29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀԱԿ-ի հանրահավաքի շուրջ առանձնապես չեմ ծավալվի: Արտահայտվել են և՛ ՀԱԿ-ի, և՛ իշխանության կողմնակիցները, իսկ հանրության սիրտը վաղուց է խառնում «երկխոսություն» բառից: Ի՞նչ երկխոսություն, սովորական սակարկություն է: Այդ թվում` մարտիմեկյան զոհերի արյան վրա: Լևոն Զուրաբյանը մեղադրեց իշխանությանը, թե երկխոսության իմիտացիա է անում, որպեսզի խուսափի արտահերթ ընտրությունների մասին բանակցություններից, և ՀԱԿ-ը «գյալաջի» անելու ժամանակ չունի: Էդուարդ Շարմազանովն էլ ՀԱԿ-ին մեղադրեց երկխոսության իմիտացիայի և ժամանակը մինչև ամառվա վերջ ձգելու մեջ և նշեց, որ Սերժ Սարգսյանը միշտ օպերատիվորեն արձագանքում է ցանկացած կառուցողական առաջարկին:
Երկու կողմն էլ մասամբ ճշմարտություն են ասում, բայց ընդամենը մասամբ: Երկու կողմն էլ գիտեն, որ ոչ մի երկխոսություն էլ չկա: Կա սակարկություն: ՀԱԿ-ը շատ է ուզում կոնկրետ պատգամավորական և չինովնիկական բարիքներ, որ սասը կտրի ու չտզզա, իշխանությունն էլ ուզում է քիչ տա: Հո հանրապետականների բերանից չեն կտրելու, կամ ԲՀԿ-ի հաշվին հո չեն տալու` լարելով հարաբերությունները Կոտայքի տիրակալ օլիգարխի հետ: ԱԽՔ-ին էլ իր մի քանի ախքիկների հետ էլ հո փողոցում չեն թողնելու, մարդիկ հնազանդորեն ծառայել են ու թարգել են ֆրանսիացոց ու բրիտանացոց հրահանգները կատարելը: Դաշնակներին էլ չեն կարող «բորդյուրին» թողնել, շուն-գել ավանդական կուսակցություն են, սփյուռք կա, բան կա:
Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջնագիրն էլ` սեպտեմբերին հեղափոխական մեթոդներով ՀՀ նախագահի հրաժարական պահանջելու վերաբերյալ, գրոշի արժեք չունի: Ումո՞վ են պահանջելու` պայքարող, ծուռ բնավորության տեր մարդիկ հիասթափվել են «երկխոսության» պատճառով ու առավել ևս Լևոն Տեր-Պետրոսյանի կիլոմետրանոց հարցազրույցից, թե ինչ լավ պարտվողական ծրագիր էր ինքն առաջարկում 1997-ի աշնանը: Այդ թեզերը թերթոնների տեսքով հասցրել են մտցնել գրեթե ամեն մի տուն, և միայն հանրահավաքի ժամանակ են ֆայմել, որ նման բան ժողովրդին ասել չի կարելի…
Այնուամենայնիվ, ՀԱԿ-ի հանրահավաքի ընթացքում մի ռացիոնալ բան եղավ: Գրեթե բոլոր հռետորները անպատվեցին, Լևոն Զուրաբյանի ասած, «աղվամազիկ ծաղրածու» վարչապետին: Նրա հարցազրույցի այն հատվածի համար, ուր Տիգրան Սարգսյանն ակամա «ծակվեց», որ արտագաղթը համարում է հեղափոխությունից խուսափելու արդյունավետ միջոց: Ու ինչքան էլ հետո խոսեց կոնտեքստ-ենթատեքստերի, կատակ-մատակների մասին, միևնույն է` խոսքը բերնից արդեն դուրս է թռել: Բոլորն իմացել են, որ վարչապետը հենց այդպես է մտածել: Համ էլ ոչ ոք չի մոռացել դասախոսության և գլուխարդուկոցիի սիրահար վարչապետի «Հայկական աշխարհի» տեսությունը, որ նախատեսում է հայությանը ցիրուցան անել երկրագնդով մեկ և նրանցից վիրտուալ ցանց սարքել, քանզի Տիգրան Սարգսյանի համոզմամբ, ազգային պետությունները վաղ թե ուշ մեռնելու են:
Եվ վրդովվել են ոչ միայն ՀԱԿ-ի ակտիվիստները: Հույժ անհանգստացել են նաև մտավորականները և բաց նամակով դիմել ԱԺ խոսնակին և վարչապետին: Անգամ Լևոն Անանյանի պես պալատականները, որ վարչապետի մոտ աշխատող որդի ունեն:
Հարցն իրոք շատ հրատապ է: Եթե արտագաղթելու երազանք ունեցող բնակչությանը գումարվում են արտագաղթը խրախուսելի համարող իշխանավորներ, ապա զանգակատուն բարձրանալու և տագնապի ղողանջներ հնչեցնելու ժամանակն է: Տարբեր հարցախույզների տվյալներով, 50 և ավելի տոկոսը ցանկանում են արտագաղթել: 20 տարում 20 հազր հայ լոտոյով «գրին քարտ» են շահել, և դա նշանակում է զարհուրելի բան. որ բնակչության առնվազն կեսը խաղացել են այդ լոտոյից, հույս ունենալով շահել պանդխտության ուղեգիր: Հսկայական հերթեր են այն գրասենյակների մոտ, որոնք իրագործում են Ռուսաստանի կառավարության «Հայրենակիցներ» ծրագիրը: Հո ռո՞ւսը չի մեղավոր, որ հայերն ուզում են ռսի հայրենակից դառնալ:
Պարզապես ինքնաոչնչացման ցիգանական ցեցն ընկել է ազգի ջանը: Մեկնողը դրսում, որպեսզի արդարացնի իր փախուստը, սարսափներ է պատմում Հայաստանի մասին, ցեխի հետ խառնում իր իսկ հայրենիքը: Դա լսելով, էլ ոչ մի սփյուքահայ չի ուզում հայրենադարձվել: Հետո էլ, որպեսզի դուրս գա «մանթրաժից», քանզի օտարության մեջ խելքը գլխին արդյունքի չի հասել, Հայաստանում մնացած ծանոթներին գրում է, որ գործերը հոյակապ են, ինտերնետային սոցցանցերում էլ զետեղում իր լուսանկարները այլոց ճոխ առանձնատների և ավտոմեքենաների ֆոնի վրա: Արդյունքում նորանոր քաղաքացիներ են գայթակղվում գեղեցիկ պատրանքով: Նույնիսկ եթե լավ հաջողության է հասնում, մի ոչ գեղեցիկ օր որևէ հարբած Նացիկ Շարիկով դանակահարում է նրան կամ նրա արու զավակին…
Իսկ հիմա` մի քիչ վիճակագրություն: 1920-1988 թվականների ընթացքում Խորհրդային Հայաստանի բնակչությունը գրեթե քառապատկվել էր: Ոչ միայն բնական աճի, այլև հայրենադարձության հաշվին: Ներգաղթի հիմնական ալիքը եղավ 1935-1955 թվականներին: Հայերը լքում էին «ժողովրդավար» երկրները և գալիս ստալինիստական կարգեր ունեցող Հայաստան: Զի անգամ ստալինյան բոլշևիկ հայ ղեկավարներն ավելի հայրենասեր էին, քան «գլոբալիստ դեմոկրատ» Տիգրան Սարգսյանը ու յուր թիմակիցները:
Ուրեմն ի՞նչ է մնում մեզ: Ազատվել «Հայկական աշխարհի» վիրտուալ պատրանքները դավանող ազգադավ չինովնիկներից և արտակարգ միջոցներով կասեցնել երկրի դատարկվելը:
Շաբաթվա վարկածները զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Լինում է չի լինում մի հայ կին է լինում: Կինն իր ընկերուհիների հետ որոշում ու գնում է նշելու ծնունդը մի ոչ հետընկած` նույնիսկ «պրեստիժնի» ռեստորանում…
«Նստած էինք մեզ համար, կողքն էլ կնունքի սեղան էր՝ կնունքավորների միջին տարիքը 30-ին մոտ, իրենց կանանցով: Սկզբում նորմալ էին՝ ուտում-խմում, պարում-ուրախանում էին: Մեկ էլ էս կնունքավորները հարբեցին, թե էլի ինչ, չգիտեմ… տարօրինակ էր, նրանք բոլորը միանգամից ու շատ շուտ հարբեցին ու սկսեցին մեր սեղանին ուշադրության նշաններ ցույց տալ: Քիչ ուշ մեզ միացավ երիտասարդ գեղեցիկ մի աղջիկ, ու ուշադրության նշաններն է´լ ավելի ակտիվացան: Մենք հայտնեցինք մենեջերին անցանկալի ուշադրության դրսևորումների ու ռեպլիկների մասին, նա էլ զգուշացրեց կնունքավորներին…
Հետո սկսվեց կեղծ ներողությունների ցուցադրական շռայլումը, որը դրսևորվում էր ամեն անգամ քիփ մեր սեղանի կողքով անցնելիս` ռեպլիկներով ու «կներեք մեզ, եթե ինչ որ բան էն չի»` ասելով: Քիչ անց եկավ ընկերուհիներիցս մեկի որդին՝ մեզ հետ մի քիչ նստելու ու մեզ հետո տուն տանելու համար: Կնունքավորները շարունակում էին հերթով մոտենալ, երիտասարդը չդիմացավ ու կնունքավորներին ասաց. «Ապեր, պետք չի էլ գալ ներողություն ասել, հասկացանք», ինչով, չգիտես ինչու, ագրեսիա ծնեց նրանց մեջ, ու նրանցից մեկը միանգամից հարձակվեց ու սկսեց հարվածել երիտասարդին:
Կանայքս միջամտեցինք, մոտեցան իրենց կողմի մարդիկ, որ կանխեն ընդհարումը: Կարծես ամեն ինչ խախանդվել էր, ես էլ կողքի էի կանգնել, ու հավաքվում էինք դուրս գալու, մեկ էլ դրսից մեկը թափով եկավ ու որքան ուժ ուներ ոտքով հարվածեց կրծքավանդակիս… Հետո բոլորը խառնվեցին ու արդեն էդ տղային ու իրենք իրար սկսեցին քաշքշել:
Իսկ սևազգեստ զենքերով անվտանգության աշխատակիցները, որոնք էդ ամբողջ ընթացքում հենց այնտեղ էլ եղել էին՝ դրսում, ու դժվար թե այդ ամենը նկատած չլինեին հենց սկզբում, նույնիսկ ներս էլ չմտան: Նրանցից մի քանիսին կանչել էին, երբ բանը բանից անցել էր արդեն:
Հետո մոտեցան, բա թե` մորքուր ջան, կներես էլի, խմած էր: Հետո, երբ ասացի` ոստիկանություն եմ զանգելու, նրանցից մեկը, ցուցադրաբար ու լկտիորեն, թե` ես ոստիկան եմ, բան ունես ասելու, ասա… Նրան էլ կողքինները արագ լիկվիդացրեցին: Բայց էդպես էլ տնօրինությունից ոչ մի պաշտոնյա մեզ չմոտեցավ: Չէ՞ որ մենք էդ ռեստորանին էինք վստահել մեր երեկոն:
Հիմա հարցն այն է` դիմել, թե չդիմել իրավապահներին: Վիրավորանքը շատ խորն է. ինչ որ մի լպստած լակոտ, առանց պատճառի ու միայն այն պատճառով, որ ինքը պիտի լակի իր քեֆն ուզածի չափ, կարող է հարվածել քեզ ու մնալ անպատիժ: Իրենք էլ էին տեսել էդ ամեն ինչը, բայց ոչ մի ընթացք չեղավ, տնօրինությունը ոչինչ չձեռնարկեց, քանի որ ես չբողոքեցի: Բժշկի էլ չեմ գնացել, արդեն 20 օր է ցավերի մեջ եմ, չգիտեմ` ինչ է վնասվել»:
Կինը զանգահարել է «օբեկտի» տերերին, նրանք էլ բավարարվել են մենեջերին գործից ազատելով: Ես նրան հորդորեցի անպայման հայտնել ոստիկանություն, գործ հարուցել, բայց նա ասաց. «Չեմ ուզում նմանին նմանով պատասխանել, չկա համարժեք պատիժ , փակելը ելք չի, թող ապրի ազատ, թող էդ էլ իմ փայ զոհաբերությունը լինի»…
Մտածում էի, որ կինը սխալ է վարվում, որ չի կարելի անպատիժ թողնել այդպիսի բաները, բայց մի քանի օր առաջ մի ֆիլմ նայեցի՝ «Վճարիր առաջ»:
Դա պատմություն է մեր մասին, մեր աշխարհի մասին ու մի 11 տարեկան երեխայի՝ Տրևորի մասին, որը դասարանում հասարակագիտությունից առաջադրանք է ստանում. «Ինչպե՞ս կարող ես փոխել աշխարհը»: Ի տարբերություն մյուսների` նա լուրջ ու յուրովի է մոտենում դրան, մտածելով մի համակարգ, որի արդյունքում աշխարհը կփոխվի: Նա լավություն է անում երեք հոգու, իսկ այդ երեքին հորդորում է լավություն անել մեկ այլ երեք հոգու ու ոչ մի դեպքում՝ իրեն: Ու այդպես` շղթան տարածվում է, Լաս Վեգասից հասնում է Կալիֆորնիա, Նյու Յորք, հասնում է մի լրագրողի, ու այդ շղթայի մեջ մեկը ավտոմեքենա է նվիրում` ասելով` վճարիր առաջ: Լրագրողը քանդում է տրամաբանական շարքը ու գալիս հասնում է Տրևորին: Նկարահանում են նրան, նա խոսում է` ասելով բիբլիական հայտնի ճշմարտություններ, իսկ մի քանի րոպե անց նրան սպանում են իր իսկ հասակակիցները, երբ նա փորձում է պաշտպանել խուլիգանների հարձակման զոհ դարձած իր թույլ ընկերոջը:
«Հասկանու՞մ եք, մարդիկ վախենում են ընդունել, որ աշխարհը կարող է փրկվել: Մարդիկ` որոնք սովոր են, որ ամեն ինչ պետք է լինի ինչպես միշտ: Նրանք չեն ուզում ոչինչ փոխել, նրանք բարձրացնում են ձեռքերը, և այդ ժամանակ պարտվում են… Դա շատ բարդ է՝ պետք է ուշադիր նայել մարդկանց, պաշտպանել նրանց, որովհետև… մարդիկ ոչ միշտ են հասկանում, թե ինչ է իրենց պետք: Դա նման է նրան, երբ ուզում ես ինչ-որ փչացած բարդ բան սարքել, ոնց-որ մարդ նորոգես»,- ասում էր Տրևորը:
Խուլիգանին դատի տալու կամ պատժելու հորդորս դադարեցրի… Ես հիմա մտածում եմ` գուցե՞ այդ պատանյակը, որ հրեշտակի նման կինոյի միջոցով հայտնվեց, այն էլ` 11 տարի առաջ, բոլորը տեսել էլ են, գիտեն էլ, ու հենց այս օրերին հասավ ինձ, երբ պետք էր, տվեց աշխարհը փոխելու բանաձև, ճի՞շտ է:
Գուցե հենց իմ իրական հեքիաթի կինն էլ պետք է սկսի այդ շղթան… Մի քիչ այլ ձևով՝ գուցե հայավարի, քրիստոնեական մոտեցումով՝ չանել ուրիշին այն, ինչը չես ուզի, որ քեզ անեն: Ի վերջո, Տրևորը նոր ոչինչ չէր հորինել, որ լիներ, նա միայն հիշեցրել էր՝ լավություն անելով պարտադրել վստահություն ու նոր լավություն՝ առաջ, ու էդ ամենը հիմնված էր միմիայն վստահության վրա՝ երբ դու լավություն ես անում մեկին, չգիտես չէ՞, նա քեզ կպատասխանի, թե ոչ: Իսկ այստեղ ավելի խորը պետք է լինի վստահությունը, քան «դու ինձ, ես քեզ»-ի դեպքում, երբ դու ինքդ կիմանաս, այս դեպքում դու չես էլ իմանա, բայց դա արդեն քո պրոբլեմը չի, այլ նրանը, ով ընդհատել է «Վճարիր առաջ» շղթան:
Չգիտեմ, դուք ասեք: Ի՞նչն է կարևորը. նստեցնել տալ կնոջ վրա ոտք բարձրացրած «հաբռգած» երիտասարդին, որտեղ նա հաստատ կծանոթանա քրեական աշխարհի կեղտերին, ու չի բացառվում, որ վերջնականապես դառնա կե՞ղտ, թե՞ թողնել ազատ, ներել՝ դրանով իսկ նրան ներառելով «Վճարիր առաջ» շղթայի մեջ, որտեղ նա ունի փոխվելու հնարավորություն ու իր հերթին` մեկ ուրիշի, այս դեպքում իրեն ցավ պատճառողին ներելու… քրիստոնեաբա՞ր, թե՞ մարդկայինով, թե՞ ապուշի նման, թե՞ մեծահոգաբար…
Ո՞նց, ո՞րն է ճիշտը, նույնիսկ ըստ ֆիլմի` շղթան սխալ է դուրս գալիս, չէ՞ որ Տրևորին, որն ամենաբարի մղումներով մի բարի հրեշտակ էր՝ սպանեցին… Չէ՞ որ «լավություն անողի գլուխը ծակ է»…
Ես համոզված եմ, որ անշահախնդիր լավությունը կփրկի աշխարհը, անշահախնդիր բարեգործությունը միմիայն կարող է բարիք բերել, անշահախնդիր, նույնիսկ ի վնաս քեզ արված լավությունը, ասում են, բումերանգի պես է, միշտ հետ է գալիս, բայց ես ուզում եմ, որ քեզ հետ չգա, գնա ուրիշին, ու աշխարհը դառնա ավելի բարի…
Անո՞ւմ ես անհատույց լավություն ուրիշին, պատրա՞ստ ես վճարել առաջ: Դե´ ուրեմն՝ միացիր:
Հ.Գ. Գուցե քացի տվող երիտասարդը կարդա՞ ու հասկանա, որ ինքը հիմա շղթայի մեջ է, ու իրենից է կախված աշխարհը փոխելու իր բաժինը…
“Վճարիր առաջ” ֆիլմը օնլայն
Երբ ոստիկանները հետապնդում են ընդդիմության ակտիվիստներին, նրանցից ոմանց ձերբակալում կամ խոշտանգում են, շատ վատ է: Դա ցույց է տալիս, որ իշխանությունը չի կարողանում արգումենտավորված հակադարձել իր ընդդիմախոսներին և նրանց դեմ ուժ է կիրառում: Մարտի 1-ը դրա վառ դրսևորումն է: Նույնը կատարվում է նաև այլ ավտորիտար երկրներում: Օրինակ, Բելառուսում զանգվածաբար ձերբակալվում են մարդիկ, ովքեր հանդգնել են մասնակցել անձայն բողոքի ակցիային: Այս ակցիան կազմակերպիչ չուներ և չէր սպառնում իշխանությանը, Բայց Լուկաշենկոյի տիպի մարդկանց համար վտանգավոր է ամեն բան, որը դուրս է իր վերահսկողությունից:
Չարդարացված ուժը ծնում է հակազդեցություն, անվստահություն: Մարդիկ, ովքեր պարբերաբար նվաստացվում են, զրկվում են ընտրելու և կարծիք հայտնելու իրավունքից` դիմում են պայքարի ծայրահեղ միջոցների: Լավագույն դեպքում` տեղի են ունենում իրադարձություններ եգիպտական կամ թունիսյան սցենարներով:
Անհանդուրժողականության հիմնական կրողը իշխանությունն է, որովհետև նա է տիրապետում ավելի մեծ ռեսուրսների, ունի պատժիչ ֆունկցիաներ:
Սակայն միթե՞ ընդդիմությունը մեղք չունի, երբ երկրում ստեղծվում է անհանդուրժողականության միջավայր:
Իհարկե, ունի:
Օրինակ, երբ 2008-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո մարդիկ անվայելուչ էին արտահայտվում իշխանությունների հասցեին, հասկանալի էր: Դեռ թարմ էր կորստի ցավը, հազարավոր ընդդիմադիրներ ծեծվել ու խոշտանգվել էին, նրանցից տասը` զոհվել:
Բայց, օրինակ, երբ երեկվա հանրահավաքում անվայելուչ արտահայտություններ էին հնչում տարբեր իշխանավորների հասցեին` դա դուրս էր բանականության սահմաններից, ոչ ադեկվատ այսօրվա իրականությանը, իշխանություն-ՀԱԿ հնարավոր երկխոսության համատեքստին: Ցավալի է, երբ լուրջ դերակատարման հավակնող ընդդիմադիր գործիչը ոչ թե փաստարկված քննադատում է վարչապետին, այլ` փորձում է ամեն կերպ անվանարկել նրան:
Երբ իշխանությունը գործի է դնում ոստիկանական մահակը, նվաստացնում է քաղաքացուն: Երբ ընդդիմությունը հայհոյանքը դարձնում է պայքարի միջոց, լյումպենացնում է հասարակությանը: Նվաստացած ու լյումպենացած հասարակությամբ արժանապատիվ երկիր չես կառուցի:
Այսօր, երբ «Ընտրություն» ակումբում հյուրընկալել էի Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանին` ակամա մտածում էի «երրորդ ուժ» կոչվածի պոտենցիալի, հնարավորությունների, մեր քաղաքական համակարգում նրա տեղի ու դերի մասին:
Իրենց «երրորդ ուժ» համարողները անպայմանորեն իրենց դուրս են դնում Սերժ Սարգսյանի իշխանության ու Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ի ազդեցությունից և համարում են, որ ունեն առաքելություն, որը չեն իրականացրել առաջին երկու համարի տակ հանդես եկող ուժերը:
Որ Հայաստանում իշխանությունը ավտորիտար է, կոռումպացված, ոչ կրեատիվ, որևէ մեկ համար գաղտիք չէ: Վերջերս նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են դրա մասին բարձրաձայնում: Իհարկե, նրանք այդ արատները բարձրաձայնում են, որ վերջում անպայման խոսեն այն տիտանական բարեփոխումների մասին, որոնք մտադիր է իրականացնել իրենց նախագահը` երկրում վիճակը շտկելու համար: Հասարակության մեծ մասն այդ բարեփոխումներին չի հավատում:
Որ ՀԱԿ-ը նույնպես ամբողջ հայ ժողովուրդը չէ կամ նույնիսկ` ողջ ընդդիմությունը, դա նույնպես ճշմարտություն է, որը որևէ բանական մարդ չի վիճարկում:
Որ Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի ստեղծած համակարգերն իրար նման են` դեմոկրատիայի մեխանիզմների և որոշումների կայացման լեգալ մեխանիզմների անտեսման առումով, դարձյալ ակնհայտ է:
Սակայն նույնիսկ այս համատեքստում «երրորդ ուժ» տերմինը մեզանում մնում է սոսկ խոսակցություն` չդառնալով միս ու արյուն:
Ու խոսակցություն էլ կմնա, որովհետև «երրորդ ուժի» հավակնորդներն` իրենց վարքագծով, արժեհամակարգով չեն տարբերվում առաջին երկու բևեռներից:
Հասարակությանը հայտնի են գործող և առաջին նախագահների թերությունները, և եթե ինչ-որ մեկը դա բարձրաձայնում է` բավարար չէ, որ նա արժանանա հասարակության վստահությանը: Ժողովուրդը գիտի, որ գործող քաղաքական համակարգը չի սպասարկում իր շահերը, սակայն նույն այդ ժողովուրդը նոր հայտ ներկայացնող ուժերից ակնկալում է ոչ թե իրականության մակերեսային քննադատություն, այլ` լուծումների, նոր մոտեցումների ձևակերպում: Մեր «երրորդուժականները» դա չեն անում. նրանց քաղաքական պոտենցիալը, մտավոր ռեսուրսը չեն բավականացնում անգամ գործող իշխանությանը կամ ընդդիմությանը որակյալ քննադատելու համար:
Որ ամենակարևորն է` մեր պոտենցիալ «երրորդուժականների» արժեհամակարգը դարձյալ հիմնված է ավտորիտար մտածողության վրա` մարդու, քաղաքացու մերժումով: Նրանք նորը ստեղծելու խնդիր, հնարավորություն չունեն ու ուզում են ունենալ այն ռեսուրսները, որոնց արդեն տիրապետում են քաղաքական դաշտի հիմնական խաղացողները: Ժողովուրդն էլ գերադասում է գործ ունենալ Սերժի ու Լևոնի հետ, որովհետև նրանք գոնե ինտելեկտ ու փորձառություն ունեն:
ՀԱԿ այսօրվա հանրահավաքն առաջինն էր երկխոսությանը վերաբերող Սերժ Սարգսյանի հրապարակային հայտարարությունից հետո: ԼՂ խնդրով կազանյան ինտրիգը տեղի չէր ունեցել եւ ենթադրելի էր, որ հենց երկխոսության թեման է հիմնականը լինելու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթում:
Բայց մինչ ՀԱԿ առաջնորդի ելույթին անդրադառնալը՝ երկու հանգամանքի վրա հրավիրենք ընթերցողի ուշադրությունը:
Նախ, այսօրվա հանրահավաքը նախորդների համեմատ էապես սակավամարդ էր, ինչը դժվար է միայն շոգ ամառվա հանգամանքով պայմանավորելը: Այնուամենայնիվ, տեղ ունի այն պնդումը, որ որոշակի խզում է առաջացել ընդդիմության հարթակի եւ շարքերի միջեւ:
Հավանաբար, այս փաստը նկատել են նաեւ ՀԱԿ ղեկավարները եւ պատահական չէ, որ այսօրվա ելույթներում կարելի էր հանդիպել նախորդ մի քանի ամիսներին մոռացված այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «ավազակապետություն», «թաթար-մոնղոլական իշխանություն» եւ այլն:
Իհարկե, այս ամենը կարող է խոսել հռետորաբանության եւ ոչ թե՝ մարտավարության որոշակի փոփոխության մասին: Գոնե՝ առայժմ, առաջիկա մեկ-երկու ամսվա կտրվածքով:
Ականհայտ է, որ առաջիկա ամիսներին ընդդիմությունը զերծ կմնա ակտիվ հրապարակային գործողություններից՝ իր ուշադրության կենտրոնում պահելով Մարտի 1-ի գործով վերաքննությունը: Անկեղծ ասած, նախաքննության խմբի գործողությունները քննադատության բավարար հիմքեր ստեղծում են: «Թեև իրավապահ մարմինները, կարծես թե, փութաջանորեն լծվել են Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականի (20.04.2011) կատարման գործին, բայց տպավորություն է ստեղծվում, որ մենք կրկին ականատես ենք դառնում նիկոյանական տիպի մի նոր խեղկատակության։ Պատճառներից մեկը թերևս տվյալ հանձնարարականի անորոշությունն է, քանի որ նրանում ընդամենը «թափ և ընդգծված ակտիվացում է ակնկալվում մարտի 1-ի դեպքերի բացահայտման հարցում»։ Մինչդեռ խնդիրն այն է, որ Հայաստանի հասարակությունը և միջազգային հանրությունը հստակորեն պահանջում են ոչ թե մարտի 1-ի դեպքերի, այլ կոնկրետ տասը սպանությունների բացահայտում՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով, առաջին հերթին, ոճրագործության պատասխանատուների նկատմամբ ուշացած արդարադատության իրականացմամբ… Քանի դեռ այդ սպանությունները չեն բացահայտվել, զոհերի ընտանիքներն ու վիրավորները բավականաչափ նյութական փոխհատուցում չեն ստացել և ոճրագործները չեն կանգնել դատարանի առջև, արդարադատության նկատմամբ հասարակության վստահության վերականգնման և ներազգային համերաշխության մթնոլորտի հաստատման մասին անիմաստ է խոսել՝ հանգամանք, որն իրենց վերոհիշյալ զեկույցներում հարկ են համարել հատուկ ընդգծել նաև Պրեսկոտը, Ֆիշերն ու Համմարբերգը»,- մի քանի ժամ առաջ հայտարարեց Տեր-Պետրոսյանը։
Մարտի 1-ի բացահայտման թեման ՀԱԿ համար առաջնայինն է լինելու առաջիկա ամիսների քաղաքական գործընթացում, գուցե՝ նաեւ առաջիկա ընտրարշավի օրակարգում: Ասենք, չի բացառվում, որ առաջիկա շաբաթներին ՀԱԿ-ը պաշտոնապես պահանջի փոխել քննություն իրականացնող խմբի կազմը կամ հարցաքննության կանչել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ այլն:
Երկխոսության ձեւաչափի եւ բովանդակության հարցում, դատելով Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթից, ՀԱԿ-ը չի վերանայել իր մոտեցումները, իհարկե՝ առայժմ չվերանայելով նաեւ որդեգրված «երկխոսության պատուհանը բաց է» մարտավարությունը: «Այդպիսի երկխոսություն չի լինում, որովհետև ցանկացած երկխոսություն կողմերի հավասարություն է ենթադրում։ Հետևաբար, որքան էլ իշխանությունը համառի, միևնույն է, վերջիվերջո մեզ հետ խոսելու է պատշաճ, այսինքն՝ պատվիրակության մակարդակով… Երկխոսություն՝ այո՛, բայց ոչ թե երկրորդական, այլ առաջին հերթին հիմնական հարցերի շուրջ, որոնցից գլխավորը արտահերթ ընտրությունների անցկացումն ու սահմանադրական կարգի վերականգնումն է։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր նպատակը ոչ թե անպայման իշխանության հասնելն է, այլ օրինական ընտրությունների միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորումը։ Եթե արդար ընտրությունների արդյունքում հաղթի որևէ այլ քաղաքական ուժ, այդ թվում ներկա իշխանությունը, մենք առաջինը կշնորհավորենք նրան։ Սկզբունքի տեսակետից՝ դա Կոնգրեսի և անձամբ ինձ համար գուցե ավելի մեծ հաղթանակ լինի, քան իշխանական աթոռներին բազմելը… Ուստի որքան էլ մեր իշխանավորները համառեն ու փորձեն ժամանակ ձգել, միևնույն է, նրանք վաղ թե ուշ կանգնելու են արտահերթ ընտրություններ անցկացնելու հարկադրանքի առջև… Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, և առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»,- սրանք հատվածներ են Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ երկխոսությանը նվիրված հատվածից։
Ըստ այդմ, անենք մի քանի նախնական հետեւություն
- Առաջիկա մեկ-երկու ամսում ՀԱԿ մարտավարությունը չի փոխվելու, եւ Տեր-Պետրոսյանի թիմը սպասելու է, որ իշխանությունը ընդունի երկխոսության իր կանոնները: Մարտավարության փոփոխություն կարող է լինել միայն սեպտեմբեր — հոկտեմբեր ամիսներին, սակայն հասարակությունը դա կարող է ընկալել ոչ թե ընդդիմության գործողությունների ակտիվացման, այլ՝ մոտեցող ընտրական կամպանիայի համատեքստում:
- Ընդդիմությունն անընդհատ խոսում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտւթյան կամ անխուսափելիության մասին, սակայն չի բացահայտում, թե ինչպես է հասնելու դրանց, եթե իշխանությունը նույն համառությամբ հրաժարվի դրանք անցկացնել: ՀԱԿ-ի շուրջ քաղաքական եւ հասարակական կոնսոլիդացիայի այսօրվա մակարդակը թույլ չի տալիս, որ այդ քաղաքական միավորը սեփական ուժերով կարողանա հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը:
- «…ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը»: Տեր-Պետրոսյանի այս արտահայտությունն երկիմաստություն եւ որոշակի հակասություն է պարունակում: Նախ, այս գլխից էլ պարզ է, որ իշխանություններն ինքնակամ չեն կապիտուլացվելու, հետեւաբար՝ ո՞րն է սպասելու իմաստը: Եվ հետո, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ը նոր-նոր, այն էլ՝ սեպտեմբերին է պահանջելու գործող նախագահի հրաժարականը:
Իսկ ո՞ւմ հրաժարականն էր պահանջվում երեք տարի շարունակ: Միթե՞ երեք տարի շարունակ դա չի եղել ընդդիմության գլխավոր ու, ըստ էության, միակ պահանջը:
Անցյալ տարի ես գրել էի 72 համարի ավտոբուսի վարորդներից ոմանց հոգեկան հավասարակշռության կասկածներիս մասին՝ 72 համարի «գիժ» ավտոբուսը :
Չնայած մի տարի է անցել, ու ոչինչ չի փոխվել 72-ի գծում, բայց այն ժամանակ ես մենակ էի, իսկ էս մի տարում շատ բան է փոխվել, ես հենց դրանով էլ կարեւորում եմ ես անցած տարին՝ քաղաքացիական պահանջատիրական գիտակցություն ձեւավորվեց հասարակության մի բավականին մեծ մասի մոտ: Մանավանդ դա վառ արտացոլվում է Ֆեյսբուքում:
Ֆեյսբուքյան ակտիվիստները մետրոյի թանկացմանը դեմ՝ Դեմ ենք մետրոյի թանկացմանը, անդամները բաց նամակներ են հղել հուլիսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Դրանց բովանդակությոնը կարելի է ծանոթանալ քաղաքացիական նախաձեռնությունների լուսաբանման կայքում՝ http://organize-now.am: Նախաձեռնության անդամները պատրաստվում են թանկանալուն պես մարդաշատ բողոքի ակցիա անցկացնել մետրոյի կայարաններից մեկում, այն կայարանում, որը կընտրվի հարցման միջոցով:
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ քաղաքացիական նախաձեռնությունը վերջնականապես կազմավորվել է 18.06.2011 թվականին` երկրի տրանսպորտի վիճակով մտահոգված երիտասարդների կողմից այս կարգախոսի շուրջ՝ «Արժանապատիվ տրասնպորտ` արժանապատիվ քաղաքացիների համար»:
Մենք պահանջելու ենք ՀՀ կառավարությունից իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ տրանսպորտ` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
«Արժանապատիվ տրանսպորտ» ասելով` խմբի անդամները պատկերացնում են հետեւյալը.
1.Ոչ ոք չի կռանում տրանսպորտում:
2.Ոչ ոք չի մնում դրսում, չի ուշանում, նեղություն չի կրում տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով:
3. Տրանսպորտը սպասարկում է հասարակությանը նաեւ կեսգիշերից հետո:
4. Տրանսպորտում չի հնչում երաժշտություն:
5.Վարորդը չի ծխում:
6.Վարորդի հետ մինիմալ շփում:
Պահանջում ենք բոլոր երթուղայինների չվացուցակները միջոցառման անդամները պատրաստվում են գնալ Հայավտոկայան ՓԲԸ գրասենյակի մոտ ու պահանջել ժամանակացույցը:
«Ես այսպես եմ պատկերացնում. մոտ 20 հոգով վաղը՝ հունիսի 1-ին գնում ենք գրասենյակի մոտ, մեկ հոգի մտնում է ներս եւ պահանջում է: Եթե նրան մերժում են՝ երկրորդն է մտնում ու պահանջում, հետո երրորդը, չորրորդը…
Եթե բոլորին մերժում են, բոլորով մտնում ենք ներս եւ հայտարարում ենք /նաեւ նկարահանում ենք/, որ իրենք խախտում են մեր տեղեկացված լինելու իրավունքը, որը երաժշախորված է ՀՀ Սահմանադրությամբ, եթե չեն մերժում, վերցնում ենք չվացուցակները եւ աշխատանքի բաժանում անում՝ որոշում ենք, թե ով որ համարի երթուղայինի աշխատանք է վերահսկելու. այսպես մենք մի քանի օրում կոնկրետ փաստացի արդյունք կունենանք: Չվացուցակ պահանջողները պետք է պատրաստ լինեն վճարելու տպելու կամ պատճենահանման գումարը, դա օրենքն է պահանջում. յուրաքանչյուրս եթե առավելագույնը 500 դրամ տա, ամբողջը կտպագրենք», -գրել է լրագրող, ակտիվիստ Արման Ղարիբյանը:
Հետագայում նա հավելել է. «Զանգահարեցի «Հայավտոկայան»ՓԲԸ, ասացին, որ գրավոր կարող ենք դիմել, կտրամադրեն չվացուցակները: Ովքե՞ր են ստորագրելու գրավոր դիմումի տակ»: Սա էլ դիմումը՝
Պահանջում ենք ժամանակացույցը
«Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության
Գլխավոր տնօրեն Վարդան Սողոմոնյանին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից
Նրանց ներկայացուցիչ` Արման Ղարիբյան
Հասցե`
Հեռախոս`
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պրն Սողոմոնյան,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում ենք մեզ տրամադրել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը սպասարկող երթուղային տաքսիների, ավտոբուսների չվացուցակների պատճենները:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը:
(Պատրաստ ենք վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ ենք`
Ով ուզում է ստորագրել սրա տակ, թող մոտենան «Ձեռքերի» արձանի մոտ, «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ, ժամը 13.00-16.00»:
Ես անձամբ, կպահանջեի նաեւ ավտոբուսների ժամանակացույցը, երեկ երեք հատ հենց էդ նույն՝ 72 համարի ավտոբուս մի ուղղությամբ գնացին, իսկ հակառակ ուղությամբ գնացողին 40 րոպե սպասել եմ, վարորդն ասեց՝ «քուր ջան, մենք ի՞նչ, դիսպեչերն ա ասում երբ քշենք, մենք էլ քշում ենք»:
«Ես հաստատ պարապ չեմ, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ քանի տարի առաջ եմ պարապ եղել, բայց կանեմ այդ գործը, մենք պետք է հաշվարկենք կոնկրետ խախտումները, արձանագրենք, մի գործ, որը իբր տրանսպորտի տեսչությունն է կատարում», — ասում է Արմանը:
Տեսնենք ի՞նչ ավարտ կունենա ակցիան: Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման լույսի տակ ինձ թվում է, թե մենք ինքնակառավարվող, ինքներս մեր հարցերը հոգացող ու լուծող հասարակաություն ենք: Բա էդ դեպքում մեր ինչի՞ն է պետք պետությունը, էլ ո՞ւմ ենք հարկեր վճարում: Ըստ իս, համակարգը պետք է աշխատի, ու էդ ժամանակ ոչ ոք չի մտածի կարգեր կամ տիրակալներ փոխելու մասին, ուզում է սատանան էլ լինի նախագահ, չի կարողանա օրենքին հակառակ բան անել, ու իմ ու քո կեցությունը, ապահովությունն ու իրավունքները կապ չեն ունենա նրա ով լինելու հետ: Գուցե՞ կգա այդ օրը, ու ես էլ չեմ լինի: Բայց, էս պահանջատիրական տեմպերով եթե շարժվենք, իմ հաշվարկով առանց որեւէ ցնցումների, 10 տարի հետո կունենանք բավականին հոծ պահանջատիրական քաղաքացիական հասարակություն, որն էլ կկարողանա թելադրել պայմաններ ու աշխատացնել ժողովրդի ծառաներին:
Այսօր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է:
Երկրի երեք նախագահներից յուրաքանչյուրն ունի որոշակի կերպար, բանավորության գիծ, ասոցիացիա, որոնց միջոցով հասարակությունը գնահատում է նրանց:
Օրինակ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին բոլորը համարում են ինտելեկտուալ մարդ, բայց շատերը նշում են, որ նրա մոտ հաճախ բացակայել են հետեւողականությունը, վճռականությունը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին վճռական մարդ է, բայց նրա այդ վճռականությունը շատ հաճախ իռացիոնալ դրսեւորումներ է ունեցել` նույնանալով քինախնդրության հետ:
Սերժ Սարգսյանը, որպես պետական գործիչ, հակասական կերպար է:
Իմ վաղ երիտասարդության տարիներին նրա կերպարն ասոցացվում էր զինվորական համազգեստի հետ: 1992-93թթ — ին նա հաճախ էր զինվորական համազգեստով հայտնվում հեռուստաէկրանին` ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի ղեկավարի կարգավիճակով: Սարգսյանն իսկապես լուրջ դերակատարություն է ունեցել ղարաբաղյան շարժման, նաեւ` պատերազմի տարիներին: Մյուս կողմից, գոնե հրապարակայնորեն անհայտ է այն պատճառը, որը ստիպեց Սարգսյանին 90-ականների սկզբին լքել Ղարաբաղը եւ բարձր պաշտոնների անցնել Հայաստանում:
Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանի թիմում ամենավստահելի ու առանցքային գործիչներից մեկն է եղել: Փաստերն առավել, քան` խոսուն են. Նա եղել է պաշտպանության, ապա ազգային անվտանգության նախարար, ապա ղեկավարել է ՆԳ և Ազգային Անվտանգության միացյալ նախարարությունը: Սակայն 1998-ին նա կարեւոր դերակատար էր նաեւ այն խմբում, որն հակադրվեց Տեր-Պետրոսյանին` վերջինիս հրաժարականի պատաճառը դառնալով:
Սերժ Սարգսյանը նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն էր, սակայն նրա նախագահության շրջանն էապես տարբերվում է իր նախորդինից: Չի կարելի ասել, որ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանը ժողովրդավարական է դարձել, սակայն չկա այն անհանդուրժողականությունը, որը բնորոշ էր քոչարյանական կառավարմանը: Համենայնդեպս, Քոչարյանի պաշտոնավարման օրոք դժվար էր պատկերացնել, որ երկու անգամ համաներում կլինի` քաղբանտարկյալների հարցը լուծելու նպատակով, կամ կքննարկվի ընդդիմության հետ երկխոսության թեման:
Սերժ Սարգսյանը կարեւոր դերակատարություն ունի ղարաբաղյան շարժման, Երրորդ Հանրապետության քաղաքական պատմության մեջ, բայց առայժմ դժվար է հստակ, ամբողջական գնահատական տալ նրա դերակատարությանը, գործունեությանը: Գուցե այդ բանը կարողանանք անել հաջորդ տարիներին:
Իսկ առայժմ շնորհավորենք պարոն Սարգսյանին տարեդարձի առթիվ` մաղթելով նրան հաջողություններ անձանական կյանքում եւ պատասխանատու աշխատանքում:
«Հարավ- կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում սպասում են ընկերության գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինի մոտալուտ պաշտոնանկությանը, իսկ «Երկաթգիծը» պաշտոնապես հերքում է այս մասին լուրերը։ Պաշտոնանկության բուն պատճառը պարզ չէ։ Շայդուլինի մերձավորները տարածում են վարկած, որի համաձայն «Ռուսական երկաթգծի» ղեկավարությունը որոշել է նրան տեղափոխել կենտրոնական ապարատ, քանի որ նման փորձառու մասնագետի և կառավարչի ուժերն ավելի կարևոր հանգույցներում են անհրաժեշտ, քան շրջափակումներից այդպես էլ դուրս չեկած Հայաստանն է։ Ռուսական իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, որոշ գործարքներով Շայդուլինը վերջերս հայտնվել է ՌԴ հատուկ ծառայությունների տեսադաշտում, և վերջիններս Շայդուլինի դեմ նյութեր են նախապատրաստում։ Հիշեցնենք, որ ժամանակին հայկական մամուլում տեղեկություններ հայտնվեցին ռուսաստանյան այս պաշտոնյաի ահաբեկիչների հետ կապերի մասին ։ Բացառված չէ, որ հենց այս պատճառով է ազգությամբ թաթար Շևքեթն արժանացել Մոսկվայի իրավապահների ուշադրությունը։ Ինչպես հայտնի է, Մեդվեդեվի աշխատակազմը լուրջ գործունեություն է սկսել կոռուպցիայի և ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ, շաղկապելով այս երկու գործընթացը։ Հիշեցնենք նաև, որ Շայդուլինը ղեկավարում է «Հարավ- կովկասյան երկաթուղին» 2008 թվականից, իսկ մինչ այդ Սվերդլովյան երկաթուղու տնօրենն էր, բայց 2007 թվականի մարտին տեղի ունեցած տասնյակ բեռնատար վագոնների խոշոր վթարներից հետո նրան ազատեցին այդ պաշտոնից։ Սակայն սա Շայդուլինի միակ «թերությունը» չէր։ Մինչ այդ, 2005 թվականին «Ռուսաստանյան երկաթգիծ» ԲԲԸ ղեկավարությունը ստուգումներ էր անցկացրել Սվերդլովսկի իր մասնաճյուղում և բացահայտել էր, որ Շևքեթ Նուրալիյեվիչը 1 մլրդ 666 հազար ռուբլու վնաս է հասցրել պետությանը։ Ռեվիզիան 635,5 մլն ռուբլու չհաշվառված եկամուտ և ակտիվներ էր հայտնաբերել, կապիտալ շինարարության ծախսերի 47 մլն-ից ավելի գերազանցումներ, փաստաթղթերում չֆիքսված սև փողեր և այլն։ Պետության հաշվին նա մոսկովյան իր շքեղ պալատի ծախսերն էր փակում, բնակարաններ էր բաժանում իր մերձավորներին, որոնց բերել էր Նիժնի Նովգորոդից, «լավ մարդկանց» պաշտոններ էր բաժանում, հետագայում իրեն մուծվելու պայմանով։ Այս ամենի մասին հիշատակել է այդ տարիների ռուսական մամուլը։ Թե ինչպես հայտնվեց այսքան փայլուն աշխատանքային կենսագրություն ունեցող անձը Հայասատանի համար ռազմավարական նշանակություն ունեցող կառույցի ղեկավարի պաշտոնում, կարծում եմ, ազգային անվտանգության հարց է։ Տեղեկություններ կան, որ Հայաստանում նրա հարաբերությունները գործարարների հետ հարթ չեն եղել։ Մեր աղբյուրների թվում են Շևքեթ Նուրալիեվիչի կողմից քցված մարդիկ, որոնք վստահեցնում են, որ նա բարեխիղճ չէ ֆինանսական գործարքներում։
Նոր մանրամասներ են ի հայտ եկել շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի սպանության հետ կապված: Սպանության մեջ մեղադրվող հիվանդատերը` Արտակ Կարապետյանը, պարզվում է, նախ ծեծել է հորը, ում համար հետո շտապօգնություն են կանչել:
Այդ օրը ծեծից հետո հայրը վատացել է: Շտապօգնության ժամանելուց հետո Կարապետյանը սկսել է հայհոյել և ծեծել բժշկին, ով, ասում են բարձրակարգ վիրաբույժ էր և 30 տարվա աշխատանքային կենսագրությունից հետո գնացել և շտապօգնության բժիշկ է աշխատել, ինչը չէր կարող պատահել ոչ մի նորմալ երկրում:
Ծեծը սկսվել է նախ դրսում. հիվանդատերը հայհոյանքներ է տեղացել, ծեծել և, փաստորեն, թույլ չի տվել բժիշկին բարձրանալ տուն և օգնություն ցուցաբերել իր կողմից ծեծված հորը: Բայց բժիշկը, ըստ պաշտոնական տեղեկության, ամեն դեպքում կարողացել է հասնել հիվանդի մոտ և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Հարբած վիճակում գտնվող հիվանդատերը սակայն չի հագեցել և բուժօգնություն ցուցաբերած բժշկին շարունակել է ծեծել` մինչև մահվան հասցնելը:
Սա, իհարկե, զարհուրելի դեպք է: Դրա հետ մեկտեղ առավել զարհուրելի է այն, որ այդ ամբողջ ժամանակահատվածում ծեծի ականատեսները չեն համարձակվել որևէ բան ձեռնարկել, գոնե ոստիկանություն, կամ լրացուցիչ օգնություն կանչել:
Հետաքրքիր է, բայց բժշկի սպանության լուրն իբրև ահասարսուռ պատմություն շրջանառելիս հնչում են կարծիքներ, թե քիչ չեն այն դեպքերը, երբ բժիշկների կողմից մարդկանց «սպանելու» փաստերի վերաբերյալ է այսպիսի աժիոտաժ առաջացել: Իսկ այս առումով փաստերն ավելի քան խոսուն են և բազմաթիվ: Եթե Աշոտ Գրիգորյանը եզակի բժիշկ էր, որ սպանվեց հարբած հիվանդատիրոջ կողմից` աֆեկտի ազդեցությամբ (հարբած երիտասարդը բարկացել էր շտապօգնության ուշանալու համար), ապա Հայաստանում գրեթե ամեն օր, բժիշկների մեղքով մարդիկ են մահանում կամ հաշմվում: Նույն շտապօգնության ծառայությունների ոչ պրոֆեսիոնալ բուժօգնության պատճառով անփութության, անտարբերության, կամ իրենց մասնագիտությանը ոչ բավարար տիրապետելու պատճառով մարդիկ կորցնում են ոչ միայն առողջությունը:
Այսօր Գյումրու բուժաշխատողներն են բողոքի ակցիա կազմակերպել: Իսկ բժիշկ Նինա Արիստակեսյանն այնպիսի ելույթ է ունեցել, որ բուժաշխատողներն անգամ հուզվել են: «Դուք ինձ մեղադրում եք, որ ես էմոցիոնալ եմ: Պարոն Հովհաննիսյան, իսկ դուք գիտե՞ք, թե ինչ մարդ է մահացել, նա ոսկի ձեռքեր ուներ, իսկ գիտե՞ք որտեղ է ապրել` հանրակացարանում: Իսկ գիտե՞ք ով է հուղարկավորել, այո գիտեք, Դուք էլ եք մասնակցել այդ հանգանակությանը»,-ասել է Նինա Արիստակեսյանը` դիմելով իրենց վարչության պետին, նշելով թե` հասարակությունն ու իշխանություններն են մեղավոր, որ չմտածեցին անգամ իր մասնագիտական պարտքը բարեխղճորեն կատարած մարդուն արժանապատիվ հուղարկավորելու մասին:
Եթե դա այդպես է,առավել քան տարօրինակ է` նախարար Քուշկյանը գեղեցիկ խոսքեր ասելու փոխարեն, կարող էր ապացուցել համակարգի հարգանքն իր բժիշկի հիշատակի հանդեպ, կազմակերպելով պատշաճ հուղարկավորություն:
Վաղն Ազատության հրապարակում կայանալու է ՀԱԿ հերթական հանրահավաքը, որն առաջինն է լինելու իշխանություն-ընդդիմություն երկխոսության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ երկրի նախագահը սկզբունքորեն ողջունել էր երկխոսության գաղափարը, սակայն, ըստ էության, մերժել էր այն օրակարգն ու ձևաչափը, որն առաջարկել էր ՀԱԿ-ը:
Այս իրավիճակում, մանավանդ` այն բանից հետո, երբ Կազանում բեկում չարձանագրվեց ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացում, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը երկու ճանապարհ ունի: Վաղվա հանրահավաքը կոչված է բացահայտելու ՀԱԿ մարտավարության ընտրությունը:
ՀԱԿ-ը կարող է արմատականացնել իր դիրքորոշումն ու վարքագիծը, արձանագրել, որ իշխանության հետ երկխոսության պատուհանն այլևս փակված է, հայտարարել իշխանության հետ ջրբաժանի մասին: Սա կենթադրի նաև վարքագծային փոփոխություն, հանրահավաքների հաճախակիացում, հեղափոխական վիճակ ստեղծելու ձգտում: Արտաքուստ այս տակտիկան գրավիչ է, մանավանդ որ` ընդդիմության շարքերի մի ստվար մաս հենց դա է ուզում: Բայց եթե դուրս գանք էմոցիոնալ հարթությունից, դժվար չէ նկատել, որ այս պահին Հայաստանում հեղափոխական զարգացումների սցենարն աշխատող չէ, ու եթե ՀԱԿ-ը գերապատվությունը տա ձախողման դատապարտված տակտիկային, կորուստներ է կրելու հեռանկարային իմաստով: Ասենք, կարելի է հեռու չգնալ և հիշել Հայաստանի ընդդիմության 2004-2007 թթ.-ի գործունեությունը, երբ «հեղափոխություն» բառն ամենապոպուլյարն էր, նշանակվում էին հեղափոխության կոնկրետ օրեր ու ժամեր: Արդյունքում` չիրականացված հեղափոխության ոչ մի հեղինակ չհայտնվեց անգամ խորհրդարանում, որովհետև մինչև 2007-ի ընտրություններն ընդդիմադիր բոլոր ուժերը ժողովրդի աչքին արժեզրկվել էին:
ՀԱԿ-ն ունի երկրորդ ճանապարհը, որով հավատարմություն է հայտնվում երկխոսության գաղափարին և պատրաստակամություն է հայտնվում որոշակի զիջումների գնալ երկխոսության օրակարգի և ձևաչափի հարցերում: Սա գուցե Տեր-Պետրոսյանին այս պահին զրկի համակիրների որոշակի հատվածից, բայց մանևրելու մեծ դաշտ կտա, թույլ կտա երկրում ձևավորել մրցակցային միջավայր` խորհրդարանական և նախագահական հերթական ընտրություններից առաջ: Մրցակցությունը պետք է որ չմտահոգի առաջին նախագահին. նա ունի բավականին որակյալ թիմ` թե փորձառության և թե մտավոր ներուժի առումով:
Սրանք մեր վարկածներ էին, իսկ ընդդիմության վարկածի մասին կխոսենք վաղվա հանրահավաքից հետո:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.