23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին օրերին շատ է գրվել և խոսվել հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքերի և արդեն իսկ նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի՝ Լիսկայի մասին: Նոր բան դժվար է ավելացնել, սակայն դրանց հետ կապված բացահայտվեց մի շարք երևույթներ ու պատռվեցին մի շարք մարդկանց դիմակները, որոնց մասին էլ ցանկանում եմ խոսել ստորև:
Խոսքն այն «Առնետների» մասին է, որ խորտակվելիս առաջինն են լքում նավը՝ երբեմնի հզոր համարվող Սյունիքի մարզպետի կողքին, նրա համար ծանր պահին ոչ-ոք չմնաց: Հետաքրքիրն այն է, որ այս օրերին, երբ Լիսկայի անվան շուրջ մեղադրանքների տեղատարափ է, նրա շրջապատի և ամենօրյա սեղանակիցների կողմից որևէ դրական խոսք չուղղվեց այդ մարդու հասցեին, այլ ընդհակառակը՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո աթոռի համար առաջին հերթին կատաղի պայքարի է ելել հենց նրա ամենօրյա շրջապատը:
Առաջինը «բացահայտվեց» Սյունիքի մարզում իրեն վաղուց վարկաբեկած անդեմ ու անսկզբունքային մարդու համարում ունեցող փոխմարզպետ Դոլունցը, որը շտապեց հայտարարել, թե իր ու Լիսկայի հարաբերությունները ստեղծվել են միայն մարզպետարանում աշխատելու ժամանակ: Եվ սա այն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ նա շուրջ 20 տարի նախ Գորիսում, ապա մարզում կատարում է Ս. Խաչատրյանի «աչքերի և ականջների» պարտականությունը, և որքան էլ փորձի դիմակավորվել, միևնույն է, սյունեցիները նրա պարագայում մարզպետի պաշտոնում հաստատելը կդիտեն նախագահ Սարգսյանի ամենախայտառակ որոշումը:
Ինչպես ասում են՝ մարզպետի աթոռի համար ոտքի են ելել նաև Սյունիքի քաղաքապետերը. մարզի քաղաքապետերն իրենց գովազդը սկսեցին լրատվականների էջերում՝ դրա սկիզբը դրեց Սիսիանի քաղաքապետ Ա. Հակոբջանյանը: Մարդ, որը վերջին ամիսներին թաքնվում է լրատվամիջոցներից՝ չանդրադառնալով իր գործունեության հրապարակումներին, հիմա միանգամից հանդես է գալիս ծավալուն հարցազրույցում, կցկտուր պատասխանում է լրագրողի հարցերին ու անմիջապես շտապում իր «հեղինակավոր» խոսքում ասել, թե Սյունիքում պատահական մարդ մարզպետ չի կարող լինել, դրանով հասարակությանը ցույց տալով, որ Ս. Խաչատրյանը այսքան տարի «պատահականություն» է եղել: Մնում է ավելացնել՝ պատահական մարզպետի դեպքում քաղաքապետերը ոչ պատահական չեն լինում: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս կարծիքը հայտնում է Հայաստանի ամենապատահական քաղաքապետերից մեկը:
Մամուլը ողողվել է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանի՝ որպես մարզպետի հավակնորդի գովերգով: Բոլորին է հայտնի, որ քաղաքապետ նա դարձել է միմիայն Մաքսիմ Հակոբյանի ցանկությամբ, իսկ երբ լարված էին Հակոբյանի և Լիսկայի հարաբերությունները, նա վայրկյանների ընթացքում անցավ Լիսկայի կողմը:
Սյունիքում ասում են, որ նա այնքան է ոգևորված մարզպետի աթոռին բազմելու երազանքով, որ սկսել է մի այլ կարգի մոտ — մոտ անել ՀՀ քաղաքական իշխանություններին:
Քցողների և աթոռապաշտների շուրջ զավեշտը վրա հասավ, երբ արդեն Գորիսի քաղաքապետ Ն. Ոսկանյանն իր մարզպետ դառնալու ցանկության մասին բարձրաձայնեց: Մարդ, որը շուրջ 10 տարի լինելով քաղաքապետ, այդպես էլ գոնե 10 րոպեով անգամ քաղաքապետարանի կնիքը ինքնուրույն չտնօրինեց, մարդ, որն ի պատասխան Ս. Խաչատրյանի վիրավորանքների ու ստորացումների, միայն ժպտացել է, մարդ, որն այս ամբողջ ժամանակահատվածում հնարավորինս վարկաբեկել է Գորիսը և գորիսեցիներին, այսօր ցանկանում է դառնալ մարզպետ, մնում է նրան ևս հարցնել՝ «Այ ողորմելի, դառնում ես մարզպետ որ ի՞նչ անես…»
Մարզում նշում են նաև, որ մարզպետ դառնալու ցանկություն ունեն նաև Ագարակի և Մեղրու քաղաքապետերը, որոնք այդ մասին առայժմ չեն բարձրաձայնում մինչև …
Ինչ է ստացվում՝ Սուրիկ Խաչատրյանի գովքը անող, հոտընկայս կենացը խմող, մեքենայի դուռը բացող-փակող այս պարոնները, տեսնելով խորտակվող Խաչատրյանին, ոչ միայն լքեցին նրան դժբախտության մեջ, այլև պահը բաց չթողեցին՝ հայտ ներկայացնելով մարզպետի աթոռին տիրանալու, ու նրան անուղղակի ասացին. «Այ Սուրիկ, մենք քեզ հավասար ենք, նույնիսկ մի բան էլ ավել…»:
Ի միջիայլոց, Լիսկայի մերձավոր շրջապատից էլի կան մարդիկ, որոնք մեծ ցանկություն ունեն մարզպետ դառնալու և այս օրերին Երևանում՝ բարձր ատյանների դիմացի սրճարաններում նստած, սպասում են հանդիպել թեկուզ որևէ պաշտոնյայի վարորդի, որ գնան Սյունիք ասեն, թե իրենք ևս դաբրո ունեն մարզպետ դառնալու…
Դավիթ Ավետիսյան
1918 թվականին զինվորների ու սպաների մեջ մեծ հարգանք ու վստահություն վայելող Թովմաս Նազարբեկյանը, որպեսզի փրկի առաջին հանրապետությունը, հայոց Ազգային ժողովում, որտեղ ճնշող մեծամասնություն էին կազմում դաշնակցականները, քննարկման խնդիր դարձրեց հայոց բանակի կարգապահության բարձրացման հարցը՝ ընդհուպ դասալքության և հրամաններին չենթարկվելու համար մահապատժի սահմանումը: Կարգապահության խստացման հարցը հայոց բանակում առաջ էին քաշել ժամանակի երեք նշանավոր զորավարները՝ գեներալներ Նազարբեկյանը, Արեշևը և Անդրանիկը:
Սակայն իրենց իսկական ժողովրդավարներ հայտարարած հայոց Ազգային ժողովը մերժեց՝ հայտարարելով, որ եթե բանակում պատիժները խստացվեն, ապա այդ առթիվ ինչ կմտածեն այնտեղ՝ Եվրոպայում ու Ամերիկայում: Այդ ժամանակ սպարապետ Նազարբեկյանն Ազգային ժողովում խայթիչ տոնով նկատեց. «Պարոնայք դաշնակներ և այլ, այսպես կոչված, դեմոկրատներ, Եվրոպան ու Ամերիկան շատ հեռու են մեզանից, իսկ թուրքերը մեր քթի տակ են»:
Եվ որպես արդյունք՝ հինգ-վեց հազարանոց թուրքական բանակին բարոյալքված ու անկարգապահ յոթանասուն հազարանոց հայոց բանակը պարտվեց և հայ ժողովուրդը կորցրեց Կարսը, Սարիղամիշը, Արդահանը: Ցավոք, էժանագին հեղինակության հետևից ընկնող հայ վայ դեմոկրատները մեր օրերում անգամ պատմությունից դասեր չեն քաղել և նույնը կրկնեցին 2011թվականին՝ Ազգային ժողովում օրենքի ուժ տալով կարգապահական կանոնադրության փոփոխություններին, որոնք կտրուկ հեղինակազրկեցին հայ սպայի դերը, օրենքների ու հրամանների գերակայությունը և հնարավորություն ընձեռեցին բանակ սողոսկելու անհատի ինքնուրույն որոշումներն ու ցանկությունները:
Օրենքի վերջին փոփոխության հիմնական երկու մեխերն են հրամանատարության կողմից կալանք հայտարարելու իրավունքի վերացումը և զինվորի կողմից հրամանների չկատարման օրինականացումը: Մինչև օրենքի այդ փոփոխությունը սպաները կարող էին կանոնադրությամբ իրենց վերապահված իրավունքով՝ կարգազանցության համար զինծառայողներին հայտարարել մինչև 10 օր կալանք, որը սահմանադրական էր, քանզի անձի ազատությունը սահմանափակելու համար, սահամանդրության մեջ կար թույլատրելի երաշխիք՝ օրենքների իրավական կարգավորման սահմաններում:
Բառախաղերի և ժողովրդավարական լոզունգների քողի տակ անցկացվեց օրենքի լրացում, որով սպաները զրկվեցին կալանք հայտարարելու իրավունքից և կալանք կարող են իրականացնել հետաքննության արդյունքներով դատարանին միջնորդելու միջոցով միայն: Ինչ խոսք, դա զրկեց սպաներին պատժելու կարևորագույն միջոցից, որը զինվորների մեջ անպատժելիության հոգեբանություն մտցրեց: Հաջորդ ծանր հարվածը կարգապահությանը՝ դա հրամանների անվերապահ կատարման սկզբունքի վերացումն էր բանակում: Եթե մինչև կանոնադրության մեջ փոփոխություններ մտցնելը, զինծառայողները պարտավոր էին կատարելու հրամանը և միայն կատարելուց հետո իրավունք ունեին բողոքարկելու այն, ապա այսօր կարգապահական կանոնադրության փոփոխության համաձայն՝ զինծառայողը կարող է հրամանը չկատարել, եթե այն հակասում է իր գաղափարներին, բարոյական նորմերին և ոտնահարում է իր իրավունքները: Ստացվում է, որ կարող է իրավունքների ոտնահարում համարվել շոգին կամ ձնաբքին մարտական հերթապահությունը, կամ կյանքը վտանգելը, այսինքն՝ կյանքի նկատմամբ սպառնալիքի դեպքում զինվորը կարող է մտածել իր անձի մասին և չկատարել հրամանները:
Կարծես՝ կրկնվում է 1920 թվականը: Որպես արդյունք այսօր՝ բանակում գերիշխում է զինվորների անձնական մոտեցումը խնդիրների նկատմամբ, իսկ սպաները, որոնք զգում են իրենց դերակատարության նվազման օրինական հիմքերի ուժը, մեկուսանում են դաստիարակչական կարևորագույն խնդիրներից, որի հետևանքով բացը լրացվում է փողոցային բարքերից ծնված նորմերի գերակայությանը զինծառայողների փոխհարաբերությունների մեջ: Անհրաժեշտ է վերջ տալ այդ իրավիճակին՝ խստացնելով կարգապահության նկատմամբ օրենքների վերահսկողության ուժը:
Ցավալին այն է, որ այսպես կոչված վայ-դեմոկրատները չեն հասկանում, որ թշնամին քնած չէ և օրեցօր հզորացնում է իր բանակը ու պատերազմի դեպքում ոչ թե հասարակական պոպոլիզմով պետք է հաղթենք, այլ մարտունակ ու կարգապահ բանակով: Իսկ բանակը քննադատելուց զատ հարկավոր է մտածել հրամաններ տվող սպաների և հրամաններ կատարող զինծառայողների մասին:
Մենք ունենք հիանալի սպայական կորպուս, լավ ու պատրաստված զինվորներ, սակայն քաղաքական խամաճիկները խանգարում են մեր բանակի բնականոն զարգացմանը: Ես հիշում եմ, որ կարգապահական կանոնադրության փոփոխության օրերին շատ էին ակտիվացել մի քանի եվրոպական իրավապաշտպան կազմակերպություններ, և, չգիտես ինչու, այդ կազմակերպության մոսկովյան գրասենյակներում շատ էին աշխատակիցները, որոնք Թուրքիայի քաղաքացիներ էին:
Վոլոդյա Հովհաննիսյան
Պատմական գիտությունների թեկնածու, պահեստի գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից
Ամենաերիտասարդ թաղապետը, ամենաերիտասարդ քաղաքապետը
Շարունակություն, սկիզբը՝ ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ. Անդրանիկի ֆենոմենը, Տարոնի աստղը (մաս առաջին)
Հունիսի 11-ին Տարոն Մարգարյանն` երդման արարողությամբ, երկրորդ անգամ կստանձնի Երևանի քաղաքապետի պաշտոնը:
Իսկ նրա աննախադեպ թռիչքը պետական կառավարման համակարգում սկսվել է հեռավոր 2005թ-ին, երբ նրա երջանկահիշատակ հայրը` Անդրանիկ Մարգարյանը, դեռ վարչապետ էր:
Այդ ժամանակ Տարոնն ընդամենը 27 տարեկան էր, իր տարիքի շատ երիտասարդների նման` ավարտել էր ԲՈւՀ-ը, անցել էր աշխատանքի պետական տարբեր մարմիններում:
Սակայն ոչ բոլոր նրա հասակակիցներն այդ տարիքում կհայտնվեն թաղապետի ընտրովի պաշտոնում, եթե, իհարկե, չունենան ազդեցիկ հայրեր:
2005-ին, Տարոնն Ավանի թաղապետ դարձավ` գերազանցապես հոր ջանքերի շնորհիվ` իշխանության կատարյալ աջակցությամբ:
Ընտրություններն արտահերթ էին, ֆորսմաժորները` բացառված:
2008-ի ընտրություններում արդեն` Տարոնն առանձնապես հոր օժանդակության կարիքը չուներ, որովհետև հենց ինքն արդեն ինտեգրված էր պետական համակարգին:
Սակայն հայրը նրան օժանդակում էր այլ հարցում` Ավան համայնքը գտնվում էր պետական առանձնակի հոգածության ներքո և շահեկանորեն տարբերվում էր մայրաքաղաքի մյուս համայնքներից:
2009 թ-ին Երևանում նշանակվեցին ավագանու ընտրություններ` առաջին անգամ մեր իրականության մեջ:
ՀՀԿ համամասնական ցուցակում Տարոն Մարգարյանն երկրորդն էր` քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանից հետո: Ըստ այդմ` Տարոնը զբաղեցնելու էր քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը:
Նման բարձր քաղաքական կարգավիճակի Տարոնն արժանացել էր երկու պատճառով` նա սիրված թաղապետ էր իր համայնքում, ու նաև դեր խաղաց Անդրանիկ Մարգարյանի որդի լինելու հանգամանքը:
Այդ օրերին, Սերժ Սարգսյանի իշխանությունն այնքան էլ կայուն չէր և գործող նախագահը խնդիր ուներ` մաքսիմում կոնսոլիդացիա ապահովել ՀՀԿ-ում: Տարոնի գործոնը պետք է դիտարկել նաև այս համատեքստում, որվհետև նրա հանգուցյալ հայրը բացարձակ հեղինակություն ուներ կուսակցությունում:
Անկեղծ լինելու համար նկատենք, որ Տարոն Մարգարյանի փոխքաղաքապետ դառնալը պայմավորված էր մեկ այլ հանգամանքով ևս: Այդ փուլում` Սերժ Սարգսյանը սկսել էր նպաստել երիտասարդ կադրերի առաջխաղացմանը: Մասնավորապես, Արմեն Աշոտյանը նշանակվեց կրթության և գիտության նախարար:
Քանի դեռ Երեանի քաղաքապետը Գագիկ Բեգլարյանն էր, Տարոնը մի տեսակ ստվերում էր:
Մարգարյանի շուրջ քաղաքական ինտիրգներ զարգացան, երբ 2010-ի դեկտեմբերին, Բեգլարյանը, հայտնի սկանդալից հետո, հեռացավ քաղաքապետարանից:
ՀՀԿ վերնախավի զգալի մասը քաղաքապետի պաշտոնում ցանկանում էր տեսնել Տարոնին, սակայն նախագահն այդ պաշտոնը վստահեց «Հայռուսգազարդի» տնօրեն, փորձառու մենեջեր Կարեն Կարապետյանին:
Սակայն` արդեն մեկ տարի անց, Տարոնի աստղը փայլեց. նա դարձավ Երևանի ղեկավար: Շատերն էին տարակուսում, որ Տարոնը կարող է քաղաքապետ լինել, հատկապես փորձառու Գազի Կարենից հետո, և կարծիք կար որ նրան փոխարինելու են, սակայն երիտասարդ հաջողակը մնաց այդ պաշտոնում:
Ի՞նչ փոխվեց մեկ տարում, որ Սարգսյանը վստահեց Տարոնին:
Թերևս այն, որ մոտ էին խորհրդարանական ընտրությունները, և Սերժ Սարգսյանը դարձյալ Հանրապետականը մաքսիմում մոբիլիզացնելու խնդիր ուներ: Պատահական չէ, որ խորհրդարանական ընտրություններում` Երևանի քաղաքապետի անունը համամասնականի առաջին հնգյակում էր:
Ասել, որ Տարոն Մարգարյանը կամային և ուժեղ քաղաքապետ է` անկեղծ չի լինի: Բայց նաև անկեղծ չի լինի չխոստովանել, որ վայելում է երևանցիների մի զգալի մասի համակրանքը:
Մարգարյանների ընտանիքի, Տարոնի անունը չեն կապվում բիզնեսների, օլիգարխիայի հետ, ավելին` հոր օրինակով, Տարոնը շարունակում է բնակվել հարազատ համայնքում: Սակայն գործող քաղաքապետն աղքատ մարդ չէ` դատելով հայտարարագրերից: Նույնիսկ կարելի է ասել` հարուստ է:
Ընդդիմությունը պնդում է, որ նրա ունեցվածքն օրինական հիմքեր չունի, այս համատեքստում` խոսվում է նաև նրա հոր գործունեության մասին:
Հակասական է նաև Մարգարյանի կենսագրության մեկ այլ հատված. 2010-ից` նա ԵԿՄ վարչության անդամ է, թեև ռազմադաշտում չի եղել, նույնիսկ` բանակում չի ծառայել: Այս պաշտոնն, ըստ ամենայնի, ժառանգական է, քանի որ` ԵԿՄ վարչության անդամ էր նաև նրա հայրը:
Տարոնի թույլ կողմը` հրապարակային գործչին բնորոշ խարիզմայի պակասն է, դրականն այն է, որ նա ընտանեկան ավանդույթների կրող է, հինգ երեխայի հայր, շփվող մարդ, լավ ընկեր է:
Արդյո՞ք Տարոն Մարգարյանն իշխանության մեջ կունենա այն ազդեցությունն, ինչ նրա հայրը:
Դժվար է պատասխանել այս հարցին:
Ամեն բան կախված է երկու հանգամանքից:
Ինչպիսի՞ն կլինի ՀՀԿ-ն` 2017-2018թթ-ի ընտրական ցիկլից հետո և կուսակցության ներսում ի՞նչ դիրք կունենան երիտհանրապետականները, որոնց կարկառուն ներկայացուցիչն է Տարոնը:
Սուրեն Սուրենյանց
«Մենք կարող ենք գազ մատակարարել Հայաստանին: Ադրբեջանը մարդասիրական երկիր է և գիտակցում է տարածաշրջանային առաջնորդի իր դերը, եթե Հայաստանը գազի հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով մեզ դիմի, մենք անկասկած կօգնենք»,-ադրբեջանական ANS ТВ հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևն ՝ անդրադառնալով գազի գնի բարձրացման շուրջ Հայաստանում առաջացած աղմուկին:
Սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանցի պաշտոնյան չի բացառում գազի մատակարարումը Հայաստանին և այդ մասին խոսում է ուղիղ տեքստով:
Իհարկե, ժամեր անց մեկ այլ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյա էապես սրբագրել է Աբդուլաևի հայտարարությունն` այն կապելով Ղարաբաղի խնդրի, հայկական կողմի ենթադրյալ զիջումների հետ:
«Իր ագրեսիվ քաղաքականության պատճառով Հայաստանը դժվար կացության մեջ է հայտնվել: Եթե նրանք, հաշվի առնելով իրենց աղետալի վիճակը, դիմեն ադրբեջանական կողմին, ապա մենք մեր պահանջներն ու պայմանները կներկայացնենք: Աբդուլաևի հայտարարությունը յուրատեսակ առաջարկ էր՝ ճիշտ և կառուցողական երկխոսության մեջ մտնելու»,-ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը:
Ադրբեջանցի պաշտոնյաների հայտարություններն որակապես ոչինչ չեն փոխում կարգավորման գործընթացում. այն առաջվա պես փակուղում է, շարունակվում են փոխադարձ մեղադրանքները, ընդ որում` նախագահների մակարդակով, համանախագահները չեն կարողանում համաձայնեցնել անգամ Սարգսյան-Ալիև նոր հանդիպման հետ կապված հարցերը:
Նույնիսկ տպավորությունն այնպիսինն է, որ Ռովնագ Աբդուլաևի հայտարությունն առնչություն չունի ոչ գազի և ոչ էլ` Ղարաբաղի խնդրի հետ:
Աշնանն Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, Իլհամ Ալիևը խնդիր ունի` ապահովել Արևմուտքի լոյալությունը, մանավանդ որ` Վաշինգտոնում և եվրոպական մայրաքաղաքներում տագնապով են հետևում Ադրբեջանում արձանագրվող ժողովրդավարության էական հետընթացին:
Եվ ահա այս հայտարարությամբ` Ադրբեջանի իշխանությունը փորձում է նույն այդ մտահոգված մայրաքաղաքներում կառուցողականության իմիջ ձևավորել` առաջիկա ընտրություններում Արևմուտքի համար գերակա համարելով ոչ թե ժողովրդավարության, այլ` աշխարհաղաքական բաղադրիչը:
Հետևաբար, այնքան էլ ադեկվատ չեմ համարում այս հարցազրույցի հեռուն գնացող հետևությունները, որ արվում են Հայաստանում` ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում:
Սուրեն Սուրենյանց
Մի տխուր օրինաչափություն է նկատվում Հայաստանում:
Մեզանում, դասական իմաստով, քաղաքական իրադարձություններ տեղի չեն ունենում, քաղաքական ուժերը չեն ձևակերպում օրակարգ, որն առնչվի երկրի զարգացմանը վերաբերող խնդիրների հետ:
Հայաստանի օրակարգը ձևավորում են իրադարձություններն, որոնք ունեն քրեաքաղական բնույթ:
Օրինակ, դիտարկենք վերջին շաբաթը:
Այն եզրափակվեց Երևանի նոր ավագանու առաջին նիստով, որն էլ, զուտ ֆորմալ առումով, լուծեց Տարոն Մարգարյանի վերանշանակման, ավելի ճիշտ` վերընտրության խնդիրը:
Սակայն այս իրադարձությունը, մեծ իմաստով, մնաց ստվերում, որովհետև բոլորը հասականում են, որ Երևանի քաղաքապետի ընտրության հարցն որոշվում է` ոչ ընտրատեղամասերում, և ոչ էլ` ավագանիում, այլ` Բաղրամյան 26-ում:
Նույն տրամաբանությամբ` որևէ մարզպետի աշխատանքը բնավ էլ չի գնահատվում նրա ֆունկցիոնալ պարտականությունների կատարմամբ:
Օրինակ, երբ նախագահական ընտրություններից հետո հրաժարական տվեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, բոլորը հասկացան, որ դա տեղի է ունեցել բնավ ոչ այն պատաճառով, որ գեներալը ձախողել է կառավարության ծրագրերը կոնկրետ մարզում: Տվյալ դեպքում` պատճառը քաղաքական էր. Գիզիրյանը լավ «տոկոս խփող» չէր:
Ավելի տխուր է, երբ քաղաքական գործընթացների հիմքում` կրակոցներն են:
Օրինակ, եթե Գորիսում չհնչեին կրակոցներ, մինչև հիմա կշարունակեր պաշտոնավարել տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանը:
Եվ բնավ կապ չունի այն հանգամանքը, որ նա, մեղմ ասած, չէր համապատասխանում այն չափանիշներին, որով պետք է օժտված լիներ մարզպետը:
Կապ չունի նաև այն հանգամանքը, որ այս պարոնն անցած տարիներին մի քանի անգամ հայտնվել է սկանդալների կիզակետում, նրա անունն ասոցացվում է ծեծերի, մարդկանց նվաստացնելու փաստերի, քրեական նկարագիր ունեցող ազգականների, ֆեոդալիզմի հետ:
Նա պաշտոնանկ արվեց հիմա, որովհետև նրա մասնակցությամբ հերթական ռազբորկան ավարտվեց մարդկային զոհով, ընդ որում` զոհը նույնպես հայտնի ընտանիքի ներկայացուցիչ էր:
Այսինքն, եթե, օրինակ, զոհը լիներ հասարակ մեկը, հնարավոր է` տեղի ունեցածը լայն հասարակական արձագանք չունենար, կոծկվեր, այլ կերպ մեկնաբանվեր, ու Լիսկան շարունակեր պաշտոնավարել:
Խաչատրյանը լավ մարզպետ էր, թ՞ ե ոչ:
Իմ կարծիքով` ոչ:
Սակայն այդ հարցադրումն ինքնին արհեստական է, որովհետև նրա երկար պաշտոնավարման կամ հանկարծակի պաշտոնանկության հիմքում` բնավ էլ այդ մոտիվը կամ այդ հարցի պատասխանը չէ:
Վերցնենք շաբաթվա մեկ այլ իրադարձություն, որը, դասական իմաստով, քաղաքական չէ, սակայն ավելի շատ է ազդում քաղաքական գործընթացի վրա, քան, ասենք` որևէ կուսակցության դիրքորոշումը` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցույթան շուրջ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի գործով ՀՀ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կապ չունի: Ինչպես տեղեկացնում է Aravot.am-ն, անցած շաբաթվա վերջին, նման հայտարարություն է արել գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող դատական նիստին: «Դա կապված է նրա հետ, որ մենք Սեդրակյանից գումար շորթեինք: Մնացածը կասեմ պաշտպանիս հետ խորհրդակցելուց հետո»,- հայտարարել է նա:
Շարքային մի ամբաստանյալի հայտարարությունը քաղաքական հետևանքներ է ունենալու, որովհետև դատական այդ գործն ինքնին քաղաքական է:
Մինչև այսօր էլ հասարակության զգալի հատվածի համար այնքան էլ պարզ չեն այն մոտիվը կամ մոտիվները, որոնք պետք է դրդեին, որպեսզի նախագահի, մեծ իմաստով, անհայտ մի թեկնածուն պատվիրեր սպանությունը մեկ այլ թեկնածուի, ով թեև հայտնի էր, սակայն ակնհայտորեն եղանակ չէր ստեղծում նախագահական ընտրարշավում:
Կնշանակի` Սեդրակայնն այս հանցագործության ընդամնեը շղթաներից մեկն է և ոչ` կազմակերպիչը, և հանցագործության թիրախն էլ ոչ թե Հայրիկյանն էր, այլ ընտրությունների բնականոն ընթացքը, այսինքն` դրանք խաթարելը:
Կամ էլ` գուցե ամբաստանյալը ճիշտ է, ու Սեդրակյանը կեղծ մատնության զոհ է:
Երկու դեպքում էլ ստացվում է, որ Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպողները, իրականում` այն ուժերը, որոնք մտադրվել էին վիժեցնել ընտրությունները` ազատության մեջ են, ըստ այդմ` մեր երկրին սպառնացող մարտահրավերները չեզոքացված չեն:
Դեռևս երկար ժամանակ Հայաստանի քաղաքական գործընթացների համար նշանային կլինեն քրեական բնույթի իրադարձությունները, կրակոցները, սկանդալները:
Դա այդպես կլինի, որովհետև իշխանությունը քաղաքական չէ, ըստ այդմ` այդպիսին չեն ընդիմությունն ու այն միջավայրը, որում գործում են այդ երկու սուբյեկտները:
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Երեկ Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցածն իսկական ողբերգություն էր: Ողբերգություն էր` ոչ միայն մեր ֆուտբոլիստների, ֆուտբոլային պատասխանատուների, տրիբունաներում տեղ գտած մարզասերների, այլև` բոլորիս համար:
Ողբերգություն էր` ոչ միայն մարզական, այլև` ավելի գլոբալ հարթության մեջ:
Ֆուտբոլի աշխարհի 2014թ-ի առաջնության թեման Հայաստանի համար այլևս փակված կարելի է համարել:
Ոչ միայն` զուտ մարզական ցուցանիշների առումով. որակական հարթության մեջ` նունպես:
Ես միշտ պատկանել եմ այն ֆուտբոլասերների շարքին, որն իրատեսական չի համարել այս պահին աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի նվաճումը, բայց ուզեցել եմ համոզված լինել, որ վերջին երկու-երեք տարիների մեր ֆուտբոլային հաջողություններն` ոչ թե էյֆորիայի հետևանք են, այլ` նոր որակի հավաքականի, նոր մոտեցումների արդյունք:
Կոնկրետ այս առաջնությունը, խմբային այս մրցաշարը պետք է տար այդ հարցի, նոր որակի հայկական ֆուտբոլ ունենալ-չունենալու հարցը:
Չորս անընդմեջ պարտություն կարող են շատ հավաքականներ կրել. դրանից կարելի էր ողբերգություն չսարքել, եթե հավաքականդ ունենար ձեռագիր, ոճ, խաղի մեջ զարգացման պոտենցիալ տեսնեիր:
Ի վերջո, Իտալիայի, Չեխիայի հավաքականները ուժեղ են, մեծ փորձ ունեն և հնարավոր էր նրանց պարտվել: Ընկալելի է նաև, երբ պարտվում ես Բուլղարիայի ընտրանուն` նրա հարկի տակ:
Ուզում եմ ասել, որ այս խաղերի արդյունքը չէր, որ ամենից շատ ինձ անհանգստացնում էր, այլ մերոնց խաղային որակի բացակայությունը, կներեք, բայց` հավաքական կոչվածի չգոյությունը:
Ու սիրտս վկայում էր, որ նշանային մի իրադարձություն բացահայտելու է մեր ֆուտբոլի այսօրվա ֆիսակոն, բացահայտելու է բոլորի համար, այն մարդկանց համար, որ սպասում էին հրաշքի, Հենոյի ֆանտաստիկ հարվածին, Յուրայի հետաքրքիր անցմանը…
Այդ նշանային իրադարձությունը դարձավ Հայաստան-Մալթա հանդիպումը, ավելի շուտ` մերոնց պարտությունն, որն արժանի չէ նույնիսկ մեկնաբանության, որովհետև պարտվել ես եվրոպական ակնհայտ հետնապահներից մեկին, պարտվել ես թիմի, որի կազմում չկա գեթ մեկ ֆուտբոլիստ, որին լավագույնը համարես անգամ եվրոպական միջակ առաջնության համտեքստում: Մալթայի հավաքականը պաշտոնական հանդիպումներում վերջին հաղթանակը տոնել է յոթ տարի առաջ:
Երեկվա խաղում, կարծես թե, մերոնք ոչ թե հավաքական էին դուրս բերել խաղադաշտ, այլ Հայաստան ժամանած տուրիստների, ովքեր միայն հեռավոր պատկերացում ունեն ֆուտբոլի մասին:
Իր արդյունավետությամբ` Ուկրաինայում ռեկորդ սահմանած Հենրիխ Մխիթարյանը ներկա էր միայն ֆիզիկապես. ոչ մի ստեղծագործական մոտեցում, ոչ մի անցում կամ լուրջ հարված:
Ռուսաստանի առաջնության երկու լավագույն ռմբարկուներից մեկը` Յուրի Մովսիսյանը, չգիտես ինչու` խաղադաշտ դուրս բերվեց երկրորդ կեսին, սակայն խաղին նոր որակ այդպես էլ չհաղորդեց:
Ընդհանրապես, երեկ չտեսանք որևէ մտածված կոմբինացիա մերոնց կատարմամբ. երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը խաղին ոգևորություն հաղորդեց ընդամենը մեկ դրվագով` մեկ-երկու րոպե:
Մարկոսի, Աղվան Մկրտչյանի և Արազ Օզբիլիսի հատուկենտ ստացված հարվածները կտրված էին երեկվա խաղային դժգույն խճանկարից:
Պաշտպանության մասին` էլ չխոսեմ. եթե հյուրերն ունենային գեթ մեկ բարձրակարգ ֆուտբոլիստ, հաշիվը կարող էր խոշոր լինել:
Մերոնք երեկ այնքան անպաշտպան էին, որ սկսնակ ֆուտբոլիստների նման` նույնիսկ երկու անգամ սխալ կատարեցին եզրային նետումները:
Հինգ խաղ, չորս պարտություն, խփած երկու գոլ: Ու սա այն դեպքում, որ հավաքական առաջատարներից երկուսը ռմբարկուներ են եվրոպական ամենևին էլ ոչ ցածրակարգ առաջնություններում:
Եվրոպական խմբային առաջնության 53 հավաքականների մեջ` աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, մեր հավաքականից քիչ գնդակներ են խփել երկուսը` Անդորրան և Սան-Մարինոն: Մեր ցուցանիշն ունեն Մալթայի, Ղազախստանի և Ֆարերյան կղզիների հավաքականները:
Անկեղծ լինենք` հենց այս ոչ ֆուտբոլային երկրների մակարդակն էլ ունի մեր հավաքականի այսօրվա խաղը:
Հիմա ես չեմ ուզում դասական դարձած անձնավորված քննադատություն հնչեցնել, անարգանքի սյունին գամել մարզչին կամ ֆեդերացիայի ղեկավարին:
Դա շատ պարզունակ կլինի, ոչ համարժեք, նույնիսկ` իրական պրոբլեմը քողարկելու ձև:
Մեր կյանքում տիրող համատարծ լճացումը տարածվել է ֆուտբոլի վրա` դառնալով ինստիտուցիոնալ ճգնաժամի պատճառ:
Ինչ որակի երկիր ունենեք` ֆուտբոլն էլ այդպիսին է:
Մեկ-երկու օազսիսը չեն կարող փոխել անապատի միապաղաղությունը, գորշությունը:
Համակարգային լուծումներ են պետք, կառավարման նոր փիլիսոփայություն` ֆուտբոլային գործերում, առաջնահերթությունների շուրջ հանրային քննարկումներ, նաև` որոշակի սրբագրումներ:
Օրինակ, «ուժեղ առաջնություն-ուժեղ հավաքական» երկընտրանքը ֆուտբոլային մեր պատասխանատուները լուծեցին, թերևս արդարացիորեն` երկրորդի օգտին, սակայն արտերկրում հանդես եկող մեր իսկապես տաղանդավոր ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան ուրույն ձեռագիր կերտել հավաքականի համար:
Ստացվում է` ՀՖՖ ղեկավարության քաղաքականությունը նպաստում է Հենոների, Յուրաների միջազգային կայացմանը, սակայն նրանք չեն կարողանում նպաստել մեր հավաքականի կայացմանը:
Ուրեմն, վարվող քաղաքականության մեջ, մարտավարական առումով, ինչ-որ բան էն չէ, կամ էլ` հավաքականի ներսում լավ միջավայրի չկա, հոգեբանական մթնոլորտն առողջ չէ:
Վարդան Մինասյանի դեմ ոչինչ չունեմ, սակայն գուցե հավաքականի ղեկը նրան վստահելը ճիշտ էր այն փուլում, երբ «Փյունիկը» մեր ընտրանու բազային թիմն էր:
Հիմա ժամանակները փոխվել են, այլ լուծումներ են պահանջվում:
Կարող եմ մեկ տասնյակ այսպիսի հարցեր թվարկել, խելոք-խելոք դատողություններ անել, սակայն ամփոփեմ` մեր ֆոտբոլը համակարգաստեղծության անհրաժեշտություն ունի:
Առանց դրա` հաջողությունները, եթե նույնիսկ դրանք լինեն, թիթեռնիկի կյանք են ունենալու:
Սուրեն Սուրենյանց
Շարունակություն, նախորդ հրապարակումները՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից մինչև Տիգրան Սարգսյան (մաս երկրորդ)
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ. Վազգեն Մանուկյանից՝ մինչև Տիգրան Սարգսյան
Կադրային նշանակումները հաճախ վերաբերում են ոչ միայն կոնկրետ մարդկանց, նրանց հաջողություններին ու անկումներին, այլև դառնում են քաղաքական որևէ գործընթացի սկիզբ կամ ավարտ, նշանավորում են կոնկրետ քաղաքական միտումներ:
1990թ-ի օգոստոսի 4-ին, ՀԽՍՀ վերջին Գերագույն խորհուրդը Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրեց նախագահ: Դրանով Հայաստանում վերջ դրվեց կոմունիստական 70-ամյա մենիշխանությանը:
Հայաստանն ազատվեց ՀԿԿ-ի իշխանությունից, սակայն արդյո՞ք նոր իշխանությունները հրաժարվեցին նախկինների ծառայություններից:
Վստահաբար կարելի է բացասական պատասխան տալ:
Նախ, Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանն ընտրվեց նաև որոշ կոմունիստ պատգամավորների աջակցությամբ, որոնք տարբեր պատճառներով դեմ դուրս եկան հարազատ կուսակցության որոշմանը:
Այդ մարդկանց ծառայությունը հետո գնահատվեց հակակոմունիստական ՀՀՇ-ի և նրա ղեկավարի կողմից:
Օրինակ, Գագիկ Հարությունյանը, որը Կենտկոմի ամենևին էլ ոչ շարքային ներկայացուցիչ էր՝ դարձավ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, այնուհետև՝ երկրի փոխնախագահ ու վերջում էլ՝ հանգրվանեց Սահմանադրական դատարանի նախագահի հարմարավետ պաշտոնում:
Նույն Գագիկ Հարությունյանը՝ կարճ մի հանգրվանում, 1991թ-ի նախագահական ընտրություններից հետո՝ մինչև Խոսրով Հարությունյանի վարչապետությունը, ժամանակավորապես ղեկավարել է նաև Հայաստանի կառավարությունը:
Այդ պաշտոնում պարոն Հարությունյանն առանձնապես աչքի չի ընկել. ըստ ամենայնի՝ ժամանակավորի կարգավիճակը ազդել է նաև նրա գործառույթների բովանդակության վրա:
Սակայն Գագիկին վարչապետի պաշտոնում փոխարինեց մյուս Հարությունյանը՝ Խոսրովը, որը կոմունիստական իշխանության տարիներին եղել է Հայաստանի արդյունաբերական քաղաքներից մեկի՝ Չարենցավանի քաղաքապետը:
Խոսրով Հարությունյանն, ըստ քաջատեղյակների, երբեք էլ կառավարությունում լիարժեքորեն չի տիրապետել իրավիճակին, որովհետև սկզբունքային հակասություններ է ունեցել փոխվարչապետ Հրանտ Բագրատյանի հետ, որը վայելում էր կառավարող ՀՀՇ-ի անվերապահ աջակցությունը:
Հարությունյանը կառավարությունը ղեկավարեց մեկ տարի, սակայն նրա պաշտոնաթողությունը, կարելի է ասել, սկանդալային եղավ:
Բանն այն է, որ երբ խորհրդարանում ընդդիմությունը սուր քննադատության ենթարկեց 1993թ-ի բյուջեի նախագիծը, վարչապետ Խոսրով Հարությունյանն, ըստ էության, հրաժարվեց իր ներկայացրած փաստաթուղթը պաշտպանելուց:
Համաձայնեք՝ սա արտառոց վիճակ է: Հենց այս մոտիվով էլ՝ պարոն Հարությունյանը պաշտոնանկ արվեց՝ տեղը զիջելով Հրանտ Բագրատյանին:
Բագրատյանը մասնավոր զրույցներում ասում է, որ զույգ Հարությունյանները արգելակել են բարեփոխումների ընթացքը: Նրանք էլ, հավանաբար, կպնդեն, թե պետական ունեցվածքը պաշտպանել են նորերի ալան-թալանից:
Պատմություն ու ժամանակը կտան բոլոր հարցերի պատասխանը:
Սակայն՝ արդեն այսօր, հստակ է, որ Տեր-Պետրոսյանի իշխանությունը շատ շուտ կոմպրոմիսի գնաց կոմունիստական նոմենկլատուրայի կարկառուն ներկայացուցիչների հետ:
Ընդ որում, այդ համագործակցությունը շատ շուտով ինստիտուցիոնալ բնույթ կրեց:
Գագիկ և Խոսրով Հարությունյանները բացառություն չէին, նորանկախ Հայաստանի իշխանության մաս կազմեցին նաև ՀԿԿ կենտկոմի նախկին առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, շրջկոմի նախկին քարտուղար Վիգեն Խաչատրյանը և այլք:
Շատերն այն կարծիքին են, որ այսպիսով տեղի ունեցավ խորհրդային շրջանի կառավարման ավանդույթների ռեստավրացիա, ու Տեր-Պետրոսյանի իշխանությունն աստիճանաբար հեռացավ 88-ի շարժման ակունքներից:
«Ժամանակի մեքենան» վարեց Սուրեն Սուրենյանցը
Շարունակելի…
Վերջին երկու օրերը շրջադարձային կարելի է համարել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի գործում, ընդ որում՝ թե քաղաքական և թե իրավական հարթության մեջ:
Նախ՝ քաղաքականի մասին:
Այսօր կառավարությունն ազատել է Խաչատրյանին մարզպետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
Փաստորեն, այս դեպքում էլ՝ վճռորոշ եղավ ոչ թե կառավարության քաղաքական կամքը՝ իշխանությունը կրիմինալից մաքրելու հարցում, այլ՝ Լիսկայի «մեծահոգությունը»:
Ստացվում է՝ պաշտոնը մեր երկրում կարևորագույն կատեգորիա է. դրանով մարդկանց խրախուսում են, կամ պաշտոնից ազատելով՝ պատժում:
Համոզված եմ, որ իշխանությունն այսօր համարում է, որ արդեն պատժել է կրիմինալ հակումներ ունեցող մարզպետին, ասել կուզի՝ «վերևների» համար թեման այսքանով փակված է, մանավանդ որ՝ երեկ տեղի ունեցան նշանային մի քանի իրադարձություններ, որոնք հուշում են, որ իրավական հարթության մեջ՝ Լիսկան առնվազն անպատիժ է մնալու:
Որո՞նք են այդ իրադարձությունները:
Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որի ընթացքում խոսել է տարբեր թեմաներից, անգամ՝ մի քանի տարի հետո ֆիասկո է կանխատեսել Ադրբեջանի համար, սակայն այդպես էլ ոչ մի անդրադարձ չի եղել Գորիսի արյունահեղությանը, ոչ մի խոսք չի հնչել իշխանության կամ գոնե՝ Սուրիկ Խաչատրյանի քաղաքական պատասխանատվության մասին:
Ասուլիս է տվել զինդատախազ Գևորգ Կոստանյանը և հնարավորինս «մաքրել» է Լիսկային՝ ասելով, թե նա ոչ մի մասնակցություն չի ունեցել միջադեպին:
Այնպիսի տպավորություն է, որ նախաքննությունը կենտրոնացել է այն վարկածի վրա, որ Խաչատրյանն ու նրա ընտանիքը, թիկնապահներն ընդամենը դիմել են արդարացված ինքնապաշտպանության:
Լրագրողների հետ հարցազրույցում «քաջարի ինքնապաշտպանության» թեզը զարգացրել է նաև Լիսկան:
Նույն տարամաբանության մեջ է նաև Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի հայտարարությունը, որում մեկնաբանվում է Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածը՝ տեսագրության «ինքնատիպ» վերծանումով:
Վերջին հայտարարությունն հատկապես՝ արտառոց է, ցինիզմին հասնող արտառոց:
Նախ, մարզպետարանը խախտել է նախաքննության գաղտնիությունը:
Բայց նույնիսկ սա չէ արտառոցը, այլ այն, որ տարածքային կառավարման մարմինը նման լիազորությամբ պատվիրակված չէ:
Սա արժեզկում է պետական գերատեսչությունը, նրա ծառայությունը, առաքելությունը:
Փաստորեն, Սյունիքի մարզպետարանը ոչ թե պետական հիմնարկ է, այլ Լիսկայի ավազակախմբին ծառայող մասնավոր հիմնարկ:
Ինչևէ, դառնանք բուն թեմային և արձանագրենք, որ ակնհայտ քարոզչական ֆոն է ստեղծվում՝ իշխանության հովանավորությամբ. Խաչատրյանն ու նրա մարդիկ մատուցվում են զոհի կարգավիճակում, Բուդաղյան եղբայրները՝ նախահարձակ լինողի:
Սրանով փորձում են արդարացնել, լավ՝ գոնե մեղմացնել Խաչատրյանի, նրա որդու, շրջապատի քստմնելի արարքը:
Նման պրակտիկա մեզնում արդեն գոյություն ունեցել է, երբ «Հարսնաքարում» տեղի ունեցածը փորձ էր արվում ներկայացնել հետևանք նրա, որ Վահե Ավետյանն ու նրա ընկերները խմած են եղել:
Մի բան, սակայն, պատկան մարմինները լավ չեն պատկերացնում. եթե հանցագործությունը համակողմանիորեն և լրիվությամբ չի բացահայտվում, «ճիշտը» վերականգնելու առաքելություն ստանձնում են զոհերի հարազատները՝ արյունոտ վերջաբանով:
Սուրեն Սուրենյանց
Վերջին մեկ տարվա ընթացքում՝ Հայաստանում երեք աղկմկահարույց սպանություններ են եղել, որոնք բոլորն էլ, այս կամ այն կերպ, կապվում են իշխանությանը մոտ կանգնած մարդկանց հետ:
Դեռևս չէր ավարտվել «Հարսնաքարի» գործով դատաքննությունը, ընթացքի մեջ էր Գյումրիի վերջին իրադարձություններին առնչվող գործի նախաքննությունը՝ տեղի ունեցավ Գորիսի ոճիրը:
Մեզանում իշխանությունը լուրջ պրոբլեմ ունի՝ ոչ միայն այն պատճառով, որ սերտաճած է կրիմինալի հետ, այլ նաև՝ երևույթներին և իրադարձություններին արձագանքելու իմաստով:
Տեսեք, Գյումիրում եղան կրակոցներ՝ նոր միայն որոշվեց այդ քաղաքում զբաղվել ապօրինի զենք-զինամթերքով:
Մինչդեռ՝ նորմալ իշխանությունը պետք է փորձի կանխարգելիչ դեր ունենալ, կանխել հանցագործությունները:
Ընդ որում, կանխարգելիչ գործառույթն ենթադրում է ոչ միայն սրան-նրան պատժել, այլև, առաջին հերթին, համակարգային բարեփոխումներ իրականացնել:
Ոչ թե խոսքով, այլ գործով պետք է կրիմինալից մաքրել իշխանությունը:
Ես գիտեմ, որ այս իշխանության համար դա բարդ կլինի անելը, որովհետև ինքն՝ իշխանությունը, հենված է կրիմինալ վրա:
Այնուամենայնիվ, եթե Սերժ Սարգսյանն իսկապես բարեփոխումներ է ուզում, պետք է գնա դրան:
Իշխանության մեջ եղած կրիմինալին ոչ թե զսպել է պետք, այլ՝ մաքրել:
Պատկերավոր ասած՝ իշխանությունն իր ներսում շաբաթօրյակ պետք է կազմակերպի և մաքրի ներսի աղբը:
Այդ աղբահանության գործընթացում՝ պատգամավորի կամ պաշտոնյայի կարգավիճակից կարող են ոմանք զրկվել, իշխանությունն էլ կարող է զրկվել «տոկոս խփողներից», սակայն դրանից երկիրը հասատատ չի տուժի:
Ի վերջո, նույն Հանրապետականը պետք է սովորի, որ ընտրություններին մի օր մասնակցելու է մրցակցային հիմունքներով:
Եթե Սարգսյանի թիմը այս ճշմարտությունը չհասկանա, վաղ թե ուշ՝ նրան դա կհասկացնի ալեկոծված փողոցը: Սակայն պարտադրված դասն այլևս կարող է իշխանություններին պետք չգալ:
Իշխանությունը պետք է տարանջատվի բիզնեսից՝ վերջինի համար սեփականության պաշտպանվածության երաշխիքներ ստեղծելով:
Օլիգարխները պետք է հասկանան, որ պաշտոնը ծառայություն է, կոնկրետ ֆունկցիա և ոչ թե սեփական բիզնեսը պաշտպանելու կամ զարգացնելու միջոց:
Գործարարն իշխանությանը «մուծվելու» փոխարեն՝ պետք է դառնա պարտաճանաչ հարկատու:
Սերժ Սարգսյանի իշխանությունը կանգնած է եզրագծի վրա. կամ անում է այս և այլ բարեփոխումներ, կամ էլ՝ լրիվությամբ դառնում է քրեաօլիգարխիկ:
Առաջին ճանապարհը մեզ տանելու է դեպի քաղաքակիրթ աշխարհ:
Երկրորդ ճանապարհը՝ «Հարսնաքարի», Գյումրիի և Գորիսի հանցագործությունների «օրինականացումն» է, որը ենթադրում է բոլոր հարցերի լուծում հրազենի, մարդկային դիակների և ողբերգության միջոցով:
Իշխանությունն երկար մտածելու ժամանակ չունի: Ժամանակաչափը միացված է…
Սուրեն Սուրենյանց
Այս օրերին ակտիվորեն քննարկվում է այս կամ այն միությանը Հայաստանի ինտեգրվելու թեման:
Սա, ինչ-որ առումով, բնական է, որովհետև մեր երկիրը մոտ է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն, մյուս կողմից` ակնհայտորեն մեծացել է Ռուսաստանի ճնշումը` հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի նկատմամբ` Մաքսային միության անդամ նրանց դարձնելու ուղղությամբ:
Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունը, ընդդիմադիր հիմնական ուժերը զգուշանում են հստակ ձևակերպել իրենց դիրքորոշումը, ասել, թե միություններից որին ինտեգրումն առավել նպաստավոր կլինի Հայաստանին` դուռ բացելով իրական զարգացման համար:
Եզակիներն են միայն, որ արտահայտել են իրենց հստակ դիրքորոշումը:
Օրինակ, Արամ Կարապետյանը կողմ է, որ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, միանգամայն հակառակ կարծիք ունեն ազատ դեմոկրատները, ովքեր Հայաստանի զարգացումը տեսնում են եվրոպական ընտանիքում:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ Հայաստանի չեզոքության կողմնակից է:
Անկախ նրանից` այս գործիչների կարծիքներն ընդունում ենք, թե` ոչ, ողջունելի է, որ նրանք տեսակետ ունեն:
Բայց կրկնում եմ` դիրքորոշում ունեցողներն եզակի են:
Ուրեմն` Հայաստանի զարգացման հեռանկարը պետք է որոշի հասարակությունը` հանրաքվեի միջոցով:
Մանավանդ որ` Հայաստանի իշխանությունը չունի անհրաժեշտ լեգիտիմություն և նույնիսկ երկրի զարգացման, հեռանկարի հարցը ծառայեցնում է իր մասնավոր շահերին: Ասել կուզի, որ իշխանությունը միջազգային տանիք է փնտրում`իր երկարակեցության խնդիրը լուծելու համար:
Մինչդեռ` Եվրամիություն-Մաքսային միություն երկընտրանքը ստրատեգիական ընտրություն է ենթադրում, որում պետք է արտացոլվի ոչ թե իշխանության ցանկությունը, այլ` ժողովրդի կամքը:
Սուրեն Սուրենյանց
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.