ը արձանագրել է որոշակի առաջընթաց, սակայն ներքին մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության մակարդակով ՀՀ-ը շարունակել է գրավել ցածր դիրքեր: Միայն 2011թ. Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված 13 ապրանքային շուկաներից 12-ը գնահատվել են որպես բարձր կենտրոնացված: Արձանագրվել են նաև նոր տնտեսվարող սուբյեկտների շուկա մուտք գործելու խոչընդոտման դեպքեր այդ շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների կողմից:
Թեև 2011թ. Հանձնաժողովի կողմից տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու որոշումները նախորդ տարվա համեմատ աճել են մոտ կրկնակի և արդյունքում ՀՀ պետական բյուջե մուծված գումարները՝ մոտ 6 անգամ, այնուամենայնիվ, Հանձնաժողովի կողմից համապատասխան դեպքերում ձեռնարկված միջոցները չեն արտացոլել տարբեր ապրանքային շուկաներում գոյություն ունեցող մրցակցային օրենսդրության խախտման դեպքերի իրական պատկերը և բավարար չափով չեն ազդել երկրում տնտեսական մրցակցության պաշտպանության վիճակի վրա:
Բավարար չեն եղել Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցները հակամրցակցային գործողությունների դրսևորման դեպքերի կանխարգելման և դադարեցման ուղղությամբ: Հանձնաժողովն իր որոշումներով պատասխանատվության է ենթարկել մի շարք տնտեսվարող սուբյեկտների հակամրցակցային գործողությունների դրսևորման համար: Տնտեսվարող սուբյեկտները բողոքարկել են Հանձնաժողովի որոշումները` չկատարելով դրանց պահանջները: Դատաքննության ողջ ժամանակահատվածում, որը կարող է տևել մինչև երկու տարի, Հանձնաժողովը որևէ միջոց չի ձեռնարկել իր կողմից կայացված որոշումների կատարման գործընթացն ապահովելու համար: Օրինակ` Հանձնաժողովին տրված է իրավասություն տնտեսվարող սուբյեկտին պատասխանատվության ենթարկել Հանձնաժողովի որոշման չկատարման համար, սակայն Հանձնաժողովը սպասել է մինչև դատաքննության ավարտը:
Բավարար չեն եղել Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցները նաև անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքերի կանխարգելման և դադարեցման ուղղությամբ: Արձանագրվել է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից ուկրաինական գրեթե համանուն օղիներին շփոթության աստիճան նման օղիների արտադրման և իրացման դեպք: Նշվածի կապակցությամբ Հանձնաժողովը վարույթ է սկսել 2009թ.-ին, և Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը ընկերության կողմից բողոքարկվել է դատական կարգով: Հանձնաժողովն ընկերության նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար կիրառել է տուգանք, ինչպես նաև ընկերությունից պահանջել է վերացնել խախտումը, այսինքն` 1-ամսյա ժամկետում շրջանառությունից հանել համապատասխան արտադրանքը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով տնտեսվարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշումների չկատարման համար սահմանված է վարչական պատասխանատվություն կիրառելու հնարավորություն, ինչպես նաև Հանձնաժողովի որոշման բողոքարկման դեպքում` դրա գործողության կասեցման արգելքը: Այնուամենայնիվ, Հանձնաժողովի կողմից երկու տարվա ընթացքում չեն ձեռնարկվել բավարար միջոցներ իր որոշումները չկատարող տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ համարժեք վարչական պատասխանատվության միջոցների կիրառման ուղղությամբ:
Թեև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով զգալիորեն ընդլայնվել են Հանձնաժողովի լիազորությունները հակամրցակցային գործողությունների վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու գործընթացում, այնուամենայնիվ դեռևս Հանձնաժողովին ընձեռված գործիքակազմը բավարար չի եղել արդյունավետորեն իրականացնելու տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը: Մասնավորապես` Հանձնաժողովը ստուգումների իրականացման ոլորտում ընձեռնված չէ այնպիսի լիազորություններով, որոնք նրան հնարավորություն կտան ապացույցներ ձեռք բերել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այնպիսի թաքնված խախտումների վերաբերյալ, ինչպիսին է, օրինակ, հակամրցակցային համաձայնությունը, որի մասնակիցները` տնտեսվարող սուբյեկտները, ձեռնարկում են բոլոր միջոցները իրենց պայմանավորվածությունը գաղտնի պահելու համար: Գրեթե բոլոր երկրներում մրցակցության պաշտպանության մարմիններն օժտված են ստուգման լայն իրավասություններով, ինչն էլ հնարավորություն է տալիս նրանց բացահայտելու նույնիսկ ամենագաղտնի համաձայնությունները: Այդ է պատճառը, որ ՀՀ մրցակցային օրենսդրությունն ուսումնասիրող բոլոր միջազգային փորձագետներն առաջարկել են Հանձնաժողովին օժտել ստուգման լիազորություններով:
Հանձնաժողովը բավարար միջոցներ չի ձեռնարկել տնտեսական մրցակցության հարցերի վերաբերյալ հանրությանն իրազեկելու ուղղությամբ, ինչն էլ իր հերթին նվազեցրել է սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության արդյունավետությունը: Չնայած գործել է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջը, սակայն այն ոչ բավարար տեղեկատվություն է պարունակել ոլորտի խնդիրների վերաբերյալ: Միաժամանակ կայքէջը չի ներառել անգամ վիճակագրական տվյալներ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Բավարար չափով չի ապահովվել մրցակցության ոլորտում տնտեսվարող սուբյեկտների անբարեխիղճ գործունեության արդյունքում ապրանքների գները անհիմն բարձրացնելու, անորակ կամ ժամկետանց սննդամթերք վաճառելու և հանրային նշանակության այլ հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի իրականացրած գործողությունների հրապարակայնությունը և թափանցիկությունը:
Ընտրողների ցուցակում Ձեր և այլ անձանց տվյալները ստուգելու համար կարող եք այցելել www.elections.am և www.police.amհամացանցային կայքեր, ինչպես նաև տեղամասային կենտրոններ: Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև մայիսի 1-ը կարող եք դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ Ձեր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարելու է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ձեզ:
Հարցեր առաջանալու դեպքում զանգահարել 010-53-88-63 հեռախոսահամարով:
«Ժողովուրդ»-թերթը գրում է, որ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը, որ հրաժարական էր տվել կենսաթոշակների ոլորտում բացահայտված յուրացումների արդյունում , ընդգրկված չէ ՀՀԿ համամասնական ցուցակում: «Իսկ չարաշահումների առիթով հարուցված քրեական գործը քննվում է: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ Վազգեն Խաչիկյանն արդեն հարցաքննվել է այդ գործով, սակայն ամիսներ առաջ: Այժմ գործով նախաքննություն է ընթանում , իսկ թե մինչեւ երբ կտեւի այն, հայտնի չէ: Նկատենք, որ Խաչիկյանն այդ գործով այդպես էլ մեղադրյալի կարգավիճակ չի ստացել»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.