29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հարսնաքարի ողբերգությանը նվիրված կոլաժում լուսանկարիչ Սամվել Սևադան ընդամենը մեկ բառ է գրել` «Մի սպանանիր»: Դա սոսկ աստվածաշնչյան պատվիրանի արտացոլում չէ: Դա մեր իրականության հրամայականն է` հայի կյանքի ընդհատումն ընդունելի է միայն կռվի դաշտում: Ու խոսքը միայն ծայրահեղ լպիրշացած օլիգարխիկ թիկնապահներին, ավելի ճիշտ` անթասիբ «շեստյորկեքին» չի վերաբերվում: Ամուսինը սպանեց կնոջը, եղբայրը` եղբորը, զավակը` ծնողին… Քրեական քրոնիկոնը լեցուն է նման դեպքերով: Պարզապես «Հարսնաքարը» արժանացավ հանրային ուշադրության և վրդովմունքի ալիքին, քանզի հայոց բանակի սպան զոհվեց զրոյական հանրային և ազգային արժեք ունեցող թափոնի ձեռքով: Անթույլատրելի, աններելի շռայլություն`սպան միայն մարտում կարող է զոհվել, բազում թշնամիներին նեղը գցելու պայմաններում, ի կատար ածելով մարտական առաջադրանքը:
Մեր թանկարժեք ռեսուրսը իրոք շատ չէ` Արցախով ու Ջավախքով հանդերձ 4 միլիոնից քիչ բնիկ հայրենաբնակներ, գումարած մի 6 միլիոն սփյուռք, գումարած 50 միլիոն անձինք, ովքեր սփռված են աշխարհով մեկ, հայկական գենի կրող են, բայց իրենք իրենց որպես հայ չեն ընկալում: Այսինքն` եթե անգամ փայլուն կերպով իրագործենք մեր ռեսուրսի մոբիլիզացիան ու նույնիսկ հասնենք բոլոր թաքուն հայերի գիտակցության արթնացմանը, ունենք շատ սահմանափակ մարդկային ռեսուրս` առավել քան գլոբալ, քաղաքակրթական մարտահրավերներին դեմ-հանդիման: Այսինքն`իրավունք չունենք թույլ տալ ճղճիմ պատճառներով սպանություններ: Իրավունք չունենք նաև այնպիսի ամոթալի բանի, ինչպիսին է երկու մականունավոր թափթփուկների կռիվը Կոտայքի մարզի երթուղային գծերի համար պետական նշանակության քաղաքականացված հարցի վերածելու: Շատ-շատ բանի իրավունք չունենք, բայց անում ենք…
Իսկ ի՞նչ է կատարվում աշխարհում: Միջազգային կառույցների մակարդակով իդիոտիզմը ստանում է օրենքի կարգավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոմոսեքսուալիզմը հանում է հիվանդությունների ցուցակից, փոխարենը այդ ցուցակում ընդգրկում է ՍԵՐԸ… Այսինքն` աշխարհի բժիշկներին հրամայված է սեռական ցանկացած այլանդակություն համարել նորմալ, իսկ սիրահարներին համարել խելագար: Այսինքն` հազարամյակներ շարունակ պոետները խելագարությանը, հիվանդությանն էին ձոնում իրենց գլուխգործոցները…
Դա սոսկ աբսուրդի հաստատում չէ: Դա հարված է բոլոր բնական ազգերի հիմնաքարերին: Այսինքն, հայեր, այս կիրակի տոնելով Վարդավառը, որ նվիրված է սիրո դիցուհուն, և ջրելով իրար, դուք տուրք եք տալիս խելագառությանը: Մինչդդեռ ըստ մեր դիցաբանության` զորության հուրը սիրով են վառում: Առանց Վահագնի զորության սերն անպտուղ և անիմաստ է, իսկ առանց Աստղիկի սիրո զորությաունը դառնում է ոչ թե արարող, այլ ավերող: Այսինքն`սերը հիվանդություն հռչակելով, օրենքից դուրս է դրվում ցանկացած արարող զորություն, և տեղ է տրվում միայն ավերմանը: «Այո, դու հրեղեն էիր: Բայց հուրը սիրով է բոցավառվում: Քո հուրը մարեց հենց այստեղ այն ժամանակ, երբ քո մեջ մեռավ սերը, և գոռոզությունն ու փառասիրությունը հանգցրին քո հուրը»,-ահա այսիսի պատասխանի է արժանանում սերը դրժած ու այնուհետ հմայքը կորցրած Լիլիթը մեր դիցաբանությունում:
Մեր զորության հուրը հանգցնողները մեզ ներարկում են անհագ նյութապաշտություն, մանրիկ ու ճղճիմ կրքեր, որ հանգեցնում են սպանությունների` հարյուր դրամի, մարզահագուստի, ծուռ հայցքի, ավտոմեքենայի ազդանշանի համար… Մի սպանանիր` վերաբերում է նախ և առաջ սիրուն: Եթե չսպանես քո սերը, որ քո զորության հուրն է վառում, եթե չսպանես քո սերը, որ քեզ արարման է մղում, եթե չսապես քո սերը քո եղբոր հանդեպ, ապա եղբորդ էլ չես սպանի հաստատ: Մի սպանանիր քո սերը, զի քեզ հսկայական զորություն է պետք: Առասպելական Արմագեդոնի հովիտը, ուր շուտով պիտի բախվի Բարին ու Չարը, սահմաններիցդ 700 մղոնից էլ քիչ հեռավորության վրա է: Եվ քոնն է պարտականությունը` այդ բախումից հետո կրկին քո հրաշք երկրում վերսկսել մարդկային քաղաքակրթության վերածնունդը…
Իսկ աշխարհում շատ բան է գլորվում դեպի կորստի անդունդ… Միջազգային մակարդակով քննարկվում է մերկապարը օլիմպիական մարզաձև ճանաչելու հարցը… երևի Օլիմպոս լեռանը բնակվող հույն հին աստվածվերին շուտով հոգեբուժարան տանենք, երևի շիրիմներում շուռ գան օլիմպիական խաղերի հիմք դրած արքաները, նաև բռնցքամարտի չեմպիոն մեր Վարազդատ արքան: Նույնիսկ սեր դավանող քրիստոնեական աշխարհում հոգեբուժական երևույթներ են կատարվում` Հռոմի պապը, այսինքն` 2 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդը, մուսուլմանական մահիկը ավելի նախընտրելի է հռչակում, քան առաքելական խաչը… Ամերիկացիներն էլ, իրենց 33 նահանգներում օրինականացնելով այնպիսի հոգևոր վիժվածքը, ինչպիսին քրիսլամն է` քրիստոնեության և իսլամի խառնուրդից ծնված խառնածին մուտանտը, որ նախատեսում է արգելել խաչը որպես խորհրդանիշ, պատրաստվում են Մեծ Մերձավոր Արևելքի մեծ կռիվների ժամանակ դա ներմուծել իրենց սվինների ծայրերին` ոչնչացնելով և քրիստոնեությունը, և իսլամը…
Մեր աստվածամարդ տեսակին պատմության ընթացքում հերթական անգամ մեծ փորձություն և մեծն առաքելություն է սպասվում:
Ու Վարդավառի սիրո վարդաջրին ներքին ատելության ցեխաջուր չխառնենք` ահա այն նվազագույնը, ինչ պարտավոր ենք անել… Այլապես կկորչի նաև մայոր Վահե Ավետյանի արյունը, նաև բոլոր նրանց արյունը, ովքեր ննջում են Եռաբլուրում:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Օպերայի շենքում բավականին ճոխ միջոցառում տեղի ունեցավ ի պատիվ Պարույր Հայրիկյանի: Անշուշտ, այն պահից երբ նա անցավ իշխանության թրի տակով, հիշվեց որ վաստակ ունեցող մարդ է, որը մեր երկրի անկախացման գործում հսկայական ավանդ ունի: Բայց… ամբողջ միջոցառումից «Сделано в СССР» հոտ էր գալիս` նույն ոգին, նույն ոճը: Ճակատագրի հեգնանք` տասնամյակներ շարունակ ԽՍՀՄ-ի դեմ պայքարող Հայրիկյանին բաժին հասավ սովետական նմուշի մեծարման երեկո: Բումերանգը վերադարձավ…
Հայրիկյանը խորհրդային բանտերում անցկացրեց 17 տարի: Նրան կոչում էին քաղբանտարկյալ, նաև` խղճի բանտարկյալ: Այսինքն` մարդ, որը բանտարկվել է ոչ թե սպանելու, գողանալու, թալանելու համար, այլ` իր քաղաքական գործունեության, իր հայացքների, իր ըմբոստացման համար: Բայց Հայաստանի անկախացումից հետո արժեզրկվեցին «քաղբանտարկյալ», «խղճի բանտարկյալ» կատեգորիաները: Եթե զինապարտությունից հրաժարվող եհովականն է համարվում «խղճի բանտարկյալ», ապա այդ կոչումից նորմալ մարդը կփախչի, ինչպես ժանտախտից… ավելի նախընտրելի է պարզ քրեական հանցագործ լինելը:
Բայց Հարսնաքարի զազրելի դեպքից հետո բանտում հայտնվեց մարդ, որի ձեռքը սեղմելը պատիվ կհամարի ցանկացած նորմալ մարդ: Խոսքը Հարսնաքարը պայթեցնելու փորձ արած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի մասին է: Մարդ, ում տոհմում բոլոր տղամարդիկ սպա են: Որ գիտի «Պատիվ ունեմ» պարզ բառակապակցության իրական խորքային արժեքը: Մարդ, որ օրենք է խախտել, բայց իր քայլով փրկել է Հայոց բանակի` գետնով տված պատիվը: Դրանով իսկ`բոլորիս պատիվը, քանզի մեր բանակն է ամեն ինչի հիմքը:
Այժմ նա կալանքի տակ է, սակայն հրաժարվել է փաստաբան ունենալուց, զի առավել քան վստահ է, որ իրավացի է: Զի հաստատ իրավացի է` հանուն Արժանապատվության հաշվի չառնելով ոչինչ: Միգուցե նրան դատապարտեն ազատազրկման, միգուցե պայմանական ժամկետ սահմանեն, միգուցե դատարանն արդարացման դատավճիռ կայցնի` դա դեռ չգիտենք: Բայց փոխգնդապետն իր արարքով իրավիճակ փոխեց երկրում: Այժմ երկիրն ունի ՊԱՏՎԻ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ: Ցանկացած երկրի նկարագիր կախված է ոչ միայն ազատության մեջ գործող քաղաքացիներից, այլև բանտում գտնվողներից: Քրեական հանցագործներն արտացոլում են ընդամենը հանցավորության մակարդակն ու քրեական օրենքի խստությունը: Քաղաքական բանտարկյալներն արտացոլում են քաղաքական պայքարի սրությունն ու վարչակարգի հանդուրժողականության աստիճանը: Եթե շոշափելի թիվ են կազմում աղանդավորական ֆանատիկոս «խղճի բանտարկյալները»` դա հանրության լուրջ հիվանդության նշան է: Իսկ պատվի բանտարկյալների առկայությունը վկայում է, որ երկիրն ապագա ունի: Զի կան մարդիկ, ովքեր պատիվն ամեն ինչից վեր են դասում:
Ժամանակակից գլոբալիստական «մարդու իրավունքների» գերակշռությունն է աղճատված ձևով մարդու կյանքը հռչակել գերագույն արժեք: Մինչդեռ ավանդական հանրություններում գերագույն արժեքը արժանապատվությունն էր: Հանուն արժանապատվության մենամարտերը, վիրավորանքն արյամբ լվանալը եվրոպական մշակույթի բաղկացուցիչ մասն էր: Ֆրանսիայում կարդինալ Ռիշելյեն մահապատժի սպառնալիքով արգելեց մենամարտերը, որպեսզի ամեն տարի հարյուրավոր ազնվականներ չզոհվեն, բայց միևնույն է`ազնվականները շարունակում էին մենամարտել, և մենամարտում ողջ մնացածները գնում էին բանտ: Հենց այդ անթիվ մենամարտերում թափված արյունն է, որ չնայած բոլոր վայրիվերումներին, մինչ օրս ապահովում է Ֆրանսիայի վեհությունը: Ճապոնիայի վեհության անբաժանելի ատրիբուտը սամուրայների պատվո ինքնասպանություններն են, և պատահական չէ, որ ամենամերձավոր ընկերոջ վրա է դրվում խարակիրիի ժամանակ օգնելու պարտավորությունը:
Եվ վերջապես, Մեծ եղեռնից հետո մեր ազգի ու Հայոց աշխարհի արժանապատվությունը փրկեցին մարդիկ, ում զգալի մասը դարձան պատվի բանտարկյալ` «Նեմեզիս» գործողության մասնակիցները և ԱՍԱԼԱ-ի մարտիկները: Իզուր չէր, որ հայ մտավորականի իսկական տիպար Ավետիք Իսահակյանը Սողոմոն Թեհլերյանի դուբլյորն էր: Իզուր չէ, որ մեծն Ալեքսանդր Թամանյանի թոռը` կրտսեր Ալեքսանդր Թամանյանը, Արցախում հատուկ ջոկատի հրամանատար էր…
Հիմա էլ մեր հանրության կարևորագույն մարտահրավերը` օլիգարխիայի անպատիժ ամենաթողությանը վերջ տալու կենսական անհրաժեշտությունը, կյանքի կոչեց մերօրյա պատվի բանտարկյալին` փոխգնդապետ Վարդան Սամվելյանին: Նաև նա ներդրում ունի, որ այսօր բոլորն անխտիր` և իշխանությունը, և ընդդիմությունը, կասկածի տակ չեն դնում օլիգոպոլիաներին վերջ դնող բարեփոխումների անհրաժեշտությունը: Ու իշխանությունն էլ այդ բարեփոխումների ընթացքում կարող է վստահաբար հրաժարվել օլիգարխիայի վրա հենվելուց և հենվել ոտքի ելած հասարակության վրա: Առավելևս, որ այդ հասարակությունը նաև առաջ է քաշել հանուն դրա ինքնազոհության գնացող, բանտարկությունից և այլ փորձություններից չվախեցողների:
Դե ինչ, մեր նորագույն պատմության ընթացքում արդեն քանիցս մեր բանակին ենք պարտական բոլոր լուրջ, կենսական նվաճումներով: Մեր բանակը լուծեց Արցախի հիմնահարցը և մեզ դարձրեց հաղթանակած ազգ: Իսկ այժմ, երբ ներքին կյանքում լրջագույն մարտահրավերները լուծում պահանջեցին, էլի բանակը դարձավ առաջընթացի խթան և, ինչու չէ, երաշխավոր: Գեներալ Հայկ Քոթանջյանը ձևակերպեց պահանջ`ազգային և հանրային անվտանգությանը սպառնացող բռնության մշակույթին վերջ տալու առաջին քայլերից մեկը պետք է լինի Հարսնաքարի ողբերգության համար առնվազն բարոյական պատասխանատվություն կրող Ռուբեն Հայրապետյանի հրաժարումը պատգամավորական մանդատից և քաղաքական գործունեությունից: Բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յուրի Խաչատուրովը հնչեցրեց վերջին նախազգուշացումը` ուղղված անչափ լպիրշացած անձնական թիկնազորերին: Իսկ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը դարձավ պատվի բանտարկյալ: Այսինքն, երկիրը կարող է վստահաբար կտրել չարորակ ուռուցքը` օլիգարխիան, զի թիկունքում կա հաղթական բանակի աջակցությունը:
Այլ հարցերում էլ բանակը մեզ զորավիգ կլինի: Այժմ քննարկումների փուլում է զազրելի հեռուստասերիալներից և սրտխառնոց առաջացնող շոուներից եթերը մաքրելու հարցը: Ոլորտ, ուր շատ մեծ և անչափ կեղտոտ փողեր են շրջանառվում, այն էլ «խոսքի և ստեղծագործության ազատության» շղարշի տակ: Եվ վստահաբար մի օր այդ հարցում էլ բանակն իր վճռական խոսքը կասի` մի խփեք մեր թիկունքին, մի պղծեք մեր ապագա զինվորի հոգին: Մայոր Վահե Ավետյանի մահվան համար դուք ոչ պակաս պատասխանատու եք, քան Ռուբեն Հայրապետյանը: Բավ է, եկել է ավգյան ախոռները մաքրելու ժամանակը…
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ռազմաբժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը մահացավ հունիսի 29-ին, ժամը 18:45-ին: Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը:
20 տարի անց այն բանից հետո, երբ վերնախավային դավաճանության հետևանքով ծուղակն ընկավ «Արաբո» ջոկատը, ու շուրջ 70 զոհված մարտիկներ տարիներ շարունակ համարվեցին անհայտ կորած: Հայ դավաճանների պատճառով զոհված տղերքը գերեզման չունեցան, 20 տարի անց հայ տականքի ձեռքով սպանված հայոց բանակի սպան գերեզման կունենա, բայց… եթե հայ հերոսին հերոս չի հասնի, հայ տականքին էլ՝ տականք:
Ահա ինչ է գրել բլոգեր Մելանյա Պետրոսյանցը. «Իսկապես, մարդկային տականքությունը երբեմն սահմաններ չի ճանաչում: Հենց հիմա՝ ժ.21.45-ին Հարսնաքար ռեստորանային համալիրում 5 րոպե շարունակվող հրավառություն է տեղի ունենում: Ավան համայնքում մարդիկ դուրս են եկել պատշգամբները , լաց են լինում, անիծում, չեն ներում: Միթե Ռուբեն Հայրապետյանը չի տեսնում, չի լսում այս հրավառության գըմբգըմփոցներն ու լուսավորված երկինքը: Ամոթ: Հազար ամոթ»:
Սա արդեն մեր բոլորի ամոթի վկայականն է: Ոչ, խոսքը միայն հրավառության մասին չէ, որ տրվել է Վահեի սպանության վայրում Վահեի մահից 3 ժամ անց: Այդ հրավառությունը վկայություն է, որ սպանության վայրը ԱՅՑԵԼՈՒՆԵՐ ունի, և շատ, և նույնիսկ կոլեկտիվ: Մինչդեռ դեպքի օրվանից` հունիսի 17-ից հետո ոճրագործության վայր ռեստորանը պետք է զրո այցելու ունենար: Հայաստանի խանութներում «Բջնի» հանքային ջրերի սպառումը պետք է լիներ զրո շիշ… Եվ ընդհանրապես պիտի զրոյական լիներ Հայրապետյաններին պատկանող ձեռնարկությունների մատուցվող ծառայությունների և վաճառվող ապրանքների սպառումը: Անկախ նրանից` մեծ է, թե փոքր անձամբ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը: Անկախ նրանից` իշխանությունն ընթա՞ցք է տալիս գործին, թե՞ կոծկում է:
Սա հերոսություն չէր պահանջի ոչ ոքից: Ոչ էլ որևէ մեկին մազաչափ իսկ վտանգի կենթարկեր: Պարզապես բոլորիցս պահանջվում էր ընդամենը ՄԱՐԴ լինել: Ընդամենը մարդկային նողկանք զգալ այն ամենից, ինչից հայ տականքի ձեռքով հեղված հայ սպայի արյան հոտն է գալիս:
Ի՞նչ է պատահել ձեզ, հայրենակիցներ: Ձեզանից քանի-քանիսի զինվոր զավակի կյանք է փրկել կամ բուժել մայոր Վահե Ավետյանը, ուրացե՞լ եք դա, ու հիմա կարողանում եք դիպչել այն ամենին, ինչից նրա արյան հոտն է գալիս, քեֆ-ուրախություն եք անում այն վայրում, ուր նրա արյունն է հոսել… Նույնիսկ մի խումբ բժիշկներ էին այդտեղ եկել խնջույք արել օրեր առաջ… Մի՞թե անկման այդ աստիճանի ենք հասել, սա անտարբերությո՞ւն է, թասիբի ու նամուսի իսպառ բացակայությո՞ւն: Սպանության վայրում քեֆ անողը արդյո՞ք ինչ-որ բանով ավելի լավն է, քան սպանություն կատարած հաստավզերը:
Այսօր չէ, որ այդ ամենն սկսվեց: Հիշո՞ւմ եք տարիներ առաջ այն օրը, երբ «Պապլավոկ» սրճարանի արտաքնոցում Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները ծեծելով սպանեցին նրա համակուրսեցի, ազատամարտիկ Պողոս Պողոսյանին այն բանի համար, որ ասել էր. «Բարև, Ռոբ»: Մի կողմ թողնենք չարդարադատության ցինիզմը, որ թիկնապահ ոմն Կուկու ոչ մի օր բանտ չնստեց, որ նրան դատապարտեցին ընդամենը երկու տարի պայմանականի… Ամենա սարսափելին այն է, որ «Պապլավոկը» չդատարկվեց, դրանից հետո ամեն օր էլ մնաց լեփ-լեցուն, ու այդտեղ եկողները դեռ մի բան էլ իրենց «էլիտար» ու նույնիսկ «մտավորական» համարձակվեցին համարել:
Այդ լեփ-լեցուն զվարճավայրերը մեր համազգային ամոթի վկայականն են: Ու կմնան այդպիսին, անգամ եթե «Հարսնաքարի» գործով արդարադատությունն անթերի իրագործվի: Իսկ դրա որոշակի հույսերը կան` եթե Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը (չնայած քավորասանիկային կապերի) հրապարակավ հաստատում է, որ կալանավորվածների մեջ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ էլ կան, ուրեմն`որոշված է առնվազն հանրությունից չթաքցնել դառը ճշմարտությունը: Բայց տարակուսելի է, որ հանրությունը կարծես թքած ունի այդ ճշմարտության վրա: Հա, միգուցե այս անգամ հանցագործներին կպատժեն օրենքի ամենայն խստությամբ, բայց հո լեփ-լեցուն են զվարճացողներով արնահոտ դահլիճները: Բա հետո՞… Հասկացանք` խիղճ, թասիբ, նամուս չունեք, բայց նույնիսկ սպառողի հասարակ էգոիզմ է՞լ չունեք:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ինչպես և սպասվում էր, կառավարության ծրագիրն ընդունվեց: Ե՛ւ տպավորիչ մեծամասնություն կար` 75 կողմ, և՛ տպավորիչ ընդդիմություն` 47 դեմ, որոնցից և ոչ մեկին խոչնդոտ չկար արտահայտելու իր ընդդիմադիր կարծիքը: Խորհրդարանական ներկայացուցչական ժողովրդավարության պատկեր: Եւ ընտրակաշառքների ու վարչական ռեսուրսի օգտագործման մասին խոսակցություններն անհիմն են` ինչքան ՀՀԿ-ն է դրանցից օգտվել, նույնքան էլ` ԲՀԿ-ն, այնպես որ այդ առումով ԲՀԿ-ի որոշ ներկայացուցինների տրտունջը պարզապես ամոթ էր:
Այլ հարց է, որ բազում ենթադրությունների տեղիք է տվել Սարգսյան — Ծառուկյան առանձնազրույցը, որից հետո ԲՀԿ առաջնորդը կուսակիցներին ասաց, որ իր համար ընդունելի է ցանկացած վարչապետ, բացի Տիգրան Սարգսյանից: Թե որ դրվագով է «պետության վախճանի» հեղինակը բռնել Ռոբերտ Քոչարյանի կլանի բկից (դե պարզ է, որ Ծառուկյանը Սարգսյանի հետ թշնամության ոչ մի անձնական պատճառ չունի), դա առանձին հետազոտության խնդիր է: Բնականաբար, դա ոչ մի կապ չունի վարչապետի արտահայտած կոսմոպոլիտ անընդունելի ցնդաբանությունների հետ, դրանք Քոչարյանին ամենավերջում թերևս մի թերև հետաքրքրեն, զի ամեն ինչ կոշտ պրագմատիկ դաշտում է: Միգուցե խանդի դաժան տեսարան է, քանզի Տիգրան Սարգսյանը մինչև հիմա համարվում է Արևմուտքի համար ընդունելի անձ, և նույնիսկ բրիտանական հատուկ ծառայությանց հսկողության գտնվող «Չաթթամ հաուզ»-ը Քոչարյանին անվանեց երկիրն ամբողջովին ռուսներին ծախած, բայց և միաժամանակ վարչապետը ձեռք ` տալիս նաև ռսին, և Կրեմլը չի շտապում մի «քըխ» բան մեյդան բերել նրա բուռն բանկիրական երիտասարդությունից… Իսկ միգուցե Քոչարյանը վախենում է, որ հենց Տիգրան Սարգսյանի միջոցով և հենց Քոչարյանի շրջապատի դեմ միս ու արյուն կստանա վարչապետի «օլիգոպոլիաների դեմ պայքարը»:
Սակայն այժմ շատ ռեալ պայքար է թեև Քոչարյանի մերձավորագուն շրջապատի ներկայացուցիչ, բայց ոչ օլիգարխ Վարդան Օսկանյանի դեմ: Դե, Օսկանյանը Քոչարյանի համար թերևս 20 հատ թունդ օլիգարխի արժեք ունի, զի, դեսպան Ջոն Հեֆֆերնի խոստովանությամբ, «կարևոր գործընկեր» է ԱՄՆ-ի համար: Բայց փաստ է, որ «կարևոր գործընկերության» մասին Ամերիկյան հայտարարությունից հետո «Սիվիլիթասի» հետապնդումը ոչ միայն չդադարեցվեց, այլև ուժգնացավ: ԱԱԾ-ին միացավ նաև հարկայինը, ու հիմա այդ` ինքն իրեն չափազանց վստահ զգող ամերիկահպատակ հիմնարկությունը ոչ պակաս ողբալի վիճակում է, քան շրջանային հարկայինի պետին անզգուշաբար հակաճառած խեղճուկրակ մանր «բուդկչին»: Ու բացի Օսկանյանից, ԱԱԾ են կանչում արդեն նաև այլոց, հին չեկիստ Գորիկ Հակոբյանն էլ Օսկանյանին ամոթանք է տալիս «պարտիզանի պես» լռելու համար: Ու ընդհանրապես «Սիվիլիթասը» հիմա նույն վիճակում է, ինչ «նեմեցներին» գերի ընկած պարտիզանական ջոկատը, և նրանց վախճանն էլ նույնն է լինելու: Ու այդ պատճառով «արմատականների» դաշտում քիչ չեն նրանք, ովքեր ձգտում են առիթից օգտվել և զբաղեցնել տապալվող Օսկանյանից հետո ազատվող տեղը: Բայց դեռ տաք են, այնքան են կուրացած «ամերիկյան ամենազորության» լեգենդով, որ չեն պատկերացնում` ապագայում նախանձելու են «քաղաքական հալածյալ» Օսկանյանի բախտին, որին հավանաբար «փեշքեշ» կանեն ԱՄՆ-ում փրկվելու հնարավորությունը: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Վանոյին թողեցին «փախնել-փրկվել»:
Սակայն վերնախավային կրքերից առավել հանրությանը ալեկոծեց «Նեմեց» մականունով օլիգարխի հետ կապված սկանդալը: Չորս ռազմաբժիշկներին «Հարսնաքարում» քստմնելի հաշվեհարդարի տակից դուրս գալը գնալով ավելի շատ քավության նոխազ է պահանջում… Հիշենք`ձերբակալեցին 7 հոգի, կալանավորեցին դրանցից 4-ին, բայց քանզի անհավատ հանրությանը դա չբավարարեց, ևս երկուսին կալանավորեցին: Ու եթե լրագրողական հանրույթը թեժ պահի թեման, ապա, թույլ տվեք մարգարեանալ, «քավության նոխազների» քանակը կհասնի 20-ի:
Ու թեև հենց այս վայրկյանին Ռուբեն Հայրապետյանին չի սպառնում «սպիսատ արած» Ալրաղացի Լյովի ճակատագիրը, որը նման պատմության մեջ ընկնելուց հետո իր նախկին անխոցելիությունից աստիճանաբար իսպառ զրկվեց, այնուամենայնիվ, իրավիճակը շատ ոչ միանշանակ է թվացյալ անխոցելի Հայրապետյանի համար:
Նախ` նա չի կարող ազատվել այն փաստից, որ հաշվեհարդարի «հերոս» գլխավոր տականքը` Գարիկ Մարգարյանը, ոչ թե ռեստորանի, այլ իր անձի անվտանգության աշխատակիցն է: Մեր լրատվական կայքերում առնվազն 6-7 (ավելին պարզապես ծուլացա խորանալ) տեսանյութեր կան, որոնք ապացուցում են, որ այդ անասնակերպը հենց նրա անձնական թիկնապահն է, ոստիկանությունն էլ փոխոստիկանապետի շուրթերով և Վովա Գասպարյանի անունից լրագրողներին առաջարկեց ոստիկանությանը տրամադրել հենց այդպիսի տեսանյութեր… Իսկ դա մի բան նշանակում է: Գումարած դրան`լրագրողական և քաղաքացիական «հակահարսնաքարային» ակցիաները գնալով ծավալվում են, ու դրանից կարծես թե առանձնապես դժգոհ չէ Բաղրամյան-26 -ը…
Դե նախապատմությունից հետո ինչ ասես հնարավոր է, և ցանկացած ծավալի զոհաբերություն քաղցր կթվա: Քարոզիչներին իջնող հրահանգները`գրել, իբր ռազմաբժիշկները ծայրահեղ լկտի էին իրենց պահել, զրոյական արդյունք տվեցին, իսկ այդ գիծը պահած հրապարակախոս Վահրամ Սահայանին արդեն ոմանք խոստացել են փողոցում լուրջ պրոբլեմներ ստեղծել… Թեև Սեյրան Օհանյանին մեծ ջանքերի գնով հաջողվեց արգելել բարձրաստիճան սպաներին, որ «սպեցնազի» միջոցով դաժան պատասխան չտան ռազմաբժիշկների ծեծին, Աղվան Հովսեփյանն էլ փրկեց «հարսնաքարցիներին» ՊՆ քննչական ծառայության ճանկն ընկնելուց` դրա բոլոր անկանխատեսելի հետևանքներով հանդերձ, այնուամենայնիվ, այդ խմորը շատ ջուր է տանելու: Եթե անգամ անհերքելիորեն ապացուցվի, որ Ռուբեն Հայրապետյանը որևէ մեղավորություն չունի (իսկ որ դա իրականություն է`չի բացառվում), էլի նախադեպը պատրաստ է: Այն նախադեպը, որ օլիգարխը չի կարողանում տեր կանգնել իր «ասլաններին» և հարկադրված է դրանց «մատաղ անել»: Իսկ դա արդեն հարված է օլիգարխիայի անսասանությանը, որի հիմքն էր նրանց սպասարկող թափթփուկների երաշխավորված անպատժելիությանը: Այդ համակարգն առաջին ճաքը տվեց, երբ «Օդնոկլսնիկ» սրճարանում Ալրաղացի Լյովի թիկնապահների սարքած արյունոտ պատմությունում տուժողների մեջ նաև լրագրողներ հայտնվեցին, իսկ հիմա արդեն քավության նոխազների քանակը շատանում է: Հա, ի դեպ, այժմ տեղի է ունենում նաև այն, ինչ 5-6 տարի առաջ անպատկերացնելի էր` ԴԱՀԿ-ի աշխատակիցները զրկում են Լֆիկ Սամոյին կեղծված ուկրաինական օղիներ արտադրելու հնարավորությունից… Ու ո՞վ կարող է երաշխավորել, որ չի գա մի գիշեր, երբ հատուկջոկատայինները միաժամանակ չեն այցելի բոլոր օլիգարխիկ դղյակները և տերերին թիկնազորերով հանդերձ չեն տանի բանտ… դե, իրավապահները հետո ամեն ինչ կձևակերպեն, զի չկա մի օլիգարխ, որի «առաջին մեկ միլիոն դոլարը» ծանր հանցագործության արգասիք չլինի, և որի թիկնազորի վրա պարտակված, բայց արխիվներում խնամքով պահպանված արյունոտ պատմություններ չլինեն:
Առավել ևս, որ ոմանց (ու հատկապես`քոչարյանականների) կողմից այդքան անեծքների արժանացող «ՀՀԿ-ի քաղաքական մենաշնորհի» հետ ավելի ներդաշնակ կարող է ապրել այն հանրությունը, ուր բացակայում է խոշոր բուրժուազիայի շերտը…
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Նոր կառավարության կազմի ինտրիգը պրծավ: Այն արդեն հայտնի է, և մնացել է միակ ինտրիգային դետալը` սպորտի նախարարի հարցը: Շրջանառված անունը` Հրաչյա Ռոստոմյան, սերտորեն առնչվում է ՀՀԿ — ԲՀԿ հարաբերություններին: Օլիմպիական կոմիտեի քարտուղարն է, ԲՀԿ-ին նոր-նոր ֆորմալ առումով հրաժեշտ տված քաղխորհրդի անդամ, որի մասին շատ հարգալից է արտահայտվում ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Այսինքն` փաստացի դա ԲՀԿ-ից ֆորմալ հրաժարված ԲՀԿ-ական միակ նախարարացուն է, որը միաժամանակ կամուրջ է` ԲՀԿ-ի հնարավոր վերադարձը կոալիցիայի գիրկ ապահովելու համար:
Իսկ ամենաթեժ կրքերը եռում են Վարդան Օսկանյանի, մորմոնների առաջնորդ Ջոն Հանթսմանի և Ռոբերտ Քոչարյանի` նրա հետ սերտ կապեր ունենալու շուրջ: Թեև Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում շնորհակալություն է հայտնում հանրային աջակցության համար, սակայն փաստն այն է, որ հանրային աջակցությունը որպես այդպիսին բացակայում է: Լռում են ամերիկյան հարկատուի հաշվին ապրող շուրջ 2000 հ/կ-ները, լռում է «ֆեյսբուքահայությունը», լռում է ընդդիմադիր դաշտը: ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի առանձին գործիչներն ընդամենը զգուշավոր կերպով չեն բացառում, որ Օսկանյանի նկատմամբ իրագործվում է քաղաքական հետապնդում, սակայն այդ նույն ընդդիմադիր ուժերի որոշ գործիչներ էլ ուրախությամբ մասնակցում են Օսկանյանին «սկացնելու» գործընթացին, վկայակոչելով մարտի 1-ը:
Իսկ ովքե՞ր են պաշտպանում` մի շարք արևմտյան դեսպաններ, հատկապես ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, որը բացեիբաց «Սիվիլիթասը» անվանում է «կարևոր գործընկեր» և մտահոգիչ համարում «քաղաքական այս ժամանակը»: Շատ նման է Ջորջ Բուշ ավագի` «Սոմոսան շանորդի է, բայց մեր շանորդին» բանաձևի:
Իսկ քարոզչական առումով Օսկանյանին սատարում են «Կենտրոն» և «Երկիր Մեդիա» հեռուստաալիքները (վերջինս` բավականին զգուշավոր), գումարած մի շարք կայքեր: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանի լրատվական ռեսուրսը: Ի՞նչ է ստացվում` հանրային աջակցություն «Սիվիլիթաս» նախագիծը չունի, այլ ունի Արևմուտքի, առավելապես` ԱՄՆ-ի բացահայտ և Ռոբերտ Քոչարյանի ստվերային աջակցությունը: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի և խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ոչ շատ սուր հայտարարությունները նույնպես հարկե դիտարկել Քոչարյանի ստվերային աջակցության տիրույթում, և ի դեպ Գագիկ Ծառուկյանն էլ այս հարցում դեռ ստվերում է:
Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ և՛ հանրությունը, և՛ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը, և՛ անգամ «հասարակական սեկտորի» հազարավոր մարդիկ, որ ամերիկյան հարկատուի հաշվին են իրենց հացը վաստակում, Պիղատոսի պես լվացել են ձեռքերը: Ինչքան էլ տարօրինակ լինի, սակայն դրա ակունքները հասնում են DIY ակումբի հրկիզման և ձախողված «բազմազանության շքերթի» սկանդալային պատմության` ստվերում մնացած որոշ դրվագներին:
Այդ ամբողջ պատմությունը պարունակում է առաջին հայացքից լրիվ իռացիոնալ թվացող դրվագներ: Ինչպե՞ս եղավ, որ հրդեհից հետո սկզբում կես ժամ երկու հոգի «Սիվիլնեթ»-ի համացանցային հեռուստաեթերով ամբողջ հանրությանը պիտակեցին «ֆաշիստ» և ձեռի հետ էլ գլուխ գովացին, որ մասնակցել են Ստամբուլի գեյ-շքերթին, իսկ հետո էլ «Կենտրոնի» եթերում ամբողջ ժողովուրդը անվանվեց «հիվանդ», չէ՞ որ դա հաստատ հակազդեցության ալիք պիտի առաջացներ ինչպես «ֆեյսբուքահայության», այնպես էլ` ռեալ հանրության մոտ: Եվ կարելի՞ է ենթադրել, որ այդ ամենը հենց հանրային զայրույթ առաջացնելու նպատակ ուներ ի սկզբանե… Չէ՞ որ եթե որոշ կոնկրետ մարդիկ էմոցիոնալ առումով աֆեկտի վիճակում էին, ապա նրանց եթեր տրամադրելու որոշում ընդունողները միանգամայն սթափ և սառը դատող և կոնկրետ շահեր ներկայացնող մարդիկ են:
Արցախցի քաղաքագետ, անվտանգության համակարգերի մասնագետ Հրաչյա Արզումանյանը, ում անունը քիչ բան է ասում հանրությանը, բայց շատ բան` հատուկ ծառայություններն ու անվտանգության համակարգերն ուսումնասիրող միջազգային փորձագիտական հանրույթին, իր բլոգում վստահություն էր հայտնել, որ դա ամերիկյան հատուկ ծառայությունների օպերացիա էր, որի նպատակն էր`իրականացնել մոնիթորինգ, թե ինչքանով է հայ հանրությունը պատրաստ ընդունել կամ մերժել «բազմամշակութային» հանդուրժողականության չափանիշները, և միաժամանակ բացահայտել ամենաակտիվ դիմադրողներին`համապատասխան դոսիեներում նրանց տվյալները գրանցելու համար: Առավելևս, որ «բազմազանության» սկանդալային ակցիաներ զուգահեռաբար անցկացվեցին Վրաստանում և Ադրբեջանում: Դե պարզ է, ելնելով աշխարհաքաղաքական սուր մրցակցությունից, ինչի համար էր պետք ԱՄՆ-ին այդպիսի «մոնիթորինգը» Կովկասի կարևորագույն տարածաշրջանում:
Եվ ի՞նչ ի ցույց հանեց այդ «թեսթը»` զրո հանդուրժողականություն: Որ առնվազն 50 տարով պետք է մոռանալ Հայաստանում «մշակութային բազմազանություն» հաստատելու ամերիկյան երազանքը: Իսկ ՆԱՏՕ-ի ռմբակոծիչների միջոցով Հայաստանը «դեմոկրատացնելու» տեխնոլոգիան էլ անիրագործելի է տարածաշրջանի լավագույն հակաօդային պաշտպանության համակարգի և ռուսական ռազմական ներկայության պատճառով:
«Հանդուրժողականության» թեսթը տապալվեց: Դրան հունիսի 4-ին` Քլինթոնի այցի օրը, հետևեց պատերազմից վախենալու թեսթը` ադրբեջանական դիվերսիաների տեսքով: Դա էլ ոչ միայն տապալվեց, այլև հայության մոտ արթնացրեց հայության միասնության և վճռականության բնազդը:
Ու արդյունքում անորակ շպարի պես «հանդուրժողականության» և «արևմտյան արժեքների» բարակ շերտը, որ այդքան խնամքով ու այդքան ծախսով աճեցվել էր 20 տարի շարունակ, անհետացավ փաստորեն մեկ ակնթարթում: Արդեն նույնիսկ «Ֆեյսբուքում» գրեթե ոչ ոք չի ուզում «ազատական արժեքների կրող» ձևանալ, և հայն ստացավ իր այն կերպարը, որ նկարագրված է դիցաբանությունում և էպոսում: Փաստորեն ամերիկացիները կոպիտ, ճակատագրական սխալ գործեցին` անտեսելով այն կոդերը, որ առկա են «Սասնա ծռեր»-ում, և «ստանդարտ» փորձարարության արդյունքում արթնացրին Ագռավաքարում ննջող Փոքր Մհերին…
Ու երբ ՀՀ իշխանությունը ԱԱԾ-ի հարվածն ուղղեց ընդդեմ ամերիկյան ամենառեալ հենարանի` օսկանյանական «Սիվիլիթասի», պարզվեց, որ Հայաստանում Օսկանյանի ամերիկյան հիմնարկը պաշտպանող չկա: Նույնիսկ ամերիկյան աշխատավարձ ստացող հայերը չեն ուզում պաշտպանել ԱՄՆ-ի այդ, Ջոն Հեֆֆերնի ասած, «կարևոր գործընկերոջը»:
Արդյո՞ք ԱՄՆ-ի և Եվրոպայի դիվանագիտական ճնշումը կստիպի ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին դադարեցնել «Սիվիլիթասի» քրեական (կամ քաղաքական` ըստ ճաշակի) հետապնդումը: Վստահաբար` ոչ: Արդեն գնացքը գնացել է: Ու «քաշվավ» նաև Ռոբերտ Քոչարյանը, ում համար Օսկանյանը և ԲՀԿ-ի «արմատական» թևը միջոց էին` ճնշում գործադրելու ՀՀԿ-ի վրա և սահուն կերպով իշխանության վերադառնալու: Իսկ հիմա այդ ամենը գնում է կա՛մ դեպի «սպիտակ դրոշ» բարձրացնելը, կա՛մ հրապարակային կոշտ հակամարտությունն իշխանության հետ: Իսկ պետական մեքենայի հետ կռվողն անխուսափելիորեն պարտվում է, անգամ եթե նա գերհզոր ռեսուրսներ ունի:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Քաղաքական բամբասանքները, սրա-նրա խաղերը, մանր-մունր խարդավանքները` այդ ամենը մեկ էլ ծխի պես ցիրուցան եղավ: Ցիրուցան եղավ, երբ մայրաքաղաք հասավ Բերդավան և Չինարի գյուղերի վրա բարձրացած ծուխը, և բոլորի քթին զարնեց վառոդի ու արյան հոտը: Որը նույնն է պալատի և խրճիթի բնակչի, ազատականի ու պահպանողականի, մեծի ու փոքրի համար:
Դա դեռ պատերազմ չէր, դա սթափեցնող հիշեցում էր, որ թշնամին արթուն է, որ նրա կրակակետերը գիշերային Երևանից ընդամենը մի քանի ժամ ճանապարհի հեռավորության վրա է: Ու միանգամից հօդս ցնդեցին միանգամից մի քանի` խնամքով պատվաստվող առասպելներ` իբր հիմիկվա թուրքը 20-րդ դարի սկզբի յաթաղանով թուրքը չի, որ նրա հետ «երկխոսել» է պետք, «քաղաքակիրթ» հարաբերություններ հաստատել, ֆլան-ֆստան… Ի՞նչ «քաղաքակիրթ», այ ձեր հոգուն ղուրբան, քոչվորն` ուր, քաղաքակրթությունն` ուր: Ի՞նչ «երկխոսություն», երբ սրանք միայն ինքնաձիգի ու թնդանոթի լեզուն են հասկանում: Որ «թուրք» բառն իսկ ամեն ինչ ասում է: Երբ խոսում են թնդանոթները, մուսաները լռում են:
Եվ լռեցին միանգամից բոլոր անբովանդակ մուսաները` բազմազանության, մարդու իրավունքների, քաղաքական ճաշակների… Լռեցին «չենք լռելու»-ները, լռեցին ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպողները… քանզի եթե առաջ պարզապես կանպատվեին և մեկ-երկու թաթալոշվ կճամփեին բողոքելու «ամերիկյան մորքուրների» մոտ, հիմա միգուցե շանսատակ անեն: Այդ «մորքուրների» իրական գինն էլ երևաց` հենց ԱՄՆ-ի «գլխավոր մորքուրի» այցի օրը երեք զինվոր զոհվեցին, որպեսզի թույլ չտան «քաղաքակրթված» թուրքի ներխուժումը: Երեք ընտանիք վիշտ մտավ, որպեսզի մեկ միլիոն այլ ընտանիքների դռնից վիշտը հեռու մնա: Ու միանգամից ամեն ինչ դարձավ սևուսպիտակ. առջևում` դարավոր ոսոխը, թիկունքում` հարազատ տունը: Բոլոր հայերի տունը: Ճիշտն ու սխալն էլ հստակ դարձավ. տան պաշտպանին օգնում ես, թևութիկունք ես նրան` յուրային ես, խանգարում կամ փնովում ես`թշնամու հետ ես:
Շատերն ասում էին, որ 1988-ի լուսավոր զարթոնքի ալիքը այլևս չի կրկնվի, որ հուսալքված ենք, հոռետես, ապագայի հանդեպ անհավատ: Այդ սուտը հօդս ցնդեց: Շատ արագ: Պահեստազորի կապիտան Արթուր Եղիազարյանի` պաշտպանության նախարարին գրված բաց նամակով առաջարկվեց այպիսի թեժ պահերին երիտասարդության գենոֆոնդը պահպանելու համար դիրքեր ուղարկել արդեն սերունդ տված փորձառու պահեստազորայիններին: «Պատիվ ունեմ: Պահեստազորի կապիտան Արթուր Եղիազարյան»,- այսպես էր ավարտվում նրա բաց նամակը: «Պատիվ ունեմ»,- ընդամենը երկու օրում արձագանքեցին 7000 հայորդիք ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, պատրաստակամություն հայտնելով մասնակցելու մարտական գործողությունների: Ու արձագանքներից պարզվեց, որ անգամ կործանված Լիբիայում հայեր կան:
Ու սա`ընդամենը խոշոր սահմանային միջադեպի, այլ ոչ թե ծավալուն պատերազմական գործողությունների պարագայում: Ընդամենը մեկ` մինչ այդ քչերին հայտնի հայորդու անկեղծ պոռթկումը ակնթարթորեն արձագանքեց 7000 հայերի սրտերում` անկախ տարիքից, կրթությունից, քաղաքական հայացքներից, բնակության վայրից… իսկ 1988-ին ամեն ինչ ավելի համեստ շարժից էր սկսվում: Բա եթե պետական որևէ գործիչ անկեղծորեն դիմի ազգին` «Պատիվ ունեմ» պարզ, զուլալ, զորավոր բանաձևով: «Պատիվ ունեմ»`հարազատ օջախի հանդեպ սերն արտահայտող այդ պարզ խոսքը միանգամից զորության հուրն է վառում հազարավոր սրտերում: Պարզապես մենք ինքներս դեռ չգիտենք մեր իրական զորության մասին, սակայն վառոդի հոտը շատ արագ քայքայում է ուղեղներն ու սրտերը պատած ժանգի շերտը:
Հասարակ բաների վրա ուշադրություն չէինք դարձնում: Հակառակորդը դիվերսիայի, այսինքն` մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհված իր ասկյարների մահերը ձևակերպում է որպես ինքնասպանությունների, հիվանդության, անգամ գլխին բետոնե սալիկ ընկնելու հետևանք: Ադրբեջանում դժբախտ պատահարից զինվորի մեռնելը մարսում են, իսկ կռվում մեռնելը ահուսարսափ է ներշնչում: Մեզանում` հակառակը, ժողովուրդն անհանդուրժելի է համարում, եթե զինվորը զոհվել է այլ կերպ, քան մարտում: Դա մեր հսկայական առավելությունն է, որը չգիտես ինչու չէինք տեսնում: Ու դեռ քանի-քանի նորանոր առավելություններ կբացահայտենք, պեղելով մեր սիրտն ու հոգին, քերելով թերահավատության, դառնության, նախանձի ու չկամության հաստ կեղևը, որով ինքներս ենք մեզ պատել: «Պատիվ ունեմ»,- թող այս պարզ խոսքը հնչի մեր սրտերում և մաքրի մեր հոգիները:
Վերջին օրերին ինձ հաճախ են հարցնում` իսկ առաջիկայում պատերազմ կլինի՞: Անկեղծորեն պատասխանում եմ` չգիտեմ, բայց եթե հանկարծ լինի` պատրաստ ենք դրան, և հաղթելու ենք, քանզի ՊԱՏԻՎ ՈՒՆԵՆՔ:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Դե ինչ, իշխանական դաշտի հիմնական ինտրիգը պրծավ` Տիգրան Սարգսյանը կրկին նշանակվեց վարչապետ: Նախարարներն էլ գրեթե չեն փոխվելու, բացառությամբ ԲՀԿ-ականների, և կարճատև կլինի սուրճի մրուրով գուշակություններ անելու զվարճանքը, թե՝ ովքեր են նշանակվելու: Դա էլ կտևի այնքան, մինչև Տիգրան Սարգսյանը ներկայացնի կառավարության կազմն ու ծրագիրը: Դե, տրամաբանությունն էլ բավականին հասարակ է`մինչև նախագահական ընտրություններ մնացել է մի քանի ամիս, իսկ վարչապետ փոխելը միշտ էլ ռիսկերի հետ է կապված: Առավելևս այդ ռիսկերն ավելորդ են այն պարագայում, որ Տիգրան Սարգսյանը վաղուց ընդունել է «եվրասիական կրոնը»:
Մարգարե պետք չէ լինել` կանխատեսելու, որ կառավարության ծրագիրն էլ շատ հարթ է անցնելու: Գրեթե չեն լինելու բարդ հարցեր տվողներ և դեմ քվեարկողներ, ԲՀԿ-ն դժվար թե նաև փորձի բոյկոտ կազմակերպելու միջոցով քվորումի բացակայության վիճակ ստեղծել… Փորձն արդեն իսկ առկա է` ԱԺ խոսնակի և փոխխոսնակների ընտրության ժամանակ ընդամենը մի քանի խղճուկ «դեմ» քվեներ կային: Ու ոչ մի` դեմ խոսացող:
Ավանդական ընդդիմության հայ — հայը գնացել, վայ-վայն է մնացել: ՀՅԴ խմբակցությունում 5 հոգուց 3-ը կրակոտ ելույթների հավես հաստատ չունեն: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կրկնում են «Արդարություն» դաշինքի «կիսաբոյկոտների» ուղին, որը փողոցի ցածր ակտիվության պայմաններում տանում է դեպի լրիվ դեգրադացիա և հեղինակազրկում: Ու եթե ՀԱԿ-ը որոշել է քիչ-միչ տեր կանգնել նաև Երևանի ավագանու իր փայ մանդատներին ու գոնե նվազագույն ակտիվության իմիտացիա անել, ապա «Ժառանգությունում» տիրում է վիճակ, որը դժվար է կոչել այլ կերպ քան մառազմատիկ: Րաֆֆի Հովհաննիսյանի վարքագիծն էլ հիշեցնում է սադոմազոխիզմի սեանս` համագումարում ձևավորել վարչություն, որը գրեթե ամբողջապես կազմված է իր կողմից համամասնական ցուցակի «վատ» տեղեր դուրս մղած կադրերից, և այդ վարչության դատին թողնել` ինքը մանդատ վերցնո՞ւմ է, թե՞ ոչ: Ու նաև` ծիծաղելի խաղը, թե ով ինքնաբացարկ տա կամ չտա: Չնայած, մի գուցե մորաքույր Քլինթոնը գա և Րաֆֆու կուսակցությանը հանի՞ ճգնաժամային վիճակից…
Եվ այսպես, «դասական» ընդդիմադիրները կարծես էլ պիտանի չեն ընդդիմության ֆունկցիան մարդավարի կատարելու: Իսկ ԲՀԿ-ն ոչ մի կերպ չի հարմարվում ընդդիմադիր կարգավիճակին: Այդ կուսակցության ներկայացուցիչները, նույնիսկ ժամանակին բլբուլ կտրած Վարդան Օսկանյանը, փախչում են «ընդդիմություն» բառից իսկ, գերադասելով անհասկանալի և դատարկ «այլընտրանք» բառը: Իսկ նորընտիր ԱԺ-ի առաջին իսկ քվեարկությունները առավել քան պերճախոս են: Ստացվում է պարադոքս` 4 հանձնաժողովների նախագահների քվոտաները հասել են ԲՀԿ-ին, քանի որ օրենքով դրանք նախատեսված են ընդդիմության համար, սակայն ԲՀԿ-ն ինքն իրեն չի ուզում ընդդիմություն համարել:
Դե պարզ է, ինչ է կատարվել: Գագիկ Ծառուկյանը չէր էլ ուզում այլ ճանապարհ, բացի կոալիցիա կազմելուց, ու դրան էլ նախապատրաստել էր իր նախարարներին, պատգամավորներին, օլիգարխներին ու ընդհանրապես կուսակցական զանգվածին: Թերևս հենց Ռոբերտ Քոչարյանն էր պնդել, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտնի, և Ծառուկյանն էլ չուզելով արել էր այդ հայտարարությունը, կրակը գցելով ինչպես իրեն, այնպես էլ մյուսներին: Ու հորինվածք է այն լրատվությունը, իբր նա Սերժ Սարգսյանին գրեթե վերջնագրեր էր ներկայացրել վարչապետի ու նախարարների քանակի մասին:
Եվ ահա ԲՀԿ-ն արթնացավ ընդդիմադիր կուսակցության կարգավիճակում, որ շատ-շատերին վատ երազ է թվում: Դե արի պատգամավորներին ստիպիր, որ ընդդիմադիր ձևով քվեարկեն: Ո՞նց ստիպես, եթե մեծ մասը անցյալի «պոչեր», հետևաբար նաև` բազում վախեր ունի… Բայց արի ու տես, Քոչարյանը ստիպում է, որ ընդդիմադիր վարքագիծ դրսևորեն, ինքը մնալով ստվերում, չի ուզում բացեիբաց առաջնորդել կուսակցությունը և ստանձնել ընդդիմադիր առաջնորդի դերը: Նրան պետք է խաղ`ճնշում բանեցնել ՀՀԿ-ի վրա և սահուն վերադառնալ իշխանական համակարգ: ԲՀԿ-ականներն էլ չեն վառվում ցանկությամբ`լինել գործիք ստվերային խաղում, և փորձում են դիմադրել դրան… Դե ինչ, Ռոբերտ Քոչարյանը նախագահական լծակներ ունեցած ժամանակ մարտահրավեր էր նետում հանրությանը` «Ո՞վ է այն տղամարդը», իսկ հիմա չի ուզում դառնալ «այն տղամարդը», որը քաջություն կունենա անձամբ, բացահայտ կերպով ԲՀԿ-ից ձևավորել նոր, արդեն կառուցողական ընդդիմություն, քանզի արմատական ընդդիմադիրների ժամանակներն անցել են:
Եվ քանի որ նա վարում է ստվերային խաղ, ապա, բնականաբար, ՀՀԿ-ից ստանում է ստվերային ցավոտ պատասխաններ: «Փակ շուկայի» սկանդալը, որպես շարունակություն ունեցավ Հանրային խորհրդի նիստը: Նիստում էլ նշվեց, որ 25 հազար պատմական հուշարձաններից 6 հազարը սեփականաշնորհված են, և դրանցից 5800-ի դեպքում սեփականատիրոջ հետ չկա պահպանման պայմանագիր… Այսինքն`վկայվեց մի ահավոր հանցագործության մասին, որը կատարվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք: Բա որ իրավապահ մարմիննե՞րը զբաղվեն այդ փաստերով` պատկերացնել կարելի է, թե ինչքան մեղադրյալներ ի հայտ կգան հենց Քոչարյանի մերձավոր շրջապատից: Քանի-քանի օլիգարխի գլխին կկախվի բանտախցի վտանգը… Ու այդ ամենը` ընդամենը մեկ ոլորտում:
Կամ ուրիշ օրինակ. Ոչ ոք չբողոքեց, որ Հմայակ Հովհաննիսյանին «ճշտով» զրկեցին մանդատից: Դե պարզ է, այդ վարկաբեկված, օգտագործված և դեն նետած կերպարին ոչ ոք չի սիրում… Բայց չէ՞ որ Աղվան Գառնիկիչը հանկարծ կարող է հիշել, որ նրա հայտարարությունն` իր կամքին հակառակ իրեն կրիմինալ մեթոդներով մանդատից զրկելու վերաբերյալ, իրականում հաղորդում է ծանր պետական հանցագործության մասին: Ու դրանից հետո կամ ստիպողները պիտի գնան բանտ, կամ Հմայակը` որպես սուտ մատնություն արած:
Ու այդպիսի դրվագներ դեռ շատ կլինեն: Բայց կարևոր մեկ այլ բան էլ կա: «Հին» ընդդիմությունը փաստացի կործանված է, իսկ նորը չի ձևավորվում: Մնում է հիշել Գալուստ Սահակյանի` ժամանակին կատակով արած առաջարկության մասին, որ պետք է ստեղծել ընդդիմության նախարարություն: Բայց վախենամ` դա էլ չօգնի: Չէ՞ որ ԱԺ հանձնաժողովների ընդդիմության համար օրենքով հատկացված քվոտաները զբաղեցրած ԲՀԿ-ն հիմա օրենքով ընդդիմություն է, բայց փաստացի հրաժարվում է ընդդիմություն լինել…
Ուրախ ենք ապրում:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ամփոփելով բուռն շաբաթը, պետք է արձանագրեմ, որ թեև անորոշ և ոչ միանշանակ պահեր շատ կան, բայց ամեն ինչի ուղեգիծը հիմնականում դրական է: Զուտ օբյեկտիվ պատճառներով: Թվարկեմ. «կոալիցիա» արհեստական հասկացությունը վերացավ, ԱԽՔ-ի կուսակցությունը փաստացի ինքնալուծարվեց, վերջ գտավ Օսկանյանի մոգոնած ախմախությունը, որը կոչվում էր «կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն», և այլն:
Իսկ հիմա`հերթով: Խոշոր հաշվով կոալիցիոն կառավարություններ կազմելու ավանդույթը ձևավորվեց Ռոբերտ Քոչարյանի օրոք` որպես քաղաքական ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու գործիք: Դրան նպաստում էր նաև ՀՀ երկրորդ նախագահի հավակնությունը`լինել «վերկուսակցական» ու խաղալ բոլոր խոշոր կուսակցությունների լարերի վրա: 2008-ի նախագահական ընտրություններին թեև հստակորեն որպես ՀՀԿ առաջնորդ հանդես եկող Սերժ Սարգսյանն էր հիմնական դերակատարը, այնուամենայնիվ կոալիցիայի կարիք եղավ` գունավոր հեղափոխության վտանգը չեզոքացնելու համար: Սակայն Սերժ Սարգսյանով սկսվեց անհասցե «վերկուսակցական» սխեմաներից հրաժարվելու և կոնկրետ կուսակցական պատասխանատվության դարաշրջանը:
Դեռևս 2008-ի կոալիցիայում արդեն երևում էր միտում`կոալիցիայի առնվազն թերի կողմերի պատասխանատվությունը դնել ՀՀԿ-ի վրա (դե հաջողություններին բոլորը «շուստրիաբար» ձգտում էին իրար հերթ չտալով տեր կանգնել): Բայց պատասխանատվությունից հրաժարվելը օբյեկտիվորեն տվեց կոալիցիայի քայքայման գործընթացի մեկնարկը: Առաջինը պոկվեցին դաշնակները`ձգտելով սահմանազատվել «ֆուտբոլային դիվանագիտության» հետ կապված ռիսկերից ու շահել հայրենասիրական դիվիդենտներ: Սակայն արդյունքում դիվիդենտները հասան ռիսկերը ստանձնած ՀՀԿ-ին, իսկ ՀՅԴ-ին այլ բան չմնաց բացի արմատականանալուց, ինչը և հասցրեց նրանց մինչև «Ընտրությունների վերահսկման միասնական շտաբ» կոչվող արկածախնդրությանը մասնակցելը…
ՀՀԿ-ին չհակադրվելու, բայց միաժամանակ դրական ամեն ինչն իրեն վերագրելու «շուստրիությունը» որդեգրած ՕԵԿ-ն էլ «քաշվավ»`կորցնելով իր վարկանիշի ողջ պաշարը, դառնալով «կույր աղիք»: Արդյունքը` կուսակցությունը գործնականում լուծարված է: Այժմ ԱԺ-ում կա ՕԵԿ խմբակցություն, բայց հետագա ընտրություններին մենք այլևս չենք տեսնելու ՕԵԿ անունով կուսակցություն: Այսպիսով մեռավ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք Արթուր Բաղդասարյանի կողմից ստեղծված այդ քաղաքական բիզնես-նախագիծը: Մեկ այլ քաղաքական բիզնես-նախագիծ` Գուրգեն Արսենյանի` Ռոբերտ Քոչարյանի քավորությամբ ստեղծված ՄԱԿ-ը, տարրալուծվեց նույն Քոչարյանի նախագիծ ԲՀԿ-ում:
ԲՀԿ-ն էլ ունի իր յուրահատկությունները: Ռոբերտ Քոչարյանը դա ստեղծեց, որպեսզի իշխանությունը Սերժ Սարգսյանին փոխանցելուց հետո ունենա իր ծանրակշիռ հենարանը խորհրդարանում: Սակայն Քոչարյանի «վերկուսակցական» մոտեցումների պատճառով ստեղծվեց քաղաքական նոնսենս` կուսակցություն, որը չունի գաղափարախոսություն, ու որը բազմամարդ դարձավ զուտ Գագիկ Ծառուկյանի կերակրատաշտից օգտվողների անգաղափար ու անսկզբունք բանակով:
Բնականաբար, Ռոբերտ Քոչարյանը ձգտում էր հնարավորինս ուժեղացնել իր այդ անձնական հենարանը: Ստացվեց` Օսկանյանի ու Հմայակի պես ամերիկամետ պատեհապաշտ կադրերի ներմուծումով և օգտվելով Լևոն Տեր-Պետրոսյանի` «ընտրությունները հարամելու» ձգտումից Հմայակի օֆիսում ստեղծվեց «միասնական շտաբ» կոչեցյալը: Եվ դա դառավ հսկայական փոշեկուլ, որ ընդդիմադիր քվեները սրբեց-տարավ ՀԱԿ-ից ու ՀՅԴ-ից, ու արդյունքում երկուսն էլ հազիվ-հազ մտան խորհրդարան: Բայց քանի որ չստացվեց ՀՀԿ-ին մեկուսացնելու ծրագիրը, ընդդիմության հաշվին իր քվեները կրկնապատկած ԲՀԿ-ն հայտնվեց ոչ միանշանակ վիճակում:
Բնականաբար, «կոալիցիոն իներցիայով» Ռոբերտ Քոչարյանը փորձեց լուծել սեփական գործադիր լծակներն էապես ավելացնելու և անգամ սեփական վարչապետ ունենալու հարցը: Սակայն ՀՀԿ-ն ի վերջո մերժեց, բայց սակարկությունները տևեցին այնքան, որ ԲՀԿ-ի համար այլևս ուշ էր փողոցի միջոցով ճնշումներ կազմակերպելը: Ու եղավ այն, ինչ եղավ` Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունը և կոալիցիայի փաստացի թաղումը: Արանքում զոհ գնացին Հմայակ Հովհաննիսյանի պես պատեհապաշտ «շուստրի» ու բոլորին հերթով «քցող» կերպարները, հերթը նաև կհասնի քոչարյանական քարոզչամեքենային` անմաքուր պատվերներ սպասարկող «կորիֆեյներին», և նրանց էլ մինչև վերջ օգտագործելուց հետո Քոչարյանը դեն կնետի…
Եվ այսպես, ԲՀԿ-ն ընդդիմադիր է: Իրավիճակը ունիկալ է նրանով, որ մի կողմից, այդ նոր հզոր ընդդիմադիր միավորը զուրկ է գաղափարախոսությունից, մյուս կողմից` այն մարմնավորում է Հայաստանի օլիգարխիայի մեծ մասը: Խոսքը ոչ միայն ԲՀԿ օլիգարխ -պատգամավորների ու արդեն հրաժարական տված օլիգարխացած նախարարների մասին է, այլև Ռոբերտ Քոչարյանի ամբողջ կլանի:
Իրոք, պարադոքսալ իրավիճակ է`օլիգարխիան ընդդիմության մեջ: Հետևաբար, օբյեկտիվորեն իշխանության ամբողջ բեռը ստանձնած ՀՀԿ-ին այլ բան չի մնում, քան ուզած-չուզած ձգտել օլիգարխիան ջարդելուն: Ու առնետավազքը առանձնապես բան չի փոխելու, քանզի Ռոբերտ Քոչարյանի անձի գործոնն ինքնին դանդաղեցնելու է այդ առնետավազքը: Այսինքն`հայոց նորագույն պատմությունում առաջին անգամ ստեղծվել է իրավիճակ, որ իշխանությանը ձեռնտու է ջարդել օլիգարխիային և լիկվիդացնել օլիգարխիկ համակարգը որպես այդպիսին: Անշուշտ, ՀՀԿ-ական օլիգարխներ էլ կան, բայց նրանք էլ անխուսափելի ընկնելու են նույն ալիքի տակ:
Ուշագրավ է, որ օլիգարխացած են և ընդդիմության մյուս միավորները: Այսպես, ՀՅԴ-ի միակ մեծամասնական պատգամավորը օլիգարխ է: Իսկ համամասնական մասով հարկադրեցին ինքնաբացարկի դիմում գրել թեև ոչ փայլուն, բայց ազնիվ Արտուշ Շահբազյանին, և առաջին հնգյակի միակ կին թեկնածուին, որպեսզի համամասնականով մուտք գործի ևս մեկ օլիգարխ: ՀԱԿ-ի պարագայում էլ արդեն մեկ օլիգարխ փաստացի կա` ի դեմս Գագիկ Ջհանգիրյանի, ու եթե Ստեփան Դեմիրճյանին, Լևոն Զուրաբյանին կամ Հրանտ Բագրատյանին ստիպեն ինքնաբացարկի դիմում գրել, ապա ԱԺ կգա ևս մեկ օլիգարխ` «Գռզոների» կլանի ներկայացուցիչ Սարիբեկը: Ընդդիմադիր դաշտում միակ չօլիգարխացված ուժը «Ժառանգությունն» է, սակայն այնտեղ ներքին կռիվների պատճառով այնպիսի դեգրադացիա է տիրում, որ չեն բացառվում նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի և Զարուհի Փոստանջյանի ինքնաբացարկները:
Եվ այսպես, առջևում օլիգարխիայի ջարդն է: Եվ հարց է ծագում, թե այդ պայմաններում ինչպիսին կլինի ակամա ընդդիմություն դարձած ԲՀԿ-ի հետագա ընթացքը: Ուրվագծվում է երկու տարբերակ` կամ նախագահական ընտրություններից առաջ վերադարձ կոալիցիա (կա՛մ Սերժ Սարգսյանին, կա՛մ Ռոբերտ Քոչարյանին ձեռնտու պայմաններով` կախված առաջիկա 6 ամսին «քյալլա տալու» արդյունքից), կամ ընդդիմություն մնալը:
Ընդդիմություն մնալու պարագայում էլ կարևորվում է`ի՞նչ գաղափարախոսությամբ և ինչ առաջնորդով: Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը չի կարող լինել ընդդիմադիր ուժի առաջնորդ: Ուրեմն`ԲՀԿ-ն կունենա առաջնորդ կամ ի դեմս Վարդան Օսկանյանի, և կստանանք ամերիկամետ ծայրահեղ լիբերալ ուժ, կամ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի` (ըստ իս, ճիշտը հենց Քոչարյանի կողմից ԲՀԿ-ն բացահայտ առաջնորդելն է): Իհարկե, կստացվի ճակատագրի հեգնանք, որ «վերկուսակցական» Ռոբերտ Քոչարյանը կուսակցություն է ղեկավարում, բայց այդ դեպքում կուսակցությունը գոնե պետականամետ դիմագիծ կունենա ու չի դառնա ԱՄՆ-ի խաղալիք, վերածվելով «Ժառանգության» գիգանտ տարբերակի: Ու հեչ ողբերգություն էլ չի լինի, եթե Ռոբերտ Քոչարյանը որպես կուսակցապետ 2013-ի նախագահական ընտրություններին ստանա ընդամենը 10-15 տոկոս քվե, այլ ոչ թե պետականության նավը ճոճող ստվերային ավանտյուրաներով զբաղվի:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այս պահին քաղաքական դաշտը լցված է վերլուծություններով ու բամբասանքներով` կոալիցիա կլինի թե ոչ, քանի նախարար կունենա ԲՀԿ-ն, ընդհանրապես ովքեր կլինեն նախարար, վարչապետի փոփոխություն կլինի, թե ոչ, ինչ է լինելու Օսկանյանի ճակատագիրը… Սակայն պարզ ասվել է, որ այդ բոլոր հարցերի վերջնական պատասխանները կլինեն մայիսի վերջում… ուստի, առաջիկա մի քանի օրերին այդ թեմաներին անդրադառնալը կլինի զուտ մտավարժանք, քանզի ամեն պահ կարող է ինչ որ բան փոխվել: Համ էլ ավելի հետաքրքիր, բայց տեսադաշտից դուրս մնացած հարցեր կան…
Անիծվի այն օրը, երբ մտա «Ֆեյսբուք», քանզի աներևակայելի քանակով աղբ հայտնաբերեցի: Օրերս ֆեյսբուքյան ընկերներիցս մեկը ուշադրությունս հրավիրեց «Հայաստանի հայրենասերների միություն» կոչված էջի վրա: Թռուցիկ նայելով Էջը՝ պարզեցի, որ այն իր անվան հետ ոչ միայն հեռավոր աղերսներ չունի, այլև բացահայտ զբաղված է մեր երկրի երևելի անհատների, ազգային հերոսների, ազգային արժեքների, ազգային մտածողության վարկաբեկմամբ: Ընդ որում, դա արվում է բացահայտ ցինիզմով, փողոցային խոսելաոճով` կանգ չառնելով ոչ մի սրբության առաջ:
Գրությունների մի ստվար հատված լատինատառ է:
Իհարկե, այսօր` ժողովրդավարության և բացխոսության ժամանակաշրջանում, ես այս էջի գոյությանը կարևոր նշանակություն չէի տա, եթե այստեղ չլիներ թաքնված վտանգ: Նրանք հանդես են գալիս որպես ազգի բարեպաշտներ, ուղղափառ քրիստոնյաներ և հասցրել են այս ընթացքում իրենց ծուղակը գցել բավականին թվով միամիտ մարդկանց: Նրանց ակտիվությունը առավել հետաքրքիր է դառնում հատկապես միասեռականների շուրջը ստեղծված աղմուկի և ազգային արժեքների և ավանդական կենսաձևի նսեմացման փորձերի համատեքստում: Նրանց հավանողների թիվը հասնում է մոտ ութ հարյուրի: Ելնելով ժողովրդի մի մասի կենցաղային ծանր վիճակից, պետական կառավարման համակարգի ոչ կատարյալ լինելուց` նրանք շահարկում են թեմաներ, որոնք առաջին հայացքից գրավիչ են, և համացանցի օգտատերերի մի մասը հավանում է դրանք: Այնուհետև խորանալով թեմաների մեջ` նրանց գիտակից հատվածը հասկանում է, թե ուր է ընկել, բայց արդեն ուշ է լինում:
Նրանք օգտագործում են ստոր, խորամանկ քարոզչական տեխնոլոգիաներ: Վերցնում են ժողովրդի կողմից սիրված երևելի անհատներից մեկին և նրան հակադրում ոչ պակաս երևելի մեր մյուս անհատին: Դա որոշակի արդյունք տալիս է, որովհետև խոսքը այնպիսի հերոսների մասին է, որ ժողովրդի մի ստվար մասի մոտ նրանց նկատմամբ կա ազգային պաշտամունք:
Նրանց կեղծ քարոզչության թիրախն է դարձել ազգային հերոս, մեծ զորավար, մեծ մտածող, ազգային գաղափարախոս Գարեգին Նժդեհը: Որպես հակադիր բևեռ` այս դեպքում ընտրվել է ժողովրդի սիրելի զորավար Անդրանիկը: Համեմատությունը արվում է բացառիկ լկտիությամբ: Դատեք ինքներդ`ստորև բերված մեջբերումից, որն առանց խմբագրման է .
«Գեներալ Անդրանիկը դիտվել է որպես սուրբ` Հայոց ժողովրդի կողմից-նա է, որ ներկայացնում է իսկական Հայրենասիրություն` Նժդեհական պիղծ ազգայնամոլության և ինքնապաշտամունքի փոխարեն, իսկական քաջություն ու ազնվականություն` Նժդեհական խելագար աքլորության փոխարեն.
Հայոց հերոսները սուրբ Մեռոնի կնիքն ունեն իրենց դեմքին, որպես իսկական Սասնա Դավթի դյուցազուններ,
և ոչ թե` պղծված են հեթանոս քրմի առնանդամի մկրտությամբ, Վահագնային պիղծ սերմնահոսությամբ ..
Ճանաչեն՛ք և առանձնացնենք՛ մեր իսկական հերոսներին, սուտ անուններից, Հայրենասերին`պղծասերից..
-Նժդեհը մերժված է եղել և’ Գեներալ Անդրանիկի կողմից, և’ Դաշնակցության կողմից որպես Սատանիստ. Նրա անունը պետք է ջնջել Հայ իրականությունից.
Ով արտաբերում է նրա անունը` հավերժորեն պիտի վառվի Դժոխքում.
-Միայն մտավոր խելագար հոգեկան մարդիկ կարող են հետևել Գարեգին Նժդեհ անունով մոլագարին.
-Ատիր և գլխատիր թուրքին
-Պաշտիր քո ‘ցեղի’ նախագահին
-Թափիր արյունդ և թշնամուդ արյունը, այդ է ուժի ձևակերպումը ըստ այս խելագարի:
Ֆաշիստական Երրորդ Րեյխը`Հայերեն.
Դե կորսվեք ի Դժոխս, դուք, իժի զավակնե՛ր-Ցեղակրոն.
Հայը ԺՈՂՈՎՈՒՐԴ է, ոչ թե` ցեղ.
Դուք Ոչ թե Հայ եք, այլ` ՎԱ~Յ եք…»:
Նժդեհին վերաբերող մասի ցիտումը կատարվեց բառացի, որպեսզի պատկերացում կազմեք սրանց մանկուրտային մտածողության, լկտիության ու ցինիզմի մասին: Իհարկե, իմաստ չունի անդրադառնալ նրանց բոլոր վայրահաչություններին, պարզապես հավելեմ, որ այս սուտ հայրենասերների թիրախում են հայտնվել նաև անվանի մտավորական-գիտնականներ` Պարիս Հերունին, Սուրեն Այվազյանը, Արտակ Մովսիսյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանը, նաև Վազգեն Կաթողիկոսը, հայր Կոմիտաս Հովնանյանը իր ազգային մտածելակերպի համար, Ղևոնդ վարդապետ Հովհաննիսյանը, հայ քահանաներն ու հայ եկեղեցին, Պապ թագավորը, հայ հեթանոս աստվածներն ու դիցերը, ինչպես նաև նախաքրիստոնեական հայ մշակույթն ամբողջովին:
Ինչպես տեսնում եք, սրանց պայքարը բացառապես ազգային արժեքների, հավատքի, մշակույթի, հայ ազգային ընտրանու և ընդհանրապես ազգային մտածելակերպի ու կենսաձևի դեմ է:
Նրանց թիրախում են հայտնվել նաև Հայաստանի երեք նախագահները:
Դատելով նրանց ազգադավ գործելաոճից, հայատյացությունից, հայ մշակույթի, հայ եկեղեցու նկատմամբ անհանդուրժողականությունից, տարրական գրագիտության պակասից, լատինատառ հայերեն բառերի առատությունից` կարելի է եզրակացնել, որ նրանք կամ հայեր չեն, կամ կրոնական-քաղաքական աղանդավոր են: Այլապես շատ դժվար է պատկերացնել մի հայ մարդու, որն այդքան նողկանք ու ատելություն ցուցաբերի իր տեսակի հանդեպ:
Կարծում եմ, սա այն դեպքն է, որ գործին պետք է խառնվեն պետական մարմինները, որովհետև սա արդեն մարտահրավեր է մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը: Ու ցավոք, այդպիսի աղբանոցային միավորներ ֆեյսբուքում քիչ չեն, ուստի սովորական օգտատերերի ջանքերը չեն հերիքի`«Ֆեյսբուքի» հայկական հատվածն աղբից մաքրելու:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հետընտրական կրքերն աստիճանաբար հանդարտվում են: Այնքան են հանդարտվում, որ նույնիսկ աչքաթող արինք ՀԱԿ-ի` հաջորդ հանրահավաքը չգիտես երբ անելու հայտարարությունը: Այսինքն` սահուն ձևով չնկատեցինք էլ, որ առաջին անգամ ունեցանք ընտրություն առանց հետընտրական ցնցումների: Ու նաև սովորականի պես ենք ընկալում, որ մի հատիկ բացասական միջազգային գնահատական է հնչում:
Ի՞նչ է, պապական քաղաքակիրթ ընտրություննե՞ր անցկացրեցինք… լա՞վ է, որ պոզուպոչի տեղ չթղեցին: Լավ է, որ հետընտրական ցնցում չկա: Լավ է, որ կայուն մեծամասնություն է ձևավորվել, ինչի շնորհիվ հասարակ քաղքենին զերծ կմնա նաև խորհրդարանական ցնցումներից: Այդ ամենը լավ է` իշխանությունը կարող է չմտածել իշխանություն պահելու կամ վերարտադրելու մասին, այլ կենտրոնանալ կոնկրետ խնդիրների վրա: Ու էլ ոչինչ չի խանգարում նաև, որ իշխանությունից կոնկրետ գործ պահանջենք:
Բայց… այնուամենայնիվ, կան բաներ, որ մթագնում են լավատեսությունը: Ոչ, դա ընտրակաշառքով քվե ծախողները չեն` իրենց քարն, իրենց գլուխ , որ 5 տարին 5000 դրամ են գնահատում, դա էլ իրենց ազատ ընտրությունն է: Ոչ էլ առավելևս մատից ծծած ընտրացուցակների և թանաքի որակի խնդիրները… Ավելի կարևոր արժեք ոտատակ գնաց այս ընտրություններով: Որը գումարով կամ պատգամավորական մանդատների քանակով չես չափի: Ու որն ավելի ամոթալի խարան է, քան կարող էին լինել նույնիսկ ամբողջովին կեղծված ընտրությունները, զի խոշոր հաշվով «ժողովրդավարությունը» կեղծ արժեքների դասին է պատկանում:
Ամենաամոթալին այն է, որ ընտրության թոհուբոհում ահավոր վիրավորանքի դատապարտվեցին մեր լավագույն ազատամարտիկները: Կբերեմ ընդամենը երկու օրինակ` Մանվել Եղիազարյան և Սասուն Միքայելյան:
Սկսենք Մանվելից: Թիվ 11 ընտրատարածքում բոլորը վստահ էին, որ չկա ավելի արժանի թեկնածու, քան Արաբոյի Մանվելը: Բոլորը նրա անունն են տալիս, ու գործնականում չէին էլ կասկածում, որ նա է իրենց ապագա պատգամավորը… Բայց եկավ ընտրության օրը, և մինչ այդ ընտրատարածքում զրո հեղինակություն ունեցող Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշը) հանկարծ 20 հազար քվեի տեր դառավ: Մանվելի զինակիցները, տեսնելով, թե ինչ է կատարվել, ձայների հաշվարկի սկզբից լքեցին ընտրատեղամասերը: Ու սկսվեց խայտառակության երկրորդ արարը` վերջնահաշվարկում տակը մնաց 3000 քվեից էլ պակաս: Եթե դա իրական թիվ է, ապա թաղի բնակիչները պիտի ամոթից գետինը մտնեն, բայց ենթադրելի է, որ ուրիշ բան տեղի ունեցավ: Թերևս Հեղինե Բիշարյանը ու ՀԱԿ-ի ներկայացուցիչ, Արշակ Բանուչյանը որոշեցին առիթից օգտվել ու «անտեր մնացած» քվեների հաշվին ապահովել այն, որ վերջին ու նախավերջին տեղերում չլինեն, կանխավ իմանալով, որ լեգենդար հրամանատարը իր պատվից ցածր կհամարի բողոքարկումները: Ու չգիտակցեցին էլ, թե ինչ աստիճանի ամոթալի բան են անում… կեցցեն ընտրական թվաբանությունները, որոնցից թվերն աստվածացնող Պյութագորասը հաստատ գժանոցում կհայտնվեր:
Այսինքն` ԲՀԿ-ի փողը պարտության մատնեց լեգենդար ազատամարտիկին: Անշուշտ, երբ պատերազմի փողն հնչի, Մանվելը կշտապի ռազմի դաշտ, այլ ոչ թե Գրիշը, զի ազատամարտիկի տեսակը չգիտի, թե ինչ բան է ժողովրդից նեղանալը: Նույն բանը տեղի ունեցավ և Հրազդանում:
Այդտեղ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը ստացավ իր մշտական 13 հազար քվեն, բայց… ԲՀԿ թեկնածուն, որին Հրազդանում չէին ճանաչում, նույնիսկ ձեռք էին առնում, հանկարծ նույն մեթոդներով, ինչ Բելաջիոյի Գրիշը, կրկին 20 հազար քվե ստացավ… Ու եթե, ասենք, կարելի էր ենթադրել, որ Գրիշը բավարար գումար ուներ 20 հազար քվե գնելու համար, ապա Հրազդանի թեկնածուն հաստատ դա չուներ… Այսինքն` ԲՀԿ կենտրոնական շտաբն էր որոշել ցանկացած գնով ունենալ լրացուցիչ մանդատներ: Չէ՞ որ «սուրբ» նպատակ կար` փորձել ապահովել Ռոբերտ Քոչարյանի վերադարձն իշխանության: Իսկ միջոցները… յա՛խք:
Սակայն ինչ-ինչ վերին արդարություն կա: ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, մեծամասնություն ունեցավ, չհաջողվեց նրան մեկուսացնել ու պարտադրել Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Նույն «մեկուսացման» գծով «բորդյուրին» մնաց և Լևոն Տեր-Պետրոսյանը` իր պլյուս 1500 ձայնով: Եվ լրիվ արդար կլինի, որ ԲՀԿ-ին կոալիցիա էլ չվերցնեն, ու այդ անգաղափար մեկ օլիգարխի կուսակցությունը լծակներ չստանա: Բայց… տեսնենք, օրը կգա, բարին էլ` հետը:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.