23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բառերը ամիսների և տարիների ընթացքում կորցնում են իրենց փայլը և վեր են ածվում մաշված պիտակների, որոնք կրկնվում են հենց այնպես, առանց մտածելու, իներցիայով: Քաղաքական կարգախոսների բաղադրիչը հանդիսացող բառերը` առավել ևս: «Ավազակապետություն», «լեգիտիմություն», «հանցավոր ոեժիմ»` դրանք բոլորը հրաշալի բառեր են, բալց տարեցտարի զրկվում են իրենց քաշից, կորցնում են իրենց, եթե այդպես կարելի է ասել, մագնիսականությունը: Որքան էլ դրանք դիպուկ լինեն, մարդիկ դրանցից հոգնում են: Եվ այնպես, ինչպես դրանք ասվում են մեխանիկաբար, առանց մտածելու, այնպես էլ այն «թիրախային խմբերը», ովքեր պետք է «բոցավառվեն» այդ բառերից, այլևս չեն բոցավառվում և լսում ու կրկնում են դրանք` առանց իմաստի մեջ խորանալու: Այդպիսին է մարդկային հոգեբանության առանձնահատկությունը` մեզանից շատ քչերն են կարողանում հավերժորեն մտասևեռվել մի գաղափարի վրա, և դա ունի իր թե բացասական և թե դրական կողմերը, որովհետև այդպիսին է, ի վերջո, մեր պաշտպանական մեխանիզմը: Թող ինձ ներվի այս փոքր-ինչ ցինիկ համեմատությունը, բայց եթե մարդը հարազատ է կորցրել, ապա գրեթե անհնարին է, որ կորստի 10-րդ տարում նրա զգացմունքները նույնքան սուր լինեն, որքան աոաջին տարում: Հակառակ վարքագիծը դիտվում է որպես տարօրինակ, եթե ոչ պաթոլոգիկ:
Ճիշտ նույն տրամաբանությամբ` ես չեմ լսել, որ վերջին մի քանի ամիսներին որևէ ընդդիմադիր խոսի «Մարտի 1»-ի մասին: Քաղաքական գործիչները, կարծես թե, ամեն ինչ «քամել են» իշխանության կազմակերպած այդ սպանդից, և այն դադարել է լինել «հնչեղ թեմա»: Չնայած այդ օրը սպանվել է ոչ թե մեկ, այլ տասը հայ, իսկ ոճրագործության կատարողները և դրա կազմակերպիչները չեն դատապարտվել: Հավերժորեն հնչեղ թեմաներ չկան` ճիշտ այնպես, ինչպես չկան հավերժական թարմությունը պահպանող բառեր և կարգախոսներ:
Գործիչները նույնպես «մաշվում են», կորցնում քաշը, արդիականությունը` որքան էլ մեծ լինեն նրանց արժանիքներն ու ծառայությունները: Օրինակ՝ 96 թվականին Վազգեն Մանուկյանն արդիական էր որպես իշխանության այլընտրանք, իսկ մեկուկես տարի անց արդեն հնացել էր: Մի կողմից` փոխվել էր քաղաքական կոնֆիգուրացիան, մյուս կողմից` հասարակությունը հոգնել էր նույն մարդուց նույն բաները լսելուց:
Ուզում եմ ասել, որ առաջիկա նախագահական ընտրություններում եթե ՀԱԿ-ը հանդես է գալու սեփական թեկնածուով, ապա պետք է դրսևորի որոշակի կրեատիվություն և փորձի չկրկնել հին կարգախոսները, հին փաստարկներն ու կոչերը: Դրանք այլևս չեն ընկալվի: Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ ընդդիմությունը հանդես գար նոր թեկնածուով` դա կարող է լինել ՀԱԿ-ի ներկայիս խմբակցությունից յուրաքանչյուրը: Գուցե նա չունենա քաղաքական այն փորձառությունն ու հեղինակությունը, որն ունի Լևոն Տեր-Պետրոպանը, բայց փոխարենը կկարողանա անել նոր շեշտադրումներ, որոնք թերևս ավելի հետաքրքիր կլինեն ընդդիմադիր ընտրազանգվածի համար: Իսկ առաջին նախագահը կսատարի նրան իր փորձով ու ելույթներով: Ինչպես, ասենք, Բիլ Քլինթոնը` Օբամային:
Առավոտ
Ադրբեջանցի պրոֆեսոր Ռահման Բադալովի հոդվածը, որը հրապարակվել է համացանցում, նաև մեր թերթում, գալիս է ապացուցելու, որ հարևան երկրում նույնպես կան սթափ մտածող մարդիկ, որոնք իսկապես մտահոգված են իրենց պետության և ազգի ճակատագրով: Ակնհայտ է, որ նման մարդիկ փոքրամասնություն են կազմում, իսկ ճնշող մեծամասնության գիտակցությունը մթագնած է ազգային հողի վրա ատելությամբ: Ադրբեջանցիները ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը, ովքեր ընկել են այդ զանգվածային պսիխոզի գիրկը: Հիշենք, օրինակ, որ 1930-ականներին գերմանացիների մեծամասնությունը վստահ էր, որ իրենց դժբախտությունների միակ պատճառը հրեաներն են: Թե ինչով դա վերջացավ` հայտնի է: Այլ կերպ չէր էլ կարող վերջանալ, որովհետև ատելության հիման վրա կարելի է քնած մարդուն կացնահարել կամ խաղաղ բնակիչների նկատմամբ «պոգրոմ» սարքել: Բայց հաղթել պատերազմում` երբեք: Իսկ հետո գալիս է սթափվելու պահը:
Սակայն ես հեռու եմ այն մտքից, որ մեր ազգը յուրահատուկ է և կտրուկ տարբերվում է այլ ազգերից: Ճիշտ է, հիվանդագին այլատյացության ախտով մենք այժմ չենք տառապում, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր մեծամասնությունն առաջնորդվում է բանական չափանիշներով: Ասացեք խնդրեմ, քանի՞ տոկոսն է մեր հասարակության մեջ համոզված, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել փոխզիջումների միջոցով:
Կամ` մի կողմ թողնելով միջազգային հարաբերությունները` եկեք մտավոր փորձ կատարենք և ենթադրենք, թե ինչպիսին կլինի «մեծամասնության» արձագանքը, եթե նրա ներկայացուցիչների հետ «ոչ պաշտոնական հանդիպման» ժամանակ դուք ասեք, որ ազատ շուկայական տնտեսությունն ավելի արդար է և արդյունավետ, թան «սովետի» ընդհատակյա շուկայական հարաբերությունները, որ անկախ պետություն ունենալն ավելի լավ է, քան որևէ այլ պետության կազմում լինելը, որ վերջին 2-3 տարում խոսքի, մամուլի ազատության հարցում Հայաստանում որոշակի առաջընթաց է արձանագրվել, որ սուպերմարկետում առևտուր անելն ավելի հարմար է, քան «բուդկայում»: Եթե չես ուզում մեծամասնության հետ կոնֆլիկտ ունենալ, ապա այդ ամենը դու չպիտի ասես կամ գրես, պիտի համբերատար լսես, երբ մարդիկ, երբեմն ամենևին ոչ աղքատ, բողոքում են կյանքից և հայհոյանքներ ու անեծքներ հղում իշխանավորներին: Շատ ցանկալի է, որ այդ ընթացքում 2-3 րոպեն մեկ 80-ամյա տատիկի նման ձեռքերդ խփես ծնկներին և բացականչես՝ «ախ, թալանեցին, ախ, ժողովրդի արյունը ծծեցին, բա ափսոս չէր «սովետը»: Շուտով նորից ընտրություններ են լինելու, և մենք դարձյալ ականատես կդառնանք, թե ինչպես են գրեթե բոլոր քաղաքական ուժերը հարվածելու իրենց ծնկներին և «տոն տալու» այս խոսակցություններին: Այդպես է արդեն 20 տարուց ավելի, ճիշտ է, հիմա արդեն ասպարեզում չկան լալահառաչ «բայաթիների» այնպիսի վարպետներ, ինչպիսիք էին 90-ականների Արշակ Սադոյանն ու Սեյրան Ավագյանը:
…Միջնադարում մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ էր, որ մոլորակը տափակ է` բլիթի նման, և եթե որևէ մեկն ասում էր, որ այն կլոր է, լավագույն դեպքում ծիծաղում էին, վատագույն դեպքում եկեղեցական «պոլիտբյուրոյի» որոշմամբ այրում՛էին կրակի վրա:
Առավոտ
Ինչպես հայտնի է, երբ 2000 թվականին Պուտինը եկավ իշխանության, նրա առաջին քայլերից մեկն էր վերականգնել խորհրդային օրհներգի երաժշտությունը, իսկ բառերը Սերգեյ Միխալկովը փոխեց երկրորդ անգամ` 77-ին Ստալինին փոխարինել էր Լենինով, իսկ 2000-ին Լենինին փոխարինեց Աստծով (ի դեպ, օրհներգի բառերի ստալինյան տարբերակը նա գրել էր Էլ Ռեգիստան կեղծանունը կրող բանաստեղծի համահեղինակությամբ, որի իսկական անուն-ագգանունը Գաբրիել Ուռեբլյան է]: Պուտինի համար խորհրդային հիմնը վերականգնելը, իհարկե, խորհրդանշական քայլ էր, որը հուշում էր, թե ինչպիսի ուղղությամբ է երկիրը գնալու հետագա տարիներին: Կոմունիստական այդ խորհրդանիշի վերականգնման դեմ դուրս եկան ժողովրդավարական հայացքներ ունեցող ոուսաստանցիները, որոնք իրավացիորեն գտնում էին, որ բոլոր ձևափոխումներից հետո անգամ այդ օրհներգից «ստալինյան հոտ է գալիս»: Բայց այն սպառնալիքը, որը նրանք հնչեցնում էին, պարզապես անհեթեթ էր` մենք չենք կանգնելու, երբ այդ օրհներգը հնչի: Իրականում դուրդ գալիս է այդ օրհներգը,թե ոչ, տհաճ հիշողություններ է այն առաջացնում, թե հաճելի, քաղաքակիրթ է այդ պետությունը, թե հետամնաց, դու, չհարգելով պետական խորհրդանիշը, չեն հարգում ոչ մի պետություն, հետևաբար`քո սեփական պետությունը, հետևաբար նաև` ինքդ քեզ:
Հունգարիայի իշխանությունները ստոր, աններելի արարք են իրենց թույլ տվել` դա անելով «փողի դիմա՞ց», թե՞ ձրի, տվյալ դեպքում կարևոր չէ: Նրանց արդարացումները, թե ադրբեջանցիներն իրենց «քցել են», իհարկե` մաքուր դերասանություն են: Եվ ի՞նչ: Այրել այդ երկրի դրո՞շը: Իհարկե՛ ոչ, և այդ հարցում ՀՀ նախագահը իրավացի է: Վաղը Հունգարիայում կլինի ուրիշ իշխանություն, որը կունենա այլ մոտեցումներ՝ պետական խորհրդանիշն այդ ամենի հետ կապ չունի:
Թուրքական իշխանությունները սարսափելի ոճրագործություններ են գործել մեր ժողովրդի դեմ, և նրանց այսօրվա հետնորդներն իրենց ուսերի վրա են վերցրել այդ բոլոր հանցագործությունները` ժխտելով դրանք: Բայց ամեն տարի ապրիլի 23-ին թուրբական դրոշն այրելը մեզ ոչինչ չի տալիս: Երեկ այդ տեսակետը «Ա1+»-ի P.Տ.-ով ինձ տված հարցազրույցում հաստատեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` չնայած թուրքական դրոշ վառելով զբաղվում են հենց այդ կուսակցության «Նիկոլ Աղբալյան» միության երիտասարդները: Բառացիորեն նա ասել է հետևյալը. «Ես կարծում եմ, որ մենք պետականություն ենք և պետք չունենք դա անելու: Գուցե 20 տարի առաջ դա հասկանալի և ընդունելի էր, բայց այսօրվա պայմաններում նպատակահարմար չէ»: Իրոք որ, Բեյրութում կամ Գլենդելում հայ երիտասարդները կարող են դա անել, բայց այստեղ հայերը ստեղծել են, լավ թե վատ, պետություն, որն ազգի կազմակերպման ավելի բարձր ձև է, քան համայնքը: Եվ այդպես կազմակերպված ազգը պետք է հարգանք ունենա ուրիշների` նման կազմակերպության նկատմամբ, անկախ նրանից` այն բարեկամական է, թե թշնամական:
Դրոշ վառելն ինձ թվում է հուսահատ քայլ, որը բնորոշ է թույլերին` մարդկանց խմբին, որն այլ ձևով չի կարողանում իր ճշմարտությունն ապացուցել տվյալ պետությանը: Նախնադարյան ժամանակաշրջանում ծիսակատարության, կախարդանքի նման մի բան է:
Առավոտ
Ի հեճուկս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի` ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը ճիշտ է համարում Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու` ՀՀ իշխանությունների որոշումը: «Եթե նախագահն, իր ասելով, Հունգարիայի պատասխանատուներից ստանում է հավաստիացումներ, որ այդպիսի բան չի լինելու, ու հակառակ դրանց` հայկական կողմին փաստի առջև են կանգնեցում, ապա արձագանքը ճիշտ է»,- ասելէ Արամ Սարգսյանը` հավելելով, որ դա բնավ էլ չի արդարացնում հայկական կողմին: «Դիվանագիտական հարաբերություններ մի երկրի հետ, որի հետ առանձնապես մի խնդիրներ էլ չունենք, այս պարագայում` անհասկանալի են: Հունգարիան պետք է պատասխան տա, թե ինչո՞ւ է այդ քայլին գնացել: Եթե խնդիրը երեք միլիարդն էր, որը, ինչպես պարզվում է, Ադրբեջանը մտադրություն էլ չունի փոխհատուցելու, կոպիտ ասած` «քցել» է, ուրեմն մեր քայլը ճիշտ է: Ինչո՞ւ մենք պետք է հանդուրժեինք նման վերաբերմունքը մեր նկատմամբ»,- ասել է «Առավոտի» զրուցակիցը:
Առավոտ
Վերջին օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի հասարակությունը լուրջ խնդիրներ ունի: Առաջին հերթին որոշակի հոգեբանական պաթոլոգիաներով է տառապում, իհարկե, Իլհամ Ալիևը, որը կարող էր որոշ ժամանակ գոնե ձև անել, թե Ռամիլ Սաֆարովը նստած է բանտում, որից հետո միայն կազմակերպեր մարդասպանին հերոսացնելու այդ շոուն: Բայց նա, հավանաբար, կարծում է, որ իր ազգն ինբնահաստատվում և կայանում է հենց քնած մարդուն կացնահարողի կերպարը վառ պահելու միջոցով: Կայանալ անմեղ, անպաշտպան արյան վրա` դա, կարծում եմ, որոշակի ավանդույթի շարունակությունն է: Վստահ եմ, որ կան հարյուրավոր ադրբեջանցիներ, որոնց դա դուր չի գալիս: Բայց հաշվի առնելով այդ երկրի քաղաքական ռեժիմը` նրանց ձայնը լսելի չէ: Եվ հետո` այդ մարդիկ կազմում են «ճնշող փոքրամասնություն». եթե նրանք փորձեն գոնե թեթևակի դատապարտել Սաֆարովի, իսկ այնուհետև Ալիևի քստմնելի վարքագիծը, «հայրենասերներն» այնպես «վրա կտան», որ նրանք կփոշմանեն իրենց ասածի համար:
Բայց եթե Ադրբեջանում խրախուսվում և ուղղորդվում է հակահայկական հողի վրա զանգվածային պսիխոզը, դա չի նշանակում, որ նույնը պետք է անել Հայաստանում: Սաֆարովի դեմ ահաբեկչական օպերացիա կազմակերպելու և նրա համար գլխագին նշանակելու կոչերը նույն տեսակի պսիխոզ են՝ բարեբախտաբար, ոչ զանգվածային: Նախ` ահաբեկչությունը, որպես հուսահատ քայլ, որոշ դեպքերում բացատրելի է, երբ դու պետություն չունես: Բայց մենք ունենք պետություն` իր դիվանագիտական և հատուկ ծառայություններով, որոնք, ճիշտ է, այս պատմության մեջ իրենց շատ վատ են դրսևորել: Երկրորդ` սպանությանը սպանություն հակադրելով` դու կորցնում ես այն առավելությունը, որը, Ալիևի այդ անհաշվենկատ քայլի արդյունքում ստացել ես քարոզչության և դիվանագիտության մեջ: Հակառակը` պետք է համբերատար հետևել, թե ինչպես է Սաֆարովը դառնում գնդապետ և գեներալ, ինչպես են նրան տալիս ազգային հերոսի կոչումը, և ինչպես են ադրբեջանցի աշուղները նրան նվիրում իրենց մուղամները: Քնած մարդուն կացնահարած «հերոսի» և նրա «սխրանքի» այդ սակրալիզացիան մեզ միանգամայն ձեռնտու է: Վերջապես, եթե մի բան ես որոշել անել` արա, շատ մի խոսիր, թե չէ` ստացվում է դատարկ հոխորտանք:
Սպանել պետք է ոչ թե Սաֆարովին ինչ-որ մի մութ անկյունում, այլ մարտի դաշտում նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն կատարել մեր հողի, մեր սահմանների նկատմամբ [ներառյալ, բնականաբար, ԼՂՀ սահմանները]` անկախ նրանից, թե որ էթնոսին են այդ ոտնձգություն կատարողները պատկանում: Իսկ այն, որ հարևան երկրում հերոս է մի վախկոտ մարդ, որը կարողացել է «մենամարտել» միայն քնած հայի հետ, ինձ հուշում է, որ այդ երկիրը պատերազմում ոչ մի շանս չունի, հիվանդ հասարակությանը չի կարող պատերազմել: Ես կանհանգստանայի, եթե Ադրբեջանում շարժում սկսվեր` ընդդեմ Սաֆարովին արդարացնելու:
Առավոտ
Երեկ «Ազգ» թերթում լույս է տեսել հոդված, որն ունի հետևյալ ենթավերնագիրը` «Բագրատյանի օլիգարխիկ կապերը»: Հիմնական գաղափարը հետևյալն է. քանի որ նախկին վարչապետը քննադատում է Տիգրան Սարգսյանին, իսկ վերջինս իր ուժերի ներածին չափով պայքարում է տնտեսության մեջ օլիգարխիկ երևույթների դեմ, ուրեմն պարոն Բագրատյանը կամա թե ակամա օլիգարխների գործիքն է, նրանց խոսափողը: Այդ հոդվածի տեքստը եթե ոչ անձամբ ներկայիս վարչապետն է գրել, ապա նրա մտերիմ մարդկանցից մեկը, համախոհը: Ընդհանրապես կցանկանայի, որ այս տնտեսագետներն իրար հետ բանավիճեին դեմ առ դեմ (ի դեպ, «Առավոտն» ունի այդպիսի ֆորմատ), ոչ թե կեղծանուններով կամ իրենց կարծիքը ներկայացնող մեկնաբաններով: Բայց դա տվյալ դեպքում երկրորդական խնդիր է: Վերոհիշյալ հոդվածում կան միանգամայն արդարացի պնդումներ: Ճիշտ է, օրինակ, որ ներկայիս վարչապետը օլիգարխների միջավայրից չէ, իսկ նրանք կուզենային ունենալ կառավարության «սեփական» ղեկավար: Իմ կողմից ավելացնեմ նաև, որ, հավանաբար, դա էր պատճառներից մեկը, որ ԲՀԿ-ն կոալիցիա չմտավ: Նույն պատճառներով հանրապետականների վերնախավն էլ առանձնապես ջերմ զգացմունքներ չունի Տիգրան Սարգսյանի նկատմամբ: Ճիշտ է նաև այն պնդումը, որ տնտեսության հերը անիծում է հենց այդ օլիգարխիկ համակարգը: Թե ինչ կապ ունի այդ ամենի հետ Հրանտ Բագրատյանը, որի քննադատությունը զուտ մասնագիտական է, դժվարանում եմ ասել:
Բայց այնպես չէ, որ ներկայիս վարչապետը ինչ-որ մի լուսավոր կետ է համընդհանուր խավարում, մաֆիայի դեմ խիզախաբար պայքարող կոմիսար Կատանիան է: Սա այն դեպքը չէ, երբ հնարավոր է մնալ համակարգի մեջ` լինելով դրա ծպտյալ հակառակորդը: Վարչապետը պետք է ուղիղ, բաց տեքստով ասի, թե ով և ինչպես է նրան խանգարում երկիրը ծաղկեցնելու իր ծրագրերում և գնա, ինչպես ասում են, միայն սահմանադրական ճանապարհով` փորձի ստանալ պառլամենտի աջակցությունը: Եթե այդպես չի վարվում, ուրեմն ոչնչով չի տարբերվում իրեն իբր «խանգարող» օլիգարխներից: Պատկերացրեք, ասենք, 100 հազար դրամ աշխատավարձ ստացող մի տղամարդու, որն այդ գումարով փորձում է ընտանիք պահել: Նրա համար միևնո՞ւյն չէ` վարչապետ Տիգրան Սարգսյանը օլիգարխների բարեկա՞մն է, թե՞ թաքնված թշնամին: Նրան բացարձակապես չի հետաքրքրում նաև` վարչապետը կլինի մտավորականի հակումներ դրսևորող մի անձնավորությո՞ւն, թե՞ վերջին համբալը, որը ճպճպացնում է խորովածը ծամելիս: Նրան ոչինչ չեն ասում նաև բարդ տնտեսագիտական վերլուծությունները: Այդ մարդու համար գոյություն ունի երկու տնտեսական չափանիշ` իր աշխատավարձը և ապրանքների ու ծառայությունների գները: Նա իրականությունը տեսնում է այդ բեկումով, և երբ այդ երկու չափանիշներն «իրար չեն բռնում», նա մեղադրում է իշխանությանը` իր ընդհանրության մեջ, կառավարությանը` առաջին հերթին: Հենց դա է պատճառը, որ վարչապետները ժամանակ առ ժամանակ դառնում են քավության նոխազ: Հրանտ Բագրատյանը դա կհաստատի:
Առավոտ
Ամեն անգամ սեպտեմբերի 1-ից առաջ տարբեր հասարակական գործիչներ և մանկավարժներ սկսում են խոսել այն մասին, թե պետք է փոխել կրթական ծրագրերը և դրանք համապատասխանեցնել աշխատաշուկայի պահանջներին: Այդ` ընդհանուր առմամբ ճիշտ խոսակցությունները ընթանում են նոստալգիկ տրամադրությունների ֆոնի վրա. իբր, այն երանելի սովետական ժամանակաշրջանում երիտասարդներին տրվում էր համապարփակ, լայն մտահորիզոն ապահովող կրթություն, իսկ հիմա` «սխալ» Արևմուտքից ետ չմնալու համար փորձ է արվում ավելի կոնկրետ գիտելիքներ տալ: Իսկապես, ժամանակին ես ճանաչում էի ամերիկացի մի հոգեբանի, որը Ֆրոյդից ոչ մի տող չէր կարդացել` դա իրեն պետք չէր, որովհետև հեոու էր իր գործունեության ոլորտից:
Եթե հարցը վերացական դնենք, ի՞նչն է ավելի լավ` խորհրդային «լայն, բազմակողմանի», թե՞ արևմտյան «նեղ, մասնագիտական» կրթությունը, ապա հնարավոր կլինի գտնել մի քանի տասնյակ «կողմ» և «դեմ» փաստարկներ: Բայց փորձենք հարցը քննարկել կոնկրետ այսօրվա իրավիճակի հարթության մեջ: Եթե հարաբերությունները շուկայական են, եթե գործատուն ստիպված է մրցակցության մեջ մտնել այլ գործատուների հետ, ապա նրա վարձու աշխատողը պետք է կարողանա անել կոնկրետ բաներ՝ այնպիսի բաներ, որոնք մրցակցի վարձու աշխատողը չի անում: Բերեմ կոնկրետ իմ` որպես գործատուի օրինակը, եթե ինձ մոտ գալիս է կարմիր դիպլոմով մի շրջանավարտ, դա ինձ համար ոչ մի նշանակություն չունի` նա պիտի լուսաբանի այնպիսի ոլորտ, որն ինձ մոտ չի լուսաբանվում կամ վատ է լուսաբանվում, ներկայացնի այնպիսի նախագիծ, որն ինձ` սեփականատիրոջս, եկամուտ կբերի: Դրա համար երբ ինձ հարցնում են՝ «ձեզ մոտ կա՞ն թափուր տեղեր», դա հնացած մոտեցում է, դրան ես պատասխանում եմ` ինձ մոտ կան անսահմանափակ թափուր տեղեր նրանց համար, ովքեր ինձ կօգնեն փող աշխատել:
Կոմունիստների ժամանակ պլանային տնտեսություն էր: Ենթադրենք, գործարանները զեկուցում էին Պետպլանին, որ կա այսքան ինժեներների պահանջարկ, Պետպլանն այդ պահանջարկը հասցնում էր բուհերին: Այդ համակարգը, համենայնդեպս, 70-80-ականներին այնքան էլ լավ չէր աշխատում, որովհետև թվերի մասին զեկույցները հաճախ չէին համապատասխանում իրականությանը` դրա համար էլ հազարավոր գործազուրկ ինժեներներ կային: Բայց եթե նույնիսկ պլանային մոտեցումն անխոցելի լիներ, այսօր այն կիրառելի չէ: Ես պիտի ինժեներություն սովորեմ երկու հնարավոր մոտիվացիաներով. 1. Ես չեմ ուզում ոչ մի գործարանում աշխատել, պարզապես ցանկանում եմ ստանալ գիտելիքներ, ընդլայնել իմ մտահորիզոնը: 2. Ես ուզում եմ այնպիսի ինժեներ դառնալ, որ տվյալ գործարանի սեփականատերը շահ ունենա ինձ վարձելու մեջ: Բայց մեզ մոտ այդ առողջ մոտիվացիաները գրեթե բացակայում են: Փոխարենը կան կեղծ մոտիվացիաներ՝ մարդիկ բուհ են ընդունվում, որպեսզի ևս 5 տարի ինչ-որ մի բանով զբաղվեն, և որովհետև այդպես է ընդունված, մարդը «պետք է» բարձրագույն կրթություն ունենա: Պատահական չէ, որ նույնիսկ մեր անգրագետ գործարար պատգամավորները 40-45 տարեկանում ինչ-որ բուհի դիպլոմ են գնել: Այնպես որ` կրթական ծրագրերն, այո, պետք է փոխել, բայց դրանից առաջ պետք է փոխել կրթվելու մոտիվացիան:
Առավոտ
Երբ ընդդիմության ակտիվիստները հավաքվում են դատախազության մոտ և բողոքում են Տիգրան Առաքելյանին 6 տարով ազատագրելու դեմ, դա նորմալ է: Երբ հասարակական ակտիվիստները պահանջում են պատժել «Հարսնաքարի» գործով բոլոր մեղավորներին, դա նույնպես բնականոն երևույթ է: Ի դեպ, երկու ձեռքով միանում եմ այդ բողոքներին ու պահանջներին: Ես նաև կողմ կլինեմ, օրինակ, որ մարդիկ ցույց անեն, եթե հանկարծ որոշվի մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին ներում շնորհել կամ պայմանական-վադաժամկետ ազատել, ինչպես որ առաջարկում են որոշ «մարդասեր» համայնքապետեր: Այդ բոլոր դեպքերում քաղաքացիները պահանջներ են դնում պետական մարմինների աոջև, այսինքն` այն ինստիտուտների, որոնց գոյություն ունեն քաղաքացիների հաշվին և կոչված են ծառայելու նրանց շահերին: Ուրիշ հարց, երբ քաղաքացիների տարբեր խմբեր ցույցեր են անում իրար դեմ`՚ փորձելով իրար վզի փաթաթել սեփական պատկերացումներն այն մասին, թե ինչպես է պետք հավատալ Աստծուն, կամ որ Աստծուն է պետք հավատալ, նաև` ինչպես է պետք սիրել հայրենիքը և մարդկանց (նաեւ ֆիզիկապես): Այդ ամենն, իհարկե, կարելի է, պետք է քննարկել, ինչը, մասնավորապես, Հայաստանում արվում է մամուլում, կայքերում և սոցիալական ցանցերում, գրեթե չի արվում հեռուստատեսությամբ, բայց ոչ թե այն պատճառով, որ գոյություն ունի գրաքննություն, այլ պարզապես չկա նման քննարկումների սպառողը` ժողովուրդն ամբողջ խելքը տվել է սերիալներին: Բայց հիշյալ ոլորտները մարդկանց անձնական կյանքին, համոզմունքներին և տեսակետներին են վերաբերում, և այստեղ չեն կարող լինել դատավորներ ու «պահանջատերեր»:
Վերջերս, հատկապես Pussy Riot-ի կանանց հանդեպ «աստվածահաճո» դատավճռից հետո, Ռուսաստանում ակտիվացել են «ուղղափառները»: Ընդհանրապես, մեծ հարգանքով եմ վերաբերվում կրոնական այդ ուղղությանը, ինչպես և բոլոր ավանդական կրոնական հոսանքներին: Խոնարհվում եմ այդ ուղղությանը պատկանող ռուս փիլիսոփաների ու գրողների առաջ: Բայց այսօրվա «հանուն կրոնի մարտնչողներին» ես չակերտների մեջ եմ դնում, որովհետև նրանց վարքն, իմ կարծիքով, հակասում է քրիստոնեական արժեքներին: Այդ «ուղղափառները» փորձում են տապալել թատերական ներկայացումը, որն իրենց դուր չի գալիս, ներխուժում են թանգարան, որի ցուցանմուշներն իրենց սրտով չեն: Դա, ինձ թվում է, քաղաքացիական ակտիվություն չէ, դա, ավելի շուտ, հիշեցնում է հավատաքննչական արշավ, որն ակնհայտորեն խրախուսվում է այդ երկրի իշխանական որոշ շրջանակների կողմից:
Մեզանում նույնպես կան, ինչպես հայտնի է, «ուղղափառներ» ու «հավատաքննիչներ», որոնց հիմնական գործառույթն է հետևել իրենց ձևով հասկացված և մեկնաբանված կրոնական կամ քաղաքական «հավատքի» մաքրությանը: Իսկական հավատքի, կրոնի, համոզմունքի հետ դա կապ չունի: Պարզապես աշխարհում շատ են մարդիկ, ում անունով անգլիացի բանաստեղծ Թոմաս Աթրենզ էլիոթը անվանել է իր պոեմը` The Hollow Men («Փուչ մարդիկ»): Ի դեպ, այդ հեղինակին է պատկանում նաև հետեւյալ մետքը. «Ժողովրդավարությունը հաղթանակ է տոնել, և հիմա անհատականություն լինելն ավելի դժվար է դարձել, քան առաջ»:
Առավոտ
Իշխանությունն, այնուամենայնիվ, քաղցր բան է` թե´ նրա համար, ով «ազնվորեն ծառայում էր ժողովրդին», թե´ նրա, ով «գռփում և թալանում էր»: Այդ երկու բնութագրերը վերցնում եմ չակերտի մեջ, որովհետև սովորաբար իշխանություն կրողն իրեն վերագրում է առաջին տարբերակը, իսկ մնացած քաղաքացիները վստահ են, որ իրականում երկրորդ տարբերակն էր գործում:
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն, օրինակ, կարծում է, որ նա քաղաքն իր հետնորդին հանձնում է «պոդ կլյուչ», այսինքն՝ այնպիսի կատարյալ վիճակում, որ Սամվել Բալասանյանին մնում է միայն վայելել իր նախորդի անձնուրաց աշխատանքի պտուղները: Դա ասված է մի քաղաքի մասին, որտեղ 24 տարուց ավելի է՝ մարդիկ ապրում են «ժամանակավոր» տնակներում, և այդ տնակային ավաններում մեծացել է մի ամբողջ սերունդ, որի մոտ, հասկանալի պատճառներով, ընդգծված են մեր հասարակության արատները: Թեկուզ այդ պատճառով դժվար է պատկերացնել, որ մեր երկրի երկրորդ քաղաքում ամեն ինչ սարքած է «պոդ կլյուչ»: Փոխարենը հավատում եմ, որ քաղաքապետին [պաշտոնապես` «քաղաքապետի ընտանիքին») պատկանող «օբյեկտները» հենց այդպես էլ սարքած են և պատկառելի եկամուտ են բերում: Եվ հենց դա է քաղցր իշխանության ամենաքաղցր մասը:
Բայց եթե Վարդան Ղուկասյանը քաղաքապետ դառնալու շանսեր չունի և ուզի-չուզի իշխանությունը հանձնելու է գարեջրի բիզնեսմենին, ապա ինչո՞ւ է նրա «գրոհայինների խումբը»` որդու գլխավորությամբ, այստեղ-այնտեղ բախումներ սարքում և նույնիսկ կրակում: Իհարկե, ամեն ինչ կարելի է վերագրել էմոցիաներին` պարզապես մարդկանց սպասվում է տհաճ իրադարձություն` «իշխանազրկություն», և նրանց նյարդերը տեղի են տալիս: Բայց եկեք ընդունենք, որ այդ մակարդակի ղեկավարները կատարյալ հիմար չեն լինում` հակառակ դեպքում իրենց նպատակներին չեն հասնի: Հենց այնպես, հուզական հողի վրա պաշտոնավարման վերջին օրերին սկանդալներ սարքելը չափազանց անհաշվենկատ կլիներ: Ուրեմն այս վարքի մեջ կա ինչ-որ գերնպատակ, ինչ-որ ուղերձ:
Ամենայն հավանականությամբ, ուղերձը կապված է հենց այդ «քաղցր» սեփականության հետ: Պարզ է, թե ինչ ճանապարհով են չքավոր քաղաքում այդ եկամտաբեր օբյեկտները սարքվել, և ինչպիսի բարենպաստ դաշտում էին դրանք գործում, երբ քաղաքապետը «ձիու վրա էր»: Հիմա` իշխանափոխությունից հետո, օբյեկտներին որոշակի վտանգ է սպառնում` նման դեպքերում սեփականության որոշակի վերաբաշխումն անխուսափելի է, որովհետև քաղաքի նոր տերերը իշխանության այս «քաղցր» մասին կմոտենան նոր ախորժակով: Եվ ահա ուղերձի իմաստը կարող է լինել իրավիճակն ապակայունացնելու սպառնալիքը, եթե այդ վերաբաշխումը տեղի ունենա:
Իհարկե, կրիմինալի ուղիներն անքննելի են, և դրա արտահայտման ձևերն ու պատճառները կարող են տարբեր լինել: Բայց նույնն է այն էֆեկտը, որը կրիմինալն ակնկալում է իր գործողություններից` վախը, մարդկանց ահաբեկումը: Գյումրիում այդ «ավանդույթները» ավելի քան 10 տարվա պատմություն ունեն:
Առավոտ
Մեր իրավապահները մի շատ հետաքրքիր սովորություն ունեն` նրանք սիրում են մարդկանց դեմ մեղադրանքներ առաջադրել, իսկ այնուհետև դատել նրանց, այսպես ասած, «փաթեթով»` մեղադրանքի միևնույն տեքստը կիրառելով մի քանի հոգու համար: Դա նկատելի էր, օրինակ, «Մարտի 1»-ի գործերում, մեղադրյալի աթոռին նստած էին, ասենք, 7 հոգի, և նրանք, իբր, կազմակերպել էին զանգվածային անկարգությունները: Կարծես թե նրանք սիամական երկվորյակներ էին և նույն պահին կատարել են միևնույն գործողությունները: Այդ հեղհեղուկ մեղադրանքի հիման վրա էլ նրանք դատապարտվեցին` առանց մանրամասնելու, թե որ պահին ով ինչ է կատարել, ինչ հայտարարություն կամ կոչ է արել, որի հետևանքով էլ տեղի ունեցան այդ անկարգությունները: Սակայն այստեղ պատճառահետևանքային կապերը բացահայտելու համար շատ նուրբ աշխատանք է պետք. հաստատ մեղադրանքի տեքստը գրող քննիչները չէին ուսումնասիրել սոցիալական հոգեբանությունը և չէին կարող ասել, թե երբ և ինչու է «կարգին» ժողովուրդը դառնում «անկարգ» և վերցնում «կացիններն ու եղանները»: «Մարտի 1-ի» գործերում, իհարկե, 50 տոկոսով առկա էր քաղաքական պատվերը, իսկ մյուս 50 տոկոսը քննիչների և դատավորների ծուլությունն էր ու ոչ պրոֆեսիոնալիզմը:
Նույն «չափաբաժինները» նկատվում են «Հարսնաքարի» գործով: Վեց հոգի մեղադրվում են «մահվան հետևանքով անզգույշ ծեծի» մեջ [այդպիսի նուրբ և քնքուշ ձևակերպում է ընտրված` սպանությունը բքողարկելու համար], և մասնավորեցված չէ, թե ով ինչ է արել` մի՞թե նրանք հավասարապես հարվածներ են հասցրել բոլոր տուժածներին, և այդ հարվածներից որո՞նք էին մահացու Վահե Ավետյանի համար: Եթե նախորդ դեպքում քննությունը ենթադրում էր «կոլեկտիվ պատասխանատվություն», ապա այստեղ նպատակը հակառակն է` «կոլեկտիվ անպատասխանատվությունը»: Ո՞ւմ գաղափարն էր ռեստորանի այցելուներին ծեծելը, ո՞վ էր սադրողը, «շիրա տվողը», ով որ չափով էր հանցագործությունն իրականացրել: Ի՞նչ են նշանակում` «սա մեռավ, էլ մի՛ խփեք» բառերը: Այդ հարցերի պատասխանները նախաքննությունը չտվեց, վախենամ` չի տա նաև դատարանը:
Նման հանգամանքների վրա իրավացիորեն ուշադրություն են դարձրել «Հարսնաքարի» գործով տուժածների իրավահաջորդների փաստաբանները և «Վահե Ավետյան» հասարակական նախաձեռնությունը, որի մեջ, ի դեպ, կան ինձ համար շատ հարգելի ու համակրելի մարդիկ: Միակ բանը, որի հետ ես համաձայն չեմ, այդ նախաձեռնության կոչն է` «ժողովրդական տրիբունալ» ստեղծելու: Անկախ նրանից, թե որոնք են, ըստ գաղափարի հեղինակների, այղ «տրիբունալի» նպատակները, իրականում գաղափարը կարող է ակամա հանգեցնել «հեղկոմների», հասարակական հավատաքննիչների և դահիճների ինստիտուտի, ինչը, իմ տեսանկյունից, մերժելի է: Պահանջել կոռումպացված և քաղաքական պատվեր կատարող իրավապահներից իրականացնել նորմալ արդարադատություն` այո´, փորձել որևէ ձևով արդարադատությունն իրականացնել «սեփական ուժերով»` ո՛չ: Ինչպես կասեր հայտնի կատակերգության հերոսը` «դրանք մեր մեթոդները չեն, Շուրիկ:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.