23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` պատասխանելով հարցին` ինչպե՞ս է ՀԱԿ-ը մասնակցելու ավագանու ընտրություններին, հայտարարել է. «Կոնկրետ ՀԱԿ-ի համար դժվար է լինել զուգահեռաբար և այս տրանսֆորմացիոն գործընթացների մեջ (խոսքը ՀԱԿ կուսակցության ձևավորման և այդ թեմայով սպասվելիք միջոցառումների մասին է.-խմբ.), և մասնակցել ավագանու ընտրություններին: Բայց մենք պատրաստ ենք ուժերի և կազմակերպական ռեսուրսների լարումով դա անել, որովհետև տեսնում ենք այդ ընտրություններում ճեղքման լուրջ շանս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ձևավորել կուսակցությունը, հետո նոր մասնակցել ընտրություններին, բայց ունենք այն, ինչ ունենք` այդ ժամանակը մեզ տրված չէ, քաղաքական գործընթացները թելադրում են ակտիվ մասնակցություն, և ուրեմն` մենք պետք է համատեղենք այս գործընթացները` ՀԱԿ կուսակցության ձևավորումն ու ընտրություններում հաղթանակի ակնկալիքով ընտրություններին մասնակցել: Մենք հիմա զբաղված ենք ընտրացուցակի կազմամբ»:
Չորրորդ ինքնիշխանություն
Իհարկե, այս պահին դժվար է ասել, թե ինչով է վերջանալու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքական (կամ քաղաքացիական) շարժումը: Անձամբ ես, ճիշտն ասած, այժմ չեմ տեսնում նախադրյալներ, որոնք կարող են ստիպել նախագահին հրաժարական տալ կամ Ազգային ժողովին` լուծարվել: Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը չի փոխվել, և դա միայն այս նախագահական ընտրությունների արդյունքը չէ: Հայաստանը սկսել է փոխվել 2011 թվականի գարնանից, երբ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, իսկ Ազատության հրապարակը բացվեց ընդդիմության հանրահավաքների համար: Փառք ու պատիվ ՀԱԿ-ին, ինչպես նաև այն ժամանակվա կոալիցիոն ուժերին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, որոնք կարողացան կազմակերպել իշխանության և ընդդիմության աոաջին երկխոսությունը, որը չնայած տապալվեց (հիմնականում իշխանության մեղքով), սակայն հիմա, երբ հասունանում է նոր երկխոսությունը, նախորդ փորձը անպայման հաշվի կառնվի: Իսկ որ նման երկխոսություն կլինի` հավանականությունը շատ մեծ է, որովհետև ակնհայտ է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չեն վիճակը հասցնել առճակատման: Բացի ամեն ինչից` նրանք իրար հետ հին հաշիվներ չունեն մաքրելու, ինչպես որ դա եղել է մի շարք այլ դեպքերում: Միայն թե ցանկալի կլիներ, որ այդ երկխոսությունը մի թեթև նախապատրաստվեր, այսպես ասած, «փորձագիտական մակարդակով», որից հետո միայն լուծումների տարբերակներն առաջարկվեին առաջին դեմքերին: Թե չէ` հերթական հանդիպումը, լինի այն նախագահի նստավայրում, թե Ազատության հրապարակում, չեմ կասկածում` կանցնի բարեկամական մթնոլորտում, սակայն արդյունք չի տա: Բայց ավելի կարևոր է այն, որ փոխվել է ինքը` Ազատության հրապարակը` այդ բառի լայն իմաստով: Այստեղ այլևս չեն իշխում «բետեեռ կանայք» և Կլարա Խաչիկովնան, այստեղ ճեմող պատանիներն իրենց չեն համարում «հեղափոխության խունվեյբիններ» և բարձրագույն ճշմարտության առաքյալներ, որոնց նպատակն է «շիկացած մետաղով» վերացնել ցանկացած այլախոհություն և բացահայտել բոլոր ծպտյալ «ծախվածներին» ու «դավաճաններին»: Այդ դրական փոփոխության հեղինակն, անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանն է` իր թիմով: Կարելի է նրանց կողմնակիցը չլինելով, նրանց հեղափոխական գաղափարները չկիսելով` հանգիստ քայլել Ազատության հրապարակով` հանդիպելով ջերմ, բարյացակամ վերաբերմունքի: Ինձ թվում է, որ դա, անկախ վերջնական արդյունքներից, հասարակությանը համախմբելու և ոչ թե պառակտելու մեթոդ է: Իսկ իշխանությունը պետք է հասկանա, որ այս անգամ դա զուտ ընդդիմադիր քաղաքական շարժում չէ, սա ավելի լուրջ և երկարատև գործող ուժ է, և իրավիճակը կարող է կայունանալ միայն արագ և կտրուկ փոփոխություններից հետո: Եվ խոսքը ոչ միայն և ոչ այնքան աշխատավարձերի ու թոշակների մասին է:
Առավոտ
Չնայած սպասվում էր, որ Երևանի ավագանու ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին տասնյակում «քողարկված» ներկայացված է լինելու պահեստային քաղաքապետացուն, սակայն ՀՀԿ ցուցակի դիտարկումը նման «բան չի ասում»: 4-րդ համարն է ճարտարապետ Հրաչ Պողոսյանը: 5-րդը` Հովիկ Մուսայելյանը` AP ոլորտի ներկայացուցիչը, «Սինոփսիսի» տնօրենը, 6-7-րդ հորիզոնականներում են Արա Երնջակյանն ու Աննա Ասատրյանը, առաջին տասնյակում են նաև Աստղիկ Գևորգյանը, Լևոն Իգիթյանը, Մարտին Վարդազարյանը` նախկին ավագանու անդամները:
Ի դեպ, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ևս ցուցակում է` հեռավոր համարներում: Առաջին տեղակալի պոստը ՀՀԿ-ն վերապահել է այլ կուսակցություններին: Ճիշտ է, դրա համար պայքարում է ԲՀԿ-ն` ի դեմս Աբրահամ Մանուկյանի, սակայն, «Հրապարակի» տեղեկություններով, այն հատկացնելու են ՕԵԿ-ին, վերջինիս ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Հովհաննես Շահինյանին:
Հրապարակ
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և նրա դիվանապետը համառորեն խուսափում են որևէ կերպ արձագանքել ներքաղաքական իրավիճակին և կիրակի օրվանից հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին:
«ՀԺ»-ի թղթակիցը երկու օր է, փորձում է կապ հաստատել Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: Վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ «Հժ»-ն նրան է ուղարկել հետևյալ հարցումը. «(…) Արդյո՞ք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն միջամտելու է և կոչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ հացադուլից: Կաթողիկոսը որևէ քայլ ձեռնարկելո՞ւ է, որպեսզի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարվի և որևէ ձևով իր կարծիքն արտահայտելո՞ւ է հետընտրական այս իրադարձությունների վերաբերյալ»: Սույն հարցերն անպատասխան են մնացել:
Հայկական ժամանակ
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին գրում են թե լավը, թե վատը: Ընդ որում, որքան էլ հակասական թվա, երկու կողմերի փաստարկների մեջ էլ կա բանական հատիկ: Եվ այդ երկվությունը գալիս է նրանից, որ մենք մինչև վերջ չենք հասկանում այդ քաղաքական գործչի վարքի տրամաբանությունը:
Ամբողջ խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղում է, զուգորդում է կրոնա-բարոյական և քաղաքական պայքարը: Կրոնը շատերիս` նաև իմ պատկերացմամբ, անձնական, անհատական, նվիրական գործ է, կրոնական զգացմունքները չարժե ի ցույց դնել հրապարակում: Եթե ես ճիշտ եմ ընթերցել Ավետարանը, ապա այնտեղ նույնպես գրված է, որ աղոթքը, պահքը կամ մոմավառությունը չպիտի լինեն ցուցադրական: Ի հակադրություն դրա` քաղաքական գործունեությունը չի կարող չկրել հրապարակային բնույթ, որովհետև քաղաքական գործիչն իր գաղափարներն ու ծրագրերը ձգտում է հասցնել հնարավորինս լայն զանգվածների: Երկու տարի առաջ` գարնանը, երբ Ազատության հրապարակը «պատկանում էր» Լևոն Տեր-Պետրոսյանին, վերջինս, որքան հասկանում եմ, մոտավորապես այդ փաստարկներով էր քննադատում Րաֆֆի Հովհաննիսյանին: Գուցե առաջին նախագահի խոսքերը չափից դուրս խիստ էին, գուցե դա հիմք չպիտի հանդիսանար այն պահին պարոն Հովհաննիսյանին չբարևելու համար, բայց հոգևորի և աշխարհիկի, ֆիզիկականի և մետաֆիզիկականի տարանջատումը, որն առաջարկում էր Տեր-Պետրոպանը, գոնե ինձ համար միանգամայն ընդունելի է: Իսկապես, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, որովհետև հիմա Մեծ պահքի շրջան է, և նա ուզում է ինքնամաքրվել, ինչպես որ ինքն է ասում, այդ դեպքում նման բաներով պետք է զբաղվել տանը` որևէ մեկին տեղյակ չպահելով սեփական ինքնազոհության մասին: Եթե, այնուամենայնիվ, նա հացադուլ է անում, որպեսզի ստիպի Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, իսկ չհաջողելու դեպքում պատրաստ է զոհվել, ինչպես որ նույնպես հայտարարում է, ուրեմն Մեծ պահքի և ինբնամաքրման մասին խոսելն անիմաստ է, անպատեհ:
Բայց պետք է հաշվի առնել, որ Սփյուռքում քաղաքականի և կրոնականի միջև չկա այն հստակ սահմանը, որը գոյություն ունի այստեղ մեր հոգեբանության մեջ: Սփյուռքում տասնամյակներ շարունակ եկեղեցին, ի պատիվ իրեն, հսկայական դերակատարություն է ունեցել հայապահպանման, տարբեր երկրների հայկական համայնքները կազմակերպելու և այս կամ այն չափով ղեկավարելու գործում: Այդ ամենի հետևանքով վերաբերմունքը կրոնի, եկեղեցու, նրա ինստիտուտների նկատմամբ տարբեր է այստեղ` Հայաստանում, և Սփյուռքում: Ինձ, օրինակ, ինչպես և հարյուր հազարավոր հայաստանցիների, բացարձակապես չի հետաքրքրում` կգա՞ Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահի երդմնակալությանը, թե՞ չի գա: Սեզ համար նա համակարգի մի մասն է`երդման արարողությանը նրա ներկայությունը կամ օրհնությունը նույն նշանակությունն ունի, ինչ որ ցանկացած հանրապետական պատգամավորի պարագայում: Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերմունքն այլ է: Սա է, հավանաբար, տարբերությունը:
Առավոտ
Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը նախատեսում են անցկացնել կամ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կամ Ազգային ժողովի այգում: Միանշանակ է, որ օպերային թատրոնի շենքը ցանկից դուրս է:
2008 թ. Ս. Սարգսյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ հենց օպերային թատրոնի շենքում: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ այս անգամ «Օպերային թատրոնի հարցն ի սկզբանե չի քննարկվել»: Ենթադրվում է, որ սա կապված է փետրվարի 19-ից Ազատության հրապարակում սկսված անժամկետ հրապարակային-զանգվածային միջոցառումների հետ, որոնք նախագահական ընտրությունների կեղծ պաշտոնական արդյունքների վկայությունն են:
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով, ՀՀ կրթության և գիտության ոլորտի կառավարումը, չի բացառվում, այս անգամ վստահեն մեկ այլ ՀՀԿ-ականի։
Բանն այն է, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին Սերժ Սարգսյանը, հնարավոր է, դեսպան ուղարկի որևէ եվրոպական երկիր։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ այս օրերին Սերժ Սարգսյանը քննարկում է Արմեն Աշոտյանին Ֆրանսիայում ՀՀ դեսպան նշանակելու հարցը։
Նկատենք, որ Արմեն Աշոտյանը վերջին հինգ տարվա ընթացքում երեք անգամ դիմել է Սերժ Սարգսյանին՝ խնդրելով իրեն դեսպան նշանակել որևէ երկրում, այդ թվում՝ նույնիսկ ԱՊՀ տարածքում։ Սերժ Սարգսյանն ամեն անգամ մերժել է Արմեն Աշոտյանին:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակն արդեն պատրաստ է. Վարդան Օսկանյանին հաջորդում է Գուրգեն Արսենյանը, վերջինիս` Աժ պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը: Ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, որի անունը շոշափվում էր երրորդ տեղի առնչությամբ, ապա նա ոչ առաջին եռյակում և ոչ էլ տասնյակում չի լինելու: Ըստ «Հրապարակի» աղբյուրների` ԲՀԿ շտաբը ղեկավարելու է երրորդ հորիզոնականն զբաղեցնող Աբրահամ Մանուկյանը, որն ի դեպ, փոխնախարարի պաշտոնից ազատվել էր որոշակի մեքենայությունների հետ կապված կասկածների հողի վրա, ինչն այդպես էլ չբարձրաձայնվեց ու իրավական տեսք չստացավ: Նրա որդին այժմ զբաղեցնում է Աշխատանքի տեսչության պետի պաշտոնը: Ավագանու ընտրությունների առնչությամբ ԲՀԿ-ն ունի մաքսիմում և մինիմում ծրագիր, մաքսիմում ծրագրով`հաղթել ընտրություններում, մեծամասնություն կազմել, քաղաքապետ ունենալ, այս տարբերակի դեպքում ենթադրվում է, որ քաղաքապետ է դառնալու Գուրգեն Արսենյանը, որովհետև Վարդան Օսկանյանն ընդամենը ցուցակը ղեկավարելու համար է առաջին հորիզոնականը զբաղեցրել: Եթե ԲՀԿ-ն չկարողանա մեծամասնություն ձևավորել, ապա մինիմում ծրագրով կփորձի քաղաքապետի առաջին տեղակալ դարձնել նույն Աբրահամ Մանուկյանին, որը, ըստ ԲՀԿ թերթի աղբյուրի, սիրով վայր կդնի պատգամավորական իր մանդատը և փոխքաղաքապետ կաշխատի: Թե ովքեր են լինելու հաջորդիվ, ԲՀԿ-ում պաշտոնապես լռում են: Թերթի աղբյուրներն ասում են` ոչ մի հայտնի անուն: Հանձնարարվել է տարածքային կառույցների ղեկավարներին` ցուցակներ ներկայացնել: «Ամեն համայնք քվոտա ունի»,- բացատրել է «Հրապարակի» զրուցակիցը: Արդեն 2 օր է` ԲՀԿ-ում ցուցակներ տանել-բերելու վազքի մեջ են: Մի սկզբունք էլ է հստակեցվել` ընտրություններից հետո ով ինչպես է աշխատել, որքան ձայն ապահովել, ըստ դրա էլ կանցնի համապատասխան աշխատանքի քաղաքապետարանում կամ վարչական համայնքներում:
Հրապարակ
Ես գիտեմ, որ իմ հարցի պատճառով ընդդիմադիրները և նրանց ընտրազանգվածի ներկայացուցիչները «վրա կտան», բայց իմ գործը հարցեր տալն է. ինչի՞ վրա է հիմնված Րաֆֆի Հովհաննիսյանի վստահությունը, որ հենց նա է ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ: Որ ընտրություններն անցել են խախտումներով, կեղծիքներով, այդ գործընթացին «ավանդաբար» հատուկ այլանդակություններով, որ տեղամասային թվերի տրամաբանական վերլուծությունը մեծ կասկածների տեղիք է տալիս, որ ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, ինչպես միշտ, արժանահավատ չեն թվում` այդ ամենը ճիշտ է, և դրա բազմաթիվ հաստատումները կան նաև մեր թերթում և կայքում: Որ իշխանությունը մատը մատին չի խփում` պատժելու ընտրահանցագործներին, նույնպես փաստ է: Բայց նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով` կարո՞ղ է արդյոք պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն իրեն հոչակել հանրապետության նախագահ, թե՞ «Վազգեն, նախագահ», «Ստեփան, նախագահ», «Լևոն, նախագահ» և «Րաֆֆի, նախագահ» կարգախոսները զուտ հոգեբանական նշանակություն ունեն: Պարզ է, որ հասարակ մարդիկ կբերեն հետևյալ փաստարկը` «բա դու չգիտե՞ս, որ սաղ ժողովուրդը Րաֆֆիին է ընտրել, ինչքան հարևան-բարեկամ ունեմ` Րաֆֆիին է ձայն տվել»: Շարքային քաղաքացիներից ավելի լուրջ փաստարկներ չեն էլ պահանջվում: Բայց քաղաքական գործիչներից սպասելի են ավելի խորը հիմնավորումներ: Ընդ որում, անձամբ ես այնքան եմ մարդկայնորեն համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ եթե նա կամ «Ժառանգության» հայտնի գործիչները ինձ ցույց տան մի փաստաթուղթ, որից անմիջապես հետևում է, որ Րաֆֆին ստացել է ընտրողների, ասենք, 65, 81 կամ 100 տոկոսի ձայները, ես չեմ էլ ստուգելու այդ թուղթը, պարզապես կհավատամ նրանց:
Բայց քանի որ նման թուղթ չկա, գուցե կարելի է ասել` ոչ թե «ես ընտրվել եմ», «ես ազգընտիր եմ» («Ազգո»` ինչպես ասում էին Ստեփան Դեմիրճյանի ժամանակ), այլ` «ընտրություններն անցել են այնպես, որ դրանց պաշտոնական արդյունքները չեն կարող արժանահավատ համարվել»: Դա նաև ընդդիմությանը որոշակի մանևրի տեղ կտա: Հակառակ դեպքում ընդդիմության առաջնորդն ինքն իրեն դնում է փակուղային իրավիճակի մեջ` ես ընտրվել եմ, բերեք իմ գահը: Կամ` վերջին տարբերակով` ես նախագահ եմ ընտրվել, իսկ հիմա կզոհվեմ, խարակիրի կանեմ` դա ապացուցելու համար: Վստահ չեմ, որ դա քաղաքական օրակարգ է:
Ինքնին հացադուլը գուցեև ուշադրություն գրավելու և պայքարելու միջոց է [չնայած մոտ 10 օր առաջ նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Ազատության հրապարակում այլևս ոչ մի տառապանք, ոչ մի հացադուլ չի լինի): Բայց նախ` պետք չէ խոսել զոհերի, դիակների մասին: Երկրորդ` այդ անհատական ինքնագոհության քայլը պետք է զուգակցել քաղաքական քայլերի հետ: Օրինակ՝ ինչպես որ դա առաջարկում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, կոչով դիմել Աժ-ում` իրենց ընդդիմադիր համարող պատգամավորներին` վայր դնել մանդատները: Հետաքրքիր է, ո՞վ է այդ կոչին անսալու: …Համենայնդեպս, հիշեցնեմ նաև, որ Մահաթմա Գանդին ոչ նախագահ էր, ոչ էլ նախագահի թեկնածու, և նա հացադուլով ոչ մեկի հրաժարականը չէր պահանջում: Նրա հացադուլները զուտ բարոյական քայլեր էին և ուղղված էին իր երկրում ազգամիջյան բախումները կանխելուն:
Առավոտ
Տևական ժամանակ է, ինչ քաղաքական ասպարեզում այլևս չի փայլում Սերժ Սարգսյանի ամենասիրելի «գործիչներից» մեկի` Ալրաղացի Լյովիկի`Լևոն Սարգսյանի աստղը: «ՉԻ»-ն հիշեցնոմ է, որ ոչ վաղ անցյալում Լևոն Սարգսյանր համարվում էր այն գործարարներից, որոնց անվերապահորեն հավատում և վստահում էր Սերժ Սարգսյանը: Ավելին` ՀՀԿ առաջնորդն անգամ ասել էր, թե Լևոնին իր տղայի պես սիրում է, իսկ Լևոնն իր հերթին որղուն անվանակոչել էր Սերժի անունով, արդյունքում «ստանալով» Սերժ Սարգսյան: Սակայն այնպես ստացվեց, որ Լևոն Սարգսյանի կրիմինալ վարքը սկսեց ազդել Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա, և նրա թիմում հայտնված եվրոպոիդ երիտասարդությունը սկսեց «իգնորի» ենթարկել Լևոն Սարգսյանի նմաններին: Արդյունքում` Լևոն Սարգսյանր հայտնվեց քաղաքական-տնտեսական գործընթացների լուսանցքում, ավելին` վերջինս զրկվեց Սերժ Սարգսյանի անվերապահ աջակցությունից` համալրելով սնանկացած «տնտեսական գործիչների» շարքերը: Լևոն Սարգսյանը հայտնվեց պարտքերի մեջ` նրա սեփականությունը տևական ժամանակ շարունակում էր գրավադրված մնալ տարբեր բանկերում: Խոսակցություններ շրջանառվեցին, թե նա վաճառքի է հանել իրեն պատկանող Սևանում գտնվող «Ախ Թամար» հյուրանոցային համալիրը: Մինչդեռ, «ՉԻ» տեղեկություններով, Ալրաղացի Լյովիկը նոր սթրիփթիզ ակումբ է բացել հենց հյուրանոցում, որի սպասարկումն իրականացնում են բացառապես դրսից բերած պարուհի աղջիկները: Սակայն, ի տարբերություն այլ սթրիփ ակումբների, «Ախ Թամարի» նորաբաց ակումբը մի առանձնահատկություն ունի: Այստեղի այցելուները կարող են դիմել մենեջերին և պարուհուն իրենց հետ տանել համար: Աղջիկների գները սկսվում են 200 ԱՄՆ դոլարից:
Թերթը խոստանում է հընթացս ներկայացնել, թե այս յուրօրինակ բիզնես գործունեության արդյունքում որքան հարկ է պետությանը մուծել Ալրաղացի Լյովիկը և արդյոք հարկվում է նրան պատկանող սթրիփթիզ ակումբի` վերը նշված ծառայությունը:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.