29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Արա Հարությունյանն իմ ֆեյսընկերն է,, գիտնական, գնացել է Հայաստանից ու ապրում է Տեխասում: Զբաղվում է այգեգործությամբ, ինքն իրեն անվանում է «բոստանչի», համատեղությամբ կես դրույքով Ջորջ Վաշինգտոն համալսարանում խորհրդական է: Մենք համակարծիք ենք առանցքային համամարդկային արժեհամակարգային հարցերում, մենք տարբեր ենք մտածում շատ ու շատ բաների շուրջ, մենք նորմալ բարեկամներ ենք: Արան մեկուկես տարի առաջ խորհուրդ տվեց կտավատ խմել` կտավատն ինձ օգնեց, իսկ մենք դարձանք լավ ընկերներ Արան ու Համլետ Աբրահամյանը` էլի գիտնական, նույնպես ֆեյսընկերներ են, ու ամբողջ ֆեյսբուքում կարող եմ ասել, որ ամենահաճելի ու ցիվիլ բանավիճողներն են: Չնայած հակաբեւեռ հայացքներին, նրանց մարդկային տեսակը թույլ է տալիս զանազան հարցերի շուրջ ցիվիլ բանավիճել: Ներկայացրել եմ իմ երկու ընկերներին նույն հարցերը, կապված գիտության ֆինանսավորման ավելացման հետ: Այսօր ներկայացնում եմ Արա Հարությունյանի տեսակետը:
Հայաստանում գիտության վիճակը լավ չի, ահելները ով գնացել, ով մնացել ա, բայց ջահելները գնում են` համատարած բոլորը: Քո էմիգրացիան կապ ունի՞ որեւէ կերպ դրա հետ:
1999-ին իմ հեռանալը 3 գործոնների արդյունք էր: Մեկը դա գիտական աշխատանքով՝ այսինքն իմ մասնագիտությամբ զբաղվելու այլևս անհնարին լինելն էր: Հաջորդը հանրային – քաղաքական մթնոլորտի համատարած բեսպրեդելն էր, զուգորդված անասելի կեղծիքի, տգիտության, գաճաճության ու հեռանկարի բացակայության հետ: Եվ վերջին, բայց գուցե և ամենկարևոր պատճառը դա այն էր, որ հրավերք ստացա արտերկրում աշխատելու, այսինքն իմ ուժերը օրինական ձևով փորձելու «ազատ» աշխարհում:
Միգուցե կարևոր է, որ պատմեմ առաջին տպավորություններիս մասին:
Տեղ հասա արդեն ուշ երեկո էր, ձմեռ: Ինձ դիմավորեցին ամառային հագուստով: 3 րոպեից վերցրինք ճամպրուկս և ուղևորվեցինք դեպի մեքենան, որի կանգառը մոտ 50 մետրի վրա էր: Ինձ զարմացրեց բազմաթիվ մեծ, բայց բացարձակապես անձայն ու անծուխ մեքենաների առատությունը:
Հաջորդ առավոտյան գնացինք իմ բնակարանի թղթերը ձևակերպելու: Խոսում էին իհարկե անգլերեն, բայց բառ անգամ չէի հասկանում: Ապշած էի, իմ իմացած կիսատ- պռատ անգլերենը որևէ կապ չուներ լսածիս հետ:
Հաջորդ զարմանալին, դա մեր գիտահետազոտական-բժշկական կենտրոնական շենքի վերելակներն էին ու համալսարանի բյուջեն:
6 հարկանի բավական մեծ շենքում կային 27 հատ 10 մարդ տեղավորող վերալակներ: Ամբողջ համալսարանի բյուջեն /մոտ 50 մեծ շենքեր, 30000 ուսանող, մոտ $1 միլիարդ էր (ներկայումս $1,4 միլիարդ, 43000 ուսանող):
Հաջորդ տարօրինակը՝ դա փողոցներում էլեկտրական սյուների ամենավերևում տեղադրված տրանսֆորմատորներն էին: Երբեմն մեկ սյունին 3-4 հատ, ամ,են մեկը մոտ 50-100 կիլոյանոց: ԱՄՆ-ում 110 վոլտ լարումը փոխակերպվում է ամեն տանը հնարավորին չափ մոտ: Քամիներն ահավոր ուժեղ են, բայց այդ զարմանալի սյուները, երևի որոշ տեղերում նույնիսկ 50 տարեկան, դեռ կանգում են:
Պետք է զբաղվեի իմ համար բոլորովին նոր ասպարեզում, կենսաֆիզիկոս լինելով հանդերձ, պետք է զբաղվեի ֆիզիոլոգիայով:
Գիտական աշխատանքը ներքին ցանցով կապված — կոմպյուտերացված էր: Այն ինչ տեսնում էի, ինձ համար բացարձակ նորույթ էր, չնայած ես ավարտել էի Մոսկովյան լավագույն ինստիտուտներից մեկի ասպիրանտուրան, կապեր ունեի նրանց հետ և կարծում էի, թե մոտավորապես տեղյակ եմ ժամանակակից մեթոդաբանություններին:
Ինչևէ, աշխատանքները քիչ թե շատ հաջող էին, մեր խումբն այս տարիներին ստացավ 2 փոքր և 4 մեծ գրանտ, 2-ը մոտ 1,5 միլիոն, 2-ը 300000 գումարի:
Ո՞նց ես վերաբերվում գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանստավորման ավելացում» նախաձեռնությանը, այն քեզ ազնի՞վ ա թվում, թե՞ հիմա գիտության փրկության անունով էլ գիտություն ենք շահարկում բարեհաջող էլի մի քանի ընտրյալների համար:
Տեղյակ եմ այս նախաձեռնությանը երևի ակունքներից: Աշխատել եմ հեռու մնալ քննարկումներից, քանի որ տեղյակ չեմ հայաստանյան գիտության ներկա վիճակի մանրամասներին:
Բացի այդ չեմ կարծում, որ ներկայումս մասնակի լուծումներ են հնարավոր: Էքսպերիմենտալ ասպարեզներում համաշխարհային մակարդակի գործ անելու համար, գիտնականը պետք է միջազգայինին մոտ աշխատավարձ ստանա և սարքավորոմներն ու նյութերն ունենա:
Մի այսպիսի օրինակ- 2000-ին մեր խումբ այցելեցին 2 հնդկուհի երիտասարդ պրոֆեսսորներ: Ես հարց ու փորձ արեցի նրանց աշխատանքի պայմանների, տեխնիկական հագեցվածության ու աշխատավարձերի մասին: Պատասխանը դժվարամարս էր: Նրանք ստանում էին ամսեկան մոտ $1500. Մոտավորապես 2004-ից սկսած, սկսեց նկատվել նաև չինացի գիտնականների ետ հոսքը դեպի Չինաստան: Աշխատավարձերը ընդհուպ մոտեցել են միջազգայինին /ուսանողությունը շարունակում է գալ, նույնիսկ առավել տեմպերով:
Մեզ մոտ այդպիսի աշխատավարձը կարծում եմ անհնար է, իսկ գործիքային ապահովման մասին երևի խոսելն է ավելորդ:
Հումանիտարները և տեսական գիտնականները հիմա մի գուցե կարող են ինտերնետի շնորհիվ լիարժեք տեղեկանալ միջազգային ձեռքբերումներիկն և հաղորդակցվել աշխարհի հետ: Բայց լեզվի հարցը կրիտիկական է: Ավագ սերունդը չի տիրապետում, երիտասարդների մասով տեղյակ չեմ, մի գուցե արդեն ունեն բավարար գիտելիք, ինքնուրույն կարդալու և որ առավել կարևոր է՝ գրելու: Գիտնականը, ով չի գրում անգլերենով, իրավունք չունի զբաղվել գիոտւթյամբ:
Ի՞նչ կասես բարեգործության, ավելի շուտ մեցենատության աժիոտաժի մասին գիտության ոլորտում` Գագիկ Ծառուկյանն է պարբերաբար ու արդեն կարծես քրոնիկ գումարներ տրամադրում, Նուշիկյանն է տեղից շարժվել կարծես թե….
Բարեգործությունը, եթե այն իսկապես բարեգործություն է, այլ ոչ սեփական անձի առաջ մղում, ինձ համար ընդունելի է: Օրինակ ես կողմ եմ եղել, որ Գագիկ Ծառուկյանը կամ որևէ այլ մեծահարուստ, աներևույթ օգնի գիտնականներին: Բայց այն ինչ նա արեց, պախարակելի էր ու ծայրաստիճան տգեղ:
Բացի այդ, այս դեպքում գիտնականները ինչ որ առումով քանակական տրամաբանություն մտցնելով մրցակցության մեխանիզմների մեջ, և արժանիներին գնահատելու հարցում, օբյեկտիվորեն չեն դիտարկում Հայաստանում զարգացման արժանի գիտական և անհրաժեշտ տեխնիկական ճյուղերի հեռանկարի հարցը: Հարցը դիտարկվում է հիմնականում եղածը փրկելու տեսանկյունից, անտեսելով ակտիվ առաջընթաց, մրցունակ, զարգացման հեռանկար ապահովելու հարցը:
Լավ, ենթադրենք թե մի քանի մասնավոր ուղղություններով դեռ կան մի քանի մարդիկ, որոնք իրենց շուրջը գիտական դպրոցի, միջավայրի ինչ որ տարրեր են ստեղծել: Նրանք փորձում են իրենց սանիկներին փրկել:
Ինչից՞: Միթե պարզ չէ, որ այդ հաջողակ սանիկը հրավերք է ստանալու և հեռանալու է արտասահման, իր նմանների մեջ աշխատելու և ապրելու: Նա չի կարող հայրենասիրությունից, կամ մի օլիգարխի փշրանքներից դրդված իր կյանքը խորտակել՝ այն դեպքում, երբ շրջապատում անթափանց տգիտություն է տիրում, թե գիտական, թե հանրային ու քաղաքական:
Ո՞վ է մեր երկրի գիտության էսօրվա վիճակի համար: գլխավոր պատասխանատուն:
Ես որպես այդպիսին եմ համարում առաջին նախագահին: Լինելով գիտնական, ինքը պետք է հասկանար, պատկերացներ Հայաստանյան բոլոր պոտենցիալների իրական արժեքը և ձև ու ճանապարհ գտներ սուղ պայմաններում ինչ որ բան պահելու, ինչ որ բան ձևափոխելու, նորացնելու, ինչ որ բան հիմնավին մերժելու: Փոխարենը ինքը գերադասեց ոչինչ չանելը:
Ամերիկյան իմ լաբորատոր սենյակին կից կար մի վերապատրաստման կուրսերի սենյակ: Ամեն օր այդ սենյակն էին լցվում 15-20 մարդ, որոնք վերապատրսատվում էին այլ աշխատանքի համար:
Հայաստանը սոցիալիզմից կապիտալիզմի էր անցնում: Սա հոգեբանական, աշխատաձևերի և տնտեսվարման մի անհայտ ու բարդ վերափոխում էր, որը պետք է անցնեինք ոչ թե ջերմուկ ծախելու, կամ սերգոջան գոհացնելու շնորհիվ, այլ իրապես հոգածությամբ հանդեպ մարդը:
Մեզ մոտ ամեն ինչ արվեց հակառակը: 93-94-ին, մեր մարդն արդեն ամենաանարգված ու անպիտան բանն էր երկրում, որին սկսեցին հալածել ով ինչպես կարողացավ:
Ի՞նչ ռեալ ելքեր ես տեսնում հենց էսօր, ի՞նչ պետք է արվի, որ գոնե պահպանվի էսօրվա վիճակը, ու նաեւ` ինչ հեռագնա:
Ոչ մի ռեալ ելք չկա: Բոլոր լուծումները բարդ ու զուտ քաղաքական-հանրային են:
Բոլորը՝ օլիգարխից սկսած, մինչև մուրացկանը պետք է հասկանան, որ այլևս այսպես շարունակել չի կարելի: Մենք գենոցիդից մազապուրծ եղած ժողովուրդ ու այսօր արդեն և ազգ և հայրենիք ենք կորցնում:
Գիտությունը այն օղակն է, որի պոտենցիալն իբր դեռ կենդանի է, բայց մենք մոռացել ենք, որ հայկական գիտություն ասածի մի մեծ մասը դա կիրառական ճյուղային ուղղություններն էին, ինժեներական մասնագիտությունները: Վերցնենք գործարանների ցանկը, որոնք կային Հայաստանում, ու կտեսնենք, որ դրանց մեծ մասը մի ամբողջական արտադրական ցիկլի մասեր էին: Օրինակ հանքերից կորզվող պղինձը, մոլիբդենը մաքրվում էին տեղում, Էլեկտրոլիզի վաննաներում մաքուր պղնձին զուգահեռ ստացվում էր ոսկի, որը համարյա թե փակում էր արտադրական ծախսերը և մտնում ոսկերչական գործարան: Պղինձը գնում էր կաբելի գործարան, դառնում կաբել և անցնում էլեկտրոտեխնիկական, հայէլեկտրո, հաստոցաշինական ու այլ գործարաններ՝ էլեկտրաշարժիչ, գեներատոր, հաստոց դառնալու համար:
Նաիրիտը միայն Հայաստանում սնում էր 150 արտադրություն, ու 5 էդքան էլ՝ սովետով մեկ: Հայաստանը 11 միլիարդ ռուբլու արտադրանք էր տալիս, Ներկայիս թվերով շատ-շատ ավելի է, քան այդքան դոլարը:
15 միլիարդ կվտ էլեկտրոէներգիա էր արտադրվում, հիմիկվանից 3 անգամ ավել: Այդ բոլոր ճյուղերում և ինչ որ չափով գրագետ մասնագետներ էին աշխատում և գիտական առաջընթացին ծանոթ ճարտարագետներ:
Մենք այդ ամենը խորտակեցինք առանց մեկին պատասխանատվության կանչելու: Մերձբալթյան երկրները, Բելառուսը, Ուկրաինան մեծ չափով կարողացան պահպանել իրենց արտադրական պոտենցիալները, մոդեռնացնել և շատ ավելի նորմալ պայմաններ են ստեղծել իրենց ժողովուրդների համար: Հայաստանյան այն տեսակետները, թե մենք համեմատության մեջ բոլորից լավն էինք, կամ մոտ՝այդպիսին լինելուն, բացարձակ կեղծիք էր և է: Հիմա էլ որևէ նորմալ միտք չկա մեր հետագա տնտեսական ու որևէ այլ ասպարեզի ապագայի մասին:
Ի՞նչ պետք է արվի, որպեսզի մենք օգտագործենք մեր գենոֆոնդը, ինչի մասին գոռում-գոչում ենք, թե` հատուկ ենք, աննման ենք եւ այլն, եթե իհարկե բան է մնացել: Արդյո՞ք դա համապատասխանում է իրականությանը, մենք չե՞նք ընդունում ցանկալին որպես իրական:
Գենոֆոնդի առավելություններ չունենք, բայց դեռ փոքր շանս կա, որ կարող ենք փորձ անել ուղղվելու: Դրա համար ոչ թե գիտության ֆինանսավորման ավելացում է պետք պահանջել (երկիրը անվճարունակ է բոլոր առումներով), այլ հաշիվ պահանջել: Հաշիվ պահանջել բոլոր պատասխանատուներից՝ թե ինչու այս որոշումը կատարվեց, այլ ոչ մեկ ուրիշը:
Հենց հիմա կան ամեն տեսակի պաշտոնատարներ ամենատարբեր հարցերով: Հենց իրենց է պետք հարց տալ, թե դուք անձնապես ինչ եք հասկանում և մտածում օրինակ ասենք շաքարի գործարան կառուցելու առումով, չէ որ 25 տարի առաջ մի քանի շրջան հեկտարից 500 ցենտներ ճակընդեղ էր ստանում, համ ինքը լավ ապրում, համ Հայաստանին օգնում դրանով: Եվ հարցն էլ պետք է ձևակերպվի այսպես. Հասկանում ենք, որ դուք լիբերալ տնտեսաձևի կողմնակից եք, չնայած դրանից ոչ մի բան չեք հասկանում: Բացատրեք ինչպես է հնարովոր ձեր պատկերացրած լիբերալիզմը մի շրջափակված փոքր երկրում, օլիգարխիկ պայմաններում, երբ ամեն ինչ քվոտավորված է, վերահսկվող և վերից վար կարգավորվո՞ղ:
Նման հարցեր կարելի է ձևակերպել այլ 100-ավոր եղած ու վերացված գործարանների մասով: Հանրության վրա մակաբուժող պաշտոնյան պետք է վերանա առաջին հերթին, որ որևէ հարց հնարավոր լինի լուծել: Քանի կա անպատասխանատու, տանիքի տակ ծվարած այդ տեսակը, մենք դատապարտված ենք գնալու կործանման:
Ես կարծում եմ որ Հայաստանով մեկ պետք է տարածվի Մաշտոցի պուրակի սկզբունքներով ձևակերպված քաղաքացիական պահանջատերերի շարժում, ուղղված բոլոր հին ու նոր պատասխանատուներին:Վիճակը պետք է պարզվի՝ ով ինչ է արել, որ չպետք է արվեր, և ինչ չի արել, որ պետք է արվեր: Այլ ելք ես չեմ տեսնում: Դրության տեր դառածները անհաղորդ են Հայաստանյան որևէ դժբախտության: Նրանց համոզել հնարովոր չէ: Միակ ելքը պարտադրելն է: Իսկ թե արդյոք դեռ պոտենցիալ կոնկրետ կա դա անելու, ես լավատես չեմ:
Ապրիլի 20-ին Ֆրանսիայում կայացավ «Staps For Life» բարեգործական միջոցառում, որի հասույթը միջոցառման կազմակերպիչները նախատեսել էին տրամադրել «ՄաՄաՍյու» ֆոնդին:
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է եզակի դեպքից՝ քաղցկեղով հիվանդ կնոջ համար դրամահավաք կազմակերպելու նպատակով: Այն շուրջ մեկ տարի է միջոցներ է հավաքում Սյուի մայրիկի` Օլգա Սեպետչյանի կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելու համար: Սյուի մայրիկն արդեն ապաքինվում է: Սակայն խնդիրը գլոբալ է, և ֆոնդը որոշել է շարունակել իր գործընթացը հայ կանանցից յուրաքանչյուր 13-երորդին բաժին հասնող կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարելու համար:
Սյու Սեպետչյանը զրույցի ժամանակ իր խորին շնորհակալությունը հայտնեց Marne La Vallée համալսարանին եւ Սպորտային ֆակուլտետի ուսանողներին` Սոֆի Դուաքսի եւ Գասպար Մանիի գլխավորությամբ: Բարեգործական միջոցառումն անցավ բարձր մակարդակով, իր մեջ ներառելով տարբեր սպորտաձեւերի մրցաշարեր, փոքրիկ ճաշկերույթ ու համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան երեք երաժշտական կոլեկտիվ` «Lucky Charms» ֆրանսիական ռոք խումբը, «Anicide», ծանր մեթալ-ռոք խումբը եւ «Akete» ռեգիի խումբը, որոնց առանջին շնորհակալություն են հայտնում «ՄաՄաՍյու» բարեգործական ֆոնդն ու միջոցառման կազմակերպիչները:
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը համախոհ և աջակից կազմակերպություններ ու անհատներ է փնտրում, ովքեր պատրաստ են օգնության ձեռք մեկնել և համամասնակից լինել գործին: Հիմնադրամի նպատակն է օգնել կանանց` պայքարելու կանացի վերարտադրողական ֆունկցիայի օրգանների քաղցքեղի դեմ:
«Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ Եղեռն (թուրք. Ermeni Soykırımı, անգլ. Armenian Genocide) Թուրքիայի կառավարող շրջանների կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1892-1923 թթ. զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Պայմանականորեն Ցեղասպանության սկիզբն է համարվում 1915 թ. ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 250 հայազգի մտավորականներ։
Մեծ Եղեռնը հրեական Հոլոքոստի հետ մեկտեղ աշխարհում ամենաշատ ուսումնասիրված ցեղասպանությունն է», — գրված է հայկական Վիքիպեդիայում:
Նույնը գրված է ռուսերեն, անգլերեններում: Բայց մի զարմանալի բան նկատեցի, որ շարունակության մեջ հայկական վիքիի տեղեկատվությունն ամենաանկատարն է թվարկվածներից: Փաստորեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներով փնտրողն ավելի մանրամասն տեղեկատվության է ստանում, քան հայերենով: Իմ լուման ներդնեմ՝ թարգմանելով:
«Չնայած նրան, որ հայ ազգաբնակչության 70%-ն աղքատ գյուղացիներ էին, մուսուլման բնակչության մոտ գործում էր խորամանկ ու հաջողակ հայի կարծրատիպը, որն օժտված է մեծ կոմերցիոն տաղանդով: Չնայած սուլթաններն իրենք էին խրախուսում հայերին զբաղվել Եվրոպայի հետ առևտրով, դրանից օգուտ քաղելու համար: Հայերի հանդեպ թշնամանքի ևս մի պատճառ էին չլուծված սոցիալական խնդիրները քաղաքներում և հողի կռիվը գյուղերում: Հայերը մեծ դեր են խաղացել կայսրության գործնական կյանքում, ինչպես և եվրոպական ձեռներեցները: 1912թ. Օսմայան Կայսրությունում ոչ մուսուլմաններն ընդամենը 17% էին կազմում, սակայն 1900թ. ոչ մուսուլմանների չափաբաժինը Ստամբուլում 61,5 % էր կազմում, Իզմիրում՝ 42,8 %, մյուս քաղաքներում ևս խախտվել էր կայսրության մակարդակով համաչափությունը: 42 տպարաններից մուսուլմաններին էին պատկանում միայն 11-ը, քսան մետաղամշակման գործարաններից՝ միայն մեկը, Բուրսայի հայտնի մետաքսե ձեռնարկություններից վեցը մուսուլմաններինն էին, երկուսը՝ կառավարությանը, 33-ը պատկանում էին հայերին: Հայերը, հույներն ու ավելի քիչ՝ հրեաները կազմում էին կոմերցիոն ձեռնարկատերերի մեծ մասը: Արեւմտյան Անատոլիայի գյուղացիության դժգոհությունը լավ հագնված քաղաքացիների հանդեպ, որոնք ցածր գներ էին դնում գյուղացիական արտադրանքի վրա, անցնում էր հայերի վրա: Այդ դժգոհությունն ուղղորդվում էր պետության ու կոնսերվատիվ մուսուլման հոգեւորականության կողմից, որոնք հայերին ընկալում էին որպես անդորրը խախտող ու այնպիսի ռադիկալ քաղաքական հայացքների աղբյուր, ինչպիսիք են արհմիություններն ու սոցիալիզմը: Հայերը պարտավոր էին իրենց արոտավայրերը տրամադրել քոչվորներին, որը բացի ֆինանսական բեռից նաեւ բերում էր կողոպուտների ու բռնության:
Նրանց արգելվում էր զենք կրել, որը նրանց խոցելի ու անպաշտպան էր դարձնում քուրդ ու այլ քոչվորների կողոպուտի համար: Հայ բնակչության վրա ավելի բարձր հարկեր էին դրված: Քրիստոնյա լինելով, հայերն իրավունք չունեին վկայություն տալ դատարանում: Հայերի ձեռքում էր տնտեսության, կայսրության ֆինանսական պոտենցիալի մեծ մասը: Տնտեսական անկման շրջանում, կայսրության քայքայման ու օսմանների կողմից իրենց կայսրության ստատուսի կորստի հողի վրա հայերն ասոցացվում էին օսմանների կողմից ատելի Արևմուտքի հետ»(ռուս.վիքի)
Մնացածը սեփական շարադրանքով: Այդ ամենը բարդացել է Կովկասից փախած Մուհաջիրների հոսքով՝ նորաստեղծ բալկանյան երկրներից, ովքեր ծառայության էին մտնում զանազան ոստիականական ու պատժիչ ջոկատներում, ու դա խրախուսվում էր իշխանությունների կողմից, քանի որ նրանք իրենց հետ բերում էին «գյավուրների» հանդեպ ատելությւոնը, որը ձեռնտու էր «հայկական հարցը» բկներին նստած երիտթուրքերին: Ամեն կողմից ճնշում էր գործադրվում եւրոպական կառույցներից, դրան գումարած ռուս-թուրքական պատերազմը, որ շատ ձեռնտու էր հայերին, ու որին նրանք անթաքույց համակրում էին, այն աստիճան, որ որոշները փախչում էին գնում ռուսական բանակ ծառայելու: Երբ ռուսական զորքը հայ գեներալներ Լորիս-Մելիքովի, Տեր-Ղուկասովի ու Լազարևի հետ մտավ Ղարս, հայերն ընդունեցին նրանց որպես ազատագրողներ: Սան-Ստեֆանիայի խաղաղ պայմանագրի արդյունքում արևմտյան Հայաստանի մի քանի շրջաններ անցան Ռուսաստանին, մնացած շրջանները պետք է վերադարձվեին Թուրքիային, բայց հայերի իրավունքների բարձրացմամբ ընդհուպ մինչև ինքնավարություն:
Բայց բրիտականան դիվանագիտությունը ռուսական ազդեցության վտանգ է զգում հայկական ինքնավարության մեջ, ու առաջարկում, որ հայկական հարցը սահմանափակվի միայն բնակչության անվտանգության ապահովմամբ: Թուրիքան իր հերթին հանձն է առել ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Հայերն էլ իրանց փրկությունը տեսնում էին ռուսների մեջ, ու զանազան առաջարկներով դիմում էին ռուսաց թագավորին…
Անցնում էին տարիները, հայերին ավելի ու ավելի էին ճնշում, իսկ եվրոպական պետությունները արդեն կենտրոնացել էին մեկ այլ հարցի՝ Աֆրիկայի ու հեռավոր Արեւելքի գաղութացման վրա, ու հայկական հարցը մոռացության մատնվեց 15 տարով: Հետո եկավ հեղափոխական տրամադրվածության շրջանը, քանի որ հասկանալի դարձավ, թե խաղաղ ռեֆորմների միջոցով ոչնչի հնարավոր չի հասնել: Հնչակները, Դաշնակները, զանազան ըմբոստությւոններ ու ակցիաներ էին անում, Որքան ես հասկացա, այդ ամենը երկար է տեւել, բայց կոտորածները սկսվել են ու եղել են նշանակալի ու ամենամեծ մասշտաբների մի քանի տեղերում տարբեր տարիներին:
Հայերի մասսայական կոտորածը 1894-1896 թվերին՝ Էրզրում, Սասուն, Ստամբուլ, Մուշ, Էրզինջան, Գյումուշխան, Բայբութ, Ուրֆա ու Բիթլիս, կարողացել են խուսափել Զեյութունում Վանում կոտորածներից միահամուռ ուժերով պաշտպանություն կազկմակերպելով հնչակները դաշնակներն ու արմենակյանները:
Հետո երիտթուրքերի ու Աբդուլ-Համիդի իշխանության կռվի ալիքի մեջ Կիլիկիայի կոտորածը 1909-ին: «1909 թվականի ապրիլի 1-ից 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը։ Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք։ Ադանայի կոտորածից հետո հայերի հալածանքներն է՛լ ավելի սաստկացան։ 1911 թ. հոկտեմբերին երիտթուրքերը ժողով գումարեցին, որտեղ որոշվեց. «Վաղ թե ուշ պետք է իրագործվի Թուրքիայի բոլոր հպատակների օտտոմանացումը, բայց մի բան պարզ է, որ դա երբեք չի կատարվի համոզելով, այլ պետք է իրականացվի զենքի ուժով»։ Այդպես ողջ Օսմանյան Կայսրությունը պատրաստվեց հայերին վերջնական հարված տալու։ Հայերի բնաջնջման գործն իրենց ձեռքը վերցրին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Բեհաեդդին Շաքիր բեյը և այլք»։(հայ վիքի.)
Հետո պանթյուրքիզմն ու նրա գաղափարական պոետ Զիյա Քյոգալփը բերեցին Թուրան երկրի գաղափարը, ըստ որի այն պետք է ընդգրկի թուրք էթնոսի տարածման ողջ շրջանը: Այդ գաղափարը հայերի ու ընդհանրապես Օսմանյան կայսրության բոլոր ոչ թուրքերի բացառումն էր ոչ միայն իշխանությունից, այլ քաղաքացիական հասարակությունից, ու անընդունելի էր: Չնայած թյուրքիզմն ընդունվում էր հայերի կողմից որպես չարյաց փոքրագույնը իսլամի համեմատ: 1912թ. հայերի մեծամասնությոնը հակված էր դեպի օսմանիզմի գաղափարը, մոտ 8000 հայ կամավոր զինվոր կռվում էր թուրքական զորքերի կազմում, դրսեւորելով բացառիկ խիզախություն: Բայց հնչակներն ու դաշնակները հակաօսմանական դիրքորոշում ունեին, կազմակերպում էին Թիֆլիսում թուրքերի դեմ գործողությունների համար ջոկատներ:
Իսկ 1914թ. օգոստոսի 2-ին Թուրքիան Գերմանիայի հետ ստորագրեց գաղտնի պայմանագիր, որի կետերից էր Ռուսաստանի մուսոուլման ազգերի հետ միջանցք ստեղծելու համար՝ այն ենթադրում էր բոլոր թուրքալեզու ազգերի միավորումը մեկ պետության մեջ Օսմանյան կայսրության արեւելյան սահմանների փոփոխությունը, և ճանապարհին ընկած այլ ազգերի բնաջնջումը, որը պարունակում էր իր մեջ հայերի ներկայության բացառումը: Դրա մասին պաշտոնապես հայտարարվեց արդեն 1914թ.Հոկտեմբերի 30-ին,երբ արդեն պատերազմում էր:
«Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։ Առաջին փուլում բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Բռնգրավվեց նաև հայերի սակավաթիվ զենքն ու զինամթերքը։ Ծրագրի երկրորդ փուլով սկսվեց հայ մտավորականության՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացումը։ 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեվ 800-ը։ Սրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքերի ենթարկվեցին և սպանվեցին։ Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Այս կոտորածի արդյունքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Մեկ տարվա ընթացքում բռնի կերպով մահմեդականացվեց 200 000 հայ, որոնք այժմ ապրում են Ճորոխ գետի հովտում։Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ։ Ահռելի էին նաև նյութական կորստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500 000 — 1 500 000 հայ։ Ըստ վերջին երկու տասնամյակների հետազոտությունների, զոհերի թիվը կազմել է մոտ 1 200 000: 1916 թ. հետո էլ հայերի նկատմամբ թուրքական ոտնձգությունները չավարտվեցին։ Երիտթուրքերի 1918 թ. Անդրկովկաս կատարած արշավանքի ժամանակ կոտորվեց 500 000, իսկ 1920-1922 թթ. արդեն քեմալական կառավարության կատարած ջարդի ժամանակ՝ 260 000 հայ: Ընդհանուր առմամբ, 1895-ից մինչև 1922 թվականը զոհվեց ավելի քան 2 500 000 հայ» (հայ վիքի.):
Ամեն տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հարյուր հազարավոր մարդիկ այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և անմար կրակի շուրջը ծաղեբլուրներ են գոյանում։
Սկսած 1915 թվականից տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։
ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920)ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ դեկլարացիայով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։
Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002), ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ.։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես ցեղասպանություն ըստ միջազգային իրավունքի հետևյալ երկրները՝
Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոսի Հանրապետություն, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա»(հայ վիքի):
Հիշում եմ, դատապարտում եմ, Մեծ Եղեռնը, պահանջում եմ այսօրվա Թուրքիայից, ում համար հայկական հարցը էլի կոկորդում կանգնած է, բայց ի տարբերություն նախանցած ու անցած դարերի այն չի հանդիսանում վտանգ, որպես արեւմտյան գաղափարախոսության կրող, ճանաչել ցեղասպանությունը, որպես փաստ, կատարված երիտթուրքերի կողմից: Թուրքիայի կողմից դա կամուրջ է ոչնչացնելու դարավոր թշնամանքը, և որի համար պարտադիր չէ, որ բարոյական պատասխանատվություն կրի իմ ճանաչած եվրոպական թուրքը, ով ինձ հետ հավասար դատապարտում է պատմական իրողությունը, ես նրա հետ չեմ շահարկում այդ փաստը, ես նրա հետ պահանջում եմ…
Զրույց «Կետիկնոցում» մշակութաբան Վարդան Ջալոյանի հետ նախանցյալ ամառ, երբ այն դեռ կարմիր` Կոկա Կոլայի գույնի էր, հիմա` կապույտ է` Պեպսի Կոլայի: Բայց ոչինչ չի փոխվել սրճարանում…
— Ես գալիս եմ «Կետիկնոց» («Վերնիսաժ») սրճարան` ինձ ցույց տալու, միանգամից շատերին տեսնելու, և նրանցից քչերն են, որ ինձ հաճելի չեն: Կարաս քո սուրճը կամ լիմոնադը վերցնես ու ժամերով նստես էստեղ, մնացած սրճարանների նման շնչիդ նստող չկա, որ անընդհատ պտտվեն շուրջդ ու նայեն, թե` բան չես վերցնում ու երկար նստում ես։ Համեմատաբար էժան է, ու չնայած վզզացող ավտոմեքենաների աղմուկի ու հնչող տարաբնույթ և ոչ միշտ տրամադրությանդ համահունչ երաժշտությանը, մի երկու հազար դրամով, 3-4 հոգով երեկոդ կարճում ես համեմատաբար հանգիստ միջավայրում, համոզված լինելով, որ ոչ «քյարթուները», ոչ էլ դիմացի` օպերայի մայթին նստող մեծ ու մանր բուրժուաները քո հագուկապին չեն նայի ու քմծիծաղ տան, էստեղ դու քո տեղում ես, քո «գեղամիջում»: Մարդիկ իրենց հնարավորինս իրական դեմքերով են նստած, դրա համար ես գալիս եմ էստեղ: Բա դո՞ւ ինչի ես գալիս, Ջալոյան:
— Ես համաձայն եմ, որ սրճարանն էլ քաղաքի կամ փողոցի թատրոնի մասն է կազմում: Դե պարզ է, որ դու գնում ես մի տեղ, որտեղ գիտես, համոզված ես, որ էն դերը, որ դու խաղալու ես, էն պոզան, որ ընդունելու ես, ո՞նց է ընդունվելու էդ մարդկանց կողմից: Ովքե՞ր են նստած սրճարաններում: Ինչո՞ւ ենք մենք նայում էն դիմացի մայթի բարձր բուրժուազիայի սրճարաններին, ու մտածում, որ իրենք ունեն ցանկություններ, մնացածներն ունեն հոգսեր: Եւ էն բանը, որ կարող ես նստել էս սրճարանում, սպասել` չգիտեմ ում, չգիտեմ ինչի, դա էն մասին է խոսում, որ քո մեջ էլ կան ցանկություններ: Սրճարանը, քաղաքն ամբողջությամբ ցանկության մի մեծ մեքենա է: Քաղաքները կառուցվել են, որպեսզի կատարվեն մարդկային ցանկությունները, և էդ առումով` գյուղացի մարդը երբ ուզում էր ասել, թե ինչ-որ ցանկություններ ունի, ասում էր. «Երևան գնալու եմ, մշտական մնալու եմ»: Որովհետև դա հենց էն բանն է, որով ինքը ներկայանում է: Քաղաքը մի տեղ է, որտեղ ցանկություններն իրենց պրոյեկցիաներն են ստանում: Ուզում եմ ասել, որ սրճարաններն ասելիք ունեցող մարդկանց համար են: Ասելիքն ինքը ցանկությունն է, որն անընդհատ խոսում է, իհարկե` ոչ միշտ էն բանի մասին, ինչի մասին ուզում է: Մտավորականներն են շատ խոսում, մտավորականի ցանկությունը յուրօրինակ է, տարբերվում է և բիզնեսմենի,և գյուղացու ու աշխատավորի ցանկությունից:
— Հիմա էս սրճարանի բոլոր մարդիկ ցանկություննե՞ր ունեն:
— Մտավորականի ցանկությունները միշտ բոհեմական են լինում. ամենաառաջին ցանկությունը մինչ ռոմանտիկ սերն է` կրքի պատահական բռնկում, ու ռոմանտիկ սերը, որը միշտ փնտրում է, և ճակատագիրն իրեն պարգևում է: Կան տարբեր սերեր` ժողովրդի սեր, հայրենիքի սեր: Մտավորականի մոտ դա որոշակի պարանոիդալ բնույթ է կրում` սոցիալ-քաղաքականի և անձնականի հիբրիդ, որը հետաքրքիր է: Ցանկությունը, ինչպես մենք ընկալում ենք, հայտնվել է ռոմանտիկ դարաշրջանում, ու պատահական չի, որ սրճարաններն էլ են էդ ժամանակ հայտնվել:
— Գուցե սալոննե՞րը. էնտեղ էլ է եղել ռոմանտիկ սեր:
— Սալոնների կուլտուրան վայելքի կուլտուրան է, ոչ թե ցանկության, և` ֆլիրտի: Ռոմանտիկ սերը 200 տարվա պատմություն ունի ընդամենը, մինչ էդ ոչ մի սեր չի եղել, եղել է կիրք, եղել է Լեյլի ու Մեջնուն:
— Բա Լեյլի-Մեջնունինը ռոմանտիկ սեր չէ՞ր:
— Հիմնական ռոմանտիկան սիրո մեջ նախատրամադրվածությունն է դեպի սերը, մարդն ինքն իրեն պատրաստում է: Մարդը հոգեկրթվում է, կարդում է Սևակ ու Տերյան, այսպիսով` իր հոգին նախապատրաստում է սիրահարվելուն:
— Այլ կերպ` գլուխն է գցում հա՞. ժամանակակից մարդը, երբ կիրք է լինում, որոշում է, որ դա սեր է, հետո զարգացնում է, հետո` երբեմն ձեռքը կրակն է ընկնում: Մարդը, պարզվում է, էն չի, բայց արդեն կարա ուշ լինի` ամուսնություն, երեխաներ…
— Ժամանակակից երիտասարդը զանազան տեխնիկաներ է գործադրում, որպեսզի ինքը մի պահի սիրահարվի, որպեսզի դա չլինի պատահական, այլ ուղարկված` Աստծո կողմից: Դա պատահականի ու նախապատրաստության արդյունքն է: Ռոմանտիկ սերը նաև ունի տարածական կառուցվածք, ինչպես ասում էին ընկերներ Դելեզն ու Գվատտարին, ու չի հանգում սովորական Էդիպյան եռանկյունու: էդ եռանկյունին բացվում է սրճարանի նման մեքենաներով: Սրճարանը հարկավոր է նաև դրա համար: Էստեղ առաջանում են որոշակի հատուկ խավի տիպիկ ցանկություններ, որոնք պերվերսիվ (պերվերսիա` լատ. perversiō, բառացիորեն թարգմանվում է շուռ տված, նորմայից շեղված, ալյասերվածություն: Էստեղ` շուռ տված, IMHO) ցանկություններն են` մտավորականի ցանկությունները:
— Իսկ դրանք չե՞ն կարող քաղաքական ցանկություններ լինել:
— Դա մոտավորապես նույն բանն է: Քաղաքական ցանկությունը տիպիկ պերվերսիվ ցանկություն է, երբ նորմալ օբյեկտից ինքը շեղվում է մի քիչ ուրիշ կողմ, և էդ առումով մտավորականի ցանկությունը, նկատի ունեմ ռոմանտիկ սերը և այլն, մշտապես միջնորդավորված է ստեղծագործությամբ և քաղաքականությամբ, որոնք մոտավորապես նույն բանն են: Այսինքն, եթե համարենք նորմալ ռոմանտիկ սերն էն է, որ դու սիրում ես խելացի, գեղեցիկ և այլ բարեմասնություններով աղջկա, ապա էստեղ կատավում է պերվերսիվ տիպի ընտրություն: Եւ էս առումով սա էնքան էլ ռոմանտիկ չի. ծառայողական սիրավեպ չի, որն էլի պերվերսիվ տարր ունի իր մեջ: Մտավորականների համար նախատեսված սրճարանները պերվերսիա են:
— Հիմա սա մտավորականների՞ սրճարան է:
— Այո, էս պերվերսիան կոչվում է ստեղծագործական-քաղաքական պերվերսիա:
— Ի՞նչ մարդիկ են էստեղ լինում, ի՞նչ խավի, ի՞նչ տեսակի:
— Էստեղ խավ չկա: Էստեղի մարդիկ պերվերսիվ են, այսինքն` շուռ տված: Ցանկությունների մատրիցան մտավորականների մոտ ուրիշ է, բիզնեսմենի մոտ` ուրիշ, մնացածների մոտ` ուրիշ: Էստեղ մարդիկ իրար գտնում են, հայտնում ու ցուցադրում իրենց ցանկությունները: Ցանկությունն առաջին հերթին թատրոնն է, որ դու ուզում ես ցույց տալ: Եթե դու ոչինչ ցույց չես տալիս, քո դերը չես կատարում, դա նշանակում է, որ քեզ մոտ ցանկություն չկա, որովհետև ցանկությունն առաջին հերթին արտահայտվում է այն բանով, որ մարդն ուզում է երևա ոչ էնպիսին, ինչպիսի ինքն իրականում կա:
— Այսինքն, էստեղ բոլորն ուզում են երևալ ոչ էնպիսին, ինչպիսին իրենք իրականում կա՞ն:
— Դրան ընդունակ է առաջին հերթին մտավորականը, որովհետև նա միշտ արտիստ է: Նա էն մարդն է, որ ինքը չի, ինչ որ ինքը կա` էն չի: «Ա»-ն հավասար չի «Ա»-ի: Ինքը զբաղված է սեփական «ԵՍ»-ի դիալեկտիկական բացասումով, որն ինքն անում է, օրինակ` ինքնակենսագրական վեպեր գրելու միջոցով, որովհետև ինքնակենսագրական վեպի հերոսը նույն իսկական մարդը չի, որ գոյություն ունի իրական աշխարհում, էն մարդն է, որ ապրում է իր երևակայության աշխարհում:
— Սրճարանի այլ ֆունկցիաները, բացի թատրոնից:
— Բացի դրանից` ուրիշ ֆունկցիաներ չեն կարող լինել: Սրճարանն ինքնարտահայտման տարածք է: Սրճարանը չի կատարում էն դերը, որ մենք վերագրում ենք, ինքը ստատուսային խնդիրներ չի լուծում, բուրժուական լինի, բանվորագյուղացիական, թե` այլ: Բայց… Հնարավոր չի գտնվել մի մարդու կողքին, որը համամիտ չի ու չի հասկանում քո ցանկությունները: Հետևաբար, սրճարաններում էդ խմբերը կազմվում են իրենց էդ գաղտնի ու գուցե իրենց անհայտ ցանկություններով, և իրենք նույն թատրոնի թատերախումբն են: Եթե դու կոմեդիայի թատրոնի թատերախմբից ես, ինքը` ողբերգության, ուրեմն` դուք չեք կարող միասին լինել: Քո դերասանական արվեստը չի հասկացվում կամ գնահատվում: Էստեղ մարդ չկա, էստեղ բոլորը դեր են կատարում: Մեկը` գրողի, մեկն` ակադեմիկոսի կամ նախարարի, մյուսն էլ, կներեք, մշակութաբանի: Էն առումով, որ էստեղ առաջին հերթին ոչ թե մարդն է հանդես գալիս, այլ` իր մտավորականի մասնագիտությունը: Էստեղ, իմիջիայլոց, շատ քիչ են գալիս դերասանները: Եթե դու դերասան ես ու չես ուզում, որ քո բեմական կերպարը փլվի, էսպիսի տեղեր չես գա: Մտավորականի ամենամեծ խնդիրը «դավադրություններ» նյութելն է։ Սրճարանները միշտ էլ եղել են «դավադրությունների» համար:
— Բայց էստեղ պատահական մարդիկ էլ են գալիս: Սիրահարներ են գալիս, ջահելներ են գալիս, որովհետև էժան է, Սարյանի արձանի մոտից` միտինգավորները…
— Հա, գալիս են, բայց` մեկ-մեկ ու պատահական, եթե հոգնել ես, նստում ես էստեղ: Բայց «քո» սրճարանն էն տեղն է, որտեղ դու մշտապես գալիս ես: Ու եթե դու պատահական ես եկել, կնստես, կխոսես, կողքից խեթ-խեթ կնայեն` բան չեն ասի, բայց երկրորդ անգամ էլ չես գա էստեղ, եթե պատահական ես, օտար ես էս թատրոնում: Նույնն էլ դու, կարող ես գնալ դիմացի սրճարանները, խոսել կինոյից, թատրոնից կամ գրականությունից, բուրժուազիան կսկսի նայել վրադ, թե` էս ի՞նչ են խոսում: Չնայած թվում է, թե ընկերներով նորմալ նստած եք, բայց դու էլ չես գնա էդ սրճարանը, որովհետև էդ քոնը չի: Էստեղ նաև շատ կարևոր են սպասարկող անձնակազմ — հաճախորդ հարաբերությունները: Եթե տերը չուզի, որ էս մարդիկ գան էստեղ, նրանց լավ չեն ընդունի, ու նրանք էլ չեն գա: «Կազիրյոկում» ու էստեղ միշտ ուրախ են ընդունում մտավորականին: Մյուս կարևոր հարցը: Սրճարանն էթիկետ է, կանոններ, որոնք որոշում են նաև, որ մարդը քաղաքաբնակ է: Էստեղ գալով ու նստելով` ինքդ քեզ ապացուցում ես քաղաքաբնակ լինելդ: Բանգլադեշի երիտասարդներն ասում են. «Իջնենք քաղաք»: Որովհետև էստեղ, էս կենտրոնի թատրոնի մեջ կարող են ցույց տալ, թե իրենք ինչպես են հագնված, ինչպես են քայլում, և որ իրենք քաղաքաբնակ են: Իրեն ցուցադրելն ու մարդկանց նայելն ամենակարևոր էկզիստենցիալ մարդկային ֆունկցիաներից մեկն է: Դու չես կարող փողոցով ման գալ, եթե քեզ վրա անընդհատ թքեն կամ քարով խփեն:
— Բայց էդպիսի մարդիկ էլ կան, չէ՞:
— Դա էլ պերվերսիայի լրիվ ուրիշ ձևն է, զրույցի այլ թեմա:
Լուսանկարը` Կարին Գրիգորյանի
Պարզվում է, որ իմ նախորդ հրապարակումը ռեկորդային քանակով ընթերցող է ունեցել: Եվ նման է, որ դա պայմանավորված է ոչ թե քաղաքագիտական վերլուծությամբ, այլ Հայաստանի տեղեկատվական դաշտում ընթացող կիբերպատերազմի մասին տեղեկություններով: Նշեմ, որ հենց նախորդ նյութիցս հետո կոտրեցին մեր կայքը: Ենթադրվում էր, որ դա պայմանավորված էր կոնկրետ անուններ հիշատակող հրապարակումներով, ու ըստ մեր վարկածի, կայք կոտրելու պատվերը տվել էին կամ թմրառևտրով զբաղվողները, կամ կիբերհանցագործները:
Երկրորդ վարկածը կարծես ավելի արժանահավատ է: Ի դեպ, մեր կայքը երկրորդ անգամ կոտրեցին նաև ապրիլի 20-ին, ու ճիշտն ասած ցանկություն չկա դա դուրս գրելու թուրքերի ու ադրբեջանցիներ վրա: Զի նախընտրական շրջանում մեր հայրենի կուսակցությունների մի մասը գործադրում է հնարքներ, որ վայել կլինեին թուրքին…
Հիշեցնեմ, որ նախորդ նյութում նկարագրել էի նաև ընտրարշավի վիրտուալ հատվածում եռացող կրքերը: Նաև հիշատակել էի, թե սոցիալական ցանցերում ով է գլխավորում ՀՀԿ-ին մեկուսացնել ձգտող ուժերի դեմ համացանցում կիբերպատերազմ մղող խումբը: Հնչել էր ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին հանրապետական, իսկ այժմ առ Վարդան Օսկանյան ջերմ սիրով լցված 30-ամյա Հայկ Ակարմազյանի անունը: Թեև մենք չէինք պնդում տեղեկատվության իսկությունը, բայց մեր կայքի դեմ կրկնակի կիբերհարձակումները հիմք են տալիս կարծելու, որ դիպչել էինք «տասնոցին» ու հարուցել կիբերպատերազմի «նարնջագույն» ճակատի գեներալների զայրույթը…
Ինչևէ, հիշեցնեմ, որ «կիբերճակատի» երկու սենսացիա էի հիշատակել: Մեկը օլիգարխ Գարեգին Նուշիկյանի ֆեյսբուքյան էջի ոչնչացումն էր, մյուսը` «Օդնոկլասնիկի» սոցցանցի հայկական խոշորագույն, շուրջ 100 հազար մասնակից ունեցող «Հայոց ազգային իրավունքներ» խմբի արգելափակումը:
Պարզվեց, որ Ֆեյսբուքի հայկական հատվածի կեսի չափն ունեցող այդ խմբի հետ սերտորեն առնչվում է լրատվական դաշտի մեր գործընկերներից մեկը. խմբի ադմինիստրատորն է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Հենց նրանից էլ ճշտեցինք նախընտրական կիբերպատերազմին վերաբերող որոշ նրբություններ. «Մեր խումբն անհետացավ ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը: Բնականաբար, սկսեցինք գործողություններ երկու ուղղությամբ: Մի կողմից` ես դիմեցի սոցցանցի ռուս ադմինիստրացիային` խումբն արգելափակումից հանելու հարցով, մյուս կողմից` անմիջապես ստեղծեցինք խմբի կրկնօրինակը, ուր արդեն հավաքվել է շուրջ 10 հազար մասնակից: Պարզվել է, որ արգելափակվել է իմ պրոֆիլը` կանոնները պարբերաբար խախտելու մեղադրանքով, ու ավտոմատիկաբար արգելափակվել է նաև խումբը: Ըստ ամենայնի, հարյուրավոր կամ հազարավոր նույնաբովանդակ կեղծ բողոքներ են հղվել կեղծ պրոֆիլների միջոցով: Այդ ձեռագիրը հայկական խոշորագույն խմբերի դեմ սովորաբար կիրառում են թուրքերն ու ազերիները, սակայն, դատելով Ձեր նախորդ հրապարակումից, այս անգամ նախընտրական դրդապատճառներերով այդ հնարքը կիրառել են մեր իսկ հայրենակիցները»: Հ. Գալաջյանը նշեց նաև, որ արդեն իսկ օպերատիվ ճանապարհով պարզվել են կիբերհանցագործության երկու ակտիվ մասնակիցներ` Վանաձորի բնակիչ, քաղաքի հայ-ռուսական ձեռնարկություններից մեկում աշխատող Արբակ Առաքելյանը, և ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի բնակիչ Գրիշա Ստեփանյանը, ու ի դեպ, Առաքելյանն անզգուշաբար գլուխ է գովացել իր հանցագործության վերաբերյալ, և նրա համացանցային զրույցների էկրանի պատկերը («սքրինշոթը») պահպանված է: Ինչ վերաբերում է Հայկ Ակարմազյանի` որպես կազմակերպիչ մասնակցելուն, ապա մեր գործընկերը նշեց. «Նրա կողմից համացանցային քվեարկությունը 700 կեղծ էջերի միջոցով հօգուտ ԲՀԿ-ի կեղծելը ինքնին խոսուն փաստ է: Կեղծ պրոֆիլները սովորաբար ստեղծվում են առաջին հերթին զանգվածային կեղծ բողոքներով անցանկալի էջն արգելափակելու նպատակով, և նոր միայն` լրացուցիչ նպատակներով… Իսկ ապացույցներ հայթայթելը ոչ թե իմ, այլ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան բաժնի խնդիրն է: Նշեմ միայն, որ կիբերհանցագործության մասնակից Արբակ Առաքելյանը սպառնացել է, որ կոչնչացվեն այն բոլոր խմբերը, որոնք կխոչընդոտեն հօգուտ իշխանափոխության ազատ քարոզչության իրականացումը, խտրականություն կդրսևորեն կրոնական և սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Մեր խումբը, լինելով ազգային-պահպանողական, հանուն ազգային միասնության պահպանման ոչնչով չէր միջամտում ընտրարշավին, մենք ընդամենն արգելում էինք պետական հեղաշրջման քարոզչությունը և աղանդավորության և սեռական անսահմանափակ ազատության պաշտպանությունը: Սակայն պարզվեց, որ հակապետական դավադրություն ծրագրած շրջանակները` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, անընդունելի են համարել քաղաքականապես չեզոք 100 հազարանոց խմբի գոյությունը, ու մեզ վրա քսի են տվել կիբերհանցագործների ոհմակին»:
Ի դեպ, պարզվում է, որ լրատվական կայքերից ոչ միայն «Հայական վարկած»-ն է ենթարկվել գրոհների: Վերջերս ստեղծվել է www.pozor.am լրատվական կայքը, որը կոշտ քարոզչություն է իրագործում ընդդեմ հակաիշխանական դաշինքի ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի: Համաձայն կայքի լրատվության, կայքի գործարկման հենց առաջին օրը` ապրիլի 13-ին, այն ենթարկվեց շատ հզոր գրոհի միանգամից 3000 համակարգիչներից, և գրոհները կրկնվեցի 2 անգամ նաև հաջորդ օրը: Կայքի պնդումով, ամեն մի հակերական օպերացիայի համար կիբերհանցագործների խմբին վճարվում է 10 հազարական դոլար, և իրենք իրենց ապահովագրել են` տեղափոխվելով ավելի ապահով սերվերի վրա (բայց ի՞նչ ապահովության մասին է խոսքը DDOS գրոհների պարագայում, երբ միակ փրկությունը ինտերնետ-կանալի ավելի բարձր թողունակությունն է): Ու հետաքրքիր է, որ ապրիլի 15-ից հետո գրոհները դադարեցին…
Դա տարօրինակ է այն պարագայում, որ ԲՀԿ առաջնորդը բազմիցս ապահովել է նույնիսկ իր մականունի չհիշատակումն անգամ տարբեր հակաօրինական մեթոդներով (կատակում են, որ նա երկու անգամ է հարվածում, առաջինը` գլխին, երկրորդը` դագաղի կափարիչին…): Բայց, ինչպես հաջողվեց մեզ իմանալ վստահելի աղբյուրից, կիբերհարձակումները կասեցվել են, քանի որ (բնականաբար, ոչ առանց նյութականի), նոր քարոզչամիջոցի տերերը լեզու են գտել հենց հարձակվող խմբի հետ, ու ավելին` հենց այդ խումբը ստանձնել է սև PR իրականացնող քարոզչամիջոցի անվտանգության ապահովման պարտավորությունը…
Այսպիսով, ստացվում է, որ Պոլիտեխնիկի երիտասարդ շնորհաշատ դասախոսը, որ 2007-ին հավատավոր ՀՀԿ-ական էր, իսկ հիմա ոչ պակաս հավատավոր ԲՀԿ-ական է, իր համար ենթադրաբար ստեղծել է եկամտաբեր ոլորտ`կիբերհարձակումների խումբ: Ու, բնականաբար, ԱԺ քարոզարշավը պատվերների առավելագույն քանակ ունենալու ժամանակն է, չնայած խորհրդարանի մանդատների համար մեծ ճակատամարտից հետո սկսվելու է նաև տևական կռիվը նախագահական ընտրությունների ճակատում: Դե, Ռոբերտ Քոչարյանը պարզ ասել էր, որ մտադիր չի հավերժ մնալ «ամենաերիտասարդ թոշակառու», ոչ երիտասարդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ծարավ է ռևանշի… Հա, ի դեպ, ուշագրավ է, որ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը բացվեց քաղաքական գործիչ դարձած, ծագումով արցախցի մեր գործընկեր Գայանե Առուստամյանի ելույթով այն մասին, որ նժդեհականությունը որպես այդպիսին ֆաշիստական և ռասիստական ուսմունք է… Եվ հետաքրքրական է, որ մեր մյուս գործըկերոջ հիշատակած բացահայտ կիբերհանցագործ Արբակ Առաքելյանն իր «գլուխգովոցի» ընթացքում ոչնչացման ենթակա էր հռչակել «ռասիստական» խմբերը, որոնց «ռասիզմը» վատ վերաբերմունքն է աղանդներին, և իշխանափոխության ձգտողներին:
Ինչևէ, հուսանք, որ կատաղի անհանդուժող պայքարը կամփոփվի ինտերնետի տարածքում, մեր փառապանծ ոստիկանությունն էլ թույլ չի տա, որ ծավալվի ու ծաղկի քաղաքական (իսկ ապագայում նաև` տնտեսական) կիբերհանցագործությունների սև շուկան:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ուրբաթ 13-ը գալովի էր որոշ քաղաքական ուժերի ու գործիչների վրա: Օրինակ, լայն քննարկման առարկա դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի նոր նախապայմանը, թե որ դեպքում «Ժառանգությունը» կմասնակցի «Ընտրությունների վերահսկման միացյալ հանրային շտաբի» աշխատանքներին: Ոչ ավել, ոչ պակաս, նա հայտարարեց, որ կմասնակցի, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից: Բնականաբար, դրա վրա ԲՀԿ-ում բոլորը փրփրել են, քանի որ շատերին ձեռնտու է այն վիճակը, որ մի կողմից Վարդան Օսկանյանը և Հմայակ Հովհաննիսյանը ընդդիմադիր ճառեր ասեն և ԲՀԿ-ի համար ընդդիմադիր իմիջ ստեղծեն, մյուս կողմից` պահպանվեն ռեալ իշխանական լծակները: Այսինքն` որ քվեներ բերվեն և՛ բողոքավոր մասսայից, և՛ նրանցից, ում համար Ծառուկյանն Աստված ու թագավոր է դառնում «տուկի թելի», անվճար բուժսպասարկումների և սոցիալական ոլորտի «երկնքից ընկնող» ձրի ծառայությունների շնորհիվ:
Իսկ ԲՀԿ-ի գործադիր լծակները շատ տպավորիչ են: Առողջապահության, սոցապի և քաղաքաշինության նախարարությունների գծով տնօրինվում է պետբյուջեի շուրջ 35 տոկոսը, էլ չենք խոսում նաև մարզպետների առկայության մասին… Ու բնականաբար, Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը`հրաժարվել այդպիսի ռեսուրսից, չի կարող ԲՀԿ-ում ընկալվել այլ կերպ, քան սուպերլկտիություն: Բայց նախորդ նախապայմաններն էլ շատ տհաճ էին: Օրինակ, շտաբի կազմում բարեգործության անվան տակ ընտրակաշառքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն ակնհայտորեն խփում էր հատկապես ԲՀԿ-ին, քանզի ՀՀԿ-ն, օրինակ, բարեգործական հիմնադրամների փոխարեն ավելի շուտ վարչական ռեսուրսն է նախընտրում, իսկ ԱԽՔ-ի կուսակիցները մուրաբաներից ու բջջային քարտերից այն կողմ ոչ մի նորություն մոգոնել չեն կարողանում:
ԲՀԿ-ի համար տհաճ էր նաև «Ժառանգության» այն պահանջը, որ միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն չորս քաղաքական ուժերի առաջին դեմքերը: Պարզ է, որ եթե Արմեն Ռուստամյանն ինքն է ՀՅԴ-ում առաջին դեմքի կարգավիճակը տնօրինողը, իսկ Լևոն Զուրաբյանը պատրաստակամություն էր հայտնում բերել Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ապա Վարդան Օսկանյանը ոչ մի կերպ չի կարող բերել Ծառուկյանի ստորագրությունը: Չէ՞ որ ԲՀԿ առաջնորդին ձեռնտու չէ իրեն հստակ ներկայացնել որպես ընդդիմադիր` հարկային կա, ոստիկանություն կա իր չորկող Վովա Գասպարյանով, գումարած դրան Ծառուկյանը հրապարակավ հարկադրված է սահմանազատվել Օսկանյանի` «Կոալիցիան ձևական է» բանաձևից «Բա ես ձևական մա՞րդ եմ» պնդումով, վրադիր էլ, ըստ մամուլում առկա տեղեկությունների, կոալիցիոն հուշագրով նշած համամասնությունների պահպանման սկզբունքի շրջանակներում շատ տեղերում ԲՀԿ-ի շտաբերը գլխավորում են ՀՀԿ-ական պաշտոնյաները… Ճիշտ է, դեռևս չի հասել նրան, որ ԲՀԿ-ից ուղիղ տեքստով պահանջեն կամ Օսկանյանի գլուխը (դե մարդու թիկունքին Ռոբերտ Քոչարյան ու Ամերիկա կան), կամ իշխանական լծակների հանձնումը, բայց Րաֆֆու շուրթերով համապատասխան մեսիջը փոխանցվում է: Թեև «Ժառանգությունն» էլ է ամերիկյան պրոյեկտ, բայց դե ԱՄՆ-ն հեռու է, «ավազակապետությունը»` մոտիկ, համ էլ «նաղդ» երաշխավորված 5 տոկոսը ավելի նախընտրելի է, քան «նիսյա» խորհրդարանական կամ գունավոր հեղաշրջման և ՀՀԿ-ի մեկուսացման վառվռուն ու գայթակղիչ հեռանկարը, որը կամ կլինի, կամ ոչ…
Սակայն վերադառնանք ուրբաթ 13-ին: Այդ օրվա հետ կապված սնահավատությանն ի կատարում տեղեկատվական կայքերով, «Ֆեյսբուքով» և այլ սոցիալական ցանցերով բոլ-բոլ պտտվեց տեսանյութը, թե ինչպես նախընտրական հանդիպման ժամանակ Ծառուկյանի բաճկոնի տակից մի պահ երևաց ոսկեզօծ ատրճանակը: Եվ մարգարե պետք չէ լինել կանխատեսելու համար, որ դեռ շատ է ծամծմվելու «ատրճանակագեյթ»-ի սկանդալը` արդեն իսկ շատերը հիշեցնում են օրենքի այն կետը, որ արգելված է հրապարակային միջոցառումներին ներկա գտնվել զենքով:
Բայց ԲՀԿ-ի հետ կապված նաև ուրիշ մի պատմություն է լույս աշխարհ գալիս, այս անգամ` լրիվ համացանցային: Շուրջ երկու շաբաթ առաջ «Ֆեյսբուքում» սկանդալ պայթեց, որ ինտերնետային հարցմանը օգտագործվել են կեղծ օգտատերերի շուրջ 700 ֆեյսբուքյան էջեր, որոնք ապահովեցին ԲՀԿ-ի համար առավել քան 60 տոկոս քվեների ցուցանիշ, անգամ դրանց ցանկը հրապարակվեց… Ու «Ֆեյսբուքով» սկսեցին լուրեր շրջել, որ այդ «ինտերնետ-սխրագործության» հեղինակը ոչ այլ ոք է, քան ԲՀԿ քաղխորհրդի անդամ, 30-ամյա Հայկ Ակարմազյանն է: Նույնիսկ ոմն Արամ Սաթյան իր բլոգում ապրիլի 8-ին ուղղակիորեն դրանում մեղադրեց Ակարմազյանին…
Մոտավորապես նույն ժամանակում և՛ «Ֆեյսբուքում», և՛ «Օդնոկլասնիկում», և՛ այլ սոցիալական ցանցրում սկսվեց ինչպես առանձին օգտատերերի էջերի, այնպես էլ իշխանամետ կամ իշխանության նկատմամբ ոչ բացասաբար տրամադրված խմբերի իսկական կոտորած: Սենսացիա էին «Ֆեյսբուքում» Նուշիկյանի էջի և «Օդնոկլասնիկում» 100 հազար մասնակից ունեցող «Հայոց ազգային իրավունքներ» խմբի ոչնչացումը, նաև սպառնալիքներ տարածվեցին, որ կոչնչացվեն բոլոր այն խոշոր խմբերը, որոնք կշարունակեն ճնշել ընդդիմադիր ելույթներ ունեցողներին: Ու այդ զանգվածային համակարգչահենության առնչությամբ կրկին քննարկման առարկա դարձան Հայկ Ակարմազյանին վերագրվող ԲՀԿ-ական 700 կեղծ օգտատերերի պրոֆիլները: Թե ինչու`նույնպես պարզ է. որևէ խումբ կամ էջ սովորաբար արգելափակվում է «Ֆեյսբուքի» կամ այլ սոցիալական ցանցի կենտրոնական ադմինիստրացիային հղած հազարավոր բողոքներով` կեղծ օգտատերերի ցանցի օգտագործումով: Ճիշտ է, բացահայտված 700 «ֆեյք» պրոֆիլներն այդ գործի համար քիչ են, պետք է շուրջ 10 անգամ ավելին, սակայն եթե 700-ը բացահայտվել են, ապա կարելի է պատկերացնել, թե դեռ ինչքան չբացահայտվածներ կան…
Ինչ վերաբերում է Հայկ Ակարմազյանին, ու «Ֆեյսբուքահայության» մի մասը հակված է մեղադրել համակարգչային զեղծարարության և կիբերհանցագործությունների կազմակերպման մեջ, ապա դա երիտասարդ կարիերիստի տիպիկ կերպար է: Սկզբում եղել է ՀՀԿ անդամ, հետո (2008-ին) դարձել է ԲՀԿ-ական ու արագ առաջադիմել է: Ճարտարագիտական համալսարանում եղել է ուսխորհրդի նախագահ, դարձել է ռեկտորի օգնական, այժմ էլ դասավանդում է: Միաժամանակ մի շարք հասարակական կազմակերպություններում ղեկավար դիրքեր ունի, մասնավորապես`Խաղաղության հայկական ֆոնդի պոխնախագահն է: Վերջերս էլ, ասում են, բավականին սերտ կապեր ունի Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ: Իսկ «Ֆեյսբուքում» համարվում է ամենապրոֆեսիոնալ դեմքերից մեկը, ու անշուշտ պիտանի է տեղեկատվական կռիվներ վարելու համար:
Ինչևէ, վիրտուալ տարածքում ոչ պակաս հետաքրքիր պայքար է, քան ռեալ կյանքում: Չէ՞ որ համարյա ամբողջ երիտասարդությունն այնտեղ է, և ամեն քվեն կարևոր է…
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Երբ նայում եմ օրեցոր ամայացող իմ երկրին, երբ ինքս եմ աղջկաս ուղարկում դուրս սովորելու, հույսը մտքումս պահելով, որ կմնա, հետ չի գա, երբ քնելուց առաջ մտքումս հաշվարկներ անում` ո՞նց գնամ, ո՞ւր, որտե՞ղ բուժվեմ, որ ապահով լինի, էստեղ չեմ վստահում` բժիշկների կատարելագրործման համար գումարներ չեն ծախսվում, երբ հեպատոլոգն ինձնից քիչ գիտի իմ հիվանդության մասին, երբ տիրող անարդարություններն ու համատարած անտարբերությունը տեսնելով անուժ լինելուց կատաղությունից նեղացնում եմ մտերիմներիս, սկսում եմ ատել ինձ, ու ինձ ծնող երկիրը, որ միայն ծնել ու վատ մոր պես թողել է անտեր ու ինքնահոսի, էն էլ գայլերի ոհմակում….
Ամեն մեկը Մաուգլի չի, իսկ մեր գայլերն էլ Մաուգլիի գայլերը չեն… Կարծեմ գայլեր էլ չեն, գայլերը թասիբ ունեն ու «դուխ»: Մեր գայլերը ախքերն են: Մեր գայլերը դհոլներն են: Մեր գայլերը աղվեսներն են: Մեր գայլերը առյուծներն են: Մեր գայլերը մկներն են: Մեր գայլերը միայն ոհմակով են գայլ, միայնակ դառնում են ճամբարափոխ արագ-արագ էսկողմ-էնկողմ վազող ռախիտ նապաստակներ ու խառնվում Մաշտոցի այգու խրախճանքին մաքսիմում` առավել ծորակները փակ են նրանց համար, ժողովուրդը չի հավատում:
Գիտությունը ամեն մեկի խելքի բանը չի: Գիտության կարեւորությունը ամեն մեկը ի զորու չի ըմբռնել` շոշափելի նյութական արժեքի բացակայության պատճառով, իսկ ազգիս գերակշիռ մասը նյութապաշտ ու մատերիալիստ սուտի հայքրիստոնյա է: Գիտությունը պետք է փրկել, որ վաղը կարողանանք ապրել: Մենք ունենք բնական պաշարներ, որոնք անվերջ չեն: Մենք այլեւս ոչինչ չենք ունենա, երբ էդ պաշարները սպառվեն: ՈՉԻՆՉ: Մենք ունենք միայն մեր գենոֆոնդը:
Ու էլի ասեմ. ամեն շնչին բաժին ընկնող մեր գիտական արտադրանքն աշխարհում առաջատարներից է, ու մեր ամեն մի գիտնականը, ընդհանուր առմամբ, մոտ 5 անգամ գերազանցում է վրացի և ադրբեջանցի գիտնականին: Այսօր աշխարհի հեղինակավոր գիտական պարբերականներում մեր երիտասարդ գիտնականների աշխատություններն են տալիս ազդեցության բարձր գործակից:
Իսկ մեր պետությունը չգիտես ինչու հայտնվել է Ռուսաստանյան հեղինակավոր բուհերում ուսանողների տեղերի հատկացման թվով աուտսայդերների մեջ, կարծում եմ` իր երկրի վարկանիշին համապատասխան` ամբողջ ԱՊՀ երկրներից ամենաքիչ թվով հայասատանցի ուսանողներ է վերցնում:
Գիտելիքահեն տնտեսությունը կառավարության կողմից պետք է դիտարկվի ու թղթի վրա էլ դիտարկվում է որպես ռազմավարական ուղղություն, գիտության ֆինանսավորումը դառնում է պետական անվտանգության հարց, բայց իրականում գիտնականների էնտուզիազմի շնորհիվ է, որ մենք դեռ սեւերես չենք լինում միջազգային գիտական միջավայրում, իսկ էդ գիտական ներուժը շահարկվում է միայն ընտրություններից առաջ:
Մեր գիտնականի միջին տարիքն այսօր 67 է, բայց մարդը հավերժ չի, ու երբ խախտվում է սերնդափոխության ռիթմը, շատ բարդ է լինում վերականգնելը… Մենք կանգնած ենք գիտության դեմոգրաֆիական ճգնաժամի առջև, մեր երիտասարդները չեն ուզում գիտնական դառնալ, քանի որ գիտնականը շատ քիչ է վարձատրվում:
Ո՞վ է փոխարինելու մեզ, հայերիս աշխարհով մեկ ինտելեկտուալ ազգի անուն ու համբավ բերած գիտնականներին, ո՞վ կուզի դառնալ գիտնական այլևս: Ով էլ ուզում է դառնալ, էստեղ սկսում ու գնում է դուրս, դրա մասին են վկայում ողջ աշխարհով սփռված մեր երիտասարդ գիտաշխատողները, ու դրսում նրանց պահանջարկի ավելացման տենդենցը:
Մասնավոր սեկտորի հագարժան բիզնեսմեններ, ներդրումներ արեք գիտության պահպանման ու զագացման համար, դա ավելի եկամտաբեր է, քան հանքերն ու «լիֆչիկները», Բիլլ Գեյթսը վկա, Դոն Ջոբսը վկա, Վեբերը վկա, Էյնշտեյնն էլ` դե էլ չասեմ…
Երբ նայում եմ ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներին, ուզում եմ տեսնել այնտեղ երիտասարդ գիտնականների, կամ ուզում եմ տեսնել գոնե մի գիտնական թեկնածուի, որ ունի եռանդ, ունի պատկերացում, թե ի՞նչ է իրականում գիտությունը, ինչի՞ համար: Որ էդ դահլիճում նստածները, որոնք մտածում են, թե գիտությունը «զիզբիզի» բան է, «ինժեներ բալա», «գիոլոգ բալա», «աչկարիկ» ու այլ որակումներ տվողներ են հիմնականում, ունենաք գոնե մեկը կողքներին, որն իրենց «թայֆից» չի, այլ գիտնականների: Գիտնականներն ինչո՞ւ չեն առաջադրել իրենց թեկնածուին: Կամ գուցե՞ ժամանակն է նոր կուսակցություն ստեղծել ու հաջորդ ընտրւթյուններին գնալ «Գենոֆոնդիս տեր եմ» կարգախոսով, մտքում պահելով` տեր եղիր այսօր, որ վաղն ապրելու երկիր ունենաս, շնչելու օդ ու խմելու ջուր … Ինժեներ բալան է փրկելու մոլորակը, չիմացեալ արքայութեան ջատագովներ ջան:
Հարգարժան Պետություն, ձեզնից ի՞նչ է գնում, որ ստիպեք մասնավոր սեկտորին գիտության մեջ ներդրումներ անել: Վայ, կներեք, մոռացա, որ հեռագնա ներդրումներ անում են միայն հեռագնա ծրագրերի մեջ, մի պետություն, որն իր վրա 25 տարվա մաքսիմում «գրանտ» ունի, ինչի՞ պետք է մտածի հեռուն: Իրա գրանտակերությունը կանի, կուտի ընդերքը, կխմի հողի արյունն ու կվերանա աշխարհի երեսից… Մայա քաղաքակրթությունն էլ երեւի հայեր են եղել, որովհետեւ Մայան էլ է ընկել բնական ռեսուրսների անխնա օգտագործման հետեւանքով:
Երկրագնդի բնական ռեսուրսները կհատեն 2030 թ.-ին մոտ, մարդիկ այսօր արդեն պարտքով են ապրում երկրագնդին` գերածախս ենք տալիս, մենք 9 ամսում սպառում ենք էն, ինչ արտադրում ենք 12 ամսում: 2050 թվականին մոտ կփակվի մեր վերջին հանքը, ու մենք, հայերս մեր մեծ լուման կունենանք երկրագնդի ոչնչացման գործում: Մենք կարող ենք փրկել մոլորակը խնայողաբար ծախսելով բնական պաշարները, չաղտոտելով շրջակա միջավայրը, վերականգնելով սպառվածը, որը կարող ենք անել միայն գիտության օգնությամբ, գթասրտության ու խնայողության, փոխօգնության ու համաձայնության մթնոլորտում: Մենք դեռ 10 տարի ունենք փրկելու… Հայաստանը չէ, գլոբալ նայեք` մոլորակը, իսկ մոլորակի օդն ու ջուրը բոլորիս համար նույնն է` իմ, գիտնականի ու օլիգարխի:
ՕԵԿ-ի բախտը չի բերում: Մեկ նրանց ապաշնորհ ֆունկցիոներները որոշում են գյուղերից մեկում ընտրողների սիրտը շահել «քելեխի արաղով»` հարուցելով գյուղացիների վրդովմունքը, մեկ Հեղինե Բիշարյանը բերնից թռցնում է «ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ում կանայք շատ են», ու այդ լեզվի սայթակման վրա մի շաբաթ է, ամբողջ երկիրն է հռհռում… Հիմա էլ ապրիլի 7-ի տոն օրով հրավիրված նախընտրական հանրահավաքի ժամանակ ինչ-որ մեկը սխալ կոճակ սեղմեց, և ելույթ ունեցողի խոսափողն անջատվեց, փոխարենը միացավ ծափերի ձայնագրությունն, ու շատ անհարմար բան ստացվեց: ԱԽՔ պիտակը քիչ էր, հիմա էլ դառել են իսկական Ձախորդ Փանոս…
Գումարած դրան, «ընտրությունների վերահսկման հանրային շտաբ» ձևավորելու ժամանակ ՕԵԿ-ին «մոռացան» հրավիրել, ինչը հիմք տվեց Գալուստ Սահակյանին հեռանալ Քաղաքագետների միության տարածքից… Հենց այդ նախաձեռնության շուրջ էլ, որ տեղավորվում է «կոնսենսուս մինուս ՀՀԿ» տրամաբանության շրջանակում, ահագին երևույթներ ի հայտ եկան, որոնք հայկական «շուստրիության» վառ դրսևորումներ են:
Զորօրինակ, Խաչիկ Գալստյանը հայտարարում է, որ նախաձեռնությունը ԲՀԿ — ինը չի, Քաղաքագետների միությանն է, մինչդեռ Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ-ի ցուցակում 9-րդն է. դա մոտավորապես նույնն է, որ աղվեսն ասի` ես չեմ, պոչս է: Մյուս «շուստրիությունը» հիմնականում կապակցվում է Օսկանյանի հետ: Օսկանյանը «քլնգում» է կառավարությանը, հայտարարում, որ կոալիցիան ձևական է, որ ԲՀԿ-ն պատասխանատու չէ կոալիցիայի գործողությունների համար առհասարակ: Ու մի կողմից ԲՀԿ-ի գործիչները չեն մեկնաբանում Օսկանյանի և Հմայակի ասածները, ձգտելով դրա հաշվին ստեղծել ընդդիմություն լինելու պատրանք, մյուս կողմից «ձևական կոալիցիայի» ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետները չեն շտապում վայր դնել «ձևական» լիազորությունները, ու լավ էլ աշխատացնում են իրենց ձեռքում եղած վարչական ռեսուրսը հօգուտ ԲՀԿ-ի: Դե, կոալիցիայի համար «անպատասխանատու» լինելու նորամուծությունն ընդհանրապես նման է պոռնոաստղ Ելենա Բերկովայի` վիրահատական ճանապարհով ձեռք բերած «յուղը վրեն» կուսությանը, զի ինչպես կարող է խմբակցություն, նախարարներ, մարզպետներ ու այլ պաշտոնյաներ ունեցող ուժը պատասխանատու չլինել կառավարության գործունեության համար:
Մյուս «շուստրիությունը» հետևյալն է. ընտրողները խանդավառվում են «բարի և ուժեղ» Գագիկ Ծառուկյանի բարեգործություններով, սակայն նրանց չեն տեղեկացնում, որ նրանք քվե են տալիս ոչ միայն Ծառուկյանին ու վերջինիս թիմին, այլև Ռոբերտ Քոչարյանի կողմից ԲՀԿ բերած ու արտոնյալ վիճակ ստացած Վարդան Օսկանյանին և Հմայակ Հովհաննիսյանին: Համ էլ այդ երկուսի արտոնյալ վիճակն է շատ տարօրինակ` եթե ԲՀԿ-ի գործիչները Ծառուկյանի հետ չհամաձայնեցված մեկ բառ հանկարծ թռցնեին, դրանից հետո ահագին ժամանակ կակազելով էին խոսում, իսկ այս երկուսն ասում և անում են ինչ կամենում են (կամ ինչ հրահանգ ստանում են, բայց ոչ Ծառուկյանից), և նրանց վրա չի տարածվում առավել քան կոշտ «առյուծային» ներկուսակցական կարգապահությունը: Եվ արդյունքում կարող է ստացվել, որ այս երկուսի (իսկ իրականում` ստվերում մնացած Ռոբերտ Քոչարյանի) արկածախնրությունների համար ամբողջ կուժն ու կուլան կարող է կոտրվել Ծառուկյանի գլխին: Համ էլ Օսկանյանի անձն այնպիսի դիսսոնանսի մեջ է մտնում ռուսասեր և Լուկաշենկոյին բարեկամ ԲՀԿ-ի կերպարի հետ, որ էլ դու սուս… Ախր Օսկանյանից արևմտամետ մեկ էլ Օսկանյանն է:
Ու դա էլ է «շուստրիության» պահ. Օսկանյանի դեմքով ստանալ օրը մեջ մեր ըտրությունների մեջ քիթը խոթող ամերիկացիների բարեհաճությունը, բայց միաժամանակ Ծառուկյանի դեմքով ունենալ ռուսների լավ վերաբերմունքը:
Մի ուրիշ պահ էլ. «Ընդդիմադիրոտ» «միասնական շտաբի» միայն ընդդիմադիր անդամ կուսակցությունները դիմել են պետական մարմիններին` հրապարակելու այն քաղաքացիների ցանկը, որոնք ընտրողների ցուցակում են, բայց մշտապես բացակայում են երկրից: Ստորագրողների մեջ ԲՀԿ-ն չկա: Հարց է ծագում, էլ ի՞նչ «միասնական շտաբ», եթե մեջների հզորագույն մասնակիցը մի կողմ է քաշվել այդպիսի հարցում: Ոստիկանությունն էլ այդ հարցում յուրահատուկ «շուստրի» դիրքորոշում ունի` ընտրողների ցուցակները բաց են, բարի եղեք ինքներդ ահազանգել, թե ո՞ր մի քաղաքացին մշտապես դրսում է, բայց հյուպատոսարան չի այցելել և հաշվառումից դուրս չի եկել: Դե, ռսի ասած, «и комар носа не подточит», չոր օրենքի տեսակետից ոստիկանները պարտավոր էլ չեն սեփական նախաձեռնությամբ մաքրել ցուցակները: Այ, ուրիշ հարց, եթե որևէ մեկին հաջողվի ապացուցել, որ բացակայողների փոխարեն քվեարկում են, բայց Ծառուկյանի խոսքով ասած` «այդ մասին հաջորդ դասին»:
Սակայն այդ «շուստրիության» պատմությունները կարող են հետաքրքիր շարունակություն ունենալ: Կարող է գալ պահը, երբ ԲՀԿ-ին պարզապես կզրկեն վարչաֆինանսական լծակներից օգտվելու հնարավորությունից: Օրինակ, հենց ընտրակաշառքների դեմ պայքարը կարող է հանգիստ կոտրվել ԲՀԿ-ի «բարեգործների» գլխին: Դե, իսկ ընդդիմադիր ընտրազանգվածի հաշվին հեռու չես գնա, համ էլ հեչ բացառված չի, որ վաղուց արդեն դուրսգրված համարվող կոմունիստներին օգնեն հավաքել ընդդիմադիր քվեներ և հաղթահարել 5 տոկոսի շեմը, իսկ ասենք ՀԱԿ-ը, կամ ավելի հավանական է`«Ժառանգությունը», մնա «բորդյուրին»:
Խոշոր հաշվով, ամեն ինչ էլ հնարավոր է այս նախընտրական արևի տակ: Միայն մի բան ակնհայտ է` պետության մեքենայի դեմ իրոք «խաղ չկա», լինի դա ավտորիտար երկրում, թե ժողովրդավարական: Համ էլ բոլորը, այդ թվում և հայրենի կառավարությունը, վաղուց դասեր են քաղել ինչպես «գունավոր հեղափոխություններից», այնպես էլ «արաբական գարուններից», ու խոշոր հաշվով նաև հեղափոխականորեն տրամադրված զանգված չկա: Չէ՞ որ հայերը «շուստրի» են, և ամեն ոք գերադասում է, որ իր հարևանը, այլ ոչ թե ինքը մասնակցի փողոցային «մարտերին»: Ու դրանից է գալիս, որ «շիրա տվողները» մի քանի անգամ ավելի շատ են, քան իրական հեղափոխականները:
Ինչևէ, այս հրաշք գարունքով կան շատ ավելի հետաքրքիր և հաճելի բաներ, քան մեր կյանքում մեծ հաշվով ոչինչ չփոխող ինչ-որ ընտրություններ: Առողջ եղեք, և վայելեք գարունը:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ տատիկ:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» գիտնականների քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջի պահանջներից առաջինը ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճն էր՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%:
Գիտնականները որոշել են շահարկել ընտրությունները գիտության համար, ու ճիշտ էլ անում են: Բա ի՞նչ անեն: Եթե պետությունը, ի դեմս վերին ղեկավարության, կառավարության ու Ազգային Ժողովի չի կարողանում հասկանալ, կամ հասկանում է, եւ ավելի վատ էդ դեպքում, ու չի մտահոգվում իր գիտական պոտենցիալով, այնքան շահարկվող գենոֆոնդով, իսկ մեր շնորհաշատ երիտասարդներին երբեմն դեռ դպրոցը չավարտած աշխարհի տարբեր ծայրերից շարունակ հրավիրում են արժանապատիվ ապրելու ու իրենց առաքելությունն այս կյանքում իրականացնելու:
Գիտնականները հասան նրան, որ բոլոր կուսակցությունները սկսեցին քննարկել իրենց ծրագրերի մեջ գիտության ֆինանսավորման հարցը` տարբեր կերպ, տարբեր մոտեցումներով, տարբեր շահերով: Կուսակցությունների գիտության ֆինանսավորման ավելացման ծրագրերը հիմնականում նախատեսում են անմիջապես, կտրուկ, առաջին իսկ տարին ՀՆԱ 1 տոկոս գիտության ֆինանսավորման համար, ու աստիճանաբար` մինչեւ 2-3 տոկոս աճ, 10 տարվա ընթացքում: Բայց այդ 10 տարիների ընթացքում, կներեք` հին գիտնականները կապրեն իրենց երկրային կյանքն ու կգնան այն աշխարհ, նորերն էլ կգնան մեկ այլ, ավելի արդար աշխարհ` արժանապատիվ ապրելու ու գիտություն արարելու: Շատերը նախատեսում են գիտության ֆինանսավորման աճ մինչև ՀՆԱ-ի 2-3%ի չափով: Բացառությամբ երկու կուսակցության` ՀՀԿ ու ՕԵԿ: ՀՀԿ-ն իշխող կուսակցության իր դիրքից արժեւորել է բազմիցս նախաձեռնության պահանջները, թեեւ բոլոր տրամաբանական ու անտրամաբանական մեթոդներով փորձում է ապացուցել գիտնականների առաջարկների իրագործման անհնարինությունը, բայց դա արդեն այլ քննարկման թեմա է, թե ինչո՞ւ, բայց դե գոնե մարդատեղ դրել են` արձագանքել ա քննարկել են գոնե: Իսկ ՕԵԿ-ի մասին առավել հանգամանալից:
Մեր երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը` (ԱԽՔ)-ը մտահոգ չի պետության պահպանման, զարգացման ու բարգավաճման ռազմավարական կարեւորագույն դեր ունեցող գիտության ապագայով: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանը այս տարիների ընթացքում ոչինչ չի արել որպես հանձնաժողովի անդամ գիտության հիմնահարցերի լուծման համար: ՕԵԿ առաջին երկու դեմքերը երկրի համար կարեւոր ստրատեգիական խնդիրը անտեսել են, չնայած պարտավոր են` դա իրենց խնդիրն է կանոնադրորեն:
«ՀՀԿ-ն գոնե մեզ հետ կապի մեջ է, իսկ ՕԵԿ թքած ունի գիտության պրոբլեմների վրա, նա չի պատասխանում, նա չի խոսում միայն մեծ-մեծ խոսում են: Առաջին անգամ ուղարկել են մի երեխայի` Հովհաննես Վահանյանին, մամլո ասուլիս-խորհրդակցության, որտեղ պարզվեց, որ բոլոր կուսակցությունները ներառել են, մեր համապատասխան առաջարկները, որը ուրիշների ելույթներից տեղում «կողմնորոշվելով» առաջարկ է արել, ասելով, թե` գիտնականների եւ գիտաշխատողների աշխատավարձերը պետք է հասցնել պետական ծառայողի մակարդակին։ Նաեւ բերել է ՕԵԿ-ի իբրեւ առաջարկը. գիտնականներին առանց կանխավճարի բնակարան գնելու հնարավորություն տալ, ո՞նց տալ, ո՞վ պետք է տա, ո՞ր բանկի հաշվին, ու թե` իրենց կուսակցությունը հանդես է գալիս կարիերայի կենտրոն ստեղծելու և գիտաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու առաջարկով, ինչը, իր կարծիքով, կբարձրացնի գիտական գործունեության գրավչությունը: Հետո էլ ասել է, թե` ՕԵԿ-ը խորհրդատվությունների կարիք չունի, ՕԵԿ-ը շատ լավ հասկանում է գիտության ֆինանսավորման բարձրացման անհրաժեշտությունը, ու իր նախընտրական ծրագրում սահմանել է ՀՆԱ 1 տոկոսի չափով ցենզ, նույնիսկ տեղյակ չլինելով, որ 1 տոկոսը դա նախնական տոկոսադրույքն է ու մյուս կուսակցությունների ծրագրերում այն բարձրացվել է մինչև ՀՆԱ 2-3 տոկոս: Էն, որ նախարարները, նախագահը, վարչապետը, ու մնացածը հանդիպում են մեզ հետ` իրանց վեջը չի: Ի՞նչ ենք մենք ուզում ՕԵԿ-ից: Քանի որ ՀՀԿ-ն չի համաձայնվում մեր տեսակետների հետ, մենք կամենում ենք կոալիցիան ջլատել: Բոլորն ասում են, որ մեծամասնություն չունեն, նախկին ու ներկա կոալիցիոն ընկերներն ամեն ինչ գցում են ՀՀԿ-ի վրա, ու մանավանդ` Ազգային ժողովում ձայների մեծամասնությամբ որոշումների ընդունման անհնարինությունը: Մենք ուզում ենք էդ պատրանքը վերանա: Հա, նրանք միայն խոսում են ինտելեկտից ու բանի տեղ չեն դնում գիտությունը, սա Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար չի, սա ազգային խայտառակության քարտուղար է», — ասում են գիտնականները:
«Օրինաց Երկիր» անվանելով կուսակցությունը, խաբելով ու իրենցով անելով խեղճ ժողովրդին քիչ է իրենց «դհոլի» ֆունկցիան են կատարել գերազանց, դեռ հիմա էլ իրենց, էսպես ասած «շլանգի տեղ են դրել, մեզ էլ էշի»` իրենց թվում է, թե իրենք շլանգ են` չեն կարում խոսան, իսկ մենք էլ էշ ենք, չենք հասկանում, թե ինչի՞ չեն կարում խոսան: Ո՞նց կարող է նման պատասխանատու դիրք գրավողը դեմագոգի նման անտեսել գիտության հիմնահարցերը: Չեմ ուզում անձնավորել, չեմ ուզում փիս-փիս բաներ ասել: Ուղղակի հիշում եմ: Հիշում եմ, երբ ես` դեռ անտարբեր քաղաքացիս, ապրելով Կապանում ականատեսն էի լինում Օրինաց Երկիր կուսակցության ծննդյանն ու զարգացմանը, թե ո՜նց էին մարդիկ հավատում, ո՜նց էի ես` միամիտս ուզում գնալ միանալ նրանց, որովհետեւ հավատում էի` ջահել եռանդուն, իմ սերնդի մարդիկ են, կարող ա՞ անկեղծ են, կարո՞ղ ա իսկական են… Էհ…
ՕԵԿ-ը «զուռնա-դհոլ»-ից վերածվել է «դամ պահող»-ի`ճղճղան, դատարկ, լաչառ, բայց ջահել կնկանից դառել է «Հայ քաղաքականություն» սերիալի վրա մզզացող էգոիստ մառազմատիկ տատիկ…
Մի քանի օրից կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Բոլորը գիտեն, թե ինչ վերջաբան դա կունենա, բայց… ձևեր են թափում: Բոլորը գիտեն, որ ՀՀԿ-ն անխուսափելիորեն վերցնելու է 50 տոկոս և ավելին: Բոլորը գիտեն, որ ԲՀԿ-ի «ընդդիմադիր» վազքը մինչև հարկայինաոստիկանական մարագն է: Բոլորը գիտեն, որ ԱԽՔ-ի կուսակցությունը իրականում 5 տոկոսը չի անցնելու, պակասը դրանց շպրտելու են ողորմության պես և պայման են դնելու` այլևս ոչինչ չուզելու…
Բոլորը գիտեն, որ ՀԱԿ-ը ոչ մի «ավազակապետության կազմաքանդում» չի անելու, ու ԱԺ հասած սակավաթիվ երջանիկները իրար հերթ չեն տալու` բացատրելով, որ իրենց ներկայությունը խորհրդարանում անխուսափելիորեն ապահովելու է իրենց հաղթանակը նախագահական ընտրություններում… Բոլորը գիտեն, որ «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» և «քաղաքացիական հասարակության» անխախտ դաշինքի 5 տոկոսի համար խնդրվելու են ամերիկացիք` ճիշտ այնպես, ինչպես 2007-ին… Բոլորը գիտեն, որ դաշնակներին թողնելու են գալ խորհրդարան, որպեսզի Սփյուռքը չնեղանա…
Բոլորն ամեն ինչ գիտեն, բայց բոլորը միասին ու առանձին — առանձին աբսուրդի թատրոն են խաղում:
Վարդան Օսկանյանը դեմքի խելոք արտահայտությամբ ասում է, թե ԲՀԿ-ի` կոալիցիայում գտնվելը ձևական է և միշտ էլ ձևական էր, նրա կուսակիցներն էլ ձայնակցում են, որ մինչև վերջ պայքարելու են ընտրակեղծիքի դեմ: Պայքարողներիս նայեք` դո՞ւք չէիք, որ 2007-ին մասնակցում էիք քվեներ դզել-փչելու բոլոր գործընթացներին, դո՞ւք չէիք «տուկի թել» բաժանում, դո՞ւք չեք, որ արդեն եհովականների պես զահլահան արիք, գնալով բնակարանից բնակարան, ձեռի հետ էլ նյութական բարիք խոստանալով: Թե՞ ձեր բաժանած ընտրակաշառքը հալալ ա, իսկ ասենք, ախքիկների բաժանած դդմի ջեմը կամ հանրապետական թեկնածուների տվածը` հարամ… Ձևակա՞ն էիք կոալիցիայի մեջ. Այսինքն, ձեր նախարարներն ու մարզպետները ձև՞ են անում, որ կառավարում են, պարոն Քուշկյանի գերատեսչության հիվանդանոցներում ձև՞ են անում, որ բուժում են, վիրտուալ դեղե՞ր են տալիս, վիրաբույժների դրած կարերը վիրտուա՞լ, ձևակա՞ն են…
Չնայած վիրտուալի պակաս էլ չկա: ՀԱԿ-ի հանրահավաքին մի խումբ երիտասարդներ հպարտորեն կրում էին «Ֆեյսբուքի» դրոշը: Երևի թե որոշել են, որ եթե 2008-ին իրենց չօգնեց Ազատության հրապարակում ծածավող «Մոգեն-Դավիդ»-ը, իսկ հետո` Եվրամիության դրոշի աստղաբույլը, այս անգամ գոնե «Ֆեյսբուքի» մեկ միլիարդ օգտատերերի փոշի՞ն մի թեթև կնստի վրեքները … Բայց վիրտուալ տարածքում էլ գործերը փայլուն չեն: ՀԱԿ-ի հանրահավաքը ինտերնետային ուղիղ հեռարձակումով դիտում էին 1400-1500 հոգի, իսկ Մաշտոցի այգում կրպակների չհաջողված «քաղաքացիական ապամոնտաժումը»` 4500 — 5000 հոգի: Այսինքն` կրպակների հարցը երեք անգամ ավելի հետաքրքիր է, քան իշխանափոխությունը:
Չնայած «ապամոնտաժողներն» էլ իսան չեն: Այնպիսի հանդիսավորությամբ խոստացան (իսկ նրանց մի մասը հանրահայտ մարդիկ են), որ այս պահին կամ կրպակները պիտի ապամոնտաժված լինեին, կամ իրենք` ձերբակալված: Բայց չկա ոչ մեկը, ոչ մյուսը, ամեն ինչ արվեց հայավարի և քաղաքապետարանի ու ոստիկանության, և այդ քաղաքացիական գլուխգովանների կողմից… Ինչքան ենք սիրում թատերական ներկայացում սարքել ամեն ինչից:
Բայց մի կողմ թողնենք նախընտրական թատրոնները: Ավելի ֆունդամենտալ հարցեր կան, որոնց մի մասը գոյացել է մեր հայրենակիցների` ամեն ինչ աբսուրդի թատրոնի վերածելու հակումից:
Այսօր հայը հանդուժում է, որ հայ եկեղեցում աղանդավորը քաշքշի հայ քահանային:
Այսօր հայը հային է ատում ու ոչնչացնում:
Այսօր հայուհին երազում է ամուսնանալ բարեկեցիկ օտարերկրացու հետ, նունիսկ` մուսուլմանի:
Այսօր հայուհին վախենում է երեխա ծնել: Այսօր որբանոցները բերնեբերան լցված են լքված երեխաներով, իսկ ծերանոցները` լքված ծնողներով:
Հայ տղամարդը հանդուրժում է, որ հայ կինը թուրքիաներում ու դուբայներում մարմնավաճառությամբ զբաղվի: Հայուհիները հոժար կամքով մեկնում են մուսուլմանական երկրներ` մարմին վաճառելու:
Հայ գիտնականները մազապուրծի պես փախչում են արտերկիր:
Հայերը վստահում են ում ասես, բայց ոչ իրար:
Հայերը չգիտեն սեփական պատմությունը:
Հայերը ծույլ են, փնթի և «քցող»:
Հայերը արցունքն աչքին լսում են ամենակեղտոտ մուղամախառը ռաբիզը:
Հայերը հանդուրժելի են համարում «որտեղ հայ, այնտեղ վայ» և «երկիրը երկիր չի» պիղծ բանաձևերը:
Հայերը ցեխի հետ են խառնում սեփական հաղթական բանակի անունը:
Հայերը տարբեր պղծագրությունները համարում են հայ գրականություն, իսկ պղծագիրներին` հայ գրող:
Հայերը այլևս գիրք չեն կարդում, իսկ խոսակցական լեզուն հարմարեցնում են պետքարանահոտ սերիալների գարշելի բառապաշարին:
Հայերը հանդուրժում են ամեն մի սրբապղծություն և պղծողներին շանսատակ չեն անում:
Դեռ երկար կարելի է թվարկել, և հարց է ծագում` արդյո՞ք մեռած ենք որպես ազգ: Ու դեռ դժգոհում ենք մեր իշխանության չինովնիկների, կուսակցությունների ընտրացուցակի որակից, փաստում ենք, որ և իշխանությունն է զիբիլ, և ընդդիմությունը: Բա մե՞նք ինչ ենք, մենք սրանցից էլ վատն ենք: Այ երբ գոնե մի քիչ կինքնամաքրվենք, գոնե մի քիչ ինքներս մեզ կհարգենք, այն ժամանակ կունենանք և կարգին իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններ, և չկեղծված ընտրություններ, և բարեկեցիկ կյանք, և բոշայի պես օտար ափերում հարամ հաց չենք որոնի…
Իսկ մինչ այդ վայելենք ամենայն հայոց աբսուրդի թատրոնը:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.