29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր:
ՀՀԿ-ում աստիճանաբար հանրությանը վարժեցնում են Սերժ Սարգսյանի համազգային մասշտաբի գաղափարին: Կասկածից վեր է, որ գործ ունենք ոչ թե գեղարվեստական ձևակերպման կամ պատկերավոր արտահայտության, այլ քաղաքական նոր կարգավիճակի հետ, որը փորձում են ասոցացնել Սերժ Սարգսյանի անվան հետ: Շարմազանովը երեկ իր ասածը նույնիսկ հիմնավորել է ինստիտուցիոնալ կապով՝ նկատելով, որ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել է Հայաստան-Սփյուռք համաժողովի քաղաքական ուղերձը: Թերևս հենց սա էր բովանդակազուրկ այդ համաժողովի «պատմական առաքելությունը», որպեսզի դրա և ՄԱԿ-ում Սարգսյանի ելույթի ժամանակագրական, քաղաքական կապով լեգիտիմացվի գործող նախագահի «համազգային» լիդերությունը:
Սերժ Սարգսյանի շրջապատում նույնիսկ առանձնացրել են գործունեության այն ոլորտները՝ արտաքին քաղաքականություն, անվտանգություն, պաշտպանություն, որոնք ընդգծելու են «համազգային լիդերի» լեգիտիմ գերազանցությունը Հայաստանի սահմանադրական ղեկավարի՝ վարչապետի հանդեպ:
Խորքային առումով գործ ունենք վտանգավոր սցենարի, մտայնության հետ, որովհետև, ըստ էության, տեղի է ունենում պետական ինստիտուտների նպատակային արժեզրկման, փոշիացման գործընթաց՝ մեկ մարդու ապագա ոչ լեգալ իշխանությանը քաղաքական լեգիտիմություն հաղորդելու նպատակով: Այս տրամաբանությանն են ենթարկվում նաև ապագա վարչապետի լիազորությունները օրենսդրորեն «խուզելու» մտադրությունները, ապագա վարչապետի անհատական կերպարը կուսակցական էլիտայի հավաքական իշխանության անխուսափելիությանը ստորադասելու նպատակային քարոզչությունը:
Եթե մեր ենթադրությունները ճիշտ են, ապա ընտրվել է Սերժ Սարգսյանի փաստացի իշխանությունը վերարտադրելու ամենաանհաջող տարբերակներից մեկը՝ մանավանդ, որ նոր Սահմանադրությունն ու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները թույլ են տալիս, որպեսզի Սարգսյանը, որպես հաղթած քաղաքական ուժի ղեկավար, միանգամայն լեգիտիմ հիմքով զբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ ձևավորելով նոր իշխանություն:
Շատ ավելի վտանգավոր է այն գաղափարական միջավայրը, որտեղ ձևավորվելու է «համազգային լիդերը»: ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթի առանցքը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մտադրությունն էր: Եթե մեր «համազգայնության» մոտիվը, «համազգային լիդերի» քաղաքական պլատֆորմը դարձյալ լինելու է պրիմիտիվ հակաթրքականությունը, ապա 2018-ի ապրիլից հետո պետությունը խոցելի ենք դարձնելու ոչ միայն ինստիտուցիոնալ առումով, երբ երկիրը ղեկավարելու է սահմանադրական կարգավիճակ չունեցող անձը, այլ նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև հակաթուրքական դեմարշը՝ հատկապես քրդական հանրաքվեի և ռուս-թուրքական հնարավոր նոր համաձայնությունների համատեքստում, զուրկ է որևէ քաղաքական բանական մոտիվացիայից:
Ակնհայտ է, որ 2018-ի ապրիլից հետո երկիրը դե ֆակտո շարունակելու է ղեկավարել Սերժ Սարգսյանը, սակայն վերջինիս նոր իշխանությունը կարող է լեգիտիմ և ռացիոնալ լինել միայն նրա վարչապետության պարագայում: «Համազգային լիդերությունից» մի տեսակ ավտորիտարիզմի և միջնադարյան ասիականության խորշելի հոտ է փչում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Որոշ աղբյուրների տեղեկացմամբ` տավարի մսի ներկա և սպասվող թանկացումները` մինչև 5 հազար դրամ, պայմանավորված են ոչ միայն երաշտով՝ խոտի-անասնակերի քչությամբ, այլև մեգա-մագնատ Սամվել Ալեքսանյանի` տավարի մսի «արտահանմամբ» դեպի անկախության գործընթացի մեջ մխրճված Իրաքյան Քրդստան:
Այն, որ Ալեքսանյանը Քրդստանի հետ «ջերմ» կապերի մեջ է (Ապարանի գյուղերում է ապրում հայաստանյան քրդերի մեծ մասը) և տարին մի քանի անգամ այցելում է անկախացող Քրդստան (մի քանի տարի առաջ սպիրտի` օղու արտադրություն է դրել և օղի է վաճառում), գաղտնիք չէ: Բայց ոգելից խմիչքը և խոզի միսը Քրդստանում կիրառելի չեն, Լիմինդրովիչն անցել է տավարի մսի արտահանմանը` «նպաստելով» Քրդստանի ֆինանսատնտեսական անկախությանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ հայտարարել է, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ծանր հարված է հասցրել ըմբշամարտին՝ թողնելով ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը՝ մարզաձեւը կհայտնվեր շատ ծանր վիճակում:
Ռոստոմյանի հայտարարությունը բովանդակությամբ վերաբերելով սպորտին, տողատակում կամ համատեքստում առավել քան քաղաքական հայտարարություն է եւ գործնականում Գագիկ Ծառուկյանի առաջին հարվածն է Կարեն Կարապետյանի կառավարությանը: Ընդ որում, հարված մի քանի ուղղությամբ եւ շերտով: Նախ, հատկանշական է, որ Սամվել Կարապետյանի մասին այդ կարծիքն արտահայտում է սպորտի նախարարը, այսինքն՝ կառավարության անդամը, ով թիրախավորում վարչապետի «գլխավոր հովանավոր», Հայաստանի ներդրողների ակումբի այսպես ասած առանցք՝ Սամվել Կարապետյանին:
Ակնառու է ակնարկը, որ Կարեն Կարապետյանը չի տիրապետում կառավարությանը: Մյուս հարվածը անմիջականորեն Սամվել Կարապետյանին է, այն համատեքստում, որ նա վստահելի չէ, եւ տեւական ժամանակ գլխավորելով ըմբշամարտի ֆեդերացիան, թողել է այն եւ դրել ծանր վիճակում: Այդ այսպես ասած մեսիջի տողատակում ակնարկն է այն ներդրումային սպասումների կապակցությամբ, որ կան Սամվել Կարապետյանի եւ նրա առանցքով Հայաստանի ներդրողների ակումբի հանդեպ: Ինչ պատասխան կհետեւի Կարապետյանից, ցույց կտա ժամանակը, սակայն իրադարձությունների զարգացումն արդեն իսկ ցույց է տալիս, որ ներիշխանական կամ ներհամակարգային խաղը մտնում է բավականին կրիտիկական մի փուլ, եթե այդպիսի, այսպես ասած, բաց խաղի է դիմում կամ խաղաքարտերը բաց է խաղում այնպիսի զգուշավոր գործիչ, ինչպիսին Գագիկ Ծառուկյանն է: Միեւնույն ժամանակ, մամուլն արդեն արձանագրել է, որ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներն արդեն իսկ սկսել էին կառավարության հասցեին ընդգծված դժգոհություն եւ անբավարարություն արտահայտող գնահատականները, եւ այդ իմաստով սպորտի նախարարի հայտարարությունը պարզապես արդեն իսկ մեկնարկած գործընթացի որոշակի բարձր աստիճան է:
Իրավիճակն այստեղ իհարկե բազմաշերտ է եւ դժվար է հանգել միարժեք գնահատականի, թե ինչու է Ծառուկյանը որոշել անցնել գրոհի, եւ ընդհանրապես այն կրելու է այսպես ասած հետեւողական եւ հարաճուն բնույթ՝ ընդհուպ կառավարության պաշտոնանկության պահանջ, թե՞ Գագիկ Ծառուկյանը ներկայումս ընդամենը տրամադրություններ է շոշափում՝ հասկանալու համար իշխանության ներսում առավել նեղ շրջանակով տեղի ունեցողի այսպես ասած նյարդը, եւ ըստ այդմ անելու համար առավել ընդգրկուն եզրակացություններ՝ 2018-ին ընդառաջ:
Բանն այն է, որ պաշտպանության նախարարությունը ներկայումս մշակում է օրինագիծ, որը պետք է որոշակիորեն սահմանափակի անվտանգության եւ պաշտպանության ոլորտում վարչապետի լիազորությունը: Օրինագծի առավել մանրամասները հայտնի չեն, սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ երեկ հաստատել է, որ օրինագիծը մշակվում է, հրաժարվելով ասել ավելին: Գործնականում, դա իշխանության այսպես ասած վերաբաշխման օրինագիծ է, որովհետեւ անվտանգության եւ պաշտպանության լիազորությունները Հայաստանի իշխող համակարգի բնույթից եւ տրամաբանությունից, նաեւ Հայաստանի գտնված այսպես ասած կիսապատերազմական վիճակի օբյեկտիվ իրողություններից ելնելով, հանդիսանում են իշխանության առանցքային գործոնը:
Փաստացի ստացվում է, որ պաշտպանության նախարարությունում մշակվող օրինագիծը դե ֆակտո հանդիսանում է 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանի ընտրության արդյունքի վերանայում: Այսինքն՝ ստացվում է, որ ապրիլի 2-ին ձեւավորված իշխանությունն իրականում վերանայվում է, քանի որ վերանայվում է իշխանության առանցքային լիազորության պատկանելությունը: Եվ այստեղ, առանց կոնկրետ անձանց, թե ում են պատկանելու նոր լիազորությունները, ակնհայտ է դառնում, որ տեղի է ունենում իշխանության վերաձեւում: Գագիկ Ծառուկյանը բնականաբար չի կարող անմասն մնալ այդ գործընթացից:
Վերջին հաշվով հենց դրա համար է նա մասնակցել ապրիլի 2-ի ընտրությանը, եւ դրա համար է նաեւ բաց թողել քաղաքապետի ընտրությունը: Այսինքն՝ նա որպես խոշոր կապիտալիստ, բիզնեսի եւ իշխանության սերտաճածության պայմաններում չի կարող իրեն թույլ տալ դուրս մնալ իշխանության ձեւավորման կամ վերաձեւման գործընթացից, եթե չունի անվտանգության եւ սեփականության անձեռնամխելիության աներկբա երաշխիք:
Դրա համար նա մասնակցեց ապրիլի 2-ի ընտրությանը՝ որպես երաշխիք: Բայց այժմ նա տեսնում է, որ գործնականում մշակվում է ընտրության արդյունքը որոշակիորեն վերանայող օրինագիծ: Դրա մշակմանը Ծառուկյանն առնչություն չունի, եւ թերեւս գործընթացից դուրս չմնալու հնարավորություն դիտարկվում է քաղաքական որեւէ սուր հայտը, ինչպիսին՝ գրոհն է Կարեն եւ Սամվել Կարապետյանների դեմ, թերեւս սպասելով թե՛ նրանց, թե՛ նաեւ Սերժ Սարգսյանի արձագանքին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանյան ավիատոմսերի շուկայում, մեղմ ասած` «կառավարելի քաոս» է, իսկ ավելի կոպիտ ասած՝ իսկական «բարդակ»: Տոմսերը, անգամ շատ մատչելի համարվող վրացական ուղղությամբ, թանկանում են «հրաշամանուկի» նման` վայրկյան առ վայրկյան. «մենեջեր» կազմակերպությունները երեկոյան մի գին են ասում, առավոտյան գնում կատարելիս, պարզվում է` երկու տոմսից մեկը թանկ է, մյուսը` ավելի թանկ:
Պատճառաբանությունները զանազան-զարմանազան են, բայց հիմնականը «վերջին երկու տոմսն է», երբ շատ հաճախ պարզվում է, որ ինքնաթիռները կիսադատարկ են թռչում: Տոմսերի գների արհեստական բարձրացումն աշնան այս օրերին, հատկապես դեպի Մոսկվա եւ Թբիլիսի ուղղություններով, «ստախանովյան տեմպերով» շարունակվում է:
Էլ առավել անմխիթար վիճակ է տոմսերը հետ վերադարձնելու գործընթացներում. բացարձակապես որեւէ մեխանիզմ չի աշխատում, որեւէ դրամ չի վերադարձվում, եթե անգամ ուղեւորները տոմսը վերադարձնում են մեկ շաբաթ առաջ` առողջական պատճառներով ներկայացված փաստաթղթի առկայության պայմաններում։
Նման ոճով աշխատում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները, հատկապես` «Աէրոֆլոտը», որը նաեւ թվեր կրակելու գործում է ռեկորդակիր»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Այդ հայտարարությունը համատեքստից կտրված էր, եւ երեւի թե ինչ-որ մարդկանց անհրաժեշտ էր ուշադրություն սեւեռել հենց այդ հանգամանքի վրա, նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան ասել է արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը համատեղ ասուլիս էր ունեցել Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության Ամերիկայի ու Եվրոպայի հարցերով նախարար Ալեն Դանքընի հետ:
Դանքընի այցն, իհարկե, իր հերթին բավականին ուշագրավ այց էր մի քանի առումներով: Նախ ինքնին անհրաժեշտություն կա սերտացնել հայ-բրիտանական հարաբերությունը՝ հաշվի առնելով այդ երկրի միջազգային տնտեսաքաղաքական եւ ռազմաքաղաքական դերակատարությունը: Այդ դերակատարությանը համարժեք, Հայաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունը, թերեւս, ունի սերտացման մեծ տեղ: Այստեղ հատկանշական է նաեւ այն, որ Մեծ Բրիտանիան բավականին մեծ տնտեսական եւ քաղաքական հետաքրքրություններ ունի Ադրբեջանում, այնտեղ նավթային ոլորտում ներկայացված բրիտանական կապիտալի տեսքով: Իսկ բրիտանական արտաքին քաղաքականության հարցում կապիտալի հանգամանքը ունի առանցքային, առաջնահերթ նշանակություններից մեկը:
Եվ ահա, այդ համատեքստում էլ Մեծ Բրիտանիան Հայաստանի համար պետք է ներկայացնի հետաքրքրություն, եւ Երեւանն ու Լոնդոնը անկասկած կարող են գտնել գործակցության եզրեր: Եվ այստեղ, իհարկե, հարկավոր է ուշադրություն դարձնել նաեւ այն հանգամանքին, որ ընդամենը շաբաթներ առաջ հենց բրիտանական մամուլը սկսեց Ալիեւի հետ կապված հերթական կոռուպցիոն միջազգային աղմուկը՝ բացահայտելով, որ Ադրբեջանի իշխանությունը գործնականում դարձել է համաշխարհային մասշտաբով կոռուպցիա սնող համակարգերից մեկը:
Այդպիսով, այս համատեքստում բրիտանացի նախարարի հայաստանյան այցն իսկապես ուշագրավ է դառնում եւ թերեւս կարող է անուղղակիորեն վկայել Երեւան-Լոնդոն երկխոսության նոր բովանդակության կամ նոր իմպուլսի մասին, որը կունենա տարածաշրջանային նշանակություն: Վերադառնալով Նալբանդյանի հայտարարությանը, հատկապես այդ տարածաշրջանային հեռանկարի ֆոնին, հիշեցնենք, որ խոսքը Հայաստան-Սփյուռք համաժողովի առաջ նրա ելույթի մասին էր եւ դրա ընթացքում հայտարարության, թե Երեւանը բանակցում է Բաքվի հետ տարածք վերադարձնելու հարցով, բայց այն տարածքները, որոնք նշանակություն չունեն Արցախի անվտանգության տեսանկյունից:
Եվ ահա, Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ իր խոսքը համատեքստից կտրված է, եւ ինքը տարածքների մասին խոսել է ընդամենը Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հինգ հայտնի հայտարարությունները հիշատակելու համատեքստում, քանի որ տարածքների հարցը շոշափվում է հենց այդ սկզբունքներում՝ այսպես կոչված, Մադրիդյան, որոնք էլ հիշատակվել են նախագահների այդ հայտարարություններում: Նալբանդյանը հայտարարել է, որ առանցքայինը, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել ՄԱԿ-ում, կարգավիճակի եւ Արցախի անվտանգության հարցն է: Նալբանդյանի խոսքով՝ ինքը Հայաստան-Սփյուռք համաժողովում էլ հիմնականում խոսել է հենց այդ գերակայության մասին, սակայն որոշ մարդկանց պետք է եղել համատեքստից հանել եւ կենտրոնանալ հենց տարածքների հարցի վրա: Ահա այս իմաստով Նալբանդյանի հայտարարությունն իսկապես ուշագրավ է եւ հատկապես՝ բրիտանացի նախարարի հետ համատեղ ասուլիսի ենթատեքստում:
Բանն այն է, որ տարածքների մասին նրա հայտարարությունների վերաբերյալ հայաստանյան հանրությունը տեղեկացավ ռուսական լրատվամիջոցներից: Որովհետեւ հենց նրանք տիրաժավորեցին հայտարարությունը, իսկ հայկական մամուլը ընդամենը արձագանքել է արդեն նրանց հարուցած, այսպես ասած, աղմուկին: Հետեւաբար, եթե Էդվարդ Նալբանդյանը համարում է, որ ինչ-որ մարդկանց պետք էր հենց դա, ապա նշանակում է, որ այդ մարդկանց պետք է փնտրել ռուսական մամուլի տիրույթում, Նալբանդյանի խոսքը համատեքստից կտրելու եւ աղմկոտ մատուցելու ռուսական մեդիայի քայլերում, հրապարակումների հետեւում կամ ներքեւում, այսպես ասած՝ տողատակում:
Ի դեպ, հետաքրքրական է, որ նախօրեին էլ Սերժ Սարգսյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում է եղել նաեւ տեղեկատվական անվտանգության հարցը: Ուշագրավ զուգադիպություն է»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«2017 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել նախկին զինծառայող Միքայել Կեսոյանի առողջական խնդիրների հետ կապված վերջինիս տրամադրված երկու փաստաթղթերի մեջ տեղ գտած հակասության վերաբերյալ: Միքայել Կեսոյանը զորակոչվել էր բանակ` ունենալով տեսողական խնդիրներ, որը հարաճելու միտում չի ունեցել, սակայն մեկ տարուց ավելի ծառայելուց հետո նրան զորացրել են՝ պատճառաբանելով, որ նման հեռատեսությամբ նա ծառայության համար պիտանի չէ: Նախկին զինծառայողը մեզ հետ զրույցում հարց էր բարձրացրել, որ եթե պիտանի չի եղել ծառայությանը եւ տեսողությունը բանակում չի վատացել, ապա ինչո՞ւ են իրեն զորակոչել բանակ: Միքայել Կեսոյանը նաեւ ՊՆ-ից խնդրել էր կենսաթոշակ նշանակել իրեն:
Նախկին զինծառայող Միքայել Վաչիկի Կեսոյանը 2015 թվականի երկրորդ զորակոչով ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասում, որից հետո եղել է ՊԲ N զորամասում, որը ապրիլյան պատերազմի ժամանակ գտնվել է ադրբեջանական զինված ուժերի հիմնական հարվածի տակ: Այդ մասին նրա զինգրքույկում կա համապատասխան նշումը:
Ապրիլյան պատերազմից հետո Կեսոյանը տեղափոխվել է հոսպիտալ, եւ 2016 թվականին նոյեմբերին ոչ պիտանի է համարվել զինծառայության համար, վաղաժամ զորացրվել է: ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի թիվ 3093 որոշմամբ նախկին զինծառայողի մոտ առկա է եղել «OU Բարձր աստիճանի հեռատեսություն՝ OD -7.5D, բարդ ուղիղ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ-0.5D» ախտորոշմամբ հիվանդություն, որը վնասվածքի, խեղման հետ կապ չունի եւ կապված չի եղել զինվորական ծառայության հետ:
«ՀՀ ՊՆ 08.04.2013 թվականի թիվ 410 հրամանի 86Բ, 16Գ, 36Գ հոդվածի 1-ին սյունակի համաձայն՝ պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումներով՝ պատերազմի ժամանակ»,- ասված է ԿՌԲՀ-ի որոշման մեջ:
Միքայել Կեսոյանը համաձայն չլինելով այս որոշման հետ՝ դիմել է պաշտպանության նախարարին, որի փոխարեն պատասխանել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը:
Մինչ այդ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ ցանկացած որոշում պետք է լինի օբյեկտիվ, հաստատված համապատասխան փաստաթղթերով: Նախարարը նշել էր նաեւ, որ այդ գործընթացը գտնվելու է իր հսկողության տակ:
Կեսոյանը 2017 թվականի մայիսի 5-ին ստացել է ԿՌԲ հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի պատասխան նամակը, որտեղ նշել է. «Հիվանդության պատճառական կապը որոշվել է որ, կապված չէ ծառայության հետ, քանի որ Ձեր (Միքայել Կեսոյանի, հեղ.) խնդիրը առկա է եղել վաղ մանկական հասակից»:
Հաջորդ հիմնավորման մեջ ասված է. «Ձեր վերաբերյալ զորակոչային եւ ՀՀ ԿՌԲՀ-ի կողմից կայացված որոշման ախտորոշումների տարբերությունը պայմանավորված չէ հիվանդության աճով, քանի որ հեռատեսությունը տվյալ տարիքային խմբում չունի հարաճելու միտում, եւ նրա աստիճանը մնում է անփոփոխ կամ կարող է նվազել: Ձեր դիմումում նշված մարտական գործողությունները նույնպես չէին կարող ազդել եւ չեն ազդել հեռատեսության աստիճանի փոփոխման վրա»:
ԿՌԲՀ-ի որոշման եւ գրության համադրությամբ ստացվում է, որ զինծառայողը պիտանի է եղել զորակոչմանը, սակայն վաղաժամ զորացրվել է համարվելով ոչ պիտանի ծառայությանը տեսողության վատացման պատճառով:
Այս հակասությունները պարզաբանելու նպատակով armtimes.com-ի օգոստոսի 14-ին հարցում էր ուղարկել ՊՆ: Նույն օրը պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը պատասխանել էր. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով` Սեյրան Սարոյանի 50-ամյակն իր վրա թանկ է նստել` ոչ միայն նյութական, այլեւ «ֆիզիկական» առումով․ նա շատ է պարել (ոտքերը հիվանդ են), շատ է երգել։ «Սերժ Սարգսյանն է «Ջուխտակ շամամներից» հետո քանիցս հորդորել` մի հատ էլ երգի»,- տեղեկացրին մեր աղբյուրները: Ու այս օրերին գեներալը հասել է «Չինաստան տեղ»` բուժվելու: Իսկ ինչո՞ւ չի գնացել Իսրայել` Մեռյալ ծովի ցեխերով դարմանելու ոտքերի ցավը, չէ՞ որ միշտ այնտեղ է բուժվում: «Գտնում է, որ Իսրայելում շատ են խաբում, սանիկը` Սուրիկ Խաչատրյանը, համոզել է, որ Չինաստանում ամենալավ բուժումն են անցկացնում, հիմա իրար հետ Չինաստանում են»: Ցողունային բուժմա՞ն: «Ցողունայինը Կորեայում է, իրենք Չինաստանում ավանդական բուժման են»»:
«Հրապարակ»
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
«Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրավիճակ է: Այս մասին քիչ առաջ armtimes.com-ի խմբագրություն ահազանգեց Շիրակի պետական համալսարանի ընդհանուր բաժնի նախկին վարիչ եւ ռեկտորի ընդունարանի նախկին գործավարուհի Լենա Խաչատրյանը եւ տեղեկացրեց, որ գործող ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն իրեն անհիմն ազատել է աշխատանքից:
«2016-ին եկավ պարոն Մինասյանը, եւ մեկ ամիս անց սկսեց հաշվեհարդար տեսնել: Ասում էր`սրա հետ ես կանգնած, նրա հետ ես խոսում եւ այլն: Անձնական վիրավորանքներ էր ինձ հասցնում: 2016 թվականին ինչ-որ ծանուցում կորավ: Դա պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի ծանուցումն էր, որը ես չեմ տեսել: Դա կադրերի բաժնի աշխատանքի մեջ է մտնում: Այդ ծանուցումն իր համար պարզապես պատրվակ եղավ, որ ինձ աշխատանքից ազատի: Մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի վերջ ինձ ասում էր`գող ես, ծանուցումը դու ես գողացել: Ես ամեն օր լացով աշխատանքի եմ գնացել, լացով հետ եմ եկել: 2017 թվականի հունվարին Մինասյանը, ուսումնամեթոդական վարչության պետը եւ ռեկտորի օգնական Անահիտ Հովհաննիսյանը կանչեցին եւ ասացին, որ դիմում գրեմ:
Նրանց ասացի, որ չեմ ուզում գրել, ազատվել, քանի որ ծանուցումը ես չեմ վերցրել: Մինասյանի օգնական Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ մենք գիտենք, որ դու չես վերցրել, մեզ քո պաշտոնն է պետք, գրի, ազատվի: Նրանք ինձ ազատել են ու ծանուցման մեջ գրել են`նոր հաստիքացուցակով Ձեր մասնագիտությանը համապատասխան աշխատանք չենք կարողանում առաջարկել: Սահակ Մինասյանը գիտխորհրդի նիստի ժամանակ ասել է, թե մի հոգի կար`չխաղաց մեր խաղի կանոններով, ազատեցինք: Ինչո՞ւ բուհը կազինո է: Նրանք ինձ ազատել են եւ պատճառաբանում են, որ ես նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի մարդն եմ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լենա Խաչատրյանը:
Լենա Խաչատրյանն ասում է, որ դեռ 15 տարի կա իր կենսաթոշակային տարիքը լրանալուց, բայց Մինասյանը դա հաշվի չի առել:
«Ասում եմ, որ ես կբողոքեմ, պատասխանում է` դու քեզանից ինչ ես ներկայացնում, որ իմ դեմ բողոքես: Ասում է` քեզ էլ նայի, ինձ էլ նայի, ես թիկունք ունեմ, Արման Սահակյանն (ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր) իմ թիկունքն է: Նրա խոսքով`եթե ուզում ես ինստիտուտում աշխատել, պետք է իր համար տվյալներ հավաքես, տանես իրեն ներկայացնես: Ինձանից էլ էր տվյալներ ուզում»,- ասում է Խաչատրյանը:
ՇՊՀ-ի նախկին աշխատակցուհին նաեւ պատմում է, որ Սահակ Մինասյանը բուհում աջ ու ձախ աշխատանքի է տեղավորում իր բարեկամներին:
«Բարեկամներին, քավոր-սանիկներին բերել գործի է լցրել: Նրա քրոջ որդին`Միրզոյան Նարեկին տեղավորել է մեզ մոտ իրավաբան, եւ ստանում է 350 հազար դրամ աշխատավարձ, Նարեկի կնոջն ընդունել է աշխատանքի մշակույթի վարժարանում՝ որպես կազմակերպիչ: Մինասյանի գործավարուհին ստանում է 300 հազար դրամ, իսկ օգնականը`Անահիտ Հովհաննիսյանը, ստանում է 400 հազար դրամ: Այն դեպքում, երբ գիտության թեկնածու դասախոսները ստանում են 30-40 հազար դրամ: Բերել է ռեկտորի խորհրդական, ո՞րն է դրա գործառույթներն, ականջ դնե՞լը: Խորհրդականն էլ Սերգեյ Շահպարոնյանն է`իր երեխաների քավորը: Ինքն էլ ինչ-որ Արմեն Ղանդիլյանի քավորն է, դրան էլ բերել է գնումների համակարգող, բայց ազատել է նախկին աշխատակցին: Իմ տեղն էլ ընդհանուր բաժնի վարիչ է բերել, որը 26 տարեկան աղջիկ է եւ մտերիմ է իր մարդկանց հետ», -ասում է նախկին աշխատակցուհին»:
«Հայկական ժամանակ.
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Իգլայի» գործով նոր զարգացումներ են սպասվում: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի իշխանությունները որոշել են, որ Սամվել Բաբայանը որեւէ վտանգ այլեւս չի ներկայացնում, եւ Արցախի ՊԲ նախկին հրամանատարն առաջիկայում ստորագրությամբ ազատ կարձակվի:
Եթե համաձայնությունը հնարավոր լինի կայացնել բոլոր կողմերի, այդ թվում Սամվել Բաբայանի հետ, եւ նա սկզբից ստորագրությամբ, ապա դատավճռից հետո խոստանա, որ մեկնելու է Հայաստանից, ուրեմն առաջիկա շաբաթներին Սամվել Բաբայանը կարող է ազատ արձակվել:
Նշենք, որ կալանավորումից մինչ օրս Սամվել Բաբայանն իրեն քաղբանտարկյալ չի համարում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առաջիկայում աղետալի վիճակ է սպասվում անասնաբուծության ոլորտում: Այս տարվա երաշտի պատճառով խոտի պաշարները կտրուկ իջել են, և մեկ կապ խոտի գինը, Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանի ներկայացմամբ, անցած տարվա 500-600 դրամի փոխարեն դարձել է 2000-2200 դրամ:
Նրա խոսքով՝ տարեվերջին մենք մոտ 100.000 գլուխ անասուն պակաս կունենանք: Աշնանը մսի գինը մի փոքր կիջնի, քանի որ զանգվածային մորթ կլինի, բայց գարնանը կտրուկ կթանկանա՝ մինչև 5000 դրամ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.