23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. ««Խավիարային դիվանագիտության» եզրույթին ես առաջին անգամ հանդիպեցի ոչ թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակների ելույթներում, այլ մի քանի ամիս առաջ BBC-ի կայքում` (http://www.bbc.co. uk/russian/international/2012/06/120613_azeri_diplo macy_caviar_esi.shtmlj): Այդ հրապարակման մեջ խոսքն այն մասին էր, որ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» [European Stability Initiative] հասարակական կազմակերպությունը, որն, ի դեպ, հայերի հետ բացարձակապես կապ չունի, բրիտանական խորհրդարանին զեկույց է ներկայացրել, համաձայն որի` Ադրբեջանի իշխանությունը փորձում է չեզոքացնել քննադատությունն իր հասցեին` կաշառելով Եվրոպայի խորհրդի պատգամավորներին: Այդպիսով փորձ է արվում քողարկել մարդու իրավունքների աղաղակող խախտումները հարևան երկրում: Զեկույցն այդպես էլ կոչվում էր` «Խավիարային դիվանագիտությունը»` չնայած խոսքը ոչ միայն բուն խավիարի, այլև կաշառքի բազմաթիվ այլ ձևերի մասին է: Օրինակ, իմ տեղեկություններով, եթե եվրոպական որևէ պաշտոնյա (ոչ միայն ԵԽԽՎ-ից) մտադրվում է գնալ Բաքու, ապա նրա տոմսը ավտոմատ ձևով դառնում է «բիզնես կլասի», հյուրանոցը` 5 աստղանի, մնացած հնարավորությունները` շքեղ ու շռայլ, և այդ ամենը, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունների հաշվին: Եվ եվրոպացիներն այնքան, կոպիտ ասած, «նաֆսից թույլ» են գտնվում, որ մեծ հաճույքով ընդունում են այդ նվերները և իրենց զեկույցներում ու հաղորդագրություններում մեղմ գույներով են ներկայացնում ադրբեջանական «ժողովրդավարության» խնդիրները: Ասում են նաև, որ ոչ մի ավտորիտար երկիր այդպիսի հսկայական միջոցներ չի ծախսում` իր խնդիրները կոծկելու համար: Եվ դրա մեջ իմաստ կա. Ռուսաստանն, օրինակ, դրա կարիքը չունի` եթե նույն Եվրոպայի խորհուրդը Կրեմլին ինչ-որ անհաճո բանաձև է ընդունում, այնտեղ բաց տեքստով հայտարարում են, որ չեն պատրաստվում այդ բանաձևում տեղ գտած «խորհուրդներին» հետևել:
Ադրբեջանի կամ մեր նման երկրները, հասկանալի պատճառով, չեն կարող իրենց այդպիսի վերաբերմունք թույլ տալ` մենք պետք է մտածենք մեր դրական իմիջի մասին: Բայց Հայաստանի դեպքում կա շատ ավելի կարճ ճանապարհ, քան եվրոպացիներին կաշառելն է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք խավիար չունենք: Մանավանդ, որ մեր պրոբլեմները` կապված ժողովրդավարության հետ, շատ ավելի թեթև են, քան Ադրբեջանում: Ավելին` դրանք ավելի թեթև են, քան 2009-10 թվականներին: Ինչի՞ համար անել սխալ քայլեր և փորձել դրանք արդարացնել կամ կոծկել: Մասնավորապես, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների մոտակա ամիսների խնդիրներն այս առումով պետք է լինեն` ա/ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը և բոլոր 4 տղաներին շատ ավելի մեղմ պատիժներ նշանակելը, բ/ Օսկանյանի գործի «ոչ քրեական» հանգուցալուծումը: Հասկանում եմ, որ երկու դեպքում էլ կուսակցականներն ավելին են պահանջում` կատարյալ արդարացում և այլն: Բայց ավելորդ մաքսիմալիզմը հաճախ նման դեպքերում խանգարում է»:
«Առավոտ».
Քանի որ նախագահական ընտրություններում պաշտոնական առաջադրումներին մնացել է երեք ամսից պակաս, հիմնական քաղաքական ուժերը պարտավոր են գոնե ինչ-որ ակնարկներով պատրաստել հասարակությանը, թե ով է մոտ ժամանակներս մասնակցելու նախագահական մրցավազքին: Օրինակ` այսօր ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը «Ա1+» ի P.S. հաղորդաշարին տված հարցազրույցում, արտահայտելով իր անձնական տեսակետը, կարծիք հայտնեց, որ Կոնգրեսի հանրահավաք իմաստ կունենա անցկացնել այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմնորոշվի իր թեկնածությունը առաջադրելու կամ չառաջադրելու հարցում, որովհետև հանրահավաքի մասնակիցները, բացի քննադատություն լսելուց, կցանկանան իմանալ, թե ինչպիսին կլինի ՀԱԿ-ի մարտավարությունը նախագահական ընտրություններում: Այդ մոտեցումն ինձ տրամաբանական է թվում` չնայած կա նաև այլ տեսություն, համաձայն որի` որքան շատ պահես գաղտնիության մշուշը, այնքան լավ: Բոլոր դեպքերում, որքան էլ առաջին նախագահը ցանկանա օր առաջ վերադառնալ իր գրքերին, նա չառաջադրվելու, ինչպես ասում են, տարբերակ չունի, քանի որ հակառակ դեպքում Կոնգրեսը, որպես միասնական ուժ, այլևս գոյություն չի ունենա: Պարզ է, որ ՀԱԿ-ի բոլոր լիդերներն իրենցից բարձր են դասում միայն Տեր-Պետրոսյանին, իսկ երկրորդ տեղում տեսնում են հենց իրենց, իսկ դա նշանակում է, որ ոչ մի այլ թեկնածություն նրանք չեն ընդունի: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն թեմայով հանդես եկավ ԲՀԿ առանցքային դեմքերից մեկը` Վարդան Օսկանյանը, որը կարծիք հայտնեց, թե իր կուսակցությունը պետք է հանդես գա իր սեփական թեկնածուով, և ցանկալի է, որ այդ թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը, բայց եթե վերջինս չհամաձայնի, ապա ինքը` Օսկանյանը, նույնպես պատրաստ է մասնակցել ընտրություններին: Դա նույնպես միանգամայն ճիշտ մոտեցում է. որոշակի ընտրազանգվածային և նյութական ռեսուրս ունեցող կուսակցությունը պետք է առաջ քաշի իր լիդերին, ոչ թե օգնի այլ գործիչների, այդ թվում` նախկին կամ ներկա նախագահներին: Ստացվում է, որ ՀՀԿ-ի լավագույն թեկնածուն Սերժ Սարգսյանն է [դա ակնհայտ է առանց որևէ վերլուծության], ՀԱԿ-ինը` Լևոն Տեր-Պետրոսյանը, ԲՀԿ-ինը` Գագիկ Ծառուկյանը կամ Վարդան Օսկանյանը: Եթե մոտակա երեք ամիսներին որևէ արտառոց բան տեղի չունենա, ապա նախագահի հիմնական թեկնածուները կլինեն այս չորս գործիչները: Եթե այդպես լինի, ապա, ինձ թվում է, նրանց մրցակցությունը կլինի ավելի խաղաղ, հանդարտ և, կարելի է ասել, «դասական», քան երբևէ եղել է նախորդ բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ: Արդեն ասել եմ, որ այդ չորս գործիչներից ոչ մեկից ես վտանգ չեմ զգում: Որովհետև նրանք, շատ տարբեր լինելով, ադեկվատ, հոգեկան լուրջ շեղումներ չունեցող մարդիկ են:
Առավոտ
Վրաստանի հաղթած ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու դատողություններն այն մասին, որ վրացիները կապված են իրենց հողի հետ, իսկ հայերը` ոչ, որովհետև գերադասում են ապրել Վրաստանում, ոչ թե Հայաստանում, իհարկե` որևէ քննադատության չեն դիմանում (հետագա հերքումներն, ըստ էության, այդ պնդման իմաստը չեն փոխում): Նախ` հարևան հանրապետությունում ապրող հայերի մեծ մասի համար Վրաստանը հայրենիք է` նրանց մի քանի սերունդներ ապրել են այդ երկրում, ի դեպ` իրենց կարևոր դերը խաղալով Վրաստանի տնտեսական և մշակութային կյանքում: Երկրորդ` վերջին 20 տարում Վրաստանից և Հայաստանից արտագաղթածների թվերը համադրելի են, և այդ ահռելի թվերից դատելով` կարելի է հետևություն անել, որ մեր երկու ժողովուրդներն էլ հավասարապես կառչած չեն հայրենի հողից: Որոշակի կրթական և մտավոր ցենզ ունեցող մարդն այդ ամենը կհասկանա և «ազգերի համեմատություններ» անելուց առաջ մի փոքր կմտածի: Արձանագրենք, որ ոչ Իվանիշվիլին, ոչ էլ Սահակաշվիլին Սպինոզաներ չեն, բայց անկախ նրանից, թե ով է Վրաստանը ղեկավարելու մոտակա տարիներին` այդ երկիրը որոշ բնագավառներում զգալի առաջընթացի է հասել` Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի գործուն աջակցությամբ, և անձերն այստեղ այնքան էլ կարևոր չեն: Բայց պարզունակ այս մտածողությունը, ըստ որի` կան ինչ-որ հատկանիշներ, որոնք մշտապես բնորոշում են տվյալ ազգը, տարածված է ոչ միայն Հայաստանում և Վրաստանում, այլև քաղաքակրթական որոշակի մակարդակի չհասած բազմաթիվ այլ երկրներում: Ենթադրենք, երբ մենք մեր մասին երբեմն ասում ենք` հայերը ճշտապահ չեն, խարդախ են` դա անհեթեթություն է: Որոշակի սոցիալական միջավայրում, որոշակի հասարակական հարաբերությունների պայմաններում մեր հայրենակիցները դրսևորում են ճիշտ հակառակ հատկանիշներ: Նույնքան սխալ է, իհարկե, ամբողջ ազգին ինչ-որ մի դրական հատկանիշ վերագրելը, օրինակ` «մշակութային ագզ» կամ «աշխատասեր ազգ»: Եթե նայենք մեր պատմական հուշարձանների շուրջը կուտակված «խնջույքային» աղբին, ապա կհրաժարվենք այս ինքնագովեստից: Բայց վստահ եմ, որ Գերմանիայում կամ Շվեդիայում հայերի մեծ մասն այդպիսի վարքագիծ չի դրսևորի: Նույնն էլ` մնացած ազգերը, այն, ինչ սովորաբար, կենցաղային մակարդակով ասվում է, ասենք, թուրքերի մասին, ոչ այլ ինչ է, եթե ոչ` մտածողությունը սահմանափակող սնամեջ կարծրատիպ: Ազգերը, ինչպես և անհատ մարդիկ, իրենց դրսևորում են տարբեր ձևով` կախված նրանից, թե ինչպիսի մշակութային միջավայրում են գործում:
Ռուսական դասական երաժշտության հիմնադիր Միխայիլ Գլինկան իր գիտակից կյանքի մեծ մասն անց է կացրել Եվրոպայում: Ռուսական կայսրության մեջ հայտնի արատները արվեստագետի համար անտանելի էին: Երբ 1856 թվականին կոմպոզիտորը վերջին անգամ լքեց Ռուսաստանը, նա սահմանի վրա կատաղությամբ թքեց հայրենիքի կողմը (մեկ տարի անց մահացավ Բեռլինում): Լեզուս չի պտտվի ասել, որ Գլինկան կապված չէր ռուսական հողի հետ:
Առավոտ
Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ և բազմապիսի գործոններ, որոնցից կարևորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել և, հետևաբար, ոչ մի վատ բան [առայժմ] չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տևական ժամանակ չի ապրել: Մնացած ընդդիմադիրների հետ, այսպես թե այնպես, կապված են տհաճ հիշողություններ, քանի որ նրանք ժամանակին իշխանության մաս էին կազմում և չէին կարող իրենց դրսևորել որպես կատարելության մարմնավորումներ:
Նույնը Հայաստանում է: Որքան էլ ցանկացած նախկին իշխանավոր իր կամ իր թիմի մասին ասի` մենք արդարամիտ էինք, արդյունավետ էինք, ազնիվ էինք և այլն, առաջին հերթին կասկած է առաջանում` իսկ կարո՞ղ է արդյոք ընդհանրապես քաղաքական գործիչը և առավել ևս` իշխանավորը այդպիսին լինել: Մանավանդ, երբ խոսքը ոչ թե Մահաթմա Գանդիի, Նելսոն Մանդելայի կամ Վացլավ Հավելի, այլ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Բայց եթե նույնիսկ այդ` փոքր-ինչ ծայրահեղ դեպքը չվերցնենք, ապա նրանք, ովքեր արդեն 25 տարի մեր քաղաքական կյանքի ասպարեզում են, չեն ուզում ընդունել ամենակարևորը. նրանք բոլորը, անձնական մեծ տարբերություններ ունենալով, միևնույն մշակույթի, միևնույն քաղաքական ոճի, միևնույն մտածելակերպի կրողներ են: Անդրադառնալով ԱԺ-ի կողմից Վարդան Օսկանյանին հանձնելուն` Հայաստանի երկրորդ նախագահը գրում է. «Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետևանքներով»: Միանգամայն ճիշտ գնահատական է: Սակայն որպեսզի այն կատարելապես օբյեկտիվ լինի, պետք է ավելացնել միայն մի բառ` «հերթական»: Այսինքն` ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք սրտի, վերջինը: Առաջին անգամ խորհրդարանն ինքնավարկաբեկվեց 96 թվականի սեպտեմբերի 26-ին, երբ չխորանալով այն խնդրի մեջ, թե ով էր իրականում նախորդ օրը կազմակերպել ԱԺ-ի գրոհը և խորհրդարանի ղեկավարների ծեծը, անձեռնմխելիությունից զրկեց բոլոր ընդդիմադիրներին` շատերին նախապես ծեծելով: Ինքնավարկաբեկման երկրորդ արարն այն ժամանակ էր, երբ մեկ վկայի ցուցմունքով անձեռնմխելիությունից զրկվեց Վանո Սիրադեղյանը: Այնուհետև 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո խորհրդարանը հանձնեց չորս ընդդիմադիր պատգամավորներին` իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ընդ որում, վերջին երկու դեպքում միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այս երկու դեպքերում պարոն Հովսեփյանը գործում էր որպես օրենքի ջատագով և պրոֆեսիոնալ: Ուրեմն, ի՞նչ հիմքեր ունի նա մտածելու, որ Օսկանյանի դեպքում գլխավոր դատախազը խորհրդարան շինծու գործ է բերել:
Ասածս վերաբերում է, բնականաբար, ոչ միայն երկրորդ նախագահին, այլև բոլոր կուսակցականներին, որոնք իրենց քաղաքական ընդդիմախոսներին հաճույքով զրկում են անձեռնմխելիությունից, իսկ երբ գործն իրենց թիմին է հասնում, բողոքում են քաղաքական պատվերից: Բիձինա Հայաստանում չկա և մոտ ապագայում չի երևալու:
Առավոտ
Նախկին խորհրդային և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում բարձրագույն իշխանական և «նրան կից» գործարար շրջանակները վստահ են` եթե նրանք կորցնեն իշխանությունը, դա աղետալի հետևանքների կբերի: Մասամբ իրենց այդ համոզմունքը ճիշտ է` դա կարող է աղետ լինել իրե՛նց համար: Ընդդիմադիրների` «արդար դատաստանի» մշտական սպառնալիքները, ժողովրդական լայն զանգվածների «լատենտ» ատելությունը (որը, սակայն, չի խանգարում նույն զանգվածներին ընտրակաշառք վերցնել), ինչպես նաև իշխանափոխություններից հետո «նախկին հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների հետապնդումը հիմքեր տալիս են գործող իշխանավորներին մտածելու, որ իշխանությունը կորցնելուց հետո իրենց «գործը բուրդ է լինելու»: Հետաքրքիր է նաև, որ այս միանգամայն հասկանալի վախն իրենք ներկայացնում են որպես մտահոգություն երկրի ճակատագրի համար: Եվ ընտրակեղծարարության «պաշտոնական» հիմնավորումը հետևյան է` «բա մենք կարո՞ղ ենթ թույլ տալ, որ սրանք գան իշխանության` նրանք երկիրն ավերակ կդարձնեն»: Մտածողության այս կարծրատիպը գուցե գալիս է ֆեոդալական ավանդույթներից` «թագավորի»` ի վերուստ օծյալ լինելու համոզմունքից: Արևմուտքում այդ կարծրատիպը վերացել է մոտ երկու դար առաջ: Ասիայում, Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում իշխանավորների և մասամբ ժողովուրդների այս պատրանքը պահպանվել է: Իսկ ովքե՞ր են հետխորհրդային լիդերներից, այնուամենայնիվ, փորձում կտրվել այդ ճահճային վիճակից: Վիկտոր Յուշչենկոն և Միխայիլ Սահակաշվիլին` գործիչներ, որոնց ընդունված է «արևմտամետ» անվանել: Առաջինը, պարտվելով նախագահական ընտրություններում, իր իշխանությունը խաղաղ փոխանցեց Յանուկովիչին: Երկրորդը անցած երկուշաբթի անօրինական ճիգեր չգործադրեց` խորհրդարանում մեծամասնությունը պահելու համար: Իհարկե, այդ գործիչները հեռու են իդեալից, և իրենց երկրներում վիճակն առանձնապես նախանձելի չէ: Բայց ես պատահական չեմ համարում, որ հենց նրանք են այս հարցերում դրսևորել որոշակի պետական խոհեմություն` այդպիսով նպաստելով իրենց հասարակությունների հասունացմանը: Իսկ հասուն հասարակությունն այն է, որտեղ քաղաքացիները գոնե մի քիչ հավատում են, որ իրենց վարքից, իրենց ակտիվությունից, ամենակարևորը` իրենց ձայնից, քվեից ինչ-որ բան կախված է: Այդպիսի քաղաքացիները չեն արտագաղթում երկրից` անգամ եթե գտնվում են սուղ նյութական պայմաններում: Ավելի քիչ է նաև հավանականությունը, որ նրանք կսկսեն սեփական երկիրը թալանել:
Բոլորը կարծես ընդունում են, որ մեր, ինչպես նաև շատ այլ երկրների խնդիրը իներտ, կրավորական, փնթփնթացող զանգվածի փոխարեն քաղաքացիներ, ընտրողներ ունենալն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է առնվազն երկու նախապայման` առաջինը իշխանությունների գահընկեց լինելու վախից ազատվելն է, երկրորդը` «թագավոր-ստրուկ» հոգեբանությունը հաղթահարելը: Վստահ եմ, որ այդ երկու նպատակների համար էլ հասարակությունները պետք է շարժվեն, դեպի արևմտյան, եվրոպական արժեքներ:
Առավոտ
ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը երեկ ելույթ ունենալով խորհրդարանում` «ի պաշտպանություն» Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու, անդրադարձավ նաև աշխարհաքաղաքական խնդիրներին: Որքան հասկացա, պատգամավորի միտքը հետևյալն էր. պարոն Օսկանյանն իր քաղաքական գործունեության ֆինանսական բաղադրիչն ապահովելու համար օգտվում էր ԱՄՆ Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Ջոն Հանթսմանի աջակցությունից (պետք չէ ձև անել, որ դա այդպես չէ` ուրիշ հարց, որ դա «փողերի լվացում» չէ): Պարոն Հանթսմանի կուսակցությունը բավականին կոշտ քննադատում է Պուտինի ռեժիմը: Սակայն պարոն Օսկանյանի կուսակցությունը և դրա փաստացի հիմնադիր Ռոբերտ Քոչարյանը չափազանց ջերմ վերաբերմունք ունեն ոչ միայն Պուտինի, այլև Լուկաշենկոյի ռեժիմների հանդեպ` հավանաբար զգալով նրանց հետ որոշակի հոգևոր հարազատություն: Եվ ահա պատգամավոր Գեղամյանը, որը նույնպես այս «եվրասիական» [կացնային-ավտորիտար] մտածելակերպի ջատագովն է, այստեղ իրավամբ հակասություն է տեսնում: Հատկանշական է, որ երեկ խորհրդարանում խոսվում էր ոչ այնքան փողերի, փոխանցումների ու հաշիվների, որքան քաղաքականության մասին, որովհետև խնդիրն ինքնին քաղաքական է և կապված է առաջիկա նախագահական ընտրությունների հետ: Ոմանք պնդում են, որ Օսկանյանը` իր հակասություններով հանդերձ, կարող է լինել ընդդիմության թեկնածու, և հենց դրա համար են իրեն ճնշում: Ոմանք էլ ասում են, որ իշխանությունը հատուկ է նախկին արտգործնախարարի գլխին «տառապյալի» պսակ դնում, որպեսզի հենց նա՛ ընկալվի որպես այլընտրանք և հեշտությամբ պարտվի ընտրություններում: Ոչ ոք, բնականաբար, չի հավատում, որ պատգամավորների շրջանում օրինականության հաստատումը պետք է սկսվի հենց Վարդան Օսկանյանից և ոչ թե, ասենք, Վարդան Այվազյանից կամ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող մի քանի տասնյակ պատգամավորներից:
Բայց պարոն Գեղամյանի նկատած հակասությունը միակը չէ: Մյուս հակասությունը կապված է ՀԱԿ-ի դիրքորոշման հետ: Մի կողմից` այդ կուսակցությունը (ժամանակն է, ի դեպ, որ ՀԱԿ-ականները խոստովանեն, որ իրենք մեկ կուսակցություն են, ոչ թե կուսակցությունների դաշինք) չի կարող չպաշտպանել պատգամավորին քաղաքական հետապնդումներից: Մյուս կողմից` չի կարող չհիշեցնել նախկին արտգործնախարարին և քոչարյանական թիմի առանցքային դեմքին իր մեղքերը: Ես, օրինակ, կհիշեցնեի նաև, թե ինչպես էին 2008 թվականին ԲՀԿ-ականներն ընդունել ժողովրդավարությունը վայրագորեն սահմանափակող արտակարգ դրությունը և ինչպիսի հեշտությամբ էին նրանք «հանձնել» իրենց ընդդիմադիր գործընկերներին: Այդ ժամանակ քաղաքական հաշվեհարդարներն իրենց չէի՞ն հուզում: Թե՞ չէին ենթադրում, որ 4 տարի անց նույն վիճակում են հայտնվելու:
Մի խոսքով, որպես ՀԱԿ թեկնածու` Վարդան Օսկանյանը չի նայվում: Չնայած ո՞վ գիտի, թե որքան հեռու կարող են գնալ պրագմատիզմն ու «ռեալ պոլիտիկ»-ը::
Առավոտ
Պատգամավորական անձեռնմխելիությունը ճիշտ բան է: Որքան էլ քաղաքացիները դրա դեմ բողոքեն, հատկապես ընտրություններից առաջ, որքան էլ նրանք իրավամբ պնդեն, որ կիսագողական գործարարները ձգտում են խորհրդարան մտնել` իրենց անպատժելիությունն ապահովելու համար, միևնույն է` դա անհրաժեշտ ժողովրդավարական նորմ է: Այստեղ գործում է հայտնի իրավական սկզբունբը, համաձայն որի` ավելի լավ է պատժից խուսափեն 10 մեղավորներ, քան դատապարտվի մեկ անմեղ: Տվյալ դեպqում ավելի լավ է, որ, ասենք, Թոխմախի Մհերը կամ գեներալ Մանվելը պատգամավորական անձեռնմխելիություն ունենան, քան Վարդան Օսկանյանը չունենա:
Վարդան Օսկանյանի գործունեությունը` մինչև ընդդիմադիր դառնալը, ինձ առանձնապես դուր չէր գալիս: Եթե նա այնքան համոզված ժողովրդավար էր, ապա ինչո՞ւ ձայն չէր հանում, երբ ընտրություններ էին կեղծվում, ընդդիմադիրներին բանտ էին գցում և խոշտանգում, «Ա1+» էին փակում: Կամ` ինչո՞ւ շտապեց աշխատանքից ազատել դիվանագետներին, որոնք շատ մեղմ եղանակով հայտարարել էին, որ 2008 թվականին ընտրությունները պետբ է արդար անցկացնել: Արտաքին քաղաքականի մեջ էլ «Մեղրիի տարբերակը» ինձ պարզապես սարսափելի է թվում` լավ է, որ այն չիրականացավ: «Մարտի 1-ի» սպանդի և ընդդիմության բիրտ հետապնդումների համար նա, որպես թիմի անդամ, նույնպես պատասխանատվություն է կրում:
Բայց դրանք պարոն Օսկանյանի քաղաքական մեղքերն են, որոնց համար նա պատասխանատու է հասարակության, բայց ոչ օրենքի առաջ: Նրա դեմ գործ են սարքում [իսկ ոչ ոք չի կասկածում, որ դա այդպես է] ոչ թե «իշխանական», այլ հետագա ընդդիմադիր գործունեության պատճառով: Այսինքն` մի բան է, թե նա բարոյական իրավունք ունի, թե չունի խոսելու, ասենք, ժողովրդավարության կամ արդար ընտրությունների մասին: Մեկ այլ բան է, որ նա չպիտի նստի իր չգործած հանցանքների համար: Պատգամավորին ազատազրկելու համար անհրաժեշտ է նրա գործընկերների համաձայնությունը: Հաշվի առնելով այս և նախորդ գումարումների ԱԺ-ի որակները` դա միանգամայն հնարավոր է: 98 թվականին պատգամավորների մեծամասնությունն անզուսպ խանդավառությամբ զրկեց Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից: Նրանք շատ լավ գիտեին, թե ինչ է իրենց և իրենց բիզնեսի հետ անելու Ռոբերտ Քոչարյանը, եթե հանկարծ որոշեին Վանոյին «չհանձնել»: Ավելին` այն ժամանակվա իշխանության «աչքը մտնելու» համար նրանք, չխնայելով իրենց պերճախոսությունը, միացան պաշտոնապես հրահրված «հակավանոյական» հիստերիային: Ի դեպ, դաշնակցականներն էլ դրան միացան` վրեժ լուծելով ժամանակին իրենց հետապնդած ՀՀՇ-ից: Հիմա մթնոլորտը բոլորովին այլ է` չկա «պատժվելու» վախը, չկա հիստերիան: Կարծում եմ` չի լինելու նաև ՀԱԿ-ականների վրեժը` իրենց հետապնդած քոչարյանականներից: Հետևաբար, ես հույս ունեմ, որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ կքվեարկեն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն, իսկ հանրապետականներից նույնպես կգտնվեն պատգամավորներ, որոնք անհատներ են, ոչ թե գորշ զանգվածի ներկայացուցիչներ:
Առավոտ
Թերահավատությունը, որը դրսևորում է հասարակությունը նախագահի ձեռնարկած վերջին քայլերի նկատմամբ, բնական է` ինչո՞ւ հիմա, ոչ թե, ասենք, 2-3 տարի առաջ: Իսկապես որ` ինչո՞ւ, այդ հարցը ես էլ եմ տալիս և իշխանության ներկայացուցիչներից անկեղծ պատասխան չեմ ստանում` «մենք հիմա չէ, որ դա անում ենք, մենք միշտ, ամենուրեք» և այլն: Իրականում անցյալում մենք տեսել ենք Հովհաննես Թամամյանի և Մարգար Օհանյանի «դեպքերը»` ինչ խոսք, շատ դրական է, որ նրանք նստած են, բայց ոստիկանությունում շարունակում են ծառայել նրանց նման տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս անգամ, սակայն, մոտեցումը, կարծես թե, ավելի համակարգային է:
Իհարկե, այդ ամենը պետք էր սկսել 2008 թվականին: Բայց հաշվի առնենք «մարտի 1-ից» հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը` լարվածությունը ոչ միայն քաղաքական էր, այլև հասարակական: Այդ մթնոլորտը փոխելու համար անհրաժեշտ եղավ մոտ երեք տարի` չնայած այստեղ էլ, կարծում եմ, կարելի էր ավելի արագ գործել: Հետո եկան խորհրդարանական ընտրությունները, անկախ նրանից, թե ինչպես են դրանք ընթացել, արդյունքը պետության տեսակետից բավականին օպտիմալ է` իշխանությունը, պահպանելով իր դիրքերը, ձեռք բերեց պաշտոնական, պառլամենտական մակարդակում մեղմ ընդդիմախոսներ` ի դեմս «Բարգավաճի», և արմատական ընդդիմախոսներ` ի դեմս ՀԱԿ-ի: Որքան սուր լինեն հարցադրումները, այնքան լավ, այնքան պաշտոնյաներն ավելի զգաստ կլինեն: Ի դեպ, իզուր է Կոտայքի մարզպետը զարմանում կամ զայրանում` իրեն վստահված են բյուջեի, հարկատուների փողերը, և այդ գումարների ամեն մի կոպեկի համար նա պարտավոր է անձամբ հաշվետվություն տալ խորհրդարանին` դա է ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներից մեկը:
Խոսքն, ի վերջո, հենց ժողովրդի փողերի մասին է. այդ գումարները մեզնից պետք է հավաքվեն` մեզ ծառայեցնելու համար: Իրականում դրանք հաճախ ծառայում են հղփացած և լկտի բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանք առանց այդ էլ աղքատ մարդիկ չեն` «մտած են» տարբեր բիզնեսների մեջ, և այդ փաստով էլ հետագայում անհրաժեշտություն կառաջանա զբաղվելու: Բայց բիզնեսները նրանց չեն բավարարում, և նրանք ձեռք են գցում նաև բյուջեին: Տրամաբանական է, որ կառավարությունում ընդհանուր խոսակցությունից հետո նախագահը սկսեց բանակից` այն գեներալները, ովքեր գողանում են մեր սահմանին կանգնած զինվորներից, պետք է դատապարտվեն շա՜տ երկար տարիների ազատազրկման: Պակաս կարևոր չէ շինարարությունը` գործարարները պնդում են, որ ՉԿԱ պետության կողմից պատվիրված որևէ շինարարություն, որտեղ նախարարությունը կամ մարզպետարանը 10 տոկոսանոց «ատկատ» չի ուզում: Նույնպիսի մի «օբյեկտ» է առողջապահության նախարարությունը, եթե, ըստ ֆինանսների նախարարի, մեկ գնման գինը կարող է տատանվել կես միլիարդ դրամով, ապա հասկանալի է, թե քանի հազար սոցիալապես անապահով մարդ է զրկվում բուժօգնությունից:
Վստահ եմ, որ կլինեն նոր պաշտոնանկություններ և ձերբակալություններ: Գուցե դրանց «զոհերին» կանվանեն «քավության նոխազ»: Բայց պետք չէ կոռումպացված չինովնիկներին համեմատել այդ անմեղ կենդանիների հետ: Նրանք այծ չեն` իսկական գիշատիչ են:
Առավոտ
ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել «մարտի 1-ի» դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով: Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է և տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: Ինչ խոսք, նա Չայկովսկու հայտնի բալետի սպիտակ կարապներից մեկը չէ: Բայց, մյուս կողմից, ինչ-որ արտառոց հրեշ էլ չէ` շարքային հայկական [հետխորհրդային] դատախազ` կոռուպցիայի և սադիզմի «սովորական» չափաբաժնով: Տա Աստված, գա այն ժամանակը, երբ կքննվեն նախկին զինդատախազի ենթադրյալ հանցագործությունները` դա կլինի այն ժամանակ, երբ նրա հետ աշխատած դատախազներն ու քննիչները այլևս չեն զբաղեցնի իրենց պաշտոնները: Բայց դա պակաս արդիական խնդիր է, քան «մարտի 1-ի» սպանդի քննությունը:
Գրեթե ամեն օր (օրինակ` երկու օր առաջ Մադրիդում) տեղի են ունենում ընդհարումներ ցուցարարների ու ոստիկանության միջև, և վերջիններս ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, հաճախ լինում են նաև վիրավորներ: Բայց այդ ընդհարումների ժամանակ, որպես օրենք, ոչ ոք չի մահանում: Պատճառը պարզ է. ոստիկաններին հրաման չի տրվում կրակել մարդկանց վրա մարտական փամփուշտներով և «Չերյոմուխա» տիպի զենքով: «Մարտի 1-ի» դեպքում ո՞վ է նման որոշում ընդունել` այդ հարցի պատասխանը չեն տվել ոչ հետաքննության մարմինը, ոչ էլ Նիկոյանի հանձնաժողովը:
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ գործով պետք է զբաղվի քաղաքական մարմինը` Ազգային ժոդովը: Որովհետև «մարտի 1» ասելով, կարծում եմ, պետք է հասկանալ ոչ միայն 10 հոգու սպանությունը, այլև այն, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ և դրանից հետո: Օրինակ` այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը համալսարանի ուսանողների առաջ, երբ նա ասում էր, որ ցույցերի կազմակերպիչները եթե այդպես շարունակեն, պետք է նստեն: Որքան հասկանում եմ, երկրի ղեկավարը չպիտի որոշի կամ նախօրոք հայտարարի, թե ով պիտի ազատազրկվի` դա արվում է միայն դատարանի վճռով: Ճիշտ այդպես նա չպիտի իր մոտ հավաքի Սահմանադրական դատարանի անդամներին և հրահանգի, թե ինչպիսի որոշում նրանք պետք է ընդունեն: Դրանով է տարբերվում բռնապետությունը օրինական երկրից: Հավանաբար, խորհրդարանական հանձնաժողովը պետք է անդրադառնա նաև այն փաստին, որ մարտի 1-ից 20-ը լրատվամիջոցների գրաքննություն էր գործում` ԶԼՄ-ները պարտադրված էին հայտնել միայն պաշտոնական տեսակետ, իսկ դա նշանակում էր բոլոր նորմալ լրատվամիջոցների փակում: Իհարկե, օբյեկտիվ քննությունը պետք է հաշվի առնի նաև մարտի 1-ից առաջ որոշ ընդդիմադիրների սադրիչ հայտարարությունները: Բոլոր դեպքերում «մարտի 1-ը» խարան է ոչ միայն նախագահների, իշխանության, իրավապահների, այլև պետության և ժողովրդի վրա: Որքան շուտ մենք ազատվենք այդ խարանից, այնքան լավ:
Առավոտ
92 թվականի գարնանը նկարահանումներ էինք կատարում Շահումյանի շրջանում: Մեզ «կցել» էին դաշնակցական ջոկատին` հավանաբար, հաշվի առնելով այդ ջոկատի օրինակելի կարգապահությունը: Տղաների հետ բարձրանում էինք դիրքերը, և մեր ճանապարհին մի աղվես հայտնվեց: Երիտասարդ զինվորներից մեկը ավտոմատն ուղղեց կենդանու վրա` ուզում էր կրակել: Հրամանատարը խստորեն հանդիմանեց նրան. «Դու եկել ես այստեղ ոչ թե կրակելու-սպանելու, այլ քո հողը, քո հայրենիքը պաշտպանելու, իսկ դրա մեջ մտնում է նաև քո բնությունը»:
Այդ պատմությունը հիշեցի այն պահին, երբ երեկ տեսա այն սահմռկեցուցիչ կադրերը, որոնք պատկերում են Խոսրովի անտառում «լավ տղերքի» խրախճանքի հետևանքները: Մտածեցի` նորմալ մարդիկ, որոնց հանդիպում էի պատերազմի ժամանակ, կամ գնացել են երկրից, կամ սոցիալական խնդիրների լծի տակ մի տեսակ կծկվել են, հեռացել են հասարակական կյանքից: Փոխարենն ասպարեզում են հոգևոր հաշմանդամները, որոնք իրենց մասին թյուրիմացաբար ասում են` «ուժեղ ենք, հզոր ենք», բայց իրականում ապրում են խղճուկ և անիմաստ կյանքով, որը, ճիշտ է, շատերի համար նախանձի առարկա է, այսպես ասած` երազանքի ուղենիշ:
Այդ անիմաստ ապրելակերպի անբաժանելի մասն է կազմում բնությանը վնաս տալը և կենդանիներ սպանելը: Հոգեպես առողջ մարդը կարիք չունի ինքնահաստատվելու` զենք օգտագործելով անզեն կենդանիների դեմ: Զվարճանալու համար շնչավոր էակի արյունը թափելը խոսում է խորը, մանկության տարիներին առաջացած բարդույթների մասին, որոնք հաղթահարվում են ագրեսիայի և սադիզմի միջոցով: Նույն հիվանդության նշան է հաստավիզ թիկնապահների ջոկատներ պահելը՝ դրանց միջոցով են նրանք «վերխ հավաքում» հասարակ մահկանացուների հանդեպ: Բայց ամենացավալին այն է, որ այդ հիվանդ սադիստները սպանելու իրենց կիրքը բավարարում են Հայաստանում, ոչ թե, ասենք, Աֆրիկայում, որտեղ դրա համար ստեղծված են բոլոր պայմանները: Հավանաբար, նրանք հատուկ բավականություն են ստանում վնաս տալու հենց իրենց փոքր և փխրուն հայրենիքում: Դա հաճույքի ճիշտ նույն տեսակն է, որը նրանց դրդում է գնդակահարել անպաշտպան կենդանիներին:
— Ովքե՞ր են Խոսրովի անտառում վերջին խրախճանքի մասնակիցները: Կասկած չկա` կամ պատգամավորներ, կամ նախարարներ, կամ գեներալներ: Նորմալ մարդկանց մտքով նման գազանություն չի կարող անցնել: Երբ կիրակի օրն այս թեմայով հաղորդում էինք պատրաստել «Շանթով», ինձ մի քանի հոգի մոտեցավ և պատմեց իր իմացածը` թե ինչպես են, օրինակ, «վերնախավի» այդ ներկայացուցիչները դինամիտը գցում գետը` ձուկ սպանելու նպատակով: Կամ ինչպես են որս անում ուղղաթիռներով՝ բա հզոր տղերք են, պիտի՞ իրենց անվտանգության մասին մտածեն:
Կարծում եք` ինչո՞ւ է բնապահպանության նախարարը, վրդովվելու և միջոցներ ձեռնարկելու փոխարեն, միանգամից կասկածներ հայտնում բնապահպանների տրամադրած տեսանյութի կապակցությամբ: Շատ պարզ, որովհետև նա զգում է [կամ գուցե գիտի], որ դա իր «յուրայինների»` պատգամավորների, նախարարների կամ գեներալների ձեռքի գործն է: Իսկ «հզոր տղերքը» պետք է միմյանց «թասիբը պահեն»:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.