29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Պավել Լիտվինովին և գեներալ Պյոտր Գրիգորենկոյին,վախճանվել է Անդրեյ Սախարովի այրին՝ Ելենա Գեորգիևնա Բոները:
Նա մահացել էր հունիսի 17-ին՝ Բոստոնում, սակայն նրա մահվան մասին լուրերը հայտնվեցին միայն կիրակի երեկոյան:
Ով էր Ելենա Բոները. 1972թ. իրավապաշտպան Բոները դիսիդենտների դատական պրոցեսներից մեկի ժամանակ ծանոթանում է Անդրեյ Սախարովի հետ ու նրանք ամուսնանում են: Այդ նույն տարին Ելենա Գեորգևնան դուրս է գալիս ՍՄԿԿ-ից: 1975թ. նա ներկայացնում էր Անդրեյ Սախարովին Օսլոյում Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ:
1976թ. ստրոգրել է Մոսկովյան Հելսինկյան խմբի հիմնադիր փաստաթղթի տակ, իսկ 80-ականներին Բոները անմիջական մասնակցություն է ունենում այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների հիմնադրմանը, ինչպիսիք են «Մեմորիալ»-ը եւ «Մոսկովյան տրիբուն»-ը:
Նա ոչ կառավարական «Անդրեյ Սախարովի հիշատակը հավերժացնող Հանրային հանձնաժողով»-ի նախագահն էր:
Բոները Ռուսաստանի նախագահի օրոք մարդու իրավուքների հանձնաժողովի անդամ էր նրա հիմնման օրից մինչեւ 1994թ., մինչեւ որ դուրս չեկավ հանձնաժողովից, ռուս – չեչենական պատերազմը սկսած նախագահի վարչակազմի հետ համագործակցությունը համարելով անհնարին:
«Газета.Ru»
Հ.Գ. Սախարով — Բոներ զույգը առաջին էին իմ կյանքում, ովքեր քաղաքացիական արժանապատվության զգացում արթնացրեցին, ընբոստացնելով ոգիս ու մղելով պայքարի անարդարությունների դեմ ու մարդու իրավունքների համար: Փառք ու պատիվ նրանց: Հավերժ հիշատակ Ելենա Նիկոլայևնա…
Կառավարության այսօրվա նիստին ներկա էր նաև գյուղատնտեսության նախարարության կազմում գործող Սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Գրիգոր Գրիգորյանը, ում գործունեությանը մի քանի անգամ անդրադարձել ենք: Քանի որ հիշյալ նորաստեղծ կառույցի և հատկապես նորանշանակ պետի գործունեության հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոշեցինք դրանք ճշտել հենց թիվ մեկ պատասխանատուից:
Կառավարության հետնամուտքով դուրս գալու իրավունք ունեն ոչ բոլորը. հիմնականում անվտանգության խորհրդի անդամները, շարքային նախարարները, փոխնախարարները, առավել ևս վարչությունների կամ ծառայությունների պետերը ելումուտ են անում միայն գլխավոր մուտքից:
Նիստի ավարտից հետո գաղտնի մասում մնալու թույլտվություն չունեցող Գրիգորյանը սկսեց իջնել աստիճաններով. ուղղությունը դեպի գլխավոր մուտքն էր: Գրիգորյանի կողքից քայլում էր Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ծառայության պետը արդեն ոտքը դրել էր դեպի նախասրահ իջնող աստիճանավանդակի առաջին աստիճանին, երբ «պարոն Գրիգորյան» բառերը լսելով՝ անմիջապես շրջվեց և Ղազարյանի հետ անհետացավ տեսադաշտից: Ճիշտ է, Գրիգոր Գրիգորյանը երիտասարդ պաշտոնյա է, բայց ես ավելի երիտասարդ եմ և արագորեն հասա նրան:
— Պարո´ն Գրիգորյան, ես Ձեզ մեկ-երկու հարց ունեմ:
— Մեր բաժնից հարցրեք:
— Ես Ձեզանից եմ ուզում հարցնել, ի՞նչ է, Ձեր մամուլի բաժնում Ձեզանից ավելի լա՞վ կարող են պատասխանել:
— Զբաղված եմ:
— Ես շատ ժամանակ չեմ խլի, հիմա ընթացքում, թեկուզ այսպես քայլելով:
— Ընթացքում, խնդրեմ, եկեք ընթացքում, հայտնեք:
— Ձեր ծառայության ազատված անդամները ի՞նչ կարգավիճակում են հիմա, ի՞նչ է լինելու նրանց հետ: Օրինակ, հայտնի է, որ Ձեր բոլոր կուրսեցիներին ազատել եք աշխատանքից: Ինչո՞վ է դա պայմանավորված, ինչ-որ անձնական խնդիրնե՞ր ունեք, թե՞ այլ պատճառ կա:
— Ես խնդրում եմ, մեր Հասարակայնության հետ կապերի բաժնի պետին դիմեք,- բառերն ու վանկերը հատ-հատ արտաբերելով պատասխանեց սուպերտեսուչը:
— Դուք խնդիրներ ունե՞ք ԶԼՄ դաշտի հետ շփվելու առումով:
— Հիմա զբաղված եմ, կներեք:
— Բայց սա նորմա՞լ եք համարում:
Այս հարցս արդեն Ղազարյանին էր ուղղված, որը ժպտալով հետևում էր ծառայության պետի պատասխաններին: Դուռը փակվեց, և հարցերը մնացին դռան հետևում: Պարզ է, որ աշխատանքից ազատված շուրջ 70 հոգին առավել ևս զրկված են պատասխան ստանալու հնարավորությունից: Վերջերս նրանց ընդունել էր Քաղաքացիական ծառայության պետ Մանվել Բադալյանը, քանի որ բոլորն էլ քաղաքացիական ծառայողներ էին համարվում, և բոլորին ազատել են օրենքի խախտմամբ: Ճիշտ է, Գրիգոր Գրիգորյանը չցանկացավ որևէ բան հստակեցնել, սակայն, մեր տեղեկություններով, հիշյալ ծառայությունում դրությունը շարունակում է մնալ լարված. աշխատանքից չազատվածներն արդեն երանի են տալիս աշխատանքից ազատվածներին` խոստովանելով, որ ուղղակի անհնար է ոլորտից անտեղյակ այդ ինքնահավան երիտասարդի հետ աշխատել:
Անցյալ տարեվերջին ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհուրդը ցրվեց: Ալիկ Սերգեյիչի աչքը վախեցավ մանկապղծության համար մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի նմանին իր հասարակական խորհրդում ունենալուց, որոշեց հատ-հատ ստուգել այս խորհրդի անդամների դոսյեները և միայն դրանից հետո հավաքել նոր խորհուրդ: Այդպես, ոստիկանությունն արդեն որերորդ ամիսն է հավանաբար դոսյեները ստուգում ու ստուգում է, բայց դեռ, ինչպես երևում է, չի վերջացնում:
Այսօր ոստիկանապետը կարծես հուլիս ամիսը նշեց՝ որպես հասարակական խորհրդի վերագործարկման ժամկետ: Մեր տեղեկություններով, սակայն, հասարակական խորհրդի լուծարման պատճառը ոստիկանապետի ժլատությունն էր եղել, որն անգամ թուղթ ու գրչի, թաղման ծաղկեպսակ գնելու փող էր զլացել տալ:
Դրա մասին այսօր հարցրինք Ալիկ Սարգսյանին.
-Ճի՞շտ է, որ պատճառը Դուք եք եղել՝ չեք ապահովել հասարակական խորհրդի անդամներին իրենց անհրաժեշտ բաներով:
Ոստիկանապետը վրա բերեց.
— Բայց էլ ի՞նչ անեի. շենքը տվել եմ, կաբինետը, սենյակները, վկայականներ էլ եմ տվել, էլ ի՞նչ անեի:
— Դե, չգիտեմ, ամեն դեպքում դժգոհ են մնացել Ձեզանից:
— Այսինքն ի՞նչ անեի, աշխատավարձ տայի՞… մերոնց շատ եմ կարում տամ` հասարակական խորհրդին տայի՞:
— Երևի ինչ-որ ակնկալիքներ են ունեցել, որ չեն արդարացել:
— Ես չգիտեմ, ի՞նչ ակնկալիք. երևի մի հատ ինսպեկտոր կկանգնեցնի, վկայականը ցույց կտան, թե հասարակական խորհրդից են, կանցնեն: Ուրիշ էլ ի՞նչ ակնկալիք, չգիտեմ:
— Դե, չգիտեմ, գուցե փող աշխատեին, չեմ կարող ասել:
— Չէ, բայց էդ ընենց չի, թե իրանք են հրաժարվել, սխալ տպավորություն ա:
— Ֆելիքս Բախչինյանը հենց այդ նկատառումներից ելնելով չէ՞, որ այլևս չի ուզում նախագահել:
— Չէ, ղեկավարը շատ սիրով աշխատում էր` Բախչինյանը, հիմա էլ էլի ուրախությամբ կաշխատի, ուղղակի ես գտնում եմ, որ մի քիչ պիտի ոճը, ձևը փոխվի: Ինքը չի կարա դրանց հետ: Երևի հիմի կփոխեմ, ինքը կմնա էլի հասարակական խորհրդում, բայց երևի՝ ոչ նախագահ:
— «Դրանց» վրա՞, այսինքն` անկառավարելի պերսոնանե՞ր են հավաքվելու:
— Չէ, զբաղված են, գործի մարդ են, արվեստագետ մարդիկ են…
Նախորդ հասարակական խորհրդի կազմը բավական «գունագեղ» էր` Սոֆի Դևոյան, Փարավոն Միրզոյան, Աշոտ Ղազարյան, Հրանտ Թոխատյան…
Մնում է սպասել և տեսնել, թե այս անգամ ինչ կազմ կհավաքի Ալիկ Սերգեյիչը, ովքեր կբռնեն Սերգեյիչի ճաշակին և ավելին՝ Սերգեյիչի ճաշակի «քննությունը» հանձնելուց հետո դոսյեների քննությունն է՞լ կկարողանան հանձնել:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր ղեկավարած կառույցի փոխնախագահ է ընտրել ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին: Եվ ինչպես Արամ Գասպարի Սարգսյանն է միաժամանակ ղեկավարում Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն ու զբաղեցնում այս նույն Արա Աբրահամյանի ստեղծած Հայերի համաշխարհային կոնգրեսի փոխնախագահի պաշտոնը, այդպես էլ Մհեր Շահգելդյանն է շարունակելու զբաղվել ՕԵԿ «կուսակցաշինությամբ» և Արա Աբրահամյանի տեղակալ աշխատելով: Թե ի՞նչն է դրդել Արա Աբրահամյանին նման ընտրություն կատարել, դժվար է ասել: Այս կապակցությամբ կարելի է ընդամենը վարկածներ առաջ քաշել:
Վարկած առաջին. Հատկապես Մհեր Շահգելդյանն է լուրջ դերակատարում ունեցել Աբրահամյանի եղբայր Սերյոժա Աբրահամյանի՝ «Օրինաց երկիր» կուսակցության քվոտայով խորհրդարանում հայտնվելու հարցում, և հիմա եկել է «վարձատրության» ժամը: Չի բացառվում նաև, որ խոսքը 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավորական տեղի զիջման մասին լինի. նախարարական պորտֆելից զրկված, բայց կուսակցաշինությամբ զբաղվելու գործուղված ՕԵԿ փոխնախագահն, այսպես թե այնպես, գոնե պատգամավորական մանդատի պետք է հավակներ: Հնարավոր է, որ գործարքը կնքված լինի եղբորը նորից ՕԵԿ համամասնական ցուցակով անցկացնելու համար, ինչը հնարավոր կդառնա միայն որևէ մեկի կողմից սեփական մանդատը զիջելու պայմանով:
Վարկած երկրորդ. Գործարքը կնքվել է Արթուր Բաղդասարյանի մակարդակով, իսկ Շահգելդյանին այլ բան չի մնացել՝ կատարելուց բացի:
Վարկած երրորդ. Արտակարգ իրավիճակների նախարարությունում փող աշխատել չկարողացած, ՕԵԿ քվոտան մսխած և ՕԵԿ առաջնորդի ֆինանսական ակնկալիքները չարդարացրած Շահգելդյանը նախարարի պաշտոնը թողնելուց հետո, հնարավոր է, ֆինանսական դժվարություններ է ունեցել: Կուսակցապետը չի ցանկացել բացել գրպանը` իր հույսերը չարդարացրած կուսակցի ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով: Սակայն հնարամիտ Արթուր Բաղդասարյանը նաև չէր կարող թույլ տալ, որ իր տեղակալը հայտնվեր անհուսալի վիճակում, և կարողացել է գործի դնել դիվանագիտական կարողություններն ու գործ գտնել Շահգելդյանի համար. Արա Աբրահամյանն այս հարցում հարմար քսակի դեր է կատարել:
Վարկած չորրորդ. Անցյալ տարի Շահգելդյանի` նախարարի պաշտոնը թողնելու ժամանակ www.wikipedia.org կայքում մենք բախվեցինք մի հետաքրքիր փաստի. Մհեր Շահգելդյանի կենսագրական տվյալները փնտրելիս ահա թե ինչ հայտնաբերեցինք այդտեղ. «2004թ. հուլիսին Շահգելդյանը հայտնվեց հոմոսեքսուալ սկանդալի կենտրոնում: Հակոբ Հակոբյանը` «Ժողովրդական պատգամավոր» խմբակցությունից, Շահգելդյանին հրապարակավ մեղադրեց հոմոսեքսուալիզմի մեջ, ինչին վերջինս պատասխանեց, թե ցանկանում է նրա հետ խոսել «տղամարդավարի»: Դրանից հետո անմիջապես «Հայ արիների միաբանություն» կուսակցության ղեկավար Արմեն Ավետիսյանը սպառնաց հրապարակել Հայաստանի իշխանության մեջ գտնվող գեյերի մի ամբողջ ցուցակ: Հայ քաղաքական գործիչ հոմոսեքսուալիստների պաշտպանության օգտին հանդես եկավ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` հայտարարելով, որ պաշտոնատար անձն իրավունք չունի չարաշահել մարդու կենսաբանական կարգավիճակը և օգտագործել այն սեփական հետաքրքրություններից ելնելով»:
Ճիշտ է, այս կայքը բրիտանական հանրագիտարանը չէ, սակայն ամեն դեպքում զարմանալի էր, թե ինչպես է լրատվական ծառայություն ունեցող, կոալիցիոն կառավարության մաս հանդիսացող կուսակցությունը թույլ տվել, որ իր փոխնախագահի հասցեին նման բան զետեղվեր բավական մեծ հաճախելիություն և լսարան ունեցող կայքում և զետեղվելուց հետո էլ ինչպե՞ս է այդքան ժամանակ դուրս մնացել ուշադրությունից: Մի խոսքով, մենք ահազանգեցինք, որից հետո, զարմանալի արագությամբ, Շահգելդյանի կենսագրության այդ հատվածը հանվեց կայքից:
Ինչ վերաբերում է այս վարկածի բովանդակությանը, ապա դա կարելի է ամփոփել հետևյալ ենթադրությամբ: Ռուսաստանում, ինչպես հայտնի է, հայերը բավականին ազատ կյանքով են ապրում: Ռուսաստանի հայերի միությունը այնտեղ ապրող բոլոր հայերի միությունն է` առանց խտրականության. Ռուսաստանի հայ են համարվում անգամ ազատ սեռական կյանքով ապրող և անգամ ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշում ունեցողները, որոնց հետ ևս Ռուսաստանի հայերի միությունը պետք է աշխատանք տանի: Չի բացառվում, որ Մալիշկա գյուղից դուրս եկած, հայկական ավանդույթներին հավատարիմ Արա Աբրահամյանը դժվարությունների է հանդիպել նման հայերի հետ շփումներում: Չի կարելի բացառել, որ Աբրահամյանի ընտրությունը պայմանավորված լինի հենց նման հայերի հետ ավելի արդյունավետ աշխատանք տանելու նկատառումով: Իսկ Մհեր Շահգելդյանը եթե որևէ առնչություն էլ չունենա իր հասցեին պտտվող խոսակցությունների հետ, այնուամենայնիվ, իր խաղաղ ու հանդարտ մարդկային տեսակի առումով գոնե չի խորշի նման մարդկանցից. ՕԵԿ-ը լավագույն դպրոց է ամեն կարգի մարդկանց հետ աշխատելու համար:
Այսօր Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները անդրադարձան անչափահաս տղաների՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում գիշերային ժամերին մարմնավաճառությամբ զբաղվելու խնդրին՝ նշելով, որ հանրությունը լրջորեն մտահոգված է: Նելլի Դուրյանը ասել է. «Հրապարակումից հետո այդ մասում լայնածավալ աշխատանքներ ենք իրականացնում: Ինչպես՝ մեր ստորաբաժանումը, այնպես էլ՝ ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան վարչությունը: Վերջնական արդյունքների մասին ձեզ անպայման տեղյակ կպահենք: Ներկա պահին ուսումնասիրություններն ընթացքի մեջ են»: Նախ՝ ինչպես է պատահում, որ ոստիկանությունը բացառապես իրեն ամրագրված գործառույթների մասին տեղեկանում է լրատվամիջոցներից: Երկրորդ՝ անչափահաս տղա մարմնավաճառների մասին մի քանի տարի առաջ հրապարակում է եղել, որտեղ տողերիս հեղինակը մանրամասնել է նույնիսկ, թե ովքեր էին վերահսկում տղաների խումբը, նշել նրանց կեղծանունները, թե որտեղից էին գալիս այդ տղաները, նրանցից ով՝ ինչ ընտանեկան, սոցիալական պայմաններ ուներ: Թե ինչպես էին նրանք հավաքվում կինո «Ռոսիայի» հետնամասում, որտեղից ավտոբուսներ են մեկնում մարզեր: 14-15-ամյա տղաներից մեկը նույնիսկ հիվանդ պապ ուներ, որը տեղյակ էր, թե իրեն ինչ գնով է դեղ ու հաց հասցնում իր թոռը: Այն ժամանակ էլ ոստիկանությունը խոստացավ զբաղվել այդ հարցով…
Այսօր ոստիկանության աշխատակիցը ասել է, թե խնդրին պետք է շատ նուրբ մոտենալ, որովհետեւ այդ տարածքում երեխաներ կան, որոնք նորմալ ընտանիքից են: Ո՞վ է խանգարում նուրբ մոտենալ կամ առհասարակ մոտենալ մարմնավաճառության խնդրին: Դեռ տարիներ առաջ ոստիկանության աշխատակից իմ ծանոթներից մեկն ասաց, թե համակարգում բոլորն էլ քաջ գիտեն ամեն բան: Գրեթե նույն տարածքում են կանգնում, այսպես կոչված, առևտրի տան գույնզգույն էժանագին մարմնավաճառները, որոնց ոստիկանությունը հաստատ հայտնաբերելու խնդիր չունի: Նրանք աշխատում են բաց ու թափանցիկ, սակայն սա այլ խոսակցության թեմա է:
Քանի դեռ մեր երկրում «ծառայության» այս ոլորտը «դուրս է մնացել» ուշադրությունից, այս թեման միշտ էլ ակտուալ է լինելու:
Ռուսական REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը Lragir.am-ին մեկնաբանություն է տվել` կապված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին տեղեկատվության հետ: Մոդեստ Կոլերովն ասել է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի տարածած Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին տեղեկատվության REGNUM-ին փոխանցած հերքումը հաղորդեց ինձ անձամբ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պեսկովը: Ես Քոչարյանի ներկայացուցիչների փոխարեն չէի ընկնի հիշողությունների գիրկը և կտայի ինձ դժվարին մի հարց` ինչո՞ւ Պուտինի պաշտոնական ներկայացուցիչը որոշեց հերքել հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչո՞ւ նա չցանկացավ ցույց տալ Պուտինի համերաշխությունը Քոչարյանի հետ: Եվ ինչո՞ւ նոր լուրը հանդիպման մասին կամ մեկ այլ հանդիպման մասին տեղեկատվությունը ի հայտ եկավ միայն հայկական կողմի գործադրած հատուկ ջանքերից հետո»:
Մոդեստ Կոլերովը պատահական մարդ չէ. նա փորձված դիվանագետ է, քաղաքագետ ու պատահական ոչինչ չի ասում:
Առավել քան վստահ կարելի է պնդել, որ այս հարցերը խիստ տհաճ են Ռոբերտ Քոչարյանի և նրա գրասենյակի համար ու, հազիվ թե, արձագանք ունենան երկրորդ նախագահի կողմից:
Այնուամենայնիվ, մենք փորձենք պատասխանել REGNUM լրատվական գործակալության գլխավոր խմբագրի հնչեցրած հարցերին:
Ինչո՞ւ Պուտինի պաշտոնական ներկայացուցիչը որոշեց հերքել հանդիպման մասին տեղեկատվությունը, ինչո՞ւ նա չցանկացավ ցույց տալ Պուտինի համերաշխությունը Քոչարյանի հետ:
Մեր կարծիքով, Ռուսաստանի ղեկավարությունը վերջին տարիներին փոքր-ինչ վերանայել է իր մոտեցումները հետսովետական էլիտաների նկատմամբ: Դա տեսանելի է հատկապես վերջին շրջանում` արաբական իրադարձություններից հետո: Ռուսաստանի ղեկավարներն իրոք համակրանք ունեն ավտորիտար ղեկավարների նկատմամբ` որպես իրենց ավելի հարազատ արժեհամակարգի կրողների, բայց հրապարակավ հրաժարվում են նրանց համերաշխություն ցույց տալուց` այս կամ այն երկրի հասարակության շրջանում իրենց առանց այն էլ սասանված հեղինակությունն էլ ավելի չվտանգելու համար: Ռոբերտ Քոչարյանի պարագայում գործել է հենց այս սկզբունքը, որովհետև ռուսները քաջածանոթ են նրա զրոյական վարկանիշին:
Ինչո՞ւ նոր լուրը հանդիպման մասին կամ մեկ այլ հանդիպման մասին տեղեկատվությունը ի հայտ եկավ միայն հայկական կողմի գործադրած հատուկ ջանքերից հետո:
Այս հարցն էլ ունի իր պատասխանը: Մենթալիտետային հոգեհարազատությունը ստիպել է, որ Պուտինի շրջապատն, այնուամենայնիվ, հաստատի իր շեֆի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման փաստը, մանավանդ որ` Երևանից աղերսագին խնդրանքներ են հնչել:
Այստեղ մի «բայց» կա, որի մասին պարոն Կոլերովը համեստորեն լռում է: Բանն այն է, որ նա ռուսական իշխանությանը շատ մոտ կանգնած անձանավորություն է, և ահա նրա շուրթերով Մոսկվան Քոչարյանին հասկացնել է տալիս, որ թույլ չի տա իր գործոնի խաղարկումը Հայաստանի ներքաղաքական կյանքում:
2011 թ. մարտի 10-ի նիստում գործադիրն ի գիտություն էր ընդունել 2010 թ. ընթացքում ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքի հաշվետվությունը, որը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը: Մենք հարցում էինք ուղղել թրաֆիքինգի հարցերով խորհրդի նախագահ, համատեղության կարգով ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին` փորձելով հասկանալ, թե ի՞նչ պատկեր է այս ասպարեզում: Ի պատասխան կոնկրետ տրված հարցերի՝ ստացանք նախորդ տարվա հիշյալ հաշվետվությունը: Հաշվետվության 25 էջերի ուսումնասիրությունից պարզվեց, որ Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարը բավականին գրավիչ բան է:
Թրաֆիքինգի դեմ պայքար ասելով՝ այստեղ հիմնականում հասկանում են ճանապարհորդությունների մեկնելը, նորանոր երկրներում սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելը, ձեռքի հետ էլ` Հայաստանում մի երկու կլոր կամ քառակուսի սեղան կազմակերպելը: Իհարկե, մանկատների սաների համար թրաֆիքինգ կոչվածի լուսաբանմանն ուղղված աշխատանքները կարևոր են, իհարկե՝ կարևոր են սովորական դպրոցականների համար կազմակերպված լուսաբանումները, իհարկե՝ թրաֆիքինգի ենթարկվելուց խուսափելու համար գուցեև օգնեն բրոշյուրները: Բայց դատելով հաշվետվությունից և այն ամենից՝ ինչ կատարվում է Հայաստանում, թրաֆիքինգի դեմ պայքար ասելով՝ այստեղ հիմնականում հենց դա են հասկանում:
ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում Հայաստանը դասվել է 2-րդ խմբի երկրների շարքը. սրանք այն երկրներն են, որտեղ իշխանությունները որոշ միջոցառումներ ձեռնարկում են թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ, սակայն այդ պայքարը լիարժեք չի համարվում: Որպես պայքարի ցուցանիշ՝ նաև ոստիկանության վրա է պատվեր դրված` տարվա կտրվածքով այս հանցագործության գծով որոշ գլխաքանակ ապահովել: 2010 թ. զեկույցի համաձայն, անցյալ տարի ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ, 1321-րդ հոդվածների հատկանիշներով (հենց թրաֆիքինգով) հարուցվել են 15 քրեական գործեր: «2010 թ.-ի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով (սա արդեն պոռնկությանն է վերաբերում- Լ.Կ.) հարուցվել են քրեական 31 գործեր, որոնցով բացահայտվել են հանցագործության 43 դեպքեր: Դեպքերից 1-ը վերաբերել է Թուրքիա փոխադրելով անձի պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն, 20-ը` մահճակալներով սննդի օբյեկտների` «հյուրանոցային համալիրների» աշխատակիցների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, որից 1-ը՝ անչափահասի օգտագործմամբ, 9 դեպքերը տաքսու վարորդների կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերին, իսկ մնացած 13-ը՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ներգրավելու այլ դեպքերի, որոնցից 1-ը՝ անչափահասի օգտագործմամբ»:
Հաշվի առնելով, որ Երևանի փողոցները ուղղակի բացօթյա հասարակական տներ են, պարզ է, որ ոստիկանությունը չէր կարող գոնե նման կարգի ցուցանիշ չապահովել: Որքան էլ հայտնի է այն պարզ իրողությունը, որ նման հանցագործությամբ զբաղվողները չեն կարող որևէ բան անել առանց համապատասխան մարմինների աջակցության, այնուամենայնիվ, պարզ է նաև, որ տարվա մեջ կարող են պատահել նաև ոստիկանների «գլխից թռնողներ», որոնց` իրենց տեղը ցույց տալը ավելի քան հարմար առիթ կծառայի ոստիկանների համար` միջազգային ատյանների կողմից իջեցված թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտ արդյունք նկարելու համար:
Քանի որ հիշյալ հաշվետվության մեջ միայն չոր թվաբանություն է, թրաֆիքինգի դեպքի մեկ օրինակ մենք ներկայացնենք: Այս տարվա մարտ ամսին հայրենի իրավապահները բացահայտեցին նման հանցագործության մի զարհուրելի դեպք. հանցագործը Հայաստանի քաղաքական շրջանակներում ոչ անհայտ Սուսաննա Հարությունյանն էր: Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով մեղադրվող (անձնագրերի, դիպլոմների կեղծում, շորթում, գողություն…) այս կինը Արմավիրի մարզի սոցիալապես անապահով բազմանդամ ընտանիքների երեխաներին որդեգրության անվան տակ տեղափոխել էր եվրոպական երկրներ, որտեղ այդ երեխաներին մորթել էին, հետո օրգանները վաճառել: Սուսաննա Հարությունյանը նախկինում Էջմիածնի քաղաքապետարանում հանրակրթության վարչության պետն էր (հավանաբար, գյուղացիները հենց դրա համար էին հավատացել այս կնոջն ու վստահել իրենց երեխաներին նրան` մտածելով, թե որդեգրվելով եվրոպական ընտանիքի կողմից, երեխաները ավելի լավ կապրեին), այնուհետև նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գլխավորած «Անհնազանդություն» շարժման բետեէռի կարգավիճակում մտավ քաղաքական կյանքի հորձանուտ, տևական ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հավատարիմ զինակիցն էր, նրա ցեմենտի գործարանը տնօրենը, որտեղ զբաղված էր թալանով, ինչի բացահայտումից հետո էլ Հակոբյանը նրա հետ կապերը խզեց, հետո էլի ներեց, հետո էլի խզեց, և այդպես դեռ երևի էլի շատ ու շատ զինակիցներ կփոխեր այս հազվագյուտ գործարար ջիղ ունեցող կինը, բայց հայրենի իրավապահները որոշեցին կասեցնել «բաշարող» տիկնոջ գործունեությունը և նա այժմ «Աբովյանում» է:
Թրաֆիքինգի դեմ պայքարի համար միլիոնների հատկացումներ ստացող, միջազգային կառույցների կողմից ևս ֆինանսավորվող պետական կառույցներին ամենամեծ օգնությունը ապահովում են նաև այս գործում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները. նախ, այդ ասպարեզում պատահական հկ-ները չեն կարող որևէ դրամաշնորհի հավակնել. դրամաշնորհներ տրվում են միայն յուրայիններին, որից հետո, արդարացնելու համար ֆինանսավորումը, հիշյալ կազմակերպությունները լծվում են թրաֆիքինգի դեմ պայքարի իմիտիացիայի ստեղծմանն ու ամրապնդմանը: Հարկավոր է հավատացնել բոլորին, թե Հայաստանում հզոր պայքար են մղում այս գործով զբաղվող մութ ուժերի դեմ, որոնք, բնականաբար, դրսից են: Իսկ իմիտացիայից այն կողմ իրական Հայաստանն է, որտեղ ավելի ու ավելի հաճախ են հանդիպում մարդկանց շահագործման ենթարկելու դեպքերը: Այդ գործով զբաղվողները անհրաժեշտ նյութեր կարող են հավաքել թեկուզ որոշ ֆերմերային տնտեսություններ դիտարկման ենթարկելով: Հայաստանյան թրաֆիքինգի հեղինակները անհայտ մարդիկ չեն, նրանք ամեն ինչ անում են օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, սակայն Հայաստանում թրաֆիքինգը հենց նրանով է յուրահատուկ, որ այստեղ մեղադրանքները «լողացող» են, և չի բացառվում, որ փաստեր բացահայտողն ընկնի քաշքշուկի մեջ, և ինքը մեղադրվի անհիմն լուրեր տարածելու համար:
Մի հետաքրքիր մանրամասն ևս՝ վերը հիշատակված հաշվետվությունից: Թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մեջ իր հատուկ տեղն ունի նաև «Օգնության հեռախոս» կոչված ծառայությունը: Եվ ահա, ըստ հաշվետվության, անցյալ տարի այս թեժ գիծն ընդունել է 394 զանգ, որոնցից 9-ն են եղել թրաֆիքինգի ահազանգեր. երևի մնացյալ 385-ը համարը սխալ էին հավաքել…
Այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ իրենք և Հնչակյան կուսակցությունը նախաձեռնում են ձախ ուժերի միավորում, որը միասնական ճակատով մասնակցելու է խորհրդարանական առաջիկա ընտրություններին: «Մենք ուզում ենք, որ ժողովուրդն իսկապես ընտրություն ունենա: Դեմոկրատական սոցիալիզմի ուղին, որը հաստատվել է Եվրոպայում և արտահայտվում է Չինաստանում, Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնելով, պետք է այն հաստատել նաև Հայաստանում: Մեր համաժողովի օրակարգում լինելու է Հայաստանում դեմակրատական սոցիալիզմի հաստատման հարցը»,- հայտարարել է Դեմկուսի նախագահը:
Գեղեցիկ խոսքեր են, լավ մտադրություն, որի ռեալիզացմանը, սակայն, դժվար է հավատալ:
Բոլոր ընտրություններից առաջ ձախերը խոսում են միավորվելու մասին, բայց ընտրություններին մասնակցում են առանձին-առանձին` ընտրարշավի ժամանակ հաճախ քարկոծելով միմյանց:
Օրինակ, ՀՅԴ-ն, որը նաև Սոցինտերնի անդամ է, սկզբունքորեն առանց դաշինքների է մասնակցում ընտրություններին:
Հնչակյան կուսակցությունը, որը, Արամ Գասպարիչի խոսքերով, ձախերին միավորելու նախաձեռնության հեղինակներից մեկն է` ինքն է բաժան-բաժան եղած, ու հասարակությունը չգիտի, թե ո՞ւմ համարի իսկական հնչակ: Հնչակների մի մասը Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում է ու պայքարում է ռեժիմը հեռացնելու համար, Շիրխանյանի հնչակները տարբեր տրամաչափի բանակցություններ են վարում` որևէ միավորման մեջ ինքնադրսևորվելու համար, բոլորից անկախ հնչակ Էռնեստ Սողոմանյանն էլ հանգրվանել է աջ գաղափարներ ունեցող ԲՀԿ խմբակցությունում:
Տրադիցիոն մյուս ձախերը` կոմունիստները, առնվազն 3-4 կուսակցություն ունեն` զրոյական վարկանիշով, խարիզմայից զուրկ առաջնորդներով: Նրանք անգամ իրենց առաջնորդ Լենինի ծննդյան օրը մի սեղանի շուրջ չեն նստում, էլ ուր մնաց մի նախընտրական ցուցակում լինեն:
Էլ չեմ խոսում անփոխարինելի մարքսիստի մասին` իր էպոխալ բացահայտումներով ու դարակազմիկ հայտարարություններով:
Մի խոսքով, մեր ձախերը նաև ձախորդ են` քաղաքական իմաստով: Ընտրություններից առաջ նրանք կխոսեն միավորումների մասին, հետո իրար հետ մի լավ կկռվեն, ու դրանով ամեն բան կվերջանա: Խորհրդարանում ձախ դաշտից հայտնվելու հնարավորություն դարձյալ կունենա միայն ՀՅԴ-ն: Այն էլ` ոչ իր ձախության կամ գաղափարական կողմնորոշումների շնորհիվ:
Առաջին անգամը չէ, որ ՀՀՇ-ն պառակտվում է: Մի քանի անգամ այդ գործընթացը տեղի է ունեցել: Այդ հիմքի վրա են ձևավորվել ԱԺՄ, «Ժողովրդավարական հայրենիք», մի շարք այլ կուսակցություններ: Բայց բոլոր այդ դեպքերում մարդիկ կամ խմբերը լքել են իշխանության կուսակցության կարգավիճակ ունեցող ՀՀՇ-ն:
Արարատ Զուրաբյանի և մյուսների ՀՀՇ-ից դուրս գալու պատմությունը նախորդներին նման չէ: Մարդիկ լքել են արդեն ընդդիմադիր ՀՀՇ-ն: Ինչքան էլ այդ կուսակցությունում փորձեն լրջություն չհաղորդել տեղի ունեցածին, կատարվածն ամենևին էլ շարքային իրադարձություն չէ, մանավանդ որ` հեռացածներից Արարատ Զուրաբյանն, օրինակ, դեռ ամիսներ առաջ ՀՀՇ նախագահն էր և բնավ էլ երկրորդական դերակատարում չուներ ՀԱԿ ղեկավար մարմիններում: Ավելին, Զուրաբյանը ՀՀՇ-ն ղեկավարել է նրա համար ամենածանր տարիներին, երբ Վանո Սիրադեղյանը լքել էր Հայաստանը, իսկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն դուրս էր դրել քաղաքականությունից:
ՀՀՇ-ում կարծում են, որ Խաչատուր Քոքոբելյանը, Արարատ Զուրաբյանը և կուսակցությունը լքած և նոր` Ազատ դեմոկրատների կուսակցություն հիմնած մյուս գործիչները գործում են իշխանության ծրագրի շրջանակներում: «Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի իշխանությունները ՀՀՇ ղեկավար կազմի փոքր մի խմբի միջոցով փորձեցին ազդեցություն գործել ՀՀՇ ներսում և ճեղքվածք առաջացնել կուսակցության և Հայ ազգային կոնգրեսի միջև, ինչի մասին խոսվեց նաև 2010 թ.-ի հուլիսի 17-ին կայացած ՀՀՇ 16-րդ համագումարում: ՀՀՇ վարչության և խորհրդի զգոնության շնորհիվ աննշան այդ միջադեպը հարթվեց: Կուսակցությունն այս փորձությունից դուրս եկավ ավելի ամրացած և բարձր հեղինակությամբ`ի չիք դարձնելով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուժերի ծրագրերը»,- ասված է կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ես չգիտեմ, թե ինչքանով է իրական այս պնդումը, բայց մի բան հաստատ է` նախկին կուսակիցները քարոզչական պատերազմ են սկսելու` միմյանց մեղադրելով արած-չարած մեղքերում:
Եթե հավատանք ՀԱԿ միջանցքներում շրջող որոշ շշուկների` դեռ մեկ տարի առաջ Զուրաբյան-Քոքոբելյան զույգը բանակցություններ է վարել իշխանության, ինչպես նաև` ԱՄՆ դեսպանատան հետ` նպատակ ունենալով ՀԱԿ-ը պառակտելու ճանապարհով ՀՀՇ-ի համար տեղեր ապահովել ապագա խորհրդարանում: Ժամանակին Տեր-Պետրոսյանը այս սեպարատ բանակցությունը համարեց դավաճանություն և ՀՀՇ նոր վարչությունը ձևավորեց` առանց Զուրաբյանի կողմնակիցների: Ի դեպ, այս վարկածի կողմնակիցները նշում են, որ Զուրաբյանն ու Քոքոբելյանն ունեն բիզնեսներ, որոնց առկայությունը իշխանության բարեհաճության դրսևորում է: Բայց խոսվում է նաև Զուրաբյան-Քոքոբելյան զույգի գործունեության ամերիկյան «հետք»-ի մասին: Ըստ այդմ, հենց դրանով է պայմանավորված, որ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը շտապում է այցելել առայժմ չձևավորված ու չգրանցված Ազատ դեմոկրատների կուսակցության գրասենյակ:
Բանականաբար, ՀՀՇ-ից հեռացածներն էլ ունեն իրենց վարկածները, որոնք գուցե չեն բարձրաձայնվում, սակայն ակտիվորեն շրջանառվում են:
Եթե հավատանք այդ զրույցներին, նոր կուսակցության հիմնադիրները որևէ կապ չունեն իշխանության հետ, իսկ ՀՀՇ-ից էլ հեռացել են` չհանդուրժելով Տեր-Պետրոսյանի շուրջ ստեղծված էլիտայի վարքագիծը, քաղաքականությունը, արտաքին կողմնորոշումները, հավակնությունները:
Կողմերից ո՞վ է ճիշտ` ցույց կտա ժամանակը: Պարզ է մի բան. տեղի ունեցածը որոշակիորեն սասանելու է ՀՀՇ-ի, նաև` ՀԱԿ-ի հեղինակությունը: Մյուս կողմից, կատարվածի հետևանքը նույնպես չի կարելի գերագնահատել ու անել հեռուն գնացող հետևություններ: Գոնե առայժմ էական ոչինչ չի փոխվի` ինչպես իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, այնպես էլ` բուն ընդդիմության ներսում:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում և տեղեկացրել, որ ստուգումներ է սկսելու: ՎՊ-ն այս մարզում շուրջ 597 միլիոն դրամի խախտում էր արձանագրել դեռևս 2008 թ. ստուգումների ժամանակ: Այն ժամանակ ստուգվել էին Գեղարքունիքի մարզի մարզպետարանը, Սևան, Վարդենիս, Կամո, Գավառ քաղաքների քաղաքապետարանները, Սարուխան, Ծովակ, Նորադուս, Լճաշեն, Ներքին Գետաշեն և մի շարք այլ գյուղերի համայնքապետարանների աշխատանքը: Այս մարզում ամենամեծ գայթակղությունը Սևանի ափամերձ հատվածն է. այն ժամանակ ՎՊ նախագահը հանրությանը ներկայացրեց, թե ինչ գործարքներ է հաջողեցրել Լավանդայի Արայիկը` «Լավանդա սիթիի» սեփականատեր Արայիկ Հայրապետյանը, «Սևան» ազգային պարկի հողերից 47 հեկտար վարձակալելով 14 դրամով (ամսական` 1,2 դրամ): Ընդ որում, այստեղ շինարարություն է իրականացվել թույլատրելի սանդղակից` 1908 մետր նիշից ցածր: Նմանատիպ բազմաթիվ չարաշահումներ այստեղ հայտնաբերվել էին երեք տարի առաջ: Սակայն այդ ամենը չդարձան չարաշահման փաստի նյութ, քանի որ Սևանի քաղաքապետ Մալխասյան Գևորգի տղան ամուսնացած է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ազգական ու հովանավորյալ «Շանթի Յուրայի» աղջկա հետ:
Եվ ահա Վերահսկիչ պալատը դարձյալ այս մարզում է:
Ինչո՞վ է պայմանավորված Վերահսկիչի այս «ռեյդը»: Իշխան Զաքարյանն ինչ-ինչ նկատառումներով որոշել է այս մարզում հերթական ստուգումն անցկացնել մանրակրկիտ: Սա որքան տարօրինակ, նույնքան էլ օրինաչափ է, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՎՊ նախագահի և ԲՀԿ առաջնորդի հարաբերությունները սկսել են կարգավորվել: Իսկ Ծառուկյանի սառնությունը Զաքարյանի հանդեպ սկսվեց հենց այն բանից հետո, երբ Վերահսկիչ պալատի նախագահը «նստեց» ԲՀԿ առաջնորդի «օբյեկտների» վրա: Ծառուկյանին բարկացրեց այն, որ իր երբեմնի կուսակցականը (Զաքարյանը պատգամավոր դարձավ ԲՀԿ քվոտայով, հետո էլ՝ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց, որտեղից էլ գործուղվեց ՀՀ Վերահսկիչ պալատ) այդքան անկաշկանդ է գործում իր նկատմամբ:
Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի հարաբերությունները միայն վերջերս են կարգավորվել: Այդ կարգավորման վկայությունը Զաքարյանին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ ընտրելն էր` սպորտի և երիտասարդության նախկին նախարար Արմեն Գրիգորյանի փոխարեն: Ընդունված կարգի համաձայն, այս պաշտոնը համատեղության կարգով ստանձնում էր սպորտի նախարարը, բայց, ինչպես տեսնում ենք, Ծառուկյանը հանուն ախպերության զիջեց Զաքարյանին` նախկին նախարարին դուրս հրավիրելով այդ կառույցից:
Եվ հիմա Իշխան Զաքարյանը նորից սկսելու է բհկականի «բոստանում» ստուգումներ իրականացնել: Ավելին, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը ոչ թե միայն շարքային բհկական է, այլև Գագիկ Ծառուկյանի սանիկն է: Այնպես որ, որքան էլ Իշխան Զաքարյանը ջանա «նուրբ» ստուգումներ իրականացնել, միևնույն է, ստիպված է լինելու որոշակի բացահայտումներ ներկայացնել, այսինքն` հանրությանը ցույց տալ, թե ինչպես են բհկականները վարվում պետբյուջեի փողերի հետ, կամ ինչպես չի կարողանում բհկական մարզպետը վերահսկել իր ղեկավարությանը հանձնված բյուջետային միջոցները, և ինչպես է պաշտոնավարման ընթացքում երկրաչափական պրոգրեսով աճում մարզպետի աթոռը զբաղեցրած նախկին ոստիկանի ունեցվածքը:
Ի պատասխան մեր հարցման՝ Վերահսկիչ պալատից պատասխանեցին, որ այս ստուգման հիմքում ոչ մի հատուկ պատճառ չկա, պարզապես հերթական ծրագրային ստուգում է, մարզերը հերթով ստուգել վերջացրել են, հիմա դարձյալ հերթականությամբ շարունակվելու է վերահսկողությունը, և Գեղարքունիքի մարզն ընդամենը հերթի մեջ առաջինն է, ուրիշ ոչինչ: Մարզերը ամեն տարի բյուջետային միջոցներ են ստանում, որոնք վերահսկողության կարիք ունեն: Այնպես որ, եթե հաշվի ենք առնում, որ Ծառուկյան-Զաքարյան հարաբերությունները նոր-նոր են դարձյալ բարեկամական երանգ ընդունել, ապա կարելի է այսօրվանից էլ կանխատեսել, որ գոնե այս մարզում ՎՊ-ն ահասարսուռ բացահայտումների ականատես չի դարձնի հանրությանը: Իսկ որ Իշխան Զաքարյանը ախպերությանը թույլ չի տա տուժել, կարելի է չկասկածել:
Ասվածի ապացույցը Երևանի քաղաքապետարանն է. քանի որ տիկին Իշխան Զաքարյան-Գայանե Սողոմոնյանը այստեղ Հանրակրթության վարչության պետն էր, Վերահսկիչ պալատը զերծ մնաց այդ վարչության, ավելին` կնոջ գործընկերների վարչությունների ստուգումներից` շեշտը դնելով համայնքների սոցիալական ծառայությունների վրա, այն դեպքում, երբ քաղաքապետարանը ոտքից գլուխ թաղված է կոռուպցիայի մեջ: Հաջորդ ապացույցը Արարատ քաղաքում Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումներն են: Արարատի քաղաքապետի կատարած ապօրինությունների մասին բոլորն են խոսում, նաև մամուլի բազմաթիվ հրապարակումներ են եղել դրանց մասին: Աբրահամ Բաբայանը սեփականացրել է նույնիսկ քաղաքապետարանի նիստերի դահլիճը, ինչը երևի թե Հայաստանի ոչ մի համայնքապետ չէր համարձակվի անել, բայց, որքան էլ զարմանալի է, Վերահսկիչ պալատի աշխատակիցների մոտ դարձյալ տեսողության հետ կապված սուր խնդիրներ են առաջացել այստեղ: ՎՊ-ն միայն «թեթև ընթացակարգով» ստուգումներ է իրականացրել սոցիալական ծառայություններում` չտեսնելու տալով կատարված բազմաթիվ ապօրինությունները: Ասում են՝ պատճառը Արարատի քաղաքապետի հովանավոր, Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ներկա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի զանգն է եղել, սակայն իրականում այստեղ Սերգեյիչն ընդամենը լրացուցիչ օգնականի դեր է կատարել: Իրականում Իշխան Զաքարյանը, այսպես թե այնպես, չէր կարող Աբրիկի յուրացումները «տեսնել», քանի որ վերջինս կարող էր նրան որոշ բաներ հիշեցնել: Իշխան Զաքարյան-Աբրահամ Բաբայան համագործակցությունը իր գագաթնակետին է հասել դեռ այն տարիներին, երբ Զաքարյանը գլխավորում էր Օլիմպիական կոմիտեն, իսկ Բաբայանը՝ «Այգ» մարզաբազան: Այս մարզաբազայի միջոցով օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը փողեր էր, որ ֆռռացրեց: Այնպես որ՝ հուսալ, թե Իշխան Զաքարյանը, հանուն Վերահսկիչ պալատի հեղինակության, կարող է փուռը տալ ընկերներին, նույնն է, թե հավատալ, որ նա կարող է թույլ տալ՝ իրեն էլ փուռը տան: Իսկ Գեղարքունիքի մարզում այսօրվա կազմակերպած խորհրդակցությունը պարզապես լավ առիթ էր ախպերներին տեսնելու, մի-մի բաժակ խմելու համար: Մարզում ստուգումներն էլ ավելի քան ժամանակին են. Սևանի սեզոնը աստիճանաբար կբացվի, այնպես որ ՎՊ վերահսկիչները դուխով կարող են այցելել մարզ՝ ստուգումների՝ ընթացքում էլ ընտանիքների հետ անվճար վայելելով Սևանյան թանկարժեք հանգիստը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.