29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Միջազգային հեղինակավոր մամուլում կրկին ալիեւյան կոռուպցիոն պատմություններ են, որոնցում այս անգամ ներգրավված է նաեւ Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկը՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը:
Հայաստանը հայտնվել է շատ բարդ դրության մեջ: Մի կողմից՝ Ալիեւի կոռուպցիոն հերթական մերկացումն է միջազգային մամուլում, մյուս կողմից՝ այդ մերկացումը «հանում» է նաեւ «ռազմավարական դաշնակցի» ռազմական արդյունաբերության ընկերություններից մեկի «հագուստը»: Փաստորեն, հայհոյելով Ալիեւին, օգտագործելով կոռուպցիոն հերթական սկանդալը նրա շուրջ՝ Հայաստանը կարող է «ակամայից» տրորել նաեւ «դաշնակցի» ոտքը: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը» Ադրբեջանի նախագահական կլանի, այսպես ասած, «կոռուպցիոն դաշնակիցն» է:
Այստեղ բավական է մի պարզ ճշմարտության հիշեցում՝ ոչինչ այդքան չի միավորում, որքան «համատեղ գործած հանցանքը»: Այժմ, թերեւս, պարզ է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, այսպես ասած, ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Ակնհայտ է դառնում, որ այդ գործընկերությունը անգամ չի համապատասխանում այն արդարացումներին, թե Ռուսաստանն ունի իր շահը եւ հենց այդ շահի տրամաբանությամբ է Ադրբեջանի հետ գործընկերությունը խորացնում: Պարզվում է, որ չկա Ռուսաստանի շահ, կա ընդամենը Ռուսաստանի իշխանությունում գտնվող խմբավորումների, այսպես ասած, ֆինանսական շահ, որի համար էլ ձեւավորվում է, այսպես ասած, ռուս-ադրբեջանական գործընկերությունը: Սա նաեւ Հայաստանի պետականության պերճանքն ու թշվառությունն է, երբ մենք ստիպված ենք մեզ դաշնակից անվանել մի սուբյեկտի, որը մեր հակառակորդի, մեզ պատերազմով եւ ոչնչացումով սպառնացող իշխանական կլանի հանցակիցն է:
Միեւնույն ժամանակ, ստեղծվում է հետաքրքիր մի վիճակ՝ մերկացվում է Հայաստանի դեմ ռուսական քաղաքականության հանցավոր բնույթի մի նոր ու միջազգային հնչեղության դրվագ, մերկացվում է, այսպես ասած, միջազգային հանրության ջանքով: Ակնհայտ է, որ այդ դրվագը Հայաստանի համար, այսպես ասած, բարոյական գործոն է Ռուսաստանի դեմ: Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել այդ գործոնները քաղաքական եւ դիվանագիտական դիվիդենտներ ստանալու համար: Այդ հարցի պատասխանը բավականին բարդ է, քանի որ պարզ չէ, թե Հայաստանն ինչպիսի կամք եւ կարողություն ունի համարձակորեն օգտագործելու այն:
Սակայն ուշագրավ է, որ այդ սկանդալին զուգահեռ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անում է բավականին հետաքրքիր հայտարարություն այն մասին, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում անհրաժեշտ է արգելանք դնել ղարաբաղյան հակամարտության գոտի զենքի վաճառքի վրա: Քոչարյանը նաեւ ակնարկում է, որ այստեղ խնդիրը Մինսկի խմբի երեք համանախագահների համաձայնությունն է, որոնք երեքն էլ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ են: Այդպիսով, Քոչարյանը նաեւ հստակ ակնարկում է, որ այստեղ այդ արգելանքի դեմ է Ռուսաստանը, այսինքն՝ Մոսկվան է միայն, որ չի համաձայնում արգելանքի գաղափարին: Դա արձանագրելը բավականին դյուրին է, քանի որ միայն Ռուսաստանն է համանախագահ եռյակի երկրներից Ադրբեջանին զենք վաճառողը:
Այսպիսով, միջազգային մամուլը բարձրաձայնում է Ալիեւի նոր կոռուպցիոն պատմություններ եւ դրանց «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներգրավվածությունը, իսկ Հայաստանն ԱԳՆ տեղակալի մակարդակով բարձրաձայնում է զենքի վաճառքի արգելք սահմանելու անհրաժեշտության եւ դրան Ռուսաստանի դեմ լինելու մասին: Բայց այդքա՞նն է, որ կարողանում է կամ իրեն թույլ է տալիս Հայաստանը: Թվում է, թե քիչ չէ, սակայն հարցն այն է, որ դա ոչինչ է այն գործիքի համեմատ, որ Հայաստանին «տրվում» է միջազգային հետաքննության եւ տեղեկատվական հոսքի միջոցով:
Ի դեպ, այս տեսանկյունից իրավիճակը հետաքրքիր է մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարության ֆոնին, որ ԱՄՆ-ն ցանկանում է համոզվել, թե արդյո՞ք Հայաստանը ինքնիշխան որոշումներ է կայացնում, եւ գործիքներ է տրամադրում Հայաստանին այդ որոշումները կայացնելու համար: Փաստացի, Հայաստանին տրամադրվել է ինքնիշխանության գործիք՝ միջազգային մամուլում ռուս-ադրբեջանական կոռուպցիոն դաշնակցության մասին հրապարակումների տեսքով: Այժմ թերեւս միջազգային հանրությունը հետեւելու է, թե Հայաստանն ինչպես է կարողանում իր ինքնիշխանության համար օգտագործել այդ ընձեռված գործիքը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետիխորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի և արևելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղեկավարների հետ:
«Նա հանդիպում է ֆեդերացիայի աշխատակիցների հետ և Տարոն Մարգարյանի անունից սաների անձնագրերի պատճեններն է պահանջում: Ովքեր հրաժարվում են անձնական տվյալները փոխանցել, սպառնում է, որ կզրկի դպրոցում պարապելուց, դահլիճից: Մեր տեղեկություններով՝ այս քայլով Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհել դպրոցներում կարատեի պարապմունքները»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Վրաստանում անցկացվող զորավարժություններին Հայաստանի մասնակցել-չմասնակցելու թեման տարօրինակ ընթացք ստացավ: Երեկ օրվա վերջում Հայաստանի պաշտպանության նախարարությունը ի վերջո հայտարարություն տարածեց, որտեղ ասվում է. «(…)Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել եւ մասնակցության հայտ չի ներկայացվել: Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»:
Ինչպես հայտնի է, սույն զորավարժությունների տարբերանշանի վրա կազմակերպիչները ներառել էին նաեւ Հայաստանի դրոշը եւ բացի այդ Վրաստանի ՊՆ-ն մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ Հայաստանը նույնպես մասնակցելու է դրանց:
Ստացվում է՝ այն ժամանակ, երբ ՀՀ ՊՆ-ն որոշել է, որ Հայաստանը չի մասնակցելու, Վրաստանից ուղիղ հակառակի մասին հայտարարություններ էին անում, ՀՀ դրոշն էլ դաջում էին լոգոյի վրա: Հնարավո՞ր է նման բան: Թերեւս, հնարավոր է: Երկու երկրների գերատեսչությունների աշխատանքում կարող են տեխնիկական թյուրիմացություններ լինել: Բայց դրանք նաեւ արագ հարթվում են: Օրինակ, երբ Վրաստանից բարձր մակարդակով հայտարարվեց ՀՀ մասնակցության մասին, Հայաստանից պետք է արագ կապվեին, պարզաբանեին իրավիճակը, հայտնեին, որ թյուրըմբռնում է տեղի ունեցել:
Արդյո՞ք նման պրոցես եղել է, թե՞ ոչ, չենք կարող ասել, որովհետեւ փաստն այն է, որ Վրաստանից մինչեւ վերջին պահն էլ հայտարարում էին, որ ՀՀ-ն նույնպես մասնակցելու է, իսկ հետո հայտարարեցին, որ հենց վերջին պահին է Հայաստանը չեղարկել իր մասնակցությունը:
Ընդ որում՝ վրացական կողմը ՀՀ ՊՆ փոխնախարարի եւ այլ պաշտոնական ներկայացուցիչների պարզաբանումներից հետո, թե Հայաստանը չէր էլ պատրաստվում մասնակցել զորավարժություններին, շարունակում էր դժգոհել, որ ՀՀ ՊՆ-ն չի էլ բացատրել, թե որն է հրաժարվելու պատճառը:
Մի խոսքով, փոխըմբռնման կատարյալ բացակայություն Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ: Նման բան չէր կարող լինել, եթե այլ շատ ավելի խորքային պատճառներ գոյություն չունենային: Բայց քանի որ Հայաստանն ու Վրաստանն իրականում ռազմական ոլորտում կիսելու շատ բան չունեն, ուստի ակնհայտ է, որ խնդրի թելերը շատ ավելի հեռուն են հասնում, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մայրաքաղաքներ:
Նախորդ շաբաթ ՌԴ-ում «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում, Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարեց, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակը Սիրիայում ականազերծման աշխատանքների իրականացումն է:
Հայաստանում սույն հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց. նախ քաղաքագետները գնահատեցին նման քայլի վտանգավորությունը Հայաստանի համար, ապա նաեւ ուշադրություն հրավիրեցին այն փաստին, որ Հայաստանի մասնակցության վերաբերյալ հայտարարությունն արվեց ՌԴ ներկայացուցչի կողմից՝ Մոսկվայում: Բնականաբար, սույն հանգամանքը գնահատվեց, որպես ոտնձգություն ինքնիշխան որոշումներ կայացնելու ՀՀ իրավունքի վրա, այն իմաստով, որ Մոսկվայում որոշել են, որ ՀՀ-ն պետք է այդ կոալիցիայի մաս կազմի եւ Երեւանի դիրքորոշումը չեն էլ հարցնում:
Ի դեպ, պաշտոնական Երեւանը մինչ այժմ ոչ հաստատել է, ոչ էլ հերքել սույն հայտարարությունը: Նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը ԶԼՄ-ների խնդրանքով մեկնաբանելով Նովիկովի հայտարարությունն ասել է. «Երբ որոշում կայացվի եւ բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»:
Նովիկովի հայտարարությունից երկու օր անց Վրաստանի ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանը սեպտեմբերի 3-11-ը Վրաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին: ՀՀ ՊՆ-ն կրկին ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց այս հայտարարությունը: Հայաստանում, իհարկե, ընդհանրապես չբարձրացավ ինքնիշխանության թեման, թեեւ այս հայտարարությունն էլ արվել էր այլ պետության պաշտոնյայի կողմից եւ այլ մայրաքաղաքում:
Իսկ այդ նույն օրերին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սկանդալային հարցազրույց տվեց ասելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում: Նա նաեւ ասաց, որ ԱՄՆ-ն ցանկանում է վստահ լինել, Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետեւելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ: Դեսպանն այս համատեքստում բարձր գնահատեց ՀՀ մասնակցությունն էր Վրաստանում օգոստոսի սկզբին կայացած ՆԱՏՕ-ի «Ազնիվ գործընկեր» զորավարժություններին: Տողատակով, բնականաբար, խրախուսվում էր նաեւ Վրաստանում հաջորդ զորավարժություններին ՀՀ մասնակցությունը:
Դատելով վերոնշյալ գործընթացներից, կարող ենք եզրակացնել, որ համեստ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը սրվել է բացառապես Սիրիայում նոր կոալիցիա ձեւավորելու ՌԴ նախաձեռնության պատճառով: Դեսպանը, թերեւս, հենց սա նկատի ուներ, ասելով, որ ուզում են համոզված լինել, որ ՀՀ-ին չեն ճնշում գնալ մի տեղ, ուր ինքը չէր ցանկանա գնալ:
Վրաստանի զորավարժություններին Հայաստանը փաստորեն չգնաց, չնայած ճնշումներին: Իսկ արդյոք ականազերծման գործողություններին մասնակցելու համար Սիրիա կգնա: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մի շարք ԶԼՄ-ների հետ զրույցում հայտարարել է, որ վրաստանյան զորավարժությունները ռազմական ուղղվածություն ունեին եւ Հայաստանի դաշնակցի երկրի դեմ էին, ուստի ՀՀ-ն որպես ՀԱՊԿ անդամ չպետք է մասնակցեր դրանց:
Սիրիայում ականազերծման աշխատանքները Հայաստանին ներքաշում են ԻՊ-ի դեմ պատերազմի դաշտ, ինչը մեր երկրին ընդհանրապես պետք չէ: Մեր պատերազմը մեզ բավարար է, նորերի կարիքն իսկապես չենք զգում: Այնպես որ, եթե դաշնակից երկրների շահերից ելնելով՝ Հայաստանը հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններից, ապա Սիրիայի նոր կոալիցիայի մաս ընդհանրապես չպետք է կազմի՝ արդեն ոչ թե երրորդ երկրի, այլ բացառապես սեփական շահերից ելնելով»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշել է, որ չի հասկանում սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելով պայմանավորված աժիոտաժի իմաստը: Քոչարյանն իր տարակուսանքն է հայտնել, որովհետև այդ զորավարժություններին, Վրաստանը ներառյալ, մասնակցում է ընդամենը ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկիր: «Ու այդ տեսակետից ես լավ չեմ հասկանում, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է անպայման մասնակցեր այդ զորավարժություններին, եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրների մեծամասնությունը չի մասնակցել: Մեկ բան են հայտերը, և մեկ այլ բան է փաստացի մասնակցությունը. փաստացի իրավիճակը մենք տեսնում ենք՝ ընդամենը հինգ երկիր»,- նշել է փոխարտգործնախարարը: Հարցին՝ իսկ Հայաստանի չմասնակցության համար հիմնավոր պատճառներ կայի՞ն, փոխարտգործնախարարը պատասխանել է հակադարձ հարցով՝ իսկ ՆԱՏՕ-ի մնացած անդամները ինչ-որ խնդիր ունե՞ն, որ չեն մասնակցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այսօրվա համարում։
«Սեպտեմբերի 3-ին «Փարավոնում» գեներալ Սեյրան Սարոյանի 50-ամյակի հյուրերին դիմավորել է տանկը (մակետը), կողքին՝ յաթրջի արաղ խմող մարտունեցի խարիզմատիկ բիձեք, որ խմել են ու երգել հայրենասիրական երգեր։ Քիչ այն կողմ` պարկերից խրամատ, զինվորների հետ երիտասարդ բուժքույրեր են եղել` իրենց «երգով»։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղից հատուկ եկել է ու երկար մնացել, անգամ 2 անգամ պարել:
Ու քանի որ՝ եթե պարում է նախագահը, մեկ մարդու նման պարում են նաեւ բոլորը։ «Սեյրանն էլ էր պարում, բայց ոտքը ցավում էր»,- մղկտաց մեր աղբյուրը: «Փարավոնում» է եղել հայաստանյան ողջ իսթեբլիշմենթը` մոտ 600 մարդ՝ Կարեն Կարապետյան, Արա Բաբլոյան, նախարարներ, պատգամավորներ, բոլորը՝ առանց տիկինների: Չեն եղել Սամվել Ալեքսանյանը, Հովիկ Աբրահամյանը: Ամենակրեատիվը եղել է տորթը` Օմարի սարի վրա Սեյրան Սարոյանը: Երգել են Մարտին Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը, Սարոն, Ներսիկ եւ Աղասի Իսպիրյանները»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Իհարկե, լրիվ բացառել, որ Ռուսաստանը կարող է «Իսկանդեր»-ներ վաճառել, օրինակ, Ադրբեջանին, չենք կարող, որովհետև դա, ի վերջո, Ռուսաստանի որոշելու հարցն է: Միշտ չէ, որ Ռուսաստանը որոշումներ կայացնելիս մեր շահերն է հաշվի առնում»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ֆեդերալ ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի հայտարարությանը, թե ՌԴ-ն մի քանի երկրից «Իսկանդեր» համալիրի ձեռքբերման հայտեր է ստացել:
Նշենք, որ Շուգաևի հայտարարությունն ադրբեջանական ԶԼՄ-ները մեկնաբանել էին, որ հնարավոր է ՌԴ-ն Ադրբեջանին էլ մատակարարի «Իսկանդեր» համալիր: Ի դեպ, ռուսական արտադրության «Իսկանդեր» համալիր, բացի արտադրող երկրից, ունի միայն Հայաստանը: «Կոնկրետ այդ թեման, որ «haqqin.az»-ում հայտնվել է, ըստ էության, ցույց է տալիս, որ կայքը զբաղված է թրոլինգով: Իրենք չունեն որևէ լուրջ հիմք՝ եզրակացություն անելու, որ Ադրբեջանին պատրաստվում են «Իսկանդեր» վաճառել: Այդպես իրենք փորձում են սա ներկայացնել այնպես, թե կարծեք ինչ-որ բան եփվում է «Իսկանդեր»-ների հետ կապված: Ըստ էության, դա քարոզչական հնարք է՝ ուղղված հենց հայկական լսարանին, որպեսզի հայկական լսարանում հերթական անգամ ինչ-որ դժգոհություն սերմանվի ռուս-հայկական հարաբերություններում, հանրության մեջ ռուսամետների և արևմտամետների միջև փոխադարձ մեղադրանքների հերթական ռաունդը լինի»,- ասաց Կարեն Վրթանեսյանը՝ նշելով, որ նշված ադրբեջանական կայքը հիմնականում հայկական լսարանին ուրքղված քարոզչական ռեսուրս է»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Չորս տարի սպասված համաներումը հնարավոր է սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի առիթով էլ չհայտարարվի, եւ այն ձգվի եւս մի քանի ամիս՝ մինչեւ տարեվերջ:
ԱԺ ընտրություններից հետո եւ մայիսյան տոների առիթով սպասում կար, որ Սերժ Սարգսյանը համաներման ակտ կստորագրի, եւ այդկերպ կփոխհատուցվի նաեւ այն քրեական հեղինակությունների վաստակը, որոնք ընտրություններում ակտիվ դեր խաղացին եւ որոնք սպասում են, որ համաներմամբ իրենց ընկերները կազատվեն բանտերից։ Սակայն դա տեղի չունեցավ:
Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ժամկետի ավարտից մի քանի ամիս առաջ կկազմակերպի սպասված համաներումը, սակայն «Սասնա ծռեր» խմբի որեւէ անդամ ազատ չի արձակվի»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ մանկահասակ երեխաների ծնողներն ահազանգում են, որ Երևանի մանկապարտեզներում ընդունելությունը դադարեցվել է: Նախակրթարաններից զանգահարում են իրենց և տեղեկացնում, որ փոքրիկներին չեն կարողանա ընդունել:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
-Ընդունելության դադարեցում չկա: Նման հանձնարական չի եղել: Ընդամենը խոսքը վերաբերում է մանկապարտեզ գնալու հասակից փոքր երեխաներին չհերթագրելուն: Ինչ անհրաժշետություն կա, ասենք, մեկ-երկու ամսական երեխային հերթագրելու` ըստ էության ավելորդ ուռճացնելով այդ ցուցակները: Ի վերջո, եթե հերթագրում են, դա հաշվարկի ժամանակ թիվ է կազմում: Պետք է հերթագրել տարիքը լրացած երեխաներին, այսինքն` 3-6 տարեկաններին, իսկ մսուր ունեցող մանկապարտեզների դեպքում` 2-6 տարեկաններին:
-Բայց չէ՞ որ այս իրավիճակն ինչ-որ առումով օբյեկտիվորեն է ստեղծվել, երբ մանկապարտեզներում տեղ չկա, երեխաների հերթը չի հասնում, դրա համար էլ ծնողները հնարավորինս շուտ են դիմում:
-Դա չի կարելի «օբյեկտիվորեն» անվանել, որովհետև հերթագրվածների ցուցակներն ուռճացված են: Այսինքն` ծնողը գրանցում է իր երեխային հիմնականում երկու, երբեմն էլ երեք տարբեր մանկապարտեզում: Հաշվարկի ժամանակ երեք թիվ է ցույց տրվում, մինչդեռ մեկ երեխայի մասին է խոսքը: Այս տեսակ բաները բացառելու, ժամանակից շուտ երեխաների գրանցումը բացառելու հանձնարարական է տրվել: Շատ դեպքերում շահարկվում է թիվ, որևէ մեկը չի փորձում խորամուխ լինել` հասկանալու` լավ, այդ թվի որ մասն է իրական և որն է ուռճացված:
-Իսկ հիմա հնարավո՞ր է ասել` մանկապարտեզներում որքան հերթ կա և իրականում քանիսն են այդ երեխաները:
-Ես կդժվարանամ հստակ թիվ նշել, բայց առնվազն մի բան ակնհայտ է. ոմանք շրջանառում են ինչ-որ 30 հազար թիվ, շատ կխնդրեմ, որ իմ գործընկերներն այդ մասով ևս փորձեն տվյալ թիվը շրջանառողից խնդրել՝ ներկայացնելու աղբյուրներ, որովհետև չկա նման թիվ: Նման բան գոյություն չունի:
-Եթե հերթագրվածների մասին տվյալներ Ձեզ հայտնի չեն, ինչո՞ւ եք կարծում, որ նման վիճակագրություն չկա:
-Առնվազն տեղեկացված եմ, որ հերթագրվածների թիվը, մեկ ամսական երեխաներին, կրկնակի ու եռակի հերթագրվածներին միասին վերցրած, կազմում է ոչ ավելի, քան 8-9 հազար: Ի դեպ, ասեմ, քաղաքապետի կողմից հանձնարարականը շատ հստակ է տրվել, որ արդեն իսկ գրանցված երեխաներին, որոնք թեկուզ մեկ-երկու ամսական են, ոչ թե ցուցակից հանել ընդհանրապես, այլ առժամանակ տեղափոխել, այսպես ասենք, այլ էջ, մինչև նրանց տարիքը լրանա: Այդ ժամանակ արդեն այդ երեխաները, բնականաբար, կհամարվեն հեթագրված: Բայց սկսած այս պահից, կդադարեցվի մանկապարտեզի տարիքի չհասած երեխաների հերթագրումը: Այլապես մենք երբևէ հարցի լուծում չենք կարողանալու տալ: Անընդհատ ինչ-որ թվեր են փորձելու շրջանառել, մինչդեռ դրանք չեն համապատասխանելու իրականությանը:
-Բայց եթե երեխան մանկապարտեզ հաճախելու տարիքի դառնա և ունենա հերթագրվելու անհրաժեշտություն, նշանակում է` նա անմիջապես չի ընդունվելու ու զրկվելու է նախնական կրթություն ստանալու հնարավորությունից, այնինչ մեկ-երկու տարի առաջ հերթագրված լինելու դեպքում ժամանակին կկարողանար մանկապարտեզ ընդունվել:
-Ոչ, ոչ, կրկին անգամ ոչ: Հստակ դրվել է խնդիր` անել հնարավորը, որպեսզի երբ երեխան հասնի մանկապարտեզ հաճախելու տարիքին, լիարժեք կարողանա օգտվել իր այդ իրավունքից:
-Այդ դեպքում էլ, ստացվում է, հերթագրելու անհրաժեշտությունն է վերանում:
-Գուցե և այդպես: Բայց հերթագրելու անհրաժեշտություն ասելով` նկատի ունենք, որ գուցե մեկը գալիս է ավելի ուշ, մյուսը գալիս է ավելի շուտ… Կվերանա, թե չի վերանա այդ անհրաժեշտությունը, հիմա մենք դա չենք քննարկում: Դուք կոնկրետ հարց եք ուղղում` քաղաքապետի հանձնարարականը ինչին է վերաբերել: Կասեցում չկա, կասեցվում է միայն այդ տարիքային խմբի երեխաների հերթագրումը: Քաղաքապետի կողմից հստակ հանձնարակական է տվել` ամբողջը վերլուծելով, տարիքային այն խմբի երեխաներին, որոնք պետք է արդեն մանկապարտեզ հաճախեն, առնվազն գոնե 3-6 տարեկաններին, հնարավորինս ապահովել այդ կրթությամբ: Եվ պահանջ չի դրվել 3 տարեկանների ընդունելությունը հետաձգել՝ նախապատվությունը տալով 4 տարեկանից սկսած: Գոնե այսօր խնդիրը դրված է այնպես, որ լիարժեք այդ ցանկը մաքրվի, որ արդեն հաշվարկը սկսի տարվել նորմալ տարբերակով և բացառվեն կրկնակի և եռակի գրանցումները:
-Հիմա, ասենք, 4 տարեկան երեխաները կարո՞ղ են հերթագրվել:
-Այո, այն տարիքային խմբին, որոնք արդեն պետք է հաճախեն մանկապարտեզ, ապահովելուց հետո, բնականաբար, անցում կկատարվի նոր հերթագրումների: Բայց, էլի եմ կրկնում, կհերթագրվեն այն երեխաները, որոնց տարիքը թույլ է տալիս մանկապարտեզ ընդունվել: Մի քանի տարվա ընթացում մենք վերջնականապես այդ հարցը կլուծենք և հուսանք, որ այլևս հերթագրման անհրաժեշտություն չի լինի»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 01.09.17թ. համարում:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ վերաբերմունքը հակասական է։ Ոչ միայն բուն Վրաստանում, այլեւ հարեւան երկրներում։ Հայաստանում, օրինակ, «պուտինիստները» նրան ներկայացնում են որպես ամերիկյան հրեշավոր «պրոյեկտի» պտուտակ, իսկ «ամերիկասերները»՝ որպես Վրաստանի փրկիչ։
Հիմնականում, սակայն, մեր համաքաղաքացիների վերաբերմունքը Սաակաշվիլիի նկատմամբ դրական է՝ կոռուպցիան հաղթահարեց, ճանապարհները սարքեց, ամեն ինչ էժանացրեց, ներդրումներ բերեց, բիզնեսը զարգացրեց եւ այլն։ «Ահա ձեզ օրինակ,- ասում են Սաակաշվիլիին որպես օրինակ բերողները,- թե ինչպես է հնարավոր, որ մեկ մարդը կարողանում է երկիրը «դզել»։
Իհարկե, այդ գնահատականները չափազանցված են, բայց չէի ասի, թե լրիվ սխալ են: Վրաստանն իսկապես փոխվել է «վարդերի հեղափոխությունից» հետո: Պարզ օրինակ. մենք 7 տարի չենք կարողանում խելքի բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհի գոնե մի հատվածը, իսկ Վրաստանի արագընթաց մայրուղիները մի քանի տասնյակ կիլոմետրեր են ձգվում: Կամ՝ այս օրերին Սեւանում 88-ի աղետյալների համար նախատեսված «դոմիկը»` ջարդուխուրդ եղած կահույքով, վարձով են տալիս օրական 20 հազար դրամով: Այդ գումարով Բաթումում կարող ես վարձել բոլոր հարմարություններով երկուսենյականոց բնակարան:
Մի խոսքով՝ ո՝ չնայած վերջին տարիներին ընդհանուր տնտեսական ցուցանիշները թե՛ մեզ մոտ եւ թե՛ հարեւանների մոտ առանձնապես տպավորիչ չեն:
Բայց արդյոք բոլոր դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, կարելի է վերագրել միայն Սաակաշվիլիին: Կարծում եմ՝ ոչ: Մեր տարբերությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ վրացիներն ավելի «պետական ազգ են», քան մենք, նրանք պետությունն ավելի շատ են սիրում, քան, ասենք, Կազբեկ սարը:
Երկրորդ պատճառն այն է, որ վրացիները հստակ ընտրել են Եվրոպայի հետ ինտեգրման ճանապարհը՝ դրա համար շատ թանկ գին վճարելով: Իհարկե, չի կարելի նաեւ նսեմացնել «վարդերի հեղափոխության» լիդերների՝ Սաակաշվիլիի, Բուրջանաձեի եւ հատկապես Ժվանիայի դերը:
Ինձ թվում է՝ Վրաստանի նախկին նախագահին, իր հախուռն եւ անկայուն բնավորությամբ հանդերձ, պետք է վերաբերվել հարգանքով: Բոմժի նման բռնել-փողոց գցելը սխալ է, արդար չէ: Չգիտեմ՝ ինչ խնդիրներ ունի նա Վրաստանում, բայց կարծում եմ՝ նա հանգիստ պետք է ապրեր հայրենիքում: Լավ չի, որ այդպես չեղավ: Հիմա էլ Պյոտր Պորոշենկոն, զրկելով Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից, իրեն պահեց իսկական հետխորհրդային լիդերի նման՝ մանրախնդիր, կոնյունկտուրային եւ, ինչպես ասում են, «ոչ թափանցիկ»: Ինչ արած, «մեծ քաղաքականություն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Դեպքերի զարմանալի բերումով, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը վերջերս ճաշկերույթի էր մասնակցել մտերմիկ շրջանում։ Քեֆի ժամանակ նրա բարեկամներից մեկը հեղինակային երգ է նվիրել ներկաներին՝ տխուր բառերով. «Նույնն է լուսին ու արև, բայց ես արդեն չկամ, ես ձեզ հաճախ կհանդիպեմ մեր քարքարոտ ճանապարհին և վերևից ձեզ կնայեմ՝ հավասարված մի բուռ հողի»։ Այս երգի տեսագրությունը մահից 10 օր առաջ հանգուցյալը տեղադրել էր իր ՖԲ էջ-ում։
Խորհրդականը ծեծո՞ւմ էր կնոջը
Արմավիրի մարզպետի խորհրդական, Սարդարապատ գյուղի բնակիչ Մանուկ Սիմոնյանի մարմինը հուլիսի 25-ին հայտնաբերել էին Դալարիկ գյուղի մոտակա ձորում, մայրուղուց 300 մետր հեռավորության վրա գտնվող քարքարոտ տարածքում, պոլիէթիլենային տոպրակով փաթաթված։ Դրանից 4 օր առաջ՝ հուլիսի 21-ից, խորհրդականը կորած էր։ Այս մասին ոստիկանությանը հաղորդել էր նրա կինը, որն այժմ որդու հետ ձերբակալված է և կասկածվում է ամուսնուն կացնահարելու մեջ։ Նա հայտնել էր, որ ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տնից և չի վերադարձել։
Անմիջապես լուր տարածվեց, որ Մանուկ Սիմոնյանն անելանելի լարված վիճակ է ստեղծել իր ընտանիքում, ինչի արդյունքում էլ սպանության զոհ է դարձել։ Ընտանեկան հարաբերությունների մի դրվագ մեզ ներկայացրեց Արմավիրի բնակիչներից մեկը՝ հանգուցյալը պարբերաբար բռնության է ենթարկել իր զոքանչին, դաժանաբար ծեծել է նրան և կնոջը։ Ասում են՝ նա ամեն Աստծո օր ծեծել է նրան և կնոջը, նույնիսկ եռացրած ջուր լցրել գլխին՝ որդու աչքի առաջ։
Երեկ բռնությունների վարկածը հաստատեց նաև Քննչական կոմիտեն։ «2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել, ապա՝ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղին մոտակա ձորերում»: Սարսափելի այս դեպքն արդեն 7 օր է՝ մնում է ԶԼՄ-ների առաջին էջերում։ Պաշտոնյանի կացնահարված մարմինը գտել են 3 օր հետո։ Գլխին մեծ քար է դրված եղել։
Դրդապատճառը խա՞նդն է
Սարդարապատում հակառակ կարծիքն էլ կա՝ որ Մանուկ Սիմոնյանն ընտանիքի հետ չէր ապրում, գյուղում չէր մնում, հազվադեպ էր գալիս Սարդարապատ։ Նա այլ կապեր էր ձեռք բերել ընտանիքից դուրս, որոնց ընտանիքի անդամները դեմ էին։ Հենց սա է, ըստ կարծիքների, վեճերի պատճառը։ Նույնիսկ վարկած տարածվեց, թե սպանողը խորհրդականի ընկերուհիներից մեկի ամուսինն է, իսկ դրդապատճառը խանդն էր։
Խորհրդականի որդու ձերբակալությունից հետո այս լուրերը «փչվեցին»։ 23-ամյա Նորիկ Սիմոնյանը նման չէ մարդասպանի։ Նա ԵՊՀ շրջանավարտ է, ըստ նրա կուրսեցիների՝ խելացի և զարգացած երիտասարդ է։ Նա նաև գրանցված էր որպես armavir.am կայքի խմբագիր, որտեղ իր սիրած ՏՏ ոլորտի նորություններ է տեղադրել»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.