29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում, թե ում արձանը դնի, իսկ ում արձանը՝ ոչ: Շարմազանովի հայտարարությունը վերաբերում է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակված եւ աղմուկ հանած հայտնի հաղորդմանը, որում հաղորդավարուհին ֆաշիզմին աջակցող է որակել Նժդեհին, նրա արձանի տեղադրումը, փաստորեն, համարելով ֆաշիզմի դրսեւորում: Հաղորդմանը նաեւ ակնարկ է եղել ՀՀԿ տարբերանշանի, այսպես ասած, ֆաշիստականության մասին, եւ իհարկե՝ ագրեսիվ բնորոշումը Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որ պատրաստվում է ստորագրման նոյեմբերի 24-ին Բրյուսելում:
Ինչպես հայտնի է, հաղորդումը հեռուստաալիքը հեռացրել է համացանցից, իսկ հեռուստաընկերության ղեկավարն էլ ներողություն է հայցել ՌԴ-ում Հայաստանի դեսպանից: Սակայն ընդամենն այդքանը, եւ ռուսական կողմից չի եղել որեւէ պարզաբանում եւ բացատրություն, թե ինչպես է այդպիսի բանը հնարավոր եղել: Եվ ամենակարեւորը՝ Հայաստանի պետականությանը վիրավորանքը հասցվել է հրապարակավ, եթերում, իսկ ներողությունը դրա համար՝ ընդամենը նամակով, որն էլ միայն հայկական կողմն է հնչեցնում: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ խոսքը ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող հեռուստաալիքի մասին է:
ՀՀԿ խոսնակը միանգամայն համարժեք է աձագանքում կատարվածին՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Սակայն համարժեք միայն, այսպես ասած, բարոյական հարթության վրա, որովհետեւ քաղաքական տեսանկյունից հարցը, մեղմ ասած, մնում է բաց: Ընդ որում՝ այդ բացն ամենեւին նոր չէ:
Բանն այն է, որ երբ Հայաստանում տեղադրվում էր Նժդեհի արձանը, այն բնորոշումը, որ տվել է դրան «Զվեզդա» հեռուստաալիքի աղմկոտ հաղորդումը օրերս, հնչել էր այն ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի շուրթերից: Ի պատասխան, ՀՀԿ-ն արձագանքեց չափազանց զգուշավոր, իսկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք, այսպես ասած, պատմական տեղեկանք են պատրաստել եւ ուղարկել Զախարովային, որ նա տեղեկանա, թե իրականում ով է Նժդեհը: Այսինքն՝ ՀՀԿ-ն այն ժամանակ գտավ, այսպես ասած, հնարքը եւ ամեն ինչ վերագրեց Զախարովայի պատմության չիմացությանը: Այն ժամանակ չհնչեց հստակ եւ միարժեք քաղաքական արձագանք, չցուցաբերվեց համարժեք վերաբերմունք:
Եվ ահա արդյունքը՝ իհարկե այլեւս չի խոսում ԱԳՆ խոսնակը, բայց Նժդեհին տրված բնորոշումը կրկնվում է ոչ պակաս հնչեղ հարթակում՝ ՊՆ սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքում:
Պետք չէ կասկածել, որ եթե Հայաստանը չտա համարժեք քաղաքական արձագանք՝ մնալով լոկ բարոյական տիրույթում, ապա պատմությունը կրկնվելու է երրորդ անգամ, այլ առիթով: Ընդ որում՝ բանն այստեղ այն չէ լոկ, որ Ռուսաստանի իշխանությունն այդպես ինչ-որ բան է հասկացնում Հայաստանին: Եվ ոչ էլ գուցե Զախարովայի հայտարարության ժամանակ էին հասկացնում ինչ-որ բան, անում ինչ-որ ակնարկ: Ավելին, եթե բանը լիներ հենց դա, ապա իրավիճակը գուցե այդքան էլ վատ չլիներ կամ չթվար, քանի որ դա կնշանակեր, որ Ռուսաստանը չի կարողանում պարզապես վարչահրամայական, այսպես ասած, կուլիսային մեթոդով սաստել Հայաստանին եւ դիմում է նմանօրինակ մեսիջների: Խնդիրն այն է, որ թե՛ Զախարովայի, թե՛ «Զվեզդայի» դեպքում գործ ունենք պարզապես Հայաստանի հանդեպ վերաբերմունքի, ռուսական իշխանական միջանցքներում Հայաստանի, այսպես ասած, ոչ պատշաճ լրջությամբ ընկալման հետ, երբ ըստ էության՝ միջին մակարդակի չինովնիկը կամ գերատեսչական հեռուստաալիքը կարող է նմանօրինակ, այսպես ասած, անփութություն կամ անբռնազբոսություն թույլ տալ մի պետության նկատմամբ, որը ունի նաեւ ՌԴ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ:
Ահա այստեղ է խնդիրը եւ այդ հարթության վրա է, որ լուծում է պահանջում: Ըստ այդմ՝ լուծումը անկասկած այն չէ, թե ինչ կասի Հայաստանը տաք կամ թարմ հետքով, ինչպես կշշպռի անցանկալի եւ անհարգալից դրսեւորման հեղինակին կամ պատասխանատուին: Ակնհայտ է նաեւ, որ այդ խնդիրը զգալիորեն կախված է նաեւ այն հանգամանքից, թե ինչպես է Հայաստանին վերաբերվում հենց Հայաստանի իշխանությունը, ինչպես է՝ Հայաստանի կառավարող էլիտան իր գործունեությամբ եւ մոտեցումներով վերաբերվում պետությանն ու պետականությանը, հարգում սեփական քաղաքացիներին եւ շահերը:
Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Ռուսաստանում Հայաստանի վարկի, ռուսական թե՛ քաղաքական իսթեբլիշմենթում, թե՛ իշխանական միջանցքներում, թե՛ հասարակական-քաղաքական միջավայրի այլ հարթակներում Հայաստանը պատշաճ ընկալման խնդրի լուծումը, դրա ապահովումը ոչ միայն Հայաստանի իշխանության, այլ նաեւ Ռուսաստանի հայ համայնքի, այսպես ասած՝ էլիտայի, ռուսաստանահայ մտավորականների եւ կապիտալիստների խնդիրն է: Եթե նրանք հարգեն հայկական պետականությունը, Հայաստան պետությունը, ապա գործնականում բացառվում է անհարգալից վերաբերմունք ՌԴ իշխանության որեւէ շերտում, առավել եւս գերատեսչական լրատվամիջոցներում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար գանձվող գումարի չափը և դրա հետևանքները սկսել են մտահոգել ԱԺ աշխատակազմին: Աշխատակազմում պարզել են, որ եթե մայիսին Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների գումարը 2 մլն է եղել, ապա մյուս ամիսների ծախսերը ևս պակաս չեն եղել: ԱԺ բյուջեն նման հեռախոսային ռեկետի են ենթարկել ԱԺ այլ պաշտոնյաներ ևս, որոնց անունները չեն հրապարակվում:
ԱԺ աշխատակազմում մտավախություն ունեն, որ դրա արդյունքում իրենք հերթական անգամ չեն ստանա ամանորյա տոների առթիվ տրվող պարգևավճարը, և մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պահանջելով, որ սահմանված չափից ավելի օգտագործված գումարները գանձվեն պատգամավորների աշխատավարձից, որպեսզի չստացվի այնպես, որ հերթական անգամ ազգի շարքային անդամները տուժեն ընտրյալների գործունեության արդյունքներից»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Թուրքիայի նախագահ Էրդողանն ուշագրավ հայտարարություն է արել Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը Արցախյան խնդրի քննարկման մասին: Նա հայտարարել է, որ Պուտինին հիշեցրել է ՄԱԿ հայտնի բանաձևերը՝ 7-ից 5 շրջանները հանձնելու մասին, Պուտինը դեմ չի եղել, սակայն հույս չի տվել, թե դա անելը հնարավոր է: Փաստորեն Էրդողանը հայտարարել է, որ Պուտինը չի համաձայնել ստատուս քվոն փոխելու տարբերակին:
Սակայն այստեղ, իհարկե, հարց է առաջ գալիս՝ Պուտինը հույս չի ունեցել, թե հնարավոր է շրջանների վերադարձ ընդհանրապե՞ս, թե՞ հույս չի ունեցել, թե հնարավոր է 5 շրջանի վերադարձ, և գուցե պետք է մտածել ավելի քիչ շրջանների մասին: Համենայնդեպս, այդ համատեքստում հետաքրքիր է այն, որ Սանկտ Պետերբուրգում 2016 թվականի հունիսին Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ ռուսական և ադրբեջանական մամուլում եղան հրապարակումներ, որ Պուտինն առաջարկելու է «վերադարձնել» 2 շրջան՝ գոնե սկզբի համար:
Իհարկե, բոլոր դեպքերում շատ դժվար է ասել, թե ընդհանրապես ինչքանով են իրականությանը համապատասխանում մամուլի այդօրինակ արտահոսքերը, առավել ևս, որ դրանք շատ հաճախ կարող են կազմակերպվել կողմերից որևէ մեկի քարոզչական նպատակների համար: Ի վերջո, արտահոսքն ավելի բարդացնում է որևէ գործընթաց, և ըստ այդմ՝ դրանք տեղի են ունենում կա՛մ հարցը օրակարգից հանելու համար, կա՛մ այն դեպքում, երբ օրակարգում այդպիսի հարց չկա էլ, և մնում է ընդամենը քարոզչական պատերազմում խաղարկել այդօրինակ «թեզեր»:
Խոշոր հաշվով, միանգամայն տրամաբանական է, որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո Պուտինը չունի որևէ հույս, թե հնարավոր է Հայաստանին համոզել, որ համաձայնի որևէ տարածք հանձնել, կամ անել դա, այսպես ասած, կառավարելի պատերազմի միջոցով: Որովհետև թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում իրավիճակը մի կողմից՝ հղի է կառավարելիությունից դուրս գալով, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի, այսպես ասած, ազդեցության գոտուց Հայաստանի դուրս գալով, ընդ որում՝ դա արդեն անկախ ռազմական գործողություններ լինել-չլինելուց:
Այդ տեսանկյունից Մոսկվան, իհարկե, մի կողմից՝ չի ցանկանում բաց թողնել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ աշխատանքի թելը, մյուս կողմից, սակայն, էապես նվազել է այդ աշխատանքը հայկական շահերի և անվտանգության հաշվին առաջ տանելու հնարավորությունը, գոնե առայժմ նվազել է: Իսկ այդ նվազման հարցում, իհարկե, դեր ունի նաև այն, որ Ռուսաստանը գործնականում որևէ հաջողության չի հասնում միջազգային մեկուսացման քաղաքականությունը հաղթահարելու հարցում, բոլոր փորձերը մատնվում են անհաջողության, և ի լրումն այդ ամենի՝ ըստ էության մեկուսացման քաղաքականությանը միանում է Չինաստանը, թեկուզ անուղղակի, բայց այսպես ասած՝ դատարկ չթողնելով երկրորդ բևեռի Ռուսաստանի «սուրբ» տեղը: Դրա մասին վկայեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան, նրան ցուցաբերված բարձր ընդունելությունն ու նաև փոխադարձաբար կնքված առևտրային պայմանագրերը, որոնք ներառում էին հարյուրավոր միլիարդ դոլարներ:
Մի բան, որն Արևմուտքի հետ դիմակայության հարցում ակնկալում էր Մոսկվան, բայց չստացավ, և անգամ դարի նախագիծ հռչակված Սիբիրի ուժ գազամուղը «Գազպրոմը» պետք է կառուցի ոչ թե չինական, այլ իր փողով:
Ամենևին պատահական չէ, որ Ռուսաստանը Թուրքիային և փաստացի նաև Ադրբեջանին մերժում է հենց ամերիկա-չինական այցից հետո, որը կտրուկ արժեզրկեց Էրդողանի՝ Սոչի պլանավորվող այցը:
Աներկբա է Հայաստանի համար իրադարձությունների զարգացման բարենպաստ տրամաբանությունը, որն իհարկե չի բացառում մարտահրավերների ահռելի քանակը, սակայն միևնույն ժամանակ անշուշտ տալիս է դրանց ոչ միայն դիմագրավելու իսկապես շոշափելի հնարավորություններ, այլ նաև սխալներն ուղղելու և բաց թողածը վերականգնելու տարբերակներ:
Ամբողջ հարցն այն է, թե ինչը կգերակայի Հայաստանի կառավարող «էլիտայում»՝ նպաստավոր իրավիճակը ներիշխանական խնդիրներն ու իշխանության հարցերը լուծելո՞ւ, թե՞ պետությունը գոյատևման ռեժիմից իսկապես համալիր, քաղաքակրթական զարգացման ռեժիմ դուրս բերելու ցանկությունն ու կամքը»:
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլի» եւ ՊեԿ-ի միջև ծագած հակամարտությունը շատ տարօրինակ ընթացք ստացավ: Ամեն ինչ սկսվեց առևտրականների անմեղ և անկեղծ բռնկումով, թե իրենց ուզում են ստիպել ավելորդ թղթաբանություն վարել, ավել հարկ վճարել: Առևտրականները սպառնացին տարբեր բողոքի ակցիաներով, կառավարության, Աժ-ի դիմաց միտինգներով: Այդ ընթացքում Գագիկ Ծառռւկյանը մեկ անգամ «Առինջ մոլի» տարածքում բարձրախոսով դիմեց դժգոհ աշխատողներին, ասաց, որ ամեն ինչ կկարգավորվի, իրենք պայմանավորվել են ՊԵԿ աշխատակիցների հետ համաձայնության գալ եւ այլն:
Ծառուկյանի խոսքի իմաստն այն էր, որ եթե իրականում հարկայինն իր մոլի առևտրականներին հանգիստ չթողնի, բողոքի լայնածավալ ակցիաներ են սպասվում: Սա, սակայն, չվախեցրեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին: Նրա աշխատողները նույն կերպ շարունակում էին անհանգստացնել «Առինջ մոլի» առևտրականներին: Անգամ խոստացված ցույցերը որևէ ազդեցությռն չթողեցին, «Աոռինջ մոլի» տարածքում վրաերթի դեպքը ռեզոնանս չստացավ, Աժ-ում «Ծաոուկյան» խմբակցության պատգամավորների վարչապետի դղյակի և գազի ոլորտի չարաշահումների միջև կապի մասին մերկացնող ելույթները նույնպես չստիպեցին ՊԵԿ-ին նահանջել: Ընդհակառակը, այդ ամենին ի պատասխան՝ կոմիտեն հրապարակեց «Առինջ մոլի» մուծած կասկածեւիորեն ցածր հարկերը, որոնք էլ ավելի կասկածելի էին համանման այլ առևտրի կենտրոնների վճարած խոշոր հարկերի համեմատության մեջ:
Ի՞նչ է կատարվում: Աոաջին հայացքից զուտ տնտեսական բնույթի այս գործընթացները աներկբայորեն լուրջ քաղաքական հենք ունեն: Հայաստանում Գագիկ Ծառուկյանի մակարդակի գործարարի օբյեկտների հարկերի հետևից կարող են ընկնել միայն մի դեպքում, եթե դրա համար կա քաղաքական անհրաժեշտություն: Ոչ վաղ անցյալի հայտնի իրադարձությունների ժամանակ էլ Սերժ Աարգսյանը հիշել էր օդում կախված լուրերը Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների չարաշահումների մասին: Այն ժամանակ բանը չհասավ ստուգումներին, իսկ այս անգամ ամեն ինչ սկսվեց ստուգումներով: Սա չի նշանակում, իհարկե, որ Սերժ Աարգսյանը կրկին հիշողության թարմացումներ է ունեցել: 2015-ի վւետրվարյան իրադարձություններն ու մեր օրերում կատարվողը անհամեմատեփ են:
Հիմա հասկանալի չէ, թե Գագիկ Ծառուկյանի դիրքերի թուլացումն ում է ձեռնտու Կարեն Կարապետյանի՞ն, թե՞ Սերժ Աարգսյանին, կամ առհասարակ կատարվողը ում դիրքերն ավելի թուլացնելու պոտենցիալ ունի, Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի: Դժվար է կռահել, թե ով է հրահրում այս հակամարտությունը եւ ինչ նպատակով: Սա լեգիտիմ առիթ է «Ծաոուկյան» խմբակցության պատգամավորների համար քննադատության սլաքներ ուղղել Կարեն Կարապետյանի կառավարության ուղղությամբ:
Բացի այդ, իշխանական քարոզչությունը պարբերաբար թափանցիկ ակնարկներ է անում, որ առեւտրականների այս աոանձին բողոքը կարող է վերածվել Կարեն Կարապետյանի դեմ սոցիալական ընդվզման, որին, բնականաբար, կմիանան կառավարության շենքի մոտ պարբերաբար հավաքվող տաքսիստները, այլ բողոքավոր խմբեր եւ վերջին գնաճից, Աժ-ում այս օրերին քննարկվող անմխիթարական բյուջեի նախագծից բորբոքված հոծ զանգվածներ: Երբ տեղի ունեցածի ֆոնին նման հեռանկար է հրամցվում, հարց է առաջանում, դրանով փորձ է արվում հասկացնել ՊԵԿ-ին, որ կանգ առնելու ժամանա՞կն է, թե՞ Գագիկ Ծաոուկյանին հուշել, որ կարելի է նաեւ այսքան հեռու հասնել: Ամեն դեպքում ակնհայտ է, ոչ «Առինջ մոլի» իրադարձությունները 2018-ին նոր կառավարության ձևավորման խմորումների առումով կարեւոր են: Այն պարզապես օջախ է, որ կարող է պահպանվել այնքան ժամանակ, մինչև բռնկման անհրաժեշտություն առաջանա: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ բռնկվելու պարագայում այն կարող է իր հետ սրբել- տանել, թե Կարեն Կարապետյանին, թե Գագիկ Ծաոուկյանին, նայած թե որ պահին ոնց պետք կլինի:
Ամենահետաքրքիրն այն է, որ այս նույն օրերին հանրապետությունում եւս մեկ օջախ էր ձեւավորվել, որը կրկին հզոր բռնկման մեծ պոտենցիալ ուներ և կարող փ միանգամից մի քանի կարևոր ֆիգուրների իր հետ սրբել, տանել: Խոսքը տարկետման իրավունքի սահմանափակումների դեմ պայքարող երիտասարդների մասին է: Հանրապետականները այս բողոքի ակցիաների առիթով բոլոր զրույցներում հիշեցնում էին, որ տարկետման իրավունքի վերացումը չի ստացվել Վազգեն Սարգսյանի մոտ, Սերժ Սարգսյանի մոտ: Ասել է թե, սա այն թեման է, որին մոտ եկող ցանկացած Պնախարար իրեն ուղղակի հարվածի տակ էր դնելու: Ինչպես տեսանք, օրենքն ընդունվեց, իսկ Վիգեն Աարգսյանին ոչինչ չպատահեց:Կարող էր և պատահել, սակայն չպատահեց: Վճռական օրն, իհարկե, անցյալ ուրբաթն էր, երբ Աժ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստը հետաձգվեց, ապա ժամեր առաջ արտահերթ նշանակվեց: Չենք կարող ասել ինչ տեղի ունեցավ այդ երկու ժամվա ընթացքում, բայց որ դրանից հետո ե՜ւ օրենքն ընդունվեց, եւ դասադուլ-հացադուլները դադարեցին, փաստ է:
Հայկական Ժամանակ
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի 16-ին հայտարարություն են տարածել այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի կեսին Վիեննայում տեղի ունենալիք ԵԱՀԿ նախարարական ժողովի շրջանակում: Արտգործնախարարների հանդիպման պլանավորման մասին հայտնի դարձավ դեռեւս Ժնեւի բանակցությունից հետո, եւ այդ առումով, իհարկե, Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն անսպասելի չէ:
Նորը Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն է արտգործնախարարների հանդիպելու համաձայնության մասին, որն այս դեպքում հետաքրքիր, ուշագրավ ու փոքր-ինչ տարօրինակ է իր բովանդակության մեջ կիրառվող մեկ-երկու բառակապակցության պատճառով:
Համենայնդեպս, Մինսկի խմբի համանախագահ եռյակի հայտարարություններում կարծես թե առաջին անգամ ենք տեսնում երկու ձեւակերպում՝ «սուբստանտիվ հարցեր» եւ «լարվածության թուլացմանն ուղղված հստակ միջոցներ»: Համանախագահները նշում են, որ պատրաստելու են արտգործնախարարների բանակցության օրակարգը, որն էլ կներառի քաղաքական կարգավորման սուբստանտիվ հարցեր եւ լարվածության թուլացման հստակ միջոցներ: Ինչ իմաստ է դրված «սուբստանտիվ հարց» բառակապակցության մեջ՝ միարժեք ասելը բավականին բարդ է, քանի որ այդ տերմինն ունի իմաստային տարբեր երանգներ, մի կողմից՝ կարող է նշանակել, այսպես ասած, որեւէ կախվածություն չունեցող հարցեր, մյուս կողմից՝ կարող է ենթադրել առարկայական, շոշափելի հարցեր: Բոլոր դեպքերում, բառի կարծես թե աննախադեպ կիրառումը գրավում է ուշադրություն եւ առաջացնում հարց, թե ինչ է նշանակելու այդ աննախադեպ կիրառումը գործնականում, ինչ է դա ենթադրելու, ինչով է այդ տեսանկյունից տարբերվելու արտգործնախարարների ներկայիս բանակցությունը, ասենք, նախորդ բանակցություններից:
Հարց է նաեւ, թե «սուբստանտիվ հարցերը» ո՞ր քաղաքական կարգավորման առումով պետք է իբրեւ օրակարգ պատրաստեն համանախագահները, ինչքանո՞վ են հանդիսանալու, այսպես ասած, մինչ այժմ սեղանին եղած հարցերի նոր մշակումներ կամ լրամշակումներ, թարմացում, եւ ինչքանո՞վ են լինելու բոլորովին նոր տարրեր պարունակող առաջարկներ կամ լիովին նոր դետալներ հին առաջարկներում: Թե՞ համանախագահներն անցնում են նոր տերմինաբանության կամ բառակապակցությունների զուտ, այսպես ասած, տեղեկատվա-քարոզչական նկատառումներից եւ իրական բանակցային գործընթացում կամ օրակարգում որեւէ նորության բացակայությունը, այսպես ասած, քողարկելու նկատառումից:
Համանախագահների հայտարարության մեջ մյուս աննախադեպ ձեւակերպումը առավել պարզ է եւ դրանով իսկ առավել ուշագրավ, թեեւ, իհարկե, դարձյալ մի շարք հարցեր առաջացնող: Նրանք խոսում են այն մասին, որ օրակարգը նախապատրաստելիս ներկայացնելու են շփման գծում լարվածության թուլացման հստակ միջոցներ: Դա նշանակում է, համենայնդեպս իմաստային առումով, հրադադարի պահպանման վերաբերյալ ընդհանուր հայտարարություններից կամ այսպես ասած՝ դիվանագիտա-հռչակագրային դիրեկտիվներից անցում արդեն շատ կոնկրետ առաջարկների եւ գործողությունների: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում՝ «հստակ միջոցները» ենթադրելու են, այսպես ասած, հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման «ճանապարհային քարտե՞զ», թե՞ փոքր քայլեր, ասենք՝ դիպուկահարների հետքաշում առաջնագծից՝ առայժմ բավարարվելով դրանով:
Մյուս հարցը, թերեւս, այն է, թե արդյոք կողմերին տրվելո՞ւ է ժամանակ՝ այդ հստակ միջոցների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար, թե՞ հենց Վիեննայում պետք է լինի կոնկրետ եւ հստակ համաձայնություն ու պայմանավորվածություն՝ կատարման ժամանակացույցով: Համանախագահների հայտարարությունը, այսպես ասած, հարցերի տեղիք տալու առումով, իհարկե, աննախադեպ է, եւ թերեւս կարեւոր է նաեւ հանրագումարային մի հարց՝ որքանո՞վ են քաղաքական կարգավորման «սուբստանտիվ հարցերը» փոխկապակցված լինելու լարվածության թուլացման «հստակ միջոցներին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանում պայքարի տրամաբանությունը հետեւյալն է. եթե որեւէ մեկը կամ մի քանի հոգի հացադուլ են հայտարարում, պնդելով, որ հացադուլը չեն դադարեցնի, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել, սովորաբար ոչ թե հայտնվում են համախոհներ, որոնք հայտարարում են, որ իրենք էլ են նույն պահանջներով միանում հացադուլին, այլ հայտնվում են համախոհներ եւ ոչ համախոհներ, որոնք հորդորում են անհապաղ դադարեցնել հացադուլը։
Պատճառաբանությունները սովորաբար լինում են հիմնավոր. ստամոքսի գաստրիտ կստանաս, լեղապարկի բորբոքում, ճնշումդ կբարձրանա, սոված կմնաս, փորդ կմաշի եւ այդպես շարունակ։ Նստացույցի դեպքում ամեն ինչ նույնն է, ախտորոշումներն են ուրիշ. գեմարոյ կստանաս, տուտուզի բորբոքում, պճեղախտ։
Թվում է, թե սա նորմալ, մարդասիրական մոտեցում է։ Բայց իրականում բացահայտում է հայկական իրականության անլրջությունը։ Եթե որեւէ մեկը մեզանում հացադուլ է հայտարարել, բոլորի կանխավարկածն այն է, որ պահի տակ, առանց հասկանալու, առանց հաշվարկելու, տաքգլուխ, այսինքն՝ հիմարաբար է նման քայլի գնացել, ու հիմա հայոց թասիբին համապատասխան, պետք է ամեն ինչ անել տվյալ մարդուն այդ վիճակից հանելու համար։
Մեծ հաշվով այս տրամաբանությունն ընդունում են նաեւ հացադուլավորները, որովհետեւ Հայաստանի պատմության մեջ դեռ ոչ ոք հացադուլից չի մեռել, չնայած տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ հայտարարել են, թե հացադուլից դուրս չեն գա, մինչեւ իրենց պահանջը չկատարվի։ Պահանջները սովորաբար չեն կատարվում, բայց հացադուլավորները չեն մեռնում, որովհետեւ դադարեցնում են հացադուլը։ Ու սա դարձել է քաղաքական կուլտուրա։
Այս է պատճառը, որ ով ասես, ինչ առիթով ասես՝ հացադուլ է հայտարարում, որովհետեւ գիտի, որ հաջորդ պահին հայտնվելու են հարյուրավոր «մարդասերներ», ովքեր հացադուլը դադարեցնելու հորդորներ են անելու։ Ու այդ հորդորողները ոչ թե ջանք են գործադրելու, որ թեկուզ արդարացի առաջադրված պահանջը կատարվի, այլ որ հացադուլավորը հանկարծ ստամոքսի գաստրիտ չստանա։ Կարծում ենք թերեւս ժամանակն է՝ բանադրանք, եթե կուզեք՝ քֆուր դնել հացադուլի վրա հետեւյալ պայմաններով. եթե որեւէ մեկը ինչ-որ բան անելու պահանջով հացադուլ հայտարարի ու առանց պահանջի կատարման դուրս գա հացադուլից, ուրեմն՝ խեղկատակ է։
Եթե որեւէ մեկը վստահ չէ, որ կարող է նման բեռի տակ մտնել, թող չանի նման բան, որովհետեւ դրանով վարկաբեկում է ինքն իրեն, պայքարի ինստիտուտն՝ ընդհանրապես։ Բայց ավելի լավ է թողնենք տխուր թեմաները եւ խոսենք լավ լուրերից։ Հայոց գիտության եւ պետականության ապագա հանդիսացող ուսանողները երեկ դադարեցրին ամեն ինչ. հացադուլ, դասադուլ, նստացույց։ Եվ դա տեղի ունեցավ Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո։
Իհարկե, դրանից առաջ մեր սիրելի ուսանողները գնացին ԱԺ-ի դիմաց եւ փակեցին Բաղրամյան պողոտան։ Հատուկ գնահատանքի է արժանի այն, որ ուսանողները սա արեցին ճիշտ ժամանակին, երբ «Զինվորական ծառայության մասին» օրենքը, որի դեմ նրանք բողոքում էին, արդեն իսկ ընդունվել էր ԱԺ-ում։ Վերջնականորեն։ Ոչ թե առաջին ընթերցմամբ, այլ վերջնականորեն։ Այսինքն՝ արդեն իսկ դարձել էր օրենք։
Ազնիվ լինելու համար պետք է խոստովանել, որ ուսանողները շատ չէին ուշացել, ընդամենը 45 րոպե։ Հետո եկավ Վալերի Օսիպյանը ու ոստիկանական ուժով բացեց Բաղրամյան պողոտան։ Ուսանողների համար սա անսպասելի էր, ու նրանք որոշեցին վճռական հակահարված տալ եւ գնալ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպելու։
Ուսանողների աշխատանքային այցը Ազգային ժողով չափազանց արդյունավետ ստացվեց։ Քանի որ իշխանություններն ընդունեցին նրանց ամենակոշտ պահանջը, այն է՝ կլոր սեղան անել եւ քննարկել, նրանք որոշեցին դադարեցնել դասադուլը եւ ամեն ինչ։
Մնացածը, կարծում ենք, խիստ կանխատեսելի է. դասադուլավոր ուսանողները շուտով կանդամագրվեն Հանրապետական կուսակցությանը։ Ի վերջո, նույն Էդուարդ Շարմազանովը եւ Արմեն Աշոտյանը այդ նույն ճանապարհով են դարձել ՀՀԿ անդամ եւ թերեւս դռնփակ հանդիպման ժամանակ Շարմազանովը իր ուսանողական տարիների փորձն է կիսել, թե ինչպես հացադուլը դադարեցնելուց հետո նա հայտնվեց Հանրապետական առատության մեջ։ Սկզբից կլոր սեղան կազմակերպեցին, հետո քառակուսի սեղան, հետո խաշի սեղան, հետո իշխանական կերակրատաշտ։ Այնպես որ, ուսանողական շարժումը իսկապես արդյունավետ ստացվեց Հայաստանի ապագայի կերտման առումով։ Շուտով մեր քաղաքական դաշտում կհայտնվեն նոր Շարմազանովներ, Աշոտյաններ, կարենավագյաններ։ Եվ կյանքը կդառնա իսկապես հիշարժան ու գեղեցիկ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նախօրեին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան հանդիպումը, համենայնդեպս տեղեկատվական մասով, անցել է չափազանց սովորական մթնոլորտում, խիստ ընդհանուր ողջույնի խոսքերի պայմաններում: Սովորաբար այդպիսի դեպքերում կա՛մ իսկապես ոչինչ չկա ընդգծելու, կա՛մ արտաքին շատ սովորականության ներքո քողարկվում է որեւէ առանցքային բովանդակություն:
Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցի առիթը Ռուսաստանում հայկական օրերի մեկնարկն է, եւ այդ իմաստով գուցե կողմերի միջեւ այս փուլում առանձնապես քննարկելիք քաղաքական կամ տնտեսական հարցեր չկան էլ, որոնք պահանջում են նախագահական մակարդակի անդրադարձ:
Այդ իմաստով նաեւ հատկանշական է, որ ողջույնի խոսքում Պուտինը հղում է արել ընթացիկ տարվա մարտին Սերժ Սարգսյանի Մոսկվա այցին՝ ասելով, որ թիմերը ինտենսիվ աշխատում են այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Իհարկե, այս տեսանկյունից հետաքրքիր է, որ մարտից հետո Սերժ Սարգսյանը մեկ անգամ էլ եղել է Ռուսաստանում՝ Սոչիում, օգոստոսի 23-ին, որտեղ հանդիպել է Պուտինի հետ: Եվ այդ հանդիպմանը Պուտինը մարտյան այցին եւ պայմանավորվածություններին հղում չի արել: Սա առավել ուշագրավ է դարձնում նախօրեին հանդիպմանն արված հղումը՝ մի կողմից որպես մեսիջ ազդարարելով, որ մարտին մշակված կամ քննարկված օրակարգը ընթանում է առանց շեղումների, եւ Սարգսյանն ու Պուտինն ընդամենը ճշտել են սլաքները, մյուս կողմից էլ՝ կամա թե ակամա պարունակելով բավականին ուշագրավ քաղաքական մի ենթատեքստ:
Բանն այն է, որ մարտին կատարած այցի ընթացքում Սերժ Սարգսյանին ողջույնի խոսքում Պուտինն անդրադարձել էր Հայաստանում սահմանադրական փոփոխություններին եւ կառավարման մոդելի փոփոխությանը ու հայտարարել, որ անցումը, իհարկե, դժվար է լինելու, սակայն հուսով են, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանը կհաղթահարի անցումային այդ փուլը սահուն եւ կայուն: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան դե ֆակտո նախընտրական այցի ընթացքում քաղաքական պլանների առնչությամբ Ռուսաստանում Սերժ Սարգսյանի ստացած կարեւոր հավանություն կամ քարտ-բլանշ:
Հիշեցնենք, որ այդ այցը խորհրդարանի ընտրության քարոզարշավի օրերին կատարված այց էր: Այդ տեսանկյունից, Պուտինը նախօրեին տեղի ունեցած հանդիպմանը հղում անելով մարտյան պայմանավորվածություններին, փաստորեն, կամա թե ակամա հղում է անում նաեւ այդ քարտ-բլանշին, այսպես ասած՝ այն թողնում ուժի մեջ:
Ի՞նչ է արժեցել «քարտ-բլանշի» վերահաստատումը Սերժ Սարգսյանի կամ Հայաստանի վրա, երեւի թե պարզ կլինի ավելի ուշ, թեեւ հնարավոր է, որ այստեղ գործ չունենք որեւէ փոխանակման գործարքի հետ, այլ ընդամենը քաղաքական իրողությունների արձանագրման, որ արել է ՌԴ նախագահը: Թերեւս, պատահական չէր, որ Սերժ Սարգսյանը մոսկովյան այցին ընդառաջ կատարեց ներքին մի քանի քայլեր՝ դրանցով ցույց տալով, որ տիրապետում է իշխանական համակարգին, ձեռք է բերել ներհամակարգային պայմանավորվածություններ ու փոխհամաձայնություններ, իսկ ներքին բաժանարար գծերն էլ լիովին գտնվում են իր վերահսկողության տակ: Ընդ որում՝ այդ քայլերը գործնականում կատարվեցին մինչեւ վերջին պահը, երբ Սերժ Սարգսյանի եւ Պուտինի հանդիպման գրեթե շեմին Երեւանում հանգուցալուծվեց նաեւ ուսանողական այն բողոքը, որ առաջացել էր տարկետման վերաբերյալ օրենսդրական աղմկոտ նախաձեռնությունից հետո, եւ այն բանից հետո, երբ երեկ առավոտյան ԱԺ-ն ընդունեց օրենքը, իսկ փողոցում, այսպես ասած, առաջացել էր լարվածություն եւ փակուղի:
Թեեւ դրա մասշտաբներն ամենեւին այնպիսին չէին, որ իշխանության համար լիներ խնդրահարույց, սակայն, մյուս կողմից, Հայաստանի իրավիճակն անկանխատեսելի է դարձնում ամեն ինչ, եւ ձնագնդի էֆեկտը միշտ կարող է լինել անսպասելի կամ սպասելի: Եվ այդ իմաստով էլ հատկանշական է, որ Պուտին-Սարգսյան հանդիպումից կարճ ժամանակ առաջ Երեւանում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ փոխնախագահի եւ ուսանողների միջեւ, որտեղ ձեռք բերվեց առնվազն միջանկյալ պայմանավորվածություն եւ հանգուցալուծվեց կամ լիցքաթափվեց իրավիճակը:
Բացառված չէ, որ ներքին այդ շարքը գործնականում հնարավորություն է տվել Սերժ Սարգսյանի մոսկովյան հերթական այցը, այսպես ասած, զերծ պահել Հայաստանի համար անցանկալի որեւէ զիջումից կամ գործարքից, եւ Սարգսյանն իր իշխանության խնդիրները այս անգամ կարողացել է լուծել առավելապես իր ուժերով եւ ոչ թե Հայաստանի հաշվին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Այս տարվա առաջին 9 ամիսներին վերաբերող սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին զեկույցում մի սահմռկեցուցիչ տվյալ կա: Խոսքը կազինոների և շահումով խաղերի ոլորտի մասին է: Այդ ոլորտի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերի ընթացքում կազմել է ավելի քան 196 միլիարդ դրամ կամ 400 միլիոն դոլարից ավելի: Ինչպես նկատել են 168.am պարբերականի մեր գործընկերները, այս ցուցանիշը առաջին անգամ է հրապարակում ԱՎԾ-ն:
Ասել, որ սա մեծ, շատ մեծ ծավալ է, նշանակում է ոչինչ չասել: Եթե համարենք, որ կազինոների ու շահումով խաղերի շրջանառությունը հավասարաչափ է բաշխվում տարվա ընթացքում, և առաջին ամիսներին ծավալը կազմել է 196 միլիարդ դրամ, ապա տարվա կտրվածքով այն կլինի մոտ 260 միլիարդ դրամ: Որպեսզի պատկերացնենք, թե սա ինչ ծավալ է, նշենք, որ 2017 թվականին ՀՀ պետբյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված է միայն 209 միլիարդ դրամ: Եթե կոպիտ հաշվարկներ անենք, ապա կստացվի, որ կազինոների ու շահումով խաղերի ծավալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով կազմում է 200 դոլար:
Համեմատության համար նշենք, որ օրինակ կրթության ոլորտում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը այս տարվա առաջին 9 ամիսներին, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 38 մլրդ դրամ կամ 5 անգամ քիչ, քան շահումով խաղերի ու կազինոների ցուցանիշն է: Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը եղել է ընդամենը 40 մլրդ դրամ…
Եվս մի ցուցանիշ: Կազինոների ու շահումով խաղերի ոլորտում տրամադրված ծառայությունների ծավալը կազմում է մեր ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը: Այլ կերպ ասած, կազինոներն ու շահումով խաղերը մեր տնտեսության թերևս ամենածանրակշիռ ոլորտներից մեկն է: Ընդ որում, ամենադինամիկ աճողը: Միայն մեկ տարվա ընթացքում այս ոլորտում աճը գերազանցել է 18 տոկոսը, այն դեպքում, երբ տնտեսական աճը մոտ 4 տոկոս է:
Կասկածները, որ Հայաստանում արձանագրվող տնտեսական աճերի մի զգալի մասը կազինոների ու շահումով խաղերի ոլորտի առաջանցիկ աճի շնորհիվ է, կային դեռ վաղուց: Այդ մասին էր խոսում այն փաստը, որ նշված ընդհանուր ծառայությունների ոլորտի հզոր աճեր գրանցվում էին հատկապես Կոտայքի մարզում, որտեղ տեղակայված է Հայաստանի ամենախոշոր կազինոն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոնը»: Սակայն պաշտոնական ցուցանիշների տեսքով ապացույցներ չկային: Հիմա՝ արդեն կան:
Կան, ու այդ ցուցանիշը, մեղմ ասած, շատ տխուր է: Դժվար է ասել, թե խաղատնային բիզնեսի վրա սևեռված եվրոպական քաղաք պետություններից ուրիշ որ երկրներում է այսպիսի վիճակ: Փաստորեն տարեկան մոտ 540 միլիոն դոլար մենք ծախսում ենք «բախտ փորձելու» վրա: Այդ ահռելի կապիտալը ոչինչ չի ստեղծում, չի նպաստում տնտեսության որակական փոփոխությանը, ուղղված չէ ապագային… Թերևս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ այս ցուցանիշը շոշափում է ՀՀ անվտանգությունը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը կդիմի զինված պայքարի, եթե «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ու Քրեական նոր օրենսգիրքը ընդունվեն:
«Քրեական նոր օրենսգրքի մեջ հերթական կեղտոտ հոդվածներն են դրել, որի իրավունքը չունեն։ Այնտեղ գրված է, որ միասեռականների պարադին խանգարողը պետք է պատժվի, ով միասեռականներին բան ասի՝ պետք է պատժվի։ Այսինքն՝ մենք միասեռական ընտանիքների, միասեռական ամուսնությունների մասին օրենք չունենք, բայց արդեն Քրեական օրենսգրքի մեջ արդարադատության նախարարությունը մտցրել է, որ նրանց դեմ խոսողները կպատժվեն։ Այսինքն՝ դրվել է փոքրամասնության դիկտատուրա մեծամասնության վրա։
Սա ամբողջը մի ծրագիր է, որը համամարդկային դժբախտության ծրագիր է։ Այն իր մեջ ընդգրկում է «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, միասեռականների ազատությունները օրենքով, պապիլոմա վիրուսի դեմ կատարվող պատվաստումները, նույնականացման քարտերը»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Ստամբոլցյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հանուն ինքնիշխանության վերականգնման նախաձեռնության անդամները հայտարարում են, որ նոր Քրեական օրենսգրքի 197–րդ հոդվածը վտանգավոր է մեր հասարակության համար։ Օրերս այս նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանն ասել էր, որ նոր օրենսգրքի 197–րդ հոդվածով, որը վերաբերում է խտրականության դրսևորումներին, մարդիկ պատասխանատվության են ենթարկվելու Այվազյանի ձևակերպմամբ` սեռական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն դրսևորելու համար։
Ըստ Այվազյանի` այս նոր օրենսգրքով ԼԳԲՏ համայնքին վերաբերող միջոցառումները` նույնասեռական ամուսնությունները, նրանց կողմից երեխաների որդեգրումը, գեյ–շքերթները խոչընդոտելու դեպքերը, եթե քաղաքացիները փորձեն խոչընդոտել, կդիտարկվեն խտրականություն և կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Երեկ էլ նույն նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանն է նմանատիպ կարծիք հայտնել` պնդելով, որ ԼԳԲՏ համայնքի անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դեպքում քաղաքացին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։
Aravot.am –ը արդարադատության նախարարությունից խնդրեց պարզաբանել նշված նախաձեռնության անդամների հայտարարությունները և տեղեկացնել` արդյոք ՀՀ–ում օրենքով թույլատրելի են նույնասեռական ամուսնությունները։
Ըստ նախարարության. «ՀՀ քրեական օրենսգրքի նախագծով առաջարկվող 197–րդ հոդվածը արգելում է մարդու իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի ուղղակի կամ անուղղակի խախտելը, այդ թվում` կախված սեռական կողմնորոշումից։
Սակայն խոսք չի կարող լինել նույնասեռական ամուսնությունների և երեխաների որդեգրման մասին, քանի որ նույնասեռական ամուսնություններն արգելվում են ՀՀ Սահմանադրությամբ։
ՀՀ–ում նույնասեռականների զույգերի օրինական ամուսնությունը հնարավոր չէ։ ՀՀ Սահմանադրության 35–րդ հոդվածը հստակ նախատեսում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն»։
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.