23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Եվրոպական եւ համաշխարհային փակ ակումբներում ընդունում են անդամներ նույն մեխանիզմով: Ես ոչ մի բան չեմ ասում, չեմ մեկնաբանում, դուք ասացիք, ես էլ ասացի չեմ ասում՝ ինչ են այդ փակ ակումբները, դրանք կարող են լինել սիգար ակումբից մինչեւ օթյակներ»,- Aravot.am-ին ասել է քաղաքագետ Կարեն Քոչարյանը` մեկնաբանելով ՕԵԿ-ին անդամագրվելու համար սահմանված նոր մեխանիզմները: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը:
«Հիշեցնենք, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել էր, որ այսուհետեւ ՕԵԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնողները պետք է երկու ամիս փորձաշրջան անցնեն եւ առնվազն երկու երաշխավորագիր բերեն:
Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ ասաց, թե փաստացի գոյություն չունեցող կուսակցության ցանկացած քայլը մեկնաբանության ենթակա չէ. «Այդպիսի կուսակցություն գոյություն չունի: Մահացած ուժը երբեք չի վերակենդանանա` ինչ էլ ուզում ես արա»»,- մեջբերում է «Առավոտը»:
«Առավոտ».
Թերթն իր խմբագրականում գրում է.
Վերջերս Կամերունի նախագահ Պոլ Բիյան նշեց իր պաշտոնավարության 30-ամյակը։ Աշխարհում կան իրենց գահից կառչած ավելի «հին» բռնապետներ՝ Տեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգո (Հասարակածային Գվինեա՝ նախագահ է 79-ի օգոստոսից), Ժոզե Էդուարդու դու Սանտուշ (Անգոլա, 79-ի սեպտեմբերից)։ Այդ ռեկորդակիրներին մոտենում է նաև Ռոբերտ Մուգաբեն (Զիմբաբվե, իշխում է 87–ից)։
Հիմա դառնանք մեր «եվրասիական ախպերությանը», որտեղ ապրում են պոտենցիալ «ռեկորդակիրներ»։ Պուտինը Ռուաստանի նախագահ է 1999-ի դեկտեմբերի 31-ից, երբ Ելցինի հրաժարականից հետո կատարում էր երկրի ղեկավարի պարտականությունները։ Այդ 13 տարում կար ձևական «ընդմիջում», երբ իբր նախագահ էր Մեդվեդևը, բայց դա, իմ կարծիքով, «հաշիվ չի»։ Լուկաշենկոն ղեկավարում է Բելառուսը 1994 թվականից, Նազարբաևը ղազախական գահին է նստել 1990 թվականին։ Ահա թե ինչպիսի ռեժիմների հետ է մեզ առաջարկվում նոր «սովետմիություն» ստեղծել։ Ի դեպ, դրա դեմ չի առարկում ներկայիս հիմնական քաղաքական ուժերից ոչ մեկը. իշխանություն ունենալով կամ իշխանության հավակնելով՝ նրանք պարտադրված են հաճոյանալ Կրեմլին, որն այս պահին տարված է «եվրասիական» ծրագրերով։
Բայց Հայաստանը տարբերվում է վերը թվարկած բոլոր պետություններից։ Այստեղ առաջին նախագահը հրաժարական տվեց.՝ չցանկանալով առճակատման մեջ մտնել իր շրջապատի հետ, ինչը կարող էր հանգեցնել քաղաքացիական պատերազմի։ Այստեղ երկրորդ նախագահը, երկու ժամկետ ղեկավարելուց հետո, չվերաձևեց Սահմանադրությունը՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։ Վստահ եմ, որ ներկայիս նախագահը նույնպես չի հավակնի երրորդ ժամկետի։ Դա պայմանավորված է ոչ այնքան անձերով, որքան մեր մշակույթով, որը, ինչ ուզում եք ասեք, տարբերվում է «եվրասիական», իսկ իրականում՝ շատ էլ ասիական ավանդույթներից։ Այդպես էր նաև Խորհրդային Հայաստանում, հիշենք թեկուզ, թե ինչպիսի զուսպ վերաբերմունք ուներ Բրեժնևի նկատմամբ Կարեն Դեմիրճյանը և ինչպիսի արևելյան շերբեթ էր ծորում Հեյդար Ալիևի շուրթերից։ Այդ մշակույթը մեզ խորթ է, և դա հուշում է մեզ, թե անկախ ծանրագույն խնդիրներից՝ որ կողմ է պետք նայել ապագան կառուցելիս։
Անշուշտ, այդ հունի մեջ է մի շարք կուսակցությունների առաջարկը՝ ընդհանրապես հրաժարվել նախագահական համակարգից։ Առնվազն քննարկելու հարց է։ Բայց որպեսզի այդ հարցն իսկապես քննարկվի սկզբունքային դիրքերից, այն չպիտի խառնվի իշխանության համար պայքարին։ Ինձ թվում է՝ արժե 1-2 տարի հետո հանրաքվե անցկացնել մեկ հարցով՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական համակարգ։ Որպեսզի այդ հանրաքվեն արդար անցնի, ոչ մի քաղաքական ուժ չպիտի այն կապի իշխանության մնալու կամ իշխանության գալու հետ։ Եթե մեր քաղաքացիները հակված լինեն խորհրդարանական համակարգի, ապա 5 տարի հետո ընտրությունների հաջորդ ցիկլը պետք է անցկացնել նոր Սահմանադրությամբ։
«Առավոտ».
«Առավոտը» զրուցել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ Հայաստանի ՔԿՀ–ներում տիրող վիճակի ու իրենց խեղող բանտարկյալների մասին Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտնի մեկնաբանության հետ կապված։ Ներկայացնում ենք հոդվածը չնչին կրճատումներով.
«Արդարադատության նախարարն ընդամենը արտաքին փայլն է ներկայացնում, գրագետ խոսելու, Եվրոպայից եկած տարբեր հորթերի ընդունելու և պատասխանելու համար։ Ես երբևիցե չէի պատկերացնի, որ ես՝ նախարարությունում տարբեր տեսակի օպերատիվ միջոցառումներ անցկացնող մարդս, մի օր կհայտնվեի բանտախցում։ Ուրեմն ասեմ Հրայրին՝ ինքն էլ կհայտնվի։ Ուրիշի ցավը տղամարդն է հասկանում։ Լաց լինող տղամարդու արցունքն արճիճ է, եթե դու տղամարդ չես։ Հրայր Թովմասյանը գաղափար չի ունեցել՝ ինչի մասին է խոսում, փորձել է մի այնպիսի բան ասել, որ իբր ինքը ամեն ինչից տեղյակ է, և խոսքն ընդամենը մի քանի հոգեկան հիվանդի մասին է, ու ինքը ոչինչ անել չի կարող»,- ասաց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյան։
Եղիազարյանը կարծում է, որ արդարադատության նախարարությունում հենց վերահսկողության վարչության պետի և նախարարի տեղակալներից մեկի ձեռքին է իրական իշխանությունը, ովքեր «կոորդինացնում» են ՔԿՀ-ները նայողներին։
«Երբ մարտի 1-ին ինձ ու իմ ընկերներին կալանավորեցին, «Կարմիր գաղութում»՝ Վարդաշեն ՔԿՀ-ում, շուրջ երկու ամիս կոյուղաջրերը գտնվում էին առաջին հարկի խցերում։ Այդ խցերում կար ութ մահճակալ, որոնց վրա տեղավորում էին 12-14 հոգու։ Հերթով էին քնում։ Կալանավորները, երբ ոտքները մահճակալից ցած էին դնում, դնում էին կղկղանքի մեջ, «աֆրիկյան փոս» էր»։ Նստել չէր լինի, մարդիկ կանգնած ու այդտեղ հաց էին ուտում»,- ասում է նախկին քաղբանտարկյալը։ Ըստ նրա՝ ամենադաժան քրեակատարողական հիմնարկները լինում են զարգացող՝ Հայաստանի նման երկրներում. «Աֆրիկյան երկրներում քրեակատարողական հիմնարկներ, որպես այդպիսին, չկան։ Խորը փոսեր են փորում, մարդկանց գցում են դրանց մեջ. մարդիկ պարզապես խեղդամահ են լինում գազերից։ Մեր քրեակատարողական հիմնարկները աֆրիկյան չեն, մարդիկ փոսերի մեջ չեն։ Բայց ես կասեի՝ հայաստանյան քրեակատարողական հիմնարկները «աֆրիկյան փոսեր են»։ Նրա կարծիքով՝ հենց քրեակատարողական հիմնարկի մակարդակը, կենսամակարդակը, սպասարկումն են տվյալ հասարակության լավագույն ցուցանիշը։ Հետևաբար՝ համարում է, որ ՀՀ քրեակատարողական հիմնարկներին պետք է նայել ՀՀ-ում բնակվող մեկ միլիոն 200 հազար աղքատների պրիզմայով։ Այս համատեքստում մեր զրուցակիցը որոշ մանրամասներ է պատմում գաղութային իրականությունից. «Ամեն խուց, ամեն բարաք իր «նայողն» ունի։ Իսկ ՔԿՀ-ն ունի իր գլխավոր «նայողը»՝ «բաժնի վարիչներ և վարչության պետ»։ Իշխանություններին զուգահեռ՝ ներսում կառավարման նոր համակարգ է ստեղծված, որը գտնվում է «նայողների» հսկողության ներքո, իսկ «նայողները» ՀՀ օրենսդրություն չեն կիրառում, այլ «գողական»։ Ու դա պարզ նպատակ ունի. այդ կառավարման համակարգը հսկողներին և նրանց վերահսկիչներին աստղաբաշխական գամարներ է բերում։ Ամեն կալանավորից ամսական 100 դոլար է գանձվամ, որ ինքն իրավունք ունենա հեռախոսից օգտվելու ու ընդհանրապես՝ կալանավայրում ապահովի իր գոյությանը որպես մարդ։ Կալանավորը մշտապես ճնշված է «ճշտի» և «սխալի» արանքում։ Իսկ «ճիշտն» ու «սխալը» մնում են «նայողի» հայեցողությանը։ Ու եթե «սխալ» է, բացի ամսական 100 դոլարից, կալանավորը պարտավոր է «այլ մուծումներ» կատարել՝ «շյոտչիկը միացնում են», «տոկոս ա գալիս»։ Հակառակ դեպքում նրա կյանքը կվերածեն դժոխքի։ Այսինքն՝ 10 հազար կալանավորները մինիմում ամսական մեկ միլիոն դոլար են վճարում, ու դա՝ կալանավորի ընտանիքի, երեխայի հաշվին, որ մի քանի տզրուկ հարստանան, արտասահմանում տներ ու կղզիներ գնեն»։
Մեր զրուցակիցը հաստատում է, որ կալանավորների անկողինը, օճառը, հագուստը և կենսագործունեության ցանկացած միջոց բերվում է «դրսից»՝ հարազատների կողմից։ Տեղի միայն հացն է օգտագործվում։ Եվ հռետորական հարց է հնչեցնում՝ եթե ՀՀ մեկ միլիոն 200 հազար քաղաքացիների եկամուտը չի գերազանցում ամսական 35 հազարը, ինչպե՞ս կարող են ամսական 100 դոլար տալ «տուլիկին»՝ իր կալանավորին ուղարկվելիք ծանրոցին։ Նա վստահեցնում է նաև, որ կալանավայրերի հաշվին խոզի Ֆերմաներ և թռչնաբուծական ֆաբրիկաներ են պահվում, քանի որ այդ ճաշ կոչվածը, միևնույն է, եփվում է, բայց ոչ ոք չի օգտվում։ «Ներսի գտնվողների համար կապ չունի, թե մյուսի հարազատներն ինչ վիճակում են։ Իսկ վերջիններս էլ ստիպված վաճառում են անգամ բնակարանները, միայն ապահովեն նեղության մեջ գտնվող իրենց հարազատին։ Այդ գումարները մսխվում է էդ «շան ծիծ կերած» հիմնարկում՝ Արդարադատության նախարարությունում…»։
Ու հենց վերոնշյալով է Գուրգեն Եղիազարյանը պայմանավորում այն, որ կալանավորը կալանավայրից դուրս գալով՝ առանձնապես դաժանությամբ է վերադառնում հասարակություն՝ իմանալով, որ իր «նեղության մեջ» եղած ժամանակ ի՜նչ զրկանքներ են կրել նաև հարազատները։ Ի դեպ, մեր զրուցակցի հավաստմամբ՝ կալանավայրերում գտնվողների 50 տոկոսը անմեղ մարդիկ են, ու այդ գործերն անհապաղ պետք է վերանայվեն։ «Եթե մարդը նստել է գողության համար, դուրս գալուց հետո անպայման ավազակային հարձակում կանի, որպեսզի իր պարտքերը տա, երեխաների համար տանիք ապահովի։ Եթե ավազակային հարձակման համար էր նստել՝ այս անգամ կանի ավազակային հարձակում՝ սպանությամբ։ Մենք գործ ունենք մի հսկայական մասսայի հետ, որը ամեն օր անցնելով «այդ դարբնոցով»՝ հասարակության է վերադառնամ որպես գայլ»։ ԱԱԾ նախկին պաշտոնյայի համոզմամբ՝ իրավիճակը շտկելու համար ընդամենը երեք օր է պահանջվում։ Ու այս համատեքստում դիտարկելով ՀՀ կալանավայրերում տեղի ունեցած վերջին դեպքերը՝ ընդհուպ մինչև ճկույթի կտրում, բերանի և աչքերի կոպերի կարում, մեր զրուցակիցը դրանք համարում է ճիչ. «Աչքի կոպերը կարելը, իրենց խեղանդամ անելը խոսում է դժոխքի մասին։ Անմեղ մարդուն բանտ են տեղափոխում, որոշ ժամանակ անց իմանում է, որ իր տունը վաճառվել է, որպեսզի սրանց փայ տա։ Սա սարսափ է, հոգու ճիչ»։
Ես այսպես՝ աբստրակտ պատկերացնում եմ, որ եթե Հրայր Թովմասյանը մի օր հայտնվի մի կալանավայրում, վստահեցնում եմ, որ առաջին հինգ րոպեում երկու ականջներին պիրսինգ կանեն, կքնի պառաշի (զուգարան) մոտ։ էլ չեմ ասում մնացած կալանավորների ճղճիմ սեռական ցանկությունները իրագործելու մասին»։
«Առավոտի» հարցին՝ խնդիրների լուծման առումով ի՞նչ կտա պատգամավորների այցելությունները կալանավայրեր, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Պատկերացրեք, որ գնում ենք ՔԿՀ և հարցնում ենք՝ ինչպե՞ս եք, ինչո՞վ օգնենք, սնունդը վա՞տն է, Ձեզ ծեծո՞ւմ են։ Կանգնած է «նայողը» ու լավ իմանալով, որ գիշերը դատաստան կլինի՝ կբռնաբարեն կամ խեղանդամ կանեն, մնացած կալանավորները միաբերան պատասխանելու են՝ ինչի՞ մասին է խոսքը, այստեղ ավելի լավ ենք ապրում, քան մեր տանը։ Իսկ եթե կալանավորին առանձին հրավիրեն զրույցի, նա էլի մենակ չի, նրան ուղեկցելու է կալանավայրի աջխատակազմից մեկը, ու ինքը լավ գիտի, որ պատերն էլ ականջ ունեն, ամեն ինչ կհասնի «նայողին»։ Իրավիճակը շտկելու հաճար մեր զրուցակիցը մեկ բան է առաջարկում՝ կալանավայրը դիտարկել որպես մարդուն ազատությունից զրկելու վայր, ոչ թե վրեժխնդրության վայր։ Գիտակցել, որ կալանավորը հայր է, մայր է, եղբայր ու քույր և վաղը վերադառնալու է հասարակություն. ինչպես իրեն կվերաբերվենք՝ դրա քառակուսին մեզ կվերադարձնի. «Իսկ այսօր իրողությունն այն է, որ մենք կալանավորին վերաբերվում ենք անասունից վատ»։
Ինչպես գրում է թերթը երեկ, ժամը 17-ին, նոր միայն վերականգնվեց բանկոմատների աշխատանքը։ Լշենք, որ ժամը 11 –12–ի սահմաններում Հայաստանի տարածքի բոլոր բանկոմատները խափանվել էին, և քաղաքացիները չէին կարողանում սպասարկվել, գումարներ հանել։ Մոտ 5 ժամ տևած խնդիրը բանկոմատից օգտվող հազարավոր մարդկանց անհարմարություններ պատճառեց։ Լշենք, որ բանկոմատները սպասարկում է «Արմենիան Քարդ» (ArCa) ընկերությունը։ ArCa-ի հետ առնչվող բանկերի աշխատակիցներն ու տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների հաշվապահները փաստում են. որ վերջին 2-3 ամսում, հատկապես ամսվա առաջին երկու օրերին, երբ փոխանցվում են մարդկանց աշխատավարձերը, համակարգը «կախվում» է։ Բանկը ելք է անում գումարները, և երբ պետք է նստի քաղաքացու հաշվին, այդ ընթացքում էլ տեղի է ունենում խնդիրը։ Բանկոմատը մարդկանց քարտերը դուրս է շպրտում՝ հայտնելով, որ գործարք չի կարող անել։ «Առավոտի»–ի հարցին ի պատասխան՝ «Արմենիան Քարդ» ընկերությունից պատասխանեցին. «Ս.թ. նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել բանկոմատների աշխատանքի խափանումներ։ Ընկերության մասնագետների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ։ Քարտապաններից «Արմենիան Քարդ» ընկերությունը ներողություն է խնդրում հնարավոր անհարմարությունների համար»։
«Առավոտի» հետ զրույցում բանկի որոշ մասնագետներ վստահեցրին, որ խնդիրը ArCa–ի սպասարկման մեջ է, և որ այդ համակարգն արդեն իրեն սպառել է, քանի որ նման իրավիճակները սկսել են հաճսսխակիանալ։
«Առավոտ».
Այն, որ մի քանի պատգամավորներ հոկտեմբերի 27-ի նախօրյակին գնացել են Նաիրի Հունանյանին և Կարեն Հունանյանին տեսակցության, սրա մեջ արտառոց բան չե՞ք տեսնում: «Առավոտ»-ի այդ հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես սուբյեկտիվ մտածողություն ունեմ, դրա համար այդ կապակցությամբ չէի ուզենա գնահատական տալ: Ինձ համար դա անընդունելի երևույթ է»:
Թղթակիցը հետաքրքրվեց՝ Դուք չե՞ք փորձել որպես պատգամավոր այցելել կալանավայրեր, տեսնել մեկուսարանները, տեսնել՝ ով ինչ պայմաններում է ապրում, նա պատասխանեց. «Ոչ: Չեմ տեսել: Առավել ևս՝ Նաիրի Հունանյանին: Իմ մեջ ուրիշ ասոցիացիաներ են առաջանում: Բնականաբար, կալանավայրերի բարեփոխումների ուղղությամբ տարիներ շարունակ մասնակցել եմ, բայց կոնկրետ այդ մասով օբյեկտիվ բան չեմ կարող ասել, սուբյեկտիվ է, միգուցե նաև վրեժ կա մեջս, դրա համար չեմ ուզում խոսել»:
«Առավոտ».
Ներկայացնում ենք թերթի խմբագրականի մի հատված.
Դատապարտյալների նկատմամբ սթափ, առողջ վերաբերմունքը ոչ միայն պակասում է հասարակ քաղաքացիների, այլև իշխանավորների մոտ։ Նկատի ունեմ առաջին հերթին արդարադատության նախարարին, որը պետք է մեզ օրինակ ծառայի և, ինչու չէ, նաև քարոզի, թե ինչպես պետք է հասարակությունը վերաբերվի պատիժը կրող հանցագործներին։ Մինչդեռ լրագրողների հետ նրա երեկվա զրույցում կար որոշակի չարություն և արհամարհանք դատապարտյալների նկատմամբ։ Պարզվում է, ըստ նախարարի, նրանցից ոմանք հատուկ անցքեր են սարքում շրթունքների վրա՝ ցանկացած պահի անհրաժեշտության դեպքում բերանը կարելու համար։ Պարոն Թովմասյանն այս առումով համեմատություն արեց ականջօղերի համար ականջ ծակող կանանց հետ։ Մոտիվները՝ թե ինչու են դատապարտյալները հացադուլ անում, ճկույթ կտրում կամ բերան կարում, նույնպես, նախարարի մատուցմամբ, հեռու են արդարության համար պայքարից։ Մինչդեռ ո՞վ, եթե ոչ այդ պաշտոնը զբաղեցնող պետական այրը պետք է խորանա դատապարտյալների խնդրի մեջ, փորձի հասկանալ նրանց։ Չեմ կարծում, որ նման տրամադրություններով ու մտածելակերպով հնարավոր լինի արդարադատության և, մասնավորապես, քրեակատարողական համակարգում «եվրոպամետ» բարեփոխումներ անցկացնել։
Վերջերս իրավաբաններից մեկը ինձ հետ զրույցում բացահայտեց այն հոգեբանական մեխանիզմը, թե ինչու են մարդիկ ավելի մեծ հաճույքով դառնում դատախազ, քան փաստաբան՝ մեղադրելն ավելի հեշտ է։
«Առավոտ».
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է.
«Թռուցիկներից մեկում գրված է, որ պետք է դուրս զալ եղաններով և հիշել` նա, ով առավոտյան դուրս կգա աղքատ, կարող է երեկոյան վերադառնալ հարուստ»: Սա գրված է 140 տարի առաջ` Դոստոևսկու «Չարքեր» վեպն է: Վեպն այն մասին է, թե ինչպես էին արմատական տրամադրություններ ունեցող երիտասարդները փորձում տապալել փտած, նեխած ցարական ռեժիմը: Տասնամյակներ անց այդ ծրագրերը կյանքի կոչվեցին, բայց «արմատականների» ստեղծած ռեժիմը, մեղմ ասած, ավելի լավը չէր, քան ցարականը:
Ինչ մեղքս թաքցնեմ, «հեղափոխություն» բառը, որը վերջերս հաճախ եմ տեսնում համացանցում, ինձ վախեցնում է: Բնականաբար, ինձ միշտ վախեցրել է նաև ինքը` երևույթը, որը նշանակում է առճակատում, քաոս, սեփականության վերաձևում: Անկախ նրանից, թե ինչպիսին է այդ հեղափոխությունը` բուրժուական, դեմոկրատական, պրոլետարական, թե գյուղացիական, այն ենթադրում է բնականոն կյանքի խաթարում, որքան էլ այդ կյանքը ծանր և դժվար լինի:
Հատկապես ես չեմ հասկանում, թե ինչ է 21-րդ դարում նշանակում «բուրժուա-դեմոկրատական» հեղափոխություն: Որքան ես հասկանում եմ, դա արտադրության, սեփականության մի ձևից անցումն է մեկ այլ ձևի`ֆեոդալականից դեպի կապիտալիստական: Այսօրվա Հայաստանում այդպիսի խնդիր կա՞: Գուցե փոխաբերական իմաստով կարելի է ասել, որ մեզ մոտ պահպանվել են ֆեոդալական կարգերի ռուդիմենտները` դա, մասնավորապես, արտահայտվում է նրանում, որ տվյալ տարածքի բնակչությունն իր օլիգարխին դիմում է «թագավոր ջան» բառերով: Բայց զուտ գիտական իմաստով մեր բոլոր օլիգարխները, ինձ թվում է, բուրժուաներ են` բուրժուաներ, որոնք այդպիսիք են դարձել կոռումպացված իշխանության հետ սերտաճելով: Եթե բուրժուաների մի խումբը սակարկում է բուրժուաների մեկ այլ խմբի հետ` իշխանական լծակների համար, դա դեռ չի նշանակում, որ այդ խմբերը ցանկանում են ապրել ոչ այն կանոններով, որոնք գործում են այսօր: Բուրժուական հեղափոխությունն, այդպիսով, Հայաստանի, ինչպես նաև, կարծում եմ` ժամանակակից որևէ այլ երկրի օրակարգում չէ: Իսկ մեր` հայաստանյան օրակարգը միասնաբար փնտրելու համար պետք է մտածել և փորձել մտքեր փոխանակել: Հենց այստեղ է մեր գլխավոր խոչընդոտը, նրանք, ովքեր կոչված են դա անելու, անկախ նրանից` պաշտոնապես «գրանցված են» որևէ կուսակցությունում, թե ոչ, հանդես են գալիս որպես «թիմի ներկայացուցիչներ», խոսնակներ, ոչ թե որպես մտածող անհատներ, դրա համար էլ խոսում են պատրաստի կլիշեներով, կարգախոսներով: «Եվ վերջապես` գլխավոր ուժը, ամեն ինչ միացնող ցեմենտը սեփական կարծիքից ամաչելն է: Այ, դա ուժ է: Այդ ո՞վ է աշխատեր ո՞ր մի խելոքն է այնպես արել, որ ոչ մեկի գլխում ոչ մի սեփական գաղափար չմնաց»: Նույն վեպից է»:
«Մեր քաղաքական ուժերը վատ սովորություն ունեն` հակամարտության առաջին ճակատ ուղարկել կանանց: Այդ հոռի ավանդույթը գալիս է այն ժամանակներից, երբ ՀՀՇ-ն իր հեղափոխական ծրագրերն իրագործելու համար ոստիկանների ու կոմունիստական նոմենկլատուրայի դեմ կիրառում էր «կանացի ներուժը»` այդ ջոկատների անդամներին անվանում էին «բետեեռներ»: Նրանք պատրաստ էին հանել սկզբում կոմունիստների, այնուհետև` ՀՀՇ-ականների և հետագա բոլոր իշխանավորների աչքերը, փիտրել նրանց, ինչպես նաև` սեփական մազերը: Վերջին տարիներին ՀԱԿ-ի հանրահավաքներում, եթե ուշադրություն եք դարձրել, օպերայի թատրոնի աստիճանները մեկ-երկու շարքերով շրջապատում էին այդ կանայք, որոնց շարքերը, ճիշտ է, նոսրացել են, և մարզավիճակն էլ, հասկանալի պատճառներով, այն չէ: Խորհրդարանում նույնպես ժամանակ առ ժամանակ հայտնվում են «վալկիրիաներ» (սկանդինավյան էպոսում ոագմատենչ կանայք), որոնք հանուն սեփական կուսակցությունների պատրաստ են մտնել այնպիսի լեզվակռվի մեջ, որից տղամարդիկ սովորաբար խուսափում են: Մեղավորն, իհարկե, տղամարդիկ են. եթե բան ունեք ասելու, դո՛ւք ասեք, կանանց «բլիժնի բոյ» մի ուղարկեք: Բայց իրենք` գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, նույնպես պետք է զգան, որ ինչ-որ մի պահից ցանկալի է թրերը դնել պատյանների մեջ, վերջապես`մենք հյուսիսային, սկանդինավյան ժողովուրդ չենք: Մեզ մոտ, հակառակը` կինը ավանդաբար զսպող, սուր անկյունները հարթեցնող, հաշտեցնող դեր է խաղում:
Ընդհանրապես, բոլոր տեսակի «բազարային» վեճերը (ոչ միայն կանանց մեջ) առաջանում են այն պատճառով, որ երկու կողմն էլ ցանկանում է, որ իր խոսքը վերջինը լինի: Այդ «վերջին» խոսքն ասելու համար վեճի ամեն մի փուլում կողմերը բարձրացնում են իրենց տված լուտանքների «վոլիումը», որպեսզի այդ` «վերջին խոսքը» լինի շշպռող, ջախջախիչ, հակառակորդին կապիտուլյացիայի մատնող: Բայց այդ խոսքը, իրականում, վերջինը չի լինում, գալիս է հաջորդ` «ավելի ջախջախիչ» խոսքը: Եվ այսպես շարունակ` ճիշտ մի կաթիլ մեղրի պատմության նման: Ճիշտ է, այդ մի կաթիլ մեղրի դերում կարող է հանդես գալ Սևրի պայմանագիրը:
Այստեղից` խորհուրդ փորձված և անփորձ քաղաքական գործիչներին, ինչպես նաև այլ մասնագիտությունների մարդկանց, մի՛ վախեցեք լուտանքին չպատասխանելուց, մի՜ մտահոգվեք, որ ձեր ընդդիմախոսը դա կընկալի որպես թուլության դրսևորում կամ փաստարկների բացակայություն: Այլ կերպ ասած` մի´ վախեցեք նման «բանավեճերում» պարտվելուց:
Օրինակ՝ երբ իմ մասին են վատ բան գրում` ոչ թե ճշմարտությունը պարզելու նպատակով, այլ` ելնելով ինչ-ինչ անձնական կամ թայֆայական (կուսակցական) նկատառումներից, ես անմիջապես «հանձնվում եմ»` մտքումս ասելով, «այո, դուք լավն եք, ես` վատը»:
Առավոտ
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Առաջիկա ընտրություններում ներկայիս իշխանությունների հետ կարող են մրցել ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Չէի ասի, որ դա շատ օրիգինալ միտք է, կամ որ այն կարող էր ծնվել միայն ընդդիմադիր քաղաքական գործչի գլխում: Ցանկացած մարդ, որը գոնե մի քիչ հետաքրքրվում է քաղաքականությամբ, կարող է նման բան ենթադրել` թեկուզ ելնելով ձայների այն բանակից, որոնք պաշտոնական տվյալներով հավաքել են այդ կուսակցությունները անցած խորհրդարանական ընտրություններում: Բա էլ ո՞վ: Խաբված «Ժառանգությո՞ւնը», չկողմնորոշված Դաշնակցությո՞ւնը: Գուցե «Նոր ժամանակնե՞րը» կամ ԱԻ՞Մ-ը:
Բայց, չգիտես ինչու, երբ այդ սովորական, ինքնըստինքյան հասկանալի գաղափարն արտահայտեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, դա ընկալվեց որպես սենսացիա և արժանացավ հանրապետականների կոշտ արձագանքին: Ընդ որում, այդ արձագանքի ինտոնացիան խիստ անհամապատասխան էր այն անձնավորությանը, որի մասին նրա գործընկեր պատգամավորները խոսում են: «Տեղ է ման գալիս», «հաց է փնտրում»` դա Լևոն Զուրաբյանից նույնքան հեռու է, որքան ինձնից, ենթադրենք, Լիլու անունով երգչուհու «արվեստը»:
Ինձ թվում է` եկել է ժամանակը, երբ պետք է ոչ միայն հրաժարվել անձնական վիրավորանքներից, այլև երևույթների մասին դատել սառը` առանց էմոցիաների: Եթե ես, օրինակ, ասում եմ, որ մեր ընտրական խմբում Իտալիայի ֆուտբոլային հավաքականի հետ հավասար հիմունքներով կարող է մրցել Դանիան, դա չի նշանակում, որ ես հավանում եմ այդ երկու հավաքականներին կամ երկրպագում եմ նրանց: Ոչ, ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, պարզապես փորձում եմ օբյեկտիվորեն գնահատել բոլոր թիմերի ուժերը: Գուցեև սխալվում եմ:
Ճիշտ նույն ձևով, կարծում եմ, պարոն Զուրաբյանն է սխալվում, երբ մտածում է, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միավորումը իշխանությունների համար մղձավանջ կլինի: Ինձ թվում է` դա կլինի իշխանությունների երազած տարբերակը, երկու ուժերն են այդ դեպքում խոցելի դառնալու: ՀԱԿ-ի քաղաքական կապիտալը «մարտի 1 »-ի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումն է` եթե նրանք «ներեն» այն ուժին, որը առնվազն կողմ է քվեարկել հատուկ դրությանը, 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, չի դատապարտել քաղբանտարկյալների առկայությունը և այլն, ապա ՀԱԿ-ը իր քաղաքական կապիտալը կկորցնի: Իսկ ԲՀԿ-ի ուժեղ կողմն է զուսպ, սոլիդ, հեղափոխական ծայրահեղություններից զուրկ գործելակերպը, որն անհամատեղելի է ՀԱԿ-ական «գավրոշների» հախուռն փողոցային պայքարի հետ: Ինչպես հայտնի է, հասարակական կյանքում երկու ուժերի միավորումը անպայման չէ, որ հանգեցնի դրանց գումարային արդյունքի:
Ինչ մնում է Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, ապա շատ ցանկալի կլիներ, որ իշխանությունը նույն ջանադրությամբ պատասխաներ, օրինակ, գազի սակագնին վերաբերող նրա դիտարկումներին: Այստեղ իշխանությունը քար լռություն է պահպանում, որն այս հարցում մեզ լավ բան չի խոստանում»:
«Առավոտ»
«Առավոտի» այսօրվա խմբագրականում Արամ Աբրահամյանը գրել է. «Թեև մենք` լրագրողներս, շարունակում ենք հարցեր տալ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչներին` առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ հարցերը, մեծ հաշվով, առանձնապես իմաստ չունեն: Պատճառը պարզ է. այն մարդիկ, ում մենք հարցեր ենք տալիս, որևէ բան չեն որոշում: Մեր հարցերին կարող են պատասխանել միայն տվյալ կուսակցությունների առաջին դեմքերը, որոնք, սակայն, լրագրողների համար մատչելի չեն: Իսկ երկրորդական դեմքերը [այ-սինքն` մնացած բոլորը] տեղյակ են «վերևներում» կատարվող պրոցեսներին ճիշտ նույն չափով, որքանով տեղյակ ենք մենք: Բայց, ի տարբերություն մեզ, որոշումն ընդունելուց հետո նրանք կգտնեն շատ համոզիչ և պերճախոս փաստարկներ, որոնք կհիմնավորեն իրենց «շեֆերի» քայլը, ինչպիսին էլ այն լինի: Օրինակ` բոլոր հնարավոր և անհնարին տարբերակների դեպքում` կառաջադրվի՞ Տեր-Պետրոսյանը, թե՞ չի առաջադրվի, կպաշտպանի Գագիկ Ծառուկյանի՞, Վարդան Օսկանյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, թե՝ էպոսագետի թեկնածությունը, կամ ընդհանրապես ոչ մի թեկնածություն չի պաշտպանի, միևնույն է, այն մարդիկ ՀԱԿ-ում, որոնց մենք վերոհիշյալ հարցերը տալիս ենք, կհայտարարեն, որ դա իմաստուն կեցվածքի գագաթնակետն է, ինչպես նաև պրագմատիզմի և «ռեալպոլիտիկի» վերջնական հաղթանակը:
Նույնը վերաբերում է Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի թիմերի երկրորդական դեմքերին: Իմաստազուրկ հարց է, օրինակ` գործո՞ւմ է արդյոք հիմա կոալիցիոն հուշագիրը: Մարդկության պատմության ընթացքում այդպիսի՞ հուշագրերի վրա են թքած ունեցել քաղաքական գործիչները, երբ դրա անհրաժեշտությունն է առաջացել: Կամ` ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ: Եթե նույնիսկ ընթանում են, ապա երկրորդական դեմքերի մակարդակով, իսկ դա նշանակում է, որ դրանց ընթացքը վերջնական որոշման վրա էական ազդեցություն չի ունենա:
Այս հարցերի շուրջ տեղեկատվության այն հեղեղը, որը կա լրատվամիջոցներում, նախևառաջ` համացանցում, երեք տեսակի է բաժանվում. 1/ գործընկերները պարզապես ցանկանում են ընթերցող գրավել սենսացիոն նորություններով, որոնք հիմնված են «խիստ հավաստի աղբյուրների» վրա, 2/ «խաղի մասնակիցները» իրենք են լրատվամիջոցներ «նետում» այս կամ այն հորինվածքը` մնացած մասնակիցներին ինչ-ինչ ուղերձ հասցնելու կամ էլ նրանց ինչ-որ քայլերի սադրելու նպատակով, 3/ նույն խաղացողները պարզապես ուզում են իրար վարկաբեկել: Երեք դեպքերում էլ, բնականաբար, այնքան էլ կարևոր չէ, թե որքանով են այդ մոգոնած լուրերը «խելքին մոտիկ»: Վերջերս, օրինակ, ես մի տեղ կարդացի, որ ՀԱԿ-ը բանակցում է Քոչարյանի որդիների հետ՝ համենայնդեպս սրամիտ է: Բայց նման «տեղեկատվական հոսքերը» եթե ոչ խրախուսելի, ապա սովորական, բազմաթիվ այլ երկրներում տարածված երևույթներ են: Մեր խնդիրն այլ տեղում է. Հայաստանում, բացի առաջին դեմքերից, մնացած բոլորը երկրորդական դեմքեր են»:
«Առավոտ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.