29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ասուլիս էր տվել` ցույց տալու համար, թե ինչպիսի հսկայածավալ աշխատանք են իրականացրել նախագահի համապատասխան հանձնարարականից հետո: Մասնավորապես, հարյուրից ավելի վկա է հարցաքննվել, իրականացվել են մի շարք գործողություններ:
Չնայած սրան` տասը զոհերի մահվան հանգամանքները բացահայտված չեն, և առհասարակ` պարոն Հարությունյանն այսօր չնշեց գեթ մեկ հանգամանք, որ մեզ, հասարակությանը, տուժողներին հայտնի չէր: Ավելին, քննչական խմբի ղեկավարը հստակ հասկացրեց, որ Մարտի 1-ի գործի նոր քննությունից շատ բան չսպասենք: «Ես միշտ ասել եմ, որ նախաքննությունը հնարավոր չի հաշվարկով անել, ես կարծում եմ՝ նախագահն ակնկալում է զեկույց ցանկացած պարագայում՝ կլինի բացահայտում, թե՝ չէ»,- ասել է նա:
Տեղական և միջազգային դիտորդները բազմիցս նշել են, որ Մարտի 1-ի գործով տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքականացված, ուղղորդված դատավարություններ, շատ հաճախ մարդկանց հանիրավի ազատազրկել են: Սակայն, եթե հավատանք Հարությունյանի պնդումներին, նա կասկածի տակ չի դնում իր ղեկավարած մարմնի անցած տարիների գործունեությունը:
Այս համատեքստում` մի փոքր անհասկանալի է, թե ի՞նչ է տալու Մարտի 1-ի գործը վերաքննելու նախագահի հանձնարարությունը: Երևի տեղին էին այն պնդումները, որ, եթե, այնուամենայնիվ, վերաքննություն է իրականացվելու, ապա դա պետք է իրականացներ նոր քննչական խումբ, նոր մարդիկ, ովքեր ձերբազատված էին նախկինի կոմպլեքսներից:
Զուտ մարդկայնորեն դժվար է պատկերացնել, որ Վահագն Հարությունյանն ու մյուսները պետք է խոստովանեն, որ նախկինում քննությունն իրականացրել են քաղաքական թելադրանքով ու նոր քննությունն իրականացնեն օրենքի տառին համապատասխան: Ավելի շուտ, նրանք ճգնելու են ապացուցել, որ ամեն բան ճիշտ են արել և Մարտի 1-ի գործի վերաքննությունը ծառայեցնելու են հենց քննչական մարմնի շահերին: Լավագույն դեպքում, մեկ-երկու ոստիկան պատժվելու են` մարդկանց կյանքից զրկելու համար, իսկ Մարտի 1-ի պատվիրատուները դարձյալ մնալու են ստվերում:
Երևանի թաղապետարաններում իրարանցում է սկսվել: Կառավարության ներկայացրած և Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընդունված «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը դեռ պատգամավորները չէին հաստատել, բայց թաղապետերն արդեն իրար էին անցել: Բոլոր համայնքներում ծանոթները, անծանոթներն էլ իրենց հերթին ծանոթ խաղացնելով` փորձում են տարածք ձեռք գցել ավտոկայանատեղի համար: Իսկ այս օրենքով շուտով սա դառնալու է շահավետ բիզնես, թեև մինչ օրենքի ընդունումն էլ կայանատեղի ունենալը վատ գործ չէր: Մեկ ժամ կայանման համար վարորդները շուտով ստիպած կլինեն վճարել 300դրամ, մեկ օրը`2500 դրամ:
Բնական է, որ ամենամեծ «ստավկան» քաղաքի կենտրոնում է լինելու:
Մեր տեղեկություններով, Կենտրոնի թաղապետ Գագիկ Գյանջումյանը հաջողել է գործարք կնքել անգամ քաղաքապետարանի քթի տակ գտնվող տարածքի համար: Ընդ որում, տարածքի վերաբերյալ պայմանագիր կոչվածը կնքվել է մինչև հիշյալ օրինագծի հաստատումը, այսինքն` անօրինական ճանապարհով: Բեյրութի փողոցի երկայնքով շուրջ 200 քմ տարածք, քմ –ն` ամսական 1000 դրամ վարձավճարով տրամադրվել է մեկ մարդու: Տարածքը հանձնվել է տվյալ անձին` «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ. առանց մրցույթ հայտարարելու պայմանագիր է կնքվել, և տարածքը տրվել է նրան, ով ցանկություն է հայտնել:
Նույն կերպ, շուտով, ոմանք գերշահույթներ կստանան նաև Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի հետևի փողոցի երկայնքով վարձակալության վերցված տարածքը որպես ավտոկայանատեղի շահագործելու ճանապարհով: Արդեն իսկ դատարանի պատերին փակցված է «վճարովի ավտոկայանատեղի» մակագրությունը` հասկացնելով բոլորին, որ հենց այնպես կայանել չի կարելի, դրա համար հարկավոր է վճարել նրան, ով կարողացել է տեր դառնալ հիշյալ կայանատեղիին: Իսկ կարծել, թե դատարանին չառնչվող որևէ մեկը կարող էր տեր դառնալ դատարանի շենքին հարակից տարածքին և փող աշխատել դատարանի հետ առնչվողների մեքենաների կայանման հաշվին` միամտություն է:
Ավագանու խորհրդի վերջին նիստում պետք է ընդունվեր մի որոշում, համաձայն որի` ստեղծվելու էր «Երևան Տրանսպորտ Օփերեյշն» անվամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ըստ երևույթին, հենց այս ընկերությանն էր բաժին հասնելու ավտոկայանատեղիները շահագործման հանձնելու և վերահսկելու գործառույթը: Այս որոշումը, սակայն, ինչ-ինչ նկատառումներից ելնելով` հանվեց օրակարգից: Դե, քանի որ հիշյալ ոլորտը կանոնակարգող մարմին չկա, ավագանին էլ գնաց արձակուրդ, թաղապետերի ձեռքերն ազատ են արձակվել: Իսկ մինչև քաղաքապետարանում գլխի ընկնեն, թե Երևանի վարչական շրջաններում ինչ է կատարվում, վարչական շրջանների ղեկավարները ինչ գործարքներ են կնքում, քաղաքում երևի այլևս ազատ տարածք չի մնա. ինչ-ինչ, բայց թաղապետերը կատարելապես տիրապետում են տարածքներ ծախելու գործին:
Հ.Գ.Օրենքն ինքնին լավն է, դա թույլ կտա քաղաքի մայթերը անանցանելի դարձնող մեքենաները ապահով ու հարմարավետ կայանել, ինչի համար տրամաբանական է վճարելը: Մեզանում օրենքները տեսականորեն բոլորն էլ լավն են, կիրառելուց է, որ դառնում են գործիք ճարպիկների ձեռքին:
Հետաքրքիր է, որ օրենքում որևէ կետ չկա, թե ինչ պատասխանատվություն է ենթադրվում կարգազանց կայանողի համար: Հոդված 16‑ում նշված է`1. Ավտոկայանատեղի տուրք չվճարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Սա իհարկե ազատում է կայանատեղիի տերերի ձեռքերը վարվելու այնպես, ինչպես հարմար են գտնում:
Հուլիսի 3-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են:
Տեղական ընտրությունների պարագայում հետաքրքրությունն առանձնապես մեծ չէ, դրանցում սովորաբար մեկ թեկնածու է մասնակցում` կանխատեսելի հեռանկարով:
Արարատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է երկու թեկնածու` գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանը և նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը: Վերջինն այսօր մեր կայքին կից գործող «Ընտրություն» ակումբի հյուրն էր: Սպասում ենք, որ մոտ օրերս մեր հյուրը կլինի նաև գործող քաղաքապետը:
Ակնհայտ է, որ Արարատում նախընտրական լարվածություն է: Սա նշանակու՞մ է արդյոք, որ Արարատում իրական մրցակցություն է լինելու:
Հազիվ թե, որովհետև ընտրարաշավն, ըստ էության, քաղաքական չէ, և երկու թեկնածուներն ավելի շատ մեղադրում են միմյանց, քան` ծրագրեր ներկայացնում:
Նրանք երկուսն էլ քաղաքական հայացքներ չունեն և, առիթի դեպքում, ճգնելու են համոզել, թե որքան հավատարիմ են երկրի գործող իշխանությանը:
Նրանք երկուսն էլ, մեծ հաշվով, մոռացել են արարատցուն և նրան հիշում են ընտրությունից ընտրություն:
Այնքան էլ էական չէ, թե երկու թեկնածուներից ով է ընտրվելու քաղաքապետի պաշտոնում: Արարատցիների մեծամասնության համար այդ ընտրությունը որևէ բան չի փոխելու: Շահելու է մեկի կամ մյուսի շրջապատը:
Բայց կոնկրետ այս ընտրարշավում դրական մի բան կա. դա այն է, որ երկու թեկնածուներն էլ կարևորում են ԶԼՄ-ների դերը, կնշանակի, որ նրանցից ոչ մեկի համար վերևի «դաբրոն» միանշանակ չէ: Հայաստանի տիպի երկրներում թեկնածուներից որևէ մեկին միայն դրա համար է պետք գալիս հասարակական կարծիքի անհրաժեշտությունը, թեկուզ` իմիտացիայի մակարդակում:
Իմիտացիան էլ հենց խնդրի բացասական կողմն է, որովհետև կոնկրետ թեկնածուների համար կարևորը ոչ թե արարատցու աչքին դրական երևալն է, այլ` «դաբրոների» փնտրտուքի արանքում դրական իմիջ ձեռք բերելը: Արարատի մարզում բարձրաստիճան, ազդեցիկ պաշտոնյաների պակաս չկա: Ա~յ, նրանց համար են փորձում լավը երևալ թեկնածուները, որովհետև նրանց ցանկությամբ են պարտվում կամ հաղթում ընտրություններում:
Բայց սա ավելի լավ է, քան` ընտրությունները, որոնցում ընդամենը մեկ թեկնածու է, որը ֆեոդալի կարգավիճակով հետևում է ընտրություններում իր «փայլուն» հաղթանակին:
Թե Թովմասյանը և թե Բաբայանն այսօր հավատարմություն են հայտնում գործող իշխանությանը` իրենց հազար կիլիոմետրով հեռու պահելով ընդդիմությունից: Բայց միայն այն հանգամանքը, որ Արարատի քաղաքապետի այս ընտրություններում հաղթողը կանխավ հայտնի չէ` հույս է ծնում, որ գոնե հաջորդ ընտրություններում կլինի նաև թեկնածու, որն իր հայտը կներկայացնի ոչ թե «վերևի» «դաբրոն» ստանալու հույսով, այլ` որովհետև ծրագիր կունենա ու ընտրություններին կմասնակցի` դրանց կանխորոշվածությունը բացառելու, իր ծրագրի ուժը գիտակցելու մոտիվով:
Երբ մենք հարթակ ենք տրամադրում Արարատի քաղաքապետի այսօրվա թեկնածուներին, վաղվա համար նման հույսեր ենք փայփայում: Ամեն ինչ սկսվում է ընտրության հնարավորությունից: Այսօր այդ ընտրությունը քաղաքական չէ, վաղը գուցե այդպիսին լինի:
Խորհրդարանական ընտրությունների մոտենալուն զուգընթաց` հետաքրքիր զարգացումներ են նկատվում Շիրակի մարզում: Հայաստանի քաղաքական դաշտի լուսանցքում հայտնվելու վտանգի տակ հայտնված ԲՀԿ-ն իր արձանագրած խոշոր պարտությունները կարծես փորձում է կոմպենսացնել Շիրակի մարզում մեծածավալ գրոհ կազմակերպելով: Դատելով վերջին շրջանում ծավալված աշխատանքներից, դա այս կուսակցության մոտ ահագին լավ է ստացվում: Դրանում, իհարկե, քիչ դեր չի խաղում մարզի մեծահարուստների բարգավաճացումն այս մարզում, ինչը նկատելիորեն թուլացրեց ՀՀԿ-ի դիրքերը:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործոնը ևս այստեղ քիչ դեր չխաղաց: Ինչպես հայտնի է, այս տարածքի ամենահզոր երկու հանրապետականների` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշ) և Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ջրերը նույն առվով չեն հոսում: Հանրապետական կուսակցությունը Գյումրիում 4 տեղական կազմակերպություն ունի` Գյումրի 1, Գյումրի 2, Գյումրի 3, Գյումրի 4, որոնցից վերջինը դուրս է եկել Ղուկասյանի վերահսկողությունից և ամբողջովին ենթարկվում է Աղաբաբյանին, ու հայտնի չէ, թե ընտրությունների ժամանակ ինչ կարելի է սպասել սրանից: Փոխարենը, բհկականները բավական միասնական են` գոնե կուսակցության ու նրա ղեկավարի շահերի պաշտպանության հարցում:
Այս օրերին Շիրակում, հատկապես Գյումրիում, բհկականների գրոհը անցնում է հիմնականում «Այսքան ուրախ կյանքը մեր ո՞վ է արդյոք մեզ տվել` այոոոոո~, պարոն Ծառուկյանը» կարգախոսով: Օրինակ` դպրոցների բհկական տնօրենները աշակերտներին տանում են էքսկուրսիա և ջանասիրաբար բացատրում` եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, իրենք այս էքսկուրսիան չէին տեսնի: ԱԺ պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանի քրոջ տնօրինությամբ գործող դպրոցի աշակերտները այս տարի մի քանի անգամ արտասանեցին «պարոն Ծառուկյան» անունը, որպեսզի բհկական եղբոր բհկական քրոջ դպրոցի սաները հստակ հասկանան, որ հենց ԲՀԿ առաջնորդի շնորհիվ էր, որ կարողացան էքսկուրսիա գնալ:
Հանցագործ աշխարհի վառ ներկայացուցիչ Մարտունիկ Գրիգորյանը, սակայն, միայն քրոջ դպրոցով չի բավարարվում և բհկական գաղափարներն ու նրա առաջնորդի անփոխարինելության առասպելը հանգամանալից լուսաբանում է նաև իրեն պատկանող «Տրանս-ակնթարթ» ընկերությունում, որն իրականացնում է Երևան-Գյումրի ուղևորափոխադրումները:
Մեղմ ասած` յուրօրինակ ձևով է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գաղափարները փորձում տարածել բարգավաճացած, հանուն բարգավաճացման ճակատի գիրը փոխած Սամվել Բալասանյանը: Պարոն Բալասանյանը վերջերս գլխի է ընկել, որ բավական է` գյումրեցիները տեսնեն իր մեծադիր լուսանկարները «Դե ֆակտո» կոչվող ամսագրի շապիկին, որտեղ բազմելու համար, ըստ շշուկների, 20 հազար դոլար գումար է պահանջվում մուծել, կհասկանան, որ հենց ԲՀԿ-ն է այն կուսակցությունը, ում հարկավոր է ձայն տալ գալիք ընտրություններին: Իսկ քանի որ նա չի խնայել ու վճարել է այդ գումարը, ամսագրի նկարն էլ` որպես Մենուայի կազմած էլիտարների ցուցակի անդամ, որոշել է փակցնել տալ գովազդային վահանակների վրա: Գյումրեցիները նրա մեծացրած լուսանկարներին հանդիպում են Սայաթ-Նովա պողոտայում, Անկախության հրապարակում, Խաղաղության օղակում, Բոշի սադի մոտ, Արվեստների ակադեմիայի, գուլպեղենի ֆաբրիկայի, Անանիա Շիրակացի համալսարանի դիմաց. մի խոսքով` Հաղթանակի պողոտայից մինչև Նժդեհի փողոց, որտեղ հարկ է համարել իր մեծադիր լուսանկարը կախել տալ ԱԺ փոխնախագահը:
Ի դեպ, ուշագրավ է, որ անգամ գուլպեղենի ֆաբրիկայի դիմաց է Բալասանյանն իր պատկերը փակցրել` այն դեպքում, երբ այդ նույն տեղում կարող էր իր մեծադիր պատկերը փակցնել դրա սեփականատերը` Բալասանյանից էլ ավելի շուտ բարգավաճացած, դեռ Բալասանյանից էլ ավելի ուժեղ բարգավաճացած Ռոբերտ Զաքարյանը (Զաքարյանը ոչ միայն պարզապես ԱԺ բհկական պատգամավոր է, այլև Գագիկ Ծառուկյանը նրա որդու քավորն է): Հաշվի առնելով, որ Գարեջրի գործարանի վրա Սամվել Բալասանյանն անգամ իր պատկերն է քանդակել տվել, պետք է որ արդարացի նկատվեր Զաքարյանի` իր լուսանկարի տեղադրման ցանկությունը: Բայց, ինչպես տեսնում ենք, ԲՀԿ-ն որոշել է այս ընտրությունների քարոզարշավը Գյումրիում` գոնե նախընտրական այս փուլում ծավալել Սամվել Բալասանյանի պատկերով:
Բայց եթե գուլպեղենի ֆաբրիկայի տնօրենը համեստություն է անում և իր պատկերի փոխարեն գործընկերոջ պատկերն է կախում իր աշխատողների աչքի առաջ, դա դեռ չի նշանակում, որ նա գոնե վերբալ մակարդակով չի փորձելու քարոզարշավ իրականացնել: Մինչ Ռոբերտ Զաքարյանը բարգավաճեցնում է իր աշխատողներին, Գյումրու Մանկավարժական համալսարանի ռեկտոր Վարդևան Գրիգորյանը` Ապարիկը, իր հերթին է քարոզարշավ իրականացնում ուսանողների շրջանում: Հաշվի առնելով, որ Հայաստանի ընտրական գործընթացներում վճռորոշ դերակատարություն ունեցողը փողն է, այսօրվանից իսկ կարելի է ենթադրել, որ Հանրապետականին այստեղ մեծ հիասթափություն է սպասվում. մարզի` հատկապես Գյումրու մեծահարուստները հիմնականում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմս ունեն: Այս կուսակցությունից են նաև Արտաշես Սարգսյանը` «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրի տերը, որի որդու հետ հրաձգության պատճառով Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակը հանցագործի խարան վաստակեց: ԲՀԿ-ական է նաև «Շիրակ» օդանավակայանի տնօրեն Սեյրան Չուխաջյանը: Մի խոսքով, եթե նկատի ունենանք, որ ով վճարում է, նա էլ հաղթող է դուրս գալիս, և հաշվի առնելով, թե այժմվանից սկսած բարեգործության ինչ արշավ են կազմակերպել բարգավաճականները, կարելի է վստահ ասել, որ նրանք մարտական են տրամադրված` նվաճելու հանրապետության երկրորդ քաղաքը, որն էլ կասկածելի է դարձնում Շիրակում կայանալիք ընտրություններում հանրապետականի արդյունքները: Հատկապես որ` Վարդանիկից հոգնել են գյումրեցիները, իսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ շարունակում է ապրել Երևանում և Գյումրի է հասնում հարևանի տուն շտապող հյուրի կարգավիճակով:
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպումը ձախողվել է: Գոնե` ակնկալիքների այն համատեքստում, որ միջնորդներն ու միջազգային հանրությունը ձևակերպել էին հանդիպմանն ընդառաջ:
Միջազգային մամուլը հանդիպման ձախողման մասին գրում է բավական բաց տեքստով: Միջնորդները շատ ավելի զգույշ են իրենց ձևակերպումներում, և դա բնական է, որովհետև նրանց վարքագիծը պետք է ադեկվատ լինի իրենց ստանձնած ահռելի պատասխանատվությանը:
Պաշտոնական Մոսկվան առայժմ չի արձագանքել կազանյան հանդիպմանը, սակայն «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրներին, նկատում է, որ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հիասթափությունն այնքան մեծ է, որ նա կարող է անգամ հրաժարվել միջնորդությունից, եթե հաջորդ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հրաժարվեն փաստաթուղթ ստորագրել: Վաշինգտոնը, նույնիսկ պաշտոնական մակարդակում, չի թաքցնում իր հիասթափությունը: «Դուք գիտեք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները չկարողացան պայմանավորվել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ, երբ հանդիպեցին Կազանում: Սակայն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ համատեղ հայտարարությունում նրանք խոստովանել են, որ բարելավել են փոխըմբռնումը մի շարք հարցերի վերաբերյալ, համաձայնել են շարունակել հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը և ապագայում նորից հանդիպել: Սակայն ես կասեի, որ դա հիասթափեցնող է»,- ասել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը: Ավելի լավատես են Փարիզում, որտեղ անգամ պնդում են, թե առաջիկա շաբաթներին համանախագահներն այցելելու են տարածաշրջան: «Կազանում հանդիպումն ամփոփվեց համատեղ հայտարարությամբ, որով հաստատվեցին փոխըմբռնման մի քանի կետեր, ինչը հնարավորություն է տալիս բանակցությունները շարունակել ներկայիս հիմքով՝ միջնորդների առաջարկած կարգավորման սկզբունքները հետագայում ընդունելու համար: Արդյունքներն աննշան չեն, և Ֆրանսիան Մինսկի խմբի՝ ԱՄՆ և Ռուսաստանի իր միջնորդ գործընկերների հետ ջանք չի խնայի՝ աջակցելու, որպեսզի բոլոր կողմերը գնան բանակցային ճանապարհով: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Կազանում ակտիվ հանդիպումներ ունեցած միջնորդները առաջիկա շաբաթների ընթացքում կայցելեն Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ՝ կողմերին ապագա բանակցություններին նախապատրաստելու նպատակով»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում:
Անկախ գնահատականներից՝ մի բան ակնհայտ է. եթե մինչև տարեվերջ միջնորդներին չհաջողվի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ ստանալ հակամարտության կողմերի համաձայնությունը, գործընթացը մեկ-երկու տարով դանդաղելու է. Հայաստանում և Ադրբեջանում մեկնարկող ընտրական մարաթոնը չի կարող նպաստել կարգավորման գործընթացին:
Ըստ էության, հիմա գլխավոր խնդիրը պատերազմի ռիսկերի չեզոքացումն է ու գոնե դրա վերսկսման նախադրյալների վերացումը: Սա էլ հիմնականն է լինելու միջնորդների համար:
Կտավատի սերմի ծննդավայրն է համարվում հին Հնդկաստանը, հենց այնտեղ են մոտ 9000 տարի առաջ արտադրվել առաջին քաթանե գործվածքները: 4 — 5 հազար տարի մ.թ.ա. այդ բույսը լավ հայտնի էր Միջագետքի, Ասորեստանի, Եգիպտոսի բնակիչներին: Կտավատը համարում էին պտղաբերության, բերրիության և մայրության եգիպտական աստվածուհի Իսիդայի բույսը:
Հին հույներին էլ էին հայտնի կտավատի սերմի բուժիչ հատկությունները: Հիպոկրատը խորհուրդ էր տալիս օգտագործել լորձաթաղանթի բորբոքումների դեպքում: Իսկ Հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը` որպես լուծող, մաքրող ու փափկացնող հատկություններով օժտված դեղորայք: Ըստ Ավիցենայի նկարագրությունների` կտավատի սերմն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից, նաև` կտավատի սերմի ու բնական սոդայի ու թզի հետ միասին պատրաստված դեղաքսուքը լավ օգնում է պեպենների ու պզուկների դեմ:
Հայտնի է, որ կտավատը քարե դարից աճեցվել է որպես մշակութային բույս: Հունաստանում և Հռոմում կտավատից գործվածքներ են հյուսել, կարել են հագուստ, անկողնու սպիտակեղեն, կտավ, նավահանդերձանք: Դրանից բացի, կտավատից ստացված քաթանը որպես կտավ է օգտագործվել նկարչության համար: Հինգ հազար տարեկան բուրգերում հայտնաբերվել են քաթանով փաթաթված մումիաներ (նրանք այժմ պահվում են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում):
Հին ժամանակներում քաթանե գործվածքը ոսկու գին ուներ: Քրիստոսին էին պարուրել քաթանով, նաև այն սրբիչը՝ Սուրբ Դեմքի, որի վրա արտապատկերվել է Քրիստոսը՝ նույնպես քաթանից էր:
Հնում կտավատը աճեցվում ու օգտագործվում էր հիմնականում արդյունաբերական նպատակներով՝ քաթան ստանալու համար, գործում էին շատ ամուր առագաստներ, ձկնորսական ցանցեր, պարաններ, ինչպես նաև՝ քամում էին յուղ, որով համ ճաշ էին եփում, համ էլ` բուժվում…
Կտավը՝ քաթանը, էկոլոգիապես մաքուր հյուսվածք է: Այս բույսի ամեն հատվածն օգտագործվում է: Փափուկ հյուսվածքն օգտագործվում է տեքստիլ արդյունաբերության մեջ՝ բարձրորակ գործվածք ստանալու համար, ինչպես նաև` թղթի արդյունաբերության մեջ: Ցողունային մասը՝ ավելի փայտացած հատվածը, օգտագործվում է շինարարական աղյուսների ու կղմինդրերի արտադրության մեջ, որոնք ոչնչով չեն զիջում մեզ հայտնի ДСП ու ДВП-ներին: Կտավատի ձեթը կամ յուղը օգտագործում են յուղաներկերի ու օճառի արտադրության մեջ, սերմերն ու յուղը նաև օգտագործում են սննդի արդյունաբերության մեջ:
Քաթանե հագուստի հետ կապված նորաձևության բումն անհիմն չէ՝ էկոլոգիապես մաքուր հյուսվածքներն էլեկտրական լիցքեր չեն հավաքում իրենց վրա, շոգին հով են պահում մարմինը, իսկ ցրտին՝ տաք, քաթանը «շնչում է»: Ճապոնացի բժիշկները նկատել են, որ քաթանը բուժիչ հատկություն ունի. անկողնուն գամված հիվանդների մարմինը չի թմրում ու անզգայանում երկար պառկելուց, եթե նրանց սավանները քաթանից են: Եթե դուք կրում եք այդպիսի հագուստ, անհետանում են բազմաթիվ մաշկային հիվանդություններ՝ ամենասովորական քրտնխաշից մինչև քրոնիկ էկզեմա:
Բոլորին հայտնի են կտավատի սերմերի ու յուղի բուժիչ հատկությունները: Ցնցող հատկություններ ունեն՝ պարունակում են մեծ քանակությամբ յուղեր, թթուներ, վիտամիններ ու հանքային նյութեր: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի յուղի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի զարգացման վտանգը 37%-ով: Կտավատի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, հատկապես պոլիչհագեցված կամ անփոխարինելի ճարպաթթուներով՝ օմեգա-3 և օմեգա-6, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի կենսագործունեության համարյա բոլոր պրոցեսների վրա: Դրան զուգահեռ՝ կտավատի սերմերը պարունակում են բավական մեծ քանակությամբ վիտամիններ՝ (А, В, Е, Р) և այլ կենսաբանական ակտիվ նյութեր:
Ժողովրդական բժշկության մեջ կտավատի յուղը լայն կիրառում ունի ճարպակալման, աղեստամոքսային տրակտի, միզուղիների, սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում կիրառվող դիետիկ ու բուժական-պրոֆիլակտիկ սննդակարգի մեջ:
Կտավատի սերմերն ու յուղը օգտագործվում են.
Որպես լուծողական՝ փորկապության դեպքում, բարելավում են ենթաստամոքսային գեղձի վիճակը, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը, արագացնում մետաբոլիկ պրոցեսները, իջեցնում արյան խոլեստերինի մակարդակը, նորմալացնում արյան ճնշումը, նպաստում սակավարյունության բուժմանը, նվազեցնում ալերգիկ ռեակցիաները: Ունեն հանգստացնող հատկություն, որը շատ կարևոր է սթրեսային իրավիճակներում, դաշտանադադարի ու ցավոտ կրծքագեղձի պրոբլեմների ժամանակ: Նաև խորխաբեր են՝ նպաստում են տոնզիլիտի, թոքաբորբի, սուր և քրոնիկ բրոնխիտի, տուբերկուլոզի, անգինայի բուժմանը, ասթմատիկ նոպաների նվազմանը:
Կտավատը չափազանց արդյունավետ է ճարպակալման, կորոնար սրտային հիվանդության, հիպերտոնիայի, երակների վարիկոզ լայնացման, միզուղիների բորբոքային հիվանդությունների (ցիստիտ) և միզապարկի քարերից ազատվելու համար:
Արտաքին օգտագործման ձևով կտավատի ձեթը կիրառվում է հոդերի ու ողնաշարի, ռևմատիզմով տառապող մարդկանց, արտրիտների, տրոպիկ խոցերի, այրվածքների ու էկզեմայի, փսորիազի, ճառագայթային հիվանդությունից առաջացած վերքերի, ուռուցքների, ինչպես նաև միջատների խայթոցների տեղային բուժման համար:
Կտավատի ձեթն օգնում է թութքի և դիզենտերիայի մնացորդային ազդեցության վերացմանը: Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում օգտագործում են որպես հակաբորբորքիչ՝ թրջոց-տամպոնների տեսքով:
Երկար-բարակ կարելի է պատմել հրաշք կտավատի բուժիչ հատկությունների մասին, կարելի է նաև ուղղակի երկու խոսքով ասել՝ «Ամեն ինչի դարման»: Կտավատի սերմերն ու յուղը օգտակար են յուրաքանչյուրին, ու եթե անգամ չեն բուժում ամեն ինչ, ապա օգնում են օրգանիզմին ուժ հավաքել, կարգավորում են օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը, իսկ օմեգա-3 ճարպաթթվի հրաշագործ հատկությունները դեռ նորանոր բացահայտումներ են խոստանում:
Գնեք շուկայից կտավատ, աղացեք սրճաղացով կամ թակեք-մանրացրեք, ու ամեն առավոտ մի ճաշի գդալ խառնեք կես բաժակ ջրի մեջ, տասը րոպե հետո կուռչի, նորից խառնեք ու, չթողնելով` նստի բաժակի հատակին, խմեք: Ես խմում եմ:
Ընդհանրապես՝ կարելի է ապրել «ժամացույցի մեխանիզմի նման» և չվախենալ այնպիսի վտանգավոր հիվանդություններից, ինչպիսիք են` շաքարախտը, աթերոսկլերոզը, կորոնար սրտային հիվանդությունը, ինսուլտը (կաթված), լյարդի ցեռոզը, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցը և շատ այլ հիվանդություններ: Կտավատը բնության ստեղծած հրաշք է
Օգնել է՝ newtime.co.ua
Ես բազմիցս գրել եմ գիտնականների ֆեյսբուքյան նախաձեռնության մասին, բայց դադարեցի գրել, երբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից «պոկեցին» միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրած մեր երիտասարդ գիտնականների IF (inpact factor)` ազդեցության գործակից ունեցող նյութերի համար, իմ հաշվարկով, մոտ 15 մլն դրամ:
Ես այնտեղ էի, ներկա էի, ես տեսել եմ այդ երիտասարդների դեմքերը՝ նրանք չեն ուզում ուզվոր լինել…
Ուղղակի պատմեմ:
Գնացինք Ծառուկյանի կոնյակի գործարան՝ մրցանակաբաշխության: Ներքևում շինարարական աշխատանքներ էին կատարվում, փոշու մեջ կորանք` նախքան շենք մտնելը: Մտանք, մեզ գրանցեցին, ու բարձրացանք վերև: Արդարության համար ասեմ, որ «սթաֆը»՝ աշխատակազմը, բավականին կազմակերպված էր. աղջիկները՝ ժպտերես, առանց ավելորդ «մաքիաժի» ու շատ կարճ փեշերի, անվտանգության թե կազմակերպչական, չգիտեմ ոնց է ճիշտ ասել, մասը ապահովող երիտասարդը նույնպես բարեհամբույր էր ու, ըստ ամենայնի, շատ լավ գիտեր ու անում էր իր գործը՝ «ժողովրդին» պատրաստում էր «թագավորի» հետ հանդիպմանը: Մոտ կես ժամից ավելի սպասելուց հետո, երբ մի մասին տեղավորել էին արդեն երկար ու կլոր հուժկու սեղանի շուրջ` նույնքան հուժկու մարդաբոյի աթոռների վրա, մնացածին էլ սեղանի հետևներում՝ էնպես, որ հետևում նստածները չէին կարողանում տեսնել սեղանի շուրջ իրենց մեջքով նստած մարդկանց մարմնի գեթ մի թիզ մասը: Ես պտտվեցի, որ հարմար տեղ գտնեմ, ու որ ինձ երևա ամեն ինչ, չգտա: Տեղավորվեցի մուտքի մոտ: Դռներն անընդհատ փակում էին, դռան հետևում անձնակազմը փողկապներն ու սանրվածքներն էր դզմզում, ու վերջապես ՆԱ եկավ…
Բոլորը ոտքի կանգնեցին ու իրարից ամաչելով ծափահարեցին, այդ թվում` նաև ես. մեղքս ինչ թաքցնեմ՝ իրենց օրենքն էր, չնայած կարող էի հեռանալ, բայց հետաքրքրասիրությունս թույլ չտվեց գնալ, մնացի:
Ծառուկյանին ներկայացրեցին, հետո նա սկսեց խոսել այն մասին, թե որքան կարևոր է գիտությունը, և որքան են «իրենք» (ինչպես հայտնի է` Գագիկ Նիկոլաևիչենք սիրում են իրենց մասին հոգնակիով խոսել) ամեն ինչ անում, որպեսզի գիտությունը մեզ մոտ չմեռնի, որ գիտնականը կարենա որպես տղամարդ ընտանիք պահել, որ խոսելու տեղ ունենա ու մարդ զգա իրեն… և այլն, և այլն…
Հետո եկավ մրցանակները հանձնելու պահը, և Գագիկ Նիկոլաևիչին ասացին, որ գոնե 10 հոգու պետք է անձամբ հանձնի` չկարողացավ իրենից «ցրի» ձեռք սեղմելու ծանր պրոցեսը:
Ես նայում էի էդ երիտասարդներին ու ամաչում, որ մենք հասցրել ենք ամեն ինչ սրան… Ամաչում էի, որ պետություն չունեմ, որ պետությունս սնողը պետք է լինի նա, ով այսօր բարեգործում է… Ամաչելով էլ ոտքի էի կանգնել ու ամաչելով էլ ծափահարում էի… Նրանք էլ ամաչելով ստանում էին իրենց մրցանակները՝ որպես բարեգործություն, այն դեպքում, երբ դա պետք է աներ պետությունը ու աներ hավուր պատշաճի… Որ գիտնականին հոտնկայս դիմավորեինք, ոչ թե մրցանակը հանձնողին… Ներող՝ ստրկամտորեն…
Հանձնվեց 95 մրցանակ. ոմանք չէին ներկայացել տարբեր պատճառներով, բայց հիմնականում հենց էն պատճառով, ինչի մասին դուք մտածեցիք: Գագիկ Նիկոլաևիչն իր սնապարծության փայը ստացավ ի դեմս մի ծնողի (անունը չասեմ), որը ողողվել էր շնորհակալությունների մեջ, որն այդ օրն անվանեց իր կյանքի ամենաերջանիկ օրը, քանի որ իր որդու տաղանդն ու գիտելիքները գոնե մեկ մարդու կողմից գնահատվեցին: Հա, բան չեմ ասում, ծնողի համար տոն էր, ու ապրի Նիկոլաևիչը, ի դեպ` հենց այդ մարդուց էլ սովորել եմ այս դիմելու ձևը՝ Գագիկ Նիկոլաևիչ: Ուրեմն, ապրի´ ինքը, որ բարեգործում է, բայց ինչո՞վ է բարեգործում՝ հենց մեզնից կտրածով, հենց իմ փայով ու քո փայով, հենց անօրինությունները հովանավորելով, հենց «կոալիցիա-կոալիցիա» խաղալով… Գագիկ Նիկոլաևիչ, ինչո՞ւ եք ընտրովի բարեգործում, ինչո՞ւ եք ջնջել ձեր պաշտոնական ֆեյսբուքյան էջից ձեր սպորտսմենի` Սյու Սեպետչյանի մորը փրկելու խնդրանքը, ինչո՞ւ եք տենց կառչել էդ գիտնականներից… ռեյտինգ է չէ՞…
Է՜հ, բարեգործներ, բարեգործներ… Ա’պրիորի PR-ը, հետո մնացածը… Լավ չի, սխալ է:
Մի խոսքով, ավարտեմ Գագիկ Նիկոլաևիչի ընդունելությունը նրանով, որ էդ բարեգործությունից մի այլ բարեգործություն ծնվեց, ու երիտասարդներից մեկն այդ գումարով համակարգիչ գնեց ու նվիրեց մի տաղանդավոր անապահով երեխայի: Բայց դա առանձին պատմություն է, դրա մասին հետո…
Ասածս ի՞նչ էր` կասեք:
Պե՞տք է գիտնականներին էդ տիպի «ֆինանսավորման ավելացում», սրանք հո գլոբալ հեռագնա պրոյեկտներ չեն, սա ընդամենը միանգամյա PR ակցիա էր, որ խոսվի այն մասին, թե Նիկոլաևիչը ինչքան է հարգում գիտությունը: Հա, ասում են` խոստացել է էլի բաներ անել, տեսնենք, ես միայն ուրախ կլինեմ: Բայց մեկ է՝ սիրտս կախ է էդ երիտասարդների համար, չի կարելի նրանց կոտրել երկու կոպեկ փողով: Բա 2-3 տոկոս ՀՆԱ էիք պահանջում, բա ի՞նչ եղավ ձեր պահանջը:
Բա հանդիպել եք է՛լ Երիտասարդական հիմնադրամի Կարենին, է՛լ Աշոտյանին, է՛լ Հովիկ Աբրահամյանն էր խոստացել խորհրդարանական քննարկումներ, հանձնաժողով էլ կա, որի մեջ, ի դեպ, մտնում են այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները՝ դաշնակները, ժառանգականները, ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ականները, բոլոր նրանք, ովքեր խոստացել էին բարձրաձայնել ու պետական, պատշաճ մակարդակով լուծել հարցը, ոչ թե թողնել բարեգործների հույսին, որ նրանք էլ «աչոկ» ու ռեյտինգ հավաքեն դրանով:
Բայց…
Գիտնական ժողովուրդը հիմար չի, նրանց չես կարա խաբես ոչ 100 հազարով, ոչ 200, ոչ էլ միլիոնով, նրանք արժանապատիվ կյանք են պահանջում երկրից, ոչ թե բարեգործներից: Բարեգործներ են էլի՝ էսօր կան, վաղը մյուսներն են փոխարինելու: Ամեն ինչ փոփոխական է կյանքում: Հրեն՝ հենց գիտության ֆինանսավորման ավելացման էջում արդեն մարդիկ բողոքում են. «Դուք ո՞վ եք, ձեզ ո՞վ է իրավունք տվել մեր անունից խոսել», կամ՝ «Ո՞վ է որոշել` ով է արժանի մրցանակի, ի՞նչ հանձնախումբ է, որ անուններ չկան, չգիտենք` ում հարցնենք»: Էջը հավանել է 2 567 մարդ, որի գերակշիռ մեծամասնությունը գիտաշխատող է, մի մասը՝ «ռեյտինգ» հավաքող քաղաքական գործիչ ու միավոր, մի մասը` սովորական ֆեսյբուքահայ: Եւ ճիշտ հարցադրումներ են անում: Որովհետև ոչ ոք չի ուզում իրեն օգտագործված զգալ, կարծում եմ՝ Գագիկ Նիկոլաևիչը նույնպես: Մարդիկ անուններ են պահանջում, ես` նույնպես: Բայց նախաձեռնող խումբն այդպես էլ մնում է խորհրդավորության շղարշով պարուրված ամաչկոտ հարսի նման չխոսկան, իսկ մարդիկ խոսում են… Ինչ ասես չեն խոսում. էլ որ` ինչ-որ մեկի պրոյեկտն է, ու ոմանք քմծիծաղով են դա ասում՝ յանի գիտենք, թե ով ա, բայց չենք ասի, էլ որ` հատուկ ԲՀԿ-ական պրոյեկտ է, էլ որ` մի քանի մարդու հարստացնելու միտում ունի, էլ որ` հեսա ընտրություններ են՝ էլեկտորատ է, պետք կգա, էլ որ` էդ երիտասարդների ճնշող մեծամասնությունը հենց էս աշնանից գնում է արտագնա հրավիրված աշխատանքի, մնան` ի՞նչ անեն… Բա էլ ո՞ւմ համար է էս ղալմաղալը, եթե երիտասարդ գիտնականները, միևնույն է, գնում են…
Վերջը…
Ես միշտ ողջունել եմ քաղաքացիական նախաձեռնություններն ու աջակցել դրանց, բայց հիմա կամուկացի մեջ եմ՝ արդյո՞ք ինքս գործիք չեմ ուրիշի ձեռքին, արդյո՞ք ինձ հետ կեղտոտ խաղ չեն խաղում՝ վստահություն ու համակրանք ներշնչելով ու ինֆորմացիոն աջակցություն ստանալով, որպեսզի իրագործեն այդ պրոյեկտը, ոչ այդքան իմ սկզբունքներին համապատասխանող գործողությունների շարքով:
Ներեցեք ինձ, իմ գիտնական բարեկամներ, բայց ես ձեր բարի մղումներին չեմ հավատում: Իհարկե, ես ուզում եմ գիտությունը փրկել, ուզում եմ, որ մենք ունենանք արժանապատիվ ապրող ու հայրենիքի բարօրության համար գիտություն արարող ազնիվ ու արդար մարդիկ, որ մեր երիտասարդները չաշխատեն ուրիշ երկրների վարկանիշը բարձրացնելու համար, այլ օգուտ տան մեր երկրին: Բայց… Ի՞նչ գնով…
Որպես քիչ-թե շատ լավ խոհարար, ես գիտեմ, որ եթե ամենալավ միսն էլ տապակես վատ յուղով, ուտել չի լինի՝ վնաս կտա, ստամոքսդ կվառի, ու դու կերազես էն պահի մասին, երբ դեռ ոչ միսն էիր առել, ոչ էլ «ժարիտ» արել, էն էլ` փիս յուղով…
Չէ, երևի թե միայն մեռնելուս օրը չգիտեմ: Մի փոքրիկ մեջբերում անեմ իմ` ուղիղ մեկ շաբաթ առաջ գրված նյութից. «Թե ինչ է տեղի ունենալու Կազանում` արդեն բոլոր լուրջ մարդիկ գիտեն, որ ոչինչ էլ չի լինելու: Այսինքն` ոչինչ չի ստորագրվելու: Դա, ինչպես կասեր Օստապ Բենդերը, բժշկական փաստ է: Բայց ինչ է հայտարարվելու դրանից հետո` դա է հետաքրքիր: Թե ում են մեղավոր նշանակելու «ոչ կառուցողական» դիրքորոշման համար` դա է հետաքրքիր: Միգուցե մեզ, միգուցե թուրքերին»:
Արդեն գիտենք, ինչ եղավ: Թաթան կասեր` տեսա՞ր ինչ եղավ. «Երկրների ղեկավարները փոխըմբռնում արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը կնպաստի հիմնարար սկզբունքների ընդունման համար նախադրյալների ստեղծմանը»,- ասված է հայտարարության մեջ: Փաստաթղթի համաձայն, հանդիպման մասնակիցները քննարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքների ընթացքը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երախտախտագիտություն են հայտնել Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային`«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի նեդրած անձնական ջանքերը:
Թե չէ խոսվում էր 14 կետանոց համատեղ տեքստի մասին, ֆլան, ֆստան… Թան էլ չէ, փրթած մածուն: Հիմա կարող եմ նաև ասել, թե ում են «մեղավոր նշանակելու». թուրքերին: Որովհետև Իլհամ Ալիևը «Եվրանյուզին» տված հարցազրույցում հայտարարեց, որ տարածքները վերադարձնելու դիմաց Հայաստանին ոչինչ չի տա (կարծես տարածք վերադարձնող կա), իսկ Սերժ Սարգսյանը նույն «Եվրանյուզով» ասել էր, որ ոչ մի միակողմանի զիջում չի լինի:
Հարկ է նշել, որ Հայստանն ու հայությունը լավ էին օգտագործել իրենց ռեսուրսը: ՀՀ նախագահի ելույթը Ստրասբուրգում տեղը-տեղին էր, մանավանդ` հղումը ԵԽԽՎ այն փաստաթղթերին, ուր արձանագրվել էր Ադրբեջանի ռասիստական բնույթը: Երևանում ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» հայտարարեցին, որ անընդունելի զիջումների դեպքում բողոքի ալիք են բարձրացնելու: Հենց եռակողմ հանդիպման պահին մեր ԱԳՆ-ի դռանը երիտասարդական նստացույց էր: Եղան հայտարարություններ, որ անընդունելի փաստաթղթի դեպքում նույնիսկ ամբողջ բանակը ոտքի կկանգնի: Անգամ ՀԱԿ-ն այս անգամ պիտանացու եղավ բնությանը և մարդկությանը:
Եվ ի՞նչ է նշանակում Կազանի արդյունքը, ավելի ճիշտ` արդյունքի իսպառ բացակայությունը, որը նշանակում է արցախյան ստատուս-քվոյի երկարաձգում առնվազն մինչև 2014 թվականը: Մի պարզ բան` որ միանգամայն հնարավոր է դիմադրել գերտերությունների ճնշմանը: Օբաման զանգահարեց Սարգսյանին և Ալիևին, Սարկոզին ուղերձով դիմեց ՀՀ նախագահին, բրիտանացիները հորդորեցին Մեդվեդևին օգտվել ռազմավարական գործընկերությունից և ճնշում գործադրել Հայաստանի վրա, նաև անպոչ գդալի պես մեջ ընկան տարատեսակ համաեվրոպական խառախուռեք: Անգամ ռուսական մամուլը գրում էր, որ Կազանի հանդիպման արդյունքից էապես կախված է Մեդվեդևի հեղինակությունը: Այսինքն` Հայաստանի վրա զգալիորեն ավելի մեծ ճնշում կար, քան Ադրբեջանի: Մեր հաշվին ուզում էին լավություն անեին աշխարհին` նվազեցնել նոր պատերազմի վտանգը, զի աշխարհը վախենում է, թե դա կարող է դառնալ Երրորդ աշխարհամարտի սկիզբ… Դե գնացեք հայտնի ռուսական հասցեով` ձեր գլոբալ «համամարդկային» շահով հանդերձ, զի մենք կայացած պետություն ենք, ինքներս մեզ և մեր հերոսների սուրբ արյունը հարգող ազգ:
Սակայն ընթերցողը հարց կտա` իսկ այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը, որ նրան հիշատակել ենք վերնագրում: Ամենաանմիջական կապն ունի: Նա առաջինը խոստացավ հայությանը, որ Արցախի Հանրապետությունն ամրագրված է մնալու 12 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Նա 10 տարի առաջ Քի Վեստում հասավ նրան, որ ոչինչ չստորագրվեց, և պահպանվեց ստատուս-քվոն: 10 տարի առաջ էլ կար աննախադեպ միջազգային ճնշում, և իզուր չէր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահն այսօր Կազանը համեմատում Քի Վեստի հետ: 10 տարի առաջ «մազ էր մնում», որ կարգավորման փաստաթուղթ ստորագրվի: Եվ ի պատիվ ՀՀ երկրորդ նախագահի, հենց նա 10 տարի առաջ ստեղծեց դիվանագիտության այն տեխնոլոգիան, որը գերտերությունների զորեղ ճնշման պայմաններում թույլ է տալիս պահպանել հայոց ազգային շահը, չզիջել և «ջրից չոր դուրս գալ»: Այդ տեխնոլոգիան ժառանգություն մնաց Սերժ Սարգսյանին և հրաշալի աշխատեց 10 տարի անց, Կազանում: Ու չնայաց մարդկայնորեն իրեն իր բնավորության գծերի համար, մեղմ ասած, չեմ համակրում, բայց այդ տեխնոլոգիայի ստեղծման համար չեմ կարող շնորհակալությունս չհայտնել Ռոբերտ Քոչարյանին:
Հա, մի հետաքրքիր դետալ էլ: ՀՀ նախագահը Ստրասբուրգում հարցուպատասխանի ժամանակ որոշակի անհարթություններ թույլ տվեց, որոնք դարձել էին բուռն և կրքոտ արձագանքների դրդապատճառ: Դրանց վերաբերյալ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պետության անունից շտկման կարիք կա: Իսկ ինչպես հայտնի է, Օսկանյանն առանց Քոչարյանի հավանության նույնիսկ չի էլ փռշտում… Այսինքն` տվյալ դեպքում էլ Քոչարյանը հանդես եկավ նրբանկատ ձևով թերությունները մատնանշողի ձևով: Դա էլ, ի վերջո, օգտակար գործառույթ է:
Դե ինչ: Առայժմ` այսքանը:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մոտ երեք օր առաջ Երևանի քաղաքաշինական խորհուրդը հաստատեց ՀՀ կառավարության բակում «թմբուկ» կոչվող կառույցի նախագիծը: «Թմբուկի» պատճառով հրաժարական տվեց Կարեն Կարապետյանի քաղաքապետարան բերած Երևանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանը: Ըստ երևույթին, պարտադրանք չընդունեց Հասրաթյանը, չցանկացավ իր անունն արատավորել «թմբուկով» և հրաժարական տվեց: Արդյունքում Երևանի գլխավոր ճարտարապետ նստեց նման կառույցներ իրացնելու հետ որևէ խնդիր չունեցող Նարեկ Սարգսյանը, և մեկ ամիս անց գործը գլուխ եկավ. փողը կա, շինության ի կատար ածումն էլ խոստանում է էլ ավելի մեծ եկամուտներ բերել: Մնացել է շինարարությունը:
Նախատեսված է այս նորակառույց տեղափոխել Սփյուռքի նախարարությունը (Հրանուշ Հակոբյանի համար նախարարություն բացեցին` քիչ էր, հիմա էլ հատուկ շենք են կառուցում` Հանրապետության հրապարակի տեսքը գցելու հաշվին), Էկոնոմիկայի նախարարությունը, էլի ինչ-որ գերատեսչություններ, որոնց շենքերը կառավարությունը պատրաստվում է վաճառել: Բնականաբար, այդ շենքերի վաճառքից սպասվող եկամուտը չի կարող չգայթակղել` գումարած շինարարության համար նախատեսված միլիոններից ակնկալվող ատկատները: Սա նախ մի փոքր տարօրինակ է, քանի որ, ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, Սամվել Կարապետյանին` Կալուգայի Սամոյին, տարածք են հատկացրել Վերնիսաժ կոչվող տարածքում, որտեղ նա պետք է բարձրակարկ շենք կառուցեր մի շարք վարչական հիմնարկներ տեղավորելու պայմանով. փոխարենը նրան տվել են Շահումյանի հրապարակում արդարադատության նախարարության նախկին տարածքը իր շրջակայքով: Ճիշտ է, այս պահին շինության ավարտը դեռ չի երևում, բայց դա այլ թեմա է:
Դատելով այն ամենից, ինչ լսեցինք քաղաքապետարանում, թմբուկը կառուցվելու է անկախ ամեն ինչից, ու դա կապ չունի ոչ անհրաժեշտության, ոչ էլ Թամանյանի նախագծի հետ:
Երևանի ավագանու խորհրդի նիստի ավարտից հետո, մասնագիտությամբ ճարտարապետ Լևոն Իգիթյանը և ռեժիսոր Միքայել Դովլաթյանը կանգնած զրուցում էին: Հետաքրքիր էր իմանալ ավագանու այս անդամների կարծիքը հիշյալ թմբուկի վերաբերյալ: Զրույցից մի երկու րոպե անց մեզ միացավ նաև Արա Երնջակյանը, մի երկու րոպեով` նաև ճարտարապետ Հրաչիկ Պողոսյանը, թեև վերջինս որևէ կարծիք չհայտնեց: Հարցս ուղղեցի նախ Իգիթյանին.
— Ձեզ թմբուկ կոչվածը, որ պետք է կառուցվի, դու՞ր է եկել:
— Դուր գալը ո՞րն է: Ճարտարապետության մեջ չեն ասում դուր գալ կամ չգալ,- միանգամից փորձեց հակագրոհի անցնել Լևոն Իգիթյանը:
— Դե, հարցնում եմ որպես ճարտարապետի, Ձեր ճաշակո՞վ է:
— Դուք թեթև տեղեկություններով կարծիք եք կազմում, ճարտարապետական խնդիրները այլ կերպ են գնահատվում:
— Դուք իմ կարծիքն եք ուզում` հա՞, իմ դուրը գալիս ա, չգիտեմ` Լևոն Իգիթյանի դուրը գալիս ա, թե չէ,- սա մասնագիտությամբ ռեժիսոր Միքայել Դովլաթյանի պատասխանն էր:
— Ասում են` հրապարակի տեսքը կարող է փոխվել:
— Ի՞նչ եք խոսում…
— Դե, ճարտարապետներն են ասում, մի քանիսը, իհարկե վախվորած, արդեն դեմ են արտահայտվել, Ճարտարապետների միության նախագահը` Մկրտիչ Մինասյանն էլ է ոչ դրական կարծիք արտահայտել:
— Իսկ երբ որ Մկրտիչ Մինասյանը նման կարծիքներ է հայտնում` մեր միության նախագահը, Դուք իրան հարցրեք` Ամիրյանի վրա էն ահավոր յաշիկը որ դրել ա, դա ճարտարապետության հետ կապ ունի՞,- սա էլ մասնագիտությամբ ճարտարապետ Իգիթյանն էր:
— Ամիրյանի կողքի ահավոր յաշի՞կը :
— Գրադարանի շենքի ճակատն է մնացել ընդամենը, հետևում մի հատ մոնստր ա բուսնել, իսկ նրա կողքի ա՛յ էդ յաշիկի հեղինակը…
— Ձեր ասելով` ինքն իրավունք չունի նման բան ասելու, որովհետև յաշիկի հարցում մեղավո՞ր է:
— Այո, որովհետև սա Թամանյանի նախագծածն է և ոչ թե Մինասյանի:
— Թամանյանի գործերն անքննելի՞ են, Թամանյանը կարող է խմած է եղել այդ օրը ու… Ի՞նչ է, օպերայի շենքը ամբողջությամբ Թամանյանի գծագրածով կառուցեցի՞ք, որ հիմա թամանյանական ամեն ինչը պետք է ի կատար ածվի:
— Դե, փող չունեինք, դրա համար չենք արել:
-Ինչու՞ եք Թամանյանին հարմարեցնում Ձեր գրպանին:
— Ինչքան էլ խմած լիներ, էսօրվա շատ օյաղներից ավելի լավը գծած կլիներ հաստատ,- միջամտեց Արա Երնջակյանը:- Իր ասածը գիտե՞ք որն ա. Տոլստոյը ժամանակին մի հատ խելոք միտք էր արտահայտել: Ինքը Շեքսպիրին դեմ էր, չէր ընդունում Շեքսպիրին… բայց դրա համար առնվազն պետք է Տոլստոյ լինես: Կարելի է էդ գմբեթը չընդունել, բայց էդ գմբեթը չընդունելուց առաջ պետք է էնքան բագաժ ունենաս, էնքան պատկերացում ունենաս, որ ասես` ա´յ, սա, էս հարցը պետք չէ:
Դե, քանի որ մենք տոլստոյներ չենք, հարցնում ենք մասնագետից, ի վերջո հանրությունն իրավունք ունի տեղեկանալու, թե ինչ են մոգոնել հերթական անգամ:
Որ Թամանյանն իսկապես անգամ ամենահարբած ժամանակ էսօրվա օյաղներից շատ ավելի լավ նախագիծ կաներ, ժխտել չի կարելի: Իսկ Թամանյանով քողարկվողներին կարելի է ընդամենը խորհուրդ տալ` բացել հենց Թամանյանի գծագրած թմբուկը և տեսնել, թե իրականում ինչ է նախագծել մեծ ճարտարապետը, իսկ փոխարենը` ինչ են կապում մեր գլխին այսօր:
Այսօր Երևանում մեկնարկել է ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովը:
Վաղուց հասարակության մի ստվար մասը սպասելիքներ չունի այս կուսակցության հրապարակային և ծպտյալ ժողովներից:
ՀՅԴ-ն երկու տարի առաջ լքեց իշխանությունը, սակայն այդպես էլ չի կարողանում ադապտացվել ընդդիմադիր կարգավիճակին: Այս ժողովում դարձյալ մի կուշտ կքննադատեն իշխանությանը, նույնիսկ վերջնագրային ելույթներ կհնչեն նրանց հասցեին` արտաքին քաղաքականության ձախողումների վերաբերյալ, բայց իշխանությանն անվստահության չի հայտնվի, նրա հրաժարականը չի պահանջվի: Գուցե դաշնակցական համարձակության նշաձողը մի փոքր բարձրանա, և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի փոխարեն` պահանջվի ամբողջ կառավարության պաշտոնանկությունը: Բայց սոցիալիստական շարքերում հանգրվանած փողատեր ընկերները հենց նրա համար են, որ բանը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին չհասնի:
Ի դեպ, անկեղծորեն կարելի է հասկանալ, թե ինչո՞ւ դաշնակցականներին ձեռնտու չէ իշխանափոխությունը` գոնե այս պահին: «Մի ուրիշ բանում էլ են մեզ մեղադրում, ինչո՞ւ ընդդիմությունը միասնական չէ, ինչո՞ւ միասնական ճակատ չի ձևավորվում: Միանանք, որ ի՞նչ լինի: Միանանք, Սերժ Սարգսյանին փոխարինենք Լևոն Տեր-Պետրոսյանո՞վ: Որ վերադառնան ներազգային անհանդուրժողականության, ցինիզմի, ազգային հարցերում զիջելու պատրաստ մթնոլորտն ու տարինե՞րը: Որ ընդամենը անձը անձով փոխարինվի՞: Ուզում են պարտադրել` Սերժ Սարգսյան կամ Լևոն Տեր-Պետրոսյան: Ո՞րն է նրանց տարբերությունը, իսկ եթե կա տարբերություն, որ կա` ո՞ւմ օգտին է այն: Եւ վերջապես ինչո՞ւ ենք հարկադրված ընտրություն կատարել այս համեմատության մեջ: Այնուամենայնիվ` այստեղ տեղին եմ համարում հայտարարել, որ ցանկացած հարցով պատրաստ ենք գործակցելու ցանկացած ուժի հետ, եթե հստակ է նպատակը, օրակարգը, գործելաոճը և ղեկավարման բնույթը»,-այսօր Ընդհանուր ժողովի բացմանն ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:
Ընկեր Մարգարյանը երբեք այսք ան շիտակ ու անկեղծ չէր եղել: Դաշնակցականները Սերժ Սարգսյանին չեն սիրում, որովհետև նրա պաշտոնավարման տարիներին զրկվեցին նախարարական եկամտաբեր պորտֆելներից: Սակայն այս պահին դաշնակցականները նաև իշխանափոխություն չեն ուզում, որովհետև գործող նախագահին կարող է փոխարինել Լևոն Տեր-Պետրոսյանը, որի անունը շատ դաշնակցականներ նույնացնում են ոչ թե պաշտոնաթողության, այլ` բանտի հետ:
Բայց իշխանափոխությունը մի օր կարող է ՀՅԴ-ի համար օրակարգային դառնալ, եթե, ասենք, այդ պրոցեսը նույնանա Ռոբերտ Քոչարյանի հետ: Ընկեր Հրանտն ու մյուս ընկերները երանությամբ են հիշում նրա կառավարման «ոսկետասնամյակը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.