23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Վերջին շրջանում տնտեսվարողները գոհունակությամբ արձանագրում են, որ հսկիչ դրամարկղային մեքենաների համար նախատեսված թղթե ժապավենների գները զգալիորեն նվազել են: Մի քանի ամսվա ընթացքում դրանք էժանացել են երկու անգամ:
Խնդիրն այն է, որ դեռ հեռավոր 2012 թվականին կառավարությունը շրջանակային պայմանագիր կնքեց «Ալեքսերվ» ընկերության հետ այդ ժապավեների մատակարարման համար եւ այդ «բիզնեսի» մոնոպոլիան հրապարակայնորեն տվեց մեկ ընկերության: Ուշագրավն այն էր, որ «Ալեքսերվը» գրանցված էր նույն այն հասցեում, որտեղ գրանցված էր ՀՀ նախկին ՊԵԿ նախագահ, ապա ֆինանսների նախարար Գագիկ խաչատրյանի հարազատներին պատկանող «Յուքոմ» ընկերությունը:
Ակնհայտ էր, որ «Ալեքսերվը» նույնպես սերտորեն փոխկապակցված է Գագիկ Խաչատրյանի հետ: Սակայն մի քանի ամիս առաջ, Գագիկ Խաչատրյանի ազդեցության նվազմանը զուգահեռ, այդ շուկայում հայտնվեցին այլ ներկրողներ, եւ ժամանակի ընթացքում այդ ապրանքի գինը շուկայում կտրուկ նվազել է:
Ընդ որում, ինչպես պնդում են տնտեսվարողները, ավելացել է նաեւ ժապավենների երկարությունը: Սա ցցուն օրինակ է, թե ինչ է լինում, երբ շուկայում որեւէ մոնոպոլիստ զրկվում է իր կարգավիճակից: Ցավոք, սա ապամոնոպոլիզացման մի շատ փոքր եւ եզակի օրինակ է Հայաստանի համար»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
«ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը չի կարծում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է ընդդիմադիր լինել: Այն, որ Օհանյանը պատրաստվում է մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաքականություն է վարում: «Ենթադրություններով չխոսենք, համենայնդեպս, ես հետեւում եմ նրա հայտարարություններին, կարդում եմ: Նա որեւէ ընդդիմադիր բան չի ասել»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Բաղմանյանը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին հիշեցրինք, որ պաշտպանության նախկին նախարարը, որն ընդամենը չորս ամիս առաջ է թողել իր բարձր պաշտոնը, հայտարարում է, որ Հայաստանի տնտեսությունը թուլացած է, արտագաղթն ահագնանում է, ժողովուրդը հուսալքության մեջ է, իշխանությունների հանդեպ հասարակական անվստահությունը գնալով ուժեղանում է, եւ որ նման վիճակը չի կարող բանակին թիկունք ապահովել։ «Հերի՛ք է միայն խոսել համակարգային փոփոխությունների մասին, բայց կոնկրետ ոչինչ չառաջարկել։ Պետք է մարդկանց ցույց տալ, թե ինչն ինչով է փոխարինվելու եւ ինչպես է կյանքը փոխվելու»,- հայտարարել էր Սեյրան Օհանյանը։
Իր նախկին հրամանատարի եւ զինակցի այս քննադատություններն ընդդիմադիր չեն թվում Հայկազ Բաղմանյանին: «Համենայնդեպս, չեմ կարծում, որ նա ընդդիմություն է»,- պնդեց ԶՈՒ շտաբի պետի տեղակալը:
Պարոն Բաղմանյան, այդ դեպքում Սեյրան Օհանյանը իշխանությունների՞ հետ է աշխատում:
Իհարկե:
Այսինքն՝ նրա քաղաքականություն մտնելը, ընտրություններին մասնակցելն իշխանությունների պրոյե՞կտ է:
Ես չգիտեմ, թե դուք ինչ նկատի ունեք իշխանական պրոյեկտ ասելով, բայց նա զինվորական մարդ է եղել, եւ չեմ կարծում, որ կարող է ընդդիմադիր լինի: Հետո դա իր անձնական գործն է: Եթե որոշել է գնալ ու ԱԺ պատգամավոր դառնալ, թող դառնա, ինչ է եղել:
Կարծիք կար, որ Սեյրան Օհանյանն ուզում էր վերանշանակվել պաշտպանության նախարար, այդ պատճառով էլ նեղացել է իշխանություններից:
Պաշտպանության նախարարը պապենական պաշտո՞ն է, ի՞նչ է»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀԿ երկար սպասված խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը լքել կուսակցությունը: Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու մասին իր հայտարարության մեջ պատճառներին անդրադարձել էր մեկ բառով. արժանապատվություն: Սերժ Սարգսյանին նա մեղադրում է իր արժանապատվությունը ոտնահարելու մեջ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի այս նիստից հետո Հովիկ Աբրահամյանը զրկվելով կուսակցությունում բարձր դիրքերից, դառնալու էր շարքային անդամ, ինչը նրա կարծիքով իր համար անարժանապատիվ վիճակ է:
Հովիկ Աբրահամյանի պատկերացումները սեփական անձի մասին այնքան բարձր են, որ նա պետք է փորձի մարդկանց հնարավորինս մեծ խումբ իր հետ հանել ՀՀԿ-ից: Սույն վտանգը չեզոքացնելու համար Սարգսյանն իր ելույթում կուսակցության շարքերը պոտենցիալ լքողներին հասկացրեց, որ կսխալվեն, որովհետեւ Հովիկ Աբրահամյանի ուժի եւ իշխանության ակունքը միմիայն ՀՀԿ-ն էր:
Հովիկ Աբրահամյանն արդեն երրորդ անգամ է ենթատեքստով խոսում վարչապետի պաշտոնից իրեն հեռացնելու եւ Կարեն Կարապետյանով փոխարինելու մասին:
Երեկ Աբրահամյանը Կարապետյանին անվանեց «տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջուր, որը կարող է մխտռել մայր հունը, բնակավայրեր ոչնչացնել»: Ինքը` Աբրահամյանը «սեփական հողի հոտը կրող առվակն» է:
Սրանք թափանցիկ ակնարկներ են եւ լուրջ մեղադրանքներ են պարունակում, որոնք կարող են ինչ-որ պահի ավելի ուղիղ ձեւակերպվել:
Հովիկ Աբրահամյանի խնդիրը, բնականաբար, Կարեն Կարապետյանի հետ չէ: Եթե նա երբեւէ ավելի ուղիղ խոսի այս մասին, ապա Սերժ Սարգսյանին կմեղադրի Կարապետյանի նշանակմամբ պետության անվտանգությունն ու ինքիշխանությունը հարվածի տակ դնելու մեջ: Դա պետական դավաճանությանը հավասարազոր մեղադրանք է:
Աբրահամյանը, վստահ ենք, այս առումով Սարգսյանից հետո ամենաինֆորմացված անձն է:
Սա է պատճառը, որ Սարգսյանն Էդուարդ Շարմազանովի միջոցով երեկ սպառնաց Հովիկ Աբրահամյանին: Վերջինիս հիշեցվեց Արարատյան դաշտի արտեզյան ջրերը սեփական ձկնաբուծարանների համար անօրինական ճանապարհով օգտագործելու խնդիրը, որը ցանկացած պահի կարող է քրեական գործ դառնալ: Այլաբանորեն նաեւ ասվեց. Աբրահամյանը կրակի հետ է խաղում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Անցան շաբաթ օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է, թե պետեկամուտների կոմիտեի՝ Դիլիջանում կառուցած ուսումնական կենտրոնը կարող է տրամադրվել պաշտպանության նախարարությանը։
Նախարարը տեղեկացրել է, թե արդեն խնդրել է Սերժ Սարգսյանին եւ Կարեն Կարապետյանին՝ քննարկել նման հնարավորությունը։Ըստ նախարարի, ՊԵԿ-ի «ուսումնական կենտրոնը» կարող է հետագայում ծառայել «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանին։
Կարելի է պնդել, որ «Ուսումնական կենտրոնը» ՊՆ-ին տրամադրելու քաղաքական որոշումն արդեն կայացված է: Հիմա փորձենք պատկերացնել, թե ինչ է դա նշանակում, եւ որքանով է այդ օբյեկտը հարմար ռազմական ուսումնարանի համար։ Սա կլինի աշխարհում թերեւս առաջին դեպքը, երբ, պատկերավոր ասած, «7 աստղանի» ճոխ օբյեկտը դառնում է ռազմական ուսումնարան։ Նման գերճոխ ռազմական ուսումնարան չկա նույնիսկ ԱՄՆ-ում, որի պաշտպանությանը հատկացվող բյուջեն 580 միլիարդ դոլար է եւ գերազանցում է մեր ռազմական բյուջեն 1400 անգամ։ Չկա նաեւ Չինաստանում, որի ռազմական բյուջեն 215 միլիարդ դոլար է՝ 540 անգամ ավելի, քան մեր ռազմական՛ բյուջեն…։ Ռուսաստանի դեպքում այդ հարաբերակցությանը 185 է, Մեծ Բրիտանիայի դեպքում՝ 138 եւ այլն, եւ այսպես շարունակ։ Բայց այս երկրներից եւ ոչ մեկը իրեն թույլ չի տա «7 աստղանի» կոմֆորտով օբյեկտ տրամադրել ռազմական ուսումնարանի համար։
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ օբյեկտի մասին է խոսքը, թվարկենք դրա մի քանի «բարեմասնություններ»։ Օբյեկտը ունի մեկ հիմնական շենք եւ բազմաթիվ այլ կառույցներ։ Թվով հինգ քոթեջներ, որոնցից յուրաքանչյուրը ունի մի քանի ննջասենյակ։ Օբյեկտում կան սպա կենտրոններ, սաունաներ, ռեստորան, մի քանի սրճարան, թենիսի մի քանի կորտեր, առանձին հյուրանոց…։ Այդ կառույցը հագեցած է մեղմ, շատ մեղմ ասած՝ ճոխ կահավորանքով։ Մասնավորապես դռները իտալական «NOVIPLA» ֆիրմայի արտադրության են՝ փայտյա եւ զրահապատ։ Օգտագործվել են իտալական «Շպոնապատ սալեր իրականացված բարձր որակով», Արաբական Էմիրություններում արտադրված պրեսգրանիտե սալեր, զուգարանակոնքեր, կերամիկական լվացարաններ, բիդեներ։ Միայն մեկ պայմանագրով այդ օբյեկտի համար 41 միլիոն դրամանոց խոհանոցային պարագաներ են գնվել։ Հատուկ ձկան համար նախատեսված պատառաքաղներ, ստեյքի համար ուրիշ պատառաքաղներ…։ Սիգարի քրոմապատ կտրիչներ, «Մետաղյա սառույցի գդալ», «Մետաղյա շեյքեր», «Սառույցի աղաց, ապակյա, մետաղյա կափարիչով, 1.5 լիտր տարողությամբ»…։ Օրինակ, մի տեսակի՝ երեք ատամով պատառաքաղի երկարությունը սահմանված է եղել 204 միլիմետր, չորս ատամովը՝ 203 միլիմետր….։ Անձեռոցիկների մետաղական տուփ է գնվել 114 հատ, յուրաքանչյուրը 40 հազար դրամ, օճառամաններից յուրաքանչյուրի գինը 60 հազար դրամ է….։ Բաղնիքներում տեղադրված «խոշորացույցով հայելիներից» յուրաքանչյուրը մոտ 100 դոլար է։ Վարագույրները գերմանական են։ Ամբողջ կառույցը պատված է սրբատաշ տրավերտինով։
Մի խոսքով, ըստ միայն պաշտոնական փաստաթղթերի, այս օբյեկտի վրա պետական բյուջեից ծախսվել է 26 միլիարդ դրամ կամ մոտ 60 միլիոն դոլար։ Համեմատության համար նշենք, որ Երեւանի կենտրոնում կառուցված միջազգային բրենդային հսկայական հյուրանոցը 23 միլիոն դոլար է արժեցել։ Դիլիջանի օբյեկտը փաստորեն ավելի քան 2 անգամ թանկ է դրանից։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում։
«Եթե մի քանի օրից Նոր տարի Է, նշանակում Է Հայաստանում բոլորը սնունդ են գնում, աննկարագրելի քանակությամբ սնունդ։ Դա անում են նրանք, ովքեր փող ունեն, նրանք, ովքեր փող չունեն, բոլորը առանց բացառության։ Եվ բոլորը առանց բացառության դժգոհում են այդ իրավիճակից։ Ավելորդ Է նույնիսկ ձևակերպել, թե ամանորյա եռուզեռի վերաբերյալ ինչ կարծիք ունեն մարդիկ։ Դրանք մեծ սթրեսի օրեր են, ֆիզիկական և հոգևոր սթրեսի։ Բոլորն իրենց պարտավորված են զգում սեղանին ունենալ միանգամից ամեն ինչ՝4–5 տեսակի աղցան, 4-5 տեսակի տաք ուտեստ, դեսերտ, կաթնամթերք, ձկնեղեն, քաղցրեղեն, չարազեղեն, չրեղեն, կանաչեղեն, բանջարեղեն։ Ցանկը կարելի Է անվերջ շարունակել։ Բոլորն իրենց պարտավորված են համարում այցելել ինչ-որ մարդկանց, ընդունել ինչ-որ մարդկանց։ Յուրաքանչյուր եկած հյուրի հետ մի պատառ ուտել, մի բաժակ խմել, յուրաքանչյուր գնացած տանը մի բան ուտել, մի բաժակ խմել։ Որևէ բանական էակ չի կարող չընդվզել այդ իրավիճակի դեմ, որովհետև մարդկությունը անհիշելի ժամանակներից գտել է ճիշտ սնվելու բանաձևը։ Դա բոլոր ժողովուրդների համար մեկն Է՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք։
Մոտ 10 օր տևած այսպիսի լիությունից և անկանոն ու անսահմանափակ սնվելուց հետո օրգանիզմի համար վրա է հասնում սովի ժամանակաշրջանը։ Այն, որ հունվարի վերջին միջին վիճակագրական ընտանիքում նույնիսկ հաց գնելու գումար չի գտնվում, հայտնի ճշմարտություն Է։ Ահա այսպես ֆիզիկապես և հոգեպես հոգնած, նախ գերծանրաբեռնված, ապա քաղցած ստամոքսով Հայաստանի բնակչությանը հրաժեշտ է տալիս հին տարուն և մտնում Նոր տարի։ Եվ չգիտես ինչու տարիները փոխվում են, իսկ Հայաստանի խնդիրները մնում են նույնը, կյանքը այդպես էլ չի լավանում, արդարություն չի հաստատվում, կոռուպցիան չի վերանում, ընտրություններով իշխանություն չի փոխվում։
Իսկ գուցե Հայաստանի բնակչությունը ոչ թե դժգոհ Է և ձգտում է փոփոխությունների, այլ ընդամենը խոսում Է դրա մասին։ Հենց այնպես, հավաքույթների ժամանակ խոսելու նյութ ունենալու համար։ Այնպես, ինչպես հենց այնպես դժգոհում Է Ամանորը դիմավորելու ծայրահեղ սթրեսային սովորույթից, բայց ոչինչ չի անում դա փոխելու համար։ Նոր տարին թեթև, առանց աշխարհի տակի ուտելիքների, առանց տնետուն գնալու պարտավորությունների, ընդամենը խմիչքով, սառը խորտիկներով, երաժշտությամբ, նվերներով, զվարթ և ուրախ զրույցներով անցկացնելու համար, սակայն, ազատ և թափանցիկ համապետական ընտրություններ պետք չեն։ Դա ընտրության է, որ կամ կայացվում Է, կամ ոչ։ Առայժմ այդ ընտրությանը չի կայացվում, ինչի համար հնարավոր չէ մեղադրել ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։ Ու թերևս Հայաստանում մեծ փոփոխություններ չլինեն, քանի դեռ ամանորյա արձակուրդներն անցկացնելու ոճն ու իմաստը չփոխվի, և Նոր տարին չսկսվի առողջ մարմնում առողջ հոգով»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ռուսական լրատվամիջոցները լեցուն են 2017 թվականի հունվարի 1-ից հետո դեպի Ռուսաստան ավտոմեքենաների ներկրման նոր կարգի վերաբերյալ հրապարակումներով: Ըստ այդմ, ավտոմեքենաների ներկրումը խիստ դժվարացվելու է:
Բայց ամենաուշագրավն այն է, որ բոլոր լրատվամիջոցները նշում են, թե նոր կարգը տարածվում է նաեւ ԵՏՄ անդամ այլ պետություններ մեքենա ներկրելուն: Այսինքն, այդ նույն դժվարությունները վերաբերում են նաեւ մեզ: Ըստ հրապարակումների, ԵՏՄ տարածք ներմուծվող ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն «ԷՌԱ ԳԼՈՆԱՍ» համակարգով, որով վթարված մեքենաների վարորդները կարող են արբանյակային կապի միջոցով համապատասխան ծառայություններին հայտնել վթարի մասին:
Բացի այդ, ԵՏՄ տարածք ներմուծվող ցանկացած մոդելի մեքենա պետք է անցնի «Քրաշ թեսթ», ինչի համար համապատասխան լաբորատորիայում այդ մոդելից երեք օրինակ պետք է ենթարկվի ուղիղ եւ կողային ուժեղ հարվածների, ինչպես նաեւ անցնի թեսթ «շուռ գալու» սցենարով: Ռուսական ԶԼՄ-ներում առկա այս հրապարակումներում նշված պնդումների վերաբերյալ հարցում ենք ուղարկել կառավարությանը եւ առաջիկայում սպասում ենք դրա պատասխանին, թե արդյոք նշված սահմանափակումը տարածվո՞ւմ է նաեւ դեպի Հայաստան մեքենաների ներկրմանը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Գյումրիի 221, 223, 228, 233 տնակային թաղամասերի բնակիչները իրենց խաբված են համարում: Տնակային ավաններում ապրողների փոխանցմամբ, դեկտեմբերի 11-ին Գագիկ Ծառուկյանի` Գյումրի այցից մի քանի օր առաջ, իրենց զանգել, եւ ասել են, որ այդ օրը լինեն քաղաքի կենտրոնական հրապարակում, որպեսզի ներկա գտնվեն երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ նախատեսված պսակադրման արարողությանը:
Բնակիչները Armtimes.com-ի հետ զրույցում ասում են, որ հանդիպմանը ներկա գտնվելու համար ԲՀԿ-ի Գյումրու գրասենյակից իրենց գումար են խոստացել:
«Զանգին ինձ, ասեցին՝ Ձեզ համար անակնկալ ունենք, տիկին Սուսաննա: Ծառուկյանը գալու է Գյումրի, Դուք անպայման պտի մասնակցեք, որ 20 հազար դրամ տանք: Ես էլ հաճույքով գնացի, որ իմացա գումար են տալու: Դե, մի քիչ մազերս կարգավորեցի, ասի՝ մեր Գագո Ծառուկյանին կոկիկ դիմավորեմ: Ծառուկյանը գնաց, մեզի մոռացան: Գնացի իրանց օֆիս՝ կոպիտ դուրս էրեցին: Էն համարով էլ կզանգեմ, չեն պատասխանե: Իրանց մարդ էր պետք, մեզի խաբին, տարան: Ինչ անակնկալ եղավ ընձի: Գրիպ, սոված, անոթի, ծարավ էլա գնացի: Հազար հինգ հարյուր հոգու խաբին տարան»,- ասում է 228 տնակային ավանի բնակչուհի տիկին Սուսաննան:
Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից առաջ, անակնկալ խոստումների մասին շատերն են լսել: Անակնկալ եղել է, բայց ոչ սոցիալապես անապահով գյումրեցիների սպասածը:
«Թոռիս ընկերոջ քեռին «Բարգավաճը» կաշխատի: Եկավ, մեզի գրանցեց, որ Գագիկ Ծառուկյանի փողերից մեզ էլ տան, բայց իմացանք, որ փողերը պրծել է»,- պատմեց 221/060 տնակի բնակչուհի Վարդուհի Աթոյանը:
Գյումրեցիների մի մասը հույսը կտրել, որոշներն էլ իրենց գումարի հետեւից հասել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու տարածքային գրասենյակ:
Armtimes.com-ի նկարահանումների ժամանակ մարդկանց հոսքը կուսակցության գրասենյակ չէր դադարում: Վերջիններս նշում են, որ ամեն օր են գալու:
«Խոսք են տվե, ըսել են` արեք, գրանցվեք, փող կուդանք, հմի էլ չեն տա: Էկել ենք, որ իմանանք` ի՞նչ էղավ մեր փողերը»,- նշում են կուսակցության գրասենյակում հավաքված անձիք:
Գյումրու տնակային ավաններում բնակվող սոցիալապես անապահով բնակիչներին հասանելիք 30 միլիոն գումարը պահ էր տրվել նախկին ԲՀԿ-ական, կուսակցության գաղափարակից Վարդեւան Գրիգորյանին:
Վարդեւան Գրիգորյանը Armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանում է, որ 30 միլիոնը մի քանի օր առաջ է վերջացել: «Պարոն Ծառուկյանի հետ հանդիպումը չի նշանակում, որ պետք է գումար ստանան: Ժողովուրդն ինքնակամ ցանկություն ուներ պարոն Ծառուկյանի հետ հանդիպելու: Նրա տրամադրած 30 միլիոն դրամը բավարարեց միայն 1500 տնակում բնակվող ընտանիքի, բայց մենք քաղաքում ունենք 3500 տնակում բնակվող ընտանիք»,- ասում է Վարդեւան Գրիգորյանը:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումը կանվանափոխվի: «Առաջին լրատվականի փոխարեն այն կկոչվի «Օրակարգ»: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հանրություն Հարությունյանը:
Հարցին՝ «Օրակարգ» է կոչվելու ինչպես Տիգրան Նաղդալյանի հաղորդո՞ւմը, Հարություն Հարությունյանը նկատել է, որ Տիգրան Նաղդալյանի ժամանակ «Օրակարգը» շաբաթական մեկ անգամ էր եթեր հեռարձակվում, իսկ այս դեպքում ամենօրյա լրատվություն է եթեր հեռարձակվելու, փոփոխվելու է նաեւ լրատվական հաղորդման տաղավարը; Ստեղծվելու է նաեւ «Օրակարգից դուրս» հաղորդումը, որը հարցազրույցի ժանրում է լինելու, մի փոքր այլ մոտեցումներով:
«Հ1-ի համար նոր դեմք է լինելու: Փակագծերը չբացեմ, նոր տեսքով, նոր իմիջով կլինի»,- ասել է Հարությունյանը:
Վերջինիս նույնպես հեռուստադիտողները Հ1-ի եթերում կտեսնեն: Հարություն Հարությունյանի խոսքով՝ Արտակ Հերիքյանի կիրակնօրյա հաղորդումները, ամենայն հավանականությամբ, կվերականգնվեն»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանում կատարյալ խառնաշփոթ է։ Ինչ-որ մարդիկ գնացել են Բաքու։ Ինչ-որ մարդիկ պատրաստվում են գնալ Բաքու։ Ինչ-որ մարդկանց մասին ասվում է, թե գնում են, բայց պարզվում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ինչ-որ մարդիկ դատապարտում են պոտենցիալ գնացողների հետ շփվողներին։ Ինչ-որ մարդիկ դատապարտում են այդ լուրերը շրջանառող հայկական լրատվամիջոցներին։ Բայց ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում:
Ադրբեջանական հատուկ ծառայությունները ակնհայտորեն տիրապետում են այս մարդկանց ցուցակին՝ ամբողջապես կամ մասնակի։ Հայաստանի հատուկ ծառայությունները նույնպես կարող են հեշտությամբ տիրապետել այդ ցուցակին, ընդ որում ամբողջությամբ։ Ադրբեջանական ծառայությունները հատ-հատ աշխատում են Հայաստանի իշխանություններից նեղացած և Հայաստանից հեռացած ՀՀ քաղաքացիների վրա։ Հայաստանի հատուկ ծառայություններին այլ բան չի մնում, քան նույնն անել՝ հատ-հատ աշխատել այդ մարդկանց հետ. ներողություն խնդրել իրենց նկատմամբ երբևէ տեղի ունեցած ապօրինության, անարդար վերաբերմունքի համար։ Բացատրել, որ Բաքու ոտք դնելով այլևս այնտեղից դուրս չեն պրծնի, ստիպված կլինեն ասուլիսներում Հայաստանի դեմ խոսել, Հայաստանի դեմ աշխատել, դավաճանի պիտակ վաստակել և մինչև կյանքի վերջն այդպես ապրել»,–գրում է թերթը։
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, որն օրերս է վերադարձել Արցախից, երեկ թերթի թղթակցի հետ զրույցում նկատել է, որ հակառակորդն իսկապես ակտիվ է եւ այդ ակտիվությունը միայն ինժեներական աշխատանքներով կամ դիպուկահարների աշխուժությամբ չի արտահայտվում:
«Շփման գծի տարբեր ուղղություններով անընդհատ զորքերի տեղաշարժեր են, փոքր մասշտաբի զորավարժություններ, կուտակումներ: Այս ամենն ինքնին նոր լարվածության է ստեղծում: Երբ բացակայում են բանակցությունները ավտոմատ կերպով աճում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը: Ամեն ղերղքամ Աղրրեջանում այղ ուղղությամբ լուրջ նախապատրաստական աշխատանքներ տեսանելի են»,- ասել է Աբրահամյանը:
Հարցին փաստորեն, իրավիճակի սրում եք կանխատեսում, ե՞րբ կարող է ղա տեղի ունենալ, ըստ ձեզ, եւ ինչի՞ է սպասում Աղրբեջանը, քաղաքագետը պատասխանել է.
«Ադրբեջանը վերադասավորումների փուլում է պայմանավորված եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ ռազմական գործոններով, բայց այն, որ Աղրբեջանն առաջնագծում լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, հիմք է տալիս ասելու, որ հաջորդ տարի իրավիճակային նոր փոփոխություններ կարելի է սպասել: Այդ իմաստով որքանո՞վ է պատրաստ մեր բանակը հետաքրքրվել է մեր թղթակիցը:
«Երբ խոսում ենք հակառակորդի գործողությունների, տեղաշարժերի մասին, պետք է նկատի ունենալ, որ զինված ուժերը եւս համապատասխան ջանքեր է գործադրում ոչ միայն հակառակորդի շարժը իր տեսանելիության դաշտում պահելու, այլեւ հնարավոր լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Վերջին 1-2 ամիսների ընթացքում դիվերսիոն գործողությունների մի քանի միջադեպեր են կանխվել: Դիվերսիոն գործողությունների փորձերը էականորեն նվազել են, ինչը պայմանավորված է շփման գծում դիտարկում իրականացնող հատուկ սարքավորումների տեղակայմամբ»,- պատասխանել է Աբրահամյանը:
Հայկական Ժամանակ
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.