29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Հունիսի 24-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն այցելել էր Արմավիրի մարզ և ինչպես սովորաբար լինում է ծառուկյանական այցերի ժամանակ, հեռուստաալիքները ամբողջ շուքով ներկայացրին այն:
Ծառուկյանը մարզ էր այցելել առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի և ԱԺ ԲՀԿ խմբակցությունից մի քանի պատգամավորների հետ, որոնց դիմավորեցին ԲՀԿ Արմավիրի քաղաքային կառույցի ղեկավար, փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանը, Արմավիրից ԱԺ պատգամավոր ընտրված, հետագայում ԲՀԿ-ին անդամակցած Ռուստամ Գասպարյանը: ԲՀԿ-ականներն սկզբում գնացին ԲՀԿ կենտրոնական գրասենյակ, հետո Արմավիրի մշակույթի տանը հանդիպում եղավ կուսակցության ակտիվի հետ: Ծառուկյանը 10 մլն դրամի օգնություն հատկացրեց երեխաների ամառային հանգստին, հաշմանդամ երեխաների ուսուցմամբ զբաղվող հասարարակական կազմակերպություններին, ստանձնեց Արմավիրի արվեստի ուսումնարանի տանիքի վերանորոգման գործը` միաժամանակ գումար հատկացնելով առավել կարիքավոր դասախոսներին:
ԲՀԿ ղեկավարի ընդունելության արարողություններին չմասնակցեցին ո´չ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ո´չ էլ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Փոխարենը նրանք հունիսի 29-ին դիմավորեցին ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, որ ԲՀԿ ղեկավարից, փաստորեն, հինգ օր հետո շտապեց այցելել մարզ:
Նախագահի այցի նպատակի պաշտոնական մեկնաբանությունը Արմավիրի հիմնանորոգված հիվանդանոցի և շախմատի դպրոցի բացումն էր, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների քննարկումը: Իսկ ոչ պաշտոնական և առավել իրական բացատրությունը թերևս այն է, որ 2011թ. մարտին Արմավիրում քաղաքապետի ընտրություններ են և այնտեղ կանխատեսվում է ՀՀԿ-ԲՀԿ լուրջ մրցակցություն:
Արմավիրի քաղաքապետի նախորդ` 2007թ. մարտի 25-ին տեղի ունեցած ընտրություններում ԲՀԿ Արմավիրի կառույցի ղեկավար Արայիկ Աղաբաբյանը պարտվեց ՀՀԿ Արմավիրի կառույցի ղեկավար Ռուբեն Խլղաթյանին: Այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոր էր ստեղծվել և այս ընտրությունները խորհրդարանական ընտրություններից առաջ պետք է փորձաքար դառնային նորաստեղծ կուսակցության համար: Փաստորեն, դրանք իսկապես փորձաքար դարձան, որին ԲՀԿ-ն չդիմացավ` հենց առաջին մարտը տանուլ տալով ՀՀԿ-ին:
Հիմա, ինչպես և ենթադրվում էր, Գագիկ Ծառուկյանը որոշել է ռևանշ վերցնել: Արմավիրի քաղաքապետի նախորդ ընտրություններին ԲՀԿ ղեկավարը, ըստ որոշ տեղեկությունների, ծախսել էր շուրջ 400 հազար դոլար, արմավիրցիների համար այն ժամանակ անգամ համերգով հանդես եկավ Միխայիլ Շուֆուտինսկին, բայց այդ ծախսերն այդպես էլ չարդարացրին Ծառուկյանի հույսերը: Արայիկ Աղաբաբյանը ընտրությունների արդյունքները վիճակեց դատարանում, սակայն նրա փաստաբանները մեկ զանգով լքեցին դահլիճը և դատարանը մերժեց Աղաբաբյանի հայցը: Եւ Ռուբեն Խլղաթյանը դարձավ Արմավիրի քաղաքապետ:
2011թ. ընտրություններին Խլղաթյանը պատրաստվում է կրկին առաջադրել իր թեկնածությունը: Իսկ ԲՀԿ-ն արդեն երկու անգամ պարտված Արայիկ Աղաբաբյանի փոխարեն կառաջադրի ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր` Սերոբ Գասպարյանի թեկնածությունը. նա Աշխատանքի տեսչության Արմավիրի ստորաբաժանման ղեկավարն է: Հիշեցնենք, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններում Ռուստամ Գասպարյանին հաջողվել էր թիվ 21 ընտրատարածքում հաղթանակ տոնել ՀՀԿ թեկնածու, ՄԱՊ ընկերության նախագահ Ալեքսանդր Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) նկատմամբ: Գասպարյանը Պետրոսյանին հաղթել էր նաև Արմավիր քաղաքում: Սա հավանաբար մի փոքր հույս է ներշնչում ԲՀԿ-ականներին, որ ՀՀԿ- ականների դեմ հնարավոր է հակաքայլ կազմակերպել, սակայն պետք չէ մոռանալ, որ նույն Ռուստամ Գասպարյանը դեռևս 1999թ. առաջադրվել է Արմավիրի քաղաքապետի թեկնածու և պարտվել:
Այս ամենը հաշվի առնելով արդեն իսկ կարելի է կանխագուշակել, որ մարտին Արմավիրում ընտրական պայքարը ավելի քան թեժ է լինելու, եթե, իհարկե, ընդունում ենք, որ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հնարավոր է իրական մրցակցություն: Եւ ուրեմն, չորս օրվա տարբերությամբ Հայաստանի երկու ազդեցիկ կուսակցությունների ղեկավարների այցերը Արմավիր հարկավոր է ընկալել հենց այս համատեքստում: Եթե Ծառուկյանի այցի նպատակը ռևանշ վերցնելն էր և ռևանշի պատրաստակամության մասին հրապարակավ հայտարարելը, ապա նախագահի այցը վկայություն էր, որ Սերժ Սարգսյանը, բացի ՀՀ նախագահը լինելուց, նաև ՀՀԿ ղեկավարն է և իբրև կուսակցապետ, հետևում է մյուս կուսակցապետերի նպատակներին ու տեղաշարժերին: Սարգսյանի այցի մեսիջը, ըստ ամենայնի, հենց սա էր։ Եթե Ծառուկյանի քայլերն ընդամենը օլիգարխի և կուսակցապետի քայլեր են, ապա Սարգսյանի քայլերը պետության նախագահի և կառավարող կուսակցության ղեկավարի. այնպես որ քաշային կատեգորիաների տարբերությունն ավելի քան ակնառու է:
Վերջերս դարձյալ թրաֆիկինգի հետ կապված տեղեկության վերաբերյալ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը պարզաբանում էր տեղադրել, նշելով, որ հիմնականում Թուրքիայից ՀՀ քաղաքացիները վտարվում են վիզայի և այլ խնդիրների պատճառով, ինչը խեղաթյուրվում է թուրքերի կողմից և մեկնաբանվում, թե իբր բոլոր վտարվածները զբաղվել են գլխավորապես պոռնոբիզնեսով:
Ոստիկանությունն այնուհետ տեղեկացնում է, որ մարմնավաճառության հարցով զբաղվում է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, որը համագործակցում է Թուրքիայի Ինտերպոլի ԱԿԲ-ի հետ և նույն կառույցի երկու բյուրոները մշտապես միմյանց տեղյակ են պահում յուրաքանչյուր դեպքի ու կասկածի մասին: Ոստիկանության հաղորդագրության մեջ կարդում ենք այսպիսի հատված. «Անարդյունավետ է համագործակցությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող թրաֆիքինգի կազմակերպիչներին Թուրքիայի իշխանությունների կողմից հանձնելու կամ գոնե Թուրքիայում պատասխանատվության ենթարկելու հարցում: Մասնավորապես` 2003 թվականից ՀՀ իրավապահ մարմինների կողմից հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով, ջանքեր են գործադրվում թրաֆիքինգ կազմակերպելու համար և հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի քաղաքացի Գոհար Կիլինչին պատասխանատվության ենթարկելու, նրա հանցավոր գործունեությունը կասեցնելու ուղղությամբ, մինչդեռ նա շարունակում է հավաքագրել` սեռական շահագործման նպատակով Թուրքիա փոխադրել ՀՀ քաղաքացիների»:
Թրաֆիքինգը, որպես կանոն, այն հանցագործությունների թվին է պատկանում, որն անհնար է իրագործել` առանց համապատասխան հովանավորության: Մարդկանց հավաքագրելու, նրանց այլ պետություն տեղափոխելու համար հարկավոր է հզոր տանիք ունենալ, իսկ այդպիսին, դարձյալ, որպես կանոն, պետք է փնտրել իրավապահ համակարգում: Որքան մեծ է հանցագործությունը, այնքան, բարձր է լինում տանիքը: Այնպես որ, ՀՀ իրավապահ մարմինների և Թուրքիայի իրավապահների անարդյունավետ աշխատանքի պատճառը հարկավոր է փնտրել հենց սրա մեջ:
Թուրք ոստիկանները չեն աշխատում մերոնց հետ, որովհետև այդ համագործակցությունը չի բխում նրանց շահերից, որպես պոռնոբիզնեսից հսկայական շահույթ ստացող երկիր` Թուրքիայի իրավապահներին ձեռնտու չէ բացահայտել իրեն հսկայական եկամուտ ապահովող անձանց կամ դրանց խումբը։ Այլապես ինչպե՞ս բացատրել, որ Ինտերպոլը շուրջ 7 տարի փնտրում է Գոհար Կիլինչի անունով կնոջն ու չի գտնում։
Նույն տրամաբանությամբ և նույն մեթոդով մեր իրավապահները փնտրում են նաև Հայաստանում կավատությամբ ու թրաֆիկինգով զբաղվողներին, որոնք, ինչպես հայտնի է, քչություն չեն անում: Մայրաքաղաքի բոլոր բարձրակարգ հյուրանոցներն ունեն իրենց` այդ կարգի ծառայություններ ապահովողները: Կան կանայք, որ հատուկ այդ նպատակով մանկահասակ երեխաներ են հավաքագրում և անգամ շշուկներ են պտտվում, որ հատուկ դպրոց է գործում, որտեղ երեխաներին սովորեցնում են տղամարդկանց սեռական կարիքները հնարավորինս վարպետորեն բավարարելու ձևերը: Տարօրինակ է, որ նման շշուկները հասնում են անգամ շարքային քաղաքացիներին, սակայն իրավապահները երբևէ չեն լսում դրանց մասին։ Այնպես որ, թուրք իրավապահներին մեղադրելուց կամ պարզաբանումներ կատարելուց առաջ, ճիշտ կլիներ, որ նախ մեր երկրում կարգի բերվեն նշված հարցերը։ Եթե միջին կարգի մարմնավաճառները ունեն որոշակի աշխատանքային պայմաններ, դրանց կազմակերպմամբ զբաղվողներ, ապա Երևանի փողոցները ողողված են էժանագին պոռնիկներով, որոնց աշխատանքը ևս կազմակերպվում է ոստիկանության կողմից, սակայն ոչ բավարար մակարդակով։ Նրանք, հասկանալի է,որ օգտվում են այդ կանանց ծառայությունից, որոնք հաճախ ամենալավ գործակալներն են, բացի այդ ոստիկանի հետ կիսում են եկամուտը։ Եւ ոստիկանական բուրգը քիչ եկամուտ չի ստանում առաջին հայացքից գրոշներ աշխատող փողոցային պոռնիկների տերերից: Մի կողմ թողնենք, թէ հարգում են իրենց անձը, բայց գոնե առևրևույթ հարգանք ոստիկանի ուսադիրի նկատմամբ պարտավոր են պահել ու հաշվի առնեն մունդիրի պատիվը բարձր պահելու այն «անդուլ պայքարը», որ տարվում է համակարգի կողմից, թե չէ օրը ցերեկով շարքային ոստիկաները կանգնում են մարմնավաճառների կողքին ու հետները գյալաջի անում, նրանց սիգարետներն են վառում։ Ինչքան էլ ոստիկանությունը հակված է հասարակությանը հորդորելու, թեթև տանելու աչքի տեսածը, մեկ է, շարքային քաղաքացին, հաճախ անչափահասը, բերանը բաց նայում է արտառոց զգեստներ հագած հակահիգենիկ պոռնիկների խմբին։
Ոստիկանությունից պարզաբանեցին, որ հոդվածը ապաքրեականացվելուց հետո, որպես վարչական իրավախախտ` մարմնավաճառը տուգանվում է 5000 դրամ։ «Նրանք շատ փող են աշխատում ու ամեն անգամ վճարում ու կանգնում են, ի՞նչ կարող ենք անել։ Մնում է միջնորդել` ավելացնելու տուգանքի չափը», -ասում էր ոստիկանության լրատվական վարչության պետ Սայաթ Շիրինյանը։
Տուգանքը գանձվում է դատական կարգով։ Կարելի էր մտածել, որ դատարաններում զօրուգիշեր տուգանքի գանձման դատավարություններ պետք է լինեն, սակայն առաջին ատյանի դատարաններ մեր կատարած հարցախույզը ցույց տվեց որ նման կարգի նիստեր հազվադեպ են լինում։
Ստացվում է` ստվերում գործող մի ամբողջ տնտեսություն մնում է աչքից ու ականջից հեռու։ Մեր երկրում նման շահավետ բիզնեսը չէր կարող անվերահսկելի ու անտեր լինել։ Կարելի է ենթադրել, որ դրա տերը կամ տերերը շատ հզոր են, իսկ որ ամենակարևորն է նրանք ամեն ինչ անում են որ ահռելի ֆինանսական շրջանառություն պարունակող ոլորտը չօրինականացվի, ասել է թե` դուրս մնա հարկային դաշտից։
Տարեվերջին վարչապետը կառավարության կազմում առանձնացրեց առավել արդյունավետ աշխատող չորս կառույցներ, որոնցից մեկը Պետական եկամուտների կոմիտեն էր: Այս կառույցի «արդյունավետ» գործունեության վկայությունների կարելի է հանդիպել և դրանց մասին լսել ամեն քայլափոխի: Վերջերս առիթ եղավ «հիանալ» նաև ՊԵԿ-ի լրատվական ծառայության «արդյունավետ» գործունեությամբ: Հետաքրքրող թեմայի շրջանակներում հարկ եղավ պաշտոնական մի քանի պատասխան ստանալ այս կառույցից: Դրա համար, բնականաբար, դիմեցի ՊԵԿ լրատվական մարմին, որտեղ խնդրեցին հարցերը շարադրել գրավոր, ինչը ես անտրտուջ կատարեցի, որից հետո առնվազն 5 անգամ դարձյալ ստիպված եղա զանգահարել և տեղեկանալ, թե ի՞նչ փուլում է տվածս հարցերի պատասխանները: Ամեն անգամ լրատվական ծառայության այս կամ այն աշխատակիցը հավաստիացնում էր, թե իրենք աշխատում են դրա վրա (կարծես խոսքը ոչ թե սովորական 4 հարցի մասին էր, այլ ՀՀ պետբյուջեի պլանավորման), և ամեն անգամ ինձ մնում էր համբերությամբ մնալ «նամակին սպասելով»: Հունիսի 9-ից` հարցման օրից, անցել է 20 օր, պաշտոնապես պատասխան ստանալու, նաև համբերելու ժամանակը սպառվել է, ՊԵԿ-ի աշխատանքների կազմակերպման «արդյունավետության» առասպելն էլ հիմնովին խորտակվել, այնպես որ տեսնենք, թե էլ ի՞նչպիսի արդյունավետ գործունեություն է ծավալում այս կառույցը ՀՀ-ում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարումը հատկանշական էր մի շարք բաներով: Ճիշտ է, այն դեռ չի ավարտվել (Սարգսյանը հաջողացնում է հաղթահարել պաշտոնանկությանը վերաբերող յուրաքանչյուր հերթական ճգնաժամ), սակայն արդեն իսկ կարելի է մի քանի հարց առանձնացնել, որոնց մեր երկիրը պարտական է ներկա վարչապետին: Դրանց մեջ ՀՀ տնտեսվարողների համար ամենաէականներից ու ֆանտաստիկներից մեկը հաշվիչ-դրամարկղային մեքենաների ներդրումն էր: Պետեկամուտների կոմիտեին ուղղված հարցումը հենց ՀԴՄ-երին և նրանց տեխնիկական սպասարկմանն էր վերաբերում:
Պարզվում է` այս ապարատները Հայաստանում, բացի կտրոն դակելու ֆունկցիայից, մի բավական հետաքրքիր գործառույթ էլ են իրականացնում: Սրանց միջոցով պետական մասշտաբի աննախադեպ ռեկետ է իրականացում: Հիմա պարզաբանեմ` ինչպես: Յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր ՀԴՄ ապարատ շահագործող պարտավոր է բացի հարկ և այլ պարտադիր վճարումներ կատարելուց, վճարել նաև 2500-3000 դրամ` ՀԴՄ-երի տեխնիկական սպասարկման համար: Եվ սա այն դեպքում, երբ հատկապես ճգնաժամային տարվա պայմաններում ՀԴՄ շահագործողի հարկը կարող է անգամ այդքան չկազմել:
Օրինակ, շինանյութերի վաճառքը ձմռան ամիսներին, ինչպես հայտնի է, կանգ է առնում և նման առևտրով զբաղվողը ՀԴՄ կտրոն խփելու առիթ չի էլ ունենում: ՊԵԿ-ին տրված հարցերից մեկը վերաբերում էր հենց ՀՀ-ում հաշվառված ՀԴՄ-երի քանակին` հետաքրքիր էր իմանալ, թե ամսական որքա՞ն էլ կազմում ՀԴՄ ապարատների, այսպես կոչված, տեխնիկական սպասարկումից գոյացող գումարը: ՊԵԿ-ին տրված հաջորդ հարց հետևյալն էր` պարտադի՞ր է արդյոք այդ սպասարկում կոչվածը, քանի որ համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքվող «Տեխնիկական սպասարկման և վերանորոգման» պայմանագրի 12-րդ կետի համաձայն, «վճարումը մեկ ամսից ավելի ուշացնելու դեպքում կատարողին իրավունք է վերապահվում միակողմանի լուծարել պայմանագիրը և դադարեցնել տեխնիկական սպասարկումը»: Եվ ուրեմն, հարց էր առաջանում է` կարո՞ղ է տնտեսվարողը հրաժարվել նման սպասարկումից (սպասարկում, ըստ էության, մեկ տարի շարունակ բազմաթիվ տնտեսվարողները չեն էլ իմացել այդ կազմակերպության գոյության մասին և առհասարակ այդպես էլ չեն հասկանում դրա իմաստը), սակայն շարունակել պարտաճանաչ վճարել իր հարկային պարտավորությունները, բնականաբար, ՀԴՄ-ի խափանման դեպքում ինքնուրույն կազմակերպելով վերանորոգումը: Այս հարցը ևս գրվեց «սառույցին»` ՊԵԿ-ի լրատվականի «արդյունավետ» աշխատանքի շնորհիվ: Շինանյութի շուկաներից մեկում խանութ-կրպակ ունեցողներից մեկը շատ հետաքրքիր փաստի էր բախվել: Ուղիղ մեկ տարի առաջ նա ձեռք էր բերել ՀԴՄ ապարատ, քանի որ այդպես էր պահանջել ՀՀ վարչապետը և քանի որ հիշյալ տնտեսվարողը պարտաճանաչ էր և ցանկանում էր իր աշխատանքը կարգ ու կանոնով կազմակերպել: Ուղիղ մեկ տարի հետո շինանյութի շուկայի ղեկավարությունը նրան և նրա նման մյուս տնտեսվարողներին տեղեկացնում է, որ իրենց ձեռք բերած ՀԴՄ-ն այլևս դուրս է գալու շրջանառությունից, քանի որ հարկային մարմինը պարտադրել է այսուհետ աշխատել միմիայն GPRS համակարգով աշխատող ՀԴՄ ապարատներով, որոնք հատուկ ցանցային եղանակով անմիջականորեն կապվելու են հարկային կենտրոնների հետ և օպերատիվորեն հաղորդելու են բոլոր տվյալները (այս նոր ՀԴՄ-երի գումարը ևս սկսվում է 80000 դրամից` հավելյալ ծախս յուրաքանչյուր տնտեսվարողի համար): Սույն տնտեսվարողը, նոր ՀԴՄ ձեռք բերելով հանդերձ փորձում է ինչ-որ կերպ փոխհատուցել իր նախկին ՀԴՄ-ի վրա արված ծախսերը, քանի որ այն ևս նոր վիճակում էր և վաճառում է այն` իր ձեռք բերած գնից շատ ցածր գնով` 25 հազար դրամով: Վաճառված ՀԴՄ-ի նոր տերը գնում է ՀԴՄ-երի տեխնիկական սպասարկման կենտրոն, որտեղ էլ նրան ասում են, թե տվյալ ՀԴՄ-ի վրա 20000 դրամի պարտք կա:
Թե ի՞նչ է իրենից ներկայացրել ՀԴՄ-երի տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպությունը, ի՞նչ սպասարկում է իրականացնում, ՀԴՄ ապարատ շահագործող բազմաթիվ տնտեսվարողներ այդպես էլ չկարողացան պարզաբանել: Փոխարենը նրանք բոլորն էլ ուսերը թափ տալով կրկնում են նույն բանը` «դե, էս պետությունն ա, ի՞նչ անենք, ռեկետ են անում, էլի»: Սա իսկապես այլ բան` քան պետական «ռեկետ» անվանել չի էլ կարելի, հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ անգամ պայմանագրի կնքման ժամանակ տնտեսվարողներին տեղյակ էլ չեն պահում, թե ինչ պայմանագիր է դա, ինչի համար կամ ինչ տեխնիկական ամենամսյա սպասարկման մասին կարող է խոսք լինել, երբ մեկ տարվա ընթացքում նույնիսկ մեկ անգամ տնտեսվարողները չեն իմանում վերջիններիս գոյության մասին: Սա նույնն է, եթե խանութից գնված յուրաքանչյուր համակարգչի համար գնորդին պարտադրեն ամսական վճարել մի կլորիկ գումար` տեխնիկական սպասարկման անվան տակ: Ի դեպ, համակարգչի տեխնիկական սպասարկումը պետք է որ ավելին արժենա, քանի որ, ի տարբերություն ՀԴՄ ապարատի, այն ավելի բազմաֆունկցիոնալ է:Ի վերջո, սա նույնն է, եթե տեխնիկական սպասարկման «հարկ» մտցվի սովորական հաշվիչների օգտագործման համար:
ՀԴՄ-երի տեխնիկական սպասարկում ապահովող կազմակերպությունները մի քանիսն են և սրանք բոլորն իբր գործում են հարկային մարմիններից առանձին: Կազմակերպություններից մեկը, որի հետ հիշյալ տնտեսվարողը առնչվել էր, մեր այցելության ժամանակ ապշեցրեց իր գաղտնապահությամբ: Աշխատակիցներից որևէ մեկը չցանկացավ որևէ բացատրություն տալ, ավելին` անգամ չցանկացան ասել իրենց կազմակերպության տնօրենի անունը: Տպավորություն էր, թե գտնվում ես ինչ-որ փակ — խորհրդավոր կառույցում, որտեղ ամեն ինչ գաղտնիք է:
ՀԴՄ-երի սպասարկման կենտրոնների և հարկային մարմինների կապը գաղտնի է պահվում այնպես, ինչպես գաղտնի է և այն, թե ովքեր են ՀԴՄ ապարատ ներկրողները, թեև որոշ ՍՊԸ-երի անուններ, այնուամենայնիվ, կան: Սակայն այստեղ հարցը ոչ թե այն է, թե ովքե՞ր են կոնկրետ այդ ներկրողները, այլ այն, թե որքանո՞վ են տնտեսվարողները ապահովագրված այդ ներկրողների «էքսպանսիաներից»: Անցյալ տարի պարտադրվեց վերցնել մի տեսակի ՀԴՄ ապարատ, չանցած մեկ տարի` պարտադրանքը կրկնվեց` այս անգամ մեկ այլ տեսակի ապարատ հրամցվեց: Որքանո՞վ է տնտեսվարողը պաշտպանված պետական հովանավորություն վայելող և տարբեր մակնիշի ՀԴՄ-եր ներկրողների` սեփական արտադրանքը ամեն գնով իրացնելու քաղաքականություն հետապնդողներից: Հնարավո՞ր է, որ մի քանի ամիս հետո ՀԴՄ ներկրողներից մեկը մեկ այլ` ավելի բարձրակարգ ՀԴՄ ապարատ ներկրի և այս անգամ դարձյալ ՊԵԿ-ը տնտեսվարողներին պարտադրի այդ մակնիշի ՀԴՄ-ի տեղադրում: Այս հարցը ևս մնաց անպատասխան` դարձյալ ի պատիվ ՊԵԿ-ի լրատվականի «արդյունավետ» գործունեության: Հայաստանում, ինչպես հայտնի է, ամեն ինչ մենաշնորհային է, և պատահական մեկը ներկրումով զբաղվել չի կարող: Ուրեմն, եթե ՀԴՄ ներկրողը ոչ պատահական մեկն է, հետևաբար կունենա նաև բավարար լծակներ` ներկրվածը հաջողությամբ իրացնելու գործում:
Եվ վերջապես` հիմնական հարցը, որ ուղղված էր ՊԵԿ-ին և հետաքրքրում էր, հետևյալն էր` ՊԵԿ-ը կապ ունի՞ ՀԴՄ-երի տեխնիկական սպասարկումից գոյացող հսկայական եկամուտների հետ, ու՞մ գրպանն է հոսում դրանք: Եթե պետական կառույցները կապ չունեն, ապա չե՞ք գտնում, որ այս խնդիրը լուրջ վերանայման կարիք ունի, որովհետև դա տնտեսվարողների մոտ պետականորեն կազմակերպված «ռեկետի» տպավորություն է թողնում և ավելացնում իշխանությունների նկատմամբ դժգոհության չափաբաժինը: ՀԴՄ-երի տեխնիկական սպասարկում իրականացնող կազմակերպությունում, ուր բոլորը կարծես դավադիր էին և անբարյացակամություն շնչող և արտաշնչող, կտրականապես հերքեցին իրենց կապը հարկային մարմինների հետ` ասելով, թե իրենք առանձին են գործում: Եթե այդպես է, ապա ի՞նչ կարիք կա նման «պորտաբույծ» կառույցներ պահել, որոնք բացի դժգոհությունից, այլ օգուտ չեն տալիս, չէ՞ որ Հայաստանում կան կոշիկի վերանորոգման արհեստանոցներ, ամենաբարդ տեխնիկան անգամ ենթակա է վերանորոգման շատ ավելի մատչելի գներով, ուրեմն ի՞նչ կարիք կա անտրամաբանական և թե´ ՊԵԿ-ին, թե´ ընդհանրապես պետությանը պատիվ չբերող «սպասարկման հավեյլալ հարկերի» սահմանմամբ բարդացնելու` առանց այն էլ ճգնաժամից դեռ դուրս չեկած տնտեսվարողների գոյությունը, թե՞ սա ևս հատուկ մտածված պետական քաղաքականություն է` ի վնաս սեփական ժողովրդի:
«Ազատությունը լավ բան է, եթե գիտես նրա հետ ինչ անել: Հակառակ դեպքում այն կարող է բեռ դառնալ ու ցավ պատճառել»: — սա իմ սեփական աֆորիզմներից է: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ ես առաջարկում եմ իմ վարկածն էս կայքում, բայց մոնոլոգ եմ անում: «Facebook»-ից դուրս չկա արձագանք, չկա առողջ բանավեճ, չկա երկխոսություն, զրուցակից… Ինչո՞ւ չես գրում կայքում, բարեկամ…
Միշտ սիրել եմ զբաղվել միայն էն աշխատանքով, որի արդյունքը շոշափելի ու շուտ երևացող է: Անձիս կարևորությունն էս աշխարհում ամրապնդելու, թե՞ գուցե ավելի խոր` հոգևոր ու բարվոք մղումներով է դա պայմանավորված, չգիտեմ, չեմ խորացել երբևէ: Գիտեմ, որ չեմ սիրում, և վերջ:
Երեկ ես չալարեցի մտածել, չափից դուրս շատ մտածեցի, թե ի՞նչ գրեմ, այնինչ պետք էր մտածել` ո՞ւմ գրեմ: Նամա՞կ: Ո՞ւմ: Ընկերո՞ջս: Ո՞ր: Ո՞ւր է նա, ի՞նչ է սպասում ինձնից: Եվ ես, որ մի փոքրիկ, միջին IQ-ի տեր կին եմ, և իմ ունեցած-չունեցածն էս կյանքում հենց ապրածս կյանքն է, իսկ դրա մասին ես գրում եմ, պատմում. ավելի ճիշտ, պատմում եմ, երբ ուզում եմ պատմել, ի՞նչ կարող եմ տալ աշխարհին էս կայքի միջոցով: Ընկերներիցս մեկն ասում է, որ ես պետք է, որ նյութի պակաս չունենամ, որովհետև ես ինքս եմ իմ նյութը, բայց ես հոգնել եմ էդպիսինը լինելուց: Հիմա կանգնած եմ մի մեծ հարցի առջև. ինչո՞ւ գրեմ: Դե, մի կտոր հացի խնդիր, փառք Աստծո, չունեմ, ինչ-որ կերպ ապրվում է: Խորը դեպրեսիայից որևէ մեկին իմ մրոցով հանելու խնդիր ևս չկա, առավել ևս մի ողջ ազգի փրկելու: Ես գլոբալ առումով հեղափոխական չեմ, և սկսում եմ պայքարել, երբ կոնկրետ հարցը վերաբերվում է իմ բարեկամներին կամ ինձ: Ի՞նչ պատմեմ ես էստեղ, որ հետաքրքիր լինի յուրաքանչյուրին: Կյանքից բողոքողները լինքն են, առանց ինձ էլ կբողոքեն, լուսաբանողներ կան, ես ի՞նչ անեմ, ո՞րն է իմ նիշը: Եվ էս մտածմունքներն էին, որ դարձան ՑԱՎԻ կատալիզատոր:
Հենց սկզբից ես գրում էի ցավի մասին, բայց նորից շեղվեցի թեմայիցս, ու գրիչս նորից ինձ փակեց Դիոգենեսի տակառի մեջ: Կամ էլ չշեղվեցի, չգիտեմ: Կա մի ժողովրդական ասացվածք. «Մարդու որտեղը, որ ցավեց, հոգին էնտեղ ա»:
Ամառ է, շոգ: Քանի օր է ուշքի չեմ գալիս անտանելի գլխացավից, հոգիս էնտեղ է էս օրերին: Ասես մի մեծ փուչիկ փչված լինի գլխիս մեջ, և շարունակի փչվել: Դրսից էլ պանրի քսակ է հագցված, որը սեղմում է գլուխս, կարծես ուզում է քամել: Խնդիրը շատ տարօրինակ է` փուչիկից քամել պանիր:
Դե, իհարկե, կարելի է դիմել բժշկի, որը կարձանագրի, որ նման զգացողություններն, արագ սրտխփոցների հետ միասին ներգանգային բարձր ճնշման կլինիկական պատկեր են կազմում:
Դա կարող է լինել նաև ալերգիկ ռեակցիայի հետևանք:
Ալերգիկ ռեակցիան էլ շատ հավանական է, արդյունքն է մի շատ գեղեցիկ ծաղկի եռօրյա ներկայության «Շուշան» կանացի անունը ծնած, շատ հաճելի ու սուր բուրմունքով, որն առաջացնում է մարդկանց մոտ ուժգին, երկարատև գլխացավեր, գիտակցության մթագնում, քնկոտություն ու մտքերի խառնաշփոթ, իսկ նրա որոշ տարատեսակներ մահացու են կենդանիների համար:
Դա բժիշկը կասեր: Իսկ ես կասեմ, որ սա իմ հերթական դասն է կյանքից: Էս ծաղիկն իր բնույթով շատ նման է շքեղ, փառահեղ կյանքի ու անտանելիության հասնող հիացմունք բերող գեղեցկության տեր մարդու, որի բուրմունքն արբեցուցիչ է և քնեցնում է ժամանակիդ զգացողությունն ու մտքի ալարկոտություն բերում: Ինչ-որ ժամանակ եղել է նույնիսկ էսպիսի մի պատժամիջոց: Մարդուն գցում էին մի սենյակ, որտեղ շուշաններ էին դնում ու փակում պատուհանները: Առավոտյան մարդն արդեն մահացած էր լինում…
Եվ էնպես չի, որ դրա մասին դու անտեղյակ ես, իհարկե գիտես, բայց նա ունի մի հատկություն` ջնջում է հիշողությանդ նեգատիվն իր վերաբերյալ, ու ամեն անգամ, մոռանալով` ձեռքդ մեկնում, վերցնում, տուն ես բերում նրան ու դնում կողքիդ:
Եվ երբ արդեն փչված են լինում գլխիդ բոլոր փուչիկները, իսկ ցավիդ հնարավոր բոլոր պատճառների հիպոթեզները պայթած, հայացքդ հանկարծակի ընկնում է այդ գեղեցկուհու վրա: Մտածում ես. «Ափսո~ս, էնքան վատ եմ ինձ զգում, որ չեմ կարող հիանալ սրա անթերի գեղեցկությամբ ու աստվածային բուրմունքն ըմբոշխնել», որովհետև ամեն ինչ մշուշոտ է ու գիտակցությունդ աղոտ, մտքերդ էլ խառն են էնքան, որ միայն կարողանում ես մտածել, թե` ես հիմա աշխատանք ունեմ, բայց կորցնում եմ ընկերներիս, որովհետև ժամանակս եմ կորցրել, ունեմ միայն ցավ…
Բանականությունդ հանկարծ ձեռքդ մղում է ու հեռացնում նրան քեզնից:
Նրան վանելուց հետո ես միայն հասկանում, որ ցավդ բերողը նա էր, բայց էնքան էլ չէ, նա միայն կատալիզատորն էր, ուղղորդողն էր դեպի ցավը. իլյուզիոնիստի էն գրպանը, որտեղից թաշկինակներ են դուրս գալիս անհամար, և որի խորքում հոգիդ է:
Ու ընկերանում ես ցավիդ հետ արդեն եռօրյա ապարդյուն պայքարից հետո, սկսում ես փորփրել նրա էթիոլոգիան, հանձնվում ես նրան, և նա քեզ ուղեկցում է իր` ցավի ճանապարհով: Ու վերջիվերջո դառնում ես ինքդ ՑԱՎ, որպեսզի կարողանաս պարզել նրա առաքելությունը, իմանալ նպատակը, նրա տված դասը… «Ցավը ցավագարին է բռնում»:
Քո ցավագարության քոքն ես գտնում ու քոքից էլ կտրում ես: Գտե՞լ եմ իմ էս ցավի քոքը: Չգիտեմ: Դեռ ցավում է, չի անցել: Բայց գրում եմ, ու նա ինձ էլ չի խանգարում: Որովհետև գրում եմ:
Մարդկային բոլոր ցավերը սխալների արդյունք են: Հնարավոր է ազատվել բոլոր ցավերից, եթե կարողանանք իմանալ նրանց` մեր կյանքում հայտնվելու պատճառը: Վերացնենք պատճառը` սխալը, կվերանա հետևանքը: Մեր ցավերը պատճառահետևանքային կապի դասեր են տալիս: Շուշանները նույնպես: Իսկ ազատությունն այն ամենն անելու իրավունքն է, ինչը չի վնասում ուրիշներին։
Լուսինե Վայաչյան
Հայաստանում մի վատ սովորություն կա, որի արմատները գալիս են, հավանաբար, հայկական ստրկամտությունից: Կախված նրանից, թե շեֆը ինչ է սիրում, ենթակաները սկսում են սիրել նույնը, իսկ այն ժամանակից, երբ նախարարության պորտֆելները քվոտայով սկսեցին տրվել այս կամ այն կուսակցությանը, նախարարության աշխատակիցները սկսեցին աստիճանաբար կողմնորոշվել դեպի այն կուսակցությունը, որը տվյալ պահին նախընտրել էր ղեկավարություն ստանձնած շեֆը:
Այս երևույթը հատկապես ցայտուն էր “Օրինաց երկիր” կուսակցության պարագայում. Սերգո Երիցյանի նախարարության տարիներին անգամ մանկավարժներն էին կուսակցականացվում, քանի որ անդամագրվել “Օրինաց երկիրն”`այն ժամանակ նշանակում էր կարիերա անելու հնարավորություն ստանալ կրթության ոլորտում: Նույնն էր նաև դաշնակցության` նախարարության ղեկավարման ընթացքում. կրթական շատ օբյեկտների անվանում էին անգամ “դաշնակցական որջեր”` այնքան շատ էին այնտեղ դաշնակցականները և, ընդհանրապես, այդ կառույցներում աշխատելու հնարավորություն էին ստանում միայն նրանք, ովքեր “ճիշտ” էին կողմնորոշվում: Հիմա Կրթության և գիտության նախարարության պորտֆելը հանրապետական երանգավորում է ստացել, բայց այնտեղ կարծես հանրապետականացման նշաններն ընդգրկուն չեն, թեև դա էլ ունի իր պատճառը` Հայաստանում հանրապետականացումն այնքան մասսայական է, որ առանձնակի ոլորտի վրա ֆիքսվելու հնարավորություն չի թողնում:
Հետաքրքիր և բավական զարմանալի երևույթներ են տեղի ունենում օրինացերկրական դարձած Արմեն Երիցյանի ղեկավարած Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Այստեղ, որքան էլ զարմանալի է, նախարարի մակարդակով «ոչ» է ասված կուսակցականացմանը: Երիցյանից առաջ այս նախարարությունը գլխավորում էր Մհեր Շահգելդյանը, որի օրոք, բնականաբար, կանաչ լույս էր վառված օրինացերկրականների առաջ: Սակայն նոր նախարարի գալով իրավիճակը կտրուկ փոխվել է: Այսօր նախարար Երիցյանը պաշտոնապես հայտարարեց, որ ոչ միայն չի խրախուսում կուսակցականացումը, այլ ավելին` ընդհանրապես դեմ է նախարարության աշխատակիցների` որևէ կուսակցությանն անդամագրմանը, և որ իր ղեկավարած կառույցը պետք է զերծ լինի նման երևույթներից։ «Փրկարարը պիտի միայն փրկարար լինի և ոչ թե կուսակցական-փրկարար։ Եթե մեկը փորձի կուսակցական դառնալ, այդ մարդուց կազատվենք¦, հայտարարեց Երիցյանը:
ՀՀ-ում ամենախիստ կառույցներից մեկն, ինչպես հայտնի է, Ճանապարհային ոստիկանությունն է: Ճանապարհային հարյուրավոր ոստիկաններն ամեն օր առանց դադարի ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին` առանց այլևայլության պատժելով նրանց անգամ ամենաաննշան զանցանքների համար: ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը, խոսելով այս կառույցում իրականացված բարեփոխումների մասին, պատեհ — անպատեհ շեշտում է այն, որ ճանապարհային ոստիկանների համար ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ և խախտում անելու դեպքում անկախ զբաղեցրած պաշտոնից անկասկած պատժվելու են:
Կարելի է չկասկածել, որ ոստիկանապետը իսկապես սրտանց ցանկանում է, որ իր ղեկավարած կառույցում լինի հենց այնպես, ինչպես նկարագրում է իր ելույթներում, այլ հարց է, թե ոստիկանապետի ելույթները որքանո՞վ են տեղ հասնում, որքանո՞վ են մեր ճանապարհային ոստիկաններն առաջնորդվում իրենց գլխավոր ղեկավարի` ՀՀ ոստիկանապետի հրահանգներով և, առհասարակ ,բանի տեղ դնում են ստորադասները ոստիկանապետին: Այս լուսանկարը հենց դրա վկայությունն է, որին նայելով կարելի է միանգամից պատկերացում կազմել, թե ինչպես են կատարվում ոստիկանապետի հրահանգները և, ընդհանրապես, ՀՀ-ում ում խախտում անու՞մ են ոչ սովորական մահկանացուները ու ինչ է հետևում դրան: Եթե միջին հնարավորության տեր վարորդին կարող են պատժել սխալ կայանելու համար և հանել մեքենայի համարները, կամ էլ իջեցնել տուգանային հրապարակ,արտոնյալ խավին `համակարգի աշխատակիցներին, դա չի սպառնում. Ոստիկանությանը պատկանող հիշյալ ավտոմեքենան, ակնհայտորեն խախտելով երթևեկության կանոնները, տևական ժամանակ կայանել էր ռադիոտան մոտ, լուսացույցից դիմացի հատվածում, մինչդեռ այդ տարածքում շրջող և պարեկային ծառայություն իրականացնող ոստիկաններից և ոչ մեկի մտքով չանցավ` հիշյալ կարգազանց ոստիկանին գոնե զգուշացնել:
Գլխավոր բուդդայական մանտրան(աղոթքը)`
Om mani padme hum (Oմ` մարգարիտ լոտոսի ծաղկի մեջ)
Ես երկար-բարակ չեմ պատմի ոչ Բուդդայի` Արքայազն Գաուտամայի մասին, ոչ էլ այն մասին, ինչպես նա դարձավ լուսավորյալ: Հայերեն ավելի հաճախ օգտագործվում են «պայծառացում» բառը, չնայած ըստ իս, պայծառացումը դա միայն լուսավորյալ դառնալու միջոց է:
Իր չորս ազնվաբարո ճշմարտությունների Ուսմունքը Բուդդան տալիս է այսպես.
«Պայմանավորված գոյությունը տառապանք է:
Տառապանքն ունի պատճառներ:
Տառապանքն ունի նաև վերջ:
Կան ճանապարհներ, որոնք վերջ են դնում տառապանքներին»:
Մի առակ պատմեմ միայն, թե Բուդդան լուսավորյալ դառնալուց հետո ինչո՞ւ որոշեց հանգիստ իր համար Նիրվանան վայելելու փոխարեն մնալ մարդկանց աշխարհում և իր ուսմունքը տալ նրանց: Մի օր նա նստած էր ջրի մոտ, և մտածում էր, արժի՞ արդյոք մարդկանց պատմել իր ըմբռնման մասին, որն առաջին հայացքից անըմբռնելի է` աստվածամերժ, որ եկել է ժխտելու մինչ այդ գոյություն ունեցող բոլոր պատկերացումները հավերժական կյանքի ու դրախտի մասին: Կհասկանա՞ն արդյոք մարդիկ, չե՞ն համարի նրան խելագար, չե՞ն փակի նրա ուսմունքի առջև գիտակցության դռները, չէ՞ որ մարդիկ տգետ են և պարզամիտ մեծամասամբ (խոսքը մ.թ.ա. 5-րդ դարի մասին է): Այդժամ նա նայում էր ջրի վրա հանդարտ ու գեղեցիկ նստած ջրաշուշաններին(լոտոս): Նա մտածեց, որ, ջրի հատակին գտնվող լոտոսները այն մարդիկ են, որոնք դեռ շատ խորը քնի մեջ են, նրանք չեն էլ մտածում իրենց մարմնական պահանջներից բացի որևէ այլ բանի մասին, նրանք չեն տեսնում լույսը, բայց ենթագիտակցորեն ձգտում են դրան: Ուսմունքն այդ մարդկանց համար չի դեռ: Կան լոտոսներ, որոնք աճել,աճել ու հասել են խորության կեսին, դրանք այն մարդիկ են, որոնք արդեն տեսել են լույսը, և դրան ձգտում են գիտակցորեն: Բայց Ուսմունքը այդ մարդկանց համար էլ չի: Իսկ այն լոտոսները, որոնք դուրս են եկել ջրի երես, պարզել իրենց դեմքերը, բացել են սրտերն ու գիտակցության դռները դեպի լույսը, ում անհրաժեշտ է այդ լույսը, այ հենց այդ` հոգևոր ու մտավոր հասուն մարդկանց նա պարտավոր է տալ ուսմունքը։ Նրանք իրենք են հասել անհատականության և գիտակցականության աճի էնպիսի մակարդակի, որ արժանացել են հանդիպելու Ուսմունքին: Եվ Բուդան ձեռքն առավ իր ցուպն ու գնաց այդ մարդկանց Ճշմարտության ուղին ցույց տալու, ում միտքն ու գիտակցությունը հասուն են ու մաքուր, լույսն ընդունելու համար…
Ես կպատմեմ Բուդդայի իմ կյանք մտնելու մասին. թե ինչպես նա եկավ ինձ արթնացնելու խորը քնից: Կես տարուց ավել ինչ-որ անհասկանալի գլխացավ ունեի, ոչինչ չէր օգնում, ոչ մի դեղ, բժիշկները չէին կարողանում գտնել ցավի պատճառը: Ես էլ ճարահատյալ սկսեցի ընկերանալ իմ ցավի հետ: Սկսեցի նրա հետ ծնվել, աճել, զարգանալ, բորբոքվել, նրա հետ ինքս ինձ խելագարացնել, խաղեր էի խաղում հետը, զանազան էքսպերիմենտներ էի անում… Մենք յոլա էինք գնում, ես ցավով քնում էի, ցավով արթնանում, ցավով աշխատում, ուրախանում, շփվում մարդկանց հետ: Մի անձրևոտ գարնանային առավոտ էլ արթնացա, ու Ցավս չկար…. Ու մի տեսակ զգացողություն էր մեջս, հակասական` համ ուրախ էի, որ Ցավը չկա, համ տխրում էի, որովհետև վեց ամսվա ընկերս էր, ու ես հիմա մնացել էի մենակ … Բայց ես էլ հին Լուսինեն չէի, ես փոխվել էի, ես կորցրել էի Տառապանքը, ինքն էր հոգնել ինձնից, իմ հանգստությունից ու հեռացել… և անասելի, աննկարագրելի, անպատմելի մի թեթևություն զգացի, որը նախկինում երբեք չէի զգացել: Անձրևոտ օրը լույսով էր լցվել: (Հետո հասկացա, որ դա բուդդայական պրակտիկա է, մեդիտացիա ցավի վրա): Հանկարծ հիշեցի, որ եղել է էդպիսի մի մարդ, Բուդդա, որը երևի թե նմանատիպ մի բան է զգացել, yandex-ում գրեցի «բուդդիզմ» ու գտա մի ֆորում, որտեղ ինձ ասացին, որ ես բնավ էլ Լուսավորյալ չեմ դարձել, այլ ընդամենը դռան բանալու անցքից տեսել եմ Ճշմարտությունը: Սկսեցի փորփրել, պրպտել, հետո` չգտնելով ինձ նմաններին Հայաստանում, հոգնեցի, ու քանի որ բուդդայական ուսմունքի կարևոր մասն է Սինգհան` ուսուցիչն ու պայծառացման ձգտող մարդկանց համայնքը, որտեղ միասին ուսումնասիրում են Ուսմունքն ու կատարում մեդիտացիոն պրակտիկաներ, բուդդիզմն իմ կյանքում մնաց որպես աշխարհահայացք, իսկ Ճշմարտության որոնումները թողեցի ավելի լավ օրերի, որոնք, ես հավատում էի` անպայման կգան…
Հենց այդ բուդդայական ֆորումում էլ ես ծանոթացա Արտիի` Արտաշես Ղազարյանի հետ, որն ի տարբերություն ինձ, հաճախ Հայաստանից դուրս էր մեկնում գործուղման, և դրանցից մեկի ընթացքում էլ ստացավ պաշտոնական բուդդայական ապաստան Բուդդայի, Դհարմայի(Ուսմունք) ու Սինգհայի(համայնք) մեջ: Նույն ժամանակ ես ծանոթացա նաև Ձեն բուդդիստ Հրանտ Դանդուրովի հետ: Մենք երբեմն հանդիպում էինք թեյարանում, խոսում այն մասին, որ լավ կլիներ ունենալ համայնք, հրավիրել Ուսուցիչ, գոնե մի քանի դասախոսություններ կարդալու ու որոշ մեդիտացիոն պրակտիկաներ ուսուցանելու համար:
Անցել է 6 տարի:
Երեք տարի առաջ ուրախությամբ իմացա, որ Արտին ու Հրանտը եղել են Թայլանդում, մասնակցել Բուդդայի ծննդյան օրվան(Վեսակ) նվիրված համաշխարհային բուդդայական տոնակատարություններին ու կոնֆերանսին։ Առաջին անգամ բուդդայական հանրությունն իմացել է, որ Հայաստանի նման փոքրիկ երկրում էլ կան բուդդիստներ: Ի դեպ` այդ ամենը անց է կացվում ՄԱԿ-ի հովանու ներքո, և ֆինանսավորվում է Թայլանդի կառավարության կողմից:
Այս տարի երրորդ անգամ էին նրանք ներկայացնում Հայաստանի բուդդիստներին։ Երեկ, երբ մենք նայում էինք նկարները, ու ես տեսա Հայաստանի եռագույնը Թայլանդի այդ մեծամասշտաբ միջոցառման շենքի առաջ, սիրտս ու հոգիս լցվեցին նույնպիսի բերկրանքով ու հպարտությամբ, ինչպես` երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ՄԱԿ-ի շենքի առաջ մեր դրոշն էր առաջին անգամ բարձրացրել: Այո, ես հպարտ էի, որովհետև եթե այլ, ավելի հանդուրժող երկրներում, որոնցից շատերի ավանդական կրոնը նույնպես բուդդիզմը չի, զգալիորեն հեշտ է կրոնական կազմակերպություն գրանցելը, ապա մեզ մոտ բավականին դժվար է, ինչպես մեր զրույցում ասաց Արտին: Պարզվում է, ՀՀ օրենսդրության համաձայն, կրոնական կազմակերպություն գրանցելու համար, հարկավոր է ունենալ 200 գրանցված անդամ: Իսկ հաշվի առնելով որ մեր մենթալ և ավանդական քրիստոնեական երկիրը, ուր այլախոհությունը ճնշվում եւ ագրեսիա է քարոզվում աղանդների դեմ, նույն պիտակավորումը տալով նաև բուդդզիմին այն դեպքում, երբ աշխարհի 1/3-ը բուդդիզմ է դավանում, 200 բացահայտ բուդդիստը շատ մեծ թիվ է` մարդիկ ունեն ընտանիքներ, աշխատանք, և այդ «պիտակը» կարող է բացասականորեն անդրադառնալ մարդկանց կյանքի վրա: Ու քանի որ բուդդիզմը որևէ կեղծիք չի հանդուրժում, 200 մեռյալ հոգիներ հաշվառելով Հայաստանում բուդդիզմին պաշտոնական ստատուս տալն էլ է բացառվում…
Իմ այն հարցին, թե ինչպիսի՞ն է բուդդիզմի վիճակը Հայաստանում, Արտին պատասխանեց, որ այստեղ բուդդիզմ չկա, կան զանազան դպրոցներին հարող բուդդիստներ, նաև Ուսմունքի համակրիրներ, որոնք մեկ-մեկ հավաքվում են թեյելու, մեդիտացիաների տեխնիկային ծանոթանալու և ընդամենը:
Չնայած բուդդիզմն ինձ համար կրոն չի, այլ աշխարհընկալում (այն ընդհանրապես կրոն չի, քանի որ կրոնը կույր հավատ է պահանջում, որը բուդդիզմում չկա), ես ինձ համարում եմ բուդդիստ, և ձգտում եմ ապրել Բուդդայի պատվիրանի համաձայն, այն է` «Ապրիր յուրաքանչյուր օրդ ինչպես վերջինը, եթե չես կարող օգուտ տալ, գոնե աշխատիր վնաս չպատճառել զգացող էակներին»: Հրանտն ասում է` ում պետք է, ում գիտակցությունը հասունացել է Ուսմունքն ընկալելու և ընդունելու, ինքը նրան կգտնի: Բուդդիզմը մերժում է քարոզչությունը որպես տարածման միջոց: Կարծում եմ, մեր երկրին շատ օգտակար կլինի բուդդիզմը որպես բարիք ընդունելը, որը լինելով ամենախաղաղասեր և հանդուրժողական Ուսմունքն աշխարհում, կօգնի հասկանալ, ներել, կարեկցել, հանդուրժել ու օգնել միմյանց:
Լուսինե Վայաչյան
Om mani padme hum
Լուսանակարներում` Հրանտ Դանդուրովն ու Արտաշես Ղազարյանը Թայլանդում Լուսանկարները `http://www.buddhism.am կայքի
Սերն ինձ համար ինքնամոռացման, ինքնանվիրման, ինքնաժխտման, ինքնախոշտանգման, ինքնամաքրման ինքնաբուխ պրոցես է: Եվ ամենեւին` ոչ ինքնաներման, ինքնասիրության, ինքնաարտահայտման, ինքնավավերացման, ինքնագիտակցության աճի, ինքնաղեկավարման, ինքնակործանման ինքնուրույն պրոցես:
Այս բոլոր «ինքնա»-ներն իմ կողմից պատահական չեն օգտագործված, որովհետեւ«սեր» ասվածը, գովերգվածը, փառաբանվածը, նրանով երդվածն ու երդումը դրժածը, օջախներ դրածն ու քանդածը, հոգին ազնվացրածն ու նրա ծնվելու ու ապրելու համար ամենավերջին ստորության դրդածը, ֆետիշացրածն ու աստվածացրածը, երկրներ ստեղծածն ու ավերածը, մտքեր պայծառացրածն ու մթագնածը, բարիացրածն ու չարացրածը, խելոքացրածն ու խելքից հանածը…
Դա բոլորովին էլ «սեր»-ը չի, այլ սիրո մեր ընկալումը, ավելի ճիշտ ինքնաընկալումը մեր էգոյի պրիզմայով: Ամեն ինչ այնպես է, ինչպես մենք տեսնում ու ընկալում ենք, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես մենք պատկերացնում ու զգում ենք մեր «ինքնա»-ի միջով աղալով:
Եվ եթե այդ ամենը դնենք մի կողմ ու ընդունենք, որ լավագույն դեպքում սերը դա ուղեղի մեջ մաքսիմում 2-3 տարի տեւող ու անխուսափելիորեն դեպի մարում տանող քիմիական ռեակցիա է, ապա կարիք չի լինի տրվել սիրո այն բացասական ու ինքնակործան դրսեւորումներին, որովհետեւ դրանք շատ ավելի շատ են, ինչպես եւ դրականները,. ուղղակի այսքանը միտս եկավ, այդքանն էլ գրեցի, որոնք ի վերջո բերում են ոչ թե մարդու էության լավացմանն, այլ տանում են այլ կողմ`շատ քայլեր հետ մղելով անհատականության աճի սանդղակում, հետեւաբար վնաս են եւ հոգեւոր, եւ ֆիզիկական, եւ գիտակցական մակարդակներով:
Սիրելը լավ է, կապվելը` վատ: Ի վերջո, մենք ավելի շատ սիրում ենք ոչ թե կոնկրետ մարդուն, այլ մեր սերն ենք սիրում նրա հանդեպ, ու սկսում ենք ժամանակի ընթացքում ճնշել ու ստրկացնել`նրան սիրելու այդ ցանկությամբ: Շատ խառն եմ, խառն էլ գրում եմ: Ուղղակի փորձում եմ գրելով հասկանալ, ու նաեւ կիսվել, որովհետեւ գրելով պարզվում եմ ինքս ինձ համար: Վերջապես կգա՞ մի օր, որ խորհուրդներ տալուց զատ ես սկսեմ ինքս ինձ էլ լսել, ու մոռանալով ինձ գտնել…
«Էգո» ժխտելու ժամանակներն են եկել, երեւի իմաստնանում եմ…
Լուսինե Վայաչյան
Այսօր տարեկան հաշվետվություն է ներկայացրել ոստիկանության ձերբակալման վայրերում վերահսկողություն իրականացրած դիտորդական խումբը: Հաշվետվությունը վերաբերվել է 2009թ. դիտարկումներին: Հրավիրված են եղել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն նրանցից և ոչ մեկը չի եկել, փոխարենը ուղարկել են ենթականերին:
Դիտորդական խմբի ղեկավար Սուրեն Իսկանդարյանն ասել է, որ ձերբակալվածների պահման վայրերում մարդուիրավունքները խախտվում են բոլոր առումներով. խախտվում է բուժօգնություն, սնունդ ստանալու, լոգանք ընդունելու, զբոսնելու իրավունքը, հանձնույքների համար պետք է գործի հատուկ սենյակ` իր պայմաններով, որը չկա, իսկ հանձնույքները շատ հաճախ հասցեատիրոջը չեն հասնում:
Բայց եթե դիտորդական խումբը մտահոգվել է հիմնականում լոգանքի ու զբոսանքի հնարավորության բացակայությամբ, ապա իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ծանոթանալով հաշվետվությանն, ասել է, թե խումբը դիտորդական առաքելություն է իրականացրել միայն ձերբակալված անձանց պահման վայրերում, որտեղ եղած խնդիրները 0.1 տոկոս է, մինչդեռ հարցերի 99,99 տոկոսը դրանցից դուրս է գտնվում: «Ոստիկանության բաժանմունքներում բռնությունները, խոշտանգումները, ապօրինի անազատության մեջ պահելը, ապօրինի բերման ենթարկելը, փաստաբանի ծառայությունից օգտվելու իրավունքից զրկելը շարունակվում է։ Մարդուն բռնի անհետացնում են՝ տեղյակ չպահելով նրա հարազատին, ընտանիքին։ Այս ապօրինությունների ամբողջ շարքը, ցավոք, հաշվետվությունում չկա», — ասել է Սաքունցը: Ոստիկանական բաժանմունքներում շատ հաճախ մարդիկ քննիչների կամայականությունների զոհն են դառնում, իսկ ՁՊՎ-ում (ձերբակալվածների պահման վայրեր) պահված օրերի ընթացքում դեռ հույս են ունենում, թե կկարողանան հարցերը կարգավորել քննիչի հետ. Ու դա է հիմնական պատճառը, որ չեն կենտրոնանում պահման վայրի պայմանների ու վերաբերմունքի վրա. Էդտեղ դեռ իրավապահների ճանկն ընկած մարդը հույս ունի, թե չի կալանավորվի, ուստի լավ է «նայում» ՁՊՎ-ի աշխատակիցներին։ Շատ հաճախ նման վայրերում են հայտնվում աննշան զանցանք գործածները, որոնց կարելի էր ուղղակի ստորագրությամբ բաց թողնել, մինչդեռ քննիչները, ամենահասարակ գործը բարդացնելով, քաղաքացուն դնում են անելանելի դրության մեջ: Արթուր Սաքունցը բերում է Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում սպանված Վահան Խալաֆյանի օրինակը, որն անգամ ձերբակալված չէր. երիտասարդին ընդամենը բերել էին բաժանմունք, որտեղից ժամեր անց հանեցին նրա դիակը:
Շատ ավելի վատթար վիճակ է դատապարտյալների պահման վայրերում: Այստեղ իրենց հասանելիք քառակուսուց զրկված ու զույգերով քնող անազատության մեջ հայտնվածները ավելի շատ կարիք ունեն արդարության: Նուբարաշեն ՔԿՀ-ի ժամանակավոր պահման խցում կախված Վարուժան Հովհաննիսյանը նման քայլի էր դիմել` վերադառնալով դատական նիստից. 23-ամյա երիտասարդի ինքնասպանության դրդապատճառը ո´չ զբոսանքի բացակայությունն էր, ո´չ էլ լոգանքի` երիտասարդը կախվել էր արդարության բացակայության հետևանքով` դժգոհ մնալով դատավճռից:
Այս ֆոնի վրա, կալանքի որոշում կայացնող դատավորները աշխատում են արտադրական հոսքագծի արագությամբ` նրանց գալիս է քննիչի որոշումը դատախազության դաբրոյով, մտածելու և տրամաբանելու ժամանակ չթողնելով դատավորին, վերջինս արագությունն ապահովելու խնդիր ունի ու չի էլ մտահոգվում, թե խոտան է տալիս, կամ թե «Նուբարաշենում» շուտով մի քանի հարկ ավելացնելու կարիք է լինելու, կարևորը` քննիչների գործը հեշտ լինի.դատախազի ձեռքն ընկածին փակելու մոլուցքը բավարարվի։ Մարդու կատարած հանցանքը նրան մեկուսացնեու հիմնավոր պատճառ է, թե ոչ, էական չէ։ Դատարանի որևէ որոշման հիմքում բարոյականություն չկա։ Քննիչներն իրենց համարում են ընդամենը սևագիր անող` մարդկանց ճակատագրերի մաքրագիրը թողնելով դատախազությանը:
Վերջերս ուշադրություն գրավեց մի տեղեկություն, ըստ որի ՀՔԾ- ն գտել է Հարկային տեսչության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության նոր վարկած։ Հիշեցնենք, որ դրա բացահայտման ճանապարհին այնքան շատ վարկածներ փչվեցին, որ առիթ է տալիս ենթադրելու թե ներկայիս տարբերակի հավանականությունն էլ բարձր չէ։ Այժմ սպանության մեջ մեղադրվում է Պետեկամուտների կոմիտեյի նախագահ Գագիկ Ավետիսյանի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Մուսկուլ Գագոյի խումբը։
Հիշեցնենք, որ 2006-ի սեպտեմբերին, հարկային պետական ծառայության շենքի դիմաց, ՊԵԿ-ի օպերատիվ-հետախուզական վարչության պետի ավտոմեքենայում տեղի ունեցավ պայթյուն, որի հետեւանքով զոհվեց Հովասափյանը։ Առաջ քաշվեցին մի շարք վարկածներ, որոնցից առաջինը կապված էր Վանաձորցի հեղինակություն Գոգայի` ի դեպ մինչ այժմ չբացահայտված սպանության հետ։ Վերջինս, իբր իր բիզնեսների հետ կապված ինչ–ինչ հարցեր էր ունեցել Հովասափյանի հետ եւ իբր նրա սպանությունը պատվիրվել էր Հովասափյանի կողմից, իսկ տեղի ունեցածը ընդամենը վրեժ էր. այս վարկածը իրավապահներին ձեռնտու էր այնքանով, որ բացահայտված կհամարվեր միանգամից երկու աղմկահարույց սպանություն։ Սակայն դեպքից մոտ մեկ շաբաթ անց առաջ քաշվեց մի նոր վարկած, որ հիմնավորել փորձեցին Հովասափյանի վարորդի տված ցուցմունքներով. նախորդ վարկածը փչվեց. Կալանավորվեցին Արմեն և Գուրգեն Վիրաբյանները` 40 օր մնալով կալանքի տակ։ Ընդ որում, նրանց պաշտպան Հ. Արսենյանի հավաստիացմամբ, եղբայրների ալիբիները հաստատվել էին, սակայն վարույթն իրականացնող մարմինը՝ գլխավոր դատախազությունը, մեղադրանքից չհրաժարվեց և խափանման միջոց ընտրված կալանքը չփոփոխեց: ՊատՃառը համարվում էր Հովասափյանի կողմից իր տեղակալ Արմեն Վիրաբյանին աշխատանքից ազատելը, իսկ եղբորը` Գուրգենին կալանավորել էին միայն նրա համար, որ Արմենի եղբայրն էր։ « Սեմուր ընդ կո» ընկերության սեփականատեր Վիրաբյան եղբայրներին սեպտեմբերին 16-ին մեղադրանք առաջադրվեց քր.օր-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերի (սպանություն շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ` մի խումբ անձանց կամկազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:
Կալանավորումից մոտ 2 ամիս անց իրավապահներին է դիմում մի անձնավորություն` Հ Իսրաելյանը, խոստովանելով որ սպանությունը ինքն է կատարել։ Նրան կալանավորում են` Վիրաբյաններին բաց թողնում, հետո պարզվում է, որ տվյալ անձնավորությունը կապ չունի սպանության հետ։ Որոշ ժամանակ անց նրան եւս բաց են թողնում։ Այս հետաքրքիր շղթայում հայտնվում է մեկ անձ ևս, վարձու մարդասպան, որը շատ կասկածելի հանգամանքներում, արդարացվում է և դարձյալ բաց թողնվում։
Թե ինչ պատիժ է սահմանվել, սպանությունը իր վրա վերցրած, դրանով նախաքննությունը շեղած,և փաստորեն Վիրաբյաններին ազատություն բերած մարդուն մեզ գոնե հայտնի չէ. Կիլլերը ևս, որն, ըստ խոսակցությունների, բարձրաստիճան տանիք ուներ, ջրից չոր դուրս եկավ և հեռացավ Հայաստանից։ Իսկ սպանությունը դասվեց չբացահայտվածների շարքին։ ԱԱԾ վարույթում քննվող գործը կասեցվեց։
Ինչպես նշեցինք, Այժմ սպանությունը վերագրվում է մեկ այլ հանցավոր խմբի. Թե ինչքանով է հիմնավոր այս վարկածը ցույց կտա ժամանակը, մեր ունեցած տեղեկություններով, ՀՔԾ-ի միակ հիմքը ՊԵԿ-ի նախագահի մահափորձի եւ Հովասափյանի սպանության ձեռագրերի նմանությունն է` երկուսն էլ կատարվել են հեռակառավարման համակարգի միջոցով։ Պարզվում է` դա լիովին բավարար է մեղադրանք առաջադրելու համար։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.