29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Անցյալ տարի ես գրել էի 72 համարի ավտոբուսի վարորդներից ոմանց հոգեկան հավասարակշռության կասկածներիս մասին՝ 72 համարի «գիժ» ավտոբուսը :
Չնայած մի տարի է անցել, ու ոչինչ չի փոխվել 72-ի գծում, բայց այն ժամանակ ես մենակ էի, իսկ էս մի տարում շատ բան է փոխվել, ես հենց դրանով էլ կարեւորում եմ ես անցած տարին՝ քաղաքացիական պահանջատիրական գիտակցություն ձեւավորվեց հասարակության մի բավականին մեծ մասի մոտ: Մանավանդ դա վառ արտացոլվում է Ֆեյսբուքում:
Ֆեյսբուքյան ակտիվիստները մետրոյի թանկացմանը դեմ՝ Դեմ ենք մետրոյի թանկացմանը, անդամները բաց նամակներ են հղել հուլիսի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Դրանց բովանդակությոնը կարելի է ծանոթանալ քաղաքացիական նախաձեռնությունների լուսաբանման կայքում՝ http://organize-now.am: Նախաձեռնության անդամները պատրաստվում են թանկանալուն պես մարդաշատ բողոքի ակցիա անցկացնել մետրոյի կայարաններից մեկում, այն կայարանում, որը կընտրվի հարցման միջոցով:
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՏՐԱՆՍՊՈՐՏ քաղաքացիական նախաձեռնությունը վերջնականապես կազմավորվել է 18.06.2011 թվականին` երկրի տրանսպորտի վիճակով մտահոգված երիտասարդների կողմից այս կարգախոսի շուրջ՝ «Արժանապատիվ տրասնպորտ` արժանապատիվ քաղաքացիների համար»:
Մենք պահանջելու ենք ՀՀ կառավարությունից իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ տրանսպորտ` ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում:
«Արժանապատիվ տրանսպորտ» ասելով` խմբի անդամները պատկերացնում են հետեւյալը.
1.Ոչ ոք չի կռանում տրանսպորտում:
2.Ոչ ոք չի մնում դրսում, չի ուշանում, նեղություն չի կրում տրանսպորտի վատ աշխատանքի պատճառով:
3. Տրանսպորտը սպասարկում է հասարակությանը նաեւ կեսգիշերից հետո:
4. Տրանսպորտում չի հնչում երաժշտություն:
5.Վարորդը չի ծխում:
6.Վարորդի հետ մինիմալ շփում:
Պահանջում ենք բոլոր երթուղայինների չվացուցակները միջոցառման անդամները պատրաստվում են գնալ Հայավտոկայան ՓԲԸ գրասենյակի մոտ ու պահանջել ժամանակացույցը:
«Ես այսպես եմ պատկերացնում. մոտ 20 հոգով վաղը՝ հունիսի 1-ին գնում ենք գրասենյակի մոտ, մեկ հոգի մտնում է ներս եւ պահանջում է: Եթե նրան մերժում են՝ երկրորդն է մտնում ու պահանջում, հետո երրորդը, չորրորդը…
Եթե բոլորին մերժում են, բոլորով մտնում ենք ներս եւ հայտարարում ենք /նաեւ նկարահանում ենք/, որ իրենք խախտում են մեր տեղեկացված լինելու իրավունքը, որը երաժշախորված է ՀՀ Սահմանադրությամբ, եթե չեն մերժում, վերցնում ենք չվացուցակները եւ աշխատանքի բաժանում անում՝ որոշում ենք, թե ով որ համարի երթուղայինի աշխատանք է վերահսկելու. այսպես մենք մի քանի օրում կոնկրետ փաստացի արդյունք կունենանք: Չվացուցակ պահանջողները պետք է պատրաստ լինեն վճարելու տպելու կամ պատճենահանման գումարը, դա օրենքն է պահանջում. յուրաքանչյուրս եթե առավելագույնը 500 դրամ տա, ամբողջը կտպագրենք», -գրել է լրագրող, ակտիվիստ Արման Ղարիբյանը:
Հետագայում նա հավելել է. «Զանգահարեցի «Հայավտոկայան»ՓԲԸ, ասացին, որ գրավոր կարող ենք դիմել, կտրամադրեն չվացուցակները: Ովքե՞ր են ստորագրելու գրավոր դիմումի տակ»: Սա էլ դիմումը՝
Պահանջում ենք ժամանակացույցը
«Հայավտոկայարան» փակ բաժնետիրական ընկերության
Գլխավոր տնօրեն Վարդան Սողոմոնյանին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից
Նրանց ներկայացուցիչ` Արման Ղարիբյան
Հասցե`
Հեռախոս`
Տեղեկություն ստանալու հարցում
Հարգելի պրն Սողոմոնյան,
Համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում ենք մեզ տրամադրել տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը սպասարկող երթուղային տաքսիների, ավտոբուսների չվացուցակների պատճենները:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը:
(Պատրաստ ենք վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):
Կանխավ շնորհակալ ենք`
Ով ուզում է ստորագրել սրա տակ, թող մոտենան «Ձեռքերի» արձանի մոտ, «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ, ժամը 13.00-16.00»:
Ես անձամբ, կպահանջեի նաեւ ավտոբուսների ժամանակացույցը, երեկ երեք հատ հենց էդ նույն՝ 72 համարի ավտոբուս մի ուղղությամբ գնացին, իսկ հակառակ ուղությամբ գնացողին 40 րոպե սպասել եմ, վարորդն ասեց՝ «քուր ջան, մենք ի՞նչ, դիսպեչերն ա ասում երբ քշենք, մենք էլ քշում ենք»:
«Ես հաստատ պարապ չեմ, չեմ էլ հիշում, թե վերջին անգամ քանի տարի առաջ եմ պարապ եղել, բայց կանեմ այդ գործը, մենք պետք է հաշվարկենք կոնկրետ խախտումները, արձանագրենք, մի գործ, որը իբր տրանսպորտի տեսչությունն է կատարում», — ասում է Արմանը:
Տեսնենք ի՞նչ ավարտ կունենա ակցիան: Քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման լույսի տակ ինձ թվում է, թե մենք ինքնակառավարվող, ինքներս մեր հարցերը հոգացող ու լուծող հասարակաություն ենք: Բա էդ դեպքում մեր ինչի՞ն է պետք պետությունը, էլ ո՞ւմ ենք հարկեր վճարում: Ըստ իս, համակարգը պետք է աշխատի, ու էդ ժամանակ ոչ ոք չի մտածի կարգեր կամ տիրակալներ փոխելու մասին, ուզում է սատանան էլ լինի նախագահ, չի կարողանա օրենքին հակառակ բան անել, ու իմ ու քո կեցությունը, ապահովությունն ու իրավունքները կապ չեն ունենա նրա ով լինելու հետ: Գուցե՞ կգա այդ օրը, ու ես էլ չեմ լինի: Բայց, էս պահանջատիրական տեմպերով եթե շարժվենք, իմ հաշվարկով առանց որեւէ ցնցումների, 10 տարի հետո կունենանք բավականին հոծ պահանջատիրական քաղաքացիական հասարակություն, որն էլ կկարողանա թելադրել պայմաններ ու աշխատացնել ժողովրդի ծառաներին:
Կտավատի սերմի ծննդավայրն է համարվում հին Հնդկաստանը, հենց այնտեղ են մոտ 9000 տարի առաջ արտադրվել առաջին քաթանե գործվածքները: 4 — 5 հազար տարի մ.թ.ա. այդ բույսը լավ հայտնի էր Միջագետքի, Ասորեստանի, Եգիպտոսի բնակիչներին: Կտավատը համարում էին պտղաբերության, բերրիության և մայրության եգիպտական աստվածուհի Իսիդայի բույսը:
Հին հույներին էլ էին հայտնի կտավատի սերմի բուժիչ հատկությունները: Հիպոկրատը խորհուրդ էր տալիս օգտագործել լորձաթաղանթի բորբոքումների դեպքում: Իսկ Հին արևելյան բժշկության մեջ օգտագործվում էին կտավատի սերմերն ու յուղը` որպես լուծող, մաքրող ու փափկացնող հատկություններով օժտված դեղորայք: Ըստ Ավիցենայի նկարագրությունների` կտավատի սերմն օգնում է ազատվել հազից, միզապարկի, երիկամների և աղիքների խոցերից, նաև` կտավատի սերմի ու բնական սոդայի ու թզի հետ միասին պատրաստված դեղաքսուքը լավ օգնում է պեպենների ու պզուկների դեմ:
Հայտնի է, որ կտավատը քարե դարից աճեցվել է որպես մշակութային բույս: Հունաստանում և Հռոմում կտավատից գործվածքներ են հյուսել, կարել են հագուստ, անկողնու սպիտակեղեն, կտավ, նավահանդերձանք: Դրանից բացի, կտավատից ստացված քաթանը որպես կտավ է օգտագործվել նկարչության համար: Հինգ հազար տարեկան բուրգերում հայտնաբերվել են քաթանով փաթաթված մումիաներ (նրանք այժմ պահվում են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում):
Հին ժամանակներում քաթանե գործվածքը ոսկու գին ուներ: Քրիստոսին էին պարուրել քաթանով, նաև այն սրբիչը՝ Սուրբ Դեմքի, որի վրա արտապատկերվել է Քրիստոսը՝ նույնպես քաթանից էր:
Հնում կտավատը աճեցվում ու օգտագործվում էր հիմնականում արդյունաբերական նպատակներով՝ քաթան ստանալու համար, գործում էին շատ ամուր առագաստներ, ձկնորսական ցանցեր, պարաններ, ինչպես նաև՝ քամում էին յուղ, որով համ ճաշ էին եփում, համ էլ` բուժվում…
Կտավը՝ քաթանը, էկոլոգիապես մաքուր հյուսվածք է: Այս բույսի ամեն հատվածն օգտագործվում է: Փափուկ հյուսվածքն օգտագործվում է տեքստիլ արդյունաբերության մեջ՝ բարձրորակ գործվածք ստանալու համար, ինչպես նաև` թղթի արդյունաբերության մեջ: Ցողունային մասը՝ ավելի փայտացած հատվածը, օգտագործվում է շինարարական աղյուսների ու կղմինդրերի արտադրության մեջ, որոնք ոչնչով չեն զիջում մեզ հայտնի ДСП ու ДВП-ներին: Կտավատի ձեթը կամ յուղը օգտագործում են յուղաներկերի ու օճառի արտադրության մեջ, սերմերն ու յուղը նաև օգտագործում են սննդի արդյունաբերության մեջ:
Քաթանե հագուստի հետ կապված նորաձևության բումն անհիմն չէ՝ էկոլոգիապես մաքուր հյուսվածքներն էլեկտրական լիցքեր չեն հավաքում իրենց վրա, շոգին հով են պահում մարմինը, իսկ ցրտին՝ տաք, քաթանը «շնչում է»: Ճապոնացի բժիշկները նկատել են, որ քաթանը բուժիչ հատկություն ունի. անկողնուն գամված հիվանդների մարմինը չի թմրում ու անզգայանում երկար պառկելուց, եթե նրանց սավանները քաթանից են: Եթե դուք կրում եք այդպիսի հագուստ, անհետանում են բազմաթիվ մաշկային հիվանդություններ՝ ամենասովորական քրտնխաշից մինչև քրոնիկ էկզեմա:
Բոլորին հայտնի են կտավատի սերմերի ու յուղի բուժիչ հատկությունները: Ցնցող հատկություններ ունեն՝ պարունակում են մեծ քանակությամբ յուղեր, թթուներ, վիտամիններ ու հանքային նյութեր: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ կտավատի յուղի օգտագործումը նվազեցնում է ինսուլտի զարգացման վտանգը 37%-ով: Կտավատի սերմերը հարուստ են բուսական ճարպերով, հատկապես պոլիչհագեցված կամ անփոխարինելի ճարպաթթուներով՝ օմեգա-3 և օմեգա-6, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի կենսագործունեության համարյա բոլոր պրոցեսների վրա: Դրան զուգահեռ՝ կտավատի սերմերը պարունակում են բավական մեծ քանակությամբ վիտամիններ՝ (А, В, Е, Р) և այլ կենսաբանական ակտիվ նյութեր:
Ժողովրդական բժշկության մեջ կտավատի յուղը լայն կիրառում ունի ճարպակալման, աղեստամոքսային տրակտի, միզուղիների, սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում կիրառվող դիետիկ ու բուժական-պրոֆիլակտիկ սննդակարգի մեջ:
Կտավատի սերմերն ու յուղը օգտագործվում են.
Որպես լուծողական՝ փորկապության դեպքում, բարելավում են ենթաստամոքսային գեղձի վիճակը, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը, արագացնում մետաբոլիկ պրոցեսները, իջեցնում արյան խոլեստերինի մակարդակը, նորմալացնում արյան ճնշումը, նպաստում սակավարյունության բուժմանը, նվազեցնում ալերգիկ ռեակցիաները: Ունեն հանգստացնող հատկություն, որը շատ կարևոր է սթրեսային իրավիճակներում, դաշտանադադարի ու ցավոտ կրծքագեղձի պրոբլեմների ժամանակ: Նաև խորխաբեր են՝ նպաստում են տոնզիլիտի, թոքաբորբի, սուր և քրոնիկ բրոնխիտի, տուբերկուլոզի, անգինայի բուժմանը, ասթմատիկ նոպաների նվազմանը:
Կտավատը չափազանց արդյունավետ է ճարպակալման, կորոնար սրտային հիվանդության, հիպերտոնիայի, երակների վարիկոզ լայնացման, միզուղիների բորբոքային հիվանդությունների (ցիստիտ) և միզապարկի քարերից ազատվելու համար:
Արտաքին օգտագործման ձևով կտավատի ձեթը կիրառվում է հոդերի ու ողնաշարի, ռևմատիզմով տառապող մարդկանց, արտրիտների, տրոպիկ խոցերի, այրվածքների ու էկզեմայի, փսորիազի, ճառագայթային հիվանդությունից առաջացած վերքերի, ուռուցքների, ինչպես նաև միջատների խայթոցների տեղային բուժման համար:
Կտավատի ձեթն օգնում է թութքի և դիզենտերիայի մնացորդային ազդեցության վերացմանը: Գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում օգտագործում են որպես հակաբորբորքիչ՝ թրջոց-տամպոնների տեսքով:
Երկար-բարակ կարելի է պատմել հրաշք կտավատի բուժիչ հատկությունների մասին, կարելի է նաև ուղղակի երկու խոսքով ասել՝ «Ամեն ինչի դարման»: Կտավատի սերմերն ու յուղը օգտակար են յուրաքանչյուրին, ու եթե անգամ չեն բուժում ամեն ինչ, ապա օգնում են օրգանիզմին ուժ հավաքել, կարգավորում են օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը, իսկ օմեգա-3 ճարպաթթվի հրաշագործ հատկությունները դեռ նորանոր բացահայտումներ են խոստանում:
Գնեք շուկայից կտավատ, աղացեք սրճաղացով կամ թակեք-մանրացրեք, ու ամեն առավոտ մի ճաշի գդալ խառնեք կես բաժակ ջրի մեջ, տասը րոպե հետո կուռչի, նորից խառնեք ու, չթողնելով` նստի բաժակի հատակին, խմեք: Ես խմում եմ:
Ընդհանրապես՝ կարելի է ապրել «ժամացույցի մեխանիզմի նման» և չվախենալ այնպիսի վտանգավոր հիվանդություններից, ինչպիսիք են` շաքարախտը, աթերոսկլերոզը, կորոնար սրտային հիվանդությունը, ինսուլտը (կաթված), լյարդի ցեռոզը, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցը և շատ այլ հիվանդություններ: Կտավատը բնության ստեղծած հրաշք է
Օգնել է՝ newtime.co.ua
Ես բազմիցս գրել եմ գիտնականների ֆեյսբուքյան նախաձեռնության մասին, բայց դադարեցի գրել, երբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից «պոկեցին» միջազգային հեղինակավոր պարբերականներում տպագրած մեր երիտասարդ գիտնականների IF (inpact factor)` ազդեցության գործակից ունեցող նյութերի համար, իմ հաշվարկով, մոտ 15 մլն դրամ:
Ես այնտեղ էի, ներկա էի, ես տեսել եմ այդ երիտասարդների դեմքերը՝ նրանք չեն ուզում ուզվոր լինել…
Ուղղակի պատմեմ:
Գնացինք Ծառուկյանի կոնյակի գործարան՝ մրցանակաբաշխության: Ներքևում շինարարական աշխատանքներ էին կատարվում, փոշու մեջ կորանք` նախքան շենք մտնելը: Մտանք, մեզ գրանցեցին, ու բարձրացանք վերև: Արդարության համար ասեմ, որ «սթաֆը»՝ աշխատակազմը, բավականին կազմակերպված էր. աղջիկները՝ ժպտերես, առանց ավելորդ «մաքիաժի» ու շատ կարճ փեշերի, անվտանգության թե կազմակերպչական, չգիտեմ ոնց է ճիշտ ասել, մասը ապահովող երիտասարդը նույնպես բարեհամբույր էր ու, ըստ ամենայնի, շատ լավ գիտեր ու անում էր իր գործը՝ «ժողովրդին» պատրաստում էր «թագավորի» հետ հանդիպմանը: Մոտ կես ժամից ավելի սպասելուց հետո, երբ մի մասին տեղավորել էին արդեն երկար ու կլոր հուժկու սեղանի շուրջ` նույնքան հուժկու մարդաբոյի աթոռների վրա, մնացածին էլ սեղանի հետևներում՝ էնպես, որ հետևում նստածները չէին կարողանում տեսնել սեղանի շուրջ իրենց մեջքով նստած մարդկանց մարմնի գեթ մի թիզ մասը: Ես պտտվեցի, որ հարմար տեղ գտնեմ, ու որ ինձ երևա ամեն ինչ, չգտա: Տեղավորվեցի մուտքի մոտ: Դռներն անընդհատ փակում էին, դռան հետևում անձնակազմը փողկապներն ու սանրվածքներն էր դզմզում, ու վերջապես ՆԱ եկավ…
Բոլորը ոտքի կանգնեցին ու իրարից ամաչելով ծափահարեցին, այդ թվում` նաև ես. մեղքս ինչ թաքցնեմ՝ իրենց օրենքն էր, չնայած կարող էի հեռանալ, բայց հետաքրքրասիրությունս թույլ չտվեց գնալ, մնացի:
Ծառուկյանին ներկայացրեցին, հետո նա սկսեց խոսել այն մասին, թե որքան կարևոր է գիտությունը, և որքան են «իրենք» (ինչպես հայտնի է` Գագիկ Նիկոլաևիչենք սիրում են իրենց մասին հոգնակիով խոսել) ամեն ինչ անում, որպեսզի գիտությունը մեզ մոտ չմեռնի, որ գիտնականը կարենա որպես տղամարդ ընտանիք պահել, որ խոսելու տեղ ունենա ու մարդ զգա իրեն… և այլն, և այլն…
Հետո եկավ մրցանակները հանձնելու պահը, և Գագիկ Նիկոլաևիչին ասացին, որ գոնե 10 հոգու պետք է անձամբ հանձնի` չկարողացավ իրենից «ցրի» ձեռք սեղմելու ծանր պրոցեսը:
Ես նայում էի էդ երիտասարդներին ու ամաչում, որ մենք հասցրել ենք ամեն ինչ սրան… Ամաչում էի, որ պետություն չունեմ, որ պետությունս սնողը պետք է լինի նա, ով այսօր բարեգործում է… Ամաչելով էլ ոտքի էի կանգնել ու ամաչելով էլ ծափահարում էի… Նրանք էլ ամաչելով ստանում էին իրենց մրցանակները՝ որպես բարեգործություն, այն դեպքում, երբ դա պետք է աներ պետությունը ու աներ hավուր պատշաճի… Որ գիտնականին հոտնկայս դիմավորեինք, ոչ թե մրցանակը հանձնողին… Ներող՝ ստրկամտորեն…
Հանձնվեց 95 մրցանակ. ոմանք չէին ներկայացել տարբեր պատճառներով, բայց հիմնականում հենց էն պատճառով, ինչի մասին դուք մտածեցիք: Գագիկ Նիկոլաևիչն իր սնապարծության փայը ստացավ ի դեմս մի ծնողի (անունը չասեմ), որը ողողվել էր շնորհակալությունների մեջ, որն այդ օրն անվանեց իր կյանքի ամենաերջանիկ օրը, քանի որ իր որդու տաղանդն ու գիտելիքները գոնե մեկ մարդու կողմից գնահատվեցին: Հա, բան չեմ ասում, ծնողի համար տոն էր, ու ապրի Նիկոլաևիչը, ի դեպ` հենց այդ մարդուց էլ սովորել եմ այս դիմելու ձևը՝ Գագիկ Նիկոլաևիչ: Ուրեմն, ապրի´ ինքը, որ բարեգործում է, բայց ինչո՞վ է բարեգործում՝ հենց մեզնից կտրածով, հենց իմ փայով ու քո փայով, հենց անօրինությունները հովանավորելով, հենց «կոալիցիա-կոալիցիա» խաղալով… Գագիկ Նիկոլաևիչ, ինչո՞ւ եք ընտրովի բարեգործում, ինչո՞ւ եք ջնջել ձեր պաշտոնական ֆեյսբուքյան էջից ձեր սպորտսմենի` Սյու Սեպետչյանի մորը փրկելու խնդրանքը, ինչո՞ւ եք տենց կառչել էդ գիտնականներից… ռեյտինգ է չէ՞…
Է՜հ, բարեգործներ, բարեգործներ… Ա’պրիորի PR-ը, հետո մնացածը… Լավ չի, սխալ է:
Մի խոսքով, ավարտեմ Գագիկ Նիկոլաևիչի ընդունելությունը նրանով, որ էդ բարեգործությունից մի այլ բարեգործություն ծնվեց, ու երիտասարդներից մեկն այդ գումարով համակարգիչ գնեց ու նվիրեց մի տաղանդավոր անապահով երեխայի: Բայց դա առանձին պատմություն է, դրա մասին հետո…
Ասածս ի՞նչ էր` կասեք:
Պե՞տք է գիտնականներին էդ տիպի «ֆինանսավորման ավելացում», սրանք հո գլոբալ հեռագնա պրոյեկտներ չեն, սա ընդամենը միանգամյա PR ակցիա էր, որ խոսվի այն մասին, թե Նիկոլաևիչը ինչքան է հարգում գիտությունը: Հա, ասում են` խոստացել է էլի բաներ անել, տեսնենք, ես միայն ուրախ կլինեմ: Բայց մեկ է՝ սիրտս կախ է էդ երիտասարդների համար, չի կարելի նրանց կոտրել երկու կոպեկ փողով: Բա 2-3 տոկոս ՀՆԱ էիք պահանջում, բա ի՞նչ եղավ ձեր պահանջը:
Բա հանդիպել եք է՛լ Երիտասարդական հիմնադրամի Կարենին, է՛լ Աշոտյանին, է՛լ Հովիկ Աբրահամյանն էր խոստացել խորհրդարանական քննարկումներ, հանձնաժողով էլ կա, որի մեջ, ի դեպ, մտնում են այն բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները՝ դաշնակները, ժառանգականները, ՀՀԿ-ականները, ԲՀԿ-ականները, բոլոր նրանք, ովքեր խոստացել էին բարձրաձայնել ու պետական, պատշաճ մակարդակով լուծել հարցը, ոչ թե թողնել բարեգործների հույսին, որ նրանք էլ «աչոկ» ու ռեյտինգ հավաքեն դրանով:
Բայց…
Գիտնական ժողովուրդը հիմար չի, նրանց չես կարա խաբես ոչ 100 հազարով, ոչ 200, ոչ էլ միլիոնով, նրանք արժանապատիվ կյանք են պահանջում երկրից, ոչ թե բարեգործներից: Բարեգործներ են էլի՝ էսօր կան, վաղը մյուսներն են փոխարինելու: Ամեն ինչ փոփոխական է կյանքում: Հրեն՝ հենց գիտության ֆինանսավորման ավելացման էջում արդեն մարդիկ բողոքում են. «Դուք ո՞վ եք, ձեզ ո՞վ է իրավունք տվել մեր անունից խոսել», կամ՝ «Ո՞վ է որոշել` ով է արժանի մրցանակի, ի՞նչ հանձնախումբ է, որ անուններ չկան, չգիտենք` ում հարցնենք»: Էջը հավանել է 2 567 մարդ, որի գերակշիռ մեծամասնությունը գիտաշխատող է, մի մասը՝ «ռեյտինգ» հավաքող քաղաքական գործիչ ու միավոր, մի մասը` սովորական ֆեսյբուքահայ: Եւ ճիշտ հարցադրումներ են անում: Որովհետև ոչ ոք չի ուզում իրեն օգտագործված զգալ, կարծում եմ՝ Գագիկ Նիկոլաևիչը նույնպես: Մարդիկ անուններ են պահանջում, ես` նույնպես: Բայց նախաձեռնող խումբն այդպես էլ մնում է խորհրդավորության շղարշով պարուրված ամաչկոտ հարսի նման չխոսկան, իսկ մարդիկ խոսում են… Ինչ ասես չեն խոսում. էլ որ` ինչ-որ մեկի պրոյեկտն է, ու ոմանք քմծիծաղով են դա ասում՝ յանի գիտենք, թե ով ա, բայց չենք ասի, էլ որ` հատուկ ԲՀԿ-ական պրոյեկտ է, էլ որ` մի քանի մարդու հարստացնելու միտում ունի, էլ որ` հեսա ընտրություններ են՝ էլեկտորատ է, պետք կգա, էլ որ` էդ երիտասարդների ճնշող մեծամասնությունը հենց էս աշնանից գնում է արտագնա հրավիրված աշխատանքի, մնան` ի՞նչ անեն… Բա էլ ո՞ւմ համար է էս ղալմաղալը, եթե երիտասարդ գիտնականները, միևնույն է, գնում են…
Վերջը…
Ես միշտ ողջունել եմ քաղաքացիական նախաձեռնություններն ու աջակցել դրանց, բայց հիմա կամուկացի մեջ եմ՝ արդյո՞ք ինքս գործիք չեմ ուրիշի ձեռքին, արդյո՞ք ինձ հետ կեղտոտ խաղ չեն խաղում՝ վստահություն ու համակրանք ներշնչելով ու ինֆորմացիոն աջակցություն ստանալով, որպեսզի իրագործեն այդ պրոյեկտը, ոչ այդքան իմ սկզբունքներին համապատասխանող գործողությունների շարքով:
Ներեցեք ինձ, իմ գիտնական բարեկամներ, բայց ես ձեր բարի մղումներին չեմ հավատում: Իհարկե, ես ուզում եմ գիտությունը փրկել, ուզում եմ, որ մենք ունենանք արժանապատիվ ապրող ու հայրենիքի բարօրության համար գիտություն արարող ազնիվ ու արդար մարդիկ, որ մեր երիտասարդները չաշխատեն ուրիշ երկրների վարկանիշը բարձրացնելու համար, այլ օգուտ տան մեր երկրին: Բայց… Ի՞նչ գնով…
Որպես քիչ-թե շատ լավ խոհարար, ես գիտեմ, որ եթե ամենալավ միսն էլ տապակես վատ յուղով, ուտել չի լինի՝ վնաս կտա, ստամոքսդ կվառի, ու դու կերազես էն պահի մասին, երբ դեռ ոչ միսն էիր առել, ոչ էլ «ժարիտ» արել, էն էլ` փիս յուղով…
Երեկ երեկոյան, ժամը 19.30-ից սկսած` ֆեյսբուքյան «Ընտրենք կյանքը» նախաձեռնության ակտիվիստները՝ մոտ 12 հոգի, Կիևյան կամրջի վրա թողեցին շուրջ 400 նամակ, ուղղված ինքնասպանության մտադրություն ունեցողներին:
Նամակն իհարկե բալասան չի բոլոր վերքերին, այն պրոբլեմներին, որոնք մարդուն դրդում են ինքանասպանության: Բայց մարդիկ գնում են ինքնասպանության` միշտ մտքում տեղ պահելով որևէ փրկունակ լույսի համար: Չի բացառվում, ու ակցիայի մասնակիցները համոզված են, որ այդ նամակները կարող են մարդուն մտածելու տեղիք տալ և հետ պահել ճակատագրական քայլից:
Նամակները տեղադրում էին՝ ձկան թելով կապելով կամրջի վրա փակցված դատարկ ծաղիկների պատվանդաններին, խցկելով նախշազարդերի արանքները, փակցնելով սյուներին, աշխատում էին փակցնել հիմնականում «Մեկ ազգ»-ի պաթետիկ ու ագրեսիա առաջացնող թռուցիկների վրա, կամրջի երկայնքով գնացող գազի խողովակի վրա, մի խոսքով՝ ամենուր, ուր կարող է մարդու աչքը տեսնել: Նրանք իրենց հետ բերել էին պաստառներ՝ «Ընտրենք կյանքը», «Մենք սիրում ենք քեզ», սակայն հարմար տեղ չգտան փակցնելու:
Ուշագրավ էին մարդկանց վերաբերմունքն ու արձագանքը ակցիային: Ոմանք՝ գերակշիռ մեծամասնությունը, կանգ էին առնում, հարցեր տալիս, վերցնում նամակն ու կարդալով գնում: Երբ հասկանալի դարձավ, որ մարդիկ իրենց հետ տանում են նամակները, սկսեցին ավելի շատ փակցնել…
Մեքենաները կանգնում էին, հարցեր տալիս, հետո ասում. «Ապրեք, շատ լավ բան եք մտածել»: Զբոսնող ընտանիքներ կային, որոնց երեխաները նամակները հավաքում էին. նրանց բացատրեցին, որ այդ նամակներն իրենց պետք չեն, ու երեխաները հետ դրեցին դրանք:
Տհաճ միջադեպ էլ եղավ, երբ երկու երիտասարդ փորձում էին զավեշտի վերածել ակցիան` հիմար ու ոչ տեղին հարցեր տալով աղջիկներին…
Մի խոսքով, ակցիան կայացավ: Ու եթե գեթ մի մարդու կօգնի հետ կանգնել ինքնասպանությունից, իսկ ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի, ապա համարենք, որ երիտասարդներն իրենց ուժերին ներածի չափով նպաստել են ինքնասպանությունների կանխարգելմանը:
Նախաձեռնողները մտադիր են ամսվա մեջ մի քանի այսպիսի ակցիաներ անցկացնել քաղաքի կամուրջների վրա:
«Իմ անծանոթ կամ ծանոթ ընկեր… այս տողերը, որոնք ինձ մի օր կյանք վերադարձրին, որոշեցի նվիրել նաև քեզ:
Տիեզերքի կենդանի էակներից միայն մարդուն է տրված մտածելու, սիրելու, տնօրինելու, ծիծաղելու, երևակայելու, ստեղծելու, ծրագրելու,… խոսելու և աղոթելու ունակությունը: Հավատա՝ դու հրաշք ես` կատարյալ արարած, որն ընդունակ է տնօրինել իր սեփական ճակատագիրը: Դու կարող ես քո մտքերը դարձնել իրականություն: Եվ ի վերջո՝ դու, ես, բոլորս կարող ենք բարելավել թե´ մեր, թե´ ուրիշների կյանքը:
Դու ունես ընտրելու ունակություն և հնարավորություն: Ճիշտ ընտրության դեպքում քո առջև կբացվեն երջանկության ու հաջողության դռները:
Ընդամենը պետք է խելամիտ օգտագործել քեզ տրված կարողությունները՝ կատարելով ճիշտ ընտրություն:
Իմ անծանոթ ու ծանոթ ընկեր, արի ընտրենք…
Ընտրենք սերը, ոչ թե ատելությունը:
Ընտրենք ուրախությունն ու ծիծաղը, ոչ թե բարկությունն ու տխրությունը:
Ընտրենք արարումը, ոչ թե կործանումը:
Ընտրենք տոկունությունը, ոչ թե տկարությունը:
Ընտրենք գովասանքը, ոչ թե վատաբանությունը:
Ընտրենք բուժումը, ոչ թե վերքերը:
Ընտրենք հնարավորությունը նվիրելու, ոչ թե զրկելու:
Ընտրենք գործողությունը, ոչ թե դատարկաբանությունը:
Ընտրենք հնարավորություները, ոչ թե սահմանափակումները:
Ընտրենք վերելքը, ոչ թե անկումը:
Ընտրենք աղոթքը, ոչ թե անեծքը:
Ընտրենք կյանքը, ոչ թե մահը:
Հավատա` քո կարողություներն անսահման են: Դու կարող ես հրաշքներ գործել:
Երբեք ինքդ քեզ մի նսեմացրու: Մի նվաստացիր: Մի համարձակվիր կործանել տաղանդդ: Առավելագույնս օգտագործիր քո օրվա ամեն մի ակնթարթը:
Եվ այդուհետ՝ քո կյանքի ամեն մի օրը դու կդիմավորես ուրախությամբ ու կյանքդ ակտիվ ապրելու մեծ ցանկությամբ: Կարող ես ընտրել տկարությունը, հուսահատությունը, պարտությունը, կամ էլ՝ երջանկությունն ու հաջողությունը: Ամեն ինչ քո ձեռքին է:
Մի մոռացիր քո յուրօրինակության մասին. քեզ նման երկրորդը տիեզերքում չկա: Ամենքս ունենք այս կյանքում ինչ-որ բան արարելու կամ փոխելու մեր առաքելությունը: Խելացիորեն տնօրինիր քեզ տրված հնարավորություններն ու հավատա ուժիդ:
Երջանկության ու հաջողության այս օրինաչափությունն էլ մի մոռացիր՝ սիրով լցվիր ինքդ քո հանդեպ, սիրիր ուրիշներին ու ամեն ինչ արա սիրով»:
Սվետլանա Անտոնյանը` նախաձեռնության հեղինակը, երեկ Ֆեյսբուքում միջոցառման հրավեր է բացել ու տեղադրել այս նամակը` հետևյալ նախաբանով. «Եկեք միասին, վաղը ժամը 19.30-ին հանդիպենք Կիևյան կամրջի մոտ ու այս նամակները տանենք կախենք քաղաքի կամուրջներից, նաև փակցնենք անճաշակ պաստառների վրա: Տեղում մասնակիցներին կբաժանենք էս տեքստը պարունակող թռուցիկները, և հետագայում էլ կարող եք ինքներդ փակցնել քաղաքի տարբեր վայրերում»:
«Ես ինքս մի անգամ, երբ ուզում էի վերջ տալ կյանքիս` տարբեր պատճառներով, մտա ինտերնետ էն հույսով, որ որևէ տեղ գտնեմ կայք ինքասպանների համար, որտեղ խորհուրդներ են տալիս, թե ոնց հեռանաս կյանքից: Մտա ու տեսա ամենաառաջին էջում վերը բերված նամակի ավելի երկար տարբերակը. «Ո՞ւմ՝ քեզ, ումի՞ց՝ Աստծուց»: Տեսա ու, ինքասպանության միջոցներ փնտրելու փոխարեն, խորասուզվեցի ընթերցանության մեջ ու հետո ընտրեցի կյանքը», — ասում է Օկեանը` Սվետլանա Անտոնյանը, — համ էլ ինքս ինձ համար եմ անում, որ եթե հանկարծ էլի նման միտք ծագի՝ ամաչեմ ու չանեմ J»:
Նա մի ամբողջ օր նվիրել է նամակը կրճատելուն ու հայեցիացնելուն, հետո ընկերների օգնությամբ տպել է 200 նամակ, դրել ծրարների մեջ ու պատրաստվում է հունիսի 22-ին կախել մայրաքաղաքի կամուրջներից: Միջոցառմանը մասնակցելու համաձայնություն են տվել ֆեյսբուքյան մի շարք ակտիվիստներ:
Միջոցառման էջում արտահայտվել են մի շարք կարծիքներ, որոնք իրագործելու համար ժամանակ է պետք, ու ամենակարևորը՝ քաղաքապետարանի աջակցությունը: Օրինակ, առաջարկում ենք Սուրբ Սարգսի օրվան նվիրված ու, չգիտես ինչու, քաղաքի ամենակենտրոնական փողոցներում կլոր տարին կախված անճաշակ ու տգեղ պաստառները, որոնց վրա, ասես դիտմամբ, տգեղացրած լինեն հայտնի, սիրված ու ոչ այնքան սիրված մարդկանց ու խմբերի, ու գրված է. «Ես սիրում եմ քեզ», փոխարինել ռեալ մարդկանց՝ «ՄԵՆՔ»-ի նկարով ու գրել. «Մենք սիրում ենք քեզ» կամ «Ընտրիր կյանքը»: Կյանքի սոցիալական գովազդ` մի խոսքով: Կարելի է կամուրջների վրա ձողեր տնկել ու վրան նամակը փակցնել, ինչպես անում են հուշարձանների վրա, կարելի է վերջապես մի ուրախ «սմայլիկ» դնել…
Լավ նախաձեռնություն է, մնում է քաղաքապետարանը գիտակցի իր պատասխանատվությունն ու ընդառաջ գնա հերթական գեղեցիկ ու մարդասիրական ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնությանն ու տրամադրի ռեսուրսներ և միջոցներ երիտասարդներին, որ իրականացնեն մարդասիրական ու հանուն կյանքի նախագիծը:
Եթե գոնե մի մարդ այս ամենի շնորհիվ հետ կանգնի այդ քայլից, ապա դա արդեն միլիոն արժի, իսկ համոզված եմ` այս ամենն իրականացնելու համար միլիոն հարկավոր չի, շատ ավելի քիչ…
Եթե ցանկացողներ լինեն, կարող են ինքնասպանության կանխման համար միջոցներ ձեռք առնել, ինչպիսիք կան ողջ աշխարհում: Մարդիկ, որոնք նման մտքեր ունեն, մտնում են, շփվում են, կարող եք ասել, որ միասին նախապատրաստվում են, ու դա սխալ է, բայց դե նախապատրաստվողն առանց դրա էլ է նախապատրաստվում, իսկ այստեղ կարելի է ներգրավել հոգեբանների, ունենալ «թեժ գիծ», ստեղծել հոգեբանական աջակցության կենտրոն, կամ` միմյանց պատմել իրենց տագնապների մասին ու միասին ելքեր փնտրել…
Քաղաքապետարանին առաջարկում եմ «Ընտրիր կյանքը» պաստառների մրցույթ հայտարարել, խրախուսել ու աջակցել հասարակական նախաձեռնությանը:
Ըստ ոստիկանության հաշվետվության, մեզ մոտ շատացել են ինքնասպանության փորձերն ու ինքնասպանությունները` հատկապես անչափահասների. մասնավորապես` 2010-ին գրանցվել է ինքնասպանության 38 փորձ, որից 13-ը` «հաջողված»: Վերջին շաբաթվա ընթացքում 3 նման դեպք է գրանցվել:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Պավել Լիտվինովին և գեներալ Պյոտր Գրիգորենկոյին,վախճանվել է Անդրեյ Սախարովի այրին՝ Ելենա Գեորգիևնա Բոները:
Նա մահացել էր հունիսի 17-ին՝ Բոստոնում, սակայն նրա մահվան մասին լուրերը հայտնվեցին միայն կիրակի երեկոյան:
Ով էր Ելենա Բոները. 1972թ. իրավապաշտպան Բոները դիսիդենտների դատական պրոցեսներից մեկի ժամանակ ծանոթանում է Անդրեյ Սախարովի հետ ու նրանք ամուսնանում են: Այդ նույն տարին Ելենա Գեորգևնան դուրս է գալիս ՍՄԿԿ-ից: 1975թ. նա ներկայացնում էր Անդրեյ Սախարովին Օսլոյում Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ:
1976թ. ստրոգրել է Մոսկովյան Հելսինկյան խմբի հիմնադիր փաստաթղթի տակ, իսկ 80-ականներին Բոները անմիջական մասնակցություն է ունենում այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների հիմնադրմանը, ինչպիսիք են «Մեմորիալ»-ը եւ «Մոսկովյան տրիբուն»-ը:
Նա ոչ կառավարական «Անդրեյ Սախարովի հիշատակը հավերժացնող Հանրային հանձնաժողով»-ի նախագահն էր:
Բոները Ռուսաստանի նախագահի օրոք մարդու իրավուքների հանձնաժողովի անդամ էր նրա հիմնման օրից մինչեւ 1994թ., մինչեւ որ դուրս չեկավ հանձնաժողովից, ռուս – չեչենական պատերազմը սկսած նախագահի վարչակազմի հետ համագործակցությունը համարելով անհնարին:
«Газета.Ru»
Հ.Գ. Սախարով — Բոներ զույգը առաջին էին իմ կյանքում, ովքեր քաղաքացիական արժանապատվության զգացում արթնացրեցին, ընբոստացնելով ոգիս ու մղելով պայքարի անարդարությունների դեմ ու մարդու իրավունքների համար: Փառք ու պատիվ նրանց: Հավերժ հիշատակ Ելենա Նիկոլայևնա…
Հովհաննես Իշխանյանը գիրք է հրատարակել՝ «Ուվալյնատի օրը», հիմնականում բանակային պատմությունների ժողովածու: Բոլորս էլ գիտենք, թե ինչ բարքեր են տիրում մեր բանակում, և ինչ բառապաշար է օգտագործվում այնտեղ: Հեղինակը գրում է բանակային պատմություններ՝ բանակային լեզվով: Նա չի րաֆինացնում, ցենզուրայի չի ենթարկում լեզուն, որով գրում է: Նա այլ խնդիր ունի: Բանակի կյանքն ու աբսուրդն իրական գույներով փոխանցող այլ գիրք ես չեմ հանդիպել դեռ: Հետևաբար՝ ոչ նորմատիվ բառապաշարն արդարացված է այս պարագայում, քանի որ հեղինակն ուզում է տեղ հասցնել իր «մեսիջը» ու հասցնում է, և այդ «ականջ ծակող» ու «բարոյականությունը վիրավորող» բանակային լեքսիկոնը դրան միայն նպաստում է:
Բայց էստեղ հարցն էդքան էլ բառապաշարը չի կամ ինչպես գրելը:
Տարիներ առաջ էր, երբ Երևանի երկու գրախանութներում Կարեն Ղարսլյանի վեպը հանեցին վաճառքից: Դրա մասին գրեցին, խոսեցին, բայց ոչ ոք չպայքարեց, հարցը չդարձավ գլոբալ, դուրս չեկավ կոնկրետ այդ գրքի հետ կապված կոնտեքստից, և դրա հետևանքով այսօր մենք ունենք այն, ինչ ունենք՝ Հովհաննես Իշխանյանի «Ուվալյնատի օրը» գիրքը «Բուկինիստ» գրախանութում հանել են վաճառքից ոչ նորմատիվ բառապաշարի առկայության պատճառաբանությամբ: Այսինքն՝ ենթարկել են գրաքննության:
«Չեն ասել նախապես, որ հանում են: Ընկերուհիներիցս գնացին, որ առնեն գիրքը, ասեցին՝ հանված ա վաճառքից ու վերադարձ արված հեղինակին: Ես զանգեցի, տնօրենն ասեց, որ հանել ենք, հա, մենք հակապետական ու պոռնոգրաֆիկ գրքեր չենք վաճառում: Ասեցի՝ բայց դուք ինձ չե՛ք զգուշացրել (պայմանագրի մեջ նշված է, որ գրավաճառն իրավունք ունի հանել գիրքը վաճառքից, սակայն երկու օր առաջ պետք է զգուշացնի մյուս կողմին ու վերադարձնի գրքերը), ասեց՝ դե՛ հիմա եմ զգուշացնում, ու անջատեց հեռախոսը: Եթե ես չզանգեի, ու ասենք՝ մարդ չգնար ու չհարցներ գիրքը, ես կարող է չիմանայի, որ հանել են: Անհատ տնտեսվարողն իրավունք ունի ընտրելու իր վաճառքի տեսականին, ես դեմ չեմ բիզնես վարելու էդ ոճին, ես դեմ եմ էն վերաբերմունքին, որ իրենք ցենզուրայի միջոցով անձնավորում են գրողին ու թքած ունեն, թե ինչ ճակատագիր կունենա գիրքը», — ասում է Հովհաննես Իշխանյանը:
Հովհաննեսի ընթերցողները Ֆեյսբուքում խումբ են բացել՝ Արգելված գրքերի աշխարհ:
«Խմբի նպատակն է պայքարել ՀԱՅ ԳՐՔԻ նկատմամբ անհանդուրժողականության, գրաշուկայում տիրող կամայականության, անհարգալից վերաբերմունքի բոլոր դրսևորումների դեմ` պաշտպանելով ԳՐՔԻ խոսքի և արտահայտվելու ազատությունը:
Հայաստանում հրատարակվող յուրաքանչյուր ԳԻՐՔ պետք է գտնի իր ընթերցողին, և նրանք, ովքեր խոչընդոտում են գիրք-ընթերցող կապի կայացմանը, միայն դատապարտման են արժանի: Գրավաճառը, որ գիրքն ընթերցողին հասցնելու իր բուն պարտականության փոխարեն ինքնակամ ստանձնել է գրաքննիչի և գրքի վաճառքն արգելողի անփառունակ դերը, ոչնչով չի տարբերվում հանցագործին չբռնող ոստիկանից, օրենքն անարգող պատգամավորից ու մեզ քաջածանոթ հայկական աբսուրդի թատրոնի մյուս գործող անձանցից: Մինչդեռ ամեն ինչ շատ պարզ լուծում ունի. թող ամեն մեկն զբաղվի իր գործով, գրողը` գրի, գրավաճառողը` վաճառի, ընթերցողն էլ որոշի` գնել, թե չգնել»:
Խմբի նախաձեռնողներից մեկը`Արմեն Օհանյանը, իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում պատմում է.
«Երբ իմացանք, որ Հովոյի գիրքը հանել են վաճառքից, գնացինք «Բուկինիստ»՝ «արգելված գրականություն» գնելու: Արգելվածն էլ Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» պատմվածքների ժողովածուն էր, որ գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանին դուր չէր եկել և որոշել էր իր գրախանութում չվաճառել՝ խախտելով իր և մատակարարի միջև առկա պայմանագրի առնվազն մեկ կետ. վաճառքից գիրքը հանելուց առաջ մյուս կողմին զլացել էր իրազեկել: Պարոն Վարդանյանին հայտնեցին, որ մենք պատրաստ ենք գնել վաճառքից հանված, բայց դեռևս ետդարձ չարված ողջ տպաքանակը, և նա, բնականաբար, հետաքրքրություն դրսևորեց ու բարեհաճեց զրուցել մեզ հետ: Շատ շուտով նա համոզվեց, որ ոչ ֆորմալ լեքսիկայի նկատմամբ իր բարեպաշտական վախը մենք չենք կիսում և հանդես ենք գալիս որպես գրքի սպառող՝ ոտնահարված իրավունքներով: Իրավական դաշտում իր կամայականության հիմնավորումը չգտնելով՝ պարոն Վարդանյանը փորձեց մեզ համոզել, որ իր գրախանութում նման բառերով գրքեր չեն վաճառվում, ինչին ի պատասխան ընկերուհիս բերեց Բուկովսկու ռուսերեն թարգմանություններից մեկը և դրեց պարոն տնօրենի քթի տակ: Նա դժկամությամբ կարդաց «трахнуть» և «жопа» բառերը և հայտարարեց, որ դրանք ամեն օր լսում ենք հեռուստաեթերից, իսկ Հովհաննեսի գործածածները՝ ոչ, և ընդհանրապես մեր մենթալիտետն ուրիշ է: Մենք էլի երկար զրուցեցինք ամենատարբեր հետաքրքրական թեմաներով, և, երբ պարոն Վարդանյանի բարեպաշտ համբերության փխրուն բաժակը վերջնականապես լցվեց, նա աղաղակեց. «Ստեղ իմ ուզածով ա, ինչ կուզեմ՝ կանեմ», ինչին ի պատասխան ես հիշատակեցի, որ Ստալինն էլ էր մտածում, որ ամեն ինչ իր ուզածով պիտի լինի:
Ներքևում ժամանակակից հայ գրողների դարակում աչքովս ընկավ ընկերոջս՝ Արամ Պաչյանի առաջին գիրքը, որտեղ շատ չէ, բայց մի քֆուր հաստատ հիշում եմ, որ կա. (Էջ 117, «Վայ ձեր տիրոջ մերը…, էս ի՞նչ գիշերանոց եք հագցրել»), և մտածեցի, որ Արամը հենց Արցախից վերադառնա, անպայման կգնանք միասին պարոն Վ.-ին տեսակցության այդ առիթով: Եւ մնացած բոլոր ծանոթ-անծանոթ-ընկեր-չընկեր գրողներին էլ, ովքեր իրենց տեքստերում գեթ մեկ անգամ անպարկեշտ բառ գործածելու հանդգնություն են ունեցել, խնդրում եմ ներկայանալ «Բուկինիստ» և զրուցել պարոն Վարդանյանի հետ»:
Ազատ շուկայի պայմաններում կարող է լինել ամեն ինչ, այդ թվում նաև ցենզուրա: Բայց սա ազատ շուկայի հետ ոչ մի կապ չունի. ազատ շուկան ձևավորվում է առաջարկ-պահանջարկի հիման վրա: Հիմա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում գրախանութից ոչ նորմատիվ լեքսիկայի պատճառով գիրքը վաճառքից հանելն առնվազն անհեթեթություն է: Եթե մտածում ենք մեր երեխաների «հայեցիության ու բարոյականության» մասին, ապա առաջին հերթին պետք է ցենզուրայի ենթարկվեն հեռուստատեսային այլանդակ ու անճաշակ հաղորդումներն ու սերիալները, որոնք ոչ մի լավ բան մեր նոր սերնդին չեն սովորեցնում: Իսկ գիրքը վաճառքից հանելն այն պատճառաբանությամբ, որ իբր սերունդը «չփչանա», նման է այն իրավիճակին, երբ 16-ը նոր բոլորած տղային «բոզի» են տանում փարաջայով պոռնիկի մոտ: Այսինքն՝ «Բուկինիստ»-ը դժվար թե կարողանա այսօր ինչ-որ գրքի մատչելիությանը խոչընդոտել:
Ապագա սերնդի մեջ մարդկայնություն է պետք մտցնել, հայությունը բոլ-բոլ կա, ու եթե դրա համար պետք է բանակի անասուն վիճակը նկարագրել ոչ նորմատիվ լեքսիկոնով, ուրեմն՝ պետք է, եթե գրողը մի բան է փոխում, առավել ևս՝ եթե գրում է մի թեմայով, որ չի էլ գրվել, ու ներկայացնում է իրականությունը, լիքը բան ասում ու տալիս, ինձ համար մեկ է, թե ինչ բառապաշար է օգտագործվել…
Ու հարցն էստեղ կոնկրետ գրքի գրելաոճը չի, այլ որ՝ ցենզուրան կիրառվում է մի գրքի հանդեպ, իսկ մյուսների հանդեպ՝ ոչ, և որ ընդհանրապես ցենզուրա կա: Հիմա էլ սովետ չկա, գլավլիտ չկա, որ գրաքննի: Հարցը նաև սպառողի իրավունքների խախտումն է. բարոյական վերահսկողության ժողովրդական կոմիտեներն ու գլավլիտի ցենզուրան չկան, դրանց վրա չեն կարող բարդել, ուրեմն ի՞նչ է ստացվում՝ տնտեսվարողի կամայականություն:
Մի տղա, որը դեմ էր խոսում ոչ նորմատիվ բառապաշարով գրականությանը, որին հնարավոր եղավ հասկացնել, որ կռիվն ուրիշ բան է, ոչ միայն՝ ցենզուրան, գրել էր.
«Մի անգամ նույն «Բուկինիստ» գրախանութում փնտրում էի Տիգրան Մեծի ռազմավարության մասին գիրքը, պատահաբար ձեռքիս տակ ընկավ մի գիրք՝ հեղինակ Ջեննա Ջեմսոն՝ պոռնո աստղ: Գրքի անվանումը՝ «Ինչպես են սեքսով զբաղվում պոռնո աստղերը», ու այս գիրքը դրված էր պատմության և կինոարվեստի բաժնում»:
Դե իհարկե, ծախվում է՝ դրել են: Հովոն ո՞վ է որ, գրածն ի՞նչ է, իսկ էստեղ՝ սեքս կա, աստղեր են, սա կարելի է ծախել, իսկ Հովոյինը՝ ոչ, որովհետև Հովոն շահութաբեր չի, համ էլ Հովոն «քֆուր»-ով է գրում, համ էլ կարող է մեր թայֆից չի, համ էլ հայ է, ամոթ է, մեզ սազական չի…
Ցանկացած ցենզուրա, ցանկացած արգելք խանգարում է առաջընթացին ու խթանում սանձարձակությունը, երբ փակած պահում են, հետո՝ բաց թողնում: Ազատությունը լկտիություն եթե ծնում էլ է, ապա տարիքային՝ անցողիկ, այնինչ ցենզուրան ծնում է շարունակական արգելքներ, հետևաբար՝ գայթակղություններ, հետևաբար՝ մնացածը, ինչ ունենք, կեղծ բարոյականությամբ ներծծված հասարակություն:
Իհարկե, ոչ նորմատիվ լեքսիկայով գրականությունը կարող է շոկ առաջացնել, կան հեղինակներ անշուշտ, որոնց թվում է՝ հայհոյանք կգրեն ու իրենց մասին կասեն՝ «ժամանակակից ա»: Բայց Հովհաննես Իշխանյանը դրանց մեջ չի: Նա ուղղակի գրում է ապրելու լեզվով: Բանակային կյանքն էր էդպիսին, ու ոչ միայն բանակայինը…
Ինչ մնայուն է՝ մնում է, ինչ արժեք չի, մոդա է՝ անցնում գնում է: Բայց մի կողմ դնենք նախասիրություններն ու, էսպես ասած, բարոյախոսությունները, ու եկեք կողմնորոշվենք. մենք չենք ուզում ցենզուրա` ինչի՞, որովհետև մենք անամոթ ենք ու ուզում ենք ազգը դառնա անամոթ ու կործանվի՞: Չէ, բոլորովին, մենք ցենզուրա չենք ուզում, որովհետև ուզում ենք ընտրելու իրավունք ունենանք: Կան բաներ, որոնք քրեական օրենսգրքով արգելվում են… Լեքսիկայի մասով օրենքում բան չկա:
Երևի մեր օրերում չկա կենդանի մեկ այլ լեզու, որում խոսակցականը գրականից այդ աստիճան տարբեր լինի:
Ոչ ոք ոչ մեկին չի կարող պարտադրել կարդալ ինչ-որ բան, որ չի ուզում: Բայց պարտադրելը ուրիշ է՝ տվյալ դեպքում մարդն ինքն է ընտրում էդ գիրքը, ու գրավաճառը չի, որ պետք է որոշի իր փոխարեն՝ ինքն էդ գիրքը կարդա, թե չէ:
Գրականության դերը նաև այն է, որ բացահայտի հասարակության մեջ տեղ գտած արատները, եթե կեղտ կա՝ խոսել դրա մասին. կեղտը պետք է մաքրել, ոչ թե կոծկել անկյուններում` վատ տանտիրուհու պես:
Արգելված կարող են լինել, այն էլ՝ օրենքով, միայն ֆաշիստական և ագրեսիա առաջացնող գրքերը, Հովհաննես Իշխանյանի գրքից հաստատ ոչ մեկի հոտն է գալիս, ոչ էլ՝ մյուսի: Թե չէ աուտոդաֆե են սարքել 21-րդ դարում…
Գրող, բլոգեր Ամինա Աբդալան իր անգլիալեզու բլոգում ներկայանում է սիրիական կառավարության քննադատությամբ:
Կին բլոգերին, ըստ նրա հարազատների և համակիրների, երկուշաբթի օրվա երեկոյան առևանգել են ինչ-որ զինված մարդիկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում՝ Աբբադիս ավտոբուսի կայանից, իր մորաքրոջ աղջկա՝ Ռանիա Իսմայիլի հետ տուն վերադառնալիս:
«Ամինային առևանգողները երեքն էին՝ մոտավորապես 20 տարեկան տղամարդիկ, նրանք զինված էին: Տղամարդկանցից մեկը ձեռքով փակեց Ամինայի բերանը, ու նրանք նետվեցին մեքենայի մեջ»,- գրել է Ռանիան Աբդալայի բլոգում:
Բացահայտ լեսբուհի Աբդալան երկքաղաքացիություն ունի՝ Սիրիայի և ԱՄՆ-ի:Նրան մեղադրում եմ «Սալաֆիստական դավադրության» համար: Իսմայիլը գրում է, որ հայտնի չէ նրա գտնվելու վայրը, ընտանիքը փորձում է գտնել հետքը:
«Մենք չգիտենք՝ ով է առևանգել նրան, չգիտենք՝ ում դիմենք, որ նրան վերադարձնեն: Շատ հնարավոր է, որ հարկադրաբար արտաքսել են, — գրում է նա՝ հավելելով,- ընտանիքի մնացած անդամները, որոնք տեղի բանտեր են այցելել, ասում են՝ շուտով բաց կթողնեն: Եթե ուզենային սպանել, արդեն սպանած կլինեին: Բոլորս աղոթում ենք նրա համար»:
Քանի որ մարտից Սիրիայում սկսվել են զանգվածային բողոքի ցույցերը, Աբդալան հիմնականում քննադատել է կառավարությանը: Կիրակի օրը նա գրել է. «Նրանք պետք է հեռանան, նրանք պետք է անհապաղ հեռանան: Սա է այն ամենը, ինչ պետք էր ասել…»:
Ապրիլի 26-ին նա գրել է, թե ինչպես է իր հայրը սաստել անվտանգության երկու գործակալների, որոնք սպառնացել էին Ամինային բռնաբարությամբ՝ մեղադրելով նրան «Սալաֆիստական դավադրության» համար:
Իրար խառնելով քննադատությունն ու հումորը բանաստեղծությունների մեջ, Աբդալան բացահայտ խոսում էր հոմեսեքսուալների վիճակի և շատ այլ խնդիրների մասին, որոնք թաբու են արաբական աշխարհում:
Մինչ բողոքի ակցիաները սիրիական իշխանություններն արդեն սկսել էին հաշվեհարդար տեսնել անցանկալի լրագրողների ու բլոգերների հետ:
Փետրվարին նույնպես բլոգերներ են ձերբակալվել, նրանց թվում՝ 20-ամյա Թալ ալ Մալուհը: Աղջկան ձերբակալել են արտերկրի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով:
Աղբյուրը՝ aljazeera.net
Հ.Գ. Հայկական ֆեյսբուքը կարծես պատրաստվում է բողոքի ակցիա անել Սիրիայի դեսպանատան մոտ՝ Ամինա Աբդալային ազատ արձակելու պահանջով:
Ով երեխաներին չի սիրում, նա չի կարող լավ մարդ լինել: Դա իմ խորը համոզմունքն է: Բնազդի մակարդակի վրա դրված մարդկային ցեղի շարունակելիությունը քարե դարում, միայն մոր պատասխանատվությունն ու խնամքը երեխայի հանդեպ մինչև այսօր ենթարկվել է էվոլյուցիոն ու քաղաքակրթական զարգացումների ու փոխակերպումների: Այսօրվա քաղաքակիրթ երկրներում երեխան, մանուկը, նրա իրավունքները, առողջ մանկությունը, զարգացման ու կրթության ապահովումը, ծնողների, հասարակության ու պետության կողմից երևի թե ամենալավն են պաշտպանված, ու այդ ամենը փոխկապակցված է:
Ինչպե՞ս կարելի է այս անարդարության պայմաններում խոսել երեխայի պաշտպանության մասին, եթե ծնողը սոցիալապես պաշտպանված չէ: Փաստորեն, պետությունը խաբո՞ւմ է: Կասեք` ինչո՞վ է խաբում: Խաբում է նրանով, որ հայտարարելով «Երեխայի պաշտպանության օր»՝ կազմակերպում է աչք փակող, աչք ծակող միջոցառումներ, որոնց ժամանակ սոցիալապես անապահով երեխան իրեն է´լ ավելի անապահով է զգում:
Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 1992 թվականին, որից հետո 1996-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
Բոլորս էլ երեխա ենք եղել, բոլորս էլ ուզեցել ենք մեծանալ, որովհետև մտածել ենք, որ երեխաներին չի կարելի շատ բան, որ մեծերին է կարելի, ու երևի թե մեծանալով` հուսախաբ ենք եղել, քանի որ, էդ «կարելիների» հետ միասին, ստացել ենք պրոբլեմներ, որոնք պետք է լուծել, և որոնք չունեն երեխաները: Ովքեր չեն ուզեցել` չեն մեծացել: Դե, իսկ մեծերն էլ պատասխանատու են փոքրերի համար և պետք է հոգան նրանց կարիքները: Իսկ էդ կարիքները շատ-շատ են, մանավանդ՝ մեր սոցիալապես անապահով երկրում:
Հիշո՞ւմ եք, սովետի տարիներին կային իմպորտնի կալգոտկաներ, որոնցով էին միայն դպրոցական ֆորմա հագնող դպրոցականների մեջ Մոսկվա գնացող-եկողների երեխեքը շահավետ տարբերվում սովետական փոթեր տվող, ներվայնացնող ռետուզներ հագնողներից. այլ ձև չկար, բոլորը միանման էին հագնվում: Հիմա ստացվում է՝ ավելի՞ վատ է: Ըստ իս՝ այո: Եւ էդ ամենը առավել սուր զգացվում է նմանատիպ օրերին` Նոր Տարի, Զատիկ, Հունիսի 1 և այլն: Մտածում եմ, որ անապահով խավի երեխաները սովորական օրերից ավելի են ատում էդ օրերը, ամեն անգամ հուզմունքով սպասում են, որ բարի ձյաձյան կամ ծյոծյան կգա, ու իրենց համար պաղպաղակ կառնի, կնստեցնի կարուսել:
Ընտանիքներ կան, որոնց կենսամակարդակն էնքան ցածր է, որ չեն կարողանում ապահովել իրենց երեխաներին ամենաառաջին անհրաժեշտության իրերով, դասագրքերով, որոնք վճարովի են: Այս պարագայում չգիտես՝ ասել, թե լա՞վ է երեխան մանկատանը մեծանա ու ունենա գոնե նվազագույնը, թեկուզ կողքը ծնող չլինի, թե՞ ունենա ծնող և անապահով մանկություն…
Չի իմացվի: Բայց որ՝ երեխայի մանկությունից է կախված, թե նա ինչպես կդիմակայի կյանքի հարվածներին, անժխտելի փաստ է: Լավ մանկություն տեսած երեխան շատ ավելի վստահելի ու «առողջ» մարդ է դառնում:
Եթե ծնողը լավ չի հոգ տանում երեխային, այլ երկրներում սոցիալական ծառայությունները ուշի ուշով հետևում են ընտանիքին ու, բավականաչափ հիմքերի դեպքում, կարող են ծնողին զրկել ծնողական իրավունքներից: Երեխան կարող է զանգահարել հեշտ հիշվող հեռախոսահամարով ու տեղեկացնել ոստիկանությանը, սոցիալական կառույցներին, եթե տանն իր հանդեպ բռնություն է կիրառվում կամ նույնիսկ, իր կարծիքով, ոտնահարվում են «Երեխայի իրավունքները»:
Եղբորս ընտանիքն ապրում է Գերմանիայում, երեխաները համ հայ են, համ եվրոպացի. այսինքն, Մարիամիկը 8 տարեկանում գիտեր իր իրավունքները ու երբեմն, երբ մայրը ձայնը բարձրացնում էր նրա վրա, սպառնում էր. «Պոլիցային կասեմ, երեխայի վրա չի կարելի գոռալ ու ծեծել»: J
Կարող ենք ասել. «Ով մայրական ծեծից չի լացել՝ որբ է մեծացել»՝ մեջբերելով ռաբիսի դասական Տոտիկին, ու որ Մարիամիկը «փչանում է եվրոպաներում»՝ էդ ո՞նց կլինի, երեխան ծնողների վրա «գործ տա»: Իսկ ո՞նց է հնարավոր 21-րդ դարում երեխաների պարբերական բռնաբարություններ ընտանիքի ներսում ՝ընտանիքի անդամների կողմից, էլ չեմ ասում դրսի մասին:
Հայ մանուկը, երեխան այսօր, էս ազիզ ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրով մեր երկրում պաշտպանված չի: Ինչևէ, ինչպես ամեն ինչում, այնպես էլ այս հարցում մենք մեր խոցելի խավին, իսկ երեխաները 1959 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 1989 թ. Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով, ըստ էության, համարվեցին խոցելի հատուկ խումբ, հիշում ենք միայն նրանց համար որոշակի ընտրված օրերին:
Այսօր երեխաների 80 տոկոսը պարբերական բռնության է ենթարկվում։ Եթե նախկինում նվաստացման դեպքերն էին գերակշռում, ապա այսօր ֆիզիկական և սեռական բռնություններն են աճել: Մեր օրենքով ծիծաղելի պատժաչափ է սահմանված մանկապղծության համար, մանկապիղծների համար մեր երկիրը սարքելով դրախտ՝ ո՞նց կարող է մեր երեխան պաշտպանված լինել:
Մեր երեխան սոցիալապես լավ չի ապրում:
Մեր երեխան իրավականորեն ու սոցիալապես պաշտպանված չի:
Մեր երեխան իրազեկված չի իր իրավունքների մասին:
Մեր երեխան, որպես հասարակության մոդել, վատ օրինակ ունի իր աչքի առջև:
Մեր երեխան հեռուստատեսությունից է սնվում հիմնականում, իսկ հեռուստատեսությամբ ոչ մի իրազեկում չկա, քարոզվում են կեղծ արժեքներ, շատ են բռնության տեսարանները, որոնք երեխան ընկալում է որպես գործող օրինակներ:
Հազարավոր երեխաներ օրվա հացի խնդիր ունեն, հազարավորները՝ հագուստի: Մեր ծնողազուրկ երեխաներն ապրում են կասկածելի կառույցներում, նրանք բարեգործության շղարշի դեր են կատարում սևը սպիտակացնել ցանկացող օլիգարխների համար:
Մեր երեխաները, մեծանալով, կյանքից հավաստի ակնկալիքներ չեն կարող ունենալ:
Մեր երեխաները վաղվա մեր հույսն են, մեր ապագան կերտողները, մենք պետք է նրանց պաշտպանենք, հոգանք նրանց, կրթենք, դարձնենք քաղաքակիրթ երկրի արժանապատիվ քաղաքացիներ, որ մի օր էլ նրանք ստիպված չլինեն «սոցիալականով» մեզ հանձնել ծերատներ:
Պաշտպանենք երեխաներին, խնամենք ու հոգանք նրանց, որ երբ մեծանան, կարողանանք պահանջել նրանցից նույնը՝ ծերերի հանդեպ:
Մեր հասարակությանը բնորոշ է կարծրատիպային մտածելակերպը՝ մասնավորապես կին-տղամարդ փոխհարաբերություններում:
Մայիսի 31-ին «Կոնգրես» հյուրանոցում ամփոփվեց ու հասարակությանը ներկայացվեց Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության հովանավարած «Կոտրենք գենդերային կարծրատիպերը» սոցիոլոգիական հարցումը, որն իրականացրել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը: Հարցվել է ՀՀ մայրաքաղաքի և մարզերի ընդհանուր թվով 550 բնակիչ, 66.5 տոկոսը` մարզերից, 34.5 տոկոսը` Երևանից, 67.3 տոկոսը՝ իգական սեռի ներկայացուցիչներ, 33.7 տոկոսը` արական սեռի:
Ըստ Հ/Կ-ի ծրագրերի ղեկավար Աննա Նիկողոսյանի, վերջին տասը տարիների ընթացքում, հատկապես մարզերի երիտասարդության ակտիվացմանն ու նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած հանդիպման ընթացքում, իրենք կանգնել են գենդերային կարծրատիպերի լուրջ խնդրի առջև: «Ամենաանհանգստացնող փաստն այն է, որ գենդերային կարծրատիպերը վառ արտահայտված են հատկապես նոր սերունդներին կրթող և դաստիարակողների մոտ` ընտանիքի անդամներ, դպրոցների ուսուցիչներ, համալսարանների դասախոսներ, հոգեբաններ, ինչը, բնականաբար, հետք է թողնում այսօրվա երիտասարդության վրա, այնինչ երիտասարդությունը պետք է ոչ թե այդ կարծրատիպերը կրողն ու փոխանցողը լինի, այլ շարժիչ, մոտիվացնող ուժ` դրանք աստիճանաբար հաղթահարելու և դուրս մղելու բարդ գործընթացում», — ասաց Նիկողոսյանը:
Առաջին հայացքից գուցե թվա, թե հանրապետությունում շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, իսկ կարծրատիպերի հաղթահարումը կարելի է մղել երկրորդ պլան` ամենևին չկարևորելով: Այնինչ, հասարակության գիտակցության մեջ արմատացած կարծրատիպերը կործանարար ազդեցություն են թողնում հասարակության վրա և չեն թողնում, որ նա բնականոն զարգանա: Իրավիճակն ավելի է ծանրանում, երբ նույնիսկ կրթված և բավականին ինֆորմացված երիտասարդները չեն կարողանում ազատ լինել իրենց կյանքում, մշտապես կախված են լինում հասարակության կարծիքից` դառնալով կարծրատիպերի գերի:
Հետազոտության հարցվողների 74%-ը, այսինքն` ամեն 4 մասնակցից 3-ը «Ո՞վ կամ ի՞նչն է սահմանափակում Ձեր ազատությունը» հարցին» պատասխանել է՝ «Հասարակության կարծիքը»:
Կարծես սպասելի թվեր են, չէ՞: Դե, ո՞վ չգիտի, որ մենք հասարակական կարծիքի գերի ազգ ենք: Ինքներս մեզ չենք գիտակցում: Իսկ ինչպե՞ս կարող է մարդն ինքն իրեն գիտակցել գլոբալ, համատիեզերական առումով, այլ կերպ նա չի կարող դառնալ ընդհանուրի բովանդակալից մասնիկը, եթե վախենում է նայել իր մեջ: Վախենում է, որովհետև այնտեղ, ինչպես ասում է իմ մի լավ ընկերը, «գոյացել են ահռելի օտարածին շերտեր», և դրանց մեջ շատ դժվար է գտնել նախնականը` մաքուր գիտակցությունը, որը դեռ պղտորված չէ վզին փաթաթված զանազան մտքերով, ընդունված վարքականոններով և այլ աղտոտվածություններով: Ալարում է նաև: Եթե ամեն մեկն իր հետ երբեմն անկեղծ շփվի, ապա ուրիշների հետ էլ այդպես կսկսի շփվել:
Նաև հեշտ է ապրել տղամարդկանց պատրիարխալ հասարակության մեջ տղամարդ լինելով, իսկ կինը… դե, կինն ի՞նչ, կնոջ տեղը խոհանոցն է, ու նա պետք է կիրթ լինի, որ երեխաներին կրթի ու դաստիարակի: Սա ևս գերակշռող պատասխանի տարբերակ է այս սոցհարցման մեջ: Այսինքն, մեր տեղը խոհանո՞ցն է: Խոհանոցը չէ ու չի լինելու, որովհետև միտում է նկատվում երիտասարդ աղջիկների ակտիվացման ու հիմար կարծրատիպերի դեմ դուրս գալու համարձակություն՝ գոնե խոսելու ու ընդունելու մակարդակով:
Բերեմ մի քանի փաստ սոցհարցումից, որոնք բնորոշում են հայ հասարակությանն իր մտքի ողջ տկարությամբ, ու թող էլ ոչ մի պատրիարխալ էպոտաժնիկ ինձ չասի, որ մեզ մոտ ֆեմինիստներն անելիք չունեն: Ունեն, էն էլ ոնց ունեն: Երբ խոսում են՝ դա հեչ, խոսում են, իսկ այստեղ ահա՝ թվեր են, թող որ հարցումը գլոբալ մարդահամարի նման չի եղել, թող որ հարցվել է ընդամենը 550 քաղաքացի, բայց, իմ կարծիքով, այստեղ էական է ոչ թե հարցվողների թիվը, այլ բազմազանությունն ու աշխարհագրական ընդգրկվածությունը:
«Արդյոք հանդիպե՞լ եք ձեր կյանքում գենդերային անհավասարության դրսևորումների» — այո՝ 68.5 տոկոս, մեծամասնությունը՝ կանայք:
«Պատահու՞մ են կյանքում այնպիսի պահեր, երբ ափսոսում եք, որ հակառակ սեռի ներկայացուցիչ չեք ծնվել» — կանանց` 63.8%-ը տոկոսը, որոնք համաձայն չեն ընտանիքում դերերի ավանդական բաշխմանը կամ սեռի հետ կապված սահմանափակումներին, տղամարդկանց 15.4 %-ը` «Որ բանակ չգնամ» ու «Ծանր գործեր չանեմ»:
«Արդյոք հանդիպե՞լ եք ձեր շրջապատում բռնության դրսևորումների» — այո՝ 52%-ը, մեծամասնությունը`74.2 տոկոսը, մարզերի բնակիչների պատասխան է:
Սոցիոլոգ Արմինե Ասատրյանն ասաց. «Ստանդարտացված հարցազրույցի առավելություններից է այն, որ հարցազրուցավարները` հարցվողի հետ անմիջական շփման մեջ կարող են որոշ դիտարկումներ անել տվյալ հարցի նկատմամբ հարցվողի վերաբերմունքի մասին, և դա նույնպես հաշվի է առնվում վերլուծության մեջ: Հարցազրուցավարների վկայությամբ, մարզերում բնակվող կանանց մեծամասնության մոտ այս հարցն ուղղակիորեն անհանգստություն է առաջացրել, և նրանք պարզապես խուսափել են հստակ պատասխանելուց` նշելով «Դժվարանում եմ պատասխանել» տարբերակը: Կարելի է հետևություն անել, որ նրանց այդ թեմայի շուրջ խոսելը առհասարակ արգելվում է, սակայն ու՞մ կողմից` ծնողների՞, ամուսնու՞, սկեսրո՞ջ, թե՞ սեփական «ես»-ի: Չէ՞ որ մեր հասարակությունում այդքան ընդունված է այն համոզմունքը, թե «տան եղածը պատերից դուրս չեն հանում»:
«Ծնողները պե՞տք է խառնվեն ապագա հարսի-փեսայի ընտրությանը» — 58%-ը ընտրել է փոխհամաձայնեցման տարբերակը: Իսկ ծնողների նկատմամբ առավել անհանդուրժողական են արական սեռի ներկայացուցիչների 18-25 (37.7%) և 26-35 (31.2%) տարիքային խմբերը, ընդհանուր առմամբ՝ բոլոր հարցվողների 29.3 տոկոսը: Հարցվողների կրկին 29.3 տոկոսը համարում է, որ ամուսնացող զույգի կուսության հարցը, բացի նրանցից, ոչ ոքի չպետք է մտահոգի, իսկ 34.5 տոկոսի կարծիքով՝ կարևոր է միմիայն աղջկա կուսությունը:
«Արդյոք կարևո՞ր է ձեզ համար ձեր ապագա ամուսնու/կնոջ կուսությունը» — Երևանում բնակվող կանանց ու աղջիկների 54.8 տոկոսը ընտրել է «Դա վերաբերում է միայն ամուսնացող զույգին», իսկ մարզերում` ամենից շատ նշել են՝ կարևոր է «թե՛ տղայի, թե՛ աղջկա կուսությունը»` 31.9 տոկոսը, և 22.3 տոկոսը համակարծիք է «Կարևոր է միայն աղջկա կուսությունը» տարբերակին:
Ինչ վերաբերում է տղամարդկանց պատասխաններին, ապա այստեղ թե’ մարզերում, թե’ Երևանում բնակվող տղամարդկանց համար առաջին տեղում է «Կարևոր է միայն աղջկա կուսությունը» տարբերակը:
«Համամի՞տ եք այն մտքին, որ կինն ինքն է դրդում տղամարդուն՝ իր վրա ձեռք բարձրացնել» — «Այո, միշտ» և «Այո, երբեմն» պատախանել է, ընդհանուր առմամբ, հարցվողների 51.1 տոկոսը: «Այո, միշտ» և «Այո, երբեմն» պատասխանել էին կանանց 43.7 տոկոսը և տղամարդկանց 56.6 տոկոսը: Սոցիոլոգին շատ մտահոգում է կանանց պատասխանների 43.7 տոկոսը. «Ցավալի է, որ կանայք շարունակում են այդպես մտածել»:
«Ինչու՞ են կանայք հանդուրժում ընտանեկան բռնությունը» — Առաջին տեղում է «Հանուն երեխաների» տարբերակը. անձնական կյանքում բազմահազար դժբախտ կանայք ու տղամարդիկ, որոնք միասին ապրում են միայն ձևի համար` ծնողների, ծանոթների, հարևանների համար, ու էդ երեխան անիծում է ամեն Աստծո օր, երբ աչքի առաջ տեսնում է կռվող ծնողներին, մորը ծեծող հորը, երեխան դառնում է հոգեկան հաշմանդամ, նա չի կարողանում կենտրոնանալ իր տարիքին բնորոշ բաների վրա, ստիպված է ապրել «ղալմաղալի» մեջ, ու հետևանքը՝ բարդույթավորված երեխաներ, կոտրված ճակատագրեր: Այս պարագայում ավելի ազնիվ են ամուսնալուծվողները: Սոցիոլոգը շեշտեց. «Հավանաբար, նկատի են ունեցել նյութական կողմը, այն, որ սեփական ուժերով չեն կարողանա երեխաներին պահել: Բայց եթե մայրերը լավ գիտակցեն, նրանք կհասկանան, որ վտանգում են երեխայի հոգեկան առողջությունը: Այս հարցն այն եզակի հարցերից էր, որի վերաբերյալ կանայք ունեին հստակ դիքորոշում, սա վկայում է, որ կանայք, բախվելով ընտանեկան բռնությանը, իրենք իրենց այդ հարցն են տալիս»:
Երեխայի խնամքի հետ կապված պարտականությունները հայ ծնողները բաշխում են հետևյալ կերպ` երեխայի խնամքի հետ կապված բոլոր հարցերով անխտիր զբաղվում են մայրերը: Հայրերը նույնպես փորձում են մասնակցել այդ գործին, և դա, հիմնականում, սահմանափակվում է զբոսանքով կամ դպրոց-մանկապարտեզ ուղեկցելով: Պահպանվում է պարտականությունների խիստ բաշխում`տղամարդուն վայել և անվայել կարծրատիպի շուրջ:
Կենցաղային պարտականություններից ամենատղամարդկայինը, չգիտես ինչու, «աղբ թափելն» է:
Առավել կանացի են համարվում շատախոսությունը, զգացմունքայնությունը, բամբասկոտությունը, իսկ տղամարդկային են` կոպտությունը, ուժը և խելքը;
Մասնագիտության առումով զուտ կանացի են համարվում դաստիարակի և մոդելի մասնագիտությունները, իսկ տղամարդկային` թիկնապահը, ոստիկանը, զինաշխատողը և վարորդը:
Ըստ հարցման արդյունքների, կանացի սպորտ, բացի մարմնամարզությունից, լողից ու սպորտային պարերից, ոչինչ չունենք, այնինչ մեր ծանրամարտիկ կանայք տղամարդկանց վաղուց տվել անցել են, ու որքան տեղյակ եմ՝ մեր կանանց ֆուտբոլի հավաքականն էլ վատ չի խաղում այս մրցաշրջանում, ու չնայած դրան՝ ոչ մի ուշադրության չի արժանանում Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Ուղղակիորեն գենդերային կարծրատիպերի հետևանք է մեր կանանց ֆուտբոլի «բրախած» վիճակը:
Էլ որն ասեմ, էլ որը: Թվերը շատ են, ու բոլորը՝ հետաքրքիր: Երկար ստացվեց, բայց էդ թվերն են, որ ցույց են տալիս հասարակության ներկա վիճակը, և որ «հայ ենք» գոռալու փոխարեն՝ պետք է նայենք ինքներս մեր մեջ, բայց չենք նայում, որովհետև վախենում ենք մեզ հանձնարարված` քաղաքակթությունից հետ մնացած ու անգիտակից քաղաքացու դերը տեսնել «ճիշտ հայի» կերպարի տեղ:
Ամփոփում
Որ մեր հասարակությունում դիտվում է գենդերային կարծրատիպերի թուլացման միտում, ակնհայտ է: Սակայն ներկա սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունների հետևանքով ծնվում են նոր կարծրատիպեր, որոնց մնայունությունը և կենսունակությունը կախված են երիտասարդ սերնդից: Ինչպե՞ս նրանք կընդունեն այդ կարծրատիպերը, կկարողանա՞ն դիմակայել դրանց, չէ՞ որ կառչելով անցյալում ստեղծված կերպարներին, յուրաքանչյուր քայլ, որոշում համաձայնեցնելով ոչ թե բանականության, առողջ մտածելակերպի կամ սեփական ցանկությունների, այլ հասարակական կարծիքի հետ՝ մարդը շեղվում է զարգացման ուղուց և ապրում անհետաքրքիր ու միապաղաղ կյանքով:
Արդյունքները մտահոգվելու տեղիք են տալիս: Եթե երևանաբնակ երիտասարդության մոտ նկատվում է մտածելակերպի առաջադիմություն, որոշ կարծրատիպեր արդեն կոտրվել են, իսկ մյուսներն այդ ճանապարհին են, ապա մարզերում, ցավոք, այդ միտումը դեռևս չի նկատվում կամ աննշան է:
Ցանկացած քաղաքացիական հասարակություն պետք է ազատվի կարծրատիպերից, քանի որ դրանք, բռնությունների, մարդու հիմնարար ազատությունների ոտնահարման նախապայմանը լինելով, սահմանափակում են մեր իրավունքները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.