23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իմ դպրոցական տարիների դասագրքերը պնդում էին, որ այն միակ կուսակցությունը, որը այն ժամանակ իշխում էր մեր երկրում, հիմնված է դեմոկրատական ցենտրալիզմի վրա: Այդ սկզբունքը, հիշեցնեմ, ենթադրում էր` ա) բոլոր մարմինների ընտրված լինելը, բ) դրանց պարբերական հաշվետվություն, գ) խիստ կուսակցական կարգապահություն և փոքրամասնության կողմից մեծամասնությանը ենթարկվելը, դ) վերադաս մարմինների որոշումների պարտադիր լինելը ստորադասների համար: Թվում է, թե ոչ մի վատ բան այդ սկբունքների մեջ չկա` բա էլ ինչպե՞ս կարելի է որոշում ընդունել, եթե ոչ մեծամասնությամբ և հետո պարտադրել փոքրամասնությանը` ուզում ես ենթարկվիր, չես ուզում` հաջողություն: Բայց վերոհիշյալ կուսակցության այդպիսի կաոուցվածքը թույլ տվեց Ստալինին 20-30-ական թվականներին դառնալ բռնապետ. խարդավանքների հմուտ վարպետ լինելով` նա ժամանակ առ ժամանակ «մեծամասնություններ» ստեղծելով ջախջախում էր «հակակուսակցական խմբավորումները», հետո ջախջախում էր ջախջախողներին, և այդպես շարունակ` այդպիսով մաքրելով և բյուրեղացնելով կուսակցության շարքերը` այն աստիճանի, որ բոլոր մտածող մարդիկ դուրս մղվեցին, և մնացին միայն նրանք, ովքեր գովերգում էին «հանճարեղ առաջնորդի» ամեն մի քայլը:
Ես բացարձակապես չեմ ուզում ասել, որ այսօր ստալինյան ժամանակներ են, բռնապետություն է և այլն: Սակայն եկեք համաձայնենք, որ 22 տարում մեր կուսակցականները չկարողացան հնարել կուսակցության այլ կառուցվածք, քան վերը շարադրվածը: Արդյունքում կա´մ որոշումներն ընդունվում են միաձայն, կա´մ էլ կուսակցության մեջ հայտնվում են «թշնամական տարրեր», որոնցից այդ քաղաքական կառույցը պարբերաբար մաքրվում և բյուրեղանում է: Դուք կարո՞ղ եք, օրինակ, պատկերացնել, որ Հանրապետական կուսակցության վերջին համագումարում տեղից վեր կենար մի պատվիրակ և ասեր, որ նա դեմ է կամ գոնե ձեռնպահ է Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելուն: Այդպիսի մարդուն լավագույն դեպքում կառաջարկեին վայր դնել կուսակցական տոմսը և դուրս գալ Մարզահամերգային համալիրից:
Մոտենում է նաև այդ ժամանակը, երբ Հայ ազգային կոնգրեսում նույնպես որոշումները կընդունվեն միաձայն: «Գծի դեմ» գնացածների մեծ մասը ՀԱԿ-ից դուրս է գտնվում, մնացածի դուրս գալը ժամանակի հարց է: Հերթը, հավանաբար, Պետրոս Մակեյանինն է, որը երեկ իր հերթին հեռացրեց սեփական` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության «գծից դուրս» հայտնված Ղուկաս Մեհրաբյանին: Մեծ և փոքր կուսակցությունները մեր պետության մանրակերտն են: Տվյալ դեպքում, սակայն, բացառված չէ, որ ԺՀ-ի կնիքը Պետրոսի ձեռքից խլեն և հանձնեն Ղուկասին, և այդ դեպքում էլ որոշումները ՀԱԿ-ում ընդունելու են միաձայն: Մի խոսքով` «դեմոկրատական ցենտրալիզմ»` իր լավագույն դրսևորումներով: Իրականում կուսակցությունների ներսում ամեն ինչ կախված է նրանից, թե ով է պահում գրասենյակները, ով է աշխատավարձ վճարում ֆունկցիոներներին: Այդ մարդը տեր է, իսկ մնացածը` տնվորներ: Հնարավո՞ր է արդյոք կուսակցություններ կառուցել այլ սկզբունքներով: Չգիտեմ` երբեք կուսակցական չեմ եղել:
Առավոտ
Երբ իմ տան դուռը զանգում են բարետես երիտասարդներ` շքեղ կազմված մի քանի գիրք ձեռքներին և ասում են` «մենք ուզում ենբ ձեզ հետ զրուցել», ես ուղղակի փակում եմ դուռը, որովհետև ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունեմ լսելու աղանդավորների բարբաջանքները: Ենթադրում եմ, որ հայաստանցիներից շատերն են այդպես վարվում: Բայց եթե այս օրերին մեր տուն են գալիս ինչ-որ մարդիկ, ներկայանում են թաղապետարանից, համատիրությունից և էլի ինչ-որ մի հիմնարկից ու սկսում են հարցեր տալ ընտրությունների վերաբերյալ կամ, ավելի վատ` հավաքում են անձնագրային տվյալներ, ինչո՞ւ նույնը չենք անում: Նրանք բնակարան ներխուժելու և մեզ հարցեր տալու ճիշտ նույն իրավասություններն ունեն, ինչ որ «Եհովայի վկաները»: Բայց ոչ` այստեղ մեր մեջ նստած է խորհրդային ժամանակներից մնացած գենետիկ վախը պետական մարմնի, «օրգանի» հանդեպ: Եթե «օրգանը» գալիս է և մեզնից տվյալներ է ուզում, ուրեմն դա վերևներում համաձայնեցված է և անհրաժեշտ: Դե, եկեք, ուրեմն, այդ «օրգանի» մարդուն չդիմադրենք` ո՞վ գիտի` ինչ է գլխներիս սարքելու, և նրա պահանջները կատարենք: Ու բնակիչները խելոք-խելոք պատմում են նրան` գնալո՞ւ են ընտրությունների, թե՞ ոչ, ո՞ւմ են քվեարկելու, ինչպես նաև հանում են «սերվանտներից» իրենց անձնագրերն ու թելադրում տվյալները: Հետո այդ մարդկանց մի մասը զանգում է լրատվամիջոցների խմբագրություններ, կուսակցություններ, հ/կ-ներ և բողոքում է, թե իշխանությունն իրենցից տվյալներ է հավաքում, բայց ավելացնում` հանկարծ մեր անունները չգրեք` քաշվելու ենք:
Այդ վախերն ունեն զուտ «իներցիոն» բնույթ ու ոչ մի բանով հիմնավորված չեն: Ահազանգելն, իհարկե, ճիշտ է, բայց նախ` մի վախեցեք ասել ձեր անունը և հասցեն, երկրորդ` ահազանգելուց առաջ վերցրեք այս «օրգանի» մարդու կամ տիկնոջ թևքից և քաղաքավարի ուղեկցեք մինչև ձեր տան դուռը: Հաջորդ անգամ բնակչի դուռը զանգելուց առաջ նա երեք րոպե կմտածի: Իսկ եթե մի քանի քաղաքացի նրան այդպես ուղեկցի, նա կզեկուցի իր «շեֆերին», որ նախընտրական այս «աշխատանքը» ինքը չի կարող կատարել: Ի դեպ, մերժելով այդ «բանագնացներին»` կարող եք վկայակոչել Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի երեկվա հայտարարությունը, որտեղ «խստորեն դատապարտվում է» անձնական տվյալներ հավաքելու ցանկացած նախաձեռնություն:
Խնդիրը բարդանում է, իհարկե, երբ այդ արատավոր, եթե չասեմ` հանցագործ նախաձեռնությամբ հանդես է գալիս պետական կամ մասնավոր հիմնարկի ղեկավարը: Պարզ է, որ այս դեպքում աշխատակիցները կախվածության մեջ են իրենց տնօրենից [սեփականատիրոջից] և կդժվարանան արհամարհել նրա ապօրինի «հրահանգները»: Այ, այստեղ իսկապես որոշակի խիզախություն է պետք. ոչ թե գալ տուն և խոհանոցում դժգոհել իշխանությանը «սապոնվող» շեֆից, այլ միասնաբար դիմադրել նրան` դիմելով թե´ լրատվամիջոցներին և հասարակական կառույցներին, թե´ դատական ատյաններին: Այդ դեպքում իշխանությանը հաճոյանալու այդ «աշխատաոճը» չի դրսևորվի նաև տնօրենների մակարդակով:
Առավոտ
Մեր պատվիրակների դժգոհությունները ԵԽԽՎ-ից գնալով ավելանում են և ավելի կոշտ ձևակերպումներ են ստանում: Հայաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների գնահատականներն այս առումով առանձնապես չեն տարբերվում, ինչից կարելի է եզրակացնել, որ տարբեր եվրոպական երկրների խորհրդարանների պատգամավորներից շատերն իսկապես իրենց ամենևին «եվրոպավարի» չեն պահում և այլասերված են ավելի շատ, քան հետխորհրդային կամ, ասենք, լատինաամերիկյան պետական պաշտոնյաները: Մասնավորապես, ԵԽԽՎ-ում «պարզվել է», որ Ադրբեջանը բավականին ժողովրդավարական երկիր է և փայլուն կերպով կատարում Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները: Իսկ եթե ինչ-որ բան այն չէ, ապա զուտ այն պատճառով, որ «իրենց» տարածքների 20 տոկոսը «զավթված է», և Ադրբեջանում կա մեկ միլիոն փախստական: Ինչպես ասում են, փողին (կամ տվյալ դեպքում` գուցե խավիարին) մուննաթ: Ուրիշ ինչպես կարելի է ծաղրել այդ կազմակերպության հռչակած նպատակները և ընդհանրապես` եվրոպական արժեքները:
Բայց այստեղից երկու հարց է ծագում` արժե՞ արդյոք «վիզ դնել», որ ԵԽԽՎ-ն քննադատական զեկույց ընդունի Ադրբեջանի վերաբերյալ: Եթե որևէ մեկի կարծիքը ես կարևորում եմ, ապա, անշուշտ, փորձում եմ նրան ներկայացնել բոլոր փաստերը, որպեսզի նա առավելագույնս օբյեկտիվորեն գնահատի իրավիճակը: Բայց եթե ես վստահ եմ, որ տվյալ մարդը կամ կազմակերպությունը գնահատական է տալիս կաշառքի ազդեցության տակ, ապա նրանց գնահատականն ինձ համար կոպեկի գին չունի:
Նույն տրամաբանությամբ` այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը այնքան տանջվում, որ, օրինակ, եվրոպական այդ կառույցը հնարավորինս դրական կամ հնարավորինս բացասական գնահատական տա մեր ընտրություններին: Այդ ի՞նչ մի անաչառ դատավորներ են, որոնց կարծիքի վրա մենք այդքան դողում ենք: Հիմա նրանք ինչ-որ դիտորդներ են ուղարկելու, որոնք ինչ-որ զեկույցներ են գրելու, հետո այդ զեկույցները իշխանությունն ու ընդդիմությունը տառ առ տառ ուսումնասիրելու են, ասելու են` «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը ողջունեց», «հեղինակավոր միջազգային կազմակերպությունը դատապարտեց»` անտեսելով այն փաստը, որ այդ «ողջունելու» ու «դատապարտելու» գինը մի քանի կիլո խավիար է:
Իրականում առանց որևէ դիտորդների էլ թացն ու չորը ջոկելը բավականին հեշտ է: Սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում վատն է, ու պատճառը ոչ թե 2008-2009 թվականների միջազգային ճգնաժամն է, ինչպես ուզում է ներկայացնել իշխանությունը, այլ իր` իշխանության ապաշնորհ և կոռումպացված լինելը: Մյուս կողմից` սուտ է, որ այս ընտրարշավն անցնում է ոչ մրցակցային, պասիվ պայմաններում: Սուտ է նաև, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ` դիտեք նախընտրական հանդիպումների տեսագրությունները: Վախի փուլը մեր երկրում անցած է` հուսանք, որ վերջնականապես:
Առավոտ
Ընտրողների ցուցակների խնդիրը արդիական էր բոլոր ընտրությունների ժամանակ, արդիական է նաև այսօր: Մասնավորապես, նախորդ` խորհրդարանական և այս ընտրություններից առաջ ընդդիմադիրները տարակուսանք են հայտնում, թե ինչու պաշտոնապես ընդունվող արտագաղթի պայմաններում ընտրողների թիվն անընդհատ ավելանում է: Պաշտոնական բացատրությունը, թե «նորաթուխ» ընտրողներն առաջանում են 18 տարեկան դարձած քաղաքացիներից և քաղաքացիություն ստացած արտասահմանցիներից, ընդդիմությանը չի բավարարում. մի՞թե այդ «նորաթուխների» թիվը գերազանցում է արտագաղթածներին:
Այդ պարագայում իշխանություններն առաջ են քաշում հետևյալ փաստարկը` ոչ ոք չի կարող ասել, թե որքան քաղաքացի կա այս պահին երկրի ներսում:
Կարծում եմ, որ դա կեղծ պատճառաբանություն է` պետությունը պարտավոր է դա իմանալ, և ավելին` իշխանական այն կառույցները, ում որ դա պետք է, ճշգրտության որոշակի աստիճանով դա գիտեն: Այդ դեպքում, ասում են ընդդիմադիրները, եկեք հրապարակենք իրենց ընտրությունը կատարած քաղաքացիների ցուցակը:
«Օ,- բացականչում են նրանք,- չի կարելի, դա մարդու իրավունքների խախտում է, հարցրեք վենետիկցիներին` նրանք էլ են այդպես կարծում»: Ուրեմն արտասահմանում գտնվող հազարավոր մեր քաղաքացիների իրավունքները կարելի է խախտել (ոչ միայն արտագաղթածների, այլև պարզապես գործուղում գնացածների)` թույլ չտալով, որ նրանք քվեարկեն, իսկ ահա իմանալ` արդյոք տվյալ քաղաքացին քվեարկել է, թե ոչ` կոպիտ միջամտություն է նրա իրավունքներին:
Մի խոսքով` քաղաքացիների և ընտրողների ցուցակի հետ խնդիրներ իսկապես կան: Ամբողջ ցավն այն է, որ ընդդիմադիրներն այդ խնդիրները բարձրացնում են միայն ընտրություններից առաջ, երբ ընտրական օրենսգիրքը փոխելու տարբերակ արդեն չկա, և երբ որևէ բան ստուգելու առկա հնարավորություններն այլևս սահմանափակ են: Թե օրենսդրական և թե գործնական քայլերը պետք է արվեն 5 տարիների ընթացքում, ոչ թե վերջին օրերին: Այդ առումով թե´ Արման Մելիքյանի պահանջները և թե´ երեք հիմնական ընդդիմադիր թեկնածուների երեկվա համատեղ հայտարարության ձևակերպումները թեև, ըստ էության, տեղին են, բայց` ժամանակավրեպ: Բայց Բագրատյանի, Հայրիկյանի և Հովհաննիսյանի համատեղ հայտարարությունը դրական քայլ է մեկ այլ իմաստով` ցույց է տալիս, որ բոլոր իրենց տարբերություններով և հակասություններով նրանք կարող են իրար հետ պայմանավորվել: Եթե նրանք ընդունակ են այս` «ժամանակավրեպ» հարցում գալ ընդհանուր հայտարարի, ապա, գոնե տեսականորեն, կարող են կատարել համատեղ քայլեր: Այդպիսի հնարավորություններից նշեմ երկուսը, ա] իրար վարկաբեկող հայտարարություններով հանդես չգալ, բ] փորձել համատեղ վերահսկողություն սահմանել ընտրությունների վրա:
Մասնավորապես, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը խորհրդարանական ուժեր են և, հետևաբար, տեղեր ունեն ընտրական հանձնաժողովներում: Հետևաբար, Րաֆֆին պետք է մոբիլիզացնի իր կուսակցականներին, իսկ Բագրատյանը համոզի իրեն համակրող ՀԱԿ-ականներին, որ նրանք լծվեն ընդհանուր գործի: Դա հնարավո՞ր է:
Առավոտ
Կոմունիստները, դնելով իրենց առաջնորդի դիակը դամբարանում, ուղերձ էին հղել հսկայական երկրի բնակչությանը` սա սրբություն է, որի առաջ բոլորդ պարտավոր եք խոնարհվել` մի կողմ դնելով ձեր անհատական, ազգային և կրոնական տարբերությունները: Երբ ես էի գիտակից տարիքում, այդ պաշտամունքը կեղծ էր, ավելին` ծաղրի առարկա էր, անեկդոտի նյութ: Իրենք` Լենինի մասին բոցաշունչ ելույթներ ունեցողները, «կոմունիստական կրոնին» դույզն-ինչ չէին հավատում: Եթե այդպես չլիներ, գուցե այդ պետությունն ավելի երկար գոյատևեր: Բայց ոչ միայն կոմունիստական, այլև ցանկացած այլ պետությունում, նույնիսկ` ամենադեմոկրատական, կան, պետք է լինեն ինչ-որ «սրբապատկերներ», ինչ-որ հեղինակություններ, զաղափարներ, եթե կուզեք` առասպելներ, որոնց վերաբերյալ կա որոշակի ազգային համաձայնություն, որոնք ստիպում են բոլորին զգաստանալ, մի կողմ դնել ոչ միայն տարաձայնությունները, այլև ցինիկ ժպիտը: Երբ հանրապետականները` առաջնորդվելով, հավանաբար, կոմունիստական իներցիայով, Լենինի փոխարեն մեխանիկորեն ցանկանում են դնել Նժդեհին, դա, իհարկե, հակառակ ռեակցիան է առաջացնում և վարկաբեկում է այդ հրաշալի, հայրենասեր մարդուն` Նժդեհին: Նրա աֆորիզմները [որոնք երբեմն որպես ավարտուն փիլիսոփայական հայեցակարգ են ներկայացվում] մեզ չեն կարող միավորել: Այդ առումով Նժդեհի մասին ֆիլմը, եթե նույնիսկ բոլոր ժամանակների անգերազանցելի գլուխգործոցը լիներ, միևնույն է` ծաղրի և հարձակումների կարժանանար` մասնավորապես, հանրապետականներին չհամակրողների կողմից: Բայց եթե հին, կոմունիստական ձևով հնարավոր չէ նման միավորող գաղափար կամ խորհրդանիշ պարտադրել, դա չի նշանակում, որ դրանք ընդհանրապես չպիտի լինեն: Իմ կարծիքով` ամենաիդեալական լուծումը կլիներ, եթե նման դերում հանդես գար Հայ առաքելական եկեղեցին: Բայց, ցավոք, մեր բարձրաստիճան հոգևորականները մեր հասարակության մեջ որևէ հարգանք չեն վայելում` նրանք ընկալվում են որպես քրեաօլիգարխիկ համակարգի մի մաս, և հիմնականում, կարծում եմ, այդ գնահատականին արժանի են: Այդ դեպքում` ի՞նչը: Դուք, իհարկե, չեք սպասում, որ ես համակարգչային մեկ էջի սահմաններում կպատասխանեմ այդ հարցին: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ շուտով լրանում է Ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Նայենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հայտնի լուսանկարին` Ազատության հրապարակում [երեկ այն վերարտադրվել էր մեր թերթում], գուցե այդ նկարը ձեզ ինչ-որ բան կհուշի՞: Չեմ պնդում, որ այդ տղաները ինչ-որ բան էին գտել, բայց ինչ-որ բան նրանք, այնուամենայնիվ, շոշափել էին: Հակառակ դեպքում միլիոն մարդ չէին հավաքի, հակառակ դեպքում հազարավոր մարդիկ կամավոր չէին գնա ռազմաճակատ: Երբ ես շփվում եմ Ավետիք Իշխանյանի հետ, աշխատում եմ միայն գրական բառեր գործածել և ընթացքում փոխարինել մտքիս եկած ռուսերեն արտահայտությունները հայկական համարժեքներով: Զուտ Ավետիքի ազգանվան պատճառով:
Առավոտ
Երեկ հնարավորություն ունեի շփվելու ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի հետ, և այդ շփումը ա) ավելացրեց իմ լավատեսությունը, բ) համոզեց, որ մենք թե քաղաքական, թե տնտեսական, թե մշակութային ոլորտներում առաջ ենք գնալու միմիայն մտածող մարդկանց շնորհիվ:
Այդպիսի մարդիկ կան, անշուշտ, նաև իշխանական ճամբարում, բայց նրանք փոքրամասնություն են կազմում: Մեծամասնություն են նրանք, ովքեր ընդհանրապես ունակ չեն մտածելու և կարող են միայն փող հաշվել: Կան նաև այնպիսիք, որոնք տեսականորեն զուրկ չեն մտածելու ունակությունից, սակայն միտումնավոր մտել են ուղղափառ դոգմատիզմի մեջ, և այդ պատյանում իրենց զգում են բոլոր տեսանկյուններից հարմարավետ` «մեր առաջնորդի իմաստուն ղեկավարությամբ» և այլն: Այդ երկրորդ տեսակը գերակշռող է նաև ընդդիմության շարքում, և այս դեպքում պատճառը ոչ այնքան դոգմատիզմի հարմարավետությունն է, որքան մտքի ծուլությունն ու ինքնուրույնության պակասը: «Քառակուսի» դոգմատիզմն ազատում է որևէ անձնական պատասխանատվությունից:
Այդ առումով Հրանտ Բագրատյանի` որպես նախագահի ինքնուրույն թեկնածուի առաջադրումը մեկ քայլ առաջ է: Նա, ինչպես և նրա թիմի անդամներն ու նրան սատարողները (այդ թվում` նույն Հովհաննես Իգիթյանը) խոսում են խիստ ընդդիմադիր դիրքերից, բայց զուտ քաղաքական լեզվով` առանց փողոցային «հավելումների»: Գուցե նրանց ասածները զանգվածային էքստազ չեն առաջացնում, որովհետև չեն պարունակում բանտ նստեցնելու և ունեցվածքը խլելու սպառնալիքներ, որոնք յուղ են լցնում մեր բնակչության մեծ մասի սրտին: Բայց ակնհայտ է, որ Բագրատյանն իր ծրագրի վրա մտածել է ոչ թե մի քանի ամիս` նախագահ առաջադրվելու նպատակով, այլ մի քանի տարի` մեր երկրի վիճակի դիտարկման, մտահոգության և տարբեր երկրների փորձը ուսումնասիրելու հիման վրա:
Որպես դրա հետևանք` Բագրատյանը ոչ թե առաջարկում է «վատ տղաներին» փոխարինել «լավ տղաներով», այլ ստեղծել մեխանիզմներ, ինստիտուտներ, որոնք կնպաստեն ժողովրդավարությանը, օրինականությանը և տնտեսական առաջընթացին:
Օրինակ` «Երևանի քաղաքապետը պետք է ընտրվի երևանցիների կողմից` ուղղակի ընտրությունների միջոցով»: Կամ` «Առաջին ատյանի բոլոր դատավորներն ընտրվում են ժողովրդի կողմից, իսկ վերաքննիչ, առաջին ատյանի և մասնագիտացված դատարանների նախագահներին նշանակում է ՀՀ նախագահը` Սահմանադրությամբ նախատեսված կարգով:
Բացի այդ, Հայաստանում ներմուծվում է մրցակցային դատարանի ինստիտուտը»: Կամ` «Պետական գերակա շահի կամայական կիրարկումն իշխանությունների կողմից պետք է արգելվի: Մասնավոր սեփականության իրավունքի կասեցումը գերակա շահ հասկացության տակ թույլատրելի պետք է լինի միայն այն դեպքում, երբ տվյալ տարածքում(համայնքում) անցկացվել է հանրաքվե»:
Գուցե դրանք իդեալական լուծումներ չեն, բացառված չէ նաև, որ շատ սխալ առաջարկներ են: Բայց դրանք հնարավորություն են տալիս մտածելու: Ինչը մեզանում պակասում է:
Առավոտ
Հայտնի երևույթ է, մարդիկ, որոնք աշխատում են խորովածանոցում և առավոտվանից գիշեր կանգնած են մանղալի մոտ, շնչում են շատերի համար ախորժալի հոտը, այնքան են այդ ամենից հագենում, որ խնջույքների ժամանակ, երբ հյուր են գնում կամ հյուր են ընդունում, այլևս չեն կարողանում խորոված ուտել: Այդպես էլ ես. օրն առնվագն 14 ժամ, այսպես թե այնպես, զբաղված լինելով ընտրություններ լուսաբանելով` ինձ չեմ կարողանում ստիպել հետևել այդ նույն ընտրարշավին որպես ընտրող և, օրինակ, նայել «Հ1 »-ով անվճար գովազդների շարքը: Քանի որ տեղեկատվական դաշտը, նախևառաջ համացանցում, շատ հագեցած է, որոշ բաներ անցնում են իմ կողքով, և այդ իրադարձությունների հաջորդականությունը ես մինչև վերջ չեմ ըմբռնում: Մասնավորապես, լրատվամիջոցներում, կայքերում և սոցցանցերում ես կարդում եմ, լսում եմ ՀՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի, այլ կուսակցությունների կողմնակիցների նշումները, որոնց հեղինակները բողոքում են, թե իրենց ընդդիմախոսները չափն անցնում են, և եթե այդպես շարունակեն, ապա… Ես մոտավորապես հասկանում եմ, թե ինչի մասին է խոսքը, ով ում հակառակորդն է, բայց բանավեճի ամբողջ կոնտեքստն ինձ հայտնի չէ: Եթե նույնիսկ հայտնի լիներ, ես, բնականաբար, չէի կարողանա անգամ ինձ համար, իմ մեջ վերջնական դատավճիռներ կայացնել: Միակ բանը, որը ես կարող եմ անել, իմ փորձը փոխանցելն է: Իսկ փորձս նախևաոաջ հուշում է հետևյալը` ամեն ինչ անցողիկ է, փոփոխական: Ցանկացած հերոս կամ կուռք մի քանի տարում, նույնիսկ մի քանի ամսում կարող է դառնալ հակահերոս ու հրեշ: Կար, օրինակ, 90-ականներին այսպիսի ՀՀՇ-ական, իսկ այնուհետև հակա-ՀՀՇ-ական գործիչ` Ալբերտ Բաղդասարյան, ի դեպ, որի ծառայությունները, մասնավորապես, Սյունիքի պաշտպանության գործում մեծ են: (Ալբերտը հիմա հեռացել է ակտիվ քաղաքականությունից): Նա 90-92 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանի ֆանատն էր` նույնքան ջերմեռանդ, որքան այսօրվա երիտասարդներն են: 93-94 թվականներին նա դարձավ Տեր-Պետրոսյանի հակառակորդը և սպառնում էր առաջին նախագահին «ռումինական տարբերակով», այսինքն` Չաուշևսկու օրը գցել: Նիկոլաե Չաուշևսկուն, հիշեցնեմ, Ռումինիայի կոմունիստական բռնապետն էր, որին 1989 թվականին գնդակահարեցին հապճեպ ձևավորված հեղափոխական տրիբունալի վճռով` կնոջ հետ միասին: Այն տարիներին դա մոտավորապես նույնն էր, ինչ այժմ սպառնալ Սադամի կամ Քադաֆիի ճակատագրով, ինչը և անում են այսօրվա հեղափոխականները: Ես գիտեմ մարդկանց, որոնք 98 թվականին կրքոտ ողջունում էին Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը, իսկ այնուհետև սկսեցին նրա հասցեին հայհոյանքներ գրել:
Կան մարդիկ, որոնց գլխավոր թիրախը Գագիկ Ծառուկյանն էր, իսկ հետո նա դարձավ «բուրժուադեմոկրատական հեղափոխության» միակ հույսը: Մեղադրել մարդկանց, թե ինչու էին նրանք այսպես մտածում, իսկ հետո սկսեցին այլ կերպ մտածել, անիմաստ է: Լավ են անում` այսօր նրանց այսպես է ձեռնտու, վաղը` այնպես: Միակ բանը, որը կարելի է խորհուրդ տալ` չափից դուրս չտարվել ոչ սիրով և երկրպագությամբ (քաղաքական, իհարկե), ոչ էլ` ատելությամբ ու թշնամանքով: Այդ դեպքում անցումներն այնքան էլ կտրուկ չեն թվա: Եվ այդ դեպքում ոչ ոք ոչ մեկի չի մեղադրի սահմաններն անցնելու մեջ: Ամեն ինչ անցողիկ է, հատկապես` ընտրարշավները:
Առավոտ
«Սնիպ-սնապ-սնուռե, պուռե-բազիլյոռե»: Մանկությանս ամենավառ հիշողություններից է Ստանիսլավսկու անվան թատրոնի «Ձյունե թագուհի» ներկայացումը, սրտեղ Խորհրդականի [բացասական կերպարի] դերում հանդես էր գալիս նշանավոր դերասան Իվան Գրիկուրովը: Վերը բերված բառերը կախարդական են, որոնցով պիեսում բարի կախարդը լուծում է բոլոր հարցերը: Իրական կյանքում, ցավոք սրտի, այսպես չի լինում: Չկա ինչ-որ կոդ, որով հնարավոր է միանգամից բարեփոխել աշխարհը, երկիրը: Ավելին` չկան բանաձևեր, որոնցով մարդը հեշտությամբ կարողանա կատարելագործվել անհատապես: Պատահական չէ, որ բոլոր կրոնները նախատեսում են ոչ թե մեկանգամյա աղոթք, այս աղոթքների և գործողությունների, վարքի համակարգ, որով հնարավոր է փրկել հոգին: Նույնը, իհարկե, հասարակական կյանքում է: Կան մարդիկ, որոնց թվում է, որ եթե նրանք ասեն` «Սերժիկ», «Սաշիկ», «Միշիկ», ինչպես նաև «Լֆիկ», «Նեմեց» և ընդհանրապես ցուցադրեն իրենց ընտանեկան դաստիարակության ողջ «ներկապնակը», ապա վերջ` այդ սարսափազդու բառերից քրեաօլիգարխիկ համակարգը իսկույն կփլուզվի, բոլոր մարդիկ կսկսեն փող վաստակել իրենց հալալ քրտինքով, իսկ հանցագործները կհայտնվեն ճաղերի հետևում: Եթե ամեն ինչ այդքան հեշտ լիներ, Հայաստանը և աշխարհը վաղուց արդեն դրախտավայր կդառնային: Բայց աշխարհում չկա մի անկյուն, որտեղ բառերն ունենան ակնկալվելիք մոգական ուժը, և որտեղ ապրելու պայմանները մոտ լինեն դրախտայինի: Հետևաբար, պարզապես բառեր (բացականչություններ) արտասանելու մեջ առանձին իմաստ և նույնիսկ խիզախություն չկա: Բառերը պետք է միավորվեն ավարտուն, կապակցված մտքերի մեջ, որոնք կոչվում են նախադասություններ: Բայց դա էլ է քիչ. այդ նախադասություններն իրենց հերթին պետք է կազմեն մի համակարգ, որը կներկայացնի դրանց հեղինակների տեսլականը, թե ինչ են իրենք ուզում անել` կյանքը բարեփոխելու համար: Այդ համակարգը սովորաբար անվանում են ծրագիր կամ հայեցակարգ: Նախընտրական քարոզարշավը, գոնե տեսականորեն, պետք է ուղղված լինի հենց դրան: Որքանո՞վ է այս քարոզարշավը համապատասխանում այդ պահանջներին: Ճիշտ այնքանով, որքանով մեզանում զարգացած է քաղաքական մշակույթը և միտքը: Այդ շրջանակներում նախագահի թեկնածու առաջադրվածներից ոմանք փորձում են իրենց հնարավորությունների չափով ներկայացնել իրենց ծրագրերը, ճիշտ թե սխալ` թող ընտրողը որոշի: Մի շարք թեկնածուներ էլ, թեև առաջադրվել են և վճարել են 8 միլիոն դրամ, բայց իրենց ողջ էներգիան վատնում են նրա վրա, որպեսզի բացատրեն, թե ինչու նրանք ոչ մի ծրագիր չեն ներկայացնում: Բայց նրանց վարքը նույնպես արժանի է հարգանքի` համեմատած նրանց հետ, ովքեր չեն առաջադրվել, բայց փորձում են առաջադրվածների վրա «կեղտ բռնել»:…Եվ քանի որ այս նախընտրական պայքարում նաև օրիգինալ խոստումներ են հնչում, ես էլ իմը տամ: Խոստանում եմ օգոստոսի 15-ին մեկ օր հացադուլ անել և հաջորդ օրը խմբագրական չգրել:
Առավոտ
Երբ վիշտը վերաբերում է անձնապես քեզ, դրա մասին գրելը դժվար է` ոնց որ ի ցույց դնես, փորձես բառերով ձևակերպել այն, ինչ ձևակերպելի չէ: Դրա համար էլ չեմ գրի «Առավոտի» լրագրող Մամիկոնյան Նաիրայի անձնական արժանիքների մասին, չնայած դրանք շատ են և բոլոր նրան ճանաչողներին հայտնի են: Նաիրան էլ դժվար թե «այնտեղից»` «վերևից» ողջունի, որ ես նրան պարզունակ ձևով գովում եմ: Ավելի լավ է գրեմ մեր մասնագիտության, պրոֆեսիոնալիզմի մասին, ինչպես որ ես, ինչպես որ առավոտցիներս ենք դա հասկանում: Ենթադրենք, X անունով քաղաքական գործիչը մեզ հարցազրույց է տալիս: Այդ հարցազրույցով արտահայտած մտքերը դուր չեն գալիս X-ին հակառակ ճամբարում գտնվող մարդկանց: Դա նորմալ է` մարդիկ տարբեր ձևով են մտածում: Նորմալ չէ, երբ X-ի արտահայտած մտքերը նրա հակառակորդները վերագրում են , լրատվամիջոցին, տվյալ դեպքում` «Առավոտին», և մի պիտակ էլ մեզ են կպցնում: Գրեք հոդված կամ տվեք հարցազրույց, որում դուք պնդում եք, որ X-ը սխալ է, և եթե մենք հրաժարվենք այն հրապարակել, ապա այդ դեպքում միայն դժգոհեք մեզնից:.Բայց «Առավոտի» դեպքում դա բացառված է, և ցանկացած ընթերցող կհաստատի, որ մենք ոչ մի խնդիր չունենք հրապարակելու, պայմանականորեն ասած, «պրո» և «հակա» X-ական, Y-ական, Z-ական կարծիքներ` իհարկե, եթե դրանք տեղավորվում են օրենքի և տարրական բարեկրթության սահմաններում: Որովհետև լրատվամիջոցը, մեր կարծիքով, նրա համար չէ, որ ընթերցողի կամ հեռուստադիտողի ուղեղը լվանա մեկ կարծիքով, մեկ դիրքորոշմամբ, այլ նրա համար է, որ ներկայացնի տարբեր կարծիքներ, փաստեր` անկախ նրանից, թե որքանով են դրանք տվյալ լրագրողին կամ տվյալ խմբագրին հոգեհարազատ և ձեռնտու: 10 տարի առաջ սպանվել էր մեր գործընկեր Տիգրան Նաղդալյանը: Այն ժամանակ կար պաշտոնական տեսակետ և, համապատասխանաբար, պաշտոնական քարոզչություն, թե ովքեր, որ շրջանակներն են դա արել և ինչի համար: Մենք, բնականաբար, ներկայացնում էինք նաև ոչ պաշտոնական տեսակետը: Բայց ես մի պահ զգացի, որ վերջինս մեր թերթում զուտ բանակապես ավելի շատ է: Եվ պետք էր լրագրող, որը մի կողմ կդնի իր անձնական զզացմունքները և սեփական վարկածները ու ադեկվատ կներկայացնի նաև պաշտոնական վարկածը: Նաիրան այն ժամանակ զրուցեց Տիգրանի ընկերների ու հարազատների հետ և դա արեց, ինչպես միշտ, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով` այնպես, որ հակառակ ձևով մտածողները մեզ մեղադրեցին «ծախվածության» մեջ: Մենք 20 տարուց ավելի է` Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Մենք` հայերս, ունենք մեր համոզմունքները, վստահ ենք մեր ճշմարտության մեջ: Բայց հարևան երկրում ապրողները նույնպես վստահ են իրենց ճշմարտության մեջ, որը մենք երբեք չենք ընդունի, բայց պետք է հասկանանք: Ո՞վ պետք է ներկայացնի հակառակորդի տեսակետը, եթե ոչ լրատվամիջոցը: Եվ երբ «Առավոտին» պետք էր իմանալ ադրբեջանցի մտավորականների, փորձագետների տեսակետը, դա դարձյալ անում էր Նաիրան, և անում էր բարձր վարպետությամբ: Եվ ամենակարևորը` խոսքը այն լրագրողի մասին է, որն ամեն ինչի մասին ուներ իր սեփական տեսակետը, որը խիզախ և սկզբունքային ձևով ներկայացնում էր իր մեկնաբանություններում ու վերլուծություններով: Նաիրան կա, ապրում է` նրա հրապարակումները կան «Առավոտի» հավաքածուներում և համացանցում: Կարդացեք դրանք և դուք կհասկանաք, թե ինչին պետք է ծառայի մեր մասնագիտությունը:
Առավոտ
Կա մեկ լավ լուր և մեկ վատ: Վաղվանից օրերը տաքանալու են, իսկ երկուշաբթի օրվանից սկսվելու է նախընտրական քարոզչությունը: Մխիթարական է, սակայն, որ քարոզչությունը տևելու է ընդամենը մեկ ամիս, իսկ գարնան գալը, ինչպես ասում են, անկասելի է և հաղթանակը` անխուսափելի: Այս օպտիմիստական ֆոնի վրա ոչ մի այլ բան չի մնում, քան թեթև տանել նախընտրական PR և հակա-PR քայլերը, մանավանդ, որ դրանք այս անզամ դրսևորվելու են առանց սովորական ագրեսիվության: Այսինքն` ընտրություններին չեն մասնակցելու ոչ նրանք, ովքեր սպառնում են նախագահին գցել Չաուշեսկուի կամ Քադաֆիի օրը, ոչ նրանք, ովքեր անարգանքի սյունին են գամելու իրավիճակը ապակայունացնողներին և նավակը ճոճողներին:
Այդ հանդարտ իրավիճակը թույլ է տալիս նախ` ավելի ուշադիր լսել այն առաջարկները, որոնցով հանդես են գալիս նախագահի թեկնածուները (առայժմ առավել ուշագրավ են, իմ կարծիքով, Հրանտ Բագրատյանի առաջարկները), երկրորդ` մղել մեր քաղաքական ուժերին, այսպես ասած, «դեմքով շուռ գալ» դեպի հասարակական խնդիրները: Իսկ դրանք, իմ կարծիքով, կապված են ոչ միայն սոցիալական դժվարությունների, այլև ազատության և արդարության հետ: Այդ հարցերը վերկուսակցական են և կապված չեն իշխանության համար պայքարի և բուն ընտրությունների հետ: Ընտրությունները պարզապես առիթ են` դրանք բարձրացնելու: Բերեմ մի պարզ օրինակ. Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է շահագրգռված լինեն, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չլինեն: Դա միայն ՀԱԿ-ի խնդիրը չէ, և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, գործիչները, անկախ նրանից` համամիտ են ՀԱԿ-ի հետ, թե ոչ, իրենց հանրահավաքներում, ելույթներում, հարցազրույցներում և այլն պետք է բարձրացնեն Տիգրան Առաքելյանի խնդիրը: Այդպիսով նրանք ավելի մոտ կկանգնեն քաղաքացիական պայքարին, հասարակությանը օգուտ կբերեն և կարժանանան հասարակության համակրանքին:
Երեկ տեղի ունեցավ հերթական ակցիան` ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի: Հիշեցնեմ, դա այն երիտասարդն է, որը գլխով անհանգիստ շարժում է արել, ինչի հետևանքով ոստիկանի քթից արյուն է եկել: Թեև այդ ոստիկանը կարեկցանքի է արժանի, պատիժը, որը կրում է Տիգրանը [6 տարի], խիստ անհամարժեք է նրա արարքին և կրում է ընդգծված քաղաքական բնույթ: Բարեբախտաբար, երեկվա ակցիային բավականին շատ մարդ կար: Բայց, կարծում եմ, պետք է լինի 10, 100 անգամ ավելի շատ: Ոչ միայն նրա համար, որ այդ երիտասարդն ազատություն ստանա, այլև` որ նման բան այլևս երբեք չկրկնվի: Այսինքն` որպեսզի հաջորդ իշխանությունը գայթակղություն չունենա հետապնդել մարդկանց իրենց քաղաքական ակտիվության համար և հետո հայտարարել, թե դա զուտ քրեական հետապնդում է: Ինչպես որ ասվում է հիմա, ասվել է նախորդ բոլոր իշխանությունների օրոք, ասվում է նաև մեզ նման բոլոր երկրներում
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.