23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայաստանում աղմկահարույց, քաղաքականութան հետ այսպես թե այնպես կապ ունեցող հանցագործությունները մշտապես անվստահության և կասկածանքի մթնոլորտ են ստեղծում: Մենք չգիտենք, թե ովքեր են կանգնած «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների հետևում, ոչ ոք չի պատժվել «Մարտի 1-ի» սպանությունների համար` չնայած աշխարհիս երեսին չկա մարդ, որը չգիտի, թե ով է կազմակերպել այդ սպանդը: Հայտնի չէ, թե ով է սպանել գնդապետ Վահրամ Խորխոռունուն, փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանին, հարկայինի պետ Շահեն Հովասափյանին, մենք կասկածներ ունենք, որ ճիշտ են գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի և գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության պաշտոնական վարկածները: Հատկապես մահափորձերի նկատմամբ ստեղծվում է այնպիսի մշուշ, որ իրավիճակը դառնում է նույնիսկ փոքր-ինչ զավեշտալի: Օրինակ` պաշտոնապես հայտարարվել էր, որ Սմբատ Այվազյանն ուզում է սպանել Արտաշես Գեղամյանին, բայց հետո, հավանաբար, հետ է կանգնել այդ մտքից` հաշվի առնելով, թե ինչպիսի ազգանպաստ ելույթներ է պարոն Գեղամյանը ունեցել ԵԽԽՎ-ում: Նույնքան պաշտոնապես հայտնվում էր, որ ոմն Կծան Միշա պատրաստվում էր սպանել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, իսկ պատվիրատուն նախկին նախարար Էդվարդ Մադաթյանն էր («Խուճուճ Էդոն»): Սակայն հետագայում այդ անձնավորությունը ընկերացավ և բարեկամացավ ներկայիս պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհերի») հետ, հիմա հանգիստ գալիս-գնում է Հայաստան, և այդ մեղադրանքը նրան, կարծես թե, ոչ ոք չի հիշեցնում:
Մոտավորապես նույն պատմությունն է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Նախագահի այդ թեկնածուն սկզբում վստահություն հայտնեց, որ ահաբեկչությունն իրականացրել են չեկիստները և ռուսական իմպերիալիզմը, սակայն հետագայում չպնդեց այդ վարկածը: Նախագահի մեկ այլ թեկնածու` Վարդան Սեդրակյանը, կարծում է, որ իշխանությունը կասկածում է իրեն` չնայած նախաքննության մարմինն այդ կապակցությամբ ձայն չի հանում: Իսկ ինքը` էպոսագետը, կասկածում է մասոններին` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորութամբ: Թե ինչո՞ւ պետք է չեկիստները, իմպերիալիստները, էպոսագետը կամ մասոնները ցանկանային վնաս տալ Պարույր Հայրիկյանին կամ խափանեին ընտրությունների բնականոն ընթացքը` ոչ ոք չի կարող ասել: Այս մահափորձի մասին հայտնի է միայն հետևյալը. ահաբեկիչ և թմրամոլ «կաֆելչիկը» (որի զոքանչը, ի դեպ, նույնպես կասկածում է էպոսագետին) Հայրիկյանի վրա մահափորձից հետո եկել էր տուն և ասել կնոջը` «Ահա այն նագանը, որից ես կրակել եմ Հայրիկյանի վրա, պահիր այն, խնդրեմ, ձավարեղենի տուփի մեջ, պետք կգա հաջորդ հանցագործությունների համար»: Բայց երբ աչալուրջ չեկիստները (ոչ թե Հայրիկյանի նշած իմպերիալիստական չեկիստները, այլ մերոնք` անկախ Հայաստանի ԱԱԾ-ականները) գնացին «կաֆելչիկի» տուն և հարցրեցին` «Տիկին, հնարավո՞ր է, որ դուք այստեղ մի նագան ունենաք, և արդոք դա այն նագանը չէ՞, որով մահափորձ էին կատարել նախագահի թեկնածուի դեմ», կինը, բնականաբար, գնաց խոհանոց և ներկայացրեց հանցագործության գործիքը: Այնպես որ` ակնհայտ է, որ այդ մահափորձն ամբողջությամբ կբացահայտվի, և հասարակությունը ոչ մի կասկած չի ունենա, որ պաշտոնական վարկածը մեկը մեկին համապատասխանում է իրականությանը:
Առավոտ
Երկրում ժողովրդավարության և օրինականության մակարդակը միայն 5 տոկոսով է կախված առաջին դեմքի բնավորությունից: Նախագահը կարող է լինել նենգ և քինախնդիր, կարող է լինել հանգիստ և զուսպ` դրանով պայմանավորված են որոշակի երանգներ, ինչ-որ ոլորտների վրա դա կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ, սակայն սկզբունքայնորեն դա որևէ բան չի որոշում: Այդ պատճառով ինձ երբեմն զարմացնում է, որ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև մեկնաբանները, հասարակական, քաղաքական գործիչները սկսում են քննարկել նախագահի թեկնածուների անձնական արժանիքները կամ թերությունները: Բայց մենք երեխաների համար քավոր չենք ընտրում, որպեսզի կողմնորոշվենք նման հատկանիշներով: Օրինակ` Հրանտ Բագրատյանի բնավորությունը, եթե ռուսերեն դարձվածք օգտագործենք, «շաքար չէ»` նա բավականին գոռոզ է և բռնկուն, բայց հենց նա է ներկայացնում, գոնե ինձ համար, հասկանալի, ընկալելի առաջարկներ` երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ: Դրանից, ծրագրերից, գաղափարներից կախված է մեր կյանքի ևս 10 տոկոսը:
Եվ այսպես, 5 տոկոս նախագահի անձը, 10 տոկոս` նրա ծրագիրը: Իսկ մնացա՞ծը: Գիտեմ, որ խիստ ոչ ժողովրդահաճո միտք եմ արտահայտում, բայց մնացածը կախված է մեզնից: Ով էլ լինի նախագահը, վարչապետը կամ, ասենք, մշակույթի նախարարը, իրավիճակը նույնը կլինի, եթե մենք նրանցից չպահանջենք այն, ինչ մեզ պետք է: Որքան էլ բռնապետ լինեն նրանք իրենց բնավորությամբ, որքան էլ դատարկ և անիմաստ ծրագրեր ներկայացնեն, նրանք չեն կարողանա դիմադրել հասարակության երկարատև և կազմակերպված ճնշմանը: Իհարկե, հակառակն էլ կա` ցանկացած հրեշտակ իր հանճարեղ ծրագրով չի դիմանա իշխանությունը չարաշահելու գայթակղությանը, եթե հասարակական ճնշում չլինի: Վստահ եմ, որ եթե ուրբաթ օրերին դատախազության մոտ հավաքվի ոչ թե 100, այլ 10 000 հոգի, իշխանությունը ստիպված կլինի փոխել Տիգրան Առաքելյանի նկատմամբ իր անարդար վճիռը: Եթե նույնքան մարդ պահանջի Սյունիքի արոտավայրերը չհանձնել իրանցի անասնապահներին, ապա ոչ ոք չի համարձակվի դա անել:
Ամբողջ խնդիրն այն է` մենք իսկապե՞ս ցանկանում ենք, որ այդ և հարյուրավոր այլ խնդիրները լուծվեն, թե՞ պարզապես ուզում ենք «անհատապես» լավ ապրել և տարբեր իրական ու վիրտուալ անկյուններում բամբասել և փնթփնթալ սեփական, ինչպես նաև «էս ժողովրդի» դժբախտ կյանքից: Այդ առումով բացարձակապես անիմաստ են նախագահի թեկնածուների և այլ քաղաքական գործիչների նկատմամբ թե´ ագրեսիվ մերժողականությունը, թե´ կույր երկրպագությունը: Ինձ թվում է` բոլորովին չարժե դրա վրա էներգիա և ժամանակ ծախսել: Այդ մարդկանցից շատ քիչ բան է կախված, պայմանականորեն ասած` մեր կյանքի ընդամենը 15 տոկոսը: Մնացածը մեր ձեռքում է:
Առավոտ
Արդեն ակնհայտ է, որ այս նախագահական ընտրություններում թեկնածուների միջև որևէ ձևաչափով հեռուստաբանավեճ չի լինելու: Թեկնածուների մեծ մասի փաստարկն այն է, որ նրանք պատրաստ են բանավիճել միայն Սերժ Սարգսյանի հետ, վերջինս էլ հնարավորություն ունի խուսափելու բանավեճից` ասելով, որ չի կարող վեց թեկնածուներից առանձնացնել որևէ մեկին և բանավիճել հենց նրա հետ: Ի դեպ, գործող նախագահն իր պաշտոնավարման ընթացքում ոչ մի «դասական» ասուլիս չի տվել` դա նույնպես պահանջարկ վայելող ձևաչափ է:
Երբ լրատվամիջոցները, հ/կ-ները կամ ակումբները առաջարկում են երկու թեկնածուներին գալ բանավեճի, նրանք, բացի նախագահի հետ բանավիճելու ցանկությունից, ներկայացնում են ևս մի փաստարկ` նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ, նա իմ տրամաչափի մարդ չէ: Մեծամտությունն ընդհանրապես ոչ մեկին չի զարդարում, սակայն նախագահի թեկնածուների պարագայում դառնում է երկսայր զենք. եթե դու դիմացինիդ ասում ես` «նա ո՞վ դառավ», ապա շատ բնական է, որ քարոզարշավի ընթացքում նման գնահատականի արժանացած մրցակիցդ նույն ոգով կպատասխանի` «բա դո՞ւ ով ես», և կստացվի մոտավորապես պանիկովսկու և Բալագանովի երկխոսությունը («Գնացեք Կիև և հարցրեք»)` միայն թե հեռակա տարբերակով: Մենք էլ` լրագրողներս, բնականաբար, ամեն ինչ անում ենք, որպեսզի մեկի արհամարհական, վիրավորական խոսքը հասնի մյուսին, և որ այդ բառային փոխհրաձգությունը մշտապես թեժ մնա: Իսկ թեկնածուներն այդքան խոհեմություն կամ փորձ չունեն, որպեսզի ի պատասխան մեր փոքրիկ սադրանքների` պատասխանեն` «սա իմ հարգարժան գործընկերոջ տեսակետն է, իսկ մենք բոլորս պայքարում ենք հանուն ժողովրդավարության, տեսակետների ազատ արտահայտման» և այլն: Բայց քանի որ հիշյալ խոհեմությունն ու փորձը չկան, ստացվում է բանավեճ, թեկուզև հեռակա, ոչ թե ծրագրերի և գաղափարների շուրջ, այլ անձնական լեզվակռիվ` սեփական արժանիքների և հայրենիքին մատուցած նախկին ծառայությունների վերաբերյալ` «բա դու ո՞ւր էիր, երբ ես…»: Նման վիճաբանությունն ունի երկու բացասական հետևանք: Նախ` վեց թեկնածուները, մոռանալով, որ իրենց գլխավոր թիրախը գործող նախագահն է [եթե դա իսկապես այդպես է], սկսում են հարվածել իրար, և արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նրանք իրոք պայքարում են երկրորդ կամ երրորդ տեղի համար: Բայց կա նաև ավելի հեռուն գնացող` «մշակութային» հետևանք: «Նա ո՞վ դառավ» ինքնասիրահարված կարգախոսը հաշվի չի առնում այն պարզ հանգամանքը, որ այս աշխարհում չկա մի մարդ, որը բոլոր առումներով, բոլոր տեսանկյուններից գերազանցում է մեկ այլ մարդու: Մենք բոլորս կարող ենք իրարից ինչ-որ բան սովորել;
Առավոտ
Բուլատ Օկուջավան մի երգ ունի` նավաստիների մասին: Իմաստը հետևյալն է. ինչ հաճելի բան է նավաստի լինելը` ցամաքում դու ամբողջ օրը խնջույքների մեջ ես, քեզ նախանձում են տղամարդիկ, քեզ սիրում են կանայք, դու հպարտորեն քայլում ես ափով` ժապավեններով գեղեցիկ գլխարկդ դրած: Բայց, մյուս կողմից, երբ նավաստին ծով է դուրս գալիս, կան բազմաթիվ վտանգներ` ծովում փոթորիկներ են լինում, նավը կարող է խորտակվել, նավաստիներն էլ հետը: Իսկ չի՞ կարելի արդյոք ծառայել ցամաքում, բայց ման գալ ժապավեններով զարդարված գեղեցիկ գլխարկներով:
Այդ երգը ես հիշեցի` մեր բիզնեսմենների, քաղաքական և պետական գործիչների վարքի հետ կապված: Մի կողմից` իրենց կյանքում, կենցաղում կան հաճելի բաներ` փողեր, «պադավատներ», առանձնասենյակներ, քարտուղարուհիներ, ինչպես նաև` կախյալ մարդկանց վախեցած աչքեր:
Հավանաբար, հենց դրա համար էլ նրանք ձգտում են այդ բիզնեսներին և պաշտոններին` մանավանդ որ, ինչպես հայտնի է, մեզ նման երկրներում մեկը մյուսի հետ կապված է: Բայց մյուս կողմից` կան որոշակի անհարմարություններ, մասնավորապես, լրագրողները կարող են տհաճ հարցեր տալ, կարող են հետաքրքրվել քո հարստությամբ, կարող են պարզապես քո սուտը բռնել: Օրինակ` 150 հազար դրամանոց բազմաթիվ թափուր տեղերի մասին: Նման անհարմարությունների հետ պետք է հաշտվել` ուրիշ ճար չկա: Ամենախոհեմ վարքն է նման դեպքում` լսիր այդ տհաճ խոսակցություններն ու հարցերը, հետո վերցրու քո «աղանձը», քաշվիր քո անկյունը և սուսուփուս ծամիր այն:
Բայց մարդը մնում է մարդ, նա համ «ժապավեններն» է ուզում, համ էլ չի ցանկանում ծով դուրս գալ: Հենց այդ պատճառով էլ հենց որ նրանց մի տհաճ հարց ես տալիս, առաջին միտքը, որը ծնվում է նրանց ոչ այնքան պայծառ գլուխներում, հետևյալն է` «էս ո՞վ է իմ չուզողը, որ իմ վրա գործ է տվել, հաստատ իմ թիմից է, հաստատ ես նրան ամեն օր բարևում եմ, ժպտում եմ, ձեռքն եմ սեղմում, իսկ նա…», և նման պարանոյիկ մտքեր: Առաջին հարցը, որը նրանք, ի պատասխան հարցի, տալիս են, մոտավորապես այսպիսին է` «իսկ դա ձեզ ո՞վ է ասել»: Որից հետո գալիս է միանշանակ եզրակացություն` «Ես գիտեմ` դա ում պատվերն է»: Եվրոպացիներն այս մարդկանց հրաշալի նվեր են մատուցել` ասել են` ապաքրեականացրեք վիրավորանքն ու զրպարտությունը: Դա իսկական տոն էր մեր օլիգարխների և պաշտոնյաների համար` նրանց ձեռքը մի գործիք ընկավ, որով հնարավոր է «պատժել» լրատվամիջոցներին: Նույն եվրոպացիները հետո բացատրեցին, որ դա վիրավորանքից և զրպարտությունից պաշտպանվելու, ոչ թե թերթերի վրա հարձակվելու գործիք է: Թե որոնք են այս ոլորտում Եվրոպայում ընդունված իրավական մեխանիզմներն ու նախադեպերը` մի քանի տասնյակ անգամ պարզաբանել է Տեղեկատվական վեճերի խորհուրդը: Կարծես թե որոշ ժամանակ անց «ժապավեններ կրողները» սկսեցին դա հասկանալ: Բայց վերջերս «3 միլիոնի վիրավորվելը» կրկին սկսել է այդ շրջանակներում նորաձև դառնալ: Միևնույն է` «ծով դուրս չգալը» չի ստացվի:
Առավոտ
Երբ հնչում է ԱՄՆ օրհներգը, այդ երկրի քաղաքացիները ձեռքը դնում են սրտի վրա: Մեզ դա կեղծավորություն և ձևականություն է թվում: Մենք չենք հավատում, որ ամերիկացիներին իսկապես ոգևորում է իրենց պետության օրհներգը և դրոշը: Ցանկացած հայրենասիրական պաթոս, որն առկա է, մասնավորապես, ամերիկյան ֆիլմերի մեծ մասում, մենք համարում ենք շինծու և անհամբեր սպասում ենք, թե երբ է այդ «պաթոսային» դրվագն անցնելու, գործողությունը վերսկսվելու, և նորից լավ ու վատ տղաները կսկսեն իրար վրա կրակել (սովորաբար, սակայն, «վերամբարձ մասը» կինոնկարի վերջում է լինում):
Մի կողմից` այդ ամենը իսկապես մեխանիկորեն կատարվող ծիսակարգ է հիշեցնում, մյուս կողմից` եթե դա նույնիսկ ռիտուալ է, ապա այնքան է մտել այդ ժողովրդի արյան մեջ, որ դարձել է կենցաղի, մտածելակերպի անբաժանելի մասը:
Հայաստանում ոմանց նյարդերի վրա դա ազդում է, ասում են` «ահա տեսեք, պրիմիտիվ, բթամիտ ամերիկացիները»: Մենք, ուրեմն, ավելի բարդ ենք և, հետևաբար, սեփական պետությամբ կամ ազգությամբ հպարտանալը մեզ ծիծաղելի է թվում: «Բա որ էս իշխանությունը էս ժողովրդին թալանում է, էլ ի՞նչ երկիր, ի՞նչ ազգ»: Սա է ցինիզմը հիմնավորող «ջախջախիչ» փաստարկը, որը խոսակցությունը շեղում է բոլորի համար «հաճելի» հունի մեջ: Եվ բնորոշ է, որ մարդիկ, որոնք մտավորական են համարվում, «տոն են տալիս» նման նիհիլիզմին` իրենց «ընդդիմադիր» հայացքներով ամբոխին հաճոյանալու համար: Այնինչ պետք է, կարծես թե, հակառակը քարոզել` քաղաքացու հպարտությունն ու արժանապատվությունը պայմանավորված չէ այս պահին երկրում առկա քաղաքական կամ տնտեսական խնդիրների քանակով:
Ամերիկյան ոգով դաստիարակված Րաֆֆի Հովհաննիսյանի վարքը, վերոհիշյալ պատճառներով, հաճախ ծաղրի առարկա է դառնում: (Հավանաբար, իր դերն է խաղում նաև նրա քաղաքական մրցակիցների խանդը(: Ենթադրենք, Րաֆֆին խոնարհվում է ազատամարտիկի շիրմի առաջ: «Ըհը,- մեկնաբանում են տեղական քաղքենի մենթալիտետի ներկայացուցիչները,- ձևեր է թափում, PR է անում, նկարահանվում է»: Մեր ցինիկ ուղեղներում չի տեղավորվում այն միտքը, որ դա մի ձև է` իսկական, անկեղծ զգացմունքներն արտահայտելու համար: Նույնը` քայլելը, բարևելը, տատիկներին գրկելը, անծանոթ մարդկանց հոզեհանգստի գնալը և այլն: Ոմանց տեսանկյունից դա կեղծավորություն է, բայց ես դա ընկալում եմ որպես կենսակերպ, մտածելակերպ, որը մեզ գուցե և խորթ է թվում, բայց իր էությամբ` առողջ է. պոզիտիվ:
Քաղաքացու` իր երկրի նկատմամբ պոզիտիվ վերաբերմունքը, ինձ թվում է, սկսվում է մարդկանց` իրար հանդեպ նմանատիպ վերաբերմունքից: Մարդու վրա կրակել են: Գուցե նրա քաղաքական հայացքները մեզ դուր չեն գալիս, գուցե նա ծայրից ծայր սխալ բաներ է ասում: Բայց նա ցավ է ապրում` փորձենք կիսել այդ ցավը, չամաչենք ցուցաբերել նորմալ մարդկային կարեկցանք: Կարծում եմ` դա այն հիմնարարն է, որի վրա կառուցվում են նորմալ հասարակական հարաբերությունները:
Առավոտ
Չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի գլխավոր «ուղերձը» ՀԱԿ-ի հիման վրա նոր կուսակցություն ստեղծելու նախագիծն էր, դրա մասին դատողություններ անելը բավականին դժվար է: Եթե, ինչպես պնդում են ՀԱԿ-ի առավել հայտնի կուսակցությունների ղեկավարները, ՀՀՇ-ն մնում է ՀՀՇ, իսկ ՀԺԿ-ն` ՀԺԿ, ապա ինչո՞վ է տվյալ կառուցվածքը տարբերվելու ՀԱԿ-ի ներկայիս կարգավիճակից: Այսինքն` այդ դեպքում Կոնգրեսը պահպանվելու է որպես գոնե ձևականորեն ինքնուրույն կուսակցությունների միավորում: Իսկ եթե ստեղծվելու է մի նոր կուսակցություն, որի մեջ մնացած կուսակցությունները` լուծարվելով, ձուլվելու են, ապա դա, շատ հնարավոր է, կհանդիպի ՀՀՇ-ի և Դեմիրճյանի դիմադրությանը: Մնացած միավորների մասին չեմ խոսում, որովհետև կոնգրեսից դուրս չեկած այլ կուսակցություններն ու գործիչները հասարակության մեջ զգալի դերակատարություն չունեն:
Բայց ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալ-չդառնալը երկրորդական հարց է` այն խնդիրների հետ համեմատած, որոնք առաջին նախագահը բարձրացրել է իր հարցազրույցի հիմնական մասում: Եվ այստեղ Տեր-Պետրոսյանի արձանագրումները միանգամայն ճիշտ են: Եթե արտագաղթի տեմպերը պահպանվեն և մանավանդ` եթե, ինչպես ենթադրում է առաջին նախագահը, կրկնապատկվեն, ապա 10-20 տարի հետո մենք որպես անկախ պետություն կվերանանք, և այդ դեպքում չարյաց փոքրագույնը կլինի Ռուսաստանի կազմի մեջ մտնելու փորձված սցենարը` բնաջնջման վտանգից խուսափելու համար: Հնարավոր են նաև ավելի ողբերգական սցենարներ: Սա Տեր-Պետրոսյանի կողմից նույնիսկ քաղաքական հայտարարություն չէ, սա գիտական, կասեի նույնիսկ` մաթեմատիկական ճշմարտություն է: Ճիշտ է նաև, որ արտագաղթի հիմնական պատճառը պետական ինստիտուտների որակն է: Մեզ նման երկրներում այս հաստատությունները «ծրագրավորված» են կողոպուտի, իշխանավորների հարստացման վրա: Եվ այդ առումով, ի դեպ, մեր մշակութային համագործակցությունը Գվատեմալայի հետ այնքան էլ Ֆանտաստիկ չի թվում: Վերջապես, ճիշտ է նաև, որ Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ Արևմուտքը հստակ ռազմավարություն չունի:
Բայց այսքանից հետո հարցեր են առաջանում: Ինչո՞ւ մենք` անշահախնդիր ու կրթված մարդիկ լինելով` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ 90-ականներին ստեղծեցինք հենց ա´յդ որակի պետական ինստիտուտներ: Ասում եմ` «մենք», որպեսզի պարզ լինի, որ դա փաստի արձանագրում է, ոչ թե ինչ-որ մեկի հասցեին ուղղված մեղադրանք: (Չնայած հենց այս փաստն է, որ առաջին նախագահի ֆանատները չեն ընդունում): Ինչո՞ւ Առաջին հանրապետության հիմնադիրները նույնպես ստեղծել էին ճիշտ այդպիսի պետական հաստատություններ, ինչը և բերեց Ռուսաստանին «հանձնվելու» վերը նկարագրված հանգուցալուծմանը: Հայրենասեր և ազնիվ մարդի՞կ չէին: Ավելին` ինչո՞ւ նույն մեր «հարազատ» Գվատեմալայում, Հաիթիում և այլուր, որտեղ գործում են նույն տեսակի պետական ինստիտուտներ, և որտեղ Արևմուտքը, հստակ ռազմավարություն ունենալով, պարբերաբար հեղաշրջումներ է իրականացնում` բերելով «լավ տղաներին», հիշյալ ինստիտուտները չեն փոխում իրենց որակը: Կարելի՞ է արդյոք այստեղից եզրակացնել, որ ինստիտուտների որակը պայմանավորված չէ անձերի որակով:
Առավոտ
Վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել են տասնյակ հազարավոր հայեր: Ընդդիմությունն ասում է` 200 հազար, իշխանությունը` 100 հազար, կարևոր չէ, անգամ երկրորդ թիվը մեր փոքր երկրի համար սոսկալի է: Դրա համար պատասխանատու է աոաջին հերթին ներկայիս իշխանությունը` նախագահի գլխավորությամբ: Բայց, ինձ թվում է, քաղաքական, հասարակական գործիչները, մտավորականները, մեկնաբանները, մի խոսքով` մենք բոլորս` այն մարդիկ, որոնց խոսքից ինչ-որ բան է կախված, չենք անում «մեր ձեռքից եկածը»` այդ երևույթը մեղմացնելու համար: Մեզ համար, կարծես թե, ավելի էական է հասարակության, այսպես ասած, «ծափահարությունները կորզելը», «ժողովրդահաճո» կեցվածք ընդունելը «սրանք վզները հաստացրել են, իսկ խեղճ ժողովուրդը սոված կոտորվում է, պանդխտության ճանապարհն է բռնել» և այլն: Այդպիսով մեր քաղաքացիներն ամբողջությամբ ազատվում են ինքնուրույն և ակտիվ գործելու, այստեղ` Հայաստանում մնալու և պայքարելու պարտականությունից, նրանց գնալը երկրից ոչ միայն բացասական գնահատական չի ստանում, այլև ներկայացվում է գրեթե որպես քաղաքացիական արիության դրսևորում` «բա ի՞նչ անեն մարդիկ»:
Արդյունքը մենք`լրագրողներս, արձանագրում ենք ամեն օր, երբեմն` օրը մի քանի անգամ: Բոլոր մեծ ու փոքր ցույցերի մասնակիցները, անկախ նրանից` իրենց պահանջներն օրինական են, թե օրինական չեն, իրենց ամեն մի ելույթի կամ հարցազրույցի վերջում սպառնում են արտագաղթով: Օրինակ`տաքսիստները ցանկանում են կայանել այնտեղ, որտեղ իրենց է հարմար, և չեն ուզում, որ արագաչափերն ու տեսախցիկները ֆիքսեն իրենց խախտումները: Իսկ եթե իրենց նպատակին չհասնեն, ասում են նրանք` «կթողնենք ու կգնանք այս երկրից»: Բաժնետոմս ունեցողները, որոնց տնօրենը զրկել է դիվիդենդներից, նույնպես պնդում են, որ իրենց հասանելիք գումարները չստանալու դեպքում արտագաղթելու են: Ստոմատոլոգներից ոչ մեկս երբևէ ՀԴՄ կտրոն չենէ ստացել մեր մուծած գումարների դիմաց, և նրանց եկամուտները, հետևաբար, դուրս են որևէ վերահսկողությունից, բայց երբ կառավարությունը նրանց առաջարկում է վճարել ատամնաբուժական աթոռի համար, ընդվզում են և ասում, որ այդ դեպքում նրանք կհեռանան երկրից: Նույնը բացօթյա առևտրականները, պետական կարիքների զոհերը և խնդիրներ ունեցող մնացած քաղաքացիները: Խնդիրներն իրականում կան և դրանք լուծման կարիք ունեն: Բայց ո՞ւմ են ուղղված այդ սպառնալիքները: Իշխանությա՞նը: Նա շա՞տ է հուզվում արտագաղթից:
…Ողջ ձմեռվա ընթացքում իմ տան էլեկտրաէներգիայի լարումը միջինը մոտ 170 վոլտ է, ինչի հետևանքով, մասնավորապես, լվացքի մեքենան միանում է միայն գիշերվա ժամը մեկից հետո: Եթե փետրվարի ընթացքում էլցանցը այդ խնդիրը չլուծի, ես, հավանաբար, արտագաղթեմ:
Առավոտ
Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական գործիչները մշտապես ունեցել են մի խնդիր` նրանք մոռանում էին իրենց պայքարի հիմնական թիրախի մասին և սկսում էին պայքարել իրար դեմ: Ենթադրենք, դուք կարծում եք, որ Հայաստանի նախագահ դառնալով` կվերացնեք արտագաղթը, կոռուպցիան, 10 կամ 100 անգամ կբարձրացնեք մարդկանց աշխատավարձերն ու թոշակները, ինչպես նաև ժողովրդավարություն և արդարություն կհաստատեք: Հետևաբար` ձեր բոլոր հարվածները պետք է ուղղված լինեն գործող նախագահի դեմ: Բայց արի ու տես, որ հարվածների կեսից ավելին հասնում է մնացած հավակնորդներին, որոնք նույն նպատակներն ունեն: Եվ ստացվում է, որ այդ մարդիկ իրենց էներգիան ծախսում են իրար կասկածելու, իրար մեղադրանքներին պատասխանելու և, այսպես ասած, դիմակը պատռելու վրա:
Այսպիսի մի «լոկալ պատերազմի» պատրվակ էր Պարույր Հայրիկյանի որոշումը` չդիմել ՍԴ` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար: Թե ում սոխը այդ երկու շաբաթում սոխառած պիտի դառնար` այնքան էլ պարզ չէ: Բայց դա լավ առիթ էր սեփական «արմատական ընդդիմությունը» ցույց տալու և Հայրիկյանի` «իշխանության հետ գործարքը» բացահայտելու համար:
Հայրիկյանին` ընտրությունները չհետաձգելու համար կշտամբանքներին զուգահեռ` կարծես թե փոքր-ինչ նենգափոխվում է բուն ընտրությունների նպատակը: Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչը չի բացառում, որ իր թեկնածուի հացադուլը կարող է ընտրարշավում անհաղթահարելի խոչընդոտ դառնալ: Նախագահի մեկ այլ թեկնածու` Վարդան Սեդրակյանը (հավանաբար, կեսկատակ), ասում է, որ նա էլ է կարող իր համար քարոզարշավին մասնակցելու անհաղթահարելի խոչընդոտ ստեղծել: Նա կայրի իր ավտոմեքենան սուպերմարկետներից մեկի մոտ և հետո դրանում կմեղադրի ռուսական կամ ամերիկյան իմպերիալիստներին: Ըստ էպոսագետ թեկնածուի` նրա ավտոմեքենան ավելի թանկ է, քան Պարույր Հայրիկյանը: Նախ` կարծում եմ, որ նույնիսկ ամենաանպետք, ամենահրեշավոր մարդու կյանքը շատ ավելի թանկ է, քան աշխարհի ամենաթանկ մեքենան: Երկրորդ` ընդդիմության նպատակը պետք է լինի, որքան հասկանում եմ, ոչ թե ընտրությունների հետաձգումը կամ նույնիսկ տապալումը, այլ հաղթանակը և սեփական գաղափարների ու սկզբունքների հիման վրա պետության կառուցումը: Մնացած գործողությունները, այսպես ասած, «թեթև ժանրից» են:
Արդեն հայտնի է, թե ովքեր են այս ընտրությունների «չեբուրաշկաները»` նրանք Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումների ժամանակ բոցաշունչ ճառեր արտասանող «կթվորուհիներն» են: Կամաց-կամաց պարզ է դառնում, թե ովքեր են այս ընտրություններում Շապոկլյակի դեր խաղում:
Առավոտ
Պարույր Հայրիկյանը կրկին խոսեց «չեկիստների» մասին` իր դեմ մահափորձի համատեքստում: Ես մոտավորապես պատկերացնում եմ, թե ինչի մասին է խոսքը, բայց ամբողջապես չեմ հասկանում, որովհետև «չեկիստ», «կագեբե», «գործակալ» բառերն օգտագործվում են տարբեր իմաստներով: Օրինակ` 94 թվականին, բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ (այն ժամանակ սոցիալական ցանցեր և կայքեր չկային, և հայհոյանքների մեծ մասը հնչում էր բանավոր), արմատական ընդդիմադիր Աշոտ Մանուչարյանը, ի թիվս այլ մեղադրանքների և հայհոյանքների, ինձ անվանեց «կագեբեի գործակալ»: Որքան հասկանում եմ, իմ կողմից հարգված այս գործիչը նկատի ուներ ինչ-որ վատ, բացասական երևույթ: Առիթ չեմ ունեցել ճշտելու, թե որ մի «կագեբեն» նա նկատի ուներ` խորհրդայի՞ն, ռուսակա՞ն, թե՞ հայկական: Խորհրդային «կագեբեի» գործակալ, իմ պատկերացմամբ, մասնավորապես նա է, ով «խաբար է տալիս», թե ով է խնջույքի ժամանակ անեկդոտ պատմել Բրեժնևի մասին, և հետո այդ պատմողը խնդիրներ է ունենում իր աշխատավայրում: Բայց 1985 թվականից հետո այդ խնդիրը չկա, և նման նողկալի մատնագրերով զբաղվող մարդիկ իրենց համար գործունեության այլ բնագավառներ են գտել: Օրինակ` դարձել են «ազգային գործիչներ»: Բայց բացասական իմաստով «չեկիստներն» այսօր էլ գոյություն ունեն: Օրինակ` նրանք, ովքեր գաղտնալսել և տարածել են Վարդան Օսկանյանի և Լևոն Զուրաբյանի խոսակցությունը սրճարանում: (Եթե նրանք չեն արել, ապա վաղուց կբացահայտեին, մեղավորն էլ վաղուց նստած կլիներ, ինչպես որ դա եղավ մի դերասանուհու դեպքում): Ասացեք խնդրեմ, ի՞նչ իմաստով է նման գաղտնալսումը նպաստել մեր ազգային անվտանգությանը: Ոչ մի: Սա հենց այն դեպքն է, երբ հատուկ ծառայությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով: Հավանաբար, երբ Հայրիկյանը և մնացած այլախոհները խոսում են «չեկիստների» մասին, նրանք նկատի ունեն հենց դա` քաղաքական գործառույթներ ունեցող նմանատիպ կառույցները: Բայց պետություններն այդ կառույցների միջոցով սեփական երկրում և այլ երկրներում իրականացնում են գործողություններ, որոնք բխում են իրենց` այդ պետությունների քաղաքական շահերից: Խոսքը, հետևաբար, ոչ թե առհասարակ քաղաքական գործառույթների մասին է, այլ այնպիսի գործառույթների, որոնք ուղղված են ոչ թե պետության, այլ իշխանության շահերի բավարարմանը: Մնում է միայն ապացուցել, որ որևէ պետությանը կամ թեկուզ որևէ երկրի իշխանությանը ձեռնտու է Հայաստանում անկայուն վիճակ ստեղծել:
…Հատված խորհրդային մի հին ֆիլմից, որի անունը չեմ հիշում: Ձերժինսկին պատժում է իր ստորադաս մի նավաստու, որը «սխալմամբ» գնդակահարել է ինչ-որ մի կասկածելի «ինտելիգենտի»: Նավաստին արդարանում է. «Ֆելիքս Էդմունդովիչ, հակա էր նա, հակա, ես լյարդով էի դա զգում»: «Հաջորդ անգամ,- խիստ տոնով ասում է «չեկա»-ի ղեկավարը,- կմտածեք ոչ թե լյարդով, այլ գլխով:
Առավոտ
Քաղաքական գործիչներից մեկը «Առավոտին» տված հարցազրույցում խիստ բացասաբար էր արտահայտվել Պարույր Հայրիկյանի մասին: Զարմանալի զուգադիպությամբ` վատ կապի կամ տեխնիկական այլ պատճառով այդ նյութը տեղ հասավ ուշացումով և հունվարի 31-ի երեկոյան չհայտնվեց մեր կայքում: «Աստծո աջն է»,- նման դեպքերում ասում է ԱԻՄ նախագահը: Եթե այդ նյութը հրապարակվեր մահափորձի գիշերը, Հայրիկյանը չէր նեղանա` նա այս 18 տարում երբեք չի նեղացել իր մասին «Աոավոտում» բազմաթիվ բացասական հրապարակումներից և հակառակը` մշտապես իր գոհունակությունն էր հայտնում այն դեպքերում, երբ որևէ հոդվածի հետ համաձայն էր: Պարզապես, եթե նյութը տեղադրվեր մեր կայքում, ես ինձ վատ կզգայի:
Անկախ բոլոր տեսակի քաղաքական նախասիրություններից և գաղափարական տարբերություններից` ես կողմնակից եմ մարդկային մոտեցումների: Ես լավ չեմ հասկանում, օրինակ, թե ինչու է հացադուլ անում Անդրիաս Ղուկասյանը, բայց մեծ տհաճություն եմ զգում, երբ նրա հացադուլը սկսում են ծաղրել և դրա վերաբերյալ ցինիկ կատակներ են անում: Մարդը կամավոր զրկանքներ է կրում` հանուն ինչ-ինչ նպատակների` դա պետք է հարգել: Հայրիկյանի դեպքում համաձայն չեմ այն պնդումների հետ, թե այդ ամենը շոու է, ամեն ինչ սարքած է, պարզապես նախագահի թեկնածուն իր PR-ն է անում, վարկանիշ է բարձրացնում և այլն: Իհարկե, մարդիկ հակված են ոչ մի բանի չհավատալու ու ամեն տեղ ինչ-որ խաբեություն են տեսնում: Բայց տվյալ դեպքում կարելի է մաղթել՝ թող Հայրիկյանի չուզողները երբեք այդպիսի PR-ի հնարավորություն չունենան:
Չեմ կարող ընդունել այն հեռու գնացող «քաղաքագիտական» վարկածները, որոնք ծնվում են այդ ահաբեկչության ազդեցության տակ: Դրանց հեղինակներին իբր հայտնի են արդեն այն երկրները և դրանց հատուկ ծառայությունները, որոնք պատվիրել են հանցագործությունը: Դա ինձ հիշեցրեց այն իրավիճակը, որը ստեղծվել էր «Հոկտեմբերի 27-ից» հետո, երբ ռուսներն այդ ոճրագործությունը ուզում էին գցել Արևմուտքի, իսկ Արևմուտքը` ռուսների վրա: Այդպիսի պատասխանատու հայտարարությունների համար պետք են ինչ-որ հիմքեր, որոնք Հայրիկյանի մահափորձի դեպքում առայժմ չեն նշվում:
Վերջապես` ինձ դուր չի գալիս «արմատական ընդդիմադիր» այն մոտեցումը, որը կարելի է ձևակերպել այսպես. «Կեցցե՛ն ահաբեկիչները, նրանք խափանեցին հանգիստ ընտրություններ անցկացնելու իշխանությունների դավադիր ծրագրերը»: Չեմ կարծում, որ մարդու կյանքի դեմ ոտնձգությունը պետք է նման հրճվանքի առիթ դառնա՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական հետևանքների այն կբերի:
Պարույր Հայրիկյանը իմ թեկնածուն չէ, և ես չեմ պատրաստվում նրան ձայն տալ: Բայց այդ մարդու տոկունությունը` իր ողջ կյանքի ընթացքում, մեծ հարգանքի է արժանի:
Պինդ կացեք, պարոն Հայրիկյան:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.