29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...G7 երկրների ԱԳՆ ղեկավարները հայտարարել են, որ Ուկրաինային պաշտպանելու իրենց հակվածությունն «անսասան» է, քննադատել են Չինաստանին եւ Իրանին։
Վերջիններս համատեղ հայտարարություն են տարածել, որում շարադրված է Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի հարցով ընդհանուր դիրքորոշումը։
«Մենք հաստատում ենք, որ մենք վճռական ենք՝ ֆինանսական, մարդասիրական, պաշտպանական, քաղաքական, տեխնիկական եւ իրավական աջակցություն ցուցաբերելու Ուկրաինային»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարները Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու եւ բնակչությանը վախեցնելու փորձերի մեջ։
Նրանք նաեւ նշել են «Մերձավոր Արեւելքում եւ դրա շուրջ Թեհրանի շարունակվող ապակառուցողական գործունեությունը»։
Նախարարները հայտարարել են, որ ձգտում են «Չինաստանի հետ կառուցողական համագործակցության» այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, մաքուր էներգիան եւ առողջությունը, սակայն զգուշացրել են, որ Պեկինը «պետք է պահպանի գլոբալ կանոնները, հատկապես՝ Թայվանի հարցում»։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության և քննչական դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ապացույցների բավարար համակցություն են ձեռք բերվել առ այն, որ տուրիստական գործունեությամբ զբաղվող մի շարք անձինք, նախնական համաձայնության գալով իրար հետ, շահադիտական նպատակով կազմակերպել են Հայաստանի Հանրապետության շուրջ երկու տասնյակ քաղաքացիների անօրինական միգրացիան օտարերկրյա պետություններ, որը կատարել են վերջիններիս կողմից օտարերկրյա պետություններ մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելով: Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից:
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակության հասցեներում, տուրիստական գործակալություններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր պատրաստելու համար նախատեսված սարքեր և սարքավորումներ, քաղաքացիների անձնագրեր, անօրինական միգրացիայի կազմակերպման համար անհրաժեշտ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, հանցագործության կատարման համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների ինքնությունները, ովքեր տուրիստական ընկերությունների միջոցով անօրինական կարգով լքել կամ փորձել են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Հիշյալ անձինք և նրանց ազգականներն իրենց ցուցմունքներով նկարագրել են հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց արարքները, տեղեկություններ հայտնել փոխանցված կամ խոստացված դրամական միջոցների չափի վերաբերյալ։
Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ընդհանուր թվով հինգ անձինք, որոնցից երեքի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում անօրինական միգրացիայի կազմակերպման համար և զգուշացնում, որ Ծառայությունը շարունակելու է այսօրինակ հանցագործությունների կանխման և դրանց ամբողջական բացահայտման աշխատանքները։
Սա Միշել Մոնտենի միտքն է:
Երեկ ինձ համար անախորժ օր էր, մի երկու թափթփուկի պատճառով նյարդայնացել էի ու ավելի շատ նրանից, որ դրանց իրենց իրական տեղը ցույց տալն ահագին ժամանակ խլեց ինձանից: Օրվա կեսն արդեն անցել էր, մտածում էի այդպես էլ օրը մռայլ վերջանալու է:
Տաքսի կանգնացրեցի, շատ մաքուր սալոնով (ինչը տաքսիների պարագայում երանելի է հանդիպելը) մերսեդեսը վարում էր սիրիահայ մի երիտասարդ: Ինչպես ինձ հանդիպած բոլոր սիրիացի վարորդները, նա ևս չգիտեր քաղաքն ու դրանից սկսվեց զրույցը . և ի զարմանս ինձ երիտասարդ տղամարդը գոհ էր, գոհ էր, որ հայրենիքում էր, գոհ էր, որ ընտանիք էր կազմել.Պատմեց, որ կինը տեղացի է ու երեխա ուներ, որոնք իրեն սպասում էին տանը,( ու ամեն խոսքից հետո ասում էր՝ փառք Աստծո) որ շատ բան են կորցրել, որ շատ ավելի լավ պայմաններում են ապրել, ժամանակին տարին երկու անգամ գնացել են հանգստանալու, որ նախկինում ամեն բան այլ է եղել, սակայն ինքը գիտակցում է, որ դա անցած է, հետ չես բերի, իսկ ներկան պարզապես պետք է գնահատել ու վայելել:
Այնքան դրական բան կար այդ ամենի մեջ, այդ լավատեսության մեջ, իր կյանքն ապրող բավարարված մարդու կերպարի մեջ, որը լուռ ու արժանապատվությամբ անում էր իր գործը: Համատարած անիմաստ, ճչացող մեր իրականության մեջ մարդկային այս որակը, ցավոք, գնալով պակասում է:
Հ.Գ. Ինձ հանդիպած բոլոր տաքսիստները՝ այդ թվում սիրիահայերը դժգոհ են եղել ու այս եզակի դեպքը ինձ և ուրախացրերց, և հույս տվեց, որ ամեն ինչ դեռ կորած չէ , որ մի օր մեզանում իրոք լավ է լինելու, եթե յուրաքանչյուրն անի իր գործը , իմանա իր չափն ու ապրի իր կյանքով:
Ռ. Ա.
Ցավով եմ ասում. մեր հոգևորականները վախկոտ են
Եկեղեցու խնդիրները պարբերաբար լուսաբանելը, հուսով ենք կօգնի ինչ-որ բան շտկել, և հայ մարդը, որն այսօր հույսը միայն Աստծո վրա կարող է դնել, եկեղեցում էլ փնտրի — գտնի իր հարցերի պատասխանը:
Մեր զրույցը կարգալույծ արված հոգևորականի ՝Ռուսաստանի և Նախիջևանի թեմի նախկին առաջնորդ Տիրան Կյուրեղյանի հետ, փորձում է գտնել մի շարք հարցերի պատասխաններ:
— Ինչպե՞ս են ապրում ձեր շրջապատի մոսկվաբնակ հայերը:
— Դե տարբեր են նրանք, լավ ապրողներ էլ կան, բայց մի բան պարզ է. պետք է պայքարել, ապրել, ավելի շատ իմանալ, որպեսզի հայրենիքը հզորանա: Ուրիշ ճանապարհ չկա: Ամեն ինչ կփոխվի, սևն ու չարը երկար չի մնա, ես հավատացած եմ: Առայժմ անհույս է, դժբախտաբար: Այստեղ ապրում են, աշխատում են Հայաստանում մնացած հարազատներին օգնում են, բայց ահավոր վիճակ է. 80 տոկոսը վարձով է մնում: Իրենց աշխատածի զգալի մասը տան վարձ են տալիս, ապրում են, մի փոքր էլ կարողանում են հայրենիք ուղարկել: Այդ մի փոքր ուղարկվածից այդ օլիգարխ կոչվածը կողոպտում է: Ուզած պահի բարձրացնում կամ իջեցնում են դրամի փոխհարաբերությունը.
— Եկեղեցու իշխանություններից դժգոհողների պակաս չկա, սակայն հոգևորականները չեն բարձրաձայնում իրենց ասելիքը՝ վախենալով վերինների ոխակալությունից, հիմնականում անզոր լինելով փոխելու իրենց կյանքը՝ տղամարդավարի հեռանալու գաղջից ու ճահճից: Քիչ թե շատ խոսում են կարգալույծ արված հոգևորականները, եթե հեռացվելուց հետո, դեռ հետաքրքրված են մնում եկեղեցու կյանքով:
— Շատ լավ հոգևորականներ էլ կան Հայաստանում, բայց կարևորը ղեկավարությունն է և իրենց օրենքները: Ցավալի է, և ցավալին այն է, որ մի խումբ եկեղեցականներ միացած են, նույն կողոպտիչ աշխատանքն են կատարում: Կան լավ հոգևորականներ, որոնք իրոք եկեղեցուն ծառայություն են մատուցում, բայց ոչ առաջնորդները:
Օրինակ՝ Վանաձորի սրբազանը՝ Սեպուհ Չուլջյանը, լավ հոգևորականի աշխատանք է կատարում: Երբ ես սարկավագ էի, Վազգեն կաթողիկոսի ժամանակ, վեհարանում էի ծառայում՝ նրա հայրը ընտանյոք հանդերձ ծնկաչոք եկավ (այն ժամանակ Ղարսի գիծը բաց էր) կաթողիկոսի առաջ, թե՝ ինձ թողեք Հայաստան, հետ չգնամ Թուրքիա: Այսպես իր ընտանիքը եկավ: Լավ հոգևորական է Աբրահամ սրբազանը՝ Սյունիքի առաջնորդը: Լավ հոգևորական է Միքայել Աջապահյանը՝ Շիրակի թեմի առաջնորդը, չնայած վերջերս Գարեգինն իրեն էլ ճնշեց, ուզում էր հանել, հիմա մի քիչ փոխվել է: Մինչև վերջերս էլ իրավիճակը լարված էր: Նրան էլ երևի իշխանության կողմից ճնշում եղավ, հիմա փոխվել է՝ գովում է Գարեգինին: Չնայած Մոսկվայում եմ ապրում, բայց տեղյակ եմ բոլոր հարցերից: Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանն էլ վատը չէ: Վարդապետների մեջ շատ լավ տղաներ կան, բայց ինքը (Գարեգին Բ-ն-խմբ.) ճնշում է նրանց:
-Ի՞նչ ասել է լավ հոգևորական. նրանք իրենց ապրած կյանքով պետք է ապացուցեն դա, իսկ շատերը…
-Լավ հոգևորական ասելով հասկանում եմ, որ եկեղեցին է սիրում, գիտի եկեղեցու կարգուկանոնը, նյութապաշտ չէ և ծառայում է ժողովուրդին: Ցավով եմ ասում, որ մեր հոգևորականները վախկոտ են:
— Եկեղեցին թե ձեր ժամանակ, թե այսօր, յուրահատուկ «մաֆիոզ» կառույց է, վերևներում հսկայական գումարներ են պտտվում մինչդեռ ներքևում ընտանիք պահող քահանաները մի կերպ են ապրում:
— Այո, այսօր արտասահմանից բազմաթիվ պոլսահայեր, Թուրքիայի հարուստ հայեր ուզում են իրեն օգտակար լինել ու գումարներ են տալիս այսինչ- այնինչ եկեղեցուն, հիվանդանոցին, ծերանոցին օգնելու համար: Գարեգինն ասում է, թե ինձ պետք է տաս: Մոտս մի անձ էր եկել, Սիբիրից, մի հարուստ մարդ, որ հողամաս էր գնել իր գումարներով, որ պիտի կազմեր 2 միլիոն դոլարի նախահաշիվ՝ եկեղեցի կառուցելու համար: Հայաստանի առաքելական եկեղեցու առաջնորդը պիտի հաստատի: Առաջնորդը Գարեգինի եղբայրն է: Երկու-երեք ժամ բանակցել են: Պատմում էր, որ Եզրասն ասել է ՝ «Դու չպետք է կառուցես, քո 2 միլիոնը մեզ տուր, մենք կկառուցենք», նա էլ ասում է՝ «Եղբա′յր, քո գործը չէ, պրոեկտը երկու միլիոնի է, ես եմ ծախս անելու», ասում է՝ չէ, ու այդպես էլ չհաստատեց, մարդն էլ թուղթը ճղեց գնաց: Ահա այսպես կամաց-կամաց հեռացնում են եկեղեցուց:
Չի կարելի որևէ հայի Էջմիածնից կտրել. Էջմիածինը համայն հայության խորհուրդն է: Էջմիածնի հետ խաղ մի արեք. Էջմիածինը հզոր նեցուկ է, լծակ փրկության, հզորացրեք Էջմիածինը: Էջմիածինը քարաշեն կառույց չէ, այն խորհուրդ է համայն հայության: Գարեգին Առաջինին գերեզման մտցնողն այդ քարերը եղան, որովհետև փաստը ցույց է տալիս, որ նա պայքարեց սուրբ Էջմիածնի դեմ և աշխարհով մեկ բաժանեց հայությանը և այդ քարերը նրան պատժեցին:
Ցավում եմ,որ մեր հոգևորականները վախենում են, մենք լավ ժողովուրդ ունենք, լավ երիտասարդություն կա,և հույս ունեմ որ այս ծանր վիճակը կհաղթահարենք: 20թ, մոխրացած էր Հայաստանը: 89-ից մինչև 91-ը մենք Երևան ստեղծեցինք՝ իր համալսարանով, իր ակադեմիայով, իր բուհերով, գործարաններով: Մեզ չեն կարող շատ ճնշել: Եկեղեցու վրա, եթե ժողովուրդը հույս դնի, ամեն ինչ կփոխվի, սակայն այժմ հույս դնելու չի:
Շարունակելի…
Ռուզան Ավոյան
Այսօր` նոյեմբերի 22-ին, լեգենդար հերոս ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆԸ կդառնար 71 տարեկան: Ուստի` միացնելով «Ժամանակի մեքենան», ուղևորվենք դեպի 1988 թվականի փետրվարի 20-ը` Ազատության հրապարակ, ուր արցախյան առաջին հանրահավաքն էր տեղի ունեցել: Հրապարակ է գալիս նաև Լեոնիդը: «Եկավ, կանգնեց, լսեց և, ձեռքը թափ տալով, հեռացավ` ասելով` այս պայքարը վերածվելու է զինված պայքարի: Իր մարգարեական հեռատեսությամբ, իմաստուն և ազգային հոգեկերտվածքով նա լծվեց զենքեր ստեղծելու գործին: Առաջին ինքնաստեղծ, ինքնաշեն զենքերը ստեղծվեցին Լեոնիդ Ազգալդյանի, Ալեքսանդր Թամանյանի և իրենց մյուս ընկերոջ` Կարեն Գրիգորյանի ջանքերով և շատ ուրիշ մտավորականների աջակցությամբ»,-պատմում է նրա ջոկատի անդամ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: Ու այդպիսով տաղանդավոր ֆիզիկոսը, որը միաժամանակ մի քանի մարզաձևի սպորտի վարպետ էր, 45 տարեկանում ծնվում է երկրորդ անգամ` արդան որպես ռազմական գործիչ, զորավար: Իսկ այժմ` նրա նախառազմական կենսագրությունը.
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան՝ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս: Ծնվել է 1942 թ. Թիֆլիսում , Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։
1947—1959 թթ. սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։
1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետ և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի լազերային տեխնիկայի հաշվողական կենտրոնում Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Եվ ահա 1990-ի սկզբներին նրան տեսնում ենք Աշոտ Նավասարդյանի կողքին: Նոր կազմավորվող ՀՀԿ-ի անդամ չի դառնում, բայց փոխարենը 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում հատկապես Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրավորել և իրականացրել խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման խոչընդոտումը։
1991 թ. հունիսին, ֆրանսահայ Հովսեփ Հովսեփյանի հետ միասին, նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում և որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։
Ահա Լեոնիդ Ազգալդյանի մտքերից մի քանիսը.
Այն ազգը, որը կկորցնի Ղարաբաղը, կտապալվի լրիվ:Թո՛ւրքը կկորցնի` ուրեմն թուրքը: Հա՛յը` ուրեմն հայը: Դրա համար այստեղ շատ կարևոր հարցեր են լուծվում. դա միայն մի փոքր կտոր հողի հարց չէ:
Մենք մինչև հիմա հանձնել ենք հողեր թշնամուն: Դիմադրության ոգին շատ է թուլացել մեր մեջ: Այդ պատճառով էլ մեր մեջ գտնվում են մարդիկ, նույնիսկ բարձրաստիճան, ովքեր կարծում են, թե մենք պետք է հրաժարվենք ՀԱՅ ԴԱՏԻՑ: Դրա պատճառն այն է, որ մեր ազգի «ինտելիգենցիան» հիմնականում ցածր ոգու տեր անձինք, չգիտեն մարտնչելու ձևը:
Հաղթանակները հավասարվելու են զրոյի, եթե հաղթանակների հետևում կանոնավոր բանակ չկա:
Ես մահ չունեմ, երբ կասեն զոհվել եմ` չհավատաք: Ես Ստամբուլի պատերի տակ եմ զոհվելու:
Գույներով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է:
Չի կարելի հանձնել ոչ մի կտոր հող. ինչ էլ ասեն կենտրոնական կամ ոչ կենտրոնական, միջազգային կամ ազգային գործիչները. Սա Հայաստան է և … վերջ:
Մեջբերենք պետերբուրգցի մի հայ երիտասարդի վկայությունը. «Երկու ամիս Լեոնիդի ջոկատում մարզվում էի: Վերջում մի քանիսի հետ ինձ էլ խոտանեց: Վերադարձա Պետերբուրգ, բայց չդիմացա` նորից հետ եկա: Ինչո՞ւ: Չգիտեմ: Լեոնիդի հետ այդ երկու ամիսն ինձ փոխել, ուրիշ մարդ էին դարձրել: Մեջս ոնց որ թթխմոր դրած լիներ: Չկարողացա անտարբեր մնալ, Հայաստանից հեռու` Պետերբուրգում, ինձ համար հանգիստ ապրել: Վերադարձա: Թող Լեոնիդի ջոկատը չլինի, մեկ այլ ջոկատ լինի: Եկա, կռվում եմ, հիմա ինձ լավ եմ զգում»:
Ու եզակին այն էր, որ Լեոնիդը թերևս գտել էր ազատագրական պատերազմի ֆիզիկայի գաղտնիքները, և դրա շնորհիվ նրա ջոկատի մարտական կորուստները ռեկորդային ցածր էին: Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր: Մինչդեռ, Գագիկ Գինոսյանի վկայությամբ` «Լեոնիդ Ազգալդյանը ստեղծել է 300 հոգանոց կանոնավոր բանակ, որն ամենօրյա ֆիզիկական, մտավոր, գաղափարական մարզումներ էր կատարում: Նա Արցախում ազատագրել է 27 բնակավայր: Սա, ինձ թվում է` բավականին լուրջ թիվ է` արցախյան հերոսամարտի չափանիշներով, և այս մարդուն հերոսի կոչում չշնորհել, ոչ միայն նշանակում է մեղանչել իրականության դեմ, այլ նաև հայ պատմության և ապագայի դեմ»: Ավելին, «քանի դեռ Լեոնիդը կենդանի էր, ոչ ոք չկարողացավ մտնել Մարտակերտի շրջան: Մարտակերտն ընկավ նրա զոհվելուց հետո, որը նույնպես կասկածելի է»:
Իսկ ի՞նչ մեթոդներով էր Լեոնիդը ապահովում ֆանտաստիկ կարգապահությունն ու մարտունակությունը: Ջոկատում ծխելը, խմելը խստիվ արգելված էր, իսկ զենքը կամ պահեստում պետք է լիներ, կամ` ձեռքիդ բռնած: Եթե զենքդ մի կողմ դնեիր, հաջորդ ակնթարթում ջոկատում չէիր լինի: Ի սկզբանե Լեոնիդի Ազատագրական բանակը շատ ավելի կարգապահ էր, քան նույնիսկ խորհրդային բանակը: Նրա բանակի կարգապահության հիմքում, Նժդեհի բառերով ասած, գիտակցական կարգապահություն կար: Այսինքն` երբ զինվորը հասկանում էր իր կարգապահ լինելու առաքելության կարևորությունը, նրան պետք չէր պարտադրել կարգապահություն, ինչպես արվում է շատ-շատ բանակներում: Եղել են դեպքեր, երբ Լեոնիդը զինվորին դիրքերում տեսել է քնած, արթնացրել է նրան ու հրամայել «գնալ քնելու»` վերջինիս փոխարեն անձամբ հերթապահելով դիրքում: Զինվորը հաջորդ անգամ ամեն ինչ անում էր` հանկարծ նման օրը չընկնելու համար: Նա շատ ավելի ուշիմ էր լինում, ամոթից չգիտեր, թե ուր գնար, ոչ թե ասում էր` ինչ լավ է, գնամ քնեմ:
Լեոնիդ Ազգալդյանն ընկավ 1992թ. հունիսի 21-ին` 50 տարեկանը չբոլորած: Իսկ նրա ջոկատի պրակտիկ ռազմադպրոցն անցած հարյուրավոր ազատամարտիկներից շատերը հետո իրենք դարձան ջոկատների հրամանատարներ, այնուհետ համալրելով Հայոց բանակի սպայական կազմը: Ու այն, որ մեր բանակը Հարավային Կովկասում լավագույնն է, դրանում Լեոնիդի ներդրումը վիթխարի է: Եվ այսօր էլ փաստորեն ի դեմս հրամանատարական պաշտոններ վարող Լեոնիդի մարտիկների, Լեոնիդի ստվերը անտեսանելի հսկում է շատ ու շատ զորամասերի անցուդարձը, մթնոլորտը, ոգին… Այսինքն` նա անտեսանելիորեն կա, և ճշմարտություն է նրա խոսքը, որ զոհվելու է միայն Ստամբուլի մատույցներում:
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Լուսանկարները` http://azgaldyan.am կայքից
Բերդերում, սաղ աշխարհի բանտերում մանկապիղծներին խարանում են, ու եթե հավատանք գողական աշխարհի «պարյադկեքին», էդ խարանը չի մաքրվում, մաքրողը խիստ պատժվում է:
Մանկապղծությունը` պեդոֆիլիա և պատանեկապղծությունը` էֆեբոֆիլիան ուղեկցել են մարդկությանը ողջ պատմության ընթացքում ու միշտ զզվանք ու արդարացի զայրույթ են առաջացրել բոլոր ազգերի մոտ անկախ դարից ու ժամանակներից: Սոդոմյան ամենամեծ մեղքերից է և իրոք, նորմալ մարդու գիտակցության համար անընդունելի: Բայց արդեն վաղուց աշխարհում մանկապղծությունը պատժվում է խստագույնս, բացի երրորդ աշխարհի ու նախկին սովետմիության որոշ երկրներից:
Մեզ մոտ դրա մասին ընդունված չէ խոսալ, մեզ մոտ փսփսում են: Մեզ մոտ եթե մեկն իմանում է էդպիսի մի բանի մասին, նա նույնիսկ վախենում է տեղեկացնել երեխայի ծնողներին, որովհետև ծնողները շատ դեպքերում չհանրայնացնելու ու երեխային «փչացրածի» պիտակը չկպցնելու համար հերքում են, երբեմն էլ ինքներն են հաշվեհարդար տեսնում մանկապիղծի հետ, ինչպես ղափանցի մի մարդ, որը սպանել էր իր հինգ տարեկան աղջկան բռնաբարող բանակից նոր վերադարձած հարևանի տղային ու գնացել հանձնվել… Իսկ երեխայի մոտ, ինչպես պատմում են, սկսվել է վաղ սեռական հասունացում, սեառական վարքի շեղումներ, նա նախ թրև է եկել ում հետ ասես, ու ի վերջո դարձել է պոռնիկ:
Ես ծնվել ու մեծացել եմ Ղափանում, որտեղ իմ մոտով վազն է անցել մանկապիղծը, քանի որ վաղ մանուկ հասակից զգուշացված լինելով տատիկիս կողմից էն մասին, որ «եթե անծանոթ ձյաձյան կոնֆետ տա ասի արի քեզ տեղ տանեմ` չգնաս, քեզ վնաս կտա» չեմ գնացել, չնայած սիրուն երեխա էի ու շատ էին կոնֆետ առաջարկում: Ես չէի հասկանում, թե ի՞նչ վնաս ինձ կարող է տալ փոքրամարմին էդ տղամարդը, որից բոլորը թաքցնում են երեխաներին: Հետո, մեծանալով ու լսելով բավականին հաճախակի տեղի ունեցող դեպքերի մասին հասկացա, թե ինչի մասին էր տատիկս ինձ զգուշացնում: Առաջարկներ են արել և դպրոցում և ինստիտուտում, ու ես եղել եմ երևի եզակի համարձակներից, չնայած որակվել եմ անամոթ, որ հայտնել եմ մեծերին ու դասատուին հանել են դպրոցից…
Պատմեմ ևս մի քանի պատմություն, ոչ միայն ղափանյան և փորձեմ օրինաչափություն գտնել եթե կա:
— Մեղրիում մի մարդ կար Պագանել անունով, իսկական այլանդակ գիգանտ, որի մասին բոլոր երեխաները գիտեին, որ խաբում տանում բան-ման ա անում, — պատմում է 27 տարեկան Մարիամը, — Պագանելը նստած ա եղել փոքր տղայի բռնաբարության համար: Էդ ամբողջ պատմածները իրա մասին իհարկե վախենալու էին, բայց երբ ես մի անգամ հայտնվեցի դեմ առ դեմ Պագանելին, փոքրիկ սենյակում, որտեղ մեզնից բացի կար նաև նրա քրոջ աղջիկը, որն իմ ընկերուհին էր, էդ ժամանակ իմ մեջ իսկական սարսափ արթնացավ, երբ նա իր գուինպլենյան ժպիտով ինձ աչքով արեց ու շրթունքները համբույրի դասավորեց: Ես միանգամից դուրս թռա էդ տնից: Ես տենց էլ ոչ մեկին չպատմեցի էդ պատմությունը, հետո էլ մտածեցի, որ էլ նման բաներ իմ կյանքում չեն կրկնվի: Բայց չէ: Մի անգամ էլ պապիկիս ընկերն էր փորձում ինձ ձեռ-մեռ գցել, մորաքրոջս ամուսինը, նաև թաղի տարիքով տղերքը: Ես մեծերին չէի պատմում դրա մասին, որովհետև վախենում էի, որ նրանք ինձ կմեղադրեն, ու դա էնքան վատ բան ա, որի մասին չի կարելի խոսալ: Մի ժամանակ էլ Ագարակում փսփսում էին, որ հայրն է աղջկան բռնաբարել:
Ես էդ աղջկան համարյա ամեն օր տեսնում էի իրանց այգու կողքով անցնելուց, որտեղ նա ցանկապատից բռնած տխուր կանգնած էր միշտ նույն տեղում: Այգում մենակ ծառեր էին, ու ինձ համար պարզ չէր, թե ի՞նչ կարիք կար ամեն օր էդ աղջկան այգի տանելու հետը: Պարզվում ա, երկար ժամանակ հայրը աղջկան պարբերաբար բռնաբարել ա, ու վախացրել ա, որ եթե ասի որևէ մեկին «ոչխարի նման գլուխը կկտրի»: Աղջիկը չի դիմացել ու նույնիսկ մահվան սպառնալիքի տակ ասել ա մորը:
Ճիշտ ա, էդ մարդուն դատեցին, ինչ-որ չափով արդարությունը հաղթանակեց, բայց էդ աղջկան սկսեցին խղճալ, մարդատեղ չդնել, իրա հետ չէին շփվում երեխաները: Տարիներ անց իմացա, որ էդ աղջիկը դառել ա բոզ:
Ղափանի մեր գյուղում էլ մի դեպք եղավ, էդ տղու անունը չեմ ուզում ասեմ, «պիտնո» կլինի իրա համար, կարող ա կյանքը կործանվի:
Ուրեմն, էս Արամիկի տատն ու պապը իրանց դիմացի հարևանների հետ` մայր ու տղա շատ մոտ էին: Նրանք լավ չէին ապրում, ու աշխատում էին հարևանների համար, սրանք էլ իրանց կերակրում էին: Ու էդ կնոջ տղային` Էդգարին իրանց հարազատի նման էին վերաբերվում: Ես երկար ժամանակ գյուղում չէի եղել, ու զարմանում էի, որ գյուղի ժողովուրդը էդ տղային ինչ ասես չէր ասում, ծեծում էր, քշում էր, չէին շփվում հետը ոչ մեկը: Մի օր էլ լսեցի, ոնց ա Թամար տոտան հենգ-վեց տարեկան փոքր աղջիկների վրա ջղայնանում ու ասում որ էլ դրանց տուն չգնան: Մոտ ընկերուհուս եղբայրը գաղտնապահության խոստում ստանալուց հետո պատմեց, որ «Մի օր գնացել էինք այգիները Էդգարի ու տղեքի հետ, Արամիկն էլ էր մեզ հետ: Էդգարը ոտերը չռած նստել էր ծառի տակ ու ձեռին մի թզբեխ բռնած ասում էր Արամիկին, որ եթե ուզում ա էդ թզբեխը պետք ա ծծի: Արամիկը սկսեց ծծել էդ Էդգարն էլ զզվելի տնքոցներ էր հանում ու այլանդակ շարժումներ անում: Հետո նույն բանը մեզ ասեց որ անենք, մենք ասեցինք չենք անի, ինքն էլ ասեց որ եթե մարդու բան ասենք մեզ կսպանի»:
Արամիկը յոթ-ութ տարեկան էր էդ ժամանակ, ու ըստ երևույթին, շուշուտ էր տենց բաներ անում Էդգարին, ու երևի թե իրա համար վստահելի երեխա էր էլի Արամիկը դառել: Ինքն իրա զոհերին խելացիորեն էր ընտրել` միամիտ Արամիկին ու էլի մի երկու տարով իրանից մեծ վախկոտ ու դեբլիոտ երեխեքի: Մի անգամ իմ եղբորն էլ ա անտառում նույն ձևի բան առաջարկել անել, եղբայրս ասել ա, որ հորը կասի, դրանից հետո էլ հանգիստ ա թողել:
Խի՞ պիտի ես վախենայի իմ ծնողներին ասեի, խի՞ պիտի վախենայի, խի՞ սուտի ազգասերները փոխանակ հայրենիքի ու ազգի ամսին խոսալու սրա մասին չեն խոսում, որ մարդիկ չդառնան հոգեկան հիվանդ, իսկ Էդգարը բանակում պաշտոնավոր դառնա: Խի՞ դպրոցներում սեռական դաստիարակություն ու ապահով վարք չեն սովորացնում, ինչքա՞ն կարելի ա, քանի՞ սերունդ պիտի վարի գնա, որ հասկանան: Ու հետո էլ որ մեկի մասին իմանում են, վռազ անունն ընկնում ա, մնում ա թողնի փախնի ստեղից կամ խեղճուկրակ իզգոյի նման ապրի, ով էլ չդիմանա իրան կախի…»
Էլի կան պատմություններ, որոնցից ամեն մեկը մի մարդկային խորտակված կյանք է, քրքրված հոգի, հասարակությունից օտարված ու խղճուկ…
Իսկ դու, քանի՞ էդպիսի պատմություն գիտես, ինչո՞ւ ես լռել ու շարունակում լռել, վաղը դա կարող է պատահել քո երեխայի հետ ախր…
Մանկպղծություն, սեռական ու ընտանեկան բռնություն: Ժամանակը չի՞ արդյոք հանելու մեր վրայից կեղծ բարեպաշտությունն ու ազգովի չխոսկան հարսի նման լռելու ու անկյուններում փսփսալու փոխարեն գոռալու, չճալու ու աղաղակելու էդ ամենի մասին: Ի՞նչ է նշանակում մեր քրեական օրենսդրությամբ սահմանված էդ մեղմ պատիժը կործանված կյանքերի դիմաց: Հա գնաց նստեց, հետո Պագանելի նման դուրս եկավ ու շարունակեց իր սև գործը, բա մեխկ չե՞ն մեր երեխաները, մենք մեխկ չե՞նք: Ինչի՞ չկա մեր տոնածառի նման հայ եթերներում բռնության թեժ գծերի գովազդ, ինչո՞ւ պետք է հասարակական կազմակերպությունը դրա համար վճարի, և որքա՞ն մեզ պետք է խաբեն Հ1-ի եթերով օրենքով հանրային հեռուստատեսության համար պարտադիր սոցիալականի համար նախատեսված տաս տոկոս եթերաժամանակն ինչ-որ անօգուտ գովազդներով լցնելով, այն ժամանակ, երբ Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի գովադզի համար հենց իմ ներկայությամբ գովազդային գործական աստղաբաշխական թվեր էր ուզում…
Ինչո՞ւ չկա փոքրիկների հաղորդումներում իրենց հասանելի տեսքով ներկայացված զգուշավոր լինելու գովազդ, ինչո՞ւ դպրոցներում չկան դասեր, չկան հատուկ հոգեբաններ, որ կարողանան ամենասուսուփուս երեխայի թաքուն վախերը բացահայտեն, լսեն ու օգնեն նրանց: Կասեք խի՞ չկան, կան: Հա կան ձևական սեռական դաստիարակության դասեր, որոնց մասին երեխաներն ասում են «ազատ ժամ», կամ «խաղի ժամ» ու որ հարցնում ես, թե ի՞նչ են սովորում, չեն կարողանում ասել: Իսկ դպրոցական հոգեբանները, ովքե՞ր են նրանք: Թող չնեղանան այդպիսիք, եթե կարդան, որովհետև հոգեբանը դպրոցում գործ չի անում, չգիտի ինչ անի ու ոնց: Էլ չխոսամ մեր խղճուկ սոցիալական ծառայությունների մասին: Սովետմիության համակարգը գոնե դասղեկներին պարտավորեցնում էր հաճախել աշակերտների տները, հիմա ո՞ւմ ինչ հոգսն ա ուրիշի երեխան:
Երեխաները մեր երկրի ապագան են, ամեն լավը երեխաներին, բերաններիցս կտրենք տանք երեխաներին, խոսքը մեծին ջուրը փոքրին, փոքրին լավը կտան… Ամպագոգոռ կարգախոսներ, ժողովրդական ասացվածքներ… Հենց վերջինից էլ սկսենք: Երեխաները խոցելի խավ են ու ունեն պաշտպանության կարիք, մանավանդ՝ պետական: Իսկ մեր պետությունը նույնիսկ հարկ չի համարում արդեն քանի տարի է քրեական օրենսգքում փոփոխություն մտցնել մանկապղծության ու բռնաբարության համար հոդվածներում ու դատապարտել հանցանքին գոնե որոշ չափով համարժեք պատժաժամկետների… Ի՞նչ ենք մեծ-մեծ խոսում բարոյականությունից ու մարդկային գերագույն արժեքներից, ախր խոսալու տեղ չունենք, քանի դեռ լռությամբ ու անպատժելիությամբ մեր երեխաներին դարձնում ենք անպաշտպան:
Երբ նյութս արդեն պատրաստ էր, մտածեցի, որ հարկ է մասնագետից էլ հարցնել: Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի մեկնաբանությունը:
«Պեդոֆիլիան և էֆեբոֆիլիան հոգեսեռական զարգացման խանգարումներ են: Վաղ շրջանում, երբ հայտնաբերվում են նման հակումներ, ու այդ ամենը հաստատվում է հոգեբուժի ու սեքսոպաթոլոգի կողմից, այդ երիտասարդներին ուղարկում են հարկադիր բուժման հոգեբուժարանում: Այլ է, երբ մարդիկ ապրում են նորմալ սեռական կյանքով, ունենում են ընտանիքներ, բայց սեռահարաբերվում են երեխաների կամ պատանիների հետ: Դա արդեն այլասերվածություն է և որպես անձին վնաս հասցնող երևութ քրեորեն պատժելի են: 0-8 տարեկան երեխաները, որոնք գիտակից չեն ու հեշտ է խաբել, համարվում են մանկապղծության զոհեր: Էֆեբոֆիլիան այլ է: Պատանեկան տարիքում դժվար է խաբելով սեռական գործողությունների մղել, այս դեպքում երևի թե կարելի է խոսալ անչափահասի հետ սեռահարաբերվելու մասին, որը հաստատ տեղի է ունենում ինչ-ինչ դրդիչներից ելնելով՝ սոցիալական վիճակ, բնական հակվածություն դեպի հոմոսեքսուալիզմ: Երկուսն էլ քրեորեն պատժելի են: Մանկապղծության զոհերն ունենում են լուրջ ֆիզիկական ու հոգեբանական շեղումներ, բավական երկար ժամանակ է պետք այդպիսի երեխային նորմալ հունի մեջ գցելու համար, իսկ հետագայում նրանց մոտ կարող են նկատվել սեռական նորմալ վարքի խախտումներ»:
Նշենք, որ նոյեմբերի 19-ը՝ երեխաների նկատմամբ բռնությունների դեմ պայքարի միջազգային օրն է:
Հ. Գ.Լուսինե Վայաչյանն այս նյութը գրել է մոտ երկու տարի առաջ
Այսօր ուսանողների միջազգային օրն է. ստորև ներկայացնում ենք Լուսին Վայաչյանի հոդվածներից մեկը, որը պատմում է երիտասարդի տեսակի մասին՝ մեր հասարակության մեջ:
Ինձ հյուր էին եկել երիտասարդների մի խումբ, որոնց հետ զրույցն էլ միտք առաջացրեց հետաքրքրվել ինչպիսի՞նն են 15-20 տարեկան մեր պատանիները: Ովքե՞ր են նրանք, ի՞նչ պրոբլեմներ ունեն, ինչո՞վ են ապրում, ո՞ր սուբկուլտուրաներն են գերակշիռ, ու ո՞ր գաղափարախոսությունն է նրանց մոտ հարգի: Նաև՝ բնորոշիչ ինչպիսի խմբավորումներ կան:
Համլետն ու Ռուզաննան աշակերտներ են, Վարդուհին՝ առաջին կուրսի ուսանողուհի,Մայիսը՝ կամավորական աշխատանքներով զբաղվող բանակի զորակոչման սպասող մի երիտասարդ, նաև Արմենը, ով ինքն իրեն, բնականաբար, «քյարթու» չի համարում, բայց ըստ մեր դասակարգման՝ էդպիսին է:
Համլետ՝ ռոքեր
— Աշխատում եմ, իմ շրջապատում լինեն երաժշտասեր (ցանկալի է ռոք ուղղվածության) մարդիկ, արվեստագետներ, մտավորականներ: Աղանդավորներին տանել չեմ կարող, հոգնացնում են իրենց քարոզներով: Ձգտում եմ խուսափել «քյարթու» մասսայից, բայց վատ է ստացվում, քանի որ ապրում եմ Բանգլադեշում, պրոբլեմներ չունեմ իրանց հետ, բայց եթե շփվեմ՝ կլինեն:
Ցավոք, սուբկուլտուրաներից, եթե դրանց մեջ դասենք նաև «քյարթուներին» , ապա ամենատարածվածն իրանք են: Չեմ ընդունում իրանց պաշտած «երաժշտությունը»: Իրանք ունեն շատ հին մտածելակերպ: Ու չեմ կարծում, որ երբևիցե կփոխվի, ավելի շուտ դա կփոխանցվի իրանց երեխաներին ու էդպես կմնա: Մի քանի տարի առաջ ոստիկանների կողմից բռնություններ էր գործադրվում «նեֆորմալ» մարդկանց հանդեպ: Իսկ հիմա դա էլ չկա, երևի այն պատճառով, որ շատացել են «նեֆորմալները»։
Վարդուհի՝ արդարություն փնտրող աղջիկ
— Աշխատում եմ, որ ինձ շրջապատեն իմ աշխարհայացքի մարդիկ: Ես ունեմ ընկերների մի քանի տեսակ: Մի տեսակը՝ դա երաժիշտներ, նկարիչներ, մի խոսքով՝ արվեստագետներ են, ովքեր իմ ուսման տեղի հետ բոլորովին կապ չունեն: Նրանք վառ մարդիկ են, գերի չեն հասարակական կարծիքին, լայնախոհ են ու հնարավորինս անկեղծ ու ազնիվ շփման մեջ:
Մյուս խումբը՝իմ համակուրսեցիներն են, ովքեր էն տիպիկ հայ երիտասարդությունն ա, որը, ցավոք, կազմում ա ընդհանուրի 80%-ը, եթե ոչ ավելին: Սրանք ձևավորում են հասարակական կարծիքը իմ սերնդի մեջ, թելադրում իրենց հիմար օրենքներն ու բարոյականությունը: Լավ մարդիկ են, բայց անգույն են, մեկը մեկին նման, բայց ազդեցություն ունեն, ճնշում են, եթե ճնշվում ես : Բայց ես փորձում եմ լեզու գտնել և հասկանալ իրենց մտածելակերպը, քանի որ ժամանակին ուզում էի հոգեբան դառնալ:
Հաջորդ խումբը էն մասսան ա, որն էությամբ էդպիսին չլինելով, ընկնում ա երկրորդ խմբի՝ մեծամասնության ազդեցության տակ: Նրանք սեփական կարծիք ընդհանրապես չունեն:
Սուբկուլտուրաներից էմոներն էին շատ մեր դպրոցում: Իրանք հետաքրքիր անձնավորություններ էին, մեկը ստեղծագործում էր, մեկը՝ կիթառ էր նվագում, մեկը՝ դաշնամուր, մի խոսքով, արվեստագետի հոգի ունեին: Հագնվում էին էմոյական ոճով՝ սևը սպիտակի մեջ, բայց էմոյավարի՝ վարդագույն ինչ-որ աքսեսուարներ անպայման պետք է լինեին հագուստի մեջ: Մասնակցում էին բոլոր փոփ-ռոք համերգներին: Անշառ մարդիկ էին, կային դժբախտ էմոներ ու տխուր էմոներ, ես ուրախ էմո դեռ չեմ հանդիպել:
Մայիս՝ «ռաստաման»
— Իմ մասսայում կան կլասիկ ռոքերներ, պանկեր, էմոներ և լիքը դեբիլ «քյարթուներ» կան, նաև՝ ռեփերներ: Քանի որ աշխատում եմ Բանգլադեշում, հետևաբար գործի բերումով շփվում եմ հիմնականում քյարթուների հետ,բայց չեմ ընդունում իրանց, այսպես կոչված, «գաղափարախոսությունը», իրանց «ճիշտը», որովհետև իրանց «ճիշտը» գաղութի ճիշտն ա: Բայց, իհարկե, ունեմ ինձ հոգեհարազատ ընկերներ, որոնց հետ շփվում եմ: Հաճախակի եմ այցելում բարեր, հիմնականում՝ նորմալ մասսայի հետ. գնում եմ ռոք և ռեգգի համերգների:
Ռուզաննա, նախկին «էմո»
— Իմ շրջապատում էլ են ռոքերներ, ռեփերներ, գոթեր և այլ «նեֆորմալներ»: Ռեփերները և ռոքերները հիմնականում միանման են հագնվում: Իմ կարծիքով՝ ռեփերներն ավելի շատ են, քան ռոքերները, բայց ռոքերները լավն են, էլի…Հայաստանում գոթերը շատ քիչ են: Գոթերը հիմնականում միշտ իրար հետ են լինում ,բայց առանձին-առանձին շփվում են նաև ուրիշների հետ, բացի քյարթուներից, իհարկե: Հայաստանում մի քիչ ձևական ա էդ ամենը: Իրականում իրենք սատանիստներ են, բնույթով կոպիտ են:
Արմեն՝ «քյարթու»
— Իմ համար ամենակարևորը իմ ընտանիքն ա, որը որ ինձ համար սրբություն ա: Դրա մեջ մտնում ա լավ բարեկամությունը, հետո՝ ընկերությունը: Ամեն մեկս ունենք մեր «քուչեն», ու մենք էդ քուչի տղեքից ենք: «Քուչի» տղեն պետք ա ընենց անի, որ իրան հարգեն, իրան տղավարի պտի պահի: Մի խոսքով, «գծերից չընկնի», ճշտով ապրի:
Իսկ էդ ջակիներն էլ տուֆտ դեմքեր են, ինչ արտասահմանյան զիբիլ կա, բերում — գցում են մեր ազգի մեջ, ազգը կեղտոտում ու փչացնում են: Դրանց պետք ա քշել ստեղից, որ Հայաստանը մաքրվի: Դե, երգերն էլ, տարբեր երգեր եմ լսում, հիմնականում մեր հայկականը, օրինակ՝ շատ հարգում եմ Արամ Ասատրյանին ողորմի իրան, լավ մարդ էր, լավ ա, տղեն գործը շարունակում ա՝ Արտաշը, հալալ ա իրանց, ճիշտ երգեր են երգում:
Ինչպես հասկացա, «քյարթուները» չեն սիրում մնացած բոլորին, բոլորն էլ՝ «քյարթուներին» ։
Լուսինե Վայաչյան
Ես չեմ գրի արտագաղթի պատճառների մասին, չեմ բերի թվեր, չեմ ներկայացնի մասնագետի կարծիք` համացանցում սրտներիդ ուզածին չափ դուք կգտնեք այդ ամենը։ Ես ընդամենը կպատմեմ մի երիտասարդ կնոջ ու նրա ընտանիքի արտագաղթի պատմությունն կասեմ նրանց «թվերն» ու արտագաղթի դրդող նրանց անձնական պատճառները…
Լիլիկը փոքր երեխա էր, երբ ես հեռացա Կապանից։ Լիլիկին տեսնում էի ամառները` երբ հյուր էր գալիս տատին, իսկ ինքը, փոքր հասակից զրկվել էր հորից ու ապրում էր մոր հետ`Ագարակում։ Էն ժամանակ լավ էին ապրում` մայրն աշխատում էր կոմբինատում, որ սաղ քաղաքն էր կերակրում. խոշոր արդյունաբերական կենտրոն էր սովետմիության համակարգի Զանգեզուրը` էլ քեզ պղիձ, էլ մոլիբդեն, էլ ուրան ռադիոկատիվ, էլ ոսկի ու արծաթ…. Էդ ամենը մեր ընդերքում էր, հանում էին, մշակում ու ուղարկում անծայրածիր հայրենիքի գործարանները։ Ու մենք հպարտ էինք, որ մեր զանգեզուրյան ուրանն է երկիրը, չէ, աշխարհը խաղաղ պահող ատոմային ռումբի մեջ… Ապրում էին լիլիկենք բոլորի պես։ Լիլիկը առողջ ու սիրուն երեխա էր` սուր մտքով, պրպտող հայացքով։ Հետո ես մեծացա, հեռացա Կապանից, ու Լիլիկի մասին միայն գիտեի, որ դպրոցն ավարտելուն պես ամուսնացել է, երկու երեխա ունի, շատ դժվար է ապրում` դոմիկում, մայրն էլ չի աշխատում կոմբինատում…
«Գիտե՞ս ջանս ինչ ա դառել հող մշակելուց, հիշո՞ւմ ես ո՜նցն էի առաջ` «նեժնի-մեժնի», «նեժնի» չի մնացել, լրիվ ջիլ ա։ Ձեռքերս հիշո՞ւմ ես, որ մեծերով տանում էիք ինձ սիրելու, ո՜նց էիք ասում փափլիկ-թաթիկ` էլ տենց չեն, տղամարդու կոշտուկոպիտ ձեռքեր են դառել Լուս ջան…», – պատմեց ինձ Լիլիկը սոցցանցում, որտեղ նա ինձ գտել էր չգիտեմ ո՞նց, ու ես հարցուփորձ էի անում` ո՞նց ա, ի՞նչ ա։
«Մաման չի աշխատում, մենք իրա հետ չենք ապրում, մի սենյակ ա, տեղ չկա, մենք էլ դուրս եկանք մամայի տնից թուրքի գյուղում դոմիկում ենք ապրում, լավ ա հող կա գոնե, բայց դե ջուր չկա ջրենք կարգին բերք տա, ջուրը թանկ ա, գյուղատնտեսությամբ չես կարա հիմա տուն պահես` հենց էդ ջրի գինն ա, որը փողով ա, ամուսինս բենզին ա լցնում գրոշներով, չենք կարում ապրենք Լուս ջան։ Դոմիկն էլ, եսիմ դոմիկ ա, էլի, յոլա ա տանում, բայց դե ինչ անում ենք` չի տաքանում»,- ասում էր Լիլիկը, – «Երեխեքիս չեմ կարում նորմալ սնունդ ապահովեմ` թերսնումից հա հիվանդ են, բժիշկներն էլ` հո ձրի չեն, ամեն ինչ փող ա, փող ա ու փող ա, բայց էդ փողը որտեղի՞ց վերցնես, ո՞նց աշխատես, երբ նորմալ գործ չկա` որ կարենա երեխա գոնե կերակրի»։
Ես ինչ-որ ճանապարհներ էի փտրում Լիլիկին ու իր ընտանիքին օգնելու, բայց դե` քաչալը ճար ունենա` իրեն կանի։ Իմ ձեռը ճար չկար,բան չկար, որ օգնեմ….
Որոշ ժամանակ «օդնո» չէի մտնում, մի անգամ էլ մտա, ու Լիլիկն ինձ գրեց.
«Լուս, քոչում ենք Ռուսաստան, ընդե տուն են տալիս, գործ են տալիս, մի վեց ամիս հետո էլ` քաղաքացիություն։ Երեխեքս գոնե ընդեղ բանակ կգնան` էլի որ, ստեղից ապահով ա։ Երեխեքին ձրի են բուժում, ստեղի նման ձեւական չի` պարտավոր են, անում են, տենց եմ լսել, ով գնացել ա` գոհ ա»։
Ես Լիլիկին ասեցի, որ` «Նիսյա պանիրը թալակում ա լինում», որ զգույշ լինի` չխաբվեն, փորձեցի բացատրել, որ դա պետական քաղաքականություն է` ուղղված Հայաստանի հայաթափությանը, որ առաջներում էդ տեղերը աքսորավայրեր են եղել, որ որ հիմա քոչելով ինքնակամ իրենք իրենց աքսորում են Սիբիր…. Ի՜նչ փաստարկ ասես չբերեցի ես Լիլիկին, որ չգնան…
Բայց… Ի՞նչ իրավունքով էի ես համոզում նրան չգնալ, եթե նրա երեխաները թերսնումից հիվանդ էին, ինքն էլ վեր էր ածվել սպիտակ-սիրուն աղջկանից ջլոտ ու սեւ ուրվականի։ Ես ո՞վ եմ, որ նրան հետ պահեմ իր ու իր ընտանիքը փրկելու բնական մայրական բնազդային մղումից, ի՞նչ կարող եմ նրան առաջարկել, որ չգնա…
Հայրենասիրությո՞ւն։
Երբ մարդը մտածում է միայն գոյատեւելու մասին, նա դեգրադացվում է` նրա համար մեկ է ազգությունը, մեկ է հայրենիքը, մեկ է` ինչ հողի վրա է ապրում, միայն թե երեխան սոված չմնա։ Լիլիկի բոլոր բանական ազդակները թմրեցված էին, Լիլիկը կարողանում էր մտածել միայն գոյատեւելու մասին։ Նա չէր էլ հասկանում երեւի, թե ես ի՞նչ եմ ասում իրեն, ի՞նչ վտանգի մասին եմ ասում, խոսելով հստակ պետական քաղաքականության մասին, նա ատում էր այդ բառը…
Երեք ամիս առաջ Լիլիկը մենկեց Ալթայի մարզ։ Հիմա նա հազվադեպ է մտնում ինտերնետ` իրենք չունեն, ակումբ է գնում։ Կյանքից գոհ է.
«Ոչ մի վտանգավոր բան էլ չկար Լուս։ Ստեղ մեզ տուն են տվել, ամուսինս էլ ա աշխատում, ես էլ։ Երեխեքն էլ դպրոց-մանկապարտեզ` ամեն ինչ տեղը տեղին։ Մամային եմ պատրաստվում բերեմ` ստե իրան թոշակ ա հասնում ռուսականով։ Շատ, շատ գոհ ենք։ Ինչ սովետը փլվեց, ես ինձ սենց ապահով չէի զգացել, հալալ ա ռուսներին, հալալ ա Պուտինին»։
«Բա էլ հետ չե՞ք գա Լիլ»։
«Հետ ենք գալիս ի՞նչ անենք, հո հիմար չենք։ Դու էլ վեր կաց արի, ստեղ լիքը թերթեր կան` մի տեղ կգրես, տուն էլ կտան, իրոք լավ ա Լուս ջան, լավ ա…»։
Լիլիկենք փրկված են։ Դե հիմա, Պուտինը հաստատ էս տեմպերով ներգաղթը խրախուսելով կհասցնի նրան, որ իր թեկնածության համար տված ձայների քանակը կեղծել էլ պետք չի լինի` բոլոր միգրանտների ձայները «հալալ» իրենն են։
Մյուս կողմից էլ նույն ձեռքով կլուծի Տուվայի, Բուրյաթիայի ինքնավարության հարցը` նրանց իրավունքները կհասցվեն մինիմումի` ռեֆերենդումի միջոցով, ուր իհարկե` բնակչության զգալի մասը ներգաղթած «հալալ ա Պուտինին» ասողները կլինեն արդեն, Հայաստանից էլ միեւնուն ժամանակ էդ նույն ձեռով կհեռացվի դժգոհ էլեկտորատը` էլի կեղծելու կարիք չի լինի, ու տենց….
Մի խոսքով, երկնքից երեք խնձոր ընկավ`
Մեկն ասողին
Մեկը` լսողին
Մեկն էլ` լսածը հասկացողին
Հա՛լալ ա Պուտինին
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Նյութը գրվել է 2 տարի առաջ, սակայն այսօր պատկերն էլ ավելի վատ է:
Սմայլիկի, կամ ժպիտի միջազգային օրը ամեն տարի նշվում է հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը։ Էսօր էդ օրն է։ Շնորհավոր բոլորիս Ժպիտի օրը։ Բայց ժպիտի՞, թե՞ սմայլիկի վերջապես։
Սմայլիկի օրն է իրականում ավելի շատ, որովհետեւ 1963 թվականի էս օրը նկարիչ Հարվի Բելուն նրան նկարեց առաջին անգամ հենց էն տեսքով, որ մենք գիտենք։
Բելուն ապրել է Ամերիկայում քսաներորդ դարի կեսերին, ոչ մի արժեքավոր բան չէր արել մինչ այդ նա իր ստեղծագործական կյանքում, ոչ ոք նրանով չէր հետաքրքրվում` ոչ քննադատները, ոչ նկարիչները։ Դժվար թե նրա կտավներն իրենից երկար ապրեին, ու դժվար թե մեկը Հարվի Բելու անունն իմանար իր մոտիկներից բացի…
Մեկ էլ մի օր նրան են դիմում «State Mutual Life Assurance Company of America» ապահովագրական ընկերությունից ու խնդրում են մոգոնել ու նկարել որևէ վառ ու հիշվող սիմվոլ, որ կարար դառնար ընկերության ապրանքանիշն ու այցեքարտը։
Հարվին առանց երկար-բարակ մտածելու վերցնում ու առաջարկում է ապահովագրական ընկերությանն էն, ինչին բոլոր ինտերնետչիկներն անխտիր, ինչ ազգի էլ լինեն «սմայլիկ» են ասում` դեղին ժպտացող մռութիկը։
Պատվիրատուն ընդունեց գործը, վճարեց Բելին հիսուն դոլար, պատվիրեց նշաններ ու բաժանեց իր բոլոր աշխատողներին։ Նման «այցեքարտի» հաջողությունը գերազանցեց բոլոր սպասումները։ Ընկերության հաճախորդնեը հիացած էին` ընդամենը մի քանի ամիս անց թողարկվեց 10 000-ից ավել նշան։
Շուտով հաճելի մռութիկը սկսեց հայտնվել մայկաների, բեսյբոլկաների, ծրարների, բացիկների, լուցկու տուփերի, փողոցի պատերի վրա։ Ինչի վրա ասես սմայլիկ չկար։ ԱՄՆ փոստային տեսչությունը սմայլիկով դրոշմանիշ է նույնիսկ թողարկել` մարկա։ Սմայլիկ էր նկարված LSD-ի «մարկաների» վրա նույնպես, երբ այն դեռ արգելված չէր, որպես ժպիտ առաջացնող զգացողություններ բերող պսիխոդելիկ նյութ։
Բելն իհարկե շշմած էր հաջողությունից, նա փքվել էր հպարտությունից. «Մարդկության ու արվեստի պատմության մեջ դեռ չի եղել մի աշխատանք, որը կայծակնապես տարածվելով այդքան երջանկություն, բերկրանք ու հաճույք պատճառեր», — ասել է նա իր բազմաթիվ հարցազրույցներից մեկի ժամանակ։
Սմայլիկի միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին։ Հարվի Բելն ասում էր, որ այդ օրը պետք է նվիրել լավ տրամադրությանը։ Օրվա նշանաբանն է` «Do an act of kindness. Help one person smile»/«Բարություն արա։ Ժպտացրու մեկին».
Իսկ ի՞նչ է ժպիտը, ո՞րն է նրա էթիոլոգիան։
Ժպիտը զարդարում է մարդու դեմքը,, պարզության ու բացության, ինչպես նաև լավ տրամադրության նշան է համարվում: Սակայն, մյուս կաթնասունների մոտ, որոնց մենք այդքան նման ենք ֆիզիոլագիապես, հակառակը` ատամները մերկացնելը, երախը բացելը ընկալվում է որպես ագրեսիայի ու հարձակվելու պատրաստակամության նշան։ Ինչո՞ւ է մարդկանց մեծամասության մոտ ժպիտը համարվում բարյացկամ, լավ վերաբերմունքի ու բարձր տրամադրության նշան։
Հոգեբան Գրեգ Լադենն առաջարկում է մի քանի խելքին մոտ բացատրություններ։ Երախը բացած կենդանու հետ նմանություն անցկացնելով, որի նպատակը նույնպես ատամները ցուցադրելն է, նա ասում է, որ մարդն էլ է ցուցադրում, բայց ասես նրա համար, որ ասի` «Ես չունեմ ժանիքներ, ատամներս փոքր են, ես վտանգ չեմ ներկայացնում»:
Կենդանական աշխարհում երախը ոչ միայն ու ոչ այնքան ագրեսիա է նշանակում, որքան պաշտպանական ռեակցիա վախին ։ Չնայած վախը տհաճ զգացողություններ է առաջացնում, այն ստիպում է մեզ կենտրոնացնել ուշադրությունը հնարավոր վտանգ ներկայացնող երեւույթների ու մարդկանց վրա։ Այս տեսանկյունից ժպիտը կարելի է համարել «կասկածելի» օբյեկտի հանդեպ անտարբեր չլինելու նշան։ Որքան էլ «մատից ծծած» լինի այս տեսությունը, ամեն դեպքում կարող էր բացատրել, թե ինչո՞ւ շեֆերն այդքան քիչ են ժպտում և ինչո՞ւ են բոլոր ստորադասները ժպտում նրան։
Ու ի լրումն այդ ամենի Լադենն առաջ է քաշում արդեն լրիվ ծիծաղելի մի հիպոթեզ, որի համաձայն ատամնաշարն անհատի ադեկվատության ու հաջող սոցիալականացման ցուցանիշ է։ Եթե մինչեւ հիմա ոչ ոք տվյալ անհատի բերանից մի քանի մարգարիտ չի փշրել, ուրեմն այդ մարդու հետ հաճելի է(կամ մինիմում վտանգավոր չի) շփվելը։
Ու չնայած նրան, որ ժպտալով չի ապրում հայը ամերիկացու նման, եկեք գոնե տարվա մեջ մի օր ժպտանք ու ժպտացնենք իրար։
Հ.Գ. Մոռացա հայերեն ժպտամ ։ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ
Մի քանի տարի առաջ Հայաստանի մամուլը հեղեղվեց Պաշտպանության նախարարությունում տեղ գտած հերթական գանձագողության և զենքի վաճառքի ահավոր փաստերը ներկայացնող հրապարակումներով. Կապի վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Բաբուրյանը մեղադրվում էր Կապի ժամանակակից միջոցների և կապի տեխնիկական միջոցների մաքսանենգ առուծախի ու հարյուր-հազարավոր դոլարների հանցավոր յուրացման մեջ:
Հարուցվեց քրեական գործ, Բաբուրյանը հեռացվեց պաշտոնից և, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նա կալանավորվեց:
Սակայն, ինչպես հաճախ է լինում մեր երկրում, պաշտոնյան վերականգնվեց Պաշտպանության նախարարությունում: Իսկ այսօր արդեն հանցագործ, դրամաշորթ համարվող Բաբուրյանն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականն է:
Ըստ ոչ ստույգ տվյալների, այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժն են կրում մոտ 1000 սպաներ՝ լեյտենանտից մինչև գնդապետ, սակայն, գեներալները, որոնք հայոց բանակի փոքր բյուջեից միլիոնավոր դոլարներ են գողանում ոչ միայն չեն պատժվում, այլև նշանակվում են ավելի տաքուկ պաշտոնների:
Ստացվում է, որ մեր երկրում անկախ ամեն ինչից՝ գեներալական ուսադիրներն ունեն գերբնական ուժ, որի դեմ անզոր են անգամ ՀՀ օրենքները:
Շրջանառվում են խոսակցություններ, որ ոչ անհայտ Արշալույս Փայտյանը նույնպես կդառնա պաշտպանության նախարարի խորհրդական:
Ասել է, թե՝ գեներալներն ու բարձրաստիճանները կարող են անպատիժ թալանել մեր բանակի բյուջեն, իսկ զինվորներն ու սպաները, չնայած իրենց չլուծված բազում խնդիրների, պարտավոր են անտրտունջ ծառայել հայրենիքին: Իսկ որ ավելի վատ է, մեր ղեկավարության հենց նման վերաբերմունքն է բերում բարոյալքության ու արտագաղթի:
Ռուզան Ավոյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.