23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում: Այս ելույթը հատկապես ուշագրավ է նրանով, որ դրանում Հայաստանի դիվանագիտության ղեկավարը հանգամանալից պատասխանել է վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարություններին:
Հարևան երկրի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանն իր համաձայնությունը չի տվել Մադրիդյան նորացված սկզբունքներին: Մինչդեռ Նալբանդյանը հենց Ադրբեջանին է մեղադրում բանակցային գործընթացը ձախողելու համար: «Ասում են, որ մադրիդյան սկզբունքները, որոնք ներկայացվել են կողմերին 2007 թ. նոյեմբերին, կազմված էին միայն մի քանի պարբերությունից և կրում էին շատ ընդհանրական բնույթ: Ուղղակի կարելի է հիշեցնել, որ 2007 թ. Մադրիդում ներկայացված փաստաթուղթը՝ կարգավորման հիմնարար սկզբունքները, կազմված էր տասնչորս կետից, ինչպեսև տասնչորս կետից է բաղկացած 2011 թ. հունիսին ներկայացված վերջին տարբերակը: Հիշեցնեմ նաև, որ 2007 թ. նոյեմբերից հետո` շուրջ մեկ տարի Բաքուն հրապարակայնորեն պնդում էր, որ մադրիդյան փաստաթղթի հիման վրա բանակցություններ չեն վարվում: 2007 թ. նոյեմբերից 2011 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ներկայացվել են մի շարք աշխատանքային տարբերակներ: Դրանցից ոչ մեկին՝ առաջինից մինչև վերջինը, Ադրբեջանը համաձայնություն չի տվել: Առավելագույնը հայտարարվել է, որ ինչ-որ տարբերակ կարող են ընդունել, այն էլ` որոշակի վերապահումներով: Կամ ընդունում ես, կամ չես ընդունում: Եթե ասում ես, որ վերապահումներով, նշանակում է՝ չես ընդունում: Դա կրկնվեց նաև վերջին տարվա ընթացքում: Հայաստանը միանշանակ պատասխան է տվել 2010 թ. հունիսյան, հոկտեմբերյան, դեկտեմբերյան և 2011 թ. հունիսյան տարբերակներին: Ադրբեջանն ամեն անգամ բազմաթիվ փոփոխություններ էր առաջարկում՝ առնվազն տասը փոփոխություն 2011 թ. մարտին՝ Սոչիում, երբ քննարկվում էր 2010 թ. դեկտեմբերյան տարբերակը, և նորից տասը փոփոխություն վերջին հանդիպման ժամանակ` 2011 թ. հունիսին Կազանում»,- ասել է նախարարը:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ իմաստ չկա ժամանակ ծախսելու հիմնարար սկզբունքների համաձայնեցման վրա, և ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ դա ադրբեջանական հին երգի հին կրկներգ է. ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագահները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ինչպես կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ադրբեջանի այս մոտեցումն ակնհայտ ցանկություն է՝ ձերբազատվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքներից և փաստորեն տապալել վերջին տարիների բանակցային գործընթացը:
Դարձյալ Երևանում և Բաքվում տարբեր կերպ են մեկնաբանում Մադրիդյան նորացված սկզբունքները: Եթե Բաքուն շեշտը դնում է ԼՂՀ-ին հարակից շրջանների վերադարձի վրա, ապա Երևանը կարևորում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: «Իհարկե, կարևոր է նաև, որ Դովիլյան հայտարարության մեջ նշվում է ստատուս քվոյի պահպանման անընդունելիության մասին: Դրան հասնելու համար հարկավոր է ամբողջապես իրագործել այն երեք սկզբունքները և վեց տարրերը, որոնց մասին ասում են համանախագահ երկրների ղեկավարները` իրենց հայտարարությունների մեջ: Հիշեցնեմ, որ այնտեղ կա շատ կարևոր մի տարր, որը ադրբեջանական կողմը փորձում է մոռացության տալ կամ առնվազն հետին պլան մղել: Դա ԼՂ բնակչության իրավունքն է` որոշել ԼՂ վերջնական կարգավիճակը պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով»,- իր ելույթում նշել է Նալբանդյանը:
Չնայած միջնորդ երկրների ղեկավարների լավատեսական հայտարարություններին, որ մինչև տարեվերջ Հիմնարար սկզբունքների շուրջ հնարավոր են համաձայնություններ, պատկերն իրականում այնքան էլ լավատեսական չէ:
Հակամարտության կողմերն ավելի ինտենսիվ և ագրեսիվ են դարձրել փոխադարձ մեղադրանքները:
Ամենակարևոր` ԼՂՀ կարգավիճակի հարցում կողմերի դիրքորշումները մնում են բևեռային. Ադրբեջանը բացառում է ԼՂՀ անկախության, իսկ Հայաստանը` ԼՂՀ-ի Ադրբեջանի ենթակայության տակ վերադառնալու տարբերակները:
Մնում է հուսալ, որ առկա լարվածությունը կսահմանափակվի դիվանագիտության մակարդակում` չվերածվելով պատերազմի վերսկսման սպառնալիքի:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստերին սովորաբար մասնակցում է այն դեպքերում, երբ հայտարարություններ պետք է անի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:
Երեկվա նիստը բացառություն չէր:
Ալիևը որոշել է իր նախարարներին ծանոթացնել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին: «Նախ և առաջ, այնտեղ ենթադրվում էր գրավյալ շրջաններից Հայաստանի օկուպացիոն ուժերի դուրսբերում: Նախատեսվում էր Հայաստանի զորքերի դուրսբերումը 5 շրջաններից, հինգ տարի անց՝ երկու շրջաններից և Ադրբեջանի քաղաքացիների վերադարձ հայրենի հողեր: Այդ առաջարկներում կար նաև Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը: Հայատանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքի գործունեությունը ևս կար այդ սկզբունքներում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ հայկական ու ադրբեջանական բնակչության անվտանգությունն ապահովելու համար տարածաշրջանում խաղաղապահ ուժերի տեղակայման անհրաժեշտություն կար, և որ Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքի պարամետրերը ևս այդ սկզբունքների բաղկացուցիչ մասն էին:
Ինչքանո՞վ են իրական կամ խեղաթյուրված Ադրբեջանի նախագահի ասածները, այս պահին ասել չենք կարող: Չգիտենք նաև` պարոն Ալիևի նշած տարբերակն այս պահին քննարկվո՞ւմ է որպես բանակցային փաստաթուղթ, թե՞ ոչ: Համենայնդեպս, այն պահին, որ գրվում էր այս հոդվածը` մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը որևէ կերպ չէր արձագանքել հարևան երկրի նախագահի հայտարարությանը: Էմոցիոնալ պատասխան տվել է միայն ՀՀԿ խոսնակը` լույս չսփռելով Ալիևի խոսքերի հավաստի լինել-չլինելու հարցին:
Կազանի վերջին եռակողմ հանդիպումից հետո գրեթե բոլորն արձանագրում էին, որ կարգավորման գործընթացի առաջընթացի հնարավորությունն արգելափակվել է հենց Բաքվի կողմից: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնիսկ նշեց, որ վերջին պահին Ադրբեջանը հանդես է եկել 10 նոր առաջարկով` ամբողջովին վերանայելով նախկին պայմանավորվածությունները: Սակայն Իլհամ Ալիևն այլ կարծիքի է. նա ասել է, թե իր երկիրը պատրաստ էր ընդունել Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, սակայն հայկական կողմը չի ընդունել դա, ինչի հետևանքով բանակցային գործընթացում մինչև 2010-ի կեսերը լճացում էր:
Այս հարցում հեշտ է հակադրվել պարոն Ալիևին: Նախ, նա գնահատական է տվել 2010 թ.-ի գործընթացին` խուսափելով խոսել կազանյան հանդիպման ձախողման պատճառների մասին: Բացի այդ, մադրիդյան սկզբունքներում խոսվում է ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ` ինքնորոշման սկզբունքների մասին: Ասել է թե, մադրիդյան սկզբունքները չեն երաշխավորում, բայց չեն էլ բացառում ԼՂՀ անկախությունը: Մինչդեռ, վերջին տարբերակը Ադրբեջանի նախագահն իսպառ բացառում է: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը, 2009-ի սկզբունքներում նշված էր, որ դա ապագայի խնդիր է, և կողմերի համաձայնության դեպքում կարող է գտնել իր լուծումը: Այսինքն, առանց Ադրբեջանի համաձայնության` Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ որևէ իրավական կարգավիճակ: Այդ իսկ պատճառով ես բազմիցս հայտարարել եմ ու այսօր էլ ուզում եմ ասել, որ Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը, ԼՂ-ին անկախության տրամադրումը կամ Հայաստանին նրա միացումը երբեք չի եղել ու չի լինի բանակցությունների թեմա: Ոչ Ադրբեջանի ժողովուրդը, ոչ էլ իշխանությունները երբեք չեն ընդունի դա»,-ասել է նա:
Եթե Իլհամ Ալիևը նույն արմատական կեցվածքով է մասնակցում բանակցային գործընթացին, ապա կարգավորման հեռանկարն իրոք մշուշոտ է դառնում:
Անցել է երեք օր, ինչ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց` ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով կոալիցիոն աշխատանքային խմբի ձեւավորման մասին: Արդեն իսկ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը այդ խումբ են գործուղել իրենց երկուական ներկայացուցիչներին:
Սակայն ՀԱԿ-ն առայժմ չի շտապում արձագանքել այդ փաստին` ընդամենն արձանագրելով, որ սպասում է իշխանության պաշտոնական քայլերին: Այս պատճառաբանությունը փոքր-ինչ տարօրինակ է, որովհետեւ աշխատանքային խմբի ստեղծման մասին հայտարարել են թե նախագահի խոսնակը եւ թե կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները: Սերժ Սարգսյանը հաստատ աշխատանքային խմբի ստեղծումը հրամանագրով չի վավերացնի:
Թվում էր` ՀԱԿ-ը ողջունելու է իշխանության աշխատանքային խմբի ստեղծումը, որվհետեւ դա բանակցային այն ձեւաչափն էր, որը պահանջվում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի կողմից:
Ֆորմալ առումով` ՀԱԿ պահանջն, իհարկե, կատարված է: Սակայն, ըստ ամենայնի, ՀԱԿ-ում չէին ուզենա բանակցություններ վարել նման լիազորություններ ու կարգավիճակ ունեցող խմբի հետ:
Բանն այն է, որ կոալիցիան, նույնիսկ` խորհրդարանն, ոչինչ չեն որոշում Հայաստանի իշխանության համակարգում, որտեղ որոշումները կայացվում են խիստ որոշակի կենտրոնում, հետեւաբար` նույնիսկ մեծ ցանկության դեպքում` իշխանության ձեւավորած խումբն ընդամենը սուրհանդակի դեր է խաղալու: Սա` լավագույն դեպքում:
Իսկ ավելի հավանական է, որ նման մակարդակի խումբ ստեղծելով` իշխանությունը մտադիր է երկխոսությունը տեղափոխել այլ հարթություն, որտեղ, ասենք, կոալիցիային տրված է որոշակի ազատություն: Այդպիսի հարթություն է, օրինակ, օրենսդրական գործունեության ոլորտը:
Սերժ Սարգսյանը, ֆորմալ առումով, բավարարեց պատվիրակություն ձեւավորելու ՀԱԿ պահանջը, սակայն իշխանության բանագնացների խումբը ձեւավորեց այնպիսի կարգավիճակով, որն, ըստ էության, ի չիք է դարձնում արտահերթ ընտրությունների պահանջի քննարկման հնարավորությունը:
Գուցե սա՞է ՀԱԿ լռության պատճատը:
Մի քանի օր առաջ գրեթե բոլորը երկխոսության գաղափարը մեռած էին համարում: Այս առթիվ հրճվում էին շատերը՝ իշխանության և ընդդիմության այն ներկայացուցիչները, ովքեր իրենց կոմֆորտն ապահովում են հակադրության ռեժիմի շնորհիվ, տարբեր համարակալում ունեցող քաղաքական ուժերը, որոնց համար բարիկադների առկայությունը համարժեք է գոնե գոյություն քարշ տալուն:
Սերժ Սարգսյանը պաշտոնականացրեց երկխոսության գործընթացը, կոալիցիոն կուսակցությունները ձևավորեցին աշխատանքային խումբ, որն առաջիկա տասնօրյակում բանակցությունների սեղանի շուրջ կնստի ՀԱԿ-ի ավելի վաղ ձևավորած պատվիրակության հետ:
Թե ինչու իշխանությունը որոշեց ընդունել ընդդիմության առաջարկած ձևաչափը, այս պահին այնքան էլ կարևոր չէ: Մի բան ակնհայտ է, որ հանրապետության գործող և առաջին նախագահների քայլերի տարամաբանությունն անակնկալ է նույնիսկ իրենց թիմակիցների համար: Վերջին տասն օրվա ընթացքում երկու ճամբարների ներկայացուցիչները փոխադարձաբար ծաղրում էին միմյանց՝ հասարակությանը մեսիջներ հասցեագրելով, որ երկխոսության ամբողջովին չբացված դուռն ավելի մոտ է փակվելուն: Միայն Լևոն Տեր-Պետրոսյանն էր հստակ հայտարարում, որ մինչև սեպտեմբեր իրավիճակը կարող է փոխվել, իսկ Սերժ Սարգսյանը չլսելու էր տալիս իր թիմակիցների առաջարկությունները՝ երկխոսության ռեստորանային ձևաչափի մասին:
Իհարկե, զուտ բովանդակության առումով՝ իշխանության ձևավորած աշխատանքային խմբի ձևաչափը փոքր-ինչ տարբեր է ՀԱԿ-ի պատկերացրածից: Տեր-Պետրոսյանի թիմում գերադասում էին գործ ունենալ գործադիր իշխանությունը ներկայացնող պաշտոնյաների հետ, ասել կուզի՝ մարդկանց խմբի, որը որոշումներ կայացնելու մանդատ կունենար: Իշխանությունն այլ պատկերացում ունի. նրա համար գործընթացը, բնականաբար, չի կարող նույնանալ սեփական կապիտուլյացիայի հետ, հետևաբար՝ երկխոսության օրակարգում չեն կարող լինել իմպերատիվ բնույթի հարցեր ու պահանջներ:
Երկխոսության սեղանի շուրջ նույնպես տարբեր են լինելու կողմերի տոնայնությունն ու պահանջները:
Եթե ընդդիմության ներկայացուցիչները պահանջելու են արտահերթ ընտրությունների անցկացում, իշխանության պատվիրակներն առաջարկելու են քննարկել օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Նման պայմաններում երկխոսության գործընթացը կարող է տապալվել կամ էլ՝ կողմերը կարող են կոնսենսուսի գալ երկրի զարգացման հեռանկարը կանխորոշող մի քանի հարցերի շուրջ: Ասենք, մեծ ձեռքբերում կլինի, եթե իշխանությունն ու ՀԱԿ-ը կարողանան համաձայնության գալ խորհրդարանական և նախագահական առաջիկա ընտրությունների որակի, համակարգային բարեփոխումների անցկացման շուրջ:
ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը կհանգեցնի՞ արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Գործնականում ես բացառում եմ արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Դա կհակասեր սկսված քաղաքական գործընթացի տրամաբանությանը:
Տեսականորեն նման հեռանկար կա, եթե ֆորսմաժորային վիճակ ստեղծվի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Բայց այդ հեռանկարն ընդամենն անուղղակի կապ ունի իշխանություն-ՀԱԿ սպասվելիք բանակցությունների հետ:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի կազանյան բանակցությունները ձախողվել են Ադրբեջանի մեղքով: Դրա մասին ասվել է շատ անգամներ, ասվեց նաև այսօր: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնն ասել է այսօր` Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:
Բայց միջազգային հանրությունը զերծ է մնում մեղավորներ և պատասխանատուներ փնտրելուց, և, դատելով վերջին օրերի զարգացումներից, փորձում է ապահովել նախագահների նոր հանդիպում և համաձայնություն կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Էշթոնը երկու օր առաջ հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության կգան հիմնարար սկզբունքների շուրջ: Ընդ որում, տիկին Էշթոնը հասկացրեց, որ դա կհանգեցնի նաև հայ-թուրքական սահմանի բացմանը:
Երեկ Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ու դարձյալ քննարկվել է ԼՂ կարգավորման գործընթացը:
Սակայն միջնորդներից ամենաակտիվը դարձյալ Ռուսաստանն է, ինչն էլ ենթադրել է տալիս, որ հակամարտող կողմերի բարձր մակարդակով հերթական հանդիպումը դարձյալ Մոսկվան է կազմակերպելու:
Երեկ և այսօր Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում և Բաքվում է ու հակամարտող կողմերին է ներկայացնում նախագահ Դմիտրի Մեդվեդևի նոր առաջարկները: Երկու մայրաքաղաքում էլ խոստանում են ուշադիր ուսումնասիրել Մոսկվայի առաջարկությունները և սեղմ ժամկետներում պատասխանել դրանց:
Մի խոսքով, միջազգային ակտիվության պակաս չկա, և ակնհայտորեն նախապատրաստվում է Սարգսյան-Ալիև նոր հանդիպում:
Տեսանելի է նաև միջնորդ երկրների կոնսոլիդացված, համաձայնեցված գործողությունների հանգամանքը: Ենթադրելի է, որ Երևանի և Բաքվի նկատմամբ կկիրառվեն դիվանագիտական նոր ճնշումներ:
Սակայն կարգավորման գործընթացում դժվար է բեկում ակնկալելը:
Կողմերի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր են մնում: Այսօր Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ բանակցություններում առաջընթաց կլինի, եթե Ադրբեջանը հրաժարվի Կազանում իր առաջ քաշած 10 նոր առաջարկից: Ասել է թե` Հայաստանը չի պատրաստվում բանակցել կարգավորման նոր տարբերակի շուրջ: Բաքուն, իր հերթին, չի ցանկանում լսել որևէ տարբերակի մասին, որը կարող է հանգեցնել Ղարաբաղի անկախությանը:
Եվ վերջապես, Հայաստանում և Ադրբեջանում մոտենում են ընտրությունները, որոնք անբարենպաստ միջավայր են ստեղծում բանակցային գործընթացում:
Փաստաբանները բողոքում են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ, որը նաև Արդարադատության խորհրդի ղեկավարն է:
Պաշտոնական պատճառն այն է, որ պարոն Մկրտումյանը միջնորդել է` դադարեցնել դատավոր Սամվել Մնացականյանի լիազորություններն այն բանից հետո, երբ դատավորը հրաժարվել է բավարարել դատախազության միջնորդությունը և կալանքի որոշում չի կայացրել մի մեղադրյալի մասով: Ի դեպ, փաստաբանները պնդում են, որ հետո պարզվել է, թե այդ մարդը կապ չի էլ ունեցել քրեական գործի հետ:
Առանց փաստաբանների բողոքների էլ պարզ է, որ դատարանները մեր պետական համակարգի ամենախոցելի օղակն են:
Նրանց խնդիրն է իրականացնել արդարադատություն, մինչդեռ բոլորը գիտեն, որ շատ դեպքերում մեր դատարանները քողարկում են իրական հանցագործին` ճաղերի հետևում փակելով անմեղ մարդուն:
Հայաստանում բացակայում է դատական իշխանությունը` որպես անկախ մարմին:
Քաղաքական դատավարությունների ժամանակ գործում է «վերևի» պատվերը: Եթե մեղադրյալի աթոռին ընդդիմադիր է, նա պետք է ստանա առավելագույն պատիժ` հաճախ առանց հիմնավորման: Եթե, ասենք, դատվում է ընտրակեղծարար, դատարանն անհամաչափ «հումանիստ» է դառնում:
Շարքային գործերի ժամանակ հաճախ մեր դատավորներն առաջնորդվում են դրդապատճառներով, որոնք դուրս են օրենքի, իրավականության դաշտից:
Բոլոր դեպքերում, մեր դատարաններն ավելի շատ դատախազության, մեղադրող կողմի կցորդ են և հլու հնազանդ կատարում են այն, ինչ նրանցից պահանջում են դատախազները, իսկ ավելի ստույգ` գլխավոր դատախազը:
Սամվել Մնացականյանը, ըստ երևույթին, մի անգամ շեղվել է այդ ստանդարտից ու դրա համար պատժվում է: Ընդ որում, պատժվում է դատական իշխանության ղեկավարի կողմից, փոխարենը` խրախուսվեր գեթ մեկ անգամ օրենքով գործելու, ինքնուրույնություն ցուցաբերելու համար:
Բնական է փաստաբանների զայրույթը, որովհետև «զանգով արդարադատության» պայմաններում նրանց աշխատանքն արժեզրկվում է, հավասարվում զրոյի:
Բայց այս խնդիրը պետք մտահոգի բոլորիս, որովհետև ցանկացած կամայական դատավճիռ ուղղված է յուրաքանչյուրիս ազատության և իրավունքի դեմ: Այսօր անարդարության զոհ է իմ հարևանը, վաղը ես կարող եմ հայտնվել զոհի կարգավիճակում:
Հայաստանում կան մի քանի տաբու թեմաներ, որոնց մասին գրելը չի խրախուսվում: Օրինակ, ընդունված չէ գրել Արցախում առկա պրոբլեմների, մարդկանց կյանքի որակի, իշխանության անարդյունավետ կառավարման, կոմունիստական միջոցառման վերածված ընտրական գործընթացի մասին:
Նույն սկզբունքով չենք խոսում նաև ԼՂՀ իշխանությունների անդեմության մասին, ինչը հանգեցրել է նրան, որ Ղարաբաղը ոչ միայն բանակցային գործընթացի սուբյեկտ չէ, այլ նաև գործոն չէ անգամ Հայաստանի իշխանության համար:
«Մենք բոլոր հանդիպումներից` լինի դա վերջին, լինի նախկին, գրեթե միատեսակ ակնկալիքներ ենք ունենում, որովհետև մենք հուսով ենք, որ հերթական հանդիպումների ժամանակ կողմերը կգան համաձայնության, որի շնորհիվ Արցախը կշարունակի իր մասնակցություւնը բանակցային գործընթացում»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կազանյան հանդիպումն այսպես է ամփոփել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ուշադրություն դարձրեք` պարոն Սահակյանը ոչ թե պահանջում է, ոչ թե խոսում է իշխանություն ունեցողի դիքերից, այլ ընդամենը հույսով սպասում է կամ կանխատեսում է` իշխանություն չունեցող մի վերլուծաբանի պես:
Իրականում, բոլորն էլ հասկանում են, որ ԼՂՀ-ն այլևս բանակցային գործընթաց չի վերադառնա` դրա լիարժեք մասնակցի մակարդակով: Չի վերադառնա` նույնիսկ այն պարագայում, եթե բանակցությունները հանգեցնեն անգամ ԼՂՀ անկախության ճանաչմանը: Այսինքն, Արցախի իշխանությունը գործոն չէ ու Արցախի ցանկացած կարգավիճակի որոշման հարցում որևէ դերակատարություն չի ունենալու:
Ամեն ինչ սկսվեց դեռ հեռավոր 1997-ին, երբ անկախության ձգտող երկրի նախագահին նշանակեցին մեկ այլ երկրի վարչապետ, նա էլ փառասիրությունից դրդված` համաձայնեց այդ գայթակղիչ առաջարկին: Հենց այդ պահից էլ Արցախը դադարեց գործոն լինել` ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև` հայաստանցիների համար:
Հետո արդեն Ռոբերտ Քոչարյանը բանակցային գործընթացում իրենով փոխարինեց Ղարաբաղը: Ստեփանակերտում լռեցին, որովհետև իրենց Ռոբն էր կամ էլ դուխները չհերիքեց` «վոինին» հակադրվելու համար:
Ու նույն անատամ վարքագիծն է մինչև այսօր: Պատահական չէ, որ երբ լրագրողը Բակո Սահակյանին հարցնում է Մադրիդյան սկզբունքների մասին, լսում է նրա անտեղյակ պատասխանը: «ՀՀ ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ այդ և մնացած սկզբունքները հիմք են բանակցելու համար: Հետևաբար, մենք էլ ենք ողջունում ցանկացած առաջարկություն, որը հիմք է բանակցելու համար: Եվ մենք գտնում ենք, որ այսօրվա փաստաթուղթը` եթե հնարավորություն է տալիս բանակցելու, ապա չի կարող մեր կողմից մերժվել: Եթե Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվել է մի փաստաթուղթ, այսօր խոսվում է Մադրիդյան փաստաթղթի մասին, որը հնարավորություն է տալիս բանակցելու, դա դեռ չի նշանակում կողմերի համաձայնությունը: Եվ բազմիցս ՀՀ ղեկավարությունը հայտարարել է, որ խոսքը գնում է մի փաստաթղթի մասին, որի շուրջ ընթանում են բանակցություններ: Եվ վաղը եթե կլինի այդ և մյուս փաստաթուղթը, որը հնարավորություն կտա նաև բանակցել Արցախին, մենք, իհարկե, ողջունելու ենք: Որովհետև փաստաթուղթը դա դեռ չի նշանակում վերջնագիր»,- ասում է Սահակյանը`ակամայից բացահայտելով, որ շարքային քաղաքացիներիս և իր միակ տարբերությունն այն է, որ նա մեզանից մի քանի ժամ շուտ է տեղեկանում բանակցային գործընթացի ինչ-որ մանրամասների մասին:
Միջազգային հանրությունը աստիճանաբար հաղթահարում է Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև կազանյան հանդիպմանը հաջորդած հիասթափությունն ու նախապատրաստում բանակցությունների նոր ռաունդը:
Նախաձեռնությունը, կարծես թե, դարձյալ պատկանում է ռուսներին: Անցյալ շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նամակներ է հասցեագրել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին` նրանց ներկայացնելով կարգավորման գործընթացի հեռանկարին վերաբերող իր պատկերացումները: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարավկովկասյան իր գործընկերներին առանձին-առանձին հրավիրել է Մոսկվա: Հանդիպումների քննարկման թեման դարձյալ կարգավորման գործընթացն է:
Օրերս Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել էր, որ մոտ ժամանակներս հակամարտության կողմերին կներկայացվեն նոր առաջարկներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ Վիեննայում հանդիպում են ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Լամբերտո Զանիերի հետ և քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Հանդիպման վերաբերյալ համանախագահներն այսօր հաղորդագրություն են տարածել, որում ասվում է. «Համանախագահները Գլխավոր քարտուղարին իրազեկել են հունիսի 24-ին Կազանում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին և քննարկել հետագա քայլերը, որոնք անհրաժեշտ են հիմնարար սկզբունքների ձևակերպումն ավարտին հասցնելու համար, ինչը համընդհանուր խաղաղ կարգավորման հիմք կծառայի։ Թեև Կազանում կողմերը չհասան հիմնարար սկզբունքների վերջնական համաձայնեցմանը, այնուամենայնիվ, հանդիպման ժամանակ առաջընթաց գրանցվեց»։ Դրանում նաև նշված է այն մասին, որ համանախագահները պլանավորում են մոտ ապագայում խորհրդակցել Մոսկվայում և դրանից հետո ժամանել տարածաշրջան։
ԵԱՀԿ համանախագահության նոր ջանքերի ֆոնին վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են խոսակցությունները` միջնորդական առաքելության ձևաչափի փոխոխության մասին:
Մի քանի օր առաջ Իրանի խորհրդարանի խոսնակ Լարիջանին Բաքվում հայտնեց իր երկրի` կարգավորման միջնորդ դառնալու պատրաստակամության մասին, եթե համապատասխան առաջարկ լինի Ադրբեջանի կողմից: Իհարկե, որևէ մեկը չի վիճարկում, որ Իրանը պատերազմի տարիներին, ապա` կարգավորման գործընթացի ընթացքում, հիմնականում պահպանել է հավասարակշիռ մոտեցում, սակայն միջնորդ դառնալու նրա հեռանկարը իրականություն դառնալու որևէ հնարավորություն չունի: Նախ, մեծ հաշվով, Իրանն այնքան էլ շահագրգիռ չէ խնդրի կարգավորմամբ, որովհետև նման հեռանկարը չի բացառում, որ նրա սահմանների մոտ կհայտնվեն միջազգային խաղաղարար ուժեր: Երկրորդ, Իրանը միայնակ չունի անհրաժեշտ ռեսուրսներ` կարգավորման հովանավոր լինելու համար: Բացի այդ, հաշվի առնելով Թեհրանի բարդ պրոբլեմները միջազգային հանրության հետ` դժվար է պատկերացնել, որ նրա առաջարկած լուծումները բավարար պաշտպանության կարժանանան աշխարհի այլ մայրաքաղաքներում:
Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ուկրաինա հիմք տվեց խոսակցությունների, որ ղարաբաղյան ճակատում գուցե ակտիվություն ցուցաբերի պաշտոնական Կիևը: Ուկրաինան կարգավորման պաշտոնական միջնորդ չի լինի, բայց, ի տարբերություն նույն Իրանի, 2013-ին կարող է ֆորմալ առիթ ունենալ զբաղվելու ԼՂ խնդրով. այս երկիրը այդ տարում նախագահելու է ԵԱՀԿ-ում:
Իրականության մեջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա համանախագահությունը ամենաօպտիմալն է` որպես միջնորդական առաքելություն: Դրանում ներկայացված են մեր տարածաշրջանում ռեալ ազդեցություն ունեցող բոլոր կենտրոնները` ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրամիությունը: Նրանց առաջարկած լուծումները` միջնորդական առաքելության կազմի բալանսավորված լինելու շնորհիվ, ամենալեգիտիմն ու իրատեսականն են լինելու կարգավորման գործընթացում:
«Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին»:
Զրույց ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակ) անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ.
Վազգեն, ինչո՞վ էիք զբաղվում մինչև կազմակերպության շարքերը համալրելը:
Բոլոր երեխաների նման դպրոց էի հաճախում, սակայն առողջական խնդիրներ ունեցա և 12 տարեկանից լքելով դպրոցը` աշխատանքի անցա: Փորձել եմ նույնիսկ դերասանական արվեստով զբաղվել: Հինգ տարի հետո սկսվեց Լիբանանի պատերազմը, որին անմասն չմնաց տեղի հայությունը: Հենց առաջին օրերին հայտնվեցի դիրքերում: Մի քանի տարի հետո Սփյուռքում ծավալվեց նորագույն զինյալ ազատագրական պայքարը, և ես հայտնվեցի այդ կազմակերպության մեջ: Շատ գործերի մասնակցեցի, որոնցից ամենահայտնին է «Վան» գործողությունը` Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավումը: Դեռ մանկուց արդեն հայ լինելս ինձ պարտավորեցնում էր:
Իսկ ի՞նչ էր դա` մղո՞ւմ, կա՞նչ, ինքնանվիրո՞ ւմ…
Կարծում եմ` ամեն հայ ի ծնե ունի այդ նվիրումը: Ջարդերից հետո հայ ծնվելը պարտավորեցնում է, երբ տեսնում ես մեծ հայրերի և մայրերի տառապանքը կորցրած երկրի համար: Նույնիսկ եթե հայերեն չեն խոսում, տառապում են թե´ ապրածի հետևանքներից, թե´ հուշերից: Եթե արժանապատվություն ունեցող հայ ես, մտածում ես`ինչ քայլերի դիմես: Մարդ կա` իր արհեստով կամ արվեստով է ինքնարտահայտվում, մի խումբ էլ ինձ նման խենթեր կան, որոնք զենքով ու ազատագրական պայքարով են արտահայտվում:
Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
Հայրենիքը ամեն մարդու համար իր տունն է` իր ձեռքով, արյամբ կառուցված, իսկ ժողովուրդը մեծ ընտանիք է: Կուզեի` այս գիտակցումը ամբողջ հայությունն ունենար:
Իսկ զոհողություններ պահանջվեցի՞ն հայրենանվիրման համար:
Անշուշտ: Մանավանդ մեր գործողությունը կոչվում էր անձնասպանական, և 99% մահ կար: Մենք չորս հոգի էինք, սակայն պահակախումբը և զինված պաշտոնյաները 40-ից ավելի էին. պայքարը տևեց մոտ 15 րոպե: Ես ու ընկերս վիրավորվեցինք, սակայն գրավեցինք հյուպատոսարանը, կարողացանք դատարանում պաշտպանել մեր իրավունքները: Հինգ տարի անցկացրեցինք բանտում, հետո Բեյրութից եկանք հայրենիք: Եվ այսպես, արդեն քսան տարի է` ապրում եմ հայրենիքում զբոսաշրջիկի կարգավիճակում:
Ո՞վ է հայ մտավորականը, ինչպե՞ս կբնորոշեք:
Թող ինձ բոլորը ներեն, բայց այսօր Հայաստանում ես մտավորական չեմ տեսնում: Մեր ժողովուրդը այսօր կարծես վայրէջք է ապրում: Չունենք առաջվա վառ դեմքերը, գրողները, մտածողները:
Իսկ ի՞նչ դեր, ազդեցություն է ունեցել մտավորականը ազգային տարբեր շարժումների ընթացքում:
Հայկական տարբեր կուսակցությունների, ազատագրակական պայքարի հիմքը միշտ էլ դրել են մտավորականները: Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ազգային գաղափարի հիմք են դրել, նաև պայքարել են: Մեր կազմակերպության հիմնադրումն էլ կայացել է մտավորական մարդկանց` Սիմոն Սիմոնյանի, Գևորգ Աճեմյանի և շատերի գաղափարների շնորհիվ: Անշուշտ, այստեղ էլ եղել են շատ մտավորականներ, ովքեր պայքարել են իրենց գաղափարների համար` Աշոտ Նավասարդյանը, Լեոնիդ Ասկալդյանը, «Հայ դատ» կազմակերպությունը:
Իսկ այսօր չկա՞ն նման ազդեցիկ մտածողներ:
Ես չեմ տեսնում: Գուցե կան, սակայն պարզապես ուղղությունն են փոխել կամ էլ չկան: Հայ մտավորականը հայ մարդու իրավունքների համար պայքարողն է: Այսօր մեր ժողովուրդը ահավոր վիճակում է, իսկ ոչ մի մտավորական ոչ մի խելոք բան չի ասում, միայն վերացական հեքիաթներ են պատմում:
Ըստ Ձեզ` հասարակական պահա՞նջը պետք է ծնի առաջնորդին, թե՞ վերջինս պիտի ուղղորդի ժողովրդին:
Հասարակությունը մնում է հասարակություն, մտավորականը պիտի ուղղորդի նրան: Եվ քանի որ մտավորականը չի հետաքրքրվում իր ժողովրդով, ժողովուրդն էլ անտեր- անտիրական բաներ է անում:
Ո՞րն է բացթողումը:
Համակարգը: Այսօրվա դրվածքը թույլ չի տալիս` մտավորականը մեջտեղ գա:
Ի՞նչ համակարգ, ի՞նչ ժամանակներում ենք ապրում:
Կարծես ամեն ինչ արվում է, որ մարդը չզգա, որ իր հայրենիքում է ապրում: Թվում է` Հայաստանում մարդն արժեք չունի: Սա բոլորն են զգում: Չունեն վստահություն ոչ իրավական դաշտի, ոչ դատարանների, ոչ էլ իշխանությունների հանդեպ: Մարդն իրեն պաշտպանված չի զգում իր պետության կողմից. Չգիտի` ինչպես ապրի, որտեղ դիմի, ինչով պաշտպանվի: Անարդարությունը ահավոր է Հայաստանում, այն շատ է հուսալքում ժողովրդին:
Գուցե պատճառը մեր նոր ձևավորող պետությո՞ւնն է իր բազմաթիվ խնդիրներով:
Եթե լսենք նոր ձևավորվող պետությանը, ապա իրենք աշխարհի ամենախելոք մարդիկ են, ամենախելոք քաղաքագետները, բայց շատ հետաքրքրական է, որ միայն նրանք են հարստանում: Իսկ ժողովրդի վիճա՞կը…
Որտե՞ղ եք տեսնում ամենամեծ վտանգը:
Ամենամեծ վտանգը, որն այսօր, բարեբախտաբար, մի փոքր թեթևացել է, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն է: Բարեբախտաբար, այն այսօր սառեցված վիճակում է: Ես կտրականապես դեմ եմ այդ հարաբերություններին, որովհետև պայմանները մենք ենք պարտավոր թելադրել` ցեղասպանության հարցը, հողերի քննարկման խնդիրը և այլն: Մի լրագրողի ասացի, որ ես կողմ եմ ոչ թե այս սահմանները բացելուն, այլ մեր պատմական սահմանները բացելուն:
Բարիկադ, հաշտարար դատավոր, 7-րդ երկինք: Որտե՞ղ է տեսնում հայ մտավորականի տեղը:
Կուզեի տեսնել Սովետի ժամանակի մեր մտավորականների դիրքում: Իրենց չափով գոնե այդ դիրքերում լինեն` ժողովրդի հետ, որովհետև մեր ժողովուրդը զգում է մտավորականի կարիքը: Վտանգներից մեկն էլ այն է, որ հայ երիտասարդն իր հողում ապրելու շարժառիթ չի գտնում, փախչում է: Կարծես հատուկ ծրագիր լինի: Ես ինձ խելոք մտածող չեմ համարում: Ես հայ զինվոր եմ և ասում եմ այն, ինչ զգում եմ: Ճիշտ է, Հայաստանի քաղաքացի չեմ,բայց ինքս էլ հայ եմ ու ամեն ինչ տեսնում եմ:
Այս տարի ԱՍԱԼԱ-ն նշեց իր 35- ամյակը: Նրա հիմնական նպատակը եղել է Հայաստանի պատմական տարածքների վերականգնո՞ւմը միայն:
Նաև ցեղասպանությունն ընդունելը, բոլոր ատյաններով հատուցումը: Որոշ մարդիկ հատուցումը փողով են տեսնում, իսկ ես տեսնում եմ մեր հողերով, տարածքով:
Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների ավարտից հետո ԱՍԱԼԱ-ն դադարեցրեց իր գործողությունները, ինչո՞ւ:
80-ականների կեսերին որոշ խնդիրներ ի հայտ եկան, բայց դա պատճառ չէր, որ ԱՍԱԼԱ-ն իր գործողությունները «դադարեցնի»: Ավելի շուտ «դադարեցվեց» Հայաստանի անկախացման հետևանքով: Ես չեմ ուզում և իրավունք չունեմ խոսելու բանակի անունից, բայց քանի որ այսօր անկախ պետություն ենք, ինքը` պետությունը, պետք է այդ հարցը պաշտպաներ, համախմբվեր մի գաղափարի շուրջ, ինչը որ չի անում: Թեև այսօր ռումբ չի պայթում, բայց գաղափարը չի վերացել: Իսկ գաղտնի բանակի գաղափարն ասում է. «Գաղտնի բանակը կլուծարվի, երբ ամբողջական հայրենիքը կազատագրվի, և հայ ժողովուրդը ետ կվերադառնա իր պատմական տարածքները»: Ճիշտ է, որոշ քայլեր առաջ են գնացել ընդհանուր միջազգային ճանաչման գործում, բայց պայքարը դեռ կա: Այն ժամանակ 3-4 հոգով սկսեցինք. հիմա էլ, քանի դեռ հարցը կա, եթե պետք լինի, կշարունակենք պայքարը:
Հավատո՞ւմ եք Ձեր նպատակի իրականացմանը, մեր երկրի ապագային:
Անշուշտ, ինչո՞ւ ենք պայքարում, եթե չենք հավատում:
Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
Ժողովրդի վրա, երիտասարդության, նոր սերնդի: Ոչ Իշխանությունների վրա : Չգիտեմ երբ, բայց հուսով եմ` մի օր իսկապես մի ազգայինին նվիրված մարդ կհայտնվի դաշտում:
Ո՞րն է ազգապահպանման ամենակարևոր գործոնը:
Շատերը կասեն` հայ մնալը, բայց դա էլ բավական չէ: Կարծում եմ` հավատքը, հավատարիմ մնալը մեր խնդիրներին, մեր հարցին, մեր իրավունքներին: Թուրքը, ճիշտ է, այսօր մեծ թշնամի է և մեզ հող տվողը չէ: Պիտի առնենք: Այսօր Արցախն ամբողջությամբ, կամ նրա ինչ- որ մասը տալու խնդիրներ են դնում, իսկ երբ թուրքին են հարցնում , թե որտեղ է Թուրքիայի սահմանը: Պատասխանում է` այնտեղ, որտեղ թուրք զինվորի ոտքն է: Իսկ մեր զինվո՞րը: Շատերը նույնիսկ չեն ուզում ծառայել: Ժողովրդի հավատն է կորել իր դատի, իր իրավունքների հանդեպ:
Պակասել է ազգային գիտակցությո՞ւնը:
Այո: Հասարակ օրինակ` թուրքը ամենուր իր դրոշն է մատնանշում, անգամ մեքենայի անիվների վրա, իսկ մե՞նք… Բայց ինձ շատ հուսադրում է այսօրվա երիտասարդությունը, որը հավատում է պայքարի մեր գաղափարին, հավատում է, որ տիրանալու է իր իրավունքներին: Մենք էլ փորձում ենք կրակը միշտ վառ պահել և աշխատում ենք այդ ուղղությամբ: Կուզեի միայն, որ ինչ անում են իրենց անձի համար, մի քիչ էլ անեին ազգի համար: Կուզեի` մտածեն որպես հայ: Ոչ թե հպարտանան, որ աշխարհի ամենահին ազգն ենք, այլ առաջնորդվեն այդ արժեքներով:
Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
Շատ բաներ կան: Թե´ մեր հողի վրա, թե´ աշխարհում ես միշտ իմ ժողովրդի հետ եմ. ինչ էլ որ ժողովուրդն ասում է, համամիտ եմ: Սակայն ցավում եմ, որ երբ բողոքում են, ոչ մեկի անունը չեն տալիս, մատը վերքի վրա չեն դնում… Իմ բողոքն ամբողջ աշխարհի դեմ է: Բոլորը գիտեն, որ հայոց ցեղասպանությունը եղած փաստ է, Արևմտյան Հայաստանը գրավված տարածք է, Թուրքիան արհեստական երկիր է, բայց բոլորը լռում են: Դրա համար էլ պիտի պայքարենք: Ես ամոթ չեմ համարում, որ ինձ տեռորիստ են ասում, թեկուզ աշխարհի ամենավատ մարդն էլ համարեն, միայն թե իմ իրավունքին տիրանամ:
Երբևէ զգո՞ւմ եք Ձեզ անզոր, անկարող:
Անշուշտ, ես էլ մարդ եմ: Բայց դա շատ շուտ անցնում է:
Վազգեն Սիսլյանի ամենամեծ խռովքը:
Ես ազատագրված հայրենիք եմ ուզում տեսնել և թողնել մեր հաջորդ սերունդներին: Ես ու իմ ընկերները: Ուզում եմ` վերադարձնել մեր իրավունքները, որ ավելի խաղաղ ու հանգիստ ապրեն մեր սերունդները:
Այնուհանդերձ ուզում եմ Ձեր խոսքն ուղղեք մեր մտավորականներին:
Մտավորականություն չկա, եղածներն էլ խեղճ ու կրակ նստել են իրենց տներում: Սովետի ժամանակ գոնե քաջ էին, դուրս էին գալիս, խոսում էին, հիմա վախենում են իշխանավորներից:
Այսպես ինչի՞ կվերածվենք:
Մտավորականությունն ամբողջ աշխարհում է վայրէջք ապրում: Նոր սիստեմ է եկել կոմպյուտերացված, մեխանիզացված, որը մարդու մեջ վերացնում է հոգևորը: Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին: Անդունդը կա, և մենք օր օրի խոցելի ենք դառնում: Այսօր ո´չ իշխանություն կա, ո´չ ընդդիմություն: Բոլորը խելոք են: Մտավորականները պետք է հասկանան, որ պարտադիր չէ դանակը ոսկորին հասնի, հետո ակտիվանան: Ինչո՞ւ չեն պայքարում: Այսօր մեծանում է նաև հայրենիք-սփյուռք անդունդը: Վիճակագրական հարցման արդյունքում պարզվել է, որ առաջին տեղ գրավողը Հայաստանն է քաղաքացիների` հայրենիքը լքելու ցանկության տեսանկյունից (44%), երկրորդ տեղում ինչ-որ հետամնաց երկիր էր` 12%: Սա ցավ է: Երկիր ենք կառուցում, բայց Երևանից բացի ուրիշ քաղաք չկա: Գյումրին քանդվեց: 25 տարի է` փողեր են տրամադրվում, բայց քաղաք չդարձավ: Տասնյակ հազարավորներ մահացան. նրանց բանակարան պետք չէր, մնացածի համար ինչո՞ւ չկարողացան սարքել 25 տարում: Ինչո՞վ հարստացան հարուստները` շաքարավազ, բրինձ,բենզին ծախելո՞վ միայն: Հերիք է ասենք` 5-6 հազար տարվա պատմություն ունենք: Ո՞ւր ենք հասել այսօր: Մեր արժեքով պիտի երևա մեր այսօրը:
Հավատում եմ, որ մեր ժողովուրդը չի կորցնի իր արժեքը, և քիչ չեն լինի այն նվիրյալները, ովքեր կկանգնեն մեր ազգի համար:Ի՞նչ եք կարծում:
Կարծում եմ` որակն է կարևոր, թեկուզ և քանակով քիչ լինեն: Նույն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` մի ֆրանսիացի ինձ հարց տվեց. «Եթե դուք հայ-թուրքական հարաբերություններին դեմ եք, ուրեմն պատերազմի կողմնակից եք: Չե՞ք վախենում թուրքական զորքից: Նրանք շատ են, դուք` քիչ…»: Ես պատասխանեցի. «Ժամանակին Հայաստանն էլ որպես պետություն պետություն չէր, սովետական բանակ էր, հայը բանակ չուներ, Սփյուռքն էլ իր 7-8 միլիոնով բանակ չուներ, ընդամենը մի փոքր գաղտնի կազմակերպություն էր` 10-20 հոգուց բաղկացած, բայց ամբողջ աշխարհի զորքերի դեմ ելավ: Առաջին էտապը հաղթեցինք, ինչո՞ւ վախենամ»: Ամբողջ Սփյուռքը զարթոնք ապրեց զինյալ ազատագրական պայքարի շնորհիվ: Նույն մեր դատավարությունը մեծ առիթ էր` հայկական հարցը ջրի երես հանելու: Դատավարության ժամանակ դատավորն արգելեց «տեռորիստ» բառը գործածելը, իրավաբանը բացահայտորեն հայտարարեց, որ եթե ժողովուրդը իրավունք չունի բանակ ունենալու, ապա այդ տղերքն են գործում: Վերջապես թուրքը հայտնվեց միջազգային ատյաններում, և ներկայացվեց հայկական հարցը: Մինչ այդ հարցը չէր քննարկվում, գոնե այդքանը կարողացանք կորզել: Ճիշտ է, բիրտ ուժերով, բայց ամբողջ աշխարհն իմացավ` հայը ով է: Ազատագրական պայքարի միջոցով է, որ շատերը, անգամ « Հայ դատ»-ի հանձնախումբը սկսեցին աշխուժանալ, ակտիվանալ: Մեր նպատակն էլ այդ էր`ոչ միայն թուրքին հարվածել, այլ նաև հային ուշքի բերել:
Ինչո՞ւ են բոլոր ժամանակներում հայ մարդուն ցանկացել ոչնչացնել:
Պատճառը մեր մեջ պետք է փնտրենք: Անմիաբան ենք: Բոլոր ազգերի համար լավն ենք, բայց մեր ազգի համար` ոչ: Սա է մեր պատմությունը: Մենք ենք մեզ ոչնչացրել, ոչ թե օտարները…
Ո՞րն է Վազգեն Սիսլյանի նվիրական երազանքը:
Ես ինձ համար եմ երազում: Անկախության հռչակման օրերին ես հրապարակում չէի: Բարձրացրել էի Արագածի ամենաբարձր հատվածը և այնտեղից էի վայելում մեր անկախությունը: Իրական երազանքս Մասիս սար բարձրանալն է, բայց մեր սահմաններով: Եվ պայքարելու եմ դրա համար:
ՀԱԿ-ի հանրահավաքի շուրջ առանձնապես չեմ ծավալվի: Արտահայտվել են և՛ ՀԱԿ-ի, և՛ իշխանության կողմնակիցները, իսկ հանրության սիրտը վաղուց է խառնում «երկխոսություն» բառից: Ի՞նչ երկխոսություն, սովորական սակարկություն է: Այդ թվում` մարտիմեկյան զոհերի արյան վրա: Լևոն Զուրաբյանը մեղադրեց իշխանությանը, թե երկխոսության իմիտացիա է անում, որպեսզի խուսափի արտահերթ ընտրությունների մասին բանակցություններից, և ՀԱԿ-ը «գյալաջի» անելու ժամանակ չունի: Էդուարդ Շարմազանովն էլ ՀԱԿ-ին մեղադրեց երկխոսության իմիտացիայի և ժամանակը մինչև ամառվա վերջ ձգելու մեջ և նշեց, որ Սերժ Սարգսյանը միշտ օպերատիվորեն արձագանքում է ցանկացած կառուցողական առաջարկին:
Երկու կողմն էլ մասամբ ճշմարտություն են ասում, բայց ընդամենը մասամբ: Երկու կողմն էլ գիտեն, որ ոչ մի երկխոսություն էլ չկա: Կա սակարկություն: ՀԱԿ-ը շատ է ուզում կոնկրետ պատգամավորական և չինովնիկական բարիքներ, որ սասը կտրի ու չտզզա, իշխանությունն էլ ուզում է քիչ տա: Հո հանրապետականների բերանից չեն կտրելու, կամ ԲՀԿ-ի հաշվին հո չեն տալու` լարելով հարաբերությունները Կոտայքի տիրակալ օլիգարխի հետ: ԱԽՔ-ին էլ իր մի քանի ախքիկների հետ էլ հո փողոցում չեն թողնելու, մարդիկ հնազանդորեն ծառայել են ու թարգել են ֆրանսիացոց ու բրիտանացոց հրահանգները կատարելը: Դաշնակներին էլ չեն կարող «բորդյուրին» թողնել, շուն-գել ավանդական կուսակցություն են, սփյուռք կա, բան կա:
Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջնագիրն էլ` սեպտեմբերին հեղափոխական մեթոդներով ՀՀ նախագահի հրաժարական պահանջելու վերաբերյալ, գրոշի արժեք չունի: Ումո՞վ են պահանջելու` պայքարող, ծուռ բնավորության տեր մարդիկ հիասթափվել են «երկխոսության» պատճառով ու առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանի կիլոմետրանոց հարցազրույցից, թե ինչ լավ պարտվողական ծրագիր էր ինքն առաջարկում 1997-ի աշնանը: Այդ թեզերը թերթոնների տեսքով հասցրել են մտցնել գրեթե ամեն մի տուն, և միայն հանրահավաքի ժամանակ են ֆայմել, որ նման բան ժողովրդին ասել չի կարելի…
Այնուամենայնիվ, ՀԱԿ-ի հանրահավաքի ընթացքում մի ռացիոնալ բան եղավ: Գրեթե բոլոր հռետորները անպատվեցին, Լևոն Զուրաբյանի ասած, «աղվամազիկ ծաղրածու» վարչապետին: Նրա հարցազրույցի այն հատվածի համար, ուր Տիգրան Սարգսյանն ակամա «ծակվեց», որ արտագաղթը համարում է հեղափոխությունից խուսափելու արդյունավետ միջոց: Ու ինչքան էլ հետո խոսեց կոնտեքստ-ենթատեքստերի, կատակ-մատակների մասին, միևնույն է` խոսքը բերնից արդեն դուրս է թռել: Բոլորն իմացել են, որ վարչապետը հենց այդպես է մտածել: Համ էլ ոչ ոք չի մոռացել դասախոսության և գլուխարդուկոցիի սիրահար վարչապետի «Հայկական աշխարհի» տեսությունը, որ նախատեսում է հայությանը ցիրուցան անել երկրագնդով մեկ և նրանցից վիրտուալ ցանց սարքել, քանզի Տիգրան Սարգսյանի համոզմամբ, ազգային պետությունները վաղ թե ուշ մեռնելու են:
Եվ վրդովվել են ոչ միայն ՀԱԿ-ի ակտիվիստները: Հույժ անհանգստացել են նաև մտավորականները և բաց նամակով դիմել ԱԺ խոսնակին և վարչապետին: Անգամ Լևոն Անանյանի պես պալատականները, որ վարչապետի մոտ աշխատող որդի ունեն:
Հարցն իրոք շատ հրատապ է: Եթե արտագաղթելու երազանք ունեցող բնակչությանը գումարվում են արտագաղթը խրախուսելի համարող իշխանավորներ, ապա զանգակատուն բարձրանալու և տագնապի ղողանջներ հնչեցնելու ժամանակն է: Տարբեր հարցախույզների տվյալներով, 50 և ավելի տոկոսը ցանկանում են արտագաղթել: 20 տարում 20 հազր հայ լոտոյով «գրին քարտ» են շահել, և դա նշանակում է զարհուրելի բան. որ բնակչության առնվազն կեսը խաղացել են այդ լոտոյից, հույս ունենալով շահել պանդխտության ուղեգիր: Հսկայական հերթեր են այն գրասենյակների մոտ, որոնք իրագործում են Ռուսաստանի կառավարության «Հայրենակիցներ» ծրագիրը: Հո ռո՞ւսը չի մեղավոր, որ հայերն ուզում են ռսի հայրենակից դառնալ:
Պարզապես ինքնաոչնչացման ցիգանական ցեցն ընկել է ազգի ջանը: Մեկնողը դրսում, որպեսզի արդարացնի իր փախուստը, սարսափներ է պատմում Հայաստանի մասին, ցեխի հետ խառնում իր իսկ հայրենիքը: Դա լսելով, էլ ոչ մի սփյուքահայ չի ուզում հայրենադարձվել: Հետո էլ, որպեսզի դուրս գա «մանթրաժից», քանզի օտարության մեջ խելքը գլխին արդյունքի չի հասել, Հայաստանում մնացած ծանոթներին գրում է, որ գործերը հոյակապ են, ինտերնետային սոցցանցերում էլ զետեղում իր լուսանկարները այլոց ճոխ առանձնատների և ավտոմեքենաների ֆոնի վրա: Արդյունքում նորանոր քաղաքացիներ են գայթակղվում գեղեցիկ պատրանքով: Նույնիսկ եթե լավ հաջողության է հասնում, մի ոչ գեղեցիկ օր որևէ հարբած Նացիկ Շարիկով դանակահարում է նրան կամ նրա արու զավակին…
Իսկ հիմա` մի քիչ վիճակագրություն: 1920-1988 թվականների ընթացքում Խորհրդային Հայաստանի բնակչությունը գրեթե քառապատկվել էր: Ոչ միայն բնական աճի, այլև հայրենադարձության հաշվին: Ներգաղթի հիմնական ալիքը եղավ 1935-1955 թվականներին: Հայերը լքում էին «ժողովրդավար» երկրները և գալիս ստալինիստական կարգեր ունեցող Հայաստան: Զի անգամ ստալինյան բոլշևիկ հայ ղեկավարներն ավելի հայրենասեր էին, քան «գլոբալիստ դեմոկրատ» Տիգրան Սարգսյանը ու յուր թիմակիցները:
Ուրեմն ի՞նչ է մնում մեզ: Ազատվել «Հայկական աշխարհի» վիրտուալ պատրանքները դավանող ազգադավ չինովնիկներից և արտակարգ միջոցներով կասեցնել երկրի դատարկվելը:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.