29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Արմենտելը» սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ կես գնով «գոլդ» համարներ է բաժանում… Չհասկացանք, ո՞ւմ շունն է Վալենտինը, և ինչու մի բառ անգամ չի հիշատակվել մեր հոգեհարազատ տոնի` Տերընդառաջի կամ ինչպես ընդունված է ասել`Տրնդեզի մասին: Բայց ինչո՞ւ բողոքենք «Արմենտել»-ից, չէ՞ որ մեր հեռուստաընկերությունները նույնպես մոռացել են Տերընդառաջը ու Արևմուտքի` մեզ հետ կապ չունեցող տոնն են գովազդում: Լավ, հասկանալի կլիներ, եթե մեր Տրնդեզին որպես հավելված գումարեինայդ տոնը, որպեսզի սիրահարները ևս մեկ առիթ ունենային իրար շնորհավորելու ու նվերներ տալու: Բայց փոխարինելը… Ախր Տրնդեզը լքված տոն չէ, հավեսով նշում ենք, հավեսով թռնում ենք խարույկի վրայով` աղջիկների արգանդը հրեղեն պտուղների պատրաստելով և տղերքի զորությունը նորոգելով: Բայց դրա տեղը մեզ հեռուստաեթերով առաջարկում են Վալենտինը:
Միտումնավո՞ր են անում` անշուշտ: Մեր TV-ների մեծ մասի սեփականատերերն ու ղեկավարները նույն «Ռոտարի» ակումբից են, ինչ մանկապիղծ օլիգարխ Սերոբ Տեր-Պողոսյանը: Ի դեպ, այդ ակումբականներից մեկը օրերս համոզմունք հայտնեց, որ դատարանում այդ վիժվածքի մեղքը կհամարեն չապացուցված, քանզի ապօրինի ճանապարհով ձեռք բերված կհամարեն նրա արածի ապացույցը` մանկապղծությունն ապացուցող տեսաերիզը: Որտեղի՞ց այդ համոզվածությունը, երբ մեր դատարանները ակնհայտ և ապացուցված խոշտանգումներով ձեռք բերված ցուցմունքները երբեք ապօրինի չեն համարել, երբ մեր երկրում ապօրինի ճանաչված ապացույցի գեթ մեկ դատական նախադեպ չկա: Երևի թե «ռոտարիականները» իրենց ամենազոր են համարում: Դե, բիզնես-առավելությունների հարց բազմիցս են լուծել, իրենց Ահավոր Ադիբեկյանին (կամ Սուտիբեկյանին) վաղուց են կարգել թիվ 1 պաշտոնական սոցիոլոգ, ուրիշ հարցեր էլ են լուծել…
Սակայն Սերոբի դեպքում մեխանիզմը չաշխատեց: Չաշխատեց ԱԱԾ-ի անցկացրած հատուկ օպերացիայի շնորհիվ: Սկզբում նկարեցին մանկապղծության դրվագներից մեկը, տեսագրությունը տվին մի ախթալեցու ու առյուծի սիրտ կերցնելով ուղարկեցին շանտաժով 30 հազար դոլար ուզելու: Ամերիկահայ օլիգարխը քմծիծաղ տվեց, մի բան էլ ոստիկանությանը դիմեց, որ տանեն-կորցնեն այդ «տեղը չբերող» երիտասարդին: Հետո «Հետք» կայքէջը ընդարձակ նյութ տպեց Սերոբ Տեր-Պողոսյանի մանկապիղծ գործերի մասին: Էլի լուրջ չընդունեց, համարեց, որ քանզի «Հետքը» մշտապես ամերիկյան դրամաշնորհներ է շահում, իսկ նրա ղեկավար Էդուարդ Բաղդասարյանը գրեթե ամեն տարի ամերիկյան մրցանակների է արժանանում, ուրեմն կարող է պարզապես ամերիկյան տերերին դիմել, որ նրա ձենը կտրեն: Բայց «քվանշ» եղավ, քանզի ԱԱԾ-ն մոտիկ է, իսկ Ամերիկան` հեռու: Ու պարզվեց, որ եթե Սերոբին «չփակեն», նրա մանկապղծական տեսանյութը կհայտնվեր «Յութուբում», համ էլ «Հետքը» լիքը լրացուցիչ նյութեր ունի…
Սերոբին «փակեցին»: Կանչեցին ԱԱԾ, նրան թվաց (քանի որ վարչապետն ու ամերիկացիներն են նրա տերը), որ այդտեղ նրանից ցուցմունք կվերցնեն, որը հետո կօգտագործվի տեղը չբերող լրագրողների հախից գալու համար: Սակայն շաբաթն ուբաթից շուտ եկավ, ու անակնկալից քարացած այդ «անխոցելի» օլիգարխին ձերբակալեցին ու մինչև վաղը երեկո կերևա 2 ամսյա կալանք կտան, թե այնուամենայնիվ նա կպլստա:
Սակայն հարց է ծագում. իսկ ինչո՞ւ ԱԱԾ-ն «սպեցօպերացիա» արեց, որպեսզի ձերբակալի այդ կերպարին, որի գարշելի վարքագիծը գաղտնիք չէր, ինչպես ամբողջ Ախթալայի, այնպես էլ, բնականաբար, իշխանական վերնախավի համար: Պարզ է, որ դա վերին քաղաքական որոշման արդյունք է: Հիմա նա ձերբակալված է, նրա մանկապղծությունը` ապացուցված: Ինչ օյին էլ անի ապականությամբ բերնեբերան լցված դատական համակարգը, հասարակությունը տեսանյութը դրա այլանդակության անհերքելի ապացույց կհամարի ու գրոշի արժեք չի տա բոլոր տեսակի «անմեղության կանխավարկածներին»: Հետևաբար, Տեր-Պողոսյանին այլ ճար չի մնում, քան «երգել» այնպես, ինչպես թելադրում է ԱԱԾ-ն, որպեսզի հույս ունենա, որ կնստի ոչ թե Նուբարաշենի «օբշի կամեռում», ուր նրա անվտանգության համար ոչ ոք քոռ կոպեկ չի տա, այլ նրա` Ոստիկանության հանրային խորհրդի նախկին անդամ լինելու պատրվակով, կտանեն ոստիկանների համար նախատեսված գաղութ ու առանձնախուց կտան… Իսկ նրա «երգելը» թույլ կտա խոցելի դարձնել իշխանության արևմտամետ թևը` վարչապետով հանդերձ, առավելևս, որ այդտեղ քիչ չեն այլասերված սեռական կողմնորոշում ունեցող կադրերը:
Ի դեպ, պատահական չէ, որ բլոգներում արդեն շրջանառում են այն ենթադրությունը, որ Սերոբը վարչապետի «պաստավշիկն» էր…
Այսինքն` Սերժ Սարգսյանի վարչակազմը մոտենում է նրան, որ ձերբազատվի Տիգրան Սարգսյանից: Ու ինչքան էլ տարբեր «ռոտարիները» կամ «Կյանքի խոսք»-երը փորձեն օգտագործել իրենց զորավոր հնարավորությունները, նրանց դեմ կտան պարզ հարցադրում. Դուք ուզում եք հասարա՞կ պաշտոնանկություն, թե՞ պաշտոնանկություն սեռական հանցագործությունների կասկածի հիման վրա… Բնականաբար, ռուսներն էլ «ուռա»-ով կդիմավորեն ամերիկյան կրեատուրա վարչապետից ազատվելու ցանկացած միտում:
Ամենաաննախանձելին թերևս հենց Տիգրան Սարգսյանի վիճակն է: Մի կողմից, երկրի նախագահը նրանից ազատվելու համար օգտագործում է վտանգավոր շարունակություն ունեցող ԱԱԾ «սպեցօպերացիաները»: Մյուս կողմից, նրա ինքնապահպանման թերևս վերջին շանսը Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է, ի սպաս որի ընդունվում են սոցիալական բունտի տանող որոշումներ, զորօրինակ` թոշակների հետ քստմնելի խաղը, վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների առնչությամբ ընդունված այն որոշումը, որը այլ կերպ, քան տականքություն, հնարավոր չէ որակել, գումարած տարբեր ԱՊՊԱ-ներն ու այլ զրթուզիբիլները:
Պարզապես այս ամբողջ խաղում կա հստակ աշխարհաքաղաքական տրամաբանություն: Կամ կվավերացվի ռուսական ռազմաբազայի պայմանագիրը, ու ռուսի ներկայությունը Հարավային Կովկասում կդառնա անշրջելի, կամ արագացված տեմպով ամեն ինչ կհասցվի սոցիալական կատաղի դժգոհությունների ու դրանց հողի վրա հայոց հողում իրագործված «եգիպտական» հեղաշրջմանը: Ու Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերող հեղաշրջումն էլ անընդունելի չէ Արևմուտքի համար. ի վերջո, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ՀՀ երկրորդ նախագահը դեռևս մինչև ընտրվելը անցել է Փարիզի «Գրանդ Օրիենտ»-ի թրի տակով…
Իսկ մեր ԱԱԾ-ին չենք կարող չգովել` փայլուն իրականացված և հաջողված «սպեցօպերացիայի» կապակցությամբ: Եթե այդպիսի հատուկ ծառայություն ունենք, ուրեմն որպես պետություն կայացել ենք:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր Հայոց բանակի տոնն է: Երրորդ Հանրապետության բանակի 19-ամյակը: Ու չես կարող չհիշել ընդամենը 1990-92 թվականների աբսուրդները: Խորհրդարանում ձայների մեծամասնությամբ պաշտպանության նախարարության ստեղծման հարցը մերժելը:Առաջին նախագահի հայտարարությունը, թե մեզ բանակ պետք չէ, բավարար է ընդամենը «փոքրիկ ազգային գվարդիա»: Զինյալ պայքարը «սադրանք» հռչակելու փորձերը…
Այսօր` 20 տարվա հեռավորությունից, ավելի ցայտուն է երևում, թե իբր խելացի ու իբր չափահաս մարդիկ զանգվածաբար ինչպիսի իդիոտիզմ էին դուրս տալիս: Հետագա ընթացքը ցույց տվեց` մենք արժենք ուղիղ այնքան, ինչքան կարողանում է նվաճել ու պահել մեր բանակը: Իսկ եթե կոպիտ` զինյալ ուժից այն կողմ ուրիշ բանի վրա հույսներս դնեինք` կարժենայինք մեր մրոտած թղթերի գնի չափ: Կիլոյով, թղթաթափոնի չափ: Ու չէինք ունենա ոչինչ` ոչ պետություն, ոչ հայրենիք, ոչ էլ վեճեր, թե ինչ քըխ է մեր իշխանությունը… Կլինեինք թուրքի հարճ կամ ընչազուրկ ղարիբ, և դա` լավագույն դեպքում: Իսկ ավելի ռեալ` ճիճվի և ագռավի անվճար կեր:
Մոտավորապես այդ վիճակին է մեր թշնամին. Ինչքան էլ միջազգային պոռնկանոցներում լացելով փաստաթղթեր է կորզում ի նպաստ իրեն, դրանք արժեն ուղիղ այնքան, ինչքան արժե այն թուղթը, որի վրա տպված են: Զի ոչ ոք թուրքի փոխարեն իր զինվորի արյունը չի հեղի այդ թղթերը կյանքի կոչելու համար: Նույն գինն ունեն այն բայղուշությունները, թե Հայաստանը դիվանագիտական պարտություն է կրել, հետևաբար`իշխանությունը կտապալվի: Մեր իշխանավորները հո ինքնասպանների ակումբ չեն, որ դրսի ինչ-որ թղթով գոնե մեկ մետրով զորքը հետ քաշեն, քանզի նույնիսկ եթե ենթադրենք, որ դավաճան են, ապա գոնե մեկ թիզ հող հանձնելու դեպքում նրանց կյանքի համար ավելի քիչ կտան, քան նույնիսկ միջազգային մակուլատուրայի համար:
Ի դեպ, պատահական չէր, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ մասնավորապես Արցախում ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում չկա ոչ ոք, որը համաձայն լինի գոնե մեկ սանտիմետր հող զիջել: Որ փոխզիջում հնարավոր է միայն երկարատև խաղաղության երաշխիքների դեպքում: Դե, ենթատեքստը ակնհայտ է` «միջազգային հանրություն» կոչեցյալը միայն թղթային երաշխիքներ է տալիս, հետևաբար` հեքիաթ են և երաշխիքները, և երկարատև խաղաղությունը: Այսինքն`պիտի պատրաստվենք և պատրաստվում ենք պատերազմի: Նախագահն այդպես էլ ասաց` պատրաստ ենք իրավիճակի ցանկացած զարգացմանը: Փառք Աստծո, մարդը ուղղակիորեն ասաց` պատրաստվեք կռվել և հաղթել: Ի տարբերություն ոմանց, որ պետական հեռուստատեսությամբ ասում էին` մենք անխուսափելիորեն կպարտվենք պատերազմում… Բարեբախտաբար, մարտական ստորաբաժանումներում, ռազմաճակատի խրամատներում հեռուստացույցներ չկային, ու մեր զորականները զերծ մնացին ախմախություն լսելու վրա նյարդեր քայքայելուց:
Պարզ է մի բան. Այսօր ունենք միայն մեկ երաշխավոր ու մեկ դաշնակից` մեր բանակը: Մնացածը լրիվ սուտ է: Եվ այսօրվա տոնը կարևորագույնն է պետական տոների մեջ: Սակայն ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր միակ դաշնակցին ու երաշխավորին…
Սիրով ենք վերաբերվում, թե վարկաբեկում, հայհոյում ենք մեր բանակը: «Արաբո» ջոկատի լեգենդար հրամանատար Մանվել Եղիազարյանը շատ ճշգրիտ դիտարկում է արել. Քննադատությունն իմաստ ունի, եթե արդյունքում մեղավորը պատժվում է և թերությունը` վերացվում, այլապես ամեն ինչ վերածվում է սոսկ վարկաբեկման: Դատարկ պնդումների, որ մեր բանակը մսաղաց է ու սպանդանոց: «Սպանդանոցի» մասին միֆը, օրինակ, հօդս ցնդեց, երբ չոր ու ցամաք թվերով պարզ դարձավ, որ բանակում 2-3 անգամ քիչ մարդ է մեռնում, քան ավտոճանապարհներին: Այսինքն` թուրքի սնայպերով, ականի վրա պայթելու ռիսկով, «չաստ նայողի» հետ կոնֆլիկտներով, առանձին անասունների վայրագություններով ու մնցյալ ամեն ինչով զորամասը, մարտական դիրքը ավելի անվտանգ տեղ է, քան Աշտարակի շոշը կամ Երևանի Մաշտոցի պողոտան:
Ու հարց է ծագում. ինչո՞ւ մեր հայրենակիցների զգալի մասը չի սիրում մեր բանակը, իր որդուն զորակոչից ազատելու համար ցանկացած ստորության է դիմում: Բանակի թերությունները վկայակոչելը անլուրջ է, դա ոչ թե պատճառ է, այլ պատրվակ. Մեր բանակի կարգուկանոնին այսօր նախանձում է ամբողջ ԱՊՀ-ն, այդ թվում` ռուսը: Համ էլ Վազգեն Սարգսյանը դիպուկ էր նկատել. «Չսիրված երեխայից լավ մարդ չի ստացվի»:
Ուրեմն` ինչո՞ւ ենք մեր միակ դաշնակցին դատապարտում «չսիրված երեխայի» ներկային ու «վատ մարդու» ապագային: Թերությունները լոկ պատրվակ են, բայց միաժամանակ անհեթեթ է ենթադրությունը մեր ժողովրդի փչացածության մասին: Ու պատճառը բանակայում չծառայող իշխանավորների ու օլիգարխների թուլեքի պատճառով առաջացած անարդարության զգացումը չէ, ոչ էլ Խաչատուրովի նման շտաբի պետերը… Պատճառը ձգվում-հասնում է երրորդ-չորրորդ դար:
Այն ժամանակ զինապարտության գաղափարն իսկ չկար, զինվոր լինելը ոչ թե պարտականություն էր, այլ իրավունք, որը դեռ մի բան էլ պիտի վաստակեիր: Եվ մեր ազնվականությունն այդ ժամանակ գործեց իր ճակատագրական սխալը. ռազմական գործը դարձրեց սեփական մենաշնորհ, ռամիկ խավին զրկեց զինվոր լինելու իրավունքից: Ռանչպարին մնաց միայն բահը, նրա սուրը ժանգոտեց և դարձավ ոչ պիտանի:
Հետևանքները եղան սոսկալի: Երբ մեր լեռնաշխարհ ներխուժեցին թուրքական հորդաները, մեր ասպետական զորախմբերը բաց մարտում նրանց ջարդում էին, անգամ եթե թշնամին տասնապատիկ շատ էր: Սակայն թուրքը կոտորում էր վաղուց արդեն զենքից հետ վարժված խաղաղ ռամիկներին, ու դրանով կռում իր անազնիվ հաղթանակը: Այդպես էր ամենուր, բացառությամբ Արցախի ու Սյունիքի, ուր անհնազանդ իշխաններն ու ռամիկները ժամանակին ուժ գտան չհնազանդվելու անգամ քրիստոնեություն ընդունած հայոց թագավորներին: Շուրջ 1000 տարի նրանք կռվում էին երկու ճակատով`արտաքին թշնամուց պաշտպանելով երկրամասը և հայոց թագավորներից` նախնյաց հավատքը:
Արդյունքում Հայոց աշխարհի մեծ մասը 1000 տարի տառապեց թուրքի լծի տակ, իսկ համատարած զենքին սովոր բնակչություն ունեցող Արցախն ու Սյունիքը մինչև 18-րդ դարի վերջ պահպանեցին իրենց անկախությունը` մինչև կամովին ռուսական տիրապետություն ընդունելը:
Պատահական չէ, որ մեր պետականության վերականգնումը սկսվեց հենց Արցախից, որը ԽՍՀՄ տարիներին ռեկորդային քանակով մարշալներ ու պատերազմի հերոսներ տվեց: Ու միանգամայն բնական է, որ մեր իշխող վերնախավում այսօր գերակշռում արցախցիները: Դա մեր բարեբախտությունն է խոշոր հաշվով, այլ ոչ թե «անիծյալ ղարաբաղյան կլանի լուծ»: Քանզի Արցախի ու Սյունիքի խալխը օտարազգի ստրկության նվազագույն փորձ ունեն` ի տարբերություն Հայկական Բարձրավանդակի այլ բնակիչների, և նրանց նույնիսկ անգրագետ չոբանն իր արյան մեջ կրում է պետականության բնազդը… Եվ արցախցու մտքով երբեք չի անցնի այնպիսի հիմարություն դուրս տալ, իբր մեզ բանակ պետք չէ:
Հա, մի գործոն ևս, որ էական դեր է խաղացել հայոց մեջ դասալիքի պատկերացումներ ձևավորելու մեջ: Բոլշևիկները արեցին այնպիսի ստորություն, ինչպիսին էր բացառապես բանվորագյուղացիական բանակ ստեղծելը: Իսկ ազնվական տարրից զուրկ բանակը չի կարող լիարժեք լինել: Ու ցավոք «բանվորագյուղացիական» սովետական սովորույթը մեզ ժառանգություն հասավ` ձևավորելով այն ամենը, ինչը մեր բանակում մենք տհաճ ենք համարում: Իսկ դա միայն մեկ դեղատոմս ունի` մտավորականության շարժը դեպի բանակ: Մեր սպաները պետք է մտավորական լինեն: Ե՜վ ռազմական ուսումնարանները պիտի մտավորական դաստիարակեն ու ձևավորեն, և՜ մտավորականությունը պետք է մուտք գործի բանակ: Թող ոչ ոք իրեն ավելի «լավ տղա» չհամարի, քան ազատամարտին մասնակցած մեծն Ալեքսանդր Թամանյանի թոռ Ալեքսանդր Թամանյանը կամ նախկին առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի որդի Գագիկը, բազում այլ մտավորականներ, ում մասին այսօր մոռացել են գրեթե բոլորը…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ահա և վերադարձանք: Այսօր հին Նոր տարին է, հունվարի 13-ը: Քիչ էր մնում ասեի` ուրբաթ, բայց թո՜ւ, թո՜ւ, թո՜ւ` հինգշաբթի է: Այսօր էլ վարչապետը լրագրողների ընդունելություն արեց: Վախենում է 13 թվից, բայց` ի’նչ արած… օրը մնացել է որպես ավանդույթ` սնահավատությունների վրա թքած ունեցած Անդրանիկ Մարգարյանից: Չնայած` լավ է անում, որ վախենում է. ասպարեզում տնտեսական ծավալուն հարցազրույցով հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը, ու միգուցե, բավականին շուտովՏիգրան Սարգսյանի կկուն (կամ «Կուկուն») կանչի, ի’նչ իմանաս…
Լավ, տոնաշրջանի վերջին օրը մարդու բախտի վրա չկռռանք: Բայց Քոչարյանի երևալը մի բան նշանակում է, առավել ևս, որ բոլորն ինչ-որ փոփոխության են սպասում:
Միգուցե ընդամենը զոնդաժ է անում, թե իրեն հավատարիմ որքան պաշտոնավոր ու փողատեր է մնացել, որպեսզի ըստ այդմ որոշի` ընտրարշավի մեջ թաթախվո՞ւմ է, թե՞… Իհարկե, ավելի լավ է էդ «թե»-ն լինի, քանզի խելքը գլուխը չի հավաքել ու շարունակում է լավ բան համարել կոնյակի գործարանը ջրի գնով ֆրանսիացիներին վաճառելը, Էռնեկյանի պես մեկին օդանավակայանի գլխին կարգելը և «էլիտար» քառակուսի գոմերով Հյուսիսային պողոտա սարքելը:
Դե, կադրային փոփոխությունների մասին ի՞նչ ասես. նորանշանակ պաշտոնյաները իրենց ենթակա կառույցներից վռնդում են հներին ու համալրում սեփական կադրերով: Օրինակ, արդարադատության նախարարությունում շատացել են նոր նախարարի հովանավոր Դավիթ Հարությունյանին արտաքնապես նմանվող դեմքերը, նույնը հիմա տեղի կունենա և զինդատախազությունում` ինծիլիգենտիկ, փափլիկ, արտաքնապես կուլտուրական, բայց նենգավոր ու խորամանկ գալստուկավորներ… Ծաղիկ Ռուբոյի չսիրած տեսակից:
Ծաղիկ Ռուբոյի անդամակցած կուսակցությունն էլ պատրաստվում է համագումարի: Ռուսամետությունից փոքր-ինչ շեղվելու են դեպի արևմտամետություն, բայց սուտ է, թե կոալիցիայից դուրս կգան ու 2013-ին (էլի 13, գրո’ղը տանի) Սերժ Սարգսյանին չեն աջակցի: Դե, իսկ վերադասավորումների մասին պատի տակի խոսակցություններին էս ազիզ օրով անդրադառնալու հավես չունեմ… Ակնհայտ բաներ էնքա՜ն կան:
Ակնհայտներից մեկը Կարապետիչի հանրահավաքն էր: Առանց կոպիտ կարգախոսների տվեց-սպանեց ՀԱԿ-ին` միանգամից ավելի շատ մարդ հավաքելով: Իշխանավորներից էլ ընդամենը ՀՌԱՀ-ում ծակշալվարավորից ունևոր դարձած Գրիգոր Ամալյանին անպատվեց` խոստանալով ԱԼՄ-ի եթերազրկման վերաբերյալ ՀՌԱՀ որոշումը մտցնել նրա համապատասխան տեղը:
Բայց հարցեր կան… Էդ որ միտինգ ես անում, արդարություն ես ուզում` լավ է, Կարապետիչ ջան: Բա «Երևան» հայրենակցական ստեղծելը ո՞րն է. քեզնից եթեր խլած դատախազ Աղվանի «Նիգ-Ապարանի» ջիգրո՞ւ ես անում: Թե՞ քաղքի տղա Կայարանցի Սաշիկը (այդպես էր Կարապետիչի երիտասարդական մականունը) միավորվելու է քաղքի տղերք Չոռնի Գագոյի ու Թոխմախի Մհերի հետ: Լավ, չենթադրենք ու չբամբասենք, առավել ևս, որ մհերականներն իրենց նեղ կրուգում Կարապետիչի մասով հարցը փակել են`« Դա չլնելու բան ա»:
Բայց իսկական «բոց» էին թուրքերը: Նախ` վարչապետ Էրդողանը «տգեղ ու հրեշավոր» անվանեց Կարսում տեղադրված` հայ-թուրքական չեղած ու չլինող բարեկամության 35 մետրանոց արձանը և հրամայեց քանդել այն: Ճիշտ էլ արեց, վաղուց պետք էր էդ կեղծիքից հրաժարվել, համ էլ քիրվայության ջատագով տարբեր վանյանօղլիներն իրենց հարամ հացից կզրկվեն: Բայց ամենահաճելին Եմենում նկարահանված հեռուստակադրերն էին, թե ինչպես են զոհված թուրք ասկյարների հուշարձանի բացմանը զռռոց հիշեցնող ձայնով լաց լինում նախագահ Գյուլը ու մի քանի նախարարներ: Դե, լացելու պետականակերտ ավանդույթը ստեղծել էր Էրդողանը` ամիսներ առաջ զռռալով Թուրքիայի խորհրդարանում:
Հա, էշերի գծով էլ ահագին խաբարներ կան Թուրքաց պետությունից: Ոստիկանությունը կենդանիների պաշտպանության կազմակերպության պահանջով հետաքննում է 4 հոգու կողմից էշ բռնաբարելու դեպքը… Սակայն Թուրքիայում եղավ ոչ միայն էշի խմբակային բռնաբարություն, այլև էշերի հարսանիք`քավորով ու մնացած ամեն ինչով: Որն էլ ավարտվեց դրա մասնակից մարդկանց (կներեք` թուրքերի) տուրուդմբոցով…
Ահա այսպիսի բաներ, հարգելի ընթերցող: Շնորհավոր քո անցած տոները և հին Նոր տարին: Ուրախ եղիր, և եթե հետևես ՀՀԿ-ական պատգամավոր Հովիկ Սահակյանի հորդորին և հարամ մարդկանց հետ չխմես, ապա երբեք խումհար չես ունենա:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այս տարեվերջին բնորոշ կարելի է համարել «շունը տիրոջը չի ճանաչում» ասույթը: Այսինքն, մի ժամանակահատված, երբ հոգնած են բոլորը ու ոչ ոք հավես չունի հետևել որևէ գործընթացի, բոլորը զբաղված են տարին փակելով ու ամանորյա գերագույն անիմաստ հարբեցողությանը պատրաստվելով: Այսինքն` ժամանակահատված, երբ շատ հարմար է որևէ բան «եփել» և բոլորին անակնկալի բերել: Զորօրինակ, հենց Ամանորին Ֆիդել Կաստրոն Կուբայում փոքրիկ զինյալ գործողությամբ զավթեց իշխանությունը, անակնկալի բերելով բռնապետ Բատիստային…
Ուստի, ավելորդ չենք համարում դիտարկել, թե ո՞վ ու ինչպե՞ս օգտագործեց այդ «ոսկյա ժամանակահատվածի» սկիզբը: Անշուշտ, պետք է խոստովանենք, որ ամենատխմար ձևով օգտագործողը եղավ ՀԱԿ ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը, որն այդպես էլ չկարողացավ դուրս գալ «կովերի ամուսինների» մասին դատողությունների մակարդակից ու 20 տարվա մեջ արձանագրեց զրոյական աճ:
Ոչ ոք, բնականաբար, ոչինչ չի հիշի նրա կողմից հրապարակած «ահավոր տնտեսական անկման» հեռանկարի թվերից, ոչ հակառակորդները, ոչ էլ ճամբարակիցները: Ոչ ոք հավես չունի: Հիշվեց միայն մեկ բան` նրա խոստովանությունը, որ թունդ հակառակորդ է Հայ առաքելական եկեղեցու.«Հայոց պետականության կորուստները հիմնականում տեղի են ունեցել հենց եկեղեցու պատճառով։ Ինչպե՞ս կարող է դա եկեղեցի լինել, եթե չի պատկանում որևէ քրիստոնեական ճյուղի և 1500 տարի չի փոխվում։ Անպատժելի մի կառույց է դա՝ Քրիստոսի և հավատքի հետ, իմ կարծիքով, կապ չունեցող։ Մի՞թե դա պարզ չէ։ Եթե եկեղեցին կրթությամբ է զբաղվում, առողջապահությամբ, այդ եկեղեցին պետության կարիք չունի։ Գտնում եմ, որ այն զգալիորեն պետք է բարեփոխվի, և չեմ գտնում, որ տերտերների կամայականությունը՝ ոչինչ չփոխելու, պետք է գերակայի։ Մեկ անգամ տեսե՞լ եք հայ առաքելական եկեղեցու եկամուտների ու ծախսերի բալանսը մամուլում տպված։ Որտեղի՞ց այդ փողերը։ Ո՞վ է սահմանում մոմի գինը»:
Բնականաբար, Բագրատյանը դրանով ավելացրեց ՀԱԿ-ի նկատմամբ հակակրանքը: Իրենց քրիստոնյա համարող հայերը նրան միանգամից կասեն` դու հայ քրիստոնյա չես: Իսկ հեթանոսները կատաղել են նրանից, որ նախկին վարչապետը եկեղեցու այիբ է համարում այն, ինչը ազգահավատները համարում են եկեղեցու գործունեության օգտակարության միակ վկայությունը. Քրիստոնեության որևէ համաշխարհային ճյուղին չպատկանելը ու բացառապես հայերինն ու հայկական լինելը և ավանդապահությունը` 15 դարի ընթացքում չփոխվելը: Ինչ վերաբերում է եկեղեցու ֆինանսական բալանսը մամուլում տպելու առաջարկին, ապա դա ընկալվում է մոտավորապես այնպես, ինչպես կընկալվեր ընտանիքի առագաստը տպելու պահանջ… Պարզ է, որ Բագրատյանի այդ մոտեցումը տեղավորվում է ՀԱԿ-ի` ավանդական բոլոր սրբությունները պսակազերծելու և ցեխի հետ խառնելու ռազմավարության մեջ, սակայն ազգերը, առավելևս` հայերի պես հնագույն ազգը, սովորաբար այդպիսի «նորարարություններին» հույժ բացասաբար են վերաբերում:
Ինչևէ, մի կողմ թողնենք ՀԱԿ-ին, և անցնենք նախաամանորյան շրջանն առավել արդյունավետությամբ օգտագործած գործիչներին: Այդպիսին է, անկասկած, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Ամանորից 10 օր առաջ հանդիպեց Ռուսաստանի փաստացի տիրակալ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման բովանդակության մասին գործնականում ոչինչ հայտնի չէ, նույնիսկ նրա խնամի Վալոդը, մամուլի վկայությամբ, դրանից անտեղյակ է: Եվ ամեն ինչ գնում է ենթադրությունների գիրկը: Ամենաքաջատեղյակ ենթադրողներից մեկը` Գալուստ Սահակյանը, պնդում է, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ ներքաղաքական կյանքի վրա ոչ մի էական ազդեցություն չունի: Մյուս կողմից, նա նշում է, որ ՀՀ երկրորդ նախագանը երբեք ՀՀ ազգային-պետական շահի դեմ ոչինչ չի անի: Այսինքն` հնարավորություն ունի, բայց չի անի:
Սակայն Ռոբերտ Քոչարյանն այդքան հասարակ ֆիգուր չէ: Նախ` ինչպե՞ս եղավ, որ արդեն գրեթե 2 տարի գործում են լրատվամիջոցներ, որոնք «քըխ» են ասում և՜ Սերժ Սարգսյանին, և՜ Լևոն Տեր-Պետրոսյանին, երբեմն նույնիսկ այդ երկուսի համատեղ դավադրության տեսությունն են առաջ քաշում: Այդպիսի ուղեգծի պահպանումը, այդպիսի տեղեկատվական դաշտի բավականին լայն հատվածում, այդքան տևական ժամանակ ահագին փող արժե, իսկ Ռ. Քոչարյանը «ձեռքից պինդ» անձնավորություն է… Հենց այնպես ներդրում չի անի:
Հաջորդը` այդ ինչպե՞ս եղավ, որ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի այն խոսքին, որ ինքը ոչ ոքի վերջնագիր չի ներկայացնում, այլ ԲՀԿ-ին ներկայացրել է պահանջներ` ճիշտ այնպես, ինչպես ներկայացնում է ՀՀԿ-ին, հանկարծ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն իրենից ոչինչ չի պահանջել: Ո՞ր դեպքի համար է նա «ոտատեղ» անում, հո չի կարող լրջորեն հուսալ, որ ինքնուրույն կարող է ինչ-որ խաղ խաղալ:
Եվ չենք կարող չհիշատակել մեր գործընկեր Լուսինե Կեսոյանի սենսացիոն բացահայտումը օգոստոսի 18-ին Երևանի էլիտար ակումբներից մեկում Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մեհրիբան Ալիևայի գաղտնի հանդիպման վերաբերյալ: Թեև Բելառուսի նախագահը գագաթնաժողովի օրերին ապրում էր Գագիկ Ծառուկյանի դղյակում, սակայն այդպիսի հանդիպում կազմակերպելը հաստատ նրա խելքի բանը չէ: ՀՀ գործող նախագահի մերձավորագույն շրջապատից որևէ մեկը նույնպես դժվար թե գլուխը դներ այդպիսի «շառ» գործի տակ, որը սպառնում է սկանդալային անկանխատեսելի հետևանքներով: Մնում է Ռոբերտ Քոչարյանը, որի կապերը (որ ձևավորվել են ոչ միայն 10 տարվա նախագահության, այլև դրան նախորդող 15 տարիների ընթացքում) միանգամայն պիտանի են այդպիսի գործողությունը գլուխ բերելու համար:
Ինչևէ, Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի լուրջ ֆիգուր է, քան շատերը կարծում են: Եվ նրա լռությունն ամենևին չի նշանակում, որ նա չկա: Չէ՞ որ, եթե Լևոն Տեր-Պետրոսյանին լռության 10 տարուց հետո 2008-ին հաջողվել էր աշխատացնել պետական համակարգում պահպանված իր կադրերին, ապա Ռոբերտ Քոչարյանին առավելևս դա կհաջողվի: Ու ապարատը մաքրելը չի օգնի` նույն Քոչարյանը 10 տարի պետական մեքենան մաքրում էր «լևոնականներից», սակայն այդպես էլ մինչև վերջ չկարողացավ:
Եվ հիմա նա ունի ահագին պոտենցիալ` Պուտինից ստացած որոշակի երաշխիքներ, մարդիկ պետական ապարատում, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ու այլ ուժերի` իր հանդեպ ունեցած ստվերային պարտավորությունները, մեծ փողեր, լրատվական դաշտ, այդ թվում` հեռուստաեթեր, 25 տարում կուտակած կապեր ներսում ու դրսում… Եվ գրեթե ակնհայտ է, որ 2011-ին նա շռնդալից վերադառնալու է հրապարակային քաղաքական դաշտ: Շատերի համար` անսպասելի, քաջատեղյակ փոքրամասնության համար` միանգամայն սպասելի: Նամանավանդ, որ վարչապետափոխության նախադրյալներն էլ արդեն երևում են …
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Երևանի «անխորտակելի» քաղաքապետի խորտակումից հետո, շաբաթվա ընթացքում սրընթաց կադրային զարգացումները շարունակվեցին: Բոլորը սպասում էին, որ մայրաքաղաքը ղեկավարելը կստանձնի առաջին փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով վայելում է ինչպես կուսակիցների, այնպես էլ մայրաքաղաքի բնակչության համակրանքը, բայց… քաղաքապետ դարձավ «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավար Կարեն Կարապետյանը:
Ամենաթունդ «նարնջագույնները» դրանում հակված են տեսնել «ղարաբաղյան կլանի» հերթական դավադրությունն ընդդեմ «հայաստանցիների», մասնավորապես` երևանցիների, քանզի Կարեն Կարապետյանն արցախյան ծագում ունի:
Սակայն իրականում նա նույնքան երևանցի է, ինչքան և մայրաքաղաքի բնակչության 95 տոկոսը, ու նրա արցախյան ծագման մասին իմանում են միայն նրանք, ովքեր նրան հարց են ուղղում արմատների մասին: Այսինքն, եթե կանխավ չիմանաս նրա ծագման մասին և պատահմամբ հանդիպես որևէ տեղ, ապա գլխանց հակված կլինես մտածել, որ «քաղաքի տղա» է: Այսինքն՝ զուտ «կլանային» հաշիվներ փնտրելն ավելորդ է:
Այնուամենայնիվ, հարց է ծագում. ինչո՞ւ Կարեն Կարապետյանը, այն էլ` ՀՀ նախագահի անձնական ու շահագրգիռ ներկայացումով ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ: Այդտեղ արդեն աշխարհաքաղաքական բաղադրիչը վճռորոշ նշանակություն է ստանում: Գաղտնիք չէ, որ Կարեն Կարապետյանը փաստացի ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչ է: Հետևաբար, նրա քաղաքապետությունը Ռուսաստանի ազդեցության ուղղակի ուժեղացում է նշանակում, մանավանդ որ, ընտրությունների ժամանակ Երևանի ու երևանյան քաղաքապետի դերը գրեթե վճռորոշ է:
Կա ևս մեկ կարևոր պահ: Խոշոր հաշվով Կարեն Կարապետյանի համար մայրաքաղաք ղեկավարելը ոչ թե լրացուցիչ առավելություն է, այլ ավելորդ բեռ: Հետևաբար` նրան խնդրել են ստանձնել այդ պաշտոնը ինչպես մեր նախագահականից, այնպես էլ Մոսկվայից: Համաձայնել դրան նա, թերևս, կարող էր, եթե քաղաքապետությունը տրամպլին է դեպի ավելի բարձր պաշտոն: Դեպի վարչապետություն…
Հարց է ծագում` ե՞րբ, մինչև՞ ԱԺ ընտրությունները, թե՞ ընտրություններից հետո:
Չէ՞ որ Տիգրան Սարգսյանի դիրքերի ամրապնդման կամ թուլացման հարցը նաև պայքար է ՀՀԿ-ի, պայմանականորեն ասած՝ արևմտամետ և ցեղակրոն թևերի միջև: Ու արևմտամետների ներկայացուցիչ են ՀՀԿ-ի կարիերիստ ներկայացուցիչները: Դասական օրինակ է Արմեն Աշոտյանը, ով պատրաստ է հայոց լեզու զոհաբերել հանուն ինչ-որ առասպելական «մրցունակության»:
Սակայն թեև Գագիկ Բեգլարյանի զոհաբերումով Տիգրան Սարգսյանը ստացավ դիրքային առավելություն, այն անմիջապես «ջրվեց»: Կարեն Կարապետյանի նշանակումը դրա վառ ապացույցն է: Նա քաղաքապետի պաշտոնում չտեսավ թեև ցեղակրոն, բայց երիտասարդ ու անփորձ Տարոն Մարգարյանին: Փոխարենն եկավ Ռուսաստանի ու «Գազպրոմի» հետ սերտորեն կապված թրծված «գայլը»: Եվ դա քիչ էր, ստացավ նոր ու դաժան հարված` պաշտոնանկ արվեց նրա ամենամտերիմ և կարևոր նախարար Ներսես Երիցյանը: Ճիշտ է, նրան փոխարինելու եկավ թիմակից Տիգրան Դավթյանը, սակայն վերջինս ոչ միայն լղարիկ է, այլև թույլիկ: Իսկ Վաչե Գաբրիելյանը թեև բրիտանական կադր է, բայց, այնուամենայնիվ, ավելի շատ կապված է Ռոբերտ Քոչարյանի քան Տիգրան Սարգսյանի հետ:
Այսինքն` վարչապետը միանգամից և զգալիորեն թուլացվեց: Ու չպետք է բացառել, որ նրան «գուդբայ» կասեն դեռ ընտրություններից առաջ: Եթե դուրս թռնի Արմենչիկ Գևորգյանը (իսկ դա շատ հավանական է), ապա նշանակում է, որ վարչապետը, պատկերավոր ասած՝ թքում է վարչա Փետին…
Ի դեպ, կանխատեսվող և միտումնավոր արտահոսքի տակ դրվող ապագա կադրային փոփոխությունները նույնպես լավ բան չեն խոստանում Տիգրան Սարգսյանին: Զորօրինակ՝ «ուգալովնիկ» Լիսկային «ֆաշիստ» Խաչիկ Ասրյանով փոխարինելը դժվար թե ուժեղացնի նրա դիրքերը, եթե չասենք հակառակը: Իսկ Փարիզի հետ սերտ կապեր ունեցող նրբամիտ Էդուարդ Նալբանդյանին կարծրախոս ու դիվանագիտական նրբանկատությունը բանի տեղ չդնող Շավարշ Քոչարյանով, նույնպես կթուլացնի ցանկացած արևմտամետ ուղեգիծ…
Վարչապետ Տիկոյին զոհաբերելու համար մնում է ընդամենը մեկ «դետալ»` որպեսզի ռուսները ստանձնեն երաշխավորի դերը ամերիկացիներին Հայաստանի կողմից «գրողի ծոցն» ուղարկելու դիմաց: Իսկ դրան շատ մոտ ենք, հաշվի առնելով ՌԴ-ԱՄՆ սրվող հակասությունն ու այն, որ մենք զենք ենք ստանում հենց ռուսներից:
Իսկ մեր տարածաշրջանում չկոտորվելու համար զենքն ավելի կարևոր է, քան փողը, որի մասին Վազգեն Սարգսյանը դեռ 13 տարի առաջ ասել էր. «Փողը թուղթ է»:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հայոց լրատվամիջոցների, բլոգների, պատի տակի խոսակցությունների թիվ 1 թեման, անշուշտ, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականն է: Արտերկրյա մամուլը, այդ թվում` թուրքականն ու ադրբեջանականը, նույնպես դրան անդրադարձել են, բայց ոչ առանց հայաստանյան «պասի»:Արձագանքները երկրի ներսում հայտնի են. ոմանք որակում են դա բարու ուժերի հաղթանակ չարի նկատմամբ, ոմանք` զուտ միջկլանային հերթական «ռազբորկայի» արգասիք: Միանգամից նշեմ, որ երկու մեկնաբանություններն էլ կեղծիք են, և փորձեմ ներկայացնել բուն և ավելի բարդ շարժառիթների գոնե մի մասը:
Եվ այսպես, մի կողմ թողնելով հանրահայտ տեղեկատվությունը, ներկայացնեմ բլոգներից մեկում եղած բավականին ուշագրավ վարկածները: Բլոգեր Պարզէ-ն` parze.livejournal.com, գրում է. «Այդ ինչպե՞ս եղավ, որ այդպես եղավ… հրավիրատոմսերի հարցը… Իհարկե Բեգլարյանը տաքարյունություն արեց, բայց դե հատուկ ծառայություններն իրա հենց էդ հատկության վրա էլ «ստավկա» էին արել. աշխատեց… Բեգլարյանի կյանքում, իհարկե, առաջին այսպիսի պահվածքը չէր, բայց նախագահականի աշխատողի հանդե՞պ… չէ, ոչ մեկի հանդեպ ընդունելի չի, և չպետք է լինի, բայց նախագահականի նույնիսկ ամենակրտսեր աշխատողի հանդեպ այսպիսի արարքը, բնականաբար, նախագահի կողմից պետք է դիտվի որպես անարգանք իրեն, նախագահի ինստիտուտին, պետությանը… էդ ով չգիտի, որ նախագահի անմիջապես կողքը Բեգլարյանը չի նստում, այլ՝ վարչապետ, ԱԺ նախագահ, Ամենայն Հայոց կաթողիկոս… հետո նոր Երևանի քաղաքապետ.. էլ ուր մնաց թե՝ քաղաքապետի կինը»:
Այսինքն՝ հարց է ծագում. ո՞վ է դասավորել հրավիրատոմսերի այնպիսի համարակալումը, որ Գագիկ Բեգլարյանը պիտի հայտնվեր անմիջապես ՀՀ նախագահի կողքը` իր «զակոննի» հրավիրատոմսով: Եթե քաղաքապետը գար, երիտասարդ չինովնիկ Արամ Կանդայանը հարկադրված կլիներ նրան խնդրել մեկ տեղ այն կողմ նստել, սակայն Բեգլարյանի չգալով՝ դա տեղի ունեցավ նրա կնոջ հետ: Բնականաբար, դահլիճի VIP հատվածում ով էլ լիներ, առնվազը կտարակուսեր, թե ինչու ինչ -որ մեկն իրեն հանում է հրավիրատոմսում նշված տեղից, իսկ իշխանական բուրգում ազդեցիկ տեղ ունեցողը հաստատ կվրդովվեր: Մանավանդ` Բեգլարյանը, որ ինչպես «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, այնպես էլ տարբեր իշխանական խնջույքներին, նստել է ՀՀ նախագահի կողքը: Հաշվարկը հստակ էր` Երևանի քաղաքապետը կգա, թե միայն կնոջը կուղարկի համերգի, կոնֆլիկտը պատրաստ է: Ու միանգամայն կանխատեսելի էր արձագանքը` «Դու ո՞վ ես, այ լածիրակ, որ ասես՝ կինս ուր նստի»:
Սակայն շարունակությունն է հետաքրքիր: Արամ Կանդայանը՝ որպես չինովնիկ, նույնիսկ հիվանդանոցում հայտնվելու դեպքում չէր հրապարակայնացնի ներիշխանական միջադեպը, եթե չունենար ՇԱՏ ԱԶԴԵՑԻԿ մեկի «դաբրոնն»: Թե ով է այդ ազդեցիկը` մի փոքր անց, սակայն փաստը մնում է փաստ, որ կայքերով, բլոգներով ու մամուլով հետևողական աշխատանք է տարվել այդ պատմությունն առավելագույնս հրապարակայնացնելու համար: Եվ տարվել է դասական սխեմայով. սկզբում` կցկտուր ասեկոսե, որը քննարկվում է սոցիալական ցանցերում ու բլոգներում, հետո լրատվական հայտնի քիլլերներից մեկը Ֆեյսբուքում թողնում է մեկնաբանություն` բոլոր մանրամասներով, ուր հիշատակվում է նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի անունը` Արամ Կանդայանին «սամասուդի» հանձնողի դերում: Այնուհետ դա միանգամից հայտնվում է լրատվական կայքերում, հաջորդ օրը` մամուլում: Ու ՀՀ նախագահին մնում էր միան մեկ տարբերակ` պաշտոնանկ անել Երևանի քաղաքապետին: Ու դրանով պիտի սկսվեր պաշտոնանկությունների շղթան, և Բեգլարյանի «պոչից» կպցնելու հարմար թեկնածուն եղավ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ով հաստատ վերջինը չի…
Հենց Գևորգ Դանիելյանի պահով էլ բացվում է այն հանգամանքը, թե ով է ՇԱՏ ԱԶԴԵՑԻԿ մեկը, որ «դաբրո» է տվել: Վարչապետ Տիգրան Սարգսյանը թատերականացված վրդովվում է, թե` տեսեք, ես Գևորգ Դանիելյանին հանձնարարել եմ պատժել ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանին այն բանի համար, որ ապտակել էր ԴԱՀԿ աշխատակազմի ղեկավարին: Մինչդեռ բոլորը գիտեն, որ նախարարը չէր կարող նույնիսկ թթու խոսք ասել «Քեթրինի Միհրանին», էլ ուր մնաց պատժելը: Այսինքն` վարչապետը չկարողացավ թաքցնել, որ իր եփած ինտրիգը ՍՏԱՑՎՈՒՄ է, և եթե Գագիկ Բեգլարյանն անզսպության պատճառով կուլ տվեց խայծը, ապա Տիգրան Սարգսյանը անզսպության պատճառով մատնեց ինքն իրեն…
Եվ այսպես, վարչապետը կարողացավ ազատվել իր «աչքի գրող» այնպիսի ֆիգուրներից, ինչպիսիք են Գագիկ Բեգլարյանն ու Գևորգ Դանիելյանը, ՀՀ նախագահի` Մոսկվայից վերադառնալուց հետո դուրս կթռնի և Միհրան Պողոսյանը: Սակայն Կարեն Կարապետյանի դեպքում «քվանշ» եղավ, բայց լրատվական արշավը նրա դեմ շարունակվում է: Ու այդ արշավին միացել են բոլոր նրանք, ովքեր հախուհաշիվ ունեն նրա հետ, այդ թվում և ենթադրվում է, որ դրան ակտիվորեն մասնակցում է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Եվ հիմա ի՞նչ… Բոլորը փորձում են օգուտ կորզել ստեղծված իրավիճակից: ՀՀ նախագահն առիթն օգտագործում է, որպեսզի ծավալի ձեռքերը երկարացնող պաշտոնյաներին պատժելու լայնածավալ արշավ, որն, անշուշտ, լավ կընկալվի ժողովրդի կողմից և գոնե մի քիչ մեր երկիրը կմոտեցնի առավել օրինավոր վիճակի: Վարչապետը կփորձի ազատվել այն ազդեցիկ հանրապետականներից, ում վրա «վերխ վերցնելու» մասին երազել անգամ չէր կարող, զուգահեռաբար կձգտի պետական ապարատում շատացնել ամերիկամետ կադրերի տեսակարար կշիռը: Իսկ մյուսներն էլ մանր կամ խոշոր չափով կփորձեն սեփական շահն առաջ բրդել… Ահա այսքանը:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
P. S. – Մի երկու բառ էլ այն ընթերցողներին, որ սիրում են ինքնուրույն վերլուծել: Անշուշտ, դուք գիտեք, թե որ կայքի ու թերթի իրական տերերն ովքեր են: Նայեք, որ օրը և որ ժամին եղել է հայտնի գրառումը Ֆեյսբուքում, նայեք նաև, ինչքան ժամանակ անց որ լրատվական կայքն ու ինչպես դա արտատպել է, նաև նայեք, թե հաջորդ օրը որ թերթը ու ինչպիսի նյութ է հրապարակել: Եվ հեշտությամբ կհաշվարկեք, թե ովքեր էին այդ հաջողված կադրային օպերացիայի հիմնական կատարողները… Բարի ժամանց:
Մի քիչ առաջ դիտում էի ադրբեջանական քարոզչության նմուշներից մեկը «Աշխարհի թիվ 1 ահաբեկիչ» կոչվող տեսաֆիլմը: Պատահմամբ հանդիպեցի «Յութուբում»: Երաժշտական ֆոնը` ինչ-որ անկապ գերժամանակակից հայկական ռոք: Կադրերում` Մոնթեի ամենաընտիր մարտական կադրերը, հետն էլ` Խոջալուի թուրքական «կորուստների» մասին լացակումած տեքստը` վառ կարմիր տառերով: Դե, ինչ ասեմ… մեր թշնամի հարևանները դրանով փորձում էին ներկայացնել «Խոջալուի ցեղասպանության» առասպելը… Աշխարհին ներկայանալ՝ որպես խեղճ զոհ: Զոհի կերպարը մոտները փոքր- ինչ կեղծ դուրս եկավ, իսկ Մոնթեն` որպես հոյակապ սուպերմեն, գերհերոս: Այդպիսի գերհերոսից ոչ մի առողջ ազգ երբևէ չի հրաժարվի: Ու մնում է ֆիլմի հեղինակներին շնորհակալություն հայտնել` սեփական բիոմասսա թուրք բնակչության ոգին կոտրելու հաջող օրինակի համար, և անցնել առաջ:
Պարզվում է, որ մենք էլ ունենք «համամարդկային միավոր» գործիչներ, որ հաջողացրել են մեր թշնամուց ներողություն խնդրել մեր հաղթանակների համար: Խոսքը միայն համահայկական խայտառակություն Գեորգի Վանյանի մասին չէ, որը 9000 դոլարի (30 արծաթի արդի համարժեքի) դիմաց փորձում էր կազմակերպել ադրբեջանական ֆիլմերի փառատոն, ու այդպես էլ չգտավ մի հայ մարդու, որ վարձով միջին չափերի սենյակ տրամադրեր իրեն: Այդ նմուշը հասցրել էր ներողություն խնդրել թուրքերից «Խոջալուի համար», և պարզվում է, որ միայնակ չէ: Նույնը հասցրել էր նաև «իրավապաշտպան» Միկա Դանիելյանը, ով ի լրումն դրա՝ հասցրել էր վրդովվել, թե ինչու ժամանակին հերոս ազատամարտիկ Վարուժան Կարապետյանին Երևանում կայացած առաջին ասուլիսին հայ լրագրողները ողջունել էին ծափողջույններով: Նա անմիջապես եկել էր եզրակացության, որ ամբողջ հայ հանրությունը կարիք ունի արևմտյան հոգեբույժների: Տարիներ առաջ ոչ մի հայկական լրատվամիջոց չգտնվեց, որ այդ զառանցանքները տպագրեր, ուստի հեղինակը բավարարվեց ադրբեջանական կայքերով: Բայց… նաև ոչ ոք պատասխան չպահանջեց դավաճանական գաղափարների համար: Հասկանալի է, որ ոչ ոք չցանկացավ այդպիսի գարշելի չմոներին սատկացնելու համար պատժաժամկետ շալակել, սակայն գոնե պետությունը պիտի զբաղվեր հարմար պատրվակներով այդպիսիների վնասազերծման աշխատանքով: Չզբաղվեց: Վանյանական վերջին այլանդակության վնասազերծման գործում էլ պետությունը ոչ մի դերակատարում չունեցավ: Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը չկայացավ զուտ ժողովրդական դիմադրության շնորհիվ, բայց ինչքա՞ն կարելի է ժողովրդի վրա թողնել այն, ինչը պետության պարտքն է: Ի վերջո, ըստ Կանետտիի՝ ժողովուրդը մանկապարտեզի միամիտ սաներից քիչ է տարբերվում, ու պահի տակ կարող է նաև գլխի չընկնել, թե ինչ են բերում իր գլխին: Եվ եթե մինչև հիմա բնազդաբար դիմադրել է, ապա զուտ նրա շնորհիվ, որ իրեն փորձել են պարտադրել ակնհայտ գարշահոտ ու մահացու բաներ:
Լավ է, գոնե նվազագույն չափով պետությունը ինչ- որ բաներ անում է: Լավ է, որ Աստանայում մեր նախագահը պարզ ասաց, որ եթե Ադրբեջանն ագրեսիա սկսի, ապա իրավաբանորեն կճանաչենք Արցախը ու ամեն ինչ կանենք այն պաշտպանելու համար: Ու լավ է, որ հարմար առիթ եղավ` լռեցնելու բոլոր նրանց, ովքեր բաց աչքերով երազում էին, որպեսզի մեր երկրի ղեկավարը ղազախաց մայրաքաղաքից պարտությամբ վերադառնա: Լավ է… ու նաև մի քիչ բախտներս բերեց, որ մտքներով չանցավ գերտերությունների ղեկավարների մոտ փորձել որևէ պարտադրանք, քանզի գերադասում են համակովկասյան պատերազմական հրդեհը վառելու ռիսկից հեռու մնալ: Ու լավ է, որ Աստանայում եռակողմ հանիպումը չկայացավ, որովհետև վերջին պահին Ալիևը ծլկեց: Իսկ ծլկելու պատճառ նա ուներ: WikiLeaks սկանդալային կայքի գաղտնազերծումների շնորհիվ բոլորին պարզ էր դարձել, որ քաջնազարական բախտով մազութային սուլթանատը ժառանգած այդ կերպարը բոլորից բամբասելու սովորություն ունի: Ու չարախոս բամբասանքի ամբողջ «խմբաքանակը» դեմը դրին. և Ռուսաստանի նախագահի ու վարչապետի փոխհարաբերությունների մասին դուրս տվածը, և ամերիկացիների մասին չարախոսածը, և Իրանի մասին «գործ տվածը», և ավագ եղբայր Թուրքիայի ղեկավարության մասին ասած «քըխ» բաները: Ամենահաճելին հենց թուրքական մամուլի ասածները նայելն էր, թե ինչպես են վրդովված եղբայրության կեղծ հավաստիացումներից հետո բացահայտված բազարային կնիկաբարո բամբասանքներից… դե հիմա Էրդողանն իրեն կհիշեցնի «զզվելի կառավարության» մասին խոսքը, եթե, իհարկե, ստիպված հրաժարական չտա սեփական կոռուպցիոն սկանդալների պատճառով:
Այո, օբյեկտիվորեն այս անգամ հանգամանքները մեր օգտին դասավորվեցին, և մեր երկրի առաջնորդը փառքով վերադարձավ Աստանայից: Բայց հո ամեն անգամ մեր «հայի բախտը» մեզ չի՞ ժպտա: Պիտի՞ որ պատրաստ լինենք նաև այն իրավիճակներին, երբ ազգի բովանդակ ուժերի մոբիլիզացիա անհրաժեշտ կլինի: Սակայն ունենք ներքին ցեցի դեր կատարողների բավականին մեծ բանակ: Որ չափավոր վճարի դիմաց պատրաստ են ներողություն խնդրել «Խոջալուի ցեղասպանության» համար, պահանջել «բուն ադրբեջանական հողերի օկուպացիայի դադարեցումը», երդվեն-պատռվեն, որ թուրքը այլևս քաղաքակիրթ է… Իսկ միգուցե չսպասե՞նք նրան, թե երբ պետությունը կբարեհաճի վնասազերծել այդ օրեցօր բազմացող վարակը: Միգուցե ամեն մեկս մեր տեղո՞ւմ դրանց հարցերը լուծենք… Վստահաբար, մեր խստության համար հայոց սրբերը մեզ չեն դատապարտի:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սերժ Սարգսյանի` Լիսաբոնի գագաթնաժողով չգնալը տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ: Մեծամասնությունն ասում է ` լավ ես արել: Իսկ առարկող փոքրամասնությունը բաժանվում է երկու մասի: Առաջինն ասում է` գնայիր, տեր կանգնեիր մեր դատին նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողվի ամբիոնից:
Երկրորդ մասն ասում է` դու ո՞վ ես, որ դեռ համարձակվես չներկայանալ: Այսինքն` աշխարհը որոշել է, որ այսպես ու այնպես, իսկ դու համարձակվել ես ասել` ոչ:
Ինչ վերաբերում է «աշխարհի» կատեգորիային, ապա պարզվում է, որ դա խիստ տարբեր է: Օրինակ՝ Լևոնն իր վերջին հանրահավաքին պարզ հասկացրեց, որ «աշխարհ» և «միջազգային հանրություն» ասելով, նկատի ունի թուրքերին ու ադրբեջանցիներին: Մյուսներն ավելի լայն են հասկանում, բայց վերջին հաշվով ամեն ինչ հանգում է «թուրքեր և ադրբեջանցիներ +» բանաձևին: Այդ «+»-ի մեջ մտնողները թուրքերին ու ադրբեջանցիներին իրենց զորությամբ գերազանցում են մի քանի տասնյակ և հարյուր անգամ, հետևաբար, մեր ազգային վարքագիծը հանգում է մի հարցադրման` դիմադրո՞ւմ, թե՞ ենթարկվում ենք այդ «+»-ին:
Ու այդ հարցադրման մեջ մտնում են ոչ միայն շարքային քաղաքացիներն ու նրանք, ովքեր իրենց գործունեության բնույթով առնչվում են այդ «+»-ի հետ, այլև պետության առաջին դեմքերը:
Բարեբախտաբար, Սիրիայում խորհրդարանի նախագահը հրապարակավ հայտարարեց, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել և չի լինի: Լավ նշան է: Ուրեմն` Աստանայում էլ ՀՀ նախագահը կռիվ կտա: Ու անկախ նրանից` սիրում ենք այդ դեմքերին, թե աչքներիս գրողներն են, պիտի նեցուկ լինենք, որ այդ միջազգային անառականոցներում կռիվ տան: Թող ԱԺ նախագահը 10 հազար անգամ մականունով կոչվի, իսկ ՀՀ նախագահը` փնովվի, միայն թե դեկտեմբերի 2-ին հաղթանակով վերադառնան Աստանայից:
Բայց նաև մենք բոլորս կապ ունենք: Ինչքան էլ չսիրենք մեր առաջին դեմքերին, վերջին տականքը կլինենք, եթե նրանց պարտություն մաղթենք Աստանայում: Ուրեմն` հաղթանակ նրանց, և հաղթական վերադարձ: Եվ ի՞նչ կարող ենք անել մենք` օրինակ են ցույց տվել շարքային արցախցիները: Բրիտանական «Պոպուլուս» սոցիոլոգիական ընկերությունը շատ ջանք ներդրեց, բայց այդպես էլ Արցախում չգտավ «փոխզիջման» որևէ կողմնակից: Եղավ զրո տոկոս, ու այդ հիմնարկի ղեկավար էնդրյու Կուպերն, ի վերջո, հարկադրվեց հայտարարել, որ ԼՂՀ ամբողջ բնակչությունը դեմ է որևէ փոխզիջման: Արցախը Հայաստանի կազմում չճանաչած միակ պետության ներկայացուցիչ, ամեն ինչով «նավթակիր» ազերիներին օգնելու պատրաստակամ անգլիացիք հարկադրված եղան խոստովանել, որ գտան «փոխզիջումների» պատրաստակամ զրո քանակով արցախցիներ:
Կեցցեն այդ հասարակ հայ մարդիկ, որոնց մի մասը նույնիսկ ամսվա կոմունալ ծախսերը փակելու փող չունի: Այդպիսի զանգվածի վրա կարող է հենվել երկրի նախագահը Աստանայում, երբ բանը հասնի ստվերում «համաշխարհային ճշմարտություններ» հիշատակող ազդեցիկ ու վճռորոշ գործիչներին:
Անշուշտ, դեկտեմբերի 1-ին նա «ոչ» է ասելու սրանց, քանի որ, հակառակ դեպքում, երես չի ունենա Հայաստան ոտք դնելու, բայց արդյո՞ք պատրաստ ենք ազգովի տեր կանգնել այդ «ոչ»-ին…
Վճարովի հիմունքներով դրան պատրաստակամ լիքը մարդ կա: Ազերիներից Խոջալուում թուրք հրոսակներին մաքրող տղերքի վրա պատրաստ են «ցեղասպանության» մեղադրանք կախել: Արդեն երկու իբր հայեր ազերիից հրապարակավ ներողություն են խնդրել դրա համար` Գեորգի Վանյան և «իրավապաշտպան» Միկա Դանիելյան: Դրանցից և ոչ մեկից դեռ ոչ ոք հաշիվ չի պահանջել, թե ինչպե՞ս եք միաժամանակ ծառայում թուրքին ու քայլում հայոց հողի վրա: Դեռ պահանջելու ենք…
Սակայն մի կողմ թողնենք թուրքի շահը «կամովին», կամ ավելի ճիշտ` վճարովի պաշտպանող թափթփուկներին: Իրականում ի՞նչ է սպասվում Աստանայում: Խոշոր հաշվով` ոչինչ: Ոչ ոք էլ չի փորձելու ստիպել ինչ-որ «ճանապարհային քարտեզ» պարտադրել: Կասկածում ենք նույնիսկ, որ «ճանապարհային քարտեզ» առաջարկող կլինի: Եվ ահա թե ինչու:
Ռուսին որևէ ձևով պետք չի խախտել ստատուս-քվոն: Նրան լրիվ բավարարում է, որ շփման գիծն անփոփոխ է: Եթե որևէ պատրվակով շփման գծում ՆԱՏՕ-ն ներկայացնող որևէ «խաղաղապահ» հայտնվի, նրան դա բացարձակ պետք չի: Առավելագույնը, ինչ նա կհանդուրժի, դա «անզեն դիտորդներից» կազմված ցանցն է: Ի դեպ, բրիտանական «Պոպուլուս»-ը փորձում է դա հիմնավորել նրանով, որ արցախցիները դեմ չեն դիպուկահարներին հետ քաշելու ու այդպիսի դիտորդներին տեղակայելու սխեմային:
Սակայն դա էլ ստացվող բան չի: Ռուսներին հաստատ դուր չի գա այդպիսի «դիտորդներից» կազմված լրտեսական նոր ցանցի հեռանկարը, ու, բնականաբար, մեր նախագահին կխնդրեն ցանկացած պատրվակով ընդդիմանալ դրան: Այնպես որ, անգամ եթե դիպուկահարներին հետ քաշելու բանաձև ընդունվեց Աստանայում (դրանից ավելին սպասողը պարզապես քաղաքական ֆանտաստիկայի սիրահար է), ռեալ վիճակը շփման գծում չի փոխվի: Էլի, ինչպես գրեթե 20 տարի շարունակ, մեր սահմանի կենդանի վկայողը և կենդանի սահմանապահ սյունի դերը պատկանելու է մեր զինվորին: Մեր 18-22 տարեկան երեխաներին: Եվ թող ցանկացած զորակոչիկի մայր հպարտանա` իր որդին մեր այսօրվա համեմատական խաղաղության գլխավոր երաշխավորն է:
Պաշտեք ու գուրգուրեք հայ զինվորին…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հենց այսօր բոլորը դարձան էմո: Եթե էմո չես, դա նշանակում է անբարեկիրթի մեկն ես: Պատճառը` նոյեմբերի 18-ին Երևանի կենտրոնի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել 7 աղջիկներ: Ու սկսվեց…
Ֆեյսբուքում բացվեց խումբ` «Ես էմո եմ», այդ աղջիկների ասուլիսից հետո լրագրողները
բարեկրթության նշան համարեցին ոստիկանությանն անպատվելը: Բնականաբար, այդ շարքում ամենամեղմ արտահայտություններն էին «կեղտոտ մենթ, մուսըռ» ու նման այլ բաներ:
Սակայն ի՞նչ է իրականում պատահել: Ոստիկանությունը բերման էր ենթարկել 7 անչափահաս աղջկա` կտրող-ծակող գործիքներ պահելու պառճառաբանությամբ:
Հետո աղմուկ բարձրացավ, թե բերման են ենթարկել մազերից քարշ տալով ու հարցաքննել են առանց մանկավարժի ներկայության: Բայց, գրողը տանի, ո՞ւմ են բերման ենթարկում մեղմաբարո վարվելակերպին լրիվ համապատասխան: Եվ ո՞ւմ են մեր ոստիկանությունում հարցաքննել դատավարական բոլոր իրավունքների պահպանությամբ: Եթե այդպիսի մեկը կա, թող ձեն հանի… Սակայն հետաքրքրականն այն է, որ «էմոներին» ձերբակալելու գործողությունն արդեն հասցրել են հռչակել ոչ ավել, ոչ պակաս «ֆաշիզմի դրսևորում», և դրանում իր դերն ունի իրավապաշտպան Միկա Դանիելյանը:
Սակայն արդյո՞ք հիմքեր կան մեր ոստիկաններին հրեշ հռչակելու: Չէ՞ որ շուրջ մեկ ամիս առաջ էմո ենթամշակույթին պատկանող 15-ամյա պատանին ինքնասպան է եղել: Բնական է, որ ոստիկանության բոլոր բաժինները դրանից հետո հանձնարարություն են ստացել ավելի ուշադիր լինել ռիսկային այդ խմբի պարագայում:
Սակայն մեր մենթերը «Ավելի ուշադիր»-ը հասկացել են որպես ոստիկանության բաժին բերման ենթարկելու հրաման, որը և կատարել են: Դե բերման ենթարկելու այլ ձև չգիտեն, քան կոպիտ բռնություն գործադրելը, մինչդեռ էմոների պարագայում ավելի պատշաճ կլիներ կազմակերպել այդ ռիսկային խմբի հաշվառումը, քանզի սրանց մոտ ընդունված է դեպրեսիայի և մահվան պաշտամունքի մշակույթը:
Սակայն շատ պահանջկոտ չլինենք մեր ոստիկանների նկատմամբ: Աշխատում են ինչպես կարողանում են: Իսկ աշխատանքի մասին լավագույն դատողության ցուցանիշը արդյունքն է:
Դուզը նստենք, ծուռը խոսանք: Երևանն այսօր ամենաանվտանգ մեգապոլիսներից մեկն է, ուր գիշերվա ցանկացած ժամին կարելի է հանգիստ շրջել: Եվ եթե մեր «բռի չոբան» և «տավարի ցավ» «մենթերը» դա ապահովում են, ապա ավելի տրամաբանական է նրանց շնորհակալ լինելը: Առավելևս, որ մարդկային հանցավոր տեսակի հետ ամեն օր առնչվող օպերը ավելի քիչ է վարձատրվում, քան հասարակ գաջ քսողը: Ու այդ մարդիկ ինչ -որ ձևով շարունակում են ամեն օր ապահովել մեր անվտանգությունը, և եթե հաճախ դա անում են ոչ քաղաքակիրթ եղանակով, ապա պահանջելու տեղ էլ չունենք: Շատ լավ հիշում եմ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի խոսքը . «Ես արտաքնոց մաքրող եմ, հետևաբար ինձնից վարդի բույր մի ակնկալեք»: Իրոք, որ հանցավորության կեղտը մաքրող ոստիկաններից միամտություն է ակնկալել բարեկրթության օրինակելի դրսևորումներ… Իսկ մենք ոստիկանությանն ընկալում ենք «անհասկանալի» եվրոպական չափանիշներով:
Եվ դրանից է գալիս ծնողի մոտեցումը, նրա համար նորմալ է, որ իր 13 տարեկան դուստրը կարող է ազատ ու անվտանգ շրջել գիշերային Երևանով, բայց կատաղում է, երբ այդ դուստրն իր կապույտ մազերով և սանձարձակ պահվածքով գրավում է ոստիկանների ուշադրությունը և նրան տանում են «քաղմաս»:
Լավ, փոքր-ինչ շատ ուշադրություն հատկացրեցինք 7 աղջիկների՝ ոստիկանություն բերման ենթարկելու հարցին: Սակայն անուշադրության մատնեցինք այլ սկանդալային թեմաները: Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի մուրազը փորը մնացած Գեորգի Վանյանը բլոգեր Տիգրան Քոչարյանի կողմից որակվեց «քաղաքական էմո», բայց կարծես թե դեռևս քաղաքական ինքնասպանության հակումներ չի դրսևորում: Ու ի տարբերություն հասարակ էմոների, նրան ոստիկանությունը չի անհանգստացնում: Չնայած նա պետք է լիներ ոչ թե ոստիկանության, այլ ԱԱԾ-ի «կլիենտը», բայց մեր պետական այրերը գերադասում են «չխանգարել» այն կերպարներին, որոնք համարվում են հասարակական սեկտորի ներկայացուցիչ: Նույնիսկ, եթե վերջիններս բացահայտ լրտես են: Օրինակ՝ ինչո՞վ է Գեորգի Վանյանն առավել, քան Թուրքիայի օգտին լրտեսության համար դատապարտված Մուրադ Բոջոլյանը: Պակա՞ս շպիոն ա… Համ էլ անարդար է` քաղբանտարկյալներին նվիրված ՀԱԿ- ի ցույցերին Մուրադ Բոջոլյանի լուսանկարը կրում են, իսկ Գեորգի Վանյանինը` ոչ: Միգուցե պետական այրերը շտկե՞ն այդ անարդարությունը:
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Նարնջագույնների» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է իրեն երջանիկ զգալ: Իր ահազանգը, որ Սերժ Սարգսյանի ելույթը ռասիզմ է ադրբեջանցիների նկատմամբ, տեղ է հասել: «Միջազգային հանրությունը» ի դեմս դրա առաջին կես ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի, դա գնահատեց «ըստ արժանվույն» և բողոքի պաշտոնական նամակ գրեց «միջազգային հանրության» մյուս կեսին` ԵԽԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուին: Լևոնը կարող է իրեն երջանիկ զգալ` բացառապես թուրքերից բաղկացած «միջազգային հանրությունը» ընդառաջել է իրեն 100 տոկոսով:
Թե արդյոք թուրքական «միջազգային հանրության» բողոքի ձայնը Ստրասբուրգում լսող կլինի` դա առանձին խնդիր է: Համենայնդեպս ՀԱԿ առաջնորդը դրա համար ընտրել է, ինչպես կասեր ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, «ոսկյա վեցամսյակ», երբ ԵԽԽՎ-ը գլխավորում է թուրք Չավուշօղլուն, իսկ ԵԽ նախարարաց կոմիտեի նախագահի պաշտոնն ընկել է Դավութօղլուի ձեռքը: «Օղլու»-ների ժամանակավոր լիիշխանության շրջան, որը մերոնք ահագին նյարդային էներգիա ծախսելով մի կերպ պիտի անցկացնեն…
Սակայն ինչքան էլ զարմանալի լինի, 1992-ից ի վեր` արդեն 18 տարի մեր բախտի վրա կռռացող ու պնխուսափելի պարտություն գուժող Տեր-Պետրոսյանը ոչ միայն դրսում, այլև ներսում «սպառում» ունի դեռ: Որևէ ԲՀԿ-ականի այսօր անգամ դոդ գլխին բամփելով չես կարող ստիպել, որ «քըխ» բան ասի ՀԱԿ առաջնորդի մասին ու գնահատական տա նրա կողմից Սերժ Սարգսյանի վրա ռասիզմի գծով «գործ տալուն»: Գերադասում են լռել, թեև այսօր նույնիսկ Սերժի «աչքի գրողները» վրդովված են Լևոնի պահվածքից: Երևի համարում են, որ միգուցե դեռ պետք կգա, չնեղացնենք: Իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը որպես «էգ առյուծ» ավելի առաջ գնաց ու հայտարարեց, որ եթե ՀԱԿ-ը խորհրդարանական ուժ դառնա, ապա ԱԺ-ում կհամագործակցեն ՀԱԿ-ի հետ ճիշտ այնպես, ինչպես այսօր համագործակցում են դաշնակների ու ժառանգականների հետ:
Րաֆֆի Հովհաննիսյանի` 7 հոգով 17 կարծիք հայտնող հետևորդների մասով բան չունենք ասելու, սակայն զարմանալի է, որ չեն ընդվզել դաշնակները: Մասնավորապես` Վահան Հովհաննիսյանը, որը Լևոնի օրոք բերդում փտում էր ու հիմա էլ «ախպերական» գծով Սերժի խնամին է, չգիտես ինչու չի վրդովվում նրանից, որ ախքիկների խմբակցության թիվ 1 տիկինը դաշնակներին ՀՀՇ-ականների հետ նույն հարթության վրա է դնում: Երևի մտածում է, որ թեև շան որդի են, բայց ընդդիմադիր շան որդի, մի օր պետք կգան…
Սակայն ամենազարմանալին ՕԵԿ-ի պահվածքն է: Բացեիբաց հայտարարում են, որ ՀՀՇ-ականների հետ կհամագործակցեն: Դրանով մոռացության են մատնում այն դրվագը, թե ինչպես 2008-ի փետրվարի 26-ին գլխավոր ախքիկը «արժանապատվորեն» սեղմեց Սերժ Սարգսյանի ձեռքը: Նաև մի տեսակ լղոզում են իրենց այն հայտարարությունը, որ 2013-ին իրենք առանձին թեկնածուով հանդես չեն գալու, և իրենց թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը: Միգուցե 2008-ին Սերժի և ձեռքն են սեղմել, և իրենց արածից փոշմանել, ու հավատարիմ իրենց բնույթին այժմ առիթ են փնտրում վրեժխնդիր լինելու, միգուցե այնքան ցինիկ են, որ հիմիկվանից չեն թաքցնում ճամբարափոխության սեփական հակումը… Չգիտեմ: Համենայնդեպս, այսօրվա դրությամբ առանց ՀՀԿ-ի ռեսուրսի սրանք տարբերակ չունեն 5 տոկոս քվե ստանալ, ու մարզերում սկսվել է զոռով ՕԵԿ-ացնելու (կամ ախքիկացնելու) գործընթացը, մասնավորապես արթիկցիների ջանին դա կապում են ոստիկանապետի ջանքերով: Սակայն ՕԵԿ-ականները հիմիկվանից փաստորեն իրենց «ոտատեղ» են թողնում նույն ՀՀԿ-ին ծախելու համար, այնն էլ` բացեիբաց:
Ինչի՞ վրա են նրանք հույս դնում իրենց ապագա ուրացումը հիմնավորելիս: Որ հանրահավաքներին հազիվ 2000 հոգի հավաքող Լևոնը կկարողանա իր ՀԱԿ-ով 7 տոկոսի սահմանն անցնի և խորհրդարանում խմբակցությո՞ւն ունենալ: Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ բողոքավոր ընտրազանգվածը նրանից վաղուց հիասթափվել է:
Սակայն կա մի հետաքրքիր իրողություն: Լևոնին ամենևին էլ պետք չէ ընտրազանգված որոնել: Եթե ԱՄՆ-ում որոշեն, որ ՀԱԿ-ը պետք է խորհրդարան մտնի, նրան պատրաստի ընտրազանգված կնվիրեն: Ի դեմս աղանդավորների` եհովականների, հիսունականների, խարիզմատների… Թեև այդ կատեգորիային իբր թե արգելված է ընտրություններին մասնակցելը, բայց երբ որ տերերին «վիզ պետք ա», արգելքը ժամանակավորապես մեկ` քվեարկության օրով մոռացվում է, և արվում է բացառություն: Օրինակ, 2007-ի ԱԺ ընտրություններին աղանդավորներին հրամայվեց քվե տալ Րաֆֆի Հովհաննիսյանին: Ձայնը տվին, պակասն էլ լրացվեց նրա շնորհիվ, որ Ռիչարդ Հովհաննիսյանը և Քըրք Քըրքորյանը խնդրեցին Ռոբերտ Քոչարյանին «Ժառանգությանը» դարձնել խորհրդարանական կուսակցություն: Ու հանրապետականները լծվան գործի, մեյդան եկավ պարտադիր կանաչ գրիչներով քվեարկածների պատմությունը… Թե չէ Րաֆֆու վրա խնդացող ու «կայֆեր վառող» հայերի դարդը կտրվել էր` նրա անհասկանալի կուսակցությանը քվե տալ:
Հիմա էլ եկել է ՀԱԿ-ի հերթը: Ձայների մեծ մասը կապահովեն ԱՄՆ-ից աղանդավորներին հրաման տալով, որ քվեարևկեն ՀԱԿ-ի օգտին: Ինչպես հրամայել էին 2008-ին: Իսկ պակասը լրացնելու համար ամերիկահայ միլիարդատերերը խնդրանքով կդիմեն Սերժ Սարգսյանին: Միևնույն է, չի կարող մերժել մի 50 հազար լրացուցիչ քվե սարքելու «համեստ» խնդրանքը:
Պարզապես ախքիկները, որ 2008-ին վայրկյանապես կողմնորոշվելով դավաճանեցին Լևոնին, հիմա էլ լկտիաբար գլխանց ասում են, որ պատրաստ են հարմար պահին դավաճանել Սերժին:
Յա՜խկ… Ավելի ճիշտ` ա՜խք…
Աջաբսանդալի բաղադրությունը զննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.