23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մենք` հայերս, սիրում ենք քննարկել գլոբալ հարցեր` «սրա վերջն ի՞նչ է լինելու» շարքից: Այդ վերացական քննարկումներում պարտադիր պետք է լինեն «ռեժիմ» և «ժողովուրդ» հասկացությունները, որոնք, Աստված գիտե, թե ինչ են իրականում նշանակում: Ես, ցավոք, չեմ կարողանում բարձրանալ աբստրակցիայի այդ մակարդակի վրա և այդ պատճառով մտահոգված եմ կոնկրետ մարդկանցով և կոնկրետ խնդիրներով: Ես չեմ ուզում, որ դասախոսներին ազատեն աշխատանից` իրենց քաղաքական դիրքորոշումը հայտնելու համար: Ես չեմ ուզում, որ Սևանի քաղաքապետի մասին իր կարծիքը հայտնած կնոջը քարշ տան ոստիկանություն: Ես չեմ ուզում, որ իշխանական թիմում լինեն «ընտրությունների ժամանակ ձայներ բերող» տղերք կամ խմբեր, որովհետև հետագա 5 տարիների ընթացքում այն «տղերքն» ու խմբերը շատ թանկ են նստում պետության և հենց իշխանության վրա: Ես չեմ ուզում, որ Սերժ Սարզսյանի անուն-ազգանունը գրվի փոքրատառով, որովհետև նախ` դրա մեջ որևէ հերոսականություն չեմ տեսնում, դա այսօր միանգամայն անվտանգ զբաղմունք է, երկրորդ` դրանից ոչ երկրից գնացող մարդկանց թիվն է պակասում, ոչ էլ կոռուպցիան: Ես չեմ ուզում, որ Թոխմախի Մհերը կամ Շմայսը լինեն պատգամավորներ` զբաղեցնելով ավելի գրագետ և ավելի բանիմաց մարդկանց տեղը: Ես չեմ ուզում, որ Սուրիկ Խաչատրյանը լինի մարզպետ, որովհետև հենց նման մարդկանց պատճառով են դատարկվում մեր քաղաքներն ու գյուղերը: Ես չեմ ուզում, որ մի թեկնածուի կողմնակիցները մյուս թեկնածուի կողմնակիցներին համարեն թշնամի, սադրիչ, ծախված և այլն: Ես չեմ ուզում, որ հրապարակներում կազմվեն «պրոսկրիպցիոն» ցուցակներ` այն մարդկանց, ովքեր «ժողովրդի» հետ չէին և «ոեժիմի» դեմ չէին պայքարում: Ես չեմ ուզում, որ «ստվերային», իսկ այնուհետև` ընդդիմության հաղթանակի դեպքում «լուսավոր» կառավարության կազմի մեջ լինեն մարդիկ, որոնք առավել բարձր են գոռում հանրահավաքներում. դրա փորձը մենք մասամբ ունենք` 1988-ի Շարժումից հետո: Ես ուզում եմ, որ Տիգրան Առաքելյանը դուրս գա բանտից: Վերջապես, ես շատ եմ ուզում, որ մեր բոլոր քաղաքական գործիչները գոնե մի քիչ նման լինեն տիկին Անահիտ Բախշյանին: Այդ ամենին քաղաքականացված և վերացական մտածողության բարձունքները նվաճած իմ հայրենակիցները կպատասխանեն. «Ամեն ինչ լավ կլինի, երբ ժողովուրդը տապալի ռեժիմը»: Շատ հնարավոր է: Հրաշալի կլիներ, որ «ժողովրդի» և «ոեժիմի» այդ [հուսով եմ` խաղաղ] մրցամարտից հետո Հայաստանում բարեկեցիկ և երջանիկ կյանք սկսվեր: Բայց չեմ կարծում, որ այն կլինի կատարելապես երջանիկ, այնքան երջանիկ, որ դարձյալ պետք չլինի մտածել կոնկրետ մարդկանց և կոնկրետ երևույթների մասին:
Առավոտ
Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանին թույլ չեն տվել հանդիպելու Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, իսկ երիտասարդ դասախոս Արարատ Միրզոյանին, որը պահանջում էր ռեկտորի օգնականի հրաժարականը, թույլ չտվեցին դասախոսություններ կարդալ Երևանի պետական համալսարանում: Այդ դեպքերը հավասարազոր չեն, որովհետև Ֆրանսիական համալսարանը մասնավոր հաստատություն է, արտասահմանյան մենեջմենթով, և ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսի չափանիշներով են նրանք առաջնորդվել` չթողնելով շնորհալի դերասանի մուտքը բուհ: Մինչդեռ Երևանի պետական համալսարանը ապրում է, գոյատևում է մեր` հարկատուներիս հաշվին, և պետք է ամբողջությամբ հաշվետու լինի հասարակությանը: Բայց հենց այդ բուհը չափազանց կարծրացած է դոգմատիկ «հանրապետականության» մեջ` ավելի շատ, քան մնացած բուհերը: Ասենք, Մանկավարժական համալսարանում, որտեղ ես դասավանդում եմ, «ռեկտորի քաղաքական վրեժխնդրության» դեպքերի մասին ես վերջին տարիներին չեմ լսել: Պետական համալսարանում, այսպես ասած` «Մայր բուհում», որը, կարծես թե, պետք է օրինակ լինի բոլոր մնացած բուհերի համար, գերիշխում է կաղապարված, «քառակուսի» մտածողությունը: Համալսարանական պատմաբանները դասագիրք են գրում, որում «Մարտի 1-ի» հարցում դրսևորվում են ավելի իշխանամետ, քան ինքը` իշխանությունը: Եվ այստեղ խոսք չի կարող լինել «ակադեմիական ազատության» մասին, որովհետև խոսքը ոչ թե պարզապես գրքի, այլ դասագրքի մասին է: Հենց ԵՊՀ-ում են, չգիտես ինչու, կենտրոնացած մեծ քանակությամբ կրծքանշան ունեցող «կոմսոմոլ» կարիերիստները, այդ թվում` ռեկտորի վերոհիշյալ օգնականը, որոնք, բացի կեղծ «նժդեհական» բանաձևեր արտաբերելուց, ոչ մի այլ բանի ընդունակ չեն: Ասել, որ այդ բուհը ինչ-որ առանձնահատուկ դոգմատիկ ավանդույթներ ունի, արդար չէր լինի: Կոմունիստների ժամանակ, այդ շրջանին հատուկ խիստ բացասական դրսևորումներով հանդերձ, ԵՊՀ-ում հնարավորություններ կային ազատ ստեղծագործական դրսևորումների համար: Կարող եմ դրա մասին վստահաբար ասել, որովհետև այդ բուհում տասնամյակներ շարունակ փիլիսոփայություն են դասավանդել իմ ծնողները: Նրանք չէին հակադրվում այդ ժամանակվա համակարգին, բայց իրենց հայացքներով չափազանց ազատական էին և զուրկ էին որևէ կարծրատիպերից: (Կարծում եմ` նրանց ուսանողները դա կհաստատեն): Բայց նույն ԵՊՀ-ում դասավանդում էին նաև մարդիկ, որոնք հակադրվում էին կոմունիստական ռեժիմին և հետապնդվում էին վերջինիս կողմից, օրինակ` Էդմոն Ավետյանը և ՌաՖայել Պապայանը: Ինչո՞ւ է, ուրեմն, Մայր բուհն այդքան խեղճացել ու, կարելի է ասել, մանրացել: Շատերն այստեղ ինչ-որ անձնական բացատրություններ են փնտրում: Կարծում եմ` խնդիրն ավելի խորն է, համակարգային է և գալիս է ԵՊՀ-ի վերջին 20 տարվա պատմությունից: Բայց դա առանձին թեմա է:
Առավոտ
Իհարկե, այս պահին դժվար է ասել, թե ինչով է վերջանալու Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած քաղաքական (կամ քաղաքացիական) շարժումը: Անձամբ ես, ճիշտն ասած, այժմ չեմ տեսնում նախադրյալներ, որոնք կարող են ստիպել նախագահին հրաժարական տալ կամ Ազգային ժողովին` լուծարվել: Բայց դա չի նշանակում, որ մեր երկիրը չի փոխվել, և դա միայն այս նախագահական ընտրությունների արդյունքը չէ: Հայաստանը սկսել է փոխվել 2011 թվականի գարնանից, երբ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները, իսկ Ազատության հրապարակը բացվեց ընդդիմության հանրահավաքների համար: Փառք ու պատիվ ՀԱԿ-ին, ինչպես նաև այն ժամանակվա կոալիցիոն ուժերին` ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՕԵԿ-ին, որոնք կարողացան կազմակերպել իշխանության և ընդդիմության աոաջին երկխոսությունը, որը չնայած տապալվեց (հիմնականում իշխանության մեղքով), սակայն հիմա, երբ հասունանում է նոր երկխոսությունը, նախորդ փորձը անպայման հաշվի կառնվի: Իսկ որ նման երկխոսություն կլինի` հավանականությունը շատ մեծ է, որովհետև ակնհայտ է, որ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր չեն վիճակը հասցնել առճակատման: Բացի ամեն ինչից` նրանք իրար հետ հին հաշիվներ չունեն մաքրելու, ինչպես որ դա եղել է մի շարք այլ դեպքերում: Միայն թե ցանկալի կլիներ, որ այդ երկխոսությունը մի թեթև նախապատրաստվեր, այսպես ասած, «փորձագիտական մակարդակով», որից հետո միայն լուծումների տարբերակներն առաջարկվեին առաջին դեմքերին: Թե չէ` հերթական հանդիպումը, լինի այն նախագահի նստավայրում, թե Ազատության հրապարակում, չեմ կասկածում` կանցնի բարեկամական մթնոլորտում, սակայն արդյունք չի տա: Բայց ավելի կարևոր է այն, որ փոխվել է ինքը` Ազատության հրապարակը` այդ բառի լայն իմաստով: Այստեղ այլևս չեն իշխում «բետեեռ կանայք» և Կլարա Խաչիկովնան, այստեղ ճեմող պատանիներն իրենց չեն համարում «հեղափոխության խունվեյբիններ» և բարձրագույն ճշմարտության առաքյալներ, որոնց նպատակն է «շիկացած մետաղով» վերացնել ցանկացած այլախոհություն և բացահայտել բոլոր ծպտյալ «ծախվածներին» ու «դավաճաններին»: Այդ դրական փոփոխության հեղինակն, անշուշտ, Րաֆֆի Հովհաննիսյանն է` իր թիմով: Կարելի է նրանց կողմնակիցը չլինելով, նրանց հեղափոխական գաղափարները չկիսելով` հանգիստ քայլել Ազատության հրապարակով` հանդիպելով ջերմ, բարյացակամ վերաբերմունքի: Ինձ թվում է, որ դա, անկախ վերջնական արդյունքներից, հասարակությանը համախմբելու և ոչ թե պառակտելու մեթոդ է: Իսկ իշխանությունը պետք է հասկանա, որ այս անգամ դա զուտ ընդդիմադիր քաղաքական շարժում չէ, սա ավելի լուրջ և երկարատև գործող ուժ է, և իրավիճակը կարող է կայունանալ միայն արագ և կտրուկ փոփոխություններից հետո: Եվ խոսքը ոչ միայն և ոչ այնքան աշխատավարձերի ու թոշակների մասին է:
Առավոտ
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին գրում են թե լավը, թե վատը: Ընդ որում, որքան էլ հակասական թվա, երկու կողմերի փաստարկների մեջ էլ կա բանական հատիկ: Եվ այդ երկվությունը գալիս է նրանից, որ մենք մինչև վերջ չենք հասկանում այդ քաղաքական գործչի վարքի տրամաբանությունը:
Ամբողջ խնդիրն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղում է, զուգորդում է կրոնա-բարոյական և քաղաքական պայքարը: Կրոնը շատերիս` նաև իմ պատկերացմամբ, անձնական, անհատական, նվիրական գործ է, կրոնական զգացմունքները չարժե ի ցույց դնել հրապարակում: Եթե ես ճիշտ եմ ընթերցել Ավետարանը, ապա այնտեղ նույնպես գրված է, որ աղոթքը, պահքը կամ մոմավառությունը չպիտի լինեն ցուցադրական: Ի հակադրություն դրա` քաղաքական գործունեությունը չի կարող չկրել հրապարակային բնույթ, որովհետև քաղաքական գործիչն իր գաղափարներն ու ծրագրերը ձգտում է հասցնել հնարավորինս լայն զանգվածների: Երկու տարի առաջ` գարնանը, երբ Ազատության հրապարակը «պատկանում էր» Լևոն Տեր-Պետրոսյանին, վերջինս, որքան հասկանում եմ, մոտավորապես այդ փաստարկներով էր քննադատում Րաֆֆի Հովհաննիսյանին: Գուցե առաջին նախագահի խոսքերը չափից դուրս խիստ էին, գուցե դա հիմք չպիտի հանդիսանար այն պահին պարոն Հովհաննիսյանին չբարևելու համար, բայց հոգևորի և աշխարհիկի, ֆիզիկականի և մետաֆիզիկականի տարանջատումը, որն առաջարկում էր Տեր-Պետրոպանը, գոնե ինձ համար միանգամայն ընդունելի է: Իսկապես, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, որովհետև հիմա Մեծ պահքի շրջան է, և նա ուզում է ինքնամաքրվել, ինչպես որ ինքն է ասում, այդ դեպքում նման բաներով պետք է զբաղվել տանը` որևէ մեկին տեղյակ չպահելով սեփական ինքնազոհության մասին: Եթե, այնուամենայնիվ, նա հացադուլ է անում, որպեսզի ստիպի Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, իսկ չհաջողելու դեպքում պատրաստ է զոհվել, ինչպես որ նույնպես հայտարարում է, ուրեմն Մեծ պահքի և ինբնամաքրման մասին խոսելն անիմաստ է, անպատեհ:
Բայց պետք է հաշվի առնել, որ Սփյուռքում քաղաքականի և կրոնականի միջև չկա այն հստակ սահմանը, որը գոյություն ունի այստեղ մեր հոգեբանության մեջ: Սփյուռքում տասնամյակներ շարունակ եկեղեցին, ի պատիվ իրեն, հսկայական դերակատարություն է ունեցել հայապահպանման, տարբեր երկրների հայկական համայնքները կազմակերպելու և այս կամ այն չափով ղեկավարելու գործում: Այդ ամենի հետևանքով վերաբերմունքը կրոնի, եկեղեցու, նրա ինստիտուտների նկատմամբ տարբեր է այստեղ` Հայաստանում, և Սփյուռքում: Ինձ, օրինակ, ինչպես և հարյուր հազարավոր հայաստանցիների, բացարձակապես չի հետաքրքրում` կգա՞ Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահի երդմնակալությանը, թե՞ չի գա: Սեզ համար նա համակարգի մի մասն է`երդման արարողությանը նրա ներկայությունը կամ օրհնությունը նույն նշանակությունն ունի, ինչ որ ցանկացած հանրապետական պատգամավորի պարագայում: Րաֆֆի Հովհաննիսյանի վերաբերմունքն այլ է: Սա է, հավանաբար, տարբերությունը:
Առավոտ
Ես գիտեմ, որ իմ հարցի պատճառով ընդդիմադիրները և նրանց ընտրազանգվածի ներկայացուցիչները «վրա կտան», բայց իմ գործը հարցեր տալն է. ինչի՞ վրա է հիմնված Րաֆֆի Հովհաննիսյանի վստահությունը, որ հենց նա է ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ: Որ ընտրություններն անցել են խախտումներով, կեղծիքներով, այդ գործընթացին «ավանդաբար» հատուկ այլանդակություններով, որ տեղամասային թվերի տրամաբանական վերլուծությունը մեծ կասկածների տեղիք է տալիս, որ ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, ինչպես միշտ, արժանահավատ չեն թվում` այդ ամենը ճիշտ է, և դրա բազմաթիվ հաստատումները կան նաև մեր թերթում և կայքում: Որ իշխանությունը մատը մատին չի խփում` պատժելու ընտրահանցագործներին, նույնպես փաստ է: Բայց նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով` կարո՞ղ է արդյոք պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն իրեն հոչակել հանրապետության նախագահ, թե՞ «Վազգեն, նախագահ», «Ստեփան, նախագահ», «Լևոն, նախագահ» և «Րաֆֆի, նախագահ» կարգախոսները զուտ հոգեբանական նշանակություն ունեն: Պարզ է, որ հասարակ մարդիկ կբերեն հետևյալ փաստարկը` «բա դու չգիտե՞ս, որ սաղ ժողովուրդը Րաֆֆիին է ընտրել, ինչքան հարևան-բարեկամ ունեմ` Րաֆֆիին է ձայն տվել»: Շարքային քաղաքացիներից ավելի լուրջ փաստարկներ չեն էլ պահանջվում: Բայց քաղաքական գործիչներից սպասելի են ավելի խորը հիմնավորումներ: Ընդ որում, անձամբ ես այնքան եմ մարդկայնորեն համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ եթե նա կամ «Ժառանգության» հայտնի գործիչները ինձ ցույց տան մի փաստաթուղթ, որից անմիջապես հետևում է, որ Րաֆֆին ստացել է ընտրողների, ասենք, 65, 81 կամ 100 տոկոսի ձայները, ես չեմ էլ ստուգելու այդ թուղթը, պարզապես կհավատամ նրանց:
Բայց քանի որ նման թուղթ չկա, գուցե կարելի է ասել` ոչ թե «ես ընտրվել եմ», «ես ազգընտիր եմ» («Ազգո»` ինչպես ասում էին Ստեփան Դեմիրճյանի ժամանակ), այլ` «ընտրություններն անցել են այնպես, որ դրանց պաշտոնական արդյունքները չեն կարող արժանահավատ համարվել»: Դա նաև ընդդիմությանը որոշակի մանևրի տեղ կտա: Հակառակ դեպքում ընդդիմության առաջնորդն ինքն իրեն դնում է փակուղային իրավիճակի մեջ` ես ընտրվել եմ, բերեք իմ գահը: Կամ` վերջին տարբերակով` ես նախագահ եմ ընտրվել, իսկ հիմա կզոհվեմ, խարակիրի կանեմ` դա ապացուցելու համար: Վստահ չեմ, որ դա քաղաքական օրակարգ է:
Ինքնին հացադուլը գուցեև ուշադրություն գրավելու և պայքարելու միջոց է [չնայած մոտ 10 օր առաջ նույն Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Ազատության հրապարակում այլևս ոչ մի տառապանք, ոչ մի հացադուլ չի լինի): Բայց նախ` պետք չէ խոսել զոհերի, դիակների մասին: Երկրորդ` այդ անհատական ինքնագոհության քայլը պետք է զուգակցել քաղաքական քայլերի հետ: Օրինակ՝ ինչպես որ դա առաջարկում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, կոչով դիմել Աժ-ում` իրենց ընդդիմադիր համարող պատգամավորներին` վայր դնել մանդատները: Հետաքրքիր է, ո՞վ է այդ կոչին անսալու: …Համենայնդեպս, հիշեցնեմ նաև, որ Մահաթմա Գանդին ոչ նախագահ էր, ոչ էլ նախագահի թեկնածու, և նա հացադուլով ոչ մեկի հրաժարականը չէր պահանջում: Նրա հացադուլները զուտ բարոյական քայլեր էին և ուղղված էին իր երկրում ազգամիջյան բախումները կանխելուն:
Առավոտ
Երբ ինչ-որ մի տեքստ եմ գրում [թեկուզ նույնիսկ FB-ում], և մտքիս գալիս է ինչ-որ թունդ բառ, որով պիտի բնութագրեմ այս կամ այն անձնավորությանը, ես մի պահ կանգ եմ առնում և այդ բառը փոխարինում եմ դրա ավելի թույլ հոմանիշով: Դրանից հետո, երբ ես կրկին վերընթերցում եմ այդ տեքստը՝ թողարկելուց կամ ուղարկելուց առաջ, ես կրկին անդրադառնում եմ նման բառերին և հնարավորության դեպքում դարձյալ մեղմացնում եմ դրանք: Որովհետև իմ նպատակը որևէ մեկին «կպցնելը», «քսելը», «բարոյապես ոչնչացնելը» չէ, դա ինձ հաճույէ չի պատճառում, դրանով ես չեմ ինքնահաստատվում: Ոչ էլ ցանկանում եմ ինչ-որ մի «դրոշ պարզել» կամ ստիպել մարդկանց կիսել իմ տեսակետները: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը, ինչ են մտածում մեզ շրջապատող մարդիկ, և առաջարկել բոլորին` ինձ հետ միասին խորհել այդ ամենի մասին: Իհարկե, ես ինքս շատ հեռու եմ իմ երազած հավասարակշռությունից ու երբեմն զայրանում եմ, երբ ոչ ադեկվատ մարդիկ փորձում են իմ վզին փաթաթել իրենց ճշմարտությունը, բայց այդ «փրփրելու» պահը շատ կարճ է տևում, և շատ արագ գալիս է գիտակցությունը, որ չի կարելի «ինքնաթունավորվել» բացասական էմոցիաներով, չի կարելի բացարձակացնել սեփական նեղվածությունը: Իհարկե, զուսպ և բարեկիրթ լինելը քաղաքական կատեգորիա չէ, և շատ հնարավոր է, որ քաղաքական պայքարը ենթադրում է իրար «բարոյապես ոչնչացնելը»: Բայց ո՞վ ասաց, որ բոլորը պետք է մասնակցեն այդ պայքարին և իրենց լուման ներդնեն՝ իրար «անարգանքի սյունին գամելու» ազգափրկիչ գործին:
Հարց է առաջանում` ի՞նչ կապ ունի այս ամենը մարտի 8-ի հետ: Ամենաանմիջական: Այն բառերը, որոնք մեր մտքին են գալիս ինչ-որ մեկին «կպցնելու» համար, պետք է երկու անգամ «մեղմանան» ցանկացած դեպքում: Բայց դրանք պետք է չորս անգամ մեղմանան, երբ խոսքը կանանց մասին է: Մոտ 20 տարի ես հանդես եմ գալիս նման կոչով, և 20 տարի քաղաքականացված մարդիկ, հատկապես, որքան էլ տարօրինակ լինի, կանայք, ի պատասխան այդ կոչի` պնդում են, որ այն կանայք, որոնց իրենք հայհոյում են և անձնապես վիրավորում են, իրավունք չունեն կին կոչվելու: Այսինքն` կանայք [կամ տղամարդիկ] իրենց վրա վերցնում են դատավորի դերը և կարծում են, որ կարող են որոշել, թե ով կարող է կին կոչվել, իսկ ով` ոչ:Երբեմն նաև բերվում է «սեռերի իրավահավասարության» մասին թեզը` իբր, եթե կարելի է հայհոյել տղամարդկանց, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել կանանց հանդեպ: Բայց այդ թեզը կեղծ է, այն չի դիմանում ոչ մի քննադատության: Դա ճիշտ կլիներ, եթե մենք` տղամարդիկ, կանանց հետ հավասար հիմունքներով շարունակեինք մարդկային ցեղը, եթե մենք ցավեր կրեինք և տանջվեինք դրա համար: Բայց, համաձայնեք, մեր «տանջանքը» այս հարցերում շատ ավելի թեթև է: Մի խոսքով` ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Եթե ավելի պարզ ձևակերպենք, կանանց չի կարելի վիրավորել, որովհետև մեզ բոլորիս Կին և Մայր է լույս աշխարհ բերել:
Առավոտ
Նախագահական ընտրությունների հետ կապված հետընտրական պրոցեսները դանդաղ, բայց անկասելիորեն վերածվում են Երևանի ավագանու նախընտրական պրոցեսների: Դա բնական է` ցանկացած նորմալ երկրում գրեթե անընդհատ պետք է տեղի ունենան ընտրությունների և հանրաքվեների հետ կապված գործընթացներ: Մասնավորապես, տարբեր համայնքներում շարունակվելու են ՏԻՄ ընտրությունները, որոնց նշանակությունը պետք չէ թերագնահատել, քանի որ համապետական ընտրություններում կեղծիքներն իրականացվում են հիմնականում հենց գյուղապետարանների, քաղաքապետարանների, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների աշխատակիցների ջաներով: Ի դեպ, միանգամայն իրատեսական է, որ մենք մոտակա 1-2 տարում կունենանք նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, եթե, իհարկե, ընդդիմադիր ուժերը դրսևորեն մտքի որոշակի ճկունություն:
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանդես է եկել Երևանի ավագանու ընտրություններում 4 կուսակցությունների` ՀԱԿ-ի (որն, ըստ երևույթին, կհասցնի դառնալ կուսակցություն), ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության»` ընտրություններում միասնաբար հանդես գալու միանգամայն կառուցողական առաջարկով: Այս առումով իրավիճակն իսկապես նպաստավոր է մի քանի պատճառներով: 1/ Երևանի ընտրական բոլոր տեղամասերում այդ կուսակցությունները կարող են նշանակել հանձնաժողովների հուսալի անդամների և վստահված անձանց` չկա հեռավոր գյուղեր հասնելու և այնտեղ վերահսկելու խնդիրը: 2/ Չորս կուսակցություններից երկուսը, ըստ էության, ունեն հեռուստաընկերություններ, որոնց առջև իշխանությունը, որքան հասկանում եմ, լուրջ սահմանափակումներ չի դնում: Մնացած հեռուստաընկերությունները, մասնավորապես` Հանրայինը, ընդդիմության դեմ հակաքարոզչություն չեն իրականացնում, ինչպես որ դա եղել է 2008 թվականին: 3/ Հավաքների և ընդհանրապես ընդդիմադիր գործունեության ազատության առումով Հայաստանի այսօրվա վիճակը անհամեմատելի է նախորդ ընտրական ցիկլերի հետ: Գիտեմ, որ հարգարժան ընդդիմադիրներն այս հարցում ինձ հետ համաձայն չեն լինի, բայց պարզապես արձանագրեմ, որ այս ընթացքում ես չեմ հանդիպել հաղորդագրություններ այն մասին, որ ընդդիմադիր հանրահավաքների մասնակիցներին տանում են ոստիկանություն «զրույցի» կամ ենթարկում են վարչական կալանքի, ինչը որ չափազանց տարածված էր 2003-2004 թվականներին: 4/ Համացանցը, կայքերը, սոցիալական ցանցերը դարձել են բարոզչության գործուն միջոց և որևէ ձևով չեն վերահսկվում իշխանության կողմից, իսկ Երևանում դրանք միանգամայն մատչելի են: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է արձանագրել, որ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի գաղափարը միանգամայն իրագործելի է` նաև այն պատճառով, որ խոսքն այստեղ մայրաքաղաքը ղեկավարելու մասին է, և կուսակցությունների միջև զուտ գաղափարական տարաձայնությունները նահանջում են երկրորդ պլան: Եթե գաղափարը չիրագործվի, ապա մեղավորը հաստատ իշխանությունը չի լինելու:
Առավոտ
Երբ միևնույն տեքստում` գրավոր թե բանավոր, չափից դուրս հաճախ է կրկնվում «Ժողովուրդ» բառը, դա, ինձ թվում է` լավ նշան չէ: Սկսած «էս ժողովրդի վիճակը» դարձվածքով էմոցիոնալ բացականչությունից, վերջացրած «ամբողջ ժողովուրդը այս հրապարակում է», «ժողովուրդը դատապարտում է», «ժողովուրդը ողջունում է», «ժողովուրդն այլևս չի խաբվի» և այլն: Եթե խոսքն ամբողջ հայ ժողովրդի, հայկական էթնոսի մասին է, այն 10 միլիոն մարդկանց մասին, որոնք այսպես թե այնպես իրենց նույնականացնում են այդ էթնոսի հետ, ապա նրանցից մոտ 2/3-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն: Մի մասն էլ քաղաքացիներ են, բայց իրենց բախտը փորձում են մեր երկրից դուրս` հայրենիքի նկատմամբ սիրո կամ դառնության զգացմունքների այս կամ այն փոխհարաբերությամբ: Թե ինչ է այն 10 միլիոն մարդը մտածում Հայաստանի այս կամ քաղաքական գործչի կամ ուժի մասին` անհնարին է ասել: Բնական է ենթադրել, որ մեծ մասը ոչ մի բան չի մտածում, անգամ նրանց անունները չգիտի: Ավելին մենք այս 20 տարում վատ ենք աշխատել այդ 2/3-ի հետ ու չենք էլ հասկանում, թե ինչ են այդ մարդիկ իրականում ուզում:
Ըստ երևույթին, խոսքը ՀՀ քաղաքացիների կամ ընտրողների մասին է: Ի դեպ, մենք ունենք մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, որոնք, ապրելով արտերկրում, զրկված են ընտրելու իրավունքից, և այդ ակնհայտ խտրականությունը մեր օրենսդրության ճչացող թերություններից մեկն է: Սակայն Հայաստանում ապրող քաղաքացիների, ընտրողների նկատմամբ էլ վերաբերմունքը պետք է լինի հարգալից ու անհատական: Երբ մարդիկ, էմոցիոնալ բարձր աստիճանի տակ, հայտարարում են, որ «ամբողջ հայ ժողովուրդը ընտրել է Րաֆֆիին», դա, ինձ թվում է, ոչ կոռեկտ ընդհանրացում է, որովհետև մեկը ես, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, ընտրել եմ Բագրատյանին: Արդյոք ես դրանով զրկվո՞ւմ եմ ժողովրդի մասնիկ լինելուց:
Բազմիցս կրկնվող «ժողովրդի պայքար» արտահայտությունը նույնպես հարաբերական կատեգորիա է: Վերջերս կարդացի, որ եթե ընդունելի է համարվում պայքարի միայն մեկ ձև, ապա նման պայքարը դատապարտված է: Միանգամայն սթափ դատողություն է: Խոսքը, բնականաբար, նաև ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին է: «Ժողովուրդ» բառը կուսակցական տոմս չի, վկայական չի, որը դրված է առանձին անհատների գրպանում, և այդ անհատներն իրենց իրավունք են վերապահում մտածելու, թե իրենք «ժողովրդի կողքին են», «ժողովրդի հետ են», իսկ նրանք, ովքեր այդ վկայականը չունեն, ժողովրդի կողքին չեն: Շանտաժի այդ ձևը ավելի հաճախ էր կիրառվում 2008-ի շարժման կողմից: Հիմա, բարեբախտաբար, դրա շատ թեթև «ռեցիդիվներն» են: Օրինակ` դասադո՞ւլ եք անում` շատ լավ է: Այդ ընթացքում քայլում եք փողոցներով, կոչ եք անում միանա՞լ ձեզ [այսինքն` դարձյալ, հավանաբար, «ժողովրդին»]` հրաշալի է: Կանգնել բուհերի դռների մոտ, պախարակել նրանց, ովքեր դասադուլ չեն ուզում անել` դա արդեն չեղավ: Ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանց կարծիքը նույնքան պաշտպանված է, որքան ձերը: Ընդդիմության այսօրվա առաջնորդի անվիճելի առավելությունը հենց այն է, որ նա անկեղծորեն այդպես է մտածում:
Առավոտ
Իշխանությունն ու ընդդիմությունը` իրենց համախոհներով հանդերձ, ընտրությունների արդյունքները մեկնաբանում են` ելնելով իրենց քարոզչական նպատակներից: Ընդդիմությունը կենտրոնանում է բազմաթիվ և բազմապիսի այլանդակությունների վրա, որոնք, անշուշտ, տեղի են ունեցել այս ընտրությունների ժամանակ` չնայած նույն ընդդիմությունը բավարար ջանքեր չի գործադրել այդ անօրինություններին իրավաբանական ձևակերպումներ տալու համար: Իսկ իշխանությունն էլ ասում է` դե, սոցիալական խնդիրները շատ են, դժգոհները` նույնպես, հենց այդպես էլ պետք է լիներ: Ընդ որում, երկու կողմերն էլ երբեմն «մարտի են նետում» իրենց անփորձ ներկայացուցիչներին, ինչի արդյունքում տեղի են ունենում որոշ թյուրիմացություններ: Բայց ներկա իրավիճակի լուրջ, խորքային վերլուծություն, այնուամենայնիվ, չկա, քանի որ այն, ինչ մեզանում կոչվում է «քաղաքագիտություն» կամ «սոցիոլոգիա», իրականում «կցված է» այս կամ այն քաղաքական ուժին: Ի դեպ, ինչպես և լրագրության մեծ մասը:
Ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, երևի կան մասնագետներ, որոնք ոչ մեկին, կներեք արտահայտությանս, «բալետ չեն անում»: Նրանց բանական, էմոցիաներից [սիրուց և ատելությունից ] զուրկ բացատրությունները ինձ, օրինակ, հետաքրքիր կլիներ լսել: Եվ ամենակարևոր հարցը, որն ինձ հետաքրքրում է` արդյոք խնդիրը միայն սոցիալակա՞ն է` սոցիալական նեղ իմաստով, մարդկանց եկամուտների, կենսամակարդակի հետ կապված: Վերցնենք, օրինակ, Քաջարան քաղաքը: Գործազրկության մակարդակն այնտեղ բարձր չէ` մարդիկ աշխատում են կոմբինատում, ստանում են աշխատավարձ, որի մասին Երևանում էլ շատերը կերազեին: Ինչի՞ց են, ուրեմն, մարդիկ դժգոհ: Ահա այստեղ է պետք հասարակագիտական սթափ վերլուծություն և ոչ թե անեծքների կամ գովասանքների տարափ: Ես կարող եմ դատել միայն «աչքաչափով»` առանց գիտական ընդհանրացումների: Իմ տպավորությամբ` մարդիկ այլևս չեն հանդուրժում և այսուհետ ավելի քիչ են հանդուրժելու, երբ ոտնահարվում է իրենց արժանապատվությունը: Երբ, ենթադրենք, նույն Սյունիքի մարզպետը տարիներ, կարելի է ասել` տասնամյակներ շարունակ իրեն ամբարտավան է պահում, իրեն թույլ է տալիս մարդկանց վախեցնել, ստորացնել, արհամարհել, քաղաքացիների մեջ զայրույթ է կուտակվում, որն իր լավագույն, զուսպ, քաղաքակիրթ արտահայտությունն է ստանում քվեատուփերի մոտ: Երբ նման պաշտոնյաներին տասնամյակներ շարունակ աշխատանքից չեն հանում, այդ զայրույթը, բնականաբար, տարածվում է նաև նրանց վրա, ովքեր տվյալ անձնավորությանը պահում են իր պաշտոնում: Կոնկրետ մի դեպք մեր պրակտիկայից: Բագրատյանի հանրահսսվաքին մասնակցած մի սիսիանցի «Առավոտի» խցիկի առաջ «իր սրտի խոսքն» ասաց նույն մարզպետի հասցեին: Հաջորդ օրն այդ քաղաքացուն ստիպել են «պաշտոնական ալիքով» ներողություն խնդրել «լեզվի սայթաքման» համար ու հայտարարել, թե լրագրողն իրեն խմեցրել է: Դուք կարծում եք` այդ մարդու, նրա ընտանիքի, նրա ընկերների համար նման ստորացումը հե՞շտ է տանել:
Խնդիրը, հետևաբար, միայն սոցիալական չէ: Հուսով եմ` իմ այս համեստ դիտարկումը մասնագետները կհաստատեն, իսկ իշխանավորները հաշվի կառնեն:
Առավոտ
Իմ տատը մինչև 1918 թվականը ուսանել է Շուշիի գիմնազիայում և պատանեկան այն տարիներին այնքան լավ է սովորել ֆրանսերեն, որ մինչև կյանքի վերջը կարողանում էր բացատրվել այդ լեզվով: Իմ պապը մոտավորապես նույն ժամանակահատվածում սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում, ու այդ կրթությունը լիովին բավարար էր, որ նա երկար ժամանակ հաշվապահ աշխատեր: Իմ հայրական պապը, թեև ծնվել է Նուխիում, բայց նրա նախնիները` Տեր-Աբրահամյանները, Արցախում հոգևոր ծառայություն էին իրականացնում` որպես շարքային քահանաներ: Իմ այդ երեք հարազատներից ոչ մեկն Արցախը չէր ընկալում որպես Ադրբեջանի գավառ, ավելին` նրանցից ոչ մեկի գիտակցության մեջ չկար «Ադրբեջան» կարծրատիպը, իսկ ժամանակին իրենց շուրջն ապրող մահմեդականներին նրանք անվանում էին «թաթարներ», ինչպես որ դա ընդունված էր Ռուսական կայսրությունում: Արցախը հենց այդ կայսրության զավառն էր, ճիշտ այնպիսին, ինչպիսիք էին Երևանի կամ, ասենք, Ալեքսանդրապոլի մարզը` զարգացման մոտավորապես նույն մակարդակով: Բոլշեևիկների «Ադրբեջան» կոչվող նախագիծը բավականին կարճ պատմություն ունի, և մեր` հայերիս գենետիկ հիշողության մեջ չկա դրա ամբողջական ընկալումը: Սա ես գրում եմ ոչ թե հարևան ժողովրդին նսեմացնելու համար` հրաշալի մարդիկ, հղկված մտավորականներ ներկայիս Ադրբեջանում կան ոչ պակաս, բան Հայաստանում: Խոսքը մեր ժողովրդի, հատկապես արցախցիների հոգեբանական ընկալումների մասին է: Խորհրդային տարիներին Մերձբալթիկայի ժողովուրդները չէին ընդունում, որ իրենք Խորհրդային Միության մասն են. դա քաղաքական դիրքորոշում չէր` դա հոգեբանություն էր: Երբ խոսում էիր, օրինակ, էստոնացու հետ, նա ասում էր` ձե´ր կոմպոզիտորները, ֆուտբոլի ձե´ր հավաքականը` նկատի ունենալով խորհրդային երկիրը և խորհրդային մշակույթը: «Ազգայնականության դեմ» ուղղված Կենտկոմի ոչ մի որոշումով, ոչ մի «կագեբե»-ով, ոչ մի բռնաճնշումով հնարավոր չէր փոխել էստոնացիների այդ համոզմունքը, որովհետև դա, ըստ էության, ազգայնականություն չէր, դա ավելի շուտ կենսակերպ էր: Եվ երբ 1985 թվականից հետո ստեղծվեց հնարավորություն, այդ կենսակերպը ձեռք բերեց քաղաքական բովանդակություն:
Նույնը` Արցախը: Այնտեղ ապրող մարդկանց մտածելակերպի մեջ երբեք չկար և հիմա էլ չկա Ադրբեջանի մաս լինելու ընկալումը: Կոմունիստական ղեկավար թե գյուղացի, բանվոր թե ուսուցիչ` այդ մարդիկ հոգեբանորեն չէին ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը, և երբ անհրաժեշտություն առաջացավ դա ապացուցելու համար կռվել և արյուն թափել, նրանք առանց տատանվելու գնացին այդ քայլին: «Ադրբեջանի գավառ» հասկացությունը երբեք գոյություն չի ունեցել Արցախում ապրող մարդկանց պատկերացումներում, մանավանդ` այն մարդկանց, ովքեր ղեկավարել են այդ երկրամասի անկախության համար պայքարը:
Մեր սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանին ես ճանաչում եմ մոտ 30 տարի և վստահ եմ, որ տեղայնական կամ որևէ այլ շովինիզմից նա չափազանց հեռու է: Նա խոսում է մեր երկրի իրական արատների մասին, որոնք, սակայն, որևէ կապ չունեն այն հանգամանքի հետ, թե ինչպիսի ծագում ունեն այդ երկրի ղեկավարները:
Առավոտ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.