23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ում կարելի է համարել քաղաքական գործիչ, ում՝ ոչ, ինչպես և ում շնորհիվ են նրանք կայանում կամ չեն կայանում՝ բարդ հարց է: Օրինակ՝ այսօր նախագահի պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց համարում են քաղաքական գործիչներ, մինչդեռ իրենց շուրջն անձի պաշտամունքի մթնոլորտ ստեղծողները գտնում են, որ այդպիսի գործիչներ են միայն իրենց զինակիցները, իսկ երբ վերջիններս դադարում են այդպիսիք լինել, ապա դադարում են լինել նաև քաղաքական գործիչ: Վերջապես, Պարույր Հայրիկյանը վստահ է, որ Հայաստանում միակ քաղաքական գործիչն ինքն է:
Չափանիշները, մի խոսքով, տարբեր են և չափազանց սուբյեկտիվ: Իհարկե, կարելի է վերամբարձ տոնով ասել՝ որոշողը ժողովուրդն է, հասարակությունը, քաղաքացիները: Բայց այստեղ մենք դարձյալ բախվում ենք այն խնդրին, թե ով կարող է որոշել՝ ինչպիսին է իրականում այդ «ժողովրդի» վերաբերմունքը: Այս կամ այն կուսակցապետը, իր շուրջը ֆանատների կամ հանուն փողի քծնողների խումբ տեսնելով, այդ խմբի վերաբերմունքը տարածում է ողջ ժողովրդի վրա: Նախագահի կայացած և չկայացած թեկնածուներ կան, որոնք անկեղծորեն զարմանում են, երբ մեկը ենթադրում է, թե իրենց Հայաստանում որևէ մեկը չի ճանաչում: Ուրեմն՝ այստեղ էլ օբյեկտիվ չափանիշներ եթե անգամ կան, ապա դրանք շատ դժվար է բացահայտել: Իմ անձնական, իհարկե, սուբյեկտիվ ընկալմամբ՝ մեր քաղաքացիների մեծ մասը խորապես հիասթափված են բոլոր նրանցից, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում՝ անկախ այն հանգամանքից, թե որ ճամբարում են նրանք «պայքարում հանուն ազգի»:
ԵԽԽՎ դիտորդները երեկ նույնպես արձանագրել են համընդհանուր հիասթափության և անտարբերության մթնոլորտը: Նրանք նաև երկու կարևոր շեշտադրում արեցին: Նախ՝ ուրախացան, որ թեկնածու չառաջադրած կուսակցությունները քաղաքացիներին բոյկոտի կոչ չեն անում, որովհետև «ընտրությանը մասնակցելը ժողովրդավարության կարևորագույն արժանիքն է»: Երկրորդ՝ շեշտեցին, որ «առկա անտարբերության և անվստահության երևույթը կապ չունի նախագահի թեկնածու չառաջադրելու որոշման հետ»: Սա ես հասկանում եմ հետևյալ կերպ. եթե դուք ձեզ քաղաքական ուժեր և գործիչներ եք համարում, առաջադրվել-չառաջադրվելը, իհարկե, ձեր գործն է, ձեր ոազմավարությունն ու մարտավարությունը: Բայց հիասթափության, անտարբերության, ընտրական պրոցեսի նկատմամբ անվստահության մթնոլորտի համար պատասխանատու են բոլորը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, քաղաքական և ոչ քաղաքական ուժերը: Մի՛ փորձեք վարկաբեկել ընտրությունները՝ որպես ժողովրդավարական ինստիտուտ, այն պատճառով, որ դուք դրան չեք մասնակցում: Դիտորդների գնահատականի վրա դա չի ազդի:
Այն, որ քաղաքական որոշ ուժեր փաստորեն ժամանակավորապես կասեցրել են իրենց գործունեությունը (այլ կերպ չեմ կարող անվանել նրանց ներկայիս պահվածքը), օրինաչափ է և գուցե նույնիսկ՝ արդարացված: Ինչպես և ամեն ինչը, քաղաքականությունը Հայաստանում ճգնաժամ է ապրում, և հասարակությունը թերևս պետք է դրանից մի քիչ հանգստանա: Դրա արդյունքում, հնարավոր է, կհստակեցվեն քաղաքական գործունեության չափանիշները:
Առավոտ
Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից սովորաբար առանձնացնում են «երկու ղարաբաղցիների» մասին դրվագը, ինչի վրա էլ, որպես կանոն, հիմնվում են մեկնաբանություններն ու վերլուծությունները: Ինչ խոսք, ձևակերպումն անհաջող էր, բայց դրա իմաստը ոչ այնքան «տեղայնական-կլանային», որքան հենց քաղաքական էր: Երկրորդ և երրորդ նախագահների պայքարը կնշանակեր միևնույն աղբյուրի, միևնույն վարչական և նյութական ռեսուրսի տրոհում: Դա տեսականորեն հնարավոր է, բայց նորմալ, «դասական» վիճակում այդ ռեսուրսը կարող է ծառայել կամ մեկին, կամ մյուսին, այսինքն` իշխանության «միասնական» թեկնածուի: Կարծում եմ` երկրորդ նախագահը հենց դա էր ուզում ասել: Համեմատաբար ավելի քիչ է խոսվում Ռոբերտ Քոչարյանի բերած երկու այլ պատճառաբանությունների մասին. «Չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ և, վստահ եմ, երկրի համար վնասակար ձևաչափի կազմավորմանը»: «Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առևտրի»: Եթե վերանանք այն հանգամանքից, թե ով է դա ասում, ինքնին այդ դատողությունները միանգամայն ճիշտ են և ողջունելի: Մասնավորապես, «երեք նախագահների»` իսկապես տհաճ ֆորմատը ենթադրում է, որ նրանք իրար հասցեի պիտի փիս-փիս բաներ ասեն, իսկ նրանց ասածները բոլոր դեպքերում նշաձող են դնում մնացած քաղաքացիների համար, անկախ նրանից` այդ քաղաքացիները ատում են ներկա և նախկին նախագահներին, թե սիրում: Բայց պետության համար այդ վնասակար ձևաչափը սկիզբ է առել հենց 98 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ Քոչարյանի պրոպագանդիստները սկսեցին խոսել «նախորդ հանցավոր ռեժիմի», «ռևանշիզմի» և նման բաների մասին` այդ համատեքստում հիշատակելով առաջին նախագահին: Երբ Տեր-Պետրոսյանը 2007-ի սեպտեմբերին վերադարձավ քաղաքականություն, հիշյալ ֆորմատն ամբողջացավ: Ինձ թվում է` բոլոր նրանք, ովքեր կարող են ազդել հասարակական կարծիքի վրա, պիտի որոշակի նրբանկատություն դրսևորեն նախկին նախագահների նկատմամբ (բնականաբար, քննադատելով նրանց սխալները), իսկ վերջիններս էլ պիտի որևէ մեկի և հատկապես իրար հետ չմտնեն քաղաքական «բլիժնի բոյ»-ի մեջ, որպեսզի հասարակությունը նրանց, փոխաբերական իմաստով, «կապտուկները» չտեսնի: Տեսարաններն, անշուշտ, չեն բարձրացնում քաղաքացիների հարգանքը պետության նկատմամբ: Ինչ մնում է քաղաքականության մեջ «մանրածախ առևտրին» (որը երբեմն «ռեալ-պոլիտիկ» են անվանում), ապա դա նույնպես տհաճ երևույթ է: Բայց ես, ճիշտն ասած, երբեմն կգերադասեի, որ այդ առևտուրը լիներ: Օրինակ` 2008-ի փետրվարին կամ նույնիսկ ավելի շուտ: Ավելի լավ կլիներ, որ իշխանությունը զբաղվեր քաղաքական առևտրով, բանակցեր, սակարկեր, քան որոշեր «չորով» գնդակահարել մարդկանց:
Առավոտ
Տավուշի մարզպետարանի շենքի հարևանությամբ՝ Իջևանի քաղաքային զբոսայգում, խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը գլխատվել է: Քանդակների այգում բարբարոսության նախորդ դեպքի մասին «Առավոտը» հայտնել է 2012թ. մարտի 1-ին («Գարունն Իջևանում վանդալիզմով եկավ»): Իջևանի ավագանու անդամ, Իջևանի կոմունալ Ձեռնարկության նախկին տնօրեն Սամվել Չիբուխչյանը հայտնել է, որ զբոսայգին 2 պահակ ունի, սակայն նրանք աշխատում են մինչև ժամը 18-ը: Իջևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանն էլ ասել է, որ իրենք նախկինում գրություն են ուղարկել ոստիկանությանը, որպեսզի ոստիկանության պարեկային խմբերի գիշերային հերթապահության տարածքում ընդգրկվի նաև քաղաքային զբոսայգին: Ըստ Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի՝ իրենք դեռ չեն պարզել՝ քանդակը նո՞ր է վնասվել, թե՞ վաղուց:
Քաղաքապետի խոսքերով՝ քաղաքապետարանի կողմից վերացվել են քանդակների հանդեպ նախկինում կատարված բարբարոսության հետքերը: Իջևանցիները «Առավոտ»-ի թղթակցին հայտնել են, որ հունվարի 15-ի առավոտյան վնասված քանդակի հետևում ընկած էր դրա պոկված գլուխը: Թերթի այցելության ժամանակ՝ օրվա երկրորդ կեսին, քանդակի գլուխն անհետացել էր: Տուֆի թափված փոշին վկայում էր, որ քանդակը նոր է վնասվել:
Առավոտ
«Ազգային անվտանգություն» անունը կրող կուսակցությունը [իրականում, իհարկե, Գառնիկ Իսագուլյանը, քանի որ դա, անշուշտ, «մարդ-կուսակցությունների» շարքից է] հանդես է եկել հայտարարությամբ, որում տրվում է ներկայիս քաղաքական իրավիճակի հակիրճ բնութագիրը: Հիմնական թեզերից մեկն այն է, որ ներկայիս ՀՀԿ-ին կարող էր մրցակից լինել ՀԱԿ-ի միտինգային, ԲՀԿ-ի նյութական և Դաշնակցության գաղափարական եռամիասնությունը: Ձևակերպումը գեղեցիկ է` իրոք, եթե նման միասնություն լիներ, առաջիկա ընտրությունները կանցնեին սուր մրցակցության պայմաններում: Միայն թե այդ միասնության խոչընդոտները ոչ միայն սուբյեկտիվ են` այդ կուսակցությունների վերնախավերի անձնական ամբիցիաները, ինչպես նշում է պարոն Իսագուլյանը, այլև՝ օբյեկտիվ:
Մասնավորապես, ԲՀԿ-ի «նյութականը» նույն աղբյուրն ունի, ինչ որ ՀՀԿ-ինը, հետևաբար երկարաժամկետ կտրվածքով դրանք չեն կարող իրար հակադրվել: ՀՅԴ-ի «գաղափարականը» չափից դուրս արխայիկ բնույթ է կրում և սերում է 19-րդ դարի ազզային-ազատագրական պայքարից` «սարերից իջած մի խումբ ձիավորով» դժվար է ինտեգրվել ժամանակակից քաղաքական կյանքին, իսկ նրանք, ովքեր «սարերից չեն իջել», նույնքան ցինիկ են, որքան մնացածները: Ինչ մնում է ՀԱԿ-ին, ապա միտինգային ռեսուրսն էլ մաշվելու հատկություն ունի: Կոնգրեսի դեպքում այն երկար է պահպանվել, ոչ մի ԱԺՄ կամ Մանուչարյան նույն բովանդակությամբ, հիմնականում` ճիշտ ճառերով (գողեր, ավազակներ, օր առաջ պետք է ազատվել, թե չէ…) չեն կարողացել այդքան երկար պահել «հանդիսատեսին», որքան դա արել է ՀԱԿ-ը:
Բայց կրկնեմ` սխեման, որն առաջարկվում է վերոհիշյալ հայտարարության մեջ` «փող + գաղափար + զանգված» միանգամայն ճիշտ է, միայն այդպես է հնարավոր հանդես գալ արդյունավետ ընդդիմության դերում: Ամբողջ խնդիրը այս երեքի միատեղման մեջ է` զանգվածն անտարբեր է գաղափարների նկատմամբ, փողատերերն էլ դրանք լավագույն դեպքում «ավելորդ շքեղություն» են համարում: Գաղափարներ կրողները, որպես կանոն, ատելությամբ են լցված փողատերերի նկատմամք և փոքր-ինչ վերևից են նայում զանգվածին: Գրագետ մարդիկ սովորաբար նյութական միջոցներ չունեն, իսկ հարուստներին հաճախ ավելի հեշտ է լինում հարմարվել գոյություն ունեցող հոռի բարքերին, քան հարվածի տակ դնել իրենց բիզնեսը: Մի խոսքով` այդ երեք գործոնների մեկտեղումը նման է «մոլորակների շքերթի», որը շատ հազվադեպ է պատահում:
Սակայն նման «շքերթի» հասնելը չպիտի լինի միայն ընդդիմության, այսինքն` իշխանության համար պայքարողների խնդիրը: Դրանով պետք է մտահոգվեն բոլոր նորմալ քաղաքացիները, բոլոր մտածող մարդիկ: Հենց որ նրանք են սկսում օրակարգ թելադրել քաղաքական վերնախավին, ամեն ինչ տեղն է ընկնում: Ընդ որում` առանց տեսանելի ցնցումների:
Առավոտ
Ընկերներիցս մեկը խնդրեց ինձ արտահայտել իմ պոզիտիվ, ոչ սարկաստիկ վերաբերմունքը առաջիկա ընտրությունների վերաբերյալ, ասել, թե ինչպես պետք է վարվեն քաղաքական գործիչները և քաղաքացիները ստեղծված իրավիճակում: Միանգամից ասեմ, որ երբեք ոչ մեկին [այդ թվում` իմ երեխաներին] չեմ ասել, թե «ինչպես է պետք» վարվել: Ի տարբերություն բոլոր տեսակի բոլշևիկների և հավատաքննիչների` ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել` արեք այնպես, ինչպես ես ուզում եմ, հակառակ դեպքում ես փիս-փիս բառեր կասեմ Ձեր հասցեին: Ես կարող եմ ասել միայն, թե ինչպես եմ ես վարվում, ինչպես եմ գնահատում իրավիճակը` ամենևին չպնդելով, որ իմ վարքը «էտալոնային է», և բոլորը պետք է հետևեն իմ օրինակին:
Նախ ասեմ, որ ես, որպես քաղաքացի, միշտ մասնակցել եմ նախագահական ընտրություններին: 91-ին ձայնս տվել եմ Պարույր Հայրիկյանին, 96-ին` Լևոն Տեր-Պետրոսյանին, 98-ին երկու փուլերում քվեարկել եմ բոլորի դեմ, 2003-ին երկու փուլերում ձայնս տվել եմ Ստեփան Դեմիրճյանին, 2008-ին` Լևոն Տեր-Պետրոսյանին: Ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո չեմ թաքցրել իմ անձնական համակրանքները, ուրիշ հարց, որ որպես լրագրող և խճբագիր աշխատում եմ տալ հավասարակշռված տեղեկատվություն: Այժմ ես տատանվում եմ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միջև, դեռ պիտի ծանոթանամ այդ թեկնածուների ծրագրերին: Կարծում եմ` ոչ ոք չի հերքի, որ այժմ ընդդիմադիր թեկնածուները, ինչպես նաև «չթեկնածուները» շատ լայն հնարավորություններ ունեն իրենց գաղափարներն ու տեսակետները քարոզելու: Համեմատության համար հիշենք, որ 2008-ին Տեր-Պետրոսյանի ելույթները տարածվում էին DVD-ների միջոցով, իսկ հեռուստաընկերությունները հիմնականում զբաղված էին առաջին նախագահին փնովելով:
Իհարկե, ցավալի է, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն իրենց թեկնածուներին չեն առաջադրել, բայց դա աշխարհի վերջը չէ, դա հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը չէ, և դա չի նշանակում, որ Հայաստանում քաղաքական, հասարակական կյանքը պետք է կանգ առնի: Ցանկացած ցավալի իրադարձության մեջ ուզում եմ պոզիտիվ տեսնել: Մասնավորապես, Կոնգրեսի միջավայրից առանձնանում են մարդիկ, որոնք սկսել են հանդես գալ որպես ինքնուրույն քաղաքական գործիչներ, ոչ թե որպես Տեր-Պետրոսյանի կողքը տեխնիկական աշխատանք կատարող ֆունկցիոներներ: Նկատի ունեմ, բնականաբար, նախևառաջ Հրանտ Բագրատյանին և Նիկոլ Փաշինյանին, որոնք, ի դեպ, այս ամիսներին Աժ-ում իրենց դրսևորել են որպես բարեխիղճ պատգամավորներ: Կարևոր չէ` նրանք անձնապես ինձ դուր են զալիս, թե ոչ, էական չէ նաև` ես նրանց հետ համաձայն եմ, թե ոչ: Կարևոր է, որ նրանք ոչ թե փորձում են կռահել առաջին նախագահի չարտահայտած մտքերը, այլ փորձում են շարադրել իրենց սեփական գաղափարները: Վստահ եմ, որ մոտ ժամանակներս կակտիվանան նաև Վարդան Օսկանյանը և ԲՀԿ-ի այլ գործիչներ: Մեկ տարուց ավելի տևած «գաղտնի» պրոցեսը դառնում է բացահայտ: Դա, անշուշտ, դրական երևույթ է:
Առավոտ
Այն բանից հետո, երբ բռնապետական ռեժիմը նենգաբար հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նա 68 տարեկան է, և վերջինս որոշեց չառաջադրել իր թեկնածությունը աոաջիկա նախագահական ընտրություններում, ոչ մի քաղաքական գործիչ (եթե նա իսկապես իրեն ներկայիս ռեժիմի հակառակորդ է հաճարում) չպիտի համարձակվեր առաջադրվել: Ընդհանրապես բոլոր հասարակական և քաղաքական ուժերը պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը` հայտարարելով, որ բռնապետության պայմաններում այդ ամենը հնարավոր չէ, վեր է ածվում կատարյալ ֆարսի և ջուր է լցնում ռեժիմի ջրաղացին:
Իհարկե, այդ պատմական չառաջադրումից հետո կարելի է, որոշ վերապահումներով, թույլ տալ, որ մարդիկ շարունակեն գնալ աշխատանքի, իսկ ամուսինները որոշակի քայլեր ձեռնարկեն` ժառանգներ ունենալու համար: Բայց ինչ մնում է հասարակական, քաղաքացիական ակտիվությանը, ապա այստեղ կասկած չկա` ցանկացած քայլ, որը կհանդգնի անել ցանկացած քաղաքական գործիչ` առանց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի թույլտվության, ուղղված է բռնապետության երկարաձգմանը: Ավելին` առաջին նախագահը կատարեց իր քայլը հենց նրա համար, որ հերթական անգամ պարզաջրի քաղաքական դաշտը` բաժանելով այն նրանց, ովքեր կողմ են բուրժուադեմոկրատական հեղափոխությանը և, հետեւաբար, չեն առաջադրվում ու ոչ մեկի չեն սատարում, և նրանց, ովքեր սպասարկում են ռեժիմին առաջադրվելով ու սատարելով:
Այդպիսով` հիմա արդեն պարզ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը գաղտնի ստրատեգիայի շարունակությունն է` ստրատեգիա, որին փորձագիտական մակարդակով տիրապետում է ընդամենը 3-4 հոգի: Մնացած հասարակ մահկանացուները, որոնց հարկ չի համարվում տեղյակ պահել այդ գերգաղտնի ռագմավարու թյան մասին, արժանի չեն դրան և կիմանան արդյունքներն ի հայտ գալուց հետո: Այդ ստրատեգիան սկսվեց քաղաքագիտական վերլուծությունից, շարունակվեց գաղտնի բանակցություններով, ինչի հետևանքով ավազակապետությունը մահացու հարված ստացավ: Նույն ռազմավարության պսակն է առաջին նախագահի’ ընտրապայքարին չմասնակցելը, ինչը առաջացրեց ռեժիմի և նրա չբացահայտված սպասարկուների խուճապը: Հենց այդ պատճառով է ռեժիմը շտապ կարգով առաջ քաշում նախագահի իր թեկնածուներին, որոնց նպատակը մեկն է` լեգիտիմացնել առաջիկա ընտրությունները:
Եվ, ուրեմն, այսօր ցանկացած ազնիվ քաղաքացու պարտքն է որևէ ձևով չմասնակցել նախագահական ընտրարշավին, նստել տանը և փնովել նախագահի բոլոր թեկնածուներին: Միայն այդպես է հնարավոր կառուցել մեր երազած ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանը:
Առավոտ
Վերջերս նայում, էի ամերիկյան «Newsroom» սերիալը` այն լրագրողների աշխատանքի մասին է: Առաջին տպավորությունը, որն առաջացել է թե իմ և թե, որքան շփվել եմ, իմ հայաստանյան գործընկերների մոտ, հետևյալն է. ոչ տաղանդով, ոչ պրոֆեսիոնալիզմով մեր լրագրողները (խոսքը հենց լրագրողների և ոչ թե քարոզիչների կամ լուրեր մոգոնողների մասին է) չեն զիջում ամերիկացիներին: Փոխարենը նրանք ունեն լուրեր թողարկելու յուղած և տեխնիկապես կատարյալ մեքենա, որը տարբերվում է մեր մեքենայից ճիշտ այնքանով, որքանով տարբերվում են «նորագույն» «Երազը» նորագույն «Ֆորդից»:
Սերիալը հիշեցի` կարդալով լուրերն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ նախագահը առաջ քաշում Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի և պաշտպանության նախարարի թեկնածուներին, և ինչպես են դրանք քննարկելու Կոնգրեսում: Սա էլ տվյալ երկրի պետական մեխանիզմի կարգավորված լինելու վկայությունն է: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Օբամային հեշտ չի լինելու նշանակել Ջոն Բրենանին և Չաք Հեյգելին այդ պաշտոններին, որովհետև Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականները բազմաթիվ դեգոհություններ ունեն այդ թեկնածուներից:
Ավելին, տվյալ դեպքում դեմոկրատները նույնպես կարող են առարկություններ ունենալ, որովհետև Հեյգելը [որն, ի դեպ, Վիետնամի պատերազմի վետերան է] հենց Հանրապետական, այսինքն ձևական առումով «ընդդիմադիր» կուսակցության անդամ է, ինչը, սակայն, չի ազդել դեմոկրատ Օբամայի որոշման վրա: Այս հակակշիռների համակարգի շնորհիվ է, որ Օբաման չի կարող և չի էլ փորձելու բարձր պաշտոններում նշանակումներ անել «թայֆայական» սկզբունքով, իսկ եթե դա ինչ-որ հրաշքով տեղի ունենա, միևնույն է` հասարակությունը, Կոնգրեսը, Սենատը, լրատվամիջոցները այնպիսի ճնշում կգործադրեն, որ նման պաշտոնյաներից ու գուցե նման նախագահից հեշտությամբ կազատվեն: Ամերիկացի պաշտոնյաները և քաղաքական գործիչները ոչ բարոյական և ոչ էլ ինտելեկտուալ առումով չեն գերազանցում մերոնց (չհաշված կրթական ցենզը, որը մեր ԱԺ -պատգամավորների կեսի մոտ բացակայում է): Պարզապես այդ երկրում մոտ 240 տարում ստեղծվել են այնպիսի ինստիտուտներ, այնպիսի մեխանիզմներ, որոնք` կարողանում են արդյունավետ կազմակերպել քաղաքական և տնտեսական կյանքը:
Մենք, իհարկե, 240 տարի սպասելու ժամանակ չունենք: Ոչ էլ, հաշվի առնելով մեր շրջապատը, կարող ենք մեզ թույլ տալ ապստամբություններ, հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ և այլ «շռայլություններ», որոնք եղել են ԱՄՆ և այլ` ներկայումս քիչ թե շատ բարեհաջող պետությունների պատմության մեջ: Մեզ համար հավասարապես վտանգավոր են թե լճացումը և թե հեղափոխությունը: Մնում է կազմակերպված, խաղաղ, զուսպ, բայց նաև վճռական ճնշումը, որը մեր երկրին բարեփոխումներ կպարտադրի:
Առավոտ
Այս տարվա վերջին խմբագրականում ես չեմ անդրադառնա առաջիկա նախագահական ընտրություններին, ոչ էլ նույնիսկ ժողովրդավարության և բռնապետության խնդրին` մանավանդ, որ ոչ մեկը, ոչ մյուսը Հայաստանում գոյություն չունի: Ես ուզում եմ գրել անձնական թեմայով, քանի որ` ա/ Նոր տարին տրամադրում է նման բնույթի հիշողություններ, բ/ հունվարին` առաջադրումների, չառաջադրումների և այլ «այսրոպեական» խնդիրների, իրադարձությունների համատեքստում նման բան գրելու առիթ չի լինի:
Բանն այն է, որ մոտ 30 տարի առաջ ես առաջին անգամ նստեցի հեռուստախցիկի առաջ և եթեր դուրս եկա: Ասում եմ` «մոտ», որովհետև ստույգ ամսաթիվը չեմ հիշում, գիտեմ միայն, որ դա 1983 թվականի հունվարն էր, երբ ես սովորում էի կոնսերվատորիայի 5-րդ կուրսում և դեռ չէի դարձել 23 տարեկան: Աստված հոգիդ լուսավորի, իմ առաջին ռեժիսոր Յուրա Գզոյան, երկար կյանք Ձեզ, իմ առաջին խմբագիր Արմեն Հարությունյան և իմ առաջին հնչյունային ռեժիսոր Մեսրոպ Փահլավունի (երաժշտական հաղորդումներում նրա դերը հսկայական է)` երեքն էլ բարձրակարգ երաժիշտներ են:
Ինչպես ցանկացած մասնագիտություն, որը սիրում ես, լրագրությունն ընդհանրապես և հեռուստատեսությունը` մասնավորապես, դարձել է ինձ համար ոչ միայն ապրելակերպ, այլև [խնդրում եմ ճիշտ հասկանալ] կրոն և հայրենիք: Եվ խնդիրն այստեղ բացարձակապես այն չէ, որ քեզ փողոցում ճանաչում են` նման դատարկ բաներով հետաքրքրվողները երբեք պրոֆեսիոնալ չեն դառնա: Խնդիրն ավելի պարզ է և ավելի կարևոր` գտնել ուշագրավ պատմություն և դրա մասին պատմել ընթերցողներին, հեռուստադիտողներին` այնպես, որ դա նրանց հետաքրքիր լինի: Իհարկե, կան մարդիկ, որոնք լրագրության միջոցով պայքարում են հանուն ինչ-որ բանի կամ բիզնես են անում` ոչ թե փնտրելով, այլ մոգոնելով պատմություններ: Դա նորմալ է, թող բոլորը հասնեն իրենց նպատակներին: Միայն թե մեր մասնագիտության հետ դա որևէ կապ չունի: Նույնիսկ ռեժիմը, պատկերացրեք, առանձնապես կապ չունի: Իհարկե, ցանկալի է, որ ազատ արտահայտվելու համար որոշակի պայմաններ ստեղծվեն, ինչպես որ հիմա է, իհարկե, շատ վատ է, երբ իշխանություններն այնքան բութ են գտնվում, որ լրատվամիջոց են փակում: Բայց թող չընդվզեն իմ քաղաքականացված գործընկերները, եթե ասեմ, հետաքրքիր պատմություններ կարելի է գտնել նաև կոմունիստների կամ ֆաշիստների օրոք և նրանց գրաքննության պայմաններում:
Կիրակի օրվանից կսկսվեն արձակուրդները: Հրաշալի է, որ ավելի շատ կշփվեմ ընտանիքիս հետ: Շատ լավ է, որ սեղանի շուրջ կնստեմ իմ բարեկամների և ընկերների հետ: Հոյակապ է, որ կտեսնեմ իմ դասարանցիներին: Բայց արձակուրդների 3-4-րդ օրը կսկսեմ ձանձրանալ` ինձ ճնշելու է այն հանգամանքը, որ այսօր խմբագրական չգրեցի, այսօր եթեր դուրս չեկա: Այս 30 տարում ես այդպես էլ չսովորեցի հանգստանալ:
Առավոտ
«Այ, օրինակ, Կենտուրիոն Մարկը, որի մականունն է Առնետասպան` նա բարի՞ մարդ է»: «Այո,-պատասխանեց ձերբակալվածը,- ճիշտ է, նա դժբախտ մարդ է: Այն ժամանակներից, երբ բարի մարդիկ նրան այլանդակեցին, նա դարձավ դաժան և անգութ»: Դա, ինչպես հասկացար, Պիղատոսի և Յեշուայի երկխոսությունն է Բուլգակովի հայտնի վեպից` իմ անկատար թարգմանությամբ: Գլխավոր իմաստը, որքան ես հասկանում եմ, սերն է, որը մեզ քարոզում է Ավետարանը: Բայց ես այստեղ տեսնում եմ նաև կոնկրետ հասարակական իմաստ` չշտապել գնահատել այս կամ այն երևույթը կամ տեսակետը, այլ փորձել հասկանալ, թե ինչու է այդ իրադարձությունը տեղի ունեցել կամ ինչու է այդ մարդն այսպես կարծում: Այս սկզբունքը պետք է գործի թե՛ քաղաքական կյանքում և թե՛, հատկապես, լրագրության մեջ:
Այս իմաստով վերջին երկու տարիներին շատ աննշան, բայց առաջընթաց է արձանագրվել: 20 տարի իշխանության և ընդդիմության երկխոսությունը հանգում էր հետևյալ հոխորտանքների: Իշխանություն. «Հը, իշխանությո՞ւն եք ուզում: Առ-ռռս հա` կստանաք»: Ընդդիմության. «Դուք հանցագործներ եք, հեսա կգանք` բոլորիդ կկախենք»: Իհարկե, քաղաքական այս mainstream-ը պահպանվել է, բայց որոշ նոր տարրեր, այնուամենայնիվ, ի հայտ են եկել` նախ 2011-ի ընդդիմություն-կոալիցիա երկխոսության, իսկ այնուհետև` պառլամենտի այս գումարման գործունեության տեսքով: Եվ այստեղ, իհարկե, իրենց դրական դերն են խաղացել բոլոր քաղաքական ուժերը, նախևառաջ` այն կուսակցությունները, որոնք ներկայացված են խորհրդարանում: Ուզեն, թե չուզեն` նրանք պետք է շփվեն ու փորձեն իրար հասկանալ` ինչպիսի սկզբունքային հակասություններ էլ ունենան: Մասնավորապես, մենք կամաց-կամաց հեռանում ենք այն կարծրատիպից, թե ընդդիմադիրն անպայման պետք է լինի տառապյալի, հետապնդվողի և հայհոյողի դերում` այդ ժամանակներն անցնում են: Երբ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին մեծարում են մեր լավագույն մարզիկներին, դա չի նշանակում, որ նրանց կուսակցությունների միջև սկզբունքային հակասություններ չկան` դա ընդամենը նշանակում է, որ երկուսի համար էլ կարևոր է մեր սպորտի վիճակը: Այս մշակույթը նոր է իր ծիլերը տալիս, բայց վստահ եմ` 5, 10 տարի հետո այս ոճը գերակայող կդառնա:
Երբեմն ուսանողներս ինձ հարցնում են` ինչո՞ւ ձեզ այսինչը չի սիրում: Սովորաբար տրվում են ինձ անծանոթ անուններ: Ես, երևի, պիտի պատասխանեմ այսպես. «Ինչ-որ բարի մարդիկ այդ մարդուն ինչ-որ գաղափարներ են ներշնչել, և շատ հնարավոր է` այդ գաղափարներն ավելի ճիշտ են, քան իմը»: Եթե այդ մարդը պատրաստ է ինձ լսել` շատ լավ` ես կներկայացնեմ իմ փաստարկները, եթե պատրաստ չէ` իր գործն է, ուրեմն նա հաճույք է ստանում` ինձ չսիրելուց: Չնայած այդ հաճույքը, իմ կարծիքով, բավականին կասկածելի է:
Առավոտ
Դեկտեմբերի 14-ին՝ այն բանից հետո, երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, ՀԱԿ-ի քաղխորհուրդը նիստում քննարկեց ստեղծված իրավիճակը: Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց. «Տեղի ունեցածի իմաստը մեկն է՝ ԲՀԿ-ն չեղյալ է հայտարարել ՀՀԿ-ի հետ կնքած հուշագիրը, և այսպիսով Հայաստանի իշխող քաղաքական համակարգի մի զգալի հատված պոկվել է բուրգից»: Այսինքն՝ տեղի ունեցավ դրական մի երևույթ (ենթադրաբար, ՀԱԿ-ի իմաստուն մարտավարության շնորհիվ), մահացու հարված հասցվեց ռեժիմին, որից հետո մնում էր մի հատ փչել, և ռեժիմը կընկներ: Դրան հաջորդած 10 օրերի ընթացքում ՀԱԿ-ի գործիչները բազմիցս վստահություն են հայտնել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի և կիրականացնի իշխանափոխություն: Ավելին՝ դեռևս շաբաթ օրը՝ ՀՀՇ համագումարից հետո, այդ կուսակցության ղեկավարը լրագրողներին ասաց, թե հակված է մտածել, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի: Իսկ Աժ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ավելի կտրուկ էր. «Եթե դուք Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթից հետո էլ գլխի չեք ընկել՝ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է, թե ոչ, վատ է: Կասկած չունեմ, որ Տեր-Պետրոսյանը կառաջադրվի»: Վերը թվարկած մարդիկ չեն պատկանում «ներ-ՀԱԿ-ական այլախոհների», «դավաճանների» և, այսպես ասած, «գծից դուրս» գտնվողների շարքին: Նրանք առաջին նախագահի մոտիկ շրջապատից են, նրա հավատարիմ զինակիցները: Բայց նրանց էլ Տեր-Պետրոսյանը տեղյակ չէր պահել իր ծրագրերի մասին և առանձնապես մտահոգված չէր, թե որքանով ծանրակշիռ կլինեն այդ գործիչների կանխատեսումները:
Հետևաբար, վիճահարույցը ոչ թե չառաջադրվելն էր՝ դա իսկապես ճիշտ և ազնիվ որոշում էր: Վիճահարույցը timeing-ն էր, ժամանակացույցը և դրան նախորդած խորհրդավոր լռությունը: Իմ ընկալմամբ՝ Կոնգրեսի, նրա լիդերների, նրա ակտիվիստների, համակիրների համար շատ ավելի օգտակար կլիներ այս տարվա սեպտեմբերի 1-ին հավաքել այդ նույն զինակիցներին և ասել. «Սիրելի ընկերներ, 2013 թվականի հունվարի 9-ին ես դառնում եմ 68 տարեկան, այդ տարիքում հնարավոր չէ զբաղվել քաղաքականությամբ նույն եռանդով, ինչ 45-60 տարեկանում: Ես առաջարկում եմ Ձեզ՝ գնալ շրջաններ, հանդիպել ժողովրդի և ՀԱԿ-ի կողմնակիցների հետ ու տեսնել՝ Ձեր 7 հոգուց ով կարող է կայանալ որպես ընդդիմության առաջնորդ, որից հետո էլ ես նույն հարցով կասեմ իմ կարծիքը»: Այդպիսով ընդդիմությունը կլիներ ավելի կենսունակ, քան այսօր: Փոխարենը ընտրվեց ԲՀԿ-ի հետ գաղտնի բանակցությունների և «գորգի տակ» իրար կծելու ճանապարիը:
Հիմա էլ ուշ չէ: ՀԱԿ-ը պետք է կամ սատարի Բագրատյանին, կամ առաջ քաշի որևէ այլ թեկնածու: Եվ առաջին նախագահն էլ իր հեղինակությամբ պետք է պաշտպանի այդ մարդուն: Որպեսզի Կոնգրեսի երիտասարդ կողմնակիցները քվեաթերթիկներում «Տեր-Պետրոսյան» չգրեն: Պետք չէ անվավեր քվեաթերթիկներով հեշտացնել իշխանությունների գործը:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.