23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հաճախ այս կամ այն առիթով իշխանության ճամբարից կոչ է հնչում` «մի քաղաքականացրեք»: Եթե վերանանք մեր իրականության առանձնահատկություններից, ապա այդ կոչը, որպես այդպիսին, ճիշտ է: Իդեալական է, երբ պրոցեսներն ընթանում են զուտ իրավական հարթության մեջ: Օրինակ, երբ թաղի խուժանը ներխուժում է ընտրատարածք և քվեաթերթիկներ լցոնում, դրան պետք է հակադրվեն ոստիկանները, այնուհետև` դատախազությունը, իսկ վերջում` դատարանը: Եթե այսպես գործեն պետական այդ երեք մարմինները, ապա ընտրախախտումների խնդիրը քաղաքականացնելու անհրաժեշտություն ամենևին էլ չի առաջանա:
Այսինքն` եթե ոստիկանությունը, դատախազությունը և դատարանը լինեն իրենց տեղերում, դա կդառնա սովորական իրավական գործընթաց, որի վրա չի սևեռվելու ոչ հասարակության, ոչ էլ քաղաքական ուժերի ուշադրությունը, իսկ կանոնավոր կերպով պատժվող հանցագործության դեպքերը սովորաբար միտում ունեն քչանալու: Բայց քանի որ շուրջ 18 տարի այդ հանցագործությունները կիառվում են քաղաքական նպատակների համար, և հենց այդ պատճառով են անպատիժ մնում, մենք ստիպված ենք դրանք քաղաքականացնել` պարզապես տրամաբանությունն է դա հուշում:
Որևէ խնդիր չքաղաքականացնելու ամենագլխավոր պայմանը անկախ դատարանն է: Ժամանակին, երբ դատվում էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը, դատավորը հրապարակավ անկեղծ խոստովանեց`կարծում եք, ես «իմ գլխո՞ւ» եմ դատում, ես գնում եմ նախագահական և իմ որոշումներն այնտեղ եմ համաձայնեցնում: Խնդիրը հենց դա է` ցանկացած բողոք, այդ թվում` ընտրությունների վերաբերյալ, մարդիկ պետք է կարողանան ներկայացնել դատարանին` վստահ լինելով, որ դատավորը կգործի «իր գլխու»` առանց նախագահականի հետ համաձայնեցնելու: Բայց քանի որ մենք վստահ ենք, որ, օրինակ, Տիգրան Առաքելյանին 6 տարի ազատազրկման դատապարտելը նույնպես «համաձայնեցվել է», մենք բացի «խնդիրը քաղաքականացնելուց»` այլ ճանապարհ չունենք:
Նույնը «Մարտի 1ի» սպանդը: Ինչպե՞ս է այն հնարավոր չքաղաքականացնել: Եթե, ենթադրենք, 2008 թվականի ամռանը դատարանի առաջ կանգնեին այդ սպանությունները իրականացնողներն ու պատվիրատուները, ապա հնարավոր կլիներ արձանագրել, որ ընդդիմության խաղաղ հանրահավաքի ժամանակ իրավապահները անիրավաչափորեն զենք են կիրառել, ինչի համար էլ պատժվել են: Սակայն քանի որ 5 տարվա ընթացքում ոչ ոք չի պատժվել, և ճիշտ հակառակը` դատարանի առաջ են կանգնել ընդդիմության մի քանի տասնյակ լիդերներ և ակտիվիստներ, դրանից կարելի է եզրակացնել, որ հենց մեր իրավապահ համակարգն է առաջնորդվում քաղաքական շարժառիթներով: Այնպես որ, հարգելի իրավապահներ, մի´ քաղաքականացրեք «Մարտի 1-ի» գործը և բացահայտեք այն:
Առավոտ
1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից հետո մտավորականների, մասնագետների մի մասը լքեց երկիրը, մյուս մասը մնաց և շարունակեց բարեխղճորեն զբաղվել սեփական գործով` դիմանալով կյանքի դժվարին պայմաններին, հավատարմություն չհայտնելով «կարմիրներին», բայց նաև չհակադրվելով նրանց: Այդպիսի «ապաքաղաքական» մասնագետներին Տրոցկին արհամարհանքով անվանում էր «ուղեկիցներ» [попутчики]` ընդգծելով այդ մարդկանց ժամանակավոր կարգավիճակը. նրանք` մեր` բոլշևիկներիս կողքին են այնքան ժամանակ, մինչև որ մենք կունենանք մեր` սեփական կադրերը, որից հետո մենք այդ «ուղեկիցներին» կոչնչացնենք: Պետք է ասել, որ դա տեղի ունեցավ շատ ավելի վաղ, քան ենթադրում էր այդ ընթացքում «ժողովրդի թշնամի» հայտարարված այդ հեղափոխականը, և նման խելահեղ քայլի հետևանքները մենք զգում ենք առայսօր: Հարգելով «ապաքաղաքական» մտավորականությանը և ստեղծելով սեփականը` «կարմիրը», մենք տասնամյակներով հետ գցեցինք գիտությունը, կրթությունը, հասարակությունը` դարձնելով վերջինիս գործողությունները «բնազդային», անուղեղ: Մտածողության այս ոճը շարունակում է գերիշխող լինել նաև անկախ Հայաստանում: Այդ մտայնությունից ծնվում է հետևյալ հարցը` իսկ ինչո՞ւ դու ժողովրդի կողքին չես: Հատկապես զավեշտական է, իհարկե, երբ այդ հարցը տալիս են մարդիկ, որոնք արդեն 20 տարի է` Հայաստանում չեն` 90-ականներին այստեղ չեն մրսել, սոված չեն մնացել առավել ևս` ռազմաճակատում չեն եղել: Սրբորեն հարգում եմ ազատ տեղաշարժվելու իրավունքը` այդ մարդիկ որոշել են իրենց կյանքը կազմակերպել այլ երկրներում, բայց երբ նրանք մեզ` Հայաստանում ապրողներիս, կոչ են անում լինել միասնական կամ լինել ժողովրդի կողքին, դա բավականին ծիծաղելի է: Ո՞վ է ժողովրդին ավելի մոտ այն մայրը, որը 90-ականներին նավթավառի լույսի տակ երեխա է լույս աշխարհ բերել և հիմա, ապրելով այստեղ, ոչ մի քաղաքացիական ակտիվություն չի դրսևորում, թե՞ Գլենդելի արմավենիների տակ ազգի դարդերի մասին փիլիսոփայող նախկին հայաստանցին: Ժողովրդի, այսինքն` իրականում սեփական քաղաքական թիմի կողքին լինելը թեստ չէ, որով հնարավոր է գնահատել մարդու մտավոր և բարոյական որակը: Մի անգամ չէ, որ լսել եմ` պաշտոն կստանան [կամ ստացել են] նրանք, ովքեր իմ կողքին պայքարել են: 90-ականների սկզբին նման բան արդեն եղել է` «պոպուտչիկներից» ազատվել են շատ արագ: Դրա արդյունքը հայտնի է: Բարեբախտաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը [հավանաբար, իր ոչ խորհրդային ծագման պատճառով] փորձում է դուրս գալ բոլշևիկյան կաղապարներից: Կապանում խիստ ընդդիմադիր հոծ զանգվածի առաջ Րաֆֆին քաջալերեց ոմն Մագդայի, որը սեփական նախաձեռնությամբ կամ Լիցկայի դրդմամբ բարձրացավ հարթակ և սկսեց պաշտպանել «քրեածին» մարզպետին: Եվ դա ճիշտ է` Մագդան նույնպես ժողովրդի ներկայացուցիչ է:
Առավոտ
«Ինձ հարցնում են` ինչպես եմ ես վերաբերվում ուսանողների մի խմբի` դասադուլ անելու մտադրությանը, ես դարձյալ կփորձեմ ձևակերպել իմ վերաբերմունքը: Եթե 10, 100 կամ 1000 ուսանողներ ցանկանում են մասնակցել քաղաքական կամ քաղաքացիական պրոցեսին, դա նորմալ է, դա նունիսկ խրախուսելի է: Նրանք դժգոհ են ընտրությունների` պաշտոնապես հայտարարված արդյունքներից, ուսման որակից, դասախոսների կաշառակերություններից, ցածր մտավոր մակարդակից, նրանց հետամնացությունից, տգիտությունից` իրենց իրավունքն է բողոքել դրա դեմ, խաղաղ ցույցեր կազմակերպել օրենքով նախատեսված ցանկացած վայրում: Եթե նրանք ցանկանում են դա անել դասի ժամանակ, ապա դարձյալ խնդիր չպիտի լինի, մեզ մոտ կրեդիտային համակարգ է [կամ, համենայնդեպս, պիտի լինի], պարտադիր չէ` նստես դասերին, հանձնեցիր` կստանաս, չհանձնեցիր` հաջողություն: Այն ռեկտորներն ու դեկանները, որոնք դեմ գնալով օրենքին ու բանականությանը` փորձում են երիտասարդների այդ գործունեությանը խոչընդոտել, ուսանողներին կողպել բուհերում և այլն` պատճառաբանելով, որ բուհերում քաղաքական գործունեությունը արգելված է, թող այդ խնդիրներով մտահոգվեն այն ժամանակ, երբ իրենց «վերևից» հրահանգում են իշխանության միջոցառումներին «գլխաքանակ» ապահովել, ինչը նրանք իրականացնում են «փողկապավոր» ՀՀԿ-ական «կոմսոմոլների»` այսպես կոչված, ուսխորհուրդների միջոցով:
Բայց եթե չի կարելի մարդկանց կամքի վրա բռնանալ` ստիպելով նրանց գնալ իշխանության միջոցառումներին, ապա չի կարելի բոլոր ուսանողների վզին փաթաթել նաև ընդդիմադիր գործունեությունը: Ենթադրենք, ուսանողների X խումբը ցանկանում է կազմակերպել հանրահավաք կամ երթ: Շատ լավ է` կանաչ ճանապարհ: Սակայն այդ խումբն իրավունք չունի շանտաժելու ուսանողների Y խմբին, որը ցանկանում է մասնակցել դասերին, թե` դուք, մնացողներդ, ծախված եք իշխանություններին, չեք ուզում պայքարել արդար Հայաստանի համար և կողմ եք ընտրությունները կեղծելուն: Բացի նրանից, որ նման շանտաժից բոլշևիզմի հոտ է գալիս, դա կարող է առաջացնել հակառակ ռեակցիան և լարել երիտասարդներին իրար դեմ: Ոչ ոք չի ապացուցել, որ այն ուսանողը, որը հանրահավաքի է գնում դասերից հետո, ավելի վատ քաղաքացի է, քան նրանք, ովքեր գնում են դասերի հաշվին: Կամ նա, ով բարձր է գոռում հանրահավաքի ժամանակ, ավելի հուժկու է պայքարում արդարության համար, քան նա, ով լուռ է կանգնած:
Մի խոսքով` մարդկանց պետք է տրվի հանգիստ ընտրելու իրավունք` առանց բարոյական ճնշում գործադրելու: Սովորաբար այդ ճնշումը բացատրվում է նրանով, որ «մենք պետք է պայքարենք միասնաբար». «ով հայ ժողովուրդ…» և այլն: Այդ ամենն, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց, որպես կանոն, «միասնավարը» առօրյա լեզվով նշանակում է` «իմ ուզածով»: Միասնական են միայն Սահմանադրությունն ու Օրենքը: Մնացածը կարող են տարբեր լինել:
Առավոտ
Մեզ մոտ իրավաբանների պակաս, կարծես թե, չկա: Այդ մասնագիտության մարդիկ կան նաև Ազգային Ժողովում: Իրավաբան է հանրապետական Հովհաննես Սահակյանը, որն, ըստ էության, ասում է, թե իշխանությունները մեծ լավություն են անում խաղաղ ցուցարարներին` բիրտ [կամ կոշտ] ուժ նրանց դեմ չկիրառելով: Իրավաբան է նաև Զարուհի Փոստանջյանը, որը շնորհավորում է բոլորիս Րաֆֆի Հովհաննիսյանի` ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ` ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա: Իսկ ես մտածում եմ, որ երկու կողմերն էլ կշահեին, եթե ունենային Վլադիմիր Նազարյանի [Ռուբենիչի] մակարդակի պետական իրավունքի մասնագետ, որը ոչ միայն կբացատրեր սահմանադրական նորմերը, այլև գուցե կհուշեր, թե ինչպիսի ելքեր են հնարավոր ստեղծված իրավիճակից:
Բնականաբար, իմ դատողություններն այս խնդիրների շուրջը կլինեն սիրողական: Բայց ինձ նախ թվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իմանալավ մեր իշխանության «հակումները»` պետք է ունենար 1988 վստահելի վստահված անձ բոլոր տեղամասերում, և այդ վստահված անձինք հնարավորություն կունենային ոչ միայն հետևելու ընտրությունների ընթացքին, այլև վերահաշվարկ պահանջելու, ու նույնիսկ մերժում ստանալու դեպքում կուժեղացնեին իրենց թեկնածուի իրավական դիրքերը: Նույն նպատակներով ՀԱԿ-ը և Դաշնակցությունը նույնպես պետք է բոլոր տեղամասերում ունենային հանձնաժողովի վստահելի անդամներ: Հիմա կարծես թե իրավական որոշակի գործընթացներից ընդդիմությունը ուշացել է: Երկրորդ` համաձայն եմ նրանց հետ, ովքեր պնդում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դիմի Սահմանադրական դատարան և ներկայացնի ընտրակեղծիքների բոլոր հավաքած փաստերը: Ի դեպ, դրանք, իմ տպավորությամբ, ավելի քիչ են, բան 2008-ին Տեր-Պետրոպանի` ՍԴ ներկայացրածները, և ըստ երևույթին պատահական չէ, որ դրանից առաջ` մարտի 1-ին, իշխանությունը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, և այն դատավարությունը տեղի էր ունենում արտակարգ իրավիճակի, այդ թվում` լրատվամիջոցների վրա դրված խիստ գրաքննության պայմաններում:
Երրորդ` որքան ես հասկանում եմ, Հայաստանը կիսանախագահական հանրապետություն է, և նախագահի լիազորությունները մեր երկրում բավականին սահմանափակ են: Այսինքն` եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, ապա նա կամ պետք է աշխատի հանրապետական մեծամասնության հետ, կամ, որը ավելի հավանական է` «Ժառանգական» դարձած «առնետների» հետ: Կամ էլ` ցրի խորհրդարանը: Հետևաբար, գուցե արժե՞ մտածել այդ ուղղությամբ:
Եթե Ռուբենիչը լիներ, գուցե ավելի հետաքրքիր բան առաջարկեր:
Առավոտ
Անկախ նրանից, թե ինչպես է ավարտվելու այս հերթական հետընտրական լարվածությունը, մի բան կարող եմ վստահաբար ասել` ես բոլոր դեպքերում շարունակելու եմ աշխատել որպես լրագրող: Կանխազգալով մեր արմատական ընթերցողների ցասումը` կարող եմ ավելացնել նաև` վերջին 5 տարում մեր բնագավառում աշխատելը շատ ավելի հեշտ է դարձել, քան անցյալում: Վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, եթե նախագահ դառնա, մեզ չի կաշկանդի: Այդ առումով ես միայն մի մարդուց եմ վտանգ զգում` գիտեք, թե ումից:
Եվ չնայած խոսքի ազատության հետ կապված որոշ խնդիրներ լուծվել են, մեկը դեռ կա, և հենց դրա մասին էլ ուզում եմ գրել: Կրիմինալ, կիսակրիմինալ, մայլի խուժան, գողականներ, թաղային հեղինակություններ` Հայաստանում մի խավ կա, որը կրում է տարբեր անուններ, բայց որի էությունը նույնն է: Այդ մարդկանց լուսանկարելը, տեսանկարելը այնքան էլ հեշտ չէ` նրանք նստած են իրենց տներում, իրենց թանկանոց ջիպերի ղեկին, ինչպես նաև իրենց նախընտրած քյաբաբնոցներում` «մի կտոր հաց ուտելու» նպատակով: Գուցե վերջին դեպքում, ասենք, սպիտակցի Հայկոյի երգերի ներքո այդ կերպարները որոշեն տեսագրել իրենց պարը, բայց այդ տեսագրությունը հանրության սեփականությունը չի դառնա:
Միակ պահը, երբ այդ «զանգվածը» դուրս է գալիս, այսպես ասած, հասարակական ասպարեզ, ընտրություններն են` նրանք հանձնաժողովների նախագահներ են, քարտուղարներ, անդամներ, լիազորված անձինք, «ժողովուրդ բերողներ» են, ընտրակաշառք բաժանողներ, շտաբի անդամներ և այլն: Հինգ տարին մեկ-երկու անգամ նրանք պետք է ծառայեն իշխանություններին, որից հետո կարող են քաշվել իրենց բները ու վայելել իրենց քյաբաբը: Եվ քանի որ մեր ընտրությունները պետք է որ թափանցիկ գործընթաց լինեն [եվրոպացիների պահանջն է], այդ օրը նրանց հնարավոր է նկարահանել: Հնարավո՞ր է: Պարզվում է, այդ հնարավորությունը զուտ տեսական է, որովհետև տեսախցիկը նրանց վրա ազդում է ճիշտ այնպես, ինչպես ցուլի վրա` կարմիր շորը: Թվում է, թե ինչ կա. եթե դու ազնվորեն ու բարեխղճորեն կատարում ես բո պարտականությունները կամ շարքային ընտրող ես, ինչո՞ւ ես կատաղում ու սկսում բղավել` «չփորձվես ինձ նկարել, թե չէ` հեսա էս կամերան գլխովդ կտամ»: Բայց ոչ` դու բարկանում ես, որովհետեւ մեղավոր ես: Այստեղից էլ լրատվամիջոցներին խոչընդոտելու բազմաթիվ դեպքեր, որտեղ ոստիկանները, բնականաբար, գողականների կողմից են: Դատախազությունն էլ, իհարկե, քննելով այդ գործերը` ոչ մի հանցադեպ «չի հայտնաբերում»:
Առաջարկում եմ «Ֆեյսբուքում» բացել «Մի նկարի, թե չէ` գլուխդ կջարդեմ» խումբ, որտեղ կզետեղվեն քյաբաբից ուռած բոլոր դեմքերը, որպեսզի մենք ամեն օր ունենանք այդ կերպարները դիտելու հաճույքը:
Առավոտ
1996-ից սկսած` նախագահական ընտրությունների արդյունքները Հայաստանում կեղծվել են: Այս վերջինը` նույնպես: Պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած բոլոր թեկնածուները [բացի 1998-ին Կարեն Դեմիրճյանից] հայտարարել են, որ ընտրություններով հաղթել են հենց իրենք` հավաքելով 60, 70 կամ 80 տոկոս` չնայած այդ պնդումները ստուգելու ոչ մի հնարավորություն չկա, որովհետև այն քվեաթերթիկները, որոնք հայտնվել են քվեատուփերում ընտրակաշառքների և կրկնակի քվեարկությունների արդյունքում, չեն արտացոլում իրական պատկերը: 1996-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմնակիցները վանկարկում էին` «Վազգեն, նախագահ», 2003-ին` «Դեմիրճյան», 2008-ին` «Լևոն, նախագահ», հիմա` «Րաֆֆի, նախագահ»: Առաջին երեք դեպքերում պաշտոնապես երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուների` Վազգեն Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները կազմակերպել էին բազմամարդ հանրահավաքներ, սակայն իրենց վերջնական նպատակին չէին հասել` իշխանափոխություն տեղի չէր ունեցել:
Այժմ չորրորդ փորձն իրականացնում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որն ընտրել է իր ոճը և իր մարտավարությունը: Նրանք, ովքեր նախորդ անգամները փորձել են ու հաջողության չեն հասել, կարող են, իհարկե, գնահատականներ և խորհուրդներ տալ, բայց չեն կարող, ինձ թվում է, ծաղրել և նսեմացնել այն մեթոդները, որոնք ընտրել է այս քաղաքական գործիչը: Եթե, ենթադրենբ, Ազգային ժողովի ցանկապատը և խորհրդարանի ղեկավարների գլուխները ջարդելը չի հանգեցրել ժողովրդավարության և օրինականության հաստատմանը, ապա Վազգեն Մանուկյանը կամ Արշակ Սադոյանը, ըստ երևույթին, չպիտի Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տան նույնպես ինչ-որ բան ջարղել:
Այո, ընդդիմության ներկայիս առաջնորդը բոլորովին այլ մշակույթի կրող է, նա հարգանքով է խոսում գործող նախագահի մասին, նա ներողություն է խնդրում ոստիկանից, որի հետ վեճի էր բռնվել, նա հանդիպում է նախագահի հետ և հարցնում է վերջինիս կնոջ որպիսությունը: Անձամբ ինձ այդ` Հայաստանի համար ոչ ստանդարտ ոճը դուր է գալիս, այն ինձ թվում է ավելի պետականամետ և քաղաքակիրթ: Եթե չի ապացուցվել, որ ջարդել-փշրելը, հայհոյելը, պիտակավորելը, ամեն թփի տակ «դավաճաններ» և «ծախվածներ» ման գալը ավելի արդյունավետ է «սահմանադրական կարգը հաստատելու» տեսանկյունից, ուրեմն նախագահի ընդդիմադիր թեկնածուից դա պահանջելը այնքան էլ տրամաբանական չէ:
Իհարկե, տարբերվում է նաև գործող նախագահի վարքը: Նա չի տառապում Ֆրեյդիստական բարդույթներով, որոնք կստիպեին իրեն ամեն մի առիթով ցուցադրել սեփական ուժը, նա չունի այնպիսի պաշտպանության նախարար, որը որոշում է պետության և ընտրությունների ճակատագիրը: Թե ինչպես է հանգուցալուծվելու հետընտրական այս լարվածությունը` ես չգիտեմ, ու դա, ճիշտն ասած, ինձ համար ամենակարևոր հարցը չէ: Շատ ավելի էական է, որ այս պահին շանս կա, որ այդ հանգուցալուծումը կլինի առանց բռնությունների, ռեպրեսիաների և հասարակության երկփեղկվածության:
Առավոտ
Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանն իմ նախընտրած թեկնածուն չէ, ես մեծագույն հարգանքով ու համակրանքով եմ վերաբերվում այդ բարի, ազնիվ, հայրենասեր անձնավորությանը, ուրախ եմ նրա հաջողության համար, հպարտ եմ զգում, որ Ազատության հրապարակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք ցանկանում են փոխել մեր կյանքը: Կարծում եմ նաև, որ միանգամայն ճիշտ են վարվել Կարապետ Ռուբինյանն ու Նիկոլ Փաշինյանը, որոնք, հաղթահարելով «միջկուսակցական խնդիրները», աջակցություն են հայտնել «Ժառանգության» առաջնորդին:
Այդքան լավ բաներ ասելուց հետո հիմա պիտի ասեմ նաև բացասականը: Որպես մարդ, որն իր ողջ կյանքը գործ ունի տեքստերի հետ և առնվազն 18 տարի զբաղված է դրանց խմբագրմամբ, պիտի արձանագրեմ` Րաֆֆիի տեքստերը, ելույթները և մասնավորապես երեկվա ելույթը հանրահավաքում չուներ կուռ տրամաբանական կառուցվածք, պարզ չէր` որտեղից է այն սկսվում և ինչի է հանգեցնում: Առանձին հատվածներ, իհարկե, շատ էմոցիոնալ էին և, ըստ էության, ճիշտ, գուցե հավաքվածներին դրանք հզոր դրական լիցք էին հաղորդում: Բայց դրանք, իմ տեսանկյունից, «նպատակասլաց» չէին: Որովհետև բացի լավ, արդար, բարեկեցիկ, ժողովրդավարական պետություն ունենալու` բոլորիս կողմից ընդունելի գաղափարից, մենք` քաղաքացիներս, պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչպիսի ճանապարհ է դրա համար առաջարկում տվյալ քաղաքական գործիչը: Եվ ահա, եթե բոլոր ճիշտ դարձվածքները մի կողմ դնենք, «չոր մնացորդում» կմնա, ինձ թվում է, հետևյալը. պարոն Հովհաննիսյանն առաջարկում է, որ գործող նախագահը գա Ազատության հրապարակ, հրաժարվի իր պաշտոնից և նախագահ հռչակի իրեն` Րաֆֆիին [ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա]: Եկեք զուտ տեսականորեն ենթադրենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնում է և հենց այդպես էլ անում է. դա երկուսի կողմից էլ կլինի անպատասխանատվության, կամայականության և ապօրինության գագաթնակետը: Բայց չէ՞ որ մենք բոլորս ցանկանում ենք սահմանադրական նորմերի հաստատում: Բացի այդ, հարյուր հազարավոր մարդկանց ձայնը ստացած երկու գործիչների նման վարքը պարզապես ծաղրի առարկա կդառնա աշխարհում:
Այնպես որ` պայքարն, անշուշտ, ազնիվ է, բայց նպատակները պետք է ավելի հստակ ձևակերպվեն: Ընդդիմադիրները կարող են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք կարող են պահանջել վերահաշվարկ, և եթե այն հսկայական խեղումներ արձանագրի, ԿԸՀ-ն կարող է համապատասխան որոշում ընդունել: Վերջապես` հետագայում, հավանաբար, խնդիր կառաջանա դիմելու Սահմանադրական դատարան, որը կարող է չեղյալ հայտարարել ԿԸՀ-ի` ընդդիմության համար ոչ ցանկալի որոշումը: Հավանաբար, կան նաև այլ լուծումներ: Բայց ակնհայտ է, որ հենց այնպես գալ և իրար «թագ փոխանցել»` դա կլինի պարզապես անհարգալից վերաբերմունք օրենքի և, ի վերջո, նույն քաղաքացիների նկատմամբ:
Առավոտ
Խոսքը, բնականաբար, ոչ թե Ֆրանսիայի նախկին նախագահի, այլ Հայաստանի մարզի մասին է։ Անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ մարդիկ այնտեղ քվեարկել են իշխանությունների դեմ և, որպես կանոն, այդ վերաբերմունքն իր արտացոլումն էր գտնում պաշտոնապես հայտարարված թվերում:
Պատճառները, համենայնդեպես, Գյումրիի դեպքում քիչ թե շատ պարզ են. խորհրդային շրջանում հզոր արդյունաբերություն ունեցող քաղաքը համակարգի փլուզման և երկրաշարճի հետևանքով վերածվեց գործազուրկների և անօթևանների քաղաքի, բայց նույնիսկ այդ դեպքում ոչ մի արդարացում չկա ոչ քաղաքային, ոչ էլ կենտրոնական իշխանությունների համար, որոնք երկու տասնամյակ մարդկանց պահում են «տնակային գետտո»-ում` դրան համապատասխան թշվառությամբ և կրիմինալով։
Իսկ բնակարանները կամ նույնիսկ թաղամասերը, որոնք կառուցվել են երկրաշարժից հետո, մեծ մասամբ անբարեկարգ են ու, բացի այդ, բաշխվում էին ծայր աստիճանի անարդար։ Դժգոհության կարևորագույն գործոն էր, ինձ թվում է, Վարդան Ղուկասյանի նման քաղաքապետ ունենալը, որը համատեղում էր կեղծ բարեպաշտությունը իր բարեկամների և հատկապես որդու ծայրահեղ սանձարձակության հետ։
Բացի այդ, Գյումրին ունի հեղափոխական բավականին հին ավանդույթներ (այստեղ սոցիալ-դեմոկրատական, մարքսիստական խմբակներ կային դեոևս 20-րդ դարի սկզբում), որոնք գալիս են բանվոր դասակարգի առկայությունից և գյումրեցիների ըմբոստ բնավորությունից։ Այդ բոլոր երևույթները գումարվելով՝ ստեղծում են ընդդիմադիր տրամադրություններ, որոնք արտահայտվում են թե քվեարկության, թե քվեները պահելու ունակության մեջ։
Ժամանակակից սուբյեկտիվ դրական գործոններից են, անշուշտ, հասարակական ազդեցիկ կառույցները՝ մասնավորապես «Շիրակ» կենտրոնը և «Ասպարեզ» ակումբը, որոնք իրենց աշխատանքով վայելում են վաստակած քաղաքացիների վաստակած հեղինակությունը։ Ահա թե ինչու են այս նախագահական ընտրություններում ու նախևաոաջ՝ Գյումրիում ստացվել այդպիսի արդյունքներ։
ՐաՖՖի Հովհաննիսյանի անձը կամ նրա իրականացրած քարոզչությունն այստեղ երկրորդական նշանակություն ունեն, եթե այլընտրանքային թեկնածուն լիներ էպոսագետը, նրանք ձայն կտային էպոսագետին։
Բայց այն լավ հատկությունները, որոնցով բնութագրվում են գյումրեցիները, կարելի է ասել նաև Հայաստանի մնացած մարզերի բնակիչների մասին։ Օրինակ՝ սյունեցիներն ունեն հպարտ բնավորություն, մարտական հրաշալի ավանդույթներ։ Ինչո՞ւ են, ուրեմն, նրանք, ընդհանուր առմամբ, մշտապես «իշխանամետ» քվեարկում կամ, եթե այդպես չեն քվեարկում, ինչո՞ւ չեն կարողանում պահել իրենց ձայները։ Վախենում են իրենց մարզպետի՞ց։ Իհարկե, դա էլ կա։ Բայց, կարծում եմ, կա նաև օբյեկտիվ իրողություն՝ սահմանին մոտ լինելը, որի հետևանքով անվտանգության խնդիրները ավելի են կարևորվում, քան սոցիալական հոգսերը։ Իսկ դա, իր հերթին, թելադրում է որոշակի պահպանողականություն։ Ուզում եմ ասել, որ պետք է, ինչպես ասում են, «ըմբռնումով մոտենալ» ցանկացած արդյունքներին, անկախ նրանից՝ դրանք մեզ դուր են գալիս, թե ոչ:
Առավոտ
Գիշերվա ժամը 2.ՕՕ-ին, երբ գրվում են այս տողերը, ես դեռ չգիտեմ, թե որոնք են ընտրությունների արդյունքները: Չկա նաև դրանց ընթացքի ամփոփ պատկերը: Մի քանի նախնական դիտողություն, այնուամենայնիվ, կարելի է անել:
1.Իշխանության տարբեր մարմիններն այս անգամ էլ չեն կարողացել խուսափել զանազան «ավանդական» օրինախախտումներից, չեն հրաժարվել «տեղական հեղինակությունների» կամ «մայլի տղերքի» ծառայություններից, ինչը, բնականաբար, ստվերել է ընտրությունների ընթացքը: Թե որքանով էին այդ խախտումները համակարգված և վերևից հրահանգավորված` ցույց կտան դատախազության և ոստիկանության գործողությունները` կոծկվելու դեպքում կասկածներն ավելանալու են:
2.Նախընտրական շրջանում իշխանությունը որևէ սահմանափակում չի դրել իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների [նախևառաջ, իհարկե, հեռուստաընկերությունների] առջև` ընդդիմադիր թեկնածուների քարոզարշավը լուսաբանելու համար` որոշակի քայլ կատարելով դեպի հավասար հնարավորություններ ապահովելու արևմտյան ստանդարտ: Իշխանությունը նաև չի զբաղվել ընդդիմության հասցեին հակաքարոզչությամբ, որի սանձարձակ դրսևորումներին մենք ականատես էինք նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ, մասնավորապես` 2008-ին:
3.Րաֆֆի Հովհաննիսյանը բացարձակապես թույլ թեկնածու չէ, նրա ներկայությունը միանգամայն բավարար էր` մրցակցային ընտրություններ ապահովելու համար, նրա անձը և կուսակցությունը մեծ ժողովրդականություն են վայելում ընտրողների շրջանում: Այնպես որ` նրանք, ովքեր իրենց համարում են, այսպես ասած, «ռեժիմի հակառակորդներ», իզուր էին (են) փորձում նրա քաղաքական կշիռը նսեմացնել` այս հարցերում մեծամտությունը, խանդը և առավել ևս նախանձը լավագույն խորհրդատուները չեն: Իրապես ընդդիմադիր մտածելակերպ ունեցող մարդիկ, որոնք այլ` չառաջադրված թեկնածուների ու քաղաքական կողմնակիցներ են, պետք է եթե ոչ աջակցեին, որոշակի չեզոքություն պահպանեին ու չքարկոծեին նրան:
4.Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը պետք է ավելի շուտ սկսեին կազմակերպչական [այդ թվում նաև «fundraising»-ի նյութական միջոցների ներգրավման] աշխատանքները, որպեսզի ամեն մեկը կամ գոնե երկուսը միասին ապահովեին իրենց վստահված անձանց ներկայությունը 1988 տեղամասերում: Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր և «այլընտրանքային» կուսակցությունները նույնպես, կարծում եմ, չպիտի ձեռները լվանային ընտրություններից և պիտի հետևեին քվեարկության արդարությանը: Թե` այդ խնդիրը երկրորդական պլան է մղվում, եթե «սեփական» թեկնածու չկա:
Նախագահական ընտրություններով կյանքը չի ավարտվում, և հույս կա, որ այդ դասերը մոտ ապագայում հաշվի կառնվեն:
Առավոտ
Նախագահի թեկնածուներից ամենահետաքրքիր, ամենահյութեղ ընտրարշավը անցկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեր քաղաքների և գյուղերի փողոցներում նրա հանդիպումները հասարակ մարդկանց հետ` ամեն մեկը մի համով պատմություն է, լրագրողական նյութ, որը պատկերացում է տալիս ոչ միայն այդ թեկնածուի շփվելու ոճի, մարդկային արժանիքների, այլև մեր ժողովրդի տրամադրությունների, մտածելակերպի մասին: Հենց այդ պատճառով է այդ թեկնածուն մեր թերթում և կայքում արժանացել ամենամեծ ուշադրության` դա, իհարկե, կարող եմ ասել աչքաչափով, քանի որ չեմ տիրապետում չափման մեթոդներին: Բայց դա չի նշանակում, որ մեր լրատվամիջոցը պաշտպանում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:
Նախ ասեմ, որ «Ժառանգության» առաջնորդը, շատ համակրելի անձնավորություն լինելով, իմ թեկնածուն չէ: Ես պատրաստվում եմ ձայնս տալ Հրանտ Բագրատյանին և կարող եմ բացատրել, թե ինչու: Ես դեմ եմ միայն կազմաքանդելուն, ինձ թվում է, կազմաքանդելու շատ ճիշտ մտադրությանը զուգահեռ` քաղաքական գործիչը կամ ուժը պետք է առաջարկի, թե ինչ է պատրաստվում դրա փոխարեն կառուցել: 90-ականներին նույնպես կային կազմաքանդողներ, արմատական հռետորաբանությամբ հանդես եկողներ` ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը, սակայն այսօր կարելի է արձանագրել, որ նրանք ոչ միայն չկազմաքանդեցին արատավոր համակարգը, այլև 98-ից հետո սկսեցին նպաստել, և որոշները առայսօր նպաստում են շատ ավելի վատ համակարգի ստեղծմանը, քան այն, որը կար 90-ական թվականներին: ՀԱԿ-ը, ի տարբերություն հիշյալ ուժերի, ուներ որոշակի ծրագրեր, նախևառաջ` տնտեսական: Այդ ծրագրերի հեղինակը Հրանտ Բագրատյանն էր, իսկ այս ընտրարշավում նա ներկայացրեց նաև քաղաքական բարեփոխումների և այլ ծրագրեր: Ես քվեարկելու եմ այդ ծրագրերին կողմ:
Բայց դա իմ` որպես քաղաքացու, անհատական դիրքորոշումն է: Ես շատ հեռու եմ ի պաշտպանություն որևէ թեկնածուի կոչեր անելուց: Ես չեմ հարցրել «Առավոտի» աշխատակիցներին, թե ինչպես են նրանք քվեարկելու երկուշաբթի օրը, որովհետև դա մեր մասնագիտական պարտականություններից դուրս է: Համոզված եմ, որ լրատվամիջոցը, խմբագրությունը` իր ամբողջականության մեջ, չպիտի դիրքորոշում հայտնի, թե պաշտպանում է այս կամ այն թեկնածուին, ընդհանրապես չպիտի հանդես գա որպես որևէ քաղաքական ուժի խոսափող: Հակառակ դեպքում այդ լրատվամիջոցի գրածները կամ ասածները դառնում են ոչ թե լրագրություն, այլ տաղտկալի սպիտակ և սև PR: Թերթերի և կայքերի մեծ մասը հենց դրանով էլ զբաղվում են և, ի դեպ, բացասական գնահատականների առյուծի բաժինը հասնում է ոչ թե գործող նախագահին, այլ մնացած թեկնածուներին:
Եթե որևէ մեկը «Առավոտում» տեսակետ է հայտնում, դա «Առավոտի» տեսակետը չէ: Իմ տեսակետն այս առումով բացառություն չէ:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.