31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...Հոգևոր սպասավորների ծառայության, նրանց գործունեության հետ կապված որոշակի դժգոհություններ միշտ էլ կարելի է լսել: Մարդիկ դժգոհ են, որ «սևազգեստներն», ինչպես կոչում են նրանց, իրենց շատ հեռու են պահում հանրությունից, մի տեսակ սառը, չոր անտարբերություն կա նրանց՝ դեպի հավատացյալն ունեցած վերաբերմունքում: Մարդիկ խուսափում են մոտենալ հոգևորականին, իրենց հուզող հարցերի պատասխանը հուսալ, մինչդեռ մեր այս խառնաշփոթ ինֆորմացիայի ու անհասկանալի ժամանակներում մարդն այնքան ունի խելացի, կարեկից մեկի կարիքը: Հոգևոր ծառայության կոչված անձանց օրինական գործունության շուրջ մեր հարցերին պատասխանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը.
—Տեր Հայր, համապատասխանում է իրականությանն արդյո՞ք տեղեկությունը, որ քահանաներն իրենց տարածքում կամ համայնքում, կամ դրա շրջակայքում ազատ գործունեություն ծավալելու համար( ասենք հավատացյաներ ընդունելու, անհատական այցեր տալու, հրապարակավ քարոզելու, կամ ինչ— որ նախաձեռնություն կատարելու) պետք է ունենան թույլտվություն՝ տվյալ տարածքի թեմի առաջնորդից, կամ իրավասու եպիսկոպոսից:
— Յուրաքանչյուր քահանա իր հոգևոր սպասավորությունն իրականացնում է այն տարածքում կամ թեմում, որտեղ նշանակված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամ թեմակալ առաջնորդի կողմից: Իր հովվության սահմաններում որևէ հոգևոր սպասավոր ազատ է ծավալելու քարոզչական, ծիսա-արարողական, հոգեխնամական գործունեություն: Ինչ վերաբերում է այլ թեմապատկան տարածքում գործունեություն ծավալելուն կամ որևէ արարողություն անցկացնելուն, ապա եկեղեցական կանոնների համաձայն տվյալ անձը, ունենալով իր վերադասի օրհնությունը, պետք է նաև համապատասխան արտոնություն ստանա այդ տարածքի հոգևոր առաջնորդից:
— Կա՞ն կոնկրետ թվեր, թե նախորդ տարի և այս տարվա անցած ամիսների ընթացքում քանի հոգևորական է դիմել Մայր աթոռ այդ հարցով:
— Նման խնդիրներով Մայր Աթոռ հիմնականում չեն դիմում, դրանով զբաղվում են թեմերը: Մայր Աթոռի համապատասխան կառույցներին դիմումներ ներկայացվում են միայն ուղղակի Մայր Աթոռի հետ կապված վանքերի և հովվությունների պարագային:
—Փաստորեն, ի մի բերված կոնկրետ տվյալներ չկան, իսկ թույլտվությունները որքա՞ն ժամանակի համար են տրվում.
-Դա պայմանավորված է հանգամանքներով:
—Եղե՞լ է, որ դիմեն ու մերժում ստանան. ի՞նչ հանգամանքներ են հաշվի առնվում մերժելիս.
— Այս հարցին ներկայիս չեմ կարող պատասխանել, որովհետև դա թեմական ամենօրյա ընթացիկ աշխատանքի մաս է կազմում: Բնականաբար, որոշումներն էլ առնվում են` քննելով հանգամանքները և նկատի ունենալով բոլոր պարագաները:
—Ինչո՞վ կբացատրեք տարբերությունը Հայաստանում և սփյուռքում գործող հոգևորականների վարձատրության միջև:
— Հայաստանում եկեղեցիներում քահանայագործող հոգևոր սպասավորները որևէ աշխատավարձ չեն ստանում: Իրենց հասույթը ստանում են նվիրատվությունների շնորհիվ, այն նվիրատվությունների, որոնք ժողովուրդը կատարում է տարբեր ծիսակատարությունների արդյունքում: Սահմանված գումարներ չկան ծեսերի և արարողությունների դիմաց: ժողովուրդն իր կամքով ու ցանկությամբ կատարում է նվիրատվություններ և դրանցով է, որ գոյանում են, այսպես կոչված, աշխատավարձը քահանա հայրերի, որոնք ծառայում են եկեղեցիներում, և այդ գումարներով են հոգացվում նաև տվյալ եկեղեցիների հավելյալ անհրաժեշտ այլ կարիքներ: Սփյուռքում պարագան այլ է, որովհետև սփյուռքում գործում են ծխական համայնքներ. յուրաքանչյուր եկեղեցու շուրջ համխմբված ժողովուրդը արձանագրված է այդ եկեղեցուն և , լինելով այդ համայնքի լիիրավ անդամ, տարեկան անդամատուրք է վճարում: Այդ ադամատուրքերով գոյանում են այն անհրաժեշտ գումարները, որոնցով և՛ հոգևորականին կայուն աշխատավարձ է վճարվում, որպեսզի իր կյանքը կազմակերպի տվյալ համայնքում, և նաև այդ գումարով հոգացվում են եկեղեցիների ծախսերը: Բացի անհրաժեշտ ծախսերից, որոնք կոմունալ ծախսերն են և այլն, կան նաև սփյուռքում գործող եկեղեցիներ, որոնց կառուցման գումարները, բնականաբար, միանգամից չեն վճարվել. Օրինակ` մի մասը կառուցվում է բարերարությունների շնորհիվ, մնացյալ անհրաժեշտ գումարը հայթհայթվում է դրամատներից և ժամանակի մեջ համայնքը պարտավորվում է փակել այդ գումարը: Անշուշտ այդ առումով իրականությունը տարբեր է Հայաստանում և սփյուռքում:
— Բազմիցս հնչում են բողոքներ սփյուռքի եկեղեցիներում արարողությունների համար սահմանված սակագների հետ կապված: Մեր հայրենակիցները պնդում են, որ դրա շատ բարձր են ու իրենց հեռացնում են մայր եկեղեցուց: Քիչ չեն դեպքերը, որ գումարի պատճառով, ( 500, 1000 ԱՄՆ դոլար և ավելի է կազմում) ոմանք իրենց ծեսերը կատարում են այլ եկեղեցիներում:
— Սփյուռքում արարողության դիմաց սակագինը որևէ բողոքի պատճառ չի կարող լինել, որովհետև այնտեղ ապրող հայորդիները շատ լավ գիտակցում են և գիտեն իրենց եկեղեցիների կարիքները, որ այդ գումարները հենց իրենց՝ աշխարհականների կողմից նպատակաուղղվում են թե՛ հոգևորականին պահելուն, թե նաև եկեղեցու ծախսերը հոգալուն: Այդ առումով այնտեղ եկեղեցականը որոշում կայացնող չէ: Այլ այդ ծխական համայքներն ունեն իրենց ծխական խորհուրդները, որոնք թեմական խորհրդի առաջնորդությամբ սահմանում են տարբեր արարողությունների դիմաց որոշակի գումարներ, գումարներ, որոնք, իրենց հաշվարկով, պետք է գան ծածկելու բոլոր այն ծախսերը, որոնք որ անհրաժեշտ են եկեղեցու կենսագործունեության պահպանման համար: Ժողովուրդը դա գիտակցում է, դա հիմնավորված է: Սակայն Եկեղեցին այդ առումով ճկուն է, և այն անհատաների պարագայում, որոնք ի վիճակի չեն վճարելու, ինչը երբեմն շատ կասկածելի է, անհրաժեշտ ընդառաջումներն արվում են: Շատ դեպքերում նման բողոքները արհեստածի՛ն են և նպատակ են հետապնդում փոթորկելու եկեղեցական կյանքը: Ի վերջո այդ ամենը սահմանվել է նույն այդ ծխականների կողմից երաշխավորելու եկեղեցու գործունեությունը, ինչը արժեքով վստահաբար յուրաքանչյուրի համար շատ ավելին է, քան որևէ սակագին և նվիրատվություն: Այս հարցն ավելի շուտ թեմերի իրավասության տակ են, և եպիսկոպոսներն են որոշում:
Հ.Գ.Մեզ մնում է ավելացնել, որ քննարկումները վերը նշված հարցերի շուրջ բերում է այն համոզման, թե եկեղեցին փոփոխություններ չընդունող կառույց է, բայց նաև հուսալ, որ հոգևորական- մարդը կարող է փոխվել, լավ օրինակ ծառայել, որ հավատացյալները տեսնեն դա, տեսնեն հոգևոր սպասավորի այն ցանկալի կերպարը, որն ի վերջո տարբեր կլինի այսօրվա կաղապարված կերպարից:
Ամերիկահայերը և ողջ աշխարհի հայությունն անտեղի անհանգստացած էին թուրքական «Հյուրիյեթ» թերթում վերջերս հրապարակված՝ «Ամերիկայի թուրքերը «գլխավոր ծրագիր» են մշակում 2015-ի համար» խորագիրը կրող հոդվածի պատճառով:
Չպետք է զարմանալ, որ թուրքական կառավարությունը և նրա հետ կապված կազմակերպություններն ամբողջ աշխարհում լրջորեն պատրաստվում են հակազդելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի կառավարության և Սփյուռքի կողմից կազմակերպվող ոգեկոչման միջոցառումներին:
«Հյուրիյեթ» թերթի հուլիսի 5-ի համարում Թոլգա Թանիսը հայտնել է, որ Թուրք-ամերիկյան ընկերակցությունների համագումարը (ATAA) սեպտեմբերին Վաշինգտոն կհրավիրի թուրք-ամերիկյան խմբերին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին «նախաձեռնող և հակազդող քայլեր» պատրաստելու նպատակով:
Հաղորդվում է, որ ATAA-ն ձևավորելու է թուրքական «ակտիվիստների կոմիտեներ», որոնք այցելելու են «օրենսդիրներին յուրաքանչյուր նահանգում, քարոզարշավներ տանելու սոցիալական ցանցերում, կապի մեջ մտնելու ավանդական մամուլի հետ, պատրաստելու առցանց դասընթացներ և կազմակերպելու համացանցային հանդիպումներ ամերիկացիների համար ամբողջ երկրում»: «Հյուրիյեթը» նաև հաղորդել է, որ ATAA-ն կազմակերպելու է «առնվազն 20 մեկօրյա համաժողովներ տեղի համալսարանների համագործակցությամբ և հայտնի թուրքերի մասնակցությամբ, ինչպիսիք են դոկտոր Մեհմեթ Օզը և «Կոկա կոլա» ընկերության գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը:
ATAA-ն մտադիր է ձեռնակել հետևյալ «քայլերը, որոնցով կհակազդի».
— Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածներին, գրքերին և ֆիլմերին.
— Հայերի կողմից կազմակերպվող քննարկումներին, համաժողովներին և ցուցահանդեսներին.
— Կոնգրեսում «հակաթուրքական օրինագծերին»:
Նախքան հայերը շատ կմտահոգվեն այս ենթադրյալ թուրքական ծրագրերով, պետք է հետևյալ հարցադրումներն անել.
— Արդյոք «Հյուրիյեթի» տեղեկությունը ճշգրի՞տ է ATAA-ի ծրագրերի մասին: Տխրահռչակ թուրքական լրատվամիջոցները միշտ էլ աչքի են ընկել փաստերի խեղաթյուրմամբ և պատմություններ հորինելով: Հետաքրքրական է, որ նման հայտարարություն չկա ATAA-ի կայքէջում:
— Եթե հոդվածն ամբողջությամբ կամ նույնիսկ մասամբ ճիշտ է, արդյոք հաստա՞տ է, որ ATAA-ն իրոք իրականացնելու է իր հայտարարած ծրագրերը, թե՞ սա պարզապես քարոզչական հնարք է կամ դրամահավաքման փորձ:
Որպես առաջին ազդանշան մեր ուշադրությունը գրավեց այն փաստը, որ «Հյուրիյեթի» պատմության առնվազն մի կարևոր հատվածը կեղծիք է… «Ասպարեզ» թերթի անգլերեն բաժնի խմբագիր Արա Խաչատրյանը հայտնել է, որ հանրածանոթ հեռուստահաղորդավարի մամլո խոսնակը հերքել է, որ դոկտ. Օզը որևէ կերպ ընդգրկված է թուրքական ժխտողական ձեռնարկներում: Նմանապես, ես փորձում եմ պարզել, թե արդյոք «Կոկա կոլայի» գլխավոր տնօրեն Մուհթար Քենտի` ցեղասպանության ժխտման մեջ ներգրավված լինելու մասին լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը: Հատկանշական է, որ «Հյուրիյեթը» արդեն փոխել է իր նախնական հաղորդագրությունը, հերքում ավելացնելով, միգուցե դոկտոր Օզի և պարոն Քենթի բողոքներից հետո` իրենց անունները առանց արտոնության և անճիշտ ձևով օգտագործելու համար. «Երկու անձինք, որոնց անունները նշված են վերևի հոդվածում (դոկտ. Օզը և «Կոկա կոլայի» գլխավոր տնօրեն Մուհթար Քենտը), երկու հայտնի գործիչներ են Ամերիկայի թուրքերի երկար ցուցակում, որոնք կհրավիրվեն ելույթ ունենալու համայնքային միջոցառումներում: Նրանք գաղափար չունեն ATAA-ի ծրագրերի մասին կամ դրանցում ընդգրկված չեն»:
Երանի թե դոկտ. Օզը և պարոն Քենթը իրոք ընդգրկված լինեին թուրքական ժխտողական աշխատանքներում, որը պատճառ կհանդիսանար դոկտ. Օզի հեռուստաշոուն և «Կոկա կոլայի» արտադրանքն ամբողջ աշխարհում բոյկոտելու համար: Սա հայերին շատ մեծ հնարավորություն կընձեռեր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի քարոզչության համար, որ ոչ մի գնով հնարավոր չէր լինի ձեռք բերել…
Բացի այդ, իմ ջերմ հույսն է, որ «Հյուրիյեթի» հոդվածն ամբողջությամբ ճիշտ է, և ATAA-ն իրականացնելու է իր խոստացած բոլոր միջոցառումները: Որքան հաճախ թուրք ժխտողականները բարձրացնեն Հայոց ցեղասպանության հարցը` փորձելով հակազդել փաստարկված պատմական իրողություններին, այնքան նրանք ակամայից ավելի շատ կնպաստեն Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը, և դրանով խայտառակելով իրենց ամբողջ աշխարհում…
Մինչ հայերն ի վիճակի չեն իրենց ձայնը շատ ավելի լսելի դարձնելու միջազգային ասպարեզում, ճակատագրի հեգնանքով, Վաշինգտոնում Թուրքիայի կողմից վարձված հասարակայնության հետ կապերի ազդեցիկ ընկերություններն ավելի շատ օգուտ կտան հայությանը… Նույնքան օգտակար են թուրք առաջնորդների հայտարարությունները, այդ թվում՝ վարչապետ Էրդողանի կողմից 2014 թվականի ապրիլի 23-ին արվածը՝ չնայած ժխտողական բովանդակությանը: Որպես անկանխատեսելի հետևանք` Ցեղասպանության հարյուրամյակի դեմ ուղղված ATAA-ի ջանքերը խթան են հանդիսանալու միջազգային լրատվամիջոցների համար, որպեսզի նրանք ավելի մեծ ուշադրություն դարձնեն հայ ժողովրդի հանդեպ շարունակվող անարդարության վրա՝ ավելի լայնորեն լուսաբանելով հայկական նախատեսված ոգեկոչման միջոցառումները:
Չնայած թուրքական հակառազմավարությունը պետք է մանրամասն ուսումնասիրել, սակայն հայերը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնեն, թե արդյոք իրենք պատշաճորեն նախապատրաստվո՞ւմ են նշելու Ցեղասպանության հարյուրամյակը համաշխարհային ասպարեզում, նկատի առնելով Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակների վիթխարի կորուստը: Լինելով չափազանց համակված թուրք ժխտողականների չարամիտ գործողություններով, հայերի ուշադրությունը չպետք է շեղվի զոհերի սուրբ հիշատակին հարգանքի տուրք մատուցելու իրենց պարտականությունից և արդարության պահանջից …
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Անվերջ խոսում ենք Երևանում այս կամ այն նորարարության, ներդրման մասին, սակայն չենք ասում, որ այդպես էլ քաղաքային իշխանությունները չկարողացան այս ամբողջ տարիների ընթացքում լուծել Երևանի աղբահանության խնդիրը:
Նույնիսկ արևելյան ամենաբանուկ երկրներում, որտեղ մարդիկ մի քանի անգամ շատ են ու առևտուրը եռում է ողջ օրը, քաղաքները օրվա վերջում հիմնովին մաքրվում են. աղբը հավաքվում է պարկերի մեջ, փաթեթավորվում:
Արդեն նույնիսկ այդ մասին խոսելն է թվում ավելորդ. Երևանը, կարծես, վարժվել է իր աղբին, իսկ երեկոյան ժամերին քամին «գուրգուրում» է երևանյան աղբը:
Ի վերջո, ո՞ր կառույցն է պատասխանատու Երևանի աղբահանության վերահսկողության հարցում, աղբահանությունը ոչ պատշաճ կատարելու դեպքում ինչ-որ պատժամիջոցներ կամ տույժեր կիրառվո՞ւմ են: Եթե այո, ապա կոնկրետ նախորդ տարի և այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում ի՞նչ տույժեր են արձանագրվել:
Փորձեցինք պարզել բոլորիս հուզող այս հարցերի պատասխանները և, ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված մեր հարցմանը, ստացանք հետևյալ պատասխանները, որտեղ չկա կոնկրետ գործողության վերաբերյալ որևէ նշում, իսկ գուցե դրանք չկա՞ն:
«Աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացվում են թվով 12 հատուկ մասնագիտացված ընկերությունների կողմից։ Կատարվող ամենօրյա աշխատանքների որակին հետևում և հսկում են, ինչպես վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների, այնպես էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության և օպերատիվ շտաբի աշխատակիցները։ Ինչ վերաբերում է աղբահանության աշխատանքներն ոչ պատշաճ կատարելու դեպքում պատժամիջոցներ կիրառելուն, ապա, համաձայն Երևանի քաղաքապետի որոշման, կատարված աշխատանքների վերաբերյալ գնահատականները յուրաքանչյուր ամսվան հաջորդող 3-րդ աշխատանքային օրը ներկայացվում են աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, որն էլ հիմք է հանդիսանում վարչական շրջանների ղեկավարների կողմից պատժամիջոցներ կիրառելու համար։
Իսկ թե նշված աշխատանքների թերացումները, բացթողումները, ինչպես նաև «թեժ գծի» հեռախոսահամարով ստացված հեռախոսազանգերն անմիջապես հայտնաբերվում և համապատասխան լուծումներ են ստանում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության, ինչպես նաև «Օպերատիվ շտաբի» և վարչական շրջանների կոմունալ բաժինների աշխատակիցների կողմից»։
Հռիփսիմե Գալստյան
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քրեական գործն ըստ մեղադրանքի` Միքայել Գագիկի Եսայանի` որոշվեց տարածքային ընդդատության կարգով ուղարկել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Քանի որ արարքի վերջին մի քանի դրվագները Միքայել Եսայանը ենթադրաբար կատարել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում:
Ինչո՞ւմ է մեղադրվում Միքայել Գագիկի Եսայանը.
Եսայանը իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Նարինե Մեխակի Դավթյանին շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն՝ միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել։
Շուրջ երկու ամիս համոզելու արդյունքում կորզելով Նարինե Դավթյանի համաձայնությունը, 2010թ. կեսերին, Երևանի Զաքյան փողոցում գործող «Աստորիա» հյուրանոցում կազմակերպել է իրենց ինտիմ հանդիպումը մինչ այդ ինտերնետային կայքի միջոցով իր հետ ծանոթացած ոմն Ակայի հետ, որի դիմաց վերջինիցս ստացել է 20.000 ՀՀ դրամ։ Նարինե Դավթյանից տեղեկանալով նմանատիպ հետագա հանդիպումներին մասնակցելու վերջինիս անհամաձայնության մասին, Միքայել Եսայանը, կնոջը շահագործելուն ուղղված հանցավոր դիտավորությունն իրականացնելու նպատակով, նրա կողմից արդեն մեկ անգամ խմբակային սեռական հարաբերությանը մասնակցություն ունենալու փաստը որպես արատավորող տեղեկություն տարածելու, նշված հանգամանքը շահարկելով նրան նաև մայրական իրավունքից զրկելու հարց բարձրացնելու սպառնալիքներով, այդ առումով կնոջ մոտ ստեղծված վիճակի խոցելիությունն օգտագործելով, առանձին դեպքերում՝ նաև առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծի ենթարկելով, 2010թ. վերջերից մինչև 2013թ. հունիս ամիսը ենթարկել է պոռնկության շահագործման, այն է՝ նյութական օգուտներ ստանալու և իր անբնական կրքերին հագուրդ տալու նպատակով, պարբերաբար, ընդհանուր մոտ 20 դեպքով, ստիպողաբար ներգրավել է նրան պատահական, ինչպես համացանցի «www.odnoklassniki.ru» և «Знакомства@та!1.гu» կայքերում ծանոթացած օգտատերեր՝ Գևորգ Մանասերյանի և Ալեքսան Դադյանի, այնպես էլ իր ծանոթներ Գրիգորի Բալայանի ու Գրիգոր Կադամյանի և վերջիններիս զույգերի մասնակցությամբ սեռական հարաբերություններ ունենալուն, ապա նրանց կողմից վճարած գումարները տնօրինել իր հայեցողությամբ։
Բացի այդ, Միքայել Եսայանը, Գեղարքունիքի մարգի Չկալովկա գյուղում բնակվելու ժամանակահատվածում՝ 2013թ. նոյեմբերի 2-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, չնչին անհիմն առիթով վիճաբանության մեջ է մտել կնոջ՝ Նարինե Դավթյանի, հետ, որի ընթացքում ծեծի է ենթարկել նրան՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին, պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որն արտահայտվել է ձախ աչքի ստորին կոպի արյունազեղման ձևով։
Հ.Գ. սա դատական տեղեկագրից մի հատված էր: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն այսօր փաստաբանների պալատում հրավիրած ասուլիսին հայտարարեց, որ վաղը Առուշանյանի գործով բողոքը կներկայացնի վերաքննիչ դատարան:
Ի՞նչ էր կատարվել. Ըստ պաշտպանի, Աշոտ Առուշանյանն աշխատում էր HSBC բանկում՝ որպես մասնագետ: 2012 հուլիսի 20-ին, բանկից դուրս գալիս, նրան մոտենում են ոստիկանության մոտ 15 աշխատակիցներ, բռնի ուժով նստեցնում ավտոմեքենան և տանում Էրեբունու քննչական բաժին: Այստեղ սկսում են նրա նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրել, թե՝ տվյալներ կան, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կազմակերպության փոխտնօրենի կողմից Երևան բերվող գումարների մասին ինֆորմացիան դու ես տվել հանցագործություն կատարողներին: Փորձում են համոզել, թե՝ քեզ վրա ցուցմունք կա, եթե դու էլ ընդունես, քեզ բաց կթողնենք և հնարավորություն կունենաս մասնակցել գիտական թեզի պաշտպանությանը:
Առուշանյանը որևէ բան չի ընդունում: Դրանից հետո Առուշանյանին առերես հարցաքննության են ենթարկում Արտաշես Գալուստյանի հետ: Արտաշես Գալուստյանը և Էդգար Կարաքեշիշյանը մեղադրվում էին «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրենի մեքենայից 56 միլիոն գումար գողանալու գործով:
Առերեսման ժամանակ Արտաշես Գալուստյանը, որ մինչ այդ, մոտ մեկ ամիս հարցաքննվելով, իր 5 — 6 ցուցմունքներում ընդհանրապես Աշոտի անունը շոշափած չլինելով ասում է, որ հանդիպումներից մեկի ժամանակ Աշոտն իրենց ինֆորմացիա է տվել, թե հետաքրքրություն ներկայացնող մեքենան որ օրերին է գալիս, երբ է դուրս գալիս, և որ բանկ ու ինչ մեքենայով է գումարը տեղափոխվում: Բնականաբար Աշոտի ռեակցիան լինում է, թե՝ «սուտ ես ասում»:
Առերեսմանը Գալուստյանը բազմիցս կրկնում է. «Աշոտ կներես, ստիպված եմ…» նման արտահայտություններ, որոնք որ ֆիքսված են, որը հետազոտվել է նաև դատաքննությամբ:
Առերեսումից հետո Գալուստյանի՝ 56 միլիոն դրամ գումարի գողության մեջ մեղադրվողի, որն ընդունել է մեղքը, անձի դեմ ցուցմունք տալու պարագայում, խափանման միջոցը փոխվում է: Պաշտպան Սիմոնյանը նշեց, որ գործի նյութերը հետազոտելով՝ ակնհայտ է դառնում, որ նրա խափանման միջոցը փոխելու խնդիրը հենց պայմանավորված է եղել Աշոտի դեմ ցուցմունք տալով, որովհետև փոփոխման զեկուցագիրը նախապես է կազմված եղել:
Արտաշես Գալուստյանն ու նրա հայրը օրեր անց ինքնասպան են լինում: Աշոտի Էդգար Կարաքեշիշյանի գործը քննվում է ընդհանուր իրավասության դատարանում՝ Արշակ Վարդանյանի նախագահությամբ, առաջին դատաքննության ժամանակ երկուսն էլ դատապարտվում են. Կարաքեշիշյանը 7.5 տարի, Առուշանյանը՝ 5.5 տարի ազատազրկմամբ:
Դատական ակտը բողոքարկվում է վերաքննիչ դատարան և վերաքննիչ դատարանը 2013 թ-ի հուլիսի 23-ին որոշում է կայացնում այն բեկանելու մասին՝ նշելով նաև, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ակնհայտ անհիմն է, առավել ևս Աշոտ Առուշանյանի մասով: Դատարանը նշում Է հատուկ գործողություններ, որ պետք է ընդհանուր իրավասության դատարանը կատարի, այդ թվում՝ Արտաշես Գալուստյանի կողմից Աշոտ Առուշանյանի դեմ տրված ցուցմունքների արժանահավատության և անթույլատրելիության վերաբերյալ:
«Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ ուղղակի շեշտել է, որ անհրաժեշտ է պարզել, թե շուրջ մեկ ամիս, հինգ ցուցմունքներում Առուշանյանի անձը չնշած անձն ինչպե՞ս պատահեց, որ որոշեց նրա դեմ ցուցմունք տալ: Այդ ընթացքում Hetq.am էլեկտրոնային լրատվամիջոցում մի նյութ է տպագրվում. ՀԱԿ-ի ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը, որն այդ ժամանակ գտնվում էր «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկում, լրագրողին պատմում է, որ իր խցում պահվող Արտաշես Գալուստյանն իրեն պատմել է՝ որ երբ իրեն տարել են Էրեբունու ոստիկանության, ճնշել են և ասել, որ ռետինե մահակով նրան կբռնաբարեն ու նկարը կուղարկեն մեկուսարան , նա նաև շեշտել է, որ իրեն ծեծի են ենթարկել ոչ միայն ոստիկանության աշխատակիցները, այլ նաև ոստիկանություն են մտել «Մանանա» ՍՊԸ-ի տերերը և նույնպես ծեծի ենթարկել:
Միայն այս հայտարարությունը պետք է հիմք հանդիսանար, որ գլխավոր դատախազը հանձնարարեր Հատուկ քննչական ծառայությանը քննական գործ հարուցելու և նախքննություն անցկացնելու համար, սակայն հետագայում պարզվում է, որ նախաքննություն չի եղել»,- պատմում է պաշտպանը:
Տիգրան Առաքելյանը պատմել է նաև, որ Գալուստյանն ասել է, որ ինքը երկնտրանքի առաջ է՝ երրորդ անձի դեմ սուտ ցուցմունք տալ և ստանալ ազատություն և մի կողմից էլ չի ուզում ստանալ ազատություն, որովհետև տուժողներն իրեն կստիպեն, կճնշեն, տունը ձեռքներից կխլեն: «Մի իրավիճակ էր, որ մեզ թվում էր, թե անպայման արդարությունը կհաղթի: Իրավաբան պետք չէ լինել իմանալու համար, որ դատավճիռը կայացվում է փաստերի հիման վրա, սակայն օրեր անց այդ անթույլատրելի ճանաչելուց հետո դատավորը փոխվեց՝ Մակյանը հունիսի 16-ին դատապարտեց Առուշանյանին: Եվ բոլորի մոտ շոկային իրավիճակ ստացվեց: Օրեր անց, ստանալով դատավճիռը, կարդում եմ այս միտքը, որը, կարծում եմ, կարելի է իրավագիտության «գոհարների» մեջ ներառել:
Դատավճիռն այսպիսին էր. «Դատարանը, խորհրդակցական սենյակում, վերահաստատելով վերը նշված երկու ապացույցների՝ որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը և դրանք ապացույցների շարքում տեսնելու անհնարինույթունը, փաստում է, որ սույն գործով ամբաստանյալներ Էդգար Կարաքեշիշյանի ու Աշոտ Առուշանյանի մեղքը հիմնավորված համարելու տեսանկյունից պետք է մեկնաբանեն և դիտարկեն ոչ թե որպես ապացույցներ, այլ որպես գործին վերաբերելի արժանահավատ վարկած»,- նշում է պաշտպանը և ավելացնում, որ Քրեական դատավարության օրենսգրքի 122 հոդվածում նշված է, որ միայն ապացույցների համակցությամբ կարելի է դատավճիռ կայացնել:
Սիմոնյանն ասաց նաև, որ տեսաժապավենները, որոնք ֆիքսել են, 4 ամիս պահված են եղել և երբ նայում ես, տեսնում ես, որ մոնտաժված են, որովհետև վարկյանների անճշտություն կա, սակայն այդ փաստը դատարանում չի քննարկվել:
Մեր այն հարցին, թե արդյո՞ք դատավոր Մակյանը որևէ կերպ պատասխանատվություն չի կրելու վարկածի հիման վրա դատավճիռ կայացնելու համար, պարոն Սիմոնյանը պատասխանեց, որ արդարադատության խորհրդի խնդիր կա այստեղ. «Դատավճիռից հետո կդիմենք նաև այդ հարցով, քանի որ այս փուլում դիմել հնարավոր չէ, քանի դեռ գործը գտնվում է դատական ատյաններում այդ գործով չեն կարող զբաղվել»:
Հռիփսիմե Գալստյան
Մոտ մեկ ժամ առաջ Վարդենիսի զորամասի զինվորները բռնել են ադրբեջանական դիվերսիոսն խմբի ղեկավարին:
Վարդենիսի մեր աղբյուրները փոխանցում են, որ նա այս պահին դեռ գտնվում է զորամասում:
ՀՀ պաշտպանության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ Ղարաբաղը հաստատել է լուրի իսկությունը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից:
Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ»:
Արգենտինայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 7-ի երեկոյան հանդիպում է ունեցել արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպա¬նության գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև ակտիվ հասարակական և բարեգործական գործունեության համար Արգենտինայի հայ համայնքի մի շարք գործիչներ և արգենտինացի բարեկամներ ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել են ՀՀ մեդալներով: Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է ՀՀ պետական պարգևները, շնորհավորել պարգևատրվածներին և մաղթել հաջողություններ:
Արգենտինահայ համայնքի անդամները Նախագահ Սերժ Սարգսյանի Արգենտինա այցի կապակցությամբ հանդես են եկել համայնքի կողմից պատրաստված մշակութային մեծ ծրագրով:
Նախագահը շնորհակալություն է հայտնել համայնքին և նշելով, որ հուլիսի 8-ին Բուենոս Այրեսում հիշարժան իրադարձություն է լինելու` հիմնադրվելու է Հայոց ցեղասպանության թանգարանը, Արգենտինայի հայ համայնքին է նվիրել ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի` ցեղասպանության թեմայով նկարած գրաֆիկական աշխատանքներից մեկը, որն անվանի նկարիչը որոշ ժամանակ առաջ փոխանցել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը նկարը սիրով հանձնել է արգենտինահայ համայնքին՝ որպես Բուենոս Այրեսում բացվելիք Հայոց ցեղասպանության թանգարանի առաջին ցուցանմուշ:
Համայնքը Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրել է պետական իշխանության նախագահական գավազան: Այն Նախագահին հանձնել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Անչափ ուրախ եմ Արգենտինայում գտնվելու և Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար: Եվ, իհարկե, կրկնակի ուրախ եմ, որ աշխարհագրորեն Հայաստանից հեռու այս երկրում այսքան հայաշունչ մթնոլորտ է տիրում:
Հայ համայնքների հետ հանդիպումները օտարերկրյա պետություններ իմ այցելությունների ընթացքում բարի ավանդույթ և օրակարգի կարևոր բաղկացուցիչ են դարձել: Մեր այս հանդիպումը նաև լավ առիթ է վերարժևորելու հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների անցյալն ու ներկան, խորհրելու, թե ինչպես կարելի է այդ համագործակցությանը նոր խթան հաղորդել:
Հայ-արգենտինյան հարաբերությունները պատմության բոլոր ժամանակահատվածներում եղել են ջերմ ու բարեկամական: Դրանում, անշուշտ, անգնահատելի է արգենտինահայերի ավանդը: Տասնամյակներ շարունակ ապրելով և արարելով Արգենտինայում՝ դուք դարձել եք այս գեղեցիկ երկրի հասարակության անբաժանելի մասնիկը՝ ձեր արժեքավոր ներդրումը բերելով Արգենտինայի զարգացման գործում: Միայն հպարտանալ կարելի է նրանով, որ այսօր արգենտինահայերն աչքի են ընկնում իրենց կազմակերպվածությամբ և հասարակության մեջ լայն ճանաչումով:
Թեև աշխարհագրորեն մեզնից հեռու եք, հայրենիքում մենք մշտապես զգացել ենք ձեր ներկայությունը. ինչպես երկրաշարժի, այնպես էլ պատերազմի դժվարին տարիներին դուք զորավիգ եք եղել մեզ, օժանդակել Հայաստանի զարգացմանը: Շեշտեմ սակայն, որ դուք սատարել եք հայրենիքին առաջին հերթին ձեր հայ լինելով՝ գիտելիքով և գաղափարներով բնական կամուրջ կառուցելով ձեզ հարազատ երկու երկրների միջև:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատմության անիվը շարունակում է պտտվել և, բարեբախտաբար, ի նպաստ մեզ: Սակայն դա լոկ բարեբախտություն չէ: Հայոց պետականության վերականգնմամբ հայ ժողովուրդը գտավ իր հենման կետը, որպեսզի ինքնուրույն մասնակից լինի այդ անիվը առաջ մղելու գործին:
Մենք՝ հայերս, այլևս այդ անիվի ընթացքի լոկ ականատեսը չենք, այլ այն առաջ մղող դերակատարներից մեկը: Ինչ հաջողություն էլ որ ունեցել ենք՝ առաջին հերթին հնարավոր է եղել մեր հավաքական ջանքերի և վճռականության շնորհիվ: Որտեղ էլ թերացել ենք՝ թերացել ենք առաջին հերթին հենց մենք:
Պետականության խորհուրդը սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, պատմական պատասխանատվությունը վստահորեն ստանձնելու՝ հայ ժողովրդի անկոտրում կամքն է: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի քաղաքական հասունության ամենակարևոր քննությունն է: Մենք չենք սպասում որևէ մեկի բարեհաճությանը, բայց միաժամանակ պատրաստ ենք բոլոր շահագրգիռ երկրների հետ լինել իրավահավասար, վստահելի, փոխշահավետ համագործակցություն հետապնդող գործընկեր:
Փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-արգենտինյան պատմական հարաբերությունները նոր բնույթ ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո: Զարգացավ մեր քաղաքական երկխոսությունը՝ նշանավորվելով ամենաբարձր մակարդակի փոխայցելություններով: Ընդլայնվեց մեր համագործակցության օրակարգը, ձևավորվեց արդյունավետ փոխգործակցություն միջազգային հարթակներում: Իմ պաշտոնական այցը Արգենտինա ևս վկայում է այս հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու փոխադարձ ցանկության մասին:
Երբ 1998 թվականին Արգենտինայի նախագահ Կառլոս Մենեմը այցելեց Հայաստան, իր ելույթում հատուկ խոսեց Արգենտինայի կյանքում հայ համայնքի հատուկ դերակատարության մասին, որն ուրախալի և հայի տեսակով հպարտանալու անմոռանալի պահ էր:
Հայ-արգենտինյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և Արգենտինայի ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Ասածիս վկայությունը Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է, որը 2006 թվականին ստացավ օրենքի ուժ:
Այս հարցում, իհարկե, չափազանց մեծ է ձեր ավանդը: Ձեր ջանքերի շնորհիվ Արգենտինայում այսօր ստեղծվում է Հայոց ցեղասպանության թանգարան: Ուզում եմ բոլորիս շնորհավորել, եթե այսպես ասել, այս լավ առիթի համար և, իհարկե, շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր որևէ ջանք են ներդրել այս կարևոր գործն իրականություն դարձնելու համար:
Սիրելի՛ բարեկամներ,
Հաջորդ տարի ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը, անշուշտ, խորհրդանշական օր է. բոլորիս էլ պարզ է, որ ցեղասպանությունը չի սկսվել և չի ավարտվել մեկ օրում: Ավելին՝ այն չի կարելի ավարտված համարել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտել կատարվածը:
Սակայն վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան առերեսվելու է սեփական պատմությանը: Դրանով իսկ Թուրքիայի ղեկավարները կազատեն իրենց ժողովրդին այն ծանր բեռից, որ ստիպված կրում են արդեն մեկ հարյուրամյակ: Կարծում եմ՝ դրան մեծապես նպաստելու է հենց Թուրքիայում նոր թափ առնող հասարակական գիտակցությունը՝ ի դեմս երիտասարդ և ուսյալ սերնդի, որն այսօր արդեն ներողությունը գերադասում է ամոթալի ուրացումից:
Այո, հազարավոր թուրքեր մերժում են ուրացման պաշտոնական քաղաքականությունը և իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին: Այդ զարգացումներն ակնհայտ են, և դրանք ստիպում են Թուրքիայի իշխանություններին որոշակի քայլեր ձեռնարկել:
Թուրքիայի ղեկավարությունն այժմ անգամ խոսում է հայերի և թուրքերի շրջանում «արդար հիշողություն» ստեղծելու անհրաժեշտության մասին: Սակայն իր հաջորդ քայլով իսկ փորձում է ականապատել արդարությունը՝ հավասարության նշան դնելով մեկուկես միլիոն քաղաքացիական անմեղ զոհերի, որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, և Օսմանյան կայսրության հանցագործ ղեկավարների արկածախնդրության պատճառով Առաջին աշխարհամարտում զոհված թուրք զինվորների միջև:
Դա «արդար» հիշողություն չէ: Նման «արդարություն» մենք ընդունել չենք կարող: Իրականում դա Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականության նորացված, ավելի կատարելագործված ու վերափաթեթավորված տարբերակն է:
Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Սակայն մեր նախնիների հիշատակը պետք է հարգենք ոչ միայն մեր պայքարն իր նպատակին հասցնելով, այլև մեր Հայրենիքը զորացնելով, յուրաքանչյուր հայի տաղանդն ու հնարավորություններն ի փառս Հայրենիքի օգտագործելով:
Պետք է յուրաքանչյուրս հպարտ լինի, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին մենք կանգնած ենք ուղղված մեջքով, բաց ճակատով և անկախ հայկական զույգ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությամբ: Անգամ մեզ պարտադրված դժվարին շրջափակման և «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» իրավիճակի պայմաններում Հայոց հայրենիքը շարունակում է զարգանալ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, այսօր սիրիահայությունը շարունակում է դժվարին իրադրության մեջ մնալ: Այսօր դա մեր ամենամեծ մտահոգությունն է: Մենք անում ենք հնարավորը և շարունակելու ենք մեր աշխատանքը` նրանց համար արժանապատիվ կեցություն ապահովելու համար:
Վստահ եմ, որ աշխարհագրական հեռավորությունը ձեզ համար խոչընդոտ չէ, և սիրիահայ մեր քույրերի ու եղբայրների տառապանքը արձագանք է գտնում ձեր սրտերում: Որևէ կասկած չունեմ, որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Արգենտինայում յուրաքանչյուր հայի սիրտ ցավում է ամեն մի հայի թափած արցունքի ու տառապանքի համար:
Սիրիայի այս ճգնաժամը ևս մեկ անգամ ապացուցեց այն, ինչ մենք բոլորս գիտենք. Հայաստանն ու Սփյուռքը ուժեղ են միասնաբար: Մենք Հայաստանում ավելի զորեղ ենք զգում՝ ունենալով Սփյուռքի զորակցությունը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի ներկայությունը, ձեր ազատ ու անկախ Հայաստանի գոյությունը: Ուստի և հորդորում եմ ձեզ առավել ակտիվ ներգրավվել համազգային խնդիրների լուծման գործում: Մենք նախանձախնդիր ենք Սփյուռքի հետ կապերի ամրապնդման հարցում:
Մեր խնդիրն է, որ երիտասարդները հայ մնան և հայերեն խոսեն: Ուրախ եմ, որ Հարավային Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցելու 2010-2012 թվականների ծրագիրը որոշակի աշխուժություն մտցրեց համայնքում և խթանեց փոխադարձ այցելությունները: Նման ծրագրերը ոգևորում են երիտասարդությանը և նրանց՝ հայրենիքի հետ կապելու հնարավորություն են ստեղծում: Մենք շարունակելու ենք զարկ տալ հայրենաճանաչության ծրագրերին, որոնք անջնջելի հետք են թողնում երիտասարդների սրտերում:
Հայրենիք-Սփյուռք գործակցությունը մեր կարևորագույն ռազմավարական ուղղություններից է: Այսօր մեր պետությունը սփյուռքահային գործընկերություն է առաջարկում, պատրաստ է հնարավորություններ ընձեռել ներդրումներ կատարելու համար, ստեղծում է կառուցակարգեր, որպեսզի սփյուռքահայերը Հայրենիքում կարողանան շահութաբեր գործունեություն ծավալել: Մեր խնդիրն է անցնել բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերություն:
Ասել եմ և այսօր դարձյալ կրկնում եմ` եկե՛ք հայրենիք, ներդրումնե՛ր կատարեք: Շահույթ ստանալով` միաժամանակ կառուցե՛ք մեր բոլորի երազանքների երկիրը: Աշխատատեղ ստեղծելով` օգնե՛ք կանխել բոլորիս այդքան մտահոգող արտագաղթը: Հնուց եկած խոսք է՝ «Ծառն արմատով է ծառ, տունը հիմքով է տուն»: Հայն իր հողի վրա է ուժեղ ու երջանիկ, երկիրն իր զավակներով է զորավոր ու անպարտելի:
Այս համատեքստում ցանկանում եմ առանձնահատուկ արժևորել մեծանուն գործարար և բարերար Էդուարդո Էռնեկյանի դերակատարությունը Հայաստանի առաջընթացի գործում: Ծնված լինելով հեռավոր Արգենտինայում՝ նա օժտված է իսկական հայի ոգով: Իր աշխատասիրությամբ և նվիրումով հասնելով մեծ նվաճումների՝ նա միջազգային ճանաչում է բերել ոչ միայն իրեն, այլև հայ ժողովրդին: Այս գործարարի և բարերարի կերպարը ոգեշնչող պետք է լինի աշխարհասփյուռ մեր հայրենակիցների և հատկապես երիտասարդների համար:
Սիրելի՛ բարեկամներ,
Ի՞նչն է մեզ՝ հայերիս, կապում իրար ծովերից ու օվկիանոսներից այն կողմ: Անշուշտ Հայաստանը: Մեզ կապում են պատմությունը, մեր ընդհանուր պատմական հայրենիքը և մեր կորուստները: Բայց ամենից շատ մեզ կապում է ոչ թե այն, ինչ կորցրել ենք, այլ այն, ինչը չենք կորցրել՝ գտել ենք: Այսինքն՝ այսօրվա Հայաստանը: Ուրեմն, եկեք հարյուրապատիկ ավելի մեծ սիրով, խնամքով ու գուրգուրանքով վերաբերվենք Հայաստան հայրենիքին, որը կարողացել ենք փրկել մեծագույն զոհողությունների գնով: Եկե՛ք Հայաստան՝ վերատիրանալու նրան, քանի որ այն նաև ձերն է և ձեր զավակներինը: Մեզ կապում են նաև ապագա բոլոր հաղթանակներն ու այն ամենը, ինչին հասնելու ենք ապագայում: Եկե՛ք միասին օր առաջ կերտենք այդ ապագան:
Այս անկայուն ու անապահով աշխարհում կա՞ ավելի ապահով տեղ հայկականությունը վերալիցքավորելու համար: Ես խիստ կասկածում եմ: Եվ ես ասում եմ բոլոր սփյուռքահայերին. եկե՛ք Հայաստան կամ ամուր թելերով կապվեք Հայաստանին, եթե ուզում եք քաղաքականապես հայ մնալ կամ հայ լինել: Արդյո՞ք աշխարհի երեսին կա մի վայր, որտեղ հայոց լեզուն չի նահանջում: Այո՛, կա՛. և դա Հայաստանն է: Ներկա Հայաստանն է հայոց լեզվի անմահության ավազանը: Ուրեմն, եկե՛ք Հայաստան կամ ավելի հաճա՛խ եկեք Հայաստան վերամկրտվելու և ձեր զավակներին վերամկրտելու այդ ավազանում:
Հայաստանի մասին դրսում հազար ու մի պատմություն են պատմում. մի մասը՝ ճիշտ, մի մասը՝ չափազանցված, մի մասը՝ լավ, մի մասը՝ վատ: Բայց ավելի լավ է մարդ մեկ անգամ տեսնի, քան հարյուր անգամ լսի: Ձևավորե՛ք ձեր սեփական տպավորությունը և սեփական պատկերացումը իրական և ոչ առասպելական հայրենիքի մասին: Համոզվա՛ծ եղեք, որ իրական Հայաստանը՝ Արցախով հանդերձ, ավելի գեղեցիկ ու հարազատ է, քան կարելի է երևակայել:
Եթե չեք կարող ապրել Հայաստանում, ապա կարող եք ապրել Հայաստանով: Ապրել նրա հաջողություններով, հպարտանալ ձեռքբերումներով, կիսել նրա ցավերն ու բեռը: Մի սփյուռքահայ բարեկամի մտահոգել էր Երևանում լսած մի արտահայտություն. «Հայաստանակենտրոն քաղաքականություն»: Դրանում նա տեսնում էր սփյուռքի կառույցների թերագնահատման և անտեսման վտանգ:
Համոզված եղեք, որ «Հայաստանակենտրոն քաղաքականություն» ամենևին էլ չի նշանակում սփյուռքի կառույցների թերագնահատում, անտեսում կամ ենթակայություն: Դա բացառված է: «Հայաստանակենտրոն քաղաքականություն» նշանակում է պետական քաղաքականություն: Հայկական պետության վարած ներքին և արտաքին քաղաքականություն, որտեղ սփյուռքի կառույցները՝ սկաուտներից մինչև քաղաքական կուսակցություններ և հոգևոր կենտրոններ ունեն իրենց անգնահատելի և անփոխարինելի դերը:
Մեր գլխավոր նպատակակետը, մեր ողջ գործունեության թիրախի կենտրոնը հայրենիքն է՝ իրական Հայաստանը: Ես եկել եմ ձեզ ասելու, որ դուք մասն եք այդ իրական ու կայացած Հայաստանի Հանրապետության:
Բոլորիս հայրենիք Հայաստանը նաև դուք եք, սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արգենտինահայեր:
Եզրակացությունը մեկն է. մեր ազգային ինքնության պահպանման և զարգացման առհավատչյան Հայաստանն է:
Լինել Արգենտինայի քաղաքացի, իհարկե, բարձր պատիվ է, լինել հայ՝ երջանկություն է: Ձեզ է վիճակվել այդ երկուսը միահյուսելու բարեբախտությունը:
Շնորհակալ եմ բոլորիդ ուշադրության և, անշուշտ, ջերմ ընդունելության համար:
Թուրքիայի գործող վարչապետ, նախագահության թեկնածու եւ գեթ այժմյա տվյալներով առաջիկա հավանական նախագահ Էրդողանին վերագրվող քարոզչական գործողությունները հայկական հարցերի նկատմամբ թվում է, որ աշխույժ ընթացքի մեջ են լինելու: Թեկուզ ապատեղեկատվության կարգով:
Պարզ էր, որ «ցավակցական» գործողությանը պիտի հետեւեին այլ «ժեստեր»: ժեստային այս քաղաքականությունը կարող է տարբեր շարժառիթներ ունենալ:
Իր այսօրվա կարգավիճակի նկատառումով Էրդողանը, բնականաբար շատ կարեւոր պիտի նկատի ներքին սպառման շուկան: Ամբոխային տրամադրությունների վրա ազդելու միջոցների լիարժեք օգտագործման դեպքերը պիտի շարունակեն հաջորդել միմյանց: Խնդիրը այս դեպքում սերտորեն փոխառնչված է: Արտաքին քաղաքականության մեջ նոր հորիզոններ բացելու հնարավորություն ցույց տալը ներքին անդրադարձ կունենա, իհարկե նաեւ իր ազդեցությունն անպայման կթողի քվեահավաքի աշխատանքի վրա։
Նախ եւ առաջ քրդական հանգույցի լուծման համար առնված քայլերը ներթուրքական հասարակության վրա այս կամ այն ձեւով ազդեցիկ դեր կունենան: Չենք խոսում դեռեվս ուղղակի քուրդ ազգաբնակչության կատարելիք ընտրանքի, իր գերխնդրի լուծման ուղղությամբ առնվող քայլերին համապատասխան գնահատական տալու եւ այդ գնահատականի քվեական դրսեւորումը կատարելու մասին: Եւ բնական է, որ միանշանակ դրսեւորումներ չեն արձանագրվի այս դեպքում:
Արտաքին-ներքին շարժառիթներ ունեցող նման հարցերի շարքին կարող է դասվել նաեւ հայկականը: Արտաքին հարց լուծելու տպավորություն թողելով, ներհասարակական շրջանակների վրա որոշակի ազդեցություն բանեցնելու քաղաքականությունը գուցե: Այստեղ ոչ միայն դասական կամ թաքուն համայնքի մասին է խոսքը, այլ նաեւ այն շրջանակների, որոնք նման հարցերի հարթման համար այլընտրանքային մտածողությամբ են հանդես գալիս:
Կարող է ամբողջովին համոզիչ չթվալ այս տեսակետը: Հայերին ուղղված ցավակցությունը կամ սահման բացելու դեռեվս թեական խոստումը որքանո՞վ կարող է բարձրացնել Էրդողանի արժեքը ներքին շուկայում: Շարժառիթների փոխառնչության վարկածը այստեղ ինքն իրեն ավելի զգալի է դարձնում իբրեւ ներկայություն, եթե հիշենք ցավակցական նշանավոր ուղերձի միջազգային ընտանիքին ուղղված լինելը: Աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջ էր սահմանի բացումը: Նույն այդ կենտրոնները շատ անգամ հիշեցրեցին էրդողանական վարչակարգին, որ թելեր ունեն իրենց ձեռքին` շարժելու քաղաքացիական եւ հասարակական շարժումները Թուրքիայի տարածքում: Չմոռանանք, որ ներհասարակական այդ շարժումները գաղափարական ուղղվածություններով, կենսոլորտի, բնապահպանության եւ քաղաքացիական տարբեր առաջադրանքներ արծարծելով, չհատեցին ազգային խնդիրների սահմանը: Ինքնության հարցերի բարձրացումը արդեն նոր տարողություն կապահովեր շարժմանը: Այդ պահը չի հասել ըստ երեւույթին:
Սահմանի բացման ուղղությամբ անպաշտոն տեղեկատվությունը կարող է հակավարկանշային մտադրություն ունեցած լինել` նկատի ունենալով նախագահական ընտրության մոտալուտ լինելը: Հիմա ուշադիր կարդանք լրատվությունը:
«Թուրքիայի կառավարությունը ծրագրում է բացել ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993-ին փակված եւ տարիներ շարունակ փակ մնացած Հայաստան-Թուրքիա սահմանը: Թուրքական լրատվամիջոցները, «Թարաֆ» պարբերականին հղում անելով, գրում են, որ դա պիտի լինի նախագահական ընտրություններին իր թեկնածությունը առաջադրած Ռեջեփ Թայիփ Էրդողանի 2-րդ քայլը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
«Թարաֆը» ճանաչված է իբրեւ հակակառավարական դիրքորոշում ունեցող թերթ: Թուրքիայի արտգործնախարարության հերքումը (ըստ Ադրբեջանական լրատվության) նախ եւ առաջ մտածել է տալիս, որ «Թարաֆը» նման ապատեղեկատվություն կատարել է ընտրություններին Էրդողանի վարկանիշը նվազեցնելու համար: Անկախ դրանից, որ սահմանի բացումը կկայանա, թե ոչ, այս «անպաշտոն» տեղեկատվությունը իբրեւ «ցավակցության» շարունակություն է ընկալվում: Ինչ էլ եղած լինեն շարժառիթները, սահմանի բացման հավանականությունը արդեն իբրեւ լրատվություն թուրքական լրատվադաշտում աշխուժորեն շրջանառության մեջ է դրվել: Թուրքական կողմը առաջադրում է այն ընկալել իբրեւ ժեստ հայկական կողմից աւելի, միջազգային ընտանիքից: Փաստորեն, այդպես էլ բնութագրված է` 2-րդ ժեստ:
Հայկական լրատվադաշտը, եթե այս հայտարարությունը ներկայացնի իբրեւ 2-րդ ժեստ, ոչ միայն պատճենահանած կլինի թուրքական տեղեկատվական մեքենայի արտադրությունը, այլ ավելի՛ն: Ընդունած կլինի ցավակցության առաջին ժեստ լինելը:
Բաքուն անպայման կարձագանգի այս լրատվությանը: Ամենայն հավանականությամբ թուրքական տարբերակով` «անպաշտոն» ձեւով: Դա արդեն արել է, հերքելով լուրը։
Մեր անմիջական խնդիրը այս տեղեկատվական գործողությունը իբրեւ ժեստ չընկալելն է. աշխատելը, որ իբրեւ այդպիսին չընկալի նաեւ միջազգային կարծիքը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Սևանի հիվանդանոցում արտակարգ իրավիճակ է: Այսօր առավոտյան փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանը, մարզպետարանի այլ պատասխանատուներ եկել էին հիվանդանոց՝ հորդորելու կոլեկտիվին չխաթարելու բուժհիմնարկի բնականոն աշխատանքը: Երեկ տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելուց հետո, կոլեկտիվը բոյկոտել էր աշխատանքը, և գնացել էր քաղաքապետի մոտ՝ բողոքելու:
Նրանք պնդում են, որ իրենց մեկուկես ամսվա համար նոր ԺՊ պետք չի, իրենք գոհ են Մարգարյանից և սպասում են օգոստոսի 20 -ին կայանալիք մրցույթին:
Լաբորատորիայի բժիշկ Գոհար Սահակյանն ասում է. «Նոր ԺՊ-ն ինչ պիտի անի, երբ կադրեր չկան, բուժսարքավորում չկա , Սևանը համարվում է խաչմերուկ, վտանգավոր գերծանրաբեռնված գոտի ամառվա սեզոնին, ընդունում ենք, բայց մեզ բուժսարքավորումներ ու բժիշկներ են պետք, թո՛ղ դրանք տրամադրեն պիկ սեզոնին, տնօրենն են տալիս, որ ինչ անի: Ուզում են օգնել, թող հիվանդանոցի ճանապարհը սարքեն, կտուրը քամին տարավ մոտ 8 մետր, հիմա ահավոր վիճակում է, ասում են ձեր միջոցներով արեք, թող դրա մասին մտածեն: Ամոթ է, որ այսօր մարզի ոչ մի հիվանդանոց պատրաստ չէ հիվանդ ընդունել, ամոթ է, երբ մարդիկ իրենց հիվանդներին տանում են Հրազդանի հիվանդանոց, մենք ոչ մեկից պակաս բժիշկ չենք, որ աշխատում ենք ահավոր պայմաններում»:
Արդեն 9 ամիս է (2013թվականի հոկտեմբերի 20-ից) Սևանի հիվանդանոցը ղեկավար չունի: Ժամանակավոր պաշտոնակատարը փոխտնօրեն Արսեն Մարգարյանն է, մինչև տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի անցկացումը, որ նշանակված է օգոստոսի 20 -ին, մեկ մրցույթ՝ ապրիլի 8-ին կայանալիքն արդեն հետաձգվել է: Քանի որ այդ օրը փոխմարզպետի առողջական վիճակը հանկարծակի վատթարացել է և քվորում չի ապահովվել, ինչը մի փոքր տարօրինակ է թվացել քանի որ ինչպես բուժաշխատողներն են պնդում , ինսուլտ տարած մարդը մեկ օր հետո աշխատանքի չէր կարող գնալ:
Մեր ունեցած տեղեկությամբ, ձգձգումը միտումնավոր է, մարզպետն ամենայն հավանականությամբ չի գտնում այն արժանավորին, որը կկարողանա ապահովել իր պահանջմունքները, իսկ նրա« ախորժակի» մասին, մարզում բոլորը գիտեն: Ստացվում է այնպես, որ մի ամբողջ բուժհիմնարկի ճակատագիր կախված է մարզպետի քմահաճույքից:
Կաթվածահար վիճակում են Գավառի հիվանդանոցը, Մարտունու հիվանդանոցը, որի տնօրենը չդիմանալով Ռաֆիկ Գրիգորյանի ինտրիգներին, թողել է պաշտոնը: Ճամբարակի հիվանդանոցը ևս այսօր տնօրեն չունի, թափուր են մարզի մի շարք ամբուլատորիաների տնօրենների պաշտոնները: Մարզի բուժհիմնակների աշխատանքը կաթվածահար արած մարզպետը , տարբեր պատրվակներով ԺՊ ների ժամկետները երկարաձգելով, անխռով սպասում է, միայն ինքը գիտե թե ինչի:
Կոլեկտիվը չի ընդունում մարզպետի կողմից ուղարկված գլխավոր բժշկի թեկնածուին՝ Պետրոս Մանուկյանին: Նոր թեկնածուն ՊՆ բուժվարչության պետն է եղել, Վարդենիսի հոսպիտալի նախկին գլխավոր բժիշկը, ներկայիս մարզպետի խորհրդականը, որն ինչ-որ պատմությունների պատճառով ուղարկվել է թոշակի: Այսօր կոլեկտիվը նրանից հետ է պահանջել կնիքն ու տնօրենի կաբինետի բանալիները, որը հանձնելուց հետո, Պետրոս Մանուկյանը հեռացել է հիվանդանոցից:
Բուժանձնակազմը վրդովված է. «Եթե մրցույթը կայանալու է օգոստոսի 20-ին, ինչու է մարզպետը Պետրոս Մանուկյանի հրամանը տվել մինչև հոկտեմբերի 22-ը: Մեզ հետ անազնիվ խաղ են խաղում»:
Բակում հավաքված Սևանի ավագանու անդամները, շարքային սևանցիներ, եկել էին հասկանալու թե ինչ է կատարվում: Նրանք դեմ են իրենց հիվանդանոցում ուրիշ բնակավայրից տնօրենի նշանակմանը:
«Երբ դանակահարություն կամ խեղդված էին բերում էլի սևանցիներն են միջամտում, որ շոկի մեջ հայտնված հարազատները մեր բժիշկներին չվիրավորեն, չծեծեն, երբ հարբած հանգստացողները հարձակվում են հիվանդանոցի վրա, էլի գիշերով մեր անձնակազմն է հավաքվում Մարգարյանին կանչում հիվանդանոց, էլի նախկին տնօրեն Նիկողոսյանն է կարողանում իր հեղիկնակությամբ զսպել մարդկանց, հիմա Վարդենիսից ոնց եք նրան բերելու գիշերվա կեսին, կամ Մանուկյանը այն մարդն է, որ ինչ-որ բան կարո՞ղ է անել»,-հարցնում էին տարակուսած բժիշկները:
Մեր թղթակիցը զրուցել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի, նորանշանակ տնօրեն Պետրոս Մանուկյանի և Սևանի հիվանդանոցի ներկայիս տնօրենի ԺՊ Արսեն Մարգարյանի հետ:
***
Փոխմարզպետ Հակոբյան.
-Ի՞նչ է կատարվում այստեղ.
— Առանձնապես ոչինչ չի կատարվում, ընդամենն ամառային հանգստի հետ կապված քննարկում ենք: Գիտեք, որ ամռանը Սևանը ծանրաբեռնված է լինում՝ մասնավորապես շաբաթ-կիրակի օրերին ամբողջ հանրապետությունը Սևանի ափում է լինում: Որպեսզի բժշկական ծառայությունն արդյունավետ կազմակերպվի, քննարկում ունեցանք ժամանակավոր պաշտոնակատարի՝ Մարգարյան Արսենի հետ: Մրցույթն օգոստոսի 20-ին է: Մինչ այդ անելիքներ կան. շտապօգնության մեքենաներից 2-ն են աշխատում, ասում եմ, պարոն Մարգարյան, ի՞նչ է նշանակում 2-ն են աշխատում, ասում է՝ ֆինանս չկա, միջոց չկա, Հարգելիս, նախահաշիվը հաստատված է բյուջեով, ինչի մասին է խոսքը: Ընդհուպ ասեմ, ժամանակավոր պաշտոնակատարը աշխատասենյակ չունի, մի փոքրիկ աշխատասենյակում է աշխատում, հիմա հետևությունները թողնում եմ ձեզ: Եթե նա գնացել է, նախորդը, բնականաբար, հանձնել է մինչև մրցույթը կայանալը, պարտավոր էր աշխատասենյակով հանձնել: Նիկողոսյանն էր տնօրենը, հիմա, քանի որ ժամկետը լրացել է, դրվել է փոխտնօրենի վրա, մի անգամ մրցույթը չկայացավ՝ հանձնաժողովների անդամների բացակայության պատճառով, մրցույթը կլինի օգոստոսի 20-ին:
Մարզպետին ներկայացվեց, որ իրականում այսպիսի վիճակ է, որ խնդիրը միգուցե ավելի ցավալի հետևանքներ ունենա, Պետրոս Մանուկյանը, որը մարզպետի խորհրդական է, ժամանակավորապես նշանակվեց մինչև մրցույթը, որպեսզի ամառային պիկն առանց ցնցումների, փորձանքների անցկացնի:
-Իսկ կոլեկտիվն ինչո՞ւ է բողոքում.
-Կոլեկտիվն ի նկատի ունի, որ երևի բողոքելու է իրենց ղեկավարը.
-Ո՞վ Մարգարյանը.
-Չէ, չէ, Մարգարյանը սիրով համաձայն է,ասում է՝ ավելի լավ, ես հաշվետվությունները, իմ գործառույթները չեմ կարողանում հասցնել, նման բան չի եղել, էստեղ ցնցում չի եղել, ուրիշ բան է: Տեղիզմն է այստեղ, տարածքից լինի. Էդ մարդը ՝ խորհրդականը, եղել է հոսպիտալի պետ՝ Քելբաջարի, Վարդենիսի, եղել է ՊԲ բուժվարչության պետի տեղակալ, հիմա թոշակի անցած գնդապետ է: Իր փորձը կարևոր է, պիտի հաղթահարենք, մինչև տնօրեն գա: Առավոտյան անգամ ջուր չենք խմել, եկել, ասել ենք լցվեք ջերմությամբ սիրով, ծառայեք ժողովրդին:
-Այսինքն, կոլեկտիվն իրենց մարդն ունենալու համար մերժո՞ւմ է ձեր լավագույն առաջարկները.
-Կոլեկտիվը չի ասել, դա որոշ մարդկանց ուղղորդում է, մի քիչ խորանաք, դուք էլ կիմանաք, ես չեմ ուզում առանց ապացույցների, մարդու անուն տալ, չեմ ուզում մեղք գործեմ, իսկ ես՝ որպես քրիստոնյա, մեղք չեմ գործում: Ոչ նպատակ կա հրամցնելու, մենք առաջարկում ենք՝ հարգելի տարածաշրջանի ժողովուրդ, էնքան եմ խոսացել, պռոշներս չորանում է…
-Դուք որտեղի՞ց եք.
-Նորատուզ գյուղում եմ ապրում, երկար ժամանակ եղել եմ Նորատուզի համայնքի ղեկավար:
***
Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Պետրոս Մանուկյան
-Ես խնդրում եմ, ինձ մի խառնեք մնացած ամեն ինչին, այնպես է ստացվել, որ ինձ խնդրել են, որ ես գամ էստեղ, դա անձնավորված է ստացվում: Իսկ ես անձնավորված ոչ մեկի հանդեպ ոչ խոսեցի, ոչ ասացի, ոչ էլ թույլ կտամ ինչ-որ մեկին…: Երբ որ ինձ անձնապես ճանաչեք, էն ժամանակ կարծիք կազմեք ինչքան կուզեք: Ես մեծ ճանապարհ եմ անցել, իմ մասին կարծիքներ կազմել են՝ սկսած հանրապետության նախագահից: Շնորհակալություն ձեզ բոլորիդ, ես երբևիցե նման մտահղացում չեմ ունեցել՝ խանգարել հիվանդանոցի աշխատանքը: Մինչև համապատասխան մարմիններն իրենց որոշումը կայացնեն, եթե համատեղ չի ստացվի աշխատել , ես կգնամ: Էսօր էլ նորից եմ ասում, ինձ կոտորելով եկել եմ, ավելի հանգիստ նստած էի աթոռիս ու բավարարված էի, որովհետև 32 տարի ես չարչարվել եմ 32տարի՝ դաշտերում ու չոլերում: Հետագայում մեծ պատկերացում կունենաք իմ մասին: Ինձ ճիշտ հասկացեք, որևէ հարցի շուրջ քաշվելու խնդիր չունեմ, համոզված եղեք, ես մի անձնավորություն եմ, որը ոչ մի խաղի մեջ չկա, որևէ կուսակցական, հասարակական խաղերի մեջ բացարձակ չկամ, զորացրվել եմ 1 ամիս առաջ Զինված ուժերից: Մասնագիտությամբ բժիշկ եմ, նվիրված եմ իմ մասնագիությանը: Իսկ ինչ վերաբերում է էս օրվան, կանչել են ինձ, ասել են խնդիր կա, պետք ա գնաք օգնեք, մինչև մրցույթով ղեկավար կնշանակեն:
***
Արսեն Մարգարյան
-Ինչ է եղել, բժիշկ Մարգարյան ասել եք, թե չեք կարողանում աշխատել, օգնական են բերե՞լ:
-Ես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել, երեկ, որ բերել են ներկայացրել են, այսօր էլ կոլեկտիվն էլ արդարացի պահանջ է ներկայացնում:
-Փոխմարզպետն ասում էր, տեղյակ եք եղել, դուք եք ասել, որ չեմ հասցնում:
-Բայց երեկ ես տեղյակ եմ եղե՞լ, չխոսալն ավելի լավ է, ես իմ գործն արել եմ 40 տարի:
-Դե փաստորեն գտել են, որ լավ չեք արել:
-Վա՞տ եմ արել, հո ասելով չէ: Ես կանգնել ասել եմ հոգնա՞ծ եմ, իմ տեղը օգնական բերե՞ք, եթե հոգնած լինեի, ազատման դիմում կգրեի:
‹‹Կառավարության այս նոր որոշումը ոչ մի կապ չունի բնապահպանական կամ ֆերմերների պահանջների հետ: Այս գործարքը զուտ փողի գործարք է: Ոչ ոք չի մտածում, որ պետք է նորմալ կառավարում անել››, — անդրադառնալով կառավարության հունիսի 26-ի որոշմանն, ասաց ‹‹ԷկոԼուր›› հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը:
‹‹Արարատյան դաշտի կատաստրոֆիկ իրավիճակը հայտնի է եղել կառավարությանը դեռ մի քանի տարի առաջ:
Երբ արդեն պարզ էր, որ Արարատյան դաշտի ստորգետնյա ջրերը գերօգտագործվում, շահագործվում են և գնալով այդ վիճակը խորանում է:
‹‹Մաքուր էներգիա և ջուր›› ծրագրի շրջանակներում, որ սկսել են USAID-ի հետ համատեղ, արվել են ուսումնասիրություններ: Միջազգային և հայ էքսպերտները արդյունքը տեսել են միանգամից և արդեն լուրջ քայլեր են ձեռնարկվել՝ ահազանգեր, պարտադրումներ են ներկայացվել նախարարությանը և կառավարությանը››:
Մեզ հետ զրույցում տիկին Զարաֆյանը նշեց, որ կառավարությունն անհանգստացած էր դեռևս մոտ մեկ տարի առաջ. ‹‹Կառավարության որոշումները նոր բան չեն հայտնաբերել: Մենք ունենք օրենք, ըստ որի՝ եթե դու օգտագործում ես ջրային ռեսուրս, ապա պետք է ինչ-որ ձևով այն կարգավորած լինես : Պարզ չէ՞, որ մինչ այսօր անօրինական ձևով ջուր են վերցնում: Ոչ մի նախարարություն, առաջին հերթին բնապահպանության նախարարությունը, միանգամից այդ հարցը չեն տվել. այդ ինչպե՞ս է, որ մարդիկ ջուրը գերօգտագործում, գերշահագործում են ու մենք ոչ մի բան չենք անում››:
‹‹Առաջին հերթին այդ վերահսկողության համար, որը մեր օրենքով սահմանված է, պատասխանատվություն է կրում Բնապահպանության նախարարությունը, որը տալիս է ջրօգտագործման թույլտվություն և վերահսկողություն պետք է կատարի: Սակայն չի կատարում: Դա հանցավոր գործարք է մեր ջրային պաշարների նկատմամբ. տալիս ես լիցենզիա, պատշաճ վերահսկողություն չես իրականացնում և կորցնում ես քո պաշարները: Մինչ օրս որևէ մեկը պատասխան չի տվել դրա համար: Մյուս կարևոր հարցն է, թե ինչի՞ հիմնա վրա են բաժանվում այդ լիցենզիաները: Այստեղ մեծ կոռուպցիոն ռիսկ ենք տեսնում, որի մասին կառավարությունը լռում է››,- նշեց տիկին Զարաֆյանը:
Նա պատմեց է, որ իրենք այցելել են Արարատյան մարզ և տեսել՝ ինչ է կատարվում այնտեղ.‹‹ Այցելել ենք այն գյուղեր, որոնք ընդհանրապես ջրի խնդիր չունեն: Այդ ինչպես է լինում որ որոշ գյուղերում ջրի խնդիր չկա, մյուսներում՝ ցամաքած տարածքներ են: Կառավարությունն ի՞նչ ձևով է վերահսկում իրավիճակը:
Ի՞նչ է անում կառավարությունը. վերանորոգում է պոմպակայանները, իսկ մարդը, որը ստանում է այդ ջուրը, վճարվում է դրա համար: Փաստորեն, նրանք վերահսկողություն են անում ոչ թե ջրային պաշարների նորմալ կառավարման, այլ վերահսկում են, որպեսզի գումար ստանան››:
Տիկին Զառաֆյանը պատմեց նաև, որ գյուղերից մեկում (անունը չնշեց՝ գյուղապետի խնդրանքով) ձկնաբուծարանի տերն, հասկանալով, որ այստեղ շահերի բախում կա, առաջարկել է իր ձկնաբուծարանի ավելորդ ախտոտվող ջուրը, որը հոսում է դեպի Թուրքիա, իր հաշվին տալ գյուղացիներին, բայց կառավարությունը, քանի որ դրանից գումար չի ստանա, չէ՞ որ պոմպակայանները չեն աշխատի, այդ պատճառով երկու անգամ մերժեցին խնդրանքը.
Փոխանակ ձկնաբուծարանների ջուրը, Արաքս գետի ջրերից էլ կարող են վերցնել, տան գյուղացիներին, մի քանի խողովակ են անցկացնում ու վաշխառուի պես վաճառում են ջուրը» :
Էկոլոգը զարմացած է. «Եթե դու Արարատի մի մասը վերցնում ես լճերի մեջ, իսկ մյուս մասը ցամաքացնում և ասում՝ ոչինչ, ցամաքած տարածքներում նոր հորեր կբացենք, որ բավարարենք ջրերի պահանջը, ի՞նչ է նշանակում: Վերցնում փակում են հորերը (մի հորի փակելը 2.5 միլիոն դրամ արժե), ինչի՞ համար, հետո նորից բացում են: Համակարգը խախտվում է: Փաստորեն փողերի լվացում է գնում››:
‹‹Այս հարցը կառավարությունում շատ լուրջ քննարկվել է այս տարվա մարտի 15-ին, որտեղ ներկա էին սկսած ՀՀ նախագահը, նախարարներ ու խնդրով մտահոգ քաղաքացիներ: Քննարկմանը եղել են պատճառաբանված, հիմնավորված ելույթներ, սակայն ոչ մի բան էլ չի փոխվել, արդյունք չկա››,-ասաց տիկին Զարաֆյանը:
Փաստորեն, Կառավարության նոր որոշումը ոչ թե ջրօգտագործման ծավալների նկատմամբ առցանց հսկողության իրականացումն ու շահառուների համար տեղեկատվության հասանելիությունն ապահովելն է, այլ հերթական վաշխառությունը:
Ստորև ներկայացնում ենք ուսումնասիրությունների արդյունքում որոշված գերշահագործման հետևանքները.
•530 կմ2 տարածքում ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցում,
•Դրական ճնշման նվազում և 31 համայնքներում ինքնաշատրվանող հորատանցքերի վերացում,
•Շահագործական հորերի հզորությունների նվազում,
•Սևջուր-Ակնալիճ աղբյուրների հոսքի նվազում մոտ 6 անգամ՝
17,8 մ3/վրկ-ից 3 մ3/վրկ,
•Բավարար ջուր չի ապահովվում Մեծամորի ատոմակայանի ռեակտորի սառեցման համար և վտանգված է 29 համայնքների ոռոգումը,
•Ձկնաբուծարաններից լրացուցիչ ջրաքանակների հեռացման պատճառով դրենաժային համակարգում ջրի մակարդակի բարձրացում՝ ինչը հանգեցնում է հողերի աղակալման,
•Ձկնաբուծարաններից հեռացվող ջրերի որակը պետք է վերահսկվի:
Ծրագրի շրջանակներում ներկայացվել է նաև մեծ կապիտալ ներդրումներ չպահանջող միջոցառումներ.
•Ոչ ծախսատար միջոցառումների իրականացում, ինչպիսիք են օրինակ, ինքնաշատրվանող հորերի վրա փականների տեղադրում, ջրաչափերով ջրի սպառման վերահսկում, լքված հորերի հետլիցք, Էջմիածնի ու Մասիսի տարածաշրջաններում ջրառի կրճատում, և այլն,
•Ձկնաբուծարաններից հեռացվող ջրի որակի հսկողություն,
•Կայուն ջրօգտագործման վերաբերյալ ձնկնարտադրողների վերապատրաստում,
•ՋԹ-ներ տրամադրող անձնակազմի վերապատրաստում,
•Հորատող կազմակերպություններին թույլատվությունների տրամադրում;
•Օրենսդրական դաշտի բարելավում՝ պարտավորեցնելու ջրօգտագործողներին և աղտոտողներին՝ իրականացնելու ստորերկրյա ջրերի մոնիտորինգ ու հաշվետու լինելու համապատասխան գերատեսչություններին;
•Ստորերկրյա ջրերի կառավարումը պետք է իրականացվի մեկ պետական լիազորված մարմնի կողմից:
Հռիսփսիմե Գալստյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.