29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այնպես ստացվեց, որ այս տարի Ապրիլի 24-ին թուրք քաղաքական գործիչների հանդիպեցի:
Առիթը` Պետրոս Ղազարյանի հաղորդմանը մասնակցելս էր, նրանք էլ էին այնտեղ: Թուրքական ինչ-որ ձախ կուսակության ներկայացուցիչներ էին` Ցեղասպանությունը դատապարտած, իրենց ժողովրդի պատմության ամոթալի էջի հետ համարձակորեն և արժանապատվորեն առերեսված:
Այդ մարդիկ թուրքական քաղաքական կյանքում այն կշիռը չունեն, որ ասենք, առաջիկա հինգ տարում կամ թեկուզ` տասնամյակում, պետական քաղաքականություն մշակելու և իրականացնելու հավակնություն, իրավունք ունենան:
Բայց նրանք ազդում են հասարակական տրամադրությունների վրա, հարևան երկրում ավելանում է մարդկանց թիվը, ովքեր առնվազն ճշմարտությունն են ուզում իմանալ: Նույնիսկ թուրքական խորհրդարանում ամեն բան չէ. որ միատոն է: Այնտեղ որոշ պատգամավորներ, ճիշտ է`առայժմ միայն ազգությամբ քուրդ, բարձրացնում են Հայոց ցեղասպանության հարցը:
Այս երկար նախաբանն իրականում` ոչ թե թուրքերի, այլ մեր, մեզանից յուրաքանչյուրի օրակարգը, անելիքը ճշտելու համար է գրված:
Ասել կուզի` պատմությունը` պատմություն, հատուցումը` հատուցում, ոճիրին` պատիժ, բայց կյանքը շարունակվում է. ոչ Թուրքիան է այստեղից գնալու, ոչ էլ` մենք: Աստծո կամոք` մենք հարևաններ ենք, իսկ հարևանների տևական անհաշտությունը, մեղմ ասած, լավ բան չի խոստանում:
Ժամանակն է գիտակցել, որ Ապրիլի 24-ը հոխարտանքի, պոռոտախոսության օր չէ, թուրքին այդ օրը քրֆելը` ազգային և անձնական ինքնադրսևորման հարմար առիթ չէ:
Ապրիլի 24-ը կարելի ու անհրաժեշտ է դարձնել ազգային միասնության օր: Վերամբարձ, հայդատական, էմոցիոնալ, վիրտուալ իմաստով չեմ ասում: Ազգային միասնություն` այն իմաստով, որ բոլորս համաձայնենք մտածել, խորհել` մեր երկրի ընթացքի, կոտորվածի բարդույթը, սգալու հավերժությունը հաղթահարելու, սեփական քաղաքակիրթ ԵՍ-ով աշխարհին ներկայանալու համար:
Ապրիլի 24-ին քաղաքական կամ ազգային հարթության մեջ արգելված թեմաներ, տաբուներ չպետք է լինեն: Թուրքի հարյուրամյա գազանությունը չի վերացնում նաև մեր սխալի, թերացման բացահայտման անհրաժեշտությունը: Թուրքիայի այսօրվա ղեկավարության ապակառուցողականությունը չի ենթադրում, որ մենք պետք է դադարեցնենք մեր ջանքերը` հայ-թուրքական բաժանարար գիծը թափանցիկ սահման դարձնելու ուղղությամբ:
Ֆեյսբուքյան մի օգտատերի առաջարկ, գուցե, շատ է պարզունակ, բայց իր մեջ ռացիոնալ, լուսավոր մի բան է պարունակում. մարդն առաջարկում է ապրիլի 24-ին մի արկղ դնել Ծիծեռնակաբերդում, որպեսզի յուրաքանչյուր այցելու, մարդ, քաղաքացի իր ծրարը թողնի այնտեղ: Քաղաքացու ծրարը, գրառումը պետք է բովանդակություն ունենան, ասելիք, թե ինչ ենք անելու յուրաքանչյուրս ապագա մեկ տարում` մեր հայրենիքի համար, կոնկրետ` առանց զեղումների, առանց ` թուրքի մորը հիշելու կամ` Էրգրի կարոտը քաշելու:
Ապրիլի 24-ը նաև բռնությունը դատապարտելու խորհուրդ դաս ունի: Վախենամ` դա էլ մինչև վերջ չենք հասկացել, համենայն դեպս` վարքագիծ չենք դարձրել, մանավանդ` մեր ներքին կյանքում, հանրային հարաբերություններում:
Հաճախ ինձ թվում է` մենք ոչ թե անարդարության դեմ ենք պայքարում այլ ուզում ենք, որ էդ անարդարն ու ուրիշին կեղեքողը մենք լինենք:
Կամ էլ նայեք մեր էսօրվա ջահելներին, որոնց իդեալը ոչ թե Վիկտոր Համբարձումյանն է(շատերն անունը չեն էլ լսել), այլ` սերիալի մաֆիոզները, նրանց հաստավիզ քիլլեր շները:
Անցյալ շաբաթ սերիալային կյանքը «վայրէջք» կատարեց Գյումրի:
Էլի նույն հանցագործ դեմքերը` բացահայտ ու ստվերում թաքնված, էլի կրակոցներ, հորը կորցրած երկու որբուկներ, վենդետայի վտանգ…
Էդ կլանները, իրար վրա հարձակվող, իրար սպանող ու հոշոտող ճիճուները երկնքից չեն ընկել: Նրանց տարիներով աճեցրել են, նրանց հանցագործ լինելը քողարկել են քաղաքապետի աթոռով ու պարգամավորի մանդատով: Ու հանցագործությանը կազմակերպված տեսք, կարելի է ասել` պետական գրանցում են տվել:
Այս թափթփուկների ծառայություններից տարիներ շարունակ իշխանությունն օգտվել է. նրանք են քվեարկություն կեղծողը, ընդդիմադիր ահաբեկողը, ճիշտ խոսացողի բերանին եկողը: Իր ցանկացած քստմնելի ծառայություն էս խուժանը պետության վրա ծախել է` նոր հանցագործություն անելու ինդուլգենցիա ստանալու նպատակով:
Հիմա պետությունը, կարծես թե, իր քաղաքականությունը վերանայել է ուզում, համենայն դեպս` հրապարակավ պայքար է հայտարարված օլիգարխիայի, կրիմինալի դեմ: Տա Աստված` ճիշտ լինի, գեղեցիկ խոսքերը չդառնան դառը իրականության սփոփանք:
Այս համատեքստում` հատկապես կարևորվում է ոստիկանության դերը:
Վլադիմիր Գասպարյանի վարքագիծը, խոսքերը հուսադրող են:
Բայց կարևոր մի հանգամանք կա, որի մասին ուզում եմ խոսել` գործին օգնելու նպատակով:
Գասպարյանն, անշուշտ, խարիզմատիկ կերպար է, շատերի համար` ընկալելի ու ընդունելի, սակայն չափազանց կարևոր է, որպեսզի ոստիկանության գործողությունների հիմքում ընկած լինի ոչ թե նրա անձնական հեղինակությունը, այլ` ինստիտուտի գործոնը: Այլ խոսքով` Գասպարյանը, եթե ձգտում է բարեփոխումների, պետք է իր անձնական հեղինակությունն օգտագործի` ոստիկանությանն ինստիտուցիոնալ նոր հարթության վրա բարձրացնելու համար: Միայն այս դեպքում` ոստիկանության գործողություններն կլինեն լեգալ, լեգիտիմ, գործողության արդյունքները` անշրջելի:
Այլապես, ժամանակին Վանոն էլ պայքարում էր հանցագործների դեմ: Պայքարի հիմքում` բացառապես Վանոյի հեղինակությունն էր, խարիզման:
Դա էր պատճառը, որ Վանոյից հետո հանցագործ աշխարհը ռեստավրացիայի ենթարկվեց, տարիներ առաջ ահից մկան ծակը հազար թումանով առնող «հեղինակությունները» հետո դարձյալ ջրի երես դուրս եկան` ծաղրելով անհայտություններում դեգերող Վանոյին:
Հուսանք, Վովան կունենա Վանոյի համարձակությունը, բայց չի կրկնի նրա սխալները…
Շաբաթվա Վարկածները մշակեց Սուրեն Սուրենյանցը
Ինչպես ՀՀ նախագահի երդմնակալությանը, այնպես էլ մայրաքաղաքային ընտրություններին ընդառաջ, բազում քաղաքական ուժեր և գործիչներ դրսևորում են վարքագիծ, որն առավել հարիր կլիներ խենթանոցի բնակչին: Օրինակ` ամենևին ոչ ապրիլի 1-ին նախկին թեկնածու Արման Մելիքյանն ամենայն լրջությամբ գրում է, որ Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, բացառված չէ, մասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի «այլընտրանքային» երդմնակալությանը և օրհնի «Ժառանգության» առաջնորդին… Պարզ է, որ նման բան չի կարող լինել, քանի որ չի կարող լինել երբեք, ու ոչ մի հոգևորական վատ երազում անգամ չի տեսնի Էջմիածինն ու Անթիլիասը վերջնականապես պառակտող այդպիսի քայլ, բայց ԼՂՀ նախկին արտգործնախարար մարդը ամենայն լրջությանբ գրում է այդ զառանցանքը:
Ոչ պակաս զառանցանք է և Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերի մի ամբողջ շարք: Մտել էր հացադուլ, բայց դուրս է եկել ծոմից, նրա թիմը պիտի մասնակցի Երևանի ընտրություններին, բայց հանրահավաքներ է անում մարզերում: Գումարած դրան` Կապանում ինքն իրեն Գարեգին Նժդեհ հռչակեց, և դեռ լավ է, որ դրա համար կապանցիներից քոթակ չկերավ… թե չէ հաստատ կասեր, թե իշխանությունների կազմակերպածն է: Հացադուլից դուրս է եկել, բայց շարունակում է շրջել նույն հացադուլային հագուստով` «անթրաշ, անպլաշ»: Ու ամեն մի բնակավայրում հաջողացնում է ասել մի այնպիսի անհեթեթություն, և այդ ամենը տեսնում է երևանյան հեռուստադիտողը: Եվ այդքանից հետո, ո՞ր մի լուրջ երևանցին նրա թիմին քվե կտա: Դե, իսկ Զատիկին ընդառաջ՝ մեկ րոպե լռությամբ Ազատության հրապարակում Քրիստոսի հիշատակը կարող էր հարգել միայն Րաֆֆին… Ու եթե ուրիշ երկրներում այնպիսի միջոցը, ինչպիսին է հանրահավաքների հեռարձակումն ուղիղ եթերում բազմապատկում է հեղափոխականների հնարավորությունը, ապա Հայաստանում «Սիվիլնեթի», «Ա1+»-ի ու այլոց կողմից ուղիղ ինտերնետային հեռարձակումը «ԲաRevolution»-ի մայրիկն է լացացնում, հիասթափեցնում մարդկանց: Ու տեսնում ենք` Րաֆֆուն խանդավառորեն ընտրած Գյումրիում ու Կապանում մի բուռ մարդ է ընդամենը գալիս հանդիպումների: Որ ասես` վախացրել են բոլորին… ախր Սամվել Բալասանյանն ի՞նչ պատճառ պիտի ունենա դա անելու, կամ կարո՞ղ է արդյոք: Ու եթե փետրվարի վերջին 3000 կապանցի չվախեցան Լիսկայից և եկան հանրահավաքի, ապա հիմա՞ ինչու պիտի վախենան: Մի տեսակ «չի կպնում»:
Վարդան Օսկանյանն էլ պակասը չի: Սրա կարգախոսին նայեք` «Սկսենք Երևանից»: Տո ի՞նչը սկսեք, հերթական գրողուցա՞վը… ու դիվանագիտական հոտառությունն իսպառ կորցրած նախկին արտգործնախարարը առանց քաշվելու հայտարարում է, որ Երևանն ուզում է դարձնել պետություն պետության մեջ, որպեսզի «հակակշիռ ստեղծի» իշխանությանը: Ի՞նչ է. երևանցիները քո համար փորձաճագա՞ր են, այ քո հոգուն ղուրբան: Համ էլ Երևանին վերաբերող մի հատիկ ծրագիր չունես, երևանցիք քեզ ընտրեն, որ ի՞նչ անեն: Համ էլ քո 7 դեսպանները` ամերիկացի Ջոն Հեֆֆերնի գլխավորությամբ, երբ հրապարակավ քո համար դոշ էին տալիս, ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանին: Ռուսը լավ խոսք ունի` «У семи нянек дитя без глаза», և եթե առաջ Օսկանյանին շպիոն էին անվանում միայն թունդ քաղաքական հակառակորդները, հիմա արդեն հասարակ երևանցիք են սկսել անվանել… Կամ ձեր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ասածը` եթե ծավալուն կեղծիքներ եղան, մանդատները չենք վերցնի: Ինչո՞վ եք չափելու` ծավալո՞ւն են, թե՞ այնպես ոչինչ: Լրիվ ՀԱ՞Կ եք դառել, ՀԱԿ-ի 2009-ի արա՞ծն եք կրկնում… թե՞ հույսներդ դրել եք փող բաժանելու վրա (դե մայրաքաղաք տեղ է, «տուկի թելն» ու տրակտորները չեն անցնի), և եթե թողեցին բաժանել` ընտրությունն ազատ ու արդար է, եթե ձեր փող բաժանող բրիգադին ամբողջ կազմով բռնեցին-տարան ոստիկանություն, ուրեմն` կեղծիքները շատ են: Էդպես չեղավ, տղերք:
Հերթը հասավ ՀԱԿ-ին: Քանի՞ հատ ՀԱԿ կա հիմա, դրանցից ո՞րն է իսկականը, իսկ որը`«կոոպերատիվը»: Ախր լրիվ սպառվել եք, տղերք, արդեն հինգուկես մարդ չեք կարողանում հանրահավաքի բերեք: Համ էլ ինչի՞ է նման ձեր կարգախոսը` «Իշխանությունը քաղաքացուն»: Ո՞ր քաղաքացուն, քաղաքաբնակի՞ն, թե՞ ՀՀ քաղաքացուն… Չէ, ձեր դարն անցել է, արդեն լրիվ նաֆթալինոտ եք, և նաֆթալինի քանակով սկսել եք նույնիսկ դաշնակների հետ մրցել:
Հասանք ծերունազարդ ՀՅԴ-ին: Ո՞վ է մեզ մոտ առաջին համարը` Ռուստամյան Արմեն: Վատ տղա չի, բայց նրանից քաղաքապետ կստացվի՞: Երկրորդը Աղվան Վարդանյանն է, ում սոցապ նախարար եղած ժամանակ լափեցին որբերի բնակարանների համար հատկացրած փողերը: Չեղավ, տղերք… Համ էլ այս ի՞նչ հայտարարություն եք տարածել: Ինչ-որ մի ներքին թուրք սպանել է Պռոշյանի գյուղապետ, հայտնի ազատամարտիկ, ձեր կուսակից Հրաչ Մուրադյանին: Այն էլ` հենց Քելբաջարի ազատագրման 20-ամյակի օրը: Նրա մերձավորագույն մարտական ընկեր, կենդանի լեգենդ Ժիրայր Սէֆիլյանը սահմանափակվել է համեստ ցավակցականի հրապարակումով: Իսկ ձեր Գերագույն մարմնի գրասենյակային առնետները, որ հաստատ Ժիրոյի չափ արժանիք չունեն, աղմկալի քաղաքական հայտարարություն են տարածել: Ո՞ւմ վրա եք քաղաքական դիվիդենտներ հավաքում, ձեզանից անհամեմատ արժանի զորականի մահվան վրա՞, այն էլ` դիակը դեռ չսառած… բա գետինը չե՞ք մտնում: Չէ, դուք էլ իսան չեք:
ՕԵԿ-ի մասին չենք էլ խոսում. ԱԽՔ բառով ամեն ինչ ասված-պրծած է: Դե, նոր ի հայտ «Առաքելությունն» էլ չգիտենք, թե ինչ է և ինչով են այն ուտում:
Լավ, ի՞նչն է սրա վերջ: Բա որ ձեր բոլորի թուլության հետևանքով Տարոն Մարգարյանը 70-80 տոկոս քվե հավաքեց (ինչը լրիվ ռեալ է) ձեններդ գլուխներդ եք գցելու, չէ՞, հաստատ հայտարարելու եք, որ կեղծված է ծայրեծայր: Նորի՞ց միտինգներ եք սկսելու, նորի՞ց շաբաթներով Ազատության հրապարակի շրջակայքի բոլոր շենքերի շքամուտքերը լրիվ միզած են լինելու: Կարելի է պատկերացնել և հարթակի հոգեցունց պատկերը` «ընտրված նախագահ» Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած է «ընտրված քաղաքապետ» Վարդան Օսկանյանը… Չէ, էլ չեմ դիմանում, գժանոց տանող մի հատ ավտո էլ ինձ համար բերեք: Վաաա՜յ, բա լրիվ մոռացել եմ, որ ամսի 9-ին էլ Սերժ Սարգսյանի հետ զուգահեռ տեղի է ունենալու և Րաֆֆի Հովհաննիսյանի «երդման» արարողությունը: Պարտադիր ատրիբուտով` «Հովակիմ պապի շարֆով»:
Լավ, մի երդում էլ ես ուտեմ: Երդվում եմ մի քանի օր գժանոցի վերածված քաղաքական դաշտի մասին հնարավորինս քիչ գրել:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մարտի 23-ին իր երկրային կյանքն ավարտեց Ռուսաստանի երբեմնի ամենահարուստ և ազդեցիկ օլիգարխը` Բորիս Բերեզովսկին. օտարության մեջ` Մեծ Բրիտանիայում, որպես վտարանդի:
Մահից ընդամենը շաբաթներ առաջ վերաիմաստավորելով ամեն ինչ, և գրավոր դիմելով Վլադիմիր Պուտինին` թույլ տալ վերադառնալ Ռուսաստան ցանկացած նախապայմանով:
Երբեմնի ստվերային տիրակալին, կոտրելով լոգասենյակի դուռը, մահացած գտավ թիկնապահը: Ինչպես սիրում են ասել ռուսները` «դագաղը գրպաններ չունի»:
ԱՄԵՆԱՏԱՐԱԾՎԱԾ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ
Մինչ ԽՍՀՄ-ի կործանումը Բերեզովսկին ավելի շուտ հայտնի էր որպես միջին կարգի գիտնական: Վկայություններ կան նաև, որ 1979-ից նա եղել է ԿԳԲ-ի գործակալ` խոշոր հաշվով, ԽՍՀՄ-ում շատերի համար կարիերային նպաստող հանգամանք: Ակադեմիկոս նա դարձավ արդեն հարստանալուց հետո` այդ տիտղոսը որպես խաղալիք նետելով դարակի հեռավոր անկյունում: Հարստանալու պատմությունն էլ ստանդարտ է և անհետաքրքիր` ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում և ի սպառ զրկված լինել խղճից, և դա առանձնապես հետաքրքիր չէ, Ռուսաստանի բնակչության 90 տոկոսը բաղկացած է բերեզովսկիներից, պարզապես նրանք փող չունեն…
Առավել հետաքրքիր է նրա քաղաքական դերակատարությունը. Բերեզովսկին եղել է ԱՊՀ գործադիր քարտուղար, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար: Նրա անվան հետ կապվում են բազում քաղաքական սպանություններ ամբողջ հետխորհրդային տարածքով մեկ, այդ թվում` վարչապետ Ժվանիայի սպանությունը Վրաստանում և Յուշչենկոյի թունավորումն Ուկրաինայում:
Բայց գրեթե վստահաբար կարելի է ասել, որ նա կապ չի ունեցել «Հոկտեմբերի 27-ի» հետ, թեև 1999 թվականին քիչ ստվերային ջանքեր չի գործադրել, որպեսզի նպաստի Գոբլի ծրագրի կենսագործմանը… Սակայն ամենանշանակալին նրա դերն էր Ռուսաստանի իշխանության ներսում, հենց նա եղավ Վլադիմիր Պուտինին իշխանության բերողը: Դրանից և բխում է ամենահարգի վարկածը` Բերեզովսկուն սպանել են ռուսական հատուկ ծառայությունները:
ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՏՔ. Հայտնի է, որ հենց նրա գաղափարն էր` համեստ պետականամետ ԿԳԲ-ի սպա Վլադիմիր Պուտինին ներկայացնել Բորիս Ելցինին որպես լավագույն իրավահաջորդ: Հենց Բերեզովսկու հորդորով Պուտինը նշանակվեց վարչապետ, և Բերեզովսկուն պատկանող հեռուստակայսրության շնորհիվ Ռուսաստանին անհայտ սպան ընտրվեց նախագահ: Բերեզովսկին վստահ էր, որ Պուտինը երբեք ռեալ չի ձգտի առաջին դերակատարմանը: Նա հույս ուներ, որ կստեղծի երկու կուսակցություն. մեկը`ազգային-պահպանողական, հենց Պուտինի ղեկավարությամբ, մյուսը` լիբերալ, և երկուսի ռեալ ստվերային ղեկավարումը կպահի սեփական ձեռքերում, փաստացի մինչև կյանքի վերջ մնալով Ռուսաստանի իրական տիրակալ: Սակայն այդ խորամանկ ծրագիրը տապալվեց` Վլադիմիր Պուտինը աստիճանաբար Բորիս Բերեզովսկուց խլեց իշխանական և լրատվական լծակները, ու ի վերջո երբեմնի ամենակարող օլիգարխը դարձավ վտարանդի: Բնականաբար, նա ատելությամբ լցվեց Պուտինի հանդեպ, և հետագայում ֆինանսավորեց բոլոր ընդդիմադիր շարժումները:
Ըստ «Ռուսական հետքի» վարկածի, Պուտինի վարչակազմը պարզապես որոշեց վերացնել Բերեզովսկուն, քանզի վերջինս գիտեր բոլոր մութ գաղտնիքներն այն մասին, թե ինչպես իրականում Պուտինը եկավ իշխանության, գումարած դրան` Բերեզովսկու ֆինանսներով են սնվում ռուսական բոլոր «նարնջագույն» շարժումները:
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԵՏՔ. Մեծ Բրիտանիայում հաստատվելուց հետո, Բորիս Բերեզովսկին սերտորեն համագործակցում էր բրիտանական հատուկ ծառայությունների հետ, ինչը չի էլ թաքցրել իր հարցազրույցներում: Իրականում նա ռուսական ընդդիմությանը ֆինանսավորում էր ոչ թե սեփական, այլ բրիտանական հատուկ ծառայությունների փողերով: Նա միջնորդ եղավ ինչպես նախկին ԽՍՀՄ տարածքում, այպես էլ Մերձավոր Արևելքում բրիտանական բազում դավադիր ծրագրեր իրագործելու գործում: Երբ նա մտադրվեց ցանկացած նախապայմանով վերադառնալ Ռուսաստան ու խնդրագրով դիմեց Վլադիմիր Պուտինին, բրիտանացիները որոշեցին նրան լիկվիդացնել` սեփական գաղտնի օպերացիաների մասին ճշմարտությունն ընդմիշտ գերեզմանելու նպատակով:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾ. Վերջին տարիներին Բորիս Բերեզովսկին հսկայական ֆինանսական կորուստներ ունեցավ, աստղաբաշխական գումարներ վճարելով ինչպես նախկին կանանց, այնպես էլ ատելի մրցակիցներին: Ամենադաժան հարվածը դատարանում իր ախոյան Ռոման Աբրամովիչին պարտվելն էր, ինչը գործնականում սննկացնում էր Բերեզովսկուն: Նախկին ամենազորն ընկավ դեպրեսիայի մեջ և վերջ տվեց կյանքին:
«ԱՐԳԵԼՎԱԾ» ՎԱՐԿԱԾ. ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐ ՍԵՌԱԿԱՆ ԱՅԼԱՍԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ
Գոյություն ունի, սակայն, վարկած, որը անհարմար է աշխարհի զորավորաց համար, քանզի թույլ չի տալիս Բերեզովսկու մահը խաղարկել աշխարհաքաղաքական հակառակորդի դեմ և կիրառել դա որպես շահարկման լծակ: Դա յուրահատուկ պայմաններում տեղի ունեցած դժբախտ պատահարի վարկածն է:
Բերեզովսկու դիակի հերձումը ցույց տվեց, որ նա մահացել է կախելու կամ կախվելու հետևանքով, սակայն Սքոթլանդ-Յարդը բռնության գործադրման որևէ հետք չի հայտնաբերել: Բերեզովսկու դին հայտնաբերվել է ներսից կողպած լոգասենյակում, կողքն ընկած էր նրա շարֆը: Անշուշտ, կախվելու կամ կախելու համար շարֆը ամենահարմար գործիքը չէ, այդպիսի գործերի համար գոյություն ունի պինդ պարանների լայն տեսականի… Շարֆն առավել հարմար է մարդուն կիսախեղդ վիճակի հասցնելու համար: Ստացվում է, որ Բորիս Բերեզովսկին լոգասենյակում փակվել էր, որպեսզի բոլորից թաքուն ինքն իրեն հասցնի կիսախեղդ վիճակի, սակայն չափն անցավ և մահացավ: Սակայն նրա ինչի՞ն էր պետք ինքնակիսախեղդ լինելը…
Մի շարք ռուս բլոգերներ առաջ քաշեցին հետաքրքիր վարկած` յուրահատուկ այլասերված ինքնաբավարարման հակումների մասին, որը կոչվում է ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ:
Ուշագրավ է, որ այդ մասին բլոգային գրառումները ռեկորդային արագությամբ արգելափակվում էին բլոգոհոսթինգների ադմինիստրատորների կողմից: Տողերիս հեղինակը 5 օրում հայտնաբերեց այդպիսի արգելափակումների շուրջ 200 դեպք… Ուստի դիտարկենք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սեռական այլասերումը:
ԱՈՒՏՈԱՍՖԻՔՍՈՖԻԼԻԱ. Սեռական ինքնագրգռման կտրուկ ուժեղացում դեպի թոքեր և հետևաբար` ամբողջ օրգանիզմ թթվածնի հոսքի կտրուկ նվազման ժամանակ: Դա ենթադրում է ինքնախեղդում այնպիսի «կառավարելի» միջոցներով, ինչպիսիք են շարֆերը, ձիգ վիրակապերը, գլխին քաշած պոլիէթիլենե տոպրակները, և այլն: Դատական բժիշկներին հայտնի է այն փաստը, որ կախելու միջոցով մահապատժի ենթարկվածների մոտ երբեմն պատահում է սերմնաժայթքում մահից առաջ: Գլխուղեղի թթվածնային քաղցը առաջացնում է տարբեր տեսիլքներ և զգացողություններ, ու ինչպես ալկոհոլի, այնպես էլ թմրանյութերի կողմից էյֆորիկ վիճակի հարուցումը կապված է այն պարզ փաստի հետ, որ դրանք հարուցում են գլխուղեղի թթվածնային քաղց, որից մահանում է նյարդային բջիջների որոշակի քանակ, որոնք և մեռնելիս գոյացնում են տարբեր հաճելի զգացողություններ: Կիսախեղդելու վիճակները առավելագույնս ուժեղ արդյունք են տալիս հենց այդ տեսակետից:
Միայն ԱՄՆ-ում արձանագրվում են շուրջ 1000 մահեր աուտոասֆիքսոֆիլիայի ակտի պահին տեղի ունեցած դժբախտ պատահարներից: Որոշ դեպքերում անգամ խեղդող միջոցից վերջին պահին ազատվելը չի փրկում սիրտի կանգ առնելուց: Այդ եղանակով մահացել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են կինոաստղ Դևիդ Քերրադայնը (խաղացել է Բիլլի դերը Տարանտինոյի «Սպանել Բիլլին» ֆիլմում), Արգենտինայի կառավարության անդամ Իվեն Հեյնը և բրիտանացի հռչակավոր հեռուստահաղորդավար Քրիսթիան Դիգբին:
Սակայն ի՞նչը պետք է Բերեզովսկու սեռական կյանքում բերեր սեռական այլասերության այդ ծայրահեղ տարբերակին: Պատասխանը գտնում ենք նրա սեքսուալ կենսագրությունում: Այդտեղ առկա է երկար տարիների մանկապղծություն, այդ թվում` սադոմազոխիստական դրսևորումներով:
ՄԱՆԿԱՊԻՂԾԻ ՈՒՂԵԾԻՐԸ. Բրիտանական մամուլը բավականին մանրամասն նկարագրել է Բերեզովսկու մանկապիղծ հակումները: Բրիտանիայում բնակվելու 12 տարիների ընթացքում նրա մոտ շատ հաճախ բերում էին անչափահաս աղջիկների: Այդ մանրամասները լույս աշխարհ դուրս եկան, երբ նրան դատի տվեց նախկին վարորդ-թիկնապահ, նախկինում հատուկջոկատային Մարկ Փենդլբերին: Վերջինիս վկայություններով, որոնք հնչել են նաև դատարանում, նա մանկահասակ` մինչև 16 տարեկան աղջիկներին, բերում էր օլիգարխի դղյակ:
Բացի այդ, Բերեզովսկին սիրում էր անչափահասների հետ սեքսով զբաղվել կատաղի արագությամբ սլացող ավտոմեքենայի մեջ և, վարորդի վկայությամբ, երբեմն դա անում էր միաժամանակ երկու աղջիկների հետ:
Սակայն մանկապղծությունն սկսվել էր դեռ Ռուսաստանում, դեռ 1990-ականներին: 1997-ին նա հանդիպեց այն դեռահասին, որի հետ երկար տարիներ պահպանում էր սադոմազոխիզմով ուղեկցվող սեռական կապ: Հայտնի լուսանկարիչ Լև Բորոդուլինի որդի, էրոտիկ լուսանկարչության գծով մասնագիտացած Ալեքսանդր Բորոդուլինը Բերեզովսկու մոտ բերեց 14 տարեկան Մարիանա Կոնովալովային: Նովոկուզնեցկ քաղաքից եկած այդ` արդեն իսկ որոշ քրեական հեղինակությունների ձեռքով անցած փչացած գեղեցկուհին այնքան էր դուր եկել Բերեզովսկուն, որ օլիգարխն այլևս հրաժարվեց անչափահաս պոռնիկների մատակարար ոմն Լիստերմանի ծառայություններից: Փչացած պարմանուհին և օլիգարխը իրար լավ համապատասխանում էին: Բերեզովսկին նրան հրապարակավ նվաստացնում էր` այսպես, 1999-ին «Էլդորադո» ռեստորանում, ռուս լրագրողների վկայությամբ, Մարիանան, մտնելով խնջույքի սեղանի տակ, Բերեզովսկուն մինեթ էր անում` չքաշվելով սեղանակիցների և մատուցողների ներկայությունից: Օլիգարխը նրան տներ և շքեղ ավտոմեքենաներ էր նվիրում, նա Մարիանայի ծննդյան օրերի տոնակատարություններին հրավիրում էր ամանահռչակավոր էստրադային աստղերին, բայց նաև ծեծում ու նվաստացնում էր սիրուհուն, և ըստ ռուսական դեղին մամուլի, նաև սադոմազոխիստական գործիքներ էին կիրառվում: Սակայն Մարիանան նույնպես նվաստացնում էր այդ ամենազոր օլիգարխին, վերջինիս ընկերների ներկայությամբ նրան անվանելով «կեղտոտ գարշելի ջհուդ»:
Նա բավականին հաճախ դավաճանում էր Բերեզովսկուն տարբեր երիտասարդների հետ, որոնք բոլորը (այդ թվում մեր հայրենակից Աղաջանովը) սպանվել են, և սպանությունները չեն բացահայտվել: Ի վերջո, երբ Մարիանան դարձավ չափահաս, նրանց կապը կտրվեց, և Մարիանա Կոնովալովան հայտնվեց արտերկրում (որոշ մանրամասներ տես տեսանյութում` http://youtu.be/-qbYc2g7_bI): Սակայն սադոմազոխիզմի տարրերով հակումը մանկահասակ աղջիկների նկատմամբ նրա մոտ պահպանվեց ընդմիշտ: Դա տարավ դեպի սեքսի էքստրեմալ տեսակներ (զորօրինակ` 250 կմ/ժամ արագությամբ Լոնդոնով սլացող ավտոմեքենայի մեջ), ու ի վերջո հանգեցրեց դեպի ինքնաբավարարում ինքնախեղդման պայմաններում: Ու սեփական շարֆը սպանեց երբեմնի գերհզոր և գերազդեցիկ օլիգարխին 67 տարեկան հասակում, գարնանային օրահավասարից երկու օր անց, որն ապրեց որպես հրեշավոր սրիկա և մեռավ անհեթեթ ու ծիծաղելի…
«Ժամանակի մեքենան» վարեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Գարուն է…Նման է, որ Հայոց աշխարհում շատերն են գժվել: Գժվել է հասարակ մարդկանց մի մասը, գժվել են ընդդիմադիրները հրապարակներում, գժվել են նաև իշխանական միջանցքներում… Մի խելագար դանակով ներխուժում է ԱԺ տարածք, նրան կրակոցներով կանգնեցնում են շենքի աստիճանների մոտ` դա նշանակում է, որ ինչ-որ բան այն չի: Հակառակ պարագայում նա չէր կարողանա անցնել ԱԺ պարսպից: Ուրեմն` մթնոլորտում ինչ-որ խենթ էներգետիկա է տարածվել…
Այդ` օդում կախված խենթությունը կար 1990 թվականին, երբ մի երիտասարդ նռնակը ձեռքին ներխուժել էր Գերագույն խորհրդի նիստերի դահլիճ: Այն ժամանակ նրան կանգնեցրեց Բաբկեն Արարքցյանը և նռնակը սառնասրտորեն վերցրեց ձեռքից: Այդ խենթությունը կար 1999-ին, երբ Հունանյան եղբայրներն աննկատ զենք էին անցկացրել ԱԺ շենք, ու հետո այդ զենքը կրակեց: Այդ խենթությունը կար օդում 2008-ին, երբ հայտնվել էին գործարանային պայմաններում հատուկ պատրաստված ձողեր հատուկ փողոցային մարտերի համար, սակայն իրավապահները դրանցով բարձած մեքենան հայտնաբերեցին միայն մարտի 1-ի առավոտյան՝ ողբերգությունից ժամեր առաջ… Եվ հիմա էլ դանակավոր երիտասարդի պահը:
Այն, որ Րաֆֆին ընդունակ չեղավ ոչ հեղափոխական ալիք բարձրացնել, ոչ էլ գլխանց գնալ իշխանության հետ ողջամիտ փոխհամաձայնության, արդեն պարզ է: Ու հացադուլի նստելու իռացիոնալ քայլը` «միայն իմ դիակի վրայով» բանաձևով հանդերձ հուշում էին վերջնական պարտության հեռանկարը: Բոլորը տեսան, որ նա թույլ է որպես ընդդիմադիր առաջնորդ, և այդ պատճառով և ԲՀԿ-ն, և ՀԱԿ-ը, և անգամ ՀՅԴ-ն գերադասեցին առանձին-առանձին գնալ Երևանի ավագանու ընտրություններին և չմտնել «Բարև, Երևան» դաշինքի մեջ: Նույնիսկ առանձին գնալու պարագայում Րաֆֆին թույլ տվեց հաջորդ սխալը` չգլխավորեց «Բարև, Երևան»-ի ցուցակը, համարելով, որ «ընտրված նախագահին» դա վայել չէ: Բայց Լևոնն էլ ինքն իրեն համարում էր «ընտրված նախագահ», սակայն այնուամենայնիվ 2009-ի մայրաքաղաքային ընտրություններին գլխավորեց ՀԱԿ ցուցակը: Ի դեպ, նույն Րաֆֆու սխալը կրկնեց և ԲՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է ոչ թե Գագիկ Ծառուկյանը, այլ Երևանի համար ամբողջովին խորթ Վարդան Օսկանյանը… ԲՀԿ-ում էլ են գժվել, դեպի ստույգ փոխքաղաքապետությունը տանող ճանապարհի փոխարեն ընտրել են ինչ-որ գունավոր հեղափոխական խաղեր` Օսկանյանով հանդերձ, և արդյունքում ոչինչ, բացի ՀՀԿ-ի հարվածներից, չեն շահելու: Բայց դա արդեն առանձին թեմա է:
Վերադառնանք մեր չհաջողված հեղափոխականներին:
«ԲաRevolution»-ի առաջնորդը գլխանց դրսևորեց չիմացություն` թե ինչ անել և ինչպես շարունակել: Սերժ Սարգսյանի հետ նրա հանդիպման մանրամասները բացահայտեցին այդ իրողությունը, և երբ երկրի նախագահը պատմեց այդ մանրամասները, դա չէր կարող չհիասթափեցնել մարդկանց: Բոլորը տեսան Րաֆֆու քաղաքական ինֆանտիլիզմը: Ու Սերժ Սարգսյանի գրավոր առաջարկության վրա «իքս» քաշելը և հետ ուղարկելը հասուն գործչին չսազող տղայական քայլ է:
Բայց պարզվում է, իշխանության մեջ էլ տղայականությամբ առաջնորդվողների պակաս չկա: Օրինակ, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ենթադրում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 22-ի առաջարկությունների վրա Սերժ Սարգսյանը նույնպես «իքս» կքաշի և հետ կուղարկի… Մարզպետը, որը երկրի նախագահից ակնկալում է այդպիսի տղայամտություն, թերևս արժանի չէ մարզպետ մնալուն: Նույնիսկ համընդհանուր ատելություն «վայելող» Լիսկայի պատասխանն էր ավելի ողջամիտ: Դե պարզ է, որ Րաֆֆու առաջարկները մերժվելու են, սակայն մերժումը լինելու է կիրթ լեզվով: Եթե նույնիսկ Ռուբեն Հախվերդյանին Սերժ Սարգսյանը տվել է այդքան կիրթ պատասխան, ապա Րաֆֆուն` առավել ևս…
Սակայն ըստ էության ի՞նչ էր Րաֆֆի Հովհաննիսյանի մարտի 22-ի առաջարկությունը: Բառացիորեն դա նշանակում է հետևյալը` այսուհետ կճանաչեմ, որ նախագահական ընտրությունները կեղծված չեն, եթե ինձ տաս 8 համապետական ոլորտ և 5 մարզպետական պաշտոն: Քաղաքական սկզբունքայնությունից քարը քարին չմնաց, այդպիսի հրապարակային առևտուրը հաստատ կվանի ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիներին: Համ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը չուներ 13 գործունակ թիմակից, որ գոնե 13 ընտրատեղամասերից կեղծիքի ստույգ ապացույց բերի, հիմա ո՞ւմ պիտի նշանակի այդ 13 պաշտոններին, եթե հանկարծ իշխանությունն ընդառաջի… Երևի ինքն էլ գիտեր, որ չեն ընդառաջի:
Սերժ Սարգսյանի այն առաջարկը, որ Րաֆֆին գլխավորի սահմանադրական փոփոխությունների խորհուրդը, իսկը նրա «հագով» էր, բայց արհամարհանքով մերժվեց… մինչդեռ հենց այդպիսի գործառույթ ստանձնելը բոլորովին չէր վնասի նրա ընդդիմադիր վարկանիշին: Բայց գնացքը գնաց, ու ՀՀԿ-ի հաստիքային կանխատեսող Գալուստ Սահակյանն արձանագրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկություններն ուշացած են:
Համ էլ այսպիսի հարց կա. ինչպե՞ս նա պիտի իր ասածի տակից դուրս գա ապրիլի 9-ին, երբ գալու է Սերժ Սարգսյանի երդմնակալության պահը: Թերևս իրավացի էր Արման Մելիքյանը, երբ պնդում էր, որ միայն իշխանությունը կարող է փրկել Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքը: Սակայն դրա համար «Ժառանգության» առաջնորդը գոնե դեմք փրկելու տեղ պիտի թողնի: Այդպես կլինի, եթե նա նոր իռացիոնալ քայլեր չանի, և գոնե մինչև մայիսի 5-ը հրապարակային երկխոսություն ընթանա: Այդ դեպքում միգուցե «Բարև, Երևան» դաշինքը առաջ ընկնի ԲՀԿ-ից և մայրաքաղաքային ընտրություններում վերցնի երկրորդ տեղը…
Բայց ավաղ, այդ գործիչը միշտ էլ հակված է եղել իռացիոնալ քայլերի: Կա մարդկային տեսակ, որ ինքն իրեն անհաջողակ է համարում, և ժամանակ առ ժամանակ արտառոց բաներ է անում ինքնահաստատման համար, և անգամ երբ իրական հաջողությունը որպես նվեր ստանում է ճակատագրից, այն չի կարողանում զարգացնել և մեկընդմիշտ ջնջել սեփական ներաշխարհից անհաջողակի խարանը:
Ինչևէ, հուսանք, որ «գարնանային սրացումները» տևական ու չարորակ բնույթ չեն ստանա: Որ նորանոր խելապակասներ չեն գրոհի պետական շենքերի վրա, իշխանական համակարգի մարդկանցից ու ընդդիմադիր հարթակներից «գժական» բաներ չեն հնչի: Որ, խոշոր հաշվով, ամեն ոք կզբաղվի իր գործով, որն իր մոտ լավ է ստացվում:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Չէ, էդ Բարաք Օբաման հեչ մարդ չի… Բա դա անելու բա՞ն էր… Բա Քենիայի հեռավոր գավառում ծնվա՞ծը պիտի մեր երկրի իշխանությանը շնորհավորի, դրա՞ն ենք արժանի… Ինչևէ, կատակը` կատակ, բայց սևամորթ նախագահի կողմից Սերժ Սարգսյանին շնորհավորելը մի տեսակ սևերես վիճակներ է ստեղծում Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Քանզի ստացվում է, որ Սպիտակ տան սև տերը չի հավատում, որ «ԲաRevolution»-ն ի վիճակի է հաղթել: Առնվազն չի հավատում, որ կարող է հաղթել արագ:
Իսկ ԱՄՆ-ի ակնկալիքները Հայաստանից, դատելով Օբամայի ուղերձից, գտնվում են արտաքին-քաղաքական հարթությունում, և ըստ էության պարունակում են ներդրումների խոստում` որոշակի արտաքին-քաղաքական ուղեգծի դիմաց. «Մենք մեծապես հանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը եւ ակնկալում ենք, որ Դուք Ձեր առաջնորդությամբ առաջ կտանեք ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը, ինչը հնարավորություններ կընձեռի թե՛ Հայաստանի ժողովուրդի եւ թե՛ամերիկացիների համար, որոնք ակնկալում են ներդրում ունենալ նշանակալի ներուժ ունեցող արժեքավոր գործընկերոջ երկրում: Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատեւ խաղաղություն եւ անվտանգություն: Ցանկանում ենք նաեւ շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Ձեր վերընտրվելը հնարավորություններ է ընձեռում մեր երկու երկրների հարաբերություններն առաջ մղելու համար եւ Ձեր ժառանգության ստեղծմանը` որպես առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները եւ առաջ տանում խաղաղության գործը ձեր ազգի եւ ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար: Վստահ եղեք, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի մշտական բարեկամ եւ գործընկեր, ձեր կողքին է այս վեհ նպատակներին հասնելու գործում»:
Այսինքն` ԱՄՆ-ում կարծես թե այլևս ոչ իրատեսական են համարում հեղափոխական ճանապարհով Հայաստանում ցանկալի վարչակարգ հաստատելը ու գերադասում են աշխատել իշխանության հետ: Իսկ «բարևականներին» ոչ մի վառ հեռանկար չի սպասվում: Պարզ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը ոչ ոք չի պատրաստվում կատարել, առավելևս ոչ ոք չի վերանայի նախագահական ընտրությունների արդյունքները, ու խոշոր հաշվով նշանակություն չունի Րաֆֆու` սահմանադրական դատարան դիմելը, եթե իհարկե հանկարծ վերջին պահին չփոշմանի: Թեև որոշ ընդդիմադիրներ շրջանակներ Րաֆֆուն զորակցելը պայմանավորում էին ՍԴ դիմելով, բայց դա ավելի շուտ նման է ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու փորձերին, քանզի եթե Րաֆֆի Հովհաննիսյանը խաղա անհաշտ ընդդիմության դաշտում, իր հետևորդներին բավականին արագ կհիասթափեցնի ճիշտ այնպես, ինչպես եղավ ՀԱԿ-ի պարագայում: Նույն` կուսակցության վերափոխված ՀԱԿ-ին ձեռնտու է, որպեսզի բողոքավոր զանգվածները հիասթափվեն «Ժառանգության» առաջնորդից, և իրենք տիրանան այդ զանգվածին:
Դա հասկանալով հանդերձ է, որ Րաֆֆին փչացրեց ՀԱԿ-ի ամենասիրելի տոնը` մարտի 1-ը, երբ անցկացվում էին ավանդական հանրահավաք ու երթ` 10 զոհերին դրոշ և քաղաքական կապիտալ դարձնելով: Րաֆֆին հայտ տվեց հանրահավաքի ու երթի, Երևանի քաղաքապետարանը հաճույքով այդ հայտն ընդունեց, սակայն հանրահավաքի փոխարեն նա անցկացրեց բացօթյա ասուլիս, իսկ երթի փոխարեն բավարարվեց պարզ մոմավառությամբ: Դրանով նա «մանթրաժի» մատնեց ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին, փաստորեն լիկվիդացնելով մարտիմեկյան բողոքի ակցիաների ավանդույթը:
Իսկ այդ ասուլիսին առաջին անգամ հնչեց, որ «բարևականները մասնակցելու են Երևանի ավագանու մայիսյան ընտրություններին, ինչպես նաև` ՏԻՄ ընտրություններին ամենուրեք, ուր Սերժ Սարգսյանի ցուցանիշները չապահոված համայնքապետերը հրաժարական են ներկայացնում: Եվ հաջորդ օրվա հանրահավաքին հնչեցրած այն միտքը, որ Սերժ Սարգսյանը ամսի 5-ին պետք է ներկայանա Ազատության հրապարակ և ներկայացնի իր հրաժարականը, ավելի շուտ ուղղված է զանգվածները հրապարակում պահելու նպատակին, քան իրական հեղափոխական քայլերին:
Ի դեպ, այդ հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրեց մի բան, որը դեռ կօգտագործվի նրա դեմ. «Սիրելի հայրենակիցներ, այս պահը հսկա, աննխադեպ պատասխանատվության, պատմություն կերտող պահ է հայ ժողովրդի համար և բոլորը պարզ գիտակցում են՝ Հայաստանը, հայ ժողովուրդը, մեր առաքելությունը շախմատի խաղ չէ, թող ոչ մեկը հայ ժողովրդին, Հայաստանը չշփոթի որևէ խաղի հետ: Մեր դեմ խաղ չկա»: Հաստատ գալու է պահը, երբ կստեղծվեն տեսանյութեր, ուր կողք-կողքի երևալու են «Մեր դեմ խաղ չկա» ասող Րաֆֆին ու Վանոն… Բնականաբար, կողք-կողքի կերևան նաև կադրերը, թե ինչպես Ռուբեն Հախվերդյանը խոսում է «Ադրբեջանի հեռավոր գավառից» եկած նախագահի մասին, իսկ Րաֆֆին ասում է, թե Հախվերդյանն իրավունք ուներ այդպիսի բան հնչեցնելու: Իսկ եթե հավելենք նաև գորիսյան այն կադրերի հակաքարոզչական լիցքը, ուր Րաֆֆին վերցնում է հատակի շորը և սրբում հատակը… Չնայած հաստատ «Ժառանգության» առաջնորդը դեռ կհասցնի նորանոր «կիկսեր» թողնել:
Սակայն վերադառնանք Երևանի ավագանու ընտրություններին: Այն, որ ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Տարոն Մարգարյանը, ապահովելու է ՀՀԿ-ի անվիճելի առաջատարությունը: Դա փաստ է, և պատահական չէ, որ անհապաղ սկսվել է Տարոն Մարգարյանի վարկաբեկման կամպանիան: Եվ հարց է ծագում, թե ո՞ւմ համար է փորձ արվում դաշտ մաքրել: Երկու անուն կա հրապարակում` Սեդրակ Քոչարյան և Րաֆֆի Հովհաննիսյան: Երկուսն էլ երևանցի չեն (իսկ մայրաքաղաքային ընտրություններում դա կարևոր է), գումարած դրան Սեդրակ Քոչարյանին անխուսափելիորեն հետապնդում է Ռոբերտ Քոչարյանի բացասական իմիջի ստվերը: Հենց այդ ենթատեքստում պետք է դիտարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը ԲՀԿ-ի հետ:
Հանդիպմանը բացի Գագիկ Ծառուկյանից ներկա էին Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը` այսինքն նրանք, ովքեր միաժամանակ ներկայացնում են և Քոչարյանի, և Արևմուտքի շահերը: Ու այդտեղ չպետք է բացառել, որ փորձ է արվելու համատեղ ուժերով Րաֆֆուն Երևանի քաղաքապետ դարձնել: Միգուցե ԲՀԿ-«Ժառանգություն» — ՀՅԴ ալյանսով լինի մասնակցություն ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ այլ ՏԻՄ ընտրությունների: Միգուցե փորձվի այն տարբերակը, որ ԲՀԿ-ն առանձին կամ ՄԱԿ-ի հետ մասնակցի ընտրություններին, իսկ Րաֆֆին մասնակցի` դաշնակցելով ՀՅԴ-ի, Ժիրայր Սէֆիլյանի «Սարդարապատի» ու տարատեսակ «քաղաքացիական» նախաձեռնությունների հետ, և հետո, եթե հանկարծ ՀՀԿ-ն 50 տոկոսից քիչ ստանա, կամ Րաֆֆուն, կամ ԲՀԿ-ի թեկնածուին (միգուցե հենց Սեդրակ Քոչարյանին) դարձնեն քաղաքապետ:
Առաջին տարբերակը նվազ հավանական է, քանզի այդ դեպքում ԲՀԿ-ին շարքից կհանեն ճիշտ այն տեխնոլոգիայով, ինչ նախագահական ընտրություններից առաջ: Երկրորդի պարագայում, եթե հիմիկվանից պայմանավորվել են, ՀՀԿ-ն ջանքեր կգործադրի այդ պայմանավորվածությունը վիժեցնելու:
Համենայնդեպս փաստ է, որ հենց Րաֆֆի — ԲՀԿ հանդիպումից հետո «բարևականները» կոշտացրին իրենց քարոզչությունն ընդդեմ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի: Ու ըստ ամենայնի, ժամանակի ընթացքում դրա սուր ծայրը կուղղվի նաև ընդդեմ Տարոն Մարգարյանի:
«ԲաRevolution»-ը ի զորու չեղավ գրավել նախագահական նստավայրը, հիմա թերևս փորձի գրավել մայրաքաղաքի քաղաքապետարանը: Իսկ ընդդիմադիր քաղաքապետով Երևանը կարող է արդեն ՀՀԿ-ի համար լուրջ պրոբլեմ դառնալ 2017-ի և 2018-ի ընտրություններին: Ինչը միանգամայն ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին, սակայն բոլորովին պետք չէ Սերժ Սարգսյանին: Իսկ թե ինչու ՀՀ նախագահի մերձավորագույն կադրերից մեկն այժմ իր ռեսուրսներով աշխատում է «ԲաRevolution»-ի օգտին, դա առանձին հարց է:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Պատմությունը կրկնվում է: Ընտրությունից ընտրություն: Գլխավոր ընդդիմադիրը չի ճանաչում պաշտոնական արդյունքները, ինքն իրեն հռչակում է ընտրված նախագահ և ժողովրդին դուրս է բերում փողոց: Բայց ամեն անգամ կան առանձնահատկություններ` պայմանավորված ինչպես ընդդիմադիր առաջնորդի, այնպես էլ գործող նախագահի անձնական և թիմային որակներով:
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի «Բարևի հեղափոխությանն» անցնելը, կատարենք նախորդ դեպքերի համառոտ նկարագրություն:
1996, Վազգեն Մանուկյան: Թիմը շատ ուժեղ է և փորձառու, ընտրատեղամասերի մեծամասնությունից կան ստորագրված և կնքված արձանագրությունների պատճեններ, որոնք ապացուցում են առնվազն երկրորդ փուլի հնարավորությունը: Ուժային ճնշում, ոչ համոզիչ որոշում Սահմանադրական դատարանում: 1,5 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տալիս 1996-ին իրեն փրկած ուժայինների պահանջով:
1998, Կարեն Դեմիրճյան: Երկու փուլանոց ընտրություններից հետո նա խուսափում է կոշտ առճակատումից, ուժեղացնում է ՀԺԿ կուսակցությունը, և 1999-ին Վազգեն Սարգսյանի հետ դաշինք կազմելով, հաղթում է ԱԺ ընտրություններում: Եղածներից թերևս ամենաարդյունավետ տարբերակն էր, որը միաժամանակ նաև երկիրը զերծ էր պահում ցնցումներից: Ցնցում երազողները սարքեցին «հոկտեմբեր 27»:
2003, Ստեփան Դեմիրճյան: Գլխանց պարզ էր, որ ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է: Առաջին փուլում ընդդիմությունը բավականին կոշտ վերահսկում էր ընտրատեղամասերը, սակայն Ռոբերտ Քոչարյանի թիմն ամեն ինչ արեց, որ առավելություն ստանա թույլ առաջնորդն, ի դեմս Ստեփան Դեմիրճյանի: Դեմիրճյանը հաճույքով կերավ խայծը ու բարեհաջող ջախջախվեց երկրորդ փուլում: Սահմանադրական դատարանը ընդունեց որոշում 1 տարի հետո վստահության հանրաքվե անցկացնել, սակայն Ռոբերտ Քոչարյանն այդ որոշումով բարեհաջող սրբեց իր համապատասխան մարմնամասը և 2004-ին ճնշեց ընդդիմադիր բողոքները: Մինչև 2007-ի ԱԺ ընտրությունները ՀԺԿ-ի հնարավորությունները լրիվ փոշիացան…
2008, Լևոն Տեր-Պետրոսյան: ՀՀ առաջին նախագահը լուծում է ընդամենը ձայներով երկրորդը լինելու խնդիրը, առանձնապես հոգ չտանելով տեղամասերում հսկողություն ապահովելու մասին: Ամբողջ ներուժը օգտագործում է դասական փողոցային «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու համար: Հետընտրական հանրահավաքներն աչքի են զարնում անհանդուրժողականության և ագրեսիայի շատ բարձր աստիճանով: Նա փայլուն կերպով օգտագործում է այդ բոլոր տեխնոլոգիաները, սակայն Ռոբերտ Քոչարյանն ամենայն դաժանությամբ ուժով ճնշում է հեղափոխական շարժումը, Սերժ Սարգսյանին որպես ժառանգություն թողնելով մարտիմեկյան արյունոտ դեպքերը:
2013, Րաֆֆի Հովհաննիսյան: ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի չմասնակցության պայմաններում որպես երկնքից ընկած նվեր ստանում է 37 տոկոս քվե:
Այդպիսի արդյունքին պատրաստ չէր ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը, ոչ էլ հանրությունը: Սակայն շատ էլ լավ պատրաստ էր իշխանությունը: Գելլափի հարցման արդյունքները Րաֆֆի Հովհաննիսյանին խոստանում էին 32 տոկոս, սակայն ընդդիմությունը դա բանի տեղ չդրեց: Բանի տեղ դրեցին միայն հակաիշխանական տրամադրություններ ունեցող ընտրողները, և արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ նաև ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ՀՅԴ-ի քվեների առյուծի բաժինը: Ո՛չ ընտրողները, ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը չէին սպասում, որ չնայած իշխանությունը կիրառելու է ավանդական գրեթե բոլոր լծակների կիրառումը, սակայն այնքան խորն է մարդկանց հիասթափությունը, որ միևնույնն է Րաֆֆու ձայները գերակշռելու են: Իրենք` ընտրողները, մեծամասամբ ձայն էին տալիս Րաֆֆուն ոչ թե նրան ՀՀ նախագահ դարձնելու, այլ իշխանության դեմ բողոքելու համար, այդ պատճառով պատրաստ չէին գալ հրապարակ ու հեղափոխական պայքար վարել իրենց ընտրյալին նախագահի աթոռին հասցնելու նպատակով: Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն էլ չգիտեր` ինչ աներ իր նվեր ստացած հաջողության հետ, այդ պատճառով դեռ գիշերվանից սկսած ընկավ իրար հակասող շարժումների մեջ:
Շփոթությունն ավելացավ նաև այն պատճառով, որ հրապարակ եկածներին իշխանությունը չպատասխանեց հաթաթաներով ու ոստիկանական ճնշումներով: Սերժ Սարգսյանն էլ չդրսևորեց իր «իրավանախորդ» Ռոբերտ Քոչարյանին բնորոշ արհամարհանքը, և տեղի ունեցավ մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ բան` վերընտրված նախագահը հանդիպեց ընտրությունների արդյունքները չճանաչած իր գլխավոր մրցակցին: Ու հենց այդ պահը կարելի էր համարել այն պահը, որ հեղափոխությունը չծնված` մահացավ… Ու արդեն Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ-ի միանալը ոչինչ չէր կարող փոխել…
Սակայն իներցիայով հրապարակներում ու «Ֆեյսբուքում» հնչում է իշխանափոխության կոչը և շրջանառվում է «հեղափոխություն» բառը: Սկզբում «Ժառանգությունը» ստանդարտ «գունավոր» made in USA անուն վերցրեց:
Իսկ հետո Բաղրամյան 26-ին մոտ կանգնած քաղտեխնոլոգները շրջանառության մեջ նետեցին «Բարևի հեղափոխություն» և «ԲաRevolution» անունները, որոնք բոլորին ձեռքով բարևող Րաֆֆին ու նրա թիմն ընդունեցին խանդավառ կերպով: Իսկ, ինչպես հայտնի է, ինչ անուն դնես «նորածնին», այնպիսին էլ կլինի նրա « ճակատագիը»: «Բարևի հեղափոխություն» հասկացությունը չի պարունակում առճակատման, անհանդուրժողականության կոդեր, ու «ԲաRevolution» անողների համար դա արդեն գրեթե անհաղթահարելի հոգեբանական արգելք է` իշխանությանն ասել «ռադ եղիր»: Այսինք`
«ԲաRevolution»-ից կարող է ստացվել ամեն ինչ, բացի հեղափոխությունից… Ու հենց «բարև»-ի, այլ ոչ թե «ռադ»-ի տրամաբանությունը հանգեցրեց նրան, որ Րաֆֆին անպատրաստ եղավ անելու շուրօրյա հարաճուն հանրահավաքներ, և այս վերջին անգամ չարեց գեթ մեկ չարտոնված հանրահավաք Ազատության հրապարակում:
Անշուշտ, Րաֆֆու մարտավարությունում` շրջել մարզերով և հանդիպել իրեն քվե տվողների հետ, ինչպես նաև պարբերաբար գալ Ազատության հրապարակ, ոչ մի վատ բան չկա: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն անխոհեմորեն չտար իշխանությունը վերցնելու խոստում, որի տակից հիմա չի կարողանում դուրս գալ, ապա շատ հանգիստ կարող էր նյութականացնել իր 37 տոկոսը` տեղերում հիմնադրելով «Ժառանգության» հզոր կուսակցական կառույցներ: Մարդիկ լավ էլ կարձագանքեին ու հավեսով կանդամագրվեին այդպիսի խոստումնալից կուսակցությանը, բայց… իշխանափոխություն խոստացած մարդու պարագայում այդ գնացքն արդեն գնացած է:
Հիշենք ՀԱԿ-ի ճակատագիրը` իշխանափոխության չկատարված խոստումը հանգեցրեց նրան, որ 2012-ի ԱԺ ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանի քվեները դարձան Ծառուկյանի առյուծների բաժին…
Սակայն ծերուկը դասեր է քաղել: Նա մեկ օրում ՀՀՇ կուսակցությունն անվանափոխեց ՀԱԿ կուսակցության, ընդմիշտ արգելեց օգտագործել ՀՀՇ-ի անունը, և անցավ իր «որսին» սպասելու: Պատահական չէ, որ նա չի շտապում միանալ Րաֆֆու «ԲաRevolution»-ին և արտահայտում է զուսպ թերահավատություն: Նա սպասում է այն պահին, երբ Րաֆֆին վերջնականապես կձախողվի, որպեսզի տեր կանգնի նրա հետևից գնացող զանգվածին, որն էլ ինչ-որ պահի խանդավառորեն կլքի «բարև» ասող առաջնորդին ու կմիանա «ռադ» ասող և «կազմաքանդող» ծեր աղվեսին:
Մինչդեռ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե բողոքավոր զանգվածն ուղղորդվեր դեպի իշխանություն, նրանից ու Սերժ Սարգսյանից կոշտ ու հիմնավորապես պահանջելու այն ամենն ինչ հարկավոր է երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Պետք է լինի պահանջատեր ու չնահանջի մինչև չլուծվեն բոլոր խնդիրները: Նոր ձևավորվող քաղաքացիական հասարակությունը պետք է տեր կանգնի իր երկրին ու չընկրկի և միայն այդ ձևով կարելի է առաջընթաց գրանցել:
Մինչև 2015-16 թվականները ժողովրդի հիշողությունից արդեն ջնջված է լինելու շատ ու շատ բաներ, նաև ՀՀՇ անունը, որից զզվում էր դեռ Վանոն ու այժմ զզվում է Լևոնը:
Ժողովուրդը երեխայի պես շատ արագ մոռանում է վատը, բայց երկար հիշում է լավը:
Ինչևէ, տուրք տալով նոր քաղաքական շնչին, ասենք` «բարև»: Բարև, երկիր: Բարև, ընթերցող:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այժմ ըստ Ընտրական օրենսգրքի, Հայաստանում լռության օր է: Օրվա ընթացքում նախագահի թեկնածուներին, նրանց կողմնակիցներին, ինչպես նաև հասարակական-քաղաքական գործիչներին, լրատվամիջոցներին և այլն արգելվում է քարոզչություն իրականացնել, ներքաղաքական իրավիճակին վերաբերող քարոզչական և հակաքարոզչական նյութեր հրապարակել: Բնականաբար, այս վերջին նախընտրական նյութում ամբողջովին կպահպանենք օրենքի պահանջը, բայց` ըստ էության, չհասցնելով փարիսեցիության: Բայց, անշուշտ, չենք կարող դիմանալ գայթակղությանը, ուստի ցուցադրում ենք նաև «Ֆեյսբուքում» պեղած նկարը, ուր վիրտուալ «միասնական թեկնածուի» դեմքը սինթեզած է ռեալ թեկնածուների դիմագծերից, իսկ նրա կարգախոսը ռեալ թեկնածուների կարգախոսներից կազմված նախադասություն է:
Ինչևէ, անենք նաև կանխատեսում. Ընտրությունն ավարտվելու է մեկ փուլով, թեկնածուներից չորսը հատելու են 5 տոկոսի սահմանը, հետընտրական զանգվածային հուզումներ չեն լինելու, էական խախտումներ չեն հայտնաբերվելու, իսկ ով է հաղթողը և ով` երկրորդ տեղը զբաղեցնողը, ընթերցողը մեզանից ոչ պակաս լավ գիտի… Կա կուրիոզ` ընտրությունները բոյկոտող և ինքն իրեն քվե չտվող թեկնածուների տեսքով` ի դեմս Արման Մելիքյանի և Անդրեաս Ղուկասյանի, ովքեր ընտրությունները գլխանց և ամբողջովին կեղծված են հռչակում: Բոյկոտին միանում է և Ռոբերտ Քոչարյանը` իր կյանքում առաջին անգամ նա չի գալու ընտրատեղամաս: Միգուցե նրա օրինակին հետևի և Լևոն Տեր-Պետրոսյանը:
Իսկ այժմ նախընտրական պատկերը ներկայացնենք ցիտատներով` թեկնածուների և քաղաքագետների երևկվա խոսքից:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «Ես շատ ուրախ եմ, որ այս քարոզարշավի ընթացքում հաղթում է մեր Սահմանադրությունը: Եվ ես սրա մասին կարող եմ միայն հպարտությամբ խոսել: Այո, այսօր Հայաստանում տեղի է ունենում հեղափոխություն’ Սահմանադրական հեղափոխություն: Դա Րաֆֆի Հովհաննիսյանի գեղեցիկ քարոզարշավն է, լի հազարավոր ձեռքսեղմումներով: Ոմանք դրան սարկազմով են վերաբերում, բայց իրականությունն այն է, որ Րաֆֆին մշակույթ է փոխում մեր երկրում, նոր քաղաքական ավանդույթ է արմատավորում ու ապացուցում է, որ ընդդիմադիր լինել չի նշանակում շուրջ բոլորը ատելություն սերմանել: Հիշում ենք` Հրանտ Բագրատյանը ժողովրդին ղրղզական և թունիսական ճանապարհ էր առաջարկում: Այսօր ուշադրությամբ եմ հետևում նրա հարցազրույցներին և ուրախ եմ, որ իր պես պատգամավոր կա մեր ԱԺ-ում: Բազմաթիվ անգամ ասել եմ, որ եթե նույնիսկ համաձայն չենք ինչ-որ կարծիքի հետ, ապա իրավունք չունենք այն լռեցնել: Պետք է հնարավորություն տանք այն արտահայտելու, վիճենք դրա հետ և, եթե կարող ենք, հերքել այն»:
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն ուզում է Հայաստանը հետ տանել, սակայն ոչ մեկին, նույնիսկ Սարգսյանին, թույլ չեմ տա ժողովրդի վիճակը բարելավելու ցանկությունն «ավանտյուրա» անվանել: Ես կոչ եմ անում Սերժ Սարգսյանին, նրա նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, բոլոր մարզպետներին եւ քաղաքապետներին՝ դադարեցնել ընտրակաշառքի բաժանումը, քանի որ եթե խախտումներ, ընտրողներին վախեցնելու դեպքեր արձանագրվեն, ապա նրանք բոլորը պատժվելու են օրենքով: Պետք է դուրս շպրտվեն բոլոր նրանք, ովքեր խախտում են օրենքը, ովքեր ճնշում են գործադրում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ»:
ԱՆԴՐԵԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «Մենք ընտրություններից հետո կամփոփենք այս շրջանի գործողությունները եւ քաղաքացիական շարժման միջոցով քաղաքական նոր գործընթացի սկիզբ կդնենք Հայաստանում: Մենք համոզված ենք, որ Հայաստանում համընդհանուր քաղաքացիական անհնազանդության միջոցով քաղաքացիները հաղթանակ կտանեն քրեաօլիգարխիկ համակարգի դեմ եւ վերջնական ժողովրդավարություն կհաստատեն երկրում»:
Այսպիսով, ընտրության ակտիվ մասնակցողները իրար վերաբերվում են շատ կառուցողակա և չեն օգտագործում առճակատման բառապաշար, իսկ բոյկոտողները խոստանում են բարձրացնել քաղաքացիական անհնազանդության ալիք և իրականացնել հեղափոխություն: Դե, որ դեռևս նախընտրական փուլում կիսահեղափոխական վիճակի ստեղծմանը ձգտող ստվերային տիկնիկավարներ կային, բխում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի փաստից, որը կոչված էր նոր ընտրությունների նշանակմանը կամ առնվազն քվեարկության հետաձգմանը: Սակայն դա չստացվեց, ԱԱԾ-ն էլ, արագ հայտնաբերելով կատարողներին, անշուշտ, արդեն գիտի գործնականում ամեն ինչ, և եթե հետընտրական փուլում փորձ արվի լուրջ ֆինանսավորման օգնությամբ բարձրացնել ռեալ անհնազանդության ալիք, ապա կազմակերպիչների և պատվիրատուների անունները կհրապարակվեն նախատեսածից շուտ: Իսկ եթե ոչ` ապա դրանք կհրապարակվեն արդեն ավելի ուշ, Հայաստանի իշխանության վրա աշխարհաքաղաքական ճնշումները չեզոքացնելու նպատակով և ամենանպատակահարմար պահին… Հա, ինչ վերաբերում է բոյկոտողներին, ապա հարց է ծագում. արդյո՞ք բոյկոտողներից ամենազորեղը` Ռոբերտ Քոչարյանը, կփորձի իր ֆինանսներն ու լծակները ծառայեցնել «քաղաքացիական անհնազանդության ծավալման «սուրբ» գործին, որպեսզի գլուխ բերի, ինչպես կասեր իր ճամբարակից քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը, «հետաձգված հեղափոխությունը»: Հա, այժմ մեջբերենք նաև քաղաքագետների կարծիքները:
ՌԻՉԱՐԴ ԳԻՐԱԳՈՍՅԱՆ. «Մենք Հայաստանում ընդդիմության կրախի ականատես դարձանք։ Ոչ ԲՀԿ-ին, ոչ ՀՅԴ-ին, ոչ էլ ՀԱԿ-ին ես չեմ կարող ընդդիմություն համարել։ Նորմալ ժողովրդավարական երկրներում քաղաքական կուսակցությունները քաղաքական առաջնորդներ են «ծնում»։ Հայաստանում հակառակ իրավիճակն է. ուժեղ առաջնորդները կուսակցություններ են հիմնում»:
ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ. «Այն հանգամանքը, որ երկու խորհրդարանական կուսակցություններ ի սկզբանե չեն ճանաչել նախագահական ընտրությունների լեգիտիմությունը եւ չեն մասնակցել դրանց, տարօրինակ իրավիճակ է ստեղծում: Այդ տաօրինակ իրավիճակն էլ ավելի ակնհայտ դարձավ, երբ արդեն առաջադրված թեկնածուների մի մասը հայտարարեց, որ չի ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը»:
Սակայն չմասնակցածների կարծիքը, ինչպես ասում են, «գործին չես կարի», ուսիև մեջբերենք առավել կառուցողական կարծիքներ.
ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «Գաղտնիք չէ, որ երեք ուժեղ քաղաքական ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն հրաժարվեցին նախագահական ընտրություններին մասնակցելուց: Ակնհայտ էր, որ մնացած 7 թեկնածուները քաղաքական քիչ ռեսուրս ունեին: Այդուհանդերձ, քարոզարշավի ժամանակ բավականին ակտիվ աշխատեցին, առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանը ու նաեւ, ինչ-որ չափով, Հրանտ Բագրատյանը: Թե Սերժ Սարգսյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Հրանտ Բագրատյանը դասական մեթոդներով քարոզարշավ անցկացրեցին. հանդիպեցին ընտրողների հետ, բուկլետներ բաժանեցին, տեսահոլովակներ ներկայացրեցին, կարողացան ակտիվացնել բնակչությանը: Մենք լսեցինք բոլոր թեկնածուների դիրքորոշումները: Գոյություն ունի նկատելի տարբերություն Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերում` արտաքին քաղաքկանության առումով, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի եւ Հրանտ Բարգարտյանի ծրագրերում` ներքին քաղաքական հարցերում… Բոլոր հարցերը վերջնական պատասխան կստանան փետրվարի 18-ից հետո: Ես բողոքների կամ ակցիաների հնարավորություն չեմ նկատում, եթե փետրվարի 18 –ին ամեն ինչ նորմալ անցնի: Կարծում եմ, ով էլ լինի հաղթողը, ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխնության ներկայացուցիչները կընդունեն ընտրությունների արդյունքները»:
Եթե փետրվարի 18-ին ամեն ինչ նորմալ անցնի… Կարծում ենք` հենց այդպես էլ կլինի, զի ոստիկանությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով, բոլոր տեսակի «թեժ գծերը» գործելու են, դատախազությունն էլ հատուկ հերթապահություն է ապահովելու` ընտրակաշառքի մասին ահազանգերին տեղում ընթացք տալու համար: Դե ինչ, ևս երկու քաղաքագիտական կարծիք.
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎ. «Խոսքն այն մասին է, թե որքանով էր այս քարոզարշավը ծրագրերի մրցակցություն, եւ այդ քարոզարշավի ընթացքում ինչ ռազմավարություն օգտագործեց թեկնածուներից յուրաքանչյուրը: Հարցն այն էր, թե որքանով կարելի էր հետաքրքիր ծրագրեր կազմել, որպեսզի գրավեն ոչ միայն սեփական ընտրողին, այլեւ բոլոր նրանց, ովքեր մնացել էին առանց սեփական թեկնածուի… Թեկնածուների մի մասը կշնորհավորի հաղթողին՝ ճանաչելով ընտրությունների լեգիտիմությունը, մյուս մասը, այս կամ այն պատճառով, ձեռնպահ կմնա այդ քայլից»:
ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ↑ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «Ցավոք, ընտրական գործընթացների նախորդ փորձերը ցույց են տվել, որ հետընտրական փուլում իշխանությունների գլխավոր խնդիրը՝ երկփեղկված հասարակության տարբեր հատվածների միջև նոր կամուրջների կառուցումն էր դառնում: Այս փաստն ունի հազար և մեկ հիմնավորում: Բայց ամենակարևորն թերևս այն է, որ մրցող ուժերի միջև չկար քաղաքական պայքար: Միմյանց դեմ ուղղված մեղադրանքները, քննադատությունը, հակագովազդը և այլն ավելի շատ կրոնական, անգամ սակրալ ոլորտից էին, քան քաղաքական: Մարդիկ պայքարում էին ոչ թե գաղափարների, ծրագրերի, գործողությունների, այլ՝ չարի, խավարի, բռնապետի, սատանայի ու չգիտես, թե էլ ինչերի դեմ: Եվ, բնական է, որ նման պայքարի արդյունքում առաջացած հուզմունքները, մերժողականությունն ու ատելությունը դառնում էին ոչ միայն թշնամանքի, այլև հասարակության դեգրադացիայի պատճառ… Իրավիճակը փոխվեց 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն սկսած իշխանությունները բավական կարճ ժամանակահատվածում երկրում զարգացող գործընթացները բերեցին քաղաքական դաշտ՝ ընդդիմությանը զրկելով հարվածող ուժից՝ Ազատության հրապարակում հավաքվող քաղաքացիներից: Ահա, թե երբ ամեն ինչ սկսեց ընթանալ այլ տրամաբանությամբ: Ահա թե երբ դրվեց ներկայիս քաղաքակիրթ քարոզարշավի հիմքը… Եվ գիտեք ի՞նչն է ամենահետաքրքիրը: Այն, որ գրեթե բոլորը պատրաստ են համագործակցել միմյանց հետ, փոխառել մրցակցի լավագույն փորձը, անսալ նրա խորհուրդներին և այլն»:
Դե ինչ, ամփոփելով` կարող ենք ասել, որ «ավազակապետության կազմաքանդման», միտինգային ճնշման, հեղափոխությունների և զանգվածային անկարգությունների ժամանակները մեր երկրում անցել են: Ունեցել ենք ՀՀ պատմության ամենակիրթ քարոզարշավը, ուր մերժողականությունը դուրս էր մղվել լուսանցք: Հուսով ենք` դա մեկընդմիշտ է, և ցնցումներ երազողներին կարող ենք պատասխանել Արթուր Մեսչյանի երգի խոսքով. «Դե՛, կոճկեք ձեր բերանները, դե՛ կանգնեք բոլորդ զգաստ»: Մոտեցել է պարզապես ապրելու ժամանակը… Հայի ժամանակը, ընդ որում` մյուս հային չուտող և տակը չփորող հայի ժամանակը:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Փետրվարի 9-ը մերկապարի միջազգային օրն է: Լավ էլ կատարվել է օրվա ընտրությունը` այդ «ազիզ» օրով ականատես եղանք քաղաքական մերկապարի աննախադեպ դրսևորումների: Գլխավոր հերոսներն են Անդրեաս Ղուկասյանը և Պարույր Հայրիկյանը:
Հացադուլավոր թեկնածուն բոլորի նյարդերը կերավ՝ սեփական առողջությունն ու կյանքը հրապարակավ խաղալիք դարձնելով:
Դա սկսվեց այն բանից հետո, երբ խելոք մարդիկ բացատրեցին, որ Անդրեասը չի կարող դիմել Սահմանադրական դատարան քարոզարշավի անհաղթահարելի խոչնդոտի (սեփական առողջական վիճակի) պատճառով ընտրությունները 14 օրով հետաձգելու, քանի որ համաձայն Սահմանադրական դատարանի մասին օրենքի, դա հնարավոր է, եթե խոչընդոտն առաջացել է թեկնածուի կամքից անկախ, իսկ Անդրեասի առողջական վիճակի փոփոխությունները պայմանավորված են միանգամայն իր սեփական կամքով հացադուլ անելով: Ու հիմա գործնականում նրա ոչ թե առողջությունը, այլ կյանքն է դարձել քաղաքական խաղագումար…
Եվ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի առաջարկությանը` հացադուլի հույժ վտանգավոր երկրորդ 20-օրյակը մտնելու կապակցությամբ հետազոտվելու իր ընտրած բուժհիմնարկում, թեկնածուն պատասխանեց «կհետազոտվեմ-չեմ հետազոտվի» հրապարակային խաղով, օրվա ընթացքում բազմիցս փոխելով սեփական որոշումը:
Փաստորեն թեկնածուն, իմանալով, որ իրեն կարող են բռնի հոսպիտալացնել միայն գիտակցությունը կորցնելու դեպքում, մազից է կախում սեփական կյանքը, հետևաբար` նաև նախագահական ընտրությունների ճակատագիրը: Քանզի թեկնածուի մահվան դեպքում նշանակվում են նոր ընտրություններ` 40 օր անց… Հայրիկյանի դեմ մահափորձով այդ արդյունքը չստացվեց, բայց հիմա Ղուկասյանի կամոք հարցը վերածվեց «ռուսական ռուլետկայի» ամբողջ երկրի համար: Ու այդ լարվածությունը տևելու է դեռ 9 օր…
Պարույր Հայրիկյանն էլ սկսեց խաղալ «Սահմանադրական դատարան կդիմեմ-չեմ դիմի» խաղը: Ու կրկին` բոլորի աչքի առաջ, առանց քաշվելու ու ամաչելու, բոլորի հետ` և՛ իշխանության, և՛ ընդդիմության: Դե պարզ է իշխանությանն ուղղված մեսիջը` «ի՞նչ կտաք ինձ չդիմելու համար»: Իսկ ընդդիմությանն ուղղված հարցադրումը փոքր-ինչ այլ է:
Նրա` գիշերով «Ֆեյսբուքում» հրապարակված և Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին ուղղված բաց նամակը տիպիկ «բազարային» առաջարկություն է. « Մամուլից տեղեկացա, որ միասնական թիմի ցանկություն է եղել… և չի իրականացել: Այդ ուղղությամբ իմ զանգերն էլ անարձագանք էին մնում: Եվ Րաֆֆի Հ.-ն էր շատ զբաղված և Հրանտ Բ.-ը: Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ ՍՍ-ն ուներ 43-45%, իսկ ՊՀ-ն, ՀԲ-ն և ՐՀ-ն` 5-35%: Եռյակի միասնաբար հանդես գալու դեպքում ՍՍ-ն ունենում էր 30%, իսկ եռյակը` 67-69% (սա քվեարկողների` ընտրության մասնակցողների թվում): Ուզում էի առաջարկել ծանոթանալ այս թվերին և նույնիսկ միասնական ուժերով ստուգել այս հրաշքը: Բայց սիրելի գործընկերներս միասնաբար հաղթանակի ձգտելու փոխարեն մտածում էին ինչպես բարձրացնել իրենց պարտության տոկոսները: Եվ արդեն ասում են` ուշ է:
Իրականում, եթե ես ընտրությունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող ենք մեկ միասնական թեկնածու առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը և 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին: Եվ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թե 70%, այլ` 80% էլ կդառնա:
Սիրելի Րաֆֆի և Հրանտ, կամ մենք իրար հետ կհասնենք արդյունքի կամ կպարտվենք առանձին-առանձին:
Հիմա Ձեզ հրապարակավ եմ դիմում և Ձեզ ձայն տալու տրամադրված մարդիկ էլ թող իմանան, թե պարզունակ հավակնությունների պատճառով ձեր ծրագրերն իրականացնելու ինչ հնարավորությունից եք դուք զրկվում: Սա ձեզ ասում է 96թ. միասնական թեկնածուի ճարտարապետը:
ժողովուրդ, մենք ընդամենը 30 Ժամ ունենք ու ոտքի ելեք ու ոտքի հանեք ձեր բոլոր հնարավորութեունները: ՐՀ-ին և ՀԲ-ին բացատրեք, որ սա մեր բոլորի հաջողության հասնելու վերջին հնարավորությունն է: Ինձ ձայն տվողներին բացատրել պետք չէ: Նրանք պատրաստ են…
Մշակված են նաև կազմակերպական, հոգեբանական, միասնական թեկնածուի ընտրության տարբերակները»:
Իսկ հետո` այց Անդրեաս Ղուկասյանին: Նա նույն առաջարկության կրկնությունն արեց և պնդեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջարկին դեռ չի պատասխանել, իսկ Հրանտ Բագրատյանն ասել է, որ առաջարկն ուշացած է: Մինչդեռ Հայրիկյանն ասում է, որ ինքը մինչև փետրվարի 10-ը, ժամը 15:30 կարող է դիմել ՍԴ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու համար, ինչը բավարար է համատեղ հանդես գալու համար:
Անդրեասը հայտնեց, որ կպատասխանի փետրվարի 11-ին, այսինքն` ՍԴ դիմելու վերջնաժամկետից մի օր անց, իսկ Բագրատյանը հասցրեց Հայրիկյանին հրապարակավ մեղադրել ստախոսության մեջ. «Այսօր մամուլում կարդացի քո բաց նամակը ուղղված ինձ: Այն ինձ զարմացրեց: Նախ, դու միշտ էլ հնարավորություն ունես ինձ զանգելու, մենք դա հաճախ ենք անում և կարիք չունես ինձ բաց նամակով դիմելու: Երկրորդ. այդ նամակում ներառված փաստերը ինձ համար անհասկանալի են և չեն համապատասխանում իրականությանը: Այսպես օրինակ. նամակից հետո չսպասելով պատասխանի, մամուլով հայտարարում ես, որ Բագրատյանը ասել է, թե քո` ՍԴ դիմելը ուշ է:
Պարույր, կարո՞ղ ես աղբյուրը ցույց տալ. որտեղից գիտես, որ ես նման բան եմ ասել: Հիմա` ըստ էության: ՍԴ դիմելու մասին մենք հստակ հայտարարություն ենք արել և դա քեզ հայտնի է: Դիմել, թե չդիմել, դա քո իրավունքն է և խնդիրը: Իմ կարծիքը դու գիտես:
Երկրորդ. ընտրությունները հետաձգելն ի՞նչ կապ ունի միասնական թեկնածուի գաղափարի հետ: Մենք այդ քայլի հնարավորությունը քննարկում էինք, նույնիսկ համատեղ հայտարարություն ստորագրեցինք: Դրանից երկու օր հետո քեզ վրա կրակեցին: Եվս մեկ անգամ հայտնելով քեզ իմ զորակցությունը, հույս ունեմ, որ ամեն ինչ կպարզվի և ամեն ինչ, ի վերջո, կհարթվի ու տեղը կընկնի: Արդ, միասնական թեկնածուի հարցը մենք կարող ենք և պետք է քննարկենք, բայց դա կապ չունի քո` ՍԴ դիմելու խնդրի հետ»:
Այսպիսով, ստացվում է, որ և՛ Անդրեասը, և՛ Բագրատյանը նրան ասում են` դու դիմիր, նոր կխոսենք: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, որին սոցիոլոգները խոստանում են մինչև 34 տոկոս, գերադասեց անտեսել Հայրիկյանի առաջարկությունը: Իր ինչի՞ն է պետք այդ հրապարակային «բազարը»` ճիշտ է, նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումներով անգամ Սերժ Սարգսյանը ստանում է 55 տոկոսից ոչ պակաս և հաղթում է առաջին փուլով, սակայն ինչու Րաֆֆին պիտի իր վարկանիշի աճը ինչ-որ ռիսկերի ենթարկի… Ու նա արդեն նաև թիմակիցների համար բացատրություն է գտել, թե ինչու է անցանկալի համարում անգամ երկու շաբաթով հետաձգելը, քանզի «քըխ» ռուսներն են ձգտում խառնել ընտրությունները, որպեսզի ճնշեն Արևմուտքի հետ կապերը խորացնող Սերժ Սարգսյանին:
Խոշոր հաշվով, արդեն նշանակություն էլ չունի` Հայրիկյանը վերջին պահին կիրակի օրով կդիմի՞ ՍԴ, թե՞ ոչ:
Նրա` քաղաքական մերկապարից չտարբերվող հրապարակային «բազարները» արդեն իսկ ապացույց են, որ նրա դիմել-չդիմելը պայմանավորված է ոչ թե առողջական վիճակով, այլ ընդդիմադիր գործընկերների վարքագծով:
Քաղաքական մերկապարը կարող էր ծավալվել և մահափորձի վարկածների գծով, սակայն դա կասեցվեց ԱԱԾ-ի կողմից: Հայրիկյանը խոսում էր կրակողների «սլավոնական արտաքինի» մասին, ինչին Վահան Հովհաննիսյանն արձագանքել էր շատ կոպիտ. «Միանգամից վճռականորեն նշել մի հասցե՝ Ռուսաստան, չի կարելի: Եթե Ռուսաստանն արդեն այն աստիճանի է հասել, որ Հայաստանում ընտրություններում առանձնապես շանսեր չունեցող պրոարևմտյան թեկնածու է փնտրում, որ խփի, նրանից շատ պրոռուսական թեկնածուներ կան: Նախ չեմ կարծում, որ Ռուսաստանն այդպես վարվեր, բայց չեմ կարող պնդել հակառակը, որովհետև չգիտեմ: Միանգամից մեղադրում են ռուսներին՝ կրակեցին, արա դուք ո՞վ եք որ ձեզ կրակեն, կարաք մի հատ ինձ բացատրեք»:
Եվ ահա հանրությունը տեսավ հանցագործության կատարողների միանգամայն հայկական «սֆաթները», ԱԱԾ պաշտոնական առաջին և երկրորդ հաղորդագրություններն էլ պարունակում են ծով տեղեկատվություն պրոֆեսիոնալների համար: Սկսած արտաքին պատվիրատուի հնարավորության մասին «մեսիջից», վերջացրած նրանով, որ ԱԱԾ-ն արդեն գիտի ամեն ինչ… Մասնավորապես` «գործի քննության շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքների, մասնավորապես, ձեռք բերված ցուցմունքների, տեսաձայնագրությունների և այլ օբյեկտիվ տեղեկատվության, ինչպես նաև իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների համալիր վերլուծությունը թույլ է տալիս անել հիմնավոր ենթադրություն, որ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար առկա են օբյեկտիվ նախադրյալներ»:
Նաև գործնականում հասկանալի է, որ ԱԱԾ-ն հանցագործության պատկերը դրվագներով ու այնուհետ` ամբողջությամբ, կհրապարակի այն ժամանակ, երբ դա իշխանության կողմից կհամարվի նպատակահարմար. «Քրեական վարույթն իրականացնող մարմինն այսուհետ ևս շարունակելու է ՀՀ քրեադատավարական օրենսդրության պահանջների շրջանակներում հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրել իրականացվող նախաքննության ընթացքի և միջանկյալ արդյունքների վերաբերյալ, այնքանով, որքանով դա չի վտանգի սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքներն ու քննության շահերը»:
Իսկ Գյումրիում նաև պարզ երևաց, որ Սերժ Սարգսյանն արդեն շատ է զայրացել տարատեսակ ինտրիգներից ու քաղաքական մերկապարերից: Իր շանսերի մասին հարցին նա տվեց շոկային պատասխան. «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էնքան խփենք»: Ահա այդպես, նախազգուշացում և՛ ներսին, և՛ դրսին` ինչ խաղեր էլ տաք, ինչ էլ ձեռնարկեք, մտադիր չեմ ընկրկելու, ցանկացած պահի կարող եմ դադարեցնել խաղերը և անտեսել վայնասունը «բռնապետության» ու այլ բաների մասին…
Ահա այդքանը: Մնում է միայն մաղթել Անդրեաս Ղուկասյանին, որ փորձանքը շրջանցի նրան, քանզի այդ դեպքում կշրջանցի նաև մեզ բոլորիս…
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
10 օր ընտրարշավն անցնում էր խաղաղ և կանխատեսելի, տեղավորվելով քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ասած «տեխնիկական ընտրությունների» շրջանակում: Եվ ահա հնչեցին կրակոցներ, սակայն բարեբախտաբար Պարույր Հայրիկյանի ստացած վերքը վտանգավոր չէր:
Հավանականությունը, թե թեկնածուն չի դիմի Սահմանադրական դատարան` քվեարկությունը 2 շաբաթով հետաձգելու, այս պահին 50:50 է: Բայց, բնականաբար, հարց է ծագում` ո՞վ կրակեց և ի՞նչ նպատակով:
Կենցաղային կամ անձնական վրեժի վարկածը բացառվում է միանգամից` մի քանի պարզ պատճառով: Նախ` ընտրությունների շրջանը շատ անհարմար է վրեժ լուծելու համար, քանզի կատարվածը միանգամից որակվում է պետական հանցագործություն, բացահայտմանն ուղղվում է պետության ամբողջ ռեսուրսը, և բռնվելու հավանականությունն աճում է մի քանի տասնյակ անգամ, «պլստալու» շանսերը գործնականում զրոյացվում են:
Երկրորդը` անձնական վրեժ լուծողին այնքան էլ հեշտ չէր իմանալ, թե ինչ հաճախականությամբ ու ինչ գրաֆիկով է Պարույր Հայրիկյանը գալիս ոչ թե Դավթաշենի իր տունը, այլ Կենտրոնում գտնվող հորական բնակարան: Հետևելու, նախապատրաստելու, հաշվարկելու համար հաստատ առնվազն խմբային աշխատանք էր պետք: Եվ երրորդը` անձայն զենքի հանգամանքը: 7,62 տրամաչափի զենքը պետք է լիներ կամ խլացուցիչով զենք, կամ հատուկ հրազեն, որը գնդակին հաղորդում է ձայնի արագությունից պակաս արագություն, որպեսզի կրակոցի ձայն չլինի: Իսկ դա հայթայթել անհամեմատ ավելի դժվար է, քան սովորական հրազենը:
Գործնականում մնում է միայն մեկ դրդապատճառ` քաղաքական: Կարծում ենք, դժվար է չհամաձայնել ակտիվ «ֆեյսբուքիստ» Արմեն Աշոտյանի հետ, որ «Պարույր Հայրիկյանի վրա կատարած մահափորձի բացահայտումը պահանջում է դեռեւս հին հռոմեացիներին հուզող հարցի պատասխան` ԻՍԿ Ո՞ՒՄ ԷՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ:
Ինչ նպատակներ էին հետապնդում հանցագործները, դժվար չէ կռահել`
ա. իրավիճակի ապակայանացման փորձ
բ. ընտրությունների ստվերման փորձ
գ. միջազգային գնահատականները սաստկացնելու փորձ
դ. նոր ընտրությունների նշանակում /թեկնածուի, Աստված հեռու պահի, մահվան դեպքում ըստ Ընտրական օրենսգրքի հոդված 98 կետ 3/»:
Հավելենք նաև, որ ծանր վերքի դեպքում ուժի մեջ կմտներ ՀՀ Սահմանադրության 52-րդ հոդվածը, որի համաձայն՝ «Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով։ Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո՝ քառասուներորդ օրը»: Այսինքն` ոճրի պատվիրատուն, բացի քաղաքական ապակայունացումից կստանար մաքսիմում` նոր ընտրությունների նշանակում, և այժմ շանս ունի ստանալ մինիմումը` երկու շաբաթով քվեարկության հետաձգում:
Հիմա փորձենք պատասխանել ԻՍԿ Ո՞ՒՄ ԷՐ ԴԱ ՁԵՌՆՏՈՒ հարցադրմանը:
Ըստ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի` շատ-շատերին: Այնուամենայնիվ, մի կողմ թողնենք պոտենցիալ առիթից օգտվողների «բանակը» և կենտրոնանք այն կատեգորիաների վրա, որոնք դրա միջոցով կարող էին սպասարկել սեփական կենսական շահը` արմատական բեկում մտցնելով իրավիճակի մեջ, ու ինչը կարևոր է` ռեսուրս ունեն դրա համար:
ա) Աշխարհաքաղաքական կենտրոնները,
բ) «Բորտին» մնացած ներքին քաղաքական ուժերը և առաջնորդները,
գ) Սեփական դիրքերի համար մտահոգվող օլիգարխիան և նրա հետ սերտաճած ներիշխանական ինչ-ինչ խմբավորումներ:
Սկսենք վերջից` օլիգարխներից: Ընտրություններում դասավորությունն այնպիսին էր, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի համար ավելորդ և նույնիսկ անցանկալի էր դառնում օլիգարխիայի և կրիմինալի աջակցությունը: Նույնիսկ սովորական վարչական ռեսուրսն օգտագործելը Սերժ Սարգսյանի ընտրաշտաբը համարեց ավելորդ և հռչակեց դատապարտելի, ու օրինակ Աշոտյանն անցավ չափազանց ջանադիր դպրոցների տնօրեններին պատժելու գործին:
Պարզ է, որ ընտրություններից հետո ՀՀ նախագահը ոչնչով պարտական չէր լինի օլիգարխներին և նրանց սերտաճած տարրերին, հետևաբար նրանց հետ կարող էր վարվել ինչպես ուզում էր, քանզի նրանք հենարան չեն այլևս… Սակայն ոչ մի առանձին վերցրած օլիգարխ միայնակ այդպիսի ռիսկի չէր գնա, այդտեղ թերևս պարտադիր պայման է ԿՆՔԱՀՈՐ կատեգորիան: Այդ դերին պիտանի է թերևս Ռոբերտ Քոչարյանը, սակայն մեղմ ասած կասկածելի է, որ նա անցնի Ռուբիկոնը, որը Սերժ Սարգսյանի հետ մրցակցությունն անջատում թշնամությունից: Նրա պարագայում ավելի տրամաբանական է փորձել պայմանավորվել խաղի կանոնների մասին և պատրաստվել 2017-18 թվականներին: Ի վերջո, կապիտալի արտահանման հնարավորությունը կա ու կա…
Եթե դիտարկենք բ) տարբերակը, ապա քաղաքականապես ամենատուժածը Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը հույս ուներ օգտագործել ԲՀԿ-ին, սակայն լրիվ «քցվեց» վերջինիս կողմից: Իսկ ԲՀԿ-ի պարագայում ամենատուժածը ոչ թե Գագիկ Ծառուկյանն է իր կարիերիստների և գործարարների ստվար բանակով, այլ Վարդան Օսկանյանի թևը, որը միաժամանակ սերտ կապակցված է ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Սակայն Քոչարյանի հանգամանքին արդեն անդրադարձանք (միասին անցած պատերազմի ճանապարհը դատարկ խոսք չի համարի անգամ Քոչարյանին չսիրող, բայց օբյեկտիվ ցանկացած ոք), իսկ Օսկանյանը այդպիսի օպերացիա չէր կարող կազմակերպել առանց արևմտյան հատուկ ծառայությունների աջակցության: Նույնը վերաբերում է և Լևոն Տեր-Պետրոսյանին` նրա սեփական թիմը ահավոր թուլացած և պառակտված է, իսկ դրսի ուժերին ավելի շուտ պետք է ոչ թե ծերացած թոշակառու աղվեսը, այլ ավելի թարմ և հեռանկարային գործիչներ:
Առավել հավանականը թերևս գերտերությունների վարկածն է:
Նախորդ վերլուծությունում ներկայացրել էի, թե ինչ սրընթացությամբ խորացվում է հայ-ռուսական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական սերտագույն համագործակցությունը, ինչի համար էլ Երևան էին շտապել Ռուսաստանի պաշտպանության նախարարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Աշխարհաքաղաքական հակամարտությունում դա ռուսների համար շատ բարենպաստ է, հետևաբար նրանց դժվար թե պետք լիներ Հայաստանում ներքին վիճակի լարում: Նույնիսկ հակառակը, և պատահական չէ, որ նրանք պատժել են հացադուլի մեջ մտած և Սահմանադրության 52-րդ հոդվածի և անգամ Ընտրական օրենսգրքի հոդված 98 կետ 3-ի կիրառման (եթե հացադուլավորին հանկարծ թունավորեն) հեռանկար ստեղծած Անդրեաս Ղուկասյանին, զրկելով նրան պատկանող «Ռադիո Հայ»-ը «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի վերահեռարձակման իրավունքից:
Իսկ աշխարհաքաղաքական մրցակցությունում պարտվող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայություններին օբյեկտիվորեն ձեռնտու է Հայաստանի ներքին ապակայունացումը: Ճիշտ է, չպետք է բացառել և ադրբեջանաթուրքական վարկածը, սակայն անգլոսաքսերի պարագայում դա շանս էր` նոր ընտրությունների նշանակման և խաղի նոր ռաունդ սկսելու համար: Եթե պատահականությունը չփրկեր Հայրիկյանին, ապա զրոյից պիտի սկսվեր ամեն ինչ` սկսած թեկնածուների առաջադրման փուլից: Եվ արդյո՞ք նոր կամ հին դեմքեր չէին մտցվի խաղի մեջ… Անգամ եթե քվեարկությունը հետաձգվի երկու շաբաթով, ապա շահած ժամանակը տալիս է նոր հնարավորություն` փորձել ինչ-որ բան փոխելու: Ճիշտ ու ճիշտ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի` հենց մահափորձի օրը հայտնած տեսակետի շրջանակում. «Փորձում ենք այնպես անել, որ Հայաստանն հայացքն ուղղի դեպի Արեւմուտք` դեպի Արեւմտյան Եվրոպա, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, ՆԱՏՕ»:
Ի դեպ, դեռ ոչ ոք անգլոամերիկյան ուժերի անունը չէր տվել, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ըդվզեց ՀՀԿ-ի այն կարծիքի դեմ, որ մահափորձն ուղղված էր ոչ միայն ընդդեմ պետականության և ընտրությունների, այլ նաև ընդդեմ իշխանության, ու պահանջեց վարչապետից հիմնավորել այդ տեսակետը: Իսկ «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը հանդես եկավ «լավաշ» հոդվածով ընդդեմ ՀՀԿ-ի ասածների, նույնիսկ պնդելով, թե իշխանությունը փնտրում է ալիբի. «Տասնյակ աղմկահարույց սպանությունների բացահայտման հարցում ձախողված իշխանությունը անբնական համոզվածություն ու վստահություն է հայտնում, որ հանցագործությունը կբացահայտվի եւ գիտի, թե ում էր դա ձեռնտու…
Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը գիտի, թե ո՞վ է կատարել հանցագործությունը (գիտեր նախապատրաստվող հանցագործության մասին, բայց չի կանխել), թե՞ ցանկանում է, որ նա կատարած լինի: Ինչո՞ւ է իշխանությունը ջանում, որ այդ ամենում իրեն կասկածող չլինի՞: Չէ՞ որ ոչ մեկ չէր էլ հասցրել կասկածել… Այդ դեպքում, ինչո՞ւ է իշխանությունը ջանում, որ իրեն չկասկածեն… Նույն ձեռագրով (Հոկտեմբերի 27-ից հետո-խմբ.) Ռոբերտ Քոչարյանի թիմն էր կատարվածը որակում իբրեւ պետականության/իշխանության դեմ ուղղված հանցագործություն եւ ալիբի ստեղծում իր համար»: Նույն ամերիկամետ ծիրում գտնվող մեկ այլ դեմք` ՌԱՀՀԿ փորձագետ էդգար Վարդանյանը. «Այս պահին կցանկանայի շեշտել միայն այն հանգամանքը, որ իշխանությունները շտապեցին` հայտարարելով, թե այդ երվույթն ունի քաղաքական ենթատեքստ»:
Ի դեպ, Ֆեյսբուքում էլ ծլեցին բազում կեղծ և իրական պրոֆիլներ, որոնք միաբերան ժխտում են մահափորձի քաղաքական բնույթը ու առավելևս արտաքին հետքի վարկածը:
Հիմա եթե դիտարկենք անգլոամերիկյան վարկածը, ապա հարց է ծագում, թե ինչո՞ւ որպես զոհ ընտրվեց հենց Հայրիկյանը: Պարզ է, որ զոհը պիտի լիներ լուրջ թեկնածուների, այլ ոչ թե քաղաքական կլոունների շրջանակից, ու թերևս Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը Արևմուտքի համար ափսոս էին` հետագա պլանների տեսակետից: Իսկ Հայրիկյանը մեջներից ամենաչափավոր արևմտամետն է, կենսագրությունում չունի «կոմպրոմատներ», որոնց միջոցով իրեն կարելի է կառավարել, համ էլ արդեն 63 տարեկան է, համ էլ Հայաստանի անկախության խորհրդանիշ է համարվում… Ու պատահական չէ, որ սպանությունը չստացվելուց հետո այժմ ջանում են նրան հանգեցնել անպայման 15 օրով քվեարկությունը հետաձգելու տարբերակին, և օրինակ Բագրատյանը հայտարարում է, որ ամեն ինչ անելու է 15 օրով քվեարկությունը հետաձգելու համար…
Այս պահին Հայրիկյանը դեռ վերջնական որոշում չունի, քանզի մի կողմից բժիշկները նրան մտադիր են 7-10 օր պահել հիվանդանոցում, մյուս կողմից նա պարզ հայտնեց չհետաձգելու ցանկության մասին…
Եթե հետաձգի, Արևմուտքը մեր երկրի ներսում լրացուցիչ խաղի 15 օր կստանա, և 15 օրով կերկարացվի և Անդրեաս Ղուկասյանի հացադուլը, ինչը կավելացնի հավանականությունը, որ Անդրեասն էլ ծանր վիճակում կհայտնվի հիվանդանոցում, ու ևս դրա միջոցով 15 օր ավելացնել կլինի:
Այսինքն` հետաձգումը կդառնա արդեն մեկ ամիս…
Եթե Հայրիկյանը որոշի չհետաձգել քվեարկությունը և իր ընտրարշավի մի մասը վարի հիվանդասենյակից, ապա նրա վարկանիշը (որն արդեն բարձրացել է) ևս մեկ թռիչք կարձանագրի: Հենց այդ հեռանկարն է նյարդայնացրել Հրանտ Բագրատյանին ու հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանին, որն արդեն երկրորդ տեղն իր գրպանում դրած էր համարում: Հենց այդ պատճառով «Ժառանգությունը» լծվել է արտաքին միջամտության վարկածն ամբողջ ջանասիրությամբ հերքելու գործին, զի Հայրիկյանն արդեն երկրորդ տեղի շանս կարող է ստանալ:
Հենց դա է նյարդայնացնում նաև Արևմուտքին: Եվ թող արդեն ընթերցողը կռահի` ո՞վ էր մահափորձից ժամեր անց` գիշերով, Ֆեյսբուքը լցրել տականքային դեմոտիվատորներով, ուր Հայրիկյանը ներկայացվում էր որպես իշխանության աջակցությամբ ինքն իր վրա կրակոցներ կազմակերպող… Ու թող ԱԱԾ-ն այդ հետքով գնա ու պարզի` ո՞վ էր այդքան վառված Հայրիկյանի ողջ մնալու փաստից:
Ինչևէ, եթե Հայրիկյանը որոշի չօգտվել հետաձգման իր իրավունքից, ապա կրկին խաղի մեջ կարող են մտցնել Անդրեաս Ղուկասյանի` հիվանդանոց պառկելու տարբերակը: Հետևաբար ուզած-չուզած իրավապահները պիտի հետևեն, որպեսզի հացադուլավորի ջրին հանկարծ ոչ ոք ոչինչ չխառնի: Եվ ընդհանրապես թեկնածուների անվտանգությունը դառնում է մարտահրավեր:
Բայց բոլոր դեպքերում այն, որ Հայաստանի անկախության խորհրդանիշ Հայրիկյանը փրկվեց գրեթե ստույգ մահից, թերևս հուշում է, որ Հայաստանն էլ կկարողանա պատվով դուրս գալ այս փորձանքից: Ի վերջո` Տիեզերական Գարունն սկսվել է, որը Արի ազգերի դարաշրջանն է:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Եվ այսպես, ընտրարշավի 8-րդ օրը ընտրությունների ինտրիգը սպառվեց: Հրապարակվեցին Գելլափի սոցհարցման թվերը, և եթե ելնենք նախորդ ընտրությունների փորձից, ապա կարող ենք ասել, որ իրական արդյունքները լինելու են դրան շատ մոտ: Հարցվածների 66 տոկոսը նախագահական ընտրություններին կքվեարկի գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին, 10 տոկոսն ասել է, որ քվեարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, Պարույր Հայրիկյանի օգտին՝ 4տոկոսը, Հրանտ Բագրատյանի օգտին՝ 4 տոկոսը, Արամ Հարությունյանի օգտին՝ 1 տոկոսը, Անդրեաս Ղուկասյանի օգտին՝ 0,3 տոկսոը, Արման Մելիքյանի օգտին՝ 0,2 տոկոսը, Վարդան Սեդրակյանի օգտին՝ 0,1 տոկոսը: Հարցվածների 16 տոկոսը պատասխանել է, որ չգիտի՝ ում օգտին է քվեարկելու:
Այսինքն` հացադուլավոր Անդրեաս Ղուկասյանը, ընտրողների ցուցակների անունով երդվող Արման Մելիքյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և փետրվարի 8-ից մարաթոնը լքող Արամ Հարությունյանը եղանակ չեն ստեղծելու, զի բոլորը միասին տեղավորվում են 1,5 տոկոսի մեջ: Իսկ պայքարը կենտրոնանալու է 16 տոկոս չկողմնորոշվածների քվեների շրջանակում, ուր Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանը և Պարույր Հայրիկյանը ձգտելու են բարելավել սեփական ցուցանիշները:
Ամենայն հավանականությամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը կմոտենա իր երազած 20 տոկոսի ցուցանիշին, զի գործում է շատ բարենպաստ լրատվական միջավայրում` և լրատվական դաշտն է ողողված նրա մասին նյութերով, և ՀՀԿ-ն է ձգտում լրջորեն, բայց կոռեկտ պատասխանել նրա մեղադրանքներին: Բագրատյանն ու Հայրիկյանն էլ թերևս հատեն 5 տոկոսի սահմանագիծը, լուրջ խախտումների ապացույց չի գտնի գործնականում ոչ ոք, ու փետրվարի 19-ի լուսաբացին թերևս գոհ ու շնորհակալ կլինեն բոլորը: Միգուցե նույնիսկ գրանցվի նախադեպ, որ շնորհավորեն հաղթող թեկնածուին: ԲՀԿ-ն, ինչպես պնդում է բազմափորձ Դավիթ Շահնազարյանը, կվերադառնա իշխանության գիրկը, Հայրիկյանը կլուծի քաղաքական ասպարեզում ինքզինքը պահպանելու խնդիրը, Րաֆֆին կվայելի գլխավոր ընդդիմադիրի տիտղոսի բերկրանքը, Բագրատյանն էլ կդառնա ՀԱԿ-ից մնացած եղած-չեղածի փաստացի առաջնորդը: Դե, ՀՅԴ-ին էլ դժվար թե նեղացնեն, ի վերջո սփյուռքի հետ կապերի հանգամանքը կա…
Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը պատրաստվում են ընտրություններից ավելի կարևոր բաների: Մերձավոր Արևելքից վառոդի հոտ է գալիս, իսկ մեր երկրում արդեն բանակի տոնից` հուվարի 28-ից սկսյալ, լսվում է զենքի շաչյունը. Միաժամանակ ժամանել են Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան: Եվ նրանց հետ եկել են Ռուսաստանի ռազմարդյունաբերական առաջատար ձեռնարկությունների ղեկավարները: Նման է, որ այս այցելությունները միտված են գործնական տեսքի բերել դեռ միայն վերջերս Վլադիմիր Պուտինի կողմից հավանություն ստացած այն ծրագրերը, որոնք նախատեսում են հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների էական խորացում: Դրա հետ կապված, օրինակ Ն. Բորդյուժան խոսեց այն մասին, որ իրականացվում են ռազմատեխնիկական, ռազմատնտեսական համագործակցության կատարելագործման միջոցառումների մի ամբողջական շարք: Ենթադրվում է զրահատեխնիկական, ինժեներական, հակաօդային պաշտպանության համակարգերի, ռազմական նշանակության ավտոմեքենաների, ռազմական ուղղաթիռների սպասարկման և վերանորոգման մի քանի կենտրոններ ստեղծել Հայաստանում: Սերգեյ Շոյգուն, խոսելով այցի շրջանակներում քննարկվող ծրագրերից, նշեց կոնկրետ ժամանակացույց. «Փետրվարին կորոշվի նվազագույնը հինգ տարով գործնական համագործակցության ծրագիրը»:
Հարց է ծագում` իսկ ի՞նչ նպատակով պիտի մեր երկրում այդքան շտապ հիմնվեն մարտական տեխնիկայի վերանորոգման գործարաններ, չէ՞ որ այդքանն ակնհայտորեն չափից շատ է մեր բանակի և Գյումրիի ռուսական հենակետի պահանջարկը բավարարելու համար: Պատասխանը տվել են ռուսները` վերջերս էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ. «Մի քանի ուղղություններով ՌԴ-ի համար մեծանում է ռազմական վտանգը, «թեժ կետերը» գտնվում են մեր սահմանների մերձակայքում»: Եվ եթե նախարարը նկատի ունի նաև մերձավորարևելյան ուղղությունը, ապա Հայաստանում վերանորոգման մի քանի կենտրոնների ստեղծումը սկսում է նմանվել մարտերում վնասվելիք տեխնիկան նորոգելու համար նախատեսված կառույցները ճակատային գծին հնարավորինս մոտեցնելու ռազմական մասշտաբային տրամաբանությանը…
Կարճ ասած, կարծես թե բոլորի վրա թևածի ռազմի աստծո շունչը, ու պատահական չէ, որ և թեկնածուները հատուկ ուշադրությամբ էին վերաբերվել մեր բանակի տոնին, և ընդարձակ ձևով անդրադարձել են բանակի օրվան իրենց նախընտրական ծրագրերում: Նույնիսկ ուղնուծուծով ամերիկացի մնացած Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց «սովետաբույր» անհայտ զինվորի գերեզման, ինչը նախորդ տարիներին անպատկերացնելի էր:
Ինչևէ, վերջում որպես տեղեկանք ներկայացնենք նաև թեկնածուների` բանակին վերաբերող ծրագրային դրույթները:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող զինված ուժեր, որոնց հետագա կատարելագործման և ամրապնդման համար առաջիկա 5 տարվա ընթացքում հասնելու ենք նրան, որ`
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չզբաղվեն հյուծող ու պասիվ պաշտպանությամբ, ունակ լինեն իրենց շարժունակությամբ և մարտունակությամբ անվտանգություն սփռել մեր տարածաշրջանում և անդին, որի հիմքն արդեն իսկ դրված է աշխարհի տարբեր ծագերում մեր խաղաղապահների կողմից մարտական խնդիրների գերազանց կատարմամբ,
2. շարունակվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրումը ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, այդ թվում` հայրենական արտադրության: Առաջնահերթությունը տրվելու է բազմաֆունկցիոնալ համալիրներին, որոնք կլինեն հետախուզության, դիտարկման, հայտնաբերման, թիրախորոշման և խոցման միասնական համակարգեր: Այս ամենում իր կարևորագույն դերն է ունենալու ժամանակակից և կենսունակ հայրենական ռազմարդյունաբերական համալիրը, որի մշտական արդիականացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում,
3. անկարգությունն ու ծառայակիցների ահաբեկումը տեղ չունենան Հայաստանի Հանրապետության զինված ուժերում: Զինված ուժերի անձնակազմը լինելու է առավել կրթված ու արհեստավարժ: Կարգապահությունը հիմնված է լինելու զինծառայողների միջև փոխադարձ հարգանքի և Հայրենիքի պաշտպանության գործում ներդրում կատարելու գիտակցումով` հրամանների անվերապահ կատարման վրա: Այս ամենում օրինակելիության կատարյալ տիպար են լինելու հրամանատարները` ղեկավարելով անձնական օրինակով,
4. կոռուպցիան վանվի զինված ուժերից, և բանակի անձնակազմը վերջնականապես ձերբազատվի առօրյա սոցիալական խնդիրներից` հիմնական ուժերը կենտրոնացնելով մարտունակության և սեփական գիտելիքների շարունակական բարձրացման վրա,
5. շարունակվի բանակ-հասարակություն կապերի ամրապնդման գործը, որի արդյունքում ավելի բարձրանա զինված ուժերի թափանցիկության և քաղաքացիական վերահսկողության մակարդակը: Այս ամենի հիմքում դրվելու է «զինվորական համազգեստով քաղաքացու» գաղափարը. նրա, ով պետության անվտանգության գործում համարժեք պարտավորություններ ունենալուց բացի, օգտվում է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով յուրաքանչյուր քաղաքացուն վերապահված իրավունքներից,
6. մեծ տեղ հատկացվի բանակը գրագետ մասնագետներով համալրելու գործին, որտեղ իր կարևոր դերն է խաղում Հայաստանում մրցունակ և որակյալ ռազմական կրթահամակարգի վերջնական կայացումը: Ռազմակրթական բարեփոխումներում առաջադեմ լավագույն չափորոշիչների ներմուծմամբ ստեղծվելու է Հայաստանի կարիքներին համապատասխանող ուրույն ռազմակրթական համակարգ, որն ունակ է լինելու փակ շրջափուլով ապահովել բոլոր կատեգորիաների սպայական ու սերժանտական կադրերի պատրաստման մեր կարիքները»:
ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «Պետք է ներդնել պարտադիր վճարովի զինվորական ծառայության համակարգը` զինվորի համար նախատեսելով 20%-ով ավելի միջին աշխատավարձ, քան պետական հատվածի միջին աշխատավարձը: Այս խնդիրը կարելի է լուծել 4 զորակոչի ընթացքում` սկսած 2015թ.-ից: Վճարովի զինծառայությունը հայրենիքին ծառայելու պահանջարկ կստեղծի ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց մի մասի մոտ (կամավոր զինվորական ծառայություն): Արդյունքում բանակում (կանացի գնդերում) ծառայելու հնարավորություն կստանան երիտասարդ կանայք»:
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «Պետության անկախության, երկրի սահմանների պաշտպանության, տարածքային ամբողջականության և ժողովրդի ֆիզիկական անվտանգության երաշխավոր հանդիսացող կանոնավոր, մարտունակ, ուժեղ և ծավալվելու կարողունակությամբ օժտված բանակը, որը ոչ թե պատերազմ հրահրող է, այլ այն կանխարգելող: Հայոց բանակը հիմնված է բացառապես կանոնադրական հարաբերությունների վրա, զերծ է կոռուպցիայից, որտեղ զինվորների իրավունքները պաշտպանված են օրենքով, անկախ դատական իշխանությամբ, և որի հավաքագրումն ու համալրումը վտանգված չեն ժողովրդագրական նվազման, սոցիալական ու քաղաքական անվստահության, բարոյալքության հիմնախնդիրներով: Զինվորի ու սպայակազմի մարտական ու հայրենասիրական բարձր ոգին, բանակի հանդեպ հանրային լայն վստահությունը, զինված ուժերի քաղաքացիական ու ժողովրդավարական վերահսկողությունը, միջազգային խաղաղապահ ու խաղաղարար առաքելություններում պատվավոր դերակատարությունն ու փորձառության հարաճուն ավելացումը, հանրության համար թափանցիկ բյուջետային պլանավորումը, բարձր տեխնիկական ու տեխնոլոգիական զինվածությունը պետք է դառնան մերօրյա բանակի բնութագրիչները»:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.