29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Դաշնակցական գործիչներն իրենց վերջին հարցազրույցներով, հիմնվելով, հավանաբար, իրենց ընդհանուր ժողովի որոշումների վրա, հայտարարել են, որ նախագահական ընտրություններին առաջ են քաշելու կամ պաշտպանելու են այն թեկնածուին, որը ապամոնտաժելու է նախագահական ինստիտուտը: Որքան էլ ես չընդունեմ այդ կուսակցության գաղափարախոսությունը, պիտի համաձայնեմ, որ դա քաղաքական ծրագիր է, որի շուրջ կարող են համախմբվել տարբեր ուղղվածության ուժերը: Եթե լինի այնպիսի թեկնածու, անկախ նրա անուն-ազգանունից և կուսակցական պատկանելությունից (ավելի ցանկալի է, որ նա ընդհանրապես կուսակցական չլինի), որը կհայտարարի, թե նախագահ դաrնալով մեկ տարում նպաստելու է Սահմանադրության փոփոխությանը, խորհրդարանական կառավարման ներմուծմանը, որից հետո հրաժարական է տալու և անց է կացնելու արդար խորհրդարանական ընտրություններ, իսկ այնուհետև չի հավակնելու ոչ պատգամավորական մանդատի, ոչ վարչապետի, ոչ նախարարի, ոչ էլ որևէ այլ պաշտոնի, այդպիսի թեկնածուն, կարծում եմ, շանսեր կունենա շահելու նորմալ քաղաքացիների համակրանքը:
Չէի ցանկանա մտնել կառավարման տարբեր համակարգերի դրական և բացասական կողմերի մասին ակադեմիական վեճի մեջ: Հարցն այստեղ այլ հարթության մեջ է. Հայաստանում զարգացման կարևորագույն խոչընդոտն է անձնականացված մոտեցումը բոլոր հասարակական հարցերում: Փրկչի, շեֆի, հերոսի, թագավորի առասպելը խորը արմատներ ունի մեր ժողովրդի գիտակցության մեջ: Երբ մենք մտածում ենք նախագահի հնարավոր թեկնածուի մասին, առաջին միտքը, որը մեր մեջ ծնվում է` «ինչ է անելու այդ մարդը, որ իմ գործերն ավելի լավ գնան»: Շատ քչերի մտքով է անցնում, որ այդ մահկանացուն, որի բարերարություններին ենք մենք սպասում, վաղը այս կամ այն հանգամանքների բերումով կարող է դառնալ չարագործ և մեզ համար միանգամայն ատելի կերպար: Ճիշտը, հետևաբար, ոչ թե բարի թագավորին սպասելն է, այլ այնպիսի մեխանիզմներ ստեղծելը, որոնց պայմաններում ցանկացած մարդ` բարի, թե չար, տաղանդավոր, թե անտաղանդ, կվարվի օրենքի սահմաններում:
Այսքանից ելնելով` նախագահի այդքան գայթակղիչ աթոռը, հավանաբար, պետք է վերացնել: Դա, իհարկե, ինքնին իրավիճակի կտրուկ փոփոխություն չի ապահովի, դրա հետ մեկտեղ նոր Սահմանադրության մեջ պետք կլինի ներդնել զսպումների և հակակշիռների ավելի հստակ մեխանիզմ, քան այն, որը կա այսօրվա Գլխավոր օրենքում: Բայց անկախ նրանից` ճիշտ է Դաշնակցության մոտեցումը, թե սխալ, այն իր բովանդակությամբ քաղաքական է, այսինքն` ուղղված է համակարգին, ոչ թե անձին: Այն, ինչ ընդդիմությունն է 20 տարի շարունակ պահանջում` նախագահի անհապաղ հրաժարական և արտահերթ ընտրություններ, իրականում քաղաքական չէ: Որովհետև դրանից հետո անխուսափելիորեն քննարկվում էին և շարունակվում են քննարկվել երեք մահկանացուների թերություններն ու արժանիքները: Իսկ դրանք անպտուղ, խոհանոցային, քաղքենի խոսակցություններ են, որոնք քաղաքականության հետ բացարձակապես կապ չունեն:
Ճիշտ է, այս պահին ընդդիմությունը անհապաղ հրաժարական չի պահանջում: Բայց դա ժամանակավոր երևույթ է. փետրվարին նորից կսկսի:
Առավոտ
ԱԱԾ դիմումի հիման վրա «Սիվիլիթասում» հարկային ստուգումները պետք է տևեն 15 օր, այսօր ստուգումների 9-րդ օրն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը: «Մենք ի սկզբանե կարևորություն ենք տվել, որ մեր գործունեությունը ամբողջությամբ լինի օրենքի դրույթներով և թափանցիկ: Եվ ուրախ եմ ասել, որ այն, ինչ մենք ակնկալում էինք, իսկապես, մեր փաստաթղթային, հաշվապահական գործունեությունը բավական մաքուր է և քրեական գործի հարուցումն անհիմն է»,- նշեց Ղազարյանը:
Ինչ վերաբերում է «Սիվիլիթասի»` մորմոնների կողմից ֆինանսավորմանը, Սալբի Ղազարյանը չի ժխտել. «Մենք ունենք ֆինանսական աջակցություն տարբեր դոնորների կողմից՝ տարբեր կրոնների պատկանող», ըստ նրա Սիվիլիթասը ֆինանսավորվում է մի շարք անհատների և մի շարք գործընկերների կողմից:
Ի դեպ, Սիվիլիթաս հիմնադրամը իր գործունեությունը սկսել է ամերիկացի բարեգործ Ջոն Հանթսմանի հատկացրած գումարով:
Հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանը կդիմի դատարան` ԱԱԾ-ի որոշումը վերացնելու խնդրանքով, որի հիման վրա գործը հարուցվել է և վարույթ ընդունվել: Նրանք մտադիր են դիմել առաջին ատյանի դատարան, եթե չվերացնեն որոշումը, ապա` կդիմեն Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան, կախված հանգամանքներից: Սալբի Ղազարյանը հավաստիացրեց, որ պատրաստ են լրացուցիչ միջոցների դիմել, անհրաժեշտության դեպքում` դուրս գալ Հայաստանի դատաիրավական հարթությունից:
«Շանսերը, բնականաբար, բարձր չեն գնահատվում այն պարզ պատճառով, որ այստեղ ամբողջ դատաքննչական համակարգը այդ ներուժը պետք է աշխատի, որ իրենց ներկայացրած գործի հիմքերը ինչ-որ կերպ արդարացնեն: Ձեր ուշադրութունը հրավիրում եմ այն հանգամանքին, որ մենք հիմա չենք ասում, որ ում դուք կասկածում եք, անմեղ են: Մենք ասում ենք` ի սկզբանե այդ գործը, որը հարուցել եք, այդ որոշումը վերացրեք: Եթե վերացնեն, դա աննախադեպ բան կլինի Հայաստանի դատական համակարգի, քննչական համակարգի համար»,- նշեց նա:
Այն հարցին, թե Վարդան Օսկանյանը այս գործում քաղաքական ենթատեքստ է տեսնում և հիմա, երբ որևէ բան չի բացահայտվում, կարելի՞ է ասել, որ իշխանությունները քաղաքական հետապնդումը դադարեցրել են, Ղազարյանը պատասխանեց. «Քանի որ գործը կարճված չէ, այն շարունակվում է: Եթե գործը շարունակվում է, մենք շարունակում ենք ասել, որ այնտեղ կա քաղաքական նպատակ, քաղաքական պատվեր, քաղաքական մի բան, որովհետև չկա որևէ ուրիշ փաստացի մեղք, պրոբլեմ, սխալմունք, խախտում և այլն»:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը մայիսի 25-ին հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որի հետ կապված շոշափվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը, որն իրեն այդ գործի շրջանակներում համարում էր քաղաքական հետապնդման զոհ:
(Բաց նամակ քաղաքապետին, գործարար Վաչե Մանուկյանին և գործի հետ առնչություն ունեցող այլ էլիտար պաշտոնյաների)
Թե ինչ բարի գործեր է արել արտասահմանում ապրող Վաչե Մանուկյան անունով մեծահարուստ հայը իր հայրենիքի ու մայրաքաղաքի համար, կարիք չկա թվարկել, քանի որ այն մեծ վատությունը, որ նա արել ու անում է, արդեն 16 տարի պարզապես աչք է ծակում ու ստվեր գցում մնացած լավ գործերի վրա։ 1996 թվականին նա գնել է «Սևան» հյուրանոցը, ապա հիմնահատակ քանդել՝ առաջացնելով Սևանա լճի հատակը հիշեցնող խորը փոս, ցանկապատել է տարածքը ինչ–որ արծաթագույն թիթեղներով, որոնք ժամանակի ընթացքում քայքայվել ու պոկատվել են՝ նայողին ցուցադրելով ներսի՝ արդեն թավուտներ հիշեցնող աղբանոց–տարածքը ու, ամենայն հավանականությամբ, մոռացել այդ մասին։ Դեռ լավ է, որ այս տարի հանեցին ցանկապատի դիմացի «տախտակամածը», որի վրա փտելուց հսկայական ճեղքեր էին առաջացել, ու քայլողի համար կոշիկը կորցնելու կամ կրունկը ջարդելու վտանգ էին առաջացնում։
Նախկին «Սևանի» կողքով անցնելիս փորձեցի զրուցել ամենուր լինող ու ամեն ինչից տեղյակ տաքսիստի հետ. «Հիշո՞ւմ եք՝ երբ քանդեցին «Սևանը»։ –«Քանդեցի՞ն, չքանդեցին է՞. տրաքացրին, էն էլ՝ գիշերով, քանի որ էնքան պինդ էր, չէր քանդվում։ Դրին գյոզալ շենքը գիշերով տրաքացրին, որ մարդ չտեսնի։ Թուրքը չէր անի։ Քանի տարի՞ … կլնի արդեն մի 15 տարի։ Տրաքացրին, ու տեղը սարքին բոմժանոց, պարսիկների զուգարան։ Դե որ սարքելու էիք բոմժանոց, էնա թող էդ խեղճերը շենքի մեջ ապրեին էլի էս 15 տարին, ափսոս է՞ր։ Հլա ծերն էլ չի երևում, հեսա ոնց որ ցանկապատը դզմզել են, երևի մի էդքան տարի էլ մնա սենց անտեր։ Էս երկիր ա՞ որ… շունը տիրոջը չի ճանաչում»։
Ինչո՞ւ և ի՞նչ իրավունքով է պարոն Վաչե Մանուկյանը որոշել մայրաքաղաքի սրտի մեջ ցանկապատել մի հսկայական տարածք ու բարձիթողության մատնել 16 տարի։ Ու ինչո՞ւ դա ոչ մեկին չի անհանգստացնում, զարմացնում ու զայրացնում։ Գլխավորը՝ ինչո՞ւ այդ խայտառակությունը չեն «նկատում» իրար հաջորդող քաղաքապետերը, ինչո՞ւ դա ոչ մի կերպ չեն տեսնում՝ իրենց էլիտար մեքենաների շարասյուներով անցուդարձ անող նախագահ–վարչապետներն ու այլ պաշտոնական անձինք։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ցինիզմը հասել է պետական մակարդակի ու որի քաղաքացին արդեն կամաց–կամաց կորցնում է զարմանալու՝ սովորոկան մարդկային հատկությունը։ Եթե մի օր մեկն առնի ու քանդի հրապարակի թամանյանական կառույցներից մեկն ու այնտեղ վեր խոյացնի անճաշակ ու երբեմնի ներդաշնակ ամբողջականությանը բոլորովին չհամապատասխանող մի երկնաքեր, կամ պարզապես տարածքը ցանկապատի ու սարքի աղբանոց, ոչ ոք արդեն չի զարմանա։ Օրինակ, երբ որևէ օլիգարխի հրապարակավ մեղադրում են որևէ հանցանք–զանցանքի մեջ, մենք միանգամից մտածում ենք՝ տեսնես ո՞ւմ «պոչն էր տրորել», որ ուզում են «արանքից հանել»։ Կամ երբ մեծահարուստը հրապարակի քթի տակ առնում է ճարտարապետական կառույց, հիմնահատակ քանդում ու տարիներով թողնում ավերակ, մենք միանգամից մտածում ենք՝ տեսնես ո՞վ է էդ հարուստն ու տեսնես ինչքա՞ն է «կերցրել» վերևներին, որ նրանք էդ տարածքով անցնելիս կորցնում են տեսողությունները, պարտքի ու աշխատանքային պատասխանատվության զգացումները։ Տեսնես կա՞ էլի մի երկիր, որտեղ հրապարակում ցանկապատվի տարածք ու թողնվի 16 տարի՝ «իմը չի՞… ինչ կուզեմ՝ կանեմ» մանկապարտեզային հիմնավորումով։
Հիշեցնենք, որ «Սևան» հյուրանոցը ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի գործերից էր, կառուցվել էր 1930–1939 թթ., մասնագետների կողմից համարվել հայ ճարտարապետության լավագույն նմուշներից մեկը։ Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի խոսքով՝ «Հյուրանոցն իր կառուցվածքով, հարկայնությամբ ամբողջությամբ համապատասխանում էր Շահումյան հրապարակին և ներդաշնակ էր դիտվում հրապարակի այլ կառույցների հետ: Շատ եմ ցավում «Սևանի» ճակատագրի համար: Այն շատ գրագետ կառույց էր թե՛ ճարտարապետական, թե՛ ֆունկցիոնալ կառուցվածքի տեսանկյունից: Շատ ճիշտ էր իրականացված շենքի անկյունային լուծումը: Ցավում եմ, որ շենքի վաճառքից հետո սեփականատերը չցուցաբերեց քաղաքացիական գիտակցություն և չպահպանեց թեկուզ միայն այդ անկյունային մասը»:
Այո, նա չցուցաբերեց քաղաքացիական գիտակցություն՝ ոչ միայն պահպանելու շինությունը, կամ գոնե անկյունային հատվածը, այլև տարիներ շարունակ չի ցուցաբերում գիտակցություն այն առումով, որ ինքն իրավունք չունի Հանրապետության հրապարակին հարող մի հսկայական տարածք տարիներ շարունակ վերածել ավերակ–աղբանոցի։ Չմոռանանք հիշել, որ տարածքը, հատկապես մեր հարևան պարսիկ տուրիստների համար, որոնց ավտոբուսների հիմնական կայանատեղին է Շահումյանի հրապարակը, հաջողությամբ ծառայում է նաև՝ որպես մեծ ու բացօթյա զուգարան։ Հարցն այն է, որ Վաչե Մանուկյանը մեծացել ու ապրում է ոչ թե հայրենիքում, որտեղ, ինչպես հայտնի է՝ չեն գործում օրենքներ կամ օրենքները կոչված են՝ պաշտպանելու միայն «էլիտար» փոքր զանգվածի շահերը, այլ արտասահմանյան օրինապաշտ երկրում։ Հետևաբար, զարմանալի է, թե այդ ինչպե՞ս է, որ նա այդ հարցում «գործում է» իր հայրենակից օլիգարխների պես և ո՛չ այնպես, ինչպես «սովորեցրել են» իրեն դրսում։
Անցել են տարիներ, փոխվել ու «մեղմացել» են մեր քաղաքացիների պահանջները, այն քաղաքացիների, որոնք ժամանակին ցույցեր, մոմավառություն և բողոքի տարատեսակ ակցիաներ կազմակերպեցին՝ «Սևանը» քանդելու կապակցությամբ։ Այժմ՝ այլևս ոչ մի աբսուրդից չզարմացող քաղաքացիները պարզապես ասում են՝ սարսափելի զզվել ենք արդեն այդ տարածքը տեսնել հավերժական ցանկապատի մեջ. ի վերջո, արտասահմանցի մեծահարուստ պարո՛ն սեփականատեր, ե՞րբ պիտի որևէ լուծում գտնեք, գուցե սպասում եք, որ մարդիկ իրենց ձեռքո՞վ պոկեն ցանկապատը։ Պարո՛ն քաղաքապետ, պարոնա՛յք նախագահ ու վարչապետ, ե՞րբ պիտի հիշեցնեք պարոն Վաչե Մանուկյանին, որ այդ տարածքն ինքը լուսնի վրա չի գնել, այլ ՀՀ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի անմիջական հարևանությամբ, ու դրա հետ կապված՝ ինքն ունի, մեղմ ասած՝ որոշակի պարտավորություններ։
Մանե Հակոբյան
Այսօր` հուլիսի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` կառավարության հավանությանը ներկայացնելով օրենսդրական փոփոխություններ ենթադրող համապատասխան նախագիծը, նշեց, որ ընտանեկան օրենսգրքում աղջիկների և տղաների համար ամուսնության միևնույն տարիք սահմանելը, այն է` 18 տարին լրանալը, բխում է գենդերային անհավասարությունները վերացնելու անհրաժեշտությունից: Ի դեպ, գործող ընտանեկան օրենսգրքով աղջիկների ամուսնական տարիք է սահմանված 17 տարեկանը, իսկ տղաների համար` 18 տարեկանը:
Ըստ նախարարի` միջազգային կազմակերպությունները վաղուց են հորդորում Հայաստանի իշխանություններին` վերացնել այս գենդերային անհավասարությունը: Այլ դրդապատճառներ ևս մեծ դեր են խաղացել:
Առաջին` դպրոցական կրթությունը նախկին 10 տարվա փոխարեն սահմանվել է 12 տարի: Այսինքն` աղջիկները 17 տարեկանում դեռևս դպրոցական են, ինչը նպատակահարմար չի դարձնում ամուսնությունը: Երկրորդ` առկա է առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ կանանց վաղ տարիքում հղիությունը մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում հետագայում: Եվ վերջապես` ամուսնական տարիքը Հայաստանում առանց այդ էլ բարձրացել է: Եթե 20-րդ դարի 80-ական թվականներին 1000 ամուսնությունից 250-ում աղջիկները 17-18 տարեկան էին, ապա ներկայում այդ թիվը 50-ից չի անցնում:
ՀՀ կառավարության նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նշեց, որ աղջիկների և տղաների ամուսնական տարիքի հավասարեցումը համաձայնեցվել է նաև հասարակական կազմակերպությունների հետ:
Այսօր` հուլիսի 12-ին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Աբովյան — Երևան և Չարենցավան — Երևան երթուղիները սպասարկող թիվ 259 և 275 ավտոբուսները դուրս են եկել երթուղի:
Հարցին, թե անօրինականություն չէ՞ արդյոք բարեգործական հիմնադրամի կողմից այլ ընկերությանը պատկանող երթուղիով ավտոբուսների անվճար շահագործումը, Բեգլարյանն ասաց. «Ինձ համար հիմք չի, թե ով ինչ է ասում: Ի՞նչ գիտեք` շահույթ չեն ստանում, թողեք մենք պարզաբանենք: Ամենակարևորը` այսօր երթուղի են դուրս եկել»:
Տրանսպորտի և կապի նախարարը խոստացավ մանրամասները ներկայացնել վերջնական պարզաբանումից հետո:
Դեռևս հուլիսի 8-ին Արմավիրի մարզի Մրգաշատ և Առատաշեն համայնքներում տեղի ունեցած ընտրություններից հետո այս մարզում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ: Հայտնի է, որ Մրգաշենում ձայների առավելությամբ նորից գյուղապետ դարձած ՀՀԿ-ական Գևորգ Դանիելյանը չի կարողանում տանից դուրս գալ, քանի որ մի քանի օր առաջ նրա մրցակից` անկուսակցական Լավրենտ Մարտիրոսյանի մարդիկ ամբողջությամբ ջարդուփշուր էին արել գյուղի ակումբը: Դե իսկ Առատաշենում էլ ՀՀԿ-ն չկարողացավ անցկացնել Հովհաննես Անդրեասյանին, և նրա փոխարեն գյուղապետ ընտրվեց անկուսակցական Վահրամ Հարությունյանը, ինչը նույնպես գյուղում նոր խժդժությունների տեղիք է տվել: Երկու համայնքներում էլ արձանագրված ձախողումից հետո, սակայն, ոչ մի կերպ իր տեղը չի գտնում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, նախ` որ ՀՀԿ ղեկավարության մոտ պարզերես դուրս չեկավ, երկրորդ` երկու համայնքի ղեկավարներն էլ իր «սվոյներից» էին ու փաստորեն նա չկարողացավ օգնել իր մարդկանց: Թերթը նշում է, որ մարզպետ Ղահրամանյանի վիճակը էլ ավելի է բարդացել այն բանից հետո, երբ նրան «վերևներից» կշտամբել են ՀՀԿ-ի պարտության համար` ասելով, որ նման բան կրկնվելու դեպքում մարզպետը մտածելու շատ բան կունենա: Թեև մարզպետ Ղահրամանյանն էլ, ըստ մարզում առկա խոսակցությունների, իրեն չի կորցրել և որպես տեղի ունեցածի արդարացում նշել է, որ ամբողջ խնդիրը գյուղատնտեսության ոլորտի մեջ է, ինքն ուրիշ ի՞նչ կարող է անել:
«ՉԻ»-ն փորձել է այս իրավիճակի շուրջ ստանալ նաև մարզպետի մեկնաբանությանը, սակայն նա սովորականի նման չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին, դե իսկ մարզպետարանի աշխատակագմի ղեկավար Լարիսա Մուրադյանն էլ պատասխանել է. «Այս պահին ես Ղարաբաղում եմ և ձեր հարցին էլ չեմ կարող պատասխանել»:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հուլիսի 12-ին, օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։
Երևանի քաղաքապետարանը պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում է բնակչության ներողամտությունը։
Վերջին` առնվազն 7-8 ամիսների ընթացքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը աստիճանաբար բարձրացել է, բայց ներքին սպառողներին մատակարարվող գազի սակագինը մնացել է անփոփոխ, ինչն առաջին հայացքից տարօրինակ է:
Կամ` ներքին սպառողի համար գազի սակագինը չբարձրացնելը պայմանավորված է եղել զուտ ներքաղաքական` պոպուլիստական դրդապատճառներով, կամ էլ` գործող սակագինը խիստ ուռճացված է եղել, և սպառողներին պարզապես թալանել են:
Թեման շարունակելով` թերթը մանրամասնում է. «ՀՀ գործող կառավարությունը հերթական խայտառակ պատմության մեջ է հայտնվել: Պատմությունը խայտառակ է այնքանով, որ բռնվել է հերթական սուտը, որը շրջանառության մեջ է ամիսներ շարունակ:
Խոսքը Հայաստանին մատակարարվող գազի գնի մասին է: Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ ներկայումս Հայաստանը Ռուսաստանից գազը գնում է 240 դոլարով (1000 խմ-ն), ինչը ոչ մի գերատեսչություն պաշտոնապես չի հերքում: Բայց պետք է որ հերքեին, ընդ որում` իրենց հերքումները համեմեին ռազմահայրենասիրական ստանդարտ` «հիվանդագին երևակայություն», «թշնամու ջրաղացին ջուր լցնել…», «իրականությունը միայն սև գույներով…» տիպի բառակապակցություններով: Բայց ոչ մի հերքում չկա: Ավելին, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը, գազի գնի բարձրացման շուրջ մեկնաբանությունների փոխարեն, ԶԼՄ-ներին ասել է. «Բանակցությունները շարունակվում են»: Այս պատասխանից պարզ չի դաոնում` ի վերջո գազի գինը բարձրացե՞լ է, թե` ոչ: Այս իրավիճակում ամենակարևորն այն չէ` գազի գինը բարձրացել է, թե` ոչ: Ամենակարևորն այն է, որ գազի գնի վերաբերյալ մի ամբողջ իշխանություն ամիսներ շարունակ սուտ է խոսում: Ընդ որում` ստում է նույնիսկ այն ժամանակ, երբ փաստերով ապացուցվում է, որ գազի գինն իրոք բարձրացել է»:
Հայկական ժամանակ
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ, ի պատասխան «Առավոտի» հարցի, նշեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածուներ տեսնում է մի շարք գործիչների ու թվարկեց մի քանիսին: Համակրանքի տարբեր աստիճաններ ունենալով այդ գործիչների նկատմամբ` կարծում եմ, որ նրանց, ինչպես նաև մի քանի տասնյակ այլ մարդկանց նախագահ դառնալով որևէ սարսափելի բան տեղի չի ունենա: Մանավանդ հաճելի էր այդ շարքում տեսնել կանանց, որովհետև, անկախ ամեն ինչից, լավ կլիներ, եթե հաջորդ տարի գոնե թեկնածուների շարքում մի կին լիներ: Դա «գենդերային» հարց չէ. այստեղ հնարավոր կլինի խոսել մեր քաղաքական մտահորիզոնի ընդլայնման մասին:
Բայց համակարգային փոփոխություններ, ավազակապետության կսզմաքանդում, Ավգյան ախոռների մաքրում և այլն ոչ մի անհատ չի կարող ապահովել: Որովհետև այդ ախոռները մեր գլխում են, մեր գիտակցության մեջ: Երբ փողոցում ինձ ճանաչող մարդկանց 90 տոկոսը ինձ տալիս է միևնույն հարցը` «բա մեր վերջը ի՞նչ է լինելու», ես հասկանում եմ, որ «մտքի ախոռը» հենց դա է` կրավորական, թուլակամ, խեղճուկրակ մարդու դիրքորոշում, որ նստած սպասում է, թե երբ է իր վերջը գալու, վստահ է, որ այդ վերջը վատն է լինելու և ցանկանում է ինձնից լսել իր հոռետեսական կանխատեսումների հաստատումը: Զարմանալի՞ է, որ այդպիսի մարդիկ սպասում են մեկին, ով կլուծի իրենց խնդիրները, ինչ-որ մի բան կնվիրի նրանց` աշխատատեղ, տանիք, վերելակ, թեկուզ 10 հազար դրամ: Ինչը և ստանում են, որից հետո զարմանում են, թե ինչու ունեն այսպիսի իշխանություն, որն «իրենց մասին չի մտածում»: Եթե դու ինքդ քո մասին չես մտածում և սպասում ես աղետալի «վերջին», ապա ինչո՞ւ որևէ մեկը պետք է դա անի քո փոխարեն:
Այնպես որ` բանավեճն այն մասին, թե ով է Րաֆֆիի թվարկած և չթվարկած գործիչներից ավելի լավը, ինձ թվում է` անիմաստ է. արտաքին քաղաքականության մեջ մեր ընտրությունը սարսափելի փոքր է` նույնքան փոքր, որքան մեր երկրի չափերն են, և ինչպիսի հայտարարություններ էլ անեն նախագահական պաշտոնի հավակնորդները, նրանք անելու են մոտավորապես նույնը, ինչն արվել է վերջին 20 տարվա ընթացքում: Ներքին կյանքում ընտրություն կա, և դա, ինչպես ճիշտ, ընտրություն է վատի և վատթարագույնի միջև: Վատ է չլսել «ժողովրդի ձայնը» և ի հեճուկս նրա պահանջների` փորձել դանդաղորեն ինչ-որ բան բարեփոխել: Ավելի վատ է գնալ ամբոխի ետևից և խոստանալ նրան այն, ինչի մասին երազում էր Պոլիգրաֆ Պոլիգրաֆովիչ Շարիկովը` ամեն ինչ բաժանել:
Բացի հեղափոխական 1991 թվականից` նախագահական ընտրություններում ժողովրդի կամքն ինձ համար ակնհայտ էր միայն մի անգամ` 98-ին, երբ միանշանակորեն հաղթեց Կարեն Դեճիրճյանը: Բայց ընտրողները ձայն տվեցին ոչ թե այս նշանավոր և, անշուշտ, շատ հայրենասեր գործչին, այլ 3.50-անոց երշիկի առասպելին:
Առավոտ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ Դաշնակցությունը նախագահական ընտրություններին գնալու է սեփական թեկնածուով ։ Թեկնածուն կընտրվի արտակարգ Գերագույն ժողովում, որը կգումարվի միայն այդ հարցը քննարկելու համար։
Դաշնակցությունը փորձելու է այնպես անել, որ ընդդիմադիր ընտրազանգվածը մոբիլիզացնելով՝ այսօրվա իշխանություների ունեցած ռեսուրսներին հակակշիռ նոր ռեսուրս ստեղծի։ Միայն այս կերպ նախագահական ընտրությունները կընթանան մրցակցային կարգով, նույնիսկ այն դեպքում, երբ իշխանության կողմից նորից կօգտագործվեն իրենց ունեցած հնարավորությունները։
Դաշնակցության նպատակն է ժողովրդին հասկացնել, որ զարգացած երկրում ապրելու համար պարտավոր է զսպել «10000 դրամանոց» գայթակղությունը։
Չնայած ընդդիմադիր մարմինների հետ հնարավոր համագործակցության՝ միևնույն է նախագահի թեկնածուն կընտրվի Դաշնակցության կազմից, քանի որ միայն նրանք կարող են լավագույնս իրագործել ՀՅԴ-ի գաղափարները։
Դաշնակցությունը պատրաստվում է ամենայն խորությամբ և սեփական վերլուծություններով ակտիվորեն մասնակցել տեղական ինքնակառավարման առաջիկա ընտրություններին։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.