23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երբ իմ տան դուռը զանգում են բարետես երիտասարդներ` շքեղ կազմված մի քանի գիրք ձեռքներին և ասում են` «մենք ուզում ենբ ձեզ հետ զրուցել», ես ուղղակի փակում եմ դուռը, որովհետև ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունեմ լսելու աղանդավորների բարբաջանքները: Ենթադրում եմ, որ հայաստանցիներից շատերն են այդպես վարվում: Բայց եթե այս օրերին մեր տուն են գալիս ինչ-որ մարդիկ, ներկայանում են թաղապետարանից, համատիրությունից և էլի ինչ-որ մի հիմնարկից ու սկսում են հարցեր տալ ընտրությունների վերաբերյալ կամ, ավելի վատ` հավաքում են անձնագրային տվյալներ, ինչո՞ւ նույնը չենք անում: Նրանք բնակարան ներխուժելու և մեզ հարցեր տալու ճիշտ նույն իրավասություններն ունեն, ինչ որ «Եհովայի վկաները»: Բայց ոչ` այստեղ մեր մեջ նստած է խորհրդային ժամանակներից մնացած գենետիկ վախը պետական մարմնի, «օրգանի» հանդեպ: Եթե «օրգանը» գալիս է և մեզնից տվյալներ է ուզում, ուրեմն դա վերևներում համաձայնեցված է և անհրաժեշտ: Դե, եկեք, ուրեմն, այդ «օրգանի» մարդուն չդիմադրենք` ո՞վ գիտի` ինչ է գլխներիս սարքելու, և նրա պահանջները կատարենք: Ու բնակիչները խելոք-խելոք պատմում են նրան` գնալո՞ւ են ընտրությունների, թե՞ ոչ, ո՞ւմ են քվեարկելու, ինչպես նաև հանում են «սերվանտներից» իրենց անձնագրերն ու թելադրում տվյալները: Հետո այդ մարդկանց մի մասը զանգում է լրատվամիջոցների խմբագրություններ, կուսակցություններ, հ/կ-ներ և բողոքում է, թե իշխանությունն իրենցից տվյալներ է հավաքում, բայց ավելացնում` հանկարծ մեր անունները չգրեք` քաշվելու ենք:
Այդ վախերն ունեն զուտ «իներցիոն» բնույթ ու ոչ մի բանով հիմնավորված չեն: Ահազանգելն, իհարկե, ճիշտ է, բայց նախ` մի վախեցեք ասել ձեր անունը և հասցեն, երկրորդ` ահազանգելուց առաջ վերցրեք այս «օրգանի» մարդու կամ տիկնոջ թևքից և քաղաքավարի ուղեկցեք մինչև ձեր տան դուռը: Հաջորդ անգամ բնակչի դուռը զանգելուց առաջ նա երեք րոպե կմտածի: Իսկ եթե մի քանի քաղաքացի նրան այդպես ուղեկցի, նա կզեկուցի իր «շեֆերին», որ նախընտրական այս «աշխատանքը» ինքը չի կարող կատարել: Ի դեպ, մերժելով այդ «բանագնացներին»` կարող եք վկայակոչել Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի երեկվա հայտարարությունը, որտեղ «խստորեն դատապարտվում է» անձնական տվյալներ հավաքելու ցանկացած նախաձեռնություն:
Խնդիրը բարդանում է, իհարկե, երբ այդ արատավոր, եթե չասեմ` հանցագործ նախաձեռնությամբ հանդես է գալիս պետական կամ մասնավոր հիմնարկի ղեկավարը: Պարզ է, որ այս դեպքում աշխատակիցները կախվածության մեջ են իրենց տնօրենից [սեփականատիրոջից] և կդժվարանան արհամարհել նրա ապօրինի «հրահանգները»: Այ, այստեղ իսկապես որոշակի խիզախություն է պետք. ոչ թե գալ տուն և խոհանոցում դժգոհել իշխանությանը «սապոնվող» շեֆից, այլ միասնաբար դիմադրել նրան` դիմելով թե´ լրատվամիջոցներին և հասարակական կառույցներին, թե´ դատական ատյաններին: Այդ դեպքում իշխանությանը հաճոյանալու այդ «աշխատաոճը» չի դրսևորվի նաև տնօրենների մակարդակով:
Առավոտ
Հունվարի 17-ին Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հաղորդագրությունը, որտեղ նշվել էր, որ ՀՀ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության և անվստահության մթնոլորտի պատճառով, ըստ ՀՀԿ-ական աղբյուրների, կարող է լուրջ հետք թողնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետագա կարիերայի վրա: Նույն աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը, ում համար խիստ կարևոր է, որ փետրվարի 18-ի ընտրությունները անցնեն անաղմուկ և լավ տպավորություն թողնեն արևմուտքի վրա, չափազանց զայրացած է վերոնշյալ հայտարարությունից և մտադիր է նախագահի ընտրություններից հետո անձամբ զբաղվել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմով: Խոսվում է նաև, որ ըստ ամենայնի, Դավիթ Հարությունյանը հրաժեշտ կտա իր այդ պոստին ևս և ընդհանրապես, պատվիրակության կազմում, հնարավոր է, փոփոխություններ լինեն: Ինքը, Դավիթ Հարությունյանը, հիշեցնում է թերթը, շտապել է հայտարարել, որ այդ հաղորդագրությունը շատ հեռու է օբյեկտիվ լինելուց: Երեկ, երբ նրան ասել էին, որ թերթի տեղեկություններով, ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը լուրջ խնդրո առարկա է դարձել իշխանական վերնախավում, և չի բացառվում, որ պատվիրակության ղեկավարը փոխվի, և թերթի հարցին` հնարավոր համարո՞ւմ է դա, նա պատասխանել է. «Դա լուրջ քննարկման առարկա է դարձել այնտեղ, ոչ թե այստեղ, իսկ պատվիրակության կազմը փոխվելու հետ կապված` այս պահին որևէ քննարկում չկա, սակայն ես չեմ բացառում, որ կազմը ընթացքում փոխվի, իհարկե, միշտ էլ կարող է փոխվել, նման խնդիր չկա»:
Հայկական ժամանակ
ՀՀ նախագահի այս ընտրությունները նախորդից տարբերվում են նաև նրանով, որ նախորդ ընտրություններում իշխանության թեկնածուի ձայների ապահովումը նախևառաջ դրված էր մեծամասնականով ընտրված պատգամավորների վրա, իսկ նրանք, ինչպես հայտնի է, քրեածին-օլիգարխիկ կենսագրություն ունեին: Այս ընտրարշավին, սակայն, Սերժ Սարգսյանի թիմը օլիգարխներին միտումնավոր մեկուսացրել է` ցանկանալով պատրանք ստեղծել, թե իբր կրիմինալն ու օլիգարխիան տարանջատված է գործող վարչախմբից:
Եվ այսպես «ՉԻ» տեղեկություններով` Երևանից դուրս ձայներ ապահովելու հանձնարարականները տրված են մարզպետներին, քաղաքապետներին, գյուղապետներին, ասել է թե` պետական համակարգում պաշտոն զբաղեցնող չինովնիկներին: Իսկ սա նշանակում է, որ հիմա կեղծելու են նաև «օրինական ընթացակարգերով»: Ի դեպ, ՀՀԿ-ն այս անգամ նախընտրական շտաբ բացելու համար գումարներ չի տրամադրում. անգամ էլեկտրաէներգիայի և ընթացիկ ծախսերի համար բյուջե չի տրամադրել, այդ ծախսերը պետք է հոգան տեղական իշխանիկները: Փոխարենը` ՀՀԿ շտաբների պատասխանատուները զանգահարում են հատկապես դպրոցների մանկավարժների բնակարաններ և ներկայանալով իբրև սոցհարցում կատարողներ, փորձում են ճշտել, թե մանկավարժները ճշգրտորե՞ն են կատարում վերևից իջեցված` Սերժ Սարգսյանին ընտրելու հրահանգը: Եթե տվյալ հեռախոսահամարից այլ թեկնածուի անուն կամ չկողմնորոշված լինելու կարծիք է հնչում, մյուս օրը դպրոցի տնօրենը իր մոտ է հրավիրում տվյալ ուսուցչին և նրա առջև դնում հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Թերթը նշում է, որ ՀՀԿ-ական ակտիվիստները «ընտրատեխնոլոգիայի» մեկ այլ հնարք էլ են բանեցնում: Երբ վարչական որևէ աշխատողից պահանջում են Սերժ Սարգսյանի համակիրների ցուցակ, ՀՀԿ շտաբի աշխատակիցները իրենց ծանոթներին օգնելու նպատակով, համակիրների ցուցակ են տրամադրում` արտագրելու համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Նախորդ օրը Եռաբլուրում լաց լինող կնոջ և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրար խառնված Սամվել Ալեքսանյանը տեսագրությունում կրկնում էր. «Պարոն նախագահ, ամեն անգամ գալիս ա, օգնում եմ, ինքը սովորություն ունի… դաժը իրա էրեխեքին բերել եմ մեր տունը` պահել եմ»: Երեկ Սամվել Ալեքսանյանից թերթը հետաքրքրվել է, թե ինչու է բերել ուրիշի երեխաներին իր տանը պահել: «Մի քանի տարի առաջ իր տղուն տասը օրով բերինք-պահինք, էրեխեքիս արև, բերի ասի` տղա չունենք, տղա եմ բերել մեզ, էդ ժամանակ հլը տղա չունեինք, պահինք-լողացրինք, հագցրինք, հետ ուղարկեցինք»: Խոսափողի մեջ ինչ-որ կնոջ ձայնն էր լսվում, որն ինչ-որ բան էր հուշում Լֆիկին. «Հա, ճիշտ ա ասում Շողիկը, վերջն էլ վրաս բողոք գրեց քաղմասում»: Ինչի՞ համար: «Բողոքել էր, թե իբր իր էրեխուն չեմ տալիս, ամեն անգամ էրեխեքին գցում հետևը, գալիս էր մեր դուռը, ամեն անգամ ես էլ…,- կրկին կնոջ ձայն լսվեց հեռախոսի մեջ:- Հենա` Շողիկն էլ ա օգնում, իրեք էրեխա ուներ, մեկը մահացել է, երեկ էլ, մինչև նախագահի գալը, տասը հազար դրամ ուզեց, տվի, բայց…»: Դե որ քսան հազար տայիք, կարող է չգար Սերժ Սարգսյանի դեմը բռներ: «Տալիս ենք, բա ի՞նչ ենք անում, բայց ինքը տուն է ուզում»: Հո հետո չնեղացրի՞ք: «Ինքն ա ինձ նեղացնում, ես կարա՞մ իրեն նեղացնեմ»,- ասաց Սամվել Լիմինդրովիչը:
Հրապարակ
Մեր պատվիրակների դժգոհությունները ԵԽԽՎ-ից գնալով ավելանում են և ավելի կոշտ ձևակերպումներ են ստանում: Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների գնահատականներն այս առումով առանձնապես չեն տարբերվում, ինչից կարելի է եզրակացնել, որ տարբեր եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորներից շատերն իսկապես իրենց ամենևին «եվրոպավարի» չեն պահում և այլասերված են ավելի շատ, քան հետխորհրդային կամ, ասենք, լատինաամերիկյան պետական պաշտոնյաները: Մասնավորապես, ԵԽԽՎ-ում «պարզվել է», որ Ադրբեջանը բավականին ժողովրդավարական երկիր է և փայլուն կերպով կատարում Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները: Իսկ եթե ինչ-որ բան այն չէ, ապա զուտ այն պատճառով, որ «իրենց» տարածքների 20 տոկոսը «զավթված է», և Ադրբեջանում կա մեկ միլիոն փախստական: Ինչպես ասում են, փողին (կամ տվյալ դեպքում` գուցե խավիարին) մուննաթ: Ուրիշ ինչպես կարելի է ծաղրել այդ կազմակերպության հռչակած նպատակները և ընդհանրապես` եվրոպական արժեքները:
Բայց այստեղից երկու հարց է ծագում` արժե՞ արդյոք «վիզ դնել», որ ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց ընդունի Ադրբեջանի վերաբերյալ: Եթե որևէ մեկի կարծիքը ես կարևորում եմ, ապա, անշուշտ, փորձում եմ նրան ներկայացնել բոլոր փաստերը, որպեսզի նա առավելագույնս օբյեկտիվորեն գնահատի իրավիճակը: Բայց եթե ես վստահ եմ, որ տվյալ մարդը կամ կազմակերպությունը գնահատական է տալիս կաշառքի ազդեցության տակ, ապա նրանց գնահատականն ինձ համար կոպեկի գին չունի:
Նույն տրամաբանությամբ` այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը այնքան տանջվում, որ, օրինակ, եվրոպական այդ կառույցը հնարավորինս դրական կամ հնարավորինս բացասական գնահատական տա մեր ընտրություններին: Այդ ի՞նչ մի անաչառ դատավորներ են, որոնց կարծիքի վրա մենք այդքան դողում ենք: Հիմա նրանք ինչ-որ դիտորդներ են ուղարկելու, որոնք ինչ-որ զեկույցներ են գրելու, հետո այդ զեկույցները իշխանությունն ու ընդդիմությունը տառ առ տառ ուսումնասիրելու են, ասելու են` «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը ողջունեց», «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը դատապարտեց»` անտեսելով այն փաստը, որ այդ «ողջունելու» ու «դատապարտելու» գինը մի քանի կիլո խավիար է:
Իրականում առանց որևէ դիտորդների էլ թացն ու չորը ջոկելը բավականին հեշտ է: Սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում վատն է, ու պատճառը ոչ թե 2008-2009 թվականների միջազգային ճգնաժամն է, ինչպես ուզում է ներկայացնել իշխանությունը, այլ իր` իշխանության ապաշնորհ և կոռումպացված լինելը: Մյուս կողմից` սուտ է, որ այս ընտրարշավն անցնում է ոչ մրցակցային, պասիվ պայմաններում: Սուտ է նաև, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ` դիտեք նախընտրական հանդիպումների տեսագրությունները: Վախի փուլը մեր երկրում անցած է` հուսանք, որ վերջնականապես:
Առավոտ
«Մոսկվա» կինոթատրոնում երեկ կայացել է ռեժիսոր և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» Ֆիլմի պրեմիերան: Նախորդ օրն էլ կազմակերպվել էր ֆիլմի փակ ցուցադրություն, որին ներկա են եղել երկրի աոաջին դեմքերը:
Դեռևս, մինչև էկրան բարձրանալը, մեծ աղմուկ հանած այս ֆիլմի վերաբերյալ կարծիքները հիմնականում դրական են: Դեռ առաջին օրվա ցուցադրությունից հետո հումորիստ-դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) իր ֆեյսբուքյան Էջում գովեստի խոսքեր էր գրել «Գարեգին Նժդեհի» մասին: Երեկ էլ Ստանիսլավսկու անվան թատրոնի ղեկավար Ալ. Գրիգորյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է. «Շատ հետաքրքիր ֆիլմ է: Ինձ թվում է, սենտիմենտալությունը մի քիչ ավելի շատ էր, քան անհրաժեշտ էր: ֆիլմը պետք է լրջորեն գնահատվի»: Հանդիսատեսների շարքում նաև երգիչ Ֆորշն էր, որն ավելի քան երկու ժամ տևողությամբ, այս ֆիլմի միայն կեսն է հաղթահարել: Մյուս կեսը նա անցկացրել է քնած: Հատուկ վերաբերմունք էր դա նրա կողմից, թե ոչ, հայտնի չէ:
Հայկական ժամանակ
ՀՀ նախագահի ընտրության քարոզարշավում առայժմ միայն նախագահի երկու թեկնածու է լիարժեք օգտագործում Երևանի քաղաքապետարանի առանձնացրած գովազդային տարածքները` Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը: «Եթե մի պահ մոռանանք այս թեկնածուների անուններն ու կարդանք միայն կարգախոսները, կստացվի` «Դեպի ապահով Հայաստան… Հնարավոր է»: Պաստառները հաճախ փակցված են այնպես, որ թեկնածուները մեջքով են իրար` «մեջք մեջքի տված…» կամ` «մեջք մեջքի որ տանք…»: Մինչև փետրվարի 18-ը դեռ ժամանակ կա կողմնորոշվելու` ում հետ մեջք մեջքի կամ ուս ուսի տալ…:
Հրապարակ
Օրերս ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգորի Մարգարյանը` Բելաջիոյի Գրիշը, հարցազրույց է տվել, որի շրջանակներում պատասխանելով լրագրողի հարգին, թե իր մականունը իրեն կյանրում օգնե՞լ, թե՞ խանգարել է, ասել է. «Դա ինձ ոչ օգնել, ոչ խանգարել է, դա մեր ընտանիքի սեփականության անվանումն է: Ես դրանով եմ ապրում, դա իմ եկամտի աղբյուրն է: Չեմ կարծում, որ մարդու եկամտի աղրյուրը իրեն խանգարի: Դա իմ եկամտի աղբյուրի անունն է, բրենդն է, իմն է և ասում են Բելաջոյի տեր Գրիշն է : Ի՞նչ կա ըտեղ»: Իրականում Գրիգորի Մարգարյանը որևէ առնչություն չունի «Բելաջիո» ռեստորանային համալիրի հետ: Տարիներ առաջ նա զրկվել է «Բելաջիո» ռեստորանի բերած եկամուտներից, ավելի որոշակի` ռեստորանի սեփականատերերը չեն ցանակացել այլևս աշխատել Գրիգորի Մարգարյանի հետ և նրան պարզապես հեռացրել են իրենց շարքերից: Ի՞նչն է եղել պատճառը` գիտեն Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ինչպես նաև քաղաքական դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներ: Կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել Մարգարյանի` իր անձի հետ կապված որոշումներից մեկը, և ռեստորանի սեփականատերերը պարգապես որոշել են պատժել երան իր որոշման համար` զրկելով ռեստորանի բերած եկամուտներից: Հետաքրքիրն այն է, սակայն, որ Մարգարյանը շարունակում է հայտարարել, որ առնչություն ունի այդ ռեստորանի հետ, ավելին` պնդում է, որ դա ընտանեկան բիզնես է, և ինքն էլ մասնակցում է այդ բիզնեսի կազմակերպմանը: Թերթը միանգամից փաստում է` պատգամավորը ստում է` ցանկանալով մնալ ««Բելաջոյի» տեր Գրիշն է» կարգավիճակում: Մինչդեռ իրականությունը ճիշտ հակառակն է. Գրիշը «Բելաջիո» ռեստորանի տերը չէ շատ վաղուց: Ավելին` ռեստորանի սեփականատերերից որևէ մեկն այսօր անգամ մարդկային պարզ շփում չունի Մարզարյանի հետ:
Թերթն ավելացնում է, որ Գրիգորյանն այն ԲՀԿ-ականներից է, որը բացահայտ հայտարարել է, թե քարոզելու է Սերժ Սարգսյանի համար:
Չորրորդ ինքնիշխանություն
Ընտրողների ցուցակների խնդիրը արդիական էր բոլոր ընտրությունների ժամանակ, արդիական է նաև այսօր: Մասնավորապես, նախորդ` խորհրդարանական և այս ընտրություններից առաջ ընդդիմադիրները տարակուսանք են հայտնում, թե ինչու պաշտոնապես ընդունվող արտագաղթի պայմաններում ընտրողների թիվն անընդհատ ավելանում է: Պաշտոնական բացատրությունը, թե «նորաթուխ» ընտրողներն առաջանում են 18 տարեկան դարձած քաղաքացիներից և քաղաքացիություն ստացած արտասահմանցիներից, ընդդիմությանը չի բավարարում. մի՞թե այդ «նորաթուխների» թիվը գերազանցում է արտագաղթածներին:
Այդ պարագայում իշխանություններն առաջ են քաշում հետևյալ փաստարկը` ոչ ոք չի կարող ասել, թե որքան քաղաքացի կա այս պահին երկրի ներսում:
Կարծում եմ, որ դա կեղծ պատճառաբանություն է` պետությունը պարտավոր է դա իմանալ, և ավելին` իշխանական այն կառույցները, ում որ դա պետք է, ճշգրտության որոշակի աստիճանով դա գիտեն: Այդ դեպքում, ասում են ընդդիմադիրները, եկեք հրապարակենք իրենց ընտրությունը կատարած քաղաքացիների ցուցակը:
«Օ,- բացականչում են նրանք,- չի կարելի, դա մարդու իրավունքների խախտում է, հարցրեք վենետիկցիներին` նրանք էլ են այդպես կարծում»: Ուրեմն արտասահմանում գտնվող հազարավոր մեր քաղաքացիների իրավունքները կարելի է խախտել (ոչ միայն արտագաղթածների, այլև պարզապես գործուղում գնացածների)` թույլ չտալով, որ նրանք քվեարկեն, իսկ ահա իմանալ` արդյոք տվյալ քաղաքացին քվեարկել է, թե ոչ` կոպիտ միջամտություն է նրա իրավունքներին:
Մի խոսքով` քաղաքացիների և ընտրողների ցուցակի հետ խնդիրներ իսկապես կան: Ամբողջ ցավն այն է, որ ընդդիմադիրներն այդ խնդիրները բարձրացնում են միայն ընտրություններից առաջ, երբ ընտրական օրենսգիրքը փոխելու տարբերակ արդեն չկա, և երբ որևէ բան ստուգելու առկա հնարավորություններն այլևս սահմանափակ են: Թե օրենսդրական և թե գործնական քայլերը պետք է արվեն 5 տարիների ընթացքում, ոչ թե վերջին օրերին: Այդ առումով թե´ Արման Մելիքյանի պահանջները և թե´ երեք հիմնական ընդդիմադիր թեկնածուների երեկվա համատեղ հայտարարության ձևակերպումները թեև, ըստ էության, տեղին են, բայց` ժամանակավրեպ: Բայց Բագրատյանի, Հայրիկյանի և Հովհաննիսյանի համատեղ հայտարարությունը դրական քայլ է մեկ այլ իմաստով` ցույց է տալիս, որ բոլոր իրենց տարբերություններով և հակասություններով նրանք կարող են իրար հետ պայմանավորվել: Եթե նրանք ընդունակ են այս` «ժամանակավրեպ» հարցում գալ ընդհանուր հայտարարի, ապա, գոնե տեսականորեն, կարող են կատարել համատեղ քայլեր: Այդպիսի հնարավորություններից նշեմ երկուսը, ա] իրար վարկաբեկող հայտարարություններով հանդես չգալ, բ] փորձել համատեղ վերահսկողություն սահմանել ընտրությունների վրա:
Մասնավորապես, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը խորհրդարանական ուժեր են և, հետևաբար, տեղեր ունեն ընտրական հանձնաժողովներում: Հետևաբար, Րաֆֆին պետք է մոբիլիզացնի իր կուսակցականներին, իսկ Բագրատյանը համոզի իրեն համակրող ՀԱԿ-ականներին, որ նրանք լծվեն ընդհանուր գործի: Դա հնարավո՞ր է:
Առավոտ
Մարտի 1-ի քրեական գործը քննած և անմեղ մարդկանց դեմ գործեր սարքած քննիչներից մեկը` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վաղինակ Մկրտչյանը նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Համապատասխան հրամանագիրը, որը երեկ է պաշտոնապես հրապարակվել, Սերժ Սարգսյանը ստորագրել է հունվարի 24-ին: Մարտի 1-ի քրեական գործը քննող քննչական խմբում հարյուրից ավելի քննիչներ էին ներգրավված, Վաղինակ Մկրտչյանը նրանցից առանձնացած այն հատուկենտ քննիչներից է եղել, որը մեծ ջանասիրությամբ է լծվել ընդդիմադիր գործիչների դեմ շինծու գործեր սարքելու, կեղծ փաստերի հիման վրա մեղադրանքներ ներկայացնելուն: Վաղինակ Մկրտչյանի ստորագրությունն է դրված Նիկոլ Փաշինյանի, Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ և Վարդան Զհանգիրյանների մեղադրական եզրակացությունների տակ: Մարտի 1-ի գործով հարյուրից ավել անմեղ մարդկանց դեմ գործեր սարքելու դպրոցն անցնելուց հետո Վաղինակ Մկրտչյանը ՀՀ դատական ներկայիս համակարգին արժանի դատավոր կլինի: Մկրտչյանը ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի փեսան է:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.