23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին անդրադառնալով կոռուպցիայի վերացման և օրինականության հաստատման խնդիրներին` կարծիք հայտնեց, որ դրանք հեշտ լուծելի են, քանի որ կապված չեն ոչ մենթալիտետի, ոչ էլ ավանդույթների հետ: Միակ բանը, որ դրա համար անհրաժեշտ է, իշխանությունների բարի կամքն է` եթե որոշեն չգողանալ, չեն գողանա: Տեր-Պետրոսյանն իրավացի է այն առումով, որ այդ խնդիրներն ազգային մենթալիտետի հետ կապ չունեն` մեր հայրենակիցները նորմալ երկրներում նույնքան օրինապաշտ են, որքան այդ երկրների մյուս քաղաքացիները: «Ավանդույթներ» բառն էլ այս դեպքում ճշգրիտ չէ` չնայած լայն իմաստով կարելի է խոսել պետական ավանդույթների մասին: Բայց եթե խնդիրը միայն բարի կամքն է, ապա ինչո՞ւ էին գողանում հենց Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ: Չնայած անձամբ երկրի ղեկավարը դրա հետ կապ չուներ, բայց, օրինակ, 95 թվականին «ընտրված» Ազգային ժողովը 50 տոկոսով կազմված էր գողերից և ավազակներից: [Հիմա այդ տոկոսը բարձրացվել է մինչև 75]: Բացատրել կոռուպցիան զուտ անձնական, բայց ոչ ինստիտացիոնալ պատճառներով, ինձ թվում է` նման է այն միամիտ հավատին, որ «չար թագավորին» կարելի է փոխարինել «բարի թագավորով», և դրանով հարցերը կլուծվեն: Վերջերս տաքսու մի վարորդ (դա էլ մեր բնակչության «Փուքուս-խումբն» է) իր սովորական «ժողովրդական» դատողությունները շարադրելով Հայաստանի անկախության մասին` եկավ հետևյալ եզրակացության` «մեր երկիրը անկախ կլինի էն վախտ, երբ էս արագաչափերը կվերացնեն»: Այսինքն` երբ իրեն հնարավորություն տան անպատիժ խախտել օրենքը: Դե, արի ու այդ մարդկանց համոզիր, որ չգողանան:
Ելքը ամեն քայլափոխի «արագաչափեր» դնելն է` բառիս փոխաբերական իմաստով: Այսինքն` ստեղծել հասարակական և պետական վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որոնց շնորհիվ գողանալը կլինի ոչ միայն չափազանց վտանգավոր, այլև ոչ ձեռնտու: Օրինակ` «կարգո»-ում ապրանքը մաքսազերծելիս, եթե դուք «անտեր» մարդ եք, բացառված է, որ ձեզնից կաշառք չուզեն: Ո՞րն է լուծումը` գտնել ազնիվ մաքսավորների՞: Դա ուտոպիա է: Բայց կարելի է մաքսակետերում բազմաթիվ հեռուստախցիկներ դնել, և այդ կամերաները ազդանշան ուղարկեն մի քանի` իրար հետ մրցակցող գերատեսչությունների, ինչպես և ինչ-որ մի հասարակական կառույցի, և դրանից հետո մաքսատան «շուստրյակները» մի քանի անգամ կմտածեն` ամեն մի այցելուի վրա «գործ սարքելուց»: Դրան զուգահեռ այդ մարդկանց, իհարկե, պետք է տալ արժանապատիվ կյանքն ապահովող աշխատավարձ:
Իսկ նրանք, ովքեր պնդում են, թե Հայաստանում երբևէ իշխանության գլխին կհայտնվեն մարդիկ, որոնք զուտ իրենց բարձր բարոյական սկզբունբներից ելնելով կորոշեն չգողանալ, նման բան ասողները կամ ռոմանտիկ մոլորության մեջ են, կամ պարզապես զբաղվում են պոպուլիզմով:
Առավոտ
Անկախության օրվա արձագանքը սովորաբար լինում է երեբ տեսակի: Պաշտոնական, որը բաղկացած է դատարկ, ձևական, մեխանիկորեն արտասանած բառերից: Ընդդիմադիր, «անկախությունն» իհարկե, լավ բան է, բայց մեր անկախությունն իսկական չէ, այ, եթե մենք գանք իշխանության, ապա այդ ժանանակ կապրենք կատարյալ անկախության պայմաններում»: Եվ «ժողովրդական». «էս անկախությունն ո՞ւմ էր պետք, գյոզալական երկիրը քանդին, թալանին, էս խեղճ ժողովրդին դարձրին ստրուկ»: Վերջին արձագանքն ամենավատն է, որովհետև հենց խեղճ ստրուկի հոգեբանությամբ ապրող բնակչության պայմաններում են հնարավոր քաղաքական վերնախավի դատարկ և կրկնվող բանաձևերը:
Մեր զզացմունքները ծնողների կամ երեխաների նկատմամբ մենք չենք պայմանավորում «ռեժիմով», իշխանությամբ, նախագահներով, քաղաքական լիդերներով, փոքր ու մեծ չինովնիկներով: Բայց հենց գործը հասնում է հայրենիքին և պետությանը, մենք սկսում ենք ընդվզել բացարձակ արժեքների դեմ` բա սա հայրենի՞ք է, բա սա պետություն է, որտեղ այս պաշտոնյան սա է անում, այն օլիգարխն իրեն այսպես է պահում, իսկ հարևանն էլ «Մերսեդես-600» է առել, որի հնարավորությունը ես չունեմ: Բայց մեր այդ բոլոր «անդնդախոր» դարդերը բացարձակապես չեն նսեմացնում այն փաստը, որ մենք` հայերս, պետություն ունենք` մի բան, որի մասին դարեր շարունակ երազում են մեզնից շատ ավելի բազմաքանակ ազգեր:
Այս՛ բացարձակապես ոչ անձնական խնդիրը ձեզանում անձնավորվում է: Օրինակ՝ «անկախություն» ասելով Պարույր Հայրիկյանը պատկերացնում է միայն ինքն իրեն: Իսկ մնացած քաղաքացիները տեսնում են իրենց սիրելի կամ ատելի քաղաքական գործիչներին, առաջին հերթին` երկրի ղեկավարներին: Տարբեր ձևով վերաբերվելով այդ բոլոր անձերին` կարծում եմ, որ անկախությունը շատ ավելի մեծ և կարևոր բան է, քան ցանկացած մահկանացու:
Բայց մտածելով անկախության մասին` ես, այնուամենայնիվ, պատկերացնում եմ մարդկանց` այն մարդկանց, որոնք 21 տարի ապրել են այս երկրում, որոնք երբեք ոչ մի պաշտոն չեն ունեցել ու չեն ձգտել դրան, որոնք երբեք չեն եղել պատգամավոր, իշխանություն կամ ընդդիմություն, որոնբ երբեք չեն կախել կուսակցական վեղարը: Մարդկանց, որոնք իրենց տեղում համեստորեն արել ու անում են իրենց գործը և առավոտվանից երեկո չեն տրտնջում իրենց դժբախտ ճակատագրից: Այնպիսի մարդկանց, որոնց Գերմանիայով անվանում են «բյուրգեր», իսկ ԱՄՆ-ում` «միջին ամերիկացի»` հենց նրանք են ցանկացած անկախ պետության հիմքը: Հայաստանում էլ նման հազարավոր մարդիկ կան, բայց նրանք, ցավոք, մեծամասնություն չեն կազմում: Եվ պատճառները միայն նյութական չեն:
Առավոտ
«Շնորհավորում եմ, պարոնայք, քաղաքում կարմիրներ կան»,- բացականչում է շտաբս-կապիտան Օվերչկինը` մտնելով բիլիարդանոց: Սակայն հետո պարզվում է, որ իր գերատեսչությունը կարողացել է բացահայտել ընդամենը կոշկակար ձևացող «կարմիր» մի լրտեսի: Իսկ Երևանում վերջերս թալիբներ են հայտնվել: Թե ինչ գործ ունեն նրանք այստեղ, ինչպես են ներթափանցել` դրա վերաբերյալ հոդաբաշխ պատասխան չի տրվում: Բոլոր դեպքերում զգոն եղեք, հարգելի համաքաղաքացիներ, եթե փողոցում հանկարծ անթրաշ մարդ տեսնեք, իսկույն ահազանգեք ԱԱԾ` մանավանդ, եթե զգաք, որ անթրաշը վաղուց չի լողացել: Հետագայում պետությունը Ձեզ զուցեև պարգևատրի քաղաքացիական զգոնության և (բաrիս բուն իմաստով) լավ հոտառության համար: Առասպելական թալիբները, իհարկե, այնքան էլ հետաքրքիր երևույթ չեն, բայց մեր զարմանալիորեն պասիվ հասարակական կյանքում նրանք չեղած տեղը արթնացրին խորիմաստ մեկնաբանների միտքը և հնարավորություն տվեցին ընդարձակ աշխարհաքաղաքական վերլուծություններ կատարել` ինչ նկատի ունեն աշխարհի ուժային կենտրոնները Հայաստան թալիբներ ուղարկելով: Թալիբների մեջ գոնե կա ինչ-որ էկզոտիկա, թե չէ` մեր ժողովուրդը ստիպված է բավարարվել «առօրեական» լուրերով, «էն օրը մոտս բավականին լուրջ կին էր նստել, նրա քույրը Պետրոզավոդսկ է աշխատում և տեսել է, թե ինչպես են մեր նախարարները այնտեղ մեշոկներով փող բերում և կազինոներում կրվում»: Որ մեր նախարարներն անկաշառ չեն՝ վերջերս, այսպես ասած, հաստատվեց բարձրագույն մակարդակով: Բացառված չէ նաև, որ նրանք ինչ-որ մի տեղ խաղատուն են գնում: Երկու տեղեկություն, սակայն, այս առասպելի մեջ լավ մտածված չէ. «մեշոկները»` այսօր փողերը տեղափոխելու ավելի հարմարավետ ձև կա` բանկային քարտը, և Կարելիայի մայրաքաղաքը, որտեղ խաղատներն աշխարհում լավագույնը չեն: Բայց ինչ ասես այդ մարդուն, որը տեսել է մի կնոջ, որը ճանաչում է մեկ այլ կնոջ և այլն: Այդ մարդը թալիբ էլ տեսած կլինի:
Երեկ ես պատիվ ունեի շփվելու ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուկի հետ` նա մեկն է մեր մոլորակի 12 մահկանացուներից, որը քայլել է Լուսնի մակերեսով: Այդպիսի մարդու Հայաստանում և Արցախում հայտնվելը մեզ համար պետք է որ ուրախալի փաստ լինի: Բայց երեկ ես լսեցի մեկ այլ կարծիք. ասում են` ոչ տիեզերանավ և ոչ աստրոնավթ Լուսնի վրա չի իջել` այդ ամբողջ տեսագրությունները բեմադրված են այստեղ` Երկրի վրա: Մարդկանց ուղեղում դժվարությամբ են տեղավորվում տիեզերական մասշտաբի երևոյթները, իսկ մանր խարդախությունները` որքան ուզեք: Եվ այդ ժանրի ցանկացած անհեթեթության մենք հակված ենք հավատալու:
Իսկ աֆղանական թալիբներից պետք չէ առանձնապես վախենալ: Ահաբեկվելու համար մեզ մեր տեղական «թալիբներն» էլ են հերիք:
Առավոտ
Կալիֆորնիայում ապրող ինչ-որ մի անհայտ ու անհաջող անձնավորություն youtube-nւմ տեղադրել է ֆիլմ, որը վիրավորում է մահմեդականների զգացմունքները: Շատ վատ է արել` դատապարտենք նման գործելակերպը: Բայց արդյոք այդ մասնավոր անձի արարքը կապ ունի՞ ԱՄՆ-ի և ավելի լայն իմաստով` Արևմուտքի հետ: Ինչո՞ւ հոգևոր այդ հաշմանդամի ցնդաբանությունների համար պետք է պատասխան տա և ներողություն խնդրի ԱՄՆ կառավարությունը կամ Հռոմի պապը, առավել ևս` ինչո՞ւ այդ պատճառով պետք է զոհվի Լիբիայում Ամերիկայի դեսպանը: Սա, հավանաբար, այն ջրբաժանն է, որը տարբերակում է արևմտյան և արևելյան մտածելակերպը: Ըստ վերջինիս` գոյություն չունեն մասնավոր անձինք` իրենց մասնավոր կարծիքով: Կան միայն ազգային-կրոնական թիմեր, որոնք խաղում են կամ, համենայնդեպս պիտի խաղան միևնույն կանոններով: Ըստ այդ մոտեցման` մարդկային անհատական դրսևորումներ գոյություն չունեն` ամեն ինչ կարգավորվում է վերևից եկող հրահանգներով: Դա բավականին նման է այն հայեցակարգին, որը քարոզում էին բոլշևիկները` պարզապես ազգի և «ճշմարիտ» հավատացյալների փոխարեն հանդես էին գալիս «դասակարգերը», ինչի հետևանքով ամեն ինչ դառնում էր «դասակարգային»` իդեալները, մարդասիրությունը, ճշմարտությունը: Նա, ով իրեն թույլ էր տալիս ենթադրելու, որ այդ ամենը կարող է վերդասակարգային բնույթ կրել, առնվազն փտած ինտելիգենտ էր:
Մեր հասարակական կյանքում նույնպես անհատական, անձնական դրսևորումները մերժվում են «վերնախավի» կողմից: Եթե հնչում է որևէ տեսակետ, այդ «վերնախավի» դատավորները շտապում են մտցնել այդ կարծիքը որևէ «ռուբրիկայի» մեջ` իշխանություն, թե ընդդիմություն, ՀՀԿ, թե ԲՀԿ, ազգային, թե ապազգային: Եվ եթե այդ տեսակետը ինչ-որ առումով ձեռնտու չի լինում, ապա հակափաստարկների համակարգը կառուցվում է հենց այդ` «թիմային» հոգեբանության հիման վրա:
Երբ մի կուսակցական փորձում է հերքել մյուս կուսակցականին` «դու ծառայում ես քո տերերին» փաստարկով, միշտ բնական հարց է առաջանում` իսկ նման բան ասողը ո՞ւմ է ծառայում` բացարձակ ճշմարտությա՞նը, դարավոր իմաստությա՞նը: Վաղուց արդեն եկել է ժամանակը, երբ կուսակցականներն իրար և մնացածների մեջ տեսնեն անհատների` իրենց ճիշտ կամ սխալ դրսևորումներով և ոչ թե «դասակարգային ճշմարտությունների» մարմնավորումը: Դա կօգնի փնտրել ցանկացած` ամենահակակրելի կերպարի արտահայտած մտքում կամ գործելակերպում ռացիոնալ հատիկը և բանավիճել դրա շուրջ: Իսկ փնովելն ու զովերգելը թողնել մանկապարտեզային և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին:
Երեկ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հայտարարեց, որ «Սիվիլիթասի» գործը լսվելու է առանց լուսանկարելու և տեսանկարահանելու: Ոչ թե այն պատճառով, որ նիստում պետական գաղտնիքներ են հրապարակվելու, այլ` որովհետև լրատվամիջոց֊ներն այդ դատավարությունը, իր կարծիքով, սխալ են լուսաբանում: Այդ դատավորն էլ, հավանաբար, իր դասակարգային ճշմարտություններն ունի:
Առավոտ
Պատմում են, որ բանասիրական ֆակուլտետում կային դասախոսներ, որոնք, ցանկանալով տապալել ուսանողին քննության ժամանակ, հարցնում էին` ինչպիսի՞ շրջազգեստ էր հագել այսինչ պահին վեպի այսինչ հերոսուհին: Բնականաբար, այդ երկրորդական դետալները սովորաբար հնարավոր չէ հիշել, եթե հատուկ մտքիդ չդնես: Իսկ ահա «քաղաքական» կոչվող գործընթացներում մարդկանց ուշադրությունը, որպես կանոն, սևեռվում է նման դետալների վրա: Նման մոտեցում ունեցողները բաժանվում են երկու կեսի՝ մի մասն ի վիճակի չէ կամ հավես չունի խորանալու, թե ինչի մասին է խոսքը, մյուս մասը շատ լավ էլ հասկանում է, բայց գործի էության քննարկումը նրանց համար ձեռնտու չէ, և նրանք միտումնավոր կենտրոնանում են մանրուքների վրա: Վերջիններս նման են «Բարոն Մյունհաուզեն» ֆիլմի թագավորին, որը ձև է անում, թե իր թագավորության ամենակարևոր խնդիրն է՝ շորերը կարելիս ճիշտ տեղում իրանի տեղը գտնելը: Շաբաթ օրը կառավարությունում կայացած խորհրդակցության ընկալման պատմությունը նույնն է: Քաղաքական գործիչների ու մեկնաբանների 90 տոկոսը «վերլուծում է» ոչ թե ՀՀ նախագահի բուն ասելիքը, այլ այն, թե ինչպես է նա դիմել վարչապետին և նախարարներին: Ընդ որում, այդ «խորքային վերլուծաբանների» հիշողության մեջ, չգիտես ինչու, տպավորվել է, որ Սերժ Սարգսյանը վարչապետին անվանել է «Տիկո»` չնայած նա օգտագործել է «Տիգրան» դիմելաձևը: Իսկ առողջապահության նախարարին, այո, անվանել է «Դերո»: Թերևս իսկապես իմաստ ունի նման միջոցառումների ժամանակ ստորադասներին դիմել «պարոնով», բայց դա չորրորդական նշանակություն ունեցող մանրուք է:
Իսկ կարևորն այն է` գոյություն ունե՞ն, թե՞ չունեն այն խնդիրները, որոնք բարձրացրել է նախագահը: Կա՞ն իրականում պետական միջոցների թալան, կոռուպցիա, «ատկատներ» և այլն: Հնարավո՞ր է արդյոք տնտեսել պետական բյուջեի միլիարդավոր դրամներ, եթե կտրվի նման մեքենայություններով զբաղվող պաշտոնյաների «ծորակը», եթե «ծիգ»-երն ու նախարարությունները չմտնեն հանցավոր համաձայնության մեջ, եթե պետական փողերը ռացիոնալ ծախսվեն: Կա՞ արդյոք բարձիթողի վիճակ դեղերի շուկայում, հնարավո՞ր է այդտեղ տարրական կարգուկանոն հաստատել: Ահա այդ խնդիրների վերլուծությանը ես այս երկու օրվա ընթացքում չեմ հանդիպել: Փոխարենը` չեղած «Տիկո»-ի և եղած «Դերո»-ի քննարկում, լավագույն դեպքում` գուշակություններ սուրճի բաժակի շուրջ, թե երբ է փոխվելու վարչապետը: Վերը նշված խնդիրները արդյոք պայմանավորվա՞ծ են վարչապետի, նախագահի կամ որևէ այլ պաշտոնյայի անձով: Թե՞ պետք է ստեղծել ինստիտուտներ, մեխանիզմներ, կանոնակարգեր` այդ ամենը հետզհետե վերացնելու համար:
Ինձ երբեմն թվում է, որ անձնական մակարդակով ոադիկալ փոփոխությունների կոչեր են անում հենց նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրական կյանքում որևէ բան փոխվի:
Առավոտ
Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն ի վերջո հանգեցնելու է նրան, որ առաջիկա նախագահական ընտրություններին այս երկու քաղաքական ուժերն ունենալու են մեկ միասնական թեկնածու՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի:
«Առավոտ»-ը ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից ճշտեց՝ բացառո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած, դեռ քննարկումներ չեն եղել: Ընդհանրապես որեւէ բան չի կարելի բացառել, բայց դեռեւս որեւէ քննարկում չկա, որեւէ որոշում չկա: Այնպես որ, հենց որ լինի՝ անպայման դուք կիմանաք: Բայց որևէ տարբերակ ես չեմ բացառում»:
Հարցին՝ հնարավո՞ր է , որ սա այն տարբերակն է, որ առանց կրակ ծուխ չի լինում, այսինքն՝ կա նման տարբերակ՝ պարոն Մելքումյանը պատասխանեց. «Չէ,գիտեք ինչ, տարբեր վարկածներ կարող են լինել, որոնց հիմքերն այսօր չկան: Կան վարկածներ, որոնցից ամեն մեկի հավանականությունը տարբեր տոկոսներով կարող է արտահայտվել»:
Առավոտ
Բուլղարական լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե իբր Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հասցեին վանկարկում էին` «գնչուներ», և մեր ֆուտբոլի ֆեդերացիան, ըստ այդ լուրերի, բողոք է ներկայացրել` մեղադրելով բուլղարացի մարզասերներին ռասիզմի մեջ: Հայաստանում այդ լրատվությունը ոչ ոք չի հաստատում, բայց եթե նման վանկարկողներ իսկապես եղել են, ապա զարմանալի է, որ բարեկամ ժողովրդի մեջ կան մարդիկ, որոնք այդքան սխալ պատկերացումներ ունեն մեր ազգի մարդաբանական տիպի և կացութաձևի մասին: Բայց առավել կարևոր է, որ միջազգային ատյանները, այդ թվում` ՖԻՖԱ-ն, չափազանց զգայուն են այդ խնդրի վերաբերյալ և իսկապես հաճախ պատժում են այն երկրներին, որոնց երկրպագուները ռասիստական դրսևորումներ ունեն: Օրինակ` Եվրոպայի վերջին առաջնության ընթացքում Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է ոչ միայն ֆանատների խուլիգանության, այլև ռասիստական արարքների համար:
Թվում է, թե նման մոտեցումը ավելորդ եվրոպական «պոլիտկոռեկտություն» է: Բայց իրականում դա որոշակի մտածելակերպ է, արժեքային համակարգ, որի կանոններին երբեմն իրենք` եվրոպացիները չեն հետևում, բայց մենք` հայաստանցիներս, դրանք մինչև վերջ չենք ընկալել: Դրա վկայությունները բազմաթիվ են: Վերջերս Շիրակի մարզի Չորակապ գյուղում տեղի են ունեցել գյուղապետի ընտրություններ: Տեղի բնակիչները պնդում են, որ իր «վերարտադրությունն» ապահովելու համար գյուղապետը Ախալքալաքից մի քանի ժամով բերել էր գյուղում երբևէ չապրած, բայց գրանցում ունեցած մարդկանց, որոնք քվեարկել են իր օգտին, իսկ հետո վերադարձել Վրաստան: Շատ հնարավոր է, որ հենց այդպես էլ եղել էր: Բայց տեսեք, թե ինչ միջոցների են պատրաստ դիմել բողոքավորներից ոմանք. նրանք, իրենց պահանջը չբավարարելու դեպքում, սպառնում են փակել ճանապարհները [դա նորմալ է] և գյուղից վռնդել այն ախալքալաքցիներին, որոնք այնտեղ մի քանի տարի ապրում են` սյուժեն եթեր է գնացել թե Գյումրիում, թե Երևանում: Այսինքն` գյուղապետի հնարավոր ապօրինության համար պետք է պատասխան տան ոչ մի մեղք չունեցող մարդիկ:
Դե, հիմա համեմատեք այդ մոտեցումը նման մտածելակերպի համաշխարհային արտապատկերի հետ: Մահմեդականները դժգոհ են մնացել ինչ-որ ամերիկյան ֆիլմից, որը, իրենց կարծիքով, սխալ լույսի տակ էր ներկայացնում սեպտեմբերի 11-ը: Ո՞րն է դրա դեմ բողոքելու ձևը` գնդակոծել և հրետակոծե՞լ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները տարբեր երկրներում: Նույն տրամաբանությունն է:
Անձամբ ինձ համար ավելի կարևոր են մարդկային հատկանիշները, քան ազգային պատկանելությունը, առավել ևս` «որտեղացի» լինելը: Այսինքն` ես խնդիր չունեմ շփվելու ադրբեջանցիների հետ: Ես խնդիր ունեմ շփվելու այն մարդկանց հետ` թեկուզ հայերի, որոնք գտնում են, որ կացնով քնած մարդուն սպանելը որևէ ձևով հնարավոր է արդարացնել:
Առավոտ
Գիտե՞ք, թե որն է Վրաստանի ցանկացած բնակավայրի` նույնիսկ աղքատ, հետամնաց գյուղերի ամենաշքեղ կառույցը: Դա ոստիկանության բաժանմունքն է. բոլորն ակնհայտորեն սարքած են մեկ նախագծով` երեք կողմից ապակեպատ շինություններ են: Ցանկացած անցնող-դարձողը կարող է տեսնել, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Սա, այսպես ասած, ձևի և բովանդակության միասնության դրսևորումներից մեկն է` ուղիղ և փոխաբերական իմաստով թափանցիկության ցուցադրում: Ենթադրվում է, որ նման շինություններում հնարավոր չէ մարդ խոշտանգել կամ կաշառք վերցնել` չնայած բացառված է, որ Վրաստանում կամ աշխարհի որևէ այլ երկրում նման բան ընդհանրապես տեղի չունենա: Բայց «թափանցիկության» հոգեբանական ազդեցությունը, այնուամենայնիվ, կա` պետությունը, նրա իրավապահ մարմինները առնվազն ցույց են տալիս իրենց մտադրությունները:
Հավանաբար, դա վրացիների գյուտը չէ: Միացյալ Նահանգների կառավարությունը, որն ամեն ձևով աջակցում է մեր հարևաններին, մեծ փողեր է ներդրել նաև Վրաստանի ոստիկանության արդիականացման վրա, ինչից շահել են, իհարկե, առաջին հերթին այդ երկրի շարքային քաղաքացիները, բայց նաև` հայ զբոսաշրջիկները, որոնց թիվը ամռան ամիսներին հասնում է տասնյակ հազարների: Ոստիկանությունն այնտեղ կողմնորոշված է ոչ թե բռնելու և «փող կլպելու», այլ ծառայություն մատուցելու ուղղությամբ: Խորհրդային «միլիցայի» սինդրոմը Վրաստանում, կարծես թե, հաղթահարված է: Չէի ասի, որ այդ ուղղությամբ Հայաստանում ոչինչ չի արվում` արվում է, բայց «արմատականության» ավելի ցածր մակարդակով:
Դառնալով ոստիկանության բաժանմունքների թափանցիկ տեսքին` ուզում եմ ասել, որ դա միայն առաջին հայացքից է ձևականություն: Երբեմն այդպիսի ձևականությունների տակ լուրջ բովանդակություն է թաքնված: Հայաստանում էլ որոշ հիմնարկներ, համենայնդեպս` իրենց արտաքին տեսքով, տարբերվում են այն վիճակից, որը կար թեկուզ 10 տարի առաջ: Խոսքը թե պետական և թե մասնավոր հաստատությունների մասին է: Դուք չեք կարող համեմատել հայաստանյան կապի երեք օպերատորների գրասենյակները հին «ատեես»-ների հետ, որտեղ իրար գլխի էին հավաքվում մի քանի տասնյակ մարդ, իսկ փնթի աշխատակցուհիները աջուձախ շշպռում էին հաճախորդներին: Այսօր Երևանում կադաստրի մասնաճյուղերը խիստ տարբերվում են այդ կառույցի նախկին գրասենյակներից: Կամ` ճանապարհային ոստիկանության այն բաժանմունքը, որտեղ ավտոմեքենաների համարներ են տալիս, նման չէ առաջվա «մռու»-ին: Բոլոր նշված տեղերում համակարգիչների մոտ նստած են բարետես աղջիկները և ոչ թե շշպռում են, այլ սպասարկում են ձեզ:
Ես հասկանում եմ, թե որքան անշնորհակալ գործ է Հայաստանում որևէ լավ բան գրելը կամ ասելը և ինչպիսի դիմադրության է դա հանդիպում քաղաքականացված շրջանակներում: Բայց խոսքը տվյալ դեպքում այլ երևույթի մասին է. ձևի փոփոխությունը կարող է բերել, պետք է, ի վերջո, բերի բովանդակության փոփոխության: Ճիշտ նույն ձևով այնպիսի մանրուքը, ինչպիսին է ամրագոտի կապելը, վկայում է թերևս մտածողության մեջ որոշ տեղաշարժի մասին:
Առավոտ
Ո՞վ ասաց, որ Արևմուտքում կոռուպցիա չկա: Երեկ, օրինակ, ոստիկանություն է կանչվել Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմենիկ դե Վիլպենը, որին, ըստ ամենայնի, կասկածում են հյուրանոցային բիզնեսում տեղ գտած խարդախությունների հետ առնչություն ունենալու մեջ: Ֆրանսիական թերթերը հիշեցնում են, որ այդ անձնավորությունը, լինելով նախկին նախագահ Սարկոզիի կուսակիցը, բարդ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ և մի շարք կասկածելի գործերով կամա թե ակամա նպաստել էր Սարկոզիի պարտությանը: Միանգամայն պատկերացնելի է, որ քաղաքակիրթ երկրի վարչապետը կարող է այս կամ այն բիզնեսմենի հետ «օրթախ գործ բռնել», ինչպես որ մեր պաշտոնյաներն են «մտած» Հայաստանում բոլոր քիչ թե շատ եկամտաբեր բիզնեսների մեջ:
Սակայն ես շատ ավելի վատ եմ պատկերացնում, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը, ստանալով մանդատը, իր առաջին գործը կհամարի շքեղ վերանորոգել այն կաբինետը, որը պետությունը նրան տվել է ժամանակավորապես` պատգամավորական պարտականությունները կատարելու համար: Գեղջկական այդ չտեսությունն անմիջապես աչքի կզարներ և կդառնար հասարակական լայն քննարկումների առարկա: Որովհետև մարդու ճաշակը և, վերջին հաշվով, մտավոր մակարդակը ուղիղ կապ ունեն նրա օրենսդրական գործունեության հետ:
Ժամանակ առ ժամանակ թարմացվում են խոսակցություններն այն մասին, որ թե խորհրդարանի և թե համապետական մակարդակով ստեղծվելու են էթիկայի հանձնաժողովներ, որոնք հետևելու են Հայաստանում այս կամ այն ճանապարհով բուրգի գլխին հայտնված գործիչների վարքուբարքին: Այդ խոսակցությունները շատ արագ մոռացվում են, նախևառաջ հավանաբար այն պատճառով, որ ոչ այդ գաղափարի հեղինակները, ոչ էլ, առավել ևս, հասարակությունը չեն հավատում նման հանձնաժողովների գործունեության արդյունավետությանը: Ի դեպ, սա միակ ոլորտն է, որտեղ չի գործում անմեղության կանխավարկածը: Եթե ինձ մեղադրում են, որ ես ինչ-որ մեկին մորթել եմ, ապա, անշուշտ, մեղադրողներն են, որ պետք է դրա ապացույցները բերեն: Բայց եթե 300 հազար դրամ աշխատավարձ ստացող նախարարը մեկ միլիոն դոլարի առանձնատուն է սարքում, ապա հենց նախարարը պետք է բացատրություն տա, թե ինչ միջոցներով է նա նման հաջողության հասել: Խնդիրն այն է, որ Հայաստանում գեներալները, պատգամավորները, նախարարները և մնացածները չեն վախենում նման հարցերից` լավագույն դեպքում բարեկամների բիզնեսն են վկայակոչում, իսկ սովորաբար ընդհանրապես ոչ մի բացատրություն չեն տալիս: Նույն պատճառով էլ նրանք բացարձակապես զուսպ չեն իրենց չտեսության մեջ:
Ինչ մնում է «ռեմոնտով» տարված պատգամավորներին, ապա նրանց կարելի է հասկանալ` գիրք կարդալ կամ օրենք գրել կարելի է նաև սովորական սեղանի վրա: Բայց նրանք դա չեն պատրաստվում անել: Իսկ ահա քյաբաբ-խորոված կարելի է ուտել միայն «Արմանի» ափսեներով:
Առավոտ
Այն ռուսները, որոնք որոշակի հակվածություն ունեն ալկոհոլի նկատմամբ, ունեն մի ասույթ, որը կարելի է թարգմանել մոտավորապես այսպես. «Ես խմում եմ ոչ թե այն պատճառով, որ շատ եմ սիրում այս անիծյալ օղին, այլ պարզապես ստաժս չկորցնելու համար»: Այս ասացվածքը ես ակամա հիշեցի` կիրակի օրն անցած ընտրությունների կապակցությամբ` հաշվի առնելով այն փաստը, որ մի քանի համայնքներում, մասնավորապես, Գյումրիում, անհրաժեշտության չկար ընտրակաշառք բաժանելու, այնուամենայնիվ, դա, թվում է, թե հակառակ որևէ տրամաբանության` տեղի էր ունենում: Ճիշտ է, «գները» այնքան բարձր չէին, ինչպես խորհրդարանական ընտրություններում` ավագանու աթոռի հավակնորդները մուծում էին 1-3 հազար դրամ, երբեմն ընտրողների սիրտը շահում էին ընտանիքի վրա բաշխելով մի քանի կիլոգրամ միս` դեռ լավ է, ոչ թե մի քանի շիշ գարեջուր: Միակ բացատրությունը կարոդ է լինել այն, որ ընտրվողները չեն կարող պատկերացնել, որ հնարավոր է նպատակին հասնել առանց կաշառքի, իսկ քաղաքացիները չեն պատկերացնում, որ կարելի է «ձրի» գնալ ընտրատեղամաս: Հենց այստեղ է, որ առաջանում է «ստաժի» հարցը` եթե ընտրակաշառքի մեխանիզմն աշխատել է մայիսին և աշխատելու է փետրվարին, ապա ի՞նչ իմաստ կա «ընդմիջում անելու»:
Քանի որ համայնքի ղեկավարի ընտրությունները սովորաբար անց են կացվում ավագանու ընտրությունների հետ միասին, քաղաքապետի կամ գյուղապետի թեկնածուն, որը, այսպես ասած, «դատապարտված է հաղթանակի», աշխատում է ձևավորել նաև ձեռնասուն ավագանի, որպեսզի հանկարծ որևէ մեկը որևէ ձևով չսահմանափակի իր իշխանությունը, և այդ նպատակով նա փող է ծախսում թե անձամբ իր և թե իր թիմակից ավագանու թեկնածուների համար: Այդ «հաղթական» թեկնածուի մտքով, իհարկե, չի անցնում, որ ավագանին Ազգային ժողով չէ, այստեղ քաղաքական շահերի խնդիր չկա, և, հետևաբար, մտածող և ինքնուրույն մարդիկ կարող են օգտակար լինել` համայնքային խնդիրներ լուծելու համար:
Գյումրիում ամբողջությամբ ձեռնասուն ավագանի չի հաջողվել ձևավորել` բոլորը չէ, որ այդ մարմնում գարեջրագործներ են լինելու: Այդտեղ կան նաև գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները, ինչպես նաև այլ ՀՀԿ-ականներ և ԲՀԿ-ականներ, որոնք այս կամ այն պատճառով համաձայն չեն, որ քաղաքում տիրի իրենց «միասնական» թեկնածուն: Եթե ղեկավարվենք հայտնի տրամաբանությամբ, ապա կարելի է արձանագրել, որ այդպիսով հանվել է մի քանի քար` ավազակապետության բուրգից: Այսինքն` քանի որ Գյումրիի գործող քաղաքապետը իշխանությունից դժգոհ է, ապա նա կարող է լինել ընդդիմության դաշնակիցը` հանուն ժողովրդավարության պայքարում:
Բայց սրանք, ի վերջո, մանրուքներ են: Ամենակարևորն այստեղ ոչ թե նոմենկլատուրային խաղերն են կամ` անկախ անհրաժեշտությունից, ընտրակաշառք բաժանելու իշխանավորների հակվածությունը: ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ խնդիրը ոչ թե իշխանության քաղաքական կամքն է, ոչ թե ընդդիմության ակտիվության պակասը, ոչ թե ընտրական մեխանիզմների բացակայությունը: Մեզ մոտ բացակայում է շատ ավելի կարևոր բան` ընտրողները, այսինքն` չկա քաղաքացիների գերակշռող հատված, որը պատրաստ է կատարել իր ազատ ընտրությունը:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.