23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է դատարկ խնդրով` ով է հաջորդ պաշտոնանկը: Բոլորը դրանով են զբաղված, ու խոշոր հաշվով, բոլորի զահլան դրանից գնացել է: Բայց խոշոր հաշվով, դրանից բան չի փոխվելու: Բոլորս գիտնք, որ բոլոր դեպքերում ՀՀԿ-ն իր դիրքերը չի զիջելու անկախ ընտրական բոլոր ելքերից: Դա, ինչպես ասում են, մշտական միավոր է: Սակայն իրական հետաքրքիր գործընթացները գտնվում են իշխանական և ընդդիմադիր դաշտերից դուրս: Հետաքրքիր բան է կատարվում հարևան պետությունում` Թուրքիայում, ուր անկանխատեսելի ձևով տեղի է ունենում հայ ազգային ինքնության զարթոնքը:
Եվ այսպես` շարքային մի հարցազրույց: Հարցազրույց տվողը «Ակոս» թերթի համախմբագիր Բագրատ Էստուկյանն է: Մարդ, ով շատ լավ գիտի «թուրքական հասարակություն» կոչեցյալին ինտեգրվելու ձևերը:
Եվ ահա նա «Դելովոյ էքսպրես» թերթին տված հարցազրույցում անդրադառնում է այսպես կոչված «թաքուն հայերի» խնդրին` մեր այն հայրենակիցներին, որ հարկադրված են եղել իսլամ ընդունել, որպեսզի ողջ մնան:
Ըստ գլխավոր խմբագրի` դա մարտահրավեր է, որին դեռևս պատրաստ չենք: «Շատերը կամենում են վերադառնալ իրենց ակունքներին, սակայն մենք դեռևս պատրաստ չենք կողմնորոշվելու` ինչպես վերաբերվենք այդ մարդկանց»,- գրում է Բագրատ Էստուկյանը: Թաքուն հայերը գիտեն, որ իրենց նախնիները հայ են եղել, սակայն չեն տիրապետում հայոց լեզվին և քրիստոնյա չեն: Նրանք հիմնականում ապրում են արևելյան շրջաններում, բայց առավելապես հայտնի են Համշենի և Դերսիմի հայերը: Այդ երկու տարածաշրջաններում հայերը պահպանել են հայկական ինքնագիտակցությունը: Համշենցիները պահպանել են իրենց խոսակցական լեզուն, որ համապատասխանում է 300-400 տարի առաջ եղած խոսակցականին: Իսկ Դերսիմի հայերը կորցրել են լեզուն, սակայն պահպանել են ինքնությունը: Ենթադրելի է, որ թաքուն հայերը հարյուր հազարներ են կազմում: Բավականին հաճախ Ստամբուլի պատրիարքարան են դիմում թաքուն հայերը` կնքվելու խնդրանքով: Բայց ինչքան ես գիտեմ, պատրիարքարանը դրան պատրաստ չէ, կա մտածողության խնդիր: Մարդը գալիս և ասում է. «Իմ անունն Ահմեդ է, բայց պապս Կարապետ էր, իսկ տատս` Մարիամ: Ես կամենում եմ հայ դառնալ»: Ի պատասխան դրա առաջարկում են վերցնել քրիստոնեական գրականություն, կարդալ, հետո քննություն հանձնել և այլն: Ոչ ամեն ոք, առավել ևս գյուղացի, կգնա այդպիսի քայլի»,-նշում է Էստուկյանը:
Այսինքն` ծագումով հայ մարդիկ համարձակվում են մերժել իսլամը (այդ կրոնը ճանաչողները կվկայեն, թե ինչքան դժվար է հրաժարվել դրանից և ինչքան արիություն է պահանջում այդ), գավառական բնակավայրից հասնում են Պոլիս, ու իրենց առաջարկվում է աստվածաբանական քննություն հանձնել, նոր միայն միանալ Հայ առաքելական եկեղեցուն:
Ասա խնդրեմ, Առաքելական եկեղեցու հետևորդ ընթերցող. իսկ դու կարո՞ղ ես այդպիսի քննություն հանձնել: Ապա ինչո՞ւ են այդպիսի քննություն պահանջում քո եղբայրներից Պոլսո պատրիարքարանում: Աստվածաբաննե՞ր են ընդունում, թե՞ հասարակ հայ քրիստոնյաներ:
Հայ մարդուն խանգարում են Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալ: Ամեն օր` բազում հայորդիների, ովքեր հստակ որոշել են, որ հայ են, ու ուզում են գրողի ծոցն ուղարկել իսլամը և դավաբանորեն նույնանալ հայ եկեղեցու հետ, ուզում են դառնալ հայ քրիստոնյա: Սակայն նրանց մերժում են, պայմաններ առաջադրում: Ինչո՞ւ: Մի՞թե այնքան եք վախենում թուրք իշխանությունից, որ պատրաստ եք ցանկացած կերպով խոչընդոտել վերահայացող մեր հայրենակիցներին …
Ձեզ, պարզապես ասելու բան չունեմ: Երևի ձեր նման սևազգեստների մասին էր ասում Ֆրիդրիխ Նիցշեն, որ դուք կյանքի ու ցանկացած առաջադիմության թշնամի եք: Հայերը գալիս են ձեզ մոտ հայ կնքվելու, իսկ դուք պատրվակ բերելով քրիստոնեական գրքերը, մերժում եք: Մարդիկ իսլամը մերժելու հոգեբանական սխրանքն են գործում, իսկ դուք զլանում եք նրանց ճանաչել Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Ինչ ասեմ ձեզ` անիծյալ լինեք ձեր ստրկամտության մեջ, հանուն որի պատրաստ եք ապավինել ամենախավարամիտ կղերական գաղափարին: Դուք պատրաստ եք գերազանցել Եվրոպայի ինկվիզիտորներին, միայն թե համամիտ լինեք ձեր թուրք ստրկատերերի հետ:
Բայց գիտցեք` նա, ով հասել է Պոլսո ձեր դուռը, և ստացել է ձեր կեղծավոր մերժումը, միևնույն է, եկել է, որպես իր հայ լինելը գիտակցող հայ: Ու ձեր կեղծավոր մերժումով նրա հայությունը չեք կասեցնի. Նա այլևս հայ է մեկընդեմիշտ: Միգուցե համառի և հասնի Էջմիածին, միգուցե գերադասի նախնյաց հեթանոս հավատքը: Բայց նա այլևս հայ է` մեկընդմիշտ, ի տարբերություն ձեզ`թուրքահաճո թերմարդուն… Եթե իհարկե գիտակցում եք, որ ապրում եք թերմարդու կարգավիճակում:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ թվերի զուգակցումն ազդում է մարդու կյանքի վրա, «մոգական ուրբաթը» կարող է հաջողություն, հարստություն բերել։ Խորհրդավոր ամսաթվի՝ 11.11.11 գալուտը համաշխարհային լրատվամիջոցները քննարկում են այդ «սուպերպալինդրոմի» հետ կապված գերբնական կանխատեսումների տեսանկյունից։ Մինչև օրվա վերջ կտեղեկացնենք թե ինչ տեղի ունեցավ այս օրը որը կրկնվելու է 100 տարի անց:
Շատերը, սակայն, թերահավատորեն են վերաբերում նման կանխատեսումներին` հաշվի առնելով, որ այլ միստիկ թվեր ևս «եկել–անցել են»: Ոչինչ չի փոխել Երկիր մոլորակի բնակիչների կյանքում 06.06.06 կամ 07.07.07–ը:
Ինչպես գրում է իտալական La Stampa պարբերականը, վաղվա օրը պետք է անցնի բարգավաճման և ներդաշնակության ներքո, քանի որ դրանում «գերբնական մեսիջ» կա։ «Թվերի զուգակցման գերբնական ազդեցության մասին տեսության երկրպագուները խոսում են «կազդուրիչ ճառագայթի» մասին, որը նոյեմբերի 11–ին պետք է իջնի մարդկության վրա»,– գրում է պարբերականը: Մարդիկ վստահ են, որ վաղը մարդկությանը իսկական հեղաշրջում է սպասում։ Ըստ պարբերականի.«Նրանք սպասում են, որ վաղը «գերգիտակցական մուտացիա» պետք է տեղի ունենա, որը դառնալու է դեռևս զարգացման փուլում գտնվող մեր գլոբալ գիտակցության էվոլյուցիոն փուլը»:
Ավստրալիայի Կանբերա քաղաքում գտնվող պաշտպանության ուժերի ակադեմիայում կադետ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության են ենթարկվել: Նման եզրահանգում է արվում զեկույցում, որը պատրաստվել է Ավստրիալիայի զինված ուժերում կանանց նկատմամբ խտրականության դեպքերի հետ կապված սկանդալային դեպքերի հետաքննության արդյունքներով: Սակայն կանանց մեծ մասը, ինչպես նշվում է պաշտպանության նախարարի զեկույցում, դրական է արտահայտվել հաստատության մասին:
Այսինքն` Ավստրալիայի պես խաղաղ երկրի բանակում անգամ չի հաջողվել մտցնել «սեռերի հավասարության» արհեստական տեսական մոտեցումը: Նույնիսկ պատերազմից անչափ հեռու երկրի բանակում չաշխատեց «գենդերային հավասարություն» կոչեցյալը: Այդ երկրի բանակում թեև փորձ արվեց ներմուծել «տոլերանտության և հավասարության» սկզբունքը, սակայն բան չստացվեց, չնայած պաշտպանության նախարարը ձգտում էր ցուցադրաբար այդ սկզբունքները հաստատել: Ռազմական ակադեմիայի աղջիկները գոհ են մնացել, որ նույն հաստատության տղաները իրենց պահել են տղայի, այլ ոչ թե անսեռ միավորի պես: Այսինքն` անգամ Ավստրալիայի պես երկրում բանակը իրեն դրսևորեց որպես պահպանողական ավանդապահ միավոր: Բնականաբար, առավել ևս պատերազմը վերջերս ավարտած Հայաստանում բանակը պահպանողականության բուն է:
Եվ այդ պահպանողականությունը գալիս է մեր երկրի կյանքի բոլոր ոլորտները: Աղմկալի ամենօրյա պաշտոնափոխությունների շարանում մեր հանրությունը բավականին քիչ ուշադրություն է դարձրել նոր ոստիկանապետի անձի վրա, մինչդեռ դա արտացոլում է Հայաստանի զարգացման հիմնական վեկտորը:
Նոր ոստիկանապետը եկել է բանակից: Մինչ գլխավոր ռազմական ոստիկան լինելը նա ունեցել է պրոֆեսիոնալ «միլիցայի» կենսագրություն, սակայն դրանով ավարտվում են Վովա Գասպարյանի ռեալ առնչությունները ոստիկանական համակարգի հետ: Նա ուղնուծուծով բանակի ներկայացուցիչ է, քանզի իր կենսագրության մեծ մասը գրանցվել է ՊՆ-ում: Եվ հարց է ծագում` ինչո՞ւ ՀՀ նախագահը երկրի ոստիկանական համակարգը վստահեց հենց բանակայինի: Դա պատահականությո՞ւն է, թե՞…
Եթե դիտարկենք մեր պետական համակարգն ամբողջությամբ, ապա առավելագույնս կայացածը բանակն է: Դա բնական է, զի պատերազմող երկրում այլ կերպ չէր կարող լինել: Եվ Հայաստանում, բնականաբար, հանրության ամենաառողջ և պետականամետ խավը հենց սպաները պետք է լինեն: Եվ հենց սպայական ներկայացուցիչն է ուղնուծուծով մեր նոր ոստիկանապետը:
Տեղի է ունեցել որակական առումով եզակի երևույթ` ոստիկանապետ է դարձել մեկը, ով կապ չունի քաղաքացիական կյանքի կանոնների հետ: Վովա Գասպարյանն այն ոստիկանապետն է, որը առանց քաշվելու կձերբակալի ցանկացածին, այդ թվում` ցանկացած օլիգարխի: Այդ նշանակումով ՀՀ նախագահը կատարել է կարևորագույն քայլ` վերացրել է օլիգարխիկ խավի անձեռնմխելիությունը: Նախորդ ոստիկանապետերից և ոչ մեկը երբեք չէր համարձակվի ձերբակալել որևէ օլիգարխի, անգամ օլիգարխի թիկնապահի շանը դիպչելը դժվարագույն հոգեբանական խնդիր էր: Սակայն նոր ոստիկանապետն ունի բանակայինի ընկալումներ, ում համար քաղաքացիական կյանքի խաղի կանոնները ոչինչ են:
Այժմ արժի դիտարկել. դա եզակի՞ նշանակում է, թե՞ օրինաչափության սկիզբ է ազդարարում: Ուշագրավ է, որ Երևանում կատարված կադրային փոփոխություններին զուգահեռ կադրային փոփոխություններ տեղի ունեցան Ստեփանակերտում: Այդտեղի ազգանունների և պաշտոնների անունները ոչինչ չեն ասի ՀՀ քաղաքացուն, եթե նա արցախցի չէ, ուստի կբավարարվենք ընդամենը օրինաչափության մատնանշումով` բոլոր նոր չինովնիկները նշանակվել են ուժային կառույցների ներկայացուցիչներից: Այսինքն` բոլոր նորանշանակները սպայական խավի ներկայացուցիչներ են:
Կարծում ենք, որ Ստեփանակերտում պարզապես փորձարկվում է այն, ինչն այնուհետ համատարած կկիրառվի ամբողջ երկրում: 1998-ից ի վեր, երբ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց ՀՀ նախագահ, Ստեփանակերտում փորձարկված կառավարման մեթոդները տեղափոխվում են Երևան: Իսկ ընտրություններին ընդառաջ այդ միտումն էլ ավելի կշեշտվի:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը խոստացել է եվրոպական կառույցներին անցկացնել լրիվ անթերի ընտրություններ: Բայց միաժամանակ անհրաժեշտություն կա ունենալ այդ ընտրությունների կանխորոշված արդյունքներ: Այդ երկու իրարամերժ պահանջների միաժամանակյա բավարարման հարուստ փորձ է կուտակվել Արցախում, ուր հազար աչքի առկայությունը երբեք չի արձանագրել ընտրությունների որևէ թերություն, բայց միաժամանակ ընտրությունների ելքը միշտ կանխորոշված է եղել: Այսինքն` վարչական ռեսուրսը կիրառվել է շատ հստակ, բայց միաժամանակ` շատ հմուտ: Հիմա էլ հրամայական է առաջացել` նույն փորձը կրկնել ամբողջ Հայաստանի մասշտաբով:
Այդ տրամաբանության շրջանակում միանգամայն հասկանալի են դառնում Հովիկ Աբրահամյանի և Միքայել Մինասյանի հրաժարականները: Երկուսն էլ կենտրոնանալու են բացառապես ընտրությունների վրա` որպես ՀՀԿ նախընտրական շտաբի առաջին և երկրորդ դեմք: Երկուսն էլ, թեև համարվելու են պաշտոն չունեցող, բայց ունենալու են փաստացի նույն լծակները, ինչ ունեին մինչ այդ: Հովիկ Աբրահամյանի ունեցած լծակներն ընդհանրապես կապ չունեն ԱԺ խոսնակի պաշտոնի հետ, դե իսկ Միքայել Մինասյանի իրական պաշտոնը ոչ թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնն է, այլ ՀՀ նախագահի փեսա լինելու հանգամանքը: Հիմա, երբ նա այլևս աշխատակազմի ղեկավարի տեղակալ չէ, իսկ Հովիկ Աբրահամյանը ամսի 20-ից վայր է դնելու պաշտոնական լիազորությունները, այլևս ոչ ոք չի կարողանալու ասել, թե ՀՀԿ նախընտրական շտաբը պետական լծակներ է կիրառում ընտրություններում հաղթելու համար, թեև և մեկը, և մյուսը չեն կորցնելու իրական իշխանության գեթ մեկ տոկոս:
Եվ դա էապես կնպաստի Սերժ Սարգսյանի առջև ծառացած խնդրի լուծմանը` 2012-ի մայիսին ՀՀԿ-ին ապահովել 2 անգամ ավել քվե, քան կստանա ԲՀԿ-ն, որին այժմ ՀՀ նախագահի դեմ դուրս գալու «գունավոր կտեր» են տալիս և ՀԱԿ-ը, և «Ժառանգությունը», և ՀՅԴ-ն: Նշյալ ուժերը փորձում են չափազանց ճարպիկ դուրս գալ` ուրիշների ձեռքերով և ուրիշների զոհողությունների գնով կռիվ անել իշխանության դեմ և, այդ ուժի բաժին թողնելով բոլոր պատիժները, այդ ուժի հաշվին դիվիդենտներ շահել: Սակայն ԲՀԿ առաջնորդը, չնայած մականունին, հակված չէ այդ «կտերը» ուտելու…
Ինչևէ, վերադառնանք Վովա Գասպարյանի հարցին: Նա թերևս ռազմական էլիտայի առաջին, բայց հաստատ ոչ վերջին ներկայացուցիչն է, ով ստանձնելու է առանցքային քաղաքացիական պաշտոն: Սերժ Սարգսյանը և մինչև ընտրությունները, և հատկապես ընտրություններից հետո էլի զինվորագրելու է զինվորականության վերնախավի ներկայացուցիչների: Զի միմիայն ռազմական էլիտայի ներկայացուցիչներն են, որ կարող են տրորելով անցնել օլիգարխիկ խաղի կանոնները, իսկ առանց դրա ոչ մի էական բարեփոխում երկրում հնարավոր չէ:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Հայկական Վարկած» օրաթերթը մոտ երկու ամիս առաջ հարցազրույց էր խնդրել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Հարցերն ուղարկվել էր տիկին նախարարին` ծանոթանալու: Որից հետո մենք հարցազրույցի հրավերի փոխարեն ստացանք, պատրաստի հարցազրույցի գրավոր տարբերակը: Քանի որ տիկին Հակոբյանը անչափ զբաղված է, մենք որոշեցինք տպագրել նրա պատասխանները, «կենդանի» հարցազրույցը թողնելով ավելի հանգիստ օրերի:
— Շատերը կարծիք են հայտնում, որ Սփյուռքի նախարարությունը որոշ դեպքերում կրկնում է պետական այլ մարմինների ֆունկցիաներ` չունենալով հստակ ֆունկցիա: Ի՞նչ կասեք այս առթիվ:
— Սփյուռքի նախարարությունը ստեղծվել է 3 տարի առաջ, եւ արդեն բավական աշխատանք է արել Հայրենիք-Սփյուռք գործակցությունն ընդլայնելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ, հայապահպանության, մեր հայրենակիցներին ազգային ինքնության գաղափարի շուրջ համախմբելու ուղղությամբ: Եւ օր օրի ավելի ակնհայտ է դառնում, որ մեր նախարարությունն անհրաժեշտ ազգապահպան կառույց է, եւ ունի իր հստակ խնդիրներն ու նպատակները, որոնք հետեւողականորեն իրագործում է: Իմ կարծիքով նախարարությունը պետք է ստեղծվեր մեր երրորդ հանրապետության ստեղծումից անմիջապես հետո, որովհետեւ պետական գերատեսչական ամեն մի օղակ խիստ ծանրաբեռնված է իր աշխատանքով, իր համապատասխան գործառույթներով, եւ չի կարող լիարժեք ու նպատակային զբաղվել Սփյուռքի հարցերով ու խնդիրներով: Պետք էր մի կառույց, որը նպատակային ու համակարգված կաշխատեր սփյուռքյան համայնքների, կառույցների, կազմակերպությունների հետ, հասկանար, ճանաչեր, ուսումնասիրեր նրանց գործունեությունը եւ համապատասխան ծրագրեր առաջադրեր: Այդ առաքելությունը ստանձնել է սփյուռքի նախարարությունը, նաեւ համակարգելով բոլոր գերատեսչություններում` Սփյուռքի հետ կապված աշխատանքները:
Նախարարությունը ստեղծելով ՀՀ Նախագահը նրա առջեւ հստակ քաղաքական-ռազմավարական խնդիրներ դրեց: Դրանք են.
- Հայապահպանություն, հայ ինքնության պահպանմանն աջակցություն եւ խրախուսում ամենատարբեր ձեւերով
- Հայ ներուժի հայտնաբերում, համախմբում եւ օգտագործում Հայրենիքի զարգացման եւ առաջընթացի համար
- Հայրենադարձությունը խթանող ծրագրերի մշակում եւ իրականացում
Սրանք այն գործառույթներն են, որոնք որեւէ նախարարության գործառույթը չեն կրկնում, այլ համագործակցության արդյունքում առավել կազմակերպված եւ բովանդակային տեսք են ստանում:
Քսանմեկերորդ դարում Հայկական պետականության եւ աշխարհասփյուռ հայության առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են նոր որակ, ձեւ եւ բովանդակություն հաղորդել հայոց պետականության ամրապնդման եւ հայապահպանության գրավականին՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանը, հենվելով առավելապես մարդկային, մշակութային եւ սոցիալական կապիտալի, հասարակական լիարժեք ինտեգրման եւ մրցունակության կռվանների վրա:
Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական նպատակը պատմական Հայրենիքում հաստատված կամ արտերկրում բնակվող յուրաքանչյուր հայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու, արցախցու կամ սփյուռքահայի հիմնարար իրավունքների եւ ազատությունների, նրա օրինական շահերի պաշտպանությունն է՝ միջազգային իրավունքի շրջանակներում եւ իհարկե, հայ ազգային ինքնության որակների պահպանությունը:
Իր ստեղծման օրից Սփյուռքի նախարարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական, տնտեսական, մտավոր, գիտակրթական, հոգեւոր-մշակութային կարողությունների ու ջանքերի համախմբմանը: Մեր կողմից իրականացված ծրագրերը, համաժողովները, ձեռնարկները նպատակաուղղված են Հայոց ցեղասպանության ճանաչման, ԼՂՀ-ի խաղաղ կարգավորման հիմնախնդիրների աջակցմանը, հայապահպանությանը, հայրենաճանաչմանը:
Ավելացել է սփյուռքահայերի վստահությունը պետության, նախարարության նկատմամբ, ինչը նշանակում է` նրանք գիտեն, որ Հայրենիքում կա մի տեղ, ուր իրենց կլսեն, կօգնեն, կուղղորդեն, կառաջնորդեն, որովհետև իսկապես էլ սփյուռքահայը կարող է չկողմնորոշվել, թե անծանոթ միջավայրում եւ պայմաններում որ խնդրի համար ում է պետք դիմել:
Մեր նախարարությունը, ի տարբերություն մյուս նախարարությունների, որոնք զբաղվում են Հայաստանի 3,5 միլիոն ազգաբնակչության խնդիրներով, աշխատում է աշխարհով մեկ սփռված մեր 7 միլիոն հայրենակիցների համար եւ նրանց կառույցների հետ:
Մենք խրախուսում ենք, որ 7 միլիոնից ավելի սփյուռքահայերից շատերը իրավական կապի մեջ մտնեն պետության հետ` դառնան երկքաղաքացի: Ծոցագրպանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալը յուրօրինակ հպարտություն, հաճույք է, եւ Հայրենիքից հեռու ապրող հայ մարդու համար դա Հայրենիքի մի մասնիկն է, մասունքը, որ կարծում եմ` պետք է ունենա յուրաքանչյուր հայ, առավել եւս, որ շուտով լրանում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ հայ ժողովուրդն աշխարհին ապացուցելու շատ բան ունի` իր միասնությամբ, համախմբվածությամբ, ինչու չէ, նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվով, որպեսզի այս փոքր հողակտորը հայտարարի, որ ինքը ոչ թե երեք միլիոն քաղաքացիների պետություն է, այլ հինգ, յոթ, տասը… միլիոն քաղաքացիների: Սա շատ կարեւոր է: Իսկ երկքաղաքացի դառնալու համար շատ հեշտացված է ՀՀ օրենսդրությունը, այդ թվում եւ ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով:
— Ձեր ղեկավարած նախարարությունը պարբերաբար առաջարկում է կառավարությանը` ներել արտերկրում գտնվող այն երիտասարդներին, ովքեր հրաժարվել են զինծառայությունից: Դուք սա բացատրում եք մեկնած երիտասարդներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտութամբ, այլք պնդում են, որ այս նախաձեռնությունն ավելի է խրախուսում արտագաղթը` սպառնալով երկրի անվտանգությանը:
— Այս հարցում, իհարկե, կարող են լինել տարբեր մոտեցումներ: Իհարկե, յուրաքանչյուր երիտասարդի սահմանադրական պարտականությունն է ծառայել հայոց բանակում: Սակայն իրադարձությունների բերումով 100 հազարավոր մարդիկ 90-ականներին հեռացել են հայրենիքից եւ հազարավոր երիտասարդներ մեծացել ու դաստիարակվել են արտերկրում, չգիտեն հայերեն, իրենք մտացածին չեն լքել երկիրը` բանակից խուսափելու համար: Շատ խիստ, կտրուկ, անհանդուրժողական մոտեցման դեպքում մենք հաստատ կկորցնենք նրանց եւ այլեւս Հայաստան չեն գա:
Բայց եթե հանդուրժողական, ներողամիտ մոտեցում ցուցաբերենք, հնարավորություն կստեղծենք, որ այդ երիտասարդները գան Հայրենիք եւ ազատվեն քրեական հետապնդումից:
Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ մեր դիրքորոշումը կնպաստի հայրենիքից երիտասարդների հեռանալուն, ես այդ կարծիքին չեմ, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ եթե մարդը որոշել է հեռանալ, նա կգտնի միջոց եւ ճանապարհ: Մեր խնդիրն է փոխել մթնոլորտը, ստեղծել բարյացակամ եւ վստահելի հարաբերություններ:
— Ձեր անձն ու նախարարությունը վերջերս ներքաշված էին տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ: Մասնավորապես, շաբաթներ շարունակ հասարակությունը հետևում էր Ձեր և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն Թամարա Պողոսյանի հրապարակային վեճին: Ի՞նչ է սա. անարդյունավետ կառավարման հետևա՞նք, Ձեր կողմից լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իսկապես տիկին Պողոսյանը թույլ էր տվել խախտումներ:
— Իմ եւ Թամար Պողոսյանի մեջ որեւէ հրապարակային վեճ չի եղել: Ես որեւէ հրապարակային ելույթ չեմ ունեցել: Այնպես, որ Ձեր հարցը կոռեկտ չի դրված: Հիմնադրամը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որն էլ 2010թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է որոշում եւ առաջարկել է գործադիր տնօրենին կատարել այն: Այդ որոշումը «դուր չի եկել» տնօրենին եւ նա էլ ելույթներ է ունեցել: Հոգաբարձուների խորհրդի կամ նրա նախագահի կողմից լիազորությունների չարաշահում չի եղել:
Վերջերս էլ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը բավարարեց Թամար Պողոսյանի դիմումը եւ նրան ազատեց աշխատանքից:
— Ինչպե՞ս եք կարողանում ներդաշնակեցնել Սփյուռքի տարբեր հատվածների իրարամերժ շահերը: Գտե՞լ եք այդ բանաձևը:
— Փաստ է, որ Սփյուռքը բազմաշերտ է, բազմակարիք, բազմակարծիք: Կան տարբեր դիրքորոշումներ, յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները. դրանք կարելի է բացատրել բնակության երկրի ազդեցությամբ, պատմական անցյալով, ազգային հոգեկերտվածքով, քաղաքական, մշակութային ազդեցություններով եւ այլն: Այս ամենը մեր հարստությունն է եւ պետք է կարողանանք ճիշտ օգտագործել: Դրանք ճիշտ ձեւակերպելու եւ ներկայացնելու դեպքում կարող ենք միավորող, համախմբող դեր կատարել:
Շատ քննարկումներ են լինում գաղափարական-քաղաքական հարցերի, Սփյուռք-Հայրենիք կապերի, Սփյուռքի ինքնակազմակերպման տարածքների առանձնահատկությունների մասին:
Մենք հաճախ ենք հանդիպում գիտական, վերլուծական, համահայկական կառույցների ղեկավարներին, որովհետև նրանց հետ քննարկելու բազում հարցեր կան և նրանց հետ որոշակիացվում են մեր գործունեությունը, նախանշվում են հետագա քայլերը:
Սփյուռքի համախմբանը, նրա հայրենասիրական ներուժին առանձնակի ազդակներ են հաղորդում ՀՀ Նախագահի ելույթները, որոնք վերաբերում են հայոց ցեղասպանության, ԼՂՀ-ի խնդրի խաղաղ կարգավորման հիմնախնդիրներին: Մեր գործունեությամբ, Հայաստանում իրականացվող բարեփոխումների շնորհիվ պետք է օգնենք, որ Սփյուռքն ավելի համախմբվի, ավելի կազմակերպված լինի, ավելի հավատա եւ վստահի Հայրենիքին:
Կա անհանգստություն հայ գործարարների շրջանում: Մեր հայրենակիցները գալով Հայաստան` իրենք են ընտրում իրենց բիզնես գործընկերոջը և, ցավոք, երբեմն պատահում են մարդիկ, որ փորձում են խաբել սփյուռքահայերին: Մենք պետք է հետամուտ լինենք բոլոր դեպքերին, պարզենք մեղավորներին, որ անազնիվն էլ պատժվի, Սփյուռքում էլ համոզվեն, որ Հայաստանում բիզնեսը հնարավոր է եւ ձեռնտու: Եթե սկզբնական շրջանում հարկային, մաքսային, բանկային համակարգեր չունեինք, տնտեսական օրենքներ չկային, սփյուռքահայ գործարարները` ոգևորված Հայաստանի անկախությամբ, ուզում էին օգնել, սակայն սխալներ եղան, դրանք օբյեկտիվ սխալներ էին, ապա այսօր մենք ունենք միջազգային չափանիշներին համապատասխան օրենսդրություն եւ ակնկալում ենք ավելի ակտիվ ներդրումներ Հայրենիքում:
Մանավանդ, որ վերջերս էլ ՀՀ Նախագահը հայտարարեց, որ նրանք, ովքեր Հայաստանում նոր արտադրություն կկազմակերպեն, ապա կստանան հարկային արտոնություններ: Այսինքն` պայմանները գրավիչ են և հիմա, երբ աշխարհը տնտեսական առումով ձևափոխվում է, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ այստեղ կա էժան աշխատուժ, բարենպաստ պայմաններ, կարող են միջազգային շուկան ուսումնասիրել և Հայաստանում այնպիսի արտադրություն կազմակերպել, որ մրցունակ լինի միջազգային ասպարեզում:
Մեզ համար նաեւ աշխատատեղերի ստեղծումը էական է, որը կնպաստի արտագնա աշխատանքի կանխմանը: Պետական քաղաքականությունն այսօր փոխվել է. եթե առաջ ասում էինք` եկեք, օգնեք Հայաստանին, այսօր ասում ենք` եկեք, գործ դրեք, շահ ունեցեք: Մենք կոտրում ենք այն կարծրատիպերը, որ Հայրենիքին միայն օգնել է պետք, մենք ասում ենք` եկեք Հայրենիքում եկամուտ ստացեք: Սա քաղաքականության փոփոխություն է, որ կարող է կրճատել արտագաղթն ու աղքատությունը, ավելի զորացնել Հայրենիքը:
Համոզված եղեք, որ հայերին շատ բան է միավորում, համախմբում` լեզուն, մշակույթը, պատմությունը, հավատը, ազգային մտածողությունն ու հոգեբանությունը:
Մեր բանաձեւն աշխարհասփյուռ հայերի հետ աշխատանքը կազմակերպելու. “Ճանաչել, վստահել, գործակցել”:
— Ի՞նչ ծրագրեր ունի նախարարությունը:
— Եթե չզլանաք ու բացեք նախարարության կայքը եւ “Հայերն այսօր” էլեկտրոնային թերթը, որտեղ մանրամասն լուսաբանվում են մեր բոլոր ծրագրերը, դուք լիարժեք պատկերացում կկազմեք մեր աշխատանքների ծավալի մասին:
Նախարարությունն իրականացնում է ամենատարբեր ծրագրեր` ուղղված Սփյուռքում հայապահպանության եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Դրանցից կուզենայի առանձնացնել հատկապես մասնագիտական համաժողովները: 2009-2010թթ. կազմակերպվել է 11 մասնագիտական համաժողով եւ գիտաժողով, որոնք քիչ չեն նաեւ այս տարում:
Կարեւորում եմ նաեւ ԵՊՀ- ում սփյուռքագիտության ամբիոնի բացումը, սփյուռքագետ մագիստրոսների պատրաստումը, ինչպես նաեւ` ՀՀ ԳԱԱ արվեստի, գրականության ինստիտուտներում սփյուռքի բաժինների ստեղծումը:
Նախարարությունը, մասնավորապես, մշակում եւ իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում է համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի ամենօրյա եւ մեկօրյա դպրոցների զարգացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, դպրոցներին դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով ապահովմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, պաշտպանմանը, զարգացմանն ու տարածմանը, այլալեզու եւ այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը, աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը եւ սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Մայր Հայրենիք եւ այլն:
Ստեղծվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային բազմալեզու պարբերականը, որի հիմնական նպատակն է նպաստել տեղեկատվական ընդհանուր միջավայրի ձևավորմանը, աշխարհի տարբեր երկրներում լույս տեսնող հայկական թերթերի և էլեկտրոնային լրատվամիջոցների միջև տեղեկատվության փոխանակման, համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը: Պարբերականի կայքում տեղադրվում է նաև էլեկտրոնային շաբաթաթերթը PDF տարբերակով, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած համայնքում հրատարակել այն:
2011- ին ընդլայնվելու է արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը փոխարկիչի շտեմարանը: Ծրագրի հիմքում ընկած թարգմանչական շտեմարանը, պարբերաբար համալրվելու է նաև բառարանային շտեմարանը` տարեկան 5.000 բառ: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում իրականացնել բարդ մասնագիտական տեքստերի արագ և որակյալ թարգմանություն:
Օրերս տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ համացանցում տեղադրված լեզվաբանական գիտելիքների համահայկական կենտրոնի բացումը: Կենտրոնի նպատակն է ստեղծել հայոց լեզվով հավաքվող գիտելիքների համահայկական շտեմարան (էլեկտրոնային հենք), որտեղ կներառվեն ինչպես ընդհանուր օգտագործման բառեր, այնպես էլ գիտահասարակական տերմիններ և դրանց բացատրություններ: Դա կնպաստի տարբեր աղբյուրներում ցրված հայերեն բառերը և տերմինները հավաքել մեկ ընդհանուր կենտրոնում, ինչպես նաև կկանխի դրանց կորուստը` գրքային բառարանների շարքից կամ գործածությունից դուրս գալու հետեւանքով:
Ներկայումս կենտրոնի www.translator.am կայքի օգտատերերին մատուցվող ծառայություններն են. արևելահայերեն- արևմտահայերեն- անգլերեն իմաստային թարգմանությունները, արևելահայերեն–արևմտահայերեն- անգլերեն բացատրական բառարանների շահագործումը, արևելահայերենով և արևմտահայերենով ներկայացվող տեքստերի ավտոմատ սրբագրումը: Կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերից է թարգմանվող լեզուների կազմում ավելացնել ռուսերենն ու թուրքերենը:
«էլեկտրոնային գրադարան» ծրագրի շրջանակներում ստեղծվել և անընդհատ համալրվում են համահայկական հայալեզու գրադարանային ռեսուրսները:
«Մեր մեծերը» ծրագրի նպատակը երիտասարդությանն իր ազգի մեծերի կյանքին ու գործին ծանոթացնելն է: Ծրագրի շրջանակներում իրականացվում են Սփյուռքի նշանավոր անհատների մեծարման միջոցառումներ, կազմակերպվում են հեռուստահաղորդումներ, պատրաստվում են գրքույկներ, թերթոններ, ձայնագրություններ և տեսահոլովակներ:
2009- 2010թթ. «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են Շառլ Ազնավուրը, Քըրք Քըրքորյանը, Վազգեն Վեհափառը, Ալեք Մանուկյանը, Վարդգես Սուրենյանցը, Լևոն Շանթը, Պողոս Նուբարը, Մխիթար Սեբաստացին, Լազարյան եղբայրները և Միսաք Մանուշյանը:
2011թ. «Մեր մեծեր» են հռչակվել Գարեգին Նժդեհը, Մոնթե Մելքոնյանը, Պետրոս Դուրյանը և Ջիվանին:
Նախատեսվում է հրատարակել Մոնթե Մելքոնյանին նվիրված գիրք, Պետրոս Դուրյանի և Ջիվանու կյանքն ու գործունեությունը ներկայացնող առանձին գրքույկներ, խտասալիկներ, Գ. Նժդեհի մասին նկարահանել տեսաֆիլմ:
2011 թվականի ընթացքում կազմակերպվել և իրականացվել են «Հայ կնոջ դերը Սփյուռքում» գիտաժողովը, Առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների համաժողովը, ինչպես նաեւ` «Սփյուռքի զարգացման հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովը` Սփյուռք ունեցող պետությունների համապատասխան կառույցների ղեկավարների մասնակցությամբ, հայ բժիշկների, սրտաբանների, ճարտարապետների համաժողովները:
Այս օրերին հայաստանում են գտնվում Սփյուռքի ԶԼՄ-ի «Երիտասարդ լրագրողների դպրոցի» մասնակիցները, որոնք արդեն ավարտել են պարապմունքները Երեւանի պետական համալսարանում եւ զբաղված են ավարտական աշխատանքներով:
Հուլիսի 14 — 20 կկազմակերպվի Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոցը:
Շատ եմ կարեւորում սեպտեմբերի 18- 19 անցկացվելիք Սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողով:
Հոկտեմբերին կկազմակերպվի «Ոսկե շերեփ» համահայկական խոհարարական մրցույթ, «Այլակրոն հայերի հիմնախնդիրները Սփյուռքում» կլոր սեղան, Սրտաբանների համաժողով, Հայ ֆերմերների համաժողով:
Նախարարությունն իրականացնում է համահայկական մրցանակաբաշխություն` հետևյալ անվանակարգերով.
- «Կտոր մը Հայրենիք» — երիտասարդական գիտական հետազոտությունների մրցանակաբաշխություն` նվիրված Հայաստանի անկախության 20- ամյակին,
- «Մայրենիի լավագույն ուսուցիչ» — Սփյուռքի կրթօջախներում աշխատող հայոց լեզվի, հայոց պատմության ուսուցիչների մրցանակաբաշխություն,
- «Լավագույն երիտասարդական կազմակերպություն» — Սփյուռքի համայնքներում գործող երիտասարդական, ուսանողական կազմակերպությունների, համայնքային երիտասարդական կառույցների մրցանակաբաշխություն:
Ստեղծվում է «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքէջ, որի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները, պատրաստում և հեռարձակում ենք ֆիլմաշարեր, տեսահոլովակներ և հեռուստա եւ ռադիոհաղորդումներ Հայաստան— Սփյուռք գործակցության վերաբերյալ:
Հրատարակության է նախապատրաստվում «Հայկական Սփյուռք» 2010 թվականի տարեգիրքը:
Արդեն երրորդ տարին գործում է Սփյուռքի երիտասարդության Հայաստան պարբերական այցելությունների «Արի Տուն» ծրագիրը: Այս տարի ծրագիրը մեկնարկել է հունիսի 20- ին եւ կտեւի մինչև սեպտեմբերի 25- ը` տասը փուլով (բյուջեով նախատեսված է մասնակիցների թիվը հասցնել 800- ի):
Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման, կազմակերպման նպատակով աջակցում ենք ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի մագիստրանտներին: Օրերս տեղի ունեցավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի կազմում գործող սփյուռքագիտության ամբիոնի առաջին շրջանավարտ մագիստրոսների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Իրականացնում ենք Հայաստանի անկախության 20- ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր եւ այլն:
— Ի՞նչ է պատրաստվում անել Հրանուշ Հակոբյանը` խորհրդարանական ընտրություններից հետո: Ձեզ ո՞ր աշխատանքն է ավելի հոգեհարազատ` պատգամավորի՞, թե՞ նախարարի:
— Դեռեւս Խորհրդային Հայաստանի տարիներին ես ընտրվել եմ Գերագույն խորհրդի անդամ, անկախության տարիներին` բոլոր Ազգային ժողովի գումարումներին պատգամավոր եմ եղել, հանդես եմ եկել բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններով: Պառլամենտական աշխատանքը ինձ համար հոգեհարազատ ու կարեւոր է միշտ: Ես երբեք չեմ ընտրվել ընտրվելու համար, շատ կարեւոր եմ համարում օրինաստեղծ գործունեությունը: Կարծում եմ օրենքներն են, որ փոխում են երկիրը:
Նախարար եմ նշանակվել ՀՀ Նախագահի հրամանագրով: Գիտեի, որ այս բնագավառը շատ հետաքրքիր, դժվարին եւ պատասխանատու բնագավառ է, որը գործ ունի 7 միլիոն մարդու հետ, որոնք շատ ակնկալիքներ ունեն Հայրենիքից եւ նոր ստեղծվող կառույցից: Եւ առանց վարանելու կարող եմ ասել, որ իմ համախոհների հետ, ՀՀ Նախագահի հովանավորությամբ ՀՀ սփյուռքի նախարարությունը կայացավ: Նաեւ օրենսդրական գործչի աշխատանքն է ինձ համար հոգեհարազատ: Սակայն իրարից խիստ տարբեր են:
Ինչ մնում է խորհրդարանական ընտրություններից հետո ինչ կլինի, կապրենք, կտեսնենք: Ես ՀՀԿ անդամ եմ եւ Հանրապետության Նախագահի որոշումն ինձ համար որոշիչ կլինի: Կաշխատեմ այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար կգտնի, որտեղ իմ հնարավորություններն ու գիտելիքներն ավելի անհրաժեշտ կլինեն:
Անգլոսաքսոնական աշխարհը հոկտեմբերի վերջին տոնում է այսպես կոչված «Հելլոուինը», կամ «բոլոր սրբերի օրը»: Տոնում է սատանայական, վհուկային կամ այլ դժոխային հանդերձներով, զի հավատալիք կա, որ այդ օրը անդրաշխարն ու այսաշխարհը խառնվում են իրար և, ի դեպ, տոնի անունը ծագում է Hell բառից, որը նշանակում է դժոխք: Ու թեև մեր երկրում Հելլոուին տոնում են հիմնականում ամերիկյան բարքեր ընդօրինակած որոշ երիտասարդներ, և տոնը որպես այդպիսին մեր հանրությունը չի ընդունում, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցան իրադարձություններ, որոնցում հաստատ «սատանայի մատը» խառն է…
Շատերն իրենց հարց են տալիս` էս քաղաքապետը ինչո՞ւ հրաժարական տվեց: Հրաժարականից առաջ էլ քաղաքապետարանի դիմաց դրած մեծ երկնագույն փղի նկարը հայտնվեց Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում… տեսնես այդ ո՞ւմ էր նուրբ ակնարկով «գալուբոյ» անվանում: Ու թեև հետո շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, որ երկնագույն փիղը խորհրդանշում է երկնագույն վառելիքը` այսինք գազը, որի հետ «Գազի Կարենը» առնչվել է ամբողջ կյանքում ու հիմա էլ է շարունակելու առնչվել, զի 300 հազար դրամ քաղաքապետական աշխատավարձը փոխարինելու է 150 հազարանոց աշխատավարձով, բայց դոլարով` «Գազպրոմի» վերնախավում, այնուամենայնիվ, մի բան էն չի: Մանավանդ, որ ինքը` արդեն նախկին քաղաքապետը, նշեց, որ դժվարությամբ է ընդունել հրաժարականի որոշումը, և դա ոչ միանշանակ ընկալվեց և իր ընտանիքի կողմից…
Բավականին ակտիվ խոսակցություններ կային, որ նա ինչ-ինչ շփումներ էր սկսել Ռոբերտ Քոչարյանի ճամբարի հետ, և այդ պատճառով էլ գերադասելի համարվեց գոնե առայժմ նրան փոխարինել ուղնուծուծով հանրապետական Տարոն Մարգարյանով, որպեսզի մայրաքաղաքում ընտրությունների ժամանակ տհաճ անակնկալներ չլինեն: Ճիշտ է, Կարապետյանը միշտ էլ մտերիմ է եղել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն երևի սովորական մտերմությունից առավել ինչ-ինչ բաներ եղել էին: Իսկ դրանց ծագումնաբանությունը մեկն է`ՀՀԿ — ԲՀԿ հարաբերությունների վերջնական հստակության բացակայությունը, գումարած Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի հանգամանքը:
Հարկ է նշել, որ ըստ հանրապետականների, Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա գերազանցել է բոլոր սպասելիքները: Մինչ այդ Սանկտ-Պետերբուգում վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ այնուհետ Մոսկվայում` Սերժ Սարգսյանը հաստատել են, որ Հայաստանը մտադիր է մտնել Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միություն: Ու հենց Եվրասիական միության հանգամանքն է քաղաքական հետնաբեմում ինդիկատոր համարվել` արդյո՞ք Ռուսաստանի փաստացի տիրակալ և ապագա նախագահ Պուտինը անվերապահ աջակցելու է ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին, թե՞ առավել «ռուսամետ» կհամարվի ԲՀԿ-ի թիմը և նրա թիկունքում ուրվագծվող Ռոբերտ Քոչարյանը…
Կարծես թե ամեն ինչ նաև այդ տրամաբանության շրջանակում ակնհայտ էր մոսկովյան այցից հետո. իհարկե, ՀՀ նախագահը, և իհարկե ՀՀԿ-ն…
Այսինքն` ամեն ինչ գնում էր նրան, որ ԲՀԿ-ն ինքնուրույն խաղի մեջ չի մտնում, ու ամեն ինչ մնում է կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Բայց հանկարծ վարչապետը հայտարարում է երկու բան` որ ով ՀՀԿ-ի հետ չլինի, կարժանանա «կոտրած տաշտակի», ու որ Հայաստանը թերևս մտադիր չէ ընդգրկվել Մաքսային միությունում, քանզի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի: Մինչդեռ հենց Մաքսային միությունն է Եվրասիական միության առանցքային բաղադրիչը… Ստացվում է, որ մի կողմից «կոտրած տաշտակի» մասին խոսքը կոալիցիոն գործընկերներին հղած ուղերձ էր` անհապաղ «ներկայանալ կզարան», մյուս կողմից` ռուսներին հղած ակնարկ, թե` միգուցե Եվրասիական միություն մտնելու հարցով փոշմանենք:
Պարզ է, որ ԲՀԿ-ն պիտի զայրանար: Այսպես, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է. «Հարգարժան վարչապետի ասածին կարելի է արձագանքել աստվածաշնչյան խոսքերով` «զի քո է արքայություն եւ զորություն, եւ փառք հավիտյանս հավիտենից. ամեն»:
Նաիրա Զոհրաբյանն էլ ԱԺ ճեպազրույցին հայտարարեց, որ մտադիր էր պատասխանել վարչապետին, սակայն բավարարվում է վարչապետի խոսնակ Արամ Անանյանի հայտարարության հրապարակումով: Իսկ վարչապետի խոսնակի ասածի իմաստն այն էր, որ Տիգրան Սարգսյանը նկատի չուներ ԲՀԿ-ին և անգամ ԱԽՔ-ի կուսակցությանը:
Հարց է ծագում, թե ո՞ւմ էր հղած «կոտրած տաշտակը», ովքե՞ր պիտի աղերսեին` զտաշտակ մեր հանապազոր տուր մեզ արդյոք… Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, դաշնակնե՞րը, Րաֆֆի՞ն: Բայց նրանք առանց այդ էլ կարծես գլխանց «կոտրած տաշտակի» ասպետ են:
Ու ամենահետաքրքիրը` «իմաստնագույն» Գալուստ Գրիգորիչի հայտարարությունը. «Դա կուսակցության հայտարարություն չէ, դա կարծիք է, որը բխում է կուսակցության գաղափարախոսությունից, կուսակցության տեսակետը հայտնում են կուսակցության նախագահն ու նրա տեղակալները»,-ասել է նա ու ընդգծել, որ համաձայն չի, որ վարչապետը նկատի է ունեցել այն, ինչը խոսակցությունների տեղիք է տվել: Եթե դրան գումարենք նաև այն, որ ԲՀԿ առաջնորդը և ԱԺ նախագանը ՀՀ նախագահի հետ քննարկել են «բացառապես տնտեսական հարցեր», ապա տրամաբանորեն ստացվում է, որ իրականում կանխվել է ներկոալիցիոն պայթյունը, որի համար թեև ռեալ հիմքեր չկային, բայց դրան «մազ էր մնում»: Ի դեպ, Գալուստ Սահակյանի պնդումը, որ « կուսակցության տեսակետը հայտնում են կուսակցության նախագահն ու նրա տեղակալները», հաստատ վերաբերում է նաև Մաքսային միության վերաբերյալ վարչապետական տեսակետին…
Դե ինչ, դա կամ լավ եփած ինտրիգ էր, կամ էլ «տրամադրությունները շոշափելու» ինչ-ինչ գործողություն: Այսինքն` Հելլոուինին լրիվ սազական «սատանայական բան»: Քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ փաստորեն դրա «անիվի» տակ ընկավ, ու «մուֆթա տեղը քոթակ կերանք խնամիս ու ես»:
Հա, քիչ էր մնում մոռանայի ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը: Բոլոր հռետորները ժողովրդին ասում էին, որ սկսում են «ազատամարտ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ», Նիկոլն իր ձայնը գրեթե խզեց «Սերժիկ, հեռացի՛ր» վանկարկումներով, բայց վերջում եկավ Լևոնը ու հայտարարեց, որ եթե Սերժը հրաժարական չտա, պիտի պատրաստվեն ԱԺ հերթական ընտրություններին, որպեսզի ԱԺ մեծամասնություն վերցնեն և Սերժ Սարգսյանին իմպիչմենթ անեն: Երևի Հելլոուինն է մեղավոր:
ՇաբաթվաՎարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը: Կարապետյանն ասել է, որ տեղափոխվում է այլ աշխատանքի: Նա որպես հրաժարականի պատճառ նշել է անձնական դրդապատճառները:
Կարեն Կարապետյանի այդ մտադրության մասին խոսվում էր դեռևս նրա Մոսկվայից վերադառնալուց անմիջապես հետո, երբ շրջանառվեցին հավաստի խոսակցություններ նրա` Մոսկվայում այլ աշխատանքի անցնելու հետ կապված: Նա այժմ հաստատել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել եւ մոտ ապագայում տեղափոխվելու է Ռուսաստան:
Աշխատանքի հրապուրիչ առաջարկն, ամենայն հավանականությամբ, կապված է ռուսաստանյան գազային համակարգի հետ. Լրատվամիջոցները գրում են, որ նա նշանակվելու է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի տեղակալ:
Երեւանի քաղաքապետի պաշտոնում Կարապետյանին ժամանակավորապես կփոխարինի ներկայիս փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այսօր լրատվամիջոցներից մեկը տպագրել է մի հոդված .«Ցնցող բացահայտում. Հայաստանը գունավոր հեղափոխություններ արտահանող երկիր» վերնագրով: Ստորև բերվող Հոդվածի բովանդակությունն ու հրապարակման ժամանակի ընտրությունը հարց է առաջացնում` ո՞ւմ է հարկավոր վարկաբեկել Սաքունցին:
Գունավոր հեղափոխությունների վերաբերյալ քաղաքագիտական տեսությունների ու միջազգային մամուլի արձագանքների ուսումնասիրության ժամանակ մի ցնցող փաստ արձանագրեցի: Պարզվում է` գունավոր հեղափոխության ուրվականը ոչ միայն Հայաստանի կողքով անտարբեր չի անցնում, այև Հայաստանը արդեն մի քանի տարի է հանդիսանում է գունավոր հեղափոխությունների սնուցման “դարբնոց”: Այս մասին մի շարք հրապարակումներ կան գունավոր հեղափոխություններով անցած երկրների վերլուծական կենտրոնների ուսումնասիրություններում, սակայն, չգիտես ինչու, այդ մասին մեր հասարակությունը դեռևս տեղյակ չէ:
Հայաստանցի ընթերցողը թերևս զարմանա, եթե կարդա արտասահմանյան լրատվամիջոցների այնպիսի հրապարակումներ, որտեղ արտերկրի ուսումնասիրողները մեր ընթերցողին անթաքույց հուշում են, թե ինչով է զբաղված Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Այն, որ այդ գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցը Հայաստանում կուրծք է ծեծում մարդկանց տարբեր խմբերի /դատապարտյալ, աղանդավոր, զինվոր, հոմոսեքսուալ/ իրավունքների պաշտպանության համար, բոլորին է հայտնի, սակայն քչերը գիտեն, որ Սաքունցի գլխավորած գրասենյակում կազմակերպվում են դասընթացներ, որտեղ վերապատրաստվում են տարբեր երկրներում գունավոր հեղափոխություններ նախապատրաստող խռովարարների խմբեր: Ուկրաինական լրատվամիջոցը հետևյալ կերպ է ներկայացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող այդ դասընթացները. “Այդ նախապատրաստական ճամբարի հրահանգիչներն են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ակտիվիստները և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի Վարշավայի բաժանմունքի մասնագետները, ովքեր Ղարաբաղից, Ղրիմից, Աբխազիայից, Հարավային Օսիայից և Ռուսաստանից եկած կամավոր—վարձկաններին ուսուցանում են «հեղափոխություններ»-ի արվեստը, «ոչ բռնի բողոքական ընդվզման» ձևերն ու մեթոդները: Ոսուցման սկզբնական ծրագիրը նախատեսված է մինչև 2011 թվականի վերջը: Ծրագրի համաձայն` ճամբարի կազմակերպիչները պետք է ուսուցանեն և «հեղափոխական կյանք» բաց թողնեն նվազագույնը 5 խումբ` յուրաքանչյուրի կազմում 20-30 մարդ (որոնցից յուրաքանչյուրը հետագայում պետք է կազմակերպի, գլխավորի և ուսուցանի «հեղափոխանականների» սեփական գրոհային խումբը): /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կազմակերպած դասընթացների հայաստանյան շրջանավարտները, ըստ ուկրաինական վերոնշյալ լրատվամիջոցի, կոչված են իրականացնելու այնպիսի ակցիաներ, ինչպիսիք են. “Հակակառավարական քարոզչոււթյան և իշխանությունների վարկաբեկման միջոցով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սադրիչները մտադիր են ազգայնական հիստերիա հրահրել` իրենց կողմից հորինված այնպիսի պատճառների շուրջ, ինչպիսիք են Ղարաբաղի 7 շրջանները Ադրբեջանին «հանձնելու» դավաճանական պայմանավորվածությունը, ինչպես նաև Թուրքիային զիջումներ կատարելը` 1915թվականի Հայոց Ցեղասպանության ընդունման պահանջից հրաժարվելու տեսքով: Նպատակը բացահայտ է. «հեղաշրջումներ»-ի հարցերով մասնագետ—սադրիչները ցանկանում են առավելագույնս նսեմացնել իշխանությունների հեղինակությունը, վարկաբեկել իշխող կուսակցության թեկնածուներին և, բնակչության զանգվածային հուզումների ֆոնին, հասնել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում «գունավոր» ընդդիմության թեկնածուների հաղթանակին”: /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նույն նպատակների մասին է խոսում նաև Ղրիմի “Крымское Эхо” լրատվամիջոցը /Հղումը` http://kr-eho.info/index.php?name=News&op=article&sid=4308&word=%D1%E0%EA%F3%ED%F6 /
Պարզվում է արտասահմանյան լրատվամիջոցներին քաջատեղյակ են Արթուր Սաքունցի գործունեության մեկնարկի մասին: “Ղարաբաղում և Հայաստանում ծրագրված գունավոր հեղափոխության գաղափարական ներշնչող Արթուր Սաքունցը 2001թվականին Վանաձոր քաղաքում տեղի գործազուրկների հետ ստեղծել է 15 հոգուց բաղկացած մի խումբ և իրեն անվանել Հայաստանի գլխավոր իրավապաշտպան: Իր կազմակերպության փաստաթղթերում և արտասահմանյան հովանավորների համար նախատեսված ռեզյումեում Սաքունցը հայտարարել է, որ ինքը հրաժարվում է որևէ ձևով համագործակցել իշխանության հետ, իշխանություններին հայտարարում է պատերազմ, որը մտադիր է վարել իրավապաշտպան կազմակերպություններից ստացված օտարերկրյա գրանտների հաշվին: /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
Իսկ Արթուր Սաքունցի հասարակական ճանաչման և նրա ղեկավարած գրասենյակի միջազգային ազդեցության մասին արտասահմանյան լրատվամիջոցը գրում է հետևյալը` “Արթուր Սաքունցը լայն ճանաչում գտավ չթույլատրված ցույցի անցկացման, սադրիչ վարքագծի և հասարակական խուլիգանության համար Վանաձորի իշխանությունների կողմից իր տասնօրյա ձերբակալությունից հետո: Ոչ ոք ուշադրություն չէր դարձնի այդ մանր գործին, եթե հանկարծ դրան չխառնվեր «Amnesty International» անունը կրող միջազգային կազմակերպությունը, որը հասարակությանը և ԶԼՄ—ներին լայնորեն տեղեկացրեց, թե զայրացած ու անհանգստացած է մարդու իրավունքների խախտման կապակցությամբ և «իր մտահոգությունն է արտահայտում Վանաձոր քաղաքում գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի անդամների անվտանգության համար, որի համակարգող Արթուր Սաքունցը ձերբակալված է ոստիկանության կողմից»: Այդ հիմնական իրադարձությունից հետո, Արթուր Սաքունցը սկսում է ակտիվորեն համագործակցել իրավապաշտպան հիմնադրամների և ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, իշխանական ռեժիմից դժգոհ «ընդդիմադիրներ» հավաքագրում և «գործակալներ»-ի ցանցի ստեղծման աշխատանքներ կատարում, ինչպես նաև ԱՄՆ իրավապաշտպան հիմնադրամների կողմից տրամադրված գրանտների հաշվին դիվերսիոն հակակառավարական ակցիաներ կազմակերպում: Շուտով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործակալների ցանցը կենտրոնական բազա է դառնում Հայաստանի տարածքում «գունավոր» հեղափոխությունների ակտիվիստների և պրոֆեսիոնալ վարձկանների պատրաստման համար: …Այդ սցենարների շրջանակներում Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղարաբաղում, Ղրիմում, Ուզբեկստանում, Բելառուսում և Ռուսաստանի տարբեր շրջաններում տեղի է ունենում բողոքական տրամադրությունների արհեստական աշխուժություն: …Ղրիմից հավաքագրվում են նաև երիտասարդ իսլամական «հեղափոխականներ», որոնք մտադիր են հակառուսական հիստերիա առաջացնել Ղրիմի թաթարական բնակչության շրջանում և այնտեղ Թուրքիայի հովանու ներքո ստեղծել անկախ թաթարական պետություն”: /Հղումը` http://ukrainian-news.ucoz.ua/news/zakulisa_cvetnykh_revoljucij_kuklovody_i_naemniki/2011-06-03-194/
Եթե կարելի է ինչ-որ կերպ հասկանալ Արթուր Սաքունցի “անձնական ներդրումը” գունավոր հեղափոխությունների միջազգային տարածման “սուրբ” գործում, ապա դժվար է հասկանալ, թե ինչու է նրա գործունեությունը արժանանում նաև ադրբեջանական լրատվամիջոցների ու իրավապաշտպանների գնահատանքին: Բերեմ մեկ օրինակ, Վրաստանի Բակուրիանի քաղաքում 2005թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած “Հասարակական մոնիթորինգի անցկացումը բանտերում” թեմայով սեմինարից հետո /որին մասնակցում էին հայաստանյան և ադրբեջանական իրավապաշտպաններ/ ադրբեջանական Day.az լրատվամիջոցը գրում է. “Ադրբեջանցի գերիները պահվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում: Իսկ այն գերիները, ովքեր հայերի համար վտանգ են ներկայացնում, պահվում են Շուշիի բանտի նկուղում: Այս մասին հայտնել է Խոշտանգումների դեմ հանձնաժողովի ղեկավար Էլչին Բեհբութովը: Իսկ հանձնաժողովի ղեկավարին այդ մասին տեղեկացրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական բյուրոյի ղեկավար Արթուր Սաքունցը: Արթուր Սաքունցը նաև հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը իրավապաշտպանների համար պայմաններ չի ստեղծում` ծանոթանալու ադրբեջանցի գերիների պահպանման պայմաններին”: /Հղումը` http://news.day.az/armenia/20792.html / ,www.ukrainian-news.ucoz.ua
Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
Հակոբ Ասատրյան
Ստեփանակերտ
Մինչ թիվ 1 համաշխարհային լուրին` գնդապետ Քադաֆիի մահվանն անցնելը, ավելորդ չենք համարում ներիշխանական թեմային` ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանն անդրադառնալը: Թեման իրականում ոչ ևս է` երկու կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այդպիսի հարց չի քննարկվել ու չի քննարկվելու: Եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հաստատել էր, որ կոալիցիայի հետագա ճակատագիրը ՀՀԿ գործադիր մարմնի քննարկման առարկա է, որը պիտի շարունակվեր այս հինգշաբթի, ապա հետո սկսեցին հերքել քննարկման փաստն իսկ:
Ի՞նչ է դա նշանակում` շատ հասարակ փաստ: Որ ԲՀԿ-ն որոշել է չհակադրվել ՀՀԿ-ին, և համատեղ որոշել են ասել, որ հակադրություն երբևէ չի էլ եղել: Որ ամեն ինչ կոալիցիոն հուշագրի շրջանակում է և դրանից դուրս երբեք չի էլ եղել: Դե հետո ինչ, որ երիտասարդ պատգամավոր Սահակյանը ինչ որ բաներ է ասել. նրան տևական ժամանակ չեն գտնի, հետո էլ կմոռացվի: Թե շատ համը դուրս գա` թատերականացված ձևով կզոհաբերեն, միաժամանակ ապահովելով անաղմուկ շահեկան առաջխաղացում գործադիր որևէ օղակում, ուր հրապարակավ երևալը քիչ է, իսկ ռեալ օգուտ ստանալը` շատ… Խոշոր հաշվով, այդպես էլ պիտի լիներ:
Եթե սկզբում աշխարհաքաղաքական հաշվարկն այն էր, որ Մոսկվայում ԲՀԿ-ի իրական տիրոջը` Ռոբերտ Քոչարյանին, կհամարեն ռուսամետ, իսկ Սերժ Սարգսյանին` չեզոք, ապա դա տապալվեց, հենց որ արևմտամետ համարվող Տիգրան Սարգսյանի շուրթերով «այո» ասվեց Պուտինի առաջարկած Եվրասիական միությանը: Հետագայում էլ կանխատեսելի է, որ «ամենառուսամետ» հայտարարությունները կհանձնարարվեն «Արևմուտքի մարդ» համարվող Վիգեն Սարգսյանին. ՀՀ նախագահը ի ցույց է հանում, որ համակարգի ներսում զրո դեր ունեն ազդեցիկ պաշտոնյաների քաղաքական ճաշակները: Դե բնական է, որ եթե համակարգային առումով որոշումներն ընդունվում են հայ-ռուսական անխախտ դաշինքի շրջանակներում, ապա Մոսկվան, իշխանության ամենավերին օղակները թողած, փնտրելիք չունի այլ օղակներում, լինեն դրանք իշխանամետ, թե ընդդիմադիր:
Նույնը տեղի է ունենում նաև Փարիզի և Վաշինգտոնի պարագայում: Ֆրանսիական կողմնորոշման խորհրդանիշ ԱԽՔ-ը վաղուց է քաղաքական զրո ամբողջի վերածված, Ռոբերտ Քոչարյանի ճամբարում էլ այդ ուղղության մասին հիշել չեն կարող, քանզի կենտրոնացել էին փակուղի մտած մոսկովյան ուղղության վրա: Ինչ վերաբերում է ամերիկյանին, ապա Վաշինգտոնի հիմնական «5-րդ շարասյունից», վաղուց են մնացել միայն կոտոշներն ու սմբակները, Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց իր չափազանց ցածր արդյունավետությունը և որպես ապագա նախագահացու, և որպես կուսակցապետ, իսկ «Ազատ դեմոկրատներին» դեռ մի քանի տարի ժամանակ և մի քանի պարկ փող է պետք` գործոն դառնալու համար:
Իսկ հիմա անցնենք Լիբիայի 42 տարվա առաջնորդ գնդապետ Քադաֆիի մահվանը: Մինչև վերջ զինվորականի, առաջնորդի և հայրենասերի պարտքը կատարած և մարտական իրավիճակում զենքը ձեռքին զոհված, հիրավի մեծ հարգանքի արժանի այդ գործիչը կարողացավ հսկայական դերակատարում ունենալ ինչպես «Մեծ Մերձավոր Արևելք» կոչվող տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Նա կարողացավ հիմնովին արգելակել «արաբական գարուն» անունը ստացած գունավոր հեղափոխությունների շարանը, և մեկ տարի դիմադրելով ամբողջ ՆԱՏՕ-ին` հետաձգեց անկարգությունների հրդեհի մոտենալը մեր երկրի սահմաններին: Դրա համար տրամաբանական է ասել` շնորհակալություն, գնդապետ… Նրա դիմադրության շնորհիվ մինչև հիմա կանգուն է Բաշար Ասադի ռեժիմը Սիրիայում, որը նաև դիմադրության դաս ստացավ, գումարած դրան` այդ ընթացքում ռուսները խելքի եկան, և ի տարբերություն Լիբիայի, էլ չեն հանձնի Սիրիայում առկա սեփական ռազմավարական շահերը: Քանզի Սիրիայում է բազավորված Միջերկրական ծովի նրանց վերջին ռազմածովային հենակետը:
Ռուս-ամերիկյան «պերեզագրուզկա» կոչվող աբսուրդին վերջ տալը նշանակում է նաև, որ նրանք չեն հանձնի և Կովկասի իրենց վերջին ռազմական հենարանը: Ավելին, կգնան բազում քաղաքական և տնտեսական քայլերի, միայն թե պահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում: Ու էլ խոսք չի կարող գնալ այն մասին, որ Արցախի հարցում մեր շահերի հաշվին առևտրով վտանգեն Կովկասում իրենց ներկայությունը որպես այդպիսին: Այնպես որ, կրկին գնդապետի արածը օբյեկտիվորեն մեզ օգուտ բերեց:
Համացանցի շնորհիվ նաև փչացվեց «ժողովրդավարության հաղթանակի» պատկեր մատուցելը «տեղեկատվական մատրիցայի» վիրտուալ իրականությանը սովոր արևմտյան սպառողական հանրույթին. այն տեսարանները, թե ինչպես են բորենիների պես հոշոտում Քադաֆիի մարմինը, մեղմ ասած, պիտանի չէր «դեմոկրատիայի բարձր իդեալների հաղթանակի» պատկեր ձևավորելուն: Գնդապետի «հարամ ալեյկում» բացականչությունները («սալամ ալեյկում»-ի ճշգրիտ հակապատկերը) լավ էլ հարամեցին ՆԱՏՕ-ի «գեղեցիկ հաղթանակը» անգամ անասնացած «քաղաքացիական հասարակությունների» աչքում: Ու նաև ակնհայտ է, որ նույն Լիբիայում կռիվները էլ ավելի սարսափելի քաղաքացիական բախումների տեսքով դեռ երկար են շարունակվելու ու պրոբլեմ ստեղծելու բոլորի համար: Անշուշտ, ՆԱՏՕ-ի օպերացիաների դադարեցումը` տեղեկատվական վակումի ուղեկցությամբ, նաև կնշանակեն նորանոր «դեմոկրատիայի պաշտպանության» գործողությունների ծավալում այլ երկրներում, ու այդ հրդեհն արդեն ավելի կմոտենա Հայաստանի սահմաններին, սակայն մեր երկրում, բարեբախտաբար, «արաբական գարուն» սարքելն այլևս ուշ է:
Որո՞նք են գնդապետ Քադաֆիի դասերը: Ինչպե՞ս նրան, ի տարբերություն այլ ավտորիտար առաջնորդների, հաջողվեց մեկ տարի դիմադրել միաժամանակ «գունավոր» տեխնոլոգիաներին և ՆԱՏՕ-ին: Այդ հարցերի պատասխանները կարևոր են նաև մեր երկրի համար:
Նախ` ֆեյսբուքային հեղափոխական ցանցային քարոզչությունը պակաս արդյունավետ եղավ, զի հսկայական նավթային պաշարներ և քիչ բնակչություն ունեցող Լիբիայում շատ բարձր կենսամակարդակ էր: 42 տարում ոչինչ չունեցող անապատականները սկսեցին ապրել բարեկեցության այնպիսի ստանդարտներով, որ միգուցե ամերիկացիներն էլ նախանձեին: Բայց միաժամանակ բարձր կենսամակարդակի առաջնայնությունը չար կատակ խաղաց Քադաֆիի գլխին. սպառազինության վրա քիչ փող ծախսելը խոցելի դարձրեց Լիբիան ՆԱՏՕ-ի հարվածների նկատմամբ: Դա հատկապես վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգին: Բարեբախտաբար, Հայաստանը ոչինչ չի խնայում բանակի համար, և այդ դրվածքն անփոփոխ է 1992-ից ի վեր…
ԻՆչ վերաբերում է ցանցային հակապետական քարոզչությանը, ապա մերոնք հաջողությամբ կիրառեցին Իրանի փորձը: Հիշեցնեմ, որ 2009-ին սկզբում Իրանը փորձում էր պայքարել «գունավոր» քարոզչության դեմ, սահմանափակելով ինտերնետ հասանելիությունը: Բայց երբ ամերիկացիները տեխնիկապես հաղթահարեցին դա, Իրանի հատուկ ծառայություններն անցան հեղափոխական քարոզչությանը հակառակ տեղեկատվական հոսքով «խորտակելու» գործելակերպին, և դա տվեց փայլուն արդյունք: Իրանի փորձի ընդօրինակումը մեր երկրում 2010 թվականին և 2011-ի սկզբներին բերեց նրան, որ համացանցի հայկական հատվածում 80-85 տոկոսով գերիշխում է պետականամետությունը:
Սակայն սկսվեց երկխոսություն կոչեցյալը, կամ ավելի ճիշտ` սակարկությունների, «գյալաջիների» շրջանը: Դա այն աստիճանի հիասթափեցրեց և վանեց ՀԱԿ-ի` հեղափոխականորեն տրամադրված հանրային հենարանին, որ «գյալաջիի» ամեն հաջորդ փուլին իշխանությունը կարող էր ավելի ու ավելի քիչ բան առաջարկել ՀԱԿ-ին: Ու եթե Լևոն Տեր-Պետրոսյանի 350 հազարանոց հեղափոխական ընտրազանգվածը ՀԱԿ-ից լիովին հիասթափեցնելու համար պահանջվեց շուրջ 9 ամիս, ապա բանակում տեղի ունեցածի շուրջ բանակցողներին հիասթափեցնելու համար մեկ ամսվա «գյալաջիներն» էլ բավարար են: Իսկ հ/կ-ներին «երկխոսություններից» հրաժարվելը ավելի դժվար է, քան ՀԱԿ-ին. չէ՞ որ երկխոսությունը վիրտուալ «արևմտյան ժողովրդավարության» անկյունաքարն է…
Իսկ թե ինչու Հայաստանում չաշխատեց «Վիկիլիքսի» բացահայտումների գործիքը, որը բազում երկրներ ցնցեց` այդ մասին մի ուրիշ անգամ, կամ ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը` «հաջորդ դասին»:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սևանի մաքրման աշխատանքները տարեց տարի ավելի ու ավելի է վերածվում զավեշտի` ուղիղ համեմատականով տռզացնելով ոմանց գրպանները: Սևանի հաշվին հարստացողների ցանկը չի փոքրանում. պարզապես մեկը գնում, մյուսն է գալիս` այդպես էլ ոչինչ չանելով, իսկ Սևանը մնում է իր խնդիրների հետ դեմ-հանդիման: Ամեն տարի ամենատարբեր պատրվակներով միլիոններ են դուրս գրվում Սևանա լճի մաքրման, կենսաբանական միջավայրի վերականգնման և հազար ու մի նման ծրագրերի անվան տակ: Գումարները ծախսվում են, իսկ լիճն էլ ավելի վատ վիճակում է հայտնվում:
Սևանի ջրի բարձրացմանը զուգահեռ` ափամերձ տարածքների մաքրումը տարիներ առաջ սկսվեց սխալով. համապատասխան տեխնիկան թանկ համարեցին ու ջրի մեջ մնացած ծառերը չմաքրեցին` չնայած փոշիացավ ոչ քիչ գումար, բայց արդյունքը եղավ զրոյական:Հաջորդ տարի էլ ավելի գումար դուրս գրվեց`արդեն սխալը ուղղելու համար: Սկսեցին արմատախիլ անել ջրից դուրս գտնվող ծառերը, ձեռքի հետ էլ ջրածածկ հատվածն իբր մաքրեցին: Դարձյալ ոչ այն արդյունքը, որ սպասում էին. ջուրն արագ է բարձրանում` չէին հասցնում: Բացատրությունը համապատասխան տեխնիկայի բացակայությունն էր, ինչը վերջապես լուծվեց` ֆիննական «Watermaster classic 3» 603 հազար եվրոյանոց մեքենան գնելու միջոցով: Սա համարվեց Սևանի փրկությունը. այսուհետ ծառերն ամբողջությամբ արմատահան էին արվելու և դուրս էին բերվելու: Տարիներ տևած խառնաշփոթից տարիներ շարունակ օգտվում են կոնկրետ մարդիկ` նրանցից ոմանք էլ «մասնգիտացան» եղած փայտանյութն ըստ պահանջի տնօրինելու մեջ:
Երեկ այցելեցինք այն վայրը, որտեղ իրականացվում էին մաքրման աշխատանքները` Գավառի տարածքում: Առաջին զգացումը սարսափն էր: Ափամերձ հատվածը եղևնիների հրաշք անտառ էր: Ու անտառը գետնին էր հավասարեցվում: Բացատրեցին, թե, ճիշտ է, ջուրը հեռու է, բայց դա արվում է ջրի բարձրացման վտանգնին ընդառաջ: Տեղանքն իսկապես հարթ էր և հնարավոր էր, որ ջրի բարձրացման հետևանքով լիճը բավական առաջ գար: Այնուամենայնիվ, նախարարությունը գոնե վերահսկո՞ւմ է իրավիճակը` անտառահատումը, թե՞ հատողներին տրված է իրավունք` հատել և յուրացնել փայտանյութը` ըստ ճաշակի և ըստ քանակի: Բնապահպանության նախարարությունից Սևանի հարցերը կորդինացնում է աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, որը հայտնեց, թե անտառահատումն իրականացնողն ու վերահսկողը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է: Ազգային Պարկը կնքում է պայմանագրեր, համաձայն որոնց՝ անտառային զանգվածը թողնվում է հատում իրականացնողներին, որոնք, ըստ պրն. Ավալյանի, բյուջեից փող չեն ուզում իրենց կատարած աշխատանքի համար (ինչպես տեսնում ենք, թանկարժեք փայտանյութի տերերը բավական համեստ են և բավարարվել են միայն փայտանյութի վաճառքով), փոխարենը վճարում են բնավճար կոչվածը, որից հետո տնօրինում անտառանյութն իրենց հայեցողությամբ:
Մեր տեղեկությունները հաստատվեցին. սա «Սևան Ազգային Պարկի» տնօրեն Աշոտ Գնդոյանի բիզնեսն է, իհարկե, անհնար է ասել, թե ովքեր են փայ պարոն Գնդոյանի հետ, ամեն դեպքում տերուտնօրենն այստեղ ոստիկանության ակադեմիայի նախկին պետ Գնդոյանն է, որն ազգային պարկը հասցրել է կործանման, բայց դեռ շարունակում է բարեհաջող գործունեություն ծավալել` հայտարարելով, թե իր դեմ խաղ չկա, Սերժը իր ընկերն է… (նման հայտարարության հիմքը իբրև թե Գնդոյանի դստեր` նախագահականում աշխատելն է):
Այստեղ իսկապես մեծ փողեր են պտտվում. հատված փայտը տեսակավորվում է, մի մասը որակավորվում է որպես վառելափայտ, մի մասը` շինանյութ: Մեծ փողերի մի մասը գոյանում է որակյալ շինանյութը վառելափայտի տեղ դուրս գրելով: Եվ ուրեմն, միանշանակ կարելի է ասել, որ անտառահատման գործում «Սևան ազգային պարկի» տնօրինությունը շահում է:
Կառավարությունը գնեց ֆիննական տեխնիկան, սակայն դա ընդամենը գալոչկա դնելու համար էր, քանի որ մեկ մեքենայով անհնար էր գործ անել: Տարվա սկզբին հայտարարվեց տենդեր, որում հաղթեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի «զեմլյակ», եղվարդցի Բաղդասար Մեսրոպյանն իր շատ տարօրինակ անվամբ` «Նաիրի բերրիություն» ՍՊԸ-ով: Բայց սա երևի թե այն եզակի տենդերն էր Հայաստանում, որտեղ զեմլյակը զեմլյակին, կարելի է ասել, քցել է, թեև արդարության համար հարկ է ասել, որ նախարարն այս հարցում այդքան էլ մեղավոր չէ:
Մեսրոպյանը շահելով տենդերը` իրականացնում է մաքրման աշխատանքներ` ունենալով համապատասխան տեխնիկա: ՍՊԸ տնօրենի ասելով՝ իրենց կազմակերպությունն այսօր միակն է հանրապետությունում, որ ի զորու է նման աշխատանքներ իրականացնել. ֆիննական մեքենան ոչինչ անել չէր կարող, եթե չլինեին կատերպիլար CAT 325 -ը`280 հազար դոլար արժեքով, ճահճագնաց տեխնիկան` CAT 428 E անիվավորները` յուրաքանչյուրը՝ 100-120 հազար դոլար և այլն: Մեսրոպյանն անգամ պաշտպանության նախարարությունից է ПТСМ մակնիշի արդեն դուրս գրված տեխնիկա վերցրել, կապիտալ նորոգել, որն այսօր օգտագործվում է ծառերը ջրից դուրս բերելու համար. չլիներ այն ասում են, անհնար կլիներ այդքան գործ գլուխ բերել:
«Նաիրի բերրիությունը» շահում է տենդերը և հայտնվում փաստի առաջ: Տենդերով նախատեսվում էր մաքրել 315 հա տարածք` 1 հա-ն 370 հազար դրամի դիմաց` առանց ԱԱՀ-ի: Տաժանակիր աշխատանքը, որտեղ աշխատում են երկու հերթափոխով, առավոտյան ութից մինչև երեկոյան տասը-տասնմեկը, չի արդարացնում իրեն: Ջրի տակ հայտնված անտառը` մաքրման հատվածը, բավական մեծ է, որքան ջրի խորությունը մեծանում է (տեղ-տեղ այն հասնում է 5 մ), այնքան աշխատանքի արդյունավետությունն ընկնում, վառելքի ծախսը` մեծանում է: Հաշվարկներն արվել էին այն ժամանակ, երբ դիզվառելիքը 380 դրամ էր, հիմա դիզվառելիքը 430 դրամ է:
Սկզբում նաև անփորձության պատճառով մեքենաները բավական հաճախակի ընկղմվել են ջրի մեջ: Ծախսեր են պահանջվել նաև դրանք ջրից դուրս բերելու, շարքից դուրս եկածները վերանորոգելու համար:
Բաղդասար Մեսրոպյանը, ճիշտ է, մի քիչ ուշ, բայց հասկանալով, թե ինչ պատասխանատվության տակ է ընկել և ինչ վնասներ է կրում, դիմում է նախարարություն` մոնիթորինգ իրականացնելու, քանի որ աշխատանքի ծավալները չէին համապատասխանում կառավարության տենդերի մեջ հաշվարկված գումարներին: Մոնիթորինգի արդյունքում հաստատվում են Մեսրոպյանի ասածների իրավացիությանը, սակայն ընդամենը կարողանում են աշխատանքի ծավալը կրճատել` 315 հա-ի փոխարեն թողնելով 301 հա, ընդհանուր գումարը մնում է նույնը` 125 մլն դրամ: «Էս տարի կանեմ, ոչինչ, կտուժեմ, բայց մինչև վերջ իմ թասիբի համար կանեմ, բայց մյուս տարի, եթե հա-ի համար 1 մլն 200 հազար չտան, էլ չեմ անի: Սենց գործ մենակ ես կարամ անեմ, էս տեխնիկան մենակ ես ունեմ»,- ասում է Բաղդասար Մեսրոպյանը:
Մեր հարցմանն ի պատասխան պարզվեց, որ նախարարությունում տեղյակ են թերհաշվարկների մասին, սակայն հաջորդ տարի կառավարությունը պատրաստ չէ ավելի վճարել, ավելին, իրենք էլ չգիտեին. «Նոյեմբերից նոր պարզ կդառնա»,- ասացին: Ի դեպ, անտառի որոշ հատվածի մաքրումը տրված է նաև այս ՍՊԸ-ին, սակայն Մեսրոպյանը շառից — փորձանքց հեռու նախընտրել է անտառահատման այդ հատվածի գործը ևս հանձնել «Սևան ազգային պարկին»` հատված զանգվածի համար ընկերության հաշվեհամարին փող փոխանցելու պայմանով:
Այս պահին Փամբակի ու Նորատուսի հատվածում մեծ քանակի դալար ծառեր են հատվում. հատվում են անխնա: Նախատեսված է անտառահատում մինչև 1,5 նիշը, սակայն ոչ մի երաշխիք ու նորմեր, ավելին, վերահսկողություն չկա, որ դրանից ավելին չեն կատարվում հատումները:
«Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերաբերյալ նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը: Եւ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները, որոնք իբր ուղղվում էին բանակի զինմանը եւ թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց: Օրինաչափ է նաեւ այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ եւ ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում՝ դեմ առ դեմ սեփական ժողովրդի»,-հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով վերջին օրերին հաճախակիացած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ:
Ադրբեջանի այդ մտահոգվածությունն ուղղակի բխում է այն ամենից, ինչը մեր ժողովուրդը, աշխարհը ու նաև Ադրբեջանը տեսան մեր փառավոր զորահանդեսին: Պարզ է, որ այդ վիճակը չի բավարարում ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլ նախևառաջ «Բրիթիշ Պետրոլեումին», զի ՆԱԲՈՒԿԿՕ-ն և էներգակիրները Ռուսաստանը շրջանցելով տարանցելու բոլոր նախագծերն անիրագործելի են, եթե մեկընդմիշտ չլուծվի Արցախի հարցը` մեզ համար ոչ շահեկան տարբերակով: Հետևաբար, Բրիտանիայի և ընդհանրապես անգլոսաքսերի հետ կապված գրանտակեր կազմակերպությունները երկու առանցքային անելիքներ ունեն` մի կողմից, հայերին ձիու դոզաներով ներարկել ամենագարշելի պացիֆիզմը, մյուս կողմից, ամեն կերպ թուլացնել մեր բանակը: Վանյանի տիպի տարբեր կերպարներին հայկական միջավայրում աշխատացնելը պրոբլեմատիկ է, զի այդպիսինները` իրենց օգնողներով հանդերձ, անմիջապես առաջացնում են հանրության գարշանքը, և հանրային պարսավանքի ենթարկվում են առհասարակ դրանց բարև տվողները: Պացիֆիզմ դավանող կրոնական աղանդների` եհովականների և այլոց, քանակական աճի ռեսուրսն էլ գրեթե սպառված է, հանրությունն էլ հաստատ խանդավառորեն կընդունի դրաց դեմ կիրառվող ցանկացած կոշտ միջոց, քանզի բոլորը զզվել են սրանց աներես հոգեորսությունից: Մնում է մեկ հիմնական ռեսուրս` հնարավորինս վարկաբեկել և թուլացնել բանակը:
Բանակային ուղղվածություն ունեցող տարատեսակ «իրավապաշտպանները», սակայն, զորահանդեսից հետո բավական ժամանակ սսկվել էին, հակաբանակային քարոզչությունից ձեռնպահ էր մնում և ՀԱԿ-ը, զի կարող էր դրանով ինքն իրեն միմիայն վարկաբեկել: Եվ դա մինչև այն պահը, երբ սեպտեմբերի 9-ին գրանցվեց հերթական ողբերգական դեպքը բանակում:
Իսկ 5 օրում 3 ինքնասպանության դեպքերի առիթը նրանք չէին կարող անհապաղ չօգտագործել. էլ ե՞րբ նման երկրորդ տարբերակը նրանց բաժին կհասնի: Ու սկսվեց. «Բանակն իրականում» «նախաձեռնությունը» տարածեց հայտարարություն, իբր զոհերի «ցուցակը աճում է ժամ առ ժամ», և «Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ և առողջ»: Բնականաբար, նույնիսկ ամենաիդեալական վիճակում գտնվող որևէ երկրի Գերագույն գլխավոր հրամանատար նման երաշխիք տալ չի կարող, կարող է երաշխավորել զոհերի քանակը մինիմումի հասցնելը…
Վերսկսեցին ցուցերը, ուր ներգրավում են որդեկորույս ծնողների` ինչքան կարող են, այդ թվում և 2000 թվականին որդի կորցրածներին: Սրանց փույթ չէ, որ մարդկային վիշտը քաղաքական նպատակներով օգտագործելը անբարոյականության գագաթնակետն է, չէ՞ որ նպատակն արդարացնում է միջոցները: Նաև փորձում են ֆեյսբուքով այդ ցույցերին ներգրավել նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիներին, ինչը սակայն առանձնապես չի ստացվում:
Եվ ահա ՀՀ նախագահի նստավայրի մոտ ցուցարարներին է մոտեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վովա Գասպարյանի օգնականը՝ Վարդան Ղուկասյանը, ով երկխոսելու համար նրանց հրավիրել է ռազմական ոստիկանություն: Ցուցարարների խոսքով՝ սակայն, իրենք մերժել են այդ առաջարկը, քանի որ մինչ այդ Վ. Ղուկասյանն ասել է, թե բանակում զոհերի պատճառը լավ չդաստիարակված զինվորներն են:
Մեր մեջ ասած, ճիշտ է ասել: Բայց` կիսատ: Զի պատանիների հիմնական դաստիարակողն այսօր շատ դեպքերում հեռուստացույցն է` իր հեռուստասերիալներով, որոնց ազդեցությունը նույնիսկ կարող է ավելին լինել, քան ծնողի և դպրոցի ազդեցությունը: Իսկ հիմա զորակոչված և զորակոչվում է «Որոգայթ»-ի ու նման այլ տականքային հեռուստաարտադրանքների դաստիարակած սերունդը դրան գումարած նրանց ծնված տարիների թշվառությունը, դրան էլ ավելացրած այսօրվա, հատկապես Ղարաբաղում ծառայող կոնտիգենտի ընտանեկան սոցիալական վիճակն ու խեղճությունը:
Եվ «որոգայթային» քրեական կարծրատիպերը մուտք են գործում զորանոց ու մարտական դիրք: Իրենք իրենց թունդ «մաֆիոզներ» են երևակայում, և այդ «մաֆիաներ» խաղալը զենքի մատչելիության և խրամատի պարագայում` հրամանատարության ոչ զգոն աչքից հեռու լինելու պայմաններում երբեմն ողբերգական ավարտ է ունենում: Ու ի՞նչն որոշ դեպքերում ծառայում որպես «մաֆիոզ» թունդ «ռազբիրատների» առարկա` ամեն ինչ, խոժոռ հայացքից սկսած, 2000 դրամանոց փլեյերով վերջացրած: Հետաքրքիր դետալ` վերջին 3 դեպքերում զոհերից երկուսը խարբերդցի են, այսինքն` մի ոչ մեծ բնակավայրից են, ուր բոլորն իրար ճանաչում են: Եվս մեկ տիպիկ «սերիալային» դետալ` զոհերից մեկն ինքնասպանությունից առաջ ձախ ձեռքի ափին գրում է իրեն ստորացնողների անունները: Կայքերում նաև տեղեկություն եղավ, որ զոհերից մեկին ծառայակիցները ծեծել և ստորացրել են խրամատում միզելու համար, և պետք է հիշացնեմ, որ շաբաթներ առաջ «Եղնիկներ» զորամասում Աղասի Սարգսյանի` մահով ավարտված ծեծը սկսվել էր այն բանից հետո, երբ նա միզել էր դրա համար չնախատեսված տեղում… Այդ ի՞նչ փոխադարձ անարգանքի ծիսակարգեր են տարատեսակ «որոգայթ»-ներից զորակոչիկների հետ եկել բանակ…
Պաշտպանության նախարարը, զինդատախազը, օմբուդսմենը և այլոք իրենց ձեռնարկած և ձեռնարկելիք քայլերով կարող են ընդամենը թեթևացնել այդ հանրային հիվանդության դրսևորումները, բայց ոչ բուժել այն: Ոչ կանոնադրական հարաբերությունների համար նախատեսված պատիժները ԶՈՒ կարգապահական կանոնագրքից քրեական օրենսգիրք տեղափոխելը (ինչը պատրաստվում են անել), ընդամենը կպակասեցնի «Որոգայթ»-ի դաստիարակած պատանիների գործած վայրագությունների քանակը, բայց արմատախիլ չի անի «որոգայթային» վարքագծի կարծրատիպերը: Ու զազրելի գողական սերիալները քիչ էին, դրանց հավելվեց և «Բանակում» սերիալը, ուր և զինվորները, և սպաները ներկայացված են որպես կատարյալ օլիգոֆրեններ, և պատանիները նաև այդ ապուշագույն սերիալի վարքի «ստանդարտները» հետո նույնպես իրենց հետ բերում են զորանոց և մարտական դիրք:
Իսկ ՊՆ-ն չկարողացավ բանակը ծաղրող այդ սերիալը փակել տալ: Եվ պետության վերնախավում կարծես թքած ունեն, որ հեռուստաընկերությունները հանուն «ռեյծինգի» ամբողջ եթերը ողողել են մատաղ սերնդին բոլոր սրբություններից զուրկ տականքների վերածող արտադրանքով: Ելքը մեկն է (հիմա «ձեմոկռատիայի» և «արտահայտման ազատության» վարձու պաշտպանների վնգստոցը կգա)` խստագույն պետական գրաքննություն եթերի համար նախատեսված բոլոր ֆիլմերի, շոուների, ժամանցային հաղորդումների նկատմամբ: Նորմալ, խիղճը չծախած մարդկանցից կազմված գեղարվեստական խորհուրդներով կամ հանձնաժողովներով հանդերձ: Սա անհապաղ արդյունք չի ապահովի, բայց գոնե ապականությունից ու պղծումից կփրկի հաջորդ սերնդի հոգիները:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.