23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թե ինչով են տարբերվում արժեքային համակարգը և գաղափարախոսությունը, ու որքանով են այդ երկուսը պայմանավորում քաղաքական կողմնորոշումը, ես այնքան էլ լավ չեմ պատկերացնում, որովհետև ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ քաղաքագետ: Այդ առումով Լևոն Տեր-Պետրոսյանն ինձ համար անվերապահ հեղինակություն է, և, հետևաբար, ես ամբողջությամբ վստահում եմ այն բնորոշումներին, որոնք նա տվել է ՀՀՇ վերջին համագումարում: Որպես լրագրող՝ ես գործ ունեմ ոչ թե փիլիսոփայական բարձր կատեգորիաների, այլ էմպիրիկ իրականության հետ, որի մասին փորձում եմ պատմել: Հիմա էլ ես կներկայացնեմ տաքսու վարորդի հետ իմ զրույցը (դա, իմ կարծիքով, մեր ժողովրդի բավականին ոեպրեզենտատիվ մաս է) և կխնդրեմ իմ՝ ավելի խորը գիտելիքներով օժտված ընթերցողներին բացատրել, թե որ «ռուբրիկայի» տակ է հնարավոր դա մտցնել:
Տաքսիստ. «Վա՛յ, վա՛յ, վա՛յ, էս ինչ արին էս գյոզալական երկիրը: Առաջ մարդը իր 120 ռուբլին ստանում էր, ամառը նստում էր իր մեքենան ու գնում էր Սոչի՝ հանգստանալու: Իսկ հիմա Սերժը էդ Սաշիկին ասել է, որ արագաչափեր դնի, որ ժողովրդի ձեռքից վերջին կոպեկները առնի, ու սաղ գնում է Սաշիկի գրպանը»: Ես. «Սաշիկն արագաչափերի հետ կապ չունի»: Տաքսիստ. «Դե, դու ինձնից լավ կիմանաս, բայց մեկ է՝ Սերժի շներն են դա անում»: Ես. «Ուրեմն ղու ուզում ես խախտումներով քշես, որ քեզ չտուգանե՞ն»: Տաքսիստ. «Չէ, ես ուզում եմ, որ էս հայերի մեջ մի քիչ մարդկություն մնա»: «Ավանդական արժեքների» մասին հետագա քնարական հատվածը բաց եմ թողնում:
Տաքսիստ. «Մի բան էլ հարցնեմ՝ էդ որ ասում են՝ Պուտինը ուզում է Սովետը վերականգնի, ճի՞շտ է»: Ես. «Դե, Սովետը չէ, բայց դրա նման մի բան»: Տաքսիստ. «Վախ, էս ինչ լավ բան ասացիր: Բա ե՞րբ է դա լինելու»: Ես. «Եթե լինի էլ, շուտ չի լինի»: Տաքսիստ. «Վայ, թող շուտ անի: Պուտին ջան, ես քո ցավը տանեմ, արի՝ մեզ էս շակալներից փրկի: Տեսա՞ր, Ռուսաստանը ինչ երկիր է սարքել: Մենք որ մի հատ Պուտին ունենայինք, գիտե՞ս՝ ոնց էինք ապրելու: Շուտ անի, թող գա մեզ տիրություն անի: Ու գիտես, ի՞նչն է լավը: Մեր էս թալանչիները չեն կարող ասել՝ «չենք ուզում»: Պուտինը վռազ թուրքերին կասի՝ «մի հատ էս հայերի հարցերը լուծեք», ու էլ Հայաստան գոյություն չի ունենա»:
Հիմա խնդրում եմ քաղաքագետներին, պատմաբաններին և գործից հասկացող մնացած մարդկանց ինձ բացատրել՝ իմ այս զրուցակիցը (որը, իմ պատկերացմամբ, ներկայացնում է Հայաստանի բնակչության մեծամասնությանը) ունի՞ որոշակի արժեքային համակարգ, քաղաքական կողմնորոշում, հակվա՞ծ է որոշակի գաղափարախոսության: Եթե այո, ապա կա՞ արդյոք Հայաստանում մի ուրիշ հատված (փոքրամասնություն), որն այդպես չի մտածում: Եթե դարձյալ’ այո, ապա կարո՞ղ ենք մենք ասել, որ Հայաստանի հասարակության մի մասը (մեծամասնությունը) մի կողմնորոշում ունի, իսկ մյուսը՝ մեկ այլ: Եվ, հետևաբար, կարո՞ղ ենք մենք պնդել, որ քաղաքական ուժերի կամ գործիչների տարբեր խմբեր աշխատում են, հենվում են տարբեր կողմնորոշումների (արժեհամակարգերի, գաղափարախոսությունների) վրա:
Առավոտ
«Աշխարհի վերջը», իհարկե, կատակ էր կամ ինչ-որ շառլատանների հնարք, սակայն այդ սուտ «շուխուրը» ամեն մի մարդու, այնուամենյանիվ, ստիպում է մտածել, թե ինչ կաներ նա, եթե այդ չարագուշակ կանխատեսումը ճիշտ լիներ: Կա՞ն արդյոք անհետաձգելի գործեր, որոնք մենք պիտի անեինք մինչև «աշխարհի վերջը»` մի ամսում, մի շաբաթում կամ մի օրում: Չգիտեմ` լավ է դա, թե վատ, բայց ես անձամբ ինձ համար այդպիսի գործեր չէի պատկերացնում: Այսինքն` չկա այնպիսի բան, որը ես «աշխարհի վերջից» առաջ կցանկանայի անել. «Ախ, մի հատ էլ էվերեստ բարձրանայի, մի հատ էլ պարաշյուտից թռնեի կամ «պլան» ծխեի` նոր աշխարհի վերջը գար»: Չկա նման անհետաձգելի գործ, առանց որի կյանքս կհամարեի անավարտ, ոչ լիարժեք: Իհարկե, ես ունեմ ծրագրեր ու ձգտումներ` ինչպես բոլոր կենդանի, շնչող մարդիկ այս երկրագնդում: Բայց դրանք «մեկ քայլանոց կոմբինացիաներ» չեն:
Ենթադրենք, ես ծրագրում եմ այս ամիս այս գիրքը կարդալ, մյուս ամիս` այն մեկը: Ես հասկանում եմ, որ չեմ կարող մի քանի րոպեում գլխիս մեջ մտցնել այդ գրքերի բովանդակությանը` ես պետք է էջ առ էջ, տող առ տող, բառ առ բառ դրանք կարդամ: Ընդ որում, եթե ես ուզում եմ հասկանալ գրքի բովանդակությունը, ես պիտի այն կարդամ հենց այդպես, ոչ թե այնպես, ինչպես կարդում եմ ինտերնետային գրառումները: Օրինակ` իմ այս նշումների տակի մեկնաբանությունները. երբ տեսնում եմ այս կամ այն կեղծանունը, մոտավորապես գիտեմ, թե ինչ է ընթերցողը գրելու: Լուրջ գիրքն այդպես հնարավոր չէ կարդալ:
Գիրք կարդալը բերում եմ, ինչպես հասկանում եք, որպես օրինակ: Նույնը ծառն է կամ սիզամարգը. եթե ուզում եմ որևէ արդյունքի հասնել, պարտավոր եմ դրանք պարբերաբար խնամել, ջրել, կտրել, սրսկել և այլն: Բնականաբար, շատ հնարավոր է, որ անձնապես իմ կյանքը դրա համար չհերիքի: Բայց դա աշխարհի վերջը չէ, որովհետև եթե այդ ծառը որևէ մեկին պետք գա, նա կշարունակի իմ գործը այն տեղից, որտեղ ես կանգ եմ առել: Դա թմրանյութի «դոզա» չէ, որը կարելի է շտապ ընդունել և անմիջապես էյֆորիայի մեջ ընկնել:
Մեր ազգային հոգեբանության մեջ, հավանաբար, կա «վերջի» անհանգիստ սպասումը [պայմանավորված մեր ժողովրդին բաժին ընկած փորձություններով] և դրանից բխող յուրահատուկ անհամբերությունը` «երեք հատ դու շեշ գցեմ և մարս անեմ», «հիմա, հիմա», «հուպ տուր, աշխարհի վերջն է գալիս» և այլն: Այդպես, ցավոք սրտի, չի լինում: Ինչ-որ մի բան կարող է ծնվել միայն մեթոդիկ աշխատանքի արդյունքում: Վերջերս հրաշալի ասացվածք եմ կարդացել` այն, ինչ շտապ է, կարևոր չէ, այն, ինչ կարևոր է, շտապ չէ:
Առավոտ
Որքան էլ շատ հարցերում համաձայն չլինեմ Լևոն Զուրաբյանի հետ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում` այն, ինչում նրան մեղադրում են` խարդավանքներ, ՀԱԿ-ի ներսում իշխանության համար պայքար` բացարձակ սուտ է: Ինչպես էլ անձնապես վերաբերվեմ Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ` այն մեղադրանքները, որոնք հնչում են նրա հասցեին` առաջադրանք է ստացել քայքայել ՀԱԿ-ը և այլն, իրականության հետ ոչ մի կապ չունեն: Անկախ նրանից, թե ինչպիսի` ճիշտ թե սխալ մտքեր է արտահայտում Դավիթ Շահնազարյանը, ես կուզեի նրա մասին ավել-պակաս բաներ գրող երիտասարդների ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. նա եղել է այնպիսի վայրերում և այնպիսի իրավիճակներում, որոնցում այդ երիտասարդները գուցե իրենց այլ կերպ դրսևորեին: Ինչպիսի սխալներ էլ գործած լինի Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերի 21-ից հետո (իմ կարծիքով` ինքնին քաղաքականություն վերադառնալն էր սխալ), միևնույն է` նա պատմության մեջ կմնա ոչ թե որպես ընդդիմության առաջնորդ, այլ որպես երրորդ հանրապետության առաջին նախագահ, որի իշխանության ժամանակ ազատագրվեց մեր հայրենիքի մի մասը: Բազմիցս գրել եմ, որ մեծ բարեբախտություն էր, որ այն ծանրագույն շրջանում մեր նախագահը հենց նա էր` ոչ Փտած կոմունիստ, ոչ էլ արկածախնդիր «դիսիդենտ», Տեր-Պետրոսյանի շնորհիվ մեր պետության նավը, թեև հիմնովին քրքրվելով, անցել է չափազանց նեղ «ջրանցքով»:
Հիմա օրակարգում Հրանտ Բագրատյանի նախագահ առաջադրվելու հարցն է: Եթե նման բան տեղի ունենա, ապա անպայման հակաքարոզչություն է սկսվելու: Ընդ որում, հարվածները հասցվելու են երկու կողմից: Պարզ է, թե ինչպիսին է լինելու իշխանության հակաքարոզչությունը` վարչապետ եղած ժամանակ քանդեց երկիրը, հզոր արդյունաբերական պոտենցիալ ունեցող ժողովրդին դարձրեց չարչի, գյուղացուն հանձնեց հողին և այլն: Մի խոսքով` լույս աշխարհ կհանվեն կոմունիստական բոլոր առասպելները, որոնք չափազանց հոգեհարազատ են մեր բնակչության զգալի մասին: Բայց բննադատություն է լինելու նաև հակառակ ճամբարից` ինչպե՞ս է նա համարձակվել, եթե Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում, դրանով նա լեգիտիմացնում է Սերժ Սարգսյանի ռեժիմը, ընտրությունների իմիտացիան և այլն: Մինչդեռ Բագրատյանը, անկախ նախկինում իր թույլ տված սխալներից, ոչ միայն փայլուն տնտեսագետ է, այլև հստակ գաղափարախոսության կրող, ինչն ասյօր, համաձայնեք, շատ հազվագյուտ երևույթ է: Այս երկու հատկությունների շնորհիվ նրա` որպես պատգամավորի կարծիքը կարևորում են թե խորհրդարանական մեծամասնությունը, թե կառավարությունը: Պատճառը շատ պարզ է` նա բերում է մասնագիտական փաստարկներ, որոնք հիմնված են որոշակի արժեքային համակարգի վրա: Այնպես որ` նա բոլոր հիմքերն ունի առաջադրվելու:
Ասածս այն է, որ չարժե ընդդիմադիր ճամբարում հավելյալ «ռազբորկաներ» բացել և դիմացինին «փչացնելու» գնով փորձել բարձրացնել սեփական հեղինակությունը: «Միասնական թեկնածուն», իհարկե, հեքիաթ է: Բայց փոխադարձ հարգանքը, կարծում եմ, միանգամայն իրատեսական է:
Առավոտ
Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ համագումարում ստացավ երկու տիպի գնահատական. ճահճային-պաշտոնական` «ոգեշնչվելով մեր պատմական որոշումներով, մենք ավելի սերտ համախմբվեցինք հարազատ կուսակցության շուրջը», և ընդդիմադիր` «բա Նեմե՞ցը, բա Սաշի՞կը»: Պարզ է, որ քաղաքական շրջանակներում ոչ մեկը շահագրգռված չէ վերլուծել այդ ելույթի բովանդակությունը, հասկանալ դրա ուղերձները: Մեծ մասը, բնականաբար, չի էլ կարդացել: Նման դեպքերում ինձ հետաքրքրում է մասնագետների կարծիքը, որը կապ չունի այս կամ այն քաղաքական թայֆայի շահերի հետ: Երկու օր առաջ «Ա1+»-ի P.S.-ում այդ հարցը տվեցի քազաքագետ Լևոն Շիրինյանին, և նա ասաց, որ ելույթի տեքստը հեղափոխական մոդեռնիզացիայի ծրագիր է, այլ հարց է` իշխանությունը այն կիրականացնի՞, թե՞ ոչ:
Իսկ կա` արդյոք նախագահի շրջապատում այդ մոդեռնիզացիայի գիտակցությունը: Նախ մեջբերում անեմ ելույթից. «Մեր երկրում բազմակարծությանը, քաղաքական ազատություններին, խոսքի ազատությանը այլընտրանք չկա: Սա կարևոր սկզբունք է, որի պահպանման և զարգացման համար մենք դեռևս հսկայական անելիքներ ունենք: Հանդուրժողականությունը մեր երկրում ընթացող քաղաքական գործընթացների հենասյունն է: Հայաստանում առկա խնդիրները լուծելիս մենք պետք է բացառենք խտրականության, այլակարծության ճնշման և այլ անհարգալից մոտեցումները: Կառուցողական և պատասխանատու քննադատությունն է առողջ քաղաքական համակարգի զարգացման գրավականը: Բազմակուսակցական համակարգի զարգացումն ու քաղաքական միավորումների կառուցողական երկխոսությունն ապահով Հայաստանի կարևոր բաղադրիչներն են: Նախորդ տարիների ընթացքում մենք կամուրջներ կառուցող քաղաքականություն ենք իրականացրել, և այս սկզբունքը շարունակելու է մնալ մեր օրակարգում: Ազգային և սոցիալական համերաշխության սկզբունքն այլընտրանք չունի»: Նպատակները շարադրված են հստակ, և ցանկացած մտածող մարդ, ում ուղեղը մթագնած չի սևեռուն գաղափարներով, այդ նպատակների հետ կհամաձայնի: Ուրիշ հարց, որ Սերժ Սարգսյանի ներկայիս քաղաքական թիմի զգալի մասը բացարձակապես պատրաստ չէ այդ նպատակները ոչ միայն իրագործելու, այլև ընկալելու: Այդ «գործիչները» կարող են գոյատևել միմիայն անհանդուրժողականության, անպատժելիության և կամայականությունների մթնոլորտում:
Խնդիրը, հետևաբար, այն չէ` կվերընտրվի՞ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ. այստեղ, կարծես թե, ամեն ինչ պարզ է: Խնդիրն այն է` կարո՞ղ է նա վերընտրվել առանց Թոխմախի Մհերի և նրա նման մի քանի տասնյակ մարդկանց աջակցության: Հուսով եմ, որ կարող է: Եթե ոչ` մոդեռնիզացիան կհետաձգվի ևս 5 տարով: Դա վտանգավոր տարբերակ է:
Առավոտ
Երբ հայտնի ձայնագրությունից հետո պարզ դարձավ, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ու մեկնաբաններ բավականին խանդավառված են այդ գաղտնալսումից, ընկերներիցս մեկը նկատեց, որ КГБ-ն, պարզվում է, ժամանակակից Հայաստանում ջատագովներ ու նույնիսկ ֆանատներ ունի, և նրանց մեջ կան բավականին երիտասարդ մարդիկ: Միանգամայն ճիշտ է. հավատաքննության երկրպագու լինելու համար պարտադիր չէ, որ մարդը լինի 70-ն անց ԽՄԿԿ պատմության նախկին դասախոս և 37 թվականի բոցաշունչ երկրպագու: Իսկ գուցե խնդիրը հենց այն է, որ մենք այդպես էլ չենք հասկացել, չենք գնահատել ու չենք էլ հետաքրքրվում, թե ինչ է տեղի ունեցել ուղիղ 75 տարի առաջ:
Իսկապես, մենք ի՞նչ գիտենք այն ժամանակաշրջանի մասին: Հիմնականում այն, ինչ 56 թվականին ասել է Ստալինի զինակից և նրա հանցագործությունների մեղսակից Խրուշչովը: Անձի պաշտամո՞ւնք: Մի՞թե դա է այն ժամանակաշրջանի գլխավոր առանձնահատկությունը: Հիմա էլ ԲՀԿ-ում կա Գագիկ Ծառուկյանի, ՀԱԿ-ում` Լևոն Տեր-Պետրոսյանի, «Ազգային միաբանությունում»` Արտաշես Գեղամյանի անձի պաշտամունքը և այլն, հետո՞ ինչ: Արդյոք դա՞ է «37 թվականի» բնորոշիչը, արդյոք իրավացի՞ էին 50-ականների կեսերի կոմունիստները, որ հենց դրա համար էին «քննադատում» ստալինյան ռեժիմը: Ավելի շուտ խոսք պետք է լիներ մեկ այլ` բռնության պաշտամունքի մասին, երբ թե ղեկավարությունը և թե ժողովուրդը վստահ են, որ մարդկանց կազմակերպելու և որևէ արդյունքի հասնելու միակ մոտիվացիան բռնությունն է, և պետության պարտքն է ստեղծել բռնության այնպիսի մեքենա, որը հնազանդ կպահի ժողովրդին և կստիպի նրան վախից դրդված ենթարկվել որոշակի խիստ կանոնների: Իսկ ո՞րն է այդ մեքենայի գլխավոր շարժիչը: Նույն ժամանակահատվածում [1933-1945] գերմանացիների մոտ այդ կառույցը կոչվում էր «գեստապո»` գաղտնի քաղաքական ոստիկանություն, իսկ Խորհրդային Միությունում ուներ տարբեր անվանումներ, բայց առավել հայտնի է որպես КГБ: Այդ հիմնարկի ոճի մեջ է, մասնավորապես, անանուն մատնագրերի հիման վրա մարդկանց հետապնդումը, քաղաքական հակառակորդների գաղտնալսումը և դրանց միջոցով շանտաժը: Եվ նման համակարգի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ տվյալ կառույցը գործում է որևէ վերահսկողությունից դուրս: Համոզված եմ, որ մենք մինչև վերջ չենք իմաստավորել, չենք մերժել այն սարսափելի երևույթները, որոնք կային մեր անցյալում: Իհարկե, մենք այսօր ապրում ենք բոլորովին այլ երկրում: Պետության ղեկավարը [մասնավորապես իր ելույթում] խոսում է բոլորովին այլ արժեքներից: Բայց արդյոք պետության, իշխանության գործելակերպից վերացե՞լ է КГБ-ական ոճը, արդյոք մեր քաղաքացիների մեծ մասի մոտ առկա՞ է այդ ոճի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք: Արդյոք դուք չե՞ք տեսել մարդկանց, որոնք ասում են` «էս երկրին Ստալին է պետք, որ կարգուկանոն հաստատի»: Իսկ քանի այդպես է, կլինեն գաղտնալսումների երկրպագուներ և ջատագովներ:
Առավոտ
«Անհայտ ուժերի» կողմից գաղտնալսված երկու պատգամավորների մասնավոր զրույցի բովանդակությանը մենք պայմանավորվեցինք չանդրադառնալ` կարծես թե այս հարցում որոշակի կոնսենսուս կա: Բայց պետք է, հավանաբար, անդրադառնալ գաղտնալսման փաստին, ինչպես նաև նրան, թե ինչու է իշխանությունը [միամիտ ձևանանք և չասենք` ԱԱԾ-ն] որոշել այս գաղտնալսումը հրապարակել: Նախ`ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ մեր երկրում դեռ գոյություն ունի քաղւսքական լրտեսություն, որը կար խորհրդային շրջանում: Եթե Սովետի ժամանակն արդեն անցած լիներ, այդ ձայնագրությունն իրականացրած և ինտերնետում տեղադադրած մարդիկ կկանգնեին դատարանի առաջ: Քանի որ իմ այդ ենթադրությունը քմծիծաղով կընդունվի, մնում է եզրակացնել, որ Սովետը դեռ շարունակվում է: ՀՀԿ համագումարում արմավիրցի «կթվորուհու» և նման այլ ելույթները դրա վկայությունն են:
Մյուս կողմից` պարզ է, որ մեր փառապանծ չեկիստները [այդ բառը հասկացեք լայն իմաստով] հազար ու մի բան են ձայնագրում և տեսագրում, բայց ոչ բոլորն են հրապարակում: Այս մի նյութը, հավանաբար, նրանց շատ պետք եղավ նախընտրական պայքարում, դրա համար էլ հրապարակվեց: Այդ ակցիայի հեղինակներին թվում է, որ դրանով վարկաբեկվում է ՀԱԿ-ը: Թե որքանով է այդ հաշվարկը ճիշտ` առայժմ դժվար է ասել: Բայց հաշվարկը հիմնված է այն փաստի վրա, որ ՀԱԿ-ի, ինչպես և մեր բոլոր մնացած կուսակցությունների քաղաքականությունը թափանցիկ չէ, այստեղ բացակայում են բաց մրցակցությունն ու հրապարակային բանավեճը: Հակասությունները արհեստականորեն կոծկվում են ու հանդես են գալիս ասեկոսեների, բամբասանքների, ակնարկների տեսքով, ինչից հմտորեն օգտվում է իշխանությունը` մենաբանելով այդ հակասություններն ու ակնարկներն այնպես, ինչպես իրեն է հարմար: Խնդրո առարկա ձայնագրությունն էլ ես ընկալում եմ որպես յուրահատուկ բամբասանք և «անոնիմկա»: Այդ ժանրի «ստեղծագործությունները» պետք է խստորեն դատապարտել: Բայց դրանց ազդեցությունը չեզոքացնելու միայն մի ճանապարհ կա` անկեղծությունը:
Իսկ դրա համար պետք է մի կողմ թողնել գաղտնիության շղարշը և վերջ տալ «բուզանդական արքունիք» խաղալուն: Ի վերջո` խոսքը ղարաբաղյան կարգավորման մասին չէ, որին, ինչպես հայտնի է, փորձագիտական մակարդակով տիրապետում էին 4 թե 5 հոգի: Նախագահական ընտրությունների հնարավոր չէ գնալ «փորձագիտական մակարդակով», հաշվի առնելով հայաստանյան ընտրությունների յուրահատկությունները` այստեղ պետք է հասարակության լուրջ մոբիլիզացիա: Մեկ տարի մարդկանց համոզել, որ իրենց փրկողը, նյութական բարեկեցություն և արդարություն պարգևողը կլինի Գագիկ Ծառուկյանը և հիմա այդ մարդկանց հիասթափության ֆոնի վրա ոչ մի բան չձեռնարկել, շարունակել ինչ-որ անհասկանալի «գաղտնի բանակցություններ» վարել` ես այստեղ որևէ տրամաբանություն չեմ տեսնում: Եվ այսօր ընդդիմադիր դաշտում ստեղծված իրավիճակի մեղավորը ոչ Զուրաբյանն է, ոչ Բագրատյանը, ոչ էլ Նիկոլը: Կռահեք, թե ով:
Առավոտ
Առաջադրվելու-չառաջադրվելու, հայտարարելու-չհայտարարելու «երիցուկի» հերթը այժմ հասել է ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին: Մինչև որ որոշումը չընդունվի, դիտումներ որսացող կայքերը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, օրը մեջ կամ գուցե օրը մի քանի անգամ գրելու են` «որոշել է առաջադրվել», «որոշել է չառաջադրվել»: Այնինչ այստեղ միակ հավաստի աղբյուրը Լևոն Տեր-Պետրոսյանն է` ոչ մեկը նրա նույնիսկ ամենամոտիկ շրջապատից չի կարող հաղորդել որևէ արժանահավատ լուր, եթե նույնիսկ արտահոսք է թույլ տալիս, ապա դա հաստատ իր, ոչ թե առաջին նախագահի նախաձեռնությունն է:
Նախագահ առաջադրվելը մեզ մոտ դարձել է զուտ անձնական գործ` վարսավիրանոց գնալու կամ մի պարկ կարտոֆիլ գնելու համար: Կուզեմ` այսօր կառնեմ, կուզեմ` մի շաբաթ հետո, կուզեմ` ընդհանրապես չեմ առնի` ոչ մեկին պարտավոր չեմ հաշվետվություն տալ: Բնականաբար, հարևաններս ու բարեկամներս էլ «հարգանքով են վերաբերվում իմ դիրքորոշմանը»: Քաղաքական գործունեությունը, իմ ընկալմամբ, փոքր-ինչ այլ է` այստեղ դու պետք է հասարակությանը բացատրես քո քայլերի տրամաբանությունը: Եթե, իհարկե, դու հույսդ դրել ես հասարակության, քաղաքացիների, ոչ թե գաղտնի բանակցությունների, խարդավանքների և արտասահմանյան ազդակների վրա: Երբ իշխանությունն է այսպես վարվում, դա դեռ կարելի է հասկանալ` նա պատրաստվում է անցկացնել ավանդական ընտրություններ lights տարբերակով` առանց բռնությունների և սկանդալների: Ընդդիմության գլխավոր ռեսուրսը, որքան ես հասկանում եմ, պետք է լինի հասարակական աջակցությունը: Թե՞ ես սխալ եմ հասկանում, և նրա ռեսուրսը կարող են լինել իշխանության հետ ինչ-ինչ հակասություններ ունեցող օլիգարխի հնարավորությունները:
Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի գլխավոր թերությունն այն է, որ նրանք երբեք չեն ընդունում իրենց սխալները: Պարզ օրինակ, այսօր կարելի է, չէ՞, խոստովանել, որ Դաշնակցությունը փակելը սխալ էր` ներկայիս քաղաքական վիճակի վրա դա որևէ բացասական ազդեցություն չի թողնի: Բայց ոչ, այդ անհեթեթ քայլն այսօր էլ է արդարացվում: Կամ ավելի թարմ օրինակ, այսօր պարզ է, չէ՞, որ ՀԱԿ-ի «բարգավաճական» խաղերն առնվազն անիմաստ էին, և կարելի է ասել` «ժողովուրդ, սխալվեցինք, մեր հաշվարկները սխալ էին»: Բայց փոխարենը առասպելներ են հյուսվում այն մասին` իբր ավազակապետական բուրգից մի բեկոր պոկվեց, և դա ՀԱԿ-ի իմաստուն քաղաքականության արդյունքն է: Սխալը պետք է խոստովանի Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ թե Լևոն Զուրաբյանը, որի վրա անպատեհ հարձակումները վերջերս, չգիտես ինչու, շատացել են:
Բայց, ի վերջո, առաջադրվել, թե չառաջադրվել: Իմ կարծիքով` ստեղծված իրավիճակում` երկրորդը: Պետք չէ, որ Հայաստանի առաջին նախագահը, որի ծառայությունները պետության և ազգի առաջ անվիճելի են, ստանա ձայների 7-10 տոկոս: Բայց ՀԱԿ-ը պետք է առաջադրի իր թեկնածուին: Այդ մասին` հաջորդ դասին:
Առավոտ
Վաղուց ուզում էի մի երկու բարի խոսք գրել Վարդզես Գասպարիի մասին: Իհարկե, լրատվամիջոցների համար նա, ինչպես հիմա ընդունված է ասել, «ղժալու» չափազանց բարենպաստ նյութ է տալիս` պատեհ-անպատեհ պառկում է տարբեր տեղերում, գոռում-զոչում է, երբեմն քաղաքականապես «ոչ ճշգրիտ» պաստառներ է պահում: Բայց իր բոլոր էքսցենտրիկ դրսևորումներով հանդերձ` այդ մարդը անկեղծ է և պաշտպանում է իր, ճիշտ թե սխալ, սկզբունքները: Գասպարին քաղաքացի է, համարձակորեն արտահայտում է իր գաղափարները, ընտրում է դրա համար իրեն հոգեհարազատ ձևերը: Քաղաքացի լինելուն, անշուշտ, նպաստում է այն, որ նա ունի եկամուտի անկախ աղբյուր` փոքր բիզնեսի սեփականատեր է: Եթե մեր բնակչության գոնե 30 տոկոսը կազմված լիներ Գասպարիի նման քաղաքացիներից, մեր խնդիրների մեծ մասը կլուծվեր: (Ինչ խոսք, անպայման չէ պառկել, կարելի է ամեն ինչ ասել նաև կանգնած):
Սկսած մոտավորապես 90-ականների կեսերից` իշխանությունն ամեն ինչ արել է, որպեսզի մեր երկրում անկախ սեփականատերերի խավ չձևավորվի: Դա իշխանությանը ձեռնտու է երկու պատճառներով. նախ` ամեն ինչ կենտրոնանում է ձեռնասուն օլիգարխների ձեռքում, երկրորդ` սեփականությունից զուրկ լյումպենը կարող է ժամերով լացել աշխատավարձի կամ թոշակի վերաբերյալ, անեծքներ ուղղել իշխանությանը, բայց վերջինիս համար որևէ վտանգ չի ներկայացնում` շատ-շատ անկարգությունների ժամանակ խանութ թալանի:
Գասպարիի դիրքորոշումն անկախ է իշխանությունից և ընդդիմությունից: Ինչպես ասացի, վերջերս նա օլիգարխներին դատապարտող պաստառ էր բռնել` մարտավարական տեսանկյունից ոչ կոռեկտ: Բանն այն է, որ օլիգարխների շարքում նշված էր Գազիկ Ծառուկյանը, իսկ դա այն ժամանակահատվածն էր, երբ ՀԱԿ-ը հույսեր էր փայփայում, որ ԲՀԿ-ի հետ բուրժուադեմոկրատական հեղափոխություն կանի: Ուստի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հորդորեց հանել Ծառուկյանին, ինչը Վարդգեսը սիրով արեց: Այսօր նման հորդոր կարող է և չհնչել` քաղաքականության մեջ ամեն ինչ փոփոխական է: Բայց Գասպարիի առավելությունն էլ այն է, որ նա քաղաքական գործիչ չէ, նա պարզապես ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի է:
Օրերս էլ նա «պառկացույց» է արել ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի մոտ` պահանջելով, որ ներկա և նախկին ՀԱԿ-ականները կայքերում իրար անձնական վիրավորանքներ չհասցնեն: Ինչ խոսք, խիստ արդիական պահանջ է, որը, բնականաբար, վերաբերում է քաղաքական պրոցեսի բոլոր մասնակիցներին: Ճիշտ է, ինքը` Վարդգեսը, այդ պահանջին չի ենթարկվում, և երբ երեկ մի քանի իշխանավորներ «սխալմամբ» դուրս էին եկել կառավարութան շենքի գլխավոր մուտքից, նա սկսեց բղավել` «սրիկա´», «մարդասպա՛ն», որոնք նույնպես անձնական վիրավորանքներ են: Բայց նույնիսկ իր հակասություններով Գասպարին անկեղծ է:
Առավոտ
Հրապարակային քաղաքականություն Հայաստանում գոյություն չունի, ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում որոշումներն ընդունվում են միանձնյա, դրանց ընդունման ընթացքն ու մեխանիզմը թափանցիկ չեն: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այդ վիճակը ձևակերպել է շատ դիպուկ` «ինչ որ անում է Լևոն Տեր-Պետրոսյանը, ճիշտ է անում»: Եվ նույնը, ըստ էության, ասում են նաև Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները: Նման իրավիճակը բերում է առնվազն երեք հետևանքների` ա/ վերոհիշյալ անձինք, անկախ իրենց անձնական հատկանիշներից, գործնականում զրկվում են ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունից, բ/ նրանց շրջապատող մարդիկ պարտադրված են արդարացնել և գովերգել իրենց առաջնորդների ամեն մի քայլ, 3/ այդ քայլերը կարող են բացատրել միայն դրանց «հեղինակները», որովհետև մնացածներն իսկապես չգիտեն դրանց դրդապատճառները և բացի ձոներ հնչեցնելուց` ոչինչ չեն կարող անել:
Օրինակ` մեկնաբանությունների և վերլուծությունների հեղեղում չհնչեց շատ պարզունակ հարցերի պաշտոնական կամ կիսապաշտոնական պատասխան` իսկ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ԲՀԿ ղեկավարը չմտավ ընտրապայքարի մեջ, արդյոք այն որոշումը, որը կայացրել էր «իր մեջ»` այդ պայքարից հրաժարվե՞լն է, և արդյոք հենց դա՞ էին հուշում ԲՀԿ-ական ների հանդիպումները Հայաստանի տարբեր շրջաններում: Տիգրան Ուրիխանյանը և մնացած հայտնի կուսակցականները այդ հարցերի լիարժեք պատասխանը չգիտեն և այդ պատճառով ստիպված են սահմանափակվել ընդհանուր ձևակերպումներով` ամեն ինչ արվում է ի շահ ժողովրդի, նրա բարօրության և այլն:
Բայց եթե ԲՀԿ-ի վարքագծում կարելի է, այդ ամենով հանդերձ, գտնել որոշակի տրամաբանություն, որն, ըստ երևույթին, թելադրվում է իշխանությունների բանեցրած տնտեսական և վարչական ճնշումներով կամ դրանց սպառնալիքներով, ապա ՀԱԿ-ի ուղեգիծը [հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո] ընդհանրապես տրամաբանությունից դուրս է: Իհարկե, այսօր էլ Կոնգրեսի կողմնակիցները կգտնեն բառեր, որոնք իրավիճակը կնկարագրեն լավատեսական գույներով: Կարելի է, օրինակ, գրել, որ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելը «Տեր-Պետրոսյանի ստրատեգիայի տրիումֆն էր», կամ` որ դրանով «մահացու հարված հասցվեց ավազակապետությանը»: Բայց լեզուն, ինչպես հայտնի է, ոսկոր չունի` ասելով չի: Այսօր ցանկացած չնախապաշարված մարդու պարզ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կոնսուլտացիաների անվան տակ չպիտի սպասեր այլ թեկնածուների առաջադրվել-չառաջադրվելուն` դա նսեմացնում է առաջին նախագահի քաղաքական կշիռը: ՀԱԿ-ը չպիտի հույսեր կապեր համակարգի ներսում` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առաջացող ճեղքերի հետ, պիտի խաղար իր սեփական խաղը:
Հիմա սպասենք Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելուն: Բայց երկու դեպքում էլ, կասկած չունեմ, ՀԱԿ-ականները կասեն, որ դա հանճարեղ քայլ է:
Առավոտ
Ես գիտեմ, որ իմ գրածը դժգոհություն կառաջացնի կործանման, աղետի և ապոկալիպսիսի տեսության ջատագովների մոտ, բայց պիտի ներկայացնեմ իմ աչքով տեսածը: Կիրակի օրը առաջին անգամ եղա «Դալմա գարդեն» հիպերմարկետում: Խնդիրն այն չէ, որ այն հիշեցնում է արևմտյան «հաստատությունները»: Ավելի ուշագրավ է այն, որ այդ հսկայական շենքը լեփ-լեցուն էր, և չեմ կարծում, որ այդ հազարավոր մարդիկ բոլորն առանց բացառության քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ էին, կաշառակերներ էին և ՀՀԿ անդամներ:
Պարզապես մարդիկ կան, որոնք գերադասում են այցելել ոչ թե մի քանի տասնյակ մետր հարևանությամբ գտնվող «Հրազդանի» տոնավաճառ կոչվող արևելյան բազարը, որտեղ ապրանքները մի քիչ ավելի էժան են, ու կարելի է նաև սակարկել, այլ այս հիպերմարկետը` իր շատրվաններով, երաժշտությամբ և սրճարաններով, որտեղ մեզ պարտադիր ՀԴՄ կտրոն են տալիս: Մարդիկ կան, որոնք բողոքում են դրա դեմ, անիծում են, ընդվզում են` ոչ թե այն պատճառով, որ աղքատ են և չեն կարող այնտեղ առևտուր անել, այլ` որովհետև սովոր են բազարին: Ճիշտ նույն տրամաբանությամբ մարդիկ բողոքում են արագաչափերի և տեսանկարահանող սարքերի դեմ: Թվում է, թե ի՞նչ կա դրա մեջ` մի խախտեք երթևեկության կանոնները և չեք «նկարահանվի» ու տուգանվի: Բայց ոչ` եթե նրանք «բոլորի նման» քշեն օրենքներով, ապա ինչով, ինչպես են ցույց տալու, որ լավ տղերք են, բոլորի նման չեն, որ շուստրի են և աչքաբաց: Այ, երբ կանգնած է ճանապարհային ոստիկանը, այդ բոլոր գովելի հատկանիշները հնարավոր է ցուցադրել` այդ ոստիկանների հետ «բազար» անելով: Նախ` եթե դու «հարգված տղա» ես, «գաիշնիկը» կարող է քեզ և չտուգանել, ասել` «գնա, թագավոր ախպեր»: Եթե «նարուշիլովկա» ունես, դարձյալ կարող ես դա հպարտորեն ցույց տալ: Կան նաև բազմաթիվ այլ տարբերակներ քո` «ոչ սովորական տղա» լինելն ապացուցելու համար, կարող ես զանգահարել բաջանաղիդ հորեղբոր որդուն, որը դասակի հրամանատար է, և նա «խաթրով», «ջիգյարով», ինչպես նաև «նամուսով» և «թասիբով» քո խնդիրները կլուծի: Վերջապես, եթե ամենն էլ չի գործում, քո և ճանապարհային ոստիկանի միջև մի քանի ակնթարթ «պաուզա» է տեղի ունենում, որից հետո «գաիշնիկը» ասում է` «հը, հմի ի՞նչ ես ասում» կախարդական ֆրազը, որից հետո դու կհասկանաս` ժամանակն է գրպանից հանել 5 կամ 10 հազարանոցը: Եվ նա քեզ բաց կթողնի, բա էլ ինչի՞ համար է «մարդկությունը», որն այդքան բնորոշ է մեր ազգին: Իսկ հիմա պատկերացրեք, որ ճանապարհային ոստիկանի փոխարեն դրված է արագաչափը կամ տեսանկարահանող սարքը` մետաղի կտորը, որը ոչ «ջիգյար» ունի, ոչ «թասիբ», ոչ էլ «մարդկություն գիտի»: Հարաբերությունների մի ամբողջ համակարգ, կասեի նույնիսկ` կյանքի փիլիսոփայություն դրանով փլուզվում է: Դու դառնում ես «բոլորի» նման ու այլևս չես կարող պարծենալ քո առանձնահատուկ օրինազանցությամբ: Այստեղից` բողոքներ թե` «լավ տդերքի» և թե, բնականաբար, կաշառքներով «տուն պահող» ոստիկանների կողմից:
Կներեք, իհարկե, որ այսօր չգրեցի նախագահական ընտրությունների մասին: Պարզապես անկեղծորեն կարծում եմ, որ մեր խնդիրները նախագահի անձով չեն պայմանավորված: Իհարկե, «բազարի» կողմնակիցներն այդպես չեն մտածում:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.