23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Արժույթի միջազգային հիմնադրամը երեկ հրապարակած զեկույցում կասկածի տակ է դրել Հայաստանում այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ գրանցելու՝ իշխանությունների կանխատեսումները: Ըստ այդ զեկույցի՝ 2017թ. Հայաստանի համար կարելի է կանխատեսել հազիվ 3.5 տոկոս աճ, իսկ 2018թ.՝ 2.9 տոկոս աճ: Փորձը ցույց է տալիս, որ միջազգային կառույցների նմանօրինակ գնահատականները շատ ավելի օբյեկտիվ են լինում, որովհետեւ նրանք, ի տարբերություն կառավարության, հայաստանյան քաղաքականության սուբյեկտ չեն եւ մեր երկրում չունեն ընթացիկ քաղաքական շահեր:
ԱՄՀ-ի գնահատականը Կարեն Կարապետյանի կառավարությանը ոչ մի լավ բան չի խոստանում, մանավանդ որ հաջորդ տարվա համար տնտեսության զարգացման ավելի համեստ ցուցանիշ է կանխատեսվում: Միջազգային փորձագիտական այս հեղինակավոր գնահատականը վկայում է մեր կառավարության տնտեսական քաղաքականության ձախողման մասին եւ զրոյացնում է կաբինետի այն հավաստիացումները, թե իբր 2017-ի քաղաքականությամբ նախապատրաստվում են հիմքեր, որպեսզի հաջորդ տարվանից տնտեսական աճը բերի զարգացման: Նույնիսկ բարձրակարգ տնտեսագետ լինել պետք չէ` հասկանալու համար, որ Կարեն Կարապետյանի քաղաքականության ձախողումը գրեթե անխուսափելի է` հռչակված առաջնահերթությունների անկատարության ֆոնին:
Ներդրումային բումն այդպես էլ տեղի չունեցավ: Իրավիճակը չի կարող փրկել անգամ կառավարության մանիպուլյատիվ խորամանկությունը, որովհետեւ հիշվում է միայն Սամվել Կարապետյանի սահմանափակ ներդրումների մասին, որոնք սակայն ավելի շատ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական ենթատեքստ ունեն: Օպտիմալացումը նույնպես չի կարող փրկել Կարապետյանի կառավարությանը, որովհետեւ այդ բառը որդեգրել են, դրա հիմքում դնելով կրճատումը: Իրականում օպտիմալացումը դա ճկուն, արդյունավետ, գործուն համակարգ ձեւավորելն է: Սակայն ԱՄՀ-ի կանխատեսման հատկապես քաղաքական հետեւանքներն են կարեւոր, որովհետեւ 2018-ի համատեքստում դրանք ճակատագրական կարող են լինել Կարեն Կարապետյանի քաղաքական հեռանկարի տեսանկյունից:
Տնտեսության զարգացման 5%-ոց նշաձողը խորհրդարանական մեծամասնության ու Սերժ Սարգսյանի կողմից սահմանվել են որպես կառավարության գործունեության գնահատման չափանիշ, ինդիկատոր: Հիմա ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել այն տնտեսական աճը, որը դրված է նրա կառավարության ծրագրի հիմքում: Նման դեպքերում կառավարությունները հրաժարական են տալիս կամ պաշտոնանկ են արվում: Օրինակ՝ 2014-ին Տիգրան Սարգսյանի կառավարության արձակման ֆորմալ պատճառը հենց այն էր, որ չէր ապահովվել տնտեսության 7%-ոց աճ: Երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը հիշեց կառավարության ստանձնած քաղաքական պատասխանատվության մասին եւ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ արեց:
Կարեն Կարապետյանի կառավարությունը ոչ այս, ոչ էլ մյուս տարի չի կարողանալու ապահովել 5%-ոց աճ: Մյուս կողմից` Կարեն Կարապետյանն ակնհայտորեն հրաժարական տալու մտադրություն չունի, հակառակը` մտադիր է բարձրացնել իր քաղաքական կարգավիճակը, որովհետեւ 2018-ի ապրիլից` վարչապետը նաեւ պետության ղեկավարն է: Իհարկե, գնդակը հիմա գտնվում է Սերժ Սարգսյանի եւ խորհրդարանական մեծամասնության դաշտում: Եթե Սարգսյանը որոշի, որ 2018-ի ապրիլին նախագահական նստավայրից տեղափոխվում է կառավարություն, ապա խորհրդարանական մեծամասնությունը, անշուշտ, «երկուս» կնշանակի «հինգի» չձգող կառավարությանը: Նման դեպքերում` Բաղրամյան 26-ին թվային աճպարարությունները չեն հետաքրքրում:
Հակառակ պարագայում` խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությունը «լվանալու» են հասարակության ուղեղները` հիմնավորելու համար, որ, օրինակ, տարբեր են կառավարության եւ ԱՄՀ-ի գնահատման չափանիշները, եւ վերջինիս նշած 2.9 տոկոսը համարժեք է, ասենք, հայաստանյան իրականության 5 կամ 7 տոկոսին: Հայաստանում ամեն ինչ հարմարեցված է քաղաքական կոնյուկտուրային, ավելի ստույգ` ներհամակարգային կոնսենսուսին, որն էլ, ըստ էության, դառնում է կառավարության կամ կոնկրետ պաշտոնյաների գործունեության գնահատման կամ հեռացման չափանիշ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Ընտանեկան բռնության մասին օրենքի քննարկումը ծավալվել է «ռուսամետ-արեւամետ» հարթության մեջ։ Այսինքն՝ խոսքը նրա մասին չէ, թե որքանով օգուտ կամ վնաս կբերի այդ օրենքի ընդունումը, այլ՝ ո՞ր աշխարհաքաղաքական ճամբարից են օրենքի կողմնակիցները ու հակառակորդները։ Առաջինները խոսում են «պուտինյան Ռուսաստանի» դավերից կամ Հայաստանում ՌԴ դեսպանատան «հավաքագրված զանգվածից», երկրորդները՝ «Արեւմուտքի պարտադրանքից», «Գեյրոպայի այլասերվածությունից» եւ այլն։
Հնարավոր չէ համոզել երկու կողմերին, որ նրանք սխալվում են, եւ պետք է քննարկել բուն օրենքի նախագիծը եւ ոչ թե նրանց, ովքեր կանգնած են կամ կանգնած չեն դրա հետեւում։
Ինձ թվում է՝ եթե մարդը, ներեցեք, «քյարթու» է եւ խավարամիտ, եթե նա կարծում է, որ կանանց եւ երեխաների հետ շփվելու «զինանոցի» մեջ պարտադիր պետք է լինի ծեծուջարդը, ապա այստեղ Պուտինը կամ Կրիվոպուսկովը որեւէ մեղք չունեն։ Եվ հակառակը՝ եթե մարդը կարծում է, որ ընտանեկան բռնությունների զոհերի համար պետք է հավելյալ հնարավորություն ստեղծվի պաշտպանվելու, իրենց նկատմամբ կատարած հանցագործության մասին բարձրաձայնելու, այդ համոզմունքի ձեւավորմանը բացարձակապես չեն մասնակցել Թրամփն ու Մակրոնը։
Կարելի է մինչեւ ականջների ծայրը սիրահարված լինել Պուտինին եւ դեմ լինել ընտանիքում բռնության փառաբանմանը։ Կարելի է Միացյալ Նահանգները համարել Երկրագնդի դրախտի մարմնավորումը եւ լինել ընտանիքում ամենափնթի ու «անթրաշ» բարքերի ջատագովը։ … Լեւոն Իգիթյանը չի կարողանում մարդավարի շփվել կանանց հետ ոչ այն պատճառով, որ նա Պուտինի երկրպագուն է»։
«Առավոտ»
Ամբողջությամբ կարող եք կարդալթերթի այսօրվա համարում:
«Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ է ունեցել Սոչիում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կամ պարզապես գագաթնաժողովում: Պետք է նկատել, որ Սարգսյանի ելույթը, ի տարբերություն ԵՏՄ գագաթնաժողովներում նրա նախորդ ելույթների, աչքի է ընկել որոշակի նախաձեռնողականությամբ, ագրեսիվությամբ՝ այդ բառի լավ իմաստով, և Հայաստանի շահի տեսանկյունից կոնկրետությամբ:
Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը բարձրացրել է Չինաստանի և Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրերի հարցը, նաև խոսել է ԵՏՄ-ն չինական «Մեծ Մետաքսի ճանապարհ» նախագծին ինտեգրելու մասին՝ ասելով, որ այն պետք է ներառի կազմակերպության անդամ բոլոր երկրներին: Հարցն այն է, որ Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը, ըստ էության, գտնվում են այլ գծի վրա և ամենևին շահագրգռված չեն այն հարցով, թե ինչպիսին է Հայաստանի հեռանկարը չինական այդ խոշոր նախագծում: Ավելին՝ Հայաստանն այստեղ դառնում է, փաստորեն, այսպես ասած մրցակից նրանց համար՝ մրցակից փոքրամասնություն:
Սերժ Սարգսյանը խոսելով այն մասին, որ չինական այդ կարևոր նախագծին ԵՏՄ-ն պետք է ինտեգրվի բոլոր երկրներով՝ թերևս ակնարկում է ԵՏՄ նախագահներին, որ եթե Հայաստանը դուրս մնա նախագծից, եթե փորձեն Հայաստանին անկյունում թողնել, ապա Երևանը կարող է և խնդիր լինել ԵՏՄ մյուս անդամների համար այդ ծրագրին միանալու հարցում: Սարգսյանն ակնարկել է նաև Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասելով, որ ԵՏՄ անդամների ինտեգրացիոն այլ ուղղություններով խորացումը, ընդհանուր առմամբ, նպաստավոր է ԵՏՄ համար: Սերժ Սարգսյանը բարձրացրել է նաև ԵՏՄ-ում, այսպես ասած, կառավարման թվային տեխնոլոգիաների առաջմղման հարցը: Իսկ այստեղ ակնհայտ է, որ Հայաստանն այդ ուղղությամբ առաջատար է, և Սարգսյանը նաև ակնարկել է, որ անդամ երկրների հաջողված փորձը պետք է լինի կիրառելի:
Այդպիսով, հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում Սերժ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի համար մի շարք կարևոր և կոնկրետ հարցեր: Հետաքրքիր է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանում քննարկման առարկա էր դարձել ԵՏՄ անդամակցությունից Հայաստանի օգուտների և կորուստների հարցը՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ: Օգնե՞լ է դա Սերժ Սարգսյանին կոնկրետանալ և որոշակիորեն ագրեսիվանալ ԵՏՄ մյուս անդամների առաջ, թե՞ Սերժ Սարգսյանի այդ շեշտադրումները պայմանավորված են բոլորովին հակառակով՝ նա «Ելք»-ի նախաձեռնության առիթով հերթական անգամ ցույց տվեց, որ լիովին տնօրինում է ներքին իրավիճակն ու ի վիճակի է կառավարել զարգացումները, ինչն էլ նրան հիմք տվեց ավելի վստահ լինել ԵՏՄ-ում:
Բացառված չէ, որ Սարգսյանի վստահությունը բխում է նաև արտաքին քաղաքական այլ իրողություններից, որոնք գալիս են թե՛ Արևմուտքից, թե՛ Չինաստանից ու Իրանից: Ներկայումս, ընդհանուր առմամբ, իրավիճակ է, որը Հայաստանին տվել է բավականին բազմավեկտոր մոտեցումների հնարավորություն, միաժամանակ Ռուսաստանին էլ զրկելով, այսպես ասած, առարկության փաստարկներից՝ մի շարք հանգամանքների բերումով: Ի վերջո, այդ ամենին զուգահեռ, Հայաստանի նախաձեռնողականությունը ԵՏՄ-ում, ըստ էության, նաև բխում է Ռուսաստանի խնդիրներից՝ հաշվի առնելով այն, որ Երևանի պահանջները, խոշոր հաշվով, ուղղված են ավելի շուտ ԵՏՄ մյուս անդամներին՝ Բելառուսին և Ղազախստանին մասնավորապես, քան Ռուսաստանին:
Իսկ այն, որ Հայաստանը ԵՏՄ-ում Ռուսաստանին անհրաժեշտ էր ոչ միայն որպես ազդեցության տարածք և միակ սուբյեկտ Կովկասում, այլապես Կովկասը կմնար ԵՏՄ-ից դուրս, այլ նաև ձայն ԵՏՄ-ում՝ առիթ ունեցել ենք ասել և դիտարկել դեռևս չորս տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը կայացնում էր ԵՏՄ մտնելու որոշումը: Այստեղ էական հարց է այն, թե Հայաստանն ինքը որքանով կարող է օգտագործել այդ հանգամանքը նաև իր շահը առաջ տանելու և սպասարկելու համար՝ չլինելով ընդամենը Ռուսաստանի ձայն, որը կկտրվի, երբ Մոսկվան լուծի իր հարցերը Մինսկի ու Աստանայի հետ»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Ինչպես եւ խոստացել էր Զարուհի Փոստանջյանը, Տարոն Մարգարյանի կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ Երեւանի ավագանու նիստերում նրա կյանքը վերածվել է դժոխքի: «Երկիր Ծիրանի» խմբակցության ներկայացուցիչները նիստերի ժամանակ իրենց մաքսիմալ անբռնազբոս են պահում, չեն ենթարկվում էթիկայի որեւէ ներքին կամ արտաքին նորմերի, նիստերի ժամանակ ելույթ ունենալով՝ Տարոն Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին խոսում են ամենավերջին ձեւակերպումներով, նրանց անվանելով հանցագործ, արյունոտ ձեռքեր ունեցող, մայրաքաղաքը քանդող եւ այլն:
Բնականաբար, ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներն իրենց պարտավորված են զգում հակահարված տալ այս հայտարարություններին, եւ նրանցից յուրաքանչյուրը դա անում է իր ինտելեկտի, դաստիարակության եւ բարոյականության շրջանակներում:
Ավագանու այսօրվա նիստի մասին մամուլի հրապարակումների վերնագրերը ամփոփ պատկերացում կտան ՀՀԿ-ականների նշված որակների մասին: «Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ. փոխքաղաքապետը ավագանու անդամին», «Կերա՞ր աղջի, ՀՀԿ ավագանին դատի կտա Տարոն Մարգարյանին վիրավորողին», «Իսկական թուրքերի հավաքածու ա. ՀԷԿ-երի Նաիրան՝ ավագանու կին անդամին», «Դե վեր ընգի տեղդ, տո՛… փոխքաղաքապետը՝ ավագանու անդամին», «Ի՞նչ կին, ա՛յ բոզ. Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին»:
Ահա այսպես են ՀՀԿ-ականները ավագանու նիստերի ժամանակ Զարուհի Փոստանջյանից եւ նրա ընկերուհիներից պաշտպանում Սերժ Սարգսյանի եւ Տարոն Մարգարյանի պատիվը: Իսկ դժոխքն էլ ինչպե՞ս է լինում:
Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը NEWS.am-ի զրույցում մեկնաբանելով Երեւանի ավագանու նիստում ստեղծված այս իրավիճակը, մասնավորապես Լեւոն Իգիթյանի անպարկեշտ հայտարարությանը («Ի՞նչ կին, ա՛յ բոզ» բարձրահունչ ռեպլիկի հեղինակը հենց Իգիթյանն է եղել), ասել է. «Ինձ համար անթույլատրելի է վիրավորական արտահայտությունը բանավեճի ժամանակ: Մարդու ինտելեկտը նրա համար է, որ կարողանա քաղաքական բանավեճերը քաղաքակիրթ մակարդակով տանել եւ որ հարիր լինի քաղաքական մշակույթին»:
Վահրամ Բաղդասարյանն ինչ-որ մասով ճիշտ է. մամուլն ավելի օպերատիվ արձանագրում է ՀՀԿ-ականների «համարժեք» պատասխանները, քան դրանց նախորդած հայտարարությունները: Լրացնելու համար այդ բացը, մեջբերենք այսօր ԵԾ ներկայացուցչի ասածները. «Շուրջ մեկ ամիս առաջ Սեւակ Ավետիսյանը ստացել է վաստակավոր արտիստի կոչում՝ արյունոտ եւ պատերազմը պարտված ձեռքերից եւ հիմա էլ ուզում է ստանալ բնակարան Երեւանը քանդող աղտոտող ձեռքերից: Այսպիսի շռայլ պարգեւներ հենց այնպես չեն տրվում, դրանք տրվում են համախոհության, անարդարությունների դեմ պայքար չտանելու եւ լռելու համար»: Այսքանը:
Այստեղ չենք գտնի բոզ, ռեխ, կերա՞ր աղջի, ով էս արա, վեր ընգի տեղդ, թուրքի հավաքածու եւ նման որեւէ արտահայտություն: Գրական հայերենով կազմված տեքստ, որ պարունակում է քաղաքական գնահատական:
Նման իրավիճակներում, կարծում ենք, ընտրության մեծ հնարավորություն կա, մինչեւ հայհոյանքներին հասնելը: Սակայն Վահրամ Բաղդասարյանը ճիշտ է. նշված իրավիճակում նորմալ արձագանքելու համար ինտելեկտ է պետք, մի բան, որով շատ ՀՀԿ-ականներ չեն կարող հպարտանալ:
Ու քանի դեռ իշխող մեծամասնության ներկայացուցիչները ինտելեկտի խնդիր ունեն, Հայաստանում նոր քաղաքական մշակույթ, հանդուրժողականության մթնոլորտ, քաղաքական բանավեճի ինստիտուտ չի կարող առաջանալ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Իշխանության վերնախավում քննարկվում են սպասվող կառուցվածքային փոփոխությունները։ Տարածքային կառավարման նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ մարզերի հարցում երկու մոտեցում կա։
Կա՛մ համայնքների խոշորացումից հետո առհասարակ մարզպետների ինստիտուտը կվերացնեն, ստեղծելով խոշորացված շրջաններ՝ ընտրովի ղեկավարով, կա՛մ էլ փոփոխությունների արդյունքում իրար մոտ գտնվող մարզերը կմիավորեն, եւ արդյունքում 10-ի փոխարեն կլինի 4-5 մարզ։ Այս օպտիմալացմամբ մտադիր են կրճատել ծախսերը։ Թե որ տարբերակը կընտրվի, դեռ հայտնի չէ»։
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը: Սերժ Սարգսյանն արձագանքել է իհարկե իր խոսնակի միջոցով, բայց դրանից, իհարկե, արձագանքի անմիջական կոշտությունը չի նվազում, և գուցե հակառակը: Իսկ Ալիևը ինչպես հայտնի է՝ ասել էր, որ Հայաստանի նախապայմանները մերժվել են, և բանակցությունները վերսկսվում են առանց դրա: Այլ կերպ ասած, Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը գալիս է բանակցելու Ադրբեջանի թելադրանքով: Եվ ահա Սերժ Սարգսյանը ոչ միայն հայտարարում է, որ Երևանը հետքայլ չի կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգից, այլ Ալիևին ուղղում է խայտառակությամբ բնորոշվող մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ էության, հարց են առաջացնում, թե այդքանից հետո ինչպե՞ս և ի՞նչ մթնոլորտում է տեղի ունենալու Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, որի նախաձեռնությանը հավանություն տալու մասին հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները:
Սերժ Սարգսյանի արձագանքը ոչ միայն Սոչիում, այլ երևի թե ընդհանրապես կասկածի տակ է դնում Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը: Ըստ այդմ էլ հարց է առաջանում, թե արդյոք դա կարող է բերել որոշակի նոր սրացումների և սադրանքների՝ սահմանին:
Ըստ այդմ, եթե հանդիպումը կասկածի տակ է հայտնվում, կամ կասկածի տակ է հայտնվում փոխըմբռնման որոշակի մթնոլորտը, առաջանում է հարց, թե դա ինչպես կանդրադառնա սահմանին: Սակայն մյուս կողմից կա մեկ այլ հանգամանք՝ որքանո՞վ է սահմանին լարվածության նվազումը պայմանավորված Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման գործընթացով և համաձայնեցմամբ, և որքանով է լարվածությունը պայմանավորված պարզապես հայկական զինված ուժերի պատրաստվածության և ռազմատեխնիկական համալրման, դիրքային ապահովվածության, սարքավորումների շնորհիվ, որոնք էապես նվազեցրել են Ադրբեջանի սադրանքների հնարավորությունը:
Բանն այն է, որ գուցե այդ հանգամանքը կարող է Սերժ Սարգսյանին հնարավորություն ընձեռել առավել համարձակ լինել այսպես ասած քաղաքական ասպարեզում և Ալիևի հայտարարություններին հակադարձել կոշտ պատասխանով, թույլ չտալով դիրքային առավելության հասնել նաև քարոզչական ասպարեզում:
Համենայնդեպս, կարծես թե առաջին անգամ է, որ Սարգսյանն այդ առումով կոշտ է արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը և արձագանքում է այսպես ասած նախագահականի մակարդակում, ոչ թե արտաքին գործերի նախարարության և այն էլ փոխարտգործնախարարի, ինչպես լինում է սովորաբար:
Դա իհարկե մի կողմից կարող է նշանակել, որ Ալիևն իր հայտարարությամբ բավական անհանգստացրել է հայկական կողմին, մյուս կողմից, իհարկե կարող է վկայել հայկական կողմի ինքնավստահության մասին: Այստեղ իհարկե հարցն այն է, ինչպես նկատել են արդեն որոշ փորձագետներ, թե արդյոք Սարգսյանի նման կոշտ, արագ արձագանքը պայմանավորված էր նրանով, որ Ալիևի հայտարարության մեջ արձանագրվել է Սոչիում որևէ քայլի մտադրություն, և ըստ այդմ՝ Սարգսյանը փորձել է ձեռնարկել այսպես ասած համարժեք կանխարգելիչ քայլեր, անելով այդպիսի հայտարարություն և տալով կոշտ պատասխան: Թե՞ Սոչին չունի նշանակություն, և Սարգսյանը պարզապես օպերատիվ կերպով արձագանքել է Ալիևին:
Մյուս կողմից բացառված չէ և այն, որ Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր նոր հանդիպումից առաջ՝ Սոչիում, թե այլ տեղ, ռուսական մամուլում ու ադրբեջանական պաշտոնական որոշ շրջանակներում հրապարակումներ և հայտարարություններ եղան այն մասին, որ հանդիպմանը քննարկվելու է այսպես ասած «Լավրովյան պլանը»: Թե ինչ է ենթադրում այդ պլանը, հայտնի է վաղուց»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Գորիսի համայնքապետի արտահերթ ընտրությունների համար թեկնածուների առաջադրումները սկսվում են հոկտեմբերի 10-ից: Գորիսում սպասվում են հետաքրքիր զարգացումներ:
Օրերս երկար լռությունից հետո իր մասին հիշեցրեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա 1in.am-ի հետ խոսել էր տարբեր հարցերից, քաղաքական գործընթացներից եւ անդրադարձել էր նաեւ Գորիսում նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքապետի արտահերթ ընտրությունների թեմային:
Մասնավորապես՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանի տարիքի վերաբերյալ հարցին, Սուրիկ Խաչատրյանը նշել էր.
«Գորիսը թեկնածուների առումով նման տառապյալ փորձ ունեցել է նաև սովետի տարիներին, երբ որ «Միկրոշարժիչ» գործարանի բանվորին 86 թվականին բերեցին նշանակեցին քաղխորհրդի նախագահ: Դրանից ժողովուրդը շատ չտուժեց, կարծում եմ, որ հիմա էլ շատ չի տուժի»: Իսկ պատասխանելով հարցին՝ Սուրիկ Խաչատրյանը դե՞մ է երիտասարդ թեկնածուին, վերջինս նշեց. «Նենց չի, որ դեմ եմ-կողմ եմ՝ դա թող ես իմանամ, բայց համենայնդեպս տառապյալ փորձը կա»: Եվ վերջում էլ՝ լրագրողի ճշտող հարցին՝ չի՞ աջակցի Առուշ Առուշանյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է կարճ ու միանշանակ. «Իհարկե՝ ոչ»:
Այս մի քանի արտահայտություններն ավելին էին, քան կարող էր ասել Սյունիքի նախկին մարզպետը:
Որ Սուրիկ Խաչատրյանը չէր պաշտպանելու Առուշ Առուշանյանի թեկնածությունը՝ հասկանալի էր ի սկզբանե՝ Խաչատրյանների ու Առուշանյանների հարաբերությունները վաղուց են լարված. Խաչատրյանը չի աջակցի Առուշանյանին. թեեւ Առուշանյանը ՀՀԿ-ի թեկնածուն է:
Գորիսից մեզ հասած տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը, ինչպես հայտարարում էր Էջմիածնում, իսկապես աշխատում է քաղաքական պրոցեսներում ու հրապարակում շատ չերեւալ, իր խոսքերով՝ «հանգստանալ, արարել, ստեղծել»:
Բայց Գորիսից մեզ հայտնում են, որ նախկին մարզպետը, որքան էլ աշխատում է շատ չերեւալ ու փորձում է ցույց տալ, թե ընտրություններն իրեն չեն հետաքրքրում, ավելի շատ «տակից է գործում», ընդ որում՝ երկու ճակատով:
Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ վերջերս Սուրիկ Խաչատրյանն այլընտրանքային թեկնածուի ակտիվ որոնումների մեջ էր: Ըստ Գորիսում շրջանառվող խոսակցությունների՝ նա փորձում է Գորիսում քաղաքապետի թեկնածու առաջադրել իր ազգականներից մեկին՝ Արամ անունով, որին էլ հիմնականում կաջակցի՝ իր բոլոր ռեսուրսներով հանդերձ: Մյուս կողմից՝ այս քաղաքական ներկայացման տեսարժանությունն ապահովելու համար միգուցե Սուրիկ Խաչատրյանը փորձի աննկատ աջակցել իր երբեմնի «ամենաթեժ» ընդդիմախոսներից ու ընդդիմադիրներից մեկին: Այս տեղեկություններն անձամբ Սուրիկ Խաչատրյանից ճշտել մեզ չհաջողվեց՝ մեր հեռախոսազանգերին նա չէր պատասխանում:
Իսկ Առուշ Առուշանյանի կողմնակիցներն այս ամենին հանգիստ են վերաբերվում ու վստահ են, որ իրենց թեկնածուն ուժեղ դիրքերում է: Գորիսից մեր աղբյուրները փոխանցեցին, որ քաղաքում բավականին ազդեցություն ունեցող Բուդաղյանները, նախկինում Ադունց-Խաչատրյան ճակատի դեմ դուրս եկած քաղաքապետի թեկնածուներից ոմանք, եւ էլի կարող շատ ուժեր լիակատար աջակցություն են հայտնել Առուշ Առուշանյանին ու ամբողջությամբ սատարելու են նրան՝ թե՛ հիմա, որպես քաղաքապետի պաշտոնակատար, թե՛ հետո, երբ Առուշ Առուշանյանը առաջադրվի»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվ ահամարում:
«Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ձեռնարկություն, որտեղ հետևել է, այսպես ասած, բիզնեսի ընթացքին: Նա հետևել է դրան հենց Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ:
Առաջին հայացքից այստեղ որևէ արտառոց բան չկա, մասնավորապես հայաստանյան համակարգին Սերժ Սարգսյանի վաղուց տված հայտնի «ալիբիի» ֆոնին՝ փաստաթղթով ամեն ինչ կարգին է, ինչպես ասել էր Սարգսյանը մի քանի տարի առաջ՝ խոսելով գործարար պատգամավոր երևւյթի մասին: Դե, ըստ փաստաթղթի, Սամվել Ալեքսանյանը բիզնես չի կառավարում, իսկ Սերժ Սարգսյանին ուղեկցում է, որովհետև Սարգսյանն, այսպես ասած, իր ընտանիքի հյուրն է կամ, այլ կերպ ասած, ուղեկցում է «ընտանիքի հոր» կարգավիճակով:
Սակայն այդ իրավիճակը ուշագրավ է դառնում, եթե դարձյալ հետ գնանք ժամանակի մեջ, որտեղ վարչապետ Կարեն Կարապետյանի այցն էր նույն տեքստիլ ձեռնարկություն ևդարձյալ՝ նույն Սամվել Ալեքսանյանի «ընտանիքի հոր» կարգավիճակով ուղեկցությամբ:
Բանն այն է, որ այդ այցը վերածվեց սկանդալային պատմության՝ այն բանից հետ, երբ կառավարության պաշտոնական կայքում նախ տեղադրվեցին, իսկ հետո հեռացվեցին այն լուսանկարները, որտեղ կար վարչապետին ուղեկցող Սամվել Ալեքսանյանը: Թե ինչո՞ւ դրանք հեռացվեցին՝ այդպես էլ հստակ չպարզաբանվեց հանրությանը: Հեռացվեցին, որովհետև «նոր ոգու» խորհրդանիշ վարչապետը չցանկացա՞վ պատմության մեջ մնալ «հին ոգու» մենատերերից մեկի հետ լուսանկարով, թե՞ որովհետև Կարեն Կարապետյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, համարում էր, որ «թղթով ոչինչ էլ կարգին» չէ:
Բոլոր դեպքերում, Կարեն Կարապետյանի այդ աղմկոտ այցից հետո Սերժ Սարգսյանի այցի պարագայում ուշագրավ է, որ նախագահական պաշտոնական կայքում Սամվել Ալեքսանյանի ուղեկցությամբ Սերժ Սարգսյանի լուսանկարները տեղադրված են և ամենևին էլ հեռացված չեն:
Հեռացնելով Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնից՝ Սերժ Սարգսյանը գործնականում «հեռացրեց» հենց Սամվել Ալեքսանյանի և ընդհանրապես հայաստանյան օլիգարխիայի «լուսանկարը», քանի որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնում էր հայտնվել հենց այդ օլիգարխիայի երաշխավորի դերում, որին ոչ իշխանական բևեռը համոզել էր կամ համոզում էր, որ Սերժ Սարգսյանը «հանձնելու» է այդ օլիգարխիան իր իշխանության դիմաց:
Դրան զուգահեռ՝ Սարգսյանը նաև Կարեն Կարապետյանի նշանակումով նրան անմիջականորեն հակադրեց օլիգարխիկ համակարգին՝ հայտարարելով «նոր ոգու» խորհրդանիշ: Դա ոչ միայն մարտահրավեր էր «հին ոգուն», այլև գործնականում նաև բավական կանխարգելիչ արգելակ Կարեն Կարապետյանի՝ նրան դնելով հրապարակավ «հին ոգուց» տարանջատվելու անհրաժեշտության առաջ և այդպիսով ստեղծելով նրա և օլիգարխիայի միջև որոշակի բարոյահոգեբանական անջրպետ: Հենց դրա հետևանքն էր նաև Սամվել Ալեքսանյանի լուսանկարի հեռացումը կառավարության կայքից:
Մյուս կողմից, սակայն, զուտ բիզնես տեսանկյունից Կարեն Կարապետյանն իհարկե առավել «հոգեհարազատ» է օլիգարխիկ համակարգին, և այդ կապը վաղ թե ուշ զգացնել պետք է տար իրեն, ինչը սկսեց շոշափվել ժամանակի ընթացքում: Բայց Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել նվազագույնը՝ ստիպելով, որ Կարեն Կարապետյանն ու օլիգարխիան «գաղտնի», այսպես ասած՝ փակ ռեժիմով սիրահետեն միմյանց՝ այդպիսով նաև կանգնած լինելով անընդհատ արդարանալու անհրաժեշտության առաջ:
Դա անկասկած հոգեբանական առանձնահատկությունների վրա կառուցված բարդ խաղ էր, որ հաջողեց Սերժ Սարգսյանը, նաև կարողանալով ցույց տալ Կարեն Կարապետյանի քաղաքական անկարողությունը: Այդ հաջողությունից հետո նա այլևս իրեն թույլ է տալիս ներկայանալ որպես Սամվել Ալեքսանյանի բիզնեսի երաշխավոր, հատկապես այն ֆոնին, երբ Կարեն Կարապետյանի կայքից հեռացվում է Ալեքսանյանի լուսանկարը:
Իսկ Ալեքսանյանը հայկական օլիգարխիայի առանձնահատուկ խորհրդանիշներից է, հետևաբար ազդակ ամբողջ համակարգի համար առ այն, որ Կարեն Կարապետյանի հետ բիզնես պայմանավորվածությունը կարող է պահպանվել միայն Սերժ Սարգսյանի քաղաքական երաշխավորությամբ»:
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերադարձի հարցը:
«Նախագահների հանդիպումս այսօր շատ կարեւոր է, որովհետեւ վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում հասնում է մի այնպիսի կետի, երբ արդեն ահնհար կլինի լուծել խնդիրը: Պետք է հասնել այս ճգնաժամի հանգուցալուծման: Ենթադրում եմ, որ նախագահների այդ հանդիպման ժամանակ կդրվի Ղարաբադի հինգ շրջանների ապաշրջափակման հարցը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններն ադրբեջանական կողմին վերադարձնելու թեման շատ սխայլ է լուսաբանվում թե հայկական, թե ադրբեջանական եւ թե ռուսական մամուլում:
Ես ապշած էի այն փաստից, որ երբ խոսքը գնում է հինգ շրջանների վերադարձի մասին, որպես կանոն այդ հարցին սխալ գնահատական է տրվում, ուստի դրա մասին շատ դժվար է խոսել եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Ռուսաստանում, քանի որ ձեւավոր վել են անզիջում, սխալ տեսակետներ»,- նշեց Ալ Դուգինը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Վերջին մեկ ամսում տեղի ունեցած թանկացումներն իրենց հետքն են թողել հատկապես աղքատության բարձր ցուցանիշ ունեցող գյուղերի ու քաղաքների բնակչության վրա, որտեղ գործազրկության մակարդակն է, թերևս, միակ բարձր ցուցանիշը, որով աչքի է ընկնում այդ համայնքը:
Armtimes.com-ին Վանաձորի խանութներում կատարած հարցումներից պարզ դարձավ, որ վերջին օրերին թանկացել են գրեթե բոլոր ծխախոտները, իսկ նրանց դեպքում, որոնց սպառումը քիչ է, գները մնացել են նույնը: Բոլոր ծխախոտները միջին հաշվով թանկացել են 20 դրամով, իսկ ահա «Չիբուխ» տեսակի ծխախոտը, որը ծխում են առավել աղքատներն ու սոցիալական ծանր պայմաններ ունեցողները, չգիտես ինչու, թանկացել է ոչ թե 20, այլ 80 դրամով, 160 դրամից դառնալով 240:
«Այ, որդի ջան, թոշակս 20 հազար ա, դեմը ձմեռ ա, օգնող չունեմ, պահող չունեմ, էդ 20 հազարով ապրում եմ, ամեն օր 160 դրամ մի կերպ տալիս պապիրոզ էի առնում, էսօր դրել 240 են սարքել, բա ամոթ չեն անո՞ւմ: Լրիվ են ուզում մեզ խեղճացնել, թող իրենք էդ օրն ընկնեն, որ անգամ չիբուխին կարոտ մնան»,- մեզ հետ զրույցում հայտնեց մի թոշակառու, որը հերթական անգամ խանութ էր եկել «Չիբուխ» գնելու:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.