26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների բացահայտումները և այդ ընկերության պահանջն էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու վերաբերյալ ժամանակի առումով համընկնում են։ Ստացվում է, որ «Ցանցերում» յուրացումներ և գերածախսեր են լինում, որոնք այդ ընկերությունը փորձում է փոխհատուցել ՀՀ քաղաքացիների կաշին քերթելով։ Բացահայտումներով զբաղվում են և պետական մարմինները, և առանձին պատգամավորներ, և մամուլը, բայց բանը քրեական գործերի հարուցման չի հասնում։
ՀՀ դատախազությունը 2013 թվականին քննություն սկսեց ՀԷՑ-ում կատարվող գումարային վատնումների և չարաշահումների հետ կապված, սակայն կարճ ժամանակ անց փակեց այն, առանց հրապարակայնացնելու իր որոշումը։ Նաև այլ իրավապահներ են այս ընթացքում փորձել թափանցել ռուսական ընկերության ներքին ֆինանսական խոհանոցը, բայց բախվել են պատի։ Այսօր նույնիսկ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, որը չի սիրում «չարաշահումներ» բառը և, սովորաբար, նման դեպքերում հորդորում է ոչ թե պատասխանատուների փնտրել, այլ լուծել խնդիրները, ՀԷՑ-ի դեպքում խոստովանում է, որ համակարգում չարաշահումների ռիսկեր կան։
Օրերս մեծ աղմուկ բարձրացվեց ՀԷՑ-ի մի գործարքի շուրջ։ 2011 թվականին «Ցանցերը» «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից մեծ գումարներով ավտոմեքենաներ են վարձակալել։ Դրա դիմաց ամսական 1000 դոլարի, համարժեք դրամ են վճարել «Էկթրաք սերվիսին» և, բացի դա, այլ թանկարժեք գործարքներ էլ են կնքել ընկերության հետ։
Օրինակ, վերջինիցս 800 հազար դրամով տարածք են վարձակալել՝ դեպի Արտաշատ տանող ճանապարհին։ «Էկթրաք սերվիսը», որի հետ աստղաբաշխական գումարների վարձակալության պայմանագրեր էր կնքում, վերջերս հիշատակվեց որպես Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի բաջանաղի կազմակերպություն։ Իրականում, սակայն, «Էկթրաք սերվիսը» ՀԷՑ նախկին փոխտնօրեն Կարեն Դարբինյանի հիմնադրած ընկերությունն է, իսկ Շաբոյանի բաջանաղը՝ Գեղամ Կարապետյանը, Դարբինյանի մորաքրոջ տղան է և սանիկը և ընկերության բաժնետերն էր դեռևս երբ Շաբոյանը տեսանելի պաշտոն չուներ։
ՍՊԸ-ն Դարբինյանը գրանցել է 2006 թվականին և հիմնադրել 2007 թվականին։ Այն ժամանակ նա «Ցանցերի» ամենաազդեցիկ դեմքերից էր։ Հետաքրքիր է, որ նրա հետ համափայատեր է եղել նաև արտասահմանյան քաղաքացի, ոմն Դևոլթ Փաուեր, որի միջոցով ընկերությունը գրանցվել է օֆշորային գոտում՝ Վիրջինյան կղզիներում։ 2009 թվականին Կարեն Դարբինյանն իր փայաբաժինը փոխանցել է Գեղամ Կարապետյանին, որը մինչ օրս էլ «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի տնօրենն է։
Դարբինյանը 2011 թվականին հեռացել է ՀԷՑ փոխտնօրենի պաշտոնից, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, հակասություններ է ունեցել գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ։ Բայց, փաստորեն, Կարեն Դարբինյանն իր մորաքրոջ տղայի միջոցով շարունակում էր առնչություններ ունենալ ՀԷՑ-ի գործունեության հետ։ Ներկայում Բիբինն էապես կրճատել է «Էկթրաք սերվիսի» հետ իր գործակցությունը, թողնելով միայն ավտոտրանսպորտի վարձակալության պայմանագրերը, այն նույն ավտոմեքենաների, որոնց համար ՀՀ բնակչությունն ամիսը 1000 դոլար գումար է վճարում «Էկթրաք սերվիս»-ին։
Իմիջիայլոց, ՀԷՑ-ի գնումների վերահսկողությունը պետք է իրականացներ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Եթե հանձնաժողովը նման գործառույթ իրականացներ, գուցե այսօր էլեկտրաէներգիայի թանկացման անհրաժեշտություն առաջ չգար։ «Ներդրումային ծրագրերը մենք ենք վերահսկում, բայց շքեղության ծախսերից ոչ մեկը երբեք մտած չի եղել սակագնի հաշվարկի մեջ»,- պատասխանում է հանձնաժողովի խոսնակ Մարիամ Ստեփանյանը։
Երեկ մենք ողջ օրվա ընթացքում փորձում էինք կապ հաստատել Կարեն Դարբինյանի հիմնած օֆշորային ընկերության հետ, սակայն գրանցված հեռախոսահամարներով ոչ ոք չէր պատասխանում, կամ էլ անծանոթ համարների չէին պատասխանում։ Կապվեցինք նաև Եվգենի Բիբինի հետ, որն ասաց․ «Это ваш телефончик? Вам перезвонят через полчаса»: Իհարկե, խաբեց։ Մեզ «перезвонить» չարեցին։ Կարեն Դարբինյանը այս ամենի առնչությամբ ասաց․ «Ես եղել եմ այդ հիմնարկի տնօրենը, բաժնետեր չեմ եղել, իսկ սեփականատերը եղել է հայ, Տոնոյան Մինասը»։
Թանկարժեք վարձակալության պայմանագրերի վերաբերյալ հարցին պատասխանեց, որ դրանցից տեղյակ չէ, սակայն ընդունեց, որ «Էկթրաք սերվիսի» տնօրեն Գեղամ Կարապետյանն իր մորաքրոջ տղան է։ Զանգահարեցինք նաև Դարբինյանի հորը՝ փորձառու էներգետիկ Իլյիչ Դարբինյանին։ «Ինչների՞դ է պետք Կարեն Դարբինյանը։ Ո՞վ ասեց, որ օֆշորում է գրանցված, էդ որտեղի՞ց եք այդ սկանդալային տվյալները գտել»,- հարցրեց նա մեզ։ «Պետռեգիստրում է գրանցված»,- պատասխանեցինք։ «Ռեգիստրում գտել եք, որ օֆշորում գրանցված հիմնարկությո՞ւն է, հա՞»։ «Վիրջինյան կղզիներում»։ «Ի՞նչ ես ուզում,- ջղայնացավ էներգետիկը,- սենսացիա՞ ես ման գալիս, հա՞։ Ձեր մասնագիտության համաձայն, սենսացիա՞ եք ման գալիս»։ Ապա ժխտեց այն, ինչ հաստատել էր որդին՝ որ «Էկթրաք սերվիսի» տնօրենն իր կնոջ քրոջ որդին է։
Սյուզան Սիմոնյան
Ապրիլի28ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Թուրքիայի Սահմանադրական ատյանում դատ էր բացել պահանջելով վերադարձնել Սիսի պատմական կաթողիկոսարանի տարածքը կամ՝ հատուցել 100 միլիոն լիրա (37,362,000 դոլար):
Ինչպես գրում է Asbarez -ը այս դիմումից անմիջապես հետո, Քոզանի (Սիսի թուրքական անվանումն է) քաղաքապետը՝ ազգայնամոլ «Ազգայնական շարժում» կուսակցությունից Մուսա Էօզթիւրքը հայտարարել է ՝«Հայրենիքից թիզ հող անգամ չունենք որևէ մեկին տալու»:
Այս հայտարարությունից անմիջապես հետո քաղաքապետի հրահանգով կաթողիկոսարանի տարածքի վրա, որ տարիներ շարունակ անտեսված վիճակում էր, կառուցվել է մանկական զբոսայգի: Բացումը կատարել է քաղաքապետը անձամբ:
Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, թե՝ նվազել է մուրացկանությամբ զբաղվող երեխաների թիվը, սակայն թվեր չի բերել:
Նույն կերպ նաև օրեր առաջ հայտարարության է արել Նաիրա Զոհրաբյանը, որի ռեպլիկը շատ ընդհանուր էր, ուստև խոցելի:
Գյունաշյանն անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի, թե՝ «Հայաստանի մանկատներից «պռակատով» երեխա են վերցնում մուրացկանություն անելու համար», հայտարարությունը, ասել է.«Կուզենայի Նաիրա Զոհրաբյանին, որպես պատգամավորի, որպես շատ կարևոր որոշում կայացնող տիկնոջ հարցնել, թե քանի անգամ է վերջին տարիների եղել որևէ մանկատանը»:
Ի՞նչ կապ ունի մանկատանը լինելը, բարձրացված հարցի հետ: Տիկին Զոհրաբյանը, փոքր ինչ էմոցիոնալ է արտահայտվել, ընդհանրացնելով իրավիճակը, որն իհարկե ճիշտ չէ, սակայն, որ երեխաներ են մուրացկանությամբ զբաղվում, ու նրանց մեծ մասը հատուկ դպրոցների սաներն են, հաստատ է: Իսկ այդ երեխաները հիմնականում մանկատնից են անցնում հատուկ դպրոց: Միգուցե սա՞ ի նկատի ունի պատգամավորը:
Սոցապնախարարության աշխատակիցն ասել է, թե՝ այսօր ոստիկանությունում կա մինչգերատեսչական աշխատանքային խումբ, որը զբաղվում է մուրացիկ երեխաների հարցերով:
Ոստիկանությունում միշտ էլ զբաղվել են հատուկ դպրոցներից փախչող մուրացիկ (և ոչ միայն) երեխաների խնդիրներով, սակայն հարցն այն է, թե ինչ արդյունավետությամբ:
ԱՄՆ-ում կենսաթոշակային համակարգում նոր փոփոխություններ են սպասվում:
Մայիսի 20 -ին աշխատանքային այցով Վաշինգտոնում՝ կոնգրեսի պալատի ընդունելության սրահում կոնգրեսական Ադամ Շիֆի հետ հանդիպել է ամերիկահայ հայտնի հասարակական գործիչ և ֆինանսական ծրագրերի համակարգող Արա Ահարոնյանը:
Ահարոնյանը միացյալ նահանգներում գործող ֆինանսական ծրագրերի պատվիրակության անդամ է: Հանդիպմանը մայրաքաղաք են ժամանել ԱՄՆ 50 նահանգների պատվիրակներ: Հրավիրված պատվիրակության մեջ Արա Ահարոնյանը միակ ամերիկահայ ներկայացուցիչն էր:
Վաշինգտոնում հրավիրված աշխատանքային հավաքը կապված էր հարկային բարեփոխումների հետ: Կոնգրեսի ընթացիկ ծրագրում ներառված հարցը վերաբերում է ամերիկացի ժողովրդի կենսաթոշակային համակարգին:
Հարցազրույցն այդ թեմայով և մանրամասներ տեղի ունեցած գործընթացի վերաբերյալ կհրապարակենք առաջիկայում:
1. ՀՈՂԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ
Մի հող, որ թէկուզ երկինք համբառնայ՝
Հայոց եղել է….
Հայոց կը դառնայ:
(Յովհաննէս Շիրազ)
Հաւանաբար մեզմէ շատեր առարկեն որ ներկայիս Թուրք պետութեան քաղաքական դիրքը ամուր կռուաններու վրայ է, եւ հետեւաբար մեր դատի բարւոք լուծման համար նպաստաւոր պայմաններ չկան քաղաքական հարթակին վրայ: Այդպիսիներուն մենք ա՛յո պիտի ըսենք, նկատի ունենալով ներկայ քաղաքական պայմանները եւ Թուրքիոյ աշխարհաքաղաքական դիրքը որուն կարիքը ունին Եւրոպական պետութիւնները, ելլելով իրենց քաղաքական շահերէն: Անկասկած որ ներկայ պայմաններու տակ չենք կրնար առաջնորդուիլ մակերեսային լաւատեսութեամբ եւ ակնկալել վարդագոյն արշալոյսներ մեր ժողովուրդին համար, հետեւաբար անհրաժեշտ է ըլլալ իրապաշտ եւ չառաջնորդուիլ զգացումներով, ինչ որ յատուկ է մեր ժողովուրդին: Չմոռնանք երբեք որ այսօրուան քաղաքական իրականութիւնը չի’ կրնար այսպէս շարունակել եւ անփոփոխ մնալ, նկատի ունենալով հիւլէական դարաշրջանի նոր իրողութիւններն ու փոփոխութիւնները:
Եթէ այսօր թուրքական ռազմակայանները անհրաժեշտ են ամերիկեան կառավարութեան քաղաքական, ռազմավարական ծրագիրներու իրագործման համար, վաղը անոնք կրնան փոխուիլ նոր պայմաններու բերումով: Հետեւաբար՝ անհարկի յոռետեսութեամբ անշարժութեան չմատնուինք եւ մեր բախտը չանիծենք:
Շա՛տ հետաքրքրական է նաեւ հոգեբանական այն երեւոյթը կամ իրողութիւնը որ լայնատարած թուրք հասարակութիւնը,—ընդհանրապէս Արեւելեան Նահանգներուն մէջ ապրող ժողովուրդը,— կը մերժէ կայք հաստատել, տուն շինել հայկական հողերու վրայ, այն ակնկալութեամբ որ անոնց տէրերը օր մը պիտի գան եւ պահանջեն իրենց կալուածները: Այս իրողութեան վկայութիւններէն մէկն է նաեւ Հայաստանի սահմանամերձ տարածքներու պարապութիւնը:
Կասկածէ վեր է այն իրողութիւնը որ թուրք պետութիւնը ինքզինք զօրաւոր կը զգայ միջազգային իրադարձութեանց մէջ այսօր, եւ հետեւաբար կարելի է ըսել որ ներկայ քաղաքական պայմանները աննպաստ են հայ ժողովուրդի արդար դատի բարւոք լուծման համար, եւ դժուար է ակնկալել որեւէ շօշափելի յաջողութիւն: Մեզի կը մնայ դաս առնել մեր մօտիկ եւ հեռաւոր անցեալէն, թէ ինչպէս ենթարկուեցանք միջազգային բազմապիսի եւ բազմերանգ դաւաճանութիւններու: Ուրեմն՝ պէտք չէ առաջնորդուինք ծանծաղ եւ մակերեսային լաւատեսութեամբ, անհրաժեշտ է ըլլալ իրապաշտ եւ երբեք չառաջնորդուիլ զգացումներով եւ սպանական դղեակներ կառուցանելով:
Ա՛յո, ճիշդ է որ ներկայի միջազգային քաղաքական պայմանները աննպաստ են մեր դատին համար, սակայն պէտք չէ պարուրուինք յոռետեսութեամբ եւ մեր պահանջատիրութեան արդար աշխատանքը անշարժութեան մատնենք. ընդհակառակը, որքան որ ալ աննպաստ ըլլան պայմանները ներկայիս, պէտք է առաւել եւս աշխուժացնենք մեր աշխատանքները, որովհետեւ՝ ոչինչ յաւերժական է քաղաքական բեմին վրայ եւ անպայման պիտի գայ հատուցման օրը:
Հետեւաբար լծուինք աշխատանքի եւ միջազգային կարծիք ստեղծենք ի նպաստ մեր դատին՝ կեդրոնացեալ արդիւնաւէտ աշխատանքով: Մեր այս յարատեւ աշխատանքին մէջ իրենց կեդրոնական տեղը պիտի ունենան մեր հայրենի իշխանութիւնները, եւ սփիւռքահայութիւնը իր կարգին պիտի լծուի բոլորանուէր աշխատանքի, համազգային զօրաշարժով: Այո՛, դիւրին եւ արագ լուծումներ չկան մեր դատին, բայց անհրաժեշտ է ըլլալ վճռական եւ միշտ յարձակողական: Անկասկած որ պիտի հանդիպինք խոչընդոտներու՝ մեր աննկուն աշխատանքին մէջ, բայց պարտաւոր ենք ազգովին մնալ պայքարի դաշտին վրայ եւ պայքարիլ մոլեռանդօրէն մինչեւ յաղթանակ, մինչեւ իրականացում մեր մեծ երազին – Ազատագրում բռնագրաւուած հողերու եւ միացում-ամբողջացում հայրենի ազատ պետականութեան սահմաններուն:
Արդարութիւնն ու իրաւունքը մեր կողմն են անկասկած: Այնու ամենայնիւ անոնք բաւարար չեն, նամանաւանդ քսանմէկերորդ դարու քաղաքական վերիվայրումներուն եւ հաշիւներուն մէջ, մեր դատը իր լրումին եւ արդար լուծումի մը հասցնելու համար: Այսօր՝ բիրտ ուժը եւ նիւթական շահերն են առաջնահերթ բոլոր գերպետութիւններու համար:
Հետեւաբար նկատի ունենալով վերեւ յիշատակուած քաղաքական մթնոլորտը, անխուսափելիօրէն ուշ կամ կանուխ պիտի կազմալուծուի Թուրքիան եւ պարարտ հող եւ պատեհ առիթ պիտի ստեղծէ մեր դատի յաջողութեան համար: Հայ ժռղովուրդը երբեք պիտի չմոռնայ իր դատը մինչեւ որ արդար հատուցում չստանայ, եւ ո’չ ալ Թուրքը պիտի կարենայ մաքրուիլ իր ոճրապարտ ժառանգութենէն, տխո՜ւր անցեալէն, մինչեւ որ գոհացում չտայ հայկական պահանջներուն:
Անհրաժեշտ է որ «քաղաքակիրթ» գերպետութիւններ իմանան, թէ հայկական հողերուն վրայ թուրքերուն տիրապետութիւնը պահելը՝ բացայայտօրէն կը նշանակէ վարձատրել դահիճը իր ցեղասպանութեան համար: Ուշագրաւ է այն իրողութիւնը, որ ցեղասպանը պատասխանատուութեան կանչելու բոլոր իրաւական հիմքերը կային 1918 թուականէն սկսած, երբ Առաջին Համաշխարհային Պատերազմէն եւ Օսմանեան Կայսրութեան տապալումէն ետք, 4 Նոյեմբերին եւ 12 Դեկտեմբերին տեղի ունեցած Երեսփոխանական Ժողովի (Meclisi Mebusan) նիստերու ընթացքին, Երիտ-Թուրքերը մեղադրուեցան երկիրը պարտութեան մատնելու յանցանքով, ինչպէս նաեւ երկրի սահմանադրութեան հիմնական յօդուածները (մարդկային կեանքի եւ սեփականութեան ապահովութեան մասին) խախտելու օրինազանցութեամբ:
Ահաւասիկ այս Ժողովի հիման վրայ, 8 Յունուար 1919 թուականին, Պոլսոյ մէջ կազմուեցան ռազմական ատեաններ: Սուլթան Մէհմէտ Զ. Վահտէտինի
[الدين وحيد] հրամանով Երիտ-Թուրքերու պարագլուխները յանձնուեցան ռազմական ատեանի քննութեան եւ երկու տարուան երկարաշունչ դատավարութենէ ետք՝ դահիճները դատապարտուեցան զանազան պատիժներու, մահապատիժէն սկսելով մինչեւ վարչական եւ նիւթական տուգանքներու: Հետաքրքրուողներ այս մասին ընդարձակօրէն կրնան կարդալ պրոֆ. Աւետիս Փափազեանի «Հայերի Ցեծասպանութիւնը ըստ Երիտթուրքերի Դատավարութեան Փաստաթղթերի- Երեւան, 1989» աշխատութիւնը:
Ցեղասպանութեան հարցի կարեւորութիւնը եւ անոր պատմական անհերքելիութիւնը նոր լուսարձակի տակ առնելով պիտի տեսնենք որ իրաւական, քաղաքական եւ դիւանագիտական լուսաբանութիւններու կը կարօտի ան: Ցեղասպանութեան ու պահանջատիրութեան հարցերու քննարկումը եւ անոնց լուծման հնարաւորութիւնը կապուած են ռուս-արեւմտեան եւ ռուս-թուրքական քաղաքական յարաբերութիւններուն եւ խմորումներուն:
Նկատի ունենալով ներկայի քաղաքական դաշտը, մեզի կը մնայ վարպետօրէն նաւարկել հայ-ռուսական, հայ-արեւմտեան, հայ-ատրպէյճանական, հայ-վրացական, հայ-քրտական, հայեւթուրք եւ հայ-իրանական յարաբերութիւններու լաբիւրինթոսին մէջ: Բոլորիս ծանօթ է որ մեծ պետութիւններու թուրքանպաստ կեցուածքը պայմանաւորուած է թուրքերու՝ անոնց մատուցած զանազան ծառայութիւններուն վրայ. իրողութիւն մը որ թուրք պետութեան «իրաւունք» կու տայ դրօշակակիր ըլլալու Հայոց Ցեղասպանութեան ուրացման — բայց մինչեւ եր՞բ: Եւ որքան որ մօտեցանք Ցեղասպանութեան հարիւրամեակի ոգեկոչումներուն՝ ա՛յնքան նորանոր դժուարութիւններ յարոյց թուրք պետութիւնը:
Թուրքական պետութեան ղեկավարութեան աճպարարութիւններէն մէկն է նաեւ առաջարկուած հայ եւ թուրք մասնագէտներէ բաղկանալիք յանձնաժողով մը գոյացնելու առաջարկը, ստեղծելու համար ա՛յն պատրանքը, որ իբր թէ գոյութիւն ունի հակագիտական եւ հակապատմական ցեղասպանագիտութիւն: Փաստօրէն կը փորձեն այդ յանձնաժողովի միջոցաւ աշխարհին ցոյց տալ որ օտար երկիրներու դիւանագէտներուն, բարեսիրական կազմակերպութեանց միսիոնարներու եւ ականատեսներու տուած տեղեկութիւններն ու տեսակէտները սխալ եւ կեղծ են:
Միջազգային փորձառութիւնը ցոյց կու տայ թէ ինչպիսի կորուստներու կ’ենթարկուին ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդները, որուն մէջ իր առանձնայատուկ տեղը ունի հայ ժողովուրդի ցեղասպանութիւնը, որ մինչեւ այսօր իր արդար լուծումը չէ ստացած:
- Անշարժ եւ շարժուն գոյքեր, դրամ, ոսկի եւ այլ իրեղէններ:
- Սպաննուած անհամար քաղաքացիներ:
- Մշակութային կորուստ:
- Հողային կորուստ:
Օսմանեան Թուրքիան բնաջնջել փորձեց, բռնագաղթի ենթարկեց Հայ ժողովուրդը եւ բռնի իւրացնելով Հայոց Աշխարհը՝ ստեղծեց Հայ Սփիւռքը, որ այսօր իր ամբողջական կարողականութեամբ կը պահանջէ իր հայրենի հողը, ուր անգամ եւս պիտի համախմբուի ան ստեղծագործելու եւ շէնցնելու իր աւերեալ երկիրը:
1944 թուականին, Ռաֆայէլ Լեմքին (Raphael Lemkin, 1900-1959) որպէս իրաւաբան եւ որպէս ցեղասպանութիւն տեսած ժողովուրդի զաւակ, առաջին անգամ իրաւական եւ գիտական գետնի վրայ շրջանառութեան մէջ դրաւ իր կողմէ ստեղծուած «ցեղասպանութիւն» (genocide) եզրը, որ ճշմարիտ կերպով կ’արտայայտէր մարդկութեան դէմ կատարուած ոճրագործութեան գերագոյն աստիճանը: Հետեւաբար՝ ցեղասպանութեան ոճիրը միջազգային իրաւաբանութեան համաձայն դարձաւ օրէնք, որ ենթակայ է հետապնդումի, խափանումի եւ պատիժի:
Թէեւ Օսմանեան Պետութեան ժառանգորդ թուրք պետութիւնը կ’ընդունի թէ Համաշխարհային Առաջին Պատերազմի ընթացքին հայրենաբնակ հայութիւնը մարդկային կեանքի կորուստներ ունեցաւ, բայց ան կը մերժէ ցեղասպանութիւն գործած ըլլալու իրողութիւնը, խուսափելու համար անոր իրաւաբանական, օրինական հետեւանքներէն: Հետեւաբար մեզի կը մնայ ներկայացնել աշխարհին՝ թէ հայութեան դէմ կատարուածը միայն ու միայն կանխամտածուած ցեղասպանութիւն էր:
Ինչպէս անցեալին հրաժարեցան ցեղասպանը դատապարտելէ եւ պատժելէ, նոյնպէս եւ այսօր՝ Թուրքիոյ բարեկամ եւ դաշնակից պետութիւններ կը մերժեն տակաւին առնել գործնական պատժական քայլեր, հակառակ այն իրողութեան որ «ցեղասպանութիւն» եզրը շրջանառութեան մէջ դրուելէ ետք՝ իրաւական գետնի վրայ բազմիզս փաստուեցաւ եւ հաստատուեցաւ թէ’ իրաւաբաններու եւ թէ’ ցեղասպանագէտներու կողմէ, թէ հայութեան դէմ գործուած ոճիրը ուրիշ բան չէր եթէ ոչ ցեղասպանութիւն:
Մեզի կը մնայ զինուիլ եւ յարատեւ պայքարիլ մինչեւ վերջնական յաղթանակ: Սփիւռքահայութեան ճնշող մեծամասնութիւնը շատ զգայուն է այս հարցով քան իր Հայաստանի մէջ ապրող եղբայրներն ու քոյրերը, որովհետեւ քաջատեղեակ է եւ ամէնօրեայ ապրում է իրեն համար այն իրողութիւնը որ ինք ՀԱՅՐԵՆԱԶՈՒՐԿ է, եւ չի կրնար իր գոյութիւնը պաշտպանել եւ պահպանել առանց հողի: Գերմանացի գոյութենապաշտ (existentialist) իմաստասէր՝ Մարթին Հայտեկկըր (Martin Heidegger 1889-1976) իր «Գոյութիւն եւ Ժամանակ» (Sein und Zeit) գիրքին մէջ շատ յստակ կերպով կը վերլուծէ եւ կը շեշտէ թէ մարդ չի՛ կրնար իր գոյութիւնը (ինքնութիւնը) պահպանել առանց հողի: Հայ ժողովուրդն ալ իր պատմութեան դառն փորձառութենէն գիտէ, որ կարելի չէ ինքնութիւն ստեղծել օտար հողի վրայ: Հայրենական հողի բացակայութեան հետեւանքով՝ պատմութեան ընթացքին կազմալուծուեցան եւ առ յաւէտ կորսուեցան մեր սփիւռքեան բոլոր մեծ եւ փոքր գաղութները:
Ցաւալին հոն է որ մեր սփիւռքեան ջանքերը կ’իրականանան առանձին կազմակերպութիւններու կամ հաստատութիւններու միջոցաւ, եւ ահաւասիկ այս իրողութեան ամենէն նոր փաստը Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կալուածային դատն է, ուր այս վերջինը կը պահանջէ կաթողիկոսանիստ Սիս մայրաքաղաքի իր սեփական կալուածները թուրքական եւ միջազգային դատարաններու միջոցաւ, որուն հակադարձ պատասխան տուաւ անմիջապէս Քոզան-ի (Սիս) քաղաքապետ՝ Մուսա Էօզթիւրք, ըսելով որ խնդրոյ առարկայ վանքը կը պատկանի Քոզանի Քաղաքապետարանին եւ ոչ ոքի տալիք տարածք ունի: Ըստ քաղաքապետին, Լոզանի համաձայնագիրին մէջ նշուած է. «Ոչ իսլամները պէտք է վեց ամսուան ընթացքին գային եւ իրենց ունեցուածքին տէր կանգնէին: Այդ օրէն ի վեր, այն բոլոր կալուածները, որոնք անտէր մնացած են, անցած են գանձարանին, իսկ այնտեղէն ալ՝ մեզի» :
Ահաւասիկ քաղաքական պոռնկութեան լաւագոյն ցուցանիշներէն մին: Մուսա Էօզթիւրք (որ թարգմանի՝հարազատ թիւրք) կ’ակնկալէր որ ցեղասպանութեան ենթարկուած, անապատներու մէջ անօթի-ծարաւ ջախջախուած հայեր իրենց գերեզմաններէն ելլելով գային եւ տէր կանգնէին իրենց հայրենի հողերուն: Կարելի՞ է նման արիւնարբու օսմանցիի հարազատ զաւկին հետ սեղան նստիլ եւ հասկցուիլ:
Թուրքական քաղաքական մտածողութեան այս դրսեւորումը առիթ պէտք է ըլլայ մեզի անդրադառնալու՝ որ մեր համազգային կեդրոնացած միասնական ուժերով, այլ խօսքով՝ լիարժէք ներկայացուցչական մարմնով յառաջ տարուելիք իրաւական պահանջատիրութիւնը շատ աւելի գործնական յաջողութեան կրնայ հասնիլ, քան անձնական նախաձեռնութիւնները: Այս ըսելով՝ երբեք չենք փափաքիր ստորագնահատել կամ թերագնահատել կատարուած աշխատանքները, որոնք ժամանակի ընթացքին կրնան նաեւ իրենց դրական բաժինը բերել մեր Արեւմտեան Հայաստանի եւ Հայկական Կիլիկիոյ պահանջատիրութեան աշխատանքին մէջ:
Իրաւական հեղինակութեան պակասը զգալի է՝ որովհետեւ ներկայ պայմաններու տակ բազմագլուխ պահանջատիրութեան եւ անկազմակերպ աշխատանքի մը առջեւ կը գտնենք մենք զմեզ: Դժբախտաբար չունինք եւ չկրցանք ստեղծել կեդրոնական մարմին մը կազմուած դիւանագէտներէ, քաղաքաքէտներէ, իրաւաբաններէ եւ ցեղասպանագէտներէ, որ լիազօրուած ըլլայ ներկայացնելու մեր հողային պահանջը միջազգային ատեաններու առջեւ պետական մակարդակով: Այնքան ատեն որ չենք կրնար համախմբուիլ որպէս պահանջատէր մէկ ձայն, մեր բոլոր աշխատանքները կրնան հարցականի տակ մնալ եւ ամլութեան դատապարտուիլ:
Չենք կրնար երբեք ուրանալ այն կարեւոր դերը զոր Հայաստանի պետութիւնը պիտի ունենայ մեր պահանջատիրութեան աշխատանքին մէջ, նամանաւանդ նկատի ունենալով անոր պետական կառոյց լինելու հանգամանքը միջազգային քաղաքական յարաբերութեանց մէջ, որպէս լիազօր մէկ անդամը պետութիւններու միջազգային ընտանիքին: Նոյն ատեն պէտք է նկատի ունենալ ա’յն իրողութիւնը՝ որ Հայաստան, մեկնելով իր պետական շահերէն, մինչեւ այսօր ո’չ մէկ յայտարարութիւն կատարած է Արեւմտեան Հայաստանի եւ Հայկական Կիլիկիոյ հողային պահանջատիրութեան մասին:
Տակաւին ամիս մը առաջ, Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Տիար Սերժ Սարգսեան, թուրքական «Հիւրրիյէթ» թերթի խմբագրին հետ ունեցած իր հարցազրոյցի ընթացքին, բացայայտօրէն յայտարարեց որ Հայաստան միայն կը հետապնդէ եւ կը պահանջէ ցեղասպանութեան ճանաչում եւ հետեւաբար ո’չ մէկ հողային պահանջ ունի Թուրքիայէն: Նոյն մօտեցումը ցուցաբերեցին նաեւ իր նախորդները, դիւանագիտական լռութեամբ ըսելու որ յետագային կը ներկայացնենք նաեւ մեր հողային պահանջատիրութիւնը. քաղաքական տհասութիւ՞ն թէ ինքնախաբէութիւն: Մենք կը փորձենք հասկնալ այդ քաղաքական ճարպիկութիւնը, սակայն եւ այնպէս նոյն ատեն կը փորձենք նաեւ զսպել մեր խոր վրդովմունքն ու ցասումը, որովհետեւ որպէս տարագիր հայութեան ժառանգորդները չենք փափաքիր որ մեր հողային պահանջը քաղաքական սակարկութեան դրուի՝ արատաւորելով մեր արիւնաթաթախ նահատակներու սրբազան կտակը:
Բայց ին՞չ է պահանջատիրութիւնը որուն մասին կը խօսինք. դրա՞մ, տո՞ւն, վաճառատո՞ւն, եկեղեցի՞, վա՞նք: Ո’չ ոք այլեւս ետ կրնայ բերել մեր մշակութային գանձերը եւ ո’չ ալ մեր մարդկային կորուստի ահաւորութեան առթած ծանրակշիռ հետեւանքները: Կը կարծեմ որ իւրաքանչիւր տարագիր հայորդիի համար պէտք է յստակ ըլլայ պահանջատիրութիւնը՝ ՀՈՂ, ՀՈՂ, ՀՈՂ — բռնագրաւուած Արեւմտեան Հայաստան եւ Հայկական Կիլիկիա:
Ժամանակն է որ զգացական ելոյթներէն, հադիսութիւններէն եւ ոգեկոչումներէն անդին անցնինք, եւ որպէս իրաւազրկուած ժողովուրդ՝ հասարակական կամք արտայայտող մէ՛կ կառոյցով հրապարակ իջնենք եւ միջազգայնացնենք մեր հարցը, եւ եթէ կարելի ըլլայ՝ նոյնիսկ համամարդկային տեսիլքի վերածենք ցեղասպանութեանց ի սպառ վերացման խնդիրը մեր մոլորակի երեսէն, որպէսզի աշխարհ զերծ մնայ նորանոր ցեղասպանութիւններէ, որոնք դժբախտաբար կը շարունակուին այսօր «քաղաքակիրթ» պետութիւններու աչքին առջեւ:
Մեր պահանջատիրութեան անհրաժեշտութենէն ելլելով, պէտք է չէզոքացնենք թուրքերու հակահայ քարոզչութիւնը, որուն նպատակն է աղաւաղել հայուն դիմագիծն ու պատմութիւնը եւ իւրացնել անոր ազգային արժէքները:
Հերթը մի պահ քոնն է հիմա, ո՜վ Հայ Ժողովուրդ:
Ոսկան Մխիթարեան
27 Մայիսի 2015
(Շար. Բ.)
Այս կիրակի՝ մայիսի 31-ին Սևանում օծվելու է սրբ. Ավետում եկեղեցին:
Այս եկեղեցին հիմնադրման օրվանից հայտնվել է տհաճ իրավիճակների կիզակետում: Նախ՝ կառուցվում է 2006-ից ու երբ 10 տարի անց մի կերպ ավարտին է հասել և թվում է, թե՝ դժվարն արդեն անցյալում է, էլի խնդիրներ կան:
Եկեղեցին կառուցվում է բարերար` փարիզաբնակ Ս. Պետոյանի միջոցներով, շինությանը հովանավորում էր նաև ամերիկաբնակ հայտնի բարերար Ալեք Մանուկյանի թոռը` Արեն Մանուկյանը:
Ժամանակին նշվում էր, որ կառույցի (պատվիրատուն Մայր Աթոռն էր) ավարտին չհասցնելու պատճառներից մեկը բարերարների կողմից փոխանցված գումարը նպատակին չծառայեցնելն էր։ Նաև ասում էին, որ որոշ թերությունների համար շինությունը չի ընդունվել Գարեգին Բ- ի կողմից: Կառուցապատողն էլ այլ բան էր ասում. Ասում են նաև թե եկեղեցու վրա նավս կա, սևանում տերուտիրական բողոքականների աչքն է: Ինչևէ… սևանցիները հասցրեցին 10 տարվա մեջ մի քանի անգամ հիասթափվել՝ այդ ընթացքում էլ եկեղեցու վրա աշխատող երկու մարդ մահացան:
Այնուամենայնիվ սևանցիները հուսով են, որ այդ ամենը հետևում է և վերջապես եկեղեցին կբացի իր դռները, սակայն,այստեղ դարձյալ ամեն բան հարթ չէ, այժմ սևանցիները նոր թեմա ունեն խոսելու.
Խոսակցություններ են շրջում, թե՝ բավարար չեն եղել բարերաների ներդարած գումարները և Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ռուսաստանաբնակ սևանցիներից օգնություն է խնդրել, իբրև եկեղեցու խաչերն ու զանգը ապահովելու համար: Ըստ մեր տեղեկության, նրանցից մեկը 5 հազար դոլար է ուղարկել, բացի այդ գումար է հավաքվում նաև տեղի ունևոր բնակիչներից:
«Հայկական Վարկածը» փորձեց հարցի պարզաբանումը ստանալ Գեղարքունիքի թեմից . ինչն է պատճառը, որ եկեղեցու խաչն ու զանգերը գնելու գումար բարերարը չի հատկացրել. Տեր Ստեփանոս քահանան պնդեց հակառակը՝ բարերարը հոգացել է եկեղեցու բոլոր ծախսերը՝ թե, խաչերի, թե՝ զանգերի, թե՝ շրջակայքի բարեկարգման և թե կահավորման ծախսերը և ինքն էլ մասնակցելու է օծմանը: Մեր դիտարկմանը, որ լավ կլիներ եկեղեցու դիմացի փողոցի քանի մետր ասֆալտն էլ արվեր, թե չէ խայտառակ վիճակ է ,տեր հայրն՝ ասաց .«Կներեք, բայց դա եկեղեցու հետ ինչ կապ ունի» :
Իրոք մինչև շաբաթվա վերջ մնացել են հաշված օրեր. Բայց եկեղեցու հարակից տարածքի փողոցները խայտառակ վիճակում են: Ու քանի որ Սևանի քաղաքապետը և Գեղարքունիքի մարզպետը չեն շփվում միմյանց հետ, ավագանու անադամներն էին գնացել Գավառ, մարզպետին խնդրելու, որ գոնե մինչև բացումը եկեղեցու հարակից հատվածը ասֆալտապատի, սակայն մերժում են ստացել:
Ուրեմն ինչո՞ւ է գումար հավաքում Սևանի քաղաքապետը, եթե բոլոր ծախսերը հոգացել է բարերարը և չի ասֆալտապատվում եկեղեցու շրջակա տարածքը:
Իբր այս ամենը քիչ էր, դեռ սրբ. Ավետում եկեղեցու օծման օրն էլ Արտաշատում բացվում է մեկ այլ՝ Վարչապետի կառուցած եկեղեցին, որի բացմանը Հովիկ Աբրահամյանը հրավերք է կատարել: Սևանցիները մտահոգ են, որ բնականաբար այնտեղ կշտապեն բոլոր պաշտոնյաները, այդ թվում և Վեհափառը, ում սևանցիները ակնկալում էին գոնե այդ օրը Սևանում տեսնել:
Լսո՞ւմ էք մարդիկ, լսո՞ւմ էք, ազգեր,
Այս ողբագիրքս դասագիրքն է ձեր…
Թող անցեալ վէրքը դասագիրք դառնայ
Մանուկ ներկայի սեղանի վրայ:
(Յովհաննէս Շիրազ)
Հարցականի տակ դրինք 100-ամեակը, որովհետեւ տօնախմբութիւնները անցան, բայց ո’չ ցաւը: Անգամ մը եւս մեր յարգանքի համազգային արտայայտութեամբ, փառաշուք հանդիսութիւններով, գրական եւ գեղարուեստական աննախընթաց երեկոներով, համազգային լայնատարած ցոյցերով, արժանաւորապէս յարգեցինք յիշատակը մեր մէկուկէս միլիոն նահատակներուն: Համայն քաղաքակիրթ աշխարհի առաջ անգամ մը եւս մերկացնելով թուրքը իր քաղաքական սնանկութեան մէջ, վերարժեւորեցինք մեր պահանջատիրութեան դատը, վերանորոգելով մեր ուխտը յանուն մեր նահատակներուն:
Հայրենիքի, եւ Սփիւռքի, ինչպէս նաեւ օտար մամուլը՝ բացառիկներ յատկացուց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով: Ողբի ու կոծի էջը փակեցինք եւ նոր էջ մը բացինք Հայ Ժողովուրդի վերածնունդի եւ վերանորոգումի սրբազան առաքելութեան դաշտին մէջ, որովհետեւ վերապրեցաւ հայութիւնը, ստեղծելով սեփական պետութիւն որ այսօր իր կարգին լծուած եւ հետամուտ է ամբողջացնելու պատմական իր առաքելութիւնը՝ որ պահանջատիրութիւնն է:
Ցեղասպանութեան 100-ամեակին առիթով, աշխարհասփիւռ հայութիւնը անգամ մը եւս փաստեց անվիճելի, անվեհեր ճշմարտութիւն մը. հակառակ այն իրողութեան որ դարերու ընթացքին աշխարհակալներ եկան ու անցան՝ մեր հազարամեայ երկիրը նուաճելով, կոտորելով, կործանելով ու թալանելով՝ որոնց վերջին արիւնարբու դաժան ոճրագործները եղան Սուլթան Համիտներն ու Երիտ-Թուրքերը, եւ սակայն չկարողացան տապալել հայուն ապրելու կամքը, ստեղծագործելու կենսախայտ տենչը եւ գոյատեւելու աննահանջ եւ աննկուն խիզախութիւնը:
1915-ի ցեղասպանութիւնը ուրիշ բան չէր եթէ ոչ մարդկային պատմութեան ամէնէն ահռելի եւ սարսափազդու ոճիրներէն մին, որ գազանային վայրագութեամբ եւ մոլեգնութեամբ իրագործուեցաւ արիւնարբու Օսմանեան պետութեան կողմէ: Ու դժբախտաբար անհերքելի իրողութիւն է, թէ տակաւին քսանմէկերորդ դարու յառաջդիմութեան այս դարուն՝ վարձկան պատմաբաններ եւ ծախուած քաղաքագէտներ կ’ուրանան ճշմարտութիւնը, կը ներբողեն բռնակալներու յաղթանակները, եւ կ’անտեսեն ժողովուրդներու սպանդն ու կոտորածը, որ տակաւին կը շարունակուի այսօր զանազան ցամաքամասերու վրայ, անպաշտպան եւ անօգնական ժողովուրդներու հանդէպ:
Հարիւր տարի անդադար, անմխիթար սուգով լացինք եւ ողբացինք մեր անմեղ նահատակներուն յիշատակը: Չկրցանք եւ պիտի չկարենանք ըմբռնել թէ արդեօ՞ք նման ոճիր մը կրնայ գործել մարդ արարածը հանդէպ իր նմանին: Ապրիլ 24ի արհաւիրքը այնքան խոր է, որ տակաւին չենք կրնար մեր մտապատկերէն հեռացնել մեր բիւրաւոր նահատակները, որոնք անօթի-ծարաւ, ուժասպառ ինկան ճամբաներու երկայնքին: Շատեր բզկտուեցան դահիճներու մագիլներու մէջ: Բիւրաւորներ հրկիզուեցան եկեղեցիներու եւ քարայրներու մէջ, թափուեցան հորերու մէջ կամ նետուեցան վիհերէ վար: Հազարաւոր մանուկներ ծովամոյն խեղդուեցան թուրք դահիճներու կողմէ: Մէկ խօսքով՝ խաղաղասէր հայ ժողովուրդի զաւակներ անշիրիմ բնաջնջուեցան արիւնարբու գազանին՝ թուրք պետութեան կողմէ կանխամտածուած եղեռնի միջոցաւ, կրելով տանջանքին եւ թշուառութեան ամենէն դժոխայինը— Հայկական Գողգոթան….
Այս բոլորէն ետք, տակաւին ներկայ թուրք կառավարութիւնը կը մեծարէ յիշատակը հայաջինջ ոճիրին դահիճներուն որպէս հերոսներ ու ապա կը փորձէ մեր ցաւը ամոքե՜լ իր «անկե՜ղծ» ցաւակցական եւ մխիթարական խօսքերով: Ի՜նչ մարդկային ողբերգական կատակերգութիւն:
Հետեւաբար՝ մեր ժողովուրդին համար ամէնէն կենսական հարցը կը թանձրանայ ա՛յն իրողութեան մէջ, որ այս 100-ամեակին ի՞նչ հանգրուանի հասանք եւ ո՞ւր կը մտադրենք հասնիլ: Արդարեւ, ոչնչացումի անդունդէն Նախախնամութեան հրաշքով, ինչպէս Ինք խորտակեց իր տապանաքարը իր Յարութեան աւետիսով, նոյն ձեւով տապալեցաւ նաեւ թուրքին կնքած տապանաքարը: Վկայ՝ մեր վերանկախացած հայրինիքն ու առասպելական վերակենդանացող պահանջատէր Սփիռքը:
Այսօր փոքրիկ Հայաստանով, որուն գոյութիւնն ու անկախացումը կը պարտինք մեր ժողովուրդի ազատագրական պայքարի հերոսական մարտունակութեան, թուրք պետութեան ախորժակները սահմանափակեցինք անգամ մը եւս, եւ ընդմիշտ թաղեցինք անոր՝ թուրանական կայսրութիւն մը վերականգնելու բոլոր ցնորքները:
Այսուհետեւ՝ ցեղասպանութեան 100-ամեակը պիտի չկարենայ մեզ համակել անցեալի տառապանքներու յուզումով եւ սուգով: Ան արդէն եղած է մեր Նոր Ուխտի տապանակը, որուն վրայ կատարեցինք մեր ուխտը՝ մեր մարտիրոսներուն յիշատակը յաւերժացնելու եւ պահանջելու անոնց արեան գինը: Ցեղասպանութեան 100-ամեակը լուսաւոր նոր հանգրուան մըն է ազգային վերածնունդի, վերազարթօնքի ճամբուն վրայ, եւ այդ վերազարթօնքը խարսխուած է Հայաստանի անկախ պետականութեան ապառաժեայ կենարար պատուանդանին վրայ:
Յուշարձաններ կանգնեցինք ամէն տեղ՝ մեր անմեղ նահատակներուն յիշատակը յաւերժացնելու համար, բայց ամենէն շքեղ ու փառաւոր փոխվրէժի յուշարձանը պիտի ըլլայ մեր Ուխտը, որ պիտի կարենայ հակակշռել անոնց մարտիրոսաբար կորստեան ահագնութիւնը – պայքարիլ, մաքառիլ ու սատարել հայ ժողովուրդի եւ հայրենիքի բարգաւաճման, ազատ գոյատեւման եւ յաւերժացման գործընթացին:
Սակայն մեր գլխաւոր նպատակին հասնելու համար անհրաժեշտ է որ լրացնենք կարգ մը նախապայմաններ: Անոնցմէ կարեւոր կը նկատենք, Սփիւռքի վերապրող հայութեան ազգային ծրագիրներուն եւ նպատակներու գործադրութեան բիւրեղացումը, նամանաւանդ քաղաքական գործելակերպին մէջ, ստեղծելով ճիգերու ամբողջական սերտ միութիւն մը: Ձեւական միութենէն անդին անցնինք, կերտելու իրակա՛ն, եւ ո՛չ թէ մակերեսային միասնութիւն մը:
Հաւատարիմ մնալ եւ ուխտել, որ հայ ժողովուրդի անկապտելի իրաւունքն է, եւ իր նահատակներուն արիւնաթաթախ պատգամը՝ որ մենք մեր ազգային վերականգնումը հետապնդենք ու իրագործենք պատմական Հայաստանի ազատագրուած միացեալ հողերուն վրայ: Չխանդավառուինք պատահական խոստումներէ եւ ո’չ ալ յուսահատինք վաղանցիկ ժխտումներէ: Չյուսալքուինք ժամանակաւոր ձախողութիւններէ, անկեղծ հաւատքով եւ տեսիլքով զրահաւորուած առաջ տանինք մեր պահանջատիրութեան արդար դատը, միշտ մնալով պատնէշի վրայ արթուն եւ շրջահայեաց:
Հայ Ժողովուրդի ազգային պանծալի վերածնունդը երաշխաւորուած է իր անկախ հայրենիքով: Մեզի կը մնայ թօթափել ամէն հատուածական կիրք, եղբայրասպան հին հաշիւներ, ամէն նախապաշարում իրարու հանդէպ, կուսակցական թէ անհատական, եւ դառնալ մի բոունցք իրականացնելու հայ ժողովուրդի բոլոր ձգտումներն ու երազները:
Ցեղասպանութեան 100-ամեակը նոր սկիզբ մըն է՝ նոր մղում տալու Հայկական Դատին: Միամիտ ինքնախաբէութիւն է, այլ խօսքով մանկամիտ պատրանք, կարծել որ կրնանք միայն մեր սեփական ոյժերով իրագործել հայ ժողովուրդի հողային պահանջները: Ներկայ հիւլէական դարուն, հրաշքի համազօր նուաճումներ կատարած ենք թէ՛ Հայրենիքի եւ թէ՛ Սփիւռքի մէջ, մասնաւորապէս մշակոյթի, գիտութեան եւ ճարտարարուեստի բնագաւառներէն ներս. բայց՝ միջազգային քաղաքական ասպարէզին վրայ, հազիւ նշմարելի ենք գերպետութեանց քաղաքական եւ շահադիտական հաշիւներու խաղադաշտին վրայ: Տարակոյս չունինք որ Հայկական Դատը ենթակայ է միջազգային պայմաններու եւ քաղաքական կամքերու եւ սակարկութեանց. մեզի կը մնայ իմաստութեամբ շարժիլ եւ շահիլ բարեկամ պետութիւններ որոնց հիմնական նպատակներուն ուղին զուգահեռ է մեր պահանջատիրական դատին:
Կասկած չկայ երբեք մեր մտքին մէջ, որ պէտք է դիմենք ամէն բանաւոր միջոցի, օրինականութեան եւ արդարութեան ամէն սկզբունքի ու քաղաքական ամէն ճնշումի, Հայ ժողովուրդի արդար դատի հատուցման համար: Եւ պիտի գայ այդ անխուսափելի օրը երբ պատմութեան ու աշխարհաքաղաքական (geopolitical) նոր փոփոխութիւններու բերումով՝ հայ եւ թուրք ժողովուրդները պիտի կանգնին իրարու դէմ յանդիման, եւ պիտի առերեսուին իրենց դառն պատմութեան հետ ու պիտի փորձեն լուծել հողային պահանջներու եւ իրաւունքներու հատուցման հարցը: Ի՞նչ պէտք է ընենք այս հանգրուանին՝ պատրաստ ըլլալու համար գալիքին, որպէսզի անակնկալի առջեւ չգտնուինք երբ առիթը ներկայանայ: Յաջորդաբար պիտի ներկայացնենք եւ վերլուծենք ներքեւ առաջադրուած մեր մտահոգութիւնները, որոնք կը բխին համազգային այժմէական մեր մտահոգութիւններէն:
- Հողային Պահանջ
- Վերաբնակեցում
- Արտագաղթ
- Ժամանակավրէպ Կուսակցութիւններ
- Արտասահմանեան Ազգային Ժողով
- Եկեղեցւոյ Միութիւն
- Քրտական Հարց
- Թուական Աճ
- Իսլամացած Հայեր
Միջազգային ժողովներու եւ օտար ցեղասպանագէտ հեղինակութիւններու կողմէ անառարկելի կերպով հաստատուած ու պատմութեան էջերուն մէջ արձանագրուած անժխտելի իրողութիւն է Օսմանեան պետութեան գործադրած ցեղասպանութիւնը, որուն ժառանգորդն է այսօրուան թուրք պետութիւնը, եւ ինչ որ ալ ըլլան Թուրքիոյ կողմէ յառաջ քշուած չքմեղանքը՝ որպէս թէ հայութեան տեղահանութիւնը պատերազմական գործողութիւններու անհրաժեշտութենէն կը բխէր, եւզանազան ա՛յլ յերիւրածոյ ու բռնազբօսիկ բացատրութիւններ, ատոնք չե՛ն կրնար արդարացնել հայոց նկատմամբ կանխամտածուած, ծրագրուած եւ գործադրուած ցեղասպանութիւնը:
Կարեւորը այն է որ ո’չ մէկ միջազգային մարմին կամ ժողով կամ իրաւական ատեան ուրացած է մեր արդար իրաւունքները, թէկուզ քաղաքական նոր բարդութիւններու հետեւանքով մեծ պետութիւններ անցեալին դաւաճանեցին Հայ Ժողովուրդին եւ ձախողութեան մատնեցին Սեւրի խոստումները ու նոյնպէս վարուեցան նաեւ Լօզանի դաշնագրի պարագային: Հակառակ այս բոլորին, մեր եւ գալիք սերունդներուն վիճակուած է սրբազան պարտականութիւն մը -– տէր կանգնիլ մեր իրաւունքներուն, անդադրում հետապնդել մեր ժողովուրդի հողային արդար դատը եւ իրագործել մեր ազգին երազը:
Որպէս հողեղէն մարդ արարած, չենք կրնար երբե՛ք մոռնալ անցեալը եւ մեր անմեղ ժողովուրդին նահատակութիւնը, նոյնիսկ եթէ մեր հայրենական հողերն ու հարստութիւնները վերադարձուին մեզի: Այսօր՝ աւելի քան հազար հինգ հարիւր տարիներ անցած են Վարդանանց պատերազմէն եւ տակաւին երկիւղածութեամբ կը յիշենք զանոնք եւ կը խոնարհինք անոնց նահատակութեան ու յիշատակին առջեւ. հետեւաբար կասկածէ վեր է որ յաջորդ հազարամեակին անպայման պիտի յիշենք մեր մէկուկէս միլիոն նահատակները եւ պիտի չմոռնանք անոնց քաղաքական կտակը:
Մեր աւագ պարտականութիւնն է աշխարհի պետութիւններուն ընդունիլ տալ, ճանչցնել ցեղասպանութիւնը եւ իրենց գործակցութեամբ գործադրել տալ ՄԱԿ-ի Ուխտին մէջ սահմանուած պատիժները: Բայց այս բոլորէն վեր կը մնայ բացարձակ ճշմարտութիւն մը -– ահաւասիկ հարիւր տարի անցած է արիւնարբու Թուրք մարդասպանի յոխորտանքէն ու մենք տակաւին կ’ապրինք, կը ստեղծագործենք, կը կերտենք ու կը բարգաւաճինք:
Թուրք դահիճները, Թալէաթները, սխալեցան եւ պարտուեցան իրենց յոխորտանքին մէջ. մենք կա՛նք, կ’ապրինք ու պիտի ապրինք, որովհետեւ մեր ժողովուրդը ցեղասպանութեան մոխիրներէն յարութիւն առնելով վերսկսած է իր յաղթարշաւին, եւ ո’չ մէկ ոյժ կրնայ դադաղեցնել կամ կասեցնել մեր յառաջընթացը: Ի վերջոյ հայ ժողովուրդը պիտի կարողանայ ամբողջացնել իր սրբազան առաքելութիւնը եւ պիտի վերատիրանայ իր պապենական հողերուն, հոն համախմբուելու եւ ստեղծագործելու համար անկաշկանդ կերպով:
Ոսկան Մխիթարեան
10 Մայիս, 2015
(Շար. Ա.)
Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը.
Ժամանակակիցը վկայել է. «Իր իմաստնութեամբ ու առաքինութեամբ արեգակի պէս էր փայլում Աստծոյ Սուրբ մարդը՝ Գրիգոր Նարեկացին»։
Ո՞րն էր արեգակի պէս փայլելու պատճառը։ Աղօթագի՞րքը… Բայց Աղօթքներն ու Սուրբ Մարիամ Աստուածածնին օրհնաբանող տաղերը, որ մեր ժամանակների գռեհկութեամբ «լիրիկա», այսինքն՝ «սիրերգութիւն» են կոչել, իրենց աւարտին ու ամփոփումին հասան նրա կեանքի վերջին տարիներին։ Բնաւ էլ «Աղօթագիրքը» չէր, որ Նատեկայ վանական Գրիգոր Ուսուցիչի նկատմամբ ծնուել էր ժամանակակիցների խորին յարգանքը։ Ընդհակառակը. յարգանքը և համբաւը, որ վանականը վայելում էր դեռևս երիտասարդութեան տարիներից, նրա ունցած հեղինակութեան հետևանքն էր։ Այդ հեղինակութեան շնորհիւ էր, որ նրան խնդրամատոյց եղան մեղքերի քաւութեան, ապաշխարութեան և հոգևոր ապաքինութեան աղօթքներ գրելու առաջարկով։
«Իր իմաստնութեամբ ու առաքինութեամբ արեգակի պէս փայլելու» համբաւը գալիս էր Սուրբ մարդու գործունէութիւնից, որ, ցաւօք, անյայտ է ուշիմ ու գրագէտ Հային։
Ե՞րբ է նա, այդ ուշիմ ու գրագէտ Հայը հնարաւորութիւն ունենալու հաղորդակցուել «Համառօտիւք բան խրատու վասն ուղիղ հաւատոյ» մեկնաբանութեանը։ Մի՞թէ մեր ժամանակների նոյնիսկ հաւատացեալ Հայը «ուղիղ հաւատի խրատների» կարիքը չունի։
Իսկ «Ապարանից խաչի պատմութիւնը» ծանօ՞թ է արդեօք իր հանճարեղ բանահիւսողով հպարտացող Հայը։ Գիտէ՞, որ գոյութիւն ունի մի այդպիսի աշխատասիրութիւն կենաց փայտի, Քրիստոս Տիրոջ փշէ պսակի, քացախով թրջած սպունգի և մարմնի մէջ մխրճուած գամերի մասին. մասունքներ, որ Մոկաց գաւառ տարան և նախ զետեղեցին Սուրբ Յովհաննէս Կարապետի տաճարի մէջ և ապա տեղափոխեցին Սուրբ Աստուածամօր եկեղեցի։ Այս վերջին ու հանդիսաւոր փոխադրութեանը ներկայ են եղել Սենեքերիմ, Գուրգէն և Աշոտ երեք Արծրունի թագազարմերը։
Երբևէ լսե՞լ ենք Խաչի գովեստի հետ մէկտեղ շարագրած Սուրբ Աստուածածնի հռչակաւոր ներբողը, որ Գումարը Խմբից է կոչւում և երգուել է գոնէ մինչև անաստուածութեան 20-րդ դար։
Իսկ ի՞նչ գիտենք «Ճառ ‘ի գովեստ Առաքելոց» խորագրով՝ առաքեալներին և եօթանասուներկու աշակերտներին նուիրուած ներբողականի կամ «Գովեստ ‘ի սուրբն Յակոբ Մծբնայ հայրապետ» ճառի մասին։ Այս վերջինը՝ Մծբինի հայրապետ Յակոբ Նիզիբայեցին Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի ազգականն էր և բարձրացել էր Արարատ լերան գագաթ՝ Նոյեան տապանը որոնելու և գտել էր մի բեկորը միայն։
Այս աշխատասիրութիւններից ամէն մէկը Սուրբ Գրիգոր Նարեկացու բանահիւսելու հանճարեղ նմուշ է, և նոյնքան «բանաստեղծական», որքան և թոնդրակեան աղանդին
ուղղուած նզովքը, կամ մեղքերի քաւութեան ու ապաշխարութեան Աղօթքները, և կամ Տաղերը…
Տաղերը, որ օրհնաբանում են Աստծոյ արարչագործութեան Գեղեցկութիւնը և Որդու Ծնունդը, Յայտնութիւնը, Յարութիւնը, Տիեզերական Եկեղեցին և Սուրբ Տաճարը։
Որտե՞ղ ենք կորցրել մեր Ուսուցչին, որ ուսուցանում է քրիստոնէական ուսմունքը, շարագրում է ուղիները, որոնք մեր անձը կարող էին տանել դէպ ի Աստուած կամ, եթէ կ’ուզէք, Աստծոյ հետ ներդաշնակութիւն յորդորել մարդուն, իսկ աւելի ճիշտ՝ օգնել մարդուն, որպէսզի որորնի և իր մէջ գտնի Աստծուն։
Այս ուսուցումը վերջ չունի։ Ինչպէս և վախճան չունի և չի կարող ունենալ մեր աղօթքը առ Աստուած և փառաբանութիւնը աստուածային արարչագործութեան։
Եթէ վստահ ենք, թէ քրիստոնեայ ժողավուրդ ենք և ոչ թէ հաւատուրաց խուռներամ մի ամբոխ, հապա էլ ինչո՞ւ ենք այսքան անգէտ, ինչո՞ւ ենք զլանում ուսանել Յիսուսի վարդապետութիւնը։ և ինպէ՞ս եղաւ, որ ինքներս մեզ զրկեցինք «Նարեկ»ից՝ Հաւատի և Աղօթքի գիրքը յայտարարելով թէկուզև հանճարեղ, բայց սոսկական «գեղարուեստական պոէմ»։
Չգիտէի՞նք, որ Աստծուն ուղղուած խօսքը արդէն իսկ պէտք է գեղեցիկ լինի։ Քանի որ աշխարհը, որ արարել է Աստուած, ինքնին Գեղեցիկն է։ Սուրբ Օգոստինոսը ասում է. «Հարցում արա երկրի գեղեցկութեանը, հարցում արա ծովի գեղեցկութեանը, հարցում արա դիւրասահ և համասփիւռ օդի գեղեցկութեանը, հարցում արա ամենայնին, որ գոյութիւն ունի։ Քեզ կը պատասխանեն. ”Նայի՛ր, մենք գեղեցիկ ենք“։ Այդ համապարփակ գեղեցկութիւնը դաւանութիւն է։ Ո՞վ է ստեղծել փոփոխութիւնների ենթակայ այդ գեղեցկութիւնը, եթէ ոչ Գեղեցիկը, որ չի ենթարկւում ոչ մի փոփոխութեան»։
Մեր ժամանակների գրողներից մէկը գրել է. «Կոմունիզմը սպառնում է ունևորներին, մասամբ՝ նաև ուսումնականներին։ Սակայն չքաւորներն ու անգրագէտները ոչինչ ունեն կորցնելու կոմունիզմի պարագային։ Մարդու մէկ տեսակ կայ միայն, որին սպառնում է կոմունիզմը՝ անկախ այն բանից, թէ մարդկային այդ տեսակը աղքատ է կամ հարուստ, գիտուն է, թէ անգէտ։ և այդ մարդը քրիստոնեան է»։
Կոմունիզմը միակ անվերապահ ճշմարտութիւն լինելու իր ակնկալութեամբ, սովետական իշխանութիւնը իր անիրաւ բռնութիւններով և ազգային մեր էութիւնը արմատներից, լեզուից, մշակոյթից ու հաւատից անդամահատելու իր հետևողականութեամբ մեզ դարձրեց դաշտագլոր մի բազմութիւն։
Երբևէ նորէն կը դառնա՞նք Ժողովուրդ։
Այն Հայ Ժողովուրդը, որ ունէր Հաւատ ու Բարոյականութիւն որպէս Էութիւն, գիտէր, թէ ի՛նչ է Գութը և Կարեկցանքը, խոնարհ էր Աստծոյ առաջ և արժանապատիւ՝ աշխարհիկ իշխանաւորների դիմաց։
Նարեկացու եի «Նարեկ»ի մասին զրուցելով՝ փորձում եմ յուշել դարձի գալով, լիարժէք ու բարոյական կողմնորոշումներ ունեցող ժողովուրդ, առաւել ևս լիարժէք ազգ դառնալու կենսական անհրաժեշտութիւնը և ճանապարհը, որ միակն է դէպի Միակն ու Ճշմարիտը տանողը։
Սովորենք աղօթել Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացու հետ։ Փորձենք ընկղմուել սրբազան ընթերցումի մէջ։ Սրտով ընկալենք այն, ինչը ծնունդ է առել Աղօթողի Սրտի խորքերից։
ԱՄՓՕՓ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ
Անանիա Նարեկացւոյ Գիր Խոստովանութեան, Վաղարշապատ, 1892
Գրիգոր Մագիստրոսի թղթերը յառաջաբանով և ծանօթագրութիւններով, աշխ. Կ. Կոստանեանց, Ալեք-պոլ, 1910
Խոսրովու Անձևացեաց Եպիսկոպոսի Մեկնութիւն ժամանակագրութեան, կարգադրեալ Մովսէսի գիտնական վարդապետի, Օրթագիւղ, 1840
Խոսրովու Անձևացեաց Եպիսկոպոսի Մեկնութիւն աղօթից պատարագին, Վենետիկ, 1869
Ներսէսի Լամբրոնոցւոյ Խորհրդակցութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ պատարագին, Վենետիկ, 1901
Պատմութիւն Հայոց ի սկղբանէ աշխարհի մինչև ցամն 1784, աշխ. Հ. Միքայէլ վարդապետ Չամչեանց, Վենետիկ, 1784-1786
Տիեզերական Պատմութիւն Ստեփանոսի Վարդապետի Տարոնեցւոյ, Փարիզ, 1839
© Կարէն Ա. ՍԻՄՈՆԵԱՆ, 2001. Փարիզ
Վերջ
Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը.
Որպիսին էլ լինեն ազգային պատմութեան ճակատագրական պարբերութիւնները, որքան էլ օտար բռնակալները խորտակած լինեն աւանդները, որքան էլ ներխուժեն օտարամուտ բարքերը և այլանդակօրէն ընդօրինակուեն հայերի կողմից, միևնոյն է, երբևէ նորէն յայտնւում է ծինաբանական աստուածայայտ և միշտ հաստատուն յիշողութիւնն ու կամքը։ Գալիս են անհատներ, որոնք, ի հեճուկս բոլոր խանգարումների ու ձևախախտումների, դիմագրաւում են բարոյալքուածութեան հեղեղատը, և դեռ աւելին, նրանց յաջողւում է սթափեցնել ազգային առողջ տարրը։ և նրանք են, որ պարզաջրում են հասարակութեան աղտոտուած ուղեղներն ու հոգիները, նրանք են, որ օտարի տարածած խաւարից դէպի լոյս են առաջնորդում ժողովրդին, նրանք են, որ սովորեցնում են մարդավայել ապրել մեզ շնորհուած կեանքը։
Այդպիսի անհատներից էին Նարեկայ վանականները, որոնք ջանադիր գործունէութեամբ նպատակ ունէին յաղթայարել անաստուածութեան աղէտալի հետևանքները՝ հեթանոսական ապականութեան մէջ գահավիժող ժողովրդին նորէն բերել ճշմարիտ ճամբայի վրայ, վերստին հաստատել նրա բարոյական կողմնորոշումները։ Այս ամէնը նրանք անում էին ոչ թէ կուրծք ծեծելով, թէ հայերը տէրունական առաջին քրիստոնէաներն են, ինչը նուազ մխիթարութիւն է խորտակուած ազգային կեանքի համար, այլ մեղանչումի ու ապաշխարութեան հզօր աղօթքներով, որպիսիք ծնուել էին Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացու սրտի խորքերից և այն խօսքերն էին, որոնք մարդուն հաշտեցնելու էին մերժուած Աստծոյ հետ, մեղքերի ապաշխարութեան և Աստծոյ հետ նորէն հաղորդակցուելու ուղիներ էին։
Աղօթագրքի մէջ առանձին գլուխներ նուիրուած էին դաւանաբանական խնդիրների, ունէին աստուածաբանական և իմաստասիրական բնոյթ։ Նարեկայ վանքի Սուրբը կամենում էր ամբոխին նորէն ժողովուրդ դարձնել, դարձի բերել, տանել դէպի արմատները՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչին… Ինչը և սնունդ էր տուել չարախօսութեան։ «Յայսմաւուրք»ի մէջ կարդում ենք. «Մի քանի յաչաղկոտներ (այսինքն՝ չարամիտներ) չարախօսեցին նրա մասին եպիսկոպոսների և իշխանների մօտ և այդ ճշմարտութեան վարդապետին կոչում էին ծայթ և հերձուացող»։
Այս ամբաստանութիւնը պատճառ էր դարձել, որպէսզի զայրանայ եպիսկոպոսական դասը, հետևաբար՝ անհանգստանան նուաճողների նկատմամբ ընդհանրապէս հաճոյանալու «քաղաքականութիւն» մշակած իշխանաւորները, գրգռուեն տանուտէրերը, որոնց հաւատազրկութիւնը ամէն անիրաւութիւն արդարացնող միջոց էր։
և հէնց այսպիսիներն էլ ներկայացնում էին դատակազմը, որ Սուրբին հերիւրելով որպէս ծայթ և հերձուածող՝ ծրագրել էր պատուհասել և աքսորել նրան։
Հր. Աճառեանը «ծայթ» եզրը բացատրում է իբրև նախատական եզր. «Հաւատքի մէջ թերի կամ ազատամիտ»։
Գրիգոր վարդապետ Նարեկացին, անշուշտ, «թերի» չէր հաւատքի մէջ։ և որպէս Ճշմարիտը ճանաչելուն նուիրուած քրիստոնեայ՝ ազատ էր կամքով և ազատ էր մտքով։
Հր. Աճառեանը, սակայն, հաղորդում է նաև «ծայթ« եզրի ծագումը. «Ձևացած է Ծաթ ազգի անունից։ Այս ազգը գնչուների մի ցեղ էր, որ Հնդկաստանից գաղթելով՝ եկաւ Հայաստան։ Ծաթերը մկրտուելով հայ դարձան»։
Գրիգոր վարդապետ Նարեկացին, անշուշտ, նաև հայացած գնչու չէր։ Ուրե՞մն…
Բանն այն է, որ երբ մէջ իր Հաւատն ու նախնիների աւանդութիւնները մերժելով՝ հայ ժողովուրդը դառնում էր ամբոխ, ապա գնչուները, որ մկրտուելով հայացել էին և Հաւատով էլ
պայմանաւորուած է մարդու ազգային պատկանելութիւնը բնաւ չհեռացան Սուրբ Գրիգոր Լուսաւորիչի եկեղեցուց։ Մնացին Հայ։ Որպէսզի հաւատուրաց ամբոխն էլ Հաւատին հաւատարիմ հայերին “ծայթ” կոչէր։
Հետևաբար, իրողութիւնը, ինչպես իրենք յաչաղկոտներն են հաստատում իրենց չարամիտ ամբաստանութեամբ, Նարեկայ վանականները և մասնաւորապէս Սուրբ Գրիգոր Նարեկացին նուիրուած էին թոնդրակեան անաստուածութեան ու շնական բարքերը վերացնելու և մոլորեալներին նորէն դէպի Սուրբ Գրիբոր Լուսավորիչի եկեղեցի դարձնելու գործին։ Հայացնելո՛ւ գործին։ Ի դէպ, աղօթքները, որոնք յօրինելու համար վանականները դիմել էին Գրիգոր վարդապետին, ուրացումի մեղքերը քաւելու և ապաշխարութեան համար էին, զի այդ ճանապարհով միայն կարելի է վերստին Դարձի գալ։
Ահաւասիկ, թէ ինչո՛ւ է գրաքննուած «Նարեկը», որտեղ անդամահատուած են ՀԵ, ՂԲ, և ՂԳ գլուխները՝ ամբողջութեամբ և դաւանաբանական ու աստուածաբանական ուսուցումի դրուագները ԻԶ, ԼԳ, ԼԴ գլուխներից։ Գրաքննուած դրուագները յայտարարուել են «պոէմ»ին չառնչուող և «յետագային ներմուծուած», ինչը հերիւրանք է և մարտնչող աթեիզմը բնորոշող օրինակ։
Գրաքննուած կտորներից է, զոր օրինակ, հետևեալը.
«Խոստովանիմք և դաւանեմք, պաշտենք և երկրպագմք զզուգափառ միութիւն ամենասուրբ Երրորդութեանն. աստուածութիւն անճառ, միշտ բարի, նոյնագոյ, հաւասարապատիւ, անհաս իմաստից թևոց սլացման, ի վեր քան զաւրինակ և անդր քան զնմանութիւն, գերազանց գոլով սահմանի անպարագիր բացարձակութեամբ, յառաջ քան զհիմն յաւիտեանցս անտարրափակ էութեանց, ստեղծականացս կարգաց, աւրհնաբանութեամբ անթարգմանելեաւ, ամենահարուստ մեծութեամբ յաւէտ պսակեալ. հաստիչ ժամանակաց և որ ժամանակի են կերպաւորեալք, ինքն պատճառ հանդերձիչ և հարմարաւէս յաւինիչ տեսականաց և աներևութից. ո՛չ անուամբ չափեալ և ո՛չ յորջորջմամբ նշանակեալ, ո՛չ որակութեամբ նմանեալ և ո՛չ քանակութեամբ կշռեցեալ, ո՛չ աւրինակաւ ձևացեալ և ո՛չ որպիսութեամբ ծանուցեալ, ո՛չ ի թերութենէ տարածեալ և ո՛չ ի լրմանէ ամփոփեալ, ո՛չ ուրեք երբեքի գրաւեալ և ո՛չ ի տեղւոջ վայրի երևեալ։
Հայր գթութեանց, ունող ամենայնի և աստուած հանուրց, որ յերկնի և որ յերկրի, բաց ի Բանէն միայնոյ, որով զամենայնի ինչ ունի, ստեղծիչ և տուիչ շնժոց ամենից, բաց ի Հոգւոյն իսկակցէ, որով զամենաթնն կազմեաց» («Գիրք Աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ», Բան ԼԴ)։
և, վերջապէս, այն թերասացութիւնը, որ սաւոկի պատմաբաններն ու բանասէրները արտայայտում են, խոստովանելով, թէ Գրիգոր վարդապետ Նարեկացուն յաջողուել է ազատուել հրապարակով պատուհասելու և աքսորելու եկած եպիսկոպոսների, իշխանների ու տանուտէրերի դատաստանից, բայց թէ ինչպէ՞ս՝ «Մեզ ոչինչ յայտնի չէ», զգուշացնում են նրանք։
Ինչո՞ւ՝ ոչ, յայտնի՛ է։ և յայտնի է մի գեղեցիկ աւանդութեամբ, որ պատմում է, թէ դատաստանի համար Նարեկայ վանք եկած եպիսկոպոսներին, իշխանաւորներին ու տանուտէրերին հիւրասիրելու համար Սուրբ Գրիգորը աղաւնիներ է խորովում, բայց սեղանին դնելով՝ կենդանացնում է խորոված թռչունները, որոնք թևածում են դէպի երկինք, իսկ դատաւորները այս հրաշքի վրայ ապշահար՝ այլևս չեն համարձակւում որևէ մեղադրանք ներկայացնել Սուրբին և ձեռնունայն վերադառնում են։
Գուցէ նաև մեզ է տարօրինակ թւալու այս պատմութիւնը, քանի որ լուսաւորեալ մարդիկ ենք և աւանդապատումների չենք հաւատում։ և ի զուր… Հենրիխ Շլիմանը հաւատում էր։
Յունական դիցարանի անցուդարձի մասին Հոմերոսի պատմութիւններին հաւատալով, ի հեճուկս ամէն տեսակի մատերիալիստների, նա յայտնագործեց միանգամայն իրական Տրոյէն։
Աւանդապատումները պէտք է հասկանալ որպէս գեղարուեստական յօրինուածք և յաճախ որպէս այլասացութիւն։ Մի՞թէ դժուար է թափանցել պատումի խորքը և բացայայտել իրականութիւնը, թէ Սուրբ Գրիգոր Նարեկացի վարդապետը իր Հաւատով և իմացութեամբ կարողացաւ մերժել բոլոր ամբաստանութիւնները իր նկատմամբ. նոյնիսկ աւելին՝ գուցէ թէ իրեն դատելու եկածներին կարողացաւ դարձի բերել քաղաքական ու բարոյական խանգարուածութեան հետևանքով՝ նրանց մոլորութիւններից։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
Հոգեկիր հռետորն ու աստվածաշնորհ բանասացը.
Սովետական պատմագէտներն ու գրականագէտները չեն ուրանում, թէ՝
— Գրիգոր վարդապետ Նարեկացին «եռանդով աշխատել է ուղղել ծոյլ ու մարմնասէր հոգևորականներից խանգարուած եկեղեցու կարգերը»,
— «որի համար բիրտ մարդիկ նրան հռչակել են աղանդաւորական»,
— «այնուհետև՝ հաւաքուել են եպիսկոպոսներ և իշխաններ և տանուտերներ, որպէսզի հրապարակով յանդիմանեն և ապա նրան պատուհասեն ու աքսորեն իբրև հերձուածող»,
— նաև խոստովանում են, որ իրենց «ստոյգ յայտնի չէ, թէ ինչպէս է Նարեկացուն յաջողուել ազատուել իր համար կազմուած դատարանին ներկայանալուց, կամ եթէ ներկայացել է, ինչպէս է արդարացուել»։
Ինչ խօսք, որ մէկը միւսին ժխտող կամ, լաւագոյն դէպքում իրար հակասող այս «փաստերը» կարող են շփոթեցնել ճշմարիտ իրականութիւնը տեսնելու փորձ անող ամէն մարդու։ Այնքանով, որքանով թուարկուած դրուագները ինքնին արդէն չեն դիմանում փոքր ի շատէ տրամաբանող և վերլուծական մտքին։
Ուրեմն, այսպէս. Սուրբ Գրիգոր վարդապետ Նարեկացին ջանում է ուղղել եկեղեցու կարգերը, որոնք խախտել էին «ծոյլ ու մարմնասէր հոգևորականները» (յանգամանք որ հաստատւում է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու հոգևարականութեան մեր օրերի կենցաղով ու ապիկարութիւններով՝ կաթողիկոսական գահակալի մասնակցոսւթեամբ) ։ Այս պատճառո՞վ են արդեօք նրան անուանարկել որպէս աղանդաւոր… և, ուրեմն, եկեղեցու կարգերը խախտողնե՞րն են հակահարձակումի անցնելով՝ դատաստան անելու համար գնացել Նարեկայ վանք։ Եթէ իմ այս եզրակացութիւնը սխալ է, ապա ինչո՞ւ են ապիկար հոգևորականներին պաշտպանելու համար հաւաքուել եպիսկոպոսնե՜ր, իշխաննե՜ր, տանուտէրե՜ր… այն էլ որպէսզի պատուհասեն ու աքսորեն Նարկայ վանքի Սուրբին… Անհեթեթութիւնների այս ի՞նչ շարան է…
Ուրեմն, չշարունակենք անհեթեթութիւնների այս անվերջանալի շարքը, չմտնենք հակասութիւնների թաւուտները, որտեղ կարող ենք վերջնականապէս մոլորուել, ինչին, ի դէպ ձգտում է աչառու գաղափարաբանութիւնը։
և այս հակասութիւնների, վերագրումների և ենթադրութիւնների առատութեան մէջ ակնարկ նոյնիսկ չկայ Նարեկաձ վանքի Սուրբին դատապարտելու փորձ անելու բուն դրդապարճառի մասին։
Այս լռութիւնը պատահական չէ։ Ազգային պատմութեան ամէն մի ճշմարիտ ու անաչառ դրուագ ոչ միայն մեր իմացութիւնն է հարստացնում, այլև թմբիրից հանում և աշխուժացնում է հարստացած մեր միտքը։ Հակառակի պէս էլ, օտար և իւրային բռնատիրութիւնները սարսափում են լուսաւոր ու աշխոյժ մտքից։
Հպանցիկ վերյիշենք այն կացութիւնը, որ գայութիւն ունէր Հայաստանի մէջ աւելի քան հազար տարի առաջ։
Ը. դարից ի վեր գրեթէ երկու հարիւր տարի Հայաստանը գտնւում էր արաբական տիրապետութեան տակ։ Ոչ մի նուաճող չի բաւարարուել սոսկ երկրներ ասպատակելով։ և արաբները հետևողականօրէն իրականացնում էին նուաճուած և հարկատու Հային ապազգայնացնելով՝ արաբացնելու, մահմեդականացնելու ծրագիրը։ Չնայած ազգային էութիւնն ու դէմքը պահպանելու համար յաճախ մինչև մահու և կենաց պայքարին, հայերի մէջ միշտ եղել են օտարի ազդեցութեանը պատրաստակամօրէն ենթարկուող մի խոշոր խաւ։ Այնպէս որ, արաբական նիստուկացն ու բարքերը դիւրութեամբ թափանցում էին նուաճուած ժողովրդի մէջ։ Վերանում էին նոյնիսկ կրօնական ջրաբաժանները, կազմւում էին խառն ընտանիքներ, որտեղ ծնւում էին և մեծանում խառնածինները։ Իսկ արաբական անուններ ունենալը հայերի համար դարձել էր բարեկրթութեան, եթէ կ’ուզէք՝ օտար իշխանութեանր դիւր գալու, քծնելու նշան։ Նիստուկացի ու բարքերի ներխուժումը եթէ դուրս չէր մղում, ապա հաստատապէս մաշում-բթացնում էր Հայի կրօնական զգացումը։
Հայերը, որ մինչ այդ եղել էին բիւզանդական ազդեցութեան ներքոյ, արաբական տիրակալութեան տակ անցնելով՝ ենթարկուեցին կրօնական հողի վրայ ևս Յոյներից վերջնականապէս անջատուելու պահանջին։
Բիւզանդիան էլ, որ շահագրգռուած էր ազդեցութեան իր ոլորտի մէջ պահել Հայաստանը, բնականաբար, հակառակ էր Ընդհանրական Եկեղեցու տրոհումին։
Իսկ հայերը իրենց հերթին որպէս ճկուն դիւանագիտութիւն կարծելով անպայման որևէ օտարի նկատմամբ կողմնորոշում ունենալը, ըստ էութեան, լարախաղացի հաւասարակշռութիւն էին պահպանում նիւթական անցողիկ հրապոյրների և հոգևոր մնայուն արժքների միջև՝ յաջողութեամբ կորցնելով թէ՛ մէկը և թէ՛ միւսը։ Հայը կողմնորոշման իր այս ախտահարութեան պատճառով միայն շարունակական կորուստներ է ունեցել, որոնք և նկատի ունենալով, Խաչատուր Աբովեանը գրել է, թէ «Կողմը պահելով, իսկապէս որ հայն իր տունը քանդեց»։
Իսկապէս. հակառակորդ տէրութիւնները իրար դէմ պատերազմում էին երկուստէք ամէնից հարմար մի տարածքի վրայ, որ Հայաստանն էր։ և այս յանգամանքը ազգային աղէտների պատճառ էր դառնում միայն։ Ի դէպ, 1915 թուականի Աղէտն էլ նոյն երևոյթն էր ներկայացնում ― ռուս-թուրքական պատերազմը նոյնպէս տեղի ունեցաւ Հայաստանի հողի վրայ, որի հետևանքով հազիւ ինքն իր նկատմամբ կողմնորոշուած Հայը վերջնականապէս որդեգրեց ռուսական մի արևելում և մինչև օրս այնպէս էլ չի ուզում հասկանալ, որ դա իր ազգային Էութեան և Ինքնութեան մայրամուտն է։ Իսկ ռուսները ձախողելով Բալկաններով Ցարգրադը (Կոնստանդնուպոլիսը) գրաւելու ծրագիր, Առաջին Աշխարհամարտը լաւագոյն առիթը համարեցին այս անգամ Ցարգրադ արևելքից գրաւելու համար։
և եթէ ռուսական տիրապետութեան պարունակի մէջ Հայը հասաւ «իմաստուն» մի եզրակացութեան, թէ ազգին դիմագիծը հնարաւոր է միայն ռուսաց լեզուով, ապա այս «փորձառութիւնը» անկասկած, ձեռք էր բերել շատ աւելի վաղուց, երբ նոյնպիսի գլխակորոյս հաճոյակատարութեամբ իւրացնում էր արաբական նիստուկացը և կենցաղը։
Արաբական տիրապետութեան տակ լինելու շրջանը տևեց գրեթէ երեք հարիւր տարի՝ Զ. դարից մինչև Թ. դար։ Բայց սա բնաւ չի նշանակում, թէ Թ. դարից սկսած Հայը վերադարձաւ իր արմատներին և նորէն գտաւ իր ճշմարիտ էութիւնը։ Արմատներին և Էութեան վերադառնալու համար շատ աւելի երկար ժամանակ է պահանջւում։
Այսպիսով, հասկանալի է, թէ որն է աղանդներ ծնող պարարտ հողը և ինչպէ՛ս է կարելի ձերբազատուել »աթեիստական, սոցիալիստական, կոմունիստական» այդ չարիքներից։
Ազատագրութեան ճամբան անցնում է Հաւատի միջով։
Կարեն Ա. Սիմոնյան
Շարունակելի…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.