23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն «անհեթեթ» (չակերտները Tert.am-ի) է որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությունը Լաչինի միջանցքի սկզբնամասում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Վճռականորեն հերքում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ արտահայտությունները, որոնք արել է ապրիլի 27-ի իր ելույթում հայ-ադրբեջանական սահմանին հսկիչ անցակետի տեղադրման մասին»,- ասվում է հայտարարության մեջ:
Բաքուն հայտնել է, որ «հայկական կողմի ցանկացած միջամտություն սեփական տարածքում [ադրբեջանական] սահմանային անցակետի բացմանը, որը Ադրբեջանի ներքին գործն է, ոտնձգություն է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ և հակասում է այն պարտավորություններին, որ ստանձնել է Հայաստանը Պրահայում և Սոչիում, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին» (չակերտները Tert.am-ի):

«Հայկական կողմի այդպիսի հայտարարությունները ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանդարտությանը, այլև դիտավորյալ կերպով ուղղված են լարվածության ավելացմանը»,- նշված է ադրբեջանական ԱԳՆ-ի հայտարարության տեքստում:
Նախարարությունն «անընդունելի և անհեթեթ» (չակերտները — Tert.am-ի) է որակել Փաշինյանի այն հայտարարությունը, որ «սահմանային անցակետի ստեղծումը հետապնդում է «էթնիկ զտումներ»։ «Գոյություն ունեն համապատասխան պայմաններ Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակիչների երկու ուղղություններով թափանցիկ, անվտանգ ու կանոնավոր երթևեկության համար», — ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ում:
Բաքվից հավելել են, որ ադրբեջանական կողմը երկխոսելու է «իր հայկական ծահում ունեցող բնակիչների հետ ադրբեջանական օրենսդրության շրջանակներում, իսկ երրորդ կողմերի միջամտությունն այդ հարցում անընդունելի է» (չակերտները — Tert.am-ի)։
Թուրք սերժանտ Ալի Օզը, որը մասնակցել է հազարավոր ալևի քրդերի ու հայերի կոտորածին Թուրքիայի Դերսիմի շրջանում 1937-38 թվականներին, ցնցող խոստովանություն է գրել այդ սպանություններում իր դերակատարության մասին։ Չափազանց վրդովվեցուցիչ է կարդալ սպանությունների մասին զարհուրելի մանրամասները։
Օզի նամակի աղբյուրը Հասան Սալթըքի արխիվն է․ նա Kalan Music-ի հիմնադիրն էր, որը ստեղծել է թուրքական և հայկական երաժշտության արժեքավոր ձայնագրություններ: Նա կյանքից հեռացել է երկու տարի առաջ։ Սալթըքը հարյուրավոր թուրքական պետական փաստաթղթեր ու լուսանկարներ ուներ, որոնցով կիսվել է մի քանի հետազոտողների հետ: Նրանցից մեկը Նևզաթ Օնարանն էր, որը շատ է գրել հայկական բռնագրավված կալվածքների մասին։ Պրոֆեսոր Թաներ Աքչամն ինձ տվեց Օզի նամակի պատճենը, որը նա ստացել էր Օնարանից: Աքչամը շնորհակալություն է հայտնել Նիլուֆերին՝ Սալթըքի կնոջը, նամակն օգտագործելու թույլտվության համար։
Սերժանտ Օզը 1946 թվականի դեկտեմբերի 17-ին նամակ է գրել ներքին գործերի նախարար Շուքրու Քայային՝ շնորհակալություն հայտնելով նրան աշխատանք գտնելու համար հզոր գեներալ Աբդուլլահ Ալփդողանի միջնորդությամբ, որը Աթաթուրքի կողմից Դերսիմի շրջան ուղարկված նահանգապետ-հրամանատարն էր՝ Դերսիմի կոտորածը կազմակերպելու համար։ Օզը Ալփդողանի թիկնապահն էր Դերսիմում։
Օզը նախարար Քայային գրած իր նամակում հայտնել է, որ իր բանակային գործընկեր Էթհեմը, որը իր հետ եղել է Դերսիմի կոտորածի ժամանակ, վերջերս այցելել է իրեն։ «Նա ամբողջովին կորցրել էր խելքը։ Նա ցնցված վեր էր կենում անկողնուց և բղավելով դուրս թռնում փողոց… Ես դժվարությամբ էի կարողանում նրան զսպել։ Երեխաները, որոնց նրանք սպանել են, անընդհատ անհանգստացնում էին նրան։ Նա չէր կարողանում քնել կամ ինչ-որ բան անել։ Մեծ դժվարությամբ նրան տարա Իզմիր՝ ընտանիքի մոտ և հանձնեցի նրանց։ Վերադառնալուց հետո լուր ստացա, որ նա կտրել է իր դաստակները և ինքնասպան եղել»։
Սերժանտ Օզը նկարագրել է Դերսիմում իր կատարած հանցագործությունների ազդեցության մասին։ «Այս միջադեպը խոր ազդեցություն թողեց ինձ վրա։ Այն տխուր դեպքերը, որոնք ես ապրել էի, սկսեցին մեկ առ մեկ վերադառնալ մտքումս: Իմ սպանած երեխաների աչքերը դոփում էին գլխումս, և ես նույնպես սկսեցի չքնել, չուտել։ Ես վեր եմ կենում ցնցված, կորցրել եմ ինքս ինձ։ Այնպես է լինում, որ չգիտեմ՝ ուր եմ գնացել, ինչ եմ արել»։
Օզը գրել է, որ իրեն ուղարկել են հոգեբույժի մոտ։ «Բժիշկն ինձ հանձնարարեց գրել այն ամենը, ինչ արել եմ և ստորագրել: Հիմա ես դեղ եմ ընդունում։ Ինձ երեք ամսով արձակուրդ տվեցին։ Բայց նախարար, մեր գեներալն ասաց. «Այստեղ [Դերսիմում] կատարվածի մասին չխոսեք ոչ մի քաղաքացիական անձի, նույնիսկ ձեր մոր կամ հոր հետ։ Հակառակ դեպքում բոլորդ կախաղան կբարձրացվեք։ Ես գրել եմ այդ բաները և ստորագրել։ Հիմա սկսել եմ վախենալ, թե արդյոք ինձ հետ ինչ-որ բան կարող է պատահել։ Ես խնդրեցի բժշկին վերադարձնել գրածս։ Անհնար է, նա չի տա»:
Օզը ներքին գործերի նախարարին պատմել է, թե ինչ է գրել իր հոգեբույժին. «Ես մասնակցել եմ Դերսիմի գործողությանը 1937-38 թվականներին։ Ես իմ գեներալի թիկնապահն էի։ Ավազակների հետ շատ բախումներ են եղել։ Մեր բռնած ավազակներին կամ հանձնվողներին սպանել ենք՝ կին, թե երեխա։ Բոլորի վրա բենզին ենք լցրել և վառել։ Երբեմն գեներալը հրամայում էր՝ բենզին լցնել նրանց վրա կենդանի վիճակում և վառել։ Գոռալով ու ճչալով նրանք վառվում էին ու մոխիր դառնում, նրանց մարմնի հոտն ամբողջութամբ այրել էր մեր քթանցքերը»:
Օզը շարունակեց իր սարսափելի հիշողությունները. «Գեներալին լուր եկավ Տերսեմեքից [Դերսիմ]. «Կանայք և երեխաները թաքնվել էին գետի ափին ինչ-որ զառիթափում, ի՞նչ անել»: «Բոլորին սպանեք և վառեք», հրամայեց գեներալը: Երկու ժամ անց լեյտենանտը ցուցումներ տվեց։ Բայց ոչ ոք չէր ուզում երեխաներին վնասել։ Նրանք չլսեցին հրամանները։ Գեներալը շատ զայրացավ։ Զինվորների ջոկատով ճանապարհ ընկանք։ Բոլորը կանգնել էին քար կտրած։ Նա սկսեց հարվածել լեյտենանտին և զինվորներին։ Հայհոյելով՝ նա ասաց. «Բոլորին բերեք այստեղ, որտեղ հարթ է»: Կանայք և երեխաները, բղավելով ու ճչալով, ողբալով ու հառաչելով, պաղատում էին գեներալի ոտքերի մոտ: Նրանց հագին և ոտքերին միայն ցնցոտիներ էին։ Բոլորի ձեռքերն ու ոտքերը կապել էին, բերանները խցկել կտորներով։ «Հիմա զինվորներ, ես դիմում եմ ձեզ, այս քիզիլբաշների [ալևիների] սերունդները բոլորը դավաճանների բճերն են, ձեր ընկերներին սպանողների բճերը, և եթե նրանք մեծանան, կշարունակեն սպանել ձեր եղբայրներին։ Նրանց պետք է ոչնչացնել։ Մենք արմատախիլ արեցինք հայկական սերունդը, մնացել են այս քրդերն ու քիզիլբաշները։ Եթե ուզում եք, որ ձեր երեխաները երջանիկ ապրեն այս երկրում, սպանեք առանց խղճահարության։ Կառավարությունը, մեր նախագահը, հանձնարարել է ջնջել, վառել, քանդել։ Ոչ ոք չի դատվի արած գործերի համար, ես խոստանում եմ ձեզ», ասաց նա»:
Հետո գեներալը հրամայեց. «Յուրաքանչյուրդ հերթով մեկ-երկու հոգու սպանեք»։ Խմբում լռություն տիրեց։ «Լեյտենանտ, սկսի՛ր, երկու հոգի բե՛ր», ասաց նա։ Բերեցին երկու երեխայի, նա կրակեց երեխաների գլխին։ Նրանք երկուսն էլ մահացան։ Երբ բանը հասավ երրորդ զինվորին՝ Դիարբեքիրից Սալիհին, նա մոտեցավ երեխաներին և ընկավ նրանց առաջ։ «Իմ հրամանատար, չեմ կարող, ես էլ երեխաներ ունեմ։ Երեխաներն անմեղ են, ասաց նա, այս թշվառները: Գեներալն ասաց՝ դու անիծյալ քուրդ ես, դա քո ցեղն է, դրա համար էլ ցավում ես, այնպես չէ՞։ Նա կրակեց զինվորի ճակատին և ասաց. «Ով չկատարի հրամանը, կարժանանա նրա բախտին»։ Այսպիսով, բոլորը սկսեցին սպանել մեկ կամ երկու կնոջ և երեխաների: Ամեն մահապատժից հետո գեներալն ինքն էր մեկ-երկու կրակոց արձակում նրանց գլխին՝ համոզվելու համար, որ մահացած են։
Յուրաքանչյուրը պետք է կատարեր իր պարտքը։ «Արի ինձ մոտ, սերժանտ [Օզ], քո հերթն է»։ Մնացել էին երեք փոքրիկ աղջիկներ։ «Զբաղվեք դրանցով», ասաց նա: Երեխաները կծկվել էին գետնին, կեղտոտել էին իրենց ցնցոտիներում և լաց էին լինում այդ թշվառ վիճակում։ Ես նայեցի նրանց աչքերի մեջ ու երեքին էլ սպանեցի։ Նրանց աչքերը խորապես խոցեցին հոգիս։ Ես չեմ կարողանում մոռանալ նրանց աչքերը: Այդ օրը մահապատժի ենթարկվեցին 70-80 երեխա և 30 կին։ Բոլորի մարմինները նետեցին Մուրատի ջրերը։ Գետը լցվեց արյունով։ Շատ զինվորներ ներում էին աղերսում։ Ես շատ մարդկանց եմ սպանել ու վառել, սակայն այդ երեխաների աչքերի պես խոցող աչքեր չեմ տեսել»։
Սերժանտ Օզն իր նամակն ավարտել է հետևյալ տանջալից գրառմամբ. «Ես ինչպե՞ս կարող եմ նայել իմ երեխաների աչքերին»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հեղինակավոր Time պարբերականը հրապարակել է հոդված՝ «Հայոց ցեղասպանությունը միայն մի՛ հիշեք. կանխե՛ք դրա կրկնությունը» վերտառությամբ:
Հոդվածի հեղինակն է Մարդու իրավունքների համալսարանական ցանցի ավագ ղեկավար Թոմաս Բեքերը: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.
«Ամեն տարի ապրիլի 24-ին մենք հիշում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ օսմանցիների ձեռքով զոհվել է մինչև 1,5 միլիոն հայ։ Բայց այս տարի մենք պետք է նաև անդրադառնանք այսօրվան, քանի որ հայերը կրկին բախվում են վայրագությունների մի նոր շարքի, որին աշխարհը հետևում է անտարբերությամբ: Անցած տարվա ընթացքում էթնիկ հայերը ենթարկվել են սպանությունների, սեռական խեղման, մշակութային ոչնչացման, իշխանությունների կողմից անմարդկային հայտարարությունների և հարձակումների մշտական սպառնալիքի. այդ ամենը եկել է Ադրբեջանից՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետության՝ Թուրքիայի անմիջական ռազմական և տնտեսական աջակցությամբ։ Իրավիճակը հասել է հումանիտար ճգնաժամի, քանի որ Ադրբեջանը խոչընդոտել է ընտանիքների, սննդի և բժշկական պարագաների տեղաշարժը Հայաստանի սահմանով. քայլ, որը դատապարտել է Արդարադատության միջազգային դատարանը և հենց երեկ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Այսօրվա հայերի համար այս վտանգը կրկին հայտնվել է 2020 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա», — գրում է հեղինակը՝ հիշեցնելով 44-օրյա պատերազմի և դրա հետևանքների մասին։
Բեքերը նկատում է, որ աշխարհի համար պատերազմն ավարտվել է, բայց գետնի վրա հայերի նկատմամբ դաժանությունը շարունակվում է։
«Բայց այն, ինչ ինձ ամենաշատն է հուզել Հայաստան կատարած իմ վերջին փաստահավաք այցի ժամանակ, որն իմ երրորդն է վերջին տարում, այն է, որ իրավունքների խախտումները, որոնց ես նախկինում ականատես էի Լեռնային Ղարաբաղում՝ ներառյալ առանց խտրականության սպանությունները, խոշտանգումները և կամայական կալանավորումները, այժմ Ադրբեջանի կողմից անպատժելիորեն իրականացվում են ինքնիշխան հայկական տարածքում»,- շարունակում է Բեքերը՝ մանրամասնելով, որ մարտին ինքը և իմ թիմը Հայաստանում փաստագրել են Ադրբեջանի կողմից վերջին ռմբակոծումների դեպքերը:
«Ամենից անհանգստացնողը, թերևս, այն տեսանյութերն էին, որոնք մեզ ցույց տվեց իր գյուղից փախած մի կին. դրանցում ներկայացված էր՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները գլխատում և անդամահատում կնոջ հարևանների մարմինները:Եվ երբ մենք հանդիպում էինք խոշտանգումների զոհերի և տեղահանված ընտանիքների հետ, զգոն էինք, քանի որ ադրբեջանցի զինվորները, որոնք դիրքեր էին տեղադրել մոտակայքում հայկական տարածքում, կրակում էին իրենց տեսադաշտում գտնվող մարդկանց վրա:
Ադրբեջանի նախապատրաստումը, հալածանքները, ապամարդկայնացումն ու ժխտումը, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ցեղասպանության «փուլ», Genocide Watch-ին դրդել է ցեղասպանության նախազգուշացում հրապարակել Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված հայերի համար: Միջազգային հանրության մյուս անդամները, ներառյալ Միացյալ Նահանգները, նույնպես տագնապ են հայտնել։ Անցյալ տարվա սեպտեմբերին հայկական գյուղերի գնդակոծումից հետո Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին և կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտեցին Ադրբեջանի հարձակումները, իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը կոչ արեց անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տնտեսական օգնությունը։ Վրդովմունքը, սակայն, անցողիկ էր, և Ադրբեջանը դեռևս պատասխանատվության չի ենթարկվել:
Երկու տարի առաջ այս օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատմություն կերտեց, երբ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ խոստանալով «զգոն մնալ ատելության՝ իր բոլոր դրսևորումներով քայքայիչ ազդեցության դեմ» և «վերահաստատելով հանձնառությունը բարձրաձայնելու և դադարեցնելու վայրագությունները, որոնք տևական սպիեր են թողնում աշխարհի վրա»։ Որպեսզի Բայդենի հայտարարությունները լինեն ավելին, քան պարզապես խոսքեր, ԱՄՆ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի զսպելու Ադրբեջանի հարձակումներն էթնիկ հայերի դեմ և ցանկացած հետագա ներխուժում ինքնիշխան հայկական տարածք: Նրանք, ովքեր հայերի նկատմամբ կոպիտ ոտնձգություններ են իրականացրել, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Մեր փաստահավաք ճամփորդության ընթացքում արված գրեթե յուրաքանչյուր հարցազրույցում գերակա էր մի թեմա. հայերը և Լեռնային Ղարաբաղի բնակիչները պնդում էին, որ ոտնձգությունները, որոնց մենք ականատես ենք եղել, տարածաշրջանից հայերին արմատախիլ անելու ավելի մեծ արշավի մի մասն են: Թեև ոմանք կարող են այս պնդումները որակել որպես խուճապային, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններն այլ բան են հուշում: Վերջին տասնամյակի ընթացքում ադրբեջանցի պաշտոնյաները կիրառել են Ռուանդայի ցեղասպանության և Հոլոքոստի ժամանակ օգտագործված լեզուն՝ հայերին անվանելով «քաղցկեղային ուռուցք» և «հիվանդություն», որը պետք է «բուժվի»: Վերջերս երկրի ավտորիտար առաջնորդ Իլհամ Ալիևը սպառնացել է «հայերին շների պես վտարել» և հայերին վերաբերվել որպես վիրուսով վարակված «հիվանդի»։ Բաքվի կառավարությունը նույնիսկ թողարկել է 2020 թվականի հատուկ նամականիշ, որում պատկերված է հատուկ հանդերձանքով անձ, որը «ախտահանում է» Լեռնային Ղարաբաղը։
Նույնչափ մտահոգիչ են Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանը նվաճելու մասին. Ալիևի իշխանության գալուց ի վեր պաշտոնյաները հայտարարել են, որ «մեր նպատակը հայերի լիակատար ոչնչացումն է», և պնդում են, որ հայերը «իրավունք չունեն ապրելու այս տարածաշրջանում»:
Ալիևը պնդել է, որ «Երևանն իրենց պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադառնան ադրբեջանական հողեր… Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է»։
Անցյալ շաբաթ նա հայտարարեց. «Մի օր հայերը կարող են արթնանալ և տեսնել Ադրբեջանի դրոշը իրենց գլխավերևում»:
Երբ բռնակալներն ու կռվարարները խոսում են, խելամիտ է ուշադրություն դարձնել նրանց ասածներին: Բառերը կարող են չսպանել, բայց դրանք հաճախ ուղղակիորեն հանգեցնում են գործողությունների, որոնք սպանում են», — եզրափակել է հոդվածագիրը:
Արցախի ԱԺ խմբակցությունները հանդես են եկել Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարությունների անթույլատրելիության մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները վերահաստատում են ԱՀ ԱԺ 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման այն շեշտադրումը, որ «ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»:
Արցախի ժողովուրդն ինքնորոշվելու իր որոշումն ընդունել և պատմական բնօրրանում ավելի քան երեք տասնամյակ դե-ֆակտո իրացրել է միանշանակ և ԽՍՀՄ օրենսդրության դրույթներին, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր նորմերի պահանջներին համապատասխան՝ առաջնորդվելով բացառապես ժողովրդավարության սկզբունքներով։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկման ենթակա չէ:
Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և իբրև թե Ստեփանակերտ-Բաքու բանակցությունների միջոցով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը, այնուամենայնիվ, Ադրբեջանի ղեկավարի՝ սպառնալիքներ պարունակող վերջին հայտարարությունները վկայում են, որ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, քամահրելով միջազգային հեղինակավոր կառույցների կոչերն ու որոշումները, ցեղասպանական գործողություններով ձգտում է հասնել իր հիմնական նպատակին՝ վերջնականապես հայաթափել Արցախը:
Անընդունելի ենք համարում ՀՀ վարչապետի այն տեսակետը, որ նա հնչեցրել է ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 18-ի նիստում, համաձայն որի Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փորձելով այդ ամենը հիմնավորել Մադրիդյան աշխատանքային փաստաթղթի մեկ կետով, 2022 թ. հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հայտնի հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնություններով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալմաաթայի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագիրը, անտեսելով հանդերձ, որ Հայաստանի Հանրապետությունն այդ փաստաթուղթն ընդունել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող սկզբունքային վերապահումներով։
Փաստորեն ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ըստ այդմ նպաստելով Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը:
Արցախի Հանրապետության ժողովրդի անունից դիմում ենք.
Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ վերստին հորդորում ենք՝ չշեղվել ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշման ուղեգծից, միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն կանխատեսելի հեռանկարի վրա, որ Արցախի պետականության գլխին կախված վտանգը կործանարար սպառնալիք է նաև Հայաստանի պետականության համար։
Աշխարհասփյուռ հայությանը` հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը շուրջ 130 օր գտնվում է շրջափակման մեջ, համախումբ և վճռական ջանքերով, ամենայն գնով կյանքի կոչել մեր համազգային ներուժը՝ սատար կանգնելով մեր ժողովրդի աննահանջ պայքարին։
Ռուսաստանի Դաշնությանը` լրացուցիչ դիվանագիտական և ռազմաքաղաքական միջոցներ ձեռնարկել մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում, անկախ աշխարհաքաղաքական իրադրության արդի զարգացումներից, վճռականորեն թույլ չտալ սպառնալի վտանգի տակ հայտնվի Արցախի ժողովրդի անվտանգությունը:
Միջազգային հանրությանը՝ չսահմանափակվել դե-ֆակտո կայացած Արցախի Հանրապետության ավելի քան 120 հազար խաղաղ բնակչության նկատմամբ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակման կապակցությամբ կարեկցանքի հայտարարություններով և դիմել միջազգային իրավական նորմերով ամրագրված գործնական միջոցների:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին` անկախ ձեր միջև հնարավոր տարաձայնություններից՝ ջանքեր գործադրել վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափով բանակցությունները:
Ստեփանակերտ
19. 04. 2023 թ.
«Ազատ հայրենիք» խմբակցություն
«Միասնական հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է 2020թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում բարձրաստիճան սպայի կողմից զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված առանձնապես ծանր և միջին ծանրության հանցանքներ առերևույթ կատարելու դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։
Քննչական խմբի ղեկավարի և խմբի քննիչների կողմից իրականացված մեծածավալ քննության արդյունքում դետալային ճշտությամբ վերականգնվել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքի, ինչպես նաև՝ Շուշի քաղաքի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ իրականացված յուրային ստորաբաժանումների բոլոր գործողությունները, որոնց վերաբերյալ նախաքննությամբ ստացված՝ մանրամասն տվյալները կարևոր նշանակություն ունեն արցախյան 44-օրյա պատերազմի և ունեցած կորուստների հանգամանքների օբյեկտիվ վերհանման համար։
Նախաքննության ընթացքում իրականացվել են մեծածավալ հարցաքննություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ, որոնք ընդմիջումներով կատարվել են օրեր շարունակ, առգրավվել և զննության են ենթարկվել քննության համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր փաստաթղթերը, մարտական գործողությունների վարման քարտեզները, տեսագրությունները, իրականացվել են քննչական և վարութային մեծածավալ գործողություններ։
Քննությամբ հիմնավորվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի առաջին օրերին՝ 2020թ․ սեպտեմբերի 28-ին, ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքն անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 07-ի սահմաններում, յուրային ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել է հակագրոհ, որի արդյունքում հաջողվել է ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկաները, նշված բարձունքում գտնվող հակառակորդի կենդանի ուժի հիմնական մասը՝ մի քանի տասնյակ զինծառայողի, որպես ռազմավար վերցվել է երկու զրահափոխադրիչ և նույն օրը՝ ժամը 09։50-ին, յուրային ստորաբաժանումներին, զոհեր և վիրավորներ տալու գնով, հաջողվել է վերահսկողության տակ վերցնել «Արեգա» բարձունքը։
Նույն օրը՝ ժամը 16-ի սահմաններում, բարձրաստիճան սպան «Արեգա» բարձունքի միջնամասում, հանդիպել է հակագրոհի օպերացիան ղեկավարած զորամասի հրամանատարի տեղակալներին, օպերացիայում ներգրավված ստորաբաժանման ղեկավարին և տեղեկացել իրադրության մասին առ այն, որ «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, հակառակորդի թիկունքային ապահովման ճանապարհը գտնվում են յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ։ Ապա վերջինս, չունենալով իր վերադասի կողմից նշված վայր այցելելու և այդ վայրում որևէ մարտական առաջադրանք կատարելու վերաբերյալ կարգադրություն կամ հրաման, ինչպես նաև այդպիսիք իրականացնելու լիազորություն, օժտված չլինելով հակագրոհի օպերացիայում ընդգրկված՝ յուրային ստորաբաժանումների անձնակազմին հրամաններ տալու լիազորությամբ, օպերացիան փաստացի ղեկավարող սպային անհիմն հրամայել է ենթակա անձնակազմի հետ միասին թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել։
Վերջինս հրաժարվել է կատարել տրված հրամանը՝ պատճառաբանելով, որ «Արեգա» բարձունքն արդեն իսկ գտնվում է յուրային ստորաբաժանումների վերահսկողության տակ, իրենք զբաղեցնում են գերիշխող դիրք։ Բարձրաստիճան սպան կրկին պահանջել է կատարել իր հրամանը, կապ է հաստատել հակագրոհը ձեռնարկած զորամասի հրամանատարի հետ, և, օգտագործելով նախկինում վերջինիս նկատմամբ անմիջական պետ հանդիսանալու հանգամանքը, իր՝ զինվորականի հեղինակությունը, պնդել և պահանջել է անհապաղ կատարել իր հրամանը՝ ավելացնելով, որ պաշտպանության խորքից է գալիս, իրավիճակին ավելի լավ է տիրապետում։
Զորամասի հրամանատարը ենթակա անձնակազմին հանձնարարել է կատարել բարձրաստիճան սպայի հրամանը և նահանջել ազատագրած բարձունքից, որի հետևանքով հակառակորդն առանց դիմադրության առաջացել և նույն օրը՝ ժամը 23։00-ի դրությամբ, վերահսկողության տակ է վերցրել «Արեգա» բարձունքը, հարակից մարտական դիրքերը՝ զբաղեցնելով գերիշխող դիրք։ Հետագայում՝ 2020թ․ հոկտեմբերի 3-ին և 5-ին, յուրային ստորաբաժանումների կողմից «Արեգա» բարձունքը հետ գրավելու նպատակով իրականացված հակագրոհները ձախողվել են, որոնց ժամանակ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ:
Քննությամբ հիմնավորվել է նաև, որ 2020թ․ հոկտեմբերի 27-ին, հակառակորդի ստորաբաժանումներին հաջողվել է տիրել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղին, որից հետո բարձրաստիճան սպայի կողմից նույն օրը գրավոր կազմված փաստաթղթում նշվել է, որ հակառակորդի ստորաբաժանումների նպատակը հանդիսանում է Շուշի բնակավայրին տիրելը։
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հակառակորդին հաջողվել է ամբողջությամբ տիրել Սղնախ բնակավայրին և առաջխաղացումը զարգացնել դեպի Քարին Տակ — Շուշի բնակավայրերի ուղղությամբ, որի մասին տեղեկատվությունը զեկուցվել է բարձրաստիճան սպային։
Հոկտեմբերի 30-ին բարձրաստիճան սպայի կողմից արձակվել է մարտական կարգադրություն, որով յուրային ստորաբաժանումներից մեկին հանձնարարվել է հոկտեմբերի 31-ից Քարին Տակ բնակավայրի ուղղությամբ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով պաշտպանություն ստանձնել Քարին Տակից 4 կիլոմետր հարավ և 2 կիլոմետր հարավ-արևելք բնագծով։ Նույն կարգադրությամբ արձանագրվել է, որ պաշտպանության այդ բնագծի աջակողմյան հատվածում յուրային ստորաբաժանումներ տեղակայված չեն:
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, մինչև պաշտպանական բնագիծ զբաղեցնելը, պարզվել է, որ տվյալ բնագիծն արդեն իսկ անցել է հակառակորդի վերահսկողության տակ, որի մասին զեկուցվել է վերադաս հրամանատար հանդիսացող բարձրաստիճան սպային։ Արդյունքում պաշտպանական բնագծի ճակատը կրկնակի կրճատվել է, զեկուցվել է, որ աջակողմյան հատվածը և իրենցից հետ զորք տեղակայված չէ, որի պայմաններում հակառակորդը հեշտությամբ կարող է այդ հատվածով մոտենալ Շուշի-Լիսագոր ավտոմայրուղուն։
Ունենալով նշված բոլոր տեղեկությունները, Մ․Ա․-ն չի հանձնարարել նշված հատվածներում զորք տեղակայել, որի հետևանքով հակառակորդը, օգտագործելով բնագծի չպահվող հատվածի բարենպաստ հանգամանքը, 2020թ․ նոյեմբերի 2-ին՝ կեսօրին, աջ թևից շրջանցել է յուրային զորքերին և առաջացել Շուշի քաղաքի և Լիսագոր բնակավայրի միջտարածություն, ինչի մասին նույնպես զեկուցվել է վերադաս հանդիսացող բարձրաստիճան սպային։
Մայրուղու հատվածում հակառակորդի խմբերին դիմակայելու համար համաչափ պաշտպանության կազմակերպման բացակայության պայմաններում, նոյեմբերի 4-ին՝ ժամը 02:00-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդի խմբերին հաջողվել է հատել Շուշի-Լիսագոր մայրուղին, անցնել «Իսահակի Աղբյուր» կոչվող տեղամասի ձորերի ու բարձունքների ուղղությամբ, կուտակել իրենց ուժերը և առաջխաղացումը զարգացրել դեպի Շուշի քաղաք։
Ընդ որում, նախաքննությամբ պարզվել է, որ հոկտեմբերի 31-ին յուրային ստորաբաժանման կողմից զբաղեցրած բնագծի աջակողմյան տեղամասում, ինչպես նաև Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն կազմակերպելու համար բարձրաստիճան սպան դեռևս հոկտեմբերի 30-31-ից հնարավորություն է ունեցել կիրառելու ընդհանուր շուրջ 550 զինծառայողներից բաղկացած թվով 4 ստորաբաժանում, որոնք տվյալ ժամանակահատվածում ներգրավված չեն եղել ինչպես Շուշիի, այնպես էլ որևէ այլ ուղղությամբ մարտական խնդիրների կատարմանը։
Ստեղծված իրադրությունը ճիշտ չգնահատելով՝ բարձրաստիճան սպան անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել լրացուցիչ ուժեր և միջոցներ ստանալու ուղղությամբ, Շուշիի պաշտպանողական օպերացիան կազմակերպել է կանոնավոր բանակի ստորաբաժանումների սակավաթիվ ուժերով, իսկ որոշ դեպքերում նաև՝ ստորաբաժանումների ժամանակավրեպ կիրառմամբ, ինչպես նաև աշխարհազորի ուժերով: Մինչդեռ, նույն ժամանակահատվածում համապատասխան քայլեր ձեռնարկելու արդյունքում Շուշիի պաշտպանողական օպերացիայում կարող էին կիրառվել շուրջ 600 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի մարտունակ ստորաբաժանումներ, ինչպես նաև զորահավաքային ռեսուրսից զորակոչված զինծառայողներից ստեղծված այլ ստորաբաժանումներ։
Բացի այդ, բարձրաստիճան սպան մինչև 2020թ․ նոյեմբերի 6-ը ներառյալ վերադասին գրավոր կարգով զեկուցել է, որ շարունակում է խնդիրը կատարել, այդ թվում՝ Շուշի քաղաքի ուղղությամբ, իրադրությունը ներկայացրել է բարդ, բայց վերահսկելի, և դա այն պայմաններում, որ նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, հակառակորդի խմբերին հաջողվել է ներթափանցել Շուշի քաղաք։
Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանողական օպերացիայի կազմակերպման ընթացքում բարձրաստիճան սպան չի ապահովել զորքերի մարտական հնարավորությունների արդյունավետ օգտագործումն ու սահմանված ժամկետներում առաջադրված խնդիրների հաջող կատարումը, չի վերահսկել առաջադրված խնդիրների կատարումը և չի ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, խախտել է զորքերի միանձնյա ղեկավարման սկզբունքը, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, օպերատիվությունը, ներդաշնակ և լիարժեք հրամանատարությունը, նրա որոշմամբ պաշտպանողական օպերացիայում ստորաբաժանումները ներգրավվել են ժամանակավրեպ, որպիսի գործողությունների հետևանքով հակառակորդի ստորաբաժանումները, զարգացնելով առաջխաղացումը, նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել են Շուշի քաղաք՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ տիրելով Շուշիին և դրա մատույցներին, իսկ յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառվելու հետևանքով կրել են կորուստներ:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար բարձրագույն սպայական կազմի՝ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում կրող սպայի՝ Մ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով և 376-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկվել է դատարան՝ ըստ էության քննելու։
Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել, հայկական բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է։ Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Իրավիճակը հարաբերական կայուն է։ Մարտական գործողություններ չկան։ Դիրքային փոփոխություններ չեն եղել։ Մնացած տեղեկատվությունը պաշտպանական գերատեսչությունը ժամանակ առ ժամանակ կտրամադրի»,- ասաց Խաչատրյանը։
Ներկայացնելով ապրիլի 11-ի Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական սադրանքի մանրամասները ՝ Խաչատրյանը նշեց, որ ադրբեջանական մեքենան իրենց կողմից վերահսկվող տարածքից մոտեցել է հայկական դիրքերին բանակցությունների պատրվակով և պահանջել հայ զինծառայողներից դադարեցնել ինժեներական աշխատանքները։
«Մերոնք արժանի պատասխան են տվել, և պատասխանից հետո մարտական գործողություններ են սկսել։ Բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է, մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորը նշեց, որ մարտական գործողությունները դադարացնելու հարցում որևէ երրորդ կողմի միջնորդություն չի եղել, այն դադարեցվել է Հայատանի Հանրապետության ուժային գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների և Ադրբեջանի ներկայացուցիչների խոսակցությունների արդյունքում։
«Հարցը այսպես է դրվել՝ շարունակում ենք կռվե՞լ, վերածվո՞ւմ է պատերազմի, թե՞ դադարեցնում ենք։ Վստահ եմ, որ դադարեցման հարցում մեծ դեր է ունեցել նաև այն, որ մեր բանակը իր դիրքերում ամուր կանգնել է և պատասխան հարված է տվել»,- ընդգծեց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի ինժեներական աշխատանքներ չիրականացվեն։
«Հայկական կողմն այնտեղ շատ լուրջ ինժեներական աշխատանքներ է իրականացնում, իսկ դա, իհարկե, ադրբեջանցիների դուրը չի գալիս և փորձում են ամեն կերպ խափանել աշխատանքները»,- նշեց Խաչատրյանը;
Ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
Կառավարության նախորդ նիստին տեղեկացրի, որ Հայաստանը Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավոտճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի միջանցք երթուղու փոփոխություն, ինչի արդյունքում Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտ 12 կմ-անոց հատվածի պահպանությունը պիտի ստանձնեն ՀՀ սահմանապահ զորքերը: Այս մասին յսօր՝ ապրիլի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ նշեց. «Պատճառն այն է, որ մինչ այդ սահմանի նշված հատվածի անմիջական պահպանություն չէր իրականացվում ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի կողմից նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Լաչինի միջանցքի ժամանակավոր երթուղին ապահովելու համար:
Եվ ահա սահմանի անմիջական պահպանության ստանձնման ժամանակ, ինչպես հայտնի է, որոշակի խնդիրներ են առաջացել ինչի մասին տեղեկացրել էր ԱԱԾ-ն՝ ընդգծելով, որ երկու կողմերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում, ըստ հայկական կողմի մեր գնահատականի, ադրբեջանական կողմը դիրքավորվել էր եւ ինժեներական աշխտանքներ էր իրականացրել սահմանից 100-300 մետր առաջ Հայաստանի տարածքում: Դրանից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը: Այս ընթացքում սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքներ են տարվել եւ իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:
Մասնավորապես, 12 կմ-ից 7 կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:
Մեր տրամադրվածությունը եղել է եւ շարունակում է մնալ իրավիճակի էսկալացիայից խուսափելը»:
Նա հույս հայտնեց, որ սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման աշխատանքները կիրականացվեն կառուցողական մթնոլորտում։ Փաշինյանը հավելեց, որ ՀՀ–ին հարկավոր է ամուր նյարդեր և զսպվածություն` տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար։ Ի հեճուկս բոլոր դժվարությունների, ՀՀ–ն վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին, եզրափակեց նա։
Երեկ ուշ երեկոյան Արցախի ռուս խաղաղապահները փորձել են մեր արցախցի հայրենակիցներին՝ թվով 27 անձի, Հայաստանից տեղափոխել Արցախ։ Նախնական պայմանավորվածության համաձայն ոչինչ չպետք է խանգարեր այդ տեղափոխությանը, սակայն Շուշիի հատվածում՝ պսեւդոէկոլոգների կանգնած հատվածում, խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ մտնող մեքենաները կանգնեցվել են, ադրբեջանցիներից ոմանք անգամ բարձրացել են ավտոբուս, ինչի պատճառով արցախցի 4 կանանց ինքնազգացողությունը վատացել է։ Բանակցություններն, ըստ Արցախի պաշտոնական շրջանակների հաղորդած տեղեկատվության, ավարտվել են անարդյունք, արցախցիներից մի քանիսին՝ ում ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենաներով հասցրել են Ստեփանակերտ, իսկ մյուսներին հետ են ուղարկել Գորիս։
Իսկ այժմ այն տեղեկատվությունը, որը ձեռք ենք բերել մեր հավաստի աղբյուրներից, որը ներկայացնում է, թե իրականում ինչ է տեղի ունեցել․
Ռուս խաղաղապահները՝ ադրբեջանցիների հետ նախնական պայմանավորվածությամբ իրականացրել են մի օպերացիա, որը տեղավորվում է Արցախը զավթելու եւ ինտեգրելու Ադրբեջանի ծրագրերի մեջ։ Նրանք՝ նախնական համաձայնության գալով ճանապարհը փակած հրոսակների հետ, արցախցի խաղաղ, անզեն բնակիչներին տարել են ուղիղ դրանց որջը, հանձնել նրանց հայեցողությանը, որպեսզի հերթական անգամ ցուցադրեն՝ Ադրբեջանի հետ ինտեգրմանը այլընտրանք չկա։ Ռուսների թողտվությամբ են «էկոակտիվիստ» կոչվող զավթիչները բարձրացել ավտոբուս եւ ահաբեկել հայ կանանց։ Ապա նույն ռուս խաղաղապահները ոչ թե Ստեփանակերտից են բժիշկներ կանչել, այլ ադրբեջանական շտապօգնության մեքենաներ են հրավիրել, որոնցով էլ ինքնազգացողությունը վատացած հայ կանանց հասցրել են Ստեփանակերտ։
Ստեփանակերտում մարդիկ ապշահար են եղել՝ երբ տեսել են քաղաք մտնող ադրբեջանական շտապօգնության մեքենաները։ Իսկ երբ խաղաղապահներից բացատրություն են պահանջել, թե ինչու են ադրբեջանական շտապօգնություն կանչել, սրանք արդարացել են, թե՝ մարդկանց կյանքը փրկելու համար են գնացել այդ քայլին։
Երեկվա միջադեպից վերջնականապես պարզ է դառնում, որ Ռուսաստանը դանդաղ հանձնում է Արցախը եւ արդեն բացահայտորեն մասնակցում է Արցախն ադրբեջանականացնելու նենգ ծրագրի իրականացմանը։ Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ռուսական զինված զորախումբը, որն Արցախը պաշտպանելու եւ նրա կապը Հայաստանի հետ ապահովելու առաքելություն ունի, ինչու է թույլ տալիս, որ ադրբեջանցի ագրեսորն ամեն օր մի բան գրավի Արցախից, մի տարածքում առաջ գա, նաեւ՝ հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգման ենթարկի Արցախի հայությանը։
Նյութի աղբյուրը՝ Hraparak.am
«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.
«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն միջոցներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել։ Ադրբեջանական բանակի տանկային ստորաբաժանումները համազորային հրաձգարանում կատարել են մարտական պատրաստության տարբեր վարժանքներ։ Իսկ հրետանային ստորաբաժանումներում մարտական կրակոցով մարտավարական վարժանքներ են անցկացվել։
Ապրիլի 1-ին Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների ղեկավարները։
Վերլուծելով ադրբեջանա-հայկական սահմանին և Լեռնայաին Ղարաբաղում ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել։ Նա հայտարարել է, թե Ալիևը բարձր է գնահատել երկրի բանակի վերջին ռազմական գործողությունները։
Ապրիլի 3-ին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ադրբեջանում գտնվող թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ներկա վիճակը և հեռանկարները։
Հասանովը Ս.Բայրաքթարին պարգևատրել է «Ռազմական համագործակցության բնագավառում ունեցած վաստակի համար» մեդալով։ Ալիևը ևս ընդունել է Սելջուկ Բայրաքթարին և խոսել Արցախի դեմ ագրեսիայում ընկերության արտադրանքի դերի մասին:
Հայ-ադրբեջանական հարաբերություններում ընթացող զարգացումների մասին
Շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերը սկսել են հենակետեր տեղակայել Տեղ գյուղի հողերում։
ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել Է, թե ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ի շահ Հայաստանի անվտանգության ապահովման: Իսկ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, թե Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության հետ կապված ռիսկերի պատճառով իրավիճակը հղի է լուրջ ապակայունացմամբ։
Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը հայտարարել է, որ եթե այս գարնանը ադրբեջանական հարձակում չլինի, ապա կարելի է ասել, որ ԵՄ առաքելությունը հաջողել է։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան, անդրադառնալով Ռիտերի հայտարարությանը, նշել է, թե ԵՄ-ն շահագրգռված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման հարցում։
Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը հայտարարել է, թե Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ։
Բայրամովը Իսրայելի նախագահ Գերցոգին տեղեկացրել է այն լայնածավալ շինարարության մասին, որը Ադրբեջանն իրականացնում է Արցախից գրավված տարածքներում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լաչինի շրջանում հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մասիմ Մամեդովին։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Լաչին քաղաքում կառուցվում է մոտ 500 տուն։ Նա հավելել է, թե սկսել են Աղավնո (Զաբուխ) և Սուս գյուղերի ամբողջական վերակառուցման գործընթացը։ Ավելի քան 1000 մարդ կտեղավորվի Աղավնո գյուղում, ավելի քան 300 մարդ՝ Սուս գյուղում։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե Ակնայի (Աղդամի) արդյունաբերական պարկում և «Արաքսի հովտի տնտեսական գոտի» արդյունաբերական պարկում (Ջրական) գրանցված 24 նախագծերում նախատեսվում է մոտ 138 մլն մանաթի ներդրում կատարել: Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Շուշիում ռադիո-հեռուստատեսային կայանի նախագծումն ավարտվել է, իսկ շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին։
Լաչինի միջանցքի փակման մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել Լաչինում գերիշխող բարձունքները։ Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանի ղեկավար Լորան Վոքիեն հայտարարել է, թե իրենց շրջանը Արցախի համար հումանիտար շարասյուն կկազմակերպի։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման նպատակով։
Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրանք է անվանել Լաչինի ճանապարհին հումանիտար ավտոշարասյուն կազմակերպելու պատրաստակամության մասին Վոքիեի հայտարարությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի տարածքում սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն եղել։
Կալիֆորնիայի նահանգային խորհրդի անդամ Քրիս Հոլդենն իրավական հարցերով հանձնաժողովին է ներկայացրել AJR 1 միջոցը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակումը և ԱՄՆ կառավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել արցախահայերին օգնելու համար: Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։
Տարածաշրջանային ծրագրերի մասին
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյան Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավորվել «3 + 3» ձևաչափով։ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, թե Հունգարիան նախատեսում է պայմանագիր ստորագրել Ադրբեջանից գազի մատակարարման համար։
Էրդողանը Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ հանդիպմանը հայտարարել է, թե իրենք Ադրբեջանի հետ պատրաստ են հնարավոր աջակցություն ցուցաբերել Տրանսանատոլիական (TANAP) գազատարով Հունգարիա բնական գազի մատակարարման համար։
Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին
ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս հայտարարել է. «Իրանը չի հանդուրժի սիոնիստական տարրերի առկայությունը տարածաշրջանի երկրներում և դիմակայելու է դրան»։
Նա նշել է, որ մյուս խնդիրը սիրիացի ահաբեկիչների առկայությունն է, որոնք տարածաշրջան են տեղափոխվել Արցախյան պատերազմի ժամանակ, և Իրանը չունի որևէ հիմնավոր ապացույց՝ տարածաշրջանից այդ տարրերի հեռանալու վերաբերյալ։ Հեյդարին հավելել է, թե Իրանը հարգում է հարևան երկրների սահմանները և թույլ չի տա, որ դրանք փոխվեն։
Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոհենը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, թե Ադրբեջանի հետ պետք է համատեղ գործեն Իրանի դեմ, չպետք է թույլ տալ այդ երկրին ընդլայնել իր միջուկային ներուժը։
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է բացատրեն իրենց «հակաիրանական համագործակցությունն» Իսրայելի հետ։ Նա Ադրբեջանին կոչ է արել հասկանալ իսրայելական վարչակարգի իսկական մտադրությունները:
Քանաանիի հայտարարությունը դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին, որոնք հերթական անգամ Իրանին մեղադրել են Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալու համար։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ մահափորձի մասին և դրանում տեսել «իրանական հետք»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն Թեհրանին մեղադրել է Մուստաֆայի նկատմամբ «ահաբեկչություն» կազմակերպելու մեջ՝ դժգոհելով նաև Իրանի կողմից «սադրանքներից» և «Իրանա-հայկական եղբայրությունից», որը «սպառնալիք է մնում տարածաշրջանի համար»:
Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին՝ կապված այդ երկրի ԶԼՄ-ների կողմից Իսլամական Հանրապետության դեմ ձեռնարկած վիրավորական միջոցների հետ։ Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավիին կանչել են արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան է հանձնվել Բաքվի բողոքի նոտան։
Իսրայելի Թել Ավիվ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը։ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա է անցկացվել։ Ցուցարարները պահանջել են փակել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։
Լավրովը առկա խնդիրների լուծման գործում Իրանին և Ադրբեջանին օգնելու պատրաստակամություն է հայտնել։ Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանում շարունակվել է «իրանական լրտեսների» փնտրտուքը, և դրա հետ կապված ավելի քան 400 կրոնական գործիչ և ակտիվիստ է ձերբակալվել:
Այլ թեմաներ
ԱՄՆ-ն ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը հայտարարել է, թե Ադրբեջանի և Իսրայելի միջև 200 միլիոն դոլարի ներդրումային փաստաթուղթ կստորագրվի։
Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը Ալիևի ընտանիքին պատկանող «PASHA Holding» ընկերությունների խմբի աջակցությամբ և Իսրայելի «Technion» ինստիտուտի հետ համագործակցությամբ ադրբեջանական կիբերանվտանգության կենտրոն է ստեղծե»։
2023 թվականի մարտի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2022 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Զեկույցն ընդգրկել է 198 երկիր և տարածք, ներառյալ Հայաստանը:
Զեկույցի գործադիր ամփոփագիրը նկարագրում է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները. «ընդհանուր առմամբ, ընտրությունները լավ են կառավարվել, և մրցակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել։ Ընտրությունները, սակայն, բնութագրվել են նաև ուժեղ բևեռացմամբ և խաթարվել են ավելի ու ավելի բորբոքված հռետորաբանությամբ: Դիտորդական առաքելությունը նշել է, որ «ընտրությունների օրվան նախորդող ժամանակահատվածում կոշտ, անհանդուրժողական, բորբոքված և խտրական հռետորաբանության բարձր մակարդակը արատավորել է բանավեճը»։ Մյուս թերությունները ներառել են նախընտրական միջոցառումներին մասնակցելու համար ճնշում գործադրելու դեպքերը, ձայների գնման մեղադրանքները, իշխող կուսակցության և պետության միջև սահմանի լղոզումը, վարչական միջոցների ենթադրյալ չարաշահումը, քարոզարշավի ֆինանսավորման անբավարար դրույթները և ընտրական բողոքներ ներկայացնելու թույլ կողմը»:
Հայաստանում մարդու իրավունքների տարբեր խախտումների վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է, որ «ըստ արժանահավատ հաղորդումների՝ եղել են անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումներ, բանտային կոշտ պայմաններ, կամայական ձերբակալություն կամ կալանավորում, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ, կամայական կամ անօրինական միջամտություն անձնական կյանքին, խոսքի ազատության սահմանափակում և հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումներ: Կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»:
2022 թվականին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է. «Տեղեկություններ են եղել, որ ադրբեջանական ուժերը սեպտեմբերին կատարել են ապօրինի սպանություններ և ցուցաբերել դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք հայկական ուժերի նկատմամբ»:
Պետդեպարտամենտը «Կամայական կյանքից զրկելու և այլ անօրինական կամ քաղաքական դրդապատճառներով սպանություններ» ենթավերնագրի ներքո մտահոգություն է հայտնել․ «բանակում ոչ մարտական մահերի և այդ մահերի վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից արժանահավատ հետաքննություն չանցկացնելու կապակցությամբ»։
Այնուհետև Պետդեպարտամենտը մանրամասնել է ընտրությունների հետ կապված հետագա խնդիրները. «Ընտրություններին առնչվող կամայական ձերբակալությունների մասին հաղորդումները շարունակվել են։ Իրավապահները Տավուշի մարզում սեպտեմբերի 25-ի ընտրությունների օրը ձերբակալել են ընդդիմադիր կոալիցիայի՝ «Ուժեղ համայնքի» հետ կապված համայնքապետարանի երկու աշխատակցի: Այս ձերբակալությունները հաջորդել են 2021 թվականի հունիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրանից հետո Սյունիքի մարզում ընդդիմության հետ կապված չորս քաղաքապետերի կալանավորմանը»։
Լուրջ խնդիրներ են եղել նաև դատարանների հետ կապված. «դատական համակարգը չի դիտարկվել որպես անկախ կամ անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով: Չհաստատված տեղեկություններ են եղել դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին: Գործերի մեծ ծանրաբեռնվածությունը, հանրային վստահության բացակայությունը և կառավարության ճնշման մասին պնդումները չեն քաջալերել պրոֆեսիոնալներին դիմել դատական պաշտոնների: Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են զեկուցել դատավորների մասին, որոնք ձեռք են բերել զգալի քանակությամբ գույք և ունեցվածքներ, որոնք անհամաչափ են նրանց աշխատավարձին և շարունակել են նշել, որ բոլոր գործող դատավորների ստուգման բացակայությունը՝ հիմնված անաչառ չափանիշների վրա, մասնավորապես՝ Գերագույն դատարանում, Դատական խորհրդում և Սահմանադրական դատարանում խարխլել են դատական համակարգի պարկեշտությունը։ Նրանք նաև նշել են, որ գործող դատավորների տարեկան ունեցվածքի հայտարարագրման ստուգումները սահմանափակ են իրենց շրջանակում և չեն օգնել կաշառված դատավորների հեռացմանը»:
Պետքարտուղարության զեկույցի 2-րդ բաժինը վերաբերում էր «Քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանքին»: «Խոսքի ազատությունը, այդ թվում՝ մամուլի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների» ենթավերնագրի ներքո, զեկույցում ասվում էր, որ «կառավարությունը հիմնականում հարգում է այս իրավունքը, թեև որոշ սահմանափակումներով»։
Զեկույցում «Բռնություն և ոտնձգություն» թեմայով, ասվում էր. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե տեղական ՀԿ-ն մեկ տարվա ընթացքում հաղորդել է 16 լրագրողների նկատմամբ բռնության 14 դեպքերի մասին, որոնց մեծ մասը եղել է իրավապահների կողմից և տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները լուսաբանում էին ընդդիմության ցույցերը»։
Զեկույցում «Խաղաղ հավաքների ազատության» վերաբերյալ ասվում է. «մինչ կառավարությունը, ընդհանուր առմամբ, հարգում էր հավաքների ազատությունը, եղել են որոշ սահմանափակումներ, մասնավորապես՝ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների նկատմամբ, ոստիկանության դաժանությունը ցուցարարների և լրագրողների նկատմամբ և ցուցարարների կամայական կալանավորումը… Հունիսի 2-ին «Կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու» կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունը, բռնի ձերբակալությունները, ծեծը և նվաստացուցիչ վերաբերմունքը ցուցարարների, այդ թվում՝ կանանց նկատմամբ: Սեպտեմբերի 21-ի առավոտյան հատուկ ոստիկանական ուժերը ուժ են կիրառել և բերման ենթարկել զոհված զինծառայողների 37 հարազատների՝ հիմնականում կանանց, որոնք հավաքվել էին զինվորական պանթեոնի մուտքի մոտ և սպասում էին վարչապետի ու այլ պաշտոնյաների ժամանմանը»։
Հայաստանի վերաբերյալ Պետքարտուղարության ծավալուն զեկույցը քննադատորեն, սակայն ճշգրիտ կերպով շատ մանրամասնորեն նկարագրել է մարդու իրավունքների տարբեր խախտումները։
Թեև Պետդեպարտամենտը չի դասակարգում երկրները սանդղակով, սակայն ԱՄՆ-ում գործող Freedom House-ն իր ազատության վարկանիշով Հայաստանը գնահատել է որպես «մասամբ ազատ»: Հիասթափեցնող է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարական իշխանություն հաստատելու քողի տակ իշխանության գալուց հինգ տարի անց Հայաստանը դեռևս դասակարգվում է որպես «Անցումային խառը վարչակարգ»։
Միակ մխիթարությունը Հայաստանի համար այն է, որ նրա երկու թշնամի հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, շատ ավելի ցածր միավորներ ունեն։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան Freedom House-ի ազատության վարկանիշով դասվել են որպես «ոչ ազատ»: Ժողովրդավարական կառավարման տեսանկյունից Ադրբեջանը դասակարգվում է որպես «Ամուր բռնապետական վարչակարգ», իսկ Թուրքիայի վերաբերյալ զեկույցը դեռևս պատրաստ չէ։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.